Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 Next Last

«Խամսայի մելիքություններ» պատմական հետազոտության մեջ Րաֆֆին հանդես էր գալիս իբրև 18-րդ դարի շարժումների տարեգիր: Վեպում նա լայն ծավալ էր տալիս իր ստեղծագործական երևակայությանը, միաժամանակ օգտագործելով թեկուզև այն սակավաթիվ աղբյուրները, որ կային այն ժամանակ և որոնցից օգտվել է վիպասանը: Այդ աղբյուրներից մեկը 1870-ական թվականներին արտասահմանում գրաբար լեզվով տպագրված մի գիրք էր` «Դավիթ բեկ», ընտիր պատմություն Դավիթ-բեգին և պատերազմաց հայոց խափանու վերնագրով: Ենթադրություն կա, որ այդ գիրքը գրված լինի շարժման ղեկավար դեմքերից մեկի` Ստեփաննոս Վարթանեսյան-Շահումյանի ձեռքով: Վեպում Րաֆֆին երկու անգամ ուղղակի մեջբերում է կատարում այդ գրքից, ինչպես նաև պատմական այլ փաստաթղթերից, դիմում է նաև ժողովրդի մեջ պահպանված զրույցներին, որոնք հետագայում, վեպը լույս տեսնելուց շատ տարիներ անց, հավաքել և իբրև մի ամբողջական, շարժման ժողովրդական պատմություն, հրատարակել է բանասեր և բանահավաք Երվանդ Լալայանը:

Վեպում Րաֆֆին իր գլխավոր ուշադրությունը սևեռել է հայ ժողովրդի մղած պայքարի վրա` ընդդեմ պարսկական լծի: Նա միայն վերջաբանում է հիշատակում Դավիթ բեկի այն կռիվները, որ նա մղել է թյուրքական լծի դեմ: Դրա փոխարեն նա մի ամբողջ գիրք նվիրել է հայ ժողովրդին բախտակից և հարևան վրաց ժողովրդին և Վրաստանին, ցայտուն պատկերներում վերարտադրելով այստեղ թագավորող ճորտատիրական կարգերի նկարագիրը: Պետք է նկատել, սակայն, որ վեպում հանդես եկող հայազգի որոշ գործող անձինք, երբեմն նաև հեղինակը, սխալ մտքեր են արտահայտում վրացական կենցաղի և տեղի ազգաբնակչության նիստուկացի երևույթների նկատմամբ: Չի կարելի չասել, որ այդ սխալ մտքերն ու գնահատականները պոլեմիկական բնույթ ունեին և անդրադարձնում էին վիպասանի ժամանակի նացիոնալիստական տարրերի բախումները: Շարժման ժողովրդական բնույթի և այդ շարժման մեջ անհատի դերի հարցերում Րաֆֆին քիչ անգամ չէ, որ հակվում է անհատի գերագնահատության կողմը: Բայց Րաֆֆին առաջինն էր, որ հայ իրականության մեջ լայն կտավի վրա վերարտադրել է 18-րդ դարի 20-ական թվականների էպոխան, հայ ժողովրդի պատմության կարևորագույն շրջաններից մեկի համապարփակ պատկերը, մեծ շնչով ու գեղարվեստական հոյակապ նկարագրություններով անմահացրել է հայկական լեռնաշխարհի մարդկանց քաջարի բնավորությունը և նրանց ռազմական սխրությունները: Վեպում խիստ և դաժան լեզվով է խոսվում անշարժության, ստրկամտության ու դավաճանության դեմ, քննադատության ուժեղ կրակի տակ են առնված հայ իրականության մեջ նկատվող թերություններն ու արատները: Սակայն Րաֆֆին ջերմորեն սիրում էր հայրենիքը, հարազատ ժողովուրդը և, պայքարելով հայ իրականության մեջ երևան եկող արատների դեմ, ցանկանում էր առաջխաղացում և հաղթանակ` հայ ժողովրդի ներքին ու արտաքին թշնամիների վր: «Դավիթ բեկ» վեպը հայրենասիրության մարմնացումն էր, հեղինակի և՜ պատմագիտական առաջավոր հայացքների, և՜ նրա լավագույն իղձերի ու տենչանքների արտահայտությունը:

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 Next Last