Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Կնիկները հայտնեցին, որ ամեն մի դեպքում կաշխատեն հետևել իրանց արժանահիշատակ քույրերի օրինակին: Եվ նրանց ներկայացուցիչները` երեցկինն ու տանուտերի կինը համբուրեցին սրբազանի աջը, և նրա օրհնությունն առնելով, բոլորը գլուխ տվեցին, ուրախությամբ դուրս եկան վանքից:

Բեկը հրամայեց նրանց բերած նվերները տանել իր գանձարանը, որ արդեն կազմված էր վանքում: Հետո իր ավագների հետ դիմեց դեպի դահլիճը: Գնալու միջոցին եպիսկոպոսը մի առանձին ոգևորությամբ ասաց նրան.

Տեսնո՞ւմ եք, Բեկ, իմ այսօրվա քարոզը հինգերորդ դարու կանանց մասին, երևում է ազդեցություն է գործել դրանց վրա: Ես ուրախությամբ նկատում էի, որ քարոզի ժամանակ տաճարում կային բազմաթիվ կնիկներ, որոնք ուշադրությամբ լսում էին ինձ: Ա՛խ, որպես սաստիկ ազդում են կենդանի քարոզները, որ ուղղակի վերաբերվում են իրական կյանքին: Ո՜րքան մեղավոր ենք մենք ժողովրդի առջև, ո՜րքան շատ կորցրել ենք մենք մեր նախապաշարմունքներով, անդադար խոսելով դժոխքի և արքայության վրա:

Երանի՜ թե այդ տեսակ քարոզները մի քանի դար առաջուց կրկնվեին մեր եկեղեցու բեմից, այժմ մենք կգտնեինք հողը բոլորովին պատրաստ, — ասաց Բեկը տխրությամբ: — Բայց մենք հայերս սովորություն ունենք հիվանդի մասին մտածել միայն այն ժամանակ, երբ նրա կենսական ուժերը բոլորովին սպառված են, երբ բժշկի օգնությունը հազիվ թե կարող կլիներ ուղղել, կարգի բերել հիվանդի խանգարված կազմվածքը...

Վերադառնալով դահլիճը, Բեկը հենց նույն գիշերը կատարեց իր զինվորական կարգադրությունները: Նա իր ուժերը երկու գլխավոր մասերի բաժանեց. մեկին կոչում էր տիրապետող ուժ, իսկ մյուսին` «թշնամու գլուխը խառնող», այսինքն` նրան շփոթության մեջ գցող ուժ: Այս վերջինը կազմված էր զանազան մանր խումբերից, որոնք ավազակների հրոսակի բնավորություն ունեին: Խումբերից յուրաքանչյուրը ուներ իր առանձին առաջնորդը, որին անպայման կերպով պետք է խոնարհվեին ստորադրյալները: Ամեն մի խումբի թիվը հիսուն ձիավորից չէր անցնում: Նրանց նպատակը պետք է լիներ անակնկալ կերպով հարձակումներ գործել մահմեդականների կարավանների և գյուղերի վրա, այրել, հափշտակել և անցնել, առանց մի տեղում երկար մնալու: Այդ խումբերը, թեև առանձնացած պիտի գործեին, բայց ընդհանուր կապ պիտի ունենային միմյանց հետ, և հարկավորած ժամանակ, պետք է մինը մյուսին օգնության հասներ: Այս պատճառով յուրաքանչյուր վիճակի համար որոշված էին մի քանի խումբեր: Խմբապետը գլխավորապես այն անձինքն էին, որ Բեկը իր հետ բերել էր Վրաստանից: Լոռեցի Ավթանդիլ գնդապետը և երևանցի կաղ Օհանեսը, որ հայտնի էր իր ճարպկություններով, ուղարկվեցավ դեպի Հին Նախիջևանի կողմերը: Մեծ Գիորգին և փոքր Գիորգին ուղարկվեցան դեպի Զանգազորի կողմերը: Զաքարիա իշխանը և պատանի Մոսին ուղարկվեցան Երասխ գետի ափերի վրա` դեպի Բարգյուշատի կողմերը: Թաթեոս բեկը և գանձակեցի Եղիազար աղան ուղարկվեցան դեպի Սիսիանի կողմերը: Վաղարշապատցի Հարություն տանուտերը ուղարկվեցավ դեպի Գողթնյաց երկրի կողմերը:

«Եթե թշնամու տունը կամենում ես հրդեհել, պետք է կրակը մի քանի տեղից վառել, որ չկարողանա հանգցնել», — ասում էր Բեկը: Վերոհիշյալ խումբերը ուրիշ նշանակություն չունեին, բայց միայն կայծեր գցել Սյունյաց աշխարհի զանազան կողմերում, խռովել, աղմկել և զբաղեցնել թշնամուն:

Բայց Բեկի գլխավոր ուժերը, որոնց նա կարգել էր որպես պատերազմող և տիրապետող ուժեր, կազմված էին ավելի խոշոր խումբերից: Այդ խումբերը հանձնված էին Սյունյաց աշխարհի նշանավոր ավագների ձեռքը, որոնք ուխտակից եղան Բեկին և հավատարմության երդում տվեցին:

Չավնդուրի Թորոս իշխանը ուներ իր հրամանի ներքո 2000 հոգի. նրան օգնական էր տվել Բեկը Բայինդուր իշխանին և Թորոսի ազգական Մելիք-Նուբարին: Հալիձորի Մելիք-Փարսադանը և նրա որդի Բալի զորապետը ունեին իրանց հրամանի ներքո 500 հոգի: Մելիք-Փարսադանի փեսա տեր Ավետիքը ուներ իր հրամանի ներքո 468 հոգի: Կալերի Պապ զորապետը և Բեկի սիրելի Ստեփաննոս Շահումյանը ունեին իրանց հրամանի ներքո 700 հոգի: Սիսիանի Լևոն զորավարը ուներ իր հրամանի ներքո 500 հոգի: Սիսիանի մելիք Կաջոն ուներ իր հրամանի ներքո 200 հոգի: Սիսիանի տեր Գասպարը, որ և կոչվում էր «Ավշար երեց», ուներ իր հրամանի ներքո 250 հոգի: Բաղաբերդի Ադամ զորավարը ուներ իր հրամանի ներքո 150 հոգի: Գյուլ-բերդի Ղազար զորավարը ուներ իր հրամանի ներքո 110 հոգի: Շիրվանաձորի Սարգիս զորավարը ուներ իր հրամանի ներքո 250 հոգի: Ջուղայի Մաղա մելիքի երկու որդիները` Աշոտ և Սմբատ ունեին իրանց հրամանի ներքո 400 հոգի: Տաթևի Կիջի, Այտի, Եսայի և տիրացու Սիմեոն տանուտերները ունեին իրանց հրամանի ներքո 400 հոգի: Շընհերի Մինաս և Ստեփան տանուտերները ունեին իրանց հրամանի ներքո 550 հոգի: Մեղրիի մելիք Կոնստանդինը, Հովհաննեսը, Սարի և Առաքել տանուտերները ունեին իրանց հրամանի ներքո 400 հոգի: Բոլոր զորքերի թիվը հասնում էր 6878 հոգու: Հիշյալ գունդերի վրա Բեկը սպարապետ կարգեց Մխիթարին, բայց ընդհանուր հրամանատարությունը իր վրա պահեց:

Այդ կամավոր զինվորները հավաքված էին նույն զորապետների ձեռքով, որոնց հրամանի ներքո և գտնվում էին նրանք: Զորապետներից շատերը, որպես էին Թորոս իշխանը, Մելիք-Փարսադանը, Պապ զորապետը, իրանց ծախքով զինվորել էին իրանց գունդերը: Իսկ ոմանք հավաքել էին իրանց իշխանության տակ եղող գյուղերից:

Բեկը վճռեց շուտով սկսել իր հարձակողական գործողությունները:

Թ

Դավիթ ուրացողին կալանավորելուց հետո Տաթևի վիճակը ազատվեցավ մի չարագործից: Այդ նոր Վասակը, որ Ֆաթալի խանի աջ ձեռքն էր, հենց որ լսեց Բեկի Սիսիանի մեջ կատարած հաղթությունները, հենց որ իմացավ նրա Տաթևին մոտենալը, պատրաստվեցավ առաջն առնել: Նա հավաքեց իր ձեռքի տակ գտնվող պարսկական զորքերը, և տեղային հայերից ևս բավական բազմություն ստիպմամբ պարսիկների հետ միացնելով, աշխատում էր թույլ չտալ Բեկին Տաթևի սահմանը մտնել: Հորը աջակցում էր Շահ-կուլի անունով որդին, որ ծնված էր պարսիկ կնոջից:

Բեկի հրամանի ներքո, ինչպես մեզ հայտնի է, այդ ժամանակ կային մոտ 500 զինված մարդիկ: Իսկ ուրացողի ուժերը հնգապատիկ ավելի էին: Նրանք բռնել էին դեպի Տաթև տանող ճանապարհների բոլոր անցքերը;

Բեկը նստած էր իր սառուլար§§§§§§§§§§§§§§§§§§ ձիու վրա, որ Սյունյաց աշխարհի ամենաընտիր նժույգների տեսակիցն էր: Նա գնում էր ամենից առաջ, շրջապատված իր թիկնապահներով: Նրա կողքին ձիավորում էր Ներսես արքեպիսկոպոսը: Ճանապարհը ընկած էր նեղ ձորի միջով, որ իր դժվարին ելևէջներով երբեմն բարձրանում էր լեռների բարձրավանդակների վրա, իսկ երբեմն իջնում էր խորին անդունդների մեջ: Սարերը պատած էին անթափանցիկ անտառով: Ամեն րոպե կարելի էր սպասել խիտ ծառերի ետևից դարանամուտ թշնամու հրացանի արձակվիլը և գնդակի սլացումը:

Բայց Բեկը, այդ զգույշ, շրջահայաց զինվորը, կարծես, ուշադրություն չէր դարձնում: Նա լուռ էր և մտախոհ: Ակամա տխրությունը, որ տիրեց նրա սրտին, համարյա մոռանալ էր տվել, թե ի՜նչ վտանգավոր տեղում է գտնվում ինքը, ուր ամեն մի քար, ամեն մի ժայռ, ամեն մի թուփ ու ծառ մահ էին սպառնում անցավորին: Նա մինչև անգամ մոռացել էր այն զինված բազմությունը, որ նրա ետևից գալիս էր:

Նրա աչքի առջև տարածվում էր իր ծննդավայրը` Տաթևի երկիրը: Բոլոր լեռները, անտառները, ձորերը ու հովիտները ծանոթ էին նրան: Բոլոր ճանապարհները, ամենաաննշան շավիղներն անգամ գիտեր նա: Այդ լեռների վրա, իր մանկության օրերում, արածացնում էր նա իր հոր այծերը: Այդ անտառներում իր ընկերների հետ քաղում էր նա զանազան տեսակ պտուղներ: Այդ սրընթաց, փրփրացող գետակների մեջ շատ անգամ լողացել է նա: Բոլորը մնացել էր միևնույնը. ոչինչ չէր փոխվել. փոխվել էր միայն ինքը...

Շուտով կտեսներ նա Տաթևի ավանը: Գուցե դեռևս շեն էր մնացել իր հայրական խրճիթը, որի մեջ անցուցել էր իր մանկության անհոգ, պայծառ օրերը: Բայց ո՞վքեր էին բնակվում այժմ այն խրճիթի մեջ: Ովքեր և բնակվեին, բայց նրանցից և ոչ մեկը այն չէր լինելու, որին նա կփափագեր տեսնել:

Ծանոթ առարկաները զարթուցին նրա մեջ տխուր հիշողություններ: Արդյոք կտեսնե՞ր այն մորը, որ այնքան քնքուշ սրտով սիրում էր իրան: Արդյոք կտեսնե՞ր այն հորը, որ այնքան բարի էր, որ իր չքավորության և դժբախտության մեջ ևս դարձյալ գիտեր լավ կրթել, սնուցանել սիրելի որդուն: Ո՞րտեղ էին նրանք: Ինքը չի պիտի կարողանար ուրախացնել նրանց, ասելով. «Տեսե՜ք, ահա ձեր որդին, վերադառնում է ձեզ մոտ փառքով ու պատվով. գրկեցեք նրան»:

Նա հիշեց Ֆաթալի խանի բանակը, հիշեց այն կրակը, որի մեջ այրվեցան իր հայրը, իր մայրը, իր ազգականները... Հիշեց այն մարդուն, որ իր ծնողների մահվան պատճառ դարձավ: Այսօր նույն չարագործը պարսիկ զորքերով կանգնած էր իր ճանապարհի վրա, որ արգելե նրան իր հայրենիքի գոնե ավերակները տեսնելու:

Տեսնո՞ւմ եք, սրբազան, — ասաց Բեկը Ներսես արքեպիսկոպոսին, որ եկել էր Շընհերից նրան Տաթև տանելու, — մեր ձեռնարկության հենց սկզբում մեր առջև դուրս է գալիս մի ուրացող հայ:

Այն հայը, որի հարստահարություններից ազատվելու համար ձեր ծնողները իրանց այրեցին կրակի մեջ, — պատասխանեց սրբազանը: — Այն կրակից դուք միայն ազատվեցաք, Բեկ:

Այդ տխուր պատմությունը դուք արդեն գիտեք, սրբազան, — խոսեց Բեկը: — Երևում է, իմ և այդ մարդու ճակատագրի մեջ մի բան կա, ուր կրակը մեծ դեր է խաղում...

Այո՜, այն ժամանակ նա կրակ թափեց ձեր ծնողների վրա, իսկ այսօր դուք կրակ կթափեք նրա գլխին, — ասաց սրբազանը ծիծաղելով: — Հաշիվը պարզ կդուրս գա:

Տեսնենք... — պատասխանեց Բեկը և դարձյալ ընկավ տխուր մտախոհության մեջ:

Նրանք դուրս գալով ձորից, գտնվում էին այժմ մի լեռնային բարձրավանդակի վրա, որտեղից երևում էր բոլոր շրջակայքը: Սրբազանը, նկատելով Բեկի տխուր տրամադրությունը, թողեց նրան, և իր ձին հետ պահելով, կանգ առեց, մինչև հասավ Մխիթար սպարապետը Բայինդուր իշխանի հետ:

Նայեցեք, — ասաց նրանց, — նայեցեք, այդ հրաշալի բնությանը: Սյունեցի հայը ոչ մի բանով իրավունք չունի գանգատվելու աստուծուն, թե ինչո՞ւ ինքը թշվառ է և օտարի ծառա: Երբ աստված մի ժողովրդի տալիս է այսպիսի երկիր, որ իր բնական ամրություններով ամեն հարմարություններ ունի պաշտպանելու նրան թշնամու հարձակումներից, — այդ ժողովուրդը ինքն է մեղավոր, որ չէ կարողանում օգուտ քաղել աստուծո շնորհած պարգևից:

Եվ իրավ, վայրենի բնությունը հիացնելու չափ սքանչելի էր: Դեպի ամեն կողմ անկանոն կերպով տարածվում էին լեռնային ցանցատեսակ շղթաներ, որոնք խիտ կերպով զետեղված էին մինը մյուսի մոտ, թողնելով իրանց միջավայրում նեղ և խորին ձորեր: Այդ շղթաների վրա, սղոցի ատամների նման, բարձրանում էին սարերի սուր գագաթները, որ կորչում էին ամպերի մեջ: Կուսական անտառը, որպես մի կանաչազարդ վերարկու, ծածկում էր լեռների մերկությունը և նրանց ավելի անմատչելի էր դարձնում: Ոչ մի մարդկային արարած չէր կարող ոտք կոխել այդ բարձրությունների վրա. միայն արագաթռիչ արծիվը այնտեղ ժայռերի պատռվածքի մեջ դնում էր իր բույնը:

Ճշմարիտ է, սրբազան, — պատասխանեց Մխիթար սպարապետը, — սյունեցի հայը ինքն է մեղավոր, որ չէ կարողացել օգուտ քաղել իր հայրենիքի ամուր դիրքերից: Բայց Հայաստանի ո՞ր կողմը այսպես չէ: Հայաստանը ամեն տեղ տալիս է մեզ բնական ամրություններ: Բայց մեր լեռներից ավելի օգուտ են քաղել օտարներ, քան թե մենք ինքներս:

Բայինդուր իշխանը, որ լսում էր այդ խոսակցությունը, և ինքը ոչ սակավ հիացած էր շրջապատող լեռներով և անտառներով, խոսակցության մեջ մտավ, ասելով.

Աստված է վկա, այդ ժողովուրդը մորթելու արժանի է: Ես ինքս մեծ ուրախությամբ կվեր առնեի մի սուր և բոլորին կկոտրեի: Բայց մի զարմանալի բան կա, որ ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է: Ես սաստիկ ատում եմ մեր հայերին, բայց միևնույն ժամանակ սիրում եմ: Այդ ատելությունից բխած սերը ես չեմ կարողանում բացատրել ինձ: — Սիրում եմ այդ ազգը, որպես մի սիրահար բորբոքված սրտով սիրում է մի ցած, բարոյապես ընկած, պոռնիկ կնոջ: Նա տեսնում է, թե ինչպես այդ կինը թաթախվել է բարոյական ցեխի մեջ, նա զզվում է, բայց հենց որ աչքն ընկնում է աչքին, չէ կարողանում համբերել, սկսում է գրկել, սկսում է համբուրել նրան: Թեև գիտե, որ նրա մարմնի վրա ոչ մի մաքուր տեղ չէ մնացել: Մեր ազգը մի այսպիսի անբարոյական կին է. նա մի մեծ պոռնիկ է, նրա երեսին ամոթի և պատվի մի կաթիլ անգամ չէ մնացել: Մոտ չորս հազար տարի նա պոռնկություն է անում, բայց տակավին չկշտացավ, տակավին չհագեցավ օտարներից: Ասորեստանցին դարերով գործ դրեց նրա վրա իր անբարոյական կրքերը: Հազարավոր տարիներ անցկացրեց նա երբեմն հույնի, երբեմն պարսկի և երբեմն հռոմեացու գիրկն ընկնելով: Մինչև անգամ անապատի սև արաբը իր հաստ շրթունքներով շոշափեց նրա երեսը: Մինչև անգամ Թուրանի տափակաքիթ, դեղնակաշի մոնգոլը դարերով պառկեց նրա հետ: Ի՞նչ ազգ մնաց, որի վրա չսիրահարվեր նա, որին անձնատուր չլիներ: Նա բոլոր օտարնրին տալիս էր իր սերը, անհավատարիմ էր միայն իր ամուսնին, որի հետ կապված էր օրինավոր պսակով: — Այսուամենայնիվ ես դարձյալ սիրում եմ այդ թեթևամիտ, վավաշոտ կնոջը, որ դարերի ընթացքում իր անբարոյական կյանքով մաշվել, տրորվել, քրքրվել է և միայն իր վաղեմի գեղեցկության կմախքն է պահպանել: Սիրում եմ այդ կմախքը: Սիրում եմ այդ թունավորված, հազարավոր հիվանդություններով վարակված մարմինը, որից մահվան հոտ է փչում, — հիվանդություններ, որ նա ստացել է իր բազմաթիվ հոմանիներից, որոնց նա շապիկի նման մինը մյուսի ետևից փոխում էր: Սիրում եմ, բայց ինչո՞ւ համար, ինքս էլ չգիտեմ: Սիրում եմ ատելով, սիրում եմ զզվելով... բայց սիրում եմ:

Սիրելուց բխած այդ զզվանքը, այդ դառն ատելությունը շատ բնական է, — ասաց սրբազանը` կտրելով իշխանի խոսքը: — Դա սիրող մարդու արդար վրդովմունքն է, որ առաջ է գալիս նրանից, երբ իր սիրած առարկայի մեջ գտնում է մի որևիցե արատ, մի որևիցե բիծ, որ մաքրել չէ կարող: Ձեր ատելությունը դեպի այն ազգը, որին դուք շատ իրավացի կերով պոռնիկ կնոջ հետ համեմատեցիք, ես բոլորովին բաժանում եմ: Այդ ատելությունը ցույց է տալիս, իշխան, ձեր չափազանց բարի ցանկությունները, որով փափագում եք պոռնիկը դուրս քաշել իր բարոյական ցեխից և նրան օրինավոր, պատվավոր կյանքի սովորեցնել: Բայց երբ նկատում եք, որ նա ուղղվելու ոչ մի ընդունակություն չէ ցույց տալիս, սկսում եք բարկանալ, սկսում եք ատել, բայց չդադարելով միևնույն ժամանակ սիրելուց: Ինքը Հիսուս Քրիստոսը սիրում էր ընկած կնիկներին, սիրում էր նրանց ուղղելու համար: Եվ նա հասավ իր նպատակին, նրա վարդապետության ամենաջերմ տարածողները եղան այդ ժողովրդի մերժված կնիկները:

Ինչո՞ւ ենք հեռու գնում, — առաջ տարավ սրբազանը իր խոսքը. — ահա մի մարդ, ինչպես մելիք Դավիթ ուրացողը. նա բարոյապես ընկած մի մարդ է: Նա դավաճանեց իր հայրենիքին, և պարսիկների ձեռքում գործիք դառնալով սկսեց նրան ավերակ դարձնել: Նույն չարագործությունները շարունակելու համար և պարսից լուծը մեր ժողովրդի վրա պահպանելու համար նա կանգնած է այժմ մեր ճանապարհի վրա, որ արգելե մեր մուտքը, որ թույլ չտա մեզ պարսիկների անիրավությամբ տիրած երկրի վրա ոտք կոխենք: Այսպիսի դավաճաններին ոչ սակավ անգամ ծնել են Հայաստանի մայրերը: Բայց դրանք ինչո՞վ են մեղավոր: Դրանք արդյունք են նույն անբարոյականացած, նույն փչացած ժողովրդական կյանքի: Հիվանդոտ կինը չի կարող առողջ որդիք ծնել: Հիվանդ ժողովրդից այս տեսակ հրեշներ առաջ կգան: Եթե կամենում ենք, որ դրանք չլինեն, պետք է ուղղենք ժողովրդի առողջություն, — ուղղենք նրան սիրելով:

Այդ խոսակցությունը, որ բոլորի համար հետաքրքիր էր, ընդհատվեցավ: Նրանք նկատեցին, որ Բեկը բավական տարածություն առաջ էր անցել: Այժմ կանգնել էր նա և խոսում էր Ստեփաննոս Շահումյանի հետ, որին առաջուց ուղարկել էր թշնամու բռնած դիրքերը հետազոտելու:

Ստեփաննոսը վերադարձավ, — ասաց Մխիթար սպարապետը, — տեսնենք, ինչ տեղեկություններ է բերել:

Երեքն էլ` սրբազանը, Մխիթար սպարապետը և Բայինդուր իշխանը, իրանց ձիաները թափով քշեցին և մի քանի րոպեի մեջ հասան Բեկի կանգնած տեղը:

Ստեփաննոսի բերած տեղեկություններից երևաց, որ Դավիթ ուրացողը բռնել էր երկու գլխավոր անցքեր, որտեղից պետք էր մտնել Տաթև: Մի անցքի վրա կանգնել էր նա ինքը, իսկ մյուսի պահպանությունը հանձնել էր իր Շահ-կուլի որդուն: Երկուսի ձեռքի տակ կային ավելի քան երկու հազար մարդիկ:

Ես ձեզ մի ուրիշ ճանապարհով կտանեմ, — ասաց սրբազանը, — որը թեև բավական դժվարանցանելի է և բավական երկար է, բայց ավելի ապահով է: Այդ ճանապարհով մենք չենք հանդիպի թշնամուն:

Ի՞նչ օգուտ դրանից, — պատասխանեց Բեկը, — ես կամենում եմ անպատճառ հանդիպել նրանց: Ինձ պետք է այսօր ձերբակալել այդ անզգամին:

Այդ ձեր կամքն է, — ասաց սրբազանը: — Եթե դուք վճռել եք ուղղակի նրանց վրա գնալ, իմ կարծիքով, ավելի լավ կլինի փոքր-ինչ սպասել, մինչև մութը կպատեր: Մենք համեմատաբար շատ փոքր թվով մարդիկ ունենք մեզ մոտ: Եթե ցերեկով թշնամին մեզ տեսնելու լինի, մեր սակավությունը նկատելով, ավելի սիրտ կառնի: Բայց խավարի մեջ փոքրիկ խումբերն ևս, եթե քաջությամբ կգործեն, կարող են սարսափեցնել թշնամուն:

Դուք, սրբազան, — ժպտալով ասաց Բեկը, — ոչ միայն հմուտ աստվածաբան եք, այլ ձեր մեջ երևում է և պատերազմական տաղանդ:

Կատակը մի կողմ կենա: Թույլ տվեցեք այսօր փորձել իմ տաղանդը, որը ծաղրում եք դուք:

Այդ խիստ վտանգավոր փորձ կլինի: Այսուամենայնիվ, ես կարող եմ ապահովացնել ձեզ, սրբազան, որ մինչև թշնամու մոտ հասնելը, ձեր ցանկացած խավարը կպատե մեր աշխարհը: Նայեցեք արեգակին, որքան թեքվել է դեպի իր մուտքը: Եվ ես ցավում եմ, որ դուք Հեսուի հրաշքը կատարել չեք կարող, որ արեգակը առժամանակ կանգնեցնեիք, մինչև մենք լուսով ավարտեինք մեր կռիվը:

Դարձյալ կատակ: Ես չեմ հասկանում, թե դուք ինչո՞ւ եք փախչում խավարից:

Նրա համար, որ խավարի մեջ մենք աչքից կկորցնենք այն մարդուն, որին ես ցանկանում եմ այսօր անպատճառ բռնել, — պատասխանեց Բեկը:

Հետո նա իր մոտ գտնված զինվորներին երկու մասերի բաժանեց. մի մասը հանձնեց Մխիթար սպարապետին և նրան Ներսես արքեպիսկոպոսի հետ ուղարկեց ուրացողի որդի Շահ-կուլու վրա, իսկ մյուս մասը ինքը վեր առնելով, ուղղակի դիմեց ուրացողի վրա, իր հետ տանելով Բայինդուր իշխանին և իր սիրելի Ստեփաննոս Շահումյանին:

Ժ

Խավար գիշեր էր: Մի երիտասարդ, անդադար մտրակելով իր ամեհի նժույգը, ձիավարում էր: Բայց ոչ մի ժամանակ այդ ուժեղ, սրընթաց անասունը այնպես վատ ծառայություն չէր արել իր տիրոջը, որպես այս գիշեր: Բավական էր փոքր-ինչ խթել նրա կողքը և նա արծվի պես կսլանար: Իսկ այս գիշեր նրա տերը ստիպված էր գործ դնել իր մտրակի ուժը, որ նա շարժվի: Գիշերվա մթությունը մի կողմից, ձիավորի խռովությունը մյուս կողմից, թույլ չէին տալիս նկատել նրան, որ խեղճ անասունը համարյա երեք ոտքի վրա էր ընթանում, իսկ մի ոտքից կազում էր: Վերջապես ընկավ նա, այլևս չբարձրացավ:

Երիտասարդը աշխատում էր կանգնեցնել ձիուն, բայց նա գլուխը գետնին զարկելով, խռխռում էր, ցավալի ձայներ էր արձակում, որ նշան էին մահվան տագնապի: Նրա մի ոտքը բոլորովին ջախջախվել էր գնդակի հարվածքից, արյունը սաստիկ վազում էր, և այդ դրության մեջ նա անցել էր մի քանի մղոն ճանապարհ: Մարմնի մի այլ տեղից նույնպես վերք էր ստացել:

Այդ դրության մեջ թողնելով ձիուն, երիտասարդը անցավ: Նա սկսեց այժմ փախչել ոտքով, այնպիսի արագությամբ, որ շատ անգամ զարկվում էր քարերին, շատ անգամ խրվում էր թուփերի մեջ, պատառոտում էր իր հագուստը, և շատ անգամ չնկատելով ճանապարհի դարուփոսը, գլորվում էր, վայր էր ընկնում: Այսպես մնում էր նա մի քանի րոպե, երբ մի փոքր շունչ էր առնում, հանգստանում էր, հետո վեր էր կենում, դարձյալ շարունակում էր իր փախուստը:

Նա աչքը դարձրեց դեպի երկինքը, տեսնելու, թե գիշերից որքան էր անցել: Ոչինչ նշմարել չկարողացավ. երկինքը պատած էր ամպերով: Նա ամեն բան կտար, որ գիշերը երկար ու շատ երկար լիներ, և ինքը խավարով շրջապատած, կարողանար անցկենալ ընդարձակ տարածություն:

Հանկարծ նա սոսկաց: Կարծես, նրա ոտքերից բռնեցին և ցած գլորեցին: Կարծես հարյուրավոր մարդիկ շրջապատեցին նրան: «Մի՜ սպանեք, — գոչեց նա ողորմելի ձայնով, — ես անձնատուր կլինիմ... ահա իմ զենքերը»: Նա իր դատարկ ձեռքերը տարածեց օդի մեջ, որպես թե մի բան տալիս էր: Բայց նրա զենքերից և ոչ մեկը չէր մնացել իր վրա: Գոտին կտրվելով, թուրը ճանապարհին վայր էր գցել. ատրճանակները նույնպես կորցրել էր. նրա գտակը մինչև անգամ գլխին չէր:

Նկատելով, որ երևակայական զենքերը իր ձեռքից ոչ ոք չէ առնում և թշնամիներից ոչ ոք չէ մոտենում, նա խոսեց ինքն իրան. «Երևի, վախեցան, երևի, փախան, էլ չեն երևում...»:

Ես այստեղ եմ... — լսելի եղավ մի ձայն:

Երիտասարդը դարձյալ սարսափեցավ: Ձայնը լսելի եղավ հենց նրա մոտից, հենց նրա ոտքերի տակից: Նա դողդողաց և ընկավ մի դիակի վրա:

Էդ էր պակաս, ես շարժվել չեմ կարողանում, դա էլ իմ վրա մի ծանր բեռ դարձավ... — խոսեց դիակը, աշխատելով իր վրայից հեռացնել ընկած երիտասարդին: Բայց երիտասարդը ինքն իրան գլորվեցավ դեպի մի կողմ:

Երևի դա էլ վիրավորված է, — խոսեց առաջին ձայնը:

Ես վիրավորված չեմ, — պատասխանեց երիտասարդը, — ի սեր աստուծո, մի՜ սպանեցեք ինձ:

Շատ էլ որ ուզենամ, չեմ կարող սպանել, ինձ մոտ սպանելու ոչինչ չէ մնացել. իսկ մի փոքր հեռու գնալու և մի քար վեր առնելու չափ ուժ չունեմ:

Վերջին խոսքերից խրախուսվելով, երիտասարդը հարցրեց.

Դու ո՞վ ես:

Ես վիրավորված զինվոր եմ: Անիրավները այնպես ծակեցին կողքս, որքան էլ ձեռքով հուպ եմ տալիս, չեմ կարողանում արյունը կանգնեցնել: — Ա՛խ, մի փոքր ջուր եթե կարելի լիներ գտնել այստեղ:

Երիտասարդը առանց ուշադրություն դարձնելու նրա աղաչանքի վրա, հարցրեց.

Ո՞ր կողմից ես:

Կամենում էր գիտենալ` Դավիթ բեկի զինվորների՞ց է, թե Դավիթ ուրացողի:

Մելիք Դավթի կողմիցն եմ, — պատասխանեց վիրավորը:

Երիտասարդը այդ լսելով, ավելի սիրտ առեց: Զինվորը թշնամու բանակին չէր պատկանում:

Ինչպե՞ս վերջացավ կռիվը, — հարցրեց նա:

Կռի՞վը... շատ վատ վերջացավ... — պատասխանեց վիրավորը: — Մեզ բոլորիս ջարդեցին: Ի՞նչ կարող ես անել դրանց հետ: Դրանք մարդիկ չեն, կատարյալ սատանաներ են: Մտնում են ամեն տեղ, որտեղ ուզում ես: Ոչ կրակից են վախենում և ոչ սրից: Թռչում են անդունդների վրայով և ծտի նման անցնում են սարսափելի ժայռերից: Նրանց սրի առջևից մարդիկ այնպես ցած են թափվում, որպես չորացած հասկերը հնձավորի մանգաղի առջևից: Ես իմ աչքով տեսա և հիմա հավատում եմ, որ այդ մարդիկների մարմինը անխոցելի է: Ի՞նչ կարող ես անել կախարդված մարդու հետ, որի մարմնի վրա ոչ հրացանի գնդակը և ոչ էլ նիզակի սուր ծայրը չեն ներգործում:

Դավիթ բեկի և նրա զորապետների մասին արդեն տարածվել էին սնահավատ ժողովրդի մեջ շատ առասպելական զրույցներ, որոնք սարսափ էին գցում Բեկի թշնամիների վրա:

Դու ո՞ր զորաբաժնի մեջն էիր, — հարցրեց երիտասարդը, ցավալի պատմությունը լսելուց հետո:

Ես մելիք Դավթի զորաբաժնի մեջն էի, -ասաց վիրավորը. — բռնել էինք դեպի Տաթև տանող ճանապարհի անցքը: Բայց վերևից այնքան քարեր թափեցին մեր գլխին, կարծես բոլոր լեռները փուլ եկան մեզ վրա:

Իսկ հա՞յրս... ի՞նչ եղավ հայրս... — հարցրեց երիտասարդը դողդոջուն ձայնով:

Վիրավոր զինվորը ճանաչեց նրան. երիտասարդը Դավիթ ուրացողի որդի Շահ-կուլին էր:

Հա՞յրդ... — ասաց նա ձգական ձայնով, — ո՞վ է իմանում, թե ի՜նչ եղավ: Սպանվեցավ, մնաց, փախավ, բռնեցին, — ո՞վ կարող էր գիտենալ այն խառնակության ժամանակ, երբ ամեն մարդ իր գլխի մասին էր մտածում:

Երիտասարդը բավական տեղեկություններ ստացավ հոր անաջողությունների մասին, իսկ իր հրամանի տակ գտնվող զորքերի պարտությունը նրան արդեն հայտնի էր: Նա վերկացավ, մի վերջին հարց առաջարկեց վիրավոր զինվորին և կամենում էր շարունակել իր փախուստը, մի գուցե ընկնի Բեկի զինվորների ձեռքը:

Դու գիտե՞ս, մենք այժմ ո՞րտեղ ենք գտնվում:

Վիրավոր զինվորը ոչինչ չպատասխանեց և ոչ լսեց երիտասարդի հարցմունքը: Նրա ձեռքը, որով բռնել էր իր վերքը, թուլացել, ընկել էր գետին, իսկ աչքերը փակվել էին...

Նույն դրության մեջ թողնելով զինվորին, երիտասարդը սկսեց վազել, թեև ուր գնալը ինքն էլ չգիտեր: Առավոտյան լույսը դեռ լծագած, նա հասավ մի գյուղի, սկսեց բախել առաջին հանդիպած խրճիթի դուռը: Երկար բախում էր նա, մինչև մի մանկահասակ կին, դուռը բաց անելով, հայտնվեցավ շեմքի վրա:

Ի՞նչ եք կամենում, — հարցրեց նա, ուշադրությամբ նայելով օտարականի վրա, թեև խավարի մեջ դժվար էր նրան ճանաչել:

Ճանապարհից մոլորված եմ, ի սեր աստծու, մի անկյուն շնորհեցեք ձեր տան մեջ, որ փոքր-ինչ հանգստանամ:

Այդ խոսքերը այնպիսի մի ողորմելի եղանակով արտասանեց նա, որ տանտիկինը խղճալով, ներս հրավիրեց:

Երբ մտան խրճիթը, տանտիկինը իսկույն ճրագ վառեց, այժմ միայն տեսավ իր հյուրի այլանդակված կերպարանքը, որ ավելի սարսափելի էր իր պատառոտած և աղտոտված հագուստի մեջ:

Խրճիթում ուրիշ ոչ ոք չկար. մի քանի երեխաներ պառկած էին թոնրի մոտ, փսիաթի վրա և ծածկված էին ցնցոտիներով: Չնայելով դառն չքավորությանը, որ ամեն կողմից աչքի էր զարկում, տանտիկինը առաջարկեց հյուրին, արդյոք չէ՞ր կամենա նա մի բան ուտել:

Շնորհակալ եմ, — պատասխանեց երիտասարդը, — ուտելու ախորժակ չունեմ, ինձ տվեցեք միայն խմելու ջուր:

Տանտիկինը տվեց նրան ահագին թասը լիքը ջրով: Երիտասարդը կեսը խմեց և թասը դրեց իր մոտ, որ մնացածն էլ խմե: Կարծես, նրա ներսում կրակ էր վառվում, որ պետք էր հանգցնել:

Դուք տանը մենա՞կ եք, — հարցրեց երիտասարդը իր շուրջը նայելով:

Մենակ եմ, — պատասխանեց տանտիկինը, — մարդս տանը չէ:

Ո՞ւր է գնացել:

Գնացել է կռվելու:

Ո՞ւմ դեմ:

Պարսիկների դեմ:

Երիտասարդը հասկացավ, որ թշնամու տան մեջ է ընկել և աշխատեց ծակել իր ով լինելը: Տան տղամարդը գնացել էր պարսիկների դեմ կռվելու, կնշանակե, նա մտել է Դավիթ բեկի խումբի մեջ. կնշանակե` նա նույն կամավոր զինվորների թվումն էր, որ այս գիշեր ջարդեցին իր հոր և իր զորքերը:

Տանտիկինը նստեղ իր երեխաների անկողնի մոտ: Երիտասարդը նստած էր նրանցից փոքր-ինչ հեռու` կապերտի կտորի վրա: Նա մտատանջության մեջ էր, թե ի՞նչ կլինի իր դրությունը, եթե այդ կինը կճանաչի իրան: Մտածեց կաշառել նրան:

Երևի, ձեր ամուսին այրը աղքատ է, — հարցրեց նա, դարձյալ նայելով իր շուրջը:

Տեսնո՞ւմ եք իմ խրճիթը, պարոն, էլ ինչո՞ւ եք հարցնում, — պատասխանեց տանտիկինը մաղձոտ կերպով: — Անիծվի՛ մելիք Դավիթը, նա ոչ մի գյուղացու մոտ ուտելու հաց չի թողել: Հինգ օր չկա, որ մեր տան կայքը ծախել տվեց հարկերի փոխարեն:

Երիտասարդը բարկությունից գունաթափվեցավ: Նրա աչքի առջև նզովում էին, հայհոյում էին իր հորը: Բայց նա զսպեց իրան և ոչինչ չպատասխանեց: Այդ նզովքը, ընդհակառակն, սկսեց նրան փոքր առ փոքր հանգստացնել, որովհետև դրանից կարելի էր եզրակացնել, որ տան տիրուհին չէ ճանաչում իրան. եթե ճանաչելու լիներ, չէր համարձակվի որդու մոտ հայհոյել հորը:

Եվ իրավ, նա սկզբից չճանաչեց, բայց երբ ավելի ուշադրությամբ նայեց նրա վրա իսկույն ճանաչեց, որ դա նույն չարագործի որդին էր, որ Տաթևի ամբողջ վիճակը սարսափի մեջ էր պահում, որ աղքատությունը տարածել էր ոչ միայն իր տան մեջ, այլ բոլոր գյուղացիների խրճիթներում: Անողորմ մարդու նույնպես անողորմ որդին իրան լավ ծանոթ էր: Շատ անգամ նրան տեսել էր իրանց գյուղում հարկերը հավաքելիս կամ գյուղացիներին ծեծելիս: Բացի դրանից նա ուներ մի բնական նշան, որ մի անգամ նրան տեսնողը, մյուս անգամ պատահելու ժամանակ, իսկույն կարող էր ճանաչել: Նրա աչքերից մեկը սև գույն ուներ, մյուսը` կապույտ:

Բայց ինչո՞ւ լռեց նա, ինչո՞ւ ոչինչ չպատասխանեց, եբ լսեց աղքատ կնոջ նզովքը իր հոր մասին: Մի ուրիշ ժամանակ այսպիսի մի խոսք բավական էր, որ Տաթևի մելիքի հզոր որդին հրամայեր անզգամին խեղդեին: Այժմ ինչո՞ւ համբերեց նա: Եվ ինչո՞ւ նա մենակ էր, ո՞ւր էին նրա բազմաթիվ ծառաները: Այս գիշերային անագան պահուն, այսպես պատառոտված, ցեխերում թաթախված, նա ո՞րտեղից էր գալիս: — Ահա այդ հարցերը ծագեցին տանտիկնոջ գլխում, երբ նա բավական քննողական աչքով հետազոտեց երիտասարդի աննախանձելի դրությունը:

Տանտիկնոջը դժվար չէր հասկանալ, որ երիտասարդը հաղթված և պատերազմի դաշտից փախած պետք է լինի: Բեկի կռիվների համբավը արդեն տարածվել էր ամեն տեղ, բոլորը նրա մասին էին խոսում: Նա լսել էր և այն, որ Դավիթ ուրացողը իր որդու հետ հավաքել է բազմաթիվ զորք, որ արգելեն Բեկի Տաթևի սահմանը մտնելը: Այժմ ուրացողի որդին, ողորմելի դրության մեջ, իր խրճիթում ապաստան էր գտել: Այժմ ամեն ինչ պարզ էր տանտիրուհու համար: Իսկույն ծագեց նրա գլխում մի միտք և նրա շրթունը զգալի կերպով դողդողացին:

Ձեր խրճիթում չկա՞ մի առանձին տեղ, — հարցրեց երիտասարդը:

Ինչո՞ւ համար է, — ասաց տանտիկինը:

Ես սաստիկ հոգնած եմ, կամենում եմ փոքր-ինչ հանգստանալ, կցանկանայի առանձին տեղում պառկել, որ ինձ ոչ ոք չխանգարեր:

«Նա կամենում է թաքնվել...» — մտածեց կինը և միևնույն ժամանակ նրա դեմքի վրա փայլեց մի չարագուշակ ուրախություն:

Իմ ամբողջ տունը ձեր աչքի առջևն է, պատվելի պարոն, — պատասխանեց կինը, — տեսնումե եք, որ առանձին տեղ չունեմ: Բայց եթե հարմար կհամարեք, ես ձեզ ցույց կտամ մի տեղ:

Նա վեր առեց ճրագը և իր հյուրի ճանապարհը լուսավորելով, տարավ նրան բակը, և մի անկյունում ցույց տվեց փոքրիկ շինվածք նեղ դռնով: Այստեղ մի ժամանակ հավաբույն էր, բայց երբ հարկահանները (այսինքն նույն իսկ հյուրը) տարան հավերը, այնուհետև այդ շինվածքը մնաց դատարկ: Այնտեղ ժամանակ առ ժամանակ, անձրևային եղանակներում պառկում էր տանտիրոջ շունը, և այժմ ավելի շան որջ էր, քան թե հավաբույն: Երիտասարդը գլուխը ներս տարավ, նայեց, ասելով.

Վատ չէ, դուք միայն մի շոր տարածեցեք, որի վրա կարելի լիներ պառկել:

Ես ձեզ համար բարձ էլ կբերեմ, — ասաց տանտիկինը և վազեց դեպի խրճիթը:

Next page