Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Բայց Հարունի բարկությանը չափ չկար. նրա շիլ բիբերը բոլորովին թաքնվեցան աչքերի կոպերի տակ: Նա իր մտքում ասում էր. «Հիմա խո կգնա այդ մարդը, ես այն ժամանակ քո կապուտակների թիվը կրկին կավելացնեմ...»:

Եսթերը կարծես գուշակեց նրա միտքը և կնիկների սովորական թուլությամբ, տեսնելով իր առջև մի գերազանց ուժ, աշխատեց նրա մեջ պաշտպանություն գտնել ամուսնի բռնության դեմ:

Դու դրա վիզը կկտրես, երբ մյուս անգամ կծեծե ինձ, այնպես չէ՞, — հարցրեց նա իր գեղեցիկ, անբախտությամբ լի աչքերը դարձնելով դեպի իշխանը:

Իշխանին խիստ անախորժ էր դատավոր լինել մի այսպիսի ընտանեկան կռվի, բայց մանկահասակ կնոջ վրդովմունքը, նրա թշվառությունը և ծերունի ամուսնի անգթությունը այն աստիճան ազդեցին նրա վրա, որ պատասխանեց.

Կկտրեմ...

Ծերունի հրեան սարսափեց:

Եսթեր, ի սեր աստծո, — գոչեց նա ողբալի ձայնով, — ես աղբ կուտեմ, գլուխս քարին կտամ, ես քեզ էլ չեմ ծեծի, ինչ որ ուզես կառնեմ, միշտ յուղ, մեղր, փլավ կուտացնեմ...

Եսթերը այս խոսքերից ուրախացավ և մի գրավիչ ժպտով, որի մեջ արտահայտվում էր և՜ ակնածություն, և՜ շնորհակալություն, մոտեցավ իշխանին, և բռնելով նրա աջը, սեղմեց իր վարդագույն շրթունքի վրա: Կնոջ վարմունքը ամենևին օտարոտի չթվեցավ նրա ամուսնին, որովհետև այս կողմերում սովորություն էր կնիկներին ի նշան հարգանքի համբուրել տղամարդերի ձեռքերը:

Հարունը ճշմարիտ էր ասում, որ ինքը ակամա ամուսնացավ: Փողի սերը բոլորովին կուլ էր տվել նրա սիրտը. կնոջ համար ոչինչ չէր մնացել: Վաթսուն և հինգ տարեկան հասակում նա ամուսնացավ տասնևվեց տարեկան Եսթերի հետ: Կինը այժմ քսանմեկ տարեկան էր, իսկ ինքը բոլորովին ծերացած: Խանդոտ ծերունին պահում էր Եսթերին իր այրի քրոջ պահպանության ներքո, որը սատանայի նման հսկում էր նրա վրա: Այս գիշեր մի դիպվածով նա տանը չէր, գնացել էր իր աղջկա մոտ: Եթե տանը լիներ, Եսթերը նրա մասին էլ շատ գանգատներ կաներ իշխանին: Այդ պառավը նրա հոգին առնում էր, չէր թողնում ջահիլ տղերքի հետ խոսի, չէր թողնում մենակ տնից դուրս գնա... Եսթերը շատ անբախտ էր, Եսթերը մի լավ օր չէր տեսնում... Հուդիթների այդ գեղեցիկ, մանկահասակ քույրիկը այրվում, տանջվում, խորովվում էր երկու պառավների ճանկերի մեջ... և նրա սրտի բոլոր տանջանքները կարելի էր նկատել նրա վշտացած, գունաթափ դեմքի վրա:

Գիշերից բավական անցել էր: Այժմ Հարունին անհանգստացնում էր ոչ թե կնոջ անզգամությունը, այլ գլխավորապես այն միտքը, թե ի՞նչ պետք էր անել անտանելի հյուրի հետ: Պահել նրան իր տանը չէր կարող, իսկ այն ուշ, գիշերային պահուն դռները բաց անել նրա առջև, այդ ոչ միայն անկարելի էր, այլ իր երկրի հյուրասիրական սովորություններիին բոլորովին հակառակ: Բայց ինչո՞վ հյուրասիրել նրան: Չնայելով որ այն օր ուրբաթ էր, չնայելով որ ուրբաթ օրը ամեն մի հրեայի տնում նախապես պատրաստվում են շաբաթվա բոլոր կերակուրները, իսկ իր տնում ոչինչ պատրաստություն չկար: Ուրեմն, պահելով հյուրին իր տանը, նա պիտի արդարացներ Եսթերի գանգատը, թե հրեաների մեջ ամենահարուստ ամուսինը իր կնոջը քաղցած էր պահում: Այս պատճառով Հարունը շատ ուրախ եղավ, երբ իշխանը հրամայեց նրան հայտնել ծառաներին, որ ձիաները պատրաստեն:

Միթե իմ տունը արժան չէ՞ ձեզ մի գիշեր անցկացնելու համար, — ասաց նա կեղծ քաղաքավարությամբ: — Այժմ ու՞ր կարող եք գնալ, շատ ուշ է:

Չեմ կարող մնալ, — պատասխանեց իշխանը:

Մնացեք, խնդրում եմ... — աղաչում էր Եսթերը այնպիսի մի ձայնով, որ կարող էր ազդել ամեն մի երիտասարդ սրտի վրա:

Հարունը թեքվեցավ և այնպես պարզ փսփսաց կնոջ ականջին, որ բոլորը լսեց իշխանը.

Դու չե՞ս հասկանում, հիմար, որ հրեայի տունը, հրեայի հացը պիղծ է քրիստոնյայի համար:

Ես նրա համար մաքուր անկողին կպատրաստեմ, — ասաց կինը լսելի ձայնով, ուշադրություն չդարձնելով, որ այրը նրա հետ ծածուկ է խոսում:

Շնորհակալ եմ, Եսթեր, — ասաց իշխանը դառնալով դեպի կինը, — ցավում եմ, որ չպիտի կարողանամ մնալ. մի անհրաժեշտ գործ ստիպում է ինձ հեռանալ այստեղից: Բայց խոսք եմ տալիս, երբ մյուս անգամ կգամ կնիքները ստանալու, գիշերը հյուր կմնամ ձեզ մոտ:

Հարունը առանց սպասելու իշխանի հրամանին, դուրս եկավ խրճիթից ծառաներին պատվիրելու, որ ձիաները պատրաստեն: Այդ միջոցին Եսթերը մոտեցավ իշխանին, և նրա աջը բռնելով իր դողդոջուն ձեռքերի մեջ, կրկին սեղմեց իր վառված շրթունքների վրա, ասելով.

Ես ձեզ շատ բաներ ունեի ասելու... խիստ շատ բաներ... Ափսո՛ս որ չմնացիք...

Խեղճ կնոջ աչքերում երևացին արտասուքի կաթիլներ:

Դրսից լսելի եղավ Հարունի հազալու ձայնը, որ նշան էր, թե ահա գալիս եմ: Կինը հեռացավ իշխանի մոտից:

Լսու՞մ ես, Հարուն, ուղիղ մեկ ամսից հետո կնիքները պետք է պատրաստ լինեն, քառասուն հատ:

Լսում եմ, աղա, միամիտ կացեք: Հարունը մի աշխատություն երբ հանձն առեց, իր ժամանակին կկատարե:

Մնացեք բարյավ, Եսթեր:

Այր և կին դուրս եկան հյուրին ճանապարհ դնելու: Երբ նրանք փոքր-ինչ հեռացան, Հարունը ասաց Եսթերին.

Ես էգուց առավոտյան քո հոգին կառնեմ...

Կանչե՞մ... կանչե՞մ աղային... — սպառնացավ կինը բարկանալով:

Չէ՜... չէ՜... մի՜ կանչիր, թե աստվածդ կսիրես, միկանչիր...

Տե՜ս, այդպես կատու կդառնաս...

Դ

Մինչև հրեան կպատրաստե կնիքները, ես կպատմեմ մի անցք, որ պատահեց մոտավորապես տասնևհինգ տարի առաջ:

Սեֆեվիների ժամանակ, երբ ավղանները արևելքից օրըստօրե զորանում էին, երբ պարսից հարավային երկրների մի մասը անցավ օսմանցիների ձեռքը, — այդ ժամանակ Պարսկաստանի արևմտյան մասում, մանավանդ Ատրպատականում շահերի իշխանությունը բոլորովին թուլացավ: Խաներից շատերը ապստամբվեցան և կազմեցին զանազան մանր, անկախ իշխանություններ: Այդ խաներից մեկն էր Փայտակարանի (այժմյան Ղարաբաղի) Բարգյուշադ գավառի Ֆաթալի խանը: Նա մի ազնվական էր աննշան տոհմից, որ իր ամբողջ կյանքում պարապել էր ավազակությամբ և ասպատակություններով: Նվաճելով Բարգյուշաղի բոլոր թյուրք բեկերին, Ֆաթալի խանը ոչ միայն այդ գավառի բռնապետը դարձավ, այլ մտածում էր տիրել ամբողջ Ղափանին: Եվ այն գազանը, որ առաջ իր փոքրիկ խումբով մեծ ճանապարհների վրա միայն քարավաններ էր կողոպտում, այժմ սկսեց ահագին խումբեր կազմել և ամայի դարձնել հարևան երկրները:

Ամառնային ամիսներից մեկն էր:

Ֆաթալի խանը, թողնելով Ղափանի ջերմ տափարակները, իր Չալաբիան կոչված խոշնարած ցեղի հետ, անցել էր Փայտակարանի հովասուն և անտառապատ լեռների վրա ամառը անցկացնելու համար:

Գիշեր էր: Հովիվների բոլոր վրանները պատած էին թանձր խավարով. միայն խանի կանանոցը կազմող չադրների մեջ վառվում էին մի քանի գունավոր լապտերներ: Այդ չադրներից զգույշ և հուշիկ քայլերով դուրս եկան երկու հոգի, որ փաթաթված էին լայն վերարկուների մեջ: Մեկը գնում էր առաջ, իսկ մյուսը հետևում էր նրան: Մի փոքր հեռանալով կանանոցից, նրանք անհետացան գիշերային մթության մեջ:

Ձեռքդ տուր ինձ, տիկին, — ասաց նրանցից մեկը, որը երևում էր, տղամարդ էր, — այդ ճանապարհը անծանոթ է քեզ, դու անդադար սայթաքվում ես:

Շնորհակալ եմ, Ահմեդ, այսպես կարող եմ գնալ, — պատասխանեց մի վշտալի կանացի ձայն, — դու միայն առաջ գնա և ճանապարհը ցույց տուր ինձ:

Նեղ շավիղը, որի վրայով անցնում էին նրանք, տեղ-տեղ կորչում էր թուփերի և մացառների մեջ: Ծակոտող փուշերը պատառոտում էին նրանց հագուստը և երբեմն ծվատում էին նրանց մարմինը, բայց նրանք, կարծես, ոչինչ չէին զգում և շարունակում էին իրանց ճանապարհը: Անցնելով մի քանի կիրճեր, մի քանի դժվարին դարուփոսներ, նրանք հասան մի տեղ, ուր լեռան քարաժայռերը գոգովորված էին, կազմելով այրի նման մի ահագին խոռոչ: Նրա մուտքի առջև պառկած, խռմփում էին մի քանի պահապաններ: Տիկինը կանգնեց փոքր-ինչ հեռու, իսկ նրա ուղեկից տղամարդը մոտենալով, զարթեցրեց պահապաններից մեկին:

Բաց արա դուռը, — ասաց նրան հազիվ լսելի ձայնով:

Այդ դուռ կոչվածը մի ահագին սալ էր, որով փակած էր այրի նեղ մուտքը: Ուժեղ պահապանը, թիկն տալով, մի կողմ գլորեց ծանր սալը և մուտքը բացվեցավ: Այդ միջոցին տիկինը, ավելի զգույշ կերպով փաթաթվելով իր այրացի վերարկուի մեջ, մոտեցավ այրին և ներս մտավ: Նրա հետ եկող տղամարդը, որ կանանոցի ներքինապետն էր, պատվիրեց պահապանին հսկել մուտքի մոտ և ոչ ոքի ներս չթողնել: Պահապանը, որի ամեն ձևերից երևում էր ակնածություն և խոնարհություն դեպի այդ մարդը, խոստացավ, թե կկատարե նրա հրամանը:

Այրի մեջ տիրում էր մթին խավար: Կարծես, նրանք իջնում էին մի ստորերկրյա տարտարոսի մեջ: Մի քանի քայլ առաջ գնալուց հետո, տղամարդը կանգնեց, և չախմախը զարկելով կայծքարին, վառեց աբեթը, որով կպցրեց ծծումբի մեջ թաթախած լուցկին, և նրանով վառեց ձեռքի փոքրիկ լապտերը, որ իր հետ ուներ բերած: Մռայլ լույսը տարածվեցավ այրի մթին կամարների մեջ: Այդ ստորերկրյա զնդանը ոչխարների աղըլ* էր, ուր պատսպարվում էին հովիվների հոտերը աշնան և ձմեռվա փոթորիկների ժամանակ, իսկ ամառը մնում էր դատարկ: Այդ ժամանակ ոչխարները այսպիսի մթին, խեղդված խորշերի կարոտություն չունեին, լեռների արձակ, բացօթյա կյանքը ավելի լավ էր նրանց համար: Անասունների այդ խավար պատսպարանը այժմ ծառայում էր որպես մարդիկների զնդան: Խանը այնտեղ էր բանտարկում իր կալանավորներին: Նա կատարելապես լաբիրինթոսի ձև ուներ. մի ահագին գետնափոր խոռոչ, ոլորմոլոր պտույտներով, տարածվել էր ժայռերի սրտի մեջ: Անասունների բորբոսած ապականությունը, ամբարվելով այնտեղ, ավելի անտանելի էր դարձնում առանց օդի և լույսի այրը, ուր տիրում էր մշտական խոնավություն, խեղդող ժահահոտության հետ:

Տղամարդը ձեռքերի փոքրիկ լապտերով դեռ լուսավորում էր այրի մուտքը և խարխափելով առաջ էր գնում, իսկ տիկինը հետևում էր նրան: Նրանք հասան մի տեղ, ուր այրի նեղ անցքը լայնանում էր, կազմելով մի ընդարձակ քարանձավ: Այստեղ ներկայացավ նրանց առջև մի սարսափելի տեսարան: Մոտ երկու հարյուր բանտարկյալներ, առանձին ղաթարներով†, պառկած էին սառն և խոնավ գետնի վրա: Յուրաքանչյուր ղաթարը բաղկացած էր քսան հոգուց: Մի երկայն շղթա, որի ծանր օղակները անց էր կացրած նրանց պարանոցով, կապում էր բոլորին միասին: Շղթայի այն օղակը, որ անց էր կացրած նրանց պարանոցով, ավելի լայն էր մյուսներից և ետևից ամրացրած էր եկրաթե կողպեքով: Այդ մի սոսկալի դրություն էր ողորմելի կալանավորների համար: Երևակայեցեք, քսան մարդիկ համարյա կարված են մինը մյուսի հետ: Բոլորի պարանոցները միևնույն շղթայով կապված լինելով, նրանք ստիպված էին միասին կանգնել, միասին նստել, միասին պառկել, մի խոսքով, ամեն շարժում պետք է միասին գործեին, այլ կերպ անհնարին էր: Որովհետև, եթե մեկը պառկեր, երբ մյուսները նստած էին, կարող էր խեղդվել. եթե մեկը կանգներ, երբ մյուսները նստած էին, նույնպես կարող էր խեղդվել:

Մի ծանր սոսկում տիրեց տիկնոջ սրտին, երբ նա տեսավ այդ թշվառ, դատապարտված բազմությունը: Նրա աչքերի առաջ սևացավ և փոքր էր մնում, որ ուշաթափ լիներ: Նա թիկն տվեց քարանձավի պատին և մի քանի րոպե մնաց անշարժ, խորին տրտմության մեջ:

Տեսնելով լապտերի լույսը, բնատարկյալներից մի քանիսը շարժվեցան. նրանք բարձրացրին իրանց գլուխները և կրկին դրեցին խոնավ գետնի վրա, չկամենալով զարթեցնել իրանց մոտ պառկած ընկերներին:

Տիկնոջը դժվար էր ճանաչել իր ծպտյալ հագուստի մեջ. նա նմանում էր մի գեղեցկադեմ պատանու, որի նմանները խիստ շատ էին խանի մանկլավիկների թվում: Երբ նա մի փոքր ուշքի եկավ, նրա ուղեկիցը մոտեցավ, ասելով.

Մենք ուշանում ենք...

Երկուսը միասին մոտեցան շղթայակապների մի խումբի, որ գտնվում էր քարանձավի խորին անկյունում: Նրանցից մեկը վիրավոր էր: Տիկինը գթության քրոջ ցավակցությամբ սկսեց բաց անել նրա վերքի փաթոթները: Դա մի պատանի էր, որ հազիվ քսան տարեկան կլիներ: Նվաղած, արյունաքամ եղած այդ մանուկը, պատերազմի դաշտում ընկած Արայի նման, հանկարծ կյանք ստացավ, երբ իր Շամիրամի դյութական մատները դիպան նրա մարմնին: Վերքը գտնվում էր գլխի վրա. թշնամու սուրը խորին սպի էր թողել նրա գագաթի վրա: Տիկինը սկսեց լվանալ վերքը և սրբել մաքուր կտավով: Նրա հետ եկող տղամարդը սպեղանի դրեց, իսկ տիկինը դարձյալ փաթաթեց վիրակապերով: Այդ բոլոր գործողությունը կատարվում էր լուռ և անխոս կերպով: Բայց ոչ ոք չկարողացավ նկատել` այն րոպեում, երբ տիկնոջ հոգատար մատները զբաղված էին վիարվորի փաթոթներով, պատանու գունաթափ շրթունքները տենդային ջերմությամբ սեղմվեցան իր խնամակալի ձեռքի վրա: Այդ ամենաթանկագին վարձատրությունն էր, որ ստացավ նա իր գիշերային այցելության համար: Նա պատրաստ էր գրկել, համբուրել այդ գեղեցիկ, շղթայակապ վիրավորին, բայց խեղդելով իր մեջ սիրո բուռն զգացմունքը, տխուր, սպանված սրտով վեր կացավ նա, ասելով հիվանդին. — քո վերքը հիմա բավական լավացած է, ես ամեն գիշեր կայցելեմ քեզ մոտ, մինչև բոլորովին կառողջանաս:

Իմ վերքը... — կոչեց հիվանդը դառն հառաչանքով, — իմ վերքը կմնա անբուժելի... նա այնքան խորն է, որ բժշկի ձեռքը հազիվ թե կարող է շոշափել այնտեղ...

Պատանու խոսքը իր սրտի վերքի մասին էր: Տիկինը պատասխանեց.

Ես այն էլ կբժշկեմ...

Նա վերջին անգամ իր գեղեցիկ, արտասուքով լի աչքերը դարձրեց դեպի պատանին և անցավ մի քանի ուրիշ հիվանդների մոտ: Բոլորը վիրավորներ էին: Տիկինը իր ձեռքով փոխում էր նրանց փաթոթները, իսկ նրա հետ եկած տղամարդը սպեղանի էր դնում: Որպես մխիթարության հրեշտակ, ամեն տեղ հանդիպում էր նա օրհնության և խորին շնորհակալությունների: Շատերի բռնում էին նրա հագուստի փեշերը և համբուրում էին: Այդ հիվանդ, քաղցած, ծարավ բազմության կյանքը կախված էր այդ տիկնոջ առաքինությունից: Նրանք բոլորն էլ կմեռնեին իրանց խոնավ, մթին գերեզմանի մեջ, եթե այդ կինը չլիներ:

Երբ ամեն հոգածությունները վերջացած էին, տիկնոջ ուղեկիցը մի քանի անգամ դարձավ դեպի նա, շտապեցնելով, թե ժամանակ է հեռանալու: Բայց նա, կարծես, դժվարանում էր մի քայլ անգամ փոխել, կարծես, մի ներքին, գաղտնի զգացմունք կապում էր նրան այդ հոտած քարանձավի հետ, որի օդը խեղդելու չափ անտանելի էր: Նա ավելի ուրախ կլիներ այնտեղ մնալ, նայել և միշտ նայել այն սիրուն պատանու վրա, որի գունաթափ շրթունքների ջերմ դրոշմը դեռ զգում էր իր ձեռքի վրա:

Մի զիլ, ձգական ձայն լսելի եղավ դրսից: Տիկինը ամբողջ մարմնով դողաց: Դա վաղորդյան ազանի ձայնն էր: Կնշանակե, նա շատ էր ուշացել քարանձավի մեջ. պետք էր շտապել, հեռանալ, որ ոչ ոք չտեսնե:

Դրսի թամ, հովասուն օդը փոքր-ինչ կազդուրեց տիկնոջ բորբոքված սիրտը և նրա թուլացած ուժերը կրկին զորություն ստացան: Փաթաթված իր լայն վերարկուի մեջ, նա առանց ճանաչվելու, անցավ պահապանների մոտից, հրամայեց իր ուղեկցին առաջ ընկնել, և որքան կարելի է, փութացնել իր քայլերը:

Մի շտապեք, տիկին, — ասաց նա մտերմական կարեկցությամբ, — դուք բավական տանջված եք, ճանապարհը ավելի ևս կհոգնեցնե ձեզ:

Դեռ մութն էր, այն լույսի հետ պատերազմող մութը, որ ժողովուրդը կոչում է «Ադամի խավար»: Աստղերը շողշողում էին երկնքից, իսկ Արուսյակը, երկնքի այդ սիգաճեմ հարսիկը‡, դեռ նոր իր նազելի դեմքը ցույց էր տալիս հորիզոնի հետևից: Երբեմն թուփերի միջից լսելի էր լինում նոր զարթած թռչունների չկչկոցը, որպես մի նախերգանք, որով պատրաստվում էին փառաբանել տվնջյան լուսատուի գալուստը: Ամեն կողմից շնչում էր ուրախություն, ամեն տեղ զարթնում էր կյանքը: Միայն տիկնոջ սիրտը տխուր էր, միայն նա ուրախ լինել կարող չէր...

Կանանոցի չադրների առջև դեռ գունավոր լապտերները տարածում էին իրանց շուրջը մի տեսակ կախարդական խայտաճամուկ լուսավորություն: Չադրներից ոչ մեկի վարագույրները դեռ բարձրացրած չէին: Ամբողջ կանանոցը մրափում էր քաղցր, հեշտասեր քնի մեջ: Տիկինը մտնելով իր չադրը, գտավ այնտեղ իր սևամորթ աղախնին նույնպես քնած, թեև պատվիրել էր նրան արթուն մնալ: Նա չկամեցավ անհանգստացնել նրան և մտավ իր քնարանը: Այնտեղ զգուշությամբ մերկացավ իր այրացի հագուտը, առանց մի շշնջյուն անգամ հանելու, որ չվրդովե իր փոքրիկ երեխայի քունը, որ պառկեցրած էր կախաղանավոր լանդիկի (օրորոց) մեջ: Նա ուշիկ կերպով հետ քաշեց երեխայի երեսից թափանցիկ քողը, որ ձգած էր նրա մարմինը մոծակներից ազատ պահելու համար, և մի քանի րոպե մայրական ջերմ գթասրտությամբ նայեց նրա սիրուն երեսիկի վրա: Կրկին քողըբաց թողնելով, ինքն էր պատրաստվեցավ քնելու: Մի փառավոր անկողին, պատրաստված արևելքի ամենաթանկագին և նուրբ կերպասներից, սպասում էր նրան: Աստղիկը իր գեղեցկության բոլոր վայելչությամբ պիտի նախանձվեր, պիտի շառագուներ, տեսնելով այդ ճոխ, սքանչելի մարմինը, երբ նա մերկանալով մտավ իր անկողնի մեջ: Ճանապարհի հոգնածությունը մի կողմից, հոգեկան տանջանքը մյուս կողմից, այն աստիճան թուլացրել էին նրա վաստակաբեկ ջղերը, որ իսկույն տիրեց նրան մի տեսակ թմրություն, որ հաջորդում է կոտրած սրտի երկար խռովություններից հետո:

Քառորդ ժամ հազիվ էր անցել, մի արարած ստվերի նման անցավ տիկնոջ վրանի ետևի կողմը: Նրա սև մարմինը բոլորովին միախառնվում էր գիշերային մթության հետ: Նա գազանների անշշունջ քայլերով մոտեցավ վրանի ցիցերից մեկին և զորեղ ձեռքով դուրս քաշեց: Պարանը թուլացավ: Հետևապես թուլացավ վրանի պաստառի այն մասը, որ ձգված էր այդ պարանով: Նա կուրծքի վրա սողալով, մոտեցավ վրանին և ձեռքով զգուշությամբ բարձրացրեց նրա անջրպետը, որ բաժանում էր տիկնոջ քնարանը վրանի մյուս մասերից: Այս բացվածքից հազիվ կարող էր մի կատու անց կենալ: Նա իր ահագին գլուխը ներս տարավ: Քնարանի մեջ վառվող լապտերի լույսը, ընկնելով նրա երեսի վրա, երեվան հանեց խափշիկի այլանդակ կերպարանքը: Նա կամաց-կամաց սկսեց առաջ սողալ: Նրա մերկ մարմինը մինչև մեջքը արդեն անցել էր քնարանի մեջ: Այդ միջոցին երկու ձեռքերը, օրանգուտանի երկայն թաթերի նման, դրեց հատակի վրա, և գլուխը վեր բարձրացնելով, քննական կերպով աչք ածեց դեպի քնարանի շուրջը: Այդ դրության մեջ նմանում էր նա մի քած շան, որի ահագին ստինքը հասնում է մինչև գետին ծնունդից հետո: Եվ իրավ, խափշիկը կին էր: Պահպանելով իր դիրքը, նա սկսեց ուշադրությամբ ականջ դնել տիկնոջ շնչառությանը, առանց մի թեթև հնչյուն անգամ փախցնելու իր սուր լսողությունից: Այդ քնած մարդու շնչառություն էր: Խափշիկի սև դեմքի վրա վազեց մի վայրենի ծիծաղ և նրա հաստ շրթունքները կծկվեցան, երևան հանելով սպիտակ, մեծ ատամները: Նա սկսեց առաջ սողալ և այժմ ամբողջ մարմնով գտնվում էր քնարանի մեջ: Նա բոլորովին հագուստ չուներ, սպիտակ կտավից մի սփածանելիք միայն ծածկում էր նրա մերկությունը: Սատանայի զգուշությամբ մոտեցավ նա տիկնոջ անկողնին և չար դևի նման կկզեցավ նրա կողքին: Վրանի բոլոր վարագույրները ձգած էին. քնարանի մեջ բավական տաք էր և օդը խեղդված: Տիկինը կիսով չափ հետ էր ձգել իր վերմակը, նրա սքանչելի կուրծքը և ճոխ ուսերը մնացել էին բաց: Նրա փոքր-ինչ շառագունած երեսը համարյա սքողված էր խիտ ծամերի տակ, որ ծածկելով պարանոցը, սփռվել էին մախմուրե ծաղկավոր բարձի վրա: Սև դևը մի առանձին դժոխային մոլեգնությամբ դեռ նայում էր երեխայի պես քնած կնոջ վրա: Նրա տափակ քթի ծակերը անհանգիստ շնչառությունից լայնանում էին և արագաշարժ աչքերի սպիտակուցը շողշողում էր երեսի խավար մակերևույթի վրա: Նա ներկայացնում էր մի գազան, որ զոհը իր ճանկերի մեջ ունի: Նա իր ձեռքը մեկնեց և սկսեց անզգալի կերպով ետ քաշել սփռված ծամերը տիկնոջ պարանոցի վրայից, կարծես, այդ խիտ, մետաքսանման ծամերը արգելում էին նրան կատարելու մի եղեռնական գործողություն: Նա այժմ իր երկու ձեռքերը տարավ դեպի տիկնոջ պարանոցը և վայրենի կատաղությամբ պատրաստվում էր խեղդել նրան, հանկարծ վրանի մյուս մասնից լսելի եղավ մի ձայն.

Ահմե՛դ... Ահմե՛դ...

Դա տիկնոջ աղախնի, Փերիի ձայնն էր, որ քաղցր երազների հրապուրանքի մեջ, կանչում էր իր սիրելի Ահմեդին: Բայց որովհետև նույն անունով կոչվում էր և կանտնոցի ներքինապետը, խափշիկը կարծեց, թե նրան օգնության է կանչում:

Ա՛խ, Ահմեդ... — կրկին լսելի եղավ աղախնի ձայնը:

Խափշիկը սարսափեց. կանչում էին Ահմեդին, կանանոցի սոսկալի պահապանին: Նա սկսեց աճապարել, որ չբռնվի: Եվ հանելով իր սփածանելիքի միջից մի սուր մկրատ, շտապեց նրա նով կտրել տիկնոջ կոկորդը: Բայց երկյուղը և խռովությունը այն աստիճան շփոթել էին նրան, որ սխալվեցավ իր գործողության մեջ. — փախանակ կոկորդը կտրելու, կտրեց տիկնոջ ծամերից մի քանի հյուսեր:

Նա վագրի արագությամբ, դարձյալ սողալով, դուրս թռավ քնարանից և աներևութացավ կանանոցի բազմաթիվ չադրների մեջ:

Ե

Առավոտ էր: Արեգակի առաջին ճառագայթները կորչում, անհետանում էին մոխրագույն մառախուղի մեջ, որ պատել էր Ղարաբաղի լեռների գագաթները: Խիտ անտառները դեռ մրափում էին գիշերային մռայլի մեջ: Ծառեր չէին երևում: Սար, դաշտ և հովիտ ընկղմված էին մի լայնատարած, մառախլապատ ծովի մեջ:

Հեռվից սև բծերի նման երևում էին Չալաբիանլիների§ օբաները: Ամեն մի գյուղի հովիվները, առանձին խումբեր կազմելով, տարածել էին իրանց չադրները այդ լեռների ճոխ, խոտավետ արոտամարգերի վրա: Մի լեռնադաշտի վրա ցրված էին ցեղի պետի, Ֆաթալի խանի, չադրները: Նրանք թե իրանց ձևով և թե նյութով, որից պատրաստված էին, զանազանվում էին հասարակ մահկանացուների չադրներից. նրանք ավելի փառավոր, բարձր և ընդարձակ էին:

Խանը դեռ քնած էր: Նրա բազմաթիվ կնիկները, վաղուց արդեն զարթնելով, զբաղված էին իրանց տնտեսություններով: Վրանների առջև, բաց օդի մեջ, օջախները ծխում էին: Այդ օջախների կազմությունը խիստ պարզ էր. հարթ գետնի վրա շարված էին երկաթյա եռոտանիներ, որոնց տակին կրակ էր վառվում և տաքացնում էր նրանց վրա դրած մեծ և փոքր կաթսաները:

Ամբողջ Փայտակարանի բռնապետի կնիկները, որոնք ամեն հարմարություն ունեին իրանց տնտեսության մեջ բոլոր աշխատությունները աղախինների ձեռքով կատարելու, բայց դարձյալ հավատարիմ մնալով ավանդական սովորություններին, իրանց գործը իրանց ձեռքով էին կատարում: Քաղաքակրթության բացակայությունը ազատ էր պահել նրանց տանտիկնոջ թե քնքշությունից և թե ծուլությունից: Բայց պետք է նկատել, որ աշխատում էին պառավները միայն, իսկ ավելի մանկահասակները կամ դեռ քնած էին, կամ զբաղված էին իրանց առավոտյան զարդարանքով:

Չադրները, որոնց մեջ զետեղված էր կանանոցը, բոլորովին առանձնացած էին խանի մյուս վրաններից: Նրանք թվով քսանից ավել կլինեին, որոնց յուրաքանչյուրը հատկացրած էր նրա կնիկներից մեկի բնակության համար: Ագուլեցի հայ վաճառականների Սպահանից և Հնդկաստանից բերած թանկագին փարչաները զարդարում էին այդ շքեղ օթյակները, որոնց մեջ ապրում էին երկրի ամենագեղեցիկ կնիկներից ընտրյալները: Չադրները կիսաբոլորակի ձևով շարված էին մինը մյուսի մոտ, թողնելով մեջտեղում հրապարակի նման ընդարձակ տարածություն: Խոտերը այդ տարածության վրա կոխվելով, բոլորովին սևացել էին և կպել գետնին: Այստեղ խառնափնթոր կերպով շարժվում էր, վըժվըժում էր և խլրտվում էր մի ամբողջ լեգեոն: Այստեղ կարելի էր տեսնել մի բազմություն ամեն ազգից և ամեն գույնի. — սևամորթ և սպիտակամորջ աղախիններ, ներքինի ծառաներ, Աֆրիկայի խորքերից բերած սև սպասավորներ, խառն ահագին գամփռների և նիհար որսորդական բարակների հետ: Գնչուների կատարյալ թաբուն էր դա:

Կանանց հագուստը շատ պարզ էր, երեք կտորից միայն բաղկացած` շապիկ, շալվար և թիկնոց: Նուրբ, թափանցիկ կերպասից կարված, կարճլիկ շապիկը հազիվ սքողում էր կիսաբաց կուրծքը և իջնում էր մինչև այնտեղ, ուր փորը բաժանվում է մարմնի մի այլ մասից: Հետո սկսվում էր շալվարը, որ մեր կանանց յուփկայի տեղ էր ծառայում: Նա կարված էր մետաքսյա խառայից, զարդարած ոսկեհյուս ծաղիկներով և հասնում էր մինչև ծնկները միայն, բոլորովին մերկ թողնելով ոտների լիքը և հաստլիկ սրունքները**: Շալվարի ստորին եզերքը, չորս մատ լայնությամբ, նույնպես զարդարած էին ոսկե թելերով: Շապիկի վրա հագած ունեին կարճլիկ թիկնոցը, որ սեղմված էր մեջքի վրա և մեր կանանց բեզրուկավչիկի ձև ուներ: Թիկնոցները ըստ մեծի մասին կարված էին թանկագին մանիշակագույն և վարդագույն թավիշից և նախշած դարձյալ ոսկե թելերով: Աղախինները կրում էին իրանց տիկինների հին հագուստը, որոնց մի կամ երկու անգամ էին հագել: Կարծես, այդ թիթեռների նման նախշուն և խայտաճամուկ արարածները դեռ նոր էին դուրս եկել կնոջ այն դրությունից, երբ նա իր մերկությունը ծածկում էր թզենի տերևներով: Բայց ոչ, հագուստի այդ ձևը հարեմական հանճարի, հարեմական հեշտասիրության արդյունք էր, որ երևան էր հանում մերկ կուրծք, մերկ սրունքներ և մերկ բազուկներ: Կնոջ մարմնի այդ մասերը միշտ կարող էին գրգռել վավաշոտ կրքեր, որոնք թուլացած, բթացած էին հարեմի իշխանի մեջ, որը միայնակ տիրում էր կնիկների մի ահագին երամակի վրա:

Ավելի խորհրդավոր նշանակություն ունեին նրանց մյուս զարդարանքները: Թանկագին ակներով զարդարած, պարանոցի մանյակները ունեին իրանց շարքում մի տեսակ, ոսկուց շինած խողովակաձև թելիսման, որի մեջ դրած էին կախարդական բժժանքներ: Թե՜ բազուկների վրա, թե՜ թևքերի վրա (արմունկներից դեպի վեր) բոլորն էլ ապարանջաններ ունեին այն զանազանությամբ, որ թեքերի ապարանջանները կրում էին հագուստի վրայից, իսկ բազուկներինը` մարմնի վրա: Բացի դրանից, թեքերի ապարանջանները զարդարած էին գույնզգույն հուլուններով, որոնք գյութական նշանակություն ունեին: Մատանիներին թիվ չկար, բացի դրանից, բոլորի ոտների մերկ սրունքները նույնպես զարդարած էին գույնզգույն հուլուններով: Մի քանիսը ունեին համայիլներ, այսինքն ակներից, ոսկուց և մարգարիտներից հյուսված մի զարդ, որ գեներալների ժապավենի նման ձգել էին իրանց ուսից և կապել աջ թեքի տակ: Կինը, որպես մի կախարդական էակ, բառի բուն նշանակությամբ, իր զարդերի մեջն էր ամփոփել իր բոլոր զորությունը††: Այդ զարդերը ոչ միայն ավելի փայլ էին տալիս նրա գեղեցկության, այլ պահպանում էին նրան չար աչքից, սիրելի էին կացուցանում նրան իր իշխանի աչքում և ազատ էին պահում մյուս կնիկների նախանձից ու նենգավոր որոգայթներից: Երեք հայ ոսկերիչներ, իրանց աշակերտների հետ, խանի բանակի մեջ, անդադար գործում էին նրա կնիկների զարդարանքի համար, որ լափում էր ամբողջ գավառների եկամուտը:

Չադրների այդ խումբը, որ հատկացրած էր կանանոցի համար, բոլորովին անմատչելի էր: Նա շուրջանակի պատած էր բարձր ալաչուղով‡‡, որ կոչվում էր սարայ-փերդայ, այսինքն սերալի վարագույր: Այնտեղ կարող էին մուտք գործել միայն ներքինիները և սևամորթ ստրուկներն ու ստրկուհիք:

Այն առավոտ կանանոցի հրապարակի վրա կատարվում էր մի արտակարգ շարժողություն: Բոլորը զբաղված էին մի մեծ պատրաստությունով: Աղախիններից մի քանիսը նստած էին մերկ գետնի վրա, բոլորել էին ահագին, երկաթյա կասկարայի շուրջը: Նրանցից մեկը ալյուր էր մաղում, մյուսը փայտյա տաշտի մեջ խմոր էր հունցում, երրորդը խմորից գնդակներ էր շինում, չորրորդը գնդակները հարթ տախտակի վրա դնելով, փայտյա կլորիկ կռնակով բաց էր անում և նրանց բոլորակ լավաշի ձև էր տալիս. հինգերորդը վեր է առնում լավաշները, տարածում էր տաքացած կասկարայի վրա և նրանցից հաց էր թխում: Աշխատությունը կատարվում էր ամենայն արագությամբ. միևնույն ժամանակ նրանց զբաղմունքը չէր արգելում խոսել, ծիծաղել և բամբասել: Երկու կնիկներ դրանցից փոքր-ինչ հեռու, պտտեցնելով շրջական երկանաքարի թեքը ալյուր էին աղում: Սպիտակ փոշին պատել էր նրանց սև մազերը և երեսը: Մի քանիսը կաթսաների մեջ տապակում էին ամբողջ գառներ կամ շամփուրների վրա միս էին խորովում: Կարծես, մի ահագին բանակի համար պատրաստվում էր նախաճաշիկ:

Հաֆսա՜, գիտե՞ս ինչ է պատահել այս գիշեր, — ասաց մանկահասակ Այիշան մի սևաչյա կնոջ, որ նստած չադրի մեջ, հարում էր խնոցին կարագ պատրաստելու համար:

Ի՞նչ է պատահել, — հարեցրեց Հաֆսան հետաքրքրությամբ և դադարեց խնոցին հարելուց:

Ասում են, սատանաները այս գիշեր Սյուրիի մազերը մկրատով կտրել են:

Ճշմարի՞տ, — հարցրեց Հաֆսան, և միևնույն ժամանակ ուրախության նման մի լույս արտափայլեց նրա սիրուն դեմքի վրա:

Բոլո՞րը կտրել են:

Բոլորը, թե՜ զուլֆերը, թե՜ հյուսերը, — հիմա այլանդակվել, քեչալ Ասլոյի նման է դարձել Սյուրին:

Նրա տեղն է: — Շատ էր պարծենում իր երկայն մազերով Սյուրին: — Պետք է նրա պոչն էլ կտրեին:

Ի՞նչ պոչ, — հարցրեց Այիշան զարմանալով:

Դու չե՞ս իմանում, ախար այդ հայ կնիկները պոչ ունեն: Սյուրին էլ ունի: Զեյնաբն էր ասում: Նա մի անգամ տեսել էր, Սյուրիի լոգանալու ժամանակ:

Երկու մանկահասակ կնիկները սկսեցին երկար խոսել Սյուրիի պոչի վրա, սկսեցին դատել, քննել, թե ինչի՞ց էր այդ. հետո այն եզրակացության հասան, որ բոլոր հայ կնիկները ջինների տոհմից են, դրա համար Սյուրին այնքան վարպետ և խորամանկ է, որ կարողացավ կախարդել, խելքից հանել խանին, կարողացավ բոլոր կնիկներին նրա «աչքից գցել» և իրան միայն սիրել տալ:

Հիմա ի՞նչ է անում Սյուրին, — հարցրեց Հաֆսան:

Ի՞նչ պետք է անե, — պատասխանեց Այիշան արհամարհանքով, — իր վրանում նստած, լաց է լինում, ասում է` ես գիտեմ, այդ սատանային գործ չէ, դա Զեյնաբի գործն է... Զեյնաբը մի քանի օր առաջ ասել էր նրան, թե ես քո գլխին մի «օյին» պիտի խաղամ... Հիմա Սյուրին մտածում է, թե գիշերը քնած ժամանակ Զեյնաբն է կտրել տվել նրա մազերը, ասում է, ես բոլորը խանին կհայտնեմ...

Զեյնաբը խանի հարեմի թագուհին և նրա առաջնակարգ կնիկներից մեկն էր, բայց Սյուրիի խանի հարեմը մտնելուց հետո նա իր նշանակությունը կորցրեց: Գեղեցիկ Սյուրին ստվեր ձգեց նրա վրա, և այստեղից առաջ եկավ երկուսի մեջ նախանձ և ատելություն: Հաֆսան և Այիշան հավանական էին գտնում, որ Զեյնաբը,իր վրեժխնդրությունը գոհացնելու համար, իր աղախինների ձեռքով կտրել տված լիներՍյուրիի մազերը, որ այլանդակե նրան, որ նրա գեղեցկությունից մի բան խլած լինի: Բայց մյուս կողմից, սնահավատությունը նրանց թույլ չէր տալիս բոլորովին հավատալ այդ խայտառակությանը, որ հարեմի մեջ մի սովորական բան էր: Նրանք կարծում էին, թե անպատճառ սատանայի մատը պետք է խառն լիներ այդ գործի մեջ, թեև նման շատ գործեր կատարվում էին առանց սատանայի մասնակցության, ինչպես էին` կնիկների միմյանց նոր կարված հագուստի վրա բծեր գցելը, մկրատով կտրատելը, միմյանց նոր գնված հողաթափների մեջ ցեխ լցնելը, միմյանց զարդարանքները, ակնեղենները գողանալը և այլն: Վերջին ժամանակներում խանը այն աստիճան ձանձրացավ կնիկների անընդհատ կռիվներից, և դժվարանալով որոշել, թե որն է արդարը և որը մեղավորը, սկսեց անխտիր կերպով ծեծել թե՜ արդարին և թե՜ մեղավորին, մտածելով, իհարկե նրանցից մեկը հանցավոր կլինի: Բայց Հաֆսան և Այիշան չէին կարծում, որ Սյուրիի վիրավորանքը անց կկենա առանց հետևանքի, գիտեին, որ խանը նրան շատ սիրում է և Զեյնաբը լավ ծեծ կուտեր նրա մազերը կտրել տալու համար: Թեև այդ սատանայի գործ ևս լիներ, բայց պետք էր աշխատել, որ Զեյնաբը պատժվի. նա էլ մի բարի պտուղ չէ. նա էլ առաջ փքվում էր, տրաքվում էր, աշխատելով բոլոր կնիկներին իր ոտների տակ դնել...

Следующая страница