Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Մինչև ե՞րբ պետք է շարունակվի Պարսկաստանում մոլլաների այսպիսի մոլեռանդությունը, մինչև ե՞րբ...

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրեժ, հուլիսի 25-ին

Այս տարի Միջագետի մեջ հայտնված ժանտախտի պատճառավ Պարսկաստանի հարաբերությունները Բաղդադի հետ կտրվեցան, պարսիկներին արգելք դրվեցավ այն կողմերում մտնել: Այս արգելքը զրկեց պարսիկներին մի նշանավոր կրոնական մխիթարությունից, այն է Քարբալայի ուխտագնացությունը, որ կատարվում է Բաղդադից փոքր-ինչ հեռու նաջաֆ կոչված տեղում, ուր դրած են Ալիի նահատակված որդիների Իմամ-Հասանի և Իմամ-Հուսեյնի շիրիմները:

Քարբալայի ուխտագնացությունը պարտավորական է ամեն մի մահմեդականի համար, որ պատկանում է շիա աղանդին: Եթե մի մահմեդականի ամբողջ հարստությունը հասնում է այն չափին, որ նա կարող է հոգալ ճանապարհի ծախսը, պետք է անպատճառ կատարե յուր ուխտագնացությունը, հակառակ դեպքում նա օրենքի դեմ մեղանչած կհամարվի: Մի այսպիսի սնահավատությունը ամեն տարի Պարսկաստանի ամենահեռավոր անկյուններից անգամ ուխտավորների հազարավոր կարավաններ քաշում է դեպի իմամների սուրբ շիրիմները և աղքատ, ողորմելի ժողովրդի արծաթը ծախսվում է օտար երկրում:

Թողյալ այդ, պարսիկներն յուրյանց մեռելների դիակներն ևս տանում են Բաղդադ և թաղում են Նաջաֆի հողի մեջ, որ սրբված է իմամների արյունով

Այս տարի, որպես ասեցինք, ժանտախտի պատճառավ պարսիկները զրկվեցան հիշյալ կրոնական մխիթարություններից: Բայց իմամներն չուզեցին թողնել Պարսկաստանի ժողովուրդն անխնամ և կարոտության մեջ. նրանք մտածեցին` եթե ժողովրդին արգելված է յուրյանց մոտ գալ և յուրյանց ուխտը կատարել, ավելի լավ է, որ իրանք` իմամներն տեղափոխվեն ժողովրդի մոտ և նրանց կարոտը լցուցանեն: Եվ հանկարծ նրանք Բաղդադից գաղթելով հայտնվում են Պարսկաստանի Խոյ քաղաքում:

Հիշյալ քաղաքում կա մի վաղեմի մատուռ, որին տեղացիք կոչում են մաղվարա, այնտեղ դրած են մի քանի սեիդների, այսինքն` իմամների սերունդների շիրիմներ: Մատուռի միաբանությունը կազմող մոլլաներից մեկն հայտնի տեսիլքի մեջ տեսնում է Բաղդադի իմամներին, որոնք ասում են նրան. «Մենք Քարբալայի իմամներն ենք, մենք չուզեցինք, որ այս տարի պարսիկներն զուրկ մնային մեր շնորհներից, և եկանք Պարսկաստան: Այս մատուռն կլինի մեր բնակարանը, այստեղից մենք կթափենք մեր զորությունները ժողովրդի վերա: Վեր կա՛ց, գնա՛, քարոզիր ժողովրդին, թող բերեն յուրյանց կաղերն, կույրերն ու անդամալույծներն, և նրանք բժշկություն կգտնեն»:

Իմամների Խոյ քաղաքում հայտնվելու լուրը կայծակի արագությամբ տարածվում է մինչև Պարսկաստանի ամենախորին ծայրերը, ամեն կողմից կույրերի, կաղերի, անդամալույծների և զանազան ուխտավորների ահագին բազմություն թափվում են դեպի հիշյալ քաղաքը և հրաշալի կերպով բժշկվում են...

Այո՛, բժշկվում ենթեև բժշկված մեկը ոչ ոք չէ տեսել, բայց ժողովուրդն ստեղծել է բժշկվածների հազարավոր անծանոթ անուններ և ջերմ ոգևորությամբ պատմում է բոլոր հրաշքները, որ կատարվեցան նրանց վերա: Բժշկությունը և հրաշքները, որպես միշտ, կատարվում են սնահավատ ժողովրդի բորբոքված երևակայության մեջ...

Պարսկաստանում այսպիսի երևույթներ պատահում են խիստ հաճախ, բայց նրանց և ոչ մեկը մինչ այս աստիճան ցնորամիտ խաբեության հասած չէ եղել: Ամեն ընտանիք, որի մեջ գտանվում է ախտավոր մեկը, դիմում է դեպի Խոյ քաղաքը իմամների շնորհը վայելելու և յուր ախտավորը առողջացնելու: Թեև նրանց բաղձանքը չէ կատարվում, թեև կույրը վերադառնում է յուր տունը դարձյալ կույր աչքերով, այնուամենայնիվ, այսպիսիքը միշտ ունեն մի խոսք յուրյանց կարծիքը արդարացնելու. «Գուցե մեր հավատքը հաստատուն չէր, գուցե մենք ջերմեռանդ հույսով չդիմեցինք իմամի դուռը և նա չկատարեց մեր խնդիրքը»: — «Բայց Քարիմը և Հաշիմը բժշկվեցան, որովհետև նրանց միտքն ուղիղ էր»: Բայց ո՞վքեր են այդ Քարիմը և Հաշիմը, ոչ ոք չէ ճանաչում, ոչ ոք չգիտե, նրանք ապրում են ժողովրդի երևակայության մեջ...

Այստեղից հասկանալի է, թե ո՞րպես ստեղծվեցան հրաշքները և որպես նրանք կրկնվում են մեր լուսավոր դարումը...

Բայց ցավալին այն է. որ այսպիսի երևույթները միշտ սպառնում են վտանգ տեղային քրիստոնյաներին: Ժողովուրդը, գրգռված յուր ցնորամիտ մոլեռանդության մեջ, սկսում է հալածանք բարձրացնել քրիստոնյաների դեմ, ասելով. «անիրավներ, այսքան հրաշքներ տեսնելուց հետո, դուք դարձյալ պիտի մնաք ձեր անհավատության մեջ»: Այսպիսով, այսօրվա օրս Խոյ քաղաքի հայերի կյանքը մեծ վտանգի մեջ է:

Կառավարությունը ուշադրություն չէ դարձնում հանգստացնելու սնահավատ ժողովրդի ամբոխմունքը: Իսկ մոլլաներն յուրյանց կողմից մեծ գրգիռ են տալիս նրան, որովհետև դորա մեջ է նրանց օգուտը, ուխտավորներից նրանք շահում են: Նրանք կցանկանային, որ Բաղդադի աներևույթ իմամներն երկար մնային Պարսկաստանում և շարունակեին յուրյանց հրաշագործություններըԲայց կառավարությունը, եթե խրատված լինի անցյալ փորձերից, նա պետք է ամեն հնարքներ գործ դնե հանգստացնելու ժողովրդի կատաղի հուզմունքը ոչ միայն քրիստոնյաների հանգստությունը պահպանելու համար, այլ նույնիսկ յուր շահերը պահանջում են այդ: Որովհետև այսպիսի խաբեական երևույթները միշտ ամրապնդում են ռամկին յուր մոլեռանդությանց մեջ և հետևապես բարձրացնում մոլլաների ազդեցությունը և հարգը, որոնք մոլեռանդության ներկայացուցիչներն են: Այսպիսով կառավարությունը զրկվում է իրագործելու յուր նպատակը, մոլլաների ազդեցությունը թուլացնելու մասին, որոնք միշտ հակառակ են գնում պետության բարենորոգումների դեմ:

Ի՛նչ խայտառակություն է այդ, մի խաբեբա մոլլայի ինքնահնար երազի պատճառով ամբողջ Պարսկաստանը տակնուվրա է լինում: Շինականը, երկրագործը, վաճառականը թողնում են յուրյանց աշխատությունը, բավականին ծախսեր անելով, հեռու տեղերից գալիս են հրաշքներ տեսնելու: Թողնենք այս իրողության բարոյական կողմը, մի՞թե դա նյութապես չէ վնասում աղքատ և ողորմելի ժողովրդին:

Այժմ ես հասկանում եմ, թե որպես ստեղծվեցան և իրական կերպարանք ստացան հրաշքները

ԿՂԵՐԱԿԱՆ ՀԱՐՍՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 15-ին ներկա 1876 թվի Դավրեժի ազգային-հոգևոր Արամյան դպրոցի հոգաբարձությունը ուղղեց Նորին Վեհափառության կաթողիկոսին ամենայն հայոց հետևյալ աղերսը, ստորագրությամբ նախագահի, Անդրեաս արքեպիսկոպոսի և բոլոր հոգաբարձուների:

Ահա աղերսը`

«Մայր Աթոռի Գահակալությունը, սկսյալ 1867 թվից, հայկական կյանքի մեջ սկիզբ է դնում մի նոր և փառավոր դարեշրջանի, երբ ուսումը, գիտությունը և հայաստանյայց սուրբ եկեղեցվո բարեկարգությունը ավելի փայլ և պայծառություն ստացավ: Լուսավորության այդ նոր դարեշրջանը սկսվեցավ այն օրից, երբ սուրբ Լուսավորչի Աթոռը ձերդ վեհափառության վիճակվելու բախտն ունեցավ:

Վեհափառությունդ, քաջ ծանոթ լինելով ժամանակի ոգուն և նորա պահանջներին, գիտելով թե մի մտավորապես ընկած ազգի վերակենդանությունը կայանում է միմիայն նորա կրթության և լուսավորության մեջ, — ամենայն ջանք ի գործ դրեց հիմնել Մայր Աթոռի կենտրոնում իմաստության մի տաճար, մի հոյակապ ճեմարան, որտեղից պետք է սփռվեն լուսավորության ճառագայթներն դեպի ամեն կողմեր, ուր կան և ապրում են հայեր: Դա հսկայական մի գործ է, որի վերա ժամանակը և անաչառ պատմությունը ամենայն պարծանոք պիտի դրոշմե վեհափառիդ հավերժական անունը:

Որպեսզի ուսումը և գիտությունը, որպես լույս և ճշմարտություն, ամեն տեղերում տարածվի հայերի մեջ, ամեն տեղ ներշնչե յուր կենսատու ոգին, վեհափառությունդ գուն գործեց նախ մերձավոր և ամենահեռավոր վիճակներում բարեկարգել դպրոցների դրությունը: Այդ բարեմասնություններից զուրկ չմնաց և հեռավոր Ատրպատականը: — Դավրիժո ազգային դպրոցի այժմյան բարեկարգ վիճակը ձերդ վեհափառության քաջալերությանը պարտական է:

Թե որպիսի մեծ նշանակություն ունի այդ դպրոցը Պարսկաստանի հայոց այժմյան կարիքների համար, բավական է հիշել այն բազմաթիվ որոգայթները, որոնք ուսման և կրթության անունով այստեղ լարել են այլադավան որսորդները (կաթոլիկ և բողոքական միսիոնարները) հայ մանուկները մոլորեցնելու համար: Այո՛, Դավրիժո ազգային դպրոցը մի հաստատուն պատվար է նոցա բոլոր հարձակումների առաջը առնելու: Այստեղ հայ մանկտին սովորում է հավատարիմ մնալ յուր մայրենի եկեղեցվույն, սիրել յուր ազգն ու լեզուն, և պատրաստվել հայրենյաց համար պիտանի և գործունյա որդի:

Բայց ցավալին այն է, որ դպրոցի նյութական վիճակը չէ համապատասխանում մինչև անգամ այն ամենաանհրաժեշտ կարիքներին, որոնք նա լցուցանելու ավելի պետք ունի: Որպես սույն աղերսագրի հետ ներկայացուցած հաշվեցուցակից վեհափառությունդ կբարեհաճի նկատել, որ դպրոցը յուր միամյա ելևմտից մեջ բավականին բաց ունե և նույնը շարունակվելու է և հաջորդ տարիներում, եթե արդյունքի մի նոր աղբյուր չտնօրինվի: Ի նկատի ունելով մուտքի և ելքի մի այսպիսի զգալի անհավասարակշռությունը, դպրոցի հոգաբարձությունը այժմ մեծ տագնապի մեջ է, մտածելով, թե դպրոցի մայր գումարն ամ ըստ ամե պակսելով, վերջապես կսպառվի, և այնուհետև ուսումնարանը փակվելու վիճակի պետք է ենթարկվի:

Ուրիշ աղբյուրներ չկան արդյունքի համար և կրկին քաղաքիս բարերար անձանց նվիրատվությանը դիմել` չէ կարելի, որովհետև նոցա յուրաքանչյուրն յուր կարողության համեմատ, որպես վեհափառությանդ հայտնի է, սկզբանե մի նշանավոր գումար նվիրած են: Մանավանդ որպես մտածվում է, օրիորդաց ուսումնարան ևս պիտի հիմնվի, դարձյալ ծանրությունը նույն բարերար անձանց վերա ընկնելու է, որոց թիվը դժբախտաբար շատ փոքր է: Աշակերտների վերա նորանոր վճարներ նշանակել անհնար է, որովհետև փոքր-ինչ զգալի ծանրությունը կստիպեցնե նոցա աղքատ ծնողներին մեր դպրոցեն դուրս հանել յուրյանց որդիքը և բողոքականների վարժատունը հանձնել, ուր ամեն ինչ ձրի է:

Դպրոցի մի այսպիսի անմխիթար նյութական դրությունը անշուշտ ձերդ վեհափառության բազմախնամ ուշադրությունը յուր վերա դարձնելու բախտն պետք է ունենա, որովհետև Պարսկաստանի փոքրաթիվ հայերը որպես կորուսյալ ոչխարներ արթուն հովվապետիդ կարեկցությանը ավելի շատ կարոտություն ունեն: Որո վասն դպրոցի հոգաբարձությունը վստահանում է խոնարհաբար խնդրել, որ ձերդ վեհափառությունը բարեհաճի Ատրպատականի մի քանի մասնավոր վանքական և աթոռային մուտքերը տեղային հայերի պիտոյից համար գործադրել, հատկացնելով նորանց Դավրիժո ազգային դպրոցին:

Հիշյալ վանքական և աթոռային մուտքերը, որոց մասին դպրոցի հոգաբարձությունը, իբրև տեղային ժողովրդի ներկայացուցիչը, խնդրում է ձերդ վեհափառությունից հետևյալքն են. 1. Դոխարղանու այգվո եկամուտը. 2. Սուրբ Նախավկայի վանքի եկամուտի մնացորդից 100 ռուբլի. 3. Դավրիժո եկեղեցյաց սուրբ Աթոռի անունով հավաքված գանձանակադրամը:

Հուսով եմք, որ ձերդ վեհափառությունը կհարգի հոգաբարձության ամենախոնարհ աղերսը, որո վասն եմք և մնամք բազմախնամ հովվապետիդ օրհնությանը և շնորհացն կարոտ»:

(Ստորագրություններ)

Պատասխան

Մինչդեռ Դավրեժեն և վիճակեն նյութական ոչինչ օգուտ չկա և չսպասվեր ևս ստանալ, նկատելով նոցա նյութական վիճակը, սակայն խի՞ղճ է, որ Էջմիածնի կալվածքին արդյունքը ևս ինքյանց վերադարձնել ուզենան և եթե Էջմիածին հետզհետե աստի և անտի ունեցած առավել կամ նվազ արդյունքը սմին և նմին թողու, ապա ինքն ինչո՞վ պիտի կառավարվի:

Վ. Ե. ՄԱՆԿՈՒՆԻ

Ընթերցող, դու կարդացի՞ր այս աղերսը, որ ուղղված է նորին վեհափառության կաթողիկոսին ամենայն հայոց, դու տեսա՞ր այն կոշտ լակոնական պատասխանը, որ դարձած է դեպի խնդրատուները:

Աղերսը կատարյալ աղերս է. այս բառի բուն նշանակությամբ նորա մեջ չկան փաստեր` ապացույցներ, որ հաստատում են խնդրատուի իրավունքները, նորա մեջ կան միայն փաղաքշական խոսքեր, խայտաճամուկ գովեստներ, լաց և արտասուք: — Այսպիսի աղերսը ուղղում են միայն ստրուկներն, որովհետև կարծում են, թե այլ ոճով իրանց տիրոջ սիրտը ամոքել կարող չեն...

Պարսկաստանի հայը, դարերով ստրկության մեջ ճնշված հայը` լավ սովորած է հիշյալ ոճին, նա չգիտե ի՞նչ է իրավունքը, նա միայն գիտե աղաչել և պաղատել...

Մենք չենք զարմանում աղերսի պարունակության վերա, մեզ զարմացնում է միայն պատասխանը. ուրեմն խոսենք դորա մասին:

Դավրեժու ազգային հոգաբարձությունը վիճակային առաջնորդի հետ միասին ուղղում են ի աղերս դեպի ամենայն հայոց կաթողիկոսը, խնդրելով, որ Պարսկաստանից Ս. Էջմիածնա գանձարանը մտնող ինչ-ինչ արդյունքները հատկացվին Դավրեժու ազգային դպրոցին: — Խնդիրը բավականին կարևոր է, և խնդրատուներն հասարակ մարդիկ չեն. — խնդրում են` վիճակային առաջնորդն ազգային հոգաբարձության հետ միասին:

Էջմիածնում սինոդ կա: Վեհ. կաթողիկոսը պետք է աղերսագիրը առաջարկեր սինոդին, որովհետև ուղղակի վերաբերում էր սուրբ աթոռի ելևմտական մասին, և սինոդը յուր կողմից քննելով խնդիրը, կամ կընդուներ և կամ կմերժեր:

Բայց այս պաշտոնական ձևերից և ոչ մեկը գործ դրված չէ եղել: Չլինի՞ թե վեհ. կաթողիկոսը ոչինչ տեղեկություն չուներ այդ աղերսի վրա: — Պատասխանում է Մանկունին: Ով է այդ Մանկունին: — Վեհարանի վաղեմի սենեկապետը, որ այսօր եպիսկոպոսական վեղար է կրում: Շատ լավ, այսպիսի եպիսկոպոսներ, փառք աստուծո, շատ ունենք, մի՞թե նրանց իրավունք է տված ինքնահաճ կերպով ազգային գործերի մեջ մտնել:

Այժմ ես հասկանում եմ այն խոսքը, որ շատերն ասում են, թե Էջմիածինը կառավարում է Մանկունին...

Այստեղ զարմանալու ոչինչ չկա. ազգերի պատմության մեջ դա մի նոր բան չէ: Եղել են ժամանակներ, որ պալատական սենեկապետներն և արքունյաց նաժիշտներն մեծ դեր են խաղացել ամբողջ պետությունների ճակատագրի մեջ

Դառնանք հիմա աղերսագրի այն կետերին, թե որքան իրավացի կամ անիրավ էր ազգ. հոգաբարձության խնդիրը:

1. Ազգ. հոգաբարձությունը խնդրում է ս. Ստեփաննոս Նախավկայի վանքի արդյունքից 100 ռուբլի (ինչո՞ւ ոչ ամենը) շնորհել Դավրիժո ազգային դպրոցին:

Ինչո՞ւ ոչ ամենըկրկնում ենք դարձյալ: Էջմիածինը ի՞նչ իրավունք ունի տանել ս. Նախավկայի վանքի արդյունքը: Որպեսզի բացատրենք այս հարցը, մենք ստիպված ենք ասել մի ամբողջ պատմություն:

Ռուսաց պարսից հետ պատերազմից հետո, Թուրքմենչայի դաշնագրության համեմատ, պարսից հպատակ հայերին թույլ տրվեցավ գաղթել դեպի Ռուսաստան: Նույն ժամանակվա Ատրպատականի փոխարքան, որ կոչվում էր Նաիբուլ-Սալթանա (Աբբաս-Միրզա մեծ իշխանը) գիտելով հայ հպատակների մեծ նշանակությունը Պարսկաստանի վաճառականության և երկրագործության մեջ, սկսավ ամեն կերպ կողմնակի հնարներ գործ դնել, որպեսզի գաղթականությունը արգելե: Մեծ իշխանին աջակից էին անգլիական դեսպանատան մի քանի պաշտոնակալներ, որոնք պաշտպանում էին այն ժամանակ Պարսկաստանի շահերը: Գաղթականությունը թեև իսպառ չխափանվեցավ, բայց հայերը մասամբ պահվեցան Պարսկաստանում յուրյանց հայրենի հողի վերա: Այս մնալու պատճառն այն է, որ մեծ իշխանը կարողացավ գրավել հայ ժողովուրդը զանազան առանձնաշնորհումներով. օրինակ, գյուղացիների հարկերը թեթևացրուց, Դավրեժ քաղաքի հայերին բոլորովին ազատեց հարկատվությունից, շարիաթի անիրավությանց դեմ զանազան ֆերմաներ շնորհեց և գյուղերի նշանակություն ունեցող մելիքներին ու տանուտերերին մշտական ռոճիկ սահմանեց: Մեծ իշխանը, իմանալով, որ հայերը կապված են ավելի յուրյանց եկեղեցուն և եկեղեցականներին, աշխատեց գրավել և այս կողմը: Հաֆթվանա եկեղեցուն շնորհեց մի քանի օրավար գետին54, որպես եկեղեցական կալվածք, որովհետև այս եկեղեցին նույն ժամանակավ առաջնորդարանն էր, և առաջնորդին մշտական ռոճիկ սահմանեց, որը մինչև այսօր ստանում է ամեն մեկ Պարսկաստանի վիճակավորն: Այժմ մոտեցանք բուն խնդրին. մեծ իշխանը շնորհեց ս. Նախավկայի վանքին մի ամբողջ գյուղ, որ կոչվում է Դարաշամբ, նույն գյուղը, որի մոտ գտանվում է վանքը, որը և մինչև այսօր համարվում է վանքային կալվածք: Վանքի գլխավոր արդյունքը գոյանում է այս գյուղից և այս արդյունքը մտնում է Էջմիածնա գանձարանը, ի՞նչ իրավունքով, հայտնի չէ

Եթե մենք ուշադրությամբ կարդալու լինենք Մանկունու պատասխանը, նորա մեջ կգտնենք այս խոսքերը. «Մինչդեռ Դավրեժեն և վիճակեն նյութական ոչինչ օգուտ չկա և չսպասվեր ևս ստանալ, սակայն խի՞ղճ է, որ Էջմիածնի կալվածքին արդյունքը ևս ինքյանց (այսինքն` վիճակի հայերին) վերադարձնել ուզենան»: — Այս խոսքերից պարզ երևում է, որ Մանկունին ս. Նախավկային պատկանած Դարաշամբ գյուղը Էջմիածնա կալվածք է համարում: Դա կարելի էր, եթե Մանկունին յուր հրաշագործ զորությամբ հրաման տար Երասխ գետին թողնել Պարսկաստանի և Ռուսաստանի սահմանի գիծը և մի քանի տասնյակ մղոն հեռվից հոսել, այն ժամանակ Դարաշամբը կընկներ Ռուսաց հողի վերա, և ավելի մոտենալով Էջմիածնին, Մանկունին կարող կլիներ ջնջել վանքի դռան ճակատից այն պարսկերեն հսկա արձանագրությունը, որ ասում է, թե Նաիբուլ-Սալթանան չէ ընծայել Դարաշամբ գյուղը Էջմիածնին, այլ ընծայել է նա ս. Նախավկայի վանքին, այն վանքին, որ այսօր Պարսկաստանի հողի վերա է գտնվում, ընծայել է այն վանքի ժողովրդին, որ այսօր Պարսկաստանի հպատակներն են55:

Մեր կարծիքով, Դավրեժի ազգային հոգաբարձությունն ամենևին պատճառ չուներ խնդրել Էջմիածնից, որ յուրյան, այսինքն` Պարսկաստանի ժողովրդին պատկանած մի կալվածքի արդյունքից 100 ռուբլի ողորմություն շնորհեր, քանի որ ինքը հոգաբարձությունը կարող էր բոլորովին դադարեցնել ամբողջ արդյունքի Էջմիածին մտնելը: Եվ եթե օգուտ քաղելով ժողովրդի կուրությունից մինչև այսօր հափշտակվել է արդյունքը, — մենք այդ կոչում ենք կղերական հարստահարություն, ավելի ոչինչ...

Դառնանք այժմ 2-րդ խնդրին:

Դավրեժու ազգ. հոգաբարձությունը խնդրում է Դոխորղանու այգիի արդյունքը սեփականել Դավրեժի ազգ. դպրոցին: Մանկունին այդ ևս համարում է Էջմիածնա կալվածք, բայց ապացույցներն հայտնի չեն:

Մենք դարձյալ ստիպված ենք ասել մի նոր պատմություն հայերի Պարսկաստանից գաղթականության մասին: Հայերի գաղթականությունը Պարսկաստանից այնքան հանկարծակի եղավ, որ նրանք ամենևին չունեցան հնարավորություն վաճառելու յուրյանց կալվածքները, այլ թողեցին մնացող ազգականներին, և եթե դոքա չկային, ընծայեցին տեղային որևիցե եկեղեցուն: Այսպիսի նվերներից մեկն է Դոխորղանու այգին, որ այսօր Էջմիածնա կալվածք է դարձել

3-րդ խնդիրն ավելի հետաքրքրական է:

Դավրեժու ազգ. հոգաբարձությունը խնդրում է, որ Դավրեժ քաղաքի եկեղեցիների մեջ Մայր աթոռի անունով հավաքված գանձանակադրամը հատկացվի տեղային ազգ. ուսումնարանին: Բայց Մանկունին ուրանում է, թե «Դավրիժեն և վիճակեն նյութական ոչինչ օգուտ չկա և չսպասվիր ևս ստանալ»: Ուրեմն Էջմիածինը ի՞նչ կարող է տալ, քանի որ ինքը ոչինչ չէ ստանում:

Դա կատարյալ ստություն է:

Բայց այստեղ կա մի ուրիշ հարց ևս, որտեղ երևան է գալիս կղերական պատկերը յուր ամբողջ հոգևոր հարստահարությամբ:

Ամեն մարդ գիտե Պարսկաստանի հայոց թշվառությունը, ամեն մարդ գիտե, որ նա աղքատ է, և հայտնի է այդ ողորմելի աղքատության պատճառը: Նորա ձեռքի բոլոր վաստակը գնում է զանազան տուրքերի: Նա պետք է տուրք վճարե դիվանին (կառավարությանը): Նա պետք է տուրք վճարե կալվածատերին, որի հողը մշակում է: Նա պետք է տուրք վճարե սարփարաստին և այլն: Ավելացնենք դոցա վերա և հոգևոր տուրքերը, նա առանձին տուրք է վճարում վիճակային առաջնորդին պսակի, թաղման և մկրտության համար: Առաջնորդն ստանում է նաև ժողովրդի ծխահամարի թվով մի ուրիշ տուրք ևս, որ կոչվում է «հոգևոր պտուղ»: Քահանան ստանում է առանձին բոլոր այն ծիսակատարությանց մասին, որ եկեղեցին մատակարարում է յուր ժողովրդին: Դոցա վերա ավելանում են և գանձանակադրամներն56, որ եկեղեցիներում հավաքում են Էջմիածնի անունով, և աթոռահարկը, որ ստացվում է Մայր աթոռի համար: — Այս բոլոր հոգևոր տուրքերն, եթե յուրյանց ժամանակին չվճարվեն, ոչ միայն պարտազանցը զուրկ կմնա եկեղեցվո այս և այն խորհրդից, այլ գործ կդրվին ավելի ազդու միջոցներ, որոնք գործ է դնում դիվանը յուր հարկերը հավաքելու մասին

Այժմ ո՞վ կարող է մեղադրել մի այսպիսի ժողովրդին, որ ենթարկված է այպիսի «կղերական հարստահարությանց»: Ո՞վ կարող է մեղադրել նորան այն մոլորության համար, որ նա յուր մայրենի եկեղեցին թողնելով կամ կաթոլիկ է դառնում, կամ բողոքական և կամ մահմեդական...

Այս բոլորից հետո այժմ հասկանալի է, թե որքան իրավացի է Մանկունու պատասխանը, իսկ այդ պատասխանը մենք համարում ենք Էջմիածնա խոսքը, և Դավրեժի հայ հասարակությունն ևս այնպես է ընդունում:

Ի՞նչ էր մնում այնուհետև անել հասարակությանը, նա Էջմիածնա դեմ դատ բացելու և յուր իրավունքները պահանջելու ընդունակություն չունի. նրան մնում էր ասել մի բան, թե «մենք այսուհետև Էջմիածնա հետ գործ չունենք, մենք կտրում ենք մեր բոլոր կապերը Մայր աթոռի հետ, մենք կհիմնենք Պարսկաստանում մի առանձին հոգևոր կառավարություն, որպես ունի Տաճկաստանը յուր պատրիարքներով և կաթողիկոսներով և Էջմիածինը այնուհետև չէ կարող տանել մեր վանքերի արդյունքը...»

Եվ այսպես էլ անելու միտք ունի նա:

Այժմ մենք առաջարկում ենք մեր ընթերցողին, որքան էլ զզվելի լիներ «Արարատ» ամսագիրը, առնել մարտ ամսի համարը և կարդալ եր. 82 «Կղերականություն» վերնագրով հոդվածը: Պ. Հայկորդին, կամենալով ցրել կղերականությունը, միևնույն ժամանակ ինքն չէ զգում, որ յուր գրվածքից փչում է կաթոլիկ-կղերականության խիստ թթված հոտը... Նորա հոդվածի մեջ աչքի են զարկում հետևյալ խոսքերը. «Հայոց ընդհանուր հայրապետությունը, — որո Մայր աթոռը միշտ (՞՞) համարված է Ս. Էջմիածինը, — դարավոր ժամանակներե հետե ամեն տերություններե, որոց ձեռքին տակ գտնված են տիրասեր-հայկազունք, ճանաչված է այն ազգին ներկայացուցիչը թե՛ կրոնական և թե՛ քաղաքական նկատմամբ, ուստի և Ս. Էջմիածնա Ծայրագույն պատրիարքությունը` ամենայն հայոց կաթողիկոսությունը այդ յուր պաշտոնը ջանացած է հավետ կանոնավոր ու ազգօգուտ կերպով կատարել»:

Թողնենք անցյալը, թողնենք պատմությունը, երբ Էջմիածնա կաթողիկոսներն պարսիկ իշխաններից կաշառքով էին հափշտակում Մայր աթոռի գահակալությունը, և պատրաստի փող չունենալով պարտամուրհակներ էին տալիս, և ժամանակին չկարողանալով վճարել, Մայր աթոռի սրբությունքը վաճառվում էինԹողնենք կեղտոտ անցյալը

Այժմ ի՞նչ «կանոնավորություն» և ի՞նչ «ազգօգուտ» ջանադրություն ես գտնում, ընթերցող, Էջմիածնա վարմունքի մեջ դեպի Պարսկաստանի թշվառ ժողովուրդը: Բողոքական և կաթոլիկ քահանաներն հեռու երկիրներից գալիս են, Պարսկաստանում յուրյանց արծաթը և կյանքը սպառում են, հայերին որսալու համար դպրոցներ են հիմնում: Բայց Էջմիածինը ամբողջ Ատրպատականի մեջ գտնված իսկ հայ դպրոցի արդյունքը տանում է... նորանից խնդրում են նորա մի փոքր մասը գոնյա շնորհել յուրյանց որպես ողորմություն. այն ևս Մանկունու բերանով մերժվում էԱհա՛, այսպես է կատարում Էջմիածնա պատրիարքությունը յուր «կանոնավոր և ազգօգուտ» պաշտոնը դեպի յուր հետ կապված հայ ժողովուրդը...

Մեր ազգի մտածողներին վաղուց զբաղեցնում է մի խնդիր. արդյոք պե՞տք է Էջմիածինը հայոց ընդհանուր ազգի Մայր աթոռը ճանաչել և Տաճկաստանում գտնված պատրիարքությունների և կաթողիկոսությունների իբրև հակաթոռ, և որպես Հայկորդին ասում է` չկաթողիկոսություն համարել: Մենք ցանկություն չունենք այդ հարցը քրքրել` որովհետև գիտենք, որ հայոց ազգի կյանքը և նորա ժամանակակից պահանջները իրանք կտնօրինեն յուրյանց գործը:

Բայց մենք կառաջարկենք մի ուրիշ հարց, թե ո՞վ է մեղավոր, որ օտար պետությանց մեջ գտնվող հայերն օրըստօրե յուրյանց կապերն կտրում են Էջմիածնա հետ... Ո՞վ է մեղավոր, որ Պարսկաստանի հայերն այսօրվա օրս մտածում են յուրյանց համար առանձին և Էջմիածնից անկախ հոգևոր կառավարություն կազմել...

Պատասխանը ինքնըստինքյան հասկանալի է

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրեժ, 13 օգոստոսի

Մինչ Տաճկաստանը յուր քրիստոնյա հպատակներին նորանոր արտոնություններ շնորհել, իրավունքի հավասարություն տալ և նրանց վաղեմի ծանր և անտանելի լուծը թեթևացնել է խոստանում, որպեսզի քրիստոնյա պետությունների համակրությունը ստանա և նրանց կողմից իրան սպառնացող վտանգը հեռացնե, — ընդհակառակն Պարսկաստանը յուր քրիստոնյա հպատակների վերաբերությամբ դեռ վաղեմի բարբարոսության մեջն է գտանվում, բարբարոսություններ, որ կրում են իրանց վերա լանկթեմուրյան, չինգիզխանյան դարերի արյունոտ կնիքը...

Հայը Պարսկաստանում ոչինչ բանի տեր չէ. նրա կյանքը, նրա կայքը և նրա ընտանիքը իրան չեն պատկանում:

Նրա կյանքը և մի հավի կյանքը` երկուսն էլ միևնույն նշանակություն ունեն: Որպես մի ժամանակ կատաղի ենիչերին յուր սրի զորությունը փորձելու համար հայի գլուխներ էր թռցնում, այնպես էլ պարսիկը յուր հաճույքի համար կարող է մի հայ սպանել և անպատիժ մնալ:

Եվ նրա կայքը, այո՛, իրանը չէ: Պարսկի տանը ինչ որ պակաս է, նա առանց պատասխանատվության հափշտակում է և խլում է հայից: Եվ նրա ընտանիքը նույնպես իրանը չէ. նրա գեղեցիկ աղջիկը և կինը միշտ զոհվում են մահմեդականի կրքերին

Մեր ասածներն դարտակ խոսքեր չեն, այլ հիմնված են ամենօրյա պատահած անցքերի վերա: Հիշենք մի քանիսը, որ մոտ օրերի անցքեր են: Արդեբիլում հայ երիտասարդներն ձիարշավ են ունենում, նրանց մեջ գտանվում է մի թուրք, դա նախանձից գրգռված, արձակում է յուր հրացանը և սպանում է հայերից մեկին: Չարագործը թեև բռնվում է, բայց մնում է անպատիժ: Րաշտում մի հայ երիտասարդ բոլորովին անտեղի կասկածանաց պատճառավ մի թուրք հրապարակական կնոջ հետ, քարկոծվում է կատաղի ամբոխից: Մարաղայում թուրքերը դաշտից հափշտակում են մի հայ աղջիկ, և նրան շաբաթներով այստեղ և այնտեղ ման ածելեն հետո, երբ գործը դատի է հասնում, համաձայնում են աղջիկը ետ դարձնել յուր ծնողներին միայն այն պայմանով, երբ նրանք կտային մի նշանավոր գումար փող: Ծնողներն աղքատ լինելով, տեղային հայ հասարակությունը յուր միջից հավաքում է բավականին գումար, և մոլլաներին ու դատավորին կաշառք տալով, ետ են գնում իրանց անպատված աղջիկը...

Սուլդուղում մի տան մեջ երբ գյուղացի հայերն հավաքված, կատարում էին մի հանգուցելո սուգը, հանկարծ գյուղատեր խանի եղբայրն քսան զինվորված մարդերով պաշարում է տունը և հափշտակում է այնտեղից մի աղջիկ: Չարագործը յուր անմեղ զոհը մինչև 15 օր յուր կրքերին ծառայեցնելեն հետո, աղջիկը փախչելով ազատվում է, բայց կրկին հափշտակվում է նա...

Թողնենք այդ անիրավություններն, որոնք թեև հաճախ կրկնվում են, բայց դարձյալ պատահական են, դառնանք այն հարստահարություններին, որ կատարվում են մշտական կերպով և հաջորդաբար:

Գյուղացիները սարսափելի թշվառության մեջ են. կալվածատեր խաների հարստահարությունը հասցրել է նրանց վերջին աստիճանի աղքատության: Խաներն առնում են գյուղացիներից երեքպատիկ, չորեքպատիկ անգամ ավելի տուրք, քան այն գումարը, որ նշանակել էր գյուղի վերա կառավարությունը: Մենք իբրև օրինակ կվեր առնենք միայն Ղարադաղի Քեյվանի կոչված գավառի 6 հայաբնակ գյուղորայքը: Երևակայեցեք, ի՞նչ կլինի մի հայ գյուղացու վիճակը, երբ նա 25 թուման տերությունից նշանակված հարկի փոխարեն վճարել է 700 թուման, դեռևս չէ ազատվում հարկահաններից (Սըղըն գյուղ): Եվ մնացյալ գյուղորայքն 280 թումանի փոխարեն վճարել են 1500 թուման, տակավին պահանջում են նրանցից:

Ինչո՞ւ են տալիս, գուցե կհարցնե ընթերցողը:

Գյուղացին իր հաճությամբ չէ տալիս, այլ նրանից առնում են սարսափելի բռնություններ գործ դնելով, բռնություններ, որ ոչ մի բարբարոսի մտքից անգամ անցած չէ: Հիշյալ գավառի կառավարիչները` Բաղր-խանը և Մահմուդ-խանը, իրանց հանձնված թշվառ հայերը անողորմ կերպով կողոպտելեն հետո, դարձյալ նորանոր հարկեր են պահանջում: Գյուղացիք այլևս վճարելու կարողություն չունեն, բայց խանը ուշադրություն չէ դարձնում նրանց արտասուքին ու լացին, սկսում է ավելի գազանական միջոցներ գործ դնել, որ ինկվիզիցիան երբեք գործ չէ դրած յուր զոհերի վերա: Մենք կհիշենք միայն մեկը, թող մնացածի մասին գաղափար ստանա ինքը ընթերցողը:

Բաղր-խանը գյուղացիների բոլոր այն իրեղենները, որոնք որևիցե արժեք ունեին, կողոպտելեն հետո, բռնել է տալիս գյուղի ծերունիներին, զանազան տեսակ չարչարանքներով սկսում է զուտ փող պահանջել: Օրինակ 7080 տարեկան ծերերի ամորձիքից ծանր քարեր քարշ տալով, ծեծի և խարազանի զորությամբ ստիպեցնում է նրանց վազ տալՏեսեք, ամբողջ մարդկային պատմությունը չունի յուր էջերում չարչարանքի մի այսպիսի սատանայական օրինակ... Երևակայեցեք, թե մինչև ո՞ր աստիճան զարգացած է պարսից մեջ տանջելու արհեստը...

Գյուղացիներից ոմանք հազիվ կարողանում են փախչել և գալ Դավրեժ, և Ատրպատականի առաջնորդի միջնորդությամբ յուրյանց բողոքը հայտնելով բարձր կառավարությանը, այո՛, նրանց վերա գործ դրված զարհուրելի բարբարոսությունները գրավում են կառավարության ուշադրությունը: Նորին վսեմության` Ատրպատականի կառավարչի` Սահաբ-դիվանի հրամանով Բաղր-խանը Ղարադաղից բերվում է Դավրեժ:

Գյուղացիների բողոքին խոստանում են լիակատար բավականություն տալ. Բաղր-խանին պատժել, անիրավաբար հափշտակած փողերն ետ առնել և այլն: Իսկ այդ բոլոր խոստմունքներն իզուր են անցնում, որովհետև Բաղր-խանը հետևելով Պարսկաստանի սովորական ձևերին, կարողանում է մի քանի հարյուր թումանով դեպի ինքն գրավել դատավորների որպես օգնությունը, նույնպես և նրանց խղճմտանքը

Այժմ գյուղացիների վիճակն ավելի անտանելի դարձավ, որովհետև, նրանք իրանց բողոքին բավականություն չստանալեն հետո, այլևս չեն համարձակվում վերադառնալ դեպի իրանց տները, վախենալով, չիցե թե ենթարկվեն իրանց բռնակալի ավելի սարսափելի վրեժխնդրությանը...

Մի քանի ելք միայն կա այս դժոխային դրությունից ազատվելու: Գյուղացիներն այժմ մտածում են թողնել Պարսկաստանը և գաղթել դեպի ռուսաց հողը: Երասխ գետը միայն բաժանում է նրանց երկիրը Ղարադաղի գավառից. անցնելով գետը, նրանք ազատված կլինեն, և դա շատ դյուրին է...

Կառավարությունը բոլորովին անհոգ է այդ մասին, նա ամենևին չէ ուզում հասկանալ, որ մի անիրավ Բազր-խանի և գազան Մահմուդ-խանի պատճառով յուր ժողովուրդը գաղթում է և ցրվում է դեպի օտար երկրներ: Այսպիսի Բաղր-խաներն ամեն տեղ նույնն են գործում, շատ ժամանակ չէ, մի քանի օր առաջ էր, որ 30 գերդաստան հայեր Սուլդուզից գաղթեցին դեպի Երևանու գավառը. և ամեն օր տեսնում ենք, թե որպես Սպահանի հայերն խումբերով գալիս են և գնում են դեպի ռուսաց Հայաստանը: Շահ Աբասը այս մարդերին Գողթան գավառից տարավ Պարսկաստան այն մտքով, որ յուր երկիրը երկրագործության և վաճառականության մեջ ծաղկեցնե, և նա չսխալվեցավ: Բայց նրա հաջորդների օրով խաներն սրով և արյունով դուրս են հալածում իրանց երկրից Պարսկաստանին հազարավոր օգուտներ տված հայերին

Իսկ այդ բոլորը գործողը չէ բարձր կառավարությունը, նա ոչինչ բանից տեղեկություն չունի... գործում են միայն Բաղր-խանի և Մահմուդ-խանի նման բռնակալներնԴրանք Չալաբյան ցեղին են պատկանում, չալաբյանցի և ավազակ բառերն միևնույն նշանակությունն ունեն Պարսկաստանում:

Համարձակվում ենք նորին վսեմության Սահաբ-դիվանի ուշադրությունը դարձնել հիշյալ իրողությունների վերա, նկատելով, որ նրա կառավարությանը պատիվ չի բերի մեր այս ժամանակում, — երբ ամեն պետություն յուր հպատակների հանգստության համար է մտածում, առանց խտրություն դնելու կրոնի և ազգության, — հայերն Պարսկաստանում հարստահարված լինեին Բաղր-խանի և Մահմուդ-խանի նման ավազակներից...

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրիժ, օգոստոսի 15

Պարսկաստանում հրաշագործությունները տակավին կրկնվում են, նրանք սկսեցին հայտնվել և ուրիշ քաղաքներում: Քանի օր առաջ Դավրեժի ամբողջ մահմեդականությունը սարսափելի ոգևորության մեջ էր. գիշերները քաղաքը լուսավորվում էր անհամար ճրագալույցներով. բոլոր կտուրների վերա լինում էին հրախաղություններ և հրացան գործիքների որոտմունքը հանգստություն չէին տալիս: Մեջիդներից լսելի էին լինում հոգևոր երգեցողություններ, և ամբոխը նրանց մեջ հավաքված, մինչև լույս աղոթում էր

Ի՞նչ է պատահել:

Նոր հրա՛շք:

Ահա՛ ժողովրդի պատմությունը. յոթանասուն տարվա անդամալույծ մեկը, մի ծերունի մահմեդական, երկար տանջվելով յուր անբախտ դրության մեջ, վճռում է կամ մեռնել և կամ բժշկություն գտնել: Այս մտքով նա մի գիշեր հրամայում է իրան տանել քաղաքի ուխտատեղիներից մեկում, որ կոչվում է իմամզադա: Այնտեղ նա յուր վզից մի թոկ է կապում և այնպես քարշ է ընկնում իմամզադայի առաստաղից, աղոթելով, որ կամ խեղդվի, մեռնի և ազատվի, և կամ իմամը նրան բժշկություն շնորհե: Այս դրության մեջ նրա քունը տանում է: Հանկարծ նրա կողքը խթում են: Նա զարթնում է և օդի միջից լսում է մի աներևույթ էակի խոսքերը` «վե՛ր կաց, գնա՛, դու բժշկված ես»:

Նրա վզից կապած թոկը ինքն իրան կտրատվում է, անդամալույծը վեր է ցատկում և բոլորովին առողջ ոտերով վազում է մեծ մոլլայի տունը և, պատմում է յուր վերա կատարված հրաշքը... Առավոտյան մեծ մոլլան հայտնում է մյուս մոլլաներին և քաղաքի բոլոր մեջիդները լցվում են բազմութենով, որոնց մեջ նրանք սկսում են փառաբանել Մուհամմեդի ալլահը յուր ցույց տված հրաշքի մասին

Следующая страница