Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

23. Էսկիշեհերի մեջ մահմեդականները քրիստոնյաներին արգելում են նոր կալվածք գնելու, բնակություն հաստատելու և եկեղեցի շինելու: Թագրիրներ գրված են, Բ. Դռնից մի քանի անգամ հրամաններ ուղարկված են քրիստոնյաներին նպաստելու նպատակով, բայց արդյունքն հայտնի չէ:

24. Տիգրանակերտի նահանգում Սպահերա ավանի գյուղերը հարստահարող քուրդերի գլխավորներից մեկը` Աբդի բեկ անունով, մուդիրության պաշտոն վարելով, սկսում է ժողովուրդը ամեն կերպով կեղեքել: Այս բռնակալը հափշտակում է հայերից նրանց արտերը, հողերը և անասունները, այլև Հուսպ գյուղի հայոց գերեզմանատունը գրավելով, միջի գտնված եկեղեցին քանդում է և յուր համար տուն է շինել տալիս: Նմանապես մի քանի ուրիշ քուրդ բեգեր (անունները գրված են) Էրուն ավանի գյուղերը հարստահարում են: Թագրիր գրված է, հրամանագիրը ուղարկված է, արդյունքը հայտնի չէ:

25. Վանա Շատախ գավառում քուրդ բեգերն, որպես երկրի անիշխանության ժամանակ, սկսում են իրանց վաղեմի բարբարոսությունները գործ դնել: Նրանք հայերին սոսկալի կերպով տանջում են, ստիպեցնելով, որ իրանց տուրք վճարեն, երկեղեցիները քանդում են, պղծություններ են գործում, մշակությունները այրում են և շատ նշանավոր հայեր սպանում են (անունները գրված են): Բացի դրանից Շատախու գավառի վեց գյուղերի (անունները գրված են) հայ բնակիչներին դուրս քշելով, քուրդերը իրանք են նրանց մեջ բնակում և նրանց հողերը ամբողջապես իրանց են սեփականացնում: Թողյալ այդ, ուրիշ 12 գյուղերի արտերը հայերի ձեռքից խլում են քուրդերը: Հայ ժողովուրդը բողոքելով տեղային կառավարության, նա իր կողմից Աղա-բեկ և Բարսեղյան Մկրտիչ անունով անձինքը քննիչ է ուղարկում: Քննիչները ստուգելով քրդերի անիրավությունը, հայերի իրավունքը հաստատում են հիշյալ հողերի վերաբերությամբ: Բայց հետևյալ տարին Ռեշիդ-Էֆենդի անունով մեկը թափուի օրինաց գործադրությանը համար Շատախու գավառն ուղարկված լինելով, հայերին պատկանող նույն հողերը գաղտնի կերպով քուրդ բեգերի անունով թափու է անում68: Այս խարդախության համար գյուղացիներից մինչև 200 հոգի դիմում են Վան քաղաքը և բողոքում են տեղային կառավարությանը, և պատրիարքարանը յուր կողմից առանձին թագրիրով հայտնում է Բարձ. Դռանը, բայց պատասխան չէ ստանում:

26. Չնքուշի վանքի արտերը կառավարությունը իբրև մահլուլ69 ճանաչելով, ծախել է տալիս: Այդ մասին թագրիր է գրվում, արդյունքը հայտնի չէ:

27. Արզրումի մեջ թահրիր էմլաք (կալվածական արձանագրություն) կատարվելու միջոցին, երբ կարգը ազգային դպրոցների և եկեղեցիների կալվածներին է հասնում, տերության պաշտոնյան չէ ուզում սրանց իբրև ազգային կալվածք արձանագրել, ասելով, թե այսպես անելու հրահանգ չունի, այլ յուր պարտավորությունն է յուրաքանչյուր կալվածքի կենդանի տերը գտնել, և նրա սեփականության իրավունքը ստուգելեն հետո, նրա անունով արձանագրել: Իսկ երբ մի կալվածք անձնավորյալ տեր չունի, պետք է իբրև մահլուլ նկատել70: Այդ մասին պատրիարքարանից թագրիր գրված է. Բ. Դուռը հեռագրել է, որ հիշյալ կալվածները ազգի անունով արձանագրվին, բայց արդյունքը հայտնի չէ:

28. Տրապիզոնի ս. Փրկիչ վանքի արտերի մեկ մասը Ալի էֆենդի անունով մեկը կամենում է սեփականել: Թագրիր գրված է այդ մասին. պատասխան առնված չէ:

29. Մադեն քաղաքի Ջերմուկ գյուղի հայոց թաղի մեջ եկեղեցին շինելու արգելք են լինում մահմեդականներն, պատճառելով, թե հայոց թաղի մոտ մզկիթ կա: Թագրիր գրված է, հրամանագիր ուղարկված է, արդյունքն հայտնի չէ:

Ոճրագործություններ

30. Հալեպի հեռագրատան պաշտոնյա Ասատուր անուն հայազգին հեռագրատան մեջ սպանվում է: Կառավարությունն հեռագրատան տեսչից պահանջում է ոճրագործին: Եվ նա Ահմատ անունով հեռագրատան ստոր ծառաներից մեկին ցույց տալով, հայտնում է, թե նա է սպանողը: Բայց մյուս կողմից տեղական կառավարությունը ձևացյալ մարդասպանին առանց քննության «խենթ» է ասելով, հիվանդանոցն է ուղարկում... Թագրիր գրված է, հրամանագիր ուղարկված է, արդյունքն հայտնի չէ:

31. Վանա Նարեկա վանքի ջրաղացը քուրդերն կողոպտելով, ջաղացպանին սպանում են: Թագրիր գրված է, Բարձ. Դուռն պատասխան չէ տված:

32. Մուլեզիմ (հիսնապետ) Հասանը Աղթամարա վանքը մտնելով, միաբաններից Հակոբ վարդապետին սպանում է: Մի քանի քուրդերն էլ Մինդան գյուղի Տեր-Հովհաննես քահանային են սպանում: Եվ Աբդուլ-Ֆաթթահ եղեռնագործը նույն կողմերում բոլոր հայերը կոտորելու սպառնալիք է անում: Թագրիր գրված է. Բ. Դռնից հրամանագիր է ուղարկված և հեռագիր է զարկված, արդյունքն հայտնի չէ:

33. Մարաշի մեջ Մենզերյան Հարությունին և Չամչիկյան Ղազարոսին տեղային մահմեդականներն սպանում են: Նաև Զեյթունի կայմաղամ Դավուդ աղան Հարություն անունով հայ ոստիկանին սպանել է տալիս: Թագրիր գրված է, Բ. Դռնից հեռագիր զարկված է, բայց արդյունքն հայտնի չէ:

34. Մալաթիո Մուսթաֆա բեկի դեպի հայերն ունեցած մոլեռանդական վարմունքի դեմ և մահմեդական սրիկաների` շան վզից խաչ կախելով քաղաքի փողոցներում և շուկաներում ման ածելու համար` թագրիր գրված է, Բ. Դռնից պատասխան առնված չէ:

Կրոնափոխություններ

35. Բայբուրդ քաղաքի Ռոմելի գյուղացի Մարթա անուն աղջիկը առևանգվում է Սաֆար անունով մի թուրքից: Հայերի բողոքելով աղջիկը տեղային կառավարության ատյանում ներկայացնում են հարցուփորձի համար: Այնտեղ լինում են Բայբուրդի հայոց երևելիներն, մի քանի հույներ և մահմեդականների գլխավորներն: Փոխանակ աղջկան թույլ տալու, որ խոստովանվի, արդյոք նա իր հաճությամբն է ընդունել մահմեդականությունը, հանկարծ մահմեդականների մոլեռանդ բազմությունը ներս է թափվում, և սկսում են գոռալ. «Աղջիկն արդեն մահմեդականությունը ընդունած է, կրկին հարցնելու հարկ չկա, և եթե նա` մահմեդական չեմ ասե, և դեպի քրիստոնեություն վերադառնա, շարիաթի օրենքով նրան գլխատել պետք է»: Կատաղի ամբոխը այսպիսի և դրա նման շատ սպառնալիքներ կարդալով, և մորը թույլ չտալով, որ աղջկան մոտենա, խեղճ Մարթային ստիպեցնում են խոստովանել, թե ինքն հաճությամբ է ընդունել մահմեդականությունը, և բռնի կերպով նրան ամուսնացնում են թուրք Սաֆարի հետ:

Բայց Մարթան չկարողանալով մահմեդականի հետ կենակցել, գիշերով փախչում է և յուր մոր տունն է գալիս: Այս բավական էր քաղաքի մահմեդականությունը կատաղության չափ վրդովմունքի մեջ գցել: Մոլլաներն քաղաքի մեջ մունետիկ են կանչել տալիս, և մոլեռանդ բազմությունը հավաքում են մադրասաների մեջ, և նրանց գրգռում են, ասելով, թե քրիստոնյաներն մահմեդականություն ընդունող աղջիկը փախցրել են: Իսկույն երկու հազարի չափ կատաղիներ զենքերով հայոց տների և խանութների վրա են հարձակվում, մեծ մասը կողոպտում են, քանդում, և 30 հոգի հայերից չարաչար վիրավորում են: Տեղական կառավարությունը Կարնո կուսակալին վտանգը հեռագրով իսկույն իմացում է տալիս: Կուսակալը զորքով այնտեղ է հասնում, խռովությունը դադարեցնում է, և ստուգելով, թե աղջիկն ամենևին քրիստոնեից կողմից փախցրած չէ եղել, մի քանի մարդիկ Կարին տանելով բանտարկում է: Բայց գլխավոր խռովարարներն մնում են անպատիժ և կողոպտված ժողովրդի վնասներին ոչինչ հատուցում չէ լինում: Այդ մասին մի քանի անգամ թագրիրներ են գրված, բայց ամենևին Բարձ. Դռնից պատասխան չէ ստացված:

36. Սեբաստիո մեջ մի հայ մահմեդականություն է ընդունում և իր աղջիկը հետն է տանում: Բայց աղջիկն որովհետև չափահաս էր, հոր մոտից փախչում է և ապաստանում է հայոց վանքում: Մահմեդականներն պնդելով, թե աղջիկն հոր մոտ պետք է մնա, հարձակվում են վանքի վրա, և աղջկան բռնությամբ դուրս են քաշում: Պատրիարքարանը անդադար թագրիրներ է գրում, որ աղջիկը քրիստոնյա մնացած մորը հանձնվի, քանի որ նա հոր կրոնքը ընդունելու միտք չունի: Բարձ. Դուռը հրաման է գրում, որ Աղջիկը նախ թուրքացած հորը հանձնվի և ապա քննություն լինի: Պատրիարքարանը իր թագրիրները կրկնում է: Վերջապես, երեք տարուց հետո աղջկան քրիստոնյա մորն են հանձնում քննելու համար, երբ ամեն բանով փոխված էր

37-րդ խնդիրը Քղիի և Երզնկայի գավառների երևելի չարագործ Շահ-Հուսեյնին է վերաբերում, որի մասին արդեն խոսեցինք: Այս չարագործի հարցը «Տեղեկագրքի» մեջ շատ տեղ է բռնում:

38-րդ խնդիրը վերաբերում է զինվորական տուրքին, որի մասին փոքր ի շատե տեղեկություն տվեցինք մեր ծանոթության մեջ:

39-րդ խնդիրը վերաբերում է հողային հարցերի, որոնց մասին առանձին պետք է խոսենք, որովհետև այս ամենագլխավոր հարցը, որպես նկատվում է «Տեղեկագրքից», շատ փոքր գրավել է պատրիարքարանի ուշադրությունը...

* * *

Որպես տեսանք, թե առաջին և թե երկրորդ «Տեղեկագրքի» մեջ պարունակված խնդիրները, եթե իրանց տեսակին համեմատ դասավորելու լինենք, կստանանք հետևյալ թվանշանները.

Ամբողջ 58 խնդիրներից 36 վերաբերում են զանազան տեսակ հարստահարությունների, և 12 հողային և կալվածական խնդիրների, 5 ոճրագործության կամ քրեական հանցանքների, իսկ 4 կրոնափոխության, կամ կանանց բռնաբարությունների: Հիշյալ թվանշաններից դուրս է մնում 263 հայոց գյուղերի և 21 վանքերի հողերի քրդերից և թուրքերից հափշտակելու խնդիրը, որոնց մասին «Տեղեկագրքի» մեջ միայն մեկ ընդհանուր բողոքագիր է երևում, պատրիարքարանի կողմից Բարձ. Դռան մատուցած: Հողային հարցը, որ հայերի կենսական հարցն է, շատ ուշադրության չէ առնվել, կարծես այդ խնդիրը չէ հետաքրքրել պատրիարքարանին:

Ինչևիցե, խոսենք 58 խնդիրների մասին: Պատրիարքարանը դրանց համար ամբողջ 25 տարվա ընթացքում անդադար թագրիրներ է մատուցել Բարձ. Դռան: Բայց ի՞նչ արդյունք են ունեցել պատրիարքարանի պաշտոնական թագրիրներն: — Յուրաքանչյուր թագրիրի ներքո կարդացվում են այսպիսի մակագրություններ. — Անպատասխան մնացած է»: — «Ապարդյուն մնացած է»: — «Սույն թագրիրը բաթթալ (առանց հետևանքի) մնացած է»: — «Բարձ. Դռնեն հրամանագիր ղրկված է, ինչ արդյունք ունեցած ըլլալն հայտնի չէ»: — Եվ այսպես, թագրիրներից և ոչ մեկը չենք գտնում, որ յուր նպատակին և յուր նշանակությանը հասած լինի: Կնշանակե, ամբողջ 25 տարվա ընթացքում Բարձ. Դուռը պատրիարքարանի խնդիրներին բավականություն տված չէ: Դա շատ ցավալի մի երևույթ է, մի երևույթ, որ ցույց է տալիս, թե սուլթանի կառավարությունը ո՛րքան նվազ պաշտպանում է արդարությունը և իրավունքը, և ո՛րքան սակավ հոգս է տանում նա ոչ-մահմեդական ազգերի հանգստությանը և բարօրությանը:

Արդարև, խնդիրների կարգում տեսնվում են մի քանիսը, որոնք Դռան բարձրագույն ուշադրությունը իրանց վրա դարձնելով, արժանացել են բարձրագույն հրամանագրերի: Բայց Շահ-Հուսեյն չարագործի հարցը բավական է ցույց տալու համար, թե բարձրագույն հրամանագրերն ինչ նշանակություն ունեն գավառական հարստահարությունները բառնալու համար: Ընթերցողն արդեն տեսավ, որ հինգ մեծամեծ սադրազամներ և վեզիրներ, որպես էին Ալի-փաշան, Միտհադը, Հուսեին Ավնին և այլն, իրանց հրամանագրերով չկարողանան Շահ-Հուսեյինի նման մի ավազակապետ հեռացնել յուր հարստահարությանց ասպարեզից: Եվ ուրիշ կերպ լինել կարող չէր, քանի որ Տաճկաստանի արտակենտրոնական կառավարության մեջ մեծ դեր է խաղում դարաբեկիությունը, այսինքն` անձնիշխանությունը մի պաշտոնակալի, որն որքան հեռանում է կենտրոնից` Կ. Պոլսից, այնքան կամայական և այնքան ապստամբ է դառնում:

Գուցե սուլթանի դուռը շատ անգամ ցանկանում է յուր ոչ-մահմեդական հպատակներին հանգստություն, կյանքի, կայքի և պատվի ապահովություն շնորհել, և աշխատում է բառնալ անիրավությունը, պատժել հարստահարիչներին: Բայց ի՞նչ օգուտ ունեն բարի ցանկություններն, երբ որ գործադրություն չեն գտնում, երբ որ նահանգական և գավառական պաշտոնակալների կամայականությամբ բոլորը մնում են անգործադրելի: Սուլթանի Դռան բարձրագույն ֆերմաններն նույն նշանակությունն ունեն հարստահարված ժողովրդի բարօրության համար, ինչ նշանակություն որ ունի տեր-բաբայի գրած թալիսմանը մի հիվանդ երեխայի առողջության մասին, որը խորին ջերմեռանդությամբ առնում է մայրն և խնամքով դնում է որդու բարձի տակին, որ նա չմեռնի

Տաճկաստանի գործերի այսպիսի անկարգ և այլանդակ դրությունը մեզ բնավ չէ զարմացնում, որովհետև նա շատ հատկանիշ է և ծագում է իրերի բնական կարգից: Որքան էլ աշխատեր, որքան էլ ճգներ Դուռը, և որքան էլ հաճախ իր ֆերմաններով ազատ իրավունք և արդարություն տեղար ժողովրդի վրա, — բոլորն անօգուտ է: Որովհետև մենք համոզված ենք, թե վերևից միայն հրաշքներ կարող են գործվիլ, բայց մի երկրի բարեկարգությունը պետք է սկսվի արմատից: Ոչինչ ցանք բուսնել չէր կարող, քանի որ հողը պատրաստված չէ: Այնպես էլ հազարավոր ֆերմաններ միշտ կմնան որպես մեռած տառ, քանի որ ամբոխն յուր կրթությամբ չէ համապատասխանում բարձրագույն նպատակին:

Թողնենք փիլիսոփայությունը:

Անկարելի է, որ բոլոր նահանգական և գավառական բարձր և ստոր պաշտոնակալներն լինեին անիրավ մարդիկ: Որպես պատրիարքարանի «Տեղեկագրքից» ևս երևում է, նրանց մեջ կան և այնպիսիքը, որ աշխատում են գործ դնել բարձրագույն հրամանը, աշխատում են հարստահարիչներին զսպել, բայց և նրանց աշխատությունը մնում է ապարդյուն: Որովհետև այսպիսիները շատ անգամ իրանց դեմ են հուզում մոլեռանդ մահմեդականության կատաղությունը և այսպիսով չեն կարողանում պահպանել իրանց դիրքը: Հարստահարիչների գլխավորներն ամեն տեղում երկրի նշանավոր և ազդեցության տեր մարդիկն են, և նրանցից է կախված մի փաշայի կամ մի կուսակալի վիճակը: Եվ մահմեդական ժողովուրդն յուր շահերով կապված է գլխավոր հարստահարիչների հետ: Այսպիսի հանգամանքներում ինչ կարող է անել մի թույլ և անզոր տերության նույնպես անզոր պաշտոնակալը, նա ևս ստիպված է գնալ ընդհանուր հոսանքի հետ: Որովհետև պաշտպանել հարստահարված հային հարստահարող մահմեդականի դեմ` նույն է, որպես զրկել վերջինը յուր անիրավ շահերից, որ մինչև անգամ կրոնքով նրան թույլ տրված է, որը նրա բնավորության մեջ պատմականաբար արմատացած է...

Մահմեդականության գաղափարը կից է հարստահարության գաղափարի հետ, որը կրոնից տարրացել է ամբոխի մեջ: Ամեն կրոն նույն օրենքներն և վարդապետություններն ընդհանուր մարդասիրական նշանակություն չունեն. այսինքն` երբ նա խտրություններ է դնում յուր հավատացյալների և օտարների մեջ: Օրինակ, այն որ արգելված է մի մահմեդականի դեմ գործելու, շատ անգամ թույլ է տրված գործել, երբ դա վերաբերում է մի այլադավանի: Մենք կարող ենք հարյուրավոր փաստեր բերել, բայց բավական է հիշել մեկը: Մահմեդական օրենքով վկայությունը նույն ուժը և զորությունը ունի, որպես գրավոր ապացույցը: Բայց ոչ-մահմեդական ազգերի վկայությունը մահմեդականի վերաբերությամբ չէ ընդունվում: Ահա՛ օրենքի այս խտրության տակ կարող են ծածկվել ամեն տեսակ չարագործություններ: Մահմեդականը մի հայ սպանել է, մի հայ աղջիկ բռնաբարել է, մյուսի այս ինչ բանը գողացել է, և այս բոլորը պատահել են հայոց շրջանում, իհարկե, վկաներն նույնպես հայ կլինեն, բայց նրանց վկայությունները չընդունվելով, հանցանքը մնում է անպատիժ: Ոչ-մահմեդականի վկայությունն այն ժամանակ միայն կարող է ընդունված լինել, երբ տված կլինի մահմեդականի օգտին: Եվ այսպես մահմեդական կրոնը գլխավոր արգելառիթներից մեկն է Տաճկաստանում արդարություն և քաղաքացիության հավասարություն մտցնելու: Այստեղից հասկանալի է, թե ինչո՞ւ Բարձ. Կառավարության, շատ անգամ բոլորովին անկեղծորեն առաջարկած, բարենորոգումները քրիստոնյաների վերաբերությամբ մնում են անկատար:

Եթե պատրիարքարանի «Տեղեկագիրքն» ընդունենք որպես Ասիական Տաճկաստանում հայերի վերաբերությամբ կատարված հանցանքների վիճակագրական արձանագրություն, այն ժամանակ դուրս բերված թվանշաններն մեզ շատ տխուր եզրակացությունների կհասցնեն: Խոսենք յուրաքանչյուրի վրա առանձին-առանձին:

Քսանևհինգ տարվա միջոցում կատարված կրոնափոխությունների թիվը (2 հոգի միայն) ամենափոքր տեղն է բռնում պատրիարքարանի արձանագրությանց մեջ: Դա ինչի՞ց է: Գուցե ոմանք կմտածեն, թե կրոնափոխություններ սակավ են պատահում և պատրիարքարանին այդ մասին չեն զբաղեցնում: Ո՛չ, պատահում են, և ավելի մեծ թվով, և եթե պատրիարքարանը այդ մասին ունեցել է երկու խնդիրներ, միայն դա ունի յուր առանձին պատճառները:

Կրոնափոխությունները Ասիական Տաճկաստանում համոզմունքով չեն կատարվում, որովհետև մահմեդականությունն այն առավելությունը չունի, որ քրիստոնյա հայը ցանկանար յուր կրոնը փոխել. այդ մասին բավական է ի նկատի ունենալ անբախտ Մարթայի անցքը: Կրոնափոխությունները պատահում են ըստ մեծի մասին աղջիկների և կնիկների մեջ հետևյալ պատճառներով. Ասիական Տաճկաստանում շատ փոքր է այն գյուղերի թիվը, որոնք ամբողջապես բնակեցրած լինեին հայերով. շատերը խառն են քուրդերի և տաճիկների հետ: Եվ եթե կան բոլորովին հայաբնակ գյուղեր, նրանց մերձակայքում դրած են մահմեդականներին, իսկ քաղաքներում շատ խառն են բնակվում: Եվ այսպես, հայերի և մահմեդականների հարաբերություններն անջատված չեն: Որպիսի՞ հետևանքներ են առաջ գալիս այսպիսի սերտ հարակցությունից: — «Լավ բան է, բայց ափսո՛ս, որ գյավուրին (անհավատին) է պատկանում» — դա մի առած է մահմեդականի լեզվում: Մահմեդականը միշտ աչք ունի հային պատկանող այն ամեն բանի վրա, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ թանկագին է: Եվ հայի գեղեցիկ կինը ու աղջիկը չէին կարող չգրավել նրա հրապուրանքը:

Տաճիկը, մանավանդ քուրդն ամեն ինչ ավելի ախորժակով է վայելում, երբ նա գողացված էր: Գողանալ յուր ամուսին քուրդի համար ոչ միայն պարծանք է համարվում, այլև քաջություն: Եվ այդ հերոսությանը զոհվում են մեծ մասամբ հայոց գեղուհիները: Մի երկրորդ, ավելի զորեղ շարժառիթ պատճառ է տալիս նրանց հափշտակությանը, այն է կրոնական մոլեռանդությունը. — գողանալ քրիստոնյա կինը և աղջիկը և նրանց դեպի մահմեդականություն դարձնել, դա հոգևոր վարձատրություն ևս ունի:

Մի անգամ խլվեցավ աղջիկը հայրենական տնակից, այլևս նրան վերադառնալու հույս չկա: Մահմեդականությունը սարսափելի օրենքներ ունե մի անգամ նրա ծոցը մտնող (եթե բռնությամբ ևս լիներ) և կրկին դեպի հայրենական կրոնը վերադարձող անձի համար: Հանդիպող մահմեդականն իրավունք ունի սպանելու նրան: Եվ երկյուղը փակում է նրա վերադարձի ճանապարհը:

Իսկ մի երկրորդ մոլեռանդություն նույնիսկ հայերի կողմից ոչ պակաս է քան մահմեդականինը, որ և առավելապես պատճառ է դառնում թշվառ զոհերի կորչելուն: Մի անգամ մահմեդականի ձեռքն ընկած աղջիկը և կինը համարվում է որպես պղծված մարմին: Նրանք կորցնում են ազգայինների մեջ իրանց համարումը և պատիվը, և այնուհետև դժվար թե մի հայ տղամարդ կցանկանար այնպիսի մի կնոջ և աղջկա հետ ամուսնական կապ ունենալ: Այդ գիտեն թշվառ զոհերը... և եթե նրանք այնքան քաջություն ունին, որ կամենում են ազատվել իրանց հափշտակողների ձեռքից, այլևս չեն վերադառնում դեպի իրանց ազգայինները, այլ իրանց նախատինքը ծածկելու համար շատ անգամ անձնասպան են լինում, և կամ հուսահատությունից ստիպված, ակամա կերպով խոնարհվում են բռնության առաջ... Եվ այսպես, կրոնափոխությունները կանանց վերաբերությամբ կապված են առևանգության և բռնաբարության հետ:

Այստեղից հայտնի է, թե ինչու կրոնափոխությունների մասին եղած խնդիրները շատ փոքր տեղ են բռնում պատրիարքարանի արձանագրությանց մեջ: Որովհետև պատրիարքարանն ինքնակամ գանգատ սկսել չէ կարող, քանի որ ժողովրդի կողմից բողոք չէ լսում, և ժողովուրդը վերոհիշյալ երկու պատճառներով շատ անգամ լռում է դեպքերի մասին: Եվ եթե Մարթայի դժբախտ անցքը չսպառնար Բայբուրդի ամբողջ հայերի կոտորածին, հազիվ թե նա պատրիարքարանի և Արզրումի կուսակալի ուշադրությանը կարժանանար:

Այս մեր դիտողությունները կանացի սեռի մասին են, բայց կրոնափոխությունները տղամարդերի մեջ կատարվում են բոլորովին ուրիշ շարժառիթներից: Օրինակ, շատ անգամ մի հայ մարդ յուր ազգակիցների հետ վեճեր ունի, դատ ունի, կամ որևիցե ոխակալության համար կամենում է վրեժխնդիր լինել յուր ոսոխից, այսպիսին մահմեդականներից պաշտպանություն գտնելու համար փոխում է յուր կրոնը, որովհետև մահմեդականությունն ավելի իրավունք, ավելի դյուրություն է տալիս նրան չար կրքերը հագեցնելու: Կամ թե մեկը հանցանք է գործել, փոխելով յուր կրոնը, նա ազատվում է պատժից, և կամ ծույլ ու թշվառ մեկն է, նա յուր օրական հացը գտնում է կրոնափոխության մեջ: Եվ այսպես, տղամարդերից կրոնափոխ լինողներն ըստ մեծի մասին լինում են չար և անբարոյական մարդիկ, որոնք մահմեդական շրջանի մեջ ավելի հագուրդ են գտնում իրանց մոլություններին:

Ուրիշ պատճառներ մենք չեն ճանաչում կրոնափոխության մասին, որովհետև գիտենք, որ մահմեդականությունը միսիոնարներ չունի. նրա հիմքը դրվել է սրով և այժմ պահպանվում է մոլեռանդության մեջ:

Մնում է մի քանի խոսք ասել մանկահասակ պատանիների կրոնափոխության մասին. այդ թշվառներին նույնն է պատահում, ինչ որ պատահում է մանկահասակ օրիորդների հետ, որովհետև երկուսն էլ միևնույն նշանակությունն ունեն մահմեդական աշխարհում

Կրոնափոխություններից հետո պատրիարքարանի արձանագրությանց մեջ փոքր տեղ են բռնում սպանությունները (6 հոգի միայն). դա շատ տխուր մի երևույթ է, որով մեկնվում է Տաճկաստանի հայի թշվառ դրությունը: Կրկնում ենք տխուր, այո՛, շա՛տ տխո՛ւր, — և գուցե այս ասացվածը կբարձրացնե մեր դեմ մի այսպիսի հարց. «մի՞թե ցանկալի էր, որ մեծ թվով կոտորեին հայերն Տաճկաստանում»:

Մենք կյանքի և բնության մեջ կատարված երևույթները, թեև վերաբերում ենք մի նախասահմանյալ տեսչության, բայց համոզված ենք, որ ամեն մի երևույթ ունի յուր իրական պատճառները: Եվ այսպես էլ հայերի մեջ կատարված սպանությունների սակավությունը չենք կարող վերաբերել մահմեդականների գթությանը, թե նրանք ավելի մարդասիրաբար են վարվում հայերի հետ, մինչդեռ իրանց մեջ ավելի մեծ թվով են կոտորում մինը մյուսին:

Պարզենք մեր միտքը:

Մի հասարակության մեջ կատարված հանցանքների թիվը, նրանց բնավորությունը և տեսակը ցույց են տալիս նույն հասարակության նյութական և բարոյական դրությունը: Եվ հանցանքների պատճառներն ու նրանց շարժառիթներն այնքան զանազանվում են, որքան զանազանվում է մի հասարակության կրթության աստիճանը մյուսից և նրա տնտեսական դրությունը:

Առհասարակ նկատված է, մի հասարակության մեջ ավելի մեծ թվով կատարվում են սպանություններ, երբ աշխատությունը, արդար վաստակը և ապրուստի ապահովությունն ընդհանրացած չէ ժողովրդի բոլոր դասակարգերի մեջ, երբ զորեղն անզորին ճնշում է և խլում է նրա ձեռքի վաստակը: — Ասիական Տաճկաստանն այդ դրության արյունոտ պատկերն է ներկայացնում: Այստեղ ոչ միայն մասնավոր գողեր և ավազակներ խլում են օտարի բարին, այստեղ ոչ միայն բռնակալ դարաբեյիներ կողոպտում են ժողովուրդը, այլ ավազակներից կազմված ամբողջ խումբեր (որպես քուրդերի ասպատակներն) արշավանք են գործում երկրի մի կողմից դեպի մյուսը, հափշտակում են և ամեն տեղ տարածում են ավերմունք և աղքատություն: — Մի փոքր ընդդիմադրություն հափշտակվողի կողմից վերջ է տալիս նրա կյանքին, և այստեղից առաջ են գալիս սպանությունները:

Սպանություններն այստեղ պատահում են կայքի հափշտակության և նրա պահպանության համար գործ դրված երկու հակառակ ուժերի մեջ, և որքան սաստիկ է լինում ընդդիմադրությունը, այնքան աճում է սպանությունների թիվը:

Բայց քննելով պատրիարքարանի արձանագրությանց թվանշանները, մենք բոլորովին հակառակ եզրակացության ենք հասնում: Նրանցում հարստահարությունների թիվը հարյուրապատիկ ավելի է, քան սպանությունները: Ի՞նչ է պատճառը:

Մենք ուրիշ պատճառ չենք գտնում, բայց միայն այն, որ հայը Տաճկաստանում ամենևին ընդդիմադրության զորություն չէ ցույց տալիս, նա բոլորովին կրավորական դեր է խաղում. նա թույլ է տալիս քուրդին, տաճկին հափշտակել յուր կինը, յուր աղջիկը, յուր մանկահասակ որդին, միայն յուր անձին չդիպչել... նա թույլ է տալիս հափշտակել յուր ձեռքի վաստակը, խլել յուր պապերից մնացած մի կտոր հողը, միայն յուր կյանքին խնայել... Այսպիսի ստոր և ցած վարմունքի մեջ բնականաբար շատ փոքր թվով կպատահեին սպանություններ, որովհետև հայն յուր ընտանիքը, յուր կայքը, յուր պատիվը և ամեն ինչ որ սուրբ է յուր համար` զոհում է միայն յուր կյանքը պահպանելու համար: Բայց նա կյանքը զոհելու և իրավունքը պահպանելու քաջություն չունի...

Բայց սպանությունները մահմեդականների մեջ ավելի մեծ թվով են պատահում, որովհետև մահմեդականը այնպես չէ վարվում որպես հայը. նա գիտե չարին չարով պատասխանել...

Գուցե ոմանք կնկատեն, թե ի՞նչ կարող է անել ողորմելի հայը, երբ թուրքը և քուրդը սուր ունեն, բայց հայը չունի, նա ի՞նչով կարող է ընդդիմանալ յուր զինվորված թշնամուն: Նա պետք է խոնարհվի բռնության դեմ և թույլ տա, որ կողոպտեն իրան, որպեսզի իր անձը կենդանի պահե: — Այս բոլորը միամիտ մարդիկների կարծիքն է, որոնք նայում են առաչյոք անարդար երևույթների, որպես վերին տեսչությունից սահմանված օրենքների վրա: Բայց մենք այս բանին չենք հավատում, որ աստված տաճկի և քուրդի ձեռքում սուր տված լիներ հային կողոպտելու համար, և ոչ էլ մտածում ենք, թե դա ժողովրդի մեղքի համար է, որ աստված պատժում է նրանց

Հայի ստրկության և նրա այժմյան թուլասրտության պատճառներն այնքան բաղադրյալ են, որ պետք է մեր ամբողջ պատմությունը քրքրել այս հարցը բացատրելու համար: Բայց դա դուրս է մեր հոդվածի նպատակից: Այսքանը միայն կասենք. եթե մի հայ, որ յուր գրպանում ունի մի քանի ոսկի, փոխանակ այն գումարը տալու և մթերք գնելու, որ կրկինը շահե, եթե նրա մի մասը տա և մի զենք գնե յուր մթերքը և յուր գլուխը պահպանելու համար, իմ կարծիքով, ոչ ոք նրան չի արգելի: Եվ եթե նա այդ չէ անում, այլ հրեայի նման միշտ շահասիրության ետևից է ընկած, ո՞վ է մեղավոր, որ նրան կողոպտում են:

Այն ուրիշ բան է, երբ մի կառավարություն ինքն է պահում զենքը յուր ձեռքում, իրան միայն է սեփականում նրա գործածության իրավունքը, և հետևապես ինքն հսկում է հպատակների հանգստության և ապահովության վրա, բայց քանի որ Տաճկաստանն այդ անելու զորությունը չունի, այն ժամանակ հպատակների վրա է մնում անձնապաշտպանության հոգսը ինչ կերպով և լիներ:

«Թո՛ղ ուրիշն փրթե, ես խփշտեմ», — ասում է հայկական առածը. — դա մի ծույլ ազգի առած է, որի մեջ բովանդակվում է նրա կյանքի ամբողջ վարդապետությունըՀայը դեռ սպասում է... հրեայի համբերությամբ սպասում էեթե ուրիշի արյան գնով քրիստոնյաներին հանգստություն կբաշխվեր, գուցե իրան էլ մի պատառ կգցեին: Լավ երազ է, եթե ի բարին կատարվի...

Հայը յուր ամբողջ կյանքում այսպես է վարվել. — «թող ուրիշը փրթե, ես խփշտեմ» և յուր ստրկությունն այս քաղաքականությանը հետևելու արդյունք է: Նա այսպե՜ս է վարվել ոչ միայն յուր քաղաքական կյանքում, այլև գիտության, արհեստի, ճարտարության մեջ նույնն է եղել. — նա ոչինչ չէ արդյունաբերել, ոչինչ չէ տվել մարդկությանը, այլ միշտ «խփշտել է ուրիշի փրթածը...»: Մենք շատ խիստ լեզու չենք գործածի հայի այս վարմունքի դեմ, միայն կասենք, որ մուրացկանությունը ծույլերի հատկանիշն էև մուրացկանի փորին շատ անգամ չի աջողվի կշտանալ օտարի փշրանքով...

Դառնանք դեպի մեր խոսքը:

Ասեցինք, թե հայերի վերաբերությամբ կատարված սպանությունների փոքր թվանշանները, պատրիարքարանի արձանագրությանց համեմատ, ապացույց են նույնիսկ հայերի թուլությանը և նրանց ստրկային հոգու ցածությանը: Այս հարցը ավելի պարզելու համար հարկավոր ենք համարում փոքր-ինչ երկար խոսել հարստահարությունների և կալվածական խնդիրների մասին, որոնք պատրիարքարանի արձանագրությանց մեջ համեմատաբար ավելի մեծ տեղ են բռնում:

* * *

Հարստահարություններն կատարվում են ըստ մեծի մասին տաճկական Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, և կենտրոնը, որպես երևում է պատրիարքարանի արձանագրություններից, համարելու է Վանա ծովակի շուրջը դրված երկիրները: Այս երկրներն են` Արզրումի նահանգն յար գավառներով, Տիգրանակերտի նահանգն յուր գավառներով և Վասպուրականի երկիրն յուր գավառներով: Դրանք այն երկրներն են, որոնք ավելի խիտ բնակեցրած են հայերով, և ավելի հեռու դրած են Կ. Պոլսից:

Հարստահարությունները կարելի է երեք տեսակի բաժանել. հարստահարություններ, որ կատարվում են կառավարության պաշտոնակալների կողմից, հարստահարություններ, որ կատարվում են քուրդ դերեբեյիների (բռնակալ, ապստամբ) և թուրք ազդեցության տեր անձինքների կողմից, հարստահարություններ, որ կատարվում են մահմեդական հասարակ ժողովրդի կողմից:

Կառավարության պաշտոնակալների կողմից եղած հարստահարություններն ըստ մեծի մասին վերաբերում են տերության տուրքերին և հարկահանների անգթությանը: Տուրքերի տեսակներն և նրանց վճարման ձևերն այնքան զանազան են, որ անկարելի է այդ մասին մի որոշ տեղեկություն տալ: Որովհետև յուրաքանչյուր երկրում միևնույն տուրքը, թե՛ իր քանակության մեջ և թե՛ նյութի հատուցման մեջ տարբերվում է, ավելի կախումն ունենալով հարկահանների բարոյական հատկությունից, քան թե օրենքի տրամադրությունից: Բայց ժողովրդի գանգատներն գլխավորապես վերաբերում են տուրքերի անարդար բաշխմանը, որով մահմեդականների հարկերի ծանրությունն ընկնում է հայերի վրա: Հայը դյուրընտել և հլու բեռնակիր է, նա եզի համբերությամբ կրում է յուր ծանրությունը, որքան և անտանելի լիներ նա... իսկ տաճիկը կարող է ըմբոստանալ, կարող է թոթափել իրանից բռնության ձեռքից դրած բեռը

Զինվորական տուրքը հայերի վերաբերությամբ այն պարտավորությունների կարգիցն է, որ յուր հետ արտոնություններ չունի: Հայը, որպես մեր նկատողության մեջ հայտնեցինք, զինվորի փոխարեն փող վճարելով, չէ վայելում այն բացառիկ իրավունքները, որ շնորհվում է զինվոր տվող մահմեդականին: Հայի զինվորական տուրքը համարյա մի կերպ տուգանք է, որ նրան տուժել են տալիս, օգուտ քաղելով նրա տխմար ներողամտությունից...

Երբ առաջին անգամ բարձրացավ Տաճկաստանի զինվորագրության հարցը, մեր պարբերական թերթերը դրա վրա երկար վիճեցին: Ես դեռ հիշում եմ այն հիմար վիճաբանությունները: Համարյա մեծ մասի խոսքերը հանգում էր այս ասացվածի մեջ. «Հայը թող զինվորի փոխարեն փող տա. նա փողը միշտ կարող է աշխատել, բայց հայի համար թանկ է յուր արյունը»:

Որքա՛ն վախենում է այդ ազգն արյունից, ամենևին չմտածելով, թե փրկությունը արյան մեջն է...

Մեր ազգի պատմությունը մեզ ուսուցանում է, երբ հայերն պարսիկների, մոնղոլների, արաբների և այլ տիրապետող ազգերի զորքի մեջ զինվորներ ունեին, նրանք քիչ չէին պաշտպանում իրենց հայրենիքը նույն ազգերի բարբարոսություններից, որոնց ծառայության մեջ էին: Այսպես էլ, հայը Տաճկաստանի զինվորության մեջ, եթե ուրիշ օգուտ չտար յուր հայրենիքին, գոնե այսքանը կսովորեր, թե բացի ստրկական խոնարհությունից կա և մի ուրիշ բան անձնապաշտպանության համար՝ զենքը:

Բայց մենք համոզված ենք, եթե հայերն թուրքաց զորքերի մեջ զինվորներ ունենային, այժմ Ասիական Տաճկաստանի հարստահարությունները մեծ մասամբ բարձված կլինեին: Այս խոսքը երկար բացատրությունների կարոտ չէ: Ով որ ճանաչում է Տաճկաստանը, ով որ գիտե, թե ի՛նչ աղբյուրներից են ծագում հարստահարությունները, նա ևս մեզ հետ կհամոզվի, թե զինյալ քրդի դեմ միայն զինյալ մարդը կարող է պահպանել յուր կայքը, յուր ընտանիքը, յուր պատիվը և այլն. — եթե ոչ քրդին արքունի ֆերմաններով կարգ-կանոնի մեջ պահել անկարելի է:

Մեր խոսքը կառավարության պաշտոնակալների հարստահարությանց մասին էր: Պատրիարքարանի արձանագրությանց մեջ զինվորական տուրքից հետո ավելի աչքի է զարկում տասանորդի տուրքը, որ ստացվում է մշակության բերքերից: Այստեղ մշակ մարդու թշվառությունը հասնում է վերջին աստիճանի անկարեկցության: Գյուղացին ստիպված է երկու տեսակ տուրք վճարել այն հողի համար, որը մշակում է. մինը` կալվածական տուրք կամ հողային հարկ, մյուսը` մշակած բերքի տասանորդը: Դա այն ժամանակ է լինում, երբ հողը միմիայն մշակի սեփականությունն է: Բայց որպես երևում է պատրիարքարանի արձանագրություններից, հայերի սեփականություն եղած հողերը մեծ մասամբ թուրք և քուրդ դերեբեյիները բռնությամբ հափշտակել են: Այս դեպքում հայը դարձել է դերեբեյիի կամ յուր նոր աղայի ձեռքում ճորտ: Այժմ նա յուր մշակած հողի համար պարտավոր է վճարել չորս տեսակ տուրքեր, որովհետև երկու աղա ունի, մինը` կառավարությունը, մյուսը` յուր նոր կալվածատերը: Նա վճարում է կառավարությանը կալվածական տուրքը և տասանորդը առանձին, բացի դրանից վճարում է կալվածատիրոջը միևնույն հողի համար առանձին կալվածական տուրք և բերքի տասանորդ: Երևակայեցեք մշակ մարդու դրությունը, և այն ժամանակ հասկանալի կլինի, թե ի՞նչու նա թողնում է յուր արորը, թողնում է հայրենի երկիրը և գաղթում է օտար երկրներում բախտ որոնելու...

Next page