Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Նա անցավ կանանոցի տափարակ կտուրներից. այստեղ պահապաններ չկային, միայն վախենում էր հանդիպել շներին: Նրա բախտից շներն այս գիշեր խումբով գնացել էին մի քածի ետևից: Նրանք հրապուրված էին իրանց սիրո առարկայով:

Անցնելով կանանոցի կտուրները, նա հասավ դիվանատան կտուրներին. դրանք ավելի բարձր էին, դրանց վրա վեր ելնելու համար պետք էր բարձրանալ մի պատից: Նա իր հասակի հետ չափեց պատի բարձրությունը, նկատեց, այնքան ցած չէր, որ կարողանար հեշտությամբ անցնել: Բայց դարձյալ փորձ փորձեց մի կերպով վեր բարձրանալու. ձեռքերը տարավ պատի հարթ մակերևույթի վրա, մատներով սկսեց շոշափել, արդյոք կարո՞ղ էր մի բռնելու տեղ գտնել: Ճեղքերի մեջ գտավ երկու բռնելու տեղ, չանկռեց, բավական վեր բարձրացավ, բայց որովհետև ոտները դնելու տեղ չկար, կրկին ցած ընկավ: Այդ անաջողությունը չվհատեցրեց նրան, սկսեց հնարների վրա մտածել: Մի փոքր հեռու կանգնած էր վառարանի ծխանը, որ սյունի ձևով վեր էր բարձրանում և շինված էր անթուրծ աղյուսներից: «Այդ աղյուսները կքանդեմ և իմ ոտների համար սանդուղքներ կպատրաստեմ», մտածեց նա և մոտեցավ ծխանին: Բայց նախքան քանդելը պետք էր գիտենալ` դա ո՜ր սենյակի ծխանն էր, արդյոք այնտեղ մարդիկ բնակվո՞ւմ էին, թե ոչ: Տեսավ, որ կանանոցի բաղանիքների մի սենյակի ծխանն էր, ուր գիշերային այն ժամում ոչ ոք լինել չէր կարող, ուրեմն, եթե քանդելու ժամանակ վառարանի մեջ վերևից աղյուսի կտորտանք ընկնեին, ոչ ոք չէր իմանա: Սկսեց քանդել: Գլխավոր դժվարությունը առաջին աղյուսը պոկելու մեջն էր, որը նա պոկեց իր մատները արնելու չափ ցավեցնելով: Մնացած աղյուսները հեշտությամբ պոկվեցան, որովհետև բանված էին հասարակ ցեխով: Պոկած աղյուսները նա բերում էր, միմյանց վրա շարում էր պատի մոտ, և այսպիսով պատրաստեց իր համար սանդուղքներ: Ոտքերը դրեց նրանց վրա, վեր բարձրացավ: Այժմ նրա ձեռքերը հասնում էին պատի վերնապարսպին. երկու ձեռքով բռնեց այնտեղից և կատվի նման թռավ մյուս կտուրի վրա:

Այժմ նա գտնվում էր դիվանատան կտուրի վրա. նրա ոտների տակումն էր ամրոցի գլխավոր մասը: Մի քանի րոպե լուռ կանգնած դևի նման նայում էր գիշերային խավարի մեջ խորասուզված ամրոցի վրա: Քամին այստեղ ավելի սաստիկ էր փչում, բերելով իր հետ աղաղակների մի խուլ խառնաձայնություն, որ ավելի նման էր ծովի ալիքների պարբերական դղրդյուններին:

Նա անցավ դեպի ամրոցի խոհանոցի կտուրը, որը բավական ցած էր առաջինից: Լեռնային երկրի աղջիկը, սարերի վրա, մանկությունից սովորած էր ժայռերի բարձրությունից սողալը կամ դեպի ներքև ցատկելը: Նա ծանոթ էր կտուրների դրությանը, գիտեր, որ դիվանատան կտուրի բարձրությունը խոհանոցի կտուրից իր հասակի մեկ ու կես չափը հազիվ կլիներ: Ուրեմն կարելի էր ցած սողալ առանց ոտքը կոտրելու: Այդպես էլ արեց. բռնեց պատից և զգուշությամբ ցատկեց դեպի ներքև: Այստեղ մի երեսը բաց շինվածքի մեջ դարսած էին կոտորած, չոր փայտեր, խոհանոցի համար գործ ածելու: Նա վազեց դեպի այն կողմը, ուր դարսած էին փայտերը: Նստեց կտուրի վրա, գրպանից հանեց աբեթը և կայծհանը, զարկեց քարին, աբեթը վառվեցավ: Նրանով վառեց քիբրիթը§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§, որ իր մոտ ուներ: Հետո գրպանից հանեց մի կտոր շորի փաթոթ, որ թաթախած էր ձեթով, քիբրիթը դրեց նրա մեջ, մի քանի վայրկյան բռնեց քամու առջև, որ ավելի բոցավառվի, և ապա նետեց փայտակույտի մեջ: Ինքը իսկույն հեռացավ, վստահ լինելով, որ այնուհետև քամին կշարունակեր նրա սկսած գործը...

Այստեղից կամենում էր նա գնալ ախոռատան կտուրների վրա: Բայց այնտեղ գնալու համար ճանապարհ չկար, որովհետև կտուրները կից չէին, բաժանված էին ախոռատան ընդարձակ բակով: Մի բարձր, մերկ պատ միայն միացնում էր ախոռատունը խոհանոցի հետ, նրա ետևի կողմից: Այդ պատի վերին մասը այնքան նեղ էր, որ նրա վրայով ոտքով գնալ անհնարին էր, մանավանդ գիշերային մթության մեջ: Հեշտ կարելի էր ավելի քան քսան արշին բարձրությունից ցած գլորվել և ջարդուփշուր լինել: Բայց ո՜չ վտանգը և ո՜չ պատի բարձրությունը չվախեցրին Փարիշանին: Նա սրտոտ աղջիկ էր և հնարագետ: Զգուշությամբ հեծավ պատի վրա, որպես մարդիկ նստում են ձիու վրա: Սկսեց երկու ձեռքերը դեմ տալով, փոքր առ փոքր առաջ սողալ: Պատի տարածությունը բավական երկար էր: Եթե այդ արշավանքը նա կատարեր ցերեկով, շատ կարելի է, որ գլուխը պտույտ գար, աչքերը շաղվեին և վերևից գլորվեր դեպի ցած: Բայց խավարը բավական նպաստում էր նրան: Որպես մի հմուտ լարախաղաց, սառնասրտությամբ պահպանելով իր հավասարակշռությունը, նա սողալով առաջ էր գնում: Մի քանի տեղ կանգ առեց, որ փոքր-ինչ հանգստանա: Ձեռքերի կաշին, անդադար շփվելով անհարթ պատի հետ, կիսով չափ պլոկվեցավ: Բայց նա ցավ չէր զգում, ինչպես ցավ չեն զգում այն վիրավորները, որ դեռ կռվի ջերմ ոգևորության մեջ են լինում:

Քամին այժմ ավելի սաստկացավ: Այդ քամին ուրախացնում էր նրան, ոչ միայն այն պատճառով, որ զովացնում էր նրա շառագունած, վառված դեմքը, այլ առավել նրա համար, որ պատի վրայից սողալի ժամանակ, ցած թափված հողերի և քարերի կտորտանքի ձայնը չէր լսվում: Երկար աշխատելուց հետո վերջապես նա հասավ ախոռատան կտուրներին:

Այստեղ տանիքների վրա կիտած էին խոտի ահագին դեզեր, իսկ մարագները լիքն էին հարդով: Նա մոտեցավ այդ դեզերից մեկին, և սատանայի նման կծկվեցավ նրա մոտ: Կայծհանը, աբեթը և քիբրիթը դարձյալ գործ դրվեցան. նրանցով վառեց ցամաք խոտը: Քամին փչեց, ցամաք խոտը բոցավառվեցավ, և մի քանի րոպեի մեջ, կրակը անցավ մի դեզից մյուսը, և հրդեհը տարածվեցավ ամբողջ ախոռատան մեջ: Մնում էին հանդանոցները: Նա վեր առեց խոտի մի քանի կիսավառ խուրձեր, նետեց հարդանոցների երդիկներից: Շուտով երդիկներից հրեղեն սյուները բարձրացան օդի մեջ:

Նա այժմ իր գործը կատարած էր համարում, քաշվեցավ մի կողմ, ուր կրակի լույսը չէր հասնում, կանգնեց մթության մեջ, և խորեն ուշադրությամբ նայում էր դեպի երկինքը: Այդ միջոցին մի ֆշանք ֆշֆշալով բարձրացավ օդի մեջ: Չարագուշակ ֆշանքը պայթեց և նրա հրեղեն կայծերը, անեծքի տարափի նման, ցրիվ եկան անբախտ բերդաքաղաքի վրա...

Հրդե՛հ... օգնեցե՛ք... — լսելի եղավ ամեն կողմից և ախոռատան ծառաները դուրս պրծան իրանց քնարաններից:

Հրդե՛հ... — գոչեցին և դիվանատան պահապանները, երբ նկատեցին, որ խոհանոցը այրվում է, կրակը սկսել է անցնել դեպի դիվանատան սենյակները:

Հրդե՛հ... — աղաղակեց և նա, որ այդ բոլոր չարիքների պատճառն էր, և վազելով ցած իջավ կտուրներից ախոռատան բակը:

Ընդհանուր խռովության մեջ նա աննկատելի կերպով բակից դուրս եկավ դեպի փողոցը: Ախոռատան սպասավորի հագուստը նրան պահպանեց ճանաչվելուց:

Նա սկսեց վազել դեպի ածխավաճառների հրապարակը, անդադար աղաղակելով.

Հրդե՛հ... օգնեցե՛ք, ամրոցը այրվում է...

Ածխավաճառների հրապարակի վրա, տեր Ավետիքը, Շահումյան Ստեփաննոս իշխանը և Մելիք-Փարսադանյան Բալի զորապետը ժամադիր էին եղած միանալ տեղացի հայերի հետ և գրավել ամրոցի զենքերի մթերանոցը: Բայց դրանց և ոչ մեկի հետ անձամբ ծանոթ չէր Փարիշանը. ծանոթ էր միայն Խորեն հայր սուրբի հետ, որը այնտեղ չէր: Նա գտավ հրապարակի վրա մի խառնիճաղանջ բազմություն, որը վազում էր դեպի ամրոցը, աղաղակելով.

Օգնեցե՛ք, ամրոցը այրվում է...

Փարիշանն էլ խառնվեցավ այդ բազմության հետ: Նրանք զինված էին բահերով, բրիչներով, կացիններով, մանգաղներով և այլ այդպիսի գործիքներով: Տեսնողը կմտածեր, որ գնում են հրդեհը հանգցնելու:

Բազմությունը հետզհետե աճում էր, ստվարանում էր, նրա հետ խառնվում էին նոր և նոր մարդիկ, և բոլորը վազում էին դեպի ամրոցը, որպես թե հրդեհը հանգցնելու համար:

Այն փողոցում, որի միջով անցնում էր բազմության փոթորկային հոսանքը, մի փոսի միջից լսելի եղավ դողդոջուն ձայն.

Տո հեր օրհնած, կամա՜ց, կողքս կոտրեցիր:

Այն անձը, որին ուղղված էր այդ ձայնը, նայեց փոսի մեջ, տեսավ այնտեղ մի ընկած ծերունի, որին փոքր էր մնում ոտքերի տակ ջարդուփշուր աներ, երբ ինքը վազ տալու ժամանակ թռավ նրա վրայից: Իսկույն ճանաչեց նրան և ձեռքից բռնելով, ասաց.

Ա՜խ, Սարգիս-ապեր, դո՞ւ ես:

Տեր հայր, դո՞ւ ես, — հարցրեց նա կանգնելով: — Անպիտան ծառան ինձ թողեց այստեղ, ինքը, չեմ իմանում, որտեղ կորավ:

Ես քեզ չէի՞ ասում, որ տանից դուրս չգաս, — ասաց նրան տեր հայրը: — Լավն այն է, որ ետ դառնաս, Սարգիս-ապեր, ես մի մարդ կտամ, որ քեզ տուն տանե:

Տանը ի՞նչ պիտի շինեմ, որդի, — պատասխանեց ծերունին, մոռանալով իր կողքի ցավը: — Ես պիտի իմ աչքով տեսնեմ, թե որպե՜ս է այրվում, որպե՜ս է կործանվում այն ամրոցը, որ հազարավոր հայերի գլուխ է կերել... ես պիտի տեսնեմ, անպատճառ պիտի տեսնեմ ու իմ անեծքը պիտի խառնեմ կրակի բոցերի հետ...

Տեր հայրը նկատեց, որ անկարելի է ծերունուն համոզել, որ նա տուն դառնա, և որպեսզի մյուս անգամ այսպիսի փոսերի մեջ չընկնի, հանձնեց նրան մի մարդու, որ տանե դեպի ամրոցը: Իսկ ինքը անցավ բազմության առաջը, գոռալով.

Գնանք, ուշանում ենք...

Դա տեր Ավետիքն էր, իսկ ծերունին` մեզ նախածանոթ Սարգիս յուզբաշին:

Փարիշանը խավարի միջից լսեց նրանց խոսակցությունը, այժմ նոր հասկացավ, որ այդ բահերով, բրիչներով, կացիններով զինված բազմությունը տեղացի հայերի խումբն էր, որոնց առաջնորդում էր տեր Ավետիքը իր ընկերների հետ:

Նրանք աղաղակելով անցան թյուրքերի թաղը, անցան մի քանի ծուռումուռ փողոցներ և հասան ամրոցին: Հրդեհը այժմ ավելի տարածվել էր. ախոռատնից անցնում էր դեպի կանանոցը, իսկ խոհանոցից` դեպի դիվանատունը: Բերդաքաղաքի թյուրքերի մեծ մասը այստեղ էր: Կրակը հանգցնելու համար նրանք ոչինչ հնարներ չունեին, միայն աշխատում էին մթերքները դուրս կրել այն շենքերից, որոնց դեռ կրակը չէր հասել: Ամրոցի պահապանները և ծառաները հսկում էին ավելի գողությունների վրա: Բայց ընդհանուր խառնակության մեջ «շունը տիրոջը չէր ճանաչում...»:

Այդ ո՞րտեղն է այրվում, — հարցրեց Փարիշանը մի թյուրքից:

Ամրոցը... — պատասխանեց նա շտապելով, և մի ահագին սնդուկ քարշ տալով դեպի իր տունը:

Աստված ինքը ողորմություն անե... — պատասխանեց Փարիշանը լալագին ձայնով, և ցույց տալով, որ չէ նկատում ավազակի իր իշխանի պալատից հափշտակած ավարը:

Փարիշանը նկատեց, բազմության նույն խումբը, որ զինված էր բահերով և բրիչներով, փոխանակ դեպի հրդեհը գնալու, մի պտույտ գործեց և լռությամբ անցավ դեպի ամրոցի ետևը, դեպի այն կողմը, ուր կրակը դեռ չէր հասել: Ինքն էլ գնաց նրանց հետ: Նրանք մտան մի նեղ փողոց, որի մի կողմը ամրոցն էր, իսկ մյուս կողմում խանի ամբարանոցները: Այդ փողոցը դատարկ էր, այստեղ մարդիկ չկային:

Ամբարանոցների մեջ մթերված էր խանի հարստության մեծ մասը. այնտեղ էր և զենքերի պահեստի տեղը: Տեր Ավետիքը մոտեցավ ամբարանոցի գլխավոր դռանը, և իր սրի կոթով բախելով դուռը, գոչեց միևնույն եղանակով, որպես քահանան տասն կուսանաց հիշատակը կատարելու գիշերը, եկեղեցում ձեռքի խաչովը բախում է տաճարի վարագույրը, ասելով.

— «Բաց մեզ, տէր, զդուռն ողորմութեան...

— «Եկայք, օրհնեալք Հօր իմոյ, և վայելեցէք զպատրաստեալն վասն ձեր բարութիւն», — պատասխանեցին ներսից, և Խորն հայր սուրբը բաց արեց դռները:

Բազմությունը խումբով ներս թափվեցավ բացված դռնից: Խորեն հայր սուրբը առաջնորդեց նրանց դեպի զենքերի պահեստի տեղը: Սառան, որ հայր սուրբի հետ առաջուց եկած էր այնտեղ, արդեն բաց էր արել պահեստի դուռը և իր ձեռքում բռնած ճրագով լուսավորում էր մուտքը: Բազմությունը ներս մտավ: Նրանք մի կողմ ձգեցին իրանց բահերն ու բրիչները և սկսեցին մթերանոցից վեր առնել իրանց ցանկացած զենքերը: Այդ տևեց մի քանի րոպե միայն:

Այժմ դուք զենքեր ունեք, — ասաց տեր Ավետիքը, դառնալով դեպի բազմությունը: — Ձեր զենքերը խլել էր խանը. ես փոխարենը տվեցի ձեզ նույն իսկ խանի զենքերից: Դա մեղք բան չէ. — հափշտակության փոխարեն հափշտակություն: Հիմա գնացեք, զավակներս, պաշտպանեցեք ձեր ընտանիքը, ձեր տները: Ես գիտեմ, որ խանը իր ամրոցի վրեժխնդրությունը կթափե ձեր բնակարանների վրա: — Գնացեք, այդ երիտասարդը կառաջնորդե ձեզ: Նա ցույց տվեց Մելիք-Փարսադանյան Բալի զորապետի վրա:

Կռիվը, պատերազմը իր առանձին ոգևորությունն ունի, մի սոսկալի ոգևորություն, որ սրտի և հոգու ուրախությունը գտնում է խորտակելու, ոչնչացնելու և մահացնելու մեջ: Տեր հոր խոսքերը ավելորդ էին: Զայրացած, վրեժխնդրության ծարավի բազմությունը այժմ ինքը գիտեր իր գործը: Խանը, արդարև, բերդի պաշարվելուց առաջ խլեց նրանց զենքերը, զրկելով անձնապաշտպանության ամեն միջոցներից: Այժմ նրանց մի առանձին բավականություն էր պատճառում կռվել թշնամու հետ նրանից խլած զենքերով:

Դուք անհոգ կացեք, տեր հայր, — պատասխանեցին նրանք: — Մեր կնիկների լեչակը թող մեր գլխին լինի, եթե չարդարացնենք այն հույսը, որ դուք մեզ վրա դրած եք:

Օրհնյալ լինիք, զավակներս, դե գնացեք, — ասաց քահանան, և դառնալով դեպի Մելիք-Փարսադանյանը, ավելացրեց.

Բալի, ընտրիր խուլ փողոցները, և մինչև հայոց թաղ հասնելը, խույս տուր կռիվներից:

Բազմությունը Մելիք-Փարսադանյանի առաջնորդությամբ հեռացավ: Բայց մեկը մնաց այնտեղ:

Սառան, որ ճրագը ձեռքում լուսավորում էր զենքերի մթերանոցը, ճանաչեց նրան, և ճրագը դնելով պատուհանին, վազեց դեպի նա, գրկելով ասաց.

Ա՛խ, Փարիշան, դո՞ւ ես, այդ ինչպե՞ս եկար այստեղ, պատմիր, ինչպե՞ս եկար:

Փարիշանը մի քանի խոսքով պատմեց իր վերջին գործողությունները: Այդ միջոցին տեր Ավետիքը, Խորեն հայր սուրբը և Շահումյան Ստեփաննոս իշխանը, առանձնացած մթերանոցի մի կողմում, ինչ-որ խոսում էին: Սառան տարավ Փարիշանին նրանց մոտ, և ներկայացնելով, ասաց.

Ահա այն աղջիկը, որ տվեց ինձ այդ մթերանոցի բանալիները, և որը վառեց այդ մեծ կրակը, որ ամբողջ քաղաքը լուսավորվում է...

Քահանան, վարդապետը և իշխանը մի առանձին ուրախությամբ նայեցին ախոռատան սպասավորի հագուստով ծպտյալ հերոսուհու վրա:

Զավակս, — ասաց քահանան, նրա ձեռքից բռնելով և ճակատը համբուրելով. — դու արժանի ես մեր ամենի սիրույն և հարգանքին: Քո քույրիկները այսուհետև կարող են պարծենալ, որ հայոց աղջիկների մեջ ևս տակավին չէ հանգած հայրենասիրության կրակը: Ես ճանաչում եմ քո հորը. դու մի որբ աղջիկ ես, բայց այսօրից դու կլինես մեր զորագնդի որդեգրուհին` դուստրը:

Համբուրեցեք ձեր դստերը, — դարձավ նա դեպի Խորեն հայր սուրբը և Շահումյան իշխանը:

Երկուսն էլ համբուրեցին նրա ճակատը:

Ուրախության արտասուքը խեղդեց քաջասիրտ աղջկան: Նա մի բառ անգամ չէր գտնում իր շնորհակալությունը արտահայտելու: Արդարև, նա մի թշվառ որբ էր: Մորից զրկվեցավ նա դեռ իր տասն տարեկան հասակում, իսկ հայրը կսկծից մեռավ, երբ նրան բռնությամբ տարան խանի պալատը: Այժմ որքան ուրախ էր նա, որ փոխանակ իր կորուսած ծնողների, եղավ որդեգրուհի մի քաջ և հաղթող զորագնդի:

Շնորհակալ եմ, — ասաց նա, — որ դուք անհայր և անմայր որբին ձեր դուստր եք կոչում, բայց թող ձեր դուստրը համարձակություն ունենա խնդրելու ձեզանից մի ուրիշ բան ևս:

Խնդրիր, — ասաց նրան տեր Ավետիքը, — ես գիտեմ, որ դու այնքան խելացի ես, որ անկարելի բան չես խնդրի:

Իհարկե չեմ խնդրի, — պատասխանեց Փարիշանը, այժմ փոքր-ինչ համարձակություն ստանալով: — Իմ խնդիրքս այն է, որ իմ տիկնոջը, որին կոչում են Զուբեյիդա խանում, առնեք ձեր պաշտպանության ներքո, խնայեք նրա կյանքը ընդհանուր կոտորածի ժամանակ: Նա մի բարի, քրիստոնյա կին է:

Մենք կկատարենք քո ցանկությունը, — պատասխանեց տեր Ավետիքը:

ԻԲ

Որպես ամառային գիշերներում ճրագի լույսը դեպի ինքն է հրապուրում զանազան միջատներին, այնպես էլ ամրոցում հայտնված հրդեհը ամեն կողմից դեպի ինքն էր կոչում բերդաքաղաքի բնակիչներին: Ոմանք լոկ հետաքրքրության համար, ոմանք օգնություն հասցնելու համար, ոմանք զվարճանալու համար վազում էին դեպի հրդեհը: Ամբոխը մի մեծ երեխա է, սիրում է կրակի հետ խաղալ: Բերդի պարիսպների մոտ կանգնեցրած պահապան զորքերն անգամ, հակառան զինվորական կարգապահության, թողեցին իրենց պահականոցները և վազեցին դեպի ամրոցը: Կրակը հեղաշրջեց ամեն օրենք, կանոն և այն բոլոր կարգադրությունները, որ տնօրինված էին թշնամուն դեմ դնելու համար:

Հանգցնելու հնար չկար: Երկու մեծ գետերից, որ անցնում էին բերդի մոտով, ջուր վերցնել անկարելի էր, որովհետև թշնամին դրսում կանգնած էր: Իսկ բերդի մեջ գտնված ջուրը խմելու անգամ բավական չէր:

Հրդեհը հետզհետե տարածվում էր: Կրակը խոհանոցի մասից անցել էր դեպի դիվանատունը, իսկ ախոռատան կողմից մոտենում էր կանանոցին: Կատաղի քամին, մի հսկայական փուքսի նման, ավելի բորբոքում էր, ավելի բոցավառում էր նրան:

Այժմ սկսել էր այրվել դիվանատունը: Դա ամրոցի ամենագեղեցիկ մասն էր: Ահագին դահլիճների կամարները, որոնց վրա նկարիչները գործ էին դրել իրանց բոլոր ճարտարությունը, խորտակվում էին, և դղրդալով կործանվում էին դեպի ցած: Հրեղեն բոցերը, խառն ծխային թանձր ամպերի հետ, դուրս էին հոսում աշխարհի բոլոր շքեղություններով զարդարված սենյակներից: Պալատի փառքը, գեղեցկությունը և ամեն զեղխություններով լի վայելչությունը լուծվում էր, մոխիր էր դառնում: Եվ ո՞ւմ ձեռքով: — Մի աղախնի, մի թույլ աղջկա ձեռքով: Դա մի դառն խրատ է, որով ժողովուրդը պատժում է բռնակալի ամբարտավանությունը, որով կամենում է ցույց տալ նրա ոչնչությունը: Երկրների երկաթե գավազանով իշխողին պատժում է իր ստրուկներից ամենատկարի ձեռքով: Կարծես կամենում է հասկացնել նրան. «Տես, դու էլ նույնպիսի մի մարդ ես, որպես այն բյուրավոր մարդիկը, որոնց ճնշում ես քո ոտքերի տակ...»:

Երկու սոսկալի տարերք` կրակը և քամինկարծես միաբանվել էին մի սերտ դաշնակցությամբ, ոչնչացնելու բոլորը, ինչ որ կառուցել էր բռնակալ ձեռքը իր զոհերի արյունով և արտասուքով: Երկու տարերք գործում էին. քամին, որպես արդարադատի վրեժխնդրության շունչը, և կրակը, որպես հարստահարված ժողովրդի անեծքի արհատայությունը...

Հրդեհը ավելի և ավելի ծավալվում էր, տարածելով իր շուրջը մի սոսկալի լուսավորություն: Կանանոցի կիսամերկ գեղեցկուհիները, սարսափելով հանկարծակի վտանգից, քնաթաթախ դուրս էին թափվել իրանց օթյակներից: Այդ թշվառները, մի այլ պատսպարան չգտնելով, հավաքվել էին բակի մեջ, և ոչխարի նման մինը մյուսի կողքին սեղմված, դողդողում էին, լաց էին լինում: Նրանք մոռացել էին հարեմի փակված կնոջ թե՜ երկյուղը և թե՜ ամոթխածությունը, և դառն հառաչանքներով օգնություն էին աղաղակում: Նրանց ձայնը գրավեց ներքինապետի ուշադրությունը, որը զայրացած կերպով մոտեցավ, և սպառնական խոսքերով ասաց.

Քածեր, այդ ի՞նչ աղմուկ է, ինչո՞ւ եք հավաքվել այստեղ, դուք չե՞ք տեսնում, որ մարդիկ են նայում ձեզ վրա:

Կնիկները նկատեցին, որ կտուրների վրա, իրավ որ, բավական մարդիկ էին հավաքված: Նրանք աշխատում էին քանդել մի կից շինվածք, որ միացնում էր կանանոցը դիվանատան հետ, որպեսզի արգելեն կրակի առաջ խաղալը: Հարեմական կարգերին ընդդեմ էր, որ այդ մարդիկը տեսնեին խանի գեղեցիկ խանումներին, որոնք հրդեհի ծիրանագույն լուսավորության առջև ներկայացնում էին կենդանի պատկերների մի սքանչելի խումբ, զարհուրած, շվարած ընդհանուր սոսկումից, որպես Պոմպեի և Հերքուլանի կնիկները Էտնայի հրաբխության րոպեներում:

Չե՞ք լսում, դեռ կանգնա՞ծ եք, — գոռաց ներքինապետը:

Ո՞ւր գնանք, — եղավ թշվառների պատասխանը:

Դժո՛խքը և գերեզմա՛նը... եղավ ներքինապետի պատասխանը: — Մտե՜ք ձեր օթյակները:

Շուտով կրակը մեր օթյակներին կհասնի, — համարձակվեցավ հակառակել մեկը:

Երբ որ այրվելու լինիք, այն ժամանակ ձեզ հրաման կտամ դուրս գալու:

Կնիկների խումբը ցրիվ եկավ, ամեն մեկը մտավ իր սենյակը, սարսափով սպասում էր կրակի մոտենալուն:

Ամրոցի բոլոր մուտքերը բաց էին, որ ժողովուրդը կարողանար օգնություն հասցնել: Միայն կանանոցի դռների մոտ կանգնեցրած էին պահապաններ: Այստեղ անցուդարձը արգելված էր:

Կանանոցի կտուրի վրա հավաքված բազմությունից երեքը գաղտնի կերպով բաժանվեցան և մոտեցան տանիքի մեզ ծանոթ փոքրիկ դռանը: Ընդհանուր խռովության մեջ ոչ ոք չնկատեց նրանց մեկնելը: Նրանցից մեկը գրպանից հանեց բանալին, բաց արեց փոքրիկ դուռը: Երեքն էլ ներս մտան, դուռը կրկին փակվեցավ:

Դուք այստեղ սպասեցեք, ես կգնամ նրան կբերեն, — հազիվ լսելի ձայնով ասաց նրանցից մեկը:

Երկուսը մնացին դռան մոտ, ներսի կողմից, իսկ երրորդը սկսեց մութ սանդուղքներով ցած իջնել: Երբ հասավ վերջին աստիճանին, նա կանգնեց և նայում էր դեպի կանանոցի բակը, որը երբեմն լուսավորվում էր հրդեհի բոցերով, իսկ երբեմն խավարը պատում էր, երբ ծխային սև ամպերը ծածկում էին կրակի ճառագայթները: Նա ընտրեց խավարի այդ վերջին րոպեներից մեկը և արագությամբ վազեց դեպի Զուբեյիդա խանումի սենյակը: Ներքինի Ասադը այնտեղ չէր, ծերունին իր սղոցի թեփով լցրած բարձը վեր էր առել, և սատանան գիտե, թե որ անկյունում պառկած էր: Նա մտավ խանումի սենյակը, որը միայնակ նստած էր, գրկած ունենալով իր հիվանդ երեխային, և գտնվում էր մի տեսակ տխուր, ուշակորույս ինքնամոռացության մեջ: Տեսնելով անծանոթ մարդուն իր սենյակը մտնելիս, տիկինը սթափվեցավ և լալագին ձայնով աղաղակեց.

Ինչ որ ուզում ես, տա՜ր, ես բոլորը քեզ կտամ, ի սեր աստուծո, երեխային մի՜ սպանիր:

Նա կարծեց, որ անծանոթը Բեկի զինվորներից մեկն էր, մտել էր իր սենյակը կողոպտելու: Բայց նա մոտենալով տիկնոջը, կամաց շշնջաց.

Սո՜ւս կաց, մի՜ վախիր, ես եկա քեզ էլ, քո երեխային էլ ազատելու: — Չե՞ս ճանաչում ինձ: Վերջին խոսքերի ժամանակ նա մի կողմ ձգեց գլխի ահագին մորթե գտակը, և նրա տակից դուրս թափվեցան կանացի երկայն գիսակները:

Ա՛խ, Փարիշան, դո՞ւ ես, — բացականչեց տիկինը ուրախանալով: — Ո՞րտեղ էիր, ինչո՞ւ, ինձ մենակ թողեցիր, ո՞ւր գնացիր:

Սո՜ւս, — կրկնեց Փարիշանը, — կամաց խոսեցեք, վեր կացեք, վեր կացեք, պատրաստվեցեք, գնանք, քանի որ դեռ ուշ չէ: Ես հետո կպատմեմ ձեզ, թե որտեղ էի:

Ո՞ւր գնանք, ինձ ո՞րտեղ ես տանում, — հարցրեց տիկինը շփոթվելով:

Մի այնպիսի ապահով տեղ, ուր դուք ազատված կլինիք: Շտապեցեք, ժամանակ կորցնելու չէ, մի քանի րոպեից հետո Բեկի զինվորները կթափվեն ամրոցի վրա և կրակից մնացածը նրանք սրով կոչնչացնեն:

Ո՞ւր գնանք, ինձ ո՞րտեղ ես տանում, — դարձյալ հարցրեց տիկինը, նստած տեղից չշարժվելով:

Սառայի տունը, — պատասխանեց աղախինը նրա ձեռքից բռնելով: — Սառան ձեր լավ բարեկամն է. նա այնքան բարի է, որ դուք կարող եք նրա վրա վստահություն ունենալ: Նա ինքը այստեղ է, եկել է ձեզ տանելու, սանդուղքների վրա սպասում է:

Տիկինը իսկույն չպատասխանեց. տխուր մտածություններ տիրեցին նրա սրտին: Նա թաշկինակը սեղմեց աչքերի վրա, և րոպեական լռությունից հետո, արտասավախառն հեկեկանքով հարցրեց.

Դու ինձ առաջարկում ես փախչե՜լ, Փարիշան...

Այո՜, փախչել, — պետք է անպատճառ փախչել այդ Սոդոմից, որ աստուծո բարկության հրովը կործանվում է...

Նրանց խոսակցությունը ընդհատեց մի սոսկալի, որոտաձայն դղրդոց: Կարծես, հարյուր թնդանոթներ միասին արձակեցին, և կիսավեր ամրոցը հիմքից շարժվեցավ, օրորվեցավ, և փոքր էր մնում, որ մնացած մասերն էլ կործանվեին, տակնուվրա լինեին:

Փարիշանը վազեց, բաց արեց լուսամուտը, նայեց դեպի ծխի և փոշու մեջ կորած բակը:

Այդ ի՞նչ էր, — հարցրեց սարսափած տիկինը:

Ներքինապետի բարձր աշտարակը կործանվեցավ, նրա փառքը և իշխանությունը տապալվեցավ, — ծիծաղելով ասաց Փարիշանը: — Կրակը անցնում է դեպի կանանոցը:

Իրավ, փուլ եկողը ներքինապետի աշտարակն էր, որի բարձրությունից «աղջիկների իշխանը» տիրում էր ամբողջ կանանոցի վրա: Նա կործանվեցավ և իր ծանրության տակ փշրեց մի քանի այլ շինվածքներ: Նրա որոտաձայն դղրդոցը բարձրացրեց հարյուրավոր կնիկների բերաններից զարհուրելի աղաղակներ, իսկ տիկնոջ գրկում զարթեցրեց քնած երեխային:

Նա իր գեղեցիկ աչքերը բաց արեց, և լուսամուտից տեսնելով դրսի լուսավորությունը, — ժպտալով ասաց.

Արևը դուրս է եկել, ես ո՜րքան շատ քնեցի:

Հա՜, զավակս, շատ քնեցիր, — պատասխանեց մայրը, նրան համբուրելով: — Բայց դա արևը չէ. այնտեղ կրակ են վառում...

Ինչո՞ւ համար են վառում:

Այնպես, վառում են...

Երևի մի բան խորովում են:

Մայրը ոչինչ չգտավ պատասխանելու, կրկին համբուրեց իր զավակին: Փարիշանը տեսնելով, որ ժամանակը անցնում է, սկսեց շտապեցնել իր տիկնոջը:

Ուշանում ենք, տիկին, — ասաց նա. — տվեցեք ինձ երեխային, իսկ դուք ծածկվեցեք այդ վերարկուի մեջ:

Տիկինը դրեց երեխային աղախնի գիրկը, ինքը վեր կացավ:

Ո՞ւր ենք գնում, — հարցրեց հետաքրքիր երեխան:

Պարտեզը, — պատասխանեց աղախինը, — այնտեղ լավ է, այդպես չէ՞:

Լավ է, — ասաց երեխան, — այնտեղ խնձոր կա:

Աղախինը իր վերարկուի տակ ծածկեց երեխային, որ նրան ոչ ոք չտեսնե: Իսկ նրա մայրը արդեն պատրաստ էր, նրա թուլասրտությունը անցավ: Ազատության հույսը զորություն տվեց նրան: Նա թողնում էր այն զնդանը, ուր ամբողջ յոթ տարի տանջվել էր, մաշվել էր, ուր թաղել էր իր երիտասարդության ամենաթանկագին օրերը: Բայց երբ դուրս եկան սենյակից, տիկնոջ աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով: Բնակարանը մարդու մտերիմ ընկեն է, նրա հավատարիմ խորհրդապահն է: Ամբողջ յոթ տարի այդ շքեղազարդ սենյակին, ուր կենդանի թաղված էր նա, հավատացել էր իր սրտի ցավերը: Նրա լուռ, գեղագրական պատերը միայն վկա էին եղել նրա արտասուքներին, բայց մխիթարել չէին կարողացել: Այժմ թողնում էր իր սգարանը:

Բակում մարդիկ էին ման գալիս: Խավարի մեջ դժվար էր որոշել նրանց: Լույս չկար, բայց խեղդող ծուխը թանձր մառախուղի նման ծածկել էր շինվածքները: Երբ իջան բակը, տիկինը հարցրեց.

Հիմա Սառան ո՞րտեղ է:

Սանդուղքների վրա, նրա հետ կա և մի տղամարդ, — պատասխանեց աղախինը:

Սառայի անունը լսելիս, երեխան գլուխը դուրս հանեց աղախնի վերարկուի տակից, և ճչալով բացականչեց.

Սառային չեմ ուզի, Սառան վատ է, նա բողազս հուպ կտա...

Խեղճ երեխան մտաբերեց իր բժշկին և իր կոկորդի նույն գիշերվա ցավը: Բայց Փարիշանը հանգստացրեց նրան, ասելով.

Չէ, սիրելիս, դա այն Սառան չէ, դա ուրիշ Սառա է, քեզ լավ բաներ կտա:

Երբ սկսեցին բարձրանալ սանխուքներից, տիկինը հարցրեց.

Ո՞վ է Սառայի հետ եկող տղամարդը:

Մի վարդապետ, որին կոչում են Խորեն հայր սուրբ: Նա շատ լավ մարդ է:

Վարդապե՛տ, — զարմանալով կրկնեց տիկինը:

Այո՜, վարդապետ: Նա մի քաջ տղամարդ է և Սառայի բարեկամն է:

Զբաղված լինելով այդ խոսակցություններով, փախստականները չնկատեցին, որ մի մարդ խավարի միջից լրտեսում էր նրանց: Դա ներքինի Ասադն էր: Հենց որ լսեց ծերունին երեխայի ճիչը, թե «Սառային չեմ ուզի», իսկույն ճանաչեց նրա ձայնը, հետո սկսեց ականջ դնել տիկնոջ և աղախնի խոսակցություններին: Երբ փախստականները ոտք դրեցին սանդուղքների վրա, սկսեցին բրձրանալ, նա հասկացավ բոլորը, և իսկույն վազեց ներքինապետի մոտ, նրան իմացում տալու համար:

Այդ միջոցին փախստականները արդեն գտնվում էին սանդուղքների վերին աստիճանների վրա: Սառան բաց արեց փոքրիկ դուռը, և բոլորը միասին դուրս եկան կտուրի վրա, դուռը իրանց ետևից կողպեցին:

Երեխան դարձյալ իր գլուխը դուրս հանեց աղախնի վերարկուի տակից, և տեսնելով հրդեհի շրջակա լուսավորությունը, ասաց.

Հո՛ւ, այդ ո՜րքան կրակ են վառել... Ի՞նչ են եփում, մայրիկ:

Փարիշանը մտածեց երեխայի ձայնը կտրել, ասելով.

Եթե դու մյուս անգամ կխոսես, ես «բոբոխին» կկանչեմ...

Երեխան երկյուղից գլուխը ներս քաշեց աղախնի վերարկուի տակ և կծկվեցավ նրա գրկի մեջ: «Բոբոխը» մի երևակայական էակ էր, որի սարսափելի նշանակությունը միայն երեխան գիտեր:

Կտուրի վրա հավաքված բազմությունը այժմ ավելի շատ էր: Բոլորը գոռում էին, գոչում էին, և մինը մյուսին չէր հասկանում: Նրանք աշխատում էին քանդել կից շինվածքները, որպեսզի կրակի առաջ անցնելը արգելեն: Փախստականները շտապով անցան հուզված, խառնափնթոր բազմության միջից, և կտուրից իջան փոքրիկ պարտեզը, որ կից էր կանանոցին:

Այդ պարտեզը խանի տիկինների զբոսանքի դրախտն էր: Այստեղ ներքինիների հսկողության ներքո բաց էին թողնում նրանց, ուր զվարճանում էին, թռչկոտում էին, վազվզում էին և զանազան խաղեր էին անում, որպես կուսանոցների գիշերօթիկ աշակերտուհիները վերակացուների հսկողության ներքո: Այստեղ երբեմն, գիշերային մթության ժամանակ, դուրս էին գալիս խանի գեղեցկուհիները և հանդիպում էին վարդենիների տակ թաքնված սիրահարին...

Ներքինապետը, լսելով Ասագից Զուբեյիդա խանումի փախստյան մասին, իսպառ կատաղեցավ:

Ո՞ր կողմով փախան, թշվառ ծերուկ, — հարցրեց նա, — էգուց խանը քեզ կենդանի այրել կտա:

Աստված էլ գիտե, որ ես մեղավոր չեմ, — պատասխանեց սարսափած ծերուկը, ցույց տալով կտուրի սանդուղքները:

Ներքինապետը վազեց դեպի սանդուղքները: Իսկ ծերուկը իր սղոցի թեփով լցրած բարձը, իր անբաժան ընկերը, գրկած, դիմեց դեպի իր տիկնոջ բնակարանը, և, գլուխը դնելով սենյակի դռան մոտ, պառկեց, դարձյալ միևնույն վաղեմի տպավորության ներքո երևակայելով, թե իր տիկինը այնտեղ է:

Ներքինապետը բարձրանալով սանդուղքներից, փոքրիկ դուռը գտավ փակված: Նա մի սաստիկ քացի տվեց, և տախտակները փշրվեցան հսկայի ոտքի հարվածքից: Անցավ կտուրի վրա և վազեց դեպի պարտեզը, բնազդումով հասկանալով, որ փախստականները այն կողմով պիտի գնացած լինեին, որովհետև այնտեղ մարդիկ չկային: Պարտեզից մի դուռ բացվում էր ուղիղ դեպի փողոցը:

Կանգնեցե՜ք, — կանչեց ներքինապետը որոտալից ձայնով, երբ լսեց փախստականների ոտքերի խշխշոցը պարտեզի խոտերի վրա:

Խորեն հայր սուրբը կանգնեց, մյուսներին ասելով, որ հեռանան:

Ձեզ եմ ասում կանգնեցե՜ք, — կրկնեց ներքինապետը ավելի խրոխտալի ձայնով:

Ի՞նչ ես կամենում, — հարցրեց երիատասարդ աբեղան, վիթխարիի առաջը կտրելով:

Ո՞ւր ես տանում դրանց:

Այդ իմ գիտենալու գործն է:

Քո գիտենալու գո՞րծն է, — խոսեց դառն ծիծաղով վիթխարին: — Ահա այդ էլ իմ գիտենալու գործն է...

Վերջին խոսքերի հետ նա իր ծանր սուրը սաստիկ թափով իջեցրեց դեպի աբեղայի գլուխը: Բայց աբեղան զարմանալի ճարպկությամբ իր սրով ետ մղեց նրա զարկը: Վիթխարին կրկին բարձրացրեց իր սուրը, գազանային կատաղությամբ մռնչելով.

Հիմա դիմացի՜ր...

Աբեղան մի կողմի թեքվեցավ, իսկ վիթխարիի սուրը դիպչելով ծառի ահագին ճյուղին, կտրեց և ցած ձգեց:

Այդ միջոցին երիտասարդ աբեղան իր սուրը խրեց նրա կողքի մեջ: Հարվածքը թեև սաստիկ էր, բայց վիթխրին, ամենևին ցավ չզգալով, կրկին անգամ հարձակում գործեց: Նույն րոպեում Սառան վրա վազեց, և ետևից իր խենջարը խրելով հսկայի փորը, ասաց.

Սատկի՜ր, անպիտան, մինչև ե՞րբ պիտի չարչարես մեզ:

Վիթխարին մի մեծ կոթղի նման ցած գլորվեցավ և մռնչալով փչեց հոգին:

Փախստականները մոտեցան պարտեզի դռանը, որ փակված էր փայտյա վանդակապատով:

Թողեք, ես դրա բաց անելու ձևը գիտեմ, — ասաց Փարիշանը, ձեռքը տանելով դեպի դռան սողնակը:

Ի՞նչ սատանայական հնարք գործ դրեց նա, հայտնի չէ, բայց սողնակը իսկույն ետ քաշվեցավ, դուռը բացվեցավ, և նրանք դուրս եկան փողոցը: Այստեղ Փարիշանը հարցրեց իր տիկնոջից.

Գիտե՞ք նա ով էր:

Գիտեմ... — ասաց տիկինը և նրա ձայնի մեջ լսելի եղան ուրախության հնչյուններ:

Դուրս գալով փողոցը, փախստականները դիմեցին ուղղակի դեպի հայոց թաղը: Արշալույսը սկսել էր շառագունիլ, և երկնքի վրա մոխրագույն ամպեր ցոլացնում էին արևի ծագման վաղահաս նշույլները: Բայց փողոցների մեջ դեռ տիրում էր խավարը: Շրջակա անտառապատ լեռները այնքան բարձր էին, որ երկար մրցում էին արևի հետ, մինչև թույլ էին տալիս նրա ճառագայթներին մուտք գործել խոր ձորի մեջ թաղված բերդաքաղաքը:

Next page