Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Ի նկատի ունենալով այսպիսի տխուր հանգամանքները, ընթերցարանը պետք է հաղթեր մի մեծ դժվարություն. նա չուներ պատրաստի ընթերցասերներ, նա ստիպված էր նորից ընթերցողներ պատրաստել: Այս նպատակով ընթերցարանն սկզբում ընդունեց մի տեսակ լսարանի կերպարանք, որպեսզի յուր հաճախորդների ճաշակը կրթե, նոցա նախապաշարմունքները ջնջե, նոցա մտածությանց ձևերը փոխե, և նոցա նորանոր գաղափարների հետ ծանոթացնե: Այս մտքով ընթերցարանը հիմնող երիտասարդները հազար ու մեկ ճարպկություններով մարդիկ էին որսում, այնտեղ բերում: Մեկն սկսում էր, օրինակ, բարձր ձայնով կարդալ որևիցե լրագրում մի նշանավոր հոդված, մյուսները լսում էին, հոդվածը վերջանալուց հետո հայտնվում էին կարծիքներ, վիճում էին, դատում էին և այս բոլոր մտավոր պատերազմի մեջ մեր ակամա հաճախորդը նկատում էր «չէ՛, ընթերցարանը մի ուրիշը բան է եղել» ասում էր նա յուր մտքում զարմանալով. — էստեղ մարդ շատ բան է սովորում: Նա հետաքրքրվում էր, սկսում էր այնուհետև ինքը կարդալ, չգիտցած, չհասկացած տեղերը հարցնել և «բան սորվել»:

Այնուհետև այն պարոնները, որ սկզբում ակամա էին բերվում ընթերցարանը, սկսեցին իրանք հաճախել, սկսեցին գրքեր վարձել և տուն տանել կարդալու համար: «Ինձ մի լավ գիրք տվեք, տանեմ տանը կարդամ», — ասում էր հաճախորդը, լավ գիրքը ընտրում էր ընթերցարանի կառավարիչը, որովհետև խնդրողը ոչ մի գրքի ծանոթ չէր, և ոչ մի գրքի անուն չգիտեր բացի «Սաղմոսից» և «Ավետարանից»:

Այնուհետև փոստայի ներս գալու օրը մի անհամբեր օր դարձավ. հաճախորդները շուտ վերա էին թափվում և հարցնում էին` «ի՞նչ նոր բան կա լրագիրների մեջ»: Յուր պատասխանները հեշտացնելու համար ընթերցարանի վարչությունը ստիպված էր ամենից առաջ ինքն աչքե անցկացնել ստացած լրագրերը և ամսագրերը, և նշանակել նոցա ճակատի վերա նշանավոր հոդվածների անունները:

Այսպիսի երևույթները տալիս են մի մխիթարական հույս մտածելու, թե մի ժողովուրդ որքան էլ բթացած լիներ, որքան և անզգայացած լիներ դեպի հասարակային մտածողությունները, այսուամենայնիվ տոկուն և եռանդոտ աշխատությունը կարող է զարթեցնել նորա մեջ կյանք և ազնիվ զգացմունքներ:

Տեսնելով ընթերցարանի այսպիսի հաջող առաջադիմությունը, մենք չենք կարող չհիշել պարոն Հ. Հաջեյանին` պոլսեցի ազնիվ երիտասարդին, որ սկզբից մինչև այժմ տեսուչն է և նորա եռանդոտ հիմնողների պարագլուխն է եղել: Նորա աշխատությամբ ընթերցարանը մեկ ու կես տարվա ընթացքում ունեցավ 700 հատոր հայերեն, գաղղիերեն, ռուսերեն, հունարեն, անգղիերեն, պարսկերեն, և այլ գրքեր. շարունակ ստանում է 8 օրինակ հայերեն լրագիրներ, 4 օրինակ գաղղիերեն, մեկ օրինակ պարսկերեն, մեկ օրինակ ռուսերեն. ստանում է նաև 5 օրինակ զանազան հայերեն ամսագրեր:

Ընթերցարանը բացի նորանից, որ բավականություն է տալիս հասարակության ընթերցասիրությանը, որպես հիշեցինք, Դավրեժի ազգային դպրոցին կից լինելով, նաև նպաստում է դպրոցին նորա առաջադիմության մեջ: Ընթերցարանը յուր հաշվով բերել է տալիս բոլոր այն գրքերը, որոնցից վարժապետները և նոցա աշակերտները կարող են օգուտ քաղել: Ընթերցարանը օգնում է և Պարսկաստանի հեռավոր քաղաքներին. յուր ստացած լրագիրները կարդալուց հետո բոլորովին ձրի ուղարկում է օրինակ Թեհրանի հայոց ընթերցարանին, որ շատ աղքատ վիճակի մեջ է, այլև յուր մեջ գտնված գրքերի ավելորդ օրինակները նույն ընթերցարանին է ընծայում48:

Այսպիսի հաջող ընթացքով հուսով ենք, մի քանի տարուց հետո ընթերցարանը յուր կատարելագործված վիճակին կհասնի: Ի՛նշ հրաշքներ չէ գործում երիտասարդությունը, ժողովրդի թա՛րմ և կենդանի ուժը...

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրեժ, դեկտեմբեր

Թեև Եղիշեն և առավելապես Եզնիկը թողել են մեզ բավականին հարուստ տեղեկություններ հին արևապաշտների կրոնքի և նոցա սովորությանց մասին, այնուամենայնիվ, նոքա չեն կարողանում մեր հնախույզի քննադատությանը լիակատար բավականություն տալ: Նոքա գրել են այնքան, որքան վերաբերում էր յուրյանց աշխատության նյութին: Իսկ այժմյան գաբրների, որպես հին արևապաշտների, կյանքի ուսումնասիրությունը կլրացնե այն թերությունները, ինչ որ պակաս է թողել պատմությունը, որովհետև այս ցեղը բոլորովին անփոփոխ է մնացած յուր նախնական դրության մեջ:

Եթե ընդունենք, թե հայոց ազգը առաջ է եկել արիական ցեղերից, թե նա պաշտում էր նույն կրոնքը, ինչ որ այժմ գաբրն է պաշտում, թե նորա լեզուն նույն ծագումիցն է, որով այժմ գաբրն է խոսում, — կհամոզվինք, թե գաբրի կյանքի, գրականության և լեզվի (որ մաքուր զանդիկ բարբառն է) ուսումնասիրությունը խիստ պայծառ լույս կարող էր ձգել մեր հին դյուցազնաբանության վերա, որ դեռ պարզված չէ, մեր լեզվի ֆիլոլոգիայի վերա, որ ամենևին ուսումնասիրված չէ, և հետևապես մեր պատմության վերա, որ շատ տեղերում մութ է: Որովհետև մեր նախնիքը սկսյալ ամենահին ժամանակներից, անընդհատ հարաբերություններ են ունեցել արիական ցեղերի հետ, որպիսի էին` պարսիկները, պարթևները, բակտրիացիք, մարք, և այլն, իսկ այդ ազգերի ներկայացուցիչներն այժմ մնում են Պարսկաստանում յուրյանց նախնական ավանդություններով և սովորություններով:

Մահմեդականությունը պարսից մեջ ոչնչացրեց հին գրականությունը, որպես քրիստոնեությունը մեր մեջ. բայց նրանք ավելի բախտավոր եղան մեզանից նորանով, որ նոցանից պահպանվեցավ մի ցեղ, որ ազատ մնաց մահմեդականությունից և այսպիսով կարողացավ պահպանել յուր հին գրականության մի մասը. — Դոքա գաբրներն են: Իսկ մեր հեթանոս եղբայրներից դժբախտաբար և ոչ մինը չմնաց մինչև մեր օրերը:

Իսկ այն, որ մենք պետք է որոնեինք մեր հեթանոս եղբայրների մեջ, այժմ կարող ենք գտնել գաբրների մեջ, որովհետև դոքա նույնպես ազգակցություն ունեն մեզ հետ:

Հնդկաստանի պարսիկ արևապաշտների մեջ այժմ կազմվել է մի ընկերություն բարեգործական և ուսումնական նպատակով, և նրանց կողմից ուղարկված է Թեհրան մի գործակալ Մանուչի անունով, որ մի կողմից հոգս է տանում յուրյանց պարսկաստանցի եղբարց` գաբրների նյութական կարոտությանը, պաշտպանում է նորանց զանազան հալածանքներից, մյուս կողմից, հավաքում է նրանց մեջ գտնված հին գրքերը: Մանուչին մեծ եռանդով ուսումնասիրում է Խորենացին և հայոց այլ պատմությունները, որոնք կարող էին պարսից հին պատմության մութ տեղերը պարզել: Որովհետև իրենք պարսիկները (մահմեդականները) հին պատմություն չունեն, և ոչ հետաքրքրվում են գիտենալ յուրյանց մինչ-մահմեդական անցյալը: Ֆրիդովսու գիրքը, որ այդ մասին մի թանկագին հարստություն կարող է համարվիլ, այն ևս, որպես առասպելավիպական բանաստեղծություն, զուրկ է պատմական ճշտությունից: Ուրեմն, մի գաբր ուսումնականի համար, որպես է Մանուչին, խիստ ձեռնտու է որոնել յուր ազգի պատմությունը ավելի հին արևապաշտների և հայոց գրքերի մեջ, քան պարսիկների մեջ, ուր ամեն ինչ, որ հեթանոսական էր, ջնջեց մահմեդականությունը:

Ցանկալի կլիներ, որ մերայինք նույնպես հետևեին Մանուչիի օրինակին, և փոխադարձաբար սկսեին ուսումնասիրել գաբրների գրականությունը, նոցա լեզուն և ավանդությունները, մեր պատմությունը հարստացնելու, և մեր լեզվի ֆիլոլոգիային նյութ տալու նպատակով: Իսկ ինչ որ վերաբերում է այս հոդվածի հեղինակին, նա արդեն սկսել է գործել այդ մասին, որքան կներեին հանգամանքները, որքան թույլ կտար յուր դրությունը...

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Թավրիզ, հունվարի 24

Մինչդեռ Տաճկաստանը յուր հոգեվարքի տագնապի մեջ քրիստոնյաներին նոր արտոնություններ, նոր իրավունքներ է շնորհում, և մահմեդականներին հավասար ազատություններ է տալիս, որ այսպիսյավ յուր գլխի վերա պտուտվող փոթորիկը հեռացնե, և կրկին յուր զոհերի արյունը ծծելու բախտին վերադառնա, — Պարսկաստանի մեջ քրիստոնեից դեմ եղած եղեռնագործությունները օրըստօրե սարսափելի կերպարանք են ստանում:

Հիշենք մի անցք:

Ղարադաղի Քեյվանու գավառի Սըղըն կոչված հայաբնակ գյուղը դիվանի գրքերում նշանակված ունի 25 թումեն (70 ռուբլ.) արքունի հարկ, որը նա պարտավոր էր վճարել կառավարությանը: Բայց գյուղի Բաղըր-խան անունով տերը փոխանակ հիշյալ գումարի (70 ռուբլ.) գյուղացիներից մի քանի ամիսների ընթացքում փայտի և մտրակի զորությամբ ստանում է 2550 ռուբլ.: Այդ բավական չէ, կրկին սկսում է Բաղըր-խանը պահանջել գյուղացիներից 1800 ռուբլ.: Ծեծը, բանտը և ամենատեսակ չարչարանքները չեն կարողանում դուրս բերել արդեն աղքատացած գյուղացիներից վերջին գումարը: Չեղած տեղից վճարել մի այսպիսի նշանավոր գումար, անհնարին բան է: Բռնավորը, — սպառելով յուր բոլոր տանջանքները խեղճ գյուղացիների վերա, երբ տակավին տեսնում է յուր նպատակը չկատարված, — ձեռք է առնում մի ուրիշ միջոց, մի չար միջոց, որի գործ դրվելու ժամանակ, հայը չէ խնայում ոչ միայն յուր գույքը, այլև յուր հոգին... Չարագործը ձեռնամերձ է լինում գյուղացիների կրոնական սրբություններին...

Ս. ծննդյան օրը, երբ գյուղի ժողովուրդը հավաքված է լինում եկեղեցում, երբ սեղանի վերա կատարվում է ս. մկրտության խորհուրդը, հանկարծ մի խումբ խանի մարդիկներից թափվում են եկեղեցում: Նրանք ջարդուփշուր են անում խաչերը, խորտակում են բոլոր եկեղեցական սպասները, բռնում են քահանային և ժողովրդի ծերերին, սկսում են ծեծել, սպառնալով, թե բոլորին կմորթեն նույն տաճարի մեջ, եթե չուզենան տալ խանի պահանջած արծաթը: Եվ մի քանի սրբապիղծ չարագործություններից հետո, որոնց հիշելն անգամ սարսափ է բերում, քահանային մի քանի ծերերի հետ տանում են բանտարկում, իսկ մյուսներին հաջողվում է փախչել:

Կրոնքը հայի զգալի կետն է, նա համբերող է, քանի զրկանքը չէր վերաբերում այս կետին. իսկ երբ թշնամու սրբապիղծ ձեռքը սկսավ այնտեղ ևս շոշափել, այն ժամանակ նորա ստրկացած ոգին զարթնում է, բողոք է բարձրացնում...

Բացի խանի բանտումը բռնվածներից գյուղի բոլոր տղամարդիկը հավաքվում են և ճանապարհ են ընկնում դեպի Դավրեժ քաղաք, բողոքելու այս բռնակալության դեմ: Նրանց մեծ մասը ցրտի սաստկությունից սառչում են և մնում են ճանապարհի վերա զանազան տեղերում, իսկ 51 հոգի հասնում են Դավրեժ քաղաքը: Նոքա Անդրեաս արքեպիսկոպոսի առաջնորդությամբ դիմում են Ատրպատականի կառավարության գլխավոր ներկայացուցչի` Սահաբ-դիվանի մոտ: Հայոց առաջնորդը, պատմելով անցքը և նորան առիթ տվող պատճառները, ավելացնում է, եթե գյուղացիներին բավականություն չտրվի, և չարագործը ըստ արժանվույն չպատժվի, նա ստիպված կլինի դիմել Պարսկաստանում գտնված եվրոպական տերությանց միջամտությանը: Սահաբ-դիվանը հանգստացնում է առաջնորդին և խոստանում է անել պարտ ու պատշաճ տնօրինությունները: Ճշմարիտն խոստովանել պետք է, որ պետության այս բարձր պաշտոնակալն, յուր Ատրպատական գալու օրից, ամեն գործերի մեջ ցույց է տվել արդարություն և խղճմտանք, և մանավանդ քրիստոնյաներին վերաբերյալ դեպքերում նա միշտ արդարադատ է գտանվում և ողորմած:

Եվ այս դեպքում նորին վսեմության գործ դրած միջոցները բավականին ազդու պետք է համարել. նա անցքը մանրամասնաբար Թեհրանի Բարձ. Դռանը հաղորդելեն ետ, իմացում է տալիս նորին բարձրությանը թագավոր ժառանգին, որ նույնպես Դավրեժումն է գտանվում, և երկուքը միասին Ղարադաղ մարդիկ են ուղարկում սաստիկ հրամանով, որ Բաղըր-խանը բերվի և յուր պատիժը կրե:

Այժմ հարցն դորանումն է, արդյոք կարելի՞ է այս գազանը դուրս քաշել յուր բույնից: Բաղըր-խանը և նորա նման Չալաբիան կոչված խաները Ղարադաղի լեռների աստվածներն են, իսկ խեղճ ժողովուրդընոցա թշվառ զոհը: Շատ ժամանակ չէ անցել, որ հայոց եկեղեցվո սրբությունը շան վզից քարշ տվող չարագործը մնաց անպատիժ. նա ևս Ղարադաղի գազաններիցն էր...

Բայց հուսով ենք, որ նորին վսեմության Սահաբ-Դիվանի օրերով, այսպիսի եղեռնագործությունք, որ պատիվ չեն բերում մի բարեկարգվելու շավղին մեջ ընթացող տերության, բոլորովին բարձված կլինին, խաղաղության մեջ դրվելով գյուղացիների վիճակը, որի գլխավոր պատճառն է հարկերի անկարգ դրությունը և կալվածատերերի հարստահարությունը:

ԳԺԱՏՈՒՆ

(Տաճկաստանի մամուլը և գաղթականության խնդիրը)

Ընթերցող, պատահե՞լ է քեզ երբեմն գժատունը մտնել, դու տեսե՞լ ես այս թշվառ օթևանի նույնպես թշվառ հասարակությունը...

Այնտեղ հանդիպում են քեզ մարդիկ, որոնք խոսում են, դատում են, վիճում են, և նոցա խոսակցությունն այնքան կանոնավոր և ոգելից է, որ քո մեջ ակամայից ծնվում է մի այսպիսի միտք` «մի՞թե դոքա խելագարներ են, ինչի՞ են բերած այս անբախտները մի այսպիսի տխուր բնակարանի մեջ»:

Հանկարծ դերը փոխվում է...

Դու տեսնում ես նույն փիլիսոփան, որ քեզ հետ խոսում էր, դատում էր ավելի բարձր և վսեմ համամարդկային գաղափարների վերա, նա, որ աշխարհների և ազգերի ճակատագիրն էր վճռում, — յուր խորհրդածությունքը վերջացնում է այսպիսի խոսքերով. «պարոն, եթե քո քթիցդ մի հատ մուկն յուր պոչիցը կախված լիներ, ա՛խ որքան հեշտ կլիներ նորան քո բերանը մտնել»...

Դու այն ժամանակ միայն համոզվում ես, որ դա խելագար է...

* * *

Այսպիսի տպավորություն է գործում ընթերցողի վերա, երբ յուր ձեռն է առնում Տաճկաստանի որևիցե լրագիր: Այսպիսի տպավորություն գործեց իմ վերա Զմյուռնիո «Արևելյան Մամուլի» հունվար ամսո համարի մեջ Ծերենց ստորագրությամբ մի նամակ: Նամակը խիստ երկար և ձիգ էր, որպես երևում էր, ամբողջապես նույնիսկ խմբագրության գործարանի մեջ կարկտած էրՆամակի գլխավոր նյութը վերաբերում էր գաղթականության խնդրին: — Այո՛, մի կարևոր խնդիր, որո մեջ պետք է որոնել հայոց ներկա և անցյալ թշվառությունները:

Պ. նամակագիրն յուր հոդվածի սկզբում ողջամիտ է և խելացի, որպես մեր գժատան փիլիսոփան: Նա ցույց է տալիս, թե որպիսի ցավալի հետևանքներ ունեցավ հայերի համար գաղթականությունը: Նա օրինակ է բերում Վենետիկի, Լիվորնոյի, Ամստերդամի և ամբողջ Լեհաստանի հայերը: Նա հիշեցնում է «Մշակի» երկու հոդվածները Հնդկաստանի և Պարսկաստանի հայերի մասին, որոնց մեջ ցույց էր տրված տեղային հայերի անբախտ վիճակը և նոցա օրըստօրե սպառումը:

Հանկարծ այս բոլորը մոռանում է նա

Եվ խոսելով այն երևույթի մասին, թե այսօրվա օրս հայը յուր բնիկ երկրում թշվառ և անգործ է, ուտելու հաց և հանգստություն չունի, — պ. հոդվածագիրն մեջ է բերում հետևյալ խոսքերը.

«Այս վիճակներն (ապրուստի նեղությունը) օրավուր կծանրանան և միայն մեզի համար չեն, և ասոր ապացույցն այլ հայտնի կերևի, երբ անգղիացին, գաղղիացին, գերմանացին, իտալացին, կտեսնենք հայրենիքնին ձգած, մեր երկրներուն մեջ եկած, հացի պատառ մը կփնտրեն, ոմանք յուրյանց արհեստին, ոմանք յուրյանց դրամագլխին, ոմանք յուրյանց ճարպիկությանը վստահանալով: Ինչո՞ւ այս օրինակին չենք մտածեր հետևել մեք ալ, ինչո՞ւ մեր հորիզոնը չենք ուզեր ընդարձակել, շարժելու սովորությունը ինչո՞ւ կորուսեր ենք. պե՞տք է ուրեմն միշտ մեզի սուրի և սովու անտանելի բռնությանց խարազանը, որ կարենանք շարժիլ և ընկնել հեռու աշխարհներ, որպեսզի հաց, հարստություն և մինչև երջանկություն գտնենք...»

Մտածում ես, թե ո՞րտեղ է այն «հացի, հարստության և երջանկության» երկիրը, ուր կամենում է առաջնորդել մեր նոր Մովսեսը յուր տառապյալ Իսրայելը: — Հնդկաստանում, դարձյալ նույն երկրում, ուր առաջ նա ողբում էր հայերի ցավալի կորուստը: Նա դարձյալ հայերի փրկությունը գտնում է գաղթականության մեջ

Ահա նրա խոսքերը.

«Ուրեմն ի՞նչ կարգելե այսօր այն հայերը, որ իրենց ծնված տեղվանքը կնեղեն ի չքավորութենե կամ ի բռնութենե, անգործութենե կամ ի տառապանաց, երթալ հոն այն տեղվանքը (Հնդկաստան), ուր իրենց ազգակիցքը երբեմն դժնդակ վիճակե մը ազատելու համար դիմեր և երջանկություն գտեր են: (Ակնարկում է Պարսկաստանից դեպի Հնդկաստան առաջուց գաղթող հայերի վերա: ) Երբ այն ատեն և անկից վերջն ալ նաև հոն դեռ բռնություն կա եղեր. վասն զի նաև հոն հնդիկ կամ մողոլ երբեմն կրոնամոլություն գործածելով, հայ եկեղեցին, իրան գմբեթը կկործանեն եղեր (Սուրաթի մեջ), բայց հիմա թե Բաբելոնի աշտարակի չափ ալ բարձրացնե ոք, արգելք դնող չկա Անգղիո և Հոլանդիո հովանվույն տակ…»

Որքան հատուկ է Տաճկաստանի լրագրությանը հրատարակել այսպիսի հիմար, վնասակար և մինչև անգամ խելագար գլուխների մտածությունքը, այնքան աններելի է «Արևելյան Մամուլին» որպես մի առողջամիտ ամսագրին, հետևել տգետների օրինակին, որոնք առանց մտածելու առանց նպատակի դուրս են վիժում յուրյանց գլխի ցնորքները:

Ինչ որ օգտակար է մի ազգի համար, շատ անգամ նա լինում է վնասակար մյուս ազգերին:

Անգլիացին, ֆրանսիացին և գերմանացին ուր և գաղթում են, յուրյանց հետ տանում են` գիտություն, արհեստ, ճարտարություն և վերջապես յուրյանց սուրը և քաղաքական դրոշը: Նոքա նվաճում են մի երկիր, հիմնում են այնտեղ ազատ գաղթաշենք, և սկսում են օգուտ քաղել երկրի բնական հարստություններից:

Բայց ի՞նչ է տանում յուր հետ դեպի օտար աշխարհ հայ գաղթականը: — Նա տանում է յուր հետ յուր անկիրթ գլուխը, յուր պանդխտության թույլ գավազանը և յուր ամեն զորության դեմ խոնարհվող ստրկական ոգին.... Ուր և գնում է նա հպատակ է: Նա պետք է գտնե իրանից մի ավելի թույլ, թշվառ և տգետ ժողովուրդ, որ կարողանա նորան հարստահարել, նորանից օգուտ քաղել... Այո՛, ա՛յս բախտին հանդիպեցավ մի ժամանակ հայ գաղթականը, նա գտավ Գանգեսի ափերի մոտ իրանից ավելի մի թշվառ ժողովուրդ: Բայց այն դարն անցավ: Այժմ այնտեղ անգլիացին հրեղեն սուրը ձեռին հրեշտակի նման հսկում է, ոչ ոքին թույլ չէ տալիս մոտենալ յուր զոհին

Չնայելով այն բոլոր վնասներին, որ հայի առջև դնում է յուր անցյալի պատմությունն, նա դարձյալ ձգտում է գաղթել... Հայը յուր հանգստությունը և յուր բարօրությունը միշտ երևակայում է հայրենի երկրի սահմանի դրսում... կարծես, նորա բնիկ երկրի հորիզոնը յուր համար թունավորված լինի...

Հայի մի այսպիսի հատկությունն միտս է բերում մի առակ, որ շատ անգամ լսած եմ իմ պառավ տատիցը: Նա տալիս էր մի առասպելական թռչունի անունը, — և թող այն թռչունը լինի հոպոպը, — ասում էր, թե հոպոպը ուր և յուր բույնը դնում էր, փոքր ժամանակից հետո գտնում էր յուր նոր օթևանը, բոլորովին հոտած: Այս պատճառավ նա ստիպված էր անդադար փոխել յուր բնակարանը, որպեսզի կարողանա մի մաքուր տեղ գտնել: Մի օր նա խորհրդով դիմեց ծիծեռնակին. «Բարեկամ, — ասաց նորան, — ի սեր աստուծո, ինձ մի ճանապարհ ցույց տվեք, մի՞թե չկա աշխարհի երեսին մի տեղ, ուր կարելի լիներ մաքուր օդ շնչել և հանգիստ լինել»: — «Այստեղ ինչո՞վ է վատ, — հարցուրց ծիծեռնակը սառնությամբ»: — Ա՛խ, քույրիկ, ես անբախտ եմ այստեղ, այս երկիրն ինձ համար չէ, ուր և բույնս շինում եմ, քանի մի օրից տեսնում եմ, այնպե՛ս վատ է հոտում, այնպես վա՛տ, որ ոչ միայն անտանելի է ինձ, այլև իմ մանրիկ ճտերին»: — Ուրեմն դարձյալ միտք ունեք գաղթել, — հարցուրց ծիծեռնակը ժպտելով: — Ի՞նչ պետք է արած, քանի որ ապրել չեմ կարող... Ծիծեռնակը յուր գեղեցիկ դեմքը դարձրուց դեպի հոպոպը և ասաց այս խոսքերը: — Ընկեր, փոխանակ անդադար բույնդ փոխելու, ավելի լավ կլիներ, որ խասիաթդ (բնավորությունդ) փոխեիր, որովհետև այդ ժահահոտությունն քո իսկ անձնանմաքրությունիցն է փչում... Եթե ոչ, աստուծո աշխարհը և այստեղ մաքուր է և սուրբ...

***

Մենք չենք կամենում հերքել, թե մի երկրի բնական հարստություններն և մինչև անգամ նորա աշխարհագրական դիրքն մեծ ներգործություն ունեն բնակիչների կյանքի ն նոցա զարգացման վերա: Մենք գիտենք, որ կան երկրներ, ուր մարդը յուրյան շրջապատող հանգամանքներից ստիպված է լինել աղքատ թե՛ նյութապես և թե՛ մտավորապես: Այսուամենայնիվ, Հայաստանը այն երկրների կարգին չէ, որ յուր բնակիչներին չկարողանա մատակարարել նոցա կենսական պիտույքները, և ստիպեցնե նրանց յուրյանց ապրուստը որոնել օտար երկրներում: Հայաստանը ունի կյանքի շատ հարմարություններ, եթե նորա բնակիչները սովորեին աշխատելու և երկրի հարստություններից օգուտ քաղելու: Բայց հայը գործել չգիտե, դորա համար նա աղքատ է, դորա համար նա հաց չունի, դորա համար նա թափառում է երկրից երկիր:

Հայը աշխատասեր ժողովուրդ է, այսպես մտածում են շատերն:

Աշխատասիրությունն ոչինչ նշանակություն չունի, երբ նա զուգընթաց առաջ չէ գնում ժամանակի պահանջների և նորա ընդհանուր զարգացման հետ:

Հեռվից դատել Հայաստանը առանց նորա մեջն մտնելու, — շատ հեշտ բան է: Բայց երբ որ մոտենում ես, սկսում ես բոլորովին այլապես մտածել:

Հայը այսօր հերկում է յուր հողը այնպես, որպես հերկել է յուր պապի` Արամի օրերում: Արհեստը և ճարտարությունը նորա մոտ կրում են յուրյանց վերա հազարավոր տարիների հնության կնիքը, կարծես այդ ազգը մի քայլ անգամ առաջ չէ դրելԻնձ պատահել է տեսնել Հայաստանում հին փլատակների տակից դուրս եկած խեցեղեն ամաններ, — նույնը այսօր շինում է հայ բրուտը առանց որևիցե զանազանության: Ինձ պատահել է տեսնել Հայաստանում ամբողջ ժողովուրդը, որ պարապվում էր խաշնարածությամբ: Այս հովիվ ժողովուրդն դեռ ապրում է յուր նախնական կյանքով. նորա հագուստը ոտքից ցգլուխ կազմված է բուրդից, բոլորը նահապետական պարզ ձևով: Նորա ոտնամանները (տրեխները) մինչև անգամ հյուսած են այծի մազից: Եվ մարդ, դառնալով դեպի հնությունը, մտածում է, թե դա նույն հովիվ ժողովուրդն է, որ Հայկի և Արմենակի օրերով թափառում էր Բզնունյաց ծովակի շուրջը յուր անասունների համար ճարակ գտնելու... Ես առիթ եմ ունեցել մտնել նոցա գետնափոր խրճիթների մեջ, որոնք ավելի գազանների որջերի են նման, որոնց մեջ տերը և յուր չորքոտանին միասին և մի հարկի տակն են ապրում: — Ես տեսել եմ նոցա կիսավայրենի նահապետական կյանքը և համաձայնել եմ Քսենոփոնի հետ, մտածելով, եթե այդ հույն պատմաբանը նորից անցնելու լիներ Հայաստանի միջով, նորից նկարագրելու լիներ նորա ընտանեկան կյանքը, դարձյալ նույնը պիտի գտներ, ինչ որ տեսել է 24 և կես դար առաջ...

Եվ այդ անմեղ, պարզամիտ ժողովուրդին խրատում են, որ նա թողնե հայրենի երկիրը, գնա հեռու, շատ հեռու և օտար աշխարհներում յուր համար ապրուստ որոնե... Եվ այդ ժողովուրդն է, որ այժմ լեցնում է Կ. Պոլսի քարվանսարաները, նավահանգիստները, մաքսատները, և համալի ստոր պաշտոն է կատարում, — մի ծառայություն, որ բեռնակիր անասուններին միայն է սեփական... Այդ ժողովուրդն է, որին հանդիպում ես Տաճկաստանի և Եգիպտոսի (որտե՛ղ չկան նրանք...) բոլոր ծովեզերյա քաղաքներում, ուր նոցա գործն է չոփջիություն49, թուլումբաջիություն50, և այլ այսպիսի ստոր պարապմունքներ: Ուր նոցա կերակուրն է` զինվորներից ավելցած սոմունը51 և մեջիդների միաբանության (սոֆթաների) սեղանից ավելցած փշրանքը52: Ուր նոցա օթևանն է բաղնիքների վառարանի (թուլամբարի) մոխիրները53...

Այս ժողովուրդն առյուծի ուժ ունի, բայց գառնուկի սիրտ... Նա յուր բոլոր մարմնական զորությունը սպառում է այն գործի մեջ, որ նավերից փոխադրում է դեպի ցամաք այն ծանրությունները, որին կրակի և օվկիանոսի ուժերն հազիվ կարողանում են դիմանալԲնությունը ոչինչ չէ խնայել նրան. նորա մեջ կան հարուստ ու ճոխ զորություններ, բայց դեռ անմշակ... — միակ բանը, որ պակաս է նորան, է կրթությունը, և այդ փոքր բան չէ...

Այս մշեցի, վանեցի, բաղեշցի ժողովուրդն է, որ հայրենիքը ձգած, ցրված է դեպի ամեն կողմ: Նա թողնում է յուր տանը ծերունի հայր, պառավ մայր, մանկահասակ ամուսին, փոքրիկ երեխայք, — բոլո՛րն կարոտության մեջ... նորան խորհուրդ են տալիս գաղթել, նոր աշխարհներ գտնել և բախտ որոնել... Բայց ինչո՞վ և որպես...

* * *

Արդարև հայերի գաղթականությունն ունեցել է և ունե յուր պատմական և տեղական պատճառները, բայց եթե խիստ կերպով քննելու լինենք, կտեսնենք, որ ոչ այնքան պարսիկների, մոնղոլների, արաբացվոց և այլ բարբարոսների բռնության խարազանը դուրս է քշել նորանց հայրենի երկրից, որքան նույնիսկ յուրյանց ծուլությունը, անգործունեությունը և կույր կրոնական սնահավատությունը...

Պարսիկը, մոնղոլը, արաբացին կողոպտել է նորա սեփականությունը, հրդեհել է նորա բնակարանը, մոր աչքերի առջև մորթել է նորա երեխան, ոչնչացրել է ամեն ինչ, որ սուրբ է նորա համար և նվիրական, — հայի քահանան մխիթարել է նորան ասելով. «Այդ մեր մեղքերի համար է, որ աստված պատժում է մեզԹողնե՛նք այդ երկիրը, նա անիծվա՛ծ է և մեզ համար մի ուրիշ տեղ պտրենք»... Հայը սրբել է յուր աչքերի արտասածը և մխիթարվել այդ խոսքերով...

Եվ այժմ շատերն մտածում են, թե հարստահարությունն է, որ ստիպեցնում է հային թողնել յուր բնիկ երկիրը: Այո՛, ասիական Տաճկաստանում քուրդերն հարստահարում են: Բայց ո՞վ է մեղավոր, — կառավարությունը, պատասխանում են, որովհետև այնքան թույլ է, որ չէ կարողանում զսպել յուր վայրենի հպատակները:

Դիցուք թե կառավարությունը թույլ է, բայց հայը, յուր անձի, ընտանիքի և սեփականության տերը, միթե պարտավոր չէ՞ նոցա պահպանության համար ընդդիմանալ յուր թշնամուն և թույլ չտալ, որ կողոպտեն յուրյան:

Գոյության կռվի մեջ ամեն թույլ ուժեր դատապարտված են ոչնչության: Ցանկանում ես ապրել, սովորիր դեմ դնել այն արգելքներին, որ խանգարում են քո բարօրությունը:

Իսկ հայը յուր կյանքում միշտ կրավորական դեր է խաղացել...

Ամբողջ ասիական Տաճկաստանի մեջ քուրդերի թիվը հաշվում են 30 հազար հոգի, որոնք որպես անասնապահ և թափառական ցեղեր, ցրված են զանազան կողմերում: Իսկ միմիայն Վանի և Մուշի գավառներում ավելի քան 250 հազար հոգի հայեր կան, և այդ տասնապատիկ թվով ավելի բազմությունը հարստահարվում է մի քանի հազար թափառական քրդերիցՈ՞վ է մեղավոր

Երբ մարդ անընդունակ է անձնապահպանության, նա կյանքի իրավունք չունի...

Քուրդը որպես մահմեդական, պաշտպանություն է գտնում տիրող կառավարությունից յուր բարբարոսությանց մեջ, իսկ հայը, որպես քրիստոնյա, մնում է անօգնական, նա ստիպված է յուր կրոնքը փոխել, որ մահմեդականներին հավասար արտոնություն ստանա: Այսպես մտածում են շատերը: Բայց ոչ, այդ երևույթի պատճառը պետք է որոնել նույնիսկ հայի թուլությունների մեջ: Վանի և Մուշի մոտ բնակվում է մի հարևան ազգ, նույնպես քրիստոնյա, որպես հայերըդոքա են ասորիներն, ավելի փոքրաթիվ, քան թե հայերը: Ասորին ոչ միայն չէ հարստահարվում քուրդերից, այլ նա յուրյան մինչև անգամ ազատ և անկախ է պահել տերության բռնությունից, որովհետև ասորու մեջ կյանք կա, նա գիտե թե որպե՛ս պետք է վարվել թշնամու հետ...

* * *

Կարճատես մարդու հայեցողական հորիզոնը շատ նեղ է լինում, նա հեռուն դիտել կարող չէ: Կարճատեսը հրապուրվում է միայն շլացուցիչ երևույթներով, որոնք խիստ ազդու կերպով ներգործում են նորա տեսանելյաց վերա: Այդ վիճակի մեջն է գտնվում «Արևելյան Մամուլի» պ. հոդվածագիրն: Հիշելով մի քանի հայ անուններ, որոնք մի ժամանակ Հնդկաստանում փառք, մեծություն և հարստություն ստացան, — պ. հոդվածագիրն երևակայում է այն անսպառ երանությունները, որ և այժմ սպասում են հայերին Գանգեսի և Բրահմանբուտրայի ափերի մոտ:

Այո՛, հայը, հայտնվելով Հնդկաստանում, այն ժամանակ կարող էր յուր համար մի բախտավոր վիճակ գտնել, որովհետև նա յուր մտավոր զարգացումով ավելի բարձր էր, քան թե թշվառ հնդկացին, որ դեռ յուր տղայության մեջն էր գտանվում: Տղաներին խաբելը և նրանց կողոպտելը մի դժվար բան չէ: Բայց երբ հայտնվեցան այնտեղ խաբողների մի ավելի մեծ բազմություն, որոնք յուրյանց արհեստի մեջ ավելի հմուտ և ճարպիկ էին, այն ժամանակ հայերի փառքը նսեմացավ

Եվ ուրիշ կերպ լինել կարող չէր:

Ազգերի գաղթականության պատմությունն ներկայացնում է մեզ երկու տեսակ բախտախնդիրներ. մեկը որոնում է ոսկի, մյուսն` հող: Օրինակ, սպանիացին աստվածային Կոլոմբոսի հանճարով գտնում է Նոր Աշխարհը, և սկսում է կողոպտել խեղճ հնդկացիների կանանց ոսկի զարդերը, և անթիվ նավերով երկրի հարստությունները դեպի Սպանիա է կրում: Այս անակնկալ հարստության հեղեղը վերջապես ձգում է նույն ազգին աղքատության մեջ: Անգլիացին գնում է այնտեղ, ընտրում է երկրի ավելի արգավանդ մասը, և սկսում է մշակել նորան: Նա գտնում է յուր հարստությունը բնության մեջ, որ երբեք չէ սպառվում:

«Գանձ գտնող աղքատի որդիքը սոված կմեռնեն». իսկ «քրտինքով վաստակած հացը չի սպառվի»:

Հայը ուր որ գնում է, պատրաստի ոսկի է որոնում և շատ անգամ գտնում է, որպես գտան սկզբում Հնդկաստան գաղթող հայերը: Բայց նոցա որդիքն այժմ ուտելու հաց չունեն: Ինչո՞ւ: — Որովհետև ոսկին կապիտալ կամ հարստություն չէ. նա կարող է այսօր լինել և էգուց օդի մեջ ցնդվել... Հնդկաստանցի հայերն մինչև անգամ փչացրին յուրյանց սպահանցի ազգակիցներին, որոնք Պարսկաստանումն էին ապրում: Նոքա ուղարկում էին առատ ոսկի յուրյանց ազգականներին, որ թողել էին Պարսկաստանում: Սպահանցի հայը, սովորելով պատրաստի ոսկու գործածությանը, դադարեց գործելուց, ընկավ ծուլության և շռայլության մեջ և վերջապես աղքատացավ, երբ նորա Հնդկաստանից եկող թոշակն դադարեց:

* * *

«Արևելյան Մամուլի» պ. հոդվածագիրն գաղթականության շահերը ցուցանելու համար` օրինակ է բերում հրեաները, որոնք թեև աշխարհի ամեն անկյուններում ցրված են, այսուամենայնիվ, ունեն փառավոր դրություն և կատարյալ երջանկություն են վայելում...

Որպիսի՛ նախանձելի վիճակ...

Բայց մի՞թե հրեան ազգ է, մի՞թե նա կյանք և ապագա ունի...

Այո՛, համեմատության մեջ պ. հոդվածագիրն չէ սխալված: Եթե այսօրվա օրս հայերին կամեինք համեմատել որևիցե ազգի հետ, նոցա զուգակշիռը կգտնեինք միմիայն հրեաների մեջ. — մի թափառական ժողովուրդ, որ երկրի վերա ոչինչ հիմք չունի, որպես այն բույսերը, որոց արմատները խորին կերպով դրված չեն հողի մեջ և հողմի ամենաթեթև փչելուց տարուբերվում են մի կողմից դեպի մյուս կողմ...

Մեր խոսքը բավական երկարացավ, այժմ վերջացնենք:

Մարդո կյանքը կապված է բնության հետ, և նորա մայրը - է հողը: Եթե հայը կամեր կյանք և ապագա ունենալ, նա պետք է յուր ապրուստը հիմնե հաստատուն հողի վերա, և այդ հողը թո՛ղ լինի այն, որ սրբված և գնված է մեր նախահարց արյունով...

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրեժ, մայիսի 22-ին

Այս տարի գարունը սկսվեցավ այստեղ անընդհատ անձրևներով, որոնք խոստանում էին առատ պտղաբերություն: Ուտելիքները օրըստօրե էժանանում էին: Բայց մայիսի սկզբներում Պարսկաստանի այլևայլ տեղերում մի ամենասաստիկ կարկուտ եկավ և այնպիսի արագությամբ, որ շատ տեղ 5 րոպե միայն տևելով, մեկ թզաչափ ծածկեց երկրի երեսը: Կարկուտի հատիկները հասնում էին մեկ ընկույզից ավելի մեծության, նրանք թափեցին ոչ միայն ծառերի պտուղները, այլ նրանց միանգամայն ճյուղակտոր տերևաթափ արեցին: Օդի մեջ նույն րոպեում գտնված թռչունները սպանվեցան և դաշտերում բազմաթիվ գառներ և ոչխարներ նույնպես կոտորվեցան: Դավրեժից հեռու տեղերից նույնպես լուրեր են հասնում, որ կարկուտը շատ կողմերում զարկել է: Մարանդի մեջ երկնքից համարյա խոշոր սառույցի կտորներ են ընկել: Պատճառած վնասը բազմագումար է: Օրինակ, Դավրեժի դպրոցին պատկանած այգին կարկուտից առաջ կամենում էին վարձել 85 թումանով, բայց նորանից հետո կես գնով ևս փող տվող չեղավ:

Այստեղ շատ է խոսվում Ռաշտ քաղաքում պատահած անցքի մասին, որ իր բարբարոսությամբ ետ չէ մնում Սալոնիկի եղեռնագործությունից: Այդ անցքը այդպես են պատմում: Մի պարսիկ կնոջ և մի երիտասարդ հայի մեջ նկատելի են լինում կասկածավոր հարաբերություններ: Մահմեդական ամբոխը, այս լսելով, կատաղած դիմում է քաղաքի մուշտայիդի մոտ և հայտնում է նորան: Մուշտայիդը անմիջապես դիմում է մեջիդը և ամբիոնը բարձրանալով, խոսում է ժողովրդին, թե որպիսի խստությամբ պատժում է Իսլամի օրենքը այդպիսի հանցանքներ և վերջացնում է իր քարոզը ամենասարսափելի կերպով գրգռելով ժողովուրդը, միևնույն ժամանակ կարդալով ողորմելի երիտասարդի մահվան դատավճիռը: Այնուհետև ամբոխը մի քանի մոլլաների առաջնորդությամբ դուրս է գալիս մեջիդից, և սկսում է որոնել երիտասարդին: Նորան գտնում են տան մեջ, հարձակվում են և կոտրատելով ու կողոպտելով տան բոլոր կարասիքը, երիտասարդին դուրս են քարշում: Երիտասարդին բերելով մեջիդի դռանը մի հրապարակի վերա, այն տեղ ժողովուրդը վայրենի կատաղությամբ հարձակվում է նորա վերա և սրերով ծակծկում էՀետո ոտները մի պարան կապելով, սկսում են քաղաքի բոլոր փողոցներում քարշ տալ: Աննկարագրելի էր սույն միջոցին ամբոխի դժոխային հոգեզմայլությունը, թե մինչև ո՛ր աստիճան նա բորբոքված, իր սրտի ուրախությունը հայտնում էր հոգևոր երգերով... Այս զոհը իր ցավալի վախճանին հասցնելեն հետո, ամբոխը տակավին չէ հանդարտվում. մահմեդականները գտնում են և հիշյալ կնոջը: Այս թշվառի մահը էլ ավելի սարսափելի է լինում: Սորան տանում են քաղաքի հրապարակի վերա, և մինչև կուրծքը թաղում են գետնի մեջ, այնպես որ մարմնի վերևի մասը դրսումն է մնում: Այնուհետև ամբոխին առաջնորդող մոլլան մոտենում է զոհին և առաջին քարը ինքն գցելով, հրամայում է հետևել իր օրինակին: Մի րոպեի մեջ խեղճ կնոջ դիակի վերա քարերից մի ահագին բլուր է ձևանում: Ռաշտի մեջ գտնված ռուսաց, անգլիացոց և ֆրանսիացոց կոնսուլները` ոչ մինը չէ համարձակվում իր տանից դուրս գալ. և ճշմարիտ է մահմեդականների այդ սարսափելի մոլեռանդ բորբոքման ժամանակ նոքա կարող էին ենթարկվել Սալոնիկի զոհերի վիճակին: Հեռագրի թելերը կտրատված լինելով, անհնար է լինում Թեհրան լուր տալ, բայց հետևյալ օրը, երբ ժողովրդի կատաղությունը մի փոքր հանդարտվում է, ռուսաց և անգլիացոց կոնսուլները անցքը սուրհանդակով Թեհրան իմացում են տալիս: Քաղաքի դատավորը երկյուղից մի քանի օր շարունակ տանից չէ դուրս գալիս: Այժմ լսում ենք, որ նորին մեծություն շահը ուղարկել է Ռաշտ մի գունդ զորք և խռովությանը գրգիռ տվող գլխավոր մոլլաները կալանավորվեցան և պետք է Թեհրան տարվին, այնտեղ պատժվելու համար:

Next page