Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Ասացեք, խնդրեմ, պարահանդեսի մեջ դուք որի՞ն միտք ունիք հրավիրելու առաջին կադրիլին, — ասաց Սուսաննան, որ կարծես թե ոչ նրա համար է խոսում, որ յուր հետաքրքրությունը հագեցնե, այլ իբր թե կարոտ է նորա ձայնին, որ նորա խոսք ու զրույցը փափագով լսե:

Իհարկե իշխանուհիին, — պատասխանեց Ալթմազովը հորանջելով և ասես թե սաստիկ գարշելով խեղճ աղջկա անմեղ ճռվողեն:

Իսկ երկրո՞րդըպնդում էր Սուսաննան:

Կարծեմ որ քաղաքավարությունը պահանջում է, — պատասխանեց Ալթմազովը, քիթ ու պռունկը ծռմռելով, իբր թե մի շատ հիմար մարդու հետ է խոսում, — որ Եվդոքիային հրավիրեմ. ինչպե՞ս եք կարծում:

Իսկ երրո՞րդը, — չէր դադարում Սուսաննան, երեսը գունատած:

Ես ի՞նչ իմանամ` ի՛նչ երևելի տան աղջիկներ կլինեն այնտեղ. իհարկե մինին արժանի կգտնեմ հրավիրելու:

Սուր և թունավորված դաշույնը սրտի մեջ ցցած այնքան կսկիծ չէր պատճառիլ խեղճ աղջկան, որքան այս կծու, արհամարհական ու գոռոզ խոսքերը: Իսկույն աչքերեն կաթ-կաթ սկսան արտասուքը գետին թափել:

Մի՞թե ինձ համար նաև ամենափոքր ուշադրություն թողած չեք ձեր հիշողության մեջ, պարոն Ալթմազով, — ասաց աղջիկը, արդեն բոլորովին լալով. — մեղք է ձեր հոգուն, մեղք է... ես ձեզ այնքան անկեղծ սիրել էի... աստված տա, որ մի ուրիշը տա ձեզ այն երջանկությունը, որ ես երազում էի երբևիցե տալ ձեզ:

Այլևս չկարողացավ զսպել սրտի փղձուկը և թաշկինակը աչքերին բռնած` դուրս փախավ:

* * *

Պարահանդեսի երեկոն, երկու զինվորական` մինը սիրուն դեմքով և գեղեցկակազմ մարմնով գնդապետ և մյուսը ծեր գեներալ, զարդարուն ճրագավառ դահլիճի մեջ կանգնած խոսում էին:

Ասացեք, խնդրեմ, ո՞վ է այն օրիորդը, որ սյունի մոտ կանգնած, իշխանի դստեր` Եվդոքիայի հետ խոսում է, — ասաց սիրուն գնդապետը:

Ո՞րն է, ո՞րն է, — հարցուց կարճատես գեներալը, աչքերի կոպերը սեղմելով:

Ահա այն աղջիկը, որ մանիշակագույն ժապավեններով զարդարած հարդագույն ձորձ ունի հագած, գլուխը նայե` արեգակի պես վառվում է գոհարներեն, որ կենդանի շուշանի հետ խառն, այդպիսի կախարդական գեղեցկություն են տալիս նրան:

Հա՛, հա՛, այժմ տեսա, բայց չեմ ճանաչում:

Շատ սիրուն աղջիկ է, երեսի տիպարքը իտալուհու կասեի, բայց դորանն ավելի շնորհալի և մեղմ է և չունի այն լիրբ գծերը, որով պարծենում են Ապենինյան թերակղզու կնանիք և որոնք, եթե ինձ հարցնես, ավելի զարդարում է Հեթերային, քան թե համեստ տանտիկնոջ: Ինչ խելոք նայվածք ունի այս աղջիկը, ինչ սիրուն իրանք, ինչ հագուստի ճաշակ, որքան գեղեցկություն բոլոր արտաքինի վրա և դորա հետ միասին որպիսի անմեղություն դեմքի: Տեր աստված, տեր աստված, կա՞ն խո այնպիսի բախտավոր մահկանացուներ, որոնք այսպիսի գանձի տեր են լինում:

Այո՛, այո՛, հոժարեցավ գեներալը, սիրուն օրիորդ է. ո՛վ գիտե ո՛ր իշխանի կամ կոմսի աղջիկն է:

Պետք է հնար գտնել մեկ կերպով հետը ծանոթանալու, — ասաց սիրուն գնդապետը, թողեց գեներալին և գնաց խառնվեցավ բազմության մեջ:

Պատվելի կարդացողս, հուսամ, արդեն հասկացար, որ գնդապետի գոված աղջիկը մեր ծանոթ Սուսաննան էր, որ այժմ շրջապատած շատ երիտասարդներով, կադրիլները, վալսերը և պոյլկաները բաժանում էր, բայց շատ խնայողությամբ և ընտրությամբ: Արդեն առաջին կադրիլի նշանը տված էր, բայց Ալթմազովը դեռևս դամ չէր գտել: Իշխանուհիին Բարոն Փ-ն էր հրավիրել. Եվդոքիան էլ խոսք էր տվել յուր մորեղբոր որդի իշխան Ս-ի հետ պարելու, իսկ օտար օրիորդները մի անծանոթ կավալերի և այն էլ` տան գուվերնյորի հետ պարե՞լ արիստոկրատիկական պարահանդեսումը... a՛h quelle horreur!19:

Սուսաննան տեսավ խեղճ երիտասարդի այդպիսի նեղ վիճակը, իսկույն թողեց յուր կավալերի ձեռքը, շտապով մոտեցավ նորան և ասաց.

Պարոն Ալթմազով, դամ չունի՞ք, չեք պարո՞ւմ:

Ոչ, ասաց նա, առաջին կադրիլը կարծեմ պար չեմ գալ, գւուխս մի փոքր ցավում է:

Չէի՞ք կամենալ արդյոք ինձ հետ պարել, — ասաց Սուսաննան, իբր թե չիմանալով նորա նեղ դրությունը:

Բայց դուք, եթե չեմ սխալվում, արդեն հրավիրված եք, — պատասխանեց Ալթմազովը, աչքերը վար խոնարհած:

Ի՞նչ փույթ, եթե ինձ հետ պարելը ձեզ անհաճո չէ, ասացե՛ք միայն. կավալերիս ճամփա դնելը մի չնչին բան է. կասեմ նորան, որ ձեզ արդեն վաղուց խոստացել էի, բայց մտքիցս գնացել էր. ներողություն կխնդրեմ, և պրծավ գնաց. հա՞, ուզո՞ւմ եք:

Եթե կկամենաք` համեցեք, — ասաց Ալթմազովը. — բայց ես վիզավի էլ չունիմ, որտեղե՞ն կգտնենք. այժմ կսկսեն պարել, ժամանակ չկա...

Այդ էլ կհոգամ, դարդ մի՛ անիք, — ասաց Սուսաննան, թռչունի պես թռավ ու գնաց:

Մի րոպեի մեջ Շթուբեին (ծեր գեներալի հետ խոսողին) տված խոսքը ետ առավ, չքմեղ բերելով յուր մոռացկոտությունը, և կոմս Դիլյոնին ձեռքերեն բռնած` ծանոթացրեց Ալթմազովի հետ և իրանց վիզավի կանգնեցրեց: Նույն րոպեին էլ երաժիշտները նվագեցին, զույգերը տեղերեն շարժեցան, պարողների ոտքի տրոփը, կանանց կերպասե հագուստների շփշփոցը, զինվորականների խթանների զընգզընգոցը, տղամարդկանց խոսքը, կանանց ծիծաղը միասին խառնվեցան, և այս ուրախ իրականությունը տևեց գոնե կես ժամ:

Բայց, այդքան մարդոց մեջ ո՞վ էր ամենից բախտավորը, գիտե՞ք: Գլուխ մի՛ ցավացնեք, չեք իմանալ: Ամենից բախտավորն էր միամիտ և անմեղ Սուսաննան, որ իր սիրական Ալթմազովին ակներև խայտառակութենեն ազատելով, կարծում էր թե՛ յուր մեծահոգությամբ նորա սրտի մեջ մի փոքրիկ խորշիկ տիրապետել է. Բայց որքան մոլորված էր նա: Բոլոր պարի ժամանակ թեկուզ մի քաղցր, մի քաղաքավարի խոսք ասեր Ալթմազովը նորան: Նորա աղավնիի նման չորս պտուտ գուրգուրալուն թեկուզ մի պատասխան տար: Բայց Սուսաննայի ի՞նչ հոգն էր, որ նա անքաղաքավարի էր դեպի իրան, լուռ էր նորա ամեն քնքուշ խոսքերին, խոժոռադեմ նայում էր նորա երեխայական ուրախությանը... Քո մեղաց տերը լինիմ, եթե նա բոլոր այդ մեծամեծների և նոցա զարդարուն կանանց բազմությունը յուր անձկալիի մազի թելի հետ փոխեր: Երբ որ պարը վերջացավ, Սուսաննան հարցրեց Ալթմազովին.

Երկրորդ կադրիլի համար դամա ունի՞ք:

Կարծեմ... տեսնեմ... կարելի է... կմկմաց Ալթմազովը:

Եթե ունիք, — ասաց Սուսաննան, — լավ, ապա թե ոչ` ես դարձյալ ձեզ հետ կպարեմ:

Լավ... տեսնենք... — պատասխանեց նա բռնի հորանջելով, որ ծածկե յուր խայտառակությունը և ներքին շփոթը, որ երեսին պարզ նկարած էր:

Ալթմազովը այն փոքրոգի մարդոցմեն էր, որք իրենց հզոր, ակներև թշնամիների վրեժը հանում են անմեղ, տկար և շատ անգամ իրանց մոտիկ մարդոցմենիրանց ընտանիքեն, իրանց բարեկամներեն: Փոխանակ բարկանալու և արդար վրեժը հանելու իշխանուհիեն, Եվդոքիայեն և ուրիշ ծանոթ կանանցմե, նա յուր վրիժու և ատելության բոլոր թույնը աշխատում էր թափել խեղճ անմեղ աղավնյակի վրան, որ յուր ամեն ճիգը թափում էր նորան մխիթարելու, հովանավորելու և պաշտպանելու:

Երկրորդ, երրորդ և չորրորդ կադրիլներուն, երբ Ալթմազովը գնաց դամա հրավիրելու և ոչ ոք չհոժարացավ նորա հետ պար գալու, և խռով խռով եկավ տեղը նստավ` երեք անգամ հետզհետե եկավ մոտեցավ նորան Սուսաննան և առաջինի նման սկսավ հետը պարել, յուր զվարճ խոսակցություններովը աշխատում էր փարատել նորա թախիծը և մի րոպե չէր թողնում, որ հյուրերը նկատեին հասարակաց արհամարհանքը դեպի նա: Սուսաննան շատ լավ գիտեր, որ արիստոկրատները միշտ այդ կերպ պատժում են այն մարդոց, որոնք իրենց ստոր աստիճանեն ջանք են անում դուրս գալ և մեծատուների կարգը անցնել:

Բայց խեղճ աղջկա բոլոր ջանքը, բոլոր քաղաքավարությունը, բոլոր անմեղ ու անկեղծ սերը, բոլոր մարդավարությունը իզուր կորան: Սուսաննան պարզ տեսավ, որ յուր գրկածը ո՛չ մարդկային տաք սիրտ, այլ մի կտոր սառույց էր. հոգնեցավ, վհատեցավ ու հուսահատեցավ խեղճ աղջիկը: Ոչ մի քաղցր խոսք չի լսեց նորա բերնեն ամբողջ երեկոն:

Պարահանդեսը դեռևս վերջացած չէր. հանդիսականների առջև շատ պարեր, շատ զվարճություններ դեռևս կային այն գիշերը, բայց Սուսաննան արդեն կորցրել էր յուր զվարթ տրամադրությունը. գնաց նստավ մի հեռավոր խորշ և ընկղմեցավ յուր տրտում մտքերի մեջ: Ետև ետևե շատերը մոտեցանՍուսաննան այն հազվագյուտ արարածներեն էր, որ նորա բացակայությունը ամեն տեղ նկատելի էր լինումնորան պարի հրավիրելու, բայց նա որին հոգնել եմ, ասում էր, որին` գլուխս ցավում է, որին` արդեն խոսք եմ տվել, և այդպիսով գլխիցը ցանում էր նոցա. և մինչև պարահանդեսի վերջը մնաց տխուր ու տրտում: Միայն Ալթմազովը չեկավ նրա մոտ և ոչ մի քաղցր ու մխիթարական խոսք չասաց նորան, թեև ինքն էր միակ պատճառը յուր համազգի խեղճ ու որբ աղջկան տրտմությանը:

Ինքն Ալթմազովը նմանապես մի ուրիշ խորշում, թեև հոգվով և մարմնով առողջ, բայց տխուր ու տրտում նստած, ոչ թե կարեկցություն, մինչև անգամ ոչ ոքի հետաքրքրությունը չշարժեց: Ինչպես որ կար, այնպես էլ մնաց բոլոր գիշերը, հյուրերի մեջեն իրա համար նորանոր հարսնացուներ ջոկելով` հազարավոր օրավար հողով և միլիոնական մայր գումարով. նա արդեն պարզ տեսնում էր, որ Եվդոքիան ձեռքեն փախել էր: Ի լրումն յուր թշվառության, նա հետագա տեսարանին հանդիսատես եղավ:

Երկու տարեց կին նորա մոտից անցնելիս` իրար հետ այսպես էին խոսում.

Ուրեմն այսօրվա պարահանդեսը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Եվդոքիայի նշանախոսությունը. թեև երիտասարդ իշխան Ո-ն նախանձելի փեսա է ամեն աղջկա համար, բայց ասում էին թե Եվդոքիան մի հայ ուսանողի

Զարմանալի թեթևամիտ ես դու, cousine20, մի՞թե իշխանուհին այնքան խելք չուներ, որ փոքրիկ կրքի համար զոհ չբերեր աղջկա ապագան

Կնանիք հեռացան, խեղճ հայ երիտասարդի սրտի մեջ դաշույն ցցելով և զենքը վերքի մեջ թողնելով: Կարծես իրար խոսք տվածի պես, այն գիշեր ոչ ոք նորան չմոտեցավ, մինչև անգամ իշխանը, իշխանուհին և Եվդոքիան. — ասես թե ոչ ոք չգիտեր նորա ներկայությունը պարահանդեսի մեջ. միայն ընթրիքեն հետ, հյուրերի տուն գնալու ժամանակ Սուսաննան մոտեցավ նորան և կարեկցաբար հարցուց. — Պարոն Ալթմազով, ինչո՞ւ բոլոր գիշեր տրտում մտատանջ էիք. ինչո՞ւ ինձ չմոտեցաք, հետս խոսել չուզեցիք. մի՞թե ինձ խոսք ու զգացմունք կպակասեր ձեզ մարդապես կարեկցելու, ձեզ մխիթարելու. միթե այս օտար մարդոց ընկերությունը, որ մեր ազգի շահերը ամենևին ճանաչել չի ուզում, երկու համազգի, չպիտի մոտեցներ...»:

* * *

Այս վերջին անգամն էր, որ տեսան Սուսաննային. այնուհետև նա բոլորովին դադարեցավ իշխան Կաբիլքինի տունը հաճախելու` Եվդոքիային երաժշտության դասեր տալու համար:

Ձմեռը անցավ: Ապրիլ ամիսն էր: Մի օր Եվդոքիան մի փոքրիկ նամակ գրեց և Ալթմազովից հետ պահանջեց իր մատանին (իհարկե, Ալթմազովի մատանին էլ դրել էր նույն նամակի մեջ) ասելով, որ նա չէ կարող իր մոր կամքեն դուրս գալ, որ հիմարություն է երեխայության ժամանակ տված խոսքը չափահաս տարիքին կատարելը, որ ռուս արիստոկրատին մահացու մեղք է, որևէ զգացմունքի համար, յուր բարձր դասակարգեն դուրս գալ և ստորինը մտնել, որ նա թողնելով մայրաքաղաքի պալատների զվարճությունքը, ի՞նչ օր պիտի տեսնե փոքրիկ գավառական քաղաքի խրճիթների մեջ, ուր մարդիկ և կովերը մի կտուրի տակ են կենում, որ նա, Եվդոքիան այնքան ուժ չունի, որ կարողանա մի օտարազգի և աննշան երիտասարդի բռնի մտցնել բարձր ազնվականների կաճառը, որ այսպիսի անհավասար պսակը ամեն հանցանքներեն աններելին է խելոք և բարձրաստիճան մարդոց աչքում, որոց կարծիքը արհամարհելը շատ վտանգավոր է, և այլն:

Նույն օրը իշխան Կաբիլքինը մի ծրարի մեջ 500 մանեթ դրած և հետը մի փոքրիկ նամակ, ծառայի ձեռքով հասցրեց Ալթմազովին. նամակի մեջ գրված էր. «Եվդոքիայի ուսումնառությունը վերջացած պետք է համարել, այսուհետև նա ուրիշ կյանքի համար պիտի պատրաստվի. ուրեմն ձեր իմ տան մեջ իբր ուսուցիչ մնալը այսուհետև ավելորդ է: Այսօր ևեթ պիտի ազատեք ձեր կեցած սենյակը, ուր պիտի հյուրընկալեմ իմ ազգականին, որ այսօր պիտի գա իմ տունը հեռավոր քաղաքից, և ինչպես ձեզ հայտնի է, տանս մեջ բացի նորանից, ուրիշ ազատ սենյակ չունիմ, իսկ այս 500 մանեթը ստացե՛ք ինձանից` կուզեք ինչպես ընծա, կուզեք ինչպես կանխիկ ձեր ռոճիկը մինչև սեպտեմբերի ամսին, որով կլրանա մեր չորս տարվա պայմանագրությունը:

Իշխան Կաբիլքին»

* * *

Վրա անցավ երկու տարի: Ալթմազովը թեև համալսարանական ուսման ընթացքը ավարտեց և մաթեմատիկայի առաջին կանդիտատը եղավ, բայց նա իր նպատակին հասած չհամարեց իրան. նորա գլխավոր նպատակն էր, մայրաքաղաք գալով, ո՛չ գիտություն, այլև փող և մեծ փող ձեռք բերել. բայց այն անիծած փողը, այդ ժանգոտ մետաղը չընկավ նորա ձեռքը: Ալթմազովի սիրտը «խոր մնաց», նորա ուխտը չկատարվեցավ. ամոթ չէ՞ր նորան վերադառնալ Երևան կամ Թիֆլիզ` առանց արիստոկրատ կնկա, առանց միլիոնավոր օժիտի. ի՞նչ պիտի ասեին մարդիկ: Ալթմազովը համառությամբ մնաց Պետերբուրգ և սպասում էր յուր բախտի անիվի շուռ գալուն:

Մի անգամ բարեկամներեն մեկից լսեց, որ գերմանացի ծեր մի ամուրի կա, որ շատ ուզում էր յուր եղբոր` տարիքը անցած աղջկան մարդու տալու, որին ասում էին ամենքը միաբերան, թեև այժմ մեծ օժիտ չի տալ, բայց պառավ աղջիկը նորա միակ ազգականը գալով, ծերունու մեռնելեն հետ հարկավ պիտի ժառանգի նորա անբավ հարստությունը, որն ասում էին, ութը միլիոնեն ավելի է և ապահով կեցած է տերության բանքում:

Ալթմազովը խնդրեց բարեկամին, որ իրան ծանոթացնե թե՛ այդ հարսնացու աղջկա և թե՛ նորա ծերունի հորեղբոր հետ: Շատ ժամանակ վրա չանցած, նա երկուսի հետ ևս ծանոթացավ, և ինչ որ լսել էր նոցա մասին, իրավ որ այդպես էր. աղջիկը երեսուն տարեկանեն ավելի չոր-չոր, բարձրահասակ, բավականին ցանցառ, դեղին ու նոսր մազերով, երկայն երեսով գերմանուհի էր, իսկ ծերունի հորեղբայրը մոտ յոթանասուն տարեկան հիվանդոտ մարդ էր, որը, ինչպես ասում են, «քթեն բռնեիր` հոգին պիտի փչեր»:

Ալթմազովը յուր կրակոտ աչքերով և գեղեցիկ երեսովը շուտ կարողացավ տաքացնել այն սիրտը, որ արագ-արագ սկսել էր հանգչել սիրո համար: Ողորմելի Մարիխենը չգիտեր ո՞ր աստվածներուն փառք տար այսպիսի անակնկալ բախտի համար. երեսուն տարեկան հասակումն քսանհինգ տարեկան բոցոտ ասիացու սե՞րայդ խոմ հեքիաթի մեջ գրվելու բան է: Ինքն իրան հանգստացնելու համար` Մարիխենը ձևանում է, իբր թե կասկածում է Ալթմազովի սիրո անկեղծության մասին: Ալթմազովը երդումով հավատացնում է, որ բացի անխարդախ սերեն, ուրիշ ոչինչ չի փնտրում նորա մեջ:

Կարելի է դուք կարծում եք, որ հարուստ ծերունին իմ հայրս է և կամ ես նորա հոգևոր զավակն եմ. ո՛չ ես մի խեղճ որբ եմ և մի կտոր հացի համար կենում եմ նորա տանը:

Ի՞նչ փույթ, ես ոչինչ ուրիշ բան չեմ ուզում, բացի ձեր սրտեն և ձեռքեն, — հանգստացնում է նորան Ալթմազովը:

Պարոն Ալթմազով, կարելի է դուք կարծում եք, որ ինչպես իմ համազգի գերմանացի կնանիքը կամ աղջիկները, ես երևելի ուսումն ունիմ կամ հմուտ եմ տնտեսության մեջ, այդտեղ ևս կսխալիք. ծնողներես վաղ զրկվելով, ես ո՛չ ուսումն ստացա և ո՛չ տնտեսություն կարողացա սովորելու. իսկ հորեղբայրս շատ ժլատ էր, որ նա իմ կրթության համար տար տարեկան մի քանի հարյուր ռուբլի: Այժմ ես կարող եմ միայն, — նայեցե՛ք, առաջվանե եմ ասում, — ապահովյալ մարդու կնիկ լինել, ավելի ոչինչ:

Ալթմազովը ծոցեն հանեց համալսարանե ստացած վկայաթուղթը և ասաց.

Ահա այս թուղթը կուտա մեզ շատ փող և կատարյալ ապահովություն, իսկ ձեզ, քնքուշ օրիորդ, կմնա այդ փողը ձեր ուզածի պես մսխել և իմ տաք սրտի մեջ մինչև այժմ փնտրած բախտը գտնել:

Արդարակորով գերմանուհին, տեսնելով որ յուր ամեն պակասությունները հայտնելեն հետ, չկարողացավ հեռացնել իրանից այս սիրահար երիտասարդին, և մյուս կողմանե միտք անելով թե` ի՞նչ շահ է այսքան ժամանակվա կամավոր կուսությունը, խոսք տվեց Ալթմազովին, ո՛չ առանց ցիրլիխ-մանիրլիխ (zierlich-manierlich)21 շարժումների` նորա հրաբորբոք փափագին հասցնելու, և նույն երեկոյին, թեյի ժամանակ պատմեց յուր հորեղբորը այս անակնկալ բախտը: Հորեղբայրը երկու ձեռքը mit Andacht (բարեպաշտությամբ) բարձրացնում է երկինք ու ասում. — Փա՛ռք քեզ, աստված (Gott sei Dank), թեև մի փոքր ուշ, բայց վերջը-վերջը լսեցիր դու իմ աղոթքը, ես խոստացել էի ողորմած հոգի եղբորս, քու հորդ, որ մինչև քեզ մի արժանավոր մարդու կին չի տեսնեմ, ոչ կպսակվիմ և ոչ կմեռնիմ: Ես ի՛նչ անեի, որտեղե՞ն գտնեի քեզ համար արժանավոր փեսա. դու գիտես մեր ժամանակվա երիտասարդները մի-մի արծաթասեր Հուդա Իսկարովտացիներ են, որ ամեն բան, մինչև անգամ իրանց սուրբ զգացմունքը պատրաստ են փողի գնով ծախելու. նոցա ո՛չ կենաց անբաժան ընկեր, այլ ոսկիով լցված սնդուկ է պետք. այս է պատճառը, որ քու պսակը ein Bisschen (մի փոքր) ուշացավ, իմ սիրեկան Մարիխեն: Դեհ, ուրեմն էգուց ճաշի հրավիրե հերցնես լիբխենիդ22, որ ես էլ մի փոքր հետը խոսիմ, տեղեկանամ և միամտանամ, որ ապա թե կարողանամ նորան ավանդելու իմ շեցխենին (գանձին): Մյուս օր, իրավ որ, Ալթմազովին հրավիրեցին գերմանացի Կրեսոսի մոտ ճաշի: Wildbraten-ի մեջ, տասներկու կոպեկանոց գարեջուրի առջև սկսվեցավ երեսուն տարեկան գերմանուհու հարսնախոսությունը քսանհինգ տարեկան չքնաղ հայ երիտասարդի հետ: Ծերունի Շմիդտը յուր ականջով լսեց Ալթմազովի անշահասեր առաջարկությունը և անշիջանելի սերը դեպի Մարիխենը, որի վրա, իբր թե, վեց տարիե ի վեր սաստիկ սիրահարված է: Չգիտեմ հավատա՞ց ծերունին, թե՞ հավատացող ձևացավ, միայն թե հոժարեցավ նոցա ամուսնությանը: Ճաշեն հետ երկուսին էլ յուր առանձնասենյակը հրավիրեց, ինքը վրան հինավուրց բարեպաշտ նահապետների դերը առավ և սկսավ պես-պես խրատներ տալ, որը քաղել էր գող-բազարի մեջ գնած արժանագին գերմանական գրքերեն. հաղորդեց նոցա` իրար սիրել, աչքերը օտար մարդոց վրա չի տնկել և շատ այսպիսի հոգեշահ խրատներ տվեց նոցա, որոց համար, ինչպես ամենքը գիտեն, ժլատ մարդիկ խիստ առատաձեռն են: Ես, հեղինակս այս վեպին, իմ կողմանե կարող եմ հավատացնել, որ Մարիխենը այդ ամեն խրատները ճշտությամբ կկատարե:

Այսպես, ամեն կողմեն միամտված, ծերունին Աբրահամի, Իսահակի, Հակովբի և Տոբիտի օրհնությունները թափում է (գերմանացին շատ սիրում է աստվածաշունչ կարդալ, այդ գիտեք ամենքդ) այս սիրահարներու գլխուն:

Մի շաբաթից, տեր Գրիգորըաստված լուսավորե հոգինՍմոլենսկի եկեղեցումը լռելյայն կատարում է սոցա պսակի ծեսը, և նույն օրը Պետրոս-Պողոսի եկեղեցում գերմանական արարողությամբ կատարվում է նույն բանը երկրորդ անգամ: Մյուս օր ծերունի Շմիդտը 3500 ռուբլի Մարիխենի անունով դնում է պետական բանկը, իսկ շաբաթ չանցած ինքն էլ պսակվում է մի աղքատ, բայց շատ սիրուն և քսաներկու տարեկան գերմանացի աղջկա վրա. և բանը սորանով կպրծներ, եթե մի տարուց հետո ծերունու նորահարսը մի զավակ չընծայեր ծերունուն:

* * *

1870 թվականին ես Վարշավ էի գնացել իմ մասնավոր գործերի համար, և այնտեղ ոչ մի ծանոթ չունենալով, հյուրանոց էի իջել. նույն հյուրանոցումը, ծառաներեն իմացա, իջել է նաև մի հայ քահանա: Որքան որ հայերը իրանց կեցած քաղաքումը աշխատում են իրարմե հեռու լինել, այնքան էլ օտար տեղը նոցա իրար մոտեցնում է: Ես շուտ ծանոթացա այդ քահանայի հետ և իմացա, որ նա հատկապես Մոսկովեն է եկել` մի գերմանացի գեներալի, որդին հայ կնքելու: Հետաքրքրությունս շարժվեցավ և քահանան ինձ պատմեց հետագան. —

Մի պարահանդեսի մեջ գերմանացի գնդապետ, ազգանունը Շթուբե, սաստիկ սիրահարվում է մի սիրուն որբ հայ աղջկա վրա, անունը Շուշան, Արղ...յան իշխանական տոհմեն, որ գրեթե ոչինչ ծանոթություն չունենալով յուր հանգուցյալ ծնողաց մասինորովհետև շատ փոքր հասակի մեջ որբացել էվարժուհու պաշտոն է կատարում եղել: Երբ որ գնդապետը հնարը գտնում է նորա հետ բարեկամանալու և նորա մորացուի տունը, ինչպես փեսացու, հրավիրվելու, վերջինեն, այսինքն մորացուեն իմացել է, որ այդ կարծեցած խեղճ որբը բավականին նշանավոր ժառանգություն ունի իր մեռած ծնողներեն` կալվածքներով և ոսկեղեն-ակնեղեններով: Բարի պառավը հայտնել է գնդապետին, որ Շուշանը ո՛չ միայն իր հանգուցյալ ծնողաց, այլև յուր ժառանգորդն է, և ցույց է տվել նորան յուր հոգեզավակի անունով հարյուր հազար ռուբլու բանկային տոմսակ: Պսակի ծեսը չկատարած, Շուշանը յուր փեսայի հետ օրինավոր պայմանաթուղթ է շինել, որով իրմե ծնած զավակները, թե՛ տղա, թե՛ աղջիկ անպատճառ հայ պիտի կնքվին և հայ պիտի դաստիարակվին: Գնդապետը հոժարել է ստորագրվել այս պայմանին և ապա կատարվել է նոցա պսակի ծեսը: Շուշանի ամուսինը այժմ գեներալ է և Վարշավայի մեջ ծանրակշիռ տերության պաշտոն ունի:

* * *

Իսկ բախտախնդիր Ալթմազովը ի՞նչ եղավ:

Նույն օրը, որ տիկին Շմիդտի հղության ավետիսը հասնում է նորա ականջին, նա ինքը իրան խոսք տվել է, հենց որ երեխան ողջ և առողջ աշխարհ գա` նույն վայրկյանին ատրճանակը իր ճակատին տրաքացնել: Կատարե՞ց, արդյոք նա յուր խոստմունքը, թե ոչ` չգիտեմ. վաղուց Պետերբուրգեն լուր չունիմ:

1884

ՏԻԿԻՆ ԵՎ ՆԱԺԻՇՏ

ՎԵՊ

ՏԵՏՐԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այս տարվա եկավոր ժողովուրդը այնքան շատ էր Էսենթուքումը, որ ամեն փոքրիշատե օրինավոր տուն, բնակարան կամ հյուրանոցի սենյակ կրակի գին ուներ, այնպես, որ երեք ամսվա տալու վարձով կարելի էր այնտեղ և եթ մի փոքրիկ սեփական տուն շինել` հիմքից մինչև կտուրը. ուրեմն կամա ակամա ստիպվեցա բավականալու մի փոքրիկ խցիկով, որը վարձեցի մի պառավ ռուս կնոջմե: Առավոտ և երեկո այդ պառավը պարտավոր էր ինձ համար ինքնաեռ դնելու և այդ բանի համար պիտի տայի նորան ամսական երեսուն մանեթ: Սաստիկ դժգոհ էի, բայց ի՞նչ անեի այս մեկ ժամանակավոր հարկ էր, որ ամենքս (հանքային ջրերով բժշկվողներս) ստիպված էինք տալու կովկասյան բժշկարար ջրերուն:

Մի օր այս պառավը, ձեռքը մի հաստ տետրակ բռնած ներս մտավ ու ասաց ինձ.

Պարո՛ն, հրամանքդ ռո՞ւս ես, թե այլազգի ես, մեր հավատեն չես:

Ես հայ եմ, պատասխանեցի:

Եթե հայ ես, ուրեմն այլազգի ես, մեր հավատեն չես:

Հա՛, այդպես է, ասացի, ես ո՛չ ձեր ազգեն եմ և ոչ ձեր հավատեն. ի՞նչ ես ուզում ինձանից:

Չես կարող արդյոք իմանալ` այս ի՞նչ լեզվով գրած է, (ցույց տվեց ձեռքի տետրակը), ոմանք ասում են վրացերեն է, այլք ասում են` թաթարերեն է, ուրիշները ասում են` չերքեզերեն է, բայց տեղյակ ոչ ոք չգիտե: Դու որովհետև ռուս չես, այլազգի ես, անշուշտ պիտի կարողանաս կարդալու: Շատ անգամ` ուզեցել եմ հնոցը ձգել այրել, կամ ձմեռվա պատուհաններս թղթել, բայց հետո փոշմանել եմ ու միտք արել` թե կարելի է մի մարդ գտնվի, որին դա պետք գա, ինչո՞ւ փչացնեմ այս տետրակը. անշուշտ մեկ մարդ սորա վրա աշխատություն թափել է ու օրերով աչքը խավարացրել է, գրել է: Նայե՛, պարոն, ինչպես հաստ տետրակ է:

Ձեռքս առի տետրակը, նայեցա` տեսնեմ հայերեն է. շատ ուրախացա:

Մայրիկ, ասացի, եթե այս տետրակը քեզ պետք չէ, ծախե ինձ. ես քեզ լավ փող կուտամ:

Ինչի՞ս է հարկավոր, ասաց պառավը. բայց եթե փող կուտաս ու կառնես այդ ինձ համար ավելի լավ է, ես խեղճ կնիկ եմ, մեկ քանի կոպեկը երբեք ինձ համար ավելորդ փող չէ:

Կուզե՞ս տասը մանեթ տամ:

Պառավի աչքերը վառվեցավ ագահությունից, այդպիսի առատ վարձատրություն երբեք չէր սպասում նա մի անպիտան տետրակի համար, որ ամեն րոպե պատրաստ էր եղել հնոց ձգելու ու այրելու: Բայց արի՛ տես որ մարդկային ագահությունը սահման չունի եղած:

Տո՛ւր տասնհինգ մանեթ, ասաց պառավը ինքն էլ վախենալով այս չափազանց պահանջմունքեն, ու առ քեզ տետրակը:

Լա՛վ է, մայրիկ, կուտամ քեզ տասնհինգ մանեթ և կառնում տետրակը. բայց ասա, խնդրեմ, ի՞նչ կերպով դա քու ձեռքը ընկել է:

Դու ուզում ես իմանալու ի՛նչ կերպով իմ ձեռքը ընկել է այս տետրակը, ասաց պառավը, ահա՛ լսե: Ես մեկ փեսա ունեի, որ վեց-յոթը տարի առաջ հյուրանոցի մեջ սպասավորություն էր անում: Այն տարի մի օտարազգի բժիշկ եկավ Էսենթուկ և վարձեց այդ հյուրանոցումը մի սենյակ, և քանի մի ամիս կեցավ. երբ որ նա յուր տեղը գնաց, սենյակը մաքրելու ժամանակ, փեսաս գտավ այդ տետրակը պահարանի մեջ և, կարծելով որ մի օր սորա տերը կսկսե պտրելու և գտնողին վարձ կխոստանա` պահեց յուր մոտ: Բայց փեսաս շուտով մեռավ. աղջիկս էլ նորանից ետ շատ չապրեցավ. նոցանից մնացած մեկ քանի լաթերի ու հին հալավների հետ միասին այս տետրակն էլ ինձ մնաց: Ահա՛ այս տետրակի բոլոր պատմությունը: Տո՛ւր փողը և բարի վայելե՛:

Ես իսկույն տվի տասնհինգ մանեթը և տետրակը իմ սեփականությունը դարձրի:

ԱՌԱՋԻՆ ՏԵՏՐԱԿ

Տաք-ջուր. հունիսի 10.

Շատ ձախորդ պարագաներով մտա Տաք-ջուր: Ճեպակառքը, որն մեզ «Հանքային ջրերեն» բերեց այստեղ` դուրս թափեց ամենիս փողոցի մեջտեղը և ինքը գնաց հեռացավ: Մանր, սառն, թափանցիկ անձրևը անդադար շաղում էր, գետինը թաց, տեղ-տեղ ջրշեղջներ կանգնած. ծառերից ամեն մի քամի փչելիս հորդահոս թափում էին խոշոր կաթիլներ. մարդիկ դեմքերին հոգս նկարած` շտապում էին իրանց գործին. խանութի տղերքը ծույլ-ծույլ կանգնած էին խանութների դռան մոտ, անցուդարձ անողներին մինչև անգամ չէին հրավիրում ապրանք գնելու, իմանալով որ` ամեն մարդ այժմ մի բան է ցանկանում, որ է` պատսպարվել այս անտանելի օդեն:

Այսպես իմ մուտս բարևեց Տաք-ջուրը:

Մի հայ խանութպանի օգնությունով քաղաքի ետ ընկած թաղի մեջ ծանր գնով վարձեցինք մի հավաբույն և փոքրիկ պայուսակս ու իրեղեններս ներս տարի: Եվ շատ ուրախ էի, որ գոնե ցուրտ անձրևեն կարողացա ինքս ինձի ազատելու:

«Տաք-ջուրի երեք ամիսը կերակրում է նորան ամբողջ տարին»: Որպիսի ահագին հարկ պիտի տա ամեն մի ճանապարհորդ, որ կշտացնե մի ամբողջ քաղաք. բնակարանի վարձեն բռնած մինչև վերջին իրը քառապատիկ գին ունի այստեղ` համեմատելով ուրիշ տեղերի: Դիցուք թե հարուստ մարդը կարող է զիարդ և իցե տանել այդ ծանրությունը. ի՞նչ անե ողորմելի չքավորը: Ահա խնդիր, որն վճռելու համար շատ փիլիսոփաների գլուխներ պիտի ցավին ունայն:

Մեր կողմի մարդոց շատ հայտնի Բ. գտել է այստեղ յուր շռայլ ապրուստը բավականացնող առատ աղբյուր: Նորա անհագ ստամոքսը լցնելու համար որքան նիհար քսակներ ու գրպաններ պիտի քամվին:

Այսօր պղտոր եղանակի պատճառով երաժիշտների խումբը նվագելու չէ. ուրեմն ճեմելիքների մեջ զբոսնող ժողովուրդ չի լինիլ: Կմնամ տանը և շփոթված գլուխս ու պայուսակիս մեջի իրերը կարգի կբերեմ:

Ինչպես կուզեի իմանալ` եկե՞լ է «նա», թե ո՛չ. և կամ` այստե՞ղ է, թե՞ գնացել է Էսենթուք, կամ Թթու-ջուր, կամ Երկաթ-ջուր...

Հունիսի 11.

Այսօր բոլոր օրը անցուցի ճեմելքիների, հասարակական զբոսարանների մեջ և լողարանների մոտերը ման գալով, հույս ունեի կա՛մ «նորան» տեսնել, կա՛մ` նորա հորը, կա՛մ նաժիշտին և կա՛մ ծառաներին մեկին. բայց իմ մանրակրկիտ հետազոտությունները իզուր կորան. նա դեռևս եկած չէ՛: Շատ կառապանների էլ հարցուցի` արդյոք այս ու այս նշաններով մարդիկ բերե՞լ են հանքային-ջրեր ասված իջևանեն. նոցա պատասխաններեն եզրակացուցի, որ իմ պտրածներին նոքա ո՛չ տեսել են և ո՛չ հանդիպել են: Ինչո՞ւ այսքան ուշացան, ի՞նչ է պատճառը, ի՞նչ արգելք է հանդիպել: Իմ կարծիքով նոքա ոչինչ պատճառ պիտի ունենային Ռոստով այդքան երկար մնալու:

Քուռսերը թեև մայիսի առաջին օրերին սկսված են, բայց ժողովուրդը շատ սակավ է: Ասում են թե այժմ` Կովկասի ջրերը այցելելը ավելի թանկ է նստում, քան թե արտասահման երթալը: «Կույրն էլ գիտե, որ կիրակին տոն օր է»: Երբ որ լուր տարածվեցավ, որ մեր մեծամարդիկը Կովկասի ջրերը տվել են բախտախնդիր Բ. ձեռք, ամենքը միաբերան ասացին, որ ջրերու բանը պրծավ. ժողովրդի նախագուշակությունը շուտ և ճիշտ կատարվեցավ, թեև Բ. դորանից ոչինչ վնաս չունի: Ո՛վ գիտե նա յուր տան խորշում նստած և հազարները համարելով քթի տակից որքան կուշտ ծիծաղում կլինի, ասելով.

«Թող իմ բանը աջի, ով կուզի հաչի»:

Քաղաքիս իսկական անունը խաբարդացիների լեզվով Ըսսը-Սու է, որ նշանակում է տաք ջուր, իսկ ռուսաց Փյաթիգոռսք անունը տված է Բեշ-թավ սարեն, որ հիրավի հինգ գագաթ ունի և որ քաղաքիս հյուսիս-արևելյան կողմումն է 8-10 վերստ հեռավորությամբ: Ինքը քաղաքը հիմնած է Մաշուխ սարի լանջի վրա, նորա ստորոտը և այն ձորի մեջ, որն կազմվել է Մաշուխի ծոցեն բխող հանքային ջրերու փորելեն:

Հանքային ջրերու բժշկարար զորություն ունենալու մասին, մեր օրերում, երկարորեն խոսիլն անգամ ավելորդ աշխատանք է, իսկ Կովկասի հանքային ջրերու օգտավետությունը խորին հնությանը ևս հայտնի էր: Բայց ես մի տարօրինակ կարծիք լսեցի, որին թեև չեմ հավատում, բայց այստեղ հիշելը ավելորդ չեմ համարում: Ինձ շատ տեղացի ծերեր ասացին որ` առաջվա ժամանակները Տաք-ջուրի բժշկարար ուժը ավելի էր. հենց որ նոքա սկսան նորանոր կարգերը մտցնելու` ջրերն էլ քանի գնաց ավելի և ավելի կորցրին զորությունը: Դարձյալ կրկնում եմ, այս խոսքերին ես հավատ չեմ ընծայում, բայց նոցա տակը ամուր գծում եմ: Սորա նման մի ուրիշ կարծիք կլսեք Թիֆլիսի ծերերից եղանակի ցրտանալու մասին: Այս ի՞նչ բան է:

Հունիսի 13.

Երկու օր անտանելի օդեր էին` տոթ, քամի և փոշի. բոլոր այդ ժամանակը ոտքս սենյակես դուրս չի դրի. ինքս ինձի տկար էի զգում: Էսենթուքի ջուրը մարդուս շատ արթուն է պահում, այնպես, որ` նորա խմողը յուր բնակարանեն շատ պիտի չհեռանա:

Այսօր որ դուրս եկա` առաջին գործս եղավ հարց ու փորձ անել Սոֆիայի մասին. երբ որ իմացա, որ տակավին եկած չէ` գնացի ու առաջին անգամ մտա Տաք-ջրի երևելի ծծմբային լոգարանը. թեև միայն տասը րոպե մնացի մեջը, բայց երբ որ դուրս եկա` ասես թե կյանքիս վերա տասը տարի ավելցուցած զգացի: Երանի՛ այն մարդոց, որոնք աստվածային այսպիսի շնորհը տարին-տասներկու ամիս քթերի տակ ունինԲայց ի՞նչ կասես, որ Հայաստանն էլ մի օր լիքն է եղել բնության այսպիսի անգին գանձերով: Ասում են թե` Անիի բաղանիքի մեջ հինգ ջոկ հատկության հանքային ջրեր բերված են եղել զանազան տեղերե:

Առավոտները բազմությունը ժողովվում է Եղիսաբեթյան աղբյուրի կամ ինչպես շենքի վերա գրած է` Եղիսաբեթյան սրահի մեջ, ուր յոթ ժամեն մինչև ութը նվագում է երաժշտաց խումբը: Հիվանդներեն շատերը այդ միջոցին են խմում ո՛րը մի և ո՛րը երկու բաժակ ծծմբային ջուր և մարսելու համար ամբողջ ժամ առաջ ու ետ ման են գալիս սրահի մեջ: Երբ որ երաժիշտները դադարում են նվագելը, բազմությունն էլ ցրվում է: Այնուհետև սովորաբար սկսում է ժողովրդի կամ ավելի ճիշտ ասեմ` հիվանդների մեծ մասը լոգարաններում լվացվելու:

Следующая страница