Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Եվ աստված կատարեց իր խոստմունքները, օգնելով Իսրայելի ժողովրդին, որ նա տիրե իր հայրենական երկրին և ոչնչացնե այնտեղ բնակվող բոլոր օտարազգիներին, որ նույն երկրի տերն էին դարձել: Իր հրեշտակներով նա մինչև անգամ միջամտություն էր գործում, միանում էր իսրայելացոց բանակի հետ: Երբ Հեսուն ամորհացոց հինգ թագավորների հետ պատերազմ ուներ, աստված նրան օգնության հասավ, և Գաբավոնի ճակատամարտի ժամանակ, երկնքից քարե կարկուտ թափելով ամորհացիների վրա, բոլորին կոտորեց: Իսկ Հեսուն նրանց հինգ թագավորներին բռնել տալով, հրամայեց կախ տալ հինգ ծառից§§§§§§§§§§§§§§§§:

Երբ ասորոց Սենեքերիմ թագավորը Իսրայելի Եզեկիա թագավորի հետ կռիվ ուներ, աստված իր հրեշտակի ձեռքով մի գիշերվա մեջ կոտորեց Սենեքերիմի զորքերից հարյուր ութսուն և հինգ հազար հոգի:

Հազարավոր այսպիսի օրինակներ կարելի է բերել սուրբ գրքից, որոնք ցույց են տալիս, թե հայրենասիրությունը, ազգասիրությունը ամեն մի անհատի սուրբ պարտավորությունն է: Եվ հայրենիքի ազատության, հայրենիքի պաշտպանության համար կատարված պատերազմը սուրբ պատերազմ է: Այլևս չեմ խոսում Դավթի, Սողոմոնի պատերազմների մասին, որոնք միևնույն ժամանակ Իսրայելի թե մարգարեն և թե թագավորն էին: Բայց կասեմ ձեզ մի փոքրիկ դեպք Մովսեսի կյանքից, որ ցույց է տալիս, թե ո՜ր աստիճան մոլեռանդության էր հասած ազգասիրությունը այդ մեծ մարգարեի և օրենսդրի մեջ: Մի անգամ Մովսեսը տեսնում է մի եգիպտացու, որ նախատում էր մի իսրայելացու, այն րոպեում սպանում է նրան և նրա դիակը թաղում է Նեղոսի ավազների մեջ: Այստեղից շատ պարզ է ազգային նախանձախնդրությունը:

Բայց մեր կույր, տգետ, անկիրթ եկեղեցականները, որոնք ամեն օր աստուծո տաճարի մեջ կարդում են ձեզ Մովսեսի, Հեսուի, Դավթի և Իսրայելի մարգարեների գործերը, — երբեք չբացատրեցին, երբեք չքարոզեցին ձեզ, թե աստուծո այդ ընտրյալները ո՜րքան միլիոնավոր մարդիկ են կոտորել, որքան ազգեր են ոչնչացրել, մինչև կարողացել են իրանց ազգը` Իսրայելը հաստատել իր հայրենական երկրում:

Եվ մենք տեսնում ենք Հայաստանի բարօրությունը այն դարերում միայն, երբ նրա հոգևոր հովիվները Մովսեսի, Դավթի, Հեսուի հոգին ունեին: Երբ նրանք խաչի հետ կրում էին և սուր: Երբ նրանք քրիստոնեական առաքինության հետ քարոզում էին և՜ անձնապաշտպանության, և՜ հայրենիքի պաշտպանության առաքինությունը: Երբ նրանք հայրապետական աթոռի պարտավորությունները միացրել էին թագավորի գահի պարտավորությունների հետ: Երբ նրանք եկեղեցու շահերը հաշտեցրել էին պետության շահերի հետ: Հայաստանը երջանիկ էր դրանց օրերում: Բայց ցավելով պիտի խոստովանեմ, որ այսպիսիների թիվը այնքան սակավ է, որ նրանք ներկայացնում են փոքրիկ, կանաչազարդ օազիսներ մեր հասարակության տխուր, լայնատարած անապատի մեջ: Ես կարող եմ մի քանիսի անունները միայն հիշել: Ներսես մեծը, մի ոտքը Բյուզանդիա, մյուսը Տիսբոն դրած, անդադար բանակցությունների մեջ էր, երբեմն պարսից, երբեմն հունաց արքունիքի հետ: Երբ դիվանագիտական բանակցությունները ցանկացած նպատակին չէին հասցնում, նա սկսում էր կռվել: Ծիրավ դաշտի ճակատամարտի ժամանակ, երբ հայերը պարսիկների հետ պատերազմում էին, նա Նպատ լեռան գագաթի վրա, ձեռքերը դեպի երկինք բարձրացրած, հայոց քաջերի բազուկներին զորություն էր խնդրում: Նրա որդին` Սահակ Պարթևը տվեց Հայաստանին գիր, դպրություն, գիտություն: Որպես զոհ քաղաքական հալածանքների, նա շատ անգամ աքսորվեցավ, բանտարկվեցավ Պարսկաստանում: Հովսեփ եպիսկոպոսը, Ղևոնդ երեցը այն հոգևորական-հերոսներն էին, որ միացան Վարդանի հետ և կատարեցին այն հրաշալի պատերազմը պարսից ահագին զորության դեմ:

Այսօր մենք կատարեցինք նույն պատերազմի մեջ ընկած քաջերի հոգեհանգիստը: Այսօր Վարդանանց նահատակների առնախմբության օրն է: Մեր առջև դրած է Վարդանի դագաղը, իսկ նրա վրա դրած են մեր սրերը: Մենք հավաքվել ենք այս տաճարի մեջ մի մեծ ուխտագրության համար: Մեր ուխտը նույն բնավորությունը, նույն նպատակն ունի, ինչ որ էր Վարդանի հետ միաբանված հոգևորականների, նախարարների և ժողովրդի ուխտը: Այստեղ, այս տաճարի մեջ, նույնպես հավաքված է մեր աշխարհի հոգևորականությունը և իշխանավորները: Իսկ ձեր մեջ կանգնած է մի նոր Վարդան, որ կամենում է հայրենիքի ազատության դրոշը բարձրացնել: — Վերջին խոսքերի միջոցին քարոզիչը ձեռքը մեկնեց դեպի Դավիթ բեկը: — Թող ձեզանից ամեն մեկը մոտենա այդ սուրբ դագաղին, թող համբուրե Խաչն ու Ավետարանը, և ուխտ դնե, հավատարմության երդում տա, որ կհետևի այդ հերոսին, որը իր փառավոր հաղթություններով մեզ ցույց տվեց, որ ընդունակ է իր հանձն առած գործին:

Քարոզիչը ավարտեց իր խոսքը, և մինչև որ կկատարվեր ուխտադրության արարողությունը, նա կարդաց մի աղոթք.

«Ով տեր աստված, աստված Հայկի, Արամի և Տիգրանի, առաքիր մեզ Վարդանի ու նրա աջակից քահանաների` Հովսեփի ու Ղևոնդի հոգին: Թող հայրենիքի այդ մեծ պաշտպանների հոգին ուժ և զորություն տա մեզ, թող նեշնչե մեր մեջ հայրենասիրության եռանդը, որ հետևենք այդ քաջերի օրինակին, որ նրանց պես մեր հայրենիքի ազատության համար պատերազմենք, որ նրանց պես փառավոր մահով մեռնենք; Ով տեր աստված, դու, որ առաջնորդեցիր Մովսեսին Իսրայելը դուրս բերել Եգիպտոսի գերությունից, դու, որ քո օգնական աջը տարածելով Աբրահամի զավակների վրա, ծովի և կրակի միջից անցկացրիր նրանց, և ահագին ազգեր նրանց առջևից ոչնչացնելով, Իսրայելը բնակեցրիր նրա հայրերին խոստացած երկրում, — նույն օգնական աջի հովանավորությունը տարածիր և Հայկի զավակների վրա, որոնք նախ քան բոլոր ազգերը, ընդունեցին քո սուրբ ավետարանի լույսը, որոնք ամեն ինչ զոհեցին, ամեն ինչ կորցրին քո տաճարների սրբությունը պահպանելու համար: Ո՜վ տեր աստված, հիշի՜ր դրախտը, ուր բնակեցրիր մարդկության նախաստեղծ զույգը, հիշիր քո սուրբ Արարատը, ուր Նոյը առաջին անգամ զոհաբերության սեղան կազմեց քեզ համար, հիշի՜ր սուրբ Էջմիածինը, ուր քո միածին որդին երկնքից իջնելով, տեսնվեցավ Հայաստանի Լուսավորչի հետ և օրհնեց հայկական նորընծա հոտը, — հիշի՜ր աշխարհի սկզբից քեզ նվիրված երկիրը և նրա հավատարիմ ժողովուրդը, և մի՜ թող տուր, որ նա կորչի, ոչնչանա անօրենների ձեռքից: Ով տեր աստված, մաքրիր մեր սրտերը, որ հավատով և անկեղծությամբ մոտենանք քո սուրբ Խաչին ու Ավետարանին, և ընդունիր մեր ուխտը որպես կրոնի, ազգության և հայրենիքի փրկության ուխտ, և առաքիր մեզ քո օրհնությունը, տուր զորություն քո ծառաներին, որ քաջությամբ կատարեն այն մեծ գործը, որ սկսած են քո անունով: Եվ որի համար լինի քեզ փառք, հավիտյանս, ամեն»:

Աղոթքից հետո եկեղեցական ամբողջ դասը երգեց երկրորդ սաղմոսը. Խզեսցուք զկապանս նոցա, և ընկեսցուք ի մէնջ զլուծ նոցա»: Այդ սաղմոսերգության ժամանակ վանքի զանգակները սկսեցին հնչել, և կարծես, երկնքի բոլոր անմահները ցած իջան և սկսեցին ձայնակցել հայոց ուխտավորների ոգևորությանը:

Հետո կատարվեցավ ուխտի խորհուրդը: Ներսես արքեպիսկոպոսը նախ օրհնեց իշխանների սրերը, որ դրած էին Վարդանի դագաղի վրա, խաչի և Ավետարանի մոտ: Իսկ հետո կարդացվեցավ երդման թուղթը: Դա համարյա նույն բովանդակությունն ուներ, որ գրվեցավ Վարդանանց պատերազմի սկզբում. փոփոխությունը մի քանի ավելվածների մեջ էր միայն: Ահա նրա օրինակը:

«Հարազատ եղբոր սուրը իր մերձավորի վրա պիտի բարձրանա, երբ որ նա դավաճանություն կգործե ուխտի և միաբանության դեմ: Հայրը պիտի չխնայե իր որդուն, և որդին ակնածություն չի պիտի անե հոր պատվին: Կինը պետք է կռվե իր ամուսին այրի հետ և ծառան պիտի դառնա իր տիրոջ դեմ, երբ նրանում անհավատարմություն կնկատի: Հայրենիքի սերը և նրա ազատության միտքը պետք է թագավոր լինի ամեն գործողությունների վրա, և ամեն ինչ պիտի զոհվի այդ ազատությունը գնելու նպատակին: Անպայման հնազանդություն դեպի գործի գլխավորը, — պետք է լինի օրենք, և այդ օրենքի հակառակորդը կընդունի իր դատապարտության պատիժը նույն գլխավորից»:

Երբ երդման թղթի ընթերցումը վերջացավ, եպիսկոպոսը հրավիրեց Դավիթ բեկին կանգնել իր մոտ: Օրվա հերոսի դեմքը չէր ցույց տալիս այն անսահման հոգեզմայլությունը, որ տիրում է ամեն մի մարդու սրտին այսպիսի հանդիսավոր րոպեներում: Նրա ընթացքը, որով մոտեցավ նա սրբազանին, արտահայտում էր մի առանձին վեհություն, որ ծածկված էր համեստության քողի տակ: Կանգնելով եպիսկոպոսի մոտ, խոսեց մի փոքր ճառ.

«Եղբայրնե՜ր, — ասաց նա իր սովորական ամուր ձայնով, — ես ինձ բախտավոր եմ համարում, որ ինձ վիճակվեցավ անցնել այն շարժման գլուխը, որին կարոտ էր մեր հայրենիքը, որին վաղուց սպասում էր նա: Իմ հույսը մեծ է: Ես հավատացած եմ, որ Հայաստանի աստվածը նույնպես կպսակե մեր գործը, որպես շատ անգամ ցույց է տվել իր աջակցությունը մեր հայրերին: Մեր նպատակը սուրբ է. մեր ձեռնարկությունը չէ կրում իր վրա անիրավության ոչ մի բիծ: Մենք պիտի կռվենք բռնության, անարդարության և ստրկության դեմ: Իսկ բռնությունը, անարդարությունը և ստրկությունը պիղծ են աստուծո առջև: Ես իմ հույսը դրել եմ նեղված, տանջված, հարստահարված ժողովրդի վրա և ձեզ վրա, եղբայրներ, որ ժողովրդի ներկայացուցիչներն եք: Հավատքով, անկեղծությամբ, անձնազոհությամբ դիմենք մեր նպատակին, — և այդ նրա հաջողության ամենագլխավոր պայմանն է»:

Այնուհետև իշխաններից յուրաքանչյուրը սկսեցին հերթով մոտենալ Բեկին: Նրանք նախ համբուրում էին Վարդանի դագաղի վրա դրած խաչն ու Ավետարանը, հետո հավատարմության ձեռք էին տալիս Բեկին: Իսկ Բեկը վեր էր առնում դագաղի վրայից նրանց սրերը և իր ձեռքով հանձնում էր տերերին:

Ամենից առաջ մոտեցավ Չավնդուրի Թորոս իշխանը, հետ նրա քրոջ որդին` Գենվազի իշխան Ստեփաննոս Շահումյանը և Թորոսի ազգականը` Մելիք-Նուբարը: Հետո մոտեցավ Հալիձորի Մելիք-Փարսադանը իր փեսա տեր Ավետիքի և իր որդի Բալի զորավարի հետ: Դրանցից հետո մոտեցան հետևյալ անձինքը` Կալերից` Պապ զորավարը. Սիսիանից` մելիք Կոջո սիսական զորավարը և տեր Գասպարը, որ կոչվում էր «Ավշար երեց». Բաղաբերդից` Ադամ զորավարը. Գյուլ-բերդից` Ղազար զորավարը. Շիրվանաձորից` Սարգիս զորավարը, Ջուղայից` Մազա մելիքի երկու որդիները` Աշոտ և Սմբատ, Տաթևից` Կիջի տանուտերը, իսկ Տաթևի շրջակայքից` Այտի, Եսայի և տիրացու Սիմեոն տանուտերերը. Շընհերից` Մինաս և Ստեփան տանուտերերը. Չավնդուրից` Վարդան, Թովմաս, Թուրինջ և Հովհաննես տանուտերները. Մեղրիից` մելիք Կոնստանդինը, իսկ նրա շրջակայքից` Հովհաննես, Սարի և Առաքել տանուտերները:

Այնուհետև մոտեցան Դավիթ բեկի հետ Վրաստանից եկած քաջերը` Մխիթար սպարապետը, Բայինդուր իշխանը և մյուսները, որոնց անունները հայտնի էր մեզ: Բոլորից հետո հավատարմության երդում տվեց Տաթևի վանքի միաբանությունը` վանահայր Ներսես արքեպիսկոպոսը, որ այնօր պատարագիչ էր, տասնևերկու եպիսկոպոսներ, և քսանևչորս վարդապետներ:

Վանքի մեծ դահլիճը, որ կոչվում էր «Թանաբի», այսօր սովորականից ավելի զարդարած էր: Այնտեղ պատրաստված էր մի ճոխ սեղան ճաշի համար: Տաճարից դուրս գալով, եկեղեցական դասը իշխանների ու երկրի ավագների հետ դիմեցին դեպի դահլիճը: Բազմությունը այդ միջոցին լցրել էր վանքի բակը: Երբ տեսան Բեկին, հազարավոր ձայներ ողջունեցին նրան «կեցցեներ» գոչելով: Նա բոլորին գլուխ տվեց և անցավ:

Նույն օրը հավաքվեցան նրա շուրջը 6628 կամավոր զինվորներ:

Է

Տաթևի վանքը թե իր շինվածքների ընդարձակությամբ և թե իր ամրություններով ամեն հարմարություններ ուներ բերդի տեղ ծառայելու: Այս պատճառով Դավիթ բեկը ընտրեց նրան որպես կենտրոն իր գործողությունների:

Կար և մի ուրիշ բան. այդ վանքը, որպես Սյունյաց աշխարհի հոգևոր կառավարության մայր աթոռը, ուներ ահագին հարստություն: Վանքի միաբանությունը իր հարստությունը դրեց Բեկի տրամադրության ներքո, իրավունք տալով նրան, գործ ածել իր պատերազմական ծախքեի համար, որպես կբարեհաճի: Ավելի քան ութ հարյուր տարի գոյություն ունեցող այդ վանքը, դարերի ընթացքում, դիզել էր արծաթի, ոսկու, թանկագին քարերի մեծ քանակություն: Ամեն մի թագավոր, ամեն մի թագուհի, ամեն մի իշխան և իշխանուհի, իր հոգու փրկության համար, նվիրել էր վանքին` որը գյուղ, որը ագարակ, որը ընդարձակ անտառներ, որը թանկագին անոթներ, խաչեր և այլն: Զանազան ժամանակներում պատահած հափշտակությունները, ավարառությունները չէին կարողացել բոլորովին սպառել այդ ահագին հարստությունը: Վանքի գաղտնի պահարանները խիստ ապահով տեղեր էին ասպատակների ձեռքից նրանց պահպանելու համար:

Վանահոր կացարանը բաղկացած էր մի քանի սենյակներից, որոնց դռները բացվում էին միմյանց մեջ: Դրանցից մեկը, որ ետևի կողմումն էր, ուներ մի նեղ լուսամուտ միայն առաստաղի մոտ և այնքան մութն էր, որ ցերեկով ևս պետք էր ճրագ վառել մի բան տեսնելու համար: Այստեղ միայնակ նստած էր մի ծերունի աբեղա և նրա առջև դրած էր մի շարժական քուրա, որ ասիական ոսկերիչների հալոցի ճիշտ նմանությունը ուներ: Նա մի ձեռքով փչում էր փուքսը, իսկ մյուսով, որով բռնած ուներ փոքրիկ ունելի, անդադար շարժում էր ածուխները, որ ավելի շիկանան, որ ավելի բոցավառվեն: Ածուխների մեջ ծածկված էր մի մեծ բութակ*****************, որի մեջ հալվում էր մետաղ: Ծերունի աբեղան դեռ իր գործողությունը չէր վերջացրել, երբ ներս մտավ վանահայրը` Ներսես սրբազանը:

Տեսնո՞ւմ եք, Վահան հայր սուրբ, — ասաց նա ծիծաղելով, — ձեր ոսկերչությունը վերջապես պետք եկավ մեզ:

Վահան հայր սուրբը միայն բարեսրտությամբ ժպտաց և շարունակեց փուքսը փչել: Նա իր պատանեկության հասակում, իրավ, ոսկերչի աշակերտ էր, վարպետից փախչելով, եկավ վանքը և աբեղա դարձավ:

Այդ ի՞նչ եք հալում, — հարցրեց սրբազանը` նայելով քուրայի մեջ:

— «Սուրբ սքանչելագործի» աջը, — պատասխանեց աբեղան, և նկատելով, որ մետաղը բոլորովին հալված էր, բութակը ունելիով դուրս հանեց քուրայի միջից և հեղուկ դարձած արծաթը խնամքով ածեց մի կաղապարի մեջ, ուր սառչելով, երկայն շերտի ձև ստացավ: Հետո կաղապարի միջից դուրս հանեց շերտը, դրեց մյուսների մոտ, որ դիզված էին միմյանց վրա:

Վանահայրը սկսեց համբարել արծաթե շերտերը: Երբ վերջացրեց, նա դարձավ դեպի ծերունի աբեղան, հարցնելով.

Երևում է, դեռ բոլորը չեք վերջացրել, Վահան հայ սուրբ: — Շա՞տ է մնացել:

Չսպասելով Վահան հայր սուրբի պատասխանին, որն ինքն էլ չգիտեր, թե որքան է մնացել, — վանահայրը մոտեցավ մի ահագին արկղի, որ շինված էր ամուր սև փայտից և գամած երկաթներով: Նրա մեջ լցրած էին զանազան արծաթյա անոթներ, խաչեր, բուրվառներ, աշտանակներ և այլ եկեղեցական սպասներ:

Վանահայրը վեր առեց մի գեղեցիկ սկիհ, սկսեց նայել: Սկիհի պատվանդանի վրա բավական ճարտարությամբ քանդակված էր նվիրողի անունը: Վանահայրը կարդալով այդ, ասաց.

Մոտ վեց հարյուր տարվա հնություն է, հայոց Լևոն թագավորից ընծայված: Երբ Սյունյաց Հայրապետ եպիսկոպոսը գնաց Երուսաղեմ, Կիլիկիայով անցավ. այնտեղ տեսնվեցավ Լևոնի հետ: Թագավորը նվիրեց մեր վանքին այդ սկիհը ուրիշ շատ անոթների հետ: Այնօրից մեր միաբանությունը սահմանեց ամեն տարի զատկի միաշաբաթի օրը պատարագի ժամանակ հիշել բարեպաշտ թագավորի հիշատակը:

Մենք կշարունակենք դարձյալ հիշել, — ասաց Վահան հայր սուրբը, — բայց սկիհը կհալենք այդ քուրայի մեջ, որովհետև այժմ նա ուրիշ բանի պետք է: — Վերջին խոսքերի հետ նա առեց սկիհը, և դնելով զնդանի վրա, մուրճով ջարդեց, հետո ձգեց բութակի մեջ:

Վանահայրը վեր առեց մի ահագին արծաթե կոնք (լագան), որի մեջ ոտնալվայի խորհուրդը կատարելու ժամանակ լվանում էին միաբանների ոտները:

Այդ կոնքը Սյունյաց Փիլիպպե գահերեց իշխանի նվիրածն է, — ասաց վանահայրը: — Նա ընծայեց մեր վանքին ահագին կայք ու կալվածներ: Տաթև գյուղը, Արծիվ գյուղը, Բերդկամեջ գյուղը նրա հայրենական կալվածքներն էին, բոլորը տվեց մեր վանքին: Նա շինեց վանքի մոտ և սուրբ Լուսավորիչ անունով եկեղեցին: Այն ժամանակվա վանահայր Դավիթ եպիսկոպոսը պարտավորացրեց վանքի միաբանությանը, որ ամեն տարի իշխանի հոգու փրկության համար քառասուն օր պատարագ մատուցանեն և վաթսուն օր «Տեր ողորմյա» ասեն:

Մենք այսուհետև յոթանասուն օր «Տեր ողորմյա» կասենք իշխանի հոգու փրկության համար, — պատասխանեց ծերունի աբեղան, — այսուամենայնիվ, նրա նվիրած կոնքը պետք է մտնի իմ քուրայի մեջ:

Այնուհետև վանահայրը վեր առեց մի փոքրիկ արծաթե արկղիկ, զարդարած գեղեցիկ քանդակներով և ոսկեջրած: Նրա մեջ պահվում էր սուրբ աստվածածնի գիսակների մի մասը:

Այդ արկղիկը, — ասաց նա, — ընծայել է աղվանից Վարազ-Տրդատ անունով գահերեց իշխանի դուստրը` Շահանդուխտ օրիորդը: Երբ հայկազուն իշխանները նրան հարսնության էին տանում Բաղաց երկիրը†††††††††††††††††, և երբ հասան Տաթևի հանդեպ, այդ միջոցին վրա հասան մի գունդ սպառազինված պարսիկներ: Նրանք կամենում էին առևանգել չքնաղագեղ օրիորդին և իրանց թագավորի համար տանել: Օրիորդը անօրենների ձեռքը չընկնելու համար, երեսը խաչակնքեց, մտրակեց իր ձին, և ահագին բարձրությունից գահավեժ եղավ խորին անդունդի մեջ: Աստուծո հրեշտակները նրան օգնության հասան, և կարծես կառքի մեջ նստած, անվնաս իջավ անդունդի հատակի վրա: Նույն տեղում բարեպաշտ օրիորդը շինեց մատուռ և այնուհետև իր անձը նվիրեց ճգնության: Վերջը այդ մատուռը կուսանոց դարձավ: Նա իր հարստության կեսը բաժանեց կարոտյալներին, իսկ մնացածը նվիրեց մեր վանքին: Շընհերի սահմաններից սկսած մինչև Գինական գետը, մեր ունեցած կալվածքների բոլորը նրա ընծայածն է: Իսկ այդ գեղեցիկ արկղիկի մեջ պահում էր նա իր հարսնության գոհարեղենները; Նա այդ գոհարեղենները վաճառեց, արծաթը բաժանեց աղքատներին, իսկ արկղիկը նվիրեց մեր վանքին, որ դրա մեջ պահվի սուրբ աստվածածնի գիսակները:

Աստված հոգին լուսավորեսցե, — պատասխանեց ծերունի աբեղան. — մենք այսուհետև սուրբ Աստվածածնի գիսակները մի հասարակ տուփի մեջ կպահենք. այդ մասին ես հավատացած եմ, որ սուրբ աստվածածինը չի բարկանա:

Ես էլ կարծում եմ, որ չի բարկանա, — պատասխանեց սրբազանը և վեր առեց արկղի միջից մի արծաթե բուրվառ:

Այս բուրվառը, — ասաց նա, — Սյունյաց տիկին Շուշանի նվերն է: Նա Աշոտ իշխանի ամուսինն էր: Դրա ժամանակում Վայոց ձորի լեռների մեջ ցրված էին մի կարգ կրոնավորներ, որոնց «խոտաճարակներ»‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡ էին կոչում: Եվ իրավ, այդ ճգնավորները ոչ հաց, ոչ միս և ոչ էլ այն բոլոր ուտեստները, որ գործ են ածում մարդիկ, չէին ուտում: Կերակրվում էին բանջարներով, ընդեղեններով, որ գտնում էին լեռների մեջ: Մարդկային բնակության չէին մոտենում, և երբ հեռվից մարդիկ էին տեսնում, իսկույն փախչում էին ու թաքնվում քարերի մեջ: Զարմանալին այն էր, որ այդ կրոնավորները հագուստ չէին հագնում, բոլորն էլ Ադամի նման մերկ էին: Պատմում են, որ նրանց մորուքի, գլխի և մարմնի մազերը այնքան աճում էին, որ ծածկում էին նրանց մերկությունը: Այրերը, լեռների մեջ գտնվող քարանձավները նրանց ծառայում էին որպես բնակարան: Միայն կիրակի օրերը հավաքվում էին մի տեղ և կատարում էին պատարագի խորհուրդը, հետո կրկին ցրիվ էին գալիս լեռների մեջ և միմյանց երես չէին տեսնում: Շուշան տիկինը, ցանկանալով մի տեղ հավաքել այդ կրոնավորներին, նույն լեռների մեջ շինեց մի վանք, որ կոչվեցավ «խոտաճարակաց» վանք§§§§§§§§§§§§§§§§§: Նա նվիրեց այդ վանքին իր սեփական Արաստամուխ անունով գյուղը որպես մշտական ժառանգություն: Խոտաճարակները հավաքվեցան այդ վանքում, բայց երկար ժամանակ չթողեցին իրանց սովորությունները. դարձյալ կերակրվում էին բանջարեղեններով. դարձյալ հագուստ չէին հագնում, կրում էին երկայն, սպիտակ շապիկ միայն, ոտնամաններ չունեին, ման էին գալիս բոբիկ ոտներով: Այդ Շուշան տիկինը շինեց ուրիշ հինգ եկեղեցիներ իր հինգ որդիների հիշատակը անմահացնելու համար:

Հինգ եկեղեցինե՛ր...-կրկնեց Վահան հայր սուրբը, գլուխը շարժելով, — որոնցից մեկն էլ այժմ չէ մնացել:

Չէ մնացել... Քարն ու կիրը երկար ժամանակ չեն պահպանում մարդերի հիշատակը. նրանք ժամանակների հետ քսվում են, մաշվում են և անհետանում են, իրանց կառուցողների հիշատակն էլ իրանց հետ տանելով:

Այդ խոսքերը սաստիկ դառնությամբ արտասանեց սրբազանը, կարծես, նրա սրտի վրա ծանրացած էր մի անախորժ բեռ, որ կամենում էր թոթափել:

Այն օրից, Վահան հայր սուրբ, երբ մեր թագավորները, իշխանները ու իշխանուհիները սկսեցին իրանց հարստությունը վատնել եկեղեցիների ու վանքերի թիվը բազմացնելու, — այն օրից մեր զորությունը օրըստօրե թուլացավ, և մենք բոլորովին ընկանք: Երբ Հիսուս Քրիստոսին ցույց տվեցին Երուսաղեմի տաճարի շքեղությունը, այն տաճարի, որ կուլ էր տվել Իսրայելի մի քանի ամենահարուստ թագավորների գանձերը, — Հիսուս Քրիստոսը ասաց նրանց. «Կգա մի օր, որ մի քար էլ չի մնա քարի վրա»: Նրան չէր հետաքրքրում հոյակապ տաճարի փառքը. նրան ավելի թանկագին էր մի ճշմարիտ հավատացող, որի սիրտը աստուծո համար ամենամաքուր տաճար է: Երևակայեցեք, միայն Սյունյաց աշխարհում մենք ունենք 43 հոյակապ վանքեր, իսկ երեք հատ օրինավոր բերդեր չունենք: Այլևս չեմ խոսում եկեղեցիների մասին, որոնք թիվ չունեն: Այդ վանքերից ամեն մեկը ունի իր ընդարձակ կալվածքները, սեփական գյուղերը, անտառները և այլն: Բայց ի՞նչ օգուտ են քաղում նրանցից: Օրինակ, վեր առնենք մեր վանքը. նա ունի այնքան գյուղեր******************, այնքան լայնատարած հողեր, որոնց վրա մի փոքրիկ իշխանություն կարելի է հիմնել: Բայց մեր ձեռքը գցելով այդ երկրները, դարձրել ենք բոլորովին ապարդյուն:

Հողերի հարցը թողնենք, — սրբազանի խոսքը ընդհատեց Վահան հայր սուրբը, — դուք տվեցեք ինձ Շուշան տիկնոջ ընծայված բուրվառը:

Սրբազանը տվեց նրան բուրվառը, որ դեռ իր ձեռքում պահած ուներ: Վահան հայր սուրբը մուրճի տակ ջարդելով նրան, ասաց.

Այդ հոյակապ բուրվառը մենք գործ էինք ածում հանդիսավոր օրերում` միայն մեր վանքի տաճարը խնկարկելու համար: Այժմ կհալենք, նրա արծաթով հրացան կգնենք: Վառոդի ծուխը այժմ ավելի փրկարար է մեզ համար, քան թե խունկի ծուխը:

Վանահոր` Ներսես արքեպիսկոպոսի նպատակն էլ հենց այդ էր, որ վանքի ավելորդ արծաթեղենները վաճառքի հանե` ստացած փողը պատերազմական գործողությունների համար գործ դնելու: Իհարկե, այդ արծաթեղենները, որպես եկեղեցական անոթներ, իրանց ողջ ձևով ոչ մի քրիստոնյա չէր գնի, այդ պատճառով հալում էին նրանց:

Սրբազանը թողեց Վահան հայր սուրբին շարունակել իր գործը, իսկ ինքը դուրս եկավ սենյակից, երբ նրան հայտնեցին, թե Դավիթ բեկը կանչում է: Նա դիմեց դեպի վանքի թանաբին (դահլիճը), ուր այդ միջոցին առանձնացած էր Բեկը: Նրա մոտ նստած էին` Մխիթար սպարապետը, Թորոս իշխանը, Մելիք-Փարսադանը, նրա փեսա տեր Ավետիքը և իր սիրելին` Ստեփաննոս Շահումյանը:

Դահլիճի պարսկական ձևով շինված փենջերեները (լուսամուտ) նայում էին դեպի ընդարձակ բակը, որ զարդարված էր դեռ նոր տերևները բաց արած ծառերով: Բակում ոչ ոք չէր երևում: Վանքի դռները դեռ կողպված էին, թեև առավոտից մի քանի ժամ անցել էր:

Այդ միջոցին դեպի վանքը տանող ճանապարհով գալիս էին մի խումբ ձիավորներ, որ բերում էին իրանց հետ մի կալանավոր: Վերջինը ոտքով էր գնում, նրա ձեռքերը ետևի կողմից կապված էին մեջքի վրա, իսկ երկայն պարանի ծայրը բռնած ուներ մի ձիավոր: Այդ դրության մեջ նա նմանում էր մի փախստական շան, որի վզից թոկով կապելով, ձիավորը իր ետևից քարշ է տալիս, և նա ստիպված է իր ընթացքը հարմարեցնել ձիու քայլերին, եթե ոչ կխեղդվի:

Երբ մոտեցան վանքին, մի քանի մարդիկ հեռվից տեսնելով նրանց, գոչեցին. «Բերեցի՛ն... բերեցի՜ն...», և վազելով վանքը, շտապեցին ուրախալի համբավը տանել:

Ձիավորները իջան վանքի դռանը, և կալանավորին իրանց առջևը առած, ներս տարան: Նրա կնճռած դեմքի վրա չէր երևում սարսափած կամ հուսահատված մարդու գունաթափությունը, ընդհակառակն, բավական հանգիստ կարելի է համարել նրան, եթե աչքերի մեջ չնկատվեր մի տեսակ գազանային կատաղություն: Երբ նրան հասցրին դահլիճի առջև, լուսամուտները ներսից բացվեցան, Դավիթ բեկը իր մոտ նստած ավագների հետ մոտեցավ լուսամուտներին և սկսեցին վերևից նայել կալանավորի վրա:

Ցեխոտված, փոշիներում թաթախված, այդ պատառոտած հագուստով մարդուն այժմ դժվար էր ճանաչել: Այն մարդը, որ ամբողջ երկիրը պահել էր ահի և սարսափի մեջ, այժմ մի թրջված հավի էր նմանում:

Բայինդուր իշխանը, որ նրան բերող ձիավորներից մեկն էր, առաջ անցավ, ասելով. — ահա, Սյունյաց աշխարհի քանդողը: Թույլ տվեցեք ինձ հենց այս րոպեիս դրան բարձրացնեմ սուրբ երրորդության սյունի†††††††††††††††††† վրա և այնտեղից ցած գլորեմ, որ իր արժանավոր հատուցումը ստանա:

Ո՞րտեղից բռնեցիք, — հարցրին վերևից:

Ճանապարհից: Նզովից արմատը գնում է Ֆաթայի խանի մոտ, մեր դեմ պատերազմի պատրաստվելու համար, բայց չգիտեր, որ պարսից թագավորի «բաթման ղլիճի» ձեռքից ինքը սատանան էլ չի կարող պրծնիլ:

Անիծյա՜լ... — ասաց սրբազանը, նայելով չարագործի վրա:

Ի՜նչ գարշելի դեմք ունի... — ասաց Մխիթար սպարապետը:

Դավիթ բեկը ոչինչ չխոսեց: Այդ մարդուն նա առաջին անգամն էր տեսնում: Այդ մարդը նրա հոր, մոր, ազգականների դահիճն էր: Այդ մարդն էր վառել այն կրակը, որի միջից նա մի բախտով ազատվեցավ իր պատանեկության հասակում: Այժմ հին եղեռնագործը, գլուխը դեպի ցած խոնարհած, կանգնել էր նրա առջև:

Տարեք, բանտարկեցեք, — ասաց Բեկը և հեռացավ լուսամուտից:

Կալանավորը մեր նախածանոթ մելիք Դավիթ ուրացողն էր:

Ը

Վանքը մերկանում էր իր տաճարի զարդերը: Խաչերը, բուրվառները, սկիհները, որ մինչև այն օր ծառայում էին որպես անոթներ, որ գործ էին դրվում մեղքերի քավության համար, — այդ դարավոր հարստությունները այժմ սկսվեցան գործ ածվիլ հայրենիքի փրկության համար: Այդ ժամանակ ինքը ժողովուրդը ոչ սակավ զոհաբերություններ էր անում: Ծնողներից որն որ ունևոր էր և պատերազմելու ընդունակ որդի ուներ, իր ծախքով զինվորում էր նրան և ուղարկում էր կռվելու: Իսկ այն ընտանիքները, որ զուրկ էին չափահաս տղամարդից, օգնում էին իրանց աղքատ դրացուն. եթե ձի չուներ, ձի էին տալիս նրան, եթե զենք չուներ, զենք էին տալիս: Եվ այսպես, ընդհանուր զինվորությունը օրըստօրե աճում էր, ընդարձակվում էր ժողովրդի ջերմ ոգևորության հետ:

Այլևս սեփականության իմուքոյություն չկար: Ով ինչ որ ուներ, բոլորը ծառայում էին միայն մեկ նպատակի և այդ նպատակը ամենի համար սուրբ էր: Եթե գտնվում էին այնպիսիները, որոնք խնայում էին, որոնք չէին ցանկանում նվիրել, պատահած կամավոր զինվորը համարձակություն ուներ մտնել նրա տունը և իրան հարկավոր եղած բանը` մի ձի, մի զենք դուրս տանել, ասելով.

Քեզ համար միևնույն է, այդ խո պարսիկը պիտի տաներ, և դու լուռ ու մունջ պիտի մտիկ տայիր: Այժմ ինձ պետք է. ես գնում եմ պարսիկի հետ կռվելու և քեզ նրա հարստահարությունից ազատելու: Գոնե քո որդիների կայքը ապահովված կլինի:

Թե Բեկը և թե նրա զորապետները այս տեսակի կամայականությունների վրա միշտ ներողամտությամբ էին նայում:

Ուխտադրության օրվա երեկոյան պահուն վանքի մեջ տեղի ունեցավ մի սրտաշարժ տեսարան: Բեկը նստած էր դահլիճում, նրան շրջապատել էին իր ավագները: Վանքի հյուրընկալը ներս մտավ, հայտնեց, թե կնիկների մի պատգամավորություն կամենում է ներկայանալ:

Կնիկների պատգամավորությո՛ւն...-կրկնեց Բեկը ժպտալով. — տեսնենք ի՞նչ են կամենում մեր քույրիկները:

Նա վերկացավ, և գեղեցիկ սեռը ավելի հարգած լինելու համար, ինքը անձամբ գնաց նրանց դիմավորելու: Ներսես արքեպիսկոպոսը և բոլոր ավագները, որ դահլիճում նստած էին, գնացին նրա հետ:

Մի քանի հարյուր կնիկներ լցրել էին վանքի բակը: Հայոց աշխարհի այդ համեստուհիները, որոնք հայ կնոջ վաղեմի սովորությամբ երեսները միշտ կալած ունեին և ցույց էին տալիս իրանց ամենամերձավոր ազգականներին միայն, — այն օր, ընդհակառակն, բոլորի երեսներն էլ բաց էին: Կարծես, նրանք ներկայանում էին հարազատ եղբորը կամ իրենց ծնողին‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡: Դրանք Տաթևի ավանիցն էին: Երբ Բեկը հայտնվեցավ բակում, նրանցից երկուսը բաժանվեցան խումբից և առաջ եկան: Մեկը Տաթևի ավագ քահանայի երեցկինն էր, իսկ մյուսը նույն տեղի տանուտիրոջ տիկինն էր:

Մեր տղամարդիկը, — ասաց երեցկինը առաջ ընթանալով, — զոհում են իրանց կյանքը, իրանց արյունը մեր հայրնիքի ազատության համար. իսկ մենք` կնիկներս, որպեսզի անմասն չմնանք սուրբ գործից, նվիրում ենք մեր զարդերը: Ընդունեցեք, Բեկ, մեր կողմից այդ փոքրիկ նվերը, որպես նշան մեր համակրության և խորին զգացմունքի: Այդ զարդերով թող զենք, վառոդ ու գնդակ գնվի, թող մեր երկրի տղամարդիկը պատերազմեն նրանցով: Երբ նրանց հաղթության համբավը կլսենք, այնուհետև մեր ամենաթանկագին զարդը կլինի նրանց քաջությունը:

Բեկը չկարողացավ թաքցնել իր սրտի ամենազգալի ցնցումը: Ուրախության արտասուքը դուրս ցայտեց նրա խորախորհուրդ աչքերից, երբ մի քանի ուրիշ կնիկներ առաջ մատուցին պղնձե սինիների վրա դիզած նվերները: Այդ նրանց զարդերն էին: Սինիների մեջ կային` գինտեր, մատանիներ, պարանոցի մանյակներ, ապարանջաններ և զանազան այլ տեսակ արծաթեղեն, ոսկեղեն զարդեր: Առաջին սինու վրա դրած էր մի փունջ ծաղիկ: Պսակ պատրաստելու գաղափարը դեռ անծանոթ էր նրանց: Տանուտերի կինը, որ ավելի մանկահասակ էր, քան թե առաջինը, վեր առեց փունջը և իր ձեռքով տվեց Բեկին: Նա, երևի, կամենում էր մի բան ասել, բայց շփոթությունից լեզուն կապվեցավ: Իսկ այդ լուռ շփոթության մեջ զգացմունքի և շնորհակալության այնքան ազդու արտահայտություն կար, որ Բեկը իսկույն ըմբռնեց, թե ինչ էր կամենում ասել հայրենասեր կինը, և նրա ձեռքից առնելով փունջը, ասաց.

Ձեր վարմունքով դուք նմանում եք ձեր հինգերորդ դարու քույրերին. նրանք էլ ձեզ պես նվիրեցին իրանց զարդերը հայրենիքի ազատության գործին: Նրանք նվիրեցին և իրանց արյունը, մասնակցելով կռվի մեջ: Իսկ եթե դուք չեք կարող հետևել նրանց օրինակին` վերք տալ և վերք ստանալ թշնամուց, գոնե ընդունեցեք դարմանել ձեր տղամարդերի վերքերը: Եվ այդ ամենամեծ առաքինությունն էր, որ կինը կարող է մատուցանել պատերազմող մարդուն:

Մենք ամեն բանի պատրաստ ենք, ամեն զոհաբերություն հանձն կառնենք, — պատասխանեցին կնիկները: — Թշնամին մեր տունը քանդեց, մեր օջախի ծուխը մարեց, էլ ո՞ր օրվա համար ենք ապրում: Նա արատավորեց ամեն ինչ, որ սուրբ և մաքուր էր մեզ համար: Այլևս համբերություն չէ մնացել: Կամ պիտի միանգամով մեռնենք, կամ պիտի ազատվենք վատ դրությունից: Մենք մեր պատվի, մեր ընտանիքի, մեր կյանքի տերը չէինք: Որդիք էինք մեծացնում, նա էր տանում. անասուններ էինք հասցնում, նա էր տանում, մեր զավակների համար շալեր էինք գործում, կտավ էինք պատրաստում, նա էր տանում, իսկ մեր զավակները մնում էին մերկ: Նա մեզ մոտ ոչինչ չէր թողնում, ինչ որ լավ էր, ինչ որ մեզ հարկավոր էր: Էլ ինչի՞ն է պետք այսպիսի կյանքը, երբ մարդ իր գլխի, իր տան տերը չէ: Մենք շատ անգամ ցույց ենք տվել, թե հարկավոր ժամանակ ինչպես պետք է վարվել թշնամու հետ: Այն երևելի կինը, տաթևացի Սոնան, մեր քույրերից մեկն էր, որ իր գեղեցկությամբ հրապուրեց Ալի-խանին, և մի գիշեր իր տունը բերելով, գլուխը կտրեց: Նա մեր երկիրը ազատեց մի բռնակալից, թեև ինէն էլ իրան սպանեց գործողությունը կատարելուց հետո: Նրա պատմությունը մենք միշտ համակրությամբ ենք լսել մեր ծնողներից:

Թե Բեկը, թե Ներսես եպիսկոպոսը և թե այնտեղ կանգնած ավագները մեծ ուրախությամբ էին լսում կնիկների խոսքերը: Երբ նրանք ավարտեցին, եպիսկոպոսը ասաց.

Ես հավատացած եմ, որ սյունեցի կինը նույնքան քաջասիրտ է, որքան սյունեցի տղամարդը: Բայց դուք մոռանում եք մի անցք, որ պատահեց մեզանից մոտ քսան տարի առաջ: Այդ անցքը կարող է ձեզ լավ օրինակ լինել: Պարսիկները տիրեցին Գենվազի ամբողջ գավառը, մնաց միայն Կալեր ավանը, որը չկամեցավ անձնատուր լինել և քաջությամբ պաշտպանվում էր: Վերջը պարսիկները խաբեությամբ տղամարդերին կանչեցին իրանց բանակը, հրամայեցին բոլորին կոտորել: Այդ դավաճանությունից հետո կամենում էին տիրել Կալերին: Բայց կնիկները զինվեցան թշնամու դեմ և սկսեցին կռվել: Երկար պաշտպանվում էին նրանք, իսկ երբ նկատեցին, որ այլևս ընդդիմանալ չեն կարող, թունավորեցին բոլոր աղբյուրները, և իրանց տներին կրակ տալով, պատսպարվեցան անտառների մեջ: Այդ բոլորը դուք գիտեք, շատ ժամանակ չէ անցել այն օրից:

Next page