Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Այն խառնակության մեջ ո՞վ կարող էր գիտենալ, թե ուր տարան:

Մելիքը շատ տխրեց, որ նրան չհաջողվեցավ իր բարբարոսությունը գործ դնել թշնամու անշունչ դիակի վրա:

Իսկ Ստեփաննոս Շահումյանը, տեսա՞ք, ի՜նչպես սատանայի նման աներևութացավ... — ասաց մելիքը, ափսոսալով այդ մեծ կորուստի համար:

Այո՜, սատանայի նման աներևութացավ... — կրկնեց գզիրը ոչ սակավ ափսոսանքով:

Ջորին դարձյալ ընդհատեց նրանց խոսակցությունը: Գիշերային ճանապարհորդության ժամանակ անասունները ավելի զգույշ են լինում, քան թե մարդիկ: Այս անգամ ավելի սաստիկ կերպով խրտչելով, նա հետ-հետ քաշվեցավ և փոքր էր մնում մելիքին խփեր քարերի վրա:

Ի՞նչ է պատահել այդ անասունի հետ, — հարցրեց մելիքը, նրա սանձը քաշելով:

Ծառերի միջից շշնջյուն լսեցի, — ասաց շաթրներից մեկը:

Այդ միջոցին կտցահարը իր անտանելի անախորժ ձայնով դռդռաց, տերևները միմյանց զարկվեցան, իբր թե անտառների այդ անքուն հսկողը, մի ծառից թռչում էր մյուսի վրա:

Տեսնում եք, կտցահարն է, — ասաց գզիրը և շարունակեց իր ընդհատված խոսքը.

Դուք զբաղված էիք կռվի մեջ, չէիք նկատում, մելիք, Թորոսի ընկնելուց հետո, մինչև երեկոյան մութը պատելը, Ստեփաննոս Շահումյանը իր մարդիկներով պաշտպանվում էր: Ես տեսա` պատերազմի ամենաջերմ ժամանակը, նրա ձին հրացանի գնդակից վերք ստացավ, ցած գլորվեցավ և իշխանին տակով արեց: Այդ միջոցին մերոնք վրա հասան և գերեցին նրան: Նրա երկու թիկնապահները` Ջումշուդը և Աղասին երկար կռվում էին, որ ազատեն իրանց իշխանին, բայց չկարողացան:

Այդ բոլորը ես իմանում եմ, — ասաց մելիքը, — նրան հայոց մյուս գերիների հետ բերեցին մինչև խանի տունը, այնտեղ կալանավորեցին, բայց նրանից հետո ո՞ւր կորավ:

Ո՞ւր պիտի կորչեր, շատ հասկանալի է, կամ ինքը հնար գտավ փախչելու, կամ ուրիշնրը փախցրին նրան:

Վերջին կարծիքը ավելի հավանական է... և ես մեկի վրա կասկած ունեմ... անպատճառ նրա գործն է... նա կաշառած կլինի պահապաններին և փախցրած... թյուրք պահապանը մի սև փողի համար հոգի կտա.. Իսկ ամրոցի մեջ բոլորը զբաղված են խանի վերքով... այդ խառնակության մեջ, եթե գերիների կեսն էլ փախցնելու լինեն, ոչ ոք չի նկատի**: Թող, աստված տա, խանը առողջանա, այն ժամանակ ես անպատճառ պատժել կտամ այն անզգամին, որ մի այսպիսի պատվական որսը մեր ձեռքից դուսր հանեց...

Մելիքի կասկածը, իշխանին փախցնելու վերաբերությամբ, տիկին Սյուրիի և ներքինապետ Ահմեդի մասին էր, որոնց գաղտնի հարաբերությունները իշխանի հետ նրան վաղուց արդեն հայտնի էին:

Մելիքը և իր ուղեկիցները բավական հեռացել էին խանի ամառանոցից և մոտեցել էին Արծվանիկ ավանին: Նա դեռ մտածում էր «պատվական որսի» վրա, որից զրկվելը, իրավ որ, նրա վրեժխնդիր, չարությունից անհագ սրտի համար մեծ կորուստ էր: Այդ միջոցին նրա ուշադրությունը գրավեց մի երկայն, սպիտակ ստվեր, որ հեռվից ուրվականի նման հանկարծ աչքի ընկավ և կրկին անհայտացավ խավարի մեջ:

Ջորին դարձյալ ցցեց իր ականջները, և սարսափելով դեպի այն կողմը նայեց: Բայց մելիքը այդ երևույթը վերաբերեց իր փոքր-ինչ գրգռված երևակայությանը և կրկին սկսեց խոսել «պատվական որսի» վրա:

Այս անգամ ազատվեցավ նա... եթե մի անգամ էլ իմ ձեռքը ընկնելու լինի, ես գիտեմ, թե ինչ կանեմ...

Ահա ես...

Լսելի եղավ մի ձայն, և մի մարդ թուփերի միջից կայծակի նման դուրս պրծնելով, արձանացավ մելիքի առջև: Այդ ձայնի հետ ճայթեց մի ատրճանակ և գնդակը ուղիղ անցավ դավաճանի կուրծքի մեջ: Նա մի կողմ թեքվեցավ և գլուխը քարշ ընկավ սև ջորու կողքից, որովհետև ոտները ասպանդակներից իսկույն չդուրս եկան: Ջորին այժմ ավելի ազդու պատճառ ուներ խրտչելու, սկսեց վազ տալ և իր մեջքից քարշ ընկած տիրոջ գլուխը զարկել քարերին...

Մելիքի երկու անբաժան շաթրիները ենթարկվեցան նրա վիճակին. երկու ուրիշ տղամարդիկ, նույն թուփերի միջից դուրս գալով, սրերի հարվածների տակ նրանց ցած գլորեցին: Իսկ գզիրին բռնեցին:

Սպասեցեք, դրան դեռ թողեցեք, — հրամայեց առաջինը, և մոտենալով զգիրին` հարցրեց.

Ճանաչո՞ւմ ես ինձ:

Ճանաչում եմ. դուք Գենվազի իշխան Ստեփաննոս Շահումյանն եք, — պատասխանեց նա լրբաբար: — Հենց այս րոպեիս մելիքի հետ ձեզ վրա էինք խոսում...

Դո՞ւ էիր, որ խաչն ու Ավետարանը բերեցիր մեր բանակը մեզ խաբելու համար:

Այո՜, ես էի. և դուք այնքան միամիտ գտնվեցաք, որ խաբեցաք:

Այժմ ինչո՞վ վարձատրեմ քո այդ ծառայությունը:

Այդ սրով:

Նա ձեռքը մեկնեց դեպի իշխանի սուրը:

Ոչ, անպիտան, ես իմ սուրը չեմ պղծի քո արյունով:

Նա դարձավ դեպի իր երկու թիկնապահները` Ջումշուդին և Աղասիին, հրամայեց նրանց.

Դրան պառկեցրեք և գլուխը ջախջախեցեք քարով:

Ջումշուդը պառկեցրեց նրան, գլուխը դրեց մի տափակ քարի վրա, իսկ Աղասին մի ահագին քար բարձրացնելով ասաց.

Այդ սատանայական գլուխը, որ այնքան միջոցներ է հնարել մելիքի չարագործությունների համար, արժանի է այդ վարձատրությանը:

Նա արդեն վարձատրված է... — պատասխանեց լիրբը տակից. — այսօր մի քանի հազար հայոց կտրած գլուխների արժեք ունեցավ...

Անզգա՜մ... — գոչեց Աղասին և իր բոլոր ուժով ցած թողեց քարը:

Անզգամի գլուխը տափակ գաթայի ձև ստացավ:

Այնտեղ, ուր կատարվեցավ այդ փոքրիկ դրաման, գտնվում էր մի խրամատ, որ առաջացել էր հեղեղներից: Դիակները ձգեցին այդ խրամատի մեջ: Իսկ ջորին, Աբիսողոմի ջորու նման, վազ տալով, մտել էր ծառերի մեջ, և այնտեղ փշոտ թուփերի հետ փաթաթվելով կանգնել էր: Զանազանությունը նրա մեջն էր միայն, որ Աբիսողոմի երկայն մազերը փաթաթվել էին ծառերի ճյուղերին, իսկ մելիքի հագուստի երկայն փեշերը, այն հագուստի, որ մի ժամանակ նա ստացել էր խանից որպես խալաթ: Նրա դիակը նույնպես ձգեցին խրամատի մեջ, իսկ ջորուն բաց թողեցին: Նա ուղիղ դիմեց դեպի տիրոջ ամրոցը նրա բոթը տանելու համար: Ամրոցը շատ հեռու չէր այդ տեղից:

Իշխան Շահումյանը, իրավ որ, կռվի դաշտում գերի բռնվեցավ և բազմաթիվ հայ գերիների հետ բերվեցավ խանի ամրոցը: Ջումշուդը և Աղասին մինչև այնտեղ հասցնելը հետևում էին նրան, որ ճանապարհին մի կերպով ազատեն, բայց հնար չեղավ: Նրանք դարձյալ չհեռացան ամրոցից, ուր կալանավորված էր իրանց տերը, և գիշերային մթության մեջ անհանգիստ կերպով դեգերում էին նրա մերձակայքում:

Բայց ամրոցի մեջ բոլորի հոգսերը դարձրած էին դեպի վիրավորված խանը, մանավանդ երբ իմացվեցավ նրա եղբոր` Աղասի խանի կռվի մեջ սպանվիլը, ամբողջ ամրոցը սուգի մեջ ընկավ: Այդ էր պատճառը, որ գերիների վրա շատ ուշադրություն չէին դարձնում. նրանց անասունների նման լցրել էին ախոռատան բակում, թոկերով կապկպել էին և դռների մոտ պահապաններ էին դրել:

Դերվիշին հայտնի էին նույն օրվա կռվի բոլոր հետևանքները, նրան հայտնի էր և իշխանի գերություն: Գիշերով վերադառնալով կռվի դաշտից, նա առանց ժամանակ կորցնելու, վիրավորված խանին իր ցավակցությունը հայտնելու պատրվակով, մտավ նրա ամրոցը: Խանին նա տեսնել չկարողացավ և տեսնել շատ ցանկություն ևս չուներ: Այնտեղ գտավ ներքինապետ Ահմեդին և հաղորդեց նրան իշխանի հետ պատահած դժբախտությունը:

Ներքինապետը այս գիշեր հարյուրավոր աչքեր էր ստացել և Արգոսի նման ամեն բանի վրա հսկում էր: Նա իսկույն շտապեց գերիների մոտ, իբր թե նրանց համբարելու համար է գնում, որ պահապանները գեղծումներ գործ չդնեն: «Խանը այսպես վիրավորված, ընկած է, ամեն բան մնացել է անգլուխ, ասում էր նա, պետք է զգույշ լինել, որ անկարգություններ չպատահեն...»:

Պատերազմի խռովության պատճառով իշխանը մնացել էր առանց ճանաչվելու. նրան խառնել էին հասարակ գերիների հետ: Երբ ներքինապետը, բոլորին աչքից անցկացնելով, հասավ նրան, դարձավ դեպի պահապաններից մեկը և ծիծաղելով ասաց.

Դրան ինչո՞ւ եք բերել այստեղ:

Դա էլ հայ է, — պատասխանեց պահապանը:

Դու կարծում ես ամեն հայ մեր թշնամին է:

Ապա ի՞նչ է:

Հիմա՜ր, դա Սևաքարի գյուղացիներից է, ես ճանաչում եմ, մելիք Ֆրանգյուլի խումբիցն է, որ այսօր օգնում էին մեզ, որ մերոնցից ավելի լավ էին կռվում Թորոսի զորքերի հետ:

Ես այդ չէի իմանում:

Դու չէի՞ր իմանում, որ մելիք Ֆրանգյուլի ամբողջ խումբը բաղկացած էր հայերից, բայց մեր բարեկամ հայերից:

Այդ ես իմանում էի:

Էլ ի՞նչ ես գլխիդ զոռ տալիս:

Ներքինապետը հրամայեց իսկույն արձակել «սևաքարեցի գյուղացուն»: Նրա հրամանը անմիջապես կատարվեցավ: Ներքինապետը մահմեդական ամրոցում այն անձնավորություններից մեկն է, որի խոսքը դողությամբ են լսում:

Ազատվելով իր կապանքներից, իշխանը ներքինապետից տեղեկացավ, որ մելիք Ֆրանգյուլը խանի մոտն է, տեղեկացավ և այն, որ գիշերը ամրոցում չէ մնալու, այլ գնալու է իր տունը: Այդ տեղեկությունները բավական էին նրան իսկույն կազմելու իր ձեռնարկության ծրագիրը: Նա մտածեց օգուտ քաղել հանգամանքներից և նույն գիշերվա մեջ պատժել, անպատճառ պատժել այն դավաճանին, որ այդքան թշվառությունների պատճառ դարձավ:

Նրա երկու մտերիմները, Ջումշուդը և Աղասին, ինչպես վերևում ասեցինք, խանի ամրոցի մերձակայքում դեգերում էին: Ներքինապետին հայտնի էր նրանց ինչ տեղում թաքնված լինելը:

Այդ ծառերի մեջ, — ասաց նա իշխանին, — կգտնենք ձեր թիկնապահներին:

Շնորհակալ եմ, Ահմեդ, — պատասխանեց իշխանը, երախտագիտաբար բռնելով ներքինապետի ձեռքը: — Ես չեմ ցանկանում երկար խոսքերով արտահայտել ձեզ իմ սրտի զգացմունքը: Դուք կատարեցիք և կատարում եք այն, ինչ որ ամեն մի հայի պարտքն է իր հայրենիքի փրկության գործի համար անելու: Դա ազնիվ է և ամենայն համակրության արժանի: Դուք ազատեցիք իմ կյանքը, որ մեր հայրենիքին է պատկանում. հիմա գնացեք, աշխատեցեք ազատելու «մի ուրիշ կյանք», որ միայն ինձ է պատկանում...

Ես այդ մասին ամեն ինչ կարգադրել եմ... — պատասխանեց ներքինապետը:

Շատ շնորհակալ եմ, — ասաց իշխանը: — Ո՞րտեղ կտեսնվենք:

— «Կարմիր վանքի» ավերակների մեջ...

Նրանք բաժանվեցան: Ներքինապետը սկսեց դիմել դեպի խանի ամրոցը, իսկ իշխանը գնաց դեպի այն կողմը, որ ցույց տվեց ներքինապետը, և որտեղ նա հույս ուներ գտնել Ջումշուդին և Աղասուն:

Գտնելով նրանց, իշխանը հարցրեց.

Դուք միայնա՞կ եք այստեղ:

Ոչ, մի խումբ ձիավորներ փոքր-ինչ հեռու, անտառում կանգնած են, — ուրախությամբ պատասխանեցին նրանք, երբ տեսան իրանց իշխանին:

Ձիավորները թող մնան իրանց տեղում, դուք բավական եք ինձ, եկեք իմ ետևից:

Նրանք թաքնվեցան ծառերի մեջ, ճանապարհի այն կողմում, որտեղից պիտի անցկենար մելիք Ֆրանգյուլը իր տունը գնալու համար: Եվ երբ դավաճանը հայտնվեցավ, բավական մոտից հետևում էին նրան, և մինչև անգամ լսում էին նրա խոսակցությունը իր գզիրի հետ:

Գիշերային խավարը մի կողմից, խիստ ծառերի մռայլը մյուս կողմից, անտեսանելի էին կացուցանում նրանց: Միայն մելիքի զգույշ ջորին կարողացավ նկատել դարանամուտնրի ներկայությունը, բայց նրա նախազգուշությունների վրա ուշադրություն չդարձրին:

Երբ չարագործի դիակը ձգեցին խրամատի մեջ, հետո իշխանը Ջումշուդի և Աղասիի հետ դիմեցին դեպի «Կարմիր վանքի» ավերակները: Այդ ժամանակ նրանց պատահեց դերվիշը և անհամբերությամբ հարցրեց.

Վերջացրի՞ք...

Վերջացրինք... — պատասխանեց իշխանը: — Իսկ դո՞ւք...

Մենք էլ վերջացրինք... — ասաց դերվիշը խորհրդավոր ձայնով, և սկսեց առաջնորդել նրանց դեպի «Կարմիր վանքի» ավերակները:

Այդ ավերակների մեջ կարող էր մի ամբողջ լեգեոն թաքնվել: Վանքի կիսավեր տաճարը, միաբանների բազմաթիվ խուցերից շատերը դեռ ամբողջ էին:

Խուցերից մեկի մեջ նստած էր այդ վանքը քանդողի գեղեցիկ կինը` Սյուրին: Մոր ծնկների վրա գլուխը դրած, քնել էր տիկնոջ աղջիկը` Ֆաթիման: Վաղուց կրակ չտեսած բուխարու մեջ ծխում էին մի քանի կտոր փայտեր, և տարածում էին իրանց աղոտ լույսը տիկնոջ անհանգիստ դեմքի վրա: Նրա առջև կանգնած էր ներքինապետը և քաջալերում էր նրան.

Մի՜ վախիք, տիկին, հիմա կգա նա... որտեղ որ է, շուտով կհայտնվի... նա չի ուշանա...

Գուցե մինչև նրա գալը...

Տիկինը չկարողացավ վերջացնել սոսկալի խոսքը: Ներքինապետը հասկացավ նրան, և աշխատեց հանգստացնել.

Ոչ ոք չէ նկատել ձեր ամրոցից դուրս գալը. հիմա այնտեղ ամենքը խանի վերքի վրա են մտածում. կանանոցը մնացել է բոլորովին անտեր. ո՞վ պետք է հասկանա, որ կնիկներից մեկը պակասել է: Եթե տասն էլ պակասելու լինի, այդ կհասկանան, գուցե մի քանի օրից հետո: Իսկ մեզ բավական է այս գիշերը միայն...

Տիկինը չէր վախենում. նա միայն զգուշանում էր: Այն անսահման ուրախությունը, որ այժմ լցրել էր նրա սիրտը, չէր կարող տեղի տալ երկյուղի: Նա զգուշանում էր, մի գուցե զրկվեր այդ ուրախությունից:

Մենք վատ տեղ ընտրեցինք... — ասաց նա:

Այդ ավերակներից ավելի ապահով տեղ չկա, — պատասխանեց ներքինապետը:

Նա իմանո՞ւմ է, որ ես այստեղ սպասում եմ նրան:

Իմանում է. ես նախապես հայտնել եմ բոլորը:

Ծանո՞թ է ճանապարհների հետ:

Դերվիշը կառաջնորդե նրան:

Դրսից լսելի եղան սուլելու ձայներ:

Գալիս են... — ասաց ներքինապետը և շտապով դուրս եկավ խուցից:

Այդ լուրը այնպիսի մի ուրախություն ազդեց տիկնոջը, որ նա ամբողջ մարմնով ցնցվեցավ: Այդ ցնցումից զարթնեց Ֆաթիման, որ նրա ծնկների վրա պառկած էր:

Ես մի լավ երազ տեսա, մայրիկ, — ասաց նա. — կուզե՞ս, պատմեմ:

Մայրը ուշադրություն չդարձրեց նրա երազի վրա և ցնորվածի նման վազեց դեպի խուցի դուռը: Այդ միջոցին մի երիտասարդ գրկեց նրան:

Դերվիշը, ներքինապետը, Ջումշուդն ու Աղասին մնացին խուցի դռանը, ներս չմտան, որ իրանց ներկայությամբ չխանգարեն երկու վաղեմի սիրահարների հոգեզմայլությանը:

Այդ ո՞վ է, մայրիկ, — հարցրեց Ֆաթիման:

Քո հայրը, զավակս, — պատասխանեց մայրը:

Իշխանը մի ձեռքով բռնեց տիկնոջ ձեռքից, մյուսով Ֆաթիմայի ձեռքից, և դուրս եկան խուցից: Այդ միջոցին մոտեցավ դերվիշն ու ներքինապետը և օրհնեցին նրանց բախտավորությունը: Նույն արեցին Ջումշուդն ու Աղասին:

Հեռանալով վանքի ավերակներից, նրանք դիմեցին դեպի անտառը, որի մեջ պահված էր իշխանի ձիավորների խումբը:

Այստեղ իշխանը բռնեց դերվիշի ձեռքը, և հրաժարական ողջույն տալով, ասաց.

Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, դերվիշ, ես չեմ մոռանա ձեր առաքինությունները:

Ավելի սրտաշարժ էր տիկնոջ հրաժարականը.

Ես հոր կողմից անբախտ եմ եղել, դերվիշ, — ասաց նա. — իսկ դուք ամբողջ տասն տարի մխիթարել եք ինձ, և ինձ վրա հայրական խնամք եք ունեցել: Թույլ տվեցեք ինձ համբուրել ձեր աջը, և այդ թող լինի իմ խորին երախտագիտության հատուցումը:

Դերվիշը մեկնեց նրան իր աջը, ասելով.

Ձեր բախտավորությունը, տիկին, ինձ համար մեծ վարձատրություն է: Ես այսուհետև ինձ միշտ երջանիկ կհամարեմ, որ կարողացա ձեզ համար մի բարիք գործել:

Ներքինապետը գրկվեցավ դերվիշի հետ և արտասուքը աչքերում ասաց նրան.

Ցավում եմ, որ գուցե մյուս անգամ չի պիտի կարողանամ տեսնել ձեզ և չի պիտի լսեմ ձեր իմաստուն խոսքերը: Ես կցանկանայի ձեր ճգնարանին ավելի մոտ լինել: Բայց ձեզ հայտնի է, որ իմ կյանքը նվիրված է իմ սիրելի տիկնոջը: Նա այժմ հեռանում է այստեղից, իսկ ես նրանից բաժանվել չեմ կարող:

Գնացեք, տերը թող ձեզ հետ լինի, — ասաց դերվիշը. — բայց ես կմնամ բռնակալի ամրոցի մոտ... կապրեմ նրա քանդած ավերակների մեջ... գուցե մի անգամ ևս դարձյալ հարկավոր կլինեմ գործին...

Նրանք մտան մթին անտառը, ուր սպասում էին ձիաները: Դերվիշը իր վերջին օրհնությունը տալով, ճանապարհ դրեց նրանց:

Նա երկար կանգնած գիշերային խավարի մեջ, խորին բերկրությամբ նայում էր դեպի այն կողմը, ուր գնաց հարեմի գերությունից ազատված կինը սիրելի տղամարդի հետ: Երբ ձիաների ոտնաձայնը բոլորովին լռեց, նա կրկին վերադարձավ դեպի «Կարմիր վանքի» ավերակները և մտավ իր ճգնարանը...

Բարգյուշատի Եղվարդ գյուղի եկեղեցու դռան հանդեպ կա մի փոքրիկ գերեզմանատուն: Այդ գերեզմանատան համարյա թե եզրի վրա այժմ գտնվում է հոյակապ շիրիմ, որ որոշվում է մյուսներից իր մեծությամբ: Տապանաքարի մեկ երեսի վրա քանդակված է մենամարտության հանդես: Մի զինակիր, մեկ ձեռքով բաց սուրը բռնած, մյուսով իր տիրոջ ձիու սանձը, կանգնել է: Փոքր-ինչ հեռու նրա տերը մենամարտում է մի հսկայի հետ: Տապանաքարի մյուս երեսի վրա արհեստավորի ֆանտազիան ստեղծել է մի այլ խորհրդավոր պատկեր: Մի աղվես, ամեհի առյուծի գլուխը իր բերանի մեջ առած, աշխատում է կլանել նրան: — Խորամանկությունը ոչնչացնում է քաջությունը:

Տապանաքարի արձանագրությունը ժամանակից եղծված է: Հարցրեք. այդ ո՞ւմ գերեզմանն է: Ձեզ կպատասխանեն.

Դա Չավնդուրի իշխան Թորոսի գերեզմանն է, այն հերոսի, որ իր ամբողջ կյանքում կռվեց մեր հայրենիքի թշնամիների հետ, իսկ վերջը զոհ եղավ մելիք Ֆրանգյուլ դավաճանի խորամանկությանը:

Հետո ձեզ ցույց կտան «Նարգիզների դաշտը», ուր կատարվեցավ ողբալի պատերազմը:

Երրորդ գլխի վերջը

ՎԵՐՋԱԲԱՆ††

Մինչև այստեղ գծեցինք Դավիթ բեկի և նրա զորապետների գործած պատերազմների լոկ ստվերագիրը միայն:

Իբրև օրինակ մենք մեջ կբերենք մի նկարագիր Դավիթ բեկի կռիվներից, ուր երևում է նա իր վեհ հերոսական բնավորությամբ:

Մինչև Դավիթ բեկը խաղաղեց իր հայրենիքի ներքին դրությունը, մինչ հայերը սկսել էին փոքր-ինչ ազատ շունչ քաշել, մի արտաքին վտանգ կրկին խռովեց նրանց հանգստությունը: Դավիթ բեկը այժմ գործ ուներ մի հզոր թշնամու հետ, որպիսիք էին օսմանցիքը:

Սուլթան Ահմետի օրերում ահագին բազմություն տաճկաց զորքերի դիմում են դեպի պարսկական Հայաստանի մի մասը: Տիրելով Երևան քաղաքին, ապստակելով հանդիպած ազգաբնակությունները, և ամեն ինչ սրի և կրակի մատնելով, 1726 թվին նրանք անցան Սյունյաց աշխարհը, նրանց թիվը հասնում էր յոթանասուն հազարի. այդ խառնիճաղանջ բազմությունը ուներ իր մեջ զինվորներ զանազան ազգերից և զանազան ցեղերից. նրանց մեջ կային մինչև անգամ հայեր: Նվաճելով Դավթի երկրի մի մասը, նրանք տիրեցին Յոթնաբերդին և Ղափանու գավառին: Երկրի հայ բնակիչները վերջին հուսահատության մեջ թողին Դավթին և մտան օսմանցոց լծի տակ: Դավիթը մնաց միայն յոթանասուն անձնանվեր տղամարդերի հետ իր բերդի մեջ Հալիձորում: Նրանից չբաժանվեցան և տեր Ավետիքը, Մխիթար սպարապետը, Մելիք-Փարսադանը, Տաթևի երեք եպիսկոպոսներ և տասներկու քահանաներ: Նրա մնացյալ զորքը բոլորը ցրվեցան: Այսուամենայնիվ Դավթի արիությունը ամենևին չթուլացավ. նա մնաց միշտ քաջասիրտ և անձնավստահ: Նախ և առաջ նա հոգ տարավ ամրացնել բերդը, պաշար հավաքել այնտեղ և խրախուսել իր ընկերներին:

Ղափանը տիրել են ինն ամիս հետո, Դավթի բերդին մոտենում են օսմանցոց զորքերը երկու փաշաներով, որ կոչվում էին Պեքիր և Արաբ-Ալի: Նրանց առաջնորդում էր Բարգյուշատա խանը: Նրանց թվում գտնվում էին և շատվոր հայեր Գողթան գավառից և առավելապես Ագուլիս քաղաքից, որոնք տաճիկներին հաճոյանալու համար, խառնված էին նրանց հետ: Այլևս տեղային թյուրքերից շատերն, որոնք հին ոխ ունեին Դավթի դեմ, միացել էին թշնամու հետ:

Օսմանցիք բանակ են կազմում Հալիձորի հանդեպ: Դավիթը մի փոքրիկ խմբով բռնում է ավանի մյուս կողմը: Երկու կողմերը բաժանված են լինում գետով, որը նույն միջոցին հորդացած լինելով, դժվարացնում էր անցքը: Դավիթը բռնում է գետի անցքը և մինչև երկու օր թույլ չի տալիս օսմանցիներին անցնել: Բայց երկրորդ օրը հայոց հրացանավորները, որոնք տաճիկների հետ էին և որոնք ծանոթ էին այն տեղորայքը, անցնում են գետը ուրիշ կողմից և բռնում են Հալիձորի մի մասը: Անցքը բացվում է օսմանցիների առջև: Դավթին դժվար էր այնուհետև արձակ դաշտում ընդդիմանալ թշնամու բազմությանը: Նա յուրայիններով, որոնց թիվը ավելի չէր, քան երեքհարյուր և հիսուն հոգուց, պատսպարվում է Անապատ կոչված ամրոցի մեջ:

Այս բերդը կոչվում էր Անապատ այն պատճառով, որ նրա մեջ զետեղված էր մի կուսանոց, ուր կային թվով քառասուն միանձնուհիք: Օսմանցիք գետը անցնելեն հետո պաշարեցին բերը: Վեց օր տևեց պաշարումը: Օսմանցիք անդադար ռմբակոծում էին, և իրանց պատերազմական բոլոր հնարները գործ էին դնում, բայց նրանց ջանքերը մնում էին ապարդյուն:

Յոթներորդ օրը պաշարողները վճռում են վերջնական հարձակումն, և իրանց զորքերը երեք մասի բաժանած, երեք կողմից դիմում են դեպի բերդը: Եվ չնայելով բերդի ներսից կարկտի պես թափվող գնդակներին, նրանք մոտենում են պարիսպներին, կանգնեցնում են սանդուղքները և այլ վերելուկ մեքենաներ, սկսում են բարձրանալ: Բայց օսմանցիներից և ոչ մեկը կարողանում է ներս մտնել, այլ զարկվելով, ցած են թափվում:

Թշնամին կրկնապատկում է իր զորությունը և վայրենի կատաղությամբ նոր հարձակում է գործում:

Հասնում է օրհասական րոպեն:

Այս սարսափելի տագնապի մեջ, երբ մի կողմից շողում էին սրեր, հոսում էր արյուն, որոտում էին թնդանոթներ, մյուս կողմից, բարեպաշտ միանձնուհիների դասը հնչեցնում էին զանգակներ և աղերսում էին վերին օգնականությունը:

Քաջազնական հոգին միանալով կրոնական զգացմունքների հետ հրաշքներ էր գործում:

Ամողջ ութ ժամ տևում է կռիվը: Բերդը աննկարագրելի ամրությամբ պաշտպանվում էր: Թշնամիներից և ոչ մինը դեռ չէր կարողացել ներս մտնել: Պաշարվածները` քան թե անձնատուր լինել` ընտրել էին մահը, բայց ցանկանում էին ավելի փառավոր կերպով հանդիպել նրան:

Արևը մերձենում էր իր մուտքին: Օրը տարաժամում էր: Պաշարողները դեռ չէին կամենում ետ քաշվել:

Սույն միջոցին Մխիթար սպարապետը տեր Ավետիքի հետ թողնելով Դավթին փոքրաթիվ պահապանների հետ բերդի մեջ, իրանք ամրոցի գաղտնի դռնով դուրս են գալիս, իրանց հետ ունենալով մի քանի հարյուր սպառազեն տղամարդիկ: Նրանք անակնկալ կերպով հարձակվում են թշնամու գլխավոր բաժնի վրա: Որովհետև մութը պատած էր այն ժամուն, թշնամին շփոթվում է. նրանք կարծում են, թե պաշարվածներին դրսից օգնություն հասավ: Ամբողջ բանակի մեջ տիրում է խռովություն և իրարանցում: Սկսվում է կոտորածը: Նույն միջոցին թշնամու խառնիճաղանջ բազմությունը թողնում է բերդը. նրանք սկսում են ցրվել: Նույն ժամին բերդից դուրս է գալիս և Դավիթ Բեկը, միանում է իր ընկերների հետ: Թշնամին փախչում էր, դրանք հետամուտ էին լինում: Նրանցից ընկնում են մի քանի հազար հոգի, խլում են հարյուրից ավելի դրոշակներ և հարուստ պատերազմական մթերք:

Դավթի մի այսպիսի հաջողությունը լսելով վհատած հայերը, որ առաջ թողել էին նրանց, կրկին հավաքվում են նրա դրոշակի տակ: Դավիթը կրկին հավաքում է իր զորությունները: Այնուհետև նա տեր Ավետիքի և Մխիթար սպարապետի հետ գործեցին և մի քանի այլ հաղթություններ օսմանցիների դեմ, մինչև բոլորովին դուրս հալածեցին նրանց հայոց երկրից:

Այն ժամանակ պարսից Շահ-Թահմազ արքան եկած էր Ատրպատական, որ արգելե օսմանցիների հարձակմունքը դեպի Պարսկաստան: Նա Դավրիժումն էր, երբ մեծ ուրախությամբ լսեց Դավթի հաղթությունները: Եվ Դավիթը նրան ավելի գոհացնելու համար, նույն ժամանակվա սովորության համեմատ, ուղտերի մի ամբողջ կարավան բեռնավորված տաճիկների գլուխներով, այլև իր խլած ավարից մասն հանելով շահին, ուղարկեց Դավրիժ: Շահը ուրախությամբ ընդունեց կարավանը, որ բերում էր իր թշնամիների գլուխները: Այս պատճառով կապեց Դավթի հետ դաշնագրություն, առանձին ֆերմանով շնորհելով նրան Ղափանի ամբողջ գավառը, որպես սեփականություն, այլև կարգեց նրան գլխավոր իշխան բոլոր Սյունյաց և Գողթանի նահանգների, ստորադրեց նրա հրամանին տեղային խաներին, և հրաման տվեց իր անունով դրամ կտրել:

Դավիթը այժմ հասած էր իր բաղձանքին, նա իր ազատ հայրենիքի տերը և իշխանն էր: Այդ եղավ 1727 թվին:

* * *

Սյունյաց նահանգը թեև բոլորովին մաքրված էր օսմանցիներից, բայց Օրդուբադի և Ագուլիսի կողմերում տակավին տիրում էին նրանք: Դավիթը ուղարկեց տեր Ավետիքին և Մխիթար սպարապետին այն կողմերից ևս հալածել նրանց: Մի քանի կռիվներում հայերը հաղթող են հանդիսանում և հաջողվում է տիրել Ագուլիսին: Այս ավանը այն ժամանակ բացի իր շրջակա գյուղորայքից ուներ 10 հազար տուն հայ բնակիչներ: Դրանք մեծ զորություն կարող էին կազմել Դավթին, եթե սրտով միանային նրա հետ: Բայց ընդհակառակն միշտ անհավատարիմ մնացին դեպի Դավթի գործը: Ագուլեցիք մելիք Մուսա անունով մի չարագործից գրգռվելով, որ նրանց գլխավորն էր, առ երես բարեկամ էին ձևանում Դավթին, իսկ գաղտնի օգնում էին օսմանցիներին, լրտեսություններ անելով, պաշար մատուցանելով և հայի բոլոր գաղտնիքը նրանց հայտնելով: Այդ էր պատճառը, որ Դավթի զորքերը թեև նույն օրերում օգնություն ստացան Շահ-Թամազից, բայց մի քանի կռիվներում կոտորվեցան օսմանցիներից:

Դավիթը տեսնելով ագուլեցոց անհավատարմությունը ինքը անձամբ դիմեց Ագուլիս: Նրա զորքը ամրացած էր Թոմա առաքելո վանքի մեջ, որ կարող էր բերդ տեղ ծառայել: Ստուգելով մելիք Մուսայի դավադրությունները, Դավիթը նրան բռնել տվեց և հրամայեց գլուխը կտրել: Բայց նա ազատվեցավ Մելիք-Փարսադանի աղերսանքով:

Քանի օրից հետո մելիք Մուսան բոլորովին մերկացրուց իր թշնամությունը: Մինչ Դավիթը Թոմա առաքելո վանքի մեջ ամրացած էր, նա հավաքելով Ագուլիսի բնակիչներին, պաշարեց վանքը և սկսան հրացաններ արձակել, ստիպելով, որ Դավիթը թողնե իրանց քաղաքը: Այդ հարձակումը գործվեցավ գիշերով: Դավիթը հրամայեց յուրայիններին հանգիստ մնալ և հայի արյուն չթափել: Միայն Մելիք-Փարսադանին ուղարկեց հանգստացնել ագուլեցիներին, խոստանալով, որ առավոտյան կթողնեն քաղաքը: Բայց ագուլեցիք ավելի ևս խստացրին իրենց կատաղությունը և մինչև անգամ հրացանով սպանեցին Դավթի պատգամավորին, այն մարդուն, որ մի քանի օր առաջ ազատեց մելիք Մուսայի գլուխը Դավթի սրից‡‡:

Բայց Դավիթը որքան բարեսիրտ էր, այնքան վրեժխնդիր և խիստ էր դեպի իր անհնազանդները: Նա թեև քանդելով վանքի պարսպի մի մասը, գիշերով դուրս եկավ քաղաքից, բայց մի քանի օրից հետո վերադարձավ, և երկու կողմից հրդեհելով քաղաքը, ահագին ավարով գնաց Հալիձոր:

Դավիթը այնուհետև զբաղվեցավ իր նոր իշխանության կարգադրություններով: Մինչև այնօր խառնված լինելով անընդհատ կռիվների մեջ, նա ժամանակ չէր ունեցել որևիցե կարգ ու կանոն դնել իր երկրում. ամեն ինչ կառավարվում էր վաղեմի նահապետական ձևերով: Նա թողնելով հին սովորությունները, որոնք օրենքի զորություն էին ստացել, միայն ավելի կանոնավորեց նրանց, — երկրի բաժանմունքները կարգի դրեց, որոշեց մելիքների և տանուտերների իրավունքները և զորապետների պարտավորությունները, և զինվորական ծառայությունը ընդհանրապես պարտավորիչ շինեց: Բայց նա իսպառ իր նպատակները իրագործել չկարողացավ, որովհետև հիվանդանալով վաճխանեցավ իր տան մեջ 1728 թվին, վեց տարի միայն վարելով իր իշխանությունը: Դավթից ժառանգ չմնաց. շատ հավանական է, որ նա ամուսնացած ևս չլիներ: Նրա մահից հետո զորականքը միաբանվելով, ընտրեցին Դավթի տեղ Մխիթար սպարապետին:

Մխիթարը որքան և քաջ էր ու գործագետ, այսուամենայնիվ այն բախտը չունեցավ, որպես իր նախորդը: Մի կողմից հայոց զորապետների մեջ ծագեց անմիաբանություն, մյուս կողմից, զորքը վեց տարվա անընդհատ կռիվների մեջ համարյա հոգնել և թուլացել էր սրտով: Այս պատճառով, երբ մի տարուց հետո օսմանցիք կրկին պաշարեցին Դավթի բերդը, հայերը ավելի հարմար համարեցին հաշտության դաշն կապել, քան թե պատերազմել: Նրանք տեր Ավետիքի ձեռքով հաշտության դաշն կապեցին փաշայի հետ և անձնատուր եղան: Բայց ուխտազանց օսմանցիք, երբ իրանց առաջ բացված տեսան բերդի դռները, ներս մտան և վայրենի անգթությամբ սկսեցին կոտորել նրա մեջ եղողներին: Նրանք մինչև անգամ չխնայեցին քառասուն միանձնուհիներին, որոնք նույն ամրոցում մենարան ունեին, բոլորը զոհվեցան տաճկական սրին: Մխիթար սպարապետը բերդի պարսից վար իջնելով ազատեց իր անձը:

Իսկ նա այնուհետև հանգիստ չմնաց: Վերստին զորք հավաքելով, քանիցս անգամ հարձակվեցավ օսմանցիների վրա, վրեժխնդիր եղավ նրանց ուխտազանցության համար. թափեց նրանցից շատ ամրոցներ և քաղաքներ, և 150 ուղտի բեռն ավարով վերադարձավ իր տեղը: Նա բնակվում էր Խնձորեսք կոչված մեծ բերդում:

Մխիթարի իշխանությունը երկար չտևեց, որովհետև 1730 թվին նույն իսկ հայերից հրացանազարկ լինելով մեռավ, երկու տարի միայն իշխելով: Սպարապետի գլուխը իր թշնամիքը կտրելով, որպես ընծա նվիրեցին օսմանցոց փաշային: Բայց փաշան, Մխիթարի ոխերիմը` ավելի մեծահոգի գտնվեցավ, քան թե այն վատ հայերը, որ թափեցին մի անմեղ արյուն: Նա հրամայեց կտրել բոլորի գլուխները...

Մխիթարի մահից հետո հայոց միաբանության կապը իսպառ քակտեցավ: Ամեն մի իշխան, ամեն մի մելիք սկսեց ինքնագլուխ տիրել երկրի այս ու այն մասին, կրելով իր վրա պարսից կամ օսմանցուց լուծը և հարկատու լինելով նրանց: Իսկ նրանք, որ հատավարիմ մնացին Դավթի գաղափարին, ցրվեցան դեպի զանազան կողմեր, ավելի լավ համարելով չծծել այն հայրենիքի օդը, որ թունավորված էր բռնակալի շնչով...

Տեր Ավետիքը` այդ անպարտելի հերոսը, տեսնելով հայոց անմիաբանությունը, թողեց Հայաստանը և դիմեց Երուսաղեմ: Այնտեղ նա Աբրահամ կաթողիկոսի հաճությամբ ներումն ստացավ պատրիարքից այն բոլոր արյունների համար, որ նա թափել էր: Կրոնական մոլեռանդությունը վերջապես տիրում է այդ քաջի սրտին, նա սկսում է ապաշխարել...§§

Դավթի գործակից մյուս քաջերի մասին լռում է պատմությունը. հայտնի չէ նրանք ուր գնացին, ինչ եղան:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դավիթ բեկ» վեպը Րաֆֆին սկսել է տպագրել «Մշակ» թերթում 1880 թ., N224-ից: Այնուհետև հատված առ հատված վեպը տպագրվել է նույն թվականի NN225, 226, 227, 231, 233-ում: Վեպի հիմնական մասը լույս է տեսել 1881 թ., դարձյալ «Մշակ»-ում, NN 6, 12, 13, 21, 25, 28, 31 և հաջորդ համարներում: Վերջաբանը «Մշակ»-ում չի տպագրվել, այն կցվել է վեպին ավելի ուշ:

Վեպի առաջին, առանձին հրատարակությունը կատարվել է 1882 թ., ըստ բոլոր տվյալների «Մշակ» թերթի նույն շարվածքից: Այդ տպագրության ամբողջ տեքստն ամփոփված է երկու գրքում: Երկրորդ գրքի վերջում «Մի փոփոխություն» վերտառությամբ հայտարարության մեջ Րաֆֆին ասում է, թե 1881 թ. Սյունիք կատարած իր ճանապարհորդությունից հետո անհրաժեշտ է համարել ճշտումներ մտցնել աշխարհագրական անունների մեջ և այդ ճշտումներն են, որ նա առաջարկել է «Մի փոփոխություն» հայտարարության տեքստում: Այդ ճշտումները կատարվել են ներկա` 6-րդ հատորում:

«Դավիթ բեկ»-ի հրատարակության տեքստը համեմատված է «Մշակ»-ի և 1882 թվականի տպագրությունների հետ:

Վեպը, 1882 թվականից հետո, լույս է տեսել 1890 թ. (Թիֆլիսում), 1904 թ. (Վիեննայում), 1930-ական թթ-ին տպագրվել է Աթենքում և Բոստոնում:

Հայպետհրատը (Երևան) լույս է ընծայել վեպեպը իր երեք գրքով:

Վեպը ստեղծելու շարժառիթները շատ էին: Հայ ժողովրդի պատմությունը Րաֆֆու հետաքրքրությունների գլխավոր առարկաներից մեկն էր: Այդ պատմության մեջ, մանավանդ 18-րդ դարի շարժումներում, Րաֆֆին որոնում էր նրանց առավել հերոսական էջերը: Հայաստանի անկախության և հայ ժողովրդի ինքնուրույն գոյության համար մղվող պայքարը վիպասանի ստեղծագործական ներշնչումների անսպառ աղբյուրն էր: Այդպիսի ներշնչումներ նա ստացել է նաև Սյունյաց աշխարհում 18-րդ դարում ծավալված շարժումներից: Եվ թերևս Րաֆֆու կենդանության օրով պատմական ոչ մի շարժում այնքան այժմեական նշանակություն չէր ստանում, որքան Դավիթ բեկի գլխավորած շարժումը, որի մեջ, ինչպես մի հանգուցակետի մեջ, արտացոլվում էր և՜ դեպի Ռուսաստանը Հայաստանի կենսունակ ուժերի ու հայ ժողովրդի ունեցած ջերմ վերաբերմունքը, և՜ պարսկական-թյուրքական խանական-բեկական բռնակալական լծի դեմ նրա տածած անհուն ատելությունը, հայրենիքի անկախության հասնելու նրա անմար սիրով:

Следующая страница