Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Արծվանիկից դեպի ցած, սարի ստորոտից սկսվում է մի գեղեցիկ, բոլորաձև հովիտ, որը կտրատվում է խորին ձորերով: Այդ ձորերի մթության մեջ, մինը մյուսի մոտ, թաքնված են` Չափնիս, Ընկենանց, Սևքար, Շաբադին հայաբնակ գյուղերը: Հիշյալ գյուղերը 2-3 ժամի ճանապարհով միայն հեռու են Արծվանիկից:

Արծվանիկը այժմ կորցրել է իր հին նշանակությունը, բայց նրա վաղեմի փառքի փշրանքները տակավին պահպանվել են: Ավանի ստորոտում մինչև այսօր երևում են մի հին ամրոցի ավերակների հետքերը, երևում են խորին այրեր, մթին քարանձավներ, որ գտնվում են այդ ամրոցի մոտ, որոնք առաջ ծառայում էին որպես պատսպարաններ, որպես թաքստի տեղեր:

Արծվանիկից շատ հեռու չէ այդ ավանի գերեզմանատունը, որ ունի առանձին եկեղեցի: Մի նեղ ճանապարհ տանում է դեպի ննջեցյալների հանգստարանը: Այդ ճանապարհի մի կողմում, մենավոր կաղնի ծառի հովանիի տակ, կա մի առանձնացած գերեզման, որի վրա ձգած է մի հասարակ քար առանց խաչի և արձանագրության: Ինչո՞ւ է նա առանձնացել, ինչո՞ւ է նա բացակա հասարակաց գերեզմանատնից, որ հեռու է նրանից մի հարյուր քայլով միայն:

Այդ գերեզմանը, թեև արհամարհված է մարդերից, բայց նրանցից մոռացված չէ: Հասարակաց գերեզմանատունը տեղ չտվեց նրան իր հասարակության մեջ: Բայց ամեն անգամ, երբ քահանան անցնելով նրա մոտից, գնում է ննջեցյալների հանգիստը օրհնելու, — ամեն անգամ, երբ տոհմայինները գնում են իրանց հարազատների շիրիմների վրա խունկ ծխելու, աղոթելու, — ամեն անգամ, երբ մշակը գնում է դաշտը վար վարելու, նրանք անցնում են այդ մենավոր գերեզմանի մոտով, անցնում են թքելով նրա վրա և անեծք կարդալով:

Այն օրից, որ այդ գերեզմանը գոյություն ունի, անցել է մեկ ու կես դար, բայց ժողովուրդը դեռ չէ ներել նրան: Ժողովուրդը միշտ անիծում է նրան: Հարցրու պատահած մարդից, թե մանուկ կլիներ նա և թե ալևոր, — ումն է պատկանում այդ նզովյալ գերեզմանը: Նա քեզ կպատասխանե.

Դա մելիք Ֆրանգյուլ դավաճանի գերեզմանն է. հենց այստեղ սպանեցին նրան, այստեղ էլ թաղեցին: Նրա դիակը թույլ չտվեցին թաղել հասարակաց հանգստարանում, ննջեցյալների հանգիստը չպղծելու համար:

Հետո ձեր խոսակիցը ավելի հեռու կգնա պատմական մանրամասների մեջ ու ձեզ կասե.

Տեսնո՞ւմ եք այս ամրոցի ավերակները, որ երևում են ձորի մյուս կողմում. — դրանք մի ժամանակ շեն էին և պատկանում էին հենց այդ դավաճանին: Երբ նրան սպանեցին, ամրոցն էլ քանդեցին:

Ովքե՞ր քանդեցին:

Մեր պապերը, — կպատասխանե նա. — դավաճանը մեր երկրին շատ վնասներ է տվել, դրա համար էլ սպանեցին նրան:

Հետո կավելացնե նա այնքան հետաքրքիր պատումներ «դավաճանի» մասին, որոնք մոռացված են մեր գրավոր պատմության մեջ, բայց հարյուր հիսուն տարի կենդանի մնացին ժողովրդի հիշողության մեջ և գուցե երկար կենդանի կմնան:

Մելիք Ֆրանգյուլին հարկ չկա նորից ներկայացնել մեր ընթերցողներին, որովհետև նրանք ծանոթ են այդ չարագործի հետ մեր վեպի առաջին գրքի մեջ: Բայց այն օրից շատ փոփոխություններ պատահեցան նրա կյանքի մեջ, այդ փոփոխությունները մենք կպատմենք մի քանի խոսքով միայն:

Ընթերցողը հիշում է, որ մելիք Ֆրանգյուլը Բարգյուշատի կառավարությունը ստանալու համար, Չալաբիան կոչված թյուրք ցեղի իմամի մոտ ընդունեց մահմեդականություն և իր աղջիկը խոստացավ նրան կնության տալ: Իմամի միջնորդությամբ Ֆաթալի խանից ստացավ նա Բարգյուշատի մելիքությունը:

Ծերունի իմամը իր դերվիշի հրաշալի մաջուններով աշխատում էր վերադարձնել իր մանկությունը, որ մելիքի գեղեցիկ աղջկա ամուսինը դառնա: Բայց մաջունները չօգնեցին, իմամը մեռավ, և օրիորդը թեև ազատվելով փտած ծերուկի կինը լինելուց, բայց նրա հայրը Ֆաթալ խանի հետ իր հարաբերությունները միշտ բարեկամական պահելու համար, իր աղջկան տվեց նրա եղբայր Աղասի խանին: Դրանով նրա աստիճանը բարձրացավ, բացի մելիքությունից, ստացավ խանի մոտ նազիրի պաշտոնը:

Երբ Դավիթ բեկը հայտնվեցավ, Սյունյաց աշխարհի պետերից երկու մարդ միայն չմիացան նրա հետ. մեկը Տաթևի մելիք Դավիթ ուրացողը, մյուսը, Արծվանիկի մելիք Ֆրանգյուլ ուրացողը: Երկուսն էլ Ֆաթալի խանի գործիքները, նրա չար արբանյակներն էին: Մելիք Դավիթ ուրացողի վախճանը մեր ընթերցողներին հայտնի է: Դավիթ բեկը նրան գլխատել տվեց. նրա ամբողջ ընտանիքը Սատանի-կամուրջից†††††††††††††††††††††††††††† ածել տվեց Որոտնա գետի մեջ: Նրա որդի Շահ-Կուլին, կռվի դաշտից փախչելու ժամանակ, Տանձատափ‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡ գյուղում սպանվեցավ մի կնոջ ձեռքով: Մնում էր մելիք Ֆրանգյուլը:

Զեվու բերդի գրավումից երկու օր հետո, այդ մարդը, իր ամրոցի սենյակներից մեկի մեջ, անհանգիստ կերպով անցուդարձ էր անում: Գիշեր էր: Սենյակի դռան հանդեպ կանգնած էր մի այլ մարդ մռայլոտ կերպարանքով և ճանապարհի հագուստով: Երևում էր, որ նա հենց նոր վերադարձել էր իր ուղևորությունից: Այդ մարդուն կոչում էին քեչալ Համբարձում. նա մելիքի գզիրն էր:

Ուրեմն այդպե՞ս, բերդը առեցին... — խոսեց մտահույզ մելիքը, շարունակելով իր անցուդարձը: — Հետո ի՞նչ արեցին:

Հետո ի՞նչ պետք է անեին, — պատասխանեց քեչալը ծիծաղելով. — կարո՞ղ եք երևակայել, թե ինչ կանեին. մարդիկներին կոտորեցին, տները այրեցին, խանին իր ամրոցի հետ թռցրին օդի մեջ. հիմա Զեվուն, նայեցեք, այսպես է դարձել: — Վերջին խոսքերի միջոցին նա բաց արեց իր ափը, ցույց տալու համար, թե բերդի տեղը նրա ափի նման հարթ հավասար է դարձել:

Շա՞տ են կոտորել:

Ավելի քան չորս հազար հոգի: Բոլորին կկոտորեին, եթե խանի վեզիրը և Ներսես սրբազանը չմիջնորդեին Բեկի մոտ:

Մնացած բնակիչները ի՞նչ եղան:

Հայերին գաղթեցրին ուրիշ տեղ§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§, իսկ թյուրքերին հրամայեցին հեռանալ դեպի Պարսկաստան*****************************:

Մելիքի վրդովմունքը հետզհետե սաստկանում էր. նա անդադար մատներով գզգզում էր իր երկայն մորուքը, որ թյուրքերի սովորության համեմատ ներկած էր հինայով:

Նա դարձյալ կանգնեց իր լրտեսի առջև, հարցնելով.

Բերդը ոչնչացնելուց հետո Բեկի զորքերը ո՞րտեղ գնացին:

Գնացին դեպի զանազան կողմեր նոր հաղթություններ անելու համար:

Կարո՞ղ ես առանձին-առանձին պատմել ինձ, թե զարապետներից որը ո՜ր կողմ գնաց:

Ինչո՞ւ չեմ կարող, — պատասխանեց լրտեսը, պարծենալով իր բերած տեղեկությունների վրա: — Ինքը Բեկը Մխիթար սպարապետի և Ներսես սրբազանի հետ գնացին Որոտնա բերդի վրա: Մելիք-Փարսադանին, Ավթանդիլ գնդապետին և Պապ զորապետին ուղարկեցին դեպի Գենվազի կողմերը: Մեղրին տիրելու համար: Իսկ Թորոս իշխանին ուղարկեցին դեպի մեր կողմը:

Ուրեմն իմ հին թշնամուն իմ դեմ են ուղարկել... — ասաց նա ատամները կրճատացնելով:

Թորոս իշխանը և մելիք Ֆրանգյուլը տոհմային թշնամություն ունեին միմյանց հետ, որ ժառանգել էին իրանց պապերի ժամանակից: Նրանց թշնամությունը ավելի սաստկացավ, սկսյալ այն օրից, երբ մելիք Ֆրանգյուլը մահմեդականություն ընդունելով, մտավ Ֆաթալի խանի պաշտպանության ներքո և սկսեց Թորոս իշխանի երկրի վրա հարձակումներ գործել: Թորոս իշխանի երկիրը` Չավնդուրի գավառը, սահմանակից էր Բարգյուշատին, ուր իշխում էր մելիք Ֆրանգյուլը:

Թորոսի հետ այլևս ովքե՞ր կան, — հարցրեց մելիքը րոպեական մտածությունից հետո:

Թորոսի հետն է` իշխան Ստեփաննոս Շահումյանը, Մելիք-Փարսադանի որդի Բալի զորապետը և Թորոսի ազգական Մելիք-Նուբարը:

Բոլորը լա՜վ պտուղներ են... — ասաց մելիքը դառն ժպիտով: — Ընտրությունը վատ չէ.. այդ Բեկը, երևում է, գործ հասկացող մարդ է... իմ դեմ ուղարկում է այնպիսի մարդիկ, որոնք հին հաշիվներ ունեն ինձ հետ վերջացնելու:

Բայց դու կարո՞ղ ես ինձ ասել, թե որքան հոգուց է բաղկացած Թորոսի զորախումբը, — դարձավ նա դեպի լրտեսը:

Կարող եմ, — պատասխանեց լրտեսը, — մատներով կարելի է համբարել նրա ունեցած զորքը. — հինգ հազար հոգուց ավելի չի լինի. հազար հոգու չափ ձիավորներ են, իսկ մնացածները հետիոտներ:

Ինչպե՞ս են զինված:

Զենքերի կողմից, պետք է ասած, վատ չեն. Ասլամազ-Կուլի խանի բոլոր ընտիր զենքերը հիմա դրանց ձեռքումն է:

Մելիքը դարձյալ լուռ կացավ, շարունակեց իր անցուդարձը սենյակի մեջ: Նրա մի քանի րոպե առաջ մռայլված դեմքը այժմ փոքր-ինչ պարզվեցավ: Իր մտքում նա իսկույն հաշվեց, թե թշնամու հինգ հազարի դեմ որքան զորք կարող էր դուրս բերել ինքը և իր պաշտպան Ֆաթալի խանը: Նա կրկին դարձավ դեպի լրտեսը.

Դու ինձ ոչինչ չասեցիր տեր Ավետիքի մասին:

Հա՜, մոռացա, «մեծ էշը ախոռումն է մնացել»... — պատասխանեց քեչալը ծիծաղելով: — Տեր Ավետիքը Բայինդուր իշխանի հետ (այդ գիժը մի զարմանալի մարդ է) և Տաթևի միաբան Խորեն հայր սուրբի հետ գնացին դեպի Զանգեզուրի և Սիսիանի կողմերը: — Մի բան ասեմ ծիծաղեցեք. դրանց զորքի մեջ կա մի կին, որին կոչում են Սառա, դա, ասում են, Խորեն հայր սուրբի սիրուհին է. կա և մի աղջիկ, որին կոչում են Փարիշան, դա ամբողջ զորախմբի որդեգրուհին է: Ամեն անգամ կռվից առաջ այդ աղջիկը իր ձեռքով արաղ է բաժանում զինվորներին, որ լավ կռվեն: Անիծածը շատ գեղեցիկ է, եթե ինձ էլ խմացներ, խաչը վկա, ես էլ առյուծ կդառնայի...

Լրտեսի վերջին խոսքերը ոչ շարժեցին մելիքի ծիծաղը և ոչ էլ հետաքրքրեցին նրան: Նա ընդհատեց հրապուրված քեչալի պատմությունը, հարցնելով.

Քո ինձ հաղորդած տեղեկությունները ինչպե՞ս հավաքեցիր:

Ես Բեկի բանակի մեզ էի, շատ բան այնտեղ խոսվում էր... — ասաց լրտեսը, հետո սկսեց պատմել, թե որպիսի խորամանկություններ գործ դրեց իր ցանկացած տեղեկությունները ձեռք բերելու համար:

Քեզ չճանաչեցի՞ն:

Ինչպե՞ս կարող էին ճանաչել: Ամեն կողմից միշտ նոր և անծանոթ մարդիկ են գալիս և միանում են նրանց զորքերի հետ: Սկզբից երդում են տալիս և ընդունում են:

Դու էլ երդվեցա՞ր:

Իհարկե, երդվեցա, բայց հավատացած եմ, որ նրանց խաչն ու ավետարանը իմ աչքերը չեն քոռացնի. հիմա շատ գեղեցիկ կերպով տեսնում եմ:

Շա՛տ ապրիս, Համբարձում, — համակրությամբ ասաց նրան մելիքը: — Բոլորը հասկացա, ինչ որ հարկավոր էր ինձ գիտենալ: Հիմա կարող ես գնալ, դու ճանապարհից ես եկել, հոգնած կլինես, քեզ պետք է հանգստանալ: Ես վաղ առավոտյան կրկին կանչելու եմ քեզ:

Լրտեսը գլուխ տվեց և հեռացավ:

Մելիքը մնաց միայնակ:

Գիշերից բավական անցել էր. աքաղաղները ձայնում էին. ամրոցի մեջ տիրում էր խորին լռություն. բորոը քնած էին: Արթուն էր միայն ամրոցի տերը: Նա ևս մոտեցավ և առանց հանվելու պառկեց անկողնի վրա, որ պատրաստված էր միևնույն սենյակում: Երկար պառկած մնաց, բայց քնել չկարողացավ: Դառն մտածություններ ալեկոծում էին նրա սիրտը: Նա նմանում էր մի մարդու, որ սարսափելի նավաբեկությունից հետո, մնում է մի կտոր տախտակի վրա, սկսում է կռվել ալիքների հետ, հուսալով, որ նրանք կամ կտանեն նրան դեպի ծովի անդունդը, կամ կձգեն ցամաքի վրա...

Լրտեսից ստացած տեղեկությունները Բեկի հաջողությունների մասին` թունավոր նետի նման ծակոտում էին նրա սիրտը: Նրա վրա ուղարկված էր իր հին թշնամին` Թորոս իշխանը, Չավնդուրի տերը: Այդ հպարտ, գոռոզ, ոխակալ իշխանի վրեժխնդրական ոգին նրան վաղուց հայտնի էր: Նա գիտեր, որ իշխանը կվարվեր իր հետ այնպես, որպես Բեկը վարվեց Դավիթ ուրացողի հետ: Եվ Թորոսը շատ իրավացի պատճառներ ուներ այդպես վարվելու: Ինքը զգում էր, թե ո՜րքան վնասներ էր հասցրել նրան, ո՜րքան վշտեր էր պատճառել նրան... այդ բոլորի համար պետք էր տուժել...

Բայց նրա աչքի առջև դրած էր մի ընդհանուր գործ` հայոց աշխարհի փրկության գործը: Բեկը և նրա կուսակիցները ուրիշ ոչինչ էին, եթե ոչ այդ գործի գլուխ տանող բանվորները: Իր անձնական, մասնավոր հաշիվները Թորոսի հետ կորչում էին, անհետանում էին այդ գործի մեծության առջև:

Մելիքը բնավորությամբ բարի մարդ էր, բայց սաստիկ փառասեր: Իր փառասիրությանը զոհեց նա հայրենական կրոնը և մինչև անգամ իր հարազատ աղջիկը: Բայց նա իր համոզմունքներով իսկապես ոչ քրիստոնյա էր և ոչ մահմեդական: Նպատակը նրա մեջ արդարացնում էր ամեն տեսակ միջոցներ: Նրանց հարկավոր էր պահպանել իր տոհմային ժառանգությունը` Բարգյուշատի գավառի իշխանությունը: Դրա համար պետք էր գրավել երկու հզոր դաշնակիցներ, որպես էին` Ֆաթալի խանը և նրա եղբայր Աղասի խանը: Նա գրավեց նրանց, մեկի համար ուրանալով իր կրոնը, իսկ մյուսին տալով իր աղջիկը:

Բայց իբրև հայ, նա ցանկանում էր Հայաստանի բարին, ցանկանում էր, որ այդ երկիրը ազատ լինի, բախտավոր լինի, ցանկանում էր, որ նա ունենա իր հայ իշխողը, բայց այդ իշխողը լինի ոչ այլ ոք, բայց միայնինքը: Ահա այստեղ էր հասնում նրա փառասիրությունը:

Նա բարկանում էր Բեկի հաջողությունների վրա, ոչ այն պատճառով, որ այդ հաջողությունները օգտավետ չէր համարում իր հայրենիքին, այլ առավել այն պատճառով, թե ինչու ինքը չպիտի լիներ պարագլուխ այդ ազգային շարժմանը, ինչու ուրիշները պիտի վայելեին այն փառքը, որին ինքն էր միայն արժանի:

Բայց նա ոչ մի ազգային շարժման պարագլուխ լինել կարող չէր. նա կորցրել էր իր հավատարմությունը հայ ժողովրդի աչքում, նա խորթացել էր հայ հասարակության համար: Ինչո՞ւ: Նրա համար, որ նա այլևս այնպես չէր աղոթում, ինչպես մյուս հայերը: Ո՞վ էր մեղավոր, ի՞նքը, թե հասարակությունը, որ նրան դուրս էր վիժում իր միջից, որ զզվանքով խորշում էր նրանից: Այդ զզվանքը ավելի կատաղեցնում էր նրան և հակամայից ծնեցնում էր նրա մեջ մի այսպիսի միտք. «Եթե դուք ինձ չեք ճանաչում իբրև ձեր մարմնից և արյունից, ես հավիտյան ձեզ ճանաչել չեմ ցանկանա...»:

Նա վեր կացավ պառկած տեղից, սկսեց կրկին անցուդարձ անել սենյակի մեջ: Խիղճը տանջում էր նրան: «Ոչ, մտածում էր նա, ինձ չի ների ոչ երկինքը և ոչ երկիրը, եթե ես կդավաճանեմ իմ հայրենիքի փրկության գործին: Բեկի հաջողությունները դեռ չի կարելի բոլորովին ապահովված համարել: Նա, իրավ է, փշրեց մեր երկրի նշանավոր բռնապետներից մեկի` Ասլամազ-Կուլի խանի զորությունը, բայց դեռ ամենահրեշավոր վիշապը մնում է, որի գլուխը նույնպես պետք է խորտակել: Այդ վիշապը Ֆաթալի խանն է, որ նստած է մեր երկրի սրտի մեջ, իսկ եսնրա աջ ձեռքն եմ: Առանց ինձ նա ոչինչ է, իսկ առանց նրան ես ոչինչ եմ: Մեր երկուսի միավորությունը կազմում է մի սարսափելի ամբողջ, որի առջև կոչնչանա Բեկի բոլոր զորությունները: Բայց մի՞թե աստված և նրա սուրբերը կներեն ինձ, եթե ես միանամ օտարի հետ և պատերազմեմ իր հայրենիքի փրկիչների դեմ: Մի՞թե ապագա սերունդը մինչև հավիտյան անեծքով և նախատինքով չի դատապարտի իմ հիշատակը: Ոչ, ես ուրացողի անունը կրեցի, բայց դավաճանի անուն ժառանգել չեմ ցանկանա: Կգնամ Բեկի և Ներսիս սրբազանի մոտ, կչոքեմ նրանց առջև ու կասեմ. «Ընդունեցեք ձեր անառակ որդուն. կորած էի` գտնվեցա, մեռած էի` կենդանացա...»:

Բայց ես ուշացա, ես շատ ուշացա: Ես այդ պիտի անեի այն ժամանակ, երբ մեր երկրի պետերը հավաքվեցան Տաթևի վանքի տաճարի մեջ և սուրբ Վարդանի գերեզմանի վրա ուխտ ուխտեցին, հավատարմության երդում տվեցին: Ես ուշացա: Հիմա նրանք այլևս չեն հավատա իմ անկեղծությանը: Եվ իրավունք ունեն չհավատալու: Իմ ամբողջ կյանքը, իմ գործունեությունը միշտ վատ վկայություն կտան իմ մասին: Ես միշտ ծածկված եմ եղել մի կեղծ, խաբուսիկ կեղևով: Դրսից ներկայացել եմ որպես պաշտոնյա, որպես գործիք օտարի, իսկ ներսից պաշտպանել եմ իմ ազգի շահերը: Ես հայտնապես վնաս եմ տվել իմ ազգին, բայց գաղտնապես օգնել եմ նրան: Բայց ո՞վ է քննում մարդկանց սիրտը, որ թաքնված է խավարի և մթության մեջ: Ամեն ինչ դատում են արտաքին փաստերով, որ ավելի աչքի են զարկում, որ ավելի շոշափելի են:

Ի՞նչ պիտի անես, երբ օտարի, երբ թշնամու ծառայության մեջ ես գտնվում: Մի պատառ պետք է ձգես նրա բերանը, որ կարողանաս ամբողջը ազատել: Ես տվեցի Ֆաթալի խանին մի վանք, որ նա իր համար ամառանոց կառուցանե և դրանով ազատեցի մեր բոլոր վանքերը: Ես տվեցի նրա եղբորը իմ հարազատ աղջիկը և դրանով ազատեցի հազարավոր աղջիկներ մահմեդականի կին լինելուց: Ես ուրացա իմ կրոնը, ընդունեցի մահմեդականություն, որ դրանով գրավեմ իմ թշնամու մտերմությունը, որ դրանով ավելի խոր մտնեմ նրա սրտի մեջ, որ կարողանամ նրան իմ ձեռքում պահել: Այդ բոլորը արեցի ես միայն նպատակների համար: Բայց աստծուն հայտնի է, որ իմ նպատակները չար չէին: Նրանք կարող են այժմ չար երևնալ, որովհետև իմ նախասահմանությունը անկատար մնաց... ես չկարողացա ի կատար հանել այն մեծ շինվածքը, որի հիմքը դրել էի...»:

Այսպես տարուբերվում էր, օրորվում էր իր մտածությունների մեջ այդ դժբախտ մարդը, բայց մի ելք, սրտի և հոգու հանգստություն գտնել չէր կարողանում:

Սենյակի օդը խեղդվելու չափ ծանր էր. գուցե այդպես երևում էր նրան: Բորբոքված սրտի կրակը հարուցել էր նրա մեջ մի տեսակ տենդային ջերմություն, որ ազդում է և ուղեղի վրա: Նա մոտեցավ պատուհանին, բաց արեց լուսամուտը, նստեց նրա հանդեպ, որ փոքր-ինչ զովանա, որ փոքր-ինչ ազատ շունչ առնե:

Դրսում խաղաղ գիշեր էր: Նա երկար մի առանձին հաճությամբ նայում էր գիշերային խավարի մեջ: Այդ խավարը համապատասխանում էր նրա մտքի խավարին: Որպես մթնոլորտի մթության մեջ նա որոշ ոչինչ չէր տեսնում, այնպես էլ իր մտքի խավարի մեջ ամեն ինչ պարզ չէր, ամեն ինչ պատած էր խորին մռայլով:

Հանկարծ նրա աչքին ընկավ լուսնի նորածին եղջյուրը, որը նշմարվում էր հորիզոնի վրա, և կամաց-կամաց իջնում էր դեպի իր մուտքը: Տիեզերքի մթության մեջ այդ աղոտ լուսատու կետը գրավեց նրա ուշադրությունը: Կարծես, նա պիտի պարզեր նրա մտքի մռայլը, կարծես, նրանից էր սպասում իր ճակատագրի վճիռը:

«Թո՜ղ աստված ինքը վճռե...» — ասաց նա և գրպանից հանեց իր երկայն տերողորմյան, սկսեց մին-մին դարձնել նրա հատիկները, աչքերը չհեռացնելով լուսնի վրա նայելուց:

Տերողորմյայի վրա կային հիսուն հատիկներ, ամեն անգամ, երբ հիսուն թիվը լրանում էր, նա եղունգով մի խազ էր գծում պատի վրա: Երկար այդ գործողությունը շարունակում էր նա, անշարժ աչքերը սևեռած պահելով լուսնի վրա: Պատի վրայի խազերը հետզհետե ավելանում էին:

Լուսինը մայր մտնելու մոտ էր: Այժմ նրա ձեռքերը սկսեցին դողդողալ, և սիրտը սաստիկ բաբախում էր: Բայց տերողորմայի հատիկները շարունակում էր դարձնել:

Լուսինը ծածկվեցավ լեռների ետևում, թողնելով հորիզոնի վրա մի աղոտ լուսավորություն: Նա սոսկալի զգացմունքով գծեց պատի վրա վերջին խազը: Մի քանի րոպե մնաց շվարած, խուլ անվճռականության մեջ: Հետո սկսեց հաշվել, գումարել խազերը;

«Մեկ, երկու, երեք... — խազերի ամբողջ թիվը քսան և մեկ է.... ուրեմն գումարը կլինի մի հազար և հիսուն...»:

Նա սարսափելով ձեռքը խփեց իր ճակատին և քարացածի նման մնաց անշարժ:

Վիճակը դուրս եկավ հօգուտ Ֆաթալի խանին...

ԻԹ

Արծվանիկ ավանի արևելյան կողմում բարձրանում է մի անտառապատ սար, որը պարսպի ձևով տարածվում է հյուսիսից դեպի հարավ: Այդ սարի կուրծքին կպած է գեղեցկադիր ավանը, իսկ սարի վրա, հովանավորված ահագին կաղնի ծառերով, կանգնած է «Կարմիր վանքը», որ կառուցվել է նույն լեռան կարմրագույն քարերից, սուրբ Նախավկայի անունով: Այդ հոյակապ վանքը չորրորդ դարու վերջում հիմնեց Երիցակ անունով ճգնավորը, դրա համար էլ կոչվում է Երիցակա վանք:

Երիցակը կազմեց այդ վանքում մշտալուռ կրոնավորների մի միաբանություն, որոնք միայն աստուծո և նրա սուրբերի հետ էին խոսում, և իր ճգնավորական օրինակով ավելի քաջալերեց աբեղաների խստակեցությունը: Երբ Սյունյաց Սահակիա տիկինը հայոց Մուշե հայրապետին նստացրեց իր ոսկիապատ կառքի մեջ, որ լծած էր սպիտակ ջորիներով, և փառավոր հանդեսով ուղարկեց նրան Երիցակին հրավիրելու, որ նա ընդունե Սյունյաց կաթողիկոսության աթոռը, այդ ժամանակ Երիցակը պարանով կախվեցավ վանքի պարսպից և կամենում էր փախչել:

Մինչև այսօր ժողովրդի մեջ դեռ մնացել է վաղեմի ավանդությունը այն մասին, թե երբ Մուշե հայրապետը աշխատում էր համոզել Երիցակին, որ նա ընդունե կաթողիկոսական աթոռը, սուրբ ճգնավորը համեստությամբ հրաժարվում էր, ասելով, թե ինքը արժանավորություն չունի այդ բարձր կոչմանը: Այդ միջոցին նրա խցի դռան մոտ իջան մի խումբ աղավնիներ, և նրանցից մեկը թռչելով նստեց սուրբ ճգնավորի ուսի վրա, և մարդկային բարբառով ասաց. «Արժան է, արժան է»:

Խոսում են և այն, թե երբ սուրբ ճգնավորը մի անգամ որպես ուխտավոր գնացած էր Երուսաղեմի հայոց վանքը, հանկարծ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնի ճրագալույցի երեկոյին մտաբերեց իր հեռավոր վանքը, որ գտնվում էր Սյունյաց աշխարհում, մտաբերեց իր միաբանակից եղբայրներին և ցանկացավ նրանց հետ միասին կատարել ծննդյան տոնը: Երբ այդ ցանկությամբ սուրբ Բեթլեհեմի այրի դռան հանդեպ կանգնած լաց էր լինում նա, մոտեցավ մի կին, և նստեցրեց նրան մի կախարդական սափորի վրա, որը մի ակնթարթում Երուսաղեմից հասցրեց նրան Սյունյաց աշխարհը և իր վանքը Արծվանիկում: Միաբանները դեռ չէին ավարտել ճրագալույցի երեկոյան պատարագը, երբ տեսան նրան և զարմացան†††††††††††††††††††††††††††††:

Երիցակա վանքը Սյունյաց աշխարհի ամենափառավոր վանքերից մեկն էր. նրա հոյակապ շինվածքը ներկայացնում էր հայկական ճարտարապետության սքանչելի գործերից մեկը: Նրա շուրջը գտնվում էին մենակյաց միաբանների համար գեղեցիկ խուցեր. ընդարձակ սեղանատուն, ամբարանոցներ լի ամեն տեսակ պաշարեղեններով և ախոռատներ բազմաթիվ անասուններով: Այստեղ կերակրվում էին մարդկային հասարակությունից հալածված ուրուկներ և այլ տեսակ ախտավորներ, որոնց վրա միաբանությունը առանձին խնամք էր տանում և բժշկում էր:

Վանքը, որպես մի գեղեցիկ պսակ, դրած էր լեռնային բարձրավանդակի վրա, հովանավորված անտառի մշտականաչ ծառաստանով, որի լռության մեջ, թռչունների ուրախ երգերի հետ, հնչվում էին աստծուն նվիրված աբեղաների սաղմոսերգությունները: Նրա ստորոտում, ժայռերի սրտում գտնվում էին բնական քարանձավներ, որոնց մուտքը թաքնված էր խիտ պատատակների մեջ, որոնք ծտերի բույնի նման կախված էին անդունդի վրա, որը հազարավոր քայլերի խորությամբ, որպես մի հսկայական վիհ, բացվում էր դեպի ցած: Այդ քարանձավների խլության մեջ առանձնացած էր աշխարհից բոլորովին հրաժարված ճգնավորի միաբանությունը, որոնք ոչ արևի լույս էին տեսնում և ոչ ադամորդիների երես:

Բայց Դավիթ բեկի հայտնվելուց մի քանի տարի առաջ այդ վանքը, որ ավելի քան տասներկու դար գոյություն ուներ, բոլորովին քայքայվեցավ, բոլորովին զրկվեցավ իր վայելչությունից:

Այդ ժամանակ վանքի միայն մերկ կմախքն էր մնացել: Հոյակապ տաճարի արտաքին սրբատաշ քարերը պոկած էին. կանգնած մնում էին միայն ահագին կամարները‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡: Բացի տաճարից, վանքի բոլոր շինությունները քանդված էին: Իսկ նրանց փոխարեն, մի քանի քայլ հեռավորության վրա, կառուցված էր մի հիանալի ամառանոց: Այդ ամառանոցը պատկանում էր Ֆաթալի խանին: Նա շինված էր վանքի քարերով: Անգութ թյուրքը չխնայեց մինչև անգամ եպիսկոպոսների շիրիմներին, աբեղաների գերեզմաններին, և նրանց տապանաքարերը գործ ածեց բաղանիքների ու ախոռատների շինության համար: Միշտ աղոթող ճգնավորների մենարաններում այժմ բնակվում էին ավազակներ:

Ֆաթալի խանը, որպես մի խաշնարած ցեղի գլխավոր, իր հոտերով տարվա տաք եղանակները առաջ անց էր կացնում Ղարադաղի լեռների վրա, իսկ ձմեռը վերադառնում էր Բարդյուշատի գավառը, բնակվում էր իր սեփական ձմեռանոցում, որ գտնվում էր Ալթինջի գյուղում: Բայց այն օրից, երբ նա բարեկամացավ մելիք Ֆրանգյուլ ուրացողի հետ, փոխեց իր կենցաղավարության եղանակը: Մելիքը նրան մի առանձին ծառայություն անելու համար, թույլ տվեց իր սեփական ավանի` Արծվանիկի մոտ ամառանոց կառուցանել: Խանը ընտրեց Երիցակա վանքի գտնված տեղը, որը իր սքանչելի դիրքով, իր լեռնային բարձրությամբ և գեղեցիկ անտառներով ամեն հարմարություններ ուներ ամառանոցի համար:

Մելիքը մատնեց մահմեդականի ձեռքը այդ քրիստոնեական վաղեմի սրբավայրը, մի լոկ նպատակի համար, որ նրան իր մոտ պահե, որ պատահած ժամանակ կարողանա նրա ուժերից օգուտ քաղել:

Խանը շինեց իր հիանալի ամառանոցը հայոց վանքի քարերով և մի հարուստ հայից հափշտակած փողերով: Այդ հայի անունն էր Խոջա-Օհան, որը բնակվում էր իր հիմնած սեփական գյուղում, որ իր անունով կոչվում էր Խոջահան§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§: Խոջա-Օհանը մի երևելի վաճառական էր, խանը մեղադրեց նրան այն հանցանքի մեջ, իբր թե նա հեռու երկրներից զենքեր է տեղափոխում իր թշնամիների համար: Այդ առիթով սպանեց նրան, նրա անբավ հարստությունը հափշտակեց և նրա ամբողջ ազգատոհմը բռնավորի անգթությանը զոհ դարձավ:

Առավոտ էր, այն գեղեցիկ, խաղաղ առավոտներից մեկը, որ միայն լեռնային անտառապատ աշխարհներին հատուկ է:

Ֆաթալի խանի ամառանոցի մեջ դեռ բոլորը քնած էին: Մի տիկին միայն զարթել էր, հագնվել էր, պատրաստվում էր կատարել վաղորդյան աղոթքը: Արեգակի առաջին ճառագայթները, ներս շողալով սենյակի պատուհաններից, լուսավորում էին նրա շքեղ օթևանը վառ-ծիրանագույն պայծառությամբ: Բայց տիկինը իջեցրեց պատուհանների վարագույրները, կարծես, այդ լույսը կարող էր արգելք լինել նրա աղոթելուն: Հետո ներսից կողպեց նախասենյակի դուռը, որ ոչ ոք իրան չխանգարե:

Մահմեդական կանայքը ամենևին աղոթելու սովորություն չունեն, իսկ տղամարդիկը միայն աղոթում են ի ցույց ծարդկանց` հրապարակների վրա, ճանապարհների եզերքում, մի խոսքով, որտեղ որ պատահի:

Բայց այդ տիկինը, կողպելով իր սենյակի դռները, ոչ թե կատարում էր մի հայտնի պատվեր, այլ ավելի երկյուղ ուներ, մի գուցե իր աղոթելը նկատելի լինի:

Դուռը կողպելուց հետո, նա միանձնուհու հանդարտ քայլերով, մոտեցավ սենյակի արևային կողմի պատին, և զգուշությամբ բարձրացրեց մետաքսյա վարագույրը, որ քարշ էր ընկած պատի երեսից: Վարագույրի ետևում հայտնվեցավ մի խաչ, որ փորված էր քարի վրա: Տիկինը ծունկ իջավ նրա առջև, ձեռքերը փակեց կուրծքի վրա և իր ջերմեռանդությամբ լի աչքերը դարձրեց դեպի երկինքը:

Խաչի ներքև, քարի վրա, նշմարվում էին մի քանի եղծված հայերեն տառեր: Երևում էր, սենյակի շինության ժամանակ այդ քարը պատահմամբ ընկել էր այնտեղ: Ամբողջ ամառանոցը կառուցված լինելով վանքի քարերով, նրանց վրա դեռ պահպանվել էին քրիստոնեական տաճարի հիշատակարանները, միայն ծեփած էին գաջով, որ աչքի չզարկեն: Բայց այն օրից, երբ հայտնվեցավ այդ խաչը, տիկինը համարում էր իր համար մի սրբազան գյուտ: Հանկարծ պոկվեցավ պատի ծեփը և նրա տակից երևաց խաչը: Տիկինը իր միակ մխիթարությունը ծածկեց վարագույրով, և այնուհետև իր սովորական աղոթքները կատարում էր նրա հանդեպ:

Ընթերցողը կարող է նախագուշակել, թե ով էր այդ բարեպաշտ տիկինը, որ մահմեդական հարեմի մեջ աղոթում էր քրիստոնեական խաչի առջև: Դա մեր վաղեմի ծանոթ Սյուրին էր, Տաթևի Դավիթ ուրացողի աղջիկը, Ֆաթալի խանի նշանավոր խանումներից մեկը:

Այն օրից, որ մենք բաժանվեցանք Սյուրիի հետ, անցել է տասնևյոթ տարի. դա մի նշանավոր թիվ է կնոջ հասակի համար: Սյուրին այժմ կորցրել է իր մանկական թարմությունը. նա տարիքն առած կին է, բայց առաջվա նման նույնպես գեղեցիկ է նա, նույնպես հրապուրիչ է, միայն հասունացած կնոջ գեղեցկությամբ:

Վերջին տարիներում ավելի մաշվեցավ, ավելի թառամեց չքնաղ գեղեցկուհին, մանավանդ այդ ամառանոցը հիմնելուց հետո: Նրան խիստ ծանր էր բնակվել մի տան մեջ, որ կառուցվել էր հայոց տաճարի փլատակներով: Նա չէր կարողանում զսպել իր արտասուքը, երբ ամեն օր իր աչքի առջև տեսնում էր նույն տաճարի ավերակները: Այդ ավերակները մի քանի քայլ միայն հեռու էին նրա բնակարանից: Ամեն անգամ, երբ գիշերային լռության ժամանակ, նա իր սենյակի պատուհանից նայում էր կործանված վանքի փշրանքների վրա, նրան երևութանում էր, որպես թե աբեղաների սևազգեստ դասը, դուրս գալով իրանց շիրիմներից, խաչ և Ավետարան ձեռքերում բռնած, կատարում էին մի տխուր հոգևոր թափոր, որը ավելի նման էր թաղման հանդեսի: Նրանք անեծք և նզովք էին կարդում այն բռնակալի վրա, որ քանդեց, ոչնչացրեց իրանց մշտական աղոթքների սրբավայրը:

Իսկ այդ առավոտ տիկինը սովորականից ավելի տխուր էր: Վերջացնելով աղոթքը, նա կրկին ցած թողեց վարագույրը, ծածկեց խաչը, որ ոչ ոք չտեսնե: Հետո մոտեցավ պատուհանին, բաց արեց լուսամուտը, նստեց նրա հանդեպ և սկսեց մտախոհ կերպով նայել դեպի գեղադրական հեռուն: Նրա աչքերի առջև բացվում էր մի սքանչելի տեսարան. մանիշակագույն հորիզոնի վրա նկարված էին Բարգյուշատի և Չավնդուրի գեղեցիկ, անտառապատ լեռները, որոնց միջից իր մերկ գագաթով վեր էր բարձրացել հսկա Խուստուփը: Իսկ մյուս կողմում իր հավերժական սառնամանիքներով ձգվում էր Կազբեկի շղթան, որը իր ձյունապատ գագաթներով ներկայացնում էր մի հակապատկեր ծաղկյալ, կանաչազարդ տարածության մեջ: Այդ բոլորը, լուսավորված վաղորդյան արեգակի պայծառ ճառագայթներով, շնչում էր նորածին օրվա ջերմ, կենսատու շնչառությամբ: Բայց տիկնոջ սրտին նրանք ոչինչ ուրախություն, ոչինչ մխիթարություն չէին ազդում: Նրա միտքը թռել և սլացել էր հեռու և հեռու, դեպի այն կանաչազարդ լեռների ետևը, ուր կռվում էին հայոց քաջերը, որոնց թվում կռվում էր և իր սիրելին...

Հանկարծ նրա դեմքը բոլորովին մռայլվեցավ, նա ամբողջ մարմնով դողաց, երբ պատուհանից նկատեց մի մարդ իր նշանավոր սև ջորու վրա հեծած, բարձրանում էր Արծվանիկ ավանի զառիվերից և ուղիղ դիմում էր դեպի իրանց ամառանոցը: Նրա ջորու առջև ընկած ոտքով գալիս էին երկու զինված շաթրներ: «Ի՞նչ գործ ունի մեզ մոտ այդ չարագործը այդպես վաղ առավոտյան...», — մտածեց տիկինը և աչքերով սկսեց հետևել նրան:

Չարագոծը մոտեցավ ամառանոցի գլխավոր դռանը, ցած իջավ ջորուց, երիվարը պահ տվեց իր շաթրներից մեկին, և մյուս շաթրին իր հետ առնելով, սկսեց բախել դուռը:

Այդ միջոցին տիկնոջ սենյակը ներս մտավ, բոլորովին հագնված և պատրաստված, գեղեցիկ Ֆաթիման:

Ֆաթիմային մենք թողեցինք, երբ նա դեռ փոքրիկ աղջիկ էր, երբ նրան ձեռքի վրա էին ման ածում, իսկ այժմ աճել է նա, խոսում է, դատում է, գիտե իրան պահել: Տեսնելով մոր տխրամած դեմքը, նա մոտեցավ, և գրկելով նրա պարանոցը, ասաց.

Մայրիկ, դու էլի լաց ես լինում... երբ դու լաց ես լինում, իմ աչքերիցս էլ արտասուք է վազում:

Մայրը համբուրեց նրան, ասելով.

Ինչո՞ւ, զավակս, քո ինչ լաց լինելու ժամանակն է: Ես էլ լաց չեմ լինում. այս առավոտ չգիտեմ ինչ է պատահել աչքերիս հետ, կարծես թե, այրվում լինեն...

Մայրը թաշկինակը տարավ դեպի աչքերը, սրբեց արտասուքը: Ֆաթիման փոքր-ինչ հանգստացավ, և ավելի վստահություն ստանալով, ասաց մորը.

Գիտե՞ս այս առավոտ ես ինչու եմ այսպես շուտ վեր կացել, այսպես լավ հագնվել:

Դու միշտ շուտ ես վեր կենում, զավակս, — պատասխանեց մայրը, փայփայելով նրա առանձին խնամքով սանրված սև գանգուրները:

Այդպես է, շուտ եմ վեր կենում, մանավանդ, երբ լավ առավոտ է, — պատասխանեց նա փոքր-ինչ պարծենկոտությամբ: — Բայց այսօր մի ուրիշ պատճառ կա:

Next page