Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Հիշյալ տուրքերի վճարման ձևերը ավելի ևս սաստկացնում են մշակի անբախտությունը: Կառավարության պաշտոնակալները տասանորդի տուրքը տալիս են կապալով իրանց մերձավորներին, և գաղտնի կերպով նրանց հետ ընկեր են դառնում: Կապալառուն, վարձկանը (մուլթեզիմը), ավազակի չափ անգութ կլինի և հափշտակող, մանավանդ երբ յուր անիրավությանց վրա հսկող պաշտոնեությունն յուր գործունեությանը և յուր շահերուն ընկերակից է: Պատրիարքարանի արձանագրությունները բավականին ապացույցներ ունեն, թե որպես են կողոպտում կապալառուները: Նրանք բացի սովորական տասանորդից առնում են շահնալըգ և օլչեք հագգը կոչված արգելված տուրքերը: Նրանք երբ բերքը գին չէ բերում, թողնում են, մշակի հունձքը փտում է, ոչնչանում է կալի մեջ, և այնուհետև տասանորդի փոխարեն պահանջում են արծաթ փող: Իսկ երբ որ մշակը փող չունի վճարելու, ծախել են տալիս նրա երկրագործական անհրաժեշտ պարագայքը և նրա անասունները: Ահա գլխավոր պատճառը, թե ինչու հողագործությունն առաջ չէ գնում Ասիական Տաճկաստանում և ինչու սովը հաճախ կրկնվում է այս երկրում: Ի՞նչ անե մշակը, երբ ինքն կառավարությունն ուղղակի և անուղղակի կերպով նրա ձեռքի վաստակը հափշտակում է, և եթե մի բան էլ մնացել էր, այն ևս բռնությամբ տիրացած կալվածատերն է տանում:

Մեր հոդվածի համառոտությունը չէ ներում ուրիշ մանրամասնությունների մեջ մտնել, այսքանը միայն կասենք, որ նույն երկրում, միևնույն հողի վրա բնակվող մահմեդական մշակի հետ այս բաները չեն պատահում:

Կառավարության պաշտոնակալների դատաստանական խտրությունները մահմեդականների և ոչ-մահմեդականների վերաբերությամբ ոչ սակավ զրկում են հայերին իրանց արդար իրավունքներից և նրանց մասին կատարված անիրավությունները միշտ մնում են անպատիժ: Այս հանգամանքներում հայը մի ճար միայն ունի դատավորի արդարությունն յուր կողմը գրավելու. այն է` յուր արծաթով ամոքել նրա կաշառասեր սիրտը: Իսկ դա խիստ հազիվ է հաջողվում նրան, որովհետև շատ անգամ յուր արծաթով դատավորի քսակը լեցնելեն հետո, նա դարձյալ կորցնում է յուր իրավունքը: Դատավորը միշտ դեպի այն կողմն է թեքվում, ուր ուժ կա, բայց Տաճկաստանում ուժ և զորություն ունի միայն մահմեդականը: Թողյալ այդ, մահմեդականը վայելում է օրինական առանձնաշնորհություններ, որից զուրկ է քրիստոնյան: Օրինակ, նա կարող, է անթիվ վկաներով իրան արդարացնել, բայց հայի վկայությունը չէ ընդունվում: Եվ վկայությունը մահմեդական օրենսդրության մեջ մեծ դեր է խաղում: Շատ ժամանակ չէ, որ Կ. Պոլսի լրագրներում կարդացինք մի դեպք, որ պատահել էր Վանա կողմերում: Մի մահմեդական, առանց գրավոր ապացույցի, միայն սուտ վկաներով մի հայի իրան պարտական էր արել, և բանտ դնել տալով, փողը ստացավ: Այսպես ամեն մահմեդական կարող է ցանկացած հային կողոպտել. վկաներ նրա համար պակաս չեն լինի, և ինքն դատավորը կնպաստե նրա չարագործությանը, որովհետև ստացած արծաթի մի մասն էլ իրան է պատկանում

Մահմեդականը ամեն մի հայի ճակատի վրա կարդում է այս խոսքերը` «գյավուր և ռայա» — և այս խոսքերի մեջն է բովանդակվում նրա համոզմունքի ամբողջ վարդապետությունը, թե հայը ուրիշ ոչինչ չէ, բայց միայն աստծուց իրան շնորհված մի որս, որին նա իրավունք ունի ամեն կերպով յուր պիտույքներին ծառայեցնելու... Եվ մահմեդականը չէ սխալվում յուր կարծիքի մեջ, քանի որ հայը յուր կրավորականությամբ. արդարացնում է նրա կարծիքը

Այսքանը բավական է կառավարության պաշտոնակալների մասին, այժմ դառնանք այն հարստահարություններին, որ կատարվում են մասնավոր բռնակալների (դերեբեյիների) և հասարակ ժողովրդի կողմից:

Պատրիարքարանի արձանագրությանց մեջ ավելի մանրամասն տեղեկություններ կան այդ մասին, և պատրիարքարանի Բարձ. Դռան մատուցած բողոքագրերի մեծագույն մասը նվիրված են գավառական հարստահարություններին: Ընթերցողն արդեն բավական գաղափար ստացած է, թե ինչ տեսակ հարստահարություններ են կատարվում, և մենք դրա վրա երկար խոսելու նպատակ չունենք, միայն կամենում ենք մասնավորապես ցույց տալ այն աղբյուրները, որտեղից ծագում են հարստահարություններն:

Տաճկական Հայաստանի ժողովրդաբնակության մեջ հայերից հետո բազմություն են կազմում քրդերը, մի ազգ, որ մինչև այսօր ապրում է նախնական կյանքով, մի ազգ, որ արհեստ և երկրագործություն չունի, այլ ավազակությունը համարում է արդար վաստակ և սպանությունը` քաջություն: Քրդերի մեծ մասը վարում են չվական կյանք և իրանց անասուններով թափառում են հայոց լեռներում, իսկ շատ փոքր մասը կիսահաստատաբնակ դրություն ունի: Տաճկական կառավարության թույլ զորություններն անօգուտ եղան վայրենի քրդերը նվաճելու, և թանզիմաթն յուր բոլոր մարդասիրական տրամադրությամբ չկարողացավ մեղմացնել այս բարբարոսների` քրիստոնյաների վերաբերությամբ կատարած անգթությունները: Քուրդ էշիրաթներն միշտ մնացին անզուսպ և մինչև այսօր շարունակում են իրանց ավազակությունները71: Այս այսպես լինելուց հետո կառավարությունը ավելացրեց քրդերի վրա նաև չերքեզները, Կովկասի լեռների գազան որդիքը, որոնք իրանց կյանքի ձևերով շատ չեն զանազանվում քրդերից...

Քրդերի հարստահարությունների մեջ հափշտակությունները, մանր գողությունները և ավազակությունները այնքան սովորական են դարձել, որ կարծես, թե ժողովուրդը ընտելացել է նրանց և արտաքո կարգի բան չէ համարում: Այս պատճառով, հազիվ թե մեկը վստահանում է բողոք բարձրացնել... «Է՛հ, քուրդ է, նրա գործն այս է» ասելով, ինքն իրան մխիթարում է: Եվ ուրիշ ճար չունի ողորմելին, նա ստիպված է լռել, եթե ձայն բարձրացնե, այն քուրդը, որ այսօր գողացավ նրա ոչխարը կամ եզը, մյուս օրը կկտրե տիրոջ գլուխը:

Բայց քուրդը յուր արհեստի մեջ ծույլ չէ, նա միշտ չէ բավականանում մանր գողություններով: Շատ անգամ բոլորովին կազմակերպված խումբեր, որոնք բաղկանում են հարյուրավոր ձիավորներից, արշավանքներ են գործում և ասպատակում են մի կողմից ամբողջ գյուղորայքը, ավար են առնում ոչխարների հոտեր և այլ անասուններ, և զրկում են գյուղացիներին բոլոր ունեցածից: Այսպիսի դեպքերում, որ կրկնվում են խիստ հաճախ, արդեն, որպես սովորաբար ասում են, «դանակը ոսկորին է հասնում» և ժողովուրդը ստիպվսծ է բողոք բարձրացնել: Բայց ո՞ւմ, ո՞վ է նրա ձայնը լսողը: — Խղճալիի ձայնը միշտ մնում է յուր կուրծքի մեջ խեղդված...

Պատրիարքարանի արձանագրություններից երևում է, որ գավառներից եկած բողոքներն առհասարակ վերաբերում են այն տեղերին, որոնք ավելի մոտ են դրված մեծ քաղաքներին, որպիսի են Վանը, Մուշը, Բաղեշը, Տիգրանակերտը, Արզրումը և այլն: Այդ այն պատճառով չէ, որ մեծ քաղաքների մոտ ավելի շատ են պատահում հարստահարություններ, այլ ընդհակառակն, հարստահարություններն որքան մոտենում են մեծ քաղաքներին, այնքան նվազում են: Բայց մեծ քաղաքներում հայոց առաջնորդներ կան, նահանգապետ փաշաներ կան, և ժողովուրդն առաջնորդարանի միջնորդությամբ կամ ուղղակի կարողանում է յուր բողոքները հասցնել Կ. Պոլիս: Բայց անկյուններում, այսինքն` կենտրոնական քաղաքներից հեռու գտնված տեղերում ավելի շատ և ավելի անգութ կերպով են կատարվում հարստահարությունները, բայց բոլորը կորչում են անհայտության մեջ: Որովհետև այն կողմերի թշվառ ժողովուրդը մինչև անգամ չգիտե, թե Կ. Պոլսում պատրիարքարան կա, սահմանադրություն կա և ինքն կարող է այնտեղ դիմել:

Կ. Պոլսի պատրիարքարանն յուր թույլ սահմանադրական վարչությամբ մինչև այսօր չէ կարողացել յուր պաշտոնեությունը այնքան տարածել, որ կարողանա Ասիական Տաճկաստանի բոլոր հայ ժողովրդաբնակության վրա ազդել: Եվ այս պատճառով ժողովրդի և ազգային վարչության կենտրոնի մեջ փոխադարձ հարաբերության կապեր չեն կազմվել: Ես անձամբ առիթ եմ ունեցել լսել թշվառ հայի գանգատներն յուր դրության վրա, երբ նրան ասում ես, թե ինչու չես բողոքում, սովորական պատասխանը լինում է` «Ո՞ւմը բողոքեմ...»: Թշվառականը չգիտե մինչև անգամ, թե հանցավորների համար դատարաններ կան. նա ճանաչում է մի դատարան միայն, այն է` երկինքը

Եվ ի՞նչ հարկ կա բողոքելու, քանի որ ժողովուրդը փորձված է և գիտե, որ յուր գանգատներով ավելի վատթարացնում է յուր վիճակը: Որովհետև բողոքներն թե՛ պատրիարքարանի և թե՛ Բարձ. Դռան կողմից որևիցե բավականություն չգտնելով, այսպիսով ավելի վստահություն տված են լինում հարստահարողին հարատևել յուր չարագործությունների մեջ: Այսպիսով ավելի գրգռվում է բռնակալի վրեժխնդրությունը, և եթե նա առաջ փոքր ի շատե երկյուղ ուներ դատաստանից, այնուհետև բոլորովին միամտանում է, և ավելի վստահությամբ սկսում է տանջել յուր զոհերը: Այս դրության մեջ հային մի ելք է մնումայն է` խոնարհվիլ յուր թշնամու անգթությունների առջև և բոլորովին անձնատուր լինել նրա կամքին...

Ահա այստեղից է առաջ գալիս այն դրությունը, որ նկատվում է պատրիարքարանի արձանագրություններից. ամբողջ հայոց գյուղորայք և մինչև անգամ վանքերը ու եկեղեցիները քուրդ դերեբեյիներին, թուրք բռնակալներին և ազդեցություն ունեցող մուֆթիներին ու շեյխերին հարկատու են դառնում: Դա մի ակամա հարկատվություն է, որ ժողովուրդը ճարահատյալ վճարում է յուր հարստահարողին, որպեսզի իրան հանգիստ թողնե: Այսպիսով ժողովրդի վրա ծանրանում է երկու տեսակ հարկատվություն, մինը` տաճկաց կառավարությանը, մյուսը` քուրդ կամ թուրք դերեբեյիներին և ինքնիշխան բռնակալներին: — Այս վիճակին ենթարկվում է ոչ միայն մի ամբողջ հասարակություն, այլև մասնավոր անձինք (մանավանդ երբ փոքր ի շատե ունևոր են), մտնում են այս և այն ազդեցություն ունեցող թուրքի և քուրդի հովանավորության ներքո, որպեսզի ուրիշները նրանց չվնասեն: Բայց այս պաշտպանությունը շատ թանկ է նստում. պաշտպանյալը թե՛ յուր կայքով և թե՛ յուր պատվով դառնում է յուր աղայի գերին: Դա մի կամավոր ստրկություն է, որով անզորը հպատակում է հզորին և դառնում է նրա կամքին բոլորովին կրավորական առարկա... Դա ճորտության սկիզբն է, որի տխուր օրինակները տեսնվում են նաև պատրիարքարանի արձանագրությանց մեջ: Մոգաց կողմերում Տինիս ավանի քրդերն տեղային հայ գյուղացիներին որպես ճորտ և գերի իրանց մեջ վաճառում են

* * *

Տաճկաստանի բարձր կառավարությունը նկատելով, որ քրդերի և ուրիշ վայրենի ցեղերի բարբարոսություններն առաջ են գալիս նրանց թափառական կյանքի բնավորությունից, վերջին ժամանակներում սկսեց աշխատել, որ նրանք թողնեն չվական կյանքը, թողնեն խաշնարածությունը և հաստատ բնակություններ ունենան և սկսեն պարապվել հողագործությամբ: Կառավարությունն այս դրության մեջ մտածում էր զսպել քրդերին և ուրիշ վայրենի ցեղերին: Նպատակը վատ չէր, բայց նա սխալվևցավ գործադրության մեջ: Որովհետև փոխանակ քրդերին Հայաստանի լեռներից հավաքելու և նրանց Տաճկաստանի մի անբնակ կողմում (որպես են Միջագետքի և Ասորեստանի անապատները) գաղթեցնելու, կառավարությունը նրանց թույլ տվավ հենց Հայաստանում իրանց համար բնակության և մշակության տեղեր բռնել: Բայց ո՞րպես:

Հողերը հայերի ձեռքումն էին գտնվում, պապերից և հայրերից մնացել էին նրանց որպես ժառանգություն: Քուրդին դժվար էր փողով հայից հող գնել. որովհետև նա սովորած էր ամեն ինչ բռնությամբ խլել հայից, ինչ որ իրան պետք էր: Այսպես էլ արեց: Այստեղից առաջ եկավ հարստահարության մի նոր խնդիր, այն է` հողային կամ կալվածական խնդիրը:

Պատրիարքարանի առաջին «Տեղեկագրքի» արձանագրությանց մեջ, այսինքն մինչև 1872 թվականը, հողային կամ կալվածական խնդիրների մասին ամենևին հիշատակություններ չկան: Կնշանակե, մինչև վերոհիշյալ թվականը հայերն իրանց հողերի և այլ կալվածների տերն էին: Դա այն ժամանակին է վերաբերում, երբ քրդերն բոլորովին չվական կյանք էին վարում և տակավին հողի հետ գործ չունեին: Բայց երբ կառավարության հրամանով նրանք սկսեցին փոքր առ փոքր հաստատ կացություն հիմնել, շատ բնական էր, որ պետք է ծագեր հողային խնդիրը:

Այս խնդիրը, որպես ասեցինք, երևան է գալիս 1872 թվականից հետո և պատրիարքարանի երկրորդ «Տեղեկագրքի» արձանագրությանց մեջ մենք գտնում ենք նրա հիշատակությունը: Մինչև այնօր հայերի միայն շարժական կայքը հափշտակող քրդերն և այլ վայրենի ցեղերն այնուհետև սկսում են ձեռնամերձ լինել նրանց անշարժ կայքերին: Նրանք զանազան գավառներում հայերից հափշտակում են մինչև 263 գյուղորայք իրանց պատկանած հողերով: Գավառների և գյուղերի, նաև հափշտակողների անունները մի ըստ միոջե գրված են «Տեղեկագրքի» մեջ: Հիշյալ գյուղերից շատերի հայ բնակիչներին քրդերն բոլորովին արտաքսում են և կալվածները սեփականում են իրանց: Բայց գյուղերի մեկ մասի հայ բնակիչներին իրանց տեղն են թողնում, միայն հողերը նրանց ձեռքից խլելով, իրանք դառնում են կալվածատեր: Եվ այսպես հայերին հպատակեցնելով քրդերն նրանց հայրենական հողը իրանց մշակել են տալիս, տուրք և տասանորդ են առնում, և մինչև անգամ բերքի կես մասն իրանք են տանում: Բացի հիշյալ 263 գյուղերից և ավաններից քրդերի ձեռքն են անցնում Սղերտի գավառի, Չարսանջակի գավառի և Չարշամբայի գավառի բազմաթիվ հայաբնակ գյուղերի կալվածները, որոնց անունները նշանակված չեն:

Քրդերը չեն բավականանում հայերի միայն անձնական կալվածքներով, նրանք սկսում են տիրել նաև վանքային կալվածները, և 21 վանքերի ընդարձակ հողերը զոհ են դառնում նրանց հափշտակությանը:

Նաև վանքերից շատերը քարուքանդ են անում, և բոլորովին ջնջում են նրանց հիշատակը...

Պետք է ի նկատի ունենալ, որ հիշյալ հափշտակությունների մեջ խառն են` ոչ միայն քրդերի հասարակ ժողովուրդը, այլ գլխավորապես նրանց բեգերը, հոգևոր շեյխերն ու մուֆթիները և թուրք աղաները, բացի դրանցից և զանազան պաշտոնակալներ, որոնք իրանց բռնակալության հետ միացրած ունեն և ապահովություն կառավարության կողմից:

Բարձր կառավարությունը փոխանակ հիշյալ հափշտակությունների առաջն առնելու, փոխանակ հայ ժողովրդի բողոքները լսելու, խիստ անտարբեր կերպով է նայում այս անիրավությունների վրա: Կարծես թե, նա ավելի ուրախ էր, որ այդպես էր լինում: Նա մտածում էր, թե հայը իմ հլու հպատակն է, նա եթե հող էլ չունենա, դարձյալ յուր գլուխը կպահե. բայց ապստամբ քրդին պետք է մի կերպով կապել երկրի հետ, որ նա չշարժվի...

Այս կարծիքն առանց ապացույցի չէ, քանի որ տեսնում ենք, որ հայերին պատկանող կալվածների մեծ մասն ինքն կառավարությունը հափշտակելով, տալիս է մահմեդականներին72: Եվ որպեսզի յուր անիրավությանը մի օրինական ձև տա, նա հնարում է թափուի խաբեական օրենքը: Այս օրենքի հիման վրա ամեն հող, որ մնացել էր մի քանի տարի անմշակ, նա համարվում է մահլուլ, այսինքն` անտեր և կառավարությանը պատկանող: Այսպիսի հողերն ինքն կառավարությունը գրավելով, շատ չնչին գնով արձանագրում է մահմեդականների վրա և նրանց անունով արքունի կալվածագիր է տալիս: Այսպիսով հայերը կարող էին զրկվիլ իրանց կալվածների մեծ մասից, ահա՛ պատճառը:

Ընթերցողը գուցե հիշում է, որ հայերը հարկահանների և տասանորդի կապալառուների հարստահարություններից ստիպված, շատ անգամ իրանց հողերն անմշակ թողնելով, գաղթում են դեպի Կ. Պոլիս, կամ մի այլ քաղաք, համալություն և ուրիշ տաժանական աշխատությունով հաց վաստակելու: Հողը մնում է անտեր, թեև գաղթականի կամ պանդուխտի ընտանիքը մնացել էր հայրենիքում նույն հողի մոտ. բայց նա կառավարության հայացքով անտեր է համարվում, քանի որ մշակող չունի: Ի նկատի ունենալով Ասիական Տաճկաստանի այնքան բազմաթիվ հայ գաղթականները, որոնցից միայն 45 հազար հոգի Կ. Պոլսումն է գտնվում, շատ հասկանալի էր, թե որքան հայերին պատկանող հողեր մնացած կլինեն անտեր և անմշակ: Այսպիսի հողերը տերությունը մահլուլ համարելով, տալիս է մահմեդականներին և թշվառ հայը պանդխտությունից վերադառնալով, գտնում է իրան զրկված այն միակ հայրական ժառանգությունից, որ նրա վերջին հույսն էր:

Տաճկաց կառավարությունը չէ խնայում մինչև անգամ վանքային և եկեղեցական կալվածներին. վանքը և եկեղեցին նրա օրենքով մի վերացական անձնավորություն է, նա չէ կարող կալվածատեր լինել: Եվ հայ բարեպաշտների երկար դարերից հետե իրանց նվիրական տեղերին ընծայած հողերը, որոնցով ապահովված էր վանքերի գոյությունը, ընկնում են մահմեդականների ձեռքը: Պետք է գիտենալ հայոց վանքերի այն բազմաթիվ քանակությունը Ասիական Տաճկաստանում, պետք է գիտենալ, թե որքան ընդարձակ տարածությամբ տեղեր պատկանում էին վանքերին, որպեսզի հասկանալի լինի ազգային հարստության այս մեծ կորուստը:

Հայը Հայաստանում հազարավոր թշվառություններ կրելով, և ամեն տեսակ հարստահարությունների համբերելով, մի բանով միայն մխիթարում էր իրան, թե նա յուր հայրերի քրտինքով սրբված հողի տերն է: Բայց այս մխիթարությունից ևս զրկվեցավ նա: Մի կողմից քրդերը բռնությամբ խլեցին նրա ձեռքի հողը, մյուս կողմից, ինքը կառավարությունը հափշտակելով, հանձնեց մահմեդականներին: Էլ ի՞նչ մնաց:

Հայի ապագան Տաճկաստանումն է, — ասում են կարճատեսները: Մենք չենք հասկանում, թե ինչ ապագա կարող է լինել մի երկրում, ուր կյանքի և կայքի ապահովություն չկա: «Հետո լավ կլինի...» — երևակայում են կարճատեսները

Ով որ չէ խոստովանում մահմեդականության կլանող և ոչնչացնող բնավորությունը, նա ուրանում է պատմությունը, բայց ուրանալ պատմությունը, նշանակում է ուրանալ ճշմարտությունը:

Որևիցե ժողովրդի համար ոչինչ բախտավոր ապագա գուշակել չէ կարելի, քանի որ նրա ապրուստի պահանջները հաստատուն հիմքերի վրա կայացած չեն, քանի որ նա թե՛ նյութապես և թե՛ բարոյապես մաշվում է և կլանվում է մի ուրիշ և ավելի զորեղ տարրից: Ասիական Տաճկաստանի հայը ապահովված դրություն չունի և դրա մեծ ապացույցն այն է, որ նա յուր տան մեջ ապրուստ ճարել չէ կարողանում, և ինչ որ էլ վաստակում է, նրա ձեռքից խլում են, և նա միշտ մնում է աղքատ ու սոված, և միշտ ստիպված է պանդխտության մեջ հաց որոնել: Տաճկաստանի հայը երերյալ և տատանյալ վիճակի մեջ է ապրում: Այսպիսի տունկը արմատ ձգել կարող չէ և շուտով կչորանա...

Մենք ունենք Ասիական Տաճկաստանում ժողովրդի երկու դասեր` վաճառականներ և հողագործ մշակներ, վերջինը թե՛ յուր բազմությամբ և թե՛ յուր բարձր նշանակությամբ կազմում է այն, որ կոչում ենք ամբոխ: Վաճառականն յուր տանը հանգիստ չէ. նա միշտ թափառում է յուր շահերի ետևից. նա այնտեղ է, ուր նրա շահերն են գտնվում: Վաճառականը հայրենիք չունի, նրա հայրենիքն այնտեղ է, ուր արծաթ կա: Վաճառականը հասարակաց շահերի համար չէ մտածում. նա եսական է: Մնում է մշակ դասը, որ հասարակության գլխավոր ուժն է կազմում. նա յուր հայրենի երկրում հանգստություն և ապրուստ չգտնելով, յուր կյանքը նույնպես պանդխտության մեջ է անցկացնում, և նրա ամուր ձեռքերը, որ հայրենի հողը պետք է մշակեին, մեծ քաղաքներում զբաղվում են ստոր և ծառայական պարապմունքներով: Եվ մշակը, արդար երկրագործը, ժողովրդի պարենը հայթայթողը դառնում է համալ, բեռնակիր, գրաստ...

Եվ այսպես Ասիական Տաճկաստանի ժողովրդաբնակության մեծ մասը գաղթականության մեջ է ապրում: Մի դաս միայն մինչև այսօր մնում էր անշարժ. դրանք էին վանքային աբեղաները: Բայց երբ վանքերն ենթարկվեցան նույն վիճակին, որպես ժողովուրդը, երբ նրանք էլ զրկվեցան կալվածներից` իրանց գլխավոր հարստությունից, այն ժամանակ վանքային միաբանությունները նույնպես ցրվիլ սկսան, և հայոց նվիրական տեղերը մնացին ամայի:

Հողային կամ կալվածական խնդիրը Ասիական Տաճկաստանի հայոց հարստահարությունների մեջ ամենագլխավոր խնդիրն է: Այս խնդրի նշանակությունն այնքան բարձրանում է, որքան մենք մտածում ենք, թե տաճկաբնակ հայերի մեջ գաղթականությունը դադարեցնելու և ժողովրդին հայրենի հողի վրա ապահով կյանք վարելու միակ միջոցը հանգիստ երկրագործությունն է: Բայց ցավում ենք, նկատելով, որ այս խնդիրը խիստ աննշան տեղ է բռնում պատրիարքարանի «Տեղեկագրքի» մեջ, և պատրիարքարանը յուր տասն և յոթնամյա սահմանադրական վարչությամբ շատ փոքր ուշադրություն է դարձրել դրա վրա, և համարյա զանցառության է տվել կալվածական խնդիրը, այն խնդիրը, որ հայի կյանքի և մահու խնդիրն է: Այս խոսքերը զրպարտություն չեն, քանի որ մենք աչքի առջև ունենք պատրիարքարանի արձանագրությունները:

Ամբողջ «Տեղեկագիրքը», որպես հիշած ենք, պարունակում է յուր մեջ պատրիարքարանի 25 տարվա գործունեության շրջանը, այս 25 տարվա մեջ կալվածական հարստահարությունների մասին պատրիարքարանի կողմից, մենք տեսնում ենք, միմիայն մեկ հատ բողոքագիր, որ 1875 թվին հունվարի 3-ին մատուցված է Բարձ. Դռան, այն ևս բավականություն չէ գտել, և պատրիարքարանը լռել է այնուհետև73... Որով ընդհակառակն, տեսնում ենք, Կիրակոսի աղջիկը մահմեդականներն առևանգել են, կամ Մարտիրոսի ոչխարները գողացել են, և կամ այս ինչ եկեղեցու խաչը թուրքերը շան վզից քաշ տալով փողոցները ման են ածել, — այսպիսի սկանդալները տարիներով պատրիարքարանի և Բարձ. Դռան մեջ բանակցության նյութ են դարձել... Մենք չենք ասում, թե դրանց մասին պետք էր լռել, բայց և ոչ պետք էր այնքան կարևորություն տալ, որովհետև այսպիսի մասնավոր դեպքերը պատահական են, այսօր կարող են լինել, իսկ վաղը ոչ: Բայք երբ մահմեդականները գավառների ամբողջ հայ գյուղորայքը իրանց են սեփականացնում, — դա է գլխավոր կենսական հարցը, որովհետև դրանով մի ամբողջ հասարակություն թե՛ նյութապես և թե՛ բարոյապես մահանում է, և սերնդից սերունդ զրկվում է հացից և հետևապես կյանքիցԲայց պատրիարքարանի ուշադրությունը չէ գրավում այս հարցը...

Այս նկատողություններից հետո, մենք հասնում ենք այն տխուր եզրակացության, թե Կ. Պոլսի պատրիարքարանը և այն, որ կոչվում է ազգային սահմանադրություն, ո՛րքան դատարկ բաներով են զբաղված եղել և ո՛րքան սակավ հասկացել են ազգի և ժողովրդի իրական պետքերը... Պողոս վարդապետի գործը, Սսի և Աղթամարա կաթողիկոսների խնդիրները, Կ. Պոլսի ազգային սահմանադրությունը յուր գոյության ամբողջ ընթացքում ծամծմեց, գզգզեց, և համարյա յուր ժամանակի ամենամեծ մասն այսպիսի աննպատակ վիճմունքների մեջ անցկացրեց, — բայց մի անգամ էլ չմտածեց, թե Կ. Պոլսի թուլամբարներում պառկող 45 հազար վանեցի, մշեցի և այլ գավառական համալները ինչո՞ւ համար են թողել իրանց հայրենիքը:

Թեև մեզ հայտնի էին պոլսեցոց թեթևամտությունները, թեև մենք գիտենք, որ նրանք երևակայությամբ են ապրում և ամենևին իրական կետի վրա կանգնած չեն, այնուամենայնիվ Կ. Պոլսի պատրիարքարանի և նրա սահմանադրական վարչության մասին մինչ այս աստիճան աննպաստավոր կարծիք չունեինք: Բայց պատրիարքարանի «Տեղեկագիրքը» երևան հանեց նրա բոլոր ոչնչությունը: Եթե Տաճկաստանի այժմյան հանգամանքներն առիթ չտային, գուցե մենք երբեք չպիտի տեսնեինք այս «Տեղեկագիրքը» գուցե պատրիարքարանը մինչև հավիտյան պիտի ծածկեր յուր խայտառակությունը, միշտ ինքն իրան խաբելով և միշտ ազգին ցույց տալով, թե մեծ գործ է շինում...

Շատ ժամանակ չէ, որ հրատարակվեցավ այն մեծ խաբեությունը` պատրիարքարանի երևելի շրջաբերականը, որի մեջ մոտ 4 միլիոն ժողովրդի ներկայացուցիչը հայտնում էր, թե նա գոհ է «բարեխնամ կառավարությունից»: Եվ այդ գոհությունը հայտնում էր 25 տարվա ընթացքում հազարավոր անիրավությանց դեմ միշտ բողոքող և ոչինչ բավականություն չստացող ժողովրդի հոգևոր գլուխը: Զարմանալի՛ աչքակապություն...

Արդեն ընթերցողը տեսավ, որ պատրիարքարանի կողմից գավառական հարստահարությանց մասին Բարձ. Դռան մատուցած խնդիրները (թագրիրները), համարյա ոչ մեկն յուր նշանակությանը չէ հասել, կամ մնացել է առանց պատասխանի, կամ թողնվել է առանց հետևանքի, կամ եթե Դռնից հրամանագիր է ստացվել, այն էլ գավառների պաշտոնակալները գործի չեն դրել. այսպես բոլորն անցել են ապարդյուն... Այստեղից հասկացվում է, թե ինչ նշանակություն ունի հայոց պատրիարքարանը Բարձ. Դռան առջև և ո՛ր չափով Դուռը հոգս է տանում ոչ-մահմեդական ազգերի ապահովության մասին:

Այս այսպես լինելուց հետո մենք պատրիարքարանին հրաշքներ գործել տալու իրավունք չունենք: Բայց մեզ զարմացնում էր մեկ բան. արդյոք ի՞նչով էր պարծենում Կ. Պոլսի ազգային սահմանադրությունն յուր 17 տարվա գոռում-գոչումներով, յուր ուրախ կեցցեներով...

Այժմ հասկացանք...

Կ. Պոլսի ազգային սահմանադրությունն ուրիշ ոչինչ չէ եղել, բայց միայն մի մանկական խաղալիք, որ խորամանկ դայակը տալիս է երեխայի ձեռքում, որ նա հանգիստ մնա, որ նրանով զբաղվի, չարություն չգործե... Եվ Կ. Պոլսի տղայամիտ էֆենդիները շատ գոհ և ուրախ էին այս խաղալիքով, և ամեն տարի Բոսֆորի ափերի մոտ տոնում էին իրենց ողորմելի պատրանքը...

Տաճկաց կառավարությունը շատ լավ է ճանաչել յուր հպատակ ազգերի բնավորությունը, նա գիտե, թե ամեն մեկին որպես պետք է խաբել: Այժմ պատրաստել է նա մի ավելի վիթխարի խաղալիք յուր հպատակների ձեռքը տալու համար` յուր պետության մեջ ընդհանուր սահմանադրական վարչություն: — Երկու խոսքով կհայտնենք մեր կարծիքը. «Օձը յուր շապիկը կփոխե, բայց խասիաթը էլի այն կմնա...»:

Հոդվածս վերջացնելու վրա էի, ստացա մի նամակ, որ վերաբերում էր Վանա հրդեհին. նամակագիրը վանեցի ծանոթներիցս մեկն էր, որ անձամբ ականատես է եղել անցքին: Թեև Կ. Պոլսի և Թիֆլիսի լրագրներում հրատարակություններ եղան այդ մասին, բայց տեղեկությունները թերի լինելով, հարկավոր համարեցանք այս կտորը որպես հավելված կցել մեր հոդվածի հետ:

Վանա հայերի մեծ մասը բնակվում են Այգեստան կոչված արվարձանում, որ հեռու է բերդից, այսինքն` բուն քաղաքից մի քանի ժամվա ճանապարհով: Այգեստանցիք, թե՛ վաճառականներ և թե՛ արհեստավորներ, խանութներ ունեն բերդի մեջ, վաղ առավոտյան գալիս են քաղաքը, մինչև երեկո զբաղված են առևտուրով և արևը մտնելուց հետո դառնում են իրանց տները: Խանութները մնում են հասասների հսկողության ներքո:

Հրդեհից մի քանի շաբաթ առաջ քուրդ բեգերից մեկը բարեկամաբար հայտնում է յուր ծանոթ հայերին, թե այս օրերում մահմեդականների կողմից ձեզ սպառնում է մի մեծ վտանգ: Հայերն առանց այս խոսքը լսելու ևս ամեն րոպե սպասում էին, թե թուրքերը պետք է կոտորեն նրանց, որովհետև Աբդուլ-Ֆեթթահ բեկ չարագործը Տիգրանակերտից վերադառնալով, դեռ վաղուց բոլոր հայերը կոտորելու հրավեր կարդացած էր:

Հայն յուր կյանքից առաջ մտածում է յուր հարստության մասին, որովհետև վերջինը ավելի թանկագին է նրա համար: Այս սպառնալիքները լսելով, հայերը ոչնչով չեն պատրաստվում գալող վտանգի առաջն առնելու, այլ աշխատում են մի կերպով ազատել իրանց իրեղենները: Այգեստանցի հայերը իրանց տներում գտնված թանկագին իրեղենները տանում են քաղաքը և հավաքում են իրանց խանութներում, մտածելով, թե այնտեղ ավելի ապահով կմնան, որովհետև բերդի մեջն է, այնտեղ զինվորներ կան, ոստիկանություն կա և այլն: Եվ այսպես հայերի բոլոր հարստությունը կենտրոնանում է շուկայում:

Գիշերով հասասները նկատում են, որ զանազան կողպած խանութներից այստեղ և այնտեղ մուխ է դուրս գալիս, հասկանում են, որ կրակ կա: Նրանք շտապում են խանութատերերին իմացում տալու, բայց ոստիկանությունն արգելում է: Նույն միջոցին բերդի զորանոցի գլխից լսելի է լինում փողի ձայն. իսկույն զինվորներով շրջապատվում է շուկան: Զինվորների մեկ մասը բռնում է փողոցների մուտքը և չէ թողնում հայերին, մինչև անգամ խանութատերերին մոտենալ հրդեհի տեղը, իսկ մյուս մասը սկսում է կոտրատել խանութների դռները, ոչ միայն նրանց, որոնցից կրակի նշույլներ էին երևում, այլև այն խանութների, որոնք շատ հեռու էին հրդեհից: Վերջինների մեջ իրանք զինվորներր կրակ են ձգում և մի քանի ժամվա մեջ ամբողջ շուկան բոցավառվում է հրդեհի մեջ:

Բայց ի՞նչ են լինում ապրանքները:

Մեծ մասը զինվորներն ու ոստիկանությունը կողոպտում է: Եվ դեռ հրդեհը բոլորովին չճարակված, շուկայում հայտնվում է մի խառնիճաղանջ բազմությունթուրք, քուրդ և այլ գյուղացի մահմեդականներ. դրանք, որպես երևում է, առաջուց տեղեկություն ունեին պատահելու անցքի մասին, և շրջակա գյուղերից հավաքվելով ցերեկով թաքնված են եղել թուրքերի տներում, և զինվորներից ու ոստիկաններից մնացած ապրանքը դրանք են հափշտակում: Մահմեդականների առջև բաց է լինում կողոպուտի ասպարեզը, մոտ չեն թողնում միայն հայերին: Նամակագիրը ավելացնում է, թե քաղաքի հարուստ հայ վաճառականներից մեկը մինչև անգամ առաջարկում է 500 լիրա զինվորական գլխավորին, որ իրան թույլ տան յուր խանութից ազատել միայն հաշվի գրքերը և այլ թղթեր, դարձյալ մոտ չեն թողնում: Այգեստանցի հայերը հրդեհի մասին ոչինչ չեն հասկանում, որովհետև հեռու էին, իսկ այն հայերը, որ բերդի մեջն են բնակվում, նրանց էլ մոտ չեն թողնում:

Եվ այսպես, ապրանքներից ինչ որ թանկագին էր, բոլորը հափշտակվում է, բայց ինչ որ անպետք էր, կրկին ձգվում է կրակի մեջ: Եվ որպեսզի հրդեհը հաջող կերպով ճարակվի, ավելացնում են նրա վրա հեշտ վառվող նյութեր, որպիսին են` վառոդ, նավթ և այլն: Կողոպտված ապրանքները մասամբ թաքցնում են թուրքերի տներում և մասամբ կրում են դեպի մոտակա գյուղերը: Այն գիշեր Ավանց գյուղի նավահանգստի մեջ կանգնած են լինում մի քանի նավակներ, հատկապես այն նպատակով: Ընդամենը կողոպտվել են 2000 խանութներ, որոնցից 1300-ը կրակից բոլորովին զերծ են մնացած, միայն դռները խորտակել են, իսկ 700-ը այրվել է: Այս խանութներն ըստ մեծի մասին պատկանում են հայերին, բայց նրանց թվում գտնված թուրքերի խանութները նամակագրի կարծիքով առաջուց դատարկված են եղել:

Նամակագրի կարծիքով այս անցքը պատահական չէ, այլ առաջուց խորհված և տնօրինված մի դավադրություն է, որի գաղտնիքը պահված է եղել զինվորական պաշտոնեության և տեղային կառավարության երևելի անձինքների մեջ: Եվ գյուղացի կամ քաղաքացի մահմեդականները, դավադրության հոտը առնելով նշանակյալ գիշերը հավաքված են եղել, որ իրանք էլ մասն ունենան ընդհանուր կողոպուտից: Եվ թուրք բեկի` հրդեհից մի քանի շաբաթ առաջ հայտնված նախազգուշությունն ուրիշ նպատակ չէ ունեցել, բայց միայն այն, որ հայերը երկյուղ կրելով, նաև իրանց տնային հարստությունը հավաքեն շուկայում: Որովհետև հայ հասարակությունը, թեև մահմեդական ամբոխից կասկածներ ուներ, բայց նա կառավարությունը և նրա զինվորական ուժը միշտ յուր պաշտպան էր համարում: Այս պատճառով շուկան նրա ապահով տեղն էր, դրված լինելով ոստիկանության և հասասների հսկողության ներքո, և շատ մոտ էր զինվորանոցին, յուր բերդի մեջը գտնվելով: Թեև նամակագրի ենթադրությունը դեռևս չապացուցված մի կարծիք է, այսուամենայնիվ, մի քանի փաստեր հաստատում են այս կարծիքը, թե հրդեհը մի հնարած պատրվակ է, հափշտակության մեղադրանքը նրանով ծածկելու համար: Հրդեհից մի քանի օր առաջ զինվորները գնելիս են եղել մոմպատներ և այլ վառվող նյութեր: Եվ նույն գիշերվա երեկոյան պահուն, երբ պատահել է հրդեհը, զինվորներից շատերն այս և այն խանութին մոտենալով, ձևացրել են, թե բան են գնում (ճիշտ այն ժամանակ, երբ խանութպաններն իրանց կրպակները կողպելիս են եղել) և աննկատելի կերպով խանութներում այրվող բաներ են ձգել: Նամակագիրը բերում է մի արդեն հայտնված ապացույց յուր խոսքերին. իբր թե մի վաճառական, երբ խանութը կողպելու վրա էր, մոտենում են նրան երկու զինվորներ, նրանցից մեկը խնդրած ապրանքն յուր ձեռքն առածի պես փախցնում է, խանութպանը նրա ետևից վազելով, կամենում է բռնել և ապրանքը ետ առնել, նույն միջոցին մյուս զինվորն, որ մնացել էր խանութի մոտ, մի փաթաթած բան ձգում է նրա մեջ և հեռանում է: Վաճառականը վերադառնալով յուր խանութը, գտնում է այնտեղ մի կտավի կտորի մեջ փաթաթված շիկացրած ածուխի կտորներ, որ արդեն սկսել էր վառել յուր փաթեթը և ընկած էր բամբակյա գործվածքների մեջ:

Մյուս ավելի կասկածանք հարուցանող փաստն այն է, որ հափշտակության գլխավոր գործիչները, որ եղել են զինվորները, հրդեհի առավոտը փոխում են և հեռացնում են քաղաքից, նրանց տեղը բերելով նորերին: Այս փոփոխությունն այլ նպատակ չունի, եթե ոչ ավազակների հետքը կորցնել և Տաճկաստանի այժմյան զինվորական խռովության մեջ թաքցնել չարագործները:

Next page