Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Իշխան Կաբիլքինը նշանակեց նորան յուր տան մեջ մի զարդարուն սենյակ, ճաշ, թեյ, սուրճ, նախաճաշիկ, լվացք, ծառա և ամսական հարյուր մանեթ ռոճիկ: Մեկ ուրիշ ուսանողի այսպիսի պայմանը երջանկություն կերևեր, բայց Ալթմազովը բավականին քիթը կախած վերադարձավ յուր հյուրանոցը, որ յուր պայուսակը ու մյուս բաները բերե. իշխանուհիի լուռ պատերազմը նորա սիրտը «որոտ» ձգեց: Կառապանը անհամբերությամբ սպասում էր նորան, որ այս անգամն ևս ստացավ նորանեն մի ուրիշ մանեթանոց: Հյուրանոցումը նախաճաշիկը նորից ժողովեց երեկվա հյուրերուն. այս անգամ Ալթմազովին երեք օտարուհիները և նոցա հետ ուրիշները` ինչպես հին բարեկամի բարևեցին. դարձյալ միասին կերան ու խմեցին, դարձյալ հետ սեղանին, գնացին մյուս սենյակ երգելու և նվագելու, դարձյալ Ալթմազովը յուր շարադրած ասիական մեղեդիներեն մինը նվագեց նոցա առջև, նորից ծափահարեցին նորան, նորից իրանց մեջ փսփսալով, բայց նորա ականջին հասցնելով, գովեցին նորա երաժշտական քանքարը, դեմքի ու իրանքի գեղեցկությունը, բարեկրթությունը, բայց, ավա՛ղ, նորա տրտմությունը փարատել չի կարողացան: Իշխանուհին նորա անձնասիրությանը անբուժելի խոց էր հասուցել: Երկու ձայն նորա մեջ բարձրաբարբառ խոսում էին. «Փոխե՛ նպատակդ, թո՛ւք գոռոզ իշխանուհու վրա, ազնի՛վ եղիր, ուղիղ ճամփով առաջ գնա», իսկ մյուսը ասում էր. «Հիշե՛ հորդ խրատները, խորամանկ եղիր, ինչ հնարով կուզե լինի` հասիր նպատակիդփողի, փողի և փողի»:

Նույն օրը մնաս բարև ասաց նա յուր նոր բարեկամներին, հավաքեց յուր իրերը և գնաց տեղավորվեցավ իշխան Կաբիլքինի տանը: Նորա պատուհանները դարձած էին Նևայի վրա. համալսարանը գրեթե դեմուդեմն էր:

Իշխանը ընդամենը երկու զավակ ուներ, մի որդի` ինը տարեկան, որին Պաժերի վարժարանի համար պետք էր պատրաստել, և մի դուստր, տասնվեց տարեկան, որին արդեն մի փոքր ճանաչում ենք. որդու անունն էր Միշա, իսկ աղջկանը Եվդոքիա:

Ալթմազովի պարապմունքի համար ես շատ բան չեմ ասիլ: Ինչպես որ պատմությանս սկզբանը հիշել էի, նա արդեն տասնմեկ տարեկան հասակեն սկսել էր զանազան հասակի և բնավորության աշակերտների հետ պարապելու, գրեթե ամեն գիմնազիական առարկաներեն, ուրեմն մանկավարժության մեջ նա շատ հմուտ և փորձառու էր: Նորա գիտության համար խոսելն ես ավելորդ է, վասնզի նա, յուր աշակերտության միջոցին, ո՛չ մի վարժապետի խոսք, ո՛չ մի դասագրքի տող առանց ուշադրության, առանց քաջ սերտելու թողուցած չէր: Երբ որ փորձի համար առաջին դասին ներկա էին իշխանը և իշխանուհին, նոքա մի ժամի մեջ համոզվեցան, որ Ալթմազովը նոցա զավակներին, եթե նոքա բոլորովին ծույլ, բթամիտ և ուսումնատյաց լինեին, անպատճառ մի բարի վերջի կհասցներ: Ալթմազովը խոսում էր ամենահասկանալի լեզվով. քերականական կանոնները, մաթեմատիկական դիլեմաները այնպես պարզ առաջներն էր դնում, որ աշակերտը գրեթե առանց վարժապետի օգնության հասկանում էր: Վաղվա դասերը այսօր լավ բացատրում էր աշակերտներին, որ մինչև անգամ նոքա կարիք չունեին դասագրքեն մյուս անգամ սովորելու կամ ինքներն իրանց ստուգելու: Առաջվանից ասենք. Ալթմազովը գրեթե չորս տարի մնաց նոցա մոտ: Միշելը քսանվեց քննվող աշակերտների մեջեն առաջինը հանդիսացավ և մտավ վարժարան և մնացած երեք տարին ետև ետևի փոխում էր դասարանները (Ալթմազովը միշտ վարժատուն էր գնում և դասերը քաղվածք անել էր տալիս): Իսկ Եվդոքիան հետևյալ տարին փառավոր քննություն տվեց համալսարանումը, և մնացած ժամանակը կատարելագործվում էր մաթեմատիկայի և ընդհանուր պատմության մեջ:

Ալթմազովը յուր վարժապետական պաշտոնը ամենափառավոր կերպով կատարեց իշխան Կաբիլքինի տանը, որ քանի քանի անգամ պատրաստ էր նորա ռոճիկը կրկնապատկելու, եթե երիտասարդը հոժարեր: Բայց նա բացե ի բաց հեռացնում էր իրմեն այդպիսի վարձատրություն. նորա փառասիրությունը ավելի լայն հորիզոն ուներ, քան թե որքան կարելի էր սպասել մի խեղճ վարժապետե:

* * *

Այժմ ես ուզում եմ մի քանի միջավեպեր պատմել նորա կյանքից, որ անցավ նորա չորս տարվա ուսանողության ժամանակ:

Եթե Ալթմազովը հյուրանոցումը հանդիպած անգլիացի կնոջ խոսքերի վրա լավ ուշադրություն դարձրած լիներ, գուցե հոր տված խրատներն և յուր աշխարհայեցողությամբ շինած կյանքի ծրագրեն կհրաժարվեր ոչ միայն ինչպես մի խելացնոր և երազական, այլև ինչպես վնասակար և ապարդյուն գաղափարե: Նա կհասկանար, որ հայերուն` նոցա որևէ նպատակին չհասցնելու համար, հազարավոր արգելքներ դրված են ամեն կողմանե. նոցա անունը նախապաշարմունքով շրջապատված է, նոցա քանքարը և գործունեությունը չարակամությունով, նախանձով, ինչպես էրեն ցանցով` փաթաթված է. փառքի և պատվի դռները նոցա առջև փակած են և դեպի այն տանող ճանապարհը փուշ ու տատասկով լցված է. հայի առջև երեք ազատ ճանապարհ բաց են` մինը դեպի մոլորություն, մյուսը դեպի ոչնչություն և երրորդը դեպի կորուստ: Նա, խեղճը, չգիտեր, որ հային մինչև անգամ հրամայված չէ յուր աստվածատուր խելքը ի գործ դնելու. նորան միայն թույլ տված է խելքի տեղ խորամանկություն գործածելու. խորամանկություն, որ ատելի, անգոսնելի և բարեմիտ մարդոցմե հալածած ստրկի հատկություն է: Նա չգիտեր, խեղճը, որ իշխանները դափնիներով զարդարել են բանաստեղծներին, որոնք իրանց քնարը լարել են դեպի հայը` ատելություն, նախանձ, չարակամություն և ծիծաղ շարժող զգացմունքով: Այս ամեն արգելքին նա պիտի հանդիպեր այն ժամանակ, երբ նորա զգացմունքը լինեին ազնիվ, սուրբ, նվիրական գոնե այն ժամանակ նա սուրբ զոհ կլիներ յուր սուրբ գաղափարին և զգացմունքին: Բայց, ավաղ, Ալթմազովի ո՛չ նպատակն էր սուրբ, ո՛չ գաղափարը և ո՛չ զգացմունքը: Ինչպե՞ս կարելի էր, որ նա և՛ յուր կյանքի հետ ունեցած պատերազմի հաղթանակը առներ, և՛ աշխարհի առջև պարզերես մնար: Նայենք այսքան հազվագյուտ հատկություններու տեր Ալթմազովին կհավանի՞ իմ ընթերցողը. նայենք, նա իր անկման միջոցին մի հատիկ կարեկից սիրտ կգտնե՞:

Հուլիս ամիսն էր: Այն ամառ իշխան Կաբիլքինի սեփական դաստակերտը նորոգվում էր Պավլովսկումը, և այդ պատճառով նորա գերդաստանը ուշ տեղափոխվեցավ ամառանոց: Ալթմազովի հռչակը այն թատրոնի երեկոյեն արդեն քաղաքի մեջ տարածվել էր. ամենքն ուզում էին նորա հետ ծանոթանալ, բայց այդ բախտը շատ քչերին էր հաջողում. պատճառը այդ է, որ նա մեծագույն մասը օրվան կա՛մ զբաղված էր իր աշակերտներին սովորեցնելով, կամ Կաբիլքինի հյուրերի հետ խոսելով, որոնք Ալթմազովի պաշտոն մտնելեն հետ` սկսել էին սովորականեն ավելի ստեպ այցելության գալու և մանավանդ կանանց սեռը` «հայ Ապոլոնին» տեսնելու համար իշխանի տունը ուխտատեղի էին դարձրել. ամենքը ուզում էին նորան տեսնել, հետը խոսել, ծանոթանալ, նորա կարծիքը և նվագը լսել. կարճ` սիրել նորան և սիրվել նորամեն: Խեղճե՛րը, նոքա չգիտեին, որ Ալթմազովը իր մանկական հասակեն սկսած արդեն խրատված էր հորեն` «ճարել մի անվանի և շատ հարուստ տանե աղջիկ, պսակվել հետը, և պսակի միջոցով արիստոկրատի անուն չաղացնել»: Կարո՞ղ էր խեղճ երիտասարդը հոր բաղձանքը և իր սեփական ուխտը փոխել` ներկայումս քանի մի րոպեի մարմնավոր վայելչության և ապագայում հավիտենական ստրջանքի համար: Խե՛ղճ կնանիք. ձեր անկեղծ զգացմունքը, ձեր սրտի գորովանքը պիտի ընդհարվին այդպիսի սառն հաշիվների և դուք պիտի զարմանաք, թե ինչպես է կարելի, որ այդպիսի գեղեցիկ մարմնու մեջ այդպիսի կոշտ հոգի լինի դրած: Բայց և շատ խիստ մի՛ լինիք ձեր դատմունքի մեջ: Ալթմազովը իր ծնած տեղի և նորա պարագայի արտադրությունն է: Հայաստանը այն պայմանի մեջ, ուր որ է` ուրիշ տեսակ զավակներ չէ՛ կարող ծնանիլ: Փոխեցեք կաղապարը, կփոխվին և նորա տակեն դուրս եկած կերպարանքները: Ո՞վ է մեղավորը:

Ալթմազովը հենց որ իշխան Կաբիլքինի տունը մտավ, իսկույն գրպանեն հանեց երկու հատ տասը մանեթանոց, մինը տվեց դռնապանին և մյուսը սպասավորին և չսպասեց, որ նոքա խոնարհաբար շնորհակալություն ասեին. թողեց և հեռացավ նոցանեն. մի օր էլ, երբ Եվդոքիայի նաժիշտը արծաթե ափսեի վրա նամակ բերեց նորան` երրորդ տասը մանեթանոցն էլ նորան ընծայեց: Այս ամեն կյանքի մանր-մունր ֆոկուսները հայրը նորան սովորեցուցել էր` իբր տասնևիններորդ դարուս կենցաղագիտության ամենահարկավոր գաղտնիքը: Երբ այս և այսպիսի լուրերը իշխանուհու ականջն էին հասնում, նա սրտեն խոր հոգոց անելով, ասում էր` «տեր. աստված, տեր աստված, այսքան մատաղահաս և այսքան ապականված»: Եվ խստիվ հրամայում էր ծառաներին` զգուշանալ խորամանկ հայեն: Խեղճ երիտասարդը, որ կարծում էր իր ապագա շենքի հիմքը ամուր դրած, չգիտեր, որ եկած օրեն արդեն այն քանդվել էր:

Իշխան Կաբիլքինի ընտանիքը երկու ամիս ամառանոցումը մնաց, և այդ երկու ամիսը Ալթմազովի համար «Հազար ու մի գիշերի» արկածքներ էին: Նա շրջապատված էր չքնաղագեղ կնանիքներու և աղջիկներու սիրով, հարգությունով, պատվով, հրավերքով: Օր չէր անցնում, որ նա հրավիրված չլիներ կամ մի կոմսուհու, կամ մի իշխանուհու, կամ մի մեծատան կնոջ տուն հացկերևույթի, երեկույթի, նվագահանդեսի, հեռավոր մի անտառ կամ ամրոց, կամ ծաղկոց` ճեմելու, կամ ձիով զբոսնելու. օր չէր անցնում, որ նորան մի բուրած նամակ չի գար, կամ թե կաթոգին ձեռաց սեղմումն չի պատահեր, կամ քնքուշ հայացք չընծայվեր:

Իշխանուհին տեսնում էր այդ ամենը և ամեն հնար գործ էր դնում, որ Եվդոքիան թույլ չտա իրեն այդ կրքերի հեղեղատին մատնվելու. բայց ի՛նչ կանես. կարելի՞ է հրամայել կրակի մոտ կեցած վառոդին, որ չի բռնկի. կամ ասել սառույցին` կեցիր արեգակի տակ և մի՛ հալչիր: Դեռևս դաստակերտեն քաղաք չեկած` Եվդոքիան պինդ սիրահարվեցավ Ալթմազովի վրա, և նույն շաբաթ Երևան գրվեցավ այսպիսի բովանդակությամբ նամակ: «Ամեն բան դեպի լավն է գնում. իշխան Կաբիլքինը 40,000 օրավար հող ունի, բանկում 4,000,000 մանեթ նաղդ փող և, ոչ մի կոպեկի պարտք. իշխանուհին պահարանների մեջ առավել քան թե 500,000 մանեթի ակնեղեն, ոսկե զարդեր և արծաթե սպասներ ունի. իսկ աղջիկը իմ վրա մինչև ականջները սիրահարված է»:

Օգոստոս ամիսն էր, որ մաթեմատիկայի պրոֆեսորը, որի հետ պատմությանս սկզբումը ծանոթացանք, մի օր եկավ և ասաց. «Արդեն ժամանակն է խնդիր տալու և մտնելու համալսարան»: Հետևյալ օրը Ալթմազովը գնաց համալսարան, խնդիր գրեց և ներկայացավ դեկանին, որ միամտեցուց նորան, ասելով` «ձեզ առանց քննության կընդունենք»: Այս կողմանե ևս միամտեցած, Ալթմազովը վերադարձավ դաստակերտ և այնուհետև լիապես անձնատուր եղավ ամեն կերպ վայելչության:

Քանի մի ժամանակեն ամառանոցի եղանակը վերջացավ, մարդիկ հետզհետե քաղաք քաշվեցան. իշխան Կաբիլքինն էլ գնաց քաղաք յուր ընտանիքով:

Իշխանուհին չափե դուրս խելոք կնիկ էր. նա շատ լավ գիտեր, որ Ալթմազովը երբեք չէ կարող նորա աղջկա մարդը լինել, որ ինքը միշտ կգտնե հնար նոցա փոխադարձ սերը կա՛մ սառեցնելու, կա՛մ բռնի բաժանելու, բայց կարծում էր, որ Եվդոքիան, սիրելով նորան, միշտ նորա տված դասերը առավել խորունկ կտպավորե մտքի մեջ և առավել կորոճա, և այդ պատճառով թույլ էր տալիս որքան կարելի է` երկար տևի օրվա մեջ սոցա պարապմունքը: Եվ զարմանալու բան. Եվդոքիան, որ առաջները ոչ միայն չէր սիրում ուսման առարկաները, այլև երաժշտություն, որը պարի հետ միասին, ինչպես հայտնի է, ռուս օրիորդի լուսավորության առաջին պայմանն է, — այժմ Ալթմազովի ազդեցության տակ գիշերներ լուսացնում էր մի տեորեմայի կամ մի սիմֆոնիայի վրա, որ յուր փեսացուի աչքին հաճելի երևի: Քանի-քանի անգամ իշխանուհին, սրտեն ախ քաշելով, ասել է յուր մարդուն. «Ինչո՞ւ այս գեղեցիկ և քանքարավոր երիտասարդը ռուս կամ եվրոպացի չէ. ինչպե՞ս մեր Եվդոքիան բախտավոր կլիներ»:

Ինչո՞ւ այդպես սխալ ես դատում. — պատասխանում էր իշխանը, — մի՞թե հայը լավ մարդ լինել չի կարող: — «Ինչո՞ւ չէ, — ասում էր նորան իշխանուհին, — հայն էլ լավ մարդ կարող է լինել, բայց նա հայապես լավ մարդ կը լինի և ոչ ռուսապես»: — Չեմ հասկանում. ի՛նչ ուզում ես ասել, պատասխանում էր իշխանը: Իշխանուհին ասում էր «լավ հայը երբեք չի ռուսանալ, իսկ վատ հայեն վատթար մարդ չի կա աշխարհիս երեսին: Ուրեմն որ կողմ կուզես շո՛ւռ տուր, Եվդոքիան հայի հետ պսակվիլ չի կարող և չպիտի պսակվի»:

Իշխանուհին յուր մանկությունը անցուցել էր մի հայաբնակ քաղաքի մեջ, ու նորա հայրը գավառապետի պաշտոն էր կատարում, այդ պատճառով նա կարծում էր, թե հայի բնավորությունը շատ խորունկ իմաստասիրել էր:

* * *

Թեև Ալթմազովը շատ լավ դաշնամուր էր նվագում, բայց նա հանձնառու չեղավ աշակերտներին երաժշտություն սովորեցնելու, և այդ մանավանդ այն պատճառով, որ Եվդոքիայի վարժապետը երևելի Հենզելթն էր, որի հետ բաղդատվելով, իհարկե, նա համբակ կարող էր համարվել: Մի օր Հենզելթը իշխանուհուն հայտնեց, որ ինքը շուտով արտասահման է գնալու, բայց վախենում է, միգուցե նրա բացակայության ժամանակ Եվդոքիան մի անհմուտ վարժապետի ձեռք ընկնի և փչացնի յուր կանոնավոր նվագելը: Այդ պատճառով խորհուրդ տվեց մի փորձառու և ընտիր վարժապետ որոնել: Իշխանուհին պատասխանեց թե` «գուցե ես վարժապետի ընտրության մեջ սխալիմ, չէի՞ք կամենալ արդյոք մեզ ձեր ընտրությամբ մի վարժապետ առաջարկել, ձեր բացակայության միջոցին»: — Ինչո՞ւ չէ, — պատասխանեց Հենզելթը, — շատ ուրախությամբ. ես ի նկատի ունեմ մի մատաղահաս երաժշտության վարժուհի, ազգանունը միտս չէ, բայց իմ ընտիր աշակերտներեն է. երթալու ժամանակ ես նորան կուտամ մի հանձնարարական նամակ, որն ստանալով` իսկույն կընդունիք նորան, բայց նայեցե՛ք, ի՛նչ վարձ որ ինձ եք տալիս` նույնը անշուշտ և նորան պիտի տաք. երաժշտության արվեստի մեջ եթե այդ վարժուհին ինձանից լավ չլինի, վատ երբեք չէ: — Իսկ ինքը Հենզելթը դասի գլուխ ստանում էր տասը մանեթ:

Այդ վերջին անգամն էր, որ Հենզելթը եկավ իշխանի տունը: Երկու շաբաթ վրա անցավ, ոչ ինքը եկավ և ոչ էլ նորա հանձնարարած վարժուհին ներկայացավ: Արդեն կարծում էին թե նա մոռացել է յուր խոստմունքը և հանձնարարական նամակը վարժուհուն չտված գնացել է արտասահման:

Մի օր, ճաշից հետո, երբ ամենքը նստած էին դիվաննոյ ասած սենյակումը, հանկարծ զանգակը հնչեց. ծառան շտապելով գնաց և շուտ հետ եկավ, ասելով. «Մի կին կամենում է տեսնել իշխանուհուն»: Իշխանուհին ասաց ծառային. «Ներս համեցեք արա»: Դուռը բացվեցավ և մի թխիկ երեսով, բայց գեղեցիկ տիպարքով աղջիկ ներկայացավ և տվեց իշխանուհու ձեռքը մի նամակ, ասելով, «Հենզելթից»: — Գիտեմ, գիտեմ, — պատասխանեց իշխանուհին, — խնդրեմ նստեցեք: Բայց ես ձեզ երկու շաբաթ է, որ անհամբերությամբ սպասում եմ: «Ներեցեք ինձ, — պատասխանեց անծանոթ աղջիկը ամաչելով, — ես մի փոքր տկար էի»: — Խնդրեմ նստեցեք, — ասաց նորից իշխանուհին և հետո ավելցուց. — կարո՞ղ եմ հարցնել ձեր անունը: «Անունս Սուսաննա է», պատասխանեց աղջիկը, աչքերը խոնարհելով:

Համեստությամբ նստեց օրիորդ Սուսաննան և մի կարճ միջոց լռություն թագավորեց սենյակի մեջ. ինչպես ասում են` «հրեշտակ խաղաղության թռավ»: Նստողները սկսան մին մինի երես նայելու: Ալթմազովն էլ նայեցավ Սուսաննայի վրա, Սուսաննան էլ նայեցավ Ալթմազովի երեսին, բայց իշխանուհին, որ այդ րոպեին երկուսի վրան էլ նայեցավ, հետագա նկատողությունը արավ, որ Ալթմազովը հենց առաջին վայրկենում առանց մեկ հիմնավոր պատճառի, ատելով ատեց այդ խեղճ թխիկ աղջկանը, իսկ Սուսաննան դորա հակառակ, ջերմ և անհրաժեշտ սիրով սիրեց այդ գեղեցիկ պատանուն: Ինչո՞ւ: Ո՞վ կարող է այդպիսի հարցի պատասխանը տալ: Ուրեմն մենք էլ թողնենք այս հարցը անպատասխան. նայենք, գուցե իրերի ընթացքը կլուծեն այս հոգեբանական առեղծանելիքը: Բայց այսքանը իմանանք, որ իսկական սերը և իսկական ատելությունը մի րոպեի մեջ է ծնում. իսկ այն, որ ժամանակով է ծնում, նոցա անունը սեր և ատելություն չեն, այլ գնահատություն:

Իշխանուհին չափազանց մեղքացավ խեղճ աղջկան, որ օտար գերդաստանի մեջ, ամոթեն լուռ մնացած, ով գիտե ի՛նչ հոգեկան տանջանքի մեջ էր այն րոպեին. և կամենալով այդ ճնշող, անհաճո լռությանը վերջ տալ, առաջարկեց Սուսաննային իրենց մի փոքր զվարճացնելու համար, չի՞ կամենալ արդյոք դաշնամուրի առջև նստել և նվագել, բայց և ավելացրեց. «Օրիորդ, չլինի թե՞ իմ առաջարկությունս ընդունիք իբր ցանկություն ձեզ քննադատելու: Պ. Հենզելթը ձեր մասին մեզ արդեն այնպիսի գովասանքներ է տվել, որ ձեր մատերի ամեն մի շարժվածքը մենք նվագահանդեսի տեղ պատրաստ ենք ընդունելու»:

Մեծապես շնորհակալ եմ ձեր` իմ մասին կազմած այդպիսի շողոքորթիչ կարծիքի համար, — ասաց կարմրելով Սուսաննան, — բայց ես վաղուց է, որ կտորներ նվագած չեմ. երկու շաբաթ ձեռքս դաշնամուրին դիպած չէ. դուք գիտեք, այդ բավական ժամանակ է, որ մատերը իրանց սովորական արագությունը կորցնեին:

Չէ՛, չէ՛, խնդրենք, — ասաց իշխանուհին, — նվագեցեք մի բան: Մենք խիստ դատաքննիչ լինելու ոչ գիտություն ունինք, ոչ ճաշակ... գուցե պ. Ալթմազովը...

Պարո՞նը ևս նվագում է, — ասաց Սուսաննան կարմրելով և աչքերը դարձնելով ուսանողի վրա:

Այո՛, մի փոքր, — պատասխանեց Ալթմազովը այնպիսի արհամարհական ձայնով, որ առավել վայելուչ էր մի անպիտան կառապանի, քան թե մի համեստ աղջկա վերաբերմամբ:

Ամենքը նկատեցին այդ չար կոպտությունը. Եվդոքիայի աչքեն մինչև անգամ արտասուք կաթեցավ. խեղճ աղջիկը մի րոպեի մեջ երկու անգամ կարմրեցավ և տժգունեցավ: Իշխանուհին նշանավոր հայացք ձգեց իշխանի վրա, որ կնշանակեր` «Հը, ինչպե՞ս ես, չէի՞ ասում քեզ, որ հայը միշտ հայ կմնա»: Ամենքը նկատեցին այդ անտեղի կոպտությունը, միմիայն միամիտ Սուսաննան չի նկատեց:

Այդ «մի փոքրը», — ասաց Ալթմազովին, — շատ և շատ նշանակություն ունի. բայց հուսամ, դուք ներողամիտ կլինիք, ես երկու շաբաթ հիվանդ էի, այժմ ևս բավական կազդուրված չեմ: — Ասաց և մատերը վազեցուց կլավիշների վրա: Փոքր մի ֆանտազիա անելեն հետ` նվագեց Քոնթսկիի երևելի «Առյուծի սթափումը», որ այն ժամանակները նորաձև երաժշտական հատվածներից մինն էր. և ո՞ր իսկական պետերբուրգցին չէր լսել նույնիսկ հեղինակի նվագածը:

Առյուծի զարթելից մի փոքր առաջ Սահարա անապատի լռությունը, նորանից հետո` առյուծի քանի-քանի անգամ ամպրոպաձայն մռնչելը. հետո` ավելի և ավելի սաստկացնելը յուր ահեղ մռնչյունը, հետո՝ արյունռուշտ հարձակման պատրաստությունը, հետո` սպառազինված որսորդներին հանդիպելը, հետո` կատաղի պատերազմը երկուստեք, հետո` հրացանների ճայթմունքը խառն առյուծի մռնչելուն, հետո վիրավորված և հոգեվարք գազանի ոռնալը և վերջապես` որսորդների հաղթության երգըայս ամենը պատկերացան լսողի երևակայությանը մեջ` Սուսաննայի ճարտար և խոսուն մատերի զորությամբ: Մեծ և կախարդական էր նորա կատարած ազդեցությունը լսողների վրա: Իշխանուհին և Եվդոքիան սրտերի փղձկումեն ակամա արտասվեցան, իշխանը մնացել էր հիացած, ամենքը քաղցր ապշության մեջ էին, միայն Ալթմազովը մնաց անզգա: Իշխանուհին նայեցավ նորա վրա, և գլուխը շարժելով, ասաց մտքի մեջ. — «Այս գեղեցիկ մարմնու մեջ հոգի չկա»: Եվ իրավ որ` բնությունը ամեն բան առատ ձեռքով տվել էր նորան, բացի հոգիեն:

Սուսաննան երեխայի անմեղությունով նայում էր Ալթմազովի վրա ու սպասում էր նորանից թեկուզ մի խոսք, թեկուզ մի հիշոց, բայց մի խոսք, մի մարդկային խոսք. սպասում էր խեղճ աղջիկը, եթե չամաչեր` գուցե նա կխնդրեր, կաղաչեր, մի խոսք կպաղատեր նորանից: Ավա՛ղ, Ալթմազովը ոչ մի խոսք չասաց, և հեռացավ:

* * *

Ալթմազովը սկսավ համալսարան երթևեկելու: Հենց առաջին օրեն ընդհանուր ուշադրությունն իր վրա դարձուց` և՛ մեծավորներին, և՛ ուսուցչապետներին, և՛ ուսանողներին` թե՛ յուր արտաքին բռնվածքով և թե՛ յուր հիանալի ընդունակություններով: Ինչպես որ նա մի անգամ ինքիրան խոսք էր տվել, այստեղ ևս յուր խոստմունքը չի դրժեց. ամենայն կողմանե նա համալսարանի մեջ ընտիր ուսանողն էր համարվում: Սկզբանե ամենքը սիրում և պատվում էին նորան, իսկ ինքը ոչ ոքի ո՛չ սիրում էր և ո՛չ պատվում. այս որ նկատեցին` ուրիշներն էլ դադարեցան նորան սիրելու, բայց միշտ հարգում էին նորան` հազվագյուտ հատկությունների համար. իսկ երբ որ նա մի պարահանդեսի մեջ, պաշտպանելով մի ուսանողի պատիվը, երկու ապտակ տվավ մի գնդապետի ու նույն հետայն մենամարտության հրավիրեց և սիրտը վախ ձգելով, ստիպեց բոլոր ուսանողների առջև ներողություն խնդրելուայն ժամանակ ընկերները մեծ հարգանք զգացին դեպի «քաջ հայ ուսանողը»: Սրախաղության մեջ ախոյան չուներ Ալթմազովը, իսկ քառասուն քայլափոխեն խաղաթղթի ասին խփելը ատրճանակեն` նորա համար մի չնչին բան էր: Շատ կարելի է, որ կարդացողներս արդեն համարում են Ալթմազովին մի նոր Դոն-ժուան: Չէ, սխալ են նոքա. հավատացնում եմ, որ բոլոր իր համալսարանական ընթացքի միջոցին նորա մեջ ո՛չ մի պագշոտ խորհուրդ չի մտավ. մայրաքաղաքի ոչ մի առյուծուհին չէր կարող պարծենալ, որ նորան յուր երկրպագուն կարողացել է դարձնել. ոչ մի օրիորդ, մինչև անգամ Եվդոքիան, չէին կարող ասել, որ Ալթմազովը նորա վրա սիրահարվել է. մայրաքաղաքի փորձանքներից շատ հեռու պահեց իրան խելոք Ալթմազովը. նորա մարմինը անբիծ, անարատ մնաց, բայց հոգի՞ն: Այդ ուրիշ խնդիր է:

Նա երրորդ դասընթացումն (cours) էր, որ հորը մի նամակ գրեց այսպիսի բովանդակությամբ.

«Իմ վիճակս արդեն որոշված է. իշխան Կաբիլքինը ինձ սիրում է, հավատում է. նորա դուստրը ոչ միայն սիրում է, այլ սիրահարված է վրաս. մենք արդեն մեր մեջ թաքուն մատանեփոխություն արել ենք. Եվդոքիան ասում է թե` եթե մայրս կամենա մեր պսակին հակառակելու, ես թաքուն կպսակվիմ քեզ հետ, և նա վաղ կամ ուշ կներե ինձ և չի զրկիլ ժառանգութենե. ուրեմն կարող ես ինձ նպատակիս հասած համարել»:

Բոլոր այդ ժամանակ Սուսաննան շաբաթը երեք անգամ գալիս էր երաժշտության դասեր տալու Եվդոքիային:

Արդեն երեք տարի էր, որ Ալթմազովը և Սուսաննան վարժապետություն էին անում իշխան Կաբիլքինի տանը, բայց երբեք պատահած չէր, որ ամենքը միասին ժողովվեին և ընդհանուր խոսակցություն ունենային, մանավանդ Ալթմազովը միշտ աշխատել էր բացակա լինելու, երբ Սուսաննան յուր զբաղմունքեն ազատ ժամանակը խոսակցել էր Եվդոքիայի, իշխանուհու կամ իշխանի հետ: Մի անգամ Սուսաննան ճաշի էր հրավիրված` բախտի բերմամբ այն օրը Ալթմազովն էլ այնտեղ էր: Հանկարծ իշխանուհին, խոսքը դարձնելով Սուսաննային, ասաց. — «Ահա քանի ժամանակ է, որ մենք մին մինի ճանաչում ենք, բայց երբեք պատահած չէ, որ ես ձեզ հարցնեմթեև շատ անգամ մտքես անցել էդուք ի՞նչ ազգե եք. թեև դուք պատվական ռուսերեն խոսում եք, բայց ձեր երեսի տիպարքը սլավյանի չէ»:

Ապա գտեք, — ասաց Սուսաննան ծիծաղելով. ես ի՞նչ ազգե եմ:

Չգիտեմ, — ասաց իշխանուհին. գուցե սպանիացի եք, կամ իտալացի:

Ո՛չ, ո՛չ, — ավելի ծիծաղելով ասաց Սուսաննան, — ոչ սպանացի եմ և ոչ իտալացի. գրավ կուգամ, որ մինչև չասեմ` ամենևին չեք գտնիլ:

Ես գիտեմ, — ասաց Եվդոքիան, — դուք Փոքր-Ռուսաստանցի եք:

Չի գտաք, — ասաց նորան արդեն ծիծաղեն կլկլալով Սուսաննան. — աստված վկա, որ չեք իմանալ: Ապա զոր արեք, գտեք ի՞նչ ազգից եմ, — շարունակում էր նա յուր հանաքը:

Ֆրանսիացի՞ չեք արդյոք, — ասաց իշխանը, առանձին ուշադրությունով նայելով նորա երեսին:

Դուք էլ չի գտաք. ես ֆրանսիացի ևս չեմ, — պատասխանեց Սուսաննան, և շարունակում էր անմեղ երեխայի նման հանաք անել, որ ոչ ոք յուր առաջարկած դժվար առեղծանելիքը լուծել չի կարողանում: եվ վերջապես ասաց բառի վանկերը իրարմե բաժանելով. «Ես-հայ-եմ»:

Դուք հա՞յ եք, — պատասխանեցին նորան ամենքը նույնպես վանկերը բաժանելով և զարմացական ձայնով. ամենքը ասացին այդ, բացի Ալթմազովեն, որին այդ գաղտնիքը վաղուց, հենց առաջին օրեն հայտնի էր: «Մի՞թե դուք հայ եք. եթե չասեիք, աստուծո անունով երդվում ենք, որ ամենևին չէինք գտնիլ, — ասաց իշխանուհին, կարծես թե սաստիկ ուրախացած մի թանկագին գյուտի համար. — ուրեմն այսօր մեր սեղանի վրա երկու հայ հյուր ունինք` մինը դուք և մյուսը պարոն Ալթմազովը»:

Երբ որ Սուսաննան լսեց Ալթմազովի հայ լինելը, յուր սրտի ուրախությունը բռնել չի կարողացավ, քիչ մնաց նորա գիրկը պիտի ընկներ, բայց ինքնիրան զսպեց, և ձեռքը նորան պարզելով, բռնեց նորանը յուրի մեջ, և երկար ու ամուր սեղմելով և երեսի վրա անհուն սեր, ուրախություն և երջանկություն հայտնելով, ասաց. — Ա՛խ, որքան ես ուրախ եմ, որ դուք հայ եք, որ ես իմ համազգիներես մի հոգի տեսա, վերջապես...

Մի՞թե դուք հայր-մայր, քույր-եղբայր, ազգականներ չունիք, — հարցրին տանուտերերը, ցավակցելով: — Ոչ, — պատասխանեց Սուսաննան, — ես բոլոր Պետերբուրգի մեջ միայնակ և որբ եմ:

Եվ նա պատմեց իր մասին հետագա պատմությունը. —

«Հայրս Սևաստոպոլի դյուցազներեն մինն էր, որ պաշարման տասներորդ ամիսը, ռմբակոծության ժամանակ մահաբեր վերք ստացավ և մեռավ: Նորա մահվան բոթը ստանալով, խեղճ և ցավագար մայրս է՛լ ավելի տկարացավ և չորս ամիս տանջվելով մեռավ: Ես մնացի միայնակ, վեց տարեկան երեխա: Հորս տերության ցույց տված երախտիքի համար` ինձ զետեղեցին արքունի վարժարան, ուր տասը տարի մնալով, ավարտեցի ուսմանս ընթացքը, բայց ոչ մի մերձավոր ազգական չունենալով, վարժարանի պատերեն դուրս չեկա: Բարի տեսչուհին, որ ինքը երբեք զավակ ունեցած չէ, ինձ յուր հարազատ աղջկա նման սիրեց, ինչպես և ես նորան մորս նման սիրել եմ, և վարժարանեն դուրս գալով, նորա բնակարանի մեջ տեղավորվեցա, ուր այժմ ես կենում եմ: Թեև մայրացուս ասում է, որ ծնողներես ինչ ու ինչ է մնացել, բայց ես երբեք հետաքրքրություն արած և հարցուցած չեմ` թե ի՞նչ է և որքա՞ն է. ինչի՞ս է պետք հարստություն. իմ աշխատածիս կեսն անգամ մսխել կարողացած չեմ, թեև, ինչպես տեսնում եք, ես ոչինչ բանե ինձ զրկած չեմ: (Պետք է ասել, որ Սուսաննան միշտ ճոխ և թանկագին հագուստով էր հայտնվում իշխանի տանը): Մայրացուս էլ, տիկին Հումմելը, ասում է միշտ, որովհետև աստված ինձ չարժանցուց մայր լինելու, ուրեմն դու իմ զավակը և ժառանգը կլինես: Բարի պառավը ինձ շատ է սիրում. ոչինչ չի խնայում ինձ համար, մինչև անգամ սաստիկ անբավական է ինձմեն, որ ես դասեր եմ տալիս ո՛չ փողի, այլ օրեր ու ամիսներ անգործ չի մնալու ու տան խորշումը չնստելու համար»:

Իրավ որ ամենքը նկատել էին նորա անշահասիրությունը: Շատ անգամ ամիսներ էր անցնում, իշխանը կամ իշխանուհին նորան փող տալու մոռանում էին, իսկ ինքը երբեք չէր խնդրում. եթե տված փողը հաշվետետրումը չի գրեին տանուտերերը` ինքը Սուսաննան երբեք չէր իմանալ` հարյո՞ւր ունի ստանալիք, թե՞ երկու հարյուր: Միով բանիվ` Սուսաննան չափազանց անշահասեր աղջիկ էր երևում: Բայց հագվածը, ինչպես վերը հիշվեցավ, միշտ նորաձև, նուրբ ճաշակով և հագուստի նյութը պատվական կերպասներե էր. մատներին հագած ուներ միշտ հինգ-վեց մատանիք, ականջին օղեր, ամենը մեծագին և հազվագյուտ գոհարներով հեռված:

Սուսաննան շարունակեց իր պատմությունը.

Իմ անունս Սուսաննա չէ, այլ Շուշան է (այսպես է գրած ծննդական վկայագրիս մեջ), որն ռուսները չգիտեմ ինչ խորհրդով, իրանց կերպի փոխել են, իսկ ազգանունս Արղ...յան: Հայրս աստիճանով գնդապետ էր և արդեն գեներալության էր ներկայացուցած. նա այդ բարձր աստիճանը, ասում են, անշուշտ կստանար, եթե այդ չարաշուք պատահարին չհանդիպեր... Խեղճ հայրիկս»:

Ասաց ու արտասվեցավ. բայց տեսնելով, որ լսողները ամենքն էլ տխրեցան, իսկույն երեսի վրա մի քաղցր ժպիտ փայլեցուց ու ասաց. «Է՛հ, ի՛նչ անենք, ինչ որ եղավ` եղավ. տխրելով ու լալով անցածը հետ չի դառնալ»:

Տխուր խոսակցությունը փոխել կամենալով, իշխանուհին ասաց.

Ասացեք, խնդրեմ, օրիորդ Սուսաննա, կամ ինչպես որ հայերդ ասում եք, Շուշան, մի՞թե դուք միշտ ամուրի պիտի մնաք, մի՞թե ձեր մտքեն երբեք չի անցնում պսակվել, տուն-տեղ ունենալ, կին և մայր լինել. մինչև ե՞րբ այդպես չոր-գլուխ պիտի մնաք, միայնակ ու ձանձրալի կյանք պիտի անցնեք:

Ինչո՞ւ չէ, ես ուրախությամբ կպսակվեի. բայց ո՞վ ինձ պիտի առնու: Դուք գիտեք խո, մինչև աղջկան երիտասարդը չհավանի և չսիրե, աղջիկը երբեք իրավունք չունի, — եթե չուզե յուր պատիվը կորցնելո՛չ հավանել և ո՛չ սիրել, ասաց նա ու աչքի ծայրով նայեցավ Ալթմազովի վրա: Բայց Ալթմազովը, որ բոլոր ժամանակը նորա վրա էր նայում, հենց որ Սուսաննայի աչքը նորանին դիպան, իսկույն, իբր թե զզվանքով յուր աչքը հեռացուց նորանեն: Միամիտ Սուսաննան այդ ևս չնկատեց, բայց այդ բանը նկատեց դարձյալ իշխանուհին ու մտքի մեջ ասաց. — «Այս ի՞նչ հրեշ է. ասես թե սորա սրտումը օձեր ու կարիճներ լինին նստած. այս ի՞նչ անհասկանալի ատելություն է, որ ունի սա դեպի այս պատվական օրիորդը, չեմ հասկանում»:

Նա կը հասկանար, եթե հայի բնավորությանը քաջ տեղյակ լիներ. խեղճ կինը չգիտեր, որ հայը դեպի յուր համազգին ունեցած ատելության մեջ փնտրում է ուժ, վայելչություն և հոգեկան մխիթարություն:

Թեև առաջները կասկածում էր, բայց այդ օրը իշխանուհին համոզվեցավ, որ Սուսաննան սիրում է Ալթմազովին. նմանապես համոզվեցավ նա, որ Սուսաննայի մեջ ավելի կանացիություն, քնքշություն, բանաստեղծական հոգի, աշխույժ կա, քան թե իր հարազատ Եվդոքիայի մեջ. և եթե երբևիցե երկուսը ներկայանային մի օրինավոր, լուսավորյալ, առողջամիտ, մարդկային արժանավորություն ճանաչող երիտասարդի, անշուշտ նա նախամեծարության արմավենին Սուսաննային կտար: Իշխանուհին ամենևին չէր կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է կարելի, որ Ալթմազովի պես անհոգի, չարսիրտ երիտասարդն էլ հայ լիներ, Սուսաննայի նման քնքուշ սրտով զգայուն հոգով-կայտառ, ուրախ, բարի աղջիկն էլ լիներ նույն ազգի ծնունդ: Բայց նա մոռանում էր, որ մինը ասիացու ձեռքումն էր դաստիարակված, իսկ մյուսը եվրոպացու. նա արյունին ավելի գերազանցություն էր տալիս, քան թե դաստիարակության: Այդ թեորիան որքան էլ ճշմարիտ լինի վերաբերությամբ կովերի, ձիերի, խոզերի, շների և հավերի, այսուամենայնիվ, մարդու վերաբերությամբ միշտ էլ սխալ հետևանքների է բերում: Երեխան ոչ նորա համար է վատ, որ վատ հորե ու մորե ծնած է, այլ նա նորա համար վատ է, որ վատ հոր ու մոր ձեռք է մեծացած, վատ ծնողներից է դաստիարակված: Ահա ինչի վրա մեծ և առանձին ուշադրություն պիտի դարձնեին մեր հայր և մայրերը... Բայց ո՞ր հայր ու մայր կասե, թե «ես վատ եմ»:

* * *

Մի անգամ իշխանուհին, ըստ դիպաց յուր մարդու բարձրագույն պարգև ստանալուն, մտադիր եղավ մի փառավոր պարահանդես տալու, ուր հրավիրված էր նաև Սուսաննան, որին իշխանը և իշխանուհին արդեն այնքան սիրում էին, որ ոչ մի մերձավոր ազգականներե ստոր չէին դասում: Պարահանդեսեն մի շաբաթ առաջ Սուսաննան երեսը կարմրած, աչքերը ուրախութենե ցոլալով` մոտեցավ ու ասաց Ալթմազովին.

Պարոն համազգի, ձեր կարծիքով ինձ ո՞ր գույն հալավը ավել կվայելի (կսազի):

Իհարկե հարդագույնը (de paille) — ասաց Ալթմազովը գրեթե ակամա. — այդ ո՞վ չգիտե որ:

Իսկ դուք ո՞ր գույնը ավելի կհավանիք, — շարունակեց Սուսաննան:

Իմ սիրած գույնը մանիշակագույնն է, — ասաց Ալթմազովը և ուզում էր հեռանալ:

Следующая страница