Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Սրբազանը միայն ժպտաց ծերունի դռնապանի ինքնագովության վրա և հեռացավ, կրկին պատվիրելով, որ արթուն կենա:

Մտնելով իր խուցը, նա մոտեցավ ճրագին, շարունակեց գրել նամակը, որ դեռ չէր վերջացրել: Նրա ուրախ դեմքի վրա կարելի էր կարդալ բոլորը, թե ինչ է գրում: Մերթ-մերթ մի ինքնաբավական ժպիտ ցնցում էր նրա փոքր-ինչ ուռած շրթունքը և աչքերի մեջ փայլում էր խիստ վսեմ, խորհրդավոր բերկրություն: Կարծես նրա հոգին թափում էր իր բոլոր սրբազան զգացմունքները այն թղթի մեջ, որի վրա վազում էր նրա գրիչը:

Մեկ ժամից հետո լսելի եղան վանքի զանգակների մեղմ հնչյունները: Հրավիրում էին մենակյացներին կատարելու առավոտյան ժամերգությունը: Նա չշարժվեցավ իր տեղից. դեռ գրում էր: Ամբողջ միաբանությունը զարթնեցավ: Նրանք մինը մյուսի ետևից դուրս եկան իրանց նեղ խցերից, և լուռ, դանդաղ քայլերով սկսեցին դիմել դեպի աստուծո տաճարը աղոթելու:

Այդ միջոցին Օհանը բաց արեց սրբազանի խցի դուռը, հայտնեց, թե վանքի ջորիները վերադարձան, որտեղ է հրամայում դարսել բեռները:

Սրբազանի սպասածն էլ հենց այդ էր. նա իսկույն նամակը թողեց և դուրս եկավ: Արշալույսը արդեն սկսել էր շառագունիլ, բայց դեռ բավական մութն էր: Մի խումբ բեռնած ջորիներ վանքի մեծ դռնից մտան բակը: Ջորեպանները տեսնելով սրբազանին, գտակները վեր առին, մոտեցան, համբուրեցին նրա աջը:

Նա դարձավ դեպի նրանցից մեկը, որի ծպտյալ հագուստը ամենևին չէր ցույց տալիս, թե աբեղա է, հարցրեց.

Խորեն հայր սուրբ, ինչո՞ւ այդչափ ուշացաք:

Ուշացանք, իրավ է, — պատասխանեց Խորեն հայր սուրբը ուրախ ծիծաղով. — բայց լավ բեռնով ու բարձով հետ դարձանք... Ոչ մի տարի այսքան առատ «պտուղ» հավաքած չունեինք... Ինչ ասես բերել եմ, — յուղ, պանիր, չորթան, բուրդ, բամբակ, — ինչ որ ուզեք...

Օրհնյա՛լ լինի ժողովուրդը, նա իր տուրքը երբեք չի խնայել մեր վանքից, երբ ունեցել է, տվել է, — ասաց սրբազանը ժպտելով և հրամայեց բեռները ցած իջեցնել:

Ջորեպանները կատարեցին նրա հրամանը և սկսեցին բեռները կրել ոչ թե վանքի ամբարը, ուր սովորաբար պահվում էին վիճակներից հավաքված յուղը, պանիրը և այլ «պտուղները» — այլ տարան դարսեցին մի ստորերկրյա մառանում, որի դուռը սրբազանը իր ձեռքով բաց արեց:

Ես կարծում եմ, այժմ մի ամբողջ տարվա համար պաշար կունենանք... — ասաց Խորեն հայր սուրբը, մի առանձին հրճվանքով նայելով այնտեղ դիզված մթերքների վրա:

Ով գիտե, թե սպառողները շատ կլինեն, գուցե այդ չի բավականանա...-պատասխանեց սրբազանը և խորհրդավոր ժպիտը դարձյալ երևաց նրա համակրական դեմքի վրա:

Երբ բոլոր բեռները ներս բերեցին, սրբազանը հրամայեց ջորեպաններին, որ տանեն անասունները հանգստացնեն: Նրանք հեռացան: Իսկ ինքը մոտեցավ, սկսեց նոր բերված հակերից մեկը բաց անել, ասելով.

Տեսնենք, Խորեն հայր սորբ, ձեր այս անգամ բերած յուղն ու պանիրը ի՞նչ համ ունի:

Շա՛տ համեղ է, սրբազան, — պատասխանեց Խորեն հայր սուրբը և սկսեց օգնել սրբազանին հակը բաց անելու:

Հակի մեջ հայտնվեցավ ոչ յուղ, ոչ պանիր և ոչ ուրիշ ուտեստներ, այլ դրանց փոխարեն առատ վառոդ և գնդակ, որ լցրած էին կաշյա պարկերի մեջ: Սրբազանը մեծ բավականությամբ ձեռքերով շոշափում էր այդ մահաբեր մթերքը, որից ամեն մի եկեղեցական սարսափում է: Օրհնյա՛լ լինիս, Խորեն հայր սուրբ, — ասաց նա դառնալով դեպի երիտասարդ աբեղան: — Շա՛տ համեղ է, անչափ շա՛տ համեղ...

Հետո նա կողպեց ստորերկրյա մառանի դուռը, բանալին դրեց գրպանը և դիմեց իր խուցը, Խորեն հայր սուրբին ևս իր մոտ հրավիրելով:

Ես այդ րոպեիս կգամ ձեզ մոտ, սրբազան, — ասաց նա գնալով դեպի իր խուցը. — ինձ պետք է առաջ հագուստս փոխել:

Խորեն հայր սուրբը բոլորովին նորընծա, երիտասարդ աբեղա էր, միջակ հասակով և բավական նուրբ կազմվածքով: Նրա գեղեցիկ դեմքը կնոջ դեմքի քնքուշ արտահայտությունն ուներ, թեև այժմ բավական այրվել էր արևից, որովհետև մի քանի ամբողջ շաբաթներ ճանապարհորդում էր: Մտնելով իր խուցը, նա արձակեց զենքերը, մի կողմ դրեց, հետո սկսեց մերկանալ հագուստը, որի մեջ շիրվանաձորցի բեռնակիր գյուղացու էր նմանում: Վանքի ծառաներից մեկը ջուր բերեց լվացվելու համար: Երբ նա շապկի թեքերը վեր ծալած լվացվում էր, այդ ժամանակ կարելի է նկատել նրա սպիտակ պարանոցի վրա, ետևի կողմից, մի վարդագույն սպի, որ առաջ էր եկած սրի հարվածից: Այդ սպին կրում էր նա այն ժամանակից, երբ դեռ իրան չէր նվիրել կուսակրոնության: Այդ սպիի հետ կապված էր նրա կյանքի ամենատխուր պատմություններից մեկը...

Նա հագավ իր վանականի հագուստը և դիմեց սրբազանի խուցը: Անցնելով վանքի մոտից, նկատեց, որ առավոտյան ժամերգությունը դեռ ավարտված չէր: Ներս չմտավ, միայն համբուրեց վանքի դուռը, երեսը խաչակնքեց և անցավ:

Նստիր, Խորեն հայր սուրբ, — ասաց սրբազանը, նրան տեղ ցույց տալով փոքրիկ թախտի վրա, որ դրած էր նրա խցում և ծածկած պարսկական գորգով: Իսկ ինքը տեղավորվեցավ գրասեղանի հանդեպ, որի վրա դիզած էր թղթերի մի կույտ: Ամբողջ գիշերը նա անքուն էր մնացել և գրել էր այդ թղթերը; Այժմ մեկ-մեկ վեր էր առնում, խնամքով ծալում էր և նրանց նամակի ձև տալով, կնքում էր, գրում էր հասցեները: Նա դարձավ դեպի վարդապետը` ասելով.

Խորեն հայր սուրբ, այս նամակները հենց այս առավոտ պետք է ուղարկվեն, աշխատեցեք մեր ծառաներից այնպիսիներին ընտրել տանելու համար, որ համ սրտումը քաջություն ունենա, համ գլխումը խելք:

Վարդապետը նայեց հասցեներին, նամակները գրված էին Սյունյաց աշխարհի նշանավոր իշխանների և մելիքների անուններով:

Դուք արդեն հրավիրո՞ւմ եք նրանց, — հարցրեց վարդապետը հետաքրքրությամբ:

Հրավիրում եմ... «Բեկը» արդեն հայտնվել է... — պատասխանեց սրբազանը:

Այս խոսքը այն աստիճան ուրախություն ազդեց երիտասարդ աբեղայի մեջ, որքան չէր ուրախանա մի բարեպաշտ իսրայելացի, եթե նրան ասեն. «Մեսիան հայտնվել է, որ պիտի վերանորոգե քանդված Երուսաղեմը և պիտի վերականգնե Դավթի թագավորությունը»:

Այս գիշեր լավ տեղեկություններ ստացա, Խորեն հայր սուրբ, Բեկը հասել է արդեն Սիսիան. այնտեղ Ուչ-Թեփեի դաշտավայրի վրա զարկել է Կարա-չոռլուների ցեղը. մեծ հաղթություն է գործել. ամբողջ Սիսիանը սարսափի մեջ է. թյուրքերը թողնելով իրանց գյուղերը, փախչում են դեպի լեռները: Տեղացի հայերը տեսնելով Բեկի փառավոր հաղթությունը, հավաքվում են նրա դրոշի տակ: Այժմ մոտ 500 ձևավոր ունի, բոլորը ամենաընտիր տղամարդիկ: Բայց գիտե՞ք քանի հոգով կատարեց նա իր առաջին հաղթությունը, — իր հետ Վրաստանից բերած քառասուն հոգով:

Այդ հրա՛շք է, կատարյալ հրաշք, — բացականչեց երիտասարդ աբեղան և ուրախությունից չգիտեր ինչ անել:

Այո՜, հրաշք է, և մի այդպիսի հրաշք պետք էր: Կույր ժողովուրդը միշտ հրաշք է պահանջում. նա սեփական հավատ չունի: Հիսուն Քրիստոսը քանի որ խոսքերով էր քարոզում, ոչ ոք չէր լսում, բայց երբ սկսեց հրաշքներ գործել, ժողովուրդը հետևեց նրան: Այսպես էլ Բեկը իր հետևողներն ունեցավ. հաղթության հենց մյուս օրը հավաքվեցան նրա մոտ ավելի քան չորս հարյուր ձիավորներ:

Այդ տեղեկությունները ումի՞ց ստացաք:

Իշխան Ստեփաննոս Շահումյանից: Կարող եք կարդալ նրա նամակը, որ ստացա բանակից: — Սրբազանը տվեց նրան մի նամակ, որ գրված էր շտապ ձեռքով:

Նամակի մեջ նկարագրված էր Ուչ-թեփեի արշավանքի մանրամասները, թե ի՜նչպես Բեկը գիշերով հանկարծ հարձակում գործեց Կարա-չոռլուների վրա, և որպես նրանք խռվության մեջ ընկան, կարծելով, թե զորքերի ահագին բազմության հետ գործ ունեն, այդ պատճառով մեծ մասը իրանց չադրները ու անասունները թողնելով փախան, իսկ նրանք, որ ընդդիմադրություն գործեցին, սաստիկ ջարդվեցան: Իշխանը իր նամակը վերջացնում էր, հրավիրելով սրբազանին Բեկի մոտ մի քանի կարևոր կարգադրությունների մասին խորհրդակցելու համար:

Ուրեմն դուք պետք է գնա՞ք, — հարցրեց Խորեն հայր սուրբը` նամակը կարդալուց հետո:

Ես պատրաստվում եմ իսկույն ճանապարհ ընկնել, — պատասխանեց սրբազանը: — Նոր և ավելի ուրախալի համբավ ևս կհաղորդեմ ձեզ` Շընհերը‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡ գրավված է Բեկի կամավորներով:

Շընհե՞րը... մի՞թե, ե՞րբ... — հարցրեց հայր սուրբը, դժվարանալով հավատալ իր ականջներին:

Ուչ-թեփեի արշավանքից հետո, երբ Բեկի հաղթության լուրը տարածվում է Սիսիանի մեջ, ինչպես ասեցի ձեզ, հավաքվում են նրա մոտ ավելի քան չորս հարյուր կամավորներ: Դրանցից շատերը զենք և ձիաներ չեն ունենում: Բեկը զինավորում է նրանց Կարա-չոռլուներից խլած ավարով, և առանց ժամանակ կորցնելու, սկսում է դիմել դեպի Շընհեր: Շընհերը առանց կռիվի անձնատուր է լինում, և տեղային հայերը միանում են Բեկի հետ: Նրա ուժերը այժմ ավելի զորություն են ստանում, մանավանդ, երբ Բեկը զարկում է շրջակա այլազգիներին և նրանցից խլած զենքերը բաժանում է իր նոր կամավորներին:

Այդ լա՛վ է, — հայր սուրբը ծիծաղելով ընդհատեց սրբազանի պատմությունը. — թշնամիներից խլել և իր կամավորներին զինավորել: Ասպիսով Բեկը մեծ ծախսեր չի ունենա:

Այսպես էլ պետք է, — պատասխանեց սրբազանը. — մի՞թե պարսիկները մեզ հետ միևնույն կերպով չէին վարվում: Մեր փողը, մեր կայքը, մեր զենքերը խլում էին, իրանց համար ասպատակներ էին պատրաստում ու հետ դառնում կրկին մեզ կողոպտում, կրկին մեր զենքերով մեր արյունն էին թափում: «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» — այդ օրենք է, և Բեկը խիստ խելացի կերպով է վարվում, որ հետևում է այդ օրենքին:

Բայց նոր առակ լվարուք, Խորեն հայր սուրբ, — շարունակեց սրբազանը: — Շընհերը գրավելուց հետո և շրջակա այլազգիներին ջարդելուց հետո, պարսիկների Ջվանշիր կոչված ցեղը, որ շատ հեռու չէ այնտեղից, լսում է Բեկի հաղթությունները և կատաղում է: Տասնևվեց հազար հոգով դրանք գալիս են Բեկի վրա: Կռիվը տևում է երկու ամբողջ օր և երկու ամբողջ գիշեր, վերջը Ջվանշիրները հաղթվում են, և թողնելով պատերազմի դաշտում ահագին ավար, սկսում են փախչել: Ջվանշիներին օգնության են հասնում Կուրթլար ավանի պարսիկները: Բեկը ուղարկում է նրանց դեմ Մխիթար սպարապետին և հրամայում է բոլորովին ոչնչացնել այդ ավանը: Այժմ Կուրթլարը ներկայացնում է մոխիրի ահագին կույտ միայն, իսկ բնակիչներին սրից անց է կացրած:

Այդ, եթե չասեմ անգթություն է, բայց փոքր-ինչ խիստ է, — նկատեց հայր սուրբը:

Դուք սխալվում եք, Խորեն հայր սուրբ, — պատասխանեց սրբազանը: — Բեկի սկսած գործի հաջողության ամենագլխավոր պայմանը ոչ թե նրա հաղթությունները կարող են լինել, այլ այն սարսափը, որ նա կտարածե թշնամիների վրա: Իսկ թշնամուն սարսափի մեջ ձգելու համար, գոնե սկզբում այս տեսակ անգթությունները պետք են: Եվ Բեկը այդ անհրաժեշտությունը շատ լավ է հասկանում: Գազանների հետ բարեսրտությամբ ոչինչ չես կարող շինել:

Մի բան էլ կա, — առաջ տարավ սրբազանը. — Բեկի այս տեսակ գործողությունները ոչ միայն մեծ սարսափ կտարածեն մահմեդականների վրա, այլ սաստիկ ազդեցություն կունենան նույնիսկ հայերի վրա, որոնք առանց առաջնորդի, առանց ուղեցույցի միշտ դժվարանում են գտնել ուղիղ և անմոլոր ճանապարհը: Նա իր հաղթություններով նպաստեց և մեր նպատակներին: Ես մեծ վստահություն չէի ունենալ, թե իմ նամակներով, թե իմ հրավերքով հայոց իշխանները կհավաքվեին այստեղ և կմիանային Բեկի հետ, եթե նա այդ հրաշքները գործած չլիներ: Համարյա մեկ շաբաթվա մեջ նա կատարեց չորս փառավոր հաղթություններ, ինչպես են` Ուչ-թեփեի, Շընհերի, Ջիվանշիրների և Կուրթլարի ճակատամարտը, և այդ բոլորը սկսեց նա քառասուն հոգով:

Վերջին տեղեկությունները նույնպես Ստեփաննոս իշխա՞նն է հաղորդել ձեզ, սրբազան, — հարցրեց Խորն հայր սուրբը:

Նա է հաղորդել: Բայց մենք ուշանում ենք, Խորն հայր սուրբ, — խոսքը փոխեց սրբազանը, նամակների ծրարները գրասեղանի վրայից առնելով և նրան տալով: — Այս նամակները հենց այս առավոտ պետք է ուղրկվեն: Շուտով կկատարվի սուրբ Վարդանանց նահատակների հոգեհանգիստը: Ես իմ նամակների մեջ նշանակել եմ, որ այդ հանդիսավոր տոնին բոլորը այստեղ գտնվեն, որպեսզի այդ խորհրդավոր օրում կնքվի և խորհրդավոր գործի ուխտը:

Նամակները ես ինքս կտանեմ, — ասաց Խորն հայր սուրբը;

Դուք նոր եկաք ճանապարհից, բավական հոգնած կլինեք, — պատասխանեց սրբազանը:

Ձեր հաղորդած ուրախալի տեղեկությունները բոլորովին կազդուրեցին իմ հոգնածությունը: Այդ նամակների հետ նշանակություն ունի և կենդանի խոսքը: Թույլ տվեցեք, սրբազան, որ այդ ցանկալի դեսպանախոսությունը ես կատարեմ:

Օրհնյալ լինիք, որդի, ասաց սրբազանը: Իսկ Խորեն հայր սուրբը, առնելով նամակների ծրարները, համբուրեց իր մեծավորի աջը և հեռացավ:

Արեգակը արդեն ծագել էր: Վանքի ծառազարդ շրջակայքը վառվում էին առաջին ճառագայթների ջերմ լույսով: Առավոտյան ժամերգությունը ավարտված էր: Վանքի բազմաթիվ միաբանները դուրս գալով աստուծո տնից, այլևս իրանց սովորության համեմատ չէին նստած բակի ծառերի հովանիների տակ և ժամանակը սպանում դատարկ շատախոսություններով կամ բամբասանքով: Նրանք առանձնացել էին իրանց մթին խցերում, ինչ-որ գործով լուռ ու մունջ զբաղված էին: Եթե մեկը աներևույթ հոգու նման մտներ նրանց փակված խցերի դռնից, կտեսներ, որ այս Սաղմոս և Նարեկ կարդացող ծույլ մարդիկը, նստած իրանց մենարանների խուլ գաղտնարանում, վառոդից և գնդակներից փամփուշտներ են շինում:

Այդ միջոցին վանքի ախոռապետ հայր սուրբը ներս մտավ սրբազանի սենյակը, հայտնեց, թե ձիաները պատրաստ են:

Իսկ թվանքչիները (հրացանավորները) նույնպես պատրա՞ստ են, — հարցրեց սրբազանը:

Պատրաստ են, որպես հրամայեցիք, տասնևերկու ձիավորներ:

Լավ, ես այս րոպեից դուրս կգամ, կանչեցեք ինձ մոտ Մեսրոպ սրբազանին:

Ախոռապետ հայր սուրբը հեռացավ: Քանի րոպեից հետո ներս մտավ մի ծերունի եպիսկոպոս, սպիտակ, փառավոր մորուքով: Դա սրբազանի տեղապահը և վանքի կառավարիչն էր նրա բացակայության ժամանակ:

Հայր Մեսրոպ, — ասաց նրան սրբազանը` կանգնելով և պատրաստվելով ճանաարհի համար, — ես այս րոպեիս գնում եմ Շընհեր` Բեկի հետ տեսնվելու, դուք, իհարկե, գիտեք, թե ինչ կարգադրություններ պիտի անեք իմ գնալուց հետո: Մենք երեկ բավական խոսեցինք այդ մասին:

Գիտեմ... — պատասխանեց Մեսրոպ եպիսկոպոսը. — իմ ծերացած հիշողությունը դեռ այնքան չէ բթացել, որ մոռանամ, ընդհակառակն, այդ վերջին օրերում բավական սրվել է...

Գոհություն աստուծո, — ասաց սրբազանը ժպտելով, և տալով իր տեղապահին մի քանի նոր պատվերներ, միասին դուրս եկան սենյակից:

Վանքի դռանը սպասում էին տեսնևերկու զինված ձիավորներ. այնտեղ պահած էր և սրբազանի երիվարը: Նա դուրս եկավ, երեսը խաչակնքելով, նստեց իր ձին և գնաց դեպի Շընհեր, Բեկի բանակը:

Դա Տաթևի վանահայր, միևնույն ժամանակ Սյունյաց աշխարհի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոսն էր§§§§§§§§§§§§§§§:

Զ

Տաթևի վանքը կառուցված էր նույն անունով ավանի մոտ և սկսյալ 896 թվից գոյություն ուներ: Շաղատա վանքից հետո Տաթևը աթոռանիստ եղավ Սյունյաց արքեպիսկոպոսների, որոնք այլ անունով կոչվում էին միտրոպոլիտներ: Տաթևի միտրոպոլիտները թեև ճանաչում էին Էջմիածնի Հայրապետի գերիշխանությունը, բայց միևնույն ժամանակ իրանց առանձին հոգևոր կառավարությունն ունեին:

Վանքը շինված էր լեռնային դժվար մատչելի բարձրավանդակի վրա, շրջապատած աշտարակներով և ամուր պարիսպներով, որոնք դրսից նրան ավելի մի անառիկ բերդի նմանություն էին տալիս: Նրա առջևից ընկած էին անդունդի նման խոր և մթին ձորեր, որոնց միջով գոռալով, որոտալով անցնում էր Որոտան գետը: Շրջակա բոլորը լեռները, որոնց սուր գագաթները կորչում էին ամպերի մեջ, պատած էին խուլ, անանցանելի անտառներով: Դեպի վանքը տանող ճանապարհները ընկած էին նեղ փապարների, սարսափելի կիրճերի միջով, որտեղից մի մարդ միայն կարող էր անց կենալ: Մի հիսուն հրացանավոր բավական էր կանգնեցնել մի որևիցե բլուրի գլխին, որ թույլ չտային մի ամբողջ լեգեոնի մուտք գործել դեպի վանքը: Գուցե վանքի այդ անառիկ դրությունը, որ պաշտպանված էր բնական ամրություններով, պատճառ տվեց տեղափոխել այնտեղ Սյունյաց աշխարհի արքեպիսկոպոսության մայր աթոռը, ժամանակի փոթորիկներից անվտանգ պահելու համար:

Դավիթ բեկի օրերում այստեղ կային` մի արքեպիսկոպոս, տասնևերկու եպիսկոպոսներ, քսանևչորս վարդապետներ: Վանքը ուներ շատ գյուղեր, ագարակներ, ընդարձակ անտառներ, լայնատարած արոտամարգեր և ուրիշ շատ կալվածքներ, որոնք ընծայված էին Սյունյաց թագավորներից, իշխաններից, իշխանուհիներից, կամ գնել էր ինքը միաբանությունը:

Վարդանանց տոնն էր: Վանքի մեջ կատարվում էր Ավարայրի դաշտի նահատակների հոգեհանգիստը: Տաճարի մեջ, սեղանի հանդեպ, դրած էր մի դագաղ, որ ծածկված էր ոսկեհուռ դիպակներով: Երեք մոմեր արծաթե աշտանակների մեջ լուսավորում էին դագաղը: Նրա վրա դրած էին` մի խաչ, մի Ավետարան և մի քանի հատ սրեր:

Սեղանի վրա մատուցվում էր սուրբ պատարագը: Ինքը վանահայրը` Ներսես արքեպիսկոպոսը, պատարագիչ էր: Վանքի ամբողջ միաբանությունը, զարդարված թանկագին զգեստներով, սպասավորություն էր անում սուրբ խորհրդին:

Նահատակի դագաղը շրջապատել էին Սյունյաց աշխարհի նշանավոր ավագները: Նրանց մեջ կանգնած էր Դավիթ բեկը Մխիթար սպարապետի և իր մյուս ընկերների հետ: Տաճարը լիքն էր բազմությունով: Վանքի բակում նույնպես ասեղ գցելու տեղ չկար: Վանքի դուրսը շրջապատված էր բազմաթիվ կամավոր զինվորներով և մերձակա գյուղացիների ամբոխով:

Պատարագի խորհուրդը ավարտվելուց հետո, եկեղեցական դասը կատարեց հոգեհանգիստ: Երբ ամեն ինչ վերջացած էր, Ներսես արքեպիսկոպոսը խոսեց մի քարոզ:

«Այստեղ ձեր աչքի առջև դրած է մի դագաղ, — այսպես սկսեց իր քարոզը, — դա Վարդանի դագաղն է: Ձեզանից ամեն մեկը գիտե, թե ով էր Վարդանը: Բայց գուցե շատերը չգիտեն, թե ի՜նչ էր Վարդանը: — Վարդանը մի ամբողջ ժողովուրդ էր. Վարդանը այդ ժողովրդի մարմնացած բողոքն էր: Բողոք` բռնության դեմ. բողոք` անարդարության դեմ. բողոք` անազատության դեմ:

Մեր պատմությունը տվել է մեզ շատ նշանավոր մարդիկ: Մենք ունեցել ենք Հայկ, որ տիտանների հետ էր պատերամում: Մենք ունեցել ենք Արամ, որ սպանեց ասորոց արևի որդուն****************: Մենք ունեցել ենք Տիգրան, որ ջնջեց վիշապները ցեղը: Մենք ունեցել ենք մի ուրիշ Տիգրան, որ ջարդում էր Լուկուլլոսի ու Պոմպեոսի լեգեոնները: Մենք ունեցել ենք ուրիշ շատ հերոսներ, բայց դրանցից և ոչ մեկը Վարդան չէ կարող լինել:

Այդ քաջերի հետ միացած էր զորքը, այսինքն վարձկանների մի դասակարգ, որոնց գործ էին ածում շատ անգամ աննպատակ աշխարհակալությունների մեջ, միայն իրանց դրոշի փառքը բարձրացնելու համար: Զորքը արյուն էր թափում, իսկ նրանք փառք էին վայելում: Զորքը հողեր էր տիրում, բայց նրա որդիքը քաղցած էին մնում. արդյունքը շռայլում էր զորքի տերը:

Բայց Վարդանի անձնավորության մեջ միացած էր ժողովուրդը: Նրա փառքը ժողովրդին էր պատկանում: Վարդանըինքը ժողովուրդն էր:

Նրա հետ միացած էր կղերը, մի ձեռքում խաչ, մյուս ձեռքում սուր բռնած: Նրա հետ միացած էր շինականը, մի ձեռքում բահ, մյուս ձեռքում նիզակ բռնած: Նրա հետ միացած էր ազնվականը, քաղաքացին, և որ ամենագլխավորն է` հայ կինը:

Սկսյալ նախարարների շքեղ դահլիճներից, մինչև գյուղական աղքատ խրճիթը, զարթնեց ազատասիրության վսեմ հոգին: Զարթնեց և հայ կինը: Նա իր հրեշտակային կենսատու շնչով ավելի վառեց, ավելի բորբոքեց ժողովրդի եռանդը: Նա թողեց իր պաճուճանքը, մոռացավ իր փափկությունը և սովորեց տանել զինվորի կյանքի խստությունները: Թանկագին բեհեզների, նուրբ կերպասների փոխարեն զգեցավ պատերազմող մարդու կոշտ հագուստը: Ոսկեհուռ մարգարիտների փոխարեն նա իր կուրծքը զարդարեց երկաթե զրահով: Գոհարեղեն պսակի փոխարեն նա իր գլխին դրեց պողովատյա սաղավարտը: Ոսկի մատանիների փոխարեն կրեց սուր, վահան, նիզակ: Ամեն ինչ տվեց նա, ամեն ինչ զոհեց հայրենիքը փրկելու համար:

Երբ կինը խառնվում է գործի մեջ, դա նրա հաջողության ամենապարզ նշանն է: Հայ կինը շարժեց, ոգևորեց, ոտքի կանգնեցրեց ժողովրդի բոլոր դասակարգերը: Իսկ Վարդանը այդ դասակարգերի միավորիչ հոդը, նրանց միմյանց հետ կապող օղակը դարձավ:

Վարդանը ժողովրդի հոգու արտահայտության ծնունդն էր: Բայց ի՞նչ էր ժողովրդի պահանջը. ի՞նչ նպատակ ունեին նրա հոգեկան ձգտումները:

Հայաստանը իր օրհասականի մեջ էր գտնվում: Արշակունյաց հզոր պետությունը զոհ էր գնացել Տիսբոնի նենգությանը: Օծյալ թագավորների գահը խորտակված էր. նրանց փոխարեն տիրում էին պարսիկ մարզպանները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայրապետական օրհնյալ տան ներկայացուցիչները վերջացրած էին: Պարսիկը իր պիղծ ձեռքը տարածել էր մինչև եկեղեցու սրբարանը: Քրիստոսի հոտը մնացել էր առանց անձնանվեր հովվապետի: Ներսես մեծի, Սահակ Պարթևի, Արիստակեսի և Վրթանեսի աթոռի վրա պարսիկները նստեցնում էին Սուրմակին, Շմուելին, Բրքիշոյին ու դրանց նման չարագործներին:

Կանգուն մնացել էին միայն հայոց նախարարները: Դրանք, որպես հայրենիքի բոլոր ծանրությունը իրանց վրա կրող սյուներ, դեռ պահպանում էին կործանված Հայաստանի մնացած փշրանքները: Պարսկական նենգությունը սկսեց այդ նեցուկները ևս տապալել, նրանց ևս խորտակել, որպեսզի ազգային շենքը միանգամայն քարուքանդ անե: Հայաստանը թողնում էին հայ զինվորից թափուր, հայ նախարարից զուրկ, իսկ նրանց երկար տարիներով ուղարկում էին հեռավոր արևելքում, Խուժաստանի կամ Սագաստանի կողմերը, Քուշանաց հետ պատերազմելու: Անսովոր կլիման, տաժանակիր կյանքը, հայրենիքի կարոտը հալում, մաշում էր պանդուխտ հայ զինվորին օտար, անծանոթ աշխարհում: Նրանցից շատերը չէին վերադառնում: Այդ անում էր պարսիկը, որ հայ ժողովուրդը անտեր, անգլուխ մնա, որպեսզի նրան կարողանա ավելի հեշտությամբ կլանել: Ընդդիմություն գործել դժվար էր: Ով որ փոքր ի շատե դժգոհություն էր հայտնում, նրան ցմահ թաղում էին անել բանտի մեջ:

Ժողովուրդը ավելի սարսափելի դրության մեջ էր: Աղքատությունը, չքավորությունը պարսիկները ընդունել էին որպես գլխավոր պայման ամբոխը հնազանդության մեջ պահելու համար: Այդ պատճառով ծանրաբեռնում էին նրան անտանելի հարկերով: Բայց խորամանկ պարսիկը չէ բավականանում միայն նյութապես աղքատացնելով: Նա աշխատում էր աղքատացնել և հոգեպես, և բարոյապես, և մտավորապես: Հայոց սրբարանները, որոնց մեջ հայ մարդը համ աղոթում էր իր աստծուն, համ սովորում էր իր մայրենի լեզվի դպրությունը, — փակված էին: Եկեղեցիների փոխարեն հիմնել էին կրակապաշտության ատրուշաններ: Հայոց մանուկների դաստիարակությունը քահանաների ձեռքից անցել էր մոգերի ձեռքը: Հայոց խոսքը, այն լեզուն, որով խոսում էին Ադամը և Նոյը, — արգելված էր: Հայ մարդը պետք է պարսկերեն խոսեր, պարսկերեն գրեր և պարսկերեն աղոթեր:

Ամեն ինչ, որ թանկ և նվիրական էր հայի համար, ոչնչանալու վրա էր: Նրա հայրենիքը պարսկական նահանգ էր դարձել: Նրա եկեղեցին սրբապղծված էր: Նրա լեզուն, այդ մայրենի սուրբ ավանդությունը, խլում էին նրանից: Ազատության փոխարեն տիրում էր բռնություն: Արդարության փոխարեն տիրում էր անիրավություն: Խաղաղության փոխարեն տիրում էր հալածանք, խռովություն, երկպառակություն: Պարսիկը ինքն էր սերմանում խռովությունը: Անարժաններին առաջ էր քաշում, իսկ արժանավորներին հետ մղում: Վատերը, մատնիչները, ուրացողները ստանում էին փառք, պատիվ և բարձր պաշտոններ, իսկ ազնիվ մարդիկ անարգվում էին: Ազգասիրությունը, հայրենասիրությունը, կրոնասիրությունը մի քրեական հանցանք էր, որ պատժվում էր ամենասաստիկ կերպով: Պարսկաստանի բանտերը, Սագաստանի աքսորավայրերը լցված էին այս տեսակ զոհերով: Ժողովրդի ընտիր, օգտակար, բարեմիտ անդամներին ոչնչացնում էին և թողնում էին վատերին, անպիտաններին միայն, որպեսզի ազգը, կորցնելով իր լավ ու կենդանի ուժերը, բոլորովին դիակնանա, որ կարողանան հեշտությամբ կլանել, հեշտությամբ մարսել նրան:

Տեսնելով այդ բոլոր չարիքները, ժողովուրդը այլևս չկարողացավ համբերել: Նա անցավ Վարդանի դրոշի տակ, մտածեց ազատվել անտանելի դրությունից: Մի քանի օրվա մեջ Արտաշատում կազմվեցավ 60 հազարից բաղկացած մի բանակ: Այդ բանակի մեջ, որպես մի ամբողջ մարմին, միացած էին ժողովրդի բոլոր դասակարգերը: Նրանց առաջնորդում էին` հոգևորականությունը և ազնվականությունը, երկուսն էլ ձեռք ձեռքի տված, երկուսն էլ մի սիրտ` մի հոգի դարձած: — Այդ միությունն էր պատճառ, որ հայոց քաջերը Ավարայրի դաշտում կատարեցին այն փառավոր հաղթությունը, որը մեր պատմության մեջ մինչև դարերի վերջը կփայլի որպես մի պայծառ աստղ: Թեև այդ հաղթությանը զոհ գնաց մի մեծ մարդ, որի դագաղը դրած է ձեր աչքի առջև, որի հոգեհանգիստը կատարում ենք այսօր:

Այժմ ես այդ դագաղից դուրս կկոչեմ Վարդանի հոգին, թող նա խոսե ձեզ, թող նա բացատրե ձեզ մեր աշխարհի այժմյան դրությունը:

Մեր վիճակը այժմ ինչո՞վ է տարբերվում Վարդանի ժամանակներից: Մի՞թե օտարի դառն լուծը նույնքան ծանրացած չէ մեզ վրա, որպես Վարդանի օրերում: Մի՞թե այսօր ևս մեզ վրա չէ տիրում նույն պարսիկը, նույն խորամանկ, նենգավոր և չարամիտ պարսիկը: Ինչո՞վ են ապահովված մեր կյանքը, մեր ընտանիքը, մեր կայքը, մեր ազգային սրբությունները: Մի՞թե մեր դրությունը չէ տանում մեզ դեպի արագ ոչնչություն, դեպի հավիտենական կորուստ:

Մի լավ մտածենք, թե ինչ էինք մենք առաջ, իսկ ինչ ենք այժմ: Այդ երկու համեմատությունների մեջ երկնքից մինչև գետինք հեռավորություն կա: Մեր ներկան ոչինչով չէ նմանում մեր անցյալին:

Մենք ապրում ենք Սյունյաց աշխարհում: Այդ երկիրը իր բնական հատկանիշներով միշտ պահպանել է մի առանձնական, ինքնուրույն դրություն Հայաստանի մյուս նահանգների վերաբերությամբ: Սկսյալ մեր Սիսակ նահապետի օրերից, հայոց իշխանությունը անպակաս է եղել մեր երկրից: Հայաստանում երբեմն ընկել է հայոց թագավորությունը, երբեմն կանգնել է, երբեմն անիշխանություն է տիրել, երբեմն օտարներն են տիրել, — բայց Սյունյաց աշխարհը պահպանել է իր առնձին պատմությունը և խիստ սակավ անգամ ենթարկվել է Հայաստանում պատահած փոփոխություններին: Մենք ունենք թագավորների ու իշխանների մի երկայն շարք, որոնք միմիայն մեր աշխարհին են պատկանում: Բայց այժմ ո՞ւր են նրանք: Ո՞ւր են այն քաջերը, որոնք պարսիկներին, հոներին, արաբներին, թաթարներին սարսափեցնում էին: Ո՞ւր են մեր աշխարհի բազմամարդ քաղաքները, հազարավոր գյուղերը, անառիկ բերդերը: Ո՞ւր է մեր անկախությունը:

Մի՞թե դուք չեք լսում Վարդանի դառն հանդիմանությունը. մի՞թե նա չէ ասում մեզ. «Անարի՛ և վա՛տ մարդիկ, դուք այնքան թույլ գտնվեցաք, որ կորցրիք բոլորը, ինչ որ ձեր նախնիքը գնել էին արյան գնով և թողել էին ձեզ որպես ժառանգություն»:

Այսօր հայը ամոթի, նախատինքի, ծաղրածության առարկա է դարձել: Ով որ կամենում է մեկին վիրավորել, ով որ կամենում է ցույց տալ, որ նա ցած, անարգ և չնչին արարած է, ասում է` «դու հայ ես»: Ինչո՞վ ժառանգեցինք մենք այդ նախատինքը, — իհարկե, մեր վատություններով: Մենք մեր հայրերի անարժան, անհարազատ սերունդն ենք, այն հայրերի, դեպի որոնք հարգանք և պատկառանք էր զգում ամեն օտարազգի: Ինչո՞վ կարող ենք վերականգնել մեր պատիվը: — Ոչինչով, քանի որ մենք կմնանք ստրուկ, օտարի գերի, քանի որ մենք մեր երկի ու գլխի տերը չենք լինի:

Եթե մի օր հայոց աստվածը կխնդրե Հայաստանի կործանման ու նրա զավակների արյան վրեժը մեր ազգի թշնամիներից, — առաջին պատասխանատուն կլինեն մեր եկեղեցականները: Դրանք թուլացրին ժողովրդի սիրտը, խլեցին նրա քաջությունը, մեռցրին նրա բոլոր կենսական ուժերը, և քրիստոնեական խոնարհության, քրիստոնեական համբերության անունով սովորեցրին նրան ստրուկ լինել:

Մարդկության գազանները իրանց բարբարոս հրոսակներով մինը մյուսի ետևից անդադար գալիս էին, և ոտնակոխ անելով Հայաստանը, անցնում էին: Նրանք թողնում էին իրանց ետևից արյուն, կոտորած, ավերմունք և բոլորովին անապատ դարձրած մի երկիր: Այսպիսի դեպքերում եկեղեցականները, որոնք առաջնորդում էին ժողովրդին, փոխանակ նրա մեջ կյանք և քաջություն ներշնչելու, փոխանակ նրան խրախուսելու, որ սուրը ձեռքում պաշտպանե իր հայրենիքը, ասում էին. «Դու արժանի էիր այդ պատուհասին. քո մեղքերի համար աստված պատժեց քեզ: Նրա դատաստանը արդար է. ինչ որ աստված է անում, նրա դեմ բողոքել հանցանք է...»: Եվ այս տեսակ խոսքերով քարոզում էին ժողովրդին, որ ապաշխարհե, որ աղոթե, որպեսզի աստուծո բարկությունը անցնի:

Մեր պատմության մեջ խիստ փոքր է եղել այն եկեղեցականների թիվը, որոնք դրա հակառակն են քարոզել, և այդ մարդիկն են, որ պաշտելի անուն են թողել:

Մեր կրոնը անձնապաշտության դեմ չէ: Նույն հնազանդություն քարոզող Հիսուս Քրիստոսը, որ ասում էր` «թե ձախ երեսիդ ապտակ տալու լինեն, աջն էլ շուռ տուր», — երբ իր անձի վրա փորձեց այդ պատվիրանքը, երբ Կայիփա քահանայապետի ծառայից մի ապտակ կերավ, ինքը առաջինը եղավ, որ բողոքեց այդ անիրավության դեմ: Քրիստոնեությունը ազատության և մարդկային հավասարության կրոն է: Ինչ որ ընդդեմ է ազատության, ինչ որ ընդդեմ է հավասարության, ընդդեմ է և քրիստոնեության:

Սեփականության իրավունքը սուրբ է աստուծո համար: «Մի՜ գողանարը» նրա մեզ տված տասն պատվիրանքներից մեկն է: Ինչ որ ունե մի անհատ, ինչ որ ունե մի ամբողջ ազգ, պետք է նրան պատկանի: Իսկ երբ մի ուրիշը գողանում է, հափշտակում է, — հանցանք է գործում: Այսպիսիներին ոչ միայն զրկված մարդը, այսինքն սեփականատերը, իրավունք ունի պատժելու և հափշտակությունը ետ խլելու, — այլ աստված ինքը օգնում է զրկվածին:

Մենք մի ազգ ենք: Ազգըմի մեծ անհատ է, որ ունե իր սեփականությունները: Մենք էլ ունեինք մեր հայրենիքը, որ մեր հորերից մնացել էր մեզ որպես ժառանգություն: Այդ հողի վրա, որպես մեր սեփական տան մեջ, մենք ազատ վարում էինք, ցանում էինք, հնձում էինք ու հանգիստ ապրում էինք: Այստեղ մենք ունեինք մեր օրենքները և մեր կառավարությունը: Մեր թագավորը, որպես ազգային մեծ ընտանիքի հայրը, իշխում էր մեզ վրա: Բայց թշնամին եկավ, բոլորը հափշտակեց, բոլորը ոչնչացրեց և մեզ իր ստրուկը դարձրեց: — Այդ էլ գողություն է, մի ահագին գողություն: Եվ աստված ինքը կօգնե մեզ, երբ մենք կպատժենք գողին և հետ կխլենք նրա հափշտակությունը:

Աստված իր սուրբ գրքի մեջ մեզ տվել է հազարավոր օրինակներ այդ մասին. ես կհիշեմ մի քանիսը միայն:

Ահա ինչ է ասում Եհովան Մովսեսի բերանով Իսրայելի ժողովրդին. «Երբ որ քո տեր աստվածը քեզ կտանե այն երկիրը (Քանանացոց երկիրը), ուր որ պիտի մտնես ժառանգելու համար, նա քո առջևիցդ շատ ազգեր պիտի հալածե, այսինքն` քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հիրուսացիներին: Այդ յոթը ազգերին, որոնք քեզնից մեծ ու զորավոր են, երբ որ քո տեր աստվածը դրանց քո ձեռքը կտա, պետք է դրանց կոտորես ու բոլորովին ոչնչացնես»††††††††††††††††:

Աբրահամի, Իսահակի և Հակոբի հայրենիքին տիրում էին օտարազգիները: Աստված կամենում էր, որ Իսրայելը կրկին տեր դառնար իր հայրենական ժառանգությանը և հրամայում էր նրանց կոտորել, եթե չհնազանդվեին:

Դարձյալ ասում է Եհովան Մովսեսի բերանով Իսրայելի ժողովրդին. «Երբ որ մեկ քաղաքի մոտենալու լինես, նրա հետ պատերազմելու համար, նախ նրան խաղաղության հրավիրե: Եվ եթե որ քեզ խաղաղության պատասխան կտա ու դռները քո առջև կբաց անե, այն ժամանակ քաղաքի մեջ գտնված բոլոր ժողովուրդը պետք է քեզ հարկատու լինի և քեզ ծառայություն անե: Բայց թե որ քեզ հետ խաղաղություն անել չկամենա, և պատերազմ անե, այն ժամանակ պետք է քաղաքը պաշարես: Եվ երբ որ քո տեր աստվածը քո ձեռքը կմատնե այդ քաղաքը, նրա բոլոր արուներին պետք է սրի բերնից անցկացնես: Իսկ կնիկներին, տղաներին, անասուններին և ինչ որ կա այն քաղաքի մեջ, — նրա բոլոր ավարը քեզ համար պետք է վեր առնես, և քո տեր աստուծուդ քեզ մատնած քո թշնամիների ավարը պիտի ուտես: Ահա այսպես պիտի անես քեզնից հեռու գտնվող բոլոր քաղաքների հետ: Եվ քո տեր աստուծո քեզ ծառայության տված այս ազգերի (օտարների) քաղաքների մեջ մի որևիցե շունչ ունեցողին պետք է բնավ ողջ չթողնես»‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡:

Next page