Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Մխիթար սպարապետը բնիկ սյունեցի էր, տեղային մի հին, իշխանական տոհմից շառավիղած: Նա Վրաստանում ոչ մի պաշտոն չուներ և ոչ կամենում էր ընդունել: Թե ինչո՞ւ համար այդ երևելի վարատականը թողել էր իր հայրենիքը, — ոչ ոք չգիտեր: Նրա կյանքի պատմությունը ծածկված էր խորին մթության մեջ: Մցխեթում ապրում էր նա որպես մի օտարական հյուր և խիստ մոտ հարաբերություններ ուներ վրաց մեծ պարոնի հետ: Նրա տարիքը քառասունևհնգից հազիվ անցած կլինեին: Միջակ հասակով, թիկնավետ, բարեկազմ մարդ էր սպարապետը, առյուծի խրոխտալի դեմքով, որ ազդում էր նայողի մեջ երկյուղ և պատկառանք: Նրա անունը այլապես չեն արտասանում մեր պատմագիրները, առանց ավելացնելու «քաջ» կամ «այր անպարտելի» խոսքերը:

Նա Բեկի տան բակում գտավ պառավ Քեթևանին, որ իր առաջակալի մեջ սիմինդրի հատիկներ լցրած, գնում էր դեպի ախոռատունը` հավերին կուտ տալու:

Բարի լույս, Քեթևան, — ասաց նա, մոտենալով պառավին, — Բեկը քնա՞ծ է, թե վեր է կացել:

Աստծու բարին ձեզ, — պատասխանեց պառավը, շվարած կերպով կանգնելով: — Ի՞նչ ասեմ, իմ տեր, աստված գիտե, քնած է, թե արթուն է: Գիշերը ձեր գնալուց հետո նա եկար անքուն մնաց. մինչև առավոտ ճրագը վառվում էր: Հետո կանչեց ինձ, ասաց. «Քեթևան, ես ուզում են մի փոքր հանգստանալ, ով որ գալու լինի, ինձ չզարթեցնեք, իսկ եթե սպարապետը գալու լինի, զարթեցրեք»: Հիմա դուք եկաք:

Այո՜, ես եկա, դու խո տեսնում ես, որ եկա, դե, գնա զարթեցրու, իմ սիրելի Քեթևան, — ասաց սպարապետը, երբ տեսավ, որ պառավը տեղից չէ շարժվում:

Կգնամ, ցավդ տանեմ, կգնամ, — ասաց պառավը, իր քայլերը ուղղելով դեպի ախոռատունը, — թող այդ կուտը առնեմ հավերին տամ, հետո կգնամ, ցավդ առնեմ:

Իսկ ես այս անձրևի տակ կանգնած պիտի սպասե՞մ, սիրելի Քեթևան, — հարցրեց սպարապետը, փոքր-ինչ վրդովվելով:

Ինչո՞ւ եք սպասում, ցավդ առնեմ, եկեք ինձ հետ, տանենք կուտը տանք, այնտեղ հավերի մոտ ծածկված է, չեք թրջվի, ցավդ առնեմ:

Սպարապետը նկատելով, որ պառավը կամենում էր դեռ առաջ հավերին մի ծառայություն անել տալ և հետո զարթեցնել Բեկին, այլևս չսպասեց, մտավ նրա ընդունարանը: Ընդունարանից, որի հետ ծանոթ է մեր ընթերցողը, մի նեղ դուռ տանում էր դեպի Բեկի ննջարանը, որը միևնույն ժամանակ վրաց առաջին պետական մարդու կաբինետն էր: Սպարապետը մի քանի անգամ բախեց դուռը: Շուտով հայտնվեցավ շեմքի վրա Բեկը: Նրա հոգնած, գունաթափ դեմքից երևում էր, որ նա ամբողջ գիշերը կամ ամենևին քնած չէր, կամ փոքր-ինչ նիրհել էր միայն առանց հանվելու:

Դու հիվա՞նդ ես, ի՞նչ է պատահել քեզ, — հարցրեց սպարապետը հետ-հետ քաշվելով. — դու ամենևին քեզ նման չես:

Ներս եկ, այստեղ ավելի լավ է, — խոսեց Բեկը, կարծես չլսելով, թե ինչ հարցրին իրանից: — Նստիր այստեղ, ոչ ոք չի խանգարի մեզ: — Նա ցույց տվեց փոքրիկ թախտը, որի վրա պառկում էր ինքը:

Սպարապետը չհանգստանալով, դարձյալ հարցրեց. — քեզ հետ, երևի, մի վատ բան է պատահել:

Ոչինչ բան չի պատահել, միայն գիշերը անքուն եմ անցկացրել: Նստիր, — ասաց նա, կրկին ցույց տալով թախտը:

Ննջարանը տախտակից շինված փոքրիկ սենյակ էր, որի մի հատիկ լուսամուտը բացվում էր դեպի պարտեզը: Դրսում օրը բոլորովին անպամած լինելով, նեղ լուսամուտից ծագած աղոտ լույսը բոլորովին անզոր էր վանելու սենյակի մթությունը:

Դու, կարծեմ, ինչ որ ասելու ունեիր ինձ, — հարցրեց սպարապետը, նստելով թախտի վրա:

Այդ մարդը ինչո՞ւ համար է եկել: — Նրա վերջին հարցը Աղասու մասին էր:

Կարդա այդ նամակները, հետո կխոսենք, — ասաց Բեկը, տալով նրան Աղասու բերած նամակները, իսկ ինքը դուրս գալով ննջարանից: Նա իր ծառաներից մեկին կանչեց, կանգնեցրեց ընդունարանի դռանը, պատվիրելով, որ ոչ ոքին ներս չթողնե:

Սպարապետը մոտեցավ լուսամուտին, սկսեց կարդալ: Նրա դեմքը, նամակների բովանդակության համեմատ, ընդունում էր երբերմն տխուր, երբեմն ուրախ, երբեմն բարկացկոտ արտահայտություն: Եթե նա լիներ տաքարյուն, շուտ հափշտակվող մարդերից, երբ Բեկը կրկին վերադարձավ իր ննջարանը, կգրկեր նրան և համբուրելով կասեր. «Այլևս ո՞ր օրվանն ենք սպասում, գնանք»... Բայց նա խիստ սառնասրտությամբ նամակները մի կողմ դնելով, ասաց.

Այժմ հասկանում եմ, թե ինչու գիշերը անքուն ես անց կացրել... — և միևնույն ժամանակ նրա խորախորհուրդ աչքերի մեջ շողաց ուրախության նման մի բան:

Որքան սպարապետը խոհեմ, բազմափորձ, զգույշ և խոր մտածող մարդ էր, այնքան Բեկը սկզբից երկար մտածել չէր սիրում: Նա մտածում էր գործը սկսելուց հետո, բավականանալով մի քանի անհրաժեշտ նախապատրաստություններով միայն: «Գործը գործ ցույց կտա» — դրա մեջն էր նրա գործելու եղանակի բուն գաղտնիքը: Եվ հետևելով իր սովորությանը, նա մի առանձին վեհությամբ կանգնեց սպարապետի առջև, և անձնավստահ ժպիտը երեսին, ասաց.

Գնա՜նք, բարեկամ, հայրենիքը կոչում է մեզ...

Սպարապետը իսկույն չպատասխանեց, որովհետև այդ միջոցում աղմուկի ձայն լսվեցավ:

Դա անպատճառ Բայինդուրը կլինի, — ասաց Բեկը, շտապելով դուրս գալ ննջարանից նրան ընդունելու համար:

Նրա մոտ կարո՞ղ ենք խոսել, — հարցրեց սպարապետը:

Ինչո՞ւ չէ: Նա զեվզեքություններ անել սիրում է, միայն դատարկ բաների վերաբերությամբ, բայց ծանրակշիռ հարցերում նա սաստիկ ծածկամիտ է:

Հանգստացնելով սպարապետին, Բեկը դուրս եկավ Բայինդուր իշխանին ընդունելու համար: Նա տեսավ` պարսից թագավորի «բաթման ղլիճը» բռնել էր իր ծառայի ականջից, և ձիգ տալով, նրա գլուխը կպրցել էր գետնին, երեսը շփում էր ցեխի մեջ, ասելով.

Էլ մյուս անգամ չհամարձակվես ասել Բայինդուրին, թե Բեկը ոչ ոքի չէ ընդունում:

Տեսնելով Բեկին, ասաց նրան.

Գիշերը այստեղ շունը առաջս կտրեց. հիմա էլ այդ անպիտանը. մեկը մյուսից ոչնչով պակաս չեն. բայց երկուսն էլ լավ խրատվեցան. թող դրանից հետո գնան իրանց հանգուցյալ հորը խաբար տանեն, թե պարսից թագավորի «բաթման ղլիճը» ինչպես վարվել գիտե մարդերի հետ:

Այդ խոսքերը մրթմրթալու միջոցին, նրա աչքը ընկավ Բեկի երեսին:

Ինչո՞ւ ես ռեխդ այդպես թթվացրել, — հարցրեց նրանից. — չլինի՞ թե վատ երազ ես տեսել: Այնտեղ ո՞վ կա, — նա ձեռքը մեկնեց դեպի ննջարանը:

Ոչ ոք, սպարապետն է միայն: Գնանք, — ասաց Բեկը, նրա ձեռքից բռնելով:

Ճշմարիտ, չգիտեմ, թե ինչո՞ւ այդ մարդու երեսը տեսնելիս, ինձ միշտ թվում է, թե տերտերի առջևը չոքած, ես խոստովանում եմ իմ հին ու նոր մեղքերը, պատմում եմ իմ երևելի ու աներևույթ հանցանքները:

Լավ, գնանք, շատ դուրս մի տար, — ասաց Բեկը ծիծաղելով,-եթե երկար կմնաս այստեղ, անձրևը բոլորովին կթրջե քեզ:

Անձրևը դեռ մաղվում էր: Բայինդուր իշխանը դեռ կանգնած էր բակում և ջուրը նրա գանգրահեր յափունջու մազերից առատությամբ կաթկթում էր: Նա ներս մտավ ընդունարանը, յափունջին կախեց մի ցցից, որ ցամաքի, հետո մտավ Բեկի ննջարանը: Տեսնելով այնտեղ սպարապետին լուռ մտախոհության մեջ, ասաց նրան.

Շատ մի մտածիր, շուտ կպառավես. աշխարհը հիմա գժերին է պատկանում. «Ով չուստ, նա կուշտ»:

Սպարապետը ոչինչ չպատասխանեց, միայն նայեց նրա երեսին և ծիծաղեց: Իսկ «բաթման ղլիճը», մի քննական հայացք ձգելով փոքրիկ սենյակի շուրջը, ասաց նրանց.

Էլի ինչո՞ւ եք մտել այդ ծակը, էլ ի՞նչ սատանաներ ունիք նայելու:

Նստիր, շատախոս, համբերություն ունեցիր,-ասաց նրան սպարապետը, ձեռքիցը բռնելով և քարշ տալով դեպի թախտը, որի վրա ինքը նստած էր: — Ես զարմանում եմ, թե դու ինչպե՞ս ես համբերել քո մոր արգանդում:

Հովնան մարգարեն ինչպե՞ս երեք օր մնաց ձուկի փորում, իսկ ես, կարծեմ, նրանից ավելի չեմ մնացել, — պատասխանեց նա, նույնպես ծիծաղելով և նստելով սպարապետի մոտ:

Բեկը դեռ ոտքի վրա էր. նա դարձավ իր հյուրերին, հարցնելով, թե չէի՞ն ցանկանա մի փոքրիկ նախաճաշիկ անել:

Ես բոլորովին խումար եմ, — ասաց նրան իշխանը, — գլուխս տրաքում է այս գիշերվա շատ խմելուց. ինձ առաջ խումարությունից դուրս բերեք, հետո ինչ որ տալու լինեք, կուտեմ:

Բեկը ձեռքերը թափահարեց և նրա ծափ տալու ձայնից ծառան ներս մտավ:

Մի շիշ արաղ տվեք մեզ, — հրամայեց ծառային:

Ոչ, ոչ, — նրա խոսքը կտրեց իշխանը, — դրանց ձեռքով բերված արաղը ինձ խումարությունից չի հանի. թող այն քածերից մեկը բերե:

Դու հավիտյան այսպես ջահել կմնաս... — նկատեց նրան սպարապետը փոքր-ինչ կծու հանաքով:

Ինչո՞ւ, պառավ ձին գարի չի՞ ուտի, — պատասխանեց իշխանը առանց վիրավորվելու: — Ես սրտով միշտ ջահել կմնամ և այդ ապրելու ամենախելացի եղանակն է կյանքի մեջ:

Այդ միջոցին Քեթևանի հարսներից մեկը, Դարոն, արաղի շիշը ձեռին մի փոքրիկ ֆինջանի հետ ներս բերեց: Պարսից թագավորի «բաթման ղլիճը» ստիպեց նրան, որ իր ձեռքով լցնե ֆինջանը և իրան տա: Դարոն կատարեց հրամանը, և իշխանը մեծ ախորժակով խմելով, ասաց.

Հիմա գլուխս կարգի կընկնի. խումարությունս անցավ:

Բեկը իր կողմից հրամայեց Դարոյին, որ նախաճաշիկի համար ձվածեղ պատրաստեն: Երբ մանկահասակ կինը հեռացավ, Բայինդուր իշխանը բավական լրջամիտ դեմք ընդունելով, որ ամենևին սազ չէր գալիս նրան, դարձավ դեպի Բեկը, հարցնելով.

Ես ինչ-որ բանի հոտ եմ առնում. դրուստն ասեցեք, ի՞նչ կա: Այստեղ, վաղ առավոտյան, սպարապետը, քնահարամ եղած, եկել, նստել է, այնտեղ, ախոռատնում, մի սյունեցի անծանոթ երիտասարդ է պահված. խոսեցնում ես, խոսեցնում ես, մի բառ անգամ չես կարող դուրս քաշել սատանայի լակոտի բերնից, կարծես, սիրտը անտակ ծով լինի. ամեն բան խորասուզվում է, ամեն գաղտնիք թաքնված է այնտեղ...

Թե Բեկը և թե սպարապետը հասկացան, որ իշխանը նախքան իրանց մոտ գալը, ախոռատնում տեսնվել է Աղասու հետ: Եվ որովհետև իրանց մեջ արդեն վճռել էին, որ նրան ևս մասնակից անեն իրանց խորհրդին, այդ պատճառով տվեցին նրան Աղասու բերած նամակները կարդալու:

Նա մոտեցավ լուսամուտին և սկսեց լրջությամբ կարդալ: Զարմանալի փոփոխություն այդ միշտ ուրախ, միշտ անհոգ և կատակներ սիրող մարդու մեջ: Ընթերցանության ժամանակ նա մի քանի անգամ խորին կերպով հոգոց հանեց, մի քանի անգամ արձակեց խուլ հառաչանքներ, հետո նրա աչքերը լցվեցան արտասուքով: Վիթխարի հսկան, երկաթի մարդը սկսեց երեխայի նման լաց լինել: Նրա սիրտը այնքան փափուկ էր, նրա զգացմունքները այն աստիճան ազնիվ էին, որ չէր կարող դիմանալ, կործանվող հայրենիքի մահվան բոթը այդ նամակների մեջ նկարագրված տեսնելով: Նա հանկարծ վեր թռավ նստած տեղից և իր թուրը պատյանից դուրս քաշելով, դրեց Բեկի ոտների մոտ, ասելով.

Ահա քո խոնարհ ծառան դնում է իր թուրը քո ոտների մոտ, առաջարկելով իր ծառայությունը: — Գնա՜նք, ես պատրաստ եմ. հայրենիքը կոչում է մեզ:

Բեկը գրկեց նրան և համբուրեց: Այնուհետև երկար ու երկար նրանք խոսում էին և խորհում այն բոլոր կարգադրությունների ու նախապատրաստությունների մասին, որ պետք էր գործ դնել նախքան Վրաստանը թողնելը:

ԺԳ

Միևնույն ավուր ուշ-գիշերային պահուն Դավիթ բեկի ննջարանը լուսավորված էր յուղային ճրագով, որ դրած էր փայտյա աշտանակի վրա: Թախտի վրա նստած էր Բեկը, իսկ նրա մոտ գերեվաճառ Սաքուլը: Տան բոլոր դռները կողպված էին: Ծառաները, սպասավորները, աղախինները, բոլորը քնած էին: Ամբողջ տունը մրափում էր խորին, խաղաղական լռության մեջ:

Գերեվաճառի մոտ մի ամանի մեջ դրած էր գինի, որից երբեմն իր ձեռքով ածում ու խմում էր, կարծես, կոկորդը թրջելու համար, որպեսզի ավելի դյուրություն ունենա շարունակելու իր երկարուձիգ խոսակցությունը:

Ես, — ասում էր նա, — Դաղստանում այնպիսի անուն եմ ստացել, որ թե մեծը և թե փոքրը բոլորը իմ անունով են երդում ուտում: Այստեղ միայն այդ անպիտան վրացիները չեն հարգում Սաքուլին: Իսկ այնտեղ, Դաղստանի իմամի հետ, ես ծունկ ծնկի կպցրած եմ նստում:

Այդ բոլորին հավատում եմ, Սաքուլ, — ասաց նրան Բեկը, դու այն ասա՜, թե իմամը ի՞նչ ազդեցություն ունի Դաղտանում:

Այն ազդեցությունն ունի, որ եթե մատը բարձրացնելու լինի, ամբողջ Դաղստանը էշի նման կզռա: Նրանից մեծ էլ ո՞վ կա այնտեղ: Նա բոլոր լեզգիների թե հոգևոր և թե մարմնավոր գլուխն է: Ամենքը աստծու նման պաշտում են նրան:

Կռիվներ սիրո՞ւմ է:

Եթե առաջարկեին ջրի տեղ արյուն գործածել, նա կընտրեր այդ վերջինը:

Այդ բոլորը, ինչ որ հարցնում է Բեկը, իրան ավելի լավ հայտնի էր, քան թե Սաքուլին, միայն նա կամենում էր գերեվաճառի կարծիքը հասկանալ:

Այդ բոլորը շատ լավ, — առաջ տարավ Բեկը. — ուղիղն ասա՜, Սաքուլ, դու հայոց ազգը, հայոց երկիրը սիրո՞ւմ ես:

Այդ ի՞նչ հարցնելու բան է, հերօրհնած, իհարկե սիրում եմ, — պատասխանեց գերեվաճառը այնպիսի մի զարմացումով, որքան կզարմանար նա, եթե մեկը հարցնելու լիներ. «Դու այդ առջեդ դրած գինին սիրո՞ւմ ես», թեև գինու մասին նա ավելի պարզ, ավելի որոշ գաղափար ուներ, իսկ հայոց ազգի և հայոց երկրի մասին ոչինչ գաղափար չուներ:

Ինչո՞վ ես սիրում, — հարցրեց Բեկը:

Ինչո՞վ պետք է սիրեմ, իմ կյանքում ոչ մի անգամ հայոց պասը չեմ կերել, ես հայ եմ ծնվել, ինձ մկրտել են հայոց եկեղեցում. նույն եկեղեցում ամեն տարի հաղորդվում եմ ես. նույն եկեղեցում ես պսակվեցա, նույն եկեղեցին կտանեն իմ մարմինը, երբ կմեռնեմ. այնտեղ իմ մեղքերի համար պատարագ կմատուցանեն և այնտեղից քահանան կտանե ինձ թաղելու: Հիմա տեսնո՞ւմ եք, ես որքա՛ն սիրում եմ:

Այդ սիրով այն աստիճան հափշտակվեցավ Սաքուլը, որ լցրեց գինու բաժակը և լուռ անուշ արեց, գուցե իր մտքում օրհնելով այն ազգի կյանքը, որին սիրում էր:

Իսկ Բեկը նկատելով, որ գերեվաճառը «հայոց ազգ», «հայոց երկիր» բառերը չէր որոշում եկեղեցուց ու նրա կրոնական արարողություններից, — հենց այդտեղից պինդ բռնեց նա:

Տեսնում եմ, սիրելի Սաքուլ, որ դու շատ ես սիրում հայոց եկեղեցին, որի մեջ դու մկրտվել ես, հաղորդվել ես, պսակվել ես, որի մեջ պիտի տարվի քո մարմինը մեռնելուց հետո, որի մեջ քո մեղքերին թողություն կլինի, երբ հայոց քահանան քո հոգու համար պատարագ կմատուցանե: Բայց դու գիտե՞ս, որքա՛ն շատ են քո մեղքերը և եկեղեցին որքա՛ն մեծ բարերարություն է անում քեզ, որ սրբում, մաքրում է նրանց:

Գիտե՛մ... գիտե՛մ... — հոգվոց հանելով պատասխանեց գերեվաճառը, — գիտեմ որքան շատ են իմ մեղքերը...

Երևելի չարագործը գիտեր` որքան շատ էին իր մեղքերը, նա իր կյանքում ամեն տեսակ եղեռներ գործած էր: Եվ որպես վաճառական, որ ամեն բանի վրա շահի կետից է նայում, նա հասկանում էր, թե որքան շատ պարտական է հայոց եկեղեցուն, որ մաքրում էր նրա հոգու ախտերը, որ ազատում էր նրան դժոխքի կրակից: Եվ այդ բոլորը կատարում էր եկեղեցին համարյա ձրի, համարյա թե առանց վարձատրություն կամ փոխարինություն պահանջելու: Մի քանի շահիներ տալով տերտերին, կարելի էր նրա մոտ խոստովանել, հաղորդվել, նրան պատարագ մատուցանել տալ: Դա խիստ էժան բան էր Սաքուլի կարծիքով. մի քանի շահիներով նա գնում էր մի քանի հազարների մեղքեր: Կարելի էր մեկին կողոպտել, մյուսին խաբել և հազարներ վաստակել, բայց փոխարենը չոքել տերտերի առջև, «մեղա» ասել, և սրբված, մաքրված դուրս գալ եկեղեցուց: Ինչո՞ւ չսիրել մի այսպիսի եկեղեցին:

Բեկը աշխատւմ էր իսկույն օգուտ քաղել Սաքուլի այդ ջերմեռանդությունից, որ ծնուցել էր եղեռնագործի մեջ ոչ միայն լոկ կույր հավատ դեպի եկեղեցին, այլ մի տեսակ նախանձախնդրություն ևս դեպի նրա թշնամիները, մի տեսակ սեր ևս դեպի նրա հաստատությունը:

Ի՞նչ կանեիր, Սաքուլ, եթե մեկ մարդ հայոց եկեղեցին, որը դու այնքան սիրում ես, կպղծե, նրան անասունների ախոռատուն կշինե, նրա սրբությունները կկողոպտե և իր կնոջ համար զարդեր կշինե, նրան քարուքան կանե ու իր տան շինվածքի համար կբանեցնե, նրա միջի ժամն ու պատարագը կարգելե. — ի՞նչ կանեիր, հարցնում եմ քեզանից, դու այդ մարդուն:

Ես նրան կսպանեի:

Ես էլ կսպանեի, Սաքուլ: — Իսկ եթե այդ չարագործությունները կատարողը մի մարդ չէ, այլ մի ամբողջ ժողովուրդ է, այն ժամանակ ի՞նչ կանեիր:

Ես կաշխատեի այդ ժողովրդին ոչնչացնել:

Շատ լավ, ես էլ նույնպես կվարվեի, Սաքուլ: — Բայց դու կարո՞ղ ես մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնել:

Սաքուլը մի քանի վայրկյան մտածեց և ոչինչ չգտավ պատասխանելու: Հանկարծ մի նոր գյուտ արած մարդու նման ուրախությամբ ասաց.

Ես, իհարկե, մինակ չէի կարող ոչնչացնել, բայց ես հնարներ կմտածեի:

Այդպես է, սիրելի Սաքուլ, ես էլ հնարներ կմտածեի: — Բայց դու ճանաչո՞ւմ ես մի ժողովուրդ, որ այդպես վատ է վարվում մեր հավատի, մեր եկեղեցու դեմ:

Ես չեմ ճանաչում մի այդպիսի ժողովուրդ, — ասաց Սաքուլը. — ես Թիֆլիսից այն կողմը չեմ տեսել:

Սաքուլը ճշմարիտ էր ասում. նա Թիֆլիսից այն կողմը, դեպի Հայաստան երբեք չէր գնացել, և բնավ տեղեկություն չուներ ոչ միայն Հայաստանում բնակվող օտար ազգերի մասին, այլ նույնիսկ հայերի մասին: Նա ծանոթ էր Վրաստանի և Կովկասի լեռնաբնակների հետ միայն: Այդ պատճառով Բեկը ստիպվեցավ մանրամասնաբար պատմել նրան, թե Թիֆլիսից այն կողմը կա մի ընդարձակ աշխարհ, որ Հայաստան է կոչվում, թե այդ երկիրը հայոց բնիկ հայրենիքն է, հայերը մի ժամանակ այնտեղ թագավորություն ունեին, իսկ այժմ տիրում են այնտեղ մահմեդական պարսիկներն ու թյուրքերը: Հետո նկարագրեց հայերի թշվառ դրությունը մահմեդականների ձեռքում, և ամենասրտառուչ կերպով, որքան կարող էր ազդել Սաքուլի քարացած սրտի վրա, պատմեց, թե որպիսի բարբարոսություններ են գործ դնում մահմեդականները հայոց կրոնի և եկեղեցու դեմ:

Ահա՜ դա է այն ժողովուրդը, որի մասին խոսում ենք, Սաքուլ, — ասաց Բեկը իր պատմությունը վերջացնելուց հետո: — Հիմա կարո՞ղ ես մի հնար մտածել այդ մահմեդականներին ոչնչացնելու համար:

Սաքուլը ձեռքը տարավ դեպի ճակատը, մի քանի անգամ շփեց նրան, գուցե իր գլխից մի միտք կարողանա դուրս բերել, բայց ոչինչ չգտավ: Հետո լցրեց գինու բաժակը, խմեց, իր մտածության ընդունակությունը ավելի զորացնելու համար, բայց դարձյալ ոչինչ հնար ցույց տալ չկարողացավ:

Իմ խելքումը ոչինչ չէ գալիս, — ասաց նա երկար մտածելուց հետո:

Տեսնո՞ւմ ես, Սաքուլ, դու բավական խելացի մարդ ես, յոթը սատանայի չափ բան գիտես, բայց այդ հասարակ բանը չես հասկանում:

Բեկի հանդիմանությունը գերեվաճառի անհասկացողության մասին սաստիկ ծանր թվեցավ նրան, մանավանդ երբ լսեց այն մեծ գովասանքը, թե նա «յոթը սատանայի չափ» բան գիտե: Այդ բավական ազդեց նրա ինքնասիրության վրա, թե ինչո՞ւ ինքը անընդունակ գտնվեցավ Բեկին մի որևէ հնար ցույց տալու մեջ:

Ես քեզ կսովորեցնեմ մի հնար, Սաքուլ, — ասաց նրան Բեկը:

Ի՞նչ հնար:

— «Պետք է շունը շան հետ կռվացնել»: — Հասկանո՞ւմ ես այդ խոսքերը, Սաքուլ:

Հասկանում եմ... բայց չգիտեմ ո՞ր շունը ո՞ր շան հետ պետք է կռվացնել:

Ես քեզ կասեմ, սիրելի Սաքուլ:

Երբ խոսակցությունը հասնում էր այն կետին, որ Բեկը մոտենում էր իր նպատակին, նա գործ էր ածում «սիրելի» բառը, որը սաստիկ դուր էր գալիս Սաքուլին, մանավանդ որ այդ բառը լսվում էր Վրաստանի առաջին պետական մարդու բերանից:

Ասա, սիրելի Դավիթ, ո՞ր շունը ո՞ր շան հետ...-հարցրեց գերեվաճառը, իր կողմից ևս քնքշություններ գործ դնելով:

Բեկը ուշադրություն չդարձնելով նրա հանդգնության վրա, որ իրան թույլ էր տալիս այդ աստիճան ընտանեկանություն, շարունակեց.

Դու մի քանի րոպե առաջ ասացիր, թե Դաղստանի իմամի հետ լավ ծանոթ ես, թե նրա հետ ծունկ ծնկի տված ես նստում, այդպես չէ՞:

Ուղիղ այդպես է, ինչպես ես ու դու նստած ենք:

Ուրեմն դու ազդեցություն ունե՞ս նրա վրա:

Ինչ որ ասելու լինեմ, խոսքս գետին չի գցի:

Եվ իմամը Դաղտանում առաջին մա՞րդն է:

Նրանից հետո միայն աստծուն են ճանաչում:

Հիմա լսի՜ր, Սաքուլ, — շեշտեց Բեկը, գերեվաճառի ուշադրությունը դարձնելով իր վերջին խոսքերի վրա. — պետք է այդ իմամին կռվացնել Հայաստանում բնակվող մահմեդականների հետ, պետք է միմյանց խեղդել տալ, որ հայերը ազատվեն: — Այժմ հասկանո՞ւմ ես, թե ո՜ր շունը ո՜ր շան հետ պիտի կռվացնել:

Հասկանում եմ... Բայց ի՞նչ հնարքով, — հարցրեց գերեվաճառը, — ձեզ հայտնի է, որ մահմեդականին մահմեդականի հետ կռվացնելը բավականին դժվար բան է:

Այդ ուղիղ է, եթե նրանք միևնույն աղանդին պատկանեին, բայց Դաղստանի լեզգիները պատկանում են սուննի աղանդին, իսկ Հայաստանի թյուրքերն ու պարսիկները պատկանում են շիա աղանդին: Իսկ այդ երկու աղանդները այնքան հակառակ են միմյանց, որ յուրաքանչյուր աղանդավորը մի առանձին կրոնական առաքինություն է համարում իր հակառակորդին սպանելը:

Այդ լավ է, եթե այդպես լիներ, — խոսեց գերեվաճառը և ավելի սրեց իր ուշադրությունը:

Ես Հայաստանից տեղեկություններ եմ ստացել, Սաքուլ, այնտեղ մի այնպիսի անցք է պատահել, որ եթե Դաղստանի իմամը լսելու լինի, սաստիկ կկատաղի մահմեդականների վրա:

Եվ Բեկը սկսեց պատմել այդ անցքի մանրամասնությունները, ասաց, որ Սյունյաց աշխարհում գտնվում են փոքրաթիվ մահմեդականներ, որոնք պատկանում են միևնույն աղանդին, որը պաշտում են Դաղստանի լեզգիները. այդ մահմեդականները կատարելիս են եղել մի կրոնական տոն իրանց խալիֆայի` Օմարի հիշատակի համար: Տեղային մյուս մահմեդականները, որոնք թվով ավելի շատ են, որոնք հակառակ աղանդին են պատկանում և որոնք սաստիկ ատում են, նզովում են Օմարին, — այդ տոնախմբության օրը հարձակվում են տոն կատարողների վրա, շատերին սպանում են, շատերին վիրավորում են և նրանց մզկիթները լեցնում են սատկած շներով: — Մի այդպիսի անցք եթե լսելու լինի Դաղստանի իմամը, ես հավատացած եմ, որ առանց պատժի, առանց վրեժխնդրության չի թողնի իր կրոնակիցներին այսպես բարբարոսաբար անարգողներին:

Ես էլ այդպես եմ կարծում, — պատասխանեց գերեվաճառը Բեկի պատմությունը լսելուց հետո: — Հիմա հավատացած եմ, որ կարելի է «շունը շան հետ կռվացնել»:

Բայց այդ շուտ պետք է լինի, շատ շուտ, — ասաց նրան Բեկը, — գոնե այս ամսի վերջում:

Ինչո՞ւ անպատճառ այս ամսի վերջում, — հարցրեց գերեվաճառը:

Այդ իմ գիտենալու բանն է, Սաքուլ, դու այն ասա, կարո՞ղ ես այդ գործը գլուխ բերել:

Սաքուլը իսկույն չպատասխանեց: Բեկը համոզված լինելով, որ իր առաջվա քարոզները հայոց ազգի, հայոց երկրի և հայոց եկեղեցու մասին այնքան չէին կարող գրգռել գերեվաճառի նախանձախնդրությունը, որքան մի քանի դեղին ոսկիներ, ասաց նրան.

Եթե դու այդ հանձնարարությունը կկատարես, կստանաս ինձանից հարյուր ոսկի:

Գերեվաճառի դեմքը փայլեց ուրախությունից:

Լսիր, — շարունակեց Բեկը, — դու հենց այս առավոտ պետք է ճանապարհ ընկնես դեպի Դաղստան: Քեզ հետ կգա իմ կողմից, որպես աշխատակից, ղազախեցի գող Ծատուրը: Նա կառաջնորդե լեզգիներին դեպի Սյունյաց աշխարհը:

Այդ հարյուր ոսկին ե՞րբ կարող եմ ստանալ, — հարցրեց գերեվաճառը:

Կեսը այս րոպեիս, իսկ մնացած կեսը, երբ իմ հանձնարարությունը կատարած կլինես: Բայց իմացա եղիր, Սաքուլ, եթե դու որևիցե կերպով դավաճանես ինձ, իմ մարդիկը անպատճառ քո գլուխը կկտրեն:

Այդ ես իմանում եմ, — պատասխանեց գերեվաճառը և ընդունեց հիսուն ոսկին:

ԺԴ

Միևնույն գիշերը, երբ Դավիթ բեկը Սաքուլի հետ առանձնացած էր իր ննջարանում, Բայինդուր իշխանը միայնակ նստած իր սենյակում, մեկին անհամբերությամբ սպասում էր: Ձիթային ճրագի աղոտ լույսը, որ ավելի ևս մռայլվել էր իշխանի անընդհատ ծխվող չիբուխի մուխով, հազիվ կարողանում էր լուսավորել սենյակի մեջ տիրող մթությունը: Պարսից թագավորի «բաթման ղլիճի» աղքատ բնակարանը իր կարգուսարքով բոլորովին համապատասխանում էր նրա սպարտական խստակեցությանը, որը նա ծայրահեղության էր հասցրել: Նա հոգով ճգնավոր էր, իսկ մարմնով զինվոր: Մերկ սենյակի մեջ դրած էր մի փոքրիկ թախտ, առանց սփռոցի, որի վրա պառկում էր նա: Տարվա բոլոր եղանակներում նրա անկողինը բաղկացած էր իր յափունջու: Սենյակի մեջ կրակ երբեք չէր վառվում. «Կրակը մարդու ներսիցը պիտի տաքացնե» — պատասխանում էր նա, երբ հարցնում էին, թե ինչո՞ւ չէ վառել տալիս սենյակը: Մի պատից քարշ էին ընկած իշխանի զենքերը. էլ ուրիշ ոչինչ չկար այնտեղ: Այդ տխուր, լույսից և օդից զրկված բնակարանին կից էր ախոռատունը: Այնտեղ կապված էր նրա մտերիմ ձին, այնտեղ բնակվում էր նրա նույնքան մտերիմ ծառան, որի հետ այն աստիճան ընտանեցած էր, որ շատ անգամ մոռանում էր, արդյոք նա՞ է տերը, թե՞ ինքը: Այդ էր նրա ընտանիքը, — ձին, ինքը և ծառան, — եթե ավելացնենք դրանց վրա նրա ահագին զայլանման շունը, ընդամենը չորս հոգի:

Իշխանը անհանգիստ էր. թախտի վրա պառկած, անդադար մի կողքից դեպի մյուսն էր շուռ գալիս: Նրա անհանգստությունը ուրախության անհանգստություն էր. դա նույնքան ծանր է, որքան տխրությունը: Լցված սիրտը կամենում էր թեթևացնել. իր ուրախությանը կամենում էր մի բարեկամի ևս մասնակից անել: Բայց «ո՞ւր մնաց նա, ի՞նչու ուշացավ»: Նա վեր կացավ, սկսեց անցուդարձ անել սենյակի մեջ. այդ ևս շուտով ձանձրացրեց նրան: Դուրս եկավ բակը: Գարնանային խաղաղ գիշերը բուրում էր զվարթացուցիչ անուշահոտությամբ: Ամենուրեք տիրում էր լռություն. ամբողջ Մցխեթը քնած էր: Նա սկսեց ման գալ բակում, որի տարածությունը շատ ընդարձակ չէր: Գրեթե հարյուր անգամ անցավ նա բակի մի ծայրից դեպի մյուսը, երբեմն կանգնելով, և ցանկապատից նայելով դեպի խավար փողոցը: «Ո՞ւր մնաց, ինչո՞ւ ուշացավ...» — անհամբերությամբ կրկնում էր նա: Եթե մեկը այն անագան գիշերային պահուն տեսնելու լիներ իշխանին այդ տենդային դրության մեջ, անպատճառ կմտածեր, թե նա սպասում է իր սիրուհուն, բայց նրան այժմ հազիվ թե կարող էր գրավել կնիկների ամենագեղեցիկն անգամ: Նա սպասում էր Մխիթար սպարապետին, որ ժամադիր էր եղած իր մոտ գալու մի քանի կարևոր հարցերի մասին խորհելու համար:

Վերջապես եկավ նա: Բակի ցանկապատից, որ այնքան բարձր չէր, տեսավ նա, որ մեկը փողոցով գալիս էր: Սպասավորը լուսավորում էր նրա ճանապարհը ձեռքի լապտերով: Իշխանը առանց իր ծառային զարթեցնելու, ինքը գնաց բակի դուռը բաց արեց:

Լա՜վ հիվանդի խնձոր բերող կլինես, մինչև բերես, նա հոգին կտա, — ասաց իշխանը, բակի դուռը կրկին կողպելով;

Ես գիտեի, որ այսպես պիտի ասես, — պատասխանեց սպարապետը, իսկ եթե գիտենաս իմ ուշանալու պատճառը, չես մեղադրի ինձ:

Երկուսն էլ մտան իշխանի սենյակը: Սպարապետի հետ եկող ծառան գնաց ախոռատունը սպասելու իր տիրոջը:

Հիմա պատմիր, ի՞նչ շինեցիր, — հարցրեց սպարապետը, նստելով թախտի վրա:

Գործը ինքն իրան շինվեցավ... և ես հավատացած էի, որ այսպես էլ կլիներ, — պատասխանեց իշխանը ուրախությամբ: — Մի քանի ժամ առաջ ինձ մոտ էին, բոլորն էլ երդվեցան, թե կգան մեզ մոտ:

Բայց դու չպիտի հայտնեիր նրանց գործի բուն նպատակը:

Բայինդուրը խելքը հացի ու պանրի հետ չի կերել. նա այդ սատանայությունները շատ լավ է իմանում: Նա գիտե, որ բահը չպիտի հասկանա, թե ինչ նպատակով մշակը նրանով փորում է հողը:

Ուրեմն դու ի՞նչ կերպով բացատրեցիր նրանց:

Շատ հասարակ կերպով. ես այսքանը միայն ասեցի, թե Բեկը մի սարսափելի տեղեկություն է ստացել. Հայաստանում կազմվել է մի մեծ դավադրություն. մահմեդականները պատրաստվել են հայերին կոտորելու և հայերը Բեկից օգնություն են խնդրում: Այդ հենց որ լսեցին, բոլորը կատաղեցան, բոլորը վառվեցան, և առանց իմ թելադրության, իրանք պատրաստակամություն հայտնեցին Հայաստան գնալու և իրանց հայրենակիցներին օգնելու: Այդ չափազանց ուրախացրեց ինձ. ես մինչև այսօր կարծում էի, թե Կախեթի գինին, վրացիներից ստացած անհոգությունը իսպառ փչացրել է դրանց, բայց այսօր համոզվեցա, որ հայի սրտում չէ հանգչում հայրենասիրության կայծը, նա հանգամանքներից փոքր-ինչ նսեմանում է միայն. բավական է փչել նրա վրա և ահա նա կբորբոքվի, կբոցավառվի...

Վերջին խոսքերը արտասանեց իշխանը խիստ զգալի ոգևորությամբ, երևում էր, միևնույն սուրբ հուրը բորբոքվում էր և նրա սրտում: Բայց սպարաետը բավական սառնությամբ հարցրեց.

Ո՞վքեր են ցանկացողները:

Այստեղ գտնվող բոլոր հայ վարատականները. լոռեցի Ավթանդիլ գնդապետը, մեծ Գիորգին, փոքր Գիորգին, երևանցի կաղ Օհանեսը, շուշեցի Զաքարիա իշխանը, նախիջևանցի պատանի Մոսին, չամախեցի Թադեոս բեկը, գանձակեցի Եղիազար աղան, վաղարշապատցի Հարություն տանուտերը, — բացի դրանցից կան ուրիշները, որոնց դու չես ճանաչում: Հաշվել եմ, մեր բոլորի թիվը քառասուն հոգի կլինի այստեղից դուրս գալու ժամանակ:

Բայց դու վստահություն ունե՞ս այդ մարդկանց հավատարմության վրա, — հարցրեց սպարապետը ցած ձայնով:

Բոլորին իմ հինգ մատի պես ճանաչում եմ. չափազանց ճարպիկ, հաջողակ, փորձված և վերջին աստիճանի անձնվեր մարդիկ են: Եթե ասելու լինես` կրակի մեջը մտիր, իսկույն կնետվեն: Եվ գլխավորն այն է, որ այդ մարդիկներից ամեն մեկն ունի իր պատմությունը, տոգորված է իր տոհմային ավանդություններով: Նրանցից չկա մեկը, որ իր սրտում չկրեր մի գաղտնի վերք, որ ստացել էր բռնության կոպիտ ձեռքից; Եվ հենց այդ տեսակ հալածված, տանջված և վշտացած մարդիկը մեզ պետք կգան:

Ես էլ այսպես եմ կարծում, — ասաց սպարապետը և նրա մռայլված դեմքը, որ մինչ այժմ բավական տխուր էր երևում, սկսեց փոքր առ փոքր պայծառանալ:

Հաղորդելով սպարապետին իր տեղեկությունները, իշխանը հարցրեց.

Հիմա դու պատմիր, ինչպե՞ս վերջացրեց Բեկը մեծ պարոնի հետ, ես այսօր ժամանակ չունեցա նրան տեսնելու:

Ես տեսնվեցա, շատ լավ է վերջացրել, — պատասխանեց սպարապետը, — մի այնպիսի բան է հնարել, որ կարողացել է մեծ պարոնի հաճությունը ստանալ:

Այսպիսի դեպքերում փոքր-ինչ խորամանկությունը, իմ կարծիքով, ներելի է, — ասաց իշխանը ծիծաղելով, — ես կարող եմ երևակայել, թե ի՜նչ բան հնարած կլինի:

Նա հայտնել է մեծ պարոնին, թե դիտավորություն ունի Էջմիածին ուխտ գնալու, թե այնտեղ մեռոն պիտի եփվի, ցանկանում է ներկա գտնվել այդ հանդիսին: Եվ այս առիթով նպատակ ունի այցելել իր հայրենիքը, որից շատ տարիներ բաժանված է:

Վատ չէ հնարել, — ասաց իշխանը` շարունակելով իր ծիծաղը, — ուխտագնացությունը սնահավատների վրա միշտ մեծ ազդեցություն է անում: Իսկ եթե Բեկը պարզ հայտնելու լիներ իր նպատակը, ի՞նչ ես կարծում, գուցե մեծ պարոնը իր կողմից կօգներ նրան:

Նա վրացիների օգնության վրա վստհություն չունի: Եվ մեծ պարոնը կախված լինելով պարսիկներից, գուցե ինքը առաջինը կլիներ, որ կմատներ նրան, պարսիկներին մի ծառայություն անելու համար:

Շատ հավանական է, — ասաց իշխանը,-դրանցից ամեն բան կարելի է սպասել: Իսկ այդ ուխտագնացության պատրվակը կասկածի մեջ չի՞ ձգի մեծ պարոնին:

Next page