Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Պարոն կրիտիկոսը յուր միտքը հաստատելու համար, անխտիր կերպով յուր քննադատության մեջն է կոխում բոլոր ուսած և սերտած խոսքերը Խորենացիեն, Ղազար Փարպեցուց, Ինճիճյանից, Եղիշեից, Այսմավուրքից, Չամչյանից և այլ պատմագրություններից:

Հիշյալ պատմագրություններից բերած վկայությունները այնքան խառնիխուռն և միմյանց հակասական են, որքան չէ վերաբերում և ոչինչ կապ չունի նորա քննադատության հետ պարոն կրիտիկոսի կյանքի ամբողջ պատմությունը, այսինքն 1865 թվի Թիֆլիսի անկարգությունը, Մագվա Ալիխանի որդվո հարսանիքը, յուր որսորդությունը խանի որդվո հետ, Զավոյի և Գասպարի վիրավորվիլը, պար եկող Մութրուֆի սպանվիլը, Սեմեոն վարդապետի հեքիաթները, Ռուսաց և Պարսից պատերազմը... և այլն, և այլն... պարոնը դեռևս շատ բաներ է ունեցել գրելու, ափսոս, որ շատն մոռացած է եղել...

Իսկ մեք կբավականամք այնքանով միայն, որքան պարոն կրիտիկոսը կարողացել է գրել, թեև նորա գրվածքի խաոսի մեջ ոչ միայն շփոթվիլ կարող է ամեն մի ընթերցողը, առանց մի որոշակի գաղափարի ամբողջություն դուրս բերելու նորա խոսքերեն, այլ շփոթվում է ինքը գրողը, երբ նկատում ենք, որ նա շատ տեղերում ինքն հակառակում է յուրյան, որը կաշխատենք ցուցանել մեր ընթերցողներին:

Միայն պետք է խոստովանած, թե մեք շատ հեռու ենք այն նպատակից, որ աշխատենք ապացուցանել, թե որքան ուղիղ, կամ սխալ է պարոն Րաֆֆին յուր կարծիքի մեջ, Ավարայրի դաշտի Խոյ քաղաքի, այսինքն` Դուզլաղի մոտ լինելու մասին: Որովհետև ինքը ճանապարհորդը վճռողականապես չէ հիմնվում յուր կարծիքի վերա, այլ նա հայտնում է մի քանի կենդանի ավանդություններ, ասելով. «Ես նայեցա», խիստ հավանական է մտածել, թե Վարդանանց պատերազմը, կամ սրբույն Վարդանա նահատակվիլը եղել է վերոհիշյալ մատուռի մոտակայքում, այսինքն` Ղոթուր գետի ափերու մոտ, որ կարծվում է պատմական Տղմուտը: Թեպետ հայերի շատերի կարծիքն այդ է, պատերազմի Մագվա դաշտերում լինելը, բայց այդ կարծիքը տարակուսական է: Որովհետև այնտեղ ոչ մի ընդարձակ դաշտ չէ հիշեցնում մեզ Ավարայրին և ոչ մի գետ` Տղմուտը: Բայց առավել հավանական է, թե գլխավոր պատերազմը եղել է Դուզլաղի հարավային կողմում, այն նվիրական աղբյուրների և այն ըստ ավանդության նետերով ծակծկոտյալ քարաժայռի մոտակայքում, ուր փոքր-ինչ Ղոթուր գետը յուր պղտոր ջրով, լիլային և ցեխոտ հատակով, ձևացնում է մի հեղեղատ, որին այլ անուն անհարմար էր տալ, քան անունս Տղմուտ: Եվ ընդարձակ դաշտը, այնպես ցամաք և անապատ, հիշեցնում է ողբալի Ավարայրը...:

Պարոն Շերմազանյանը, վերոհիշյալ խոսքերի ճշմարտությունը հերքելու համար, թափ տալով ամբողջ հայ պատմագրությունը, դուրս է բերում զանազան վկայություններ, իբր թե յուր միտքը հաստատելու Ավարայրի դաշտի պարոն Րաֆֆիի ցույց տված տեղում չլինելու մասին, չնայելով, որ նույնիսկ վկայություններով նա հաստատում է պարոն Րաֆֆիի կարծիքը:

Պ. Շերմազանյանը հիմնվելով Ղազար Փարպեցու (երես 8) և Չամչյանի (հատ. բ. երես 67) խոսքերի վերա, ասում է. «Մեր պատմիչներն հայտնի ասում են, թե Պենտեկոստեի մեծ տոնի ուրբաթ օրը Արտաշատ քաղաքեն, այսինքն Խորվիրաբեն սուրբ Վարդանը վեր առավ հայերի գունդն և հասավ Արտազ գավառի Ավարայր գյուղը կամ դաշտը, և շաբաթ օրը պատերազմը արին, այսինքն մին օրվան ճանապարհ»:

Ընդունելով առժամանակ հիշյալ խոսքերը իբրև ճշմարտություն մեք հասանում ենք մի այդպիսի եզրակացության, թե պ. կրիտիկոսը հայոց բանակի արշավանքի երկու ծայրերը դնում է Արտաշատեն կամ Խորվիրապեն սկսյալ մի օրվա ճանապարհի հեռավորությամբ մինչև Արտազ գավառի Ավարայր գյուղը, որ համարում է վերջին կետը, ուր վերջացած է պատերազմը:

Այժմ հարցը նորանումն է, թե Խորվիրապի մոտեն ճանապարհ ընկնելով հայոց բանակը նույն ուղղությամբ, որով տանում է նորանց պ. Շերմազանյանը, մի օրվա մեջ մինչև ո՞ւր կարող էին հասնել:

Երկաթուղու գաղափարն անգամ այդ դարումը ծանոթ չէր հայերին: Եթե ընդունեմք հայոց բանակը մի օրվա մեջ անդադար առաջ տանելու լիներ յուր արշավանքը, նա կհասներ միայն մինչև Մասիս լեռան արևելյան ստորոտը, այսինքն այժմյան Մագվա դաշտին: Ուրեմն պարոն Շերմազանյանի խոսքերից եզրափակելով, այստեղ պետք է համարել Արտազը կամ Ավարայրին:

Բայց Մագվա դաշտը, ասում է պարոն կրիտիկոսը, չէ Արտազը և ոչ Ավարայրին, այլ նորան կոչում է պատմական Գերատա դաշտը:

Եվ այդպես շեղվելով յուր հիմնական փաստից, պարոն Շերմազանյանը թողում է այժմյան Մագուն (Արտազը) անցնում է մինչև Ղարա-Զիադին (սխալմամբ կոչելով նորան Ղարա-Չիադին) գյուղը, և այնտեղ Չորսի դաշտը ցույց է տալիս պատմական Ավարայրի դաշտի լինելը, որը Խորվիրապից ոչ թե մի օրվա, այլ երեք օրվա ճանապարհորդության հեռավորություն ունի:

Մեր ընթերցողներին ցույց տալու համար, թե պարոն Շերմազանյանը ինքն չգիտե, թե ի՞նչ է գրում, այլ միմիայն լոկ անուններ է շարում միմյանց պոչից, և պատմական խառնիխուռն, անկապ վկայություններ է թափ տալիս, ավելորդ չեմք համարում հիշել նորա խոսքերից մինը, որ ոչ միայն հակառակում է յուրյան, այլ բոլորովին հաստատում է պարոն Րաֆֆիի կարծիքը:

Պարոն Շերմազանյանը բոլորովին շփոթելով յուր երկար և անկապ դրվածքի խաոսի մեջ, և մոռանալով յուր մի անգամ, Ավարայրի դաշտի Խորվիրապից մի օրվա ճանապարհի հեռավորությամբ ցույց տալը, Ղարա-Զիադինի մոտ Չորսի դաշտումը ցույց տալը, — ասում է. «Որպեսզի ընթերցողներին ավելի շուտով կարողանամ հասկացնել, հարմար եմ համարում սկսել ուղևորությունը Խորվիրապեն դեպի Հեր և Զարևանդ գավառն, որոց մեջին պետք է որոնած Ավարայրը և Տղմուտը»:

Հիմնվելով պարոնի վերջին խոսքերի վերա, պետք է վճռել, թե Ավարայրը և Տղմուտը գտնվում են Հերի և Զարևանդի մեջտեղում:

Շատ լավ.

Համարելով Հերը` այժմյան Խոյը, Զարևանդը` այժմյան Սալմաստը (որոց մասին պարոն Րաֆֆին և պարոն Շերմազանյանը համաձայն են միմյանց հետ) — ուրեմն Ավարայրին և Տղմուտը պետք է որոնել, ոչ թե Ղարա-Զիադինի կամ Չորսի դաշտերումը, այլ այդ երկու մահալների, այսինքն Խոյի և Սալմաստա մեջտեղում:

Գալով մի այդպիսի եզրակացության, ստիպվում ենք հարցնել պարոն Շերմազանյանին, — մի՞թե պարոն Րաֆֆիի ցույց տված տեղը Խոյի և Սալմաստա մեջտեղումը չէ:

Մենք չեմք կարծում, որ պարոնը չհամաձայնի մեզ հետ, երբ ինքը խոստովանում է պարոն Րաֆֆիի ցույց տված տեղերի Խոյի և Սալմաստա մեջտեղում լինելը2:

Ուրեմն պարոն Րաֆֆին ինչո՞վ է սխալ յուր կարծիքի մեջ:

Վերջին հարցը թողնում ենք նորից մտածել պարոն Շերմազանյանին...

Միայն կավելացնենք այդքանը, որ պարոն կրիտիկոսը ցանկացել է յուրյան ցույց տալ ոչ միայն հմուտ հայոց պատմագրության, այլև, պարսից և արաբացվոց: Պ. Րաֆֆիի Ղազանֆարի հիշատակարանի մասին նա ասում է, իբր թե արաբացի Մահամադ Հանըֆին է պատկանում և ոչ Ղազանֆարին: Պարոնը «լսել է զանգի ձայն, բայց չգիտե ուր է այն»:

Մահմադ Հանըֆի հիշատակարանը գտանվում է ոչ թե Խոյի մոտ, այլ Ուրմիո և Սալմաստա մեջտեղում, Իսի-Սու կոչված գյուղի հանքային տաք ջրերի մոտի գերեզմանատնում, ուր տեղային սունիների ուխտատեղին է:

Իսկ պարոն Րաֆֆին այդ տեղի մասին ոչինչ չէ գրել:

Ա՛խ, ես մոռացա ասել, որ պարոն Շերմազանյանը յուր քննադատությունը, այնքան բազմամասնյա նյութերից խառնած, թեև կատարյալ թուրքի հարիսա է շինել, այսուամենայնիվ պետք է խոստովանած, որ նա մի նշանավոր բնագիտական գյուտ է արած, որն է արդյունք նորա երկարամյա Պարսկաստանի աշխարհի հետազոտությանը, — այն է անուշահոտ մշկի յուր ցույց տված Ավարայրի դաշտումը արածող այծյամների պորտի վերա գոյանալն:

Եթե լուսավոր Եվրոպան յուրյան թույլ կտար հավատալ այդպիսի առասպելին, մեք խորհուրդ կտայինք պարոնին յուր արած գյուտը Լոնդոնի արքունական երևելի բնագիտական ակադեմիային հայտնել, ի փառս գիտության:

ՆԱՄԱԿ Կ. ՊՈԼՍԻՑ

Տաճկաբնակ հայերը, ասում ենք, թե վայելում են ազատություն: Տաճկաբնակ հայերը, ասում են, թե առաջ են ընթանում: Այդ խոսքերը խիստ քաղցր կերպով հնչում են, ոչ միայն ամեն մի հայ մարդու ականջին, այլ ընդհանուր մարդկության բարեկամներին նոքա հաճություն են պատճառում:

Եվ իրավ, լրագրների մի շարք, որք ցոլացող աստղերի նման, հաջորդաբար երևում են, փայլում են, և դարձյալ կորչում են հայկական գրականության խավար մթնոլորտի մեջ. ազգային սահմանադրական վարչություն, հրապարակական դասախոսություններ, թատրոնական բեմ. երկսեռ դպրոցներ և այլն. — այդ ամենը պնդում են լսողների համոզմունքը տաճկաբնակ հայերի առաջադիմության մասին:

Բայց խորին կերպով հետազոտելով այդ ուրախացուցիչ երևույթների ներքին էությունը, մենք գտանում ենք անմխիթար դատարկություն:

Լրագրությունը ավելի զբաղված է օտարներով, քան թե յուրյանով: Նա հայտնում է, թե ինչ է խոսում ամեն օր Թիերը յուր կաբինետում, բայց չգիտե յուր տան մեջ ինչեր են լինում, չգիտե, թե Վասպուրականի, Մշու, Բաղեշի, Կարնու և փոքր Ասիայի զանազան անկյուններում, ինչեր են պատահում խեղճ հայերի հետ և ի՞նչ դրության մեջ է նոցա վիճակը: Նա ընդհանուր Եվրոպայի ճակատագիրն է վճռում, բայց հիշյալ երկրներում բնակվող յուր ազգայինների տնտեսական և մտավորական կյանքի մասին շատ քիչ է մտածում:

Փոխանակ ազգի վիճակագրական և նորա տնտեսական դրությունը արտահայտող հոդվածների և գավառական նամակների, մենք կարդում ենք լրագրության մեջ շատ անգամ աննշան և աննպատակ բանակռիվներ, որք ավելի անձնականության են դիպչում, որք պարունակում են յուրյանց մեջ ավելի երգիծական սրախոսություններ և հաճախ կեղտոտ հայհոյանքներ, քան թե միտք, լոգիկա և առողջ դատողություն:

Իհարկե, լինում են բացառություններ, բայց այդ բացառությունները դժբախտաբար այնքան փոքր են թվով, և այնքան չնչին, մինչ ընդհանուրի մեջ կորցնում են յուրյանց նշանակությունը:

Ազգային սահմանադրությունը հանապազ երերման մեջ է: Նա եղել է խաղալիք զանազան կուսակցությունների և նոցա ներկայացուցիչ այս և այն էֆենդիների: Նա զբաղված է միշտ Պոլիսով և Բյուզանդիոնի պարսպներից դուրս չէ գնում: Կարծես, թե մեր մյուս տաճկաբնակ հայերը զուրկ լինեն այդ արտոնություններից...

Հրապարակական դասախոսությունները ունեն փոքր ի շատե բավականացուցիչ կերպարանք յուրյանց ներկայիս համապատասխան բնավորությամբը: Որո ընդհակառակն թատրոնական բեմը հայոց խոսքով դեռ մեծ մասամբ ֆրանսիական վայրիվերո, միմիայն երևակայության և աչքի վերա ազդող պիեսաներ է ներկայացնում, թողելով բուն ազգային կյանքի դաշտը:

Դպրոցները, — իբրև այս և այն պարոնի, իբրև այս և այն սրբազանի մենավաճառության մեքենա, — անհաստատ դրության մեջ են: Նոքա կողպվում են, բացվում են, ընկնում են, կանգնում են և հանապազ փոփոխությունների մեջ են ապրում, որքան փոխվում են այն անհատները, որոց կամքից և կրքերից կախումն ունի հասարակական կրթության գործը:

Ժողովուրդը այդպիսի հանգամանքներում բոլորովին կրավորական դեր է խաղում: Նա, որո ուսերի վերա է բարձած այդպիսի հիմնարկությունների բոլոր նյութական ծանրությունը, նորա իրավունքները սարսափելի բռնաբարության ենթակա են:

Գրականությունը չէ ներկայացնում մի բավականացուցիչ երևույթ: Գրական գիտությունների ինքնաստեղծ, ինքնուրույն հեղինակությունները այնքան աննշան են, որ չլինելության հաշվում պետք է դնել նորանց: Թարգմանությունը, — փոխանակ յուրյան պարապեցնելու Եվրոպայում ընդունված մանկավարժական, գիտնական և արհեստական գրքերի ի հայ լեզու վերածելուն, որոցմե այնքան զուրկ են դպրոցները, — զբաղված է վեպերով, ռոմաններով և երգերով: Այդպիսի գրքերի ազդեցությանը պետք է վերաբերել պոլսեցի հայի այն դյուրագրգիռ և ոչնչով ոգևորվող, ֆրանսիական թեթևությունը, որ է հատկանիշ նորա աշխույժ բնավորությանը:

Մի առարկա, որ առավելապես զբաղեցնում է տաճկաբնակ հայոց կրթյալ դասի մտածմունքը, մի առարկա, որին գլխավորապես նվիրել է յուրյան ազգային մամուլը, — է կղերական խնդիրը: Այդ պարոնները աշխատում են նորից կյանք տալ կղերին, կրթել նորան, բարվոքել նորա դրությունը: Որպեսզի նա, նորից ուժ ստանալով, կարողանա համարձակ տանել ազգային վարչության սանձը: (՞ ՞: )

«Ասանկ ալ պետք է ընել, ախբար, մեր ազգը կրոնական ազգ մըն է կոր»: — Ասում է ինձ մի ֆեսվոր պարոն:

Կղերի դարը անցավ:

Մենք տեսանք և տեսնում ենք այն ազգերի թշվառ վիճակը, որք յուրյանց կառավարության սանձը հանձնել էին կղերին:

Թող նոքա կարդան յուրյանց սաղմոսը և Նարեկը և ազգի հանգուցյալների հոգուն աղոթք անեն: Իսկ կենդանիների վերա մտածելը նորանց չէ պատկանում:

Ինչ եմք հասկանում մենք այդ խոսքերովս կենդանիներ: Արդյոք վսեմափառ ամիրանե՞րն են դոքա, թե մեծապատիվ էֆենդիները: Արդյոք արծաթասեր չորբաջինե՞րն են դոքա, թե շնորհավաճառ փափազները: Ո՛չ. դոցանից և ո՛չ մինը: Դոքա ազգային մարմնի կազմվածքի մեջ փտած նյութեր են:

Կենդանիներ ասելով, մենք հասկանում ենք Պոլսե և Տաճկաստանի զանազան քաղաքներում գաղթած այն պանդուխտ մշակները, որք խաներում, իսկալաներում, մեյդաններում, սոխախներում մաշվում են բեռնակրությամբ: Կենդանիներ ասելով, մեք հասկանում ենք, Ռումելիի, Փոքր Ասիայի, Բաղեշու, Մշու, Կարնի և այլն մեր թե՛ գյուղացի և թե՛ քաղաքաբնակ ազգայինները, այն ճնշված և հարստահարությանց մեջ մաշված հայերը, որոց մեջ դեռևս պահպանվել է ազգային առանձնությունների կենդանի տարրը, որք կազմում են ազգայնության գլխավոր ուժը:

Նոցա համար պետք է մտածել, նոցա համար պետք է գործել, մեր հույսը նոքա են....

ՆԱՄԱԿ Կ. ՊՈԼՍԻՑ

Տաճկաբնակ հայերը մի բախտավոր ներկայի վերա են կանգնած: Բայց ցավելով պետք է խոստովանվել, որ նոքա յուրյանց դրությունից օգուտ քաղել չգիտեն: Նոքա ապրում են մի այնպիսի երկրում, ուր տիրող ազգը, թե՛ կրոնքով, թե՛ սովորություններով և թե՛ ազգային այլ հատկություններով, բոլորովին տարբերվում է յուրյանցից: Նոքա ապրում են մի այնպիսի երկրում, ուր տիրող ազգը, թե՛ յուր թվի բազմությամբ և թե՛ յուր մտավոր և նյութական գործունեության մեջ, խիստ ստոր աստիճանի վերա է գտանվում, քան թե հպատակ ազգերը:

Հայը, եթե կարողացավ պահպանել Տաճկաստանում յուր կրոնքը, յուր ազգային գոյությունը, դորանով նա պարտական է մահմեդականության շրջափակ, խտրություն դնող և հալածասեր բնավորությանը: Հայը, եթե վայելում է ազատություն յուր ազգային հիմնարկությունների մեջ, դորանով նա պարտական է տիրող ազգի դեռ մանուկ քաղաքական զարգացմանը:

Իսկ այդ ազատությունը ժամանակավոր է: Նա երկար չպիտի տևե: Իսկ հայը կարողանո՞ւմ է օգուտ քաղել նորանից:

Այդ հարցի պատասխանը կգտանե ընթերցողը իմ առաջին նամակի մեջ3, ուր թեև համառոտ, բայց մի ընդհանուր տեսություն է արած Կ. Պոլսի մտածող ազգայինների գործունեության մասին:

Այս անգամիս հարկավոր եմ համարում քննել մի քանի մասնավոր երևույթներ:

Համարյա ամեն օր, ամեն շաբաթ շոգենավը բերում է Կ. Պոլիս Փոքր Ասիայի զանազան գավառներից մի խումբ հայազգի պանդուխտներ, որք թողելով տուն, տեղ, ընտանիք, գալիս են այս քաղաքը, որ մշակությունով, համալությունով, մի քանի ղուրուշ փող վաստակեն, տանեն յուրյանց չքավոր ընտանիքը պահեն: Թեև խիստ սակավներին այդ թշվառներից հաջողվում է ողջությամբ յուրյանց հայրենիքը դառնալ:

Կ. Պոլսի ազգային վերնադիրը յուր ճակատին հպարտությամբ կրող լրագրությունը մինչև այսօր չքննեց բուն պատճառը այդ վնասակար գաղթականության: Բացի մի քանի մասնավոր խոսքերից — «Ըշտե քուրդերը կթալնեն կոր»: «Ըշտե չերքեզները ավազակություն կընեն»: «Ըշտե ֆիլան փաշան աղեկ ղոնուշմիշ չըլլար կոր»:

Քուրդերի, չերքեզների և այլ դոցա նման ազգերի վնասակար հարաբերությունը հայերի հետ, և նոցա հաղթահարությունները ժամանակավոր մի բան են: Դոքա չեն և չեն էլ կարող հայերի գլխավոր անբախտության պատճառ դառնալ: Որո ընդհակառակն մեք պնդում ենք, որ այդպիսի ազգերի դրացությունը առավելապես նպաստում է հայերի բախտավոր ապագային:

Մեր խոսքը ապացուցանելու համար օրինակ առնեմք Վասպուրականի և Տարոնա նահանգները: Քուրդերին մեք գտանում եմք այդ երկրներում մի թափառաշրջիկ, աստանդական ազգ, առանց հիմնավոր բնակության, որ յուր ապրուստը գտանում էր միայն խաշնարածության մեջ: Այդպիսի ազգերը շատ բնական է, որ օտարանում են հողից և նորա մշակությունից: Այդ իսկ պատճառավ, երբ տերությունը առաջարկեց տեղային բնակիչներին հողերը թափիա4 անել, գլխավորապես հայերին մնաց երկրի ընդարձակ դաշտերը, իսկ քուրդերը չկարողացան այնտեղ հիմք ձգել:

Վասպուրականի հանգուցյալ Արծիվը «ազգ... հայրենիք... Հայաստան»... գոռալով կամենում էր Հայկի և Արամի անցյալ հիշատակներով միայն կերակրել սոված ժողովուրդը, չմտածելով, որ մարդը յուր կյանքի գոյությունը պահպանելու համար կարոտ է նյութական սնունդի և ոչ երևակայական քամիների: Այժմյան լրագրությունը միակ ճարը գտանում է դպրոցների, ուսման և կրթության մեջ, չմտածելով, որ լոկ այդ բեմը քաղցած փորին կերակուր չի տալ:

Կ. Պոլսի մտածողները չկարողացան մինչև այսօր իրենց ուշադրությունը դարձնել այն առարկայի վերա, թե մի ազգի յուր գոյությունը պահպանելու գլխավոր պայմաններից մինը է հողը և նորա մշակությունը: Թե մի ազգ, որ յուր կյանքի պահպանությունը չէ հիմնած հողի արդյունաբերության վերա, նա ոչ միայն երկար ապրել կարող չէ, այլև չէ կարող ազգ համարվել:

Գաղթականության հոսանքը դեպի մեծ քաղաքները, որ ամեն տարի հազարավորներին խլում է հայրենի հողի արմատից, պատրաստում է հայերից ժողովրդի մի դաս, բոլորովին անպիտանացած ազգայնության մարմնի մեջ: Մի ազգի գլխավոր հիմքը է հողը, իսկ նորա գլխավոր ուժը գտանվում է երկրագործ և արդյունաբերող դասի մեջ: Սպառող դասը մի անհրաժեշտ մեքենա է այդ կազմակերպության մեջ:

Իսկ գաղթականությունը շարունակվում է: Ժողովուրդը օրըստօրե հեռանում է Հայաստանի կենտրոնից: Նորա ուժերը ցրվում են և հայրենյաց դաշտերը մնում են ամայի, դատարկացած:

Ինչո՞վ կարելի է այդ հոսանքի պատճառը բացատրել:

Երկու բանից մինը պետք է լինի, կամ հայերը ընդունակ չեն երկրագործության մեջ, կամ եթե ընդունակ են, նոցա մշակության արդյունաբերությունը այնքան օգուտ չէ բերում, որ կարողանային ապահովել յուրյանց ապրուստը:

Վերջին պատճառը ավելի հավանական է: Շարունակ սովորական, և միատեսակ ընդեղենների վարուցանքը, մշակության նահապետական ձևերը, երկրի չափազանց էժանությունը, եթե ավելացնենք դոցա վերա տերության, ինքնըստինքյան թեթև, բայց արդյունաբերության համեմատ ծանր հարկերը, — մեք կտեսնեմք, որ երկրագործին ավելի ոչինչ չէ մնում յուր ապրուստը ապահովելու:

Գյուղատնտեսական ուսումնարանը, որ միակ ճարն է այդպիսի դեպքերի առաջն առնելու, դեռևս չէ հետաքրքրում Կ. Պոլսի լրագրության ուշադրությունը:

Երկրի հում բերքը արվեստագործելու համար արվեստագիտական ուսումնարանների մասին նա մտածել անգամ չէ ուզում:

Երկրի մթերքը վաճառահանելու համար, Տրապիզոնից Արզերում, այնտեղից Վան, Վանից Մուշ, մինչև Մուսուլ և Բաղդադ երկաթուղի շինելու հարցը բարձրացնել չէ ուզում, որովհետև կենտրոնական Ասիո խնդիրը նորան շատ է զբաղեցրել...:

Մշեցի, բաղեշցի կամ վանեցի հային մի վաշխառու քրդից, կամ տաճկից, հարյուր ղուրուշ փոխ առնել և շուտով մի քանի հարյուր պարտական մնալ, այնուհետև յուր կինը, ընտանիքը գրավ թողնել, Պոլսի սոխախներում տարիներով փտել և մաշվել, — այդ երևույթները նորան չեն գրավում, որ գյուղական փոխատու ընկերությունների վերա մտածե: Որովհետև նա շատ պարապված է նորանով, որ գիտենա դեռևս ինչ երազներ է տեսնում Բիսմարկը յուր անկողնի մեջ:

Ահա բոլոր դատարկությունը Պոլսի լրագրության, որ մեք հիշեցիմք մեր առաջին նամակում, մնացորդը խոստանում եմ գրել հետո:

ՆԱՄԱԿ Կ. ՊՈԼՍԻՑ

Տաճկաստանում հայոց եկեղեցվո բաժանվելը զանազան դավանությունների եղավ ազգային միության քակտվելու գլխավոր պատճառներից մինը:

Ազգը կորցրուց իր զորությունը, և նորա ուժերը ցրվեցան:

Մեք հեռու եմք այն նպատակից, որ կրկին քարոզեմք կրոնական միություն, որովհետև բռնաբարել խղճի ազատությունը և համոզմունքը մեր դարու գործը չէ: Բայց մի ազգ բացի կրոնքից ունի միության ավելի զորեղ կապեր. — նա կապված է արյունով և յուր պատմական անցյալով: Նա կապված է լեզվով, որո մեջն է նորա կյանքը: Նա կապված է յուր տնտեսական և հասարակական շահերով:

Բայց կղերի ազդեցությունը, կրոնքով բաժանելով մի անդամ ազգային ամբողջությունից, կտրեց և նոցա անմիջական հարաբերությունների և մյուս կապերը: Հայկա զավակները մինը` «ֆրանկ եմ» ասելով, մյուսը` «ընկլիս», երրորդը` «հոռոմ», սկսան ուրանալ հայությունը, եղբայրը բաժանվեցավ եղբորից:

Խավարի դարը անցավ: Փորձը ցույց տվեց այն հույսի սխալմունքը, թե մի հայ կարող էր կրոնափոխության վաճառքով գնել իր հանգստությունը: Թե մի հռովմեական փափազ, մի ամերիկացի միսիոնար, և այս կամ այն ֆրանսիական, անգլիական հիպատոսները, դեսպանները, կարող էին մի օտար տերության մեջ պաշտպանել հայի իրավունքները. և կամ նոքա կնպաստեին նորա մտավոր և նյութական զարգացմանը:

Բնական օրենք է, որ մի առարկայի մեքենայական շարժման ուժերը պետք է կենտրոնացած լինեն նույնիսկ առարկայի մեջ: Արտաքին ուժը միայն ժամանակավոր շարժառիթ է: Դադարեց զարկը, կդադարե և նա գործելուց:

Եվ այսպես, մեր գործունեության բոլոր զորությունը պետք է ծնվի մեզանում, ծագե մեզանից: Մեք պետք է դիմեմք մեր ինքնաօգնականությանը: Արտաքին ուժերը միայն ժամանակավոր շարժառիթներ պետք է լինեն:

Ազգի ընդհանուր շահերի վերա մտածել, գործել և իրագործելու պետքը, ազգի անմիջական միությունից կախումն ունի: Բայց դժբախտաբար դեռ մեր կաթոլիկ, բողոքական և լուսավորչական եղբայրները Տաճկաստանում որոշ խումբեր են կազմում: Նոցանից ամեն մինը եսականապես յուր համար է ապրում:

Ազգային մամուլը մինչև այսօր չբարձրացրեց միության խնդիրը: (Մենք չենք նայում այդ հարցի վերա կրոնական կետից): Թեև ժամանակ առ ժամանակ հայտնվեցան զանազան հրավերքներ, բայց նոքա լինելով բոլորովին միակողմանի, եղան ձայն բարբառո հանապատի:

Հակահասունյան կուսակցության բաժանվելը Վատիկանի` ամենայն ազատության ճնշող, միտքը և հոգին կաշկանդող շղթաներից, մի համարձակ քայլ էր դեպի ազգային միությունը: Բայց մեր լուսավորչական հայերը ո՞րպես նայեցան այդ երևույթին: — Նոքա ոգևորվեցան, ուրախացան, հրճվեցին և ավելի ոչինչ...

Կ. Պոլսի հայերը դեռևս չունեն մի կենտրոն, ուր ազգի զանազան անդամները հավաքվելով, նորա պիտույքների վերա մտածեն: Հասարակաց սրճատները, այդ ժողովարանները ամենատեսակ դատարկախոս, մոլաշրջիկ և ծույլ մարդերի, հայտնի բան է. չէին կարող բավականություն տալ մի այդպիսի նպատակին: Մի կենտրոն, որ կարող էր ժողովրդի գործունյա և մտածող դասին մի տեղ հավաքել, է ազգային կլուբը: Այդ բանից զուրկ են Կ. Պոլսի հայերը:

Ասելով կլուբներ մեք չեմք կամենում հիշել այնպիսի կլուբներ, ուր հաճախորդները միայն թղթախաղով ու զանազան զվարճություններով են վարում յուրյանց դատարկ կյանքի ծանրացած րոպեքը: Այլ ազգային կլուբներ ասելով, մենք հասկանում ենք այնպիսիքը, որ ծնեցին այսպես կոչված երևելի կլուբական հերոսներիս: Ազգային կլուբ ասելով մեք հասկանում եմք մի կենտրոն, ուր հասարակական գործիչները, միատեղ հավաքվելով խոսում են, վիճում են, հակաճառում են և վերջապես մշակում են հասարակական գործերի դժվարին խնդիրները: Այստեղ կազմվում են զորեղ կուսակցությունները, այստեղից ծնվում են երևելի տաղանդները, և վերջապես, այստեղ կցվում են կրոնական մրրկով զատված կապերը ազգի անդամների:

Շատ նեղ կլիներ այդ հայացքը և միակողմանի, եթե հայերը յուրյանց հասարակական շահերը պահպանելու համար միայն կաշխատեին միանալ յուրյանց այլադավան ազգայինների հետ, առանց ուշադրություն դարձնելու մյուս ազգությունների վերա, որպիսի են հույները, ասորիները, հրեաները և այլն:

Մի պետության մեջ որպես է Տաճկաստանը, հպատակ ազգությունները մասնավոր բացառությամբ միևնույն լավ կամ վատ վիճակի, միևնույն բախտավոր կամ անբախտ դրության մեջ են ապրում: Պաշտպանել այստեղ իրավունքը տիրող ազգի ճնշումներից, համահավասար ազատություն վայելել, — այդ բոլորի պարտքն է: Այսօր խլվեցավ մի ազգից նորա որևիցե իրավունքը, սեփականությունը, այսօր բռնաբարվեցավ նորա որևիցե արտոնությունը, պատիվը, վաղը միևնույնը կարող է պատահել և մյուսներին: Այսպիսի հանգամանքներում հպատակ ազգերը պետք է ունենան ներդաշնակ համաձայնություն և փոխադարձ օգնականություն դեպի հասարակաց բարին: Որովհետև միակ ուժը, հանդիպելով ավելի զորեղ ընդդիմադրության տիրապետող կողմից, կորցնելու է յուր նշանակությունը, առանց հասնելու որևիցե հաջող հետևանքի:

Իսկ հայոց պատրիարքը այս ինչ մասնավոր դեպքի առիթով կտրում է յուր հարաբերությունը յուրյանց պատրիարքարանի հետ և դորանով խզվում է մի ազգի կապը մյուսի հետ: Չնայելով, որ նոցա փոխադարձ հարաբերությունները որքան օգտավետ էին յուրյանց ներկայի և ապագայի շահերուն:

Այս տողերը գրելու ժամանակ ինձ բերեցին «Մասիս» լրագրի 1356 և 1358 համարները: Նոցա մեջ մի հոդված, որ թարգմանված էր հունաց «Անաթոլի» լրագրից, բավականին գրավեց իմ հարցասիրությունը: Նորա մեջ ամենայն անկեղծությամբ հնչվում էր հույների մտածող դասի արձագանքը դեպի եղբայրական սերը և հաշտությունը հայերի հետ, հեռու պահելով այս պարագայիս մեջ կրոնական միշտ երկպառակություն գցող և ատելություն սերմանող խնդիրները: Հոդվածագիրը մեղադրում է հունաց կղերի մոլեռանդությունը, որ կրոնական դեպքերի պատճառով կտրում են հայերի հետ հաշտության և սիրո կապերը, որք միակ հիմքը կարող էին լինել նոցա ներկայի և ապագայի բարօրությանը: Մեք բոլոր սրտով համակրում ենք հոդվածագրի կարծիքը:

Տխուր երևույթ է ներկայացնում, երբ նշմարում ենք Տաճկաստանում ամեն մի դավանության պատկանող ազգությունները փոխանակ հիմնվելու ժողովրդական ուժերի վերա, խիստ պինդ բռնած են կղերի փեշերից (քղանցքից): Այդ իրողությունը ունի յուր քաղաքական պատճառները: Բարձ. Դուռը մինչև այսօր եկեղեցականներին է ճանաչում որպես ազգային գլխավորների ներկայացուցիչներ: Եվ ուրիշ կերպ չէր կարող լինել, երբ մահմեդական աշխարհը յուր կրոնական բնավորությամբ ինքը տակավին չէ կարողացել ազատվել յուր շեյխերի և ղադիների ազդեցությունից:

Մի բան, որ կարող էր թուլացնել կղերի միապետական բռնակալությունը, է ժողովրդական ընտրությունը: Այդ ժամանակ գոնյա կդադարեն այն անընդհատ բողոքները պատրիարքներից, գավառական առաջնորդներից և քահանաներից, և նոքա կսովորեն յուրյանց վարել որպես կարգն է:

Հայոց ժողովրդականությունը յուր եկեղեցվո խորին հնությունից ունի այդ արտոնությունը: Բայց, դժբախտաբար նորա արտաքին ձևերը միայն պահպանվում են այժմ

«ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ»

1

Ապրիլի 19-ին սիրողների խումբը առաջին անգամ ներկայացրին ձմեռային թատրոնում պ. Սունդուկյանցի «Քանդված օջախ» անունով նոր կատակերգությունը: Որպես սիրողների վերա, ես ավելորդ եմ համարում խոսել, թե նրանցից ամեն մինը որպես կատարեց յուր դերը, միայն չէ կարելի մի քանի խոսք չասել տաղանդավոր հեղինակի այդ նոր պիեսայի բեմական արհեստի և նորա կրթողական նշանակության մասին:

«Քանդված օջախը» որպես մեր այժմյան հասարակական կյանքի մի պարզ հայելի, ցոլացնում է յուր մեջ մի տխուր երևույթ, որ պատկերացնում է նորա թե՛ տնտեսական, թե՛ բարոյական և թե՛ մտավորական ընդհանուր բանկռոտությունընորա անկումը:

Մի կողմից, առևտրական գործը, — հայի ապրուստի գլխավոր աղբյուրը, կայանալով խաբեբա, փտած և անհաստատ հիմքերի վերա, չէ տալիս բավականացուցիչ արդյունք փոքր ի շատե յուր գործը խղճմտանքով վարող վաճառականին: Մյուս կողմից, ընդհանրացած շռայլությունը, ընտանեկան անկարգ տնտեսությունը, մոլությունները դեպի նորաձևությունք` անխնայաբար խլում են, սպառում են գերդաստանի աշխատավորի դառը քրտինքի արդյունքը, և նա, թեև այդ բոլորը հասկասում է, թեև աշխատում է ընդդիմադրել նորանց, բայց կամա ակամա ենթարկված լինելով ընդհանուր շռայլության հոսանքին, չէ դիմանում և, վերջապես, ընկնում է: Այդ սարսափելի դրամատիկական պատերազմը կյանքի և մահվան մեք տեսնում ենք Օսեփի տիպի մեջ:

2

Օսեփը երևակայական տիպ չէ:

Նորա մեջ կա հասկացողություն և համոզմունք. նորա մեջ կա կամք և հաստատամտություն, մի խոսքով, նա թույլ բնավորություն չէ: Այսուամենայնիվ, նորա ազդեցությունը յուր գերդաստանի վերա ստանում է բոլորովին թույլ կերպարանք, երբ նա, մի կողմից շփոթվելով յուր արտաքին գործերի անհաջող հանգամանքներից, մյուս կողմից, տանջվում է ընտանեկան երկպառակություններով: Վերջին երևույթը ավելի խոշոր կերպարանք է ստանում այն ժամանակ, երբ նորա աղջկան, Նատոյին ուզում են ամուսնացնել: Օսեփի կինը, Սալոմեն, չգիտե և չէ էլ ցանկանում գիտենալ յուր ամուսնի դժբախտ դրությունը: Նա պահանջում է յուր մարդուց մեծ բաժինքով յուր դուստրը չինովնիկի կին շինել: Օսեփը մանրամասնաբար պատմում է Սալոմեին յուր վիճակը, թե նորա պահանջմունքը վեր է յուր կարողությունից, այլև խորհուրդ է տալիս, որ ավելի հարմար է յուրյանց դստեր ապագա բախտավորությանը լինել մի համեստ և աշխատավոր վաճառականի կին, որ բավականանար փոքր բաժինքով, քան թե մեծ բաժինքով գնալ որևիցե գրպանը և գլուխը դատարկ չինովնիկին: Բայց այդ կինը այդ ընտանեկան կռվի մեջ տանում է հաղթությունը: Նատոն նշանվում է Ալեքսանդր Մարմարով չինովնիկի վերա:

Անբնական մի երևույթ է թվում այդ, որ հայ տղամարդը դարերով կնոջ վերա տիրող և նորան ստրկացնող բռնակալը, հանկարծ ենթարկվում է նորա ազդեցությանը: Բայց հեղինակը չէ սխալվել այստեղ, նա որսացել է մեր այժմյան ընտանեկան կյանքից ամենազգալի մի գիծ: Այստեղ երևում է մեր առաչյոք քաղաքակրթված հայ կնոջ տիպը, որ ինչպես ինքը Օսեփը բացատրում է «վուտումեն ինչրու բողազը փռանգստնու է ու գլուխը կի էլի էն է մնացի»: Հայ կինը, արտաքին ձևերով նմանելով Եվրոպայի կնոջ օրինակներին, առանց նոցա կրթությունը և ուսումի յուրյանց սեփականելու, միայն լինում է մոդայի և մոդնի մագազիններին գերի, դառնում է ընտանիքի ծանրությունը, բաժանորդ լինե նորա բախտավոր և անբախտ րոպեներին: Օսեփը թեև ինքը ուսում առած մարդ չէ, բայց նա արտասահմանում տեսել է, թե որպես կանայք օգնում են յուրյանց տղամարդներին և հասարակական գործիչներ են դառնում: Բայց հայ կինը միայն մտածում է բալերի, վեչերների, պիկնիկների և լոտոյի վերա: Այդպիսի կապիկությունները եվրոպական ձևերի միայն վատ կողմերեն սովորելու, առանց նոցա գիտությանը և ուսմանը մասնակից լինելու, տալիս է Սալոմեին մի դարտակ և վայրիվերո բնավորություն: Նա փոխադրում է յուր անձի վերա այն, ինչ որ մի ժամանակ նորա տղամարդն էր, — պարզ ասած լինում է մի նոր բռնակալուհի տան մեջ: Այսպիսի վնասակար և այլանդակ վերանորոգությունը ընտանեկան կյանքի մեջ հիշեցնել է տալիս սրբազան նահապետականությունը, այն անցած, գնացած պարզ և անհոգ օրերը, որոնց երանի տալով միտքն է բերում մամիդա Խախոն, Օսեփի հորաքույրը: Պառավի հիշողության մեջ զարթնում է ոսկի անցյալը, երբ ամեն մարդ սակավով էր բավականանում, երբ ամեն մարդ գոհ էր յուր վիճակեն և ընտանիքը երջանկություն էր վայելում:

3

Նատոյի, Սալոմեի աղջկա կրթությունը, նորա ուսումը` բոլորովին համապատասխանում է այն շրջանին, որո մեջ զարգանում է նա: Այստեղ մեք տեսնում եմք այն տխուր պատկերը, որով ներկայանում է մեզ այժմյան կրթված հայ աղջիկը: Նորա մեջ չէ երևում մի հաստատ բան, ամեն ինչ նորա մեջ թեթև, թերի և անկատար է, որպես այն ուսումը և կրթությունը, որը ստացել է նա: Նա ոչինչ գաղափար չունի յուր գոյության բուն նշանակության մասին, նա անտարբեր է դեպի յուր ազգը և կրոնքը, նա մինչև անգամ ատում է յուր մայրենի լեզուն: Ամուսնական գաղափարը զարթնում է նորա մեջ բոլորովին դարտակ շարժառիթներից, չինովնիկի կին լինելով մտածում է Նատոն, ավելի հեշտ միջոցներ կունենա կրուժոկ, թատրոն և այլ զվարճությանց տեղերը հաճախելու և ամեն օր մի նոր շիք տալու յուր հագուստին ու զարդարանքներին: Այդպիսի դարտակ բնավորությունը, որպես է Նատոն, չունի իր մեջ մի կենդանի կապիտալ, որով գրավեր դեպի ինքը փեսաներին, միակ կապիտալը, որով նա կարող էր յուր համար փեսա ընտրել, լինում է արծաթը և այդ նյութի վերա դրվում է նորա ամուսնական կյանքի հիմքը: Նորա ճակատագիրը կապվում է յուր նման մի երիտասարդի հետ, որպես էր Ալեքսանդր Մարմարովը: Վերջինս չունե յուր աչքի առջև որևիցե անձնական արժանավորությունը Նատոյի, միակ բանը, որ գրավում է նորան դեպի Նատոյի սերը, է այն քանի մի հարյուր թուման փողը, որ պիտի ստանար նա որպես բաժինք: Այդ պատճառավ, Օսեփի անակնկալ դժբախտության հետ, երբ քանդվում է նորա բոլոր նյութական զորությունը, նորա հետ և վերջանում է Մարմարովի սերը դեպի յուր հարսնացուն, երբ նա մտածում է, թե այլևս ոչինչ ստանալու հույս չկա: Փողի հաշիվը, բոլորովին նյութական նպատակը դեպի ամուսնական կապը, մինչ այն աստիճան կուրացրել են թեթևամիտ, բայց միևնույն ժամանակ կրթված երիտասարդին, որ նա արտասուքը աչքերում թողում է և հեռանում է Նատոյից...

Next page