Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Հարություն Ալթմազովի... Լսո՞ւմ եք` Ալթմազով և ոչ թե Ալթմազյան... Նորա փոքր հասակեն` խոհեմ հայրը հավատացրել էր, որ այդ չնչին «յան» մասնիկը կարող էր շատ խոչ ու խութ դնել նորա առջև` կենցաղույս ալեկոծյալ ծովի մեջ և երբ միամիտ ժամանակ երեխան հորը առջև բերում էր թե` այդ մասամբ իվիք կնշանակե ուխտադրուժ լինել ազգային զգացմունքին, և հիշեցնում էր այն անհարմար «յան»-ները, որոնք փոքր առ փոքր, բայց անդադրում հայտնվում են այս և այն երիտասարդների մականվանց ետևներենխոհեմ հայրը ավելի համոզիչ օրինակ էր բերում մայրաքաղաքի քանի մի պաշտոնատարների «ով» լինելը, որ ամենևին արգելք չէ նոցա ժամանակ-ժամանակ արժանագին ազգասիրական երախտիքներ անելով ազգի մեջ պանծալի ազգասերների հռչակ վայելելու: Ես շարունակում եմ պատմությունս: Հարություն Ալթմազովը ծնել էր Երևանա գավառի անհամար գյուղերից մինի մեջ. նորա հայրը մուլքադար էր և ուներ մի ջաղացք և մի փոքրիկ այգի, որ ամենը միասին տալիս էին նորան տարեկան հազար մանեթի չափ արդյունք, որով նա շատ համեստ կերպով կենում է յուր բազմանդամ գերդաստանովն. բայց մի կոպեկ ավելի չուներ յուր սիրական Հարությունին օգնելու, որ յուր յոթը տարվա Թիֆլիզի գիմնազիայում սովորելու միջոցին մի բմբուլի ծանրություն չի տվեց ծնողքին: Առաջին տարին նա կենում էր մի հեռավոր ազգականի տանը, մյուս տարիները նա արդեն ճարել էր մասնավոր դասեր, որից ստացած փողովն ոչ միայն անդորր ապրում էր, այլև մի պառավ օտարուհու ամսական տասներկու մանեթ տալով` սովորում էր նրա մոտ ֆրանսերեն, գերմաներեն և երաժշտություն, որը շարունակեց մինչև գիմնազիայեն, դուրս գալը: Տասնինը տարեկան լավ սովորած գիմնազիստ, սիրուն, բարեկիրթո՞ր աշխարհքի մեջ կարող էր կորչել, որ Պետերբուրգի մեջ կորչեր, ուր երիտասարդների մեջ, երբեք այնքան շատ լավ պայմաններ չեն ամփոփվում, որքան որ ամփոփված էին Ալթմազովի մեջ: Ալթմազովը վաղուց արդեն սովորել էր առաջնակարգ աշակերտ համարվելու. շատ դժվար էր նորան այդ համոզմունքեն ու գիտակցութենեն հրաժարվելու` կուզեր նորա կեցած քաղաքը Թիֆլիզ լիներ, կուզեր Պետերբուրգ, կուզեր Լոնդոն: Անձնասպանությունը արդեն նորա մեջ խորունկ արմատներ ձգել էր:

Պետերբուրգ գալով, ինչպես շատերին և գրեթե միշտ պատահում է, նա չի շվարեցավ, չի մոլորվեցավ, ինքնիրան չի կորուց. նա յուր կենցաղի և ապագա գործունեության ծրագիրը արդեն վաղուց արել էր: Մայրաքաղաք հասած չի հասած, իսկույն հրամայեց կառապանին` տանել իրան Մեծ Մորսկոյ ասած փողոցը, ուր երևելի հյուրանոցներեն մինումը սենյակ վարձեց: Հետո բացեց պայուսակը, հանեց մեջեն պահածու հալավները, հագավ, ծոցը դրավ Թիֆլիզի գիմնազիայեն ստացած վկայաթուղթը և իսկույն գնաց համալսարան. դռնապանեն հարցուց մի քանի, իրան պետքական պրոֆեսորների անունները ու հասցեները և սկսավ այցելություն անելու. քանիսին տանը չի գտավ, — նոքա կա՛մ արտասահման էին գնացել, կամ ամառանոց տեղափոխվելմիայն մինին գտավ տանը, որ տեսնելով նրա շնորհալի դեմքը, չափազանց անձնապաստան խոսակցությունը, թղթի միջի վարժապետների գովասանական վկայությունը, եթե ոչ համակրություն, գոնե ակամա ակնածություն զգաց դեպի այդ ապագա գիտնականը: Ալթմազովը նորանից խնդրում էր յուր համար գտնել մի լավ ընտանիքի մեջ դասեր: Պրոֆեսորը կմկմալով «ստիպենդիայի»12 անուն տվեց, որով ուզում էր հասկացնել նորան, որ դրամական օգնությունը, որ տալիս է համալսարանը խեղճ ուսանողներին, մասամբ իրանից կախված է, եթե միայն նա, Ալթմազովը, աշխատասեր, հառաջադեմ և օրինապահ ուսանող լինի: Երբ որ ստիպենդիայի անուն լսեց` Ալթմազովի ցոլուն աչքերեն կայծ ու կրակներ թափվեցան: Ոտքեն մինչև գլուխ չափեց պրոֆեսորին. ստիպենդիա՞, օգնությո՞ւն, ողորմությո՞ւն, այն էլ որի՞ն, մի քաջառողջ հաղթանդամ երիտասարդի, որի հասակը քիչ-քիչ երեք գազ էր, որի երեսատիպարքը ասիական Ապոլոնին էր նման և որի գիտությունը մի փոքրիկ գավառական համալսարանի պրոֆեսորի կհավասարեր... Պրոֆեսորը տեսավ, որ մեծ անմարդավարություն արավ ստիպենդիայի անուն տալով այդպիսի երիտասարդի առջև, որ եթե ասեր թե` Ավղանի Յաղուբ խանի որդին եմ, ոչ ոք երկմտելու չէ՛ր, նորա դեմքի վրա այնքան խրոխտ հպարտություն ու անձնապաստանություն էր նկարված: Իսկ սիրունությո՞ւնը, աչքերի ցո՞լքը, քթի անտիկական կտրվա՞ծքը, ճակատի չքնաղ համաչափությո՞ւնը, ասես թե Ֆիդասի կարկինով նախագծած... Յուր ակամա սխալը ուղղելու համար պրոֆեսորը ամենաքաղաքավարի խոսքերով նստեցուց Ալթմազովին, երկար-բարակ խոսեցավ հետը, հարցուփորձ արավ Կովկասի և Հայաստանի վիճակի մասին, թեթև ու աննկատելի կերպով քերվեցավ նորա առտնին պարագաներեն և երբ որ Ալթմազովը առավ գդակը ու պատրաստվում էր երթալու, պրոֆեսորը ամենաքաղաքավարի խոսքերով միամտեցուց նորան, որ այսօր ևեթ մի երկու բարեկամների կհանդիպի և անպատճառ կաշխատե նորան բավարար պատասխան տալու: Պրոֆեսորը չմոռացավ հարցնել նորա հասցեն և ապա ճամփա դրավ, և երբ յուր առանձնասենյակը մտավ և ուշքը մի փոքր վրան եկավ, խեղճ մարդը ասաց իրան. «Այս ի՞նչ սատանա էր, խելքս չի հասնում. այդ ի՞նչ մարդ էր, որ ես տեսա, իշխանա՞զն էր, թե ավազակապետի որդի. այսքան հպարտություն, այսքան համարձակություն, այսքան արտաքին շնորհք...: Եվ այսպիսի որդիներ ունեցող ազգը հարյուրավոր տարիներն ի վեր ընկճված է կեղտոտ, աղքատ, տխմար, տգետ, անճոռնի թաթարներե ու քրդերեանհասկանալի՛ է: Չէ՛, հայ ազգի բնության մեջ մի տակավին չի լուծված առեղծանելիք կա»: Եվ երկար ժամանակ խեղճ պրոֆեսորի մտքեն չէր դուրս գալիս Ալթմազովի ցոլուն, խոշոր ու մի փոքր արյուն-կոխած աչքերի արած կախարդական ներգործությունը յուր վրա:

Ալթմազովը գնաց յուր հյուրանոցը: Ժամը ճաշի էր: Ծառան հարցուց նորան. «Որտե՞ղ կբարեհաճեիք ճաշ ուտելու. ձեր սենյակի՞ մեջ, թե հասարակաց ճաշարանումը: — Հասարակաց ճաշարանումը, — ասաց Ալթմազովն ու գնաց այնտեղ: Ճաշարանի մեջ մի երկար սեղանի առջև արդեն շատ մարդիկ նստած էինեկավոր բարձր աստիճանավորներ, զինվորականներ, օտար տերության գործակալներ և շատ ռուս և օտարազգի ազնիվ կնանիք: Երբ որ Ալթմազովը յուր սովորական ազատ բռնվածքով ու քայլվածքով գնաց և մի ազատ սպասքի առջև նստավ, ամենքը և մանավանդ կնանիք զարմացած` աչքերը նորա վրա դարձուցին և շատերեն մինչև անգամ ակամա հիացման բացագանչություն դուրս թռավ. Mais mon Dieu quelle beaute!: Աստված իմ, որպիսի՛ գեղեցկություն:

Ալթմազովը չի շփոթվեցավ, այդպիսի բացագանչությունների և ավելի խորունկ և համոզիչ արտահայտությունների նա արդեն վաղուց ընտելացած էր. նա թերևս կզարմանար, եթե մարդիկ և մանավանդ կանայք առանց ուշադրության թողնեին նորան, բայց ամենևին չի զարմացավ, երբ նորա արտաքին շնորհքին հարկավոր հարկը հատուցին: Թիֆլիզի ինստիտուտկաներն էին մեղավորը, որ նա այդքան երես առած էր:

Ճաշը վաղուց սկսվել էր և արդեն վերջանալու վրա էր: Մի տարեց խաթուն կին, որ սաստիկ ուզում էր նորա հետ խոսք բանալ, բայց չիմանալով ինչպե՛ս, ասաց նորան ֆրանսերեն. «Պարոն, եթե կներեք իմ, գուցե անտեղի, հետաքրքրությանը, ասացեք, խնդրեմ, սպանիացի չե՞ք արդյոք: — Ոչ տիկին... պատասխանեց Ալթմազովը նույն լեզվով: — «Ուրեմն իտալացի՞ եք», շարունակեց անծանոթ կինը: — Իտալացի ևս չեմ, ասաց Ալթմազովը: «Ես գիտեմ, ասաց մի չոր-չոր, նիհար, բայց ազնիվ դեմքով կին, — պարոնը Հնդկաստանից է. հնդիկ ռաջայի որդի» — Այդ ևս ոչ, ասաց հայ երիտասարդը: «Ես գիտեմ, ասաց գերմաներեն երրորդ կինը, որ ամենեն մատաղահասն էր. պարոնը հարավային Ֆրանսայեն է, թերևս Մարսիլիացի»: — Կսխալիք ամենքդ ալ, տիկիններ, ասաց Ալթմազովը ամուր և համարձակ. ես Կովկասիցն եմ, և մի փոքր կակազելով ավելցուց թույլ ձայնով. ես հայ եմ: — «Հա՞յ եք», ասացին երեք կնանիքը և իրար երես նայեցան: — «Ի՞նչ զարմանալու բան է որ, ասաց կամաց ձայնով անգլիացի կինը, բայց որը լսեց Ալթմազովը. կավկասյան ցեղ որ ասում են, այդ ես շատ նոր կարդացի թայմզ լրագրի մեջ, ոչ այլ ինչ է, եթե ոչ բուն հայերը, որոնց մտավոր զարգացումն, կատարելագործության ընդունակությունը և արտաքին գեղեցկությունը միշտ և հանապազ գոված է եղել ամեն ազգերի մեջ: Եվրոպացիք իզուր առգրում են այդ հատկություններն թեթևամիտ վրացիներուն, կիսաթուրք, կիսամոնղոլ չերքեզներուն, այդ սխալ է... Հայտնի բան է, մի քանի ազգերի նախանձն է, որ քաղաքական գիտմունքներե գրգռված, պարզապես մերժում են և չգիտցողս ձևանում են պատմական ճշմարտությունը: Փոքր Ասիայի ապագան, նույն և Ստամպոլին, այդ խոմ մեր լորդ Դերբին վաղուց ասել է, պատկանում է հայերին, եթե նոքա Թաղեսի երկու խոսքը հասկանային — «Ծանիր զքեզ»: Այդ թշվառ ազգի բոլոր անբախտությունը այն է, որ 1500 տարիեն ավելի է, որ ինքն իրան ճանաչել չի կարողանում: Հայերին ինքները իրանց չի ճանաչելը, իրանց արժեքը չիմանալը շատ ձեռնտու է Տաճկաստանին, և այդ ազգը, յուր սեփական շահերի համար, ամեն հնար գործ է դնում, ուրիշ դիպվածներումն խորամանկ, բայց այդ տեղում թեթևամիտ հայերին հավիտենական տգիտության ու կուրության մեջ պահելու. նախնյաց պատմությունը իմաստասիրելը, որ միշտ հետնորդների աչքը բացել է, ուշի-ուշով աշխատում են հայերից հեռացնել` իբր զուր ժամանակի կորուստ և անօգուտ աշխատանք. մինչ` հայերու բախտը, ամեն գիտություններեն առաջ, դորանից է կախված: Խե՛ղճ ազգ»:

Այս խոսքերը, հարևանցի ասած, մեծ օգուտ կուտային Ալթմազով երիտասարդին, եթե այն րոպե նա յուր անձով չափազանց զբաղված չլիներ: Այդ ու այդպիսի խոսքերը, նա «յան» մասնիկի հետ միասին վաղուց հանել էր մտքեն, ինչպես «կենցաղույս ծովի մեջեն դուրս ցցված խութքերը», որ կարող էին նորա նավին վնաս հասցնել, ինչպես որ օր ու գիշեր խրատել էր նորան զավակասեր ծնողը:

Ճաշեն հետ կնանիք և մի քանի օտարազգի երիտասարդներ գնացին մյուս սենյակը, ուր կար դաշնամուր, և սկսան` ո՛րը երգել, և ո՛րը նվագել: Ալթմազովն էլ գնաց խառնվեցավ նոցա մեջ: Ամեն տեղ նկատված է, որ զանազան կողմերե ժողովված օտարազգիներ` թե՛ նավի, թե՛ շոգեկառքի և թե՛ հյուրանոցի մեջ, առավել շուտ և սերտ կբարեկամանան, կմիավորվին, քան թե իրանց սեփական քաղաքումը, իրանց սեփական օճախի առջև, որն ամեն մարդ հաչաղկոտ աչքով պահպանում է օտարի ասպատակութենեն: Հյուրանոցի օճախն այն առանձին հատկությունը ունի, որ ամեն ազգի մարդոց բերում, միավորում է յուր հյուրընկալ շրջապատը:

Կուշտ և թեթև ճաշեն հետ ամենքը տրամադրված էին զվարճության. դաշնամուրի առջև առաջինը նստավ անգլիացի կինը և սկսավ Սկովտիայի սարերու ուրախ ու խաղացկուն արձագանքները հնչեցնել. հետո նստավ (դաշնամուրի առջև) գերմանացին ու սկսավ Ստռաուսի վալսերը ածելու, որ դարձյալ դեպի պար էր հրավիրում, բայց լսողին գրեթխենների հետ, լուսնյակ գիշերով, Թյութոնբուրգի այսերով ու վհուկներով լցված անտառումը: Հերթը հասավ ֆրանսիացի կնոջը, որը նվագեց Da ira-ն և Marseillaise-ը13, որն լսելիս մարդ կատաղում էր:

Անգլիացի կինը դարձավ Ալթմազովին ու հարցուց. «Պարոնը սիրո՞ւմ է արդյոք երաժշտություն» — Ոչ միայն սիրում եմ, այլ մի փոքր գիտեմ ևս, ասաց նա և համարձակ գնաց նստավ դաշնամուրի առջև: Այս համարձակությունը ծիծաղելի լրբություն կարող էր երևել հյուրերի աչքին, եթե հենց առաջին ակորդները առնելիս, նոքա չնկատեին, որ Ալթմազովը ոչ միայն սիրուն երիտասարդ է, այլև լավ երաժիշտ է, եթե ոչ նվագահանդեսներումն նվագելու համար, գեթ տնական ընկերության մեջ: Մի ահեղահնչյուն ներածությունից հետո, Ալթմազովը նվագեց պոպուրի Կովկասի սարերու մեջ երգված տաղերեն, որոնք թե՛ իրանց նորությամբ և թե՛ մեղեդիների ինքնուրույնությամբ, հյուրերի վրա եթե ո՛չ հրապուրիչ, գոնե չափազանց ցնցող, ապշեցնող ազդեցություն արին: Երիտասարդ հայի մատերի արագությունը, երաժշտության ինքնուրույնությունը, ունկնդիրների նյարդերի թուլությունը, նվագողի կրքոտ բնությունը միասին առած, այնպիսի տպավորություն արին կանանց վրա, որը կարող եմ միայն աստվածաշնչի օձի` մեր նախամոր ականջին փսփսած ձայնին համեմատել: Mais cest la perfection que ce jeune arménien là14ասաց ֆրանսիացի կինը, կրքոտ աչքերը Ալթմազովի վրա նետելով:

Das ist gefähreich15, — ասաց գերմանացի կինն ու աչքերը խոնարհեց:

Անպատճառ Բագրատունիի ցեղեն պիտի լինի սա, ասաց անգլիացի կինը. այսքան կատարելություն մի մարդու մեջ` ակներև նշան է նրա կամ լորդի, կամ արքայական ցեղե լինելուն:

Երբ որ հյուրերը կամաց-կամաց հեռացան, Ալթմազովն էլ գնաց յուր սենյակը և ուզում էր փոքր-ինչ հանգստանալ: Հանկարծ սեղանի վրա թատրոնի երկու հայտարարություն տեսավ` մինը ռուսաց կոմեդիայի ներկայացման էր, իսկ մյուսը բալետի: Իհարկե երիտասարդը, և այդ` երակների մեջ հարավային արյուն ունեցողը կգերադասե երկրորդը: Սիրուն վհուկների նման աղջիկներ, բեմի վրա ձևացուցած առասպելական աշխարհ, հանդիսատեսների ճոխ ու շքեղ հագուստն ու թանկագին զարդարանքը, ամեն տեղ գեղեցկություն և երիտասարդություն, արյունի խաղ երեսների վրա, կրքերի արտահայտություն աչքերի մեջ, հոգեկան արբեցումն, մարմնո գրգիռը, թմբրի րոպեական գիրկ, որից հետո սպասում է անողոք մահ ու, չգիտեմ ո՞ր իսկական երիտասարդի երևակայությունը չէր հրապուրիլ այսպիսի չքնաղ հեռանկարը. և ի՞նչ զարմանք, որ մեր համազգին նախադասեց արյուն եռացնող բալետը` կրքերը պաղեցնող խրատական կոմեդիային: Նա գնաց բալետ և նստավ բազկաթոռների երրորդ կարգը: Առաջին նվագ հանդիսատեսներեն ոչ ոք նրա վրա ուշք չդարձուց, բայց երբ որ վարագույրը բարձրացավ ու մայրաքաղաքի սիրական առաջնակարգ դերասանուհին գետնից մի կանգնաչափ թռչտելով` եկավ ու ոտքի մատերի ծայրերի վրա կանգնեցավ բեմի մեջտեղը և հազարավոր ձեռների ծափահարության ուզում էր իր շնորհակալությունը հայտնել գլխու քնքուշ խոնարհելովն ու ձեռների շնորհալի շարժելովը, — հանկարծ աչքը ընկավ Ալթմազովի վրա և քանի մի ակնթարթ անշարժ, ապշած մնաց: Այդ բանը բավական էր, որ հանդիսատեսները հասկանային նորա ապշության պատճառը. րոպե չանցած` շատերի բինոկլները ուղղվեցան Ալթմազովի վրա: Ալթմազովը իսկույն հասկացավ, որ այս րոպեիս երկու ճանապարհ է բացվում նորա առջև, կա՛մ մնալ թատրոնի մեջ և Պետերբուրգի առյուծների շարքը ընկնել, կա՛մ, փախչել ու իր առաջադրած նպատակեն չխոտորվել: Հորը խրատները նորա մեջ խոր արմատներ էին ձգել: Նա կամացուկ թողեց թատրոնը և հեռացավ: Բայց թե ի՞նչ խրատներ էր տվել նորա հայրը` ասել չեմ կարող, եթե ցանկանայի ևս. բայց կարդացողը պարզ կտեսնե այդ, երբ որ այս ճշգրիտ պատմությունը մտադրությամբ ծայրե ծայր կկարդա:

Պատվական ընթերցող, չմոռանաս որ այս ամեն բանը, որ ես քեզ պատմեցի, պատահեցան իմ հերոսի` մայրաքաղաք գալու առաջին օրը. և եթե, դու այդպիսի լիակատար ստորագրություն16 նորա ամեն մի քայլափոխին սպասում ես ինձանից նորա չորս տարվա կյանքի Պետերբուրգի մեջխիստ կսխալիս: Ես աշխատեցա այս օրվա անցքերով փոքր ի շատե քեզ ծանոթացնել Ալթմազովի ո՛չ միայն մինչև այժմ անցուցած տարիներու հետ, այլև այն բանին, թե այսուհետև մոտ ի մոտո ի՞նչ դերեր խաղալու ընդունակություն ունի նա: Կարողացա՞ արդյոք քեզ հասկացնել թե դա ինչ երիտասարդ է և կամ նորա մուլքադար հայրը ի՛նչ բնավորության տեր մարդ է եղել, կյանքի վրա ի՛նչ հայացք է ունեցել ինքը կամ ազդել է յուր որդուն: Ես քեզ սոցա հոգեբանական խնդիրներու լուծմունքը չեմ անիլ, ես իմ սեփական եզրակացությունները չեմ անիլ, ես քեզ զանազան կենցաղական խրատներ չեմ տալ և ազգաշահ խորհրդածություններ չեմ անիլ: Նախ որ կամենայի ևս, ես չէի կարող. երկրորդ, ես գիտեմ, ամեն մարդու ավելի հաճելի է իրեն ծամելը, քան թե ուրիշի ծամածը կուլ տալը. գիրքը, որ խրատում է, երբեք չի տալ այն օգուտը, որ կուտա այն գիրքը, որի վրա կարդացողը մի փոքր խելք պիտի մաշե: Ինձմե պատվելի կարդացողը շատ պահանջմունք թող չի ունենա, բավական է, որ արդարասեր պատմաբանի պարտքը բարեխղճությամբ կատարեմ. իսկ դու, կարդացող, իմ պատմածը քու խելքով հասկացի՛ր ու դատե:

Ալթմազովը որ տուն եկավ, հրամայեց մի թաս թեյ տալ իրան, որն ծառան իսկույն բերեց, և քանի որ նա խմում էր` գնաց նորա անկողինը հարդարեց և ապա հեռացավ: Նորա գնալեն հետ, Ալթմազովը պառկեցավ և քանի րոպեեն` խորունկ քնեցավ:

Պետերբուրգը հայաստանցի երիտասարդների փառասիրությունը երկու մարդու օրինակներով գրավում է. առաջին օրինակը տվեց Ղարախանովը. իսկ երկրորդը վրացի իշխան Վաչինաձեն: Ղարախանովը մի ղարաբաղցի տղա էր, շատ սիրում էր պառավ ու հարուստ այրիներուն Բոքաչիոյի հարյուր վեպքը պատմելու, որո փոխարեն ստանում էր նոցանից «ի հիշատակ խորին հարգանաց» ոչ միայն թանկագին մատանիներ, այլև մեծագումար բանկային տոմսակներ. բանի վերջը այն եղավ, որ խեղճ երիտասարդին «բարի գործելու համար» Սիբիր ուղարկեցին. իսկ Վաչինաձեն մի սիրուն վրացի էր, որ մեր Ալթմազովի նման, երբեմն բարի մտքով եկել էր Պետերբուրգ համալսարան մտնելու, որն չհաջողվեցավ նորան. վասնզի գիմնազիա եղած ժամանակը, երևի, սա ավելի հաճախ հայելիի էր նայել, քան թե յուր դասագրքերու վրա, և ավելի շատ` աղջիկներու գովասանքին էր ականջ դնում եղել, քան թե վարժապետի դասախոսություններին. մեկ խոսքով` նորա գիտությունը շատ տկար է եղել համալսարան մտնելու համար: Երբ «իմաստության տաճարի» դռները փակվել են աշխարհասեր վրացի երիտասարդի առջև, նա բարի է համարել զինվորական ասպարեզ թևակոխելու, որ տվել է նորան արտոնություն` սիրուն նշանազգեստներ հագնելու. և երբ մեր պատվելի իշխան Վաչինաձեն յուր սիրուն դեմքով և սիրուն նշանազգեստովն շրջում է եղել (դու աշտանակիլ հասկացի՛ր) մայրաքաղաքի փողոցների մեջ` հանկարծ մի հարուստ ռուս այրի աչքը ձգել է մասամբ նորա սև մազերի ու բեղերի և մասամբ նորա իշխանական տիտղոսի վրա, և մի պատվական օր մեր աղքատ վրացին հարուստ իշխան դարձավ:

Ցավ է ասելը, մեր Ալթմազովը, հոր խրատներեն համոզված, յուր առջև օրինակ ուներ միշտ այս վրացի իշխանին: Թեև ամենքը գիտեն, որ Վաչինաձեի վերջը շատ արտասվալի եղավ, բայց այդ բանը ոչ ոքի չի խրատեց, մանավանդ հայերուն, և Ալթմազովի հայրը կարծում էր, որ այդ վատ հետևանքին նրա որդին երբեք չի հանդիպիլ. հայը ի բնե վրացիի պես, շռայլ, թեթևամիտ չլինելով, երբեք չի վատնիլ յուր ձեռքի հարստությունը. իսկ հարստությունըայդ բանի մեջ ամեն հայ համոզված է, աշխարհիս երեսին ամին բարիքե վեր է, հարստություն, որ թեկուզ ձեռք բերած լինի մոլության և ոճրի գնով:

Ինչ և իցե: Ալթմազովը եկել էր Պետերբուրգ ոչ միայն գիտություն և ուսումնական աստիճան ստանալու այլև մի ահագին օժիտով աղջկա հետ պսակվելու: Այս խորհուրդը նորան ներշնչած էր գրեթե օրորոցի մեջեն: Գիմնազիայում սովորելը և լավ սովորելը, Պետերբուրգ գալը` ուսումն շարունակելու համար, խոհեմությամբ իր բարոյականությունը անբիծ պահելը ոչ թե կյանքի նպատակ, այլ միջոց էր նորա աչքումհարուստ (բայց շատ հարուստ) աղջկա վրա պսակվելու համար:

Որքա՛ն հերոսական միջոցներ` մի չնչին` մանր, եսամոլ նպատակի համար:

Ա՛խ, հայ, դու միշտ այդպես եղել ես, ե՛ս և պիտի, գուցե, երկար ժամանակ լինես: Ինչո՞ւ զարմանում ես, որ ազգերու առջև արհամարհված ես. ինչո՞ւ ուրեմն սիրտդ ցավում է, երբ օրինավոր ազգերու ընկերությունեն, ճիվեդ բռնած, քեզ միշտ դուրս են հանում:

Երբ որ Ալթմազովը մյուս օրը զարթեցավ, ծառան մի տոմսակ բերեց տվեց նրա ձեռքը: Տոմսակի մեջ մոտ ի մոտո այսպես էր գրած.

«Պարոն Ալթմազով,

Համաձայն Ձեր ցանկությանը, ես երեկ իսկույն, Ձեր հեռանալեն հետ, շրջեցի իմ ծանոթներին. նոցանից մինըորովհետև ես շատ գովասանական բաներ էի ասել Ձեր մասինհոժարեցավ Ձեզ տնական վարժապետի պաշտոն տալու: Լավ և նշանավոր մարդ է իշխան Կաբիլքինը: Հուսամ որ նորա ընտանիքի մեջ Ձեզ լավ կլինի: Երեխայքը, որքան ես ճանաչել եմ, համեստ և ընդունակ են, իսկ նոցա ծնողքը հարուստ, և որ գլխավորն է, լուսավորյալ մարդիկ են. ուրեմն Ձեր աշխատանքը չի կորչիլ և դուք, թերևս, նորա տան մեջ Ձեր նպատակին կհասնիք: Հասցեն Անգլիական գետափի վրա, սեփական տան մեջ: Շտապեցեք:

Մնամ Ձեզ բարիք կամեցող X. Z.»:

Յուր նպատակին այսպես շուտ հասնելը այս անգամ էլ չզարմացուց Ալթմազովին, որին բախտը գրեթե օրորոցեն այնքան երես էր տվել, որ նա տակավին չգիտեր ի՛նչ ասել է ձախորդությունը: Կաբիլքինի հոժարությունը նա վերաբերեց իր հատկությանը և ո՛չ ազնիվ պրոֆեսորի բարեխոսության. մտքի մեջեն անգամ շնորհակալ չեղավ այդ բարի մարդուն: Քանի-քանի ուսանողներ ամիսներ և տարիներ սպասել են և չեն հասել չնչին վարձատրության` բոլոր իրանց պատրաստությունով հոգով չափ աշխատելու, միայն թե մի փոքր ապահոված լիներ նոցա օրական ապրուստը և տաք բնակարանը: Բայց ի պատիվ Ալթմազովի, այն էլ պետք է ասել, որ նա ոչ միայն յուր չքնաղ արտաքինով, այլև յուր գիտությամբ շատ ու շատ գերազանց էր թե՛ համազգի և թե՛ օտարազգի ուսանողներեն: Չորս տարվա ընթացքումն, որ Պետերբուրգ անցուց, Ալթմազովը չուներ յուր ախոյանը ուսանողների մեջ. այն չեմ ասում, որ մայրաքաղաքումը արտաքինը ոչ միայն մեծ նշանակություն ունի, այլև միակ հատկություն է հաջողություն ունենալու համար:

Ծերունի Ալթմազովի իր որդուն տված խրատներեն մինն էլ այս էր, որ ծախսի առջև երբեք կանգ չառնու. իր սեփական պետքի համար երբեք փող չի խնայե. «շատ մսխողը, ասում էր նա, շատ դատել (վաստակել) կիմանա. միայն հեք բնությունով մարդիկն են, որ փող դատելը և գումար շինելը խնայողության և իրանց մանր-մունր բաների մեջ զրկելումն են տեսնում»: Հյուրանոցի դռնեն դուրս գալով, մի սիրուն ձիով կառապան տեսավ ու մատով արավ: — «Ո՞ւր կհրամայեք», ասաց կառապանը: — Անգլիական գետափը, ասաց Ալթմազովը: «Եթե մեկ մանեթ չեք խնայիլ, թռչունի նման կտանեմ, — ասաց սիրուն և լպստած երեսով կառապանը: Ալթմազովը ոչինչ չպատասխանեց ու նստավ կառքը. և իրավ որ դարդիմանդ կառապանը սանձերը մի թեթև թափ տվեց, ձին թռչունի նման սլացավ ու թռցրեց մեր գեղեցիկ պատանիին:

Առավոտվա ժամը 9-ն էր, որ Ալթմազովը մոտեցավ Կաբիլքինի տանը և քաշեց դռան զանգակը: Քանի որ դռնապանը դուռը կբանար, նա քսակեն հանեց մի մանեթանոցը և ձգեց կառապանի առջև: «Կհրամայե՞ք որ ձեր պայծառափայլության սպասեմ», — ասաց կառապանը գդակը հանելով: — Կուզես` սպասե, ասաց Ալթմազովը, — ես կարելի է շուտ դուրս կուգամ, բայց կարելի է կես ժամի չափ մնամ ևս: «Ոչինչ, ես ձեզ կսպասեմ», ասաց կառապանը: Ալթմազովը չպատասխանեց նորան ու ներս մտավ, վասնզի դռնապանը արդեն բացել էր դուռը: — Իշխանը տա՞նն է, հարցուց Ալթմազովը: Գոռոզ դռնապանը, փոխանակ նորա հարցմունքին ճիշտ պատասխան տալու — «Ձեր մասին ինչպե՞ս հայտնեմ նորին պայծառափայլության», ասաց: — Նա ինձ սպասում է, ասաց ոչ պակաս գոռոզությամբ, վրայի պալտոն դռնապանի ձեռքը ձգելով. հետո քաշեց հանեց աջ ձեռքից ձեռնոցը, գդակը ձախ ձեռքը առավ ու աջով շքեղ գանգուրները շփելով, սկսավ մարմարյա սանդուղքների վրա բարձրանալու, որի ամեն մի աստիճանը զարդարած էր հախճապակյա թաղարների մեջ տնկած հազվագյուտ ծառերով ու ծաղիկներով: Դռնապանը բերանը բացած, զարմանալով երիտասարդի ետևեն էր նայում: «Երևի օտար տերության գործակալ է կամ դեսպանության քարտուղար է», ասաց մտքի մեջ: Նախասենյակումը հանդիպեցավ մի ուրիշ սպասավոր, որ նույն հարցմունքը արավ, ինչ որ դռնապանն էլ արել էր: «Ալթմազով Կովկասեն», կարճ կտրեց մեր երիտասարդը և խոժոռ նայեցավ նորա աչքին: Սպասավորը գնաց և շուտ վերադարձավ, ասելով` «համեցեք», և նորա առջև բացեց առանձնասենյակի դուռը:

Իշխան Կաբիլքինը քառասունհինգ տարեկան բարձր աստիճանավորի դեմքով մարդ էր. թեև վրայի քնազգեստը մի փոքր հնացած էր և կերպասի գույնը թռած, բայց սենյակի առաստաղեն կախված ջահը, խորշերումը պատվանդաններու վրա դրած մարմարիոնյա արձանները, սեղանի վրա շարած raticles de Paris17 ասած հազար տեսակ ոսկիե, փղոսկրե, կրիայի խեցիե շինած թանկագին մանր-մունր իրեղենքը, զուտ սաթե կես կանգնաչափ մունդշթունքները ակներև ապացույց էին նորա հարստության. էլ չհիշեմ թանկագին գորգերը, որ փռված էին գետնի վրա, ուր մարդուս ոտքը, ինչպես բարձր արոտի մեջ, խրվում էր, էլ չասեմ արբանոս փայտե շինած և ոսկի թիթեղով պատած աթոռները: Երբ Ալթմազովը ներս մտավ` նույն լակոնական ոճովն ասաց. «Ալթմազով Կովկասեն»:

Այո՛, այո՛, — ասաց իշխանը, տեղեն բարձրանալով. — ինձ պարոն պրոֆեսորը շատ լավ բաներ ասաց ձեր մասին. շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ. համեցեք նստեցեք, — ասաց և ցույց տվեց մի փոքր հեռվումը կեցած մենավոր աթոռ կարմիր փայտե:

Ալթմազովի համար այդ րոպեն կտրողական էր. նա կայծակի արագությամբ հասկացավ, որ իշխանը երկու տեսակ այցելուների հետ գործ ունի սովորաբար. մինը խնդրողք և մյուսը հավասարը: Այդ ցույց տված մենավոր կարմիր փայտե աթոռը անշուշտ նշանակած էր խնդրողների համար, որոնց կարելի էր «մի փոքր չի պատվել». իսկ հավասարների համար` ի՞նչ ասել կուզե, նշանակած էին թանկագին ոսկեզօծ աթոռները: Ալթմազովը մեծքիթ տղա էր, մի փոքր էլ լիրբ. նա գդակը կարմիր աթոռի վրա դրավ, իսկ ինքը իշխանազնի համարձակությամբ, բայց բարեկիրթ երիտասարդի համեստությամբ նստավ նորա առջևի ոսկենկար և դիպակով ծածկած բազկաթոռի վրա: Իշխանի երեսին մի զարմանքի և տհաճության զգացմունք նկարվեցավ, բայց և շուտ անցավ: Կաբիլքինը ոչ նոր, այլ օխտը պորտով արիստոկրատ էր, արտաքին և մանր-մունր բաներու մեջ մեծահոգի ձևանալը (որով շատ խաբվում են հասարակ մահկանացուները) մեր, այսինքն Ռուսաստանի մեծատուներու տարիներով սերտած աշխարհածանոթությունն է: Բավական երկար տևեց նոցա մեջ լռությունը:

Ինչո՞վ կարող եմ ձեզ օգտավետ լինել, — ասաց վերջապես իշխանը, որ կամենում էր այդ ձանձրալի լռությանը վերջ տալ, մանավանդ որ Ալթմազովը յուր կրակոտ, անվախ աչքերը ուղիղ ցցել էր նորա մի փոքր կարճատես աչքերին:

Մի՞թե պրոֆեսորը խոսած չէ իմ մասին, — ասաց Ալթմազովը:

Դուք արդեն ուսանո՞ղ եք:

Կարծեմ այո՛, վասնզի իմ վկայագիրը տալիս է ինձ իրավունք` առանց քննության մտնելու համալսարան, — պատասխանեց Ալթմազովը լավ ռուսերեն առոգանությամբ:

Այո՛, այո՛, այդ ինձ ասել էր պրոֆեսորը, — ասաց իշխանը, որ ավելի և ավելի կորցնում էր յուր կախարդանքը մի «խեղճ խնդրողի» վրա:

Դարձյալ լռություն: Ալթմազովը յուր խոշոր աչքերը հարցական իմաստով տնկել էր իշխանի վրա: Այդ րոպեին դուռը բացվեցավ և թագուհու քայլվածքով ներս մտավ հիանալի գեղեցկությամբ` Բայլզակի գոված տարիքով մի կին:

Իշխանը ոգի առավ. նա նման էր Սոլֆերինոյի ճակատամարտի մեջ պատերազմող Նապոլեոնին, որին ասացին թե` ահա Մակ-Մահոնը գալիս է քեզ օգնության:

Իշխանուհին ներս մտավ. շնորհալի շարժվածքով ձեռքը պարզեց մարդուն, ունքով պատասխանեց Ալթմազովի ողջունին և նստավ իշխանի մոտ: Ալթմազովը ուզեց յուր աչքերի կախարդությունը իշխանուհու վրա ևս փորձել, բայց իշխանուհին շուտ հասկացավ մեր երիտասարդի «ֆոկուս-փոկուսները» և այնպիսի քիթ ու պռունկ արավ, որ պ. Ալթմազովը յուր ամենահաղթ զենքը խոնարհեցուց:

Իշխանուհին փորձառու և կանոնավոր դաստիարակություն ստացած կնիկ էր. նա վաղուց լսել էր մանր ու կեղտոտ հաղթությունների մասին, որ կովկասցի երիտասարդները, ի վնաս իրանց առողջությանը և գեղեցկությանը, կատարում են պարզամիտ ռուս աղջիկների, այրիների և պառավների վրա. նա այդպիսի գարշելի անբարոյականության համար ի բոլոր սրտե ատել էր Կովկասը և նորա բնիկներուն: Երբ որ իշխանը տեսավ, որ նորից լռություն տիրապետեց, խոսքը կենդանացնելու համար, ասաց Ալթմազովին. — «Կարո՞ղ եմ հարցնել ինչ ազգից եք դուք»:

Իշխանուհին ժամանակ չտվեց Ալթմազովին պատասխանելու և իսկույն դարձավ մարդուն և ասաց.

Mais, mou Dieu, que vous ètes naif certainement que monsieur est arménien18.

Ալթմազովը միայն գլխով արավ, որ նշանակում էր, թե իշխանուհին իրավացի է` բայց և հասկացավ իսկույն, որ նա վերջապես գտավ յուր ախոյանը: Ալթմազովը, որ գրեթե ծնած օրեն տեսած չէր մարդոց երեսի վրա բացի սերեն և հարգանքեն ուրիշ զգացմունք և այժմ նկատելով իշխանուհու աչքերի և ձայնի մեջ անհրաժեշտ ատելություն դեպի իրանչի վհատեցավ. ինքն իրան երդում արավ մինչև վերջը պատերազմել, եթե հնարը գտնե` հաղթել, ապա թե ոչ` հաղթվել՝ ծունր իջնել նորա առջև, ոտերը համբուրել, նորա ստրուկը դառնալ, բայց... չի հեռանալ: Ինչո՞ւ: Ով գիտե, գնա իրան հարցուր: Շա՛ն զգացմունք, — լիզել զարնող ձեռքը:

Հա՛յեր, Ալթմազովի այս բնավորութենեն ամենիս մեջ փոքր փոքր չիկա՞ արդյոք:

Իշխանուհին դուրս գնաց և իսկույն ասաց աղջկան. — «Հորդ սենյակումը մի այնպիսի գեղեցիկ երիտասարդ կա, որի նմանը ոչ իրական կյանքի, ոչ երևակայության մեջ և ոչ պատկերի վրա տեսել ես, կամ պիտի տեսնես. Բելվեդերի Ապոլլոնը դորա առջև ոչինչ է. բայց ափսոս որ հայ է. հայ է ոչ միայն ծնունդով, այլև բնավորությունով: Մի՛ վախենար, դու չես սիրահարվիլ, վասն զի դու ռուսի столбовая ազնվուհի ես, իսկ նաառմիաշքա է»:

Աղջիկը այնպես պինդ ծիծաղեցավ, որ ձայնը մինչև Ալթմազովին հասավ: Նա թեև մոր ու աղջկա իրար հետ ունեցած խոսակցությունը չլսեց, բայց այդ ծիծաղի ձևեն հասկացավ, որ այս այն տունը չէ, ուր նա մտադիր էր յուր հոր խորհուրդները էացնելու: Բայց անձնապաստանությունը, համառությունը և յուր խորամանկության ամենակարողությունը նորա մեջ խոր արմատներ էին ձգել:

Քանի ժամանակից հետ աղջիկն էլ ներս մտավ, նա էլ տեսավ, որ Ալթմազովը երևելի սիրուն երիտասարդ էր. նորա խոսակցությունեն նկատեց, որ յուր տարիքի համար չափազանց մեծ գիտություն և փորձառություն ունի. քանի՛-քանի՛ անգամ նորա աչքերին չի դիմանալով` յուրերը խոնարհեց և երբ որ հեռացավ` սրտեն խորունկ ա՛խ հանելով, ասաց. — «Մեղք որ հայ է». բայց մի փոքր հետո ավելացուց. — «Ա՛խ, ինչո՞ւ մայրս ատում է Կովկասցիներուն. այդ ի՞նչ նախապաշարմունք է. մի՞թե ամենքն էլ Ղարախանովներ ու Վաչինաձեներ են. խեղճ երիտասարդը դեռևս տասնինը տարեկան է, դեռևս երեխա է, ազնիվ պրոֆեսորներուն դասախոսությունները, ազնիվ մարդոց բարեկամությունը, ազնիվ երիտասարդների կենակցությունը և... ազնիվ օրիորդների ընկերությունը մի՞թե չեն կարող բնավորության մի քանի անհարթությունները ուղղելու... բայց այդպիսի ցոլուն, խոշոր աչքեր, այդպիսի գեղեցիկ, անտիկական երեսի տիպարք... չէ՛, չէ՛ մայրս սաստիկ սխալվում է, մորս աչքը վախեցած է»...

Իշխան Կաբիլքինը ոչինչ պատճառ չուներ Ալթմազովի առաջարկությունը մերժելու, մանավանդ որ նորա մոտիկ բարեկամ, մաթեմատիկայի պրոֆեսորը մեծ գովասանքով խոսել էր նորա հաջող գիտության մասին, գրեթե ամեն գիմնազիական առարկաների մեջ. հայտնել էր նորան և այն կարծիքը, որ նա ոչ այնքան փողի համար է պաշտոն փնտրում, որքան մի ազնիվ գերդաստանի մեջ բնակվելու. վասնզի ինքն էլ, թեև չքավոր է, բայց ազնիվ սերնդե է, և չէ ուզում, շատ ուրիշ յուր համազգիներու նման, ընտանիքե դուրս բնակվելով, նույնիսկ մայրաքաղաքի մեջ անցնել կիսավայրենի կյանք` հեռու ընտանեկան անմեղ վայելչություններե, հեռու քաղաքային և ընտանեկան կյանքե, որից միշտ զուրկ են վարձած սենյակներումը բնակվող երիտասարդները:

Следующая страница