Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Հյուսնը ոչինչ չխոսեց, որովհետև այդ միջոցին մոտեցավ մի ուրիշ ուղևոր, որ գալիս էր ճանապարհի հակառակ կողմից: Նա ողջունեց առաջիններին նույն խոսքերով, որպես ողջունում է մահմեդականը մահմեդականին††††††††††††††††††††: Որովհետև երեք ուղևորների թե հագուստի ձևերը և թե արտաքին կերպարանքը ոչինչով չէին ցույց տալիս, որ նրանք քրիստոնյա լինեին, թեև իրենց մեջ հայերեն էին խոսում:

Երևի, բերդից եք գալիս, — հարցրին նրանից:

Ուղիղ բերդից, — պատասխանեց նա կանգնելով:

Ի՞նչ խաբար կա:

Նա պատմեց, թե շրջակա գյուղերի բոլոր մահմեդականները փախել, մտել են բերդի մեջ և մեծ երկյուղով սպասում են Բեկի զորքերի պաշարելուն: Խանը ամրացնում է բերդը և բնակիչներին զենքեր է բաժանում, որ ընդդիմանան: Բայց ժողովրդի սարսափը այնքան մեծ է, որ հուսահատության մեջ են ընկած: Մոլլաները լցրել են մեչիտները, հրավիրում են մարդկանց աղոթել և աստուծուց օգնություն խնդրել:

Այդ պատմության ժամանակ սափրիչի դեմքի վրա երևաց բարկության նման մի բան, և ձեռքը դնելով ածելիների պահարանի վրա, ասաց.

Ախ, եթե այդ անհավատ Բեկին տային իմ ձեռքը, ես մեծ ուրախությամբ այս ածելիով նրա կոկորդը կկտրեի:

Իմ ուրագով ավելի հարմար կլիներ նրա գլուխը ջարդել, — մեջ մտավ հյուսնը:

Ո՞ւր եք գնում, — հարցրեց սափրիչը:

Ուղևորը նկատելով իր նախանձախնդիր խոսակիցների վրդովմունքը դեպի «անհավատ Բեկը», այնքան մտերմացավ նրանց հետ և այն աստիճան հավատաց նրանց անկեղծությանը, որ հայտնեց իր ինչ մարդ լինելը և ուր գնալը:

Ուրեմն դուք սուրհանդա՞կ եք, խանից նամակ եք տանում, — հարցրեց սափրիչը:

Նամակ եմ տանում Ֆաթալի խանին, — պատասխանեց սուրհանդակը. — պետք է էգուց առավոտյան հասցնեմ:

Աստված ոտներիդ զորության տա, — ասաց սափրիչը. — էգուց առավոտյան կհասցնես, իհարկե, կհասցնես: Երևի, խանը օգնություն է խնդրում:

Այո, օգնություն է խնդրում, թե Զեվուն առնվի, նրանից հետո Որոտնա բերդը, Ալթինջի բերդը, որտեղ նստած է Ֆաթալի խանը, հեշտությամբ կտիրեն: Այս պատճառով Ֆաթալի խանը պարտավոր է օգնել մեր խանին:

Աստված հաջողե, — պատասխանեց սափրիչը մի առանձին զգացմունքով: — Շտապեցեք, եղբայր, շտապեցեք, մենք բավական ճանապարհից հետ գցեցինք ձեզ:

Միամիտ սուրհանդակը չնկատեց, թե ինչպես սափրիչը վերջին խոսքերի միջոցին նայեց հյուսնի երեսին և իր հոնքերի խորհրդավոր շարժվածքով մի գաղտնի ակնարկություն արեց նրան: Հյուսնը իսկույն հասկացավ, թե ինչ էր կամենում ասել նա:

Սուրհանդակը մնաք բարով ասելով, կամենում էր բաժանվել իր խոսակիցներից: Այդ միջոցին սափրիչը բռնեց նրա ձեռքից, և մի կողմ տանելով, ասաց.

Եղբայր, այդ ճանապարհով մի գնա, ամեն րոպե կարող ես ընկնել Բեկի մարդիկների ձեռքը. սատանայի ծնունդները ամեն տեղ սար ու ձոր բռնել են. եկ, այս կողմից քեզ մի լավ ճանապարհ կցույց տամ, համ մոտիկ է, համ անվտանգ:

Այս խոսքերով նա դուրս հանեց սուրհանդակին մեծ ճանապարհից, տարավ դեպի մի նեղ շավիղ, որ անցնում էր թփառատ բլուրների միջով և հետո ճյուղավորվում էր դեպի զանազան կողմեր: Սուրհանդակին ևս ծանոթ լինելով այդ ճանապարհը, շնորհակալություն հայտնեց սափրիչի բարի խորհրդի համար, ասաց, ինքը ամենևին չէր մտածել այդ մասին:

Այդ խոսակցության ժամանակ հյուսնը կանգնած էր սուրհանդակի ետևի կողմում. երբ վերջինը շարժվեցավ, կամենում էր գնալ, նա ձեռքը արագությամբ տարավ դեպի իր ուսից քարշ ընկած տոպրակը, և նրա միջից ուրագի հանելը ու սուրհանդակի գլխին մի սաստիկ հարված տալը` մի րոպեի գործ եղավ:

Շվարած, սասանված սուրհանդակը ձեռքը տարավ դեպի ատրճանակը, որ քարշ էր ընկած նրա գոտիից: Այդ միջոցին սափրիչի աշակերտը դանակը խրեց նրա կուրծքի մեջ: Նա ընկավ գետին: Հյուսնը զորեղ ձեռքով դիակը քարշեց ճանապարհի մի կողմը, ծածկեց թուփերի մեջ, նախապես նրա ծոցից հանելով նամակը, որ նա պիտի տաներ Ֆաթալի խանին, բերդի պաշտպանության համար օգնություն խնդրելու:

Արևը արդեն մայր էր մտել. երեկոյան խավարը բավական թարձրացել էր: Երթևեկությունը դեպի ամեն կողմ դադարած էր: Երեք ուղևորները, որպես թե կատարել էին մի սովորական գործ, հանգիստ, անխռով կերպով շարունակեցին իրանց ճանապարհը:

Եթե լույս լիներ, ես կցանկանայի այդ նամակը կարդալ, — ասաց հյուսնը:

Առանց կարդալու ևս, ես կարող եմ ասել, թե նրա մեջ ինչ գրված կլինի, — պատասխանեց սափրիչը: — Մեզ հարկավոր էր այսքան միայն, որ այդ նամակը Ֆաթալի խանի ձեռքը չհասներ: — Մենք ուշանում ենք, եղբայրներ, մի փոքր ոտներիդ ուժ տվեցեք, ավելացրեց նա:

Նրանք հասան բերդը, երբ գիշերից բավական անցել էր: Բերդի մեջ տիրում էր խորին լռություն, երբեմն միայն լսելի էին լինում գիշերապահ պահապանների զգուշացնող ձայները: Բոլոր դռները կողպված էին. անկարելի էր ուրիշ տեղից ներս մտնել. բարձր պարիսպները միանգամայն անմատչելի էին կացուցել ավազակների այդ որջը:

Նրանք դիմեցին դեպի բերդի մի կողմում ընկած ձորը, որի խորության միջով անցնում էր Հալիձորի սրընթաց գետը: Գետի ափերի վրա ձորի երկարությամբ տարածվում էին գեղեցիկ, մրգաբեր այգիներ և ձեռատունկ ծառեր, որոնք այժմ ծածկված էին գիշերային խավարի մեջ: Այստեղ մեկին որոնում էին նրանք:

Բըժի՛... բըժի՛... — կոչեց սափրիչը այնպիսի մի ձայնով, որպես հոգատար տանտիկինը կոչում է թուփերի մեջ կորած, մոլորված հորթին:

Հորթը չհայտնվեցավ: Սափրիչը կրկնեց իր կոչելը: Այդ միջոցին հեռվից լսելի եղավ հորթի ձայնը` «բա՛-ա՛...», և մի մարդ, որ ծածկված էր ծառերի մեջ, դուրս եկավ իր թաքստի տեղից, մոտեցավ երեք ուղևորներին:

Վերջապես եկաք դուք, — ասաց նա հազիվ լսելի ձայնով. — հոգիս դուրս եկավ սպասելուց, ինչո՞ւ այդքան ուշացաք:

Ճանապարհին մի փոքրիկ գործ ունեցաք խանի սուրհանդակի հետ, այդ խլեց մեզանից մի քանի րոպե, — պատասխանեց սափրիչը: — Դու այն ասա, ո՞ր կողմից պիտի տանես մեզ:

Ուղիղ բերդի դռնից, — ասաց անծանոթը, — և ինքը դռնապանը կբաց անե դուռը: Եկեք իմ ետևից, ես ամեն բան սարքել եմ...

Բոլորը միասին սկսեցին դիմել դեպի բերդի գլխավոր դուռը:

Եթե մեկը ցերեկով տեսնելու լիներ այդ անծանոթ մարդուն, իսկույն կընդուներ նրան բերդի տեր խանի ֆարրաշներից մեկի տեղ: Նրա թե հագուստը և թե զենքերը այդ էին ցույց տալիս, թեև նա այժմ խոսում էր հայերեն այնքան վարժ կերպով, որպես կխոսի ամեն մի սյունեցի հայ:

Երբ հասան բերդի գլխավոր դռանը, անծանոթը սկսեց բախել դուռը, ձայն տալով այժմ թյուրքերեն լեզվով.

Հասան, բա՜ց արա:

Հասանին թեև հրամայված էր գիշերը ոչ ոքի առջև չբաց անել դուռը, բայց խանի ֆարրաշները բացառություն էին կազմում: Իսկ նա ավելի կարգ պահպանելու համար, ներսից հարցրեց.

Գիշերվա անո՞ւնը:

— «Աղավնի», — պատասխանեց անծանոթը‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡:

Լսելի եղավ ծանր բանալիի դառնալու ձայնը և շուտով ահագին դարվազեի դռնակը բացվեցավ: Անծանոթը ներս մտավ, նրան հետևեցին մյուսները: Բացի դռնապանից, այնտեղ կային մի խումբ պահապաններ: Մի մեծ լապտեր լուսավորում էր մուտքը:

Դրանք ո՞վքեր են, — հարցրեց դռնապանը, ցույց տալով երեք ուղևորների վրա:

Մոռացա՞ր, ես առավոտյան այստեղից դուրս գալու ժամանակ քեզ ասեցի. Հասան, ես գնում եմ, բայց գիշերը կրկին կվերադառնամ, զգույշ կաց, որ դուռը շատ բաց անես: — Ասեցի` խանի կնոջ ատամները ցավում են, գնում եմ մի սափրիչ կանչելու: Հիմա տեսնո՞ւմ ես, դա սափրիչն է, դա նրա աշակերտն է, դա էլ մի հյուսն է, որ խանի համար փայտից մի այնպիսի սատանայական բան պիտի շինե, որ նրանով ահագին քարեր կարելի է նետել թշնամիների վրա, երբ մեր բերդը պաշարելու լինեն:

Թե խանի կնոջ ատամների ցավը և թե բերդի պաշարումը այնպիսի կարևոր բաներ էին, որ երկուսին էլ պետք էր շուտափույթ օգնություն հասցնել: Մանավանդ Հասանին ավելի գրավեց այն «սատանայական բանը», որ պիտի շիներ հյուսնը, և իր հավանությունը հայտնելով, ասաց.

Այդ լավ բան է, եթե մի այսպիսի բան չլինի, այն ժամանակ մեր բերդը աստված ազատե՛...

Երեք ուղևորները անծանոթ մարդու հետ հեռացան դռնապանից, բայց փոխանակ խանի տունը գնալու, կորան բերդի խուլ փողոցների մեջ, որ պատած էին գիշերային խավարով:

ԺԳ

Զեվու բերդի մեջ, հայոց թաղի մի անկյունում, ուղիղ ամրոցի պարսպի մոտ, կանգնած էր մի քարաշեն տուն: Այնտեղ իր միակ փոքրիկ որդու հետ բնակվում էր մի այրի կին: Նրա ամուսին այրը ուներ սեփական այգի, որի թթենիների պտուղներից արաղ էր քաշում, իսկ խաղողից գինի էր պատրաստում: Նա գինեվաճառ էր և նրա տունը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ գինետուն: Ամուսնի մեռնելուց հետո նրա առևտուրը շարունակեց կինը: Նա հայտնի էր ամբողջ բերդի մեջ որպես լավ արաղ քաշող և նրա պատրաստած գինիները ամենաընտիրն էին իրանց տեսակի մեջ:

Այդ կինը կոչվում էր Սառա. նրա տարիքը անցել ին երեսունից, բայց տակավին թարմ էր մնացել և պահպանել էր իր երիտասարդության գեղեցկությունը: Սառան այն վարպետ կնիկներից մեկն էր, որ անդադար ընկնելուց և կանգնելուց հետո, նոր ճանաչում են կյանքը, որ գիտեն, թե այժմ ինչպես պետք է վարվել մարդիկների հետ: Նա իր հաճախորդների մեջ լավ ընտրողություն անել գիտեր. երբեք թույլ չէր տալիս, որ իր չհավանած գինի կամ արաղ գնողները իր տանը նստեին կամ այնտեղ խմեին, այլ պարտավոր էին առնել և դուրս տանել: Դրա համար բակի մեծ դռան մեջ բացված էր մի դռնակ, որտեղից նա հաճախորդների փողը և դատարկ ամանները ընդունում էր, և արաղով կամ գինիով լցնելով, ճանապարհ էր դնում:

Երկրի սովորությունը արդարացնում էր Սառայի վարմունքը. Սառան կին էր, բավական գեղեցիկ կին, նրա տղամարդը մեռած էր և իր տանը օտար մարդիկ ընդունելը անպատշաճ էր նրա համար: Իսկ այդ գիշեր, ընդհակառակն, նրա տան ստորերկրյա մառանում, ուր դրած էին գինում կարասները, ճրագ էր վառվում: Հինգ հոգի նստած էին այնտեղ, խմում էին: Նրանց առջև դրած էր հաց, և տաք խորովածը ինքը Սառան շամփուրներով ներս էր բերում և բաժանում էր ընթրողներին: Արդյոք նրա ծառաները տանը չէի՞ն, թե տանտիրուհին ցանկանում էր, որ իր հյուրերին ոչ ոք չտեսնե, և այդ պատճառով ինքն էր հանձն առել ծռայությունը, — հայտնի չէ: Միայն նա մի առանձին հարգանքով էր վերաբերվում դեպի իր հյուրերը, որոնց թե դեմքերը և թե հագուստը բավական կասկածավոր արտահայտություն ունեին:

Կես-գիշերից անցավ, — ասաց հյուրերից մեկը. — դեռ ոչինչ ձայն չկա:

Եթե մի ձայն լիներ, իմ շունը առաջինը կլիներ, որ խաբարը մեզ կտար, — պատասխանեց տանտիկինը: — Դուք ձեր քեֆին կացեք, ես իսկույն կբաց անեմ, երբ դռան թխկոցը կլսեմ:

Նա դուրս գնաց: Երևում էր, այդ մարդիկը անհամբերությամբ սպասում էին ուրիշներին, որոնց ուշանալը նրանց անհանգստություն էր պատճառում: Մեկը ասաց.

Չի լինի թե մի վտանգի պատահած լինեն:

Նրանց եթե ջրաղացի տակն էլ գցես, ողջ կդուրս գան, — պատասխանեց մյուսը:

Ապա ինչո՞ւ այդքան ուշացան:

Ո՞վ է իմանում, կարելի է մի արգելք պատահած լինի:

Նրանք սկսեցին դարձյալ խմել, հանգստանալով այն մտքով, թե իրանց սպասած մարդիկը եթե ջրաղացի տակն էլ ընկնելու լինեն, ողջ կդուրս գան:

Իսկ Սառան դուրս գալով մառանից, որտեղ նստած էին հյուրերը, քարյա սանդուղքներով բարձրացավ և մտավ մի սենյակ, որ կացուցանում էր նրա քնարանը: Այստեղ պառկած էր նրա միակ զավակը` փոքրիկ Պետրոսը: Բարակ վերմակը ծածկում էր նրա երեսը. մայրը հետ քաշեց, որ շնչառությունը ազատ լինի: Սենյակի տաքությունից նա քրտնել էր, և կաթիլները մանրիկ ցողի նման պատել էին նրա շուշանի գույն ճակատը և շառագունած, վարդագույն թշերը: Մայրը խոնարհվեցավ, համբուրեց նրան, այնքան զգուշությամբ, որ երեխան ոչինչ չզգաց: Հետո նստեց անկողնի մոտ և խորին տխրությամբ նայում էր նրա երեսին: Շուտով խեղճ կնոջ աչքերը լցվեցան արտասուքով. սկսեց խուլ կերպով լաց լինել: Այդ կինը, որ հազարավորներին սեր էր ծախել և ոչ մեկին չէր սիրել, — սիրում էր իր զավակին, այն ջերմ և բնական սիրով, որ տված է մայրերին միայն: Բայց ինչո՞ւ էր լաց լինում նա:

Բերդի մեջ բնակվում էին հիսունի չափ հայ ընտանիքներ. երբ լուր տարածվեցավ, թե Դավիթ բեկի զորքերը պիտի պաշարեն բերդը, հայերը կամեցան դուրս գալ այնտեղից: Ասլամազ-Կուլի խանը, բերդի տերը, արգելեց, ասելով. «Ձեզ պետք է պահեմ իմ ձեռքիս մեջ, եթե ձեր հավատակիցները կպաշարեն իմ բերդը, այն ժամանակ ձեր գլուխները ռումբերի փոխարեն թնդանոթների մեջ կդնեմ և կնետեմ դեպի թշնամու բանակը»: Պարսիկը պահել էր նրանց որպես պատանդ, եթե թշնամին նեղեր, պետք է նրանց վրա թափեր իր վրեժխնդրության թույնը: Այդ պատճառով բոլորը մեծ երկյուղով սպասում էին իրանց սարսափելի վախճանին: Այդ բոլորից հետո շատ հասկանալի էր, թե ինչու էր լաց լինում Սառան: Գուցե իր զավակն ևս այն բազմաթիվ երեխաներից մեկը կլիներ, որ պիտի մորթվեին բերդի փողոցների մեջ:

Նրան իր հոգեկան տխրությունից դուրս բերեց դռան ձայնը, որ հազիվ լսելի կերպով բախեցին: Նա վազեց դեպի դուռը և իսկույն բաց արեց: Ներս մտան չորս հոգի: Սառան նրանց տարավ մառանը, ուր նստած էին առաջին հյուրերը: Նորեկներից մեկը կուզ սափրիչն էր իր կրկնակի սապատներով, մյուսը նրա գեղեցկադեմ աշակերտն էր, երրորդը հսկայատիպ հյուսն էր, իսկ չորրորդը` այն անծանոթ տղամարդը, որ բերդի դրսում միացավ նրանց հետ և իրան խանի ֆարրաշ էր կոչում:

Առաջինները, տեսնելով նորեկներին, սկզբում շփոթվեցան, խռովության մեջ ընկան: Բայց երբ սափրիչը մոտենալով ասաց. «Ողջույն ձեզ», բոլորը ուրախությամբ շրջապատեցին և սկսեցին համբուրել նրա աջը, բացականչելով.

Աստված է վկա, տեր հայր, դժոխքի սատանան էլ չէր կարող ճանաչել ձեզ, եթե դուք ինքներդ ձեզ չմատնեիք:

Սափրիչը հալիձորցի տեր Ավետիքն էր, Դավիթ բեկի ամենաքաջ զորապետներից մեկը:

Նստեցեք, տեր հայր, ասեցին նրան, — խորովածը դեռ չէ սառել, ձեր բաժինը պահել ենք:

Օրհնյալ լինիք, որդիք, — պատասխանեց քահանան, — կնստեմ, իհարկե, կնստեմ: Թող առաջ այդ բաները վրայիցս արձակեմ, հետո կնստեմ: Եվ նա սկսեց արձակել սափրիչի բոլոր պարագայքը, որ իր վրա կրած ուներ, սկսեց քանդել թե կուրծքի և թե մեջքի սապատները, որ արհեստական կերպով կազմել էր:

Այդ միջոցին առաջիններից մեկը մոտեցավ սափրիչի գեղեցկադեմ աշակերտին, որը մի կողմում կանգնած էր, տեսնելու համար, արդյոք իրան կճանաչե՞ն, թե՞ ոչ:

Ա՛խ, Խորեն հայր սուրբ, — գոչեց նա ծիծաղելով. — ճշմարիտ, ես քեզ ճանաչել չէի կարող, եթե պարանոցիդ վրայի սպին չտեսնեի:

Խորեն հայր սուրբը Տաթևի երիտասարդ աբեղաներից մեկն էր: Նրան առաջին անգամ մենք տեսանք շիրվանաձորցի բեռնակրի հագուստով, երբ վիճակից հավաքած «հոգևոր պտուղի» անունով ռազմամթերք էր տեղափոխում վանքը: Այժմ սափրիչի աշակերտի հագուստի մեջ բոլորովին անճանաչելի էր դարձել:

Նորեկների երրորդ ընկերը` հյուսնը, իսկույն ճանաչվեցավ. նրա հսկայատիպ կազմվածքը, դեմքի խոշոր գծագրությունը ոչ մի կեղևի տակ ծածկվել չէին կարող. ով որ մի անգամ տեսել էր նրան, մյուս անգամ տեսնելիս կարող էր ճանաչել: Դա Ստեփաննոս Շահումյանն էր, Դավիթ բեկի սիրելին:

Իշխան, — ասաց նրան առաջիններից մեկը. — քո այդ սղոցները, ուրագները հազիվ թե կարող են քեզ բանվոր մարդու տեղ դնել:

Իհարկե, նրանց մոտ, որոնք ինձ ճանաչում են, — պատասխանեց իշխանը, ցած դնելով իր խուրջինը, որ լցված էր ատաղձագործի գործիքներով:

Չորրորդը, որ իրան բերդի տեր խանի ֆարրաշ էր կոչում, հալիձորցի Մելիք-Փարսադանի որդի Բալի զորավարն էր, մի չափազանց հնարագետ և ճարպիկ երիտասարդ, որ սատանայի նման ամեն կերպարանքի մեջ կարող էր մտնել:

Մառանի մեջ գտնվող առաջին հյուրերը տեղացի հայերիցն էին, որոնցից մեկը բերդաբնակ հայոց տանուտերն էր:

Երբ բոլորը նստեցին, ներս մտավ Սառան, բերելով իր հետ մի մեծ լագան և իբրիղի մեջ սառը ջուր, որ նոր եկած ճանապարհորդները լվացվեն, կազդուրվեն և սկսեն ընթրիք ուտել: Նրա երեսը ծածկող սպիտակ քողի միջից երևում էին գեղեցիկ աչքերը և հոնքերը միայն: Այդքանը ևս բավական ազդու նմուշ էր նրա դեմքի հրապուրանքը արտահայտելու համար:

Ընթրիքից հետո տեր Ավետիքը դարձավ դեպի առաջինները, հարցնելով.

Հիմա պատմեցեք, թե գործերը ի՞նչ դրության մեջ են:

Տանուտերը պատասխանեց, որ բերդի բոլոր նշանավոր դիրքերը ամրացրած են. տեղային մահմեդականները զինված են, մինչև վերջին շունչը պիտի պաշտպանվեն. թշնամին թնդանոթներ ունի, բայց Բեկի զորքերը չունեն, այդ պատճառով բերդը գրավելը շատ դժվար պիտի լինի, եթե ներսից չմատնվի:

Մենք նրանց թնդանոթները հենց իրանց դեմ կգործածենք, — ասաց տեր Ավետիքը մի այնպիսի վստահությամբ, որ նրան միայն հատուկ էր: — Դու ա՜յն ասա, այստեղի հայերը կարո՞ղ են փոքր ի շատե օգնել մեզ:

Կարող էին, եթե զենք ունենային, ասաց տանուտերը. — բայց այն րոպեից, որ խանը լսեց Բեկի արշավանքը դեպի իր բերդը, բոլոր հայերի զենքերը խլեց: Այդ բավական չէ, նա սպառնացավ ամենին կոտորել, երբ Բեկը կպաշարե իր բերդը: Եվ այդ կկատարե նա, այսօր ամեն տեղ խոսվում էր, թե խանը պատգամավոր կուղարկե Բեկի մոտ, հայտնելու, եթե չհեռանա իր բերդից, նրա միջի հայերին կկոտորե:

Դա խիստ հիմար մտածություն է, — մեջ մտավ Ստեփաննոս Շահումյանը. — եթե տասն այդքան հայեր կոտորվեին, Բեկը դարձյալ ոչնչի տեղ կդներ և կհարձակվեր բերդի վրա: Նրա համար ոչինչ նշանակություն չունի` կորցնել մի հիսուն ընտանիքի կյանքը, երբ դրանով կարող էր ազատել շատերին: Բայց ես հավատացած եմ, որ ոչ մեկին վնաս չի հասնի, եթե մենք գործը խոհեմ կերպով կտանենք...

Այդ խոսակցության միջոցին ոչ ոք չտեսավ, որ Խորեն հայր սուրբը աննկատելի կերպով դուրս եկավ ստորերկրյա մառանից, որի դռանը Սառան, խավարի մեջ կանգնած, սպասում էր: Մանկահասակ կինը բռնեց նրա ձեռքից և տարավ իր քնարանը: Այստեղ պառկած էր նրա զավակը` փոքրիկ Պետրոսը: Աբեղան առանց մոր վրա մի առանձին ուշադրություն դարձնելու, վեր առեց ճրագը, լռությամբ մոտեցավ քնած մանուկին և խորին զգացմունքով սկսեց նայել նրա վրա: Երիտասարդ վանականի սիրտը բաբախում էր, նրա ամուր ծնկները դողդողում էին, և փոքր էր մնում, որ ճրագը նրա ձեռքից պիտի վայր ընկներ, գեղեցիկ երեխային տեսնելու ժամանակ: Այդ միջոցին երեխան իր փոքրիկ թաթիկը բարձրացնելով, շարժեց երեսի վրա, կարծես թե, այնտեղից մի ճանճ էր քշում: Այդ գործողությունը այնքան սրտաշարժ էր, որ աբեղան այլևս իրան պահել չկարողացավ, խոնարհվեցավ քնած երեխայի վրա, և բռնելով նրա թաթիկը, սեղմեց իր շրթունքին: «Որքա՛ն նման է...», այդ միտքը անցավ նրա վրդովմունքով լի սրտից:

Երեխայի մայրը անշարժ կանգնած էր հեռու, որպես մի քարացած արձան: Նրա գունատված, անհանգիստ դեմքը կրում էր իր վրա ամոթի և խղճահարության բոլոր նշանները: Երբ աբեղան, ճրագը մի կողմ դնելով, նստեց փոքրիկ մանուկի անկողնի մոտ, երեխայի մայրը արտասուքը աչքերում մոտեցավ, և չոքելով աբեղայի առջև, նրա աջև բռնեց իր սառն ափի մեջ, ասաց դողդոջուն ձայնով.

Դու ինձ հետ չես խոսում, երևում է, դեռ չես ներել ինձ, դեռ առաջվա նման բարկացած ես ինձ վրա: Խորեն, նայիր, ով է խոսում քեզ հետ, — այն կինը, որին մի ժամանակ սիրում էիր դու, որին հետո ատեցիր: Քո առջև չոքած է նա, այն թշվառը, որ նույնպես սիրում էր քեզ, երբ մի մաքուր և անարատ աղջիկ էր: Քո առջև չոքած է նա, որպես մի հանցավոր, որ ոչինչով չէ կարող քավել իր մեղքը, եթե դու չներես նրան: Խորեն, ես դավաճանեցի քեզ, ես ձգեցի քեզ և իմ սերը տվեցի օտարին, որը հետո իմ անբախտ ամուսինը դարձավ: Այո՜, անբախտ, որովհետև ես նրան գերեզման ուղարկեցի, որ ավելի ազատ լինեմ, որ ավելի անարգել կերպով կարողանամ մի տղամարդի գրկից մյուսի գիրկը ընկնել: Ես հասա իմ նպատակին: Ինձ այնուհետև ոչինչ չէր արգելում, ոչ ամոթը, ոչ ամուսինը և ոչ էլ հասարակաց կարծիքը: Անառակությունը իմ մեջ այն աստիճան զորացել էր, որ ոչինչ զսպել չէր կարող ինձ: Աղի ջուր խմող մարդու նման, որքան խմում էի, այնքան ավելի սաստկանում էր ծարավս: Ես ընկա, օրըստօրե ընկա, որքան կարող էր ընկնել մի թեթևամիտ, հիմար կին: Ես այժմ անարժան եմ քեզ. իմ հպավորությունն անգամ կարող է պղծել քեզ: Ես ամենևին չեմ պահանջում վերադարձնել ինձ այն քնքուշ սերը, որը ես գնահատել չկարողացա, որը ես ոտքի տակ տվեցի: Ես միայն քեզանից ներումն եմ խնդրում: Դու պետք է ներես ինձ, Խորեն, որպես մի կնոջ, որին մի ժամանակ սիրել ես: Դու պետք է ներես ինձ, որպես աշակերտ մեր տեր Հիսուս Քրիստոսի, որ ներում էր աշխարհից արհամարհված անպատիվ կնիկներին, որոնք նրա ոտները թրջում էին իրանց արտասուքով և սրբում էին իրանց գլխի մազերով: Ես նրանցից մեկն եմ: Ների՜ր ինձ: Եթե ես կորցրել եմ քեզ մոտ ամեն ինչ, որով կարող էի գրավել քո ուշադրությունը, գոնե այդ երեխայի համար, որ մեր երկուսի սիրո պտուղն է. — ներիր ինձ:

Մինչ թշվառ կինը թափում էր աբեղայի առջև իր սրտի դառն ցավերը, նա գտնվում էր մի տեսակ տենդային խռովության մեջ, որ նրան մոռանալ էր տվել սիրած կնոջ ներկան և հիշեցնում էր միայն բախտավոր անցյալը: Նա, կարծես, դարձյալ զգում էր նույն անմեղ և անարատ աղջկա հպավորությունը, զգում էր նրա ջերմ շնչառության հրեշտակային սոսափյունը, որ մի ժամանակ լցնում էր իր հոգին անհուն բերկրությամբ: Կարծես, լսում էր բաբախման ձայնը նույն կուսական սրտի, որի մեջ իր սերը մի ժամանակ այնքան ընդարձակ տեղ ուներ բռնած: Նա, նստեցնելով իր մոտ չոքած կնոջը, և նրա դողդոջուն ձեռքը առնելով իր բռան մեջ, ասաց խորին զգացմունքով.

Իզուր ես կարծում, Սառա, որ դու այնքան հանցավոր ես իմ առջև, որ հարկավոր լիներ քեզ ներողություն խնդրել: Դու ոչնչով մեղավոր չես: Եթե դու ընկար, մեղավորը ես եմ, որովհետև իմ մեջ չկար այնքան ուժ և սրտի զորություն, որ կարողանայի պահպանել քեզ անկումից: Դու մի որբ, անփորձ աղջիկ էիր, զուրկ հոր և մոր խնամակալությունից: Ես, որ պիտի նեցուկ լինեի և պահպանեի քեզ անկումից, թողեցի քեզ բախտի կամքին: Ես, որ պիտի առաջնորդեի քեզ կյանքի ուղիղ ճանապարհի վրա, անհոգ գտնվեցա և իմ անհոգությունով թույլ տվեցի քեզ ընկնել մոլորությունների մեջ: Քո գեղեցկությունը բավական ազդու գրավական էր քո բոլոր մոլորություննրի, իսկ ես այնքան անշնորհք գտնվեցա, որ չկարողացա նախատեսել այդ: Ես զգացի իմ սխալը այն ժամանակ, երբ արդեն ուշ էր, երբ դու այլևս ինձ չէիր պատկանում... Բայց ինչո՞ւ եմ սխալմունք կոչում, դա մի անիրավություն էր իմ կողմից, մի աններելի հանցանք էր, որը ես քավելու համար մտա վանքը: Կարծում էի այնտեղ սրտի խաղաղություն և հոգու անդորրություն կգտնեմ: Կարծում էի այնտեղ երկնքի սերը մոռանալ կտա ինձ կնոջ սերը: Բայց իզուր... Այնտեղ ավելի բորբոքվեցան սրտիս մարած կայծերը. այնտեղ ավելի սկսեց տանջել ինձ կորած սերը: Ամեն անգամ, երբ ծունկ իջած աստվածամոր պատկերի առջև, աչքերս դեպի վեր դարձնելով, աղոթում էի, նույն րոպեում քո գեղեցիկ պատկերն էր աչքերիս առջև երևան գալիս.. Ամեն անգամ, երբ կամենում էի սաղմոսներ երգել, քո երգն էր թռչում իմ բերանից... Վանքը չկարողացավ բուժել վիրավորված սրտի վերքերը. վանքը չկարողացավ տալ ինձ այն, որ խլված էր ինձանից...

Որոնում էի մի հոգեկան և մտավոր պարապմունք, — շարունակեց նա, — որ գրավեր իմ մտածությունները, որ միանգամայն մոռանալ տար քեզ, բայց վանքի դատարկության մեջ ոչինչ չէի գտնում: Երբ սկսվեցավ մեր հայրենիքի ազատության գործը, ես հոգով ու մարմնով նվիրվեցա նրան: Նրա մեջ գտնում էի և իմ փրկությունը, որովհետև այդ գործը զբաղեցնում էր ինձ, քեզ վրա մտածելու ժամանակ չէր տալիս: Իսկ երբ ձեռնարկվեցավ այդ բերդի պաշարմանը, երբ իմացա, թե ինչ վտանգ է սպառնում այստեղի բնիկներին, — ես կրկին մտաբերեցի քեզ, Սառա, մտաբերեցի իմ զավակին և աճապարեցի օգնության հասնել:

Վերջին խոսքերի միջոցին Սառան ընկավ աբեղայի կուրծքի վրա, և իր գլուխը թաքցնելով նրա գրկի մեջ, սկսեց լաց լինել: Արտասուքի միջից լսելի էին լինում այս խոսքերը. «Նա դեռ չէ մոռացել անառակին... նա չէ զզվում, չէ ատում նրան... ախ, ես բախտավոր եմ, շատ բախտավոր...»:

Երանի՛ թե ատել կարողանայի, Սառա, երանի՛ թե զզվել կարողանայի... — ասաց աբեղան ցավալի ձայնով: — Երանի՛ թե դու մի մեծ վատություն արած լինեիր ինձ, որով պատճառ տայիր քեզ ատելու, որ մոռանայի, հավիտյան մոռանայի քեզ: Բայց դու այդ չարեցիր, և եթե դու ընկար վատության մեջ, ես եղա առաջին գլորողը... դու մեղավոր չես...

Սառան գրկեց նրան, և գեղեցիկ կնոջ ջերմ շրթունքը սեղմվեցավ աբեղայի երեսի վրա: Նա, որպես մի կախարդող հպավորությունից խորշելով, բացագանչեց.

Սառա, մի՜ համբուրիր ինձ, հայհոյիր, նախատիր ինձ: Սառա, անռծքներ թափիր իմ գլխին, որ ես բարկանամ, որ ես կարողություն ստանամ քեզ չսիրելու: Այդ եմ ցանկանում ես և այդ կհանգստացնե ինձ: Տո՜ւր ինձ մի պատճառ քեզ ատելու, — դրա մեջն է իմ բախտավորությունը...

Ինչո՞ւ, — հարցրեց Սառան:

Իմ մեջ դեռ մնացել է կամքի և սրտի նույն թուլությունը, որ ունեի առաջ, — պատասխանեց աբեղան վրդովված կերպով: — Ես այնքան ուժ չունեմ, որ թողնեմ վանքը և քո գրկում հանգստություն ու ապաստան գտնեմ: Ես մի թշվառ արարած եմ, զուրկ մարդկային բոլոր իրավունքներից...

Ես այդ զոհողությունը քեզանից չեմ պահանջում, Խորեն, և իրավունք էլ չունեմ պահանջելու: Դու միայն սիրիր ինձ, Խորեն, քո առաջին սիրո մի նշույլ անգամ բավական է, որ սրբե և մաքրե իմ կեղտերը... Քո սերը միայն կարող է ուղղել ինձ, կանգնեցնել հաստատ ճանապարհի վրա: Կորցնելով քո սերը, ես ավելի հոժարությամբ նետվեցա բարոյական ցեխի մեջ, որպես մի թշվառական, որ պատահած անբախտությունից հետո, սրտի վշտերը մոռանալու համար, անձնատուր է լինում արբեցության, և օրըստօրե ավելի ու ավելի թունավորում է իր մարմինը և հոգին: Խորեն, սիրիր ինձ, և այդ կփրկե ինձ...

Կսիրեմ... — պատասխանեց աբեղան և նրա խոսքը ընդհատվեցավ, որովհետև այդ միջոցին դրսից լսելի եղավ տեր Ավետիքի ձայնը, որ կոչում էր նրան:

Նրա ընկերները, վերջացնելով իրանց խորհուրդը, կանգնած էին բակում: Աբեղան միացավ նրանց հետ, և դուրս գալով Սառայի տնից, անհետացան բերդի մթին փողոցների մեջ:

ԺԴ

Հետևյալ օրվա առավոտյան պահուն, Ասլամազ-Կուլի խանը, մի խումբ թիկնապահ ձիավորներով, բերդի ներսի կողմից, վազվզում էր պարիսպների մոտով, քննում էր աշտարակները, նայում էր նշանավոր դիրքերին, կարգադրություններ էր անում, պատվերներ ու հրամաններ էր տալիս:

Բերդը բոլորած էր ամուր, բարձր շրջապարիսպներով. բացի դրանից, նա ուներ բնական ամրություններ ևս. մի կողմում խոր անդունդի նման ձգվում էր մի վիհ, որի միջոց անցնում էր Հալիձորի գետը. մյուս կողմում բարձրանում էին սրածայր լեռներ: Շրջապարիսպը յուրաքանչյուր քսան քայլ հեռավորության վրա ուներ աշտարակներ, որոնց վերևի մասը վերջանում էր ժանիքների նման ատամնավոր բարձրություններով: Այդ բարձրությունների ետևում շարված էին զինվորներ, և հրացանների ծայրերը դնելով վերնապարսպի մեջ բացված ծակերում, սպասում էին: Նրանք թաքնված էին աշտարակների ժանիքների ետևում, որ ծառայում էին նրանց որպես պատսպարան:

Մի քանի նշանավոր դիրքերի վրա դրած էին փոքրիկ թնդանոթներ, որոնց զամբուրակներ են կոչում, և հարկավորած ժամանակ, ուղտերի մեջքի վրա կապելով, շատ հեշտությամբ կարելի էր մի տեղից մյուս տեղ փոխադրել: Բերդի շուրջը պատող ահագին խրամը լցրած էր ջրով: Բոլոր կամուրջները քանդված էին, պահվում էր մեկը միայն հաղորդակցությունը դրսի հետ առժամանակ պահպանելու համար, մինչև թշնամու մոտենալը:

Ես այդ անհավատներին ցույց կտամ, թե ի՜նչ է նշանակում պաշարել իմ բերդը, — ասաց խանը կատաղությամբ, և դիտակը դնելով աչքերին, սկսեց վերնաբերդի բարձրությունից նայել, արդյոք երևո՞ւմ էր թշնամին, թե ո՜չ: Ոչինչ չէր երևում:

Եթե ծովերի ավազները զորքեր դառնան, ձեր զորության առջև կփշրվեն և փոշու նման օդի մեջ կցնդին, խան, — պատասխանեցին շողոքորթները, որ շրջապատել էին նրան:

Խանը միջահասակ մարդ էր. փառավոր սև մորուքը հասել էր մինչև գոտին: Այսօր ոտքից ցգլուխ զինված էր նա, իր հպատակներին օրինակ տալու համար: Նա ցած իջավ վերնաբերդից, կրկին նստեց իր ձին և դիմեց դեպի մի այլ դիրք հետազոտելու համար: Թիկնապահ ձիավորների բազմությունը հետևեց նրան:

Բերդի մեջ տիրում էր սարսափելի խռովություն և իրարանցում: Դեռ չլուսացած, բոլորը ոտքի վրա էին: Տղամարդիկը զինվում էին պաշտպանվելու համար, կնիկները տների իրեղենները թաքցնում էին հափշտակությունից զերծ պահելու համար: Ամեն կողմից լսելի էին լինում հուսահատական ձայներ, խառն աղաղակների և արտասուքի հետ:

Վաղորդյան ժամն էր, թեև արևը դեռ չէր ծագել, բայց այնքան լույս էր, որ կարելի էր առարկաները փոքր հեռավորության վրա որոշել: Շրջակա լեռները ծածկված էին թանձր մառախուղով: Հեռվից ոչինչ չէր տեսնվում:

Այդ միջոցին Դավիթ բեկի զորքերը, զանազան գունդերի բաժանված, դժվարին, զարտուղի ճանապարհներով դիմում էին դեպի բերդը: Առաջապահների մի խումբ, Բայինդուր իշխանի հրամանատարության ներքո, բավական մոտեցել էր բերդին: Մի այլ խումբ, Մխիթար սպարապետի հրամանի ներքո, մոտենում էր բերդին ուրիշ ճանապարհով: Ինքը, Դավիթ բեկը Թորոս իշխանի հետ պահել էին իրանց ձեռքի տակ գլխավոր ուժը, որ բաղկացած էր երկու հազար հետևակներից և երեք հարյուր ձիավորներից:

Մինչև բերդը հասնելը, զանազան կետերի վրա, թյուրքերը ամրացրել էին մի քանի դիրքեր, որ թույլ չտան թշնամուն մոտենալ և պաշարել բերդը:

Այդ դիրքերից մեկը գտնվում էր դեպի բերդը տանող նեղ ճանապարհի վրա և բոլորից ամուրն էր: Երկու լայնանիստ բլուրներ, երկու հսկայական սյուների նման, բռնել էին նեղ ճանապարհի աջ և ձախ կողմերը, թողնելով իրանց մեջտեղում մի նեղ և երկայն կիրճ: Այդ կիրճից պետք է անցներ Բեկի զորքը, բերդին մոտենալու համար:

Բայինդուր իշխանը, առաջապահ խումբերից մեկի հրամանատարը, դիմում էր ուղիղ դեպի կիրճը: Նրա հետ էր հալիձորցի Մելիք-Փարսադանը: Երբ մոտեցան, նա դարձավ դեպի մելիքը, ասելով.

Լսիր, մելիք, այսօր պարսից թագավորի «բաթման ղլիճը» այդ անպիտանների գլխին մի խաղ պիտի խաղա:

Next page