Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

«Աղջկա երեսը պինդ կլինի, — ասում է գյուղացին, — նրան եթե ջրաղացի քարի տակն էլ գցես, էլի ողջ կդուրս գա»: Այս պատճառով նրան համարյա թե թողնում են բախտի կամքին: Աղջկա խնամատարությունը սկսյալ ծնունդից այն չէ, ինչ որ տղաներինը: Նրան շատ անգամ ձգում են տանը բոլորովին մենակ, կապած օրորոցի մեջ. մայրը չէ վեր առնում իր հետ, որ չխանգարեր դաշտային գործերում, ողորմելին ամբողջ օրը ճչում է, աղաղակում է, մինչև ձայնը իսպառ կտրվում է: Խիստ սակավ է պատահում, որ հարևանի կինը նրան օգնության հասներ: Պատահում է ևս, որ փոքրիկ երեխան օրորոց էլ չունի, նրան թողեցին տանը քնած մի շորի կտորի վրա, հանկարծ նա զարթնում է և լաց է լինում. մայրը չկա. նա սկսում է սողալ հատակի վրա, կարծես թե պտրելու մորը, և այսպես հասնում է թոնրի մոտ, մի շարժում բավական է, որ նա ընկնի այդ կրակի խորի մեջ... Ինձ շատ անգամ է պատահել տեսնել գյուղերում կիսով չափ խորոված երեխաներ, կամ չափահասներ, որոնց երեսի և ձեռների վրա դեռ երևում են վերքի նշանները. երբ հարցնում ես պատճառը, պատասխանում են, թե երեխայությանս ժամանակ ընկել եմ թոնիրի մեջ: Ընկնողները մեծ մասամբ ածուխ են դառնում: Բայց աղջկա մահը, ինչ կերպով և հասնելու լիներ, պատճառում է ծնողներին ներքին բավականություն: Ավելորդ բեռը հեռացվում է ընտանիքից:

Երբ երեխան մեկ տարին լրացնում է, մայրը նրան իր հետ է առնում, երբ պետք էր գնալ դուրսը գործելու: Այդ նրան շատ զվարճացնում է: Նստած մի ծառի ներքո, դալար խոտերի վրա, նա հանդարտ և հետաքրքիր աչիկներով նայում է մոր աշխատությանը: Շատ անգամ անձրևը և կարկուտը պատահում են նրան նույն դրության մեջ, և փոքրիկ գեղջկուհին երեխայությունից սկսում է սովորել եղանակների խստություններին: Ամեն անգամ, երբ լաց է լինում նա, մայրը աշխատում է հանգստացնել ապտակներով: Մի անգամ ես առիթ ունեցա հարցնել մորից, որ սաստիկ ծեծում էր երեխային, անդադար կրկնելով` «սո՛ւս», «սո՛ւս», թե ի՞նչու է այնպես վարվում: Նա բավական սառնասրտությամբ պատասխանեց, «ծեծում եմ, որ ձենը կտրի»: Թեև ցավի սաստկությունից նա ավելի լաց էր լինում, ավելի ճիչ էր բարձրացնում, բայց մայրը չէր ուզում հասկանալ, թե ինքն է պատճառը: Բայց աղջիկը շուտով է հաշտվում իր վիճակի հետ. նա մանկությունից հասկանում է. թե ինքն իրավունք չունի պահանջել որ իր հետ մեղմ լինեին, քաղցրությամբ վարվեին, որովհետև նա աղջիկ է:

Երբ փոքրիկ գեղջկուհին սկսում է ոտքի վրա կանգնել, ման գալ, մայրը այլևս չէ նայում նրա վրա. «նա իր գլուխը կպահե», — ասում են և թույլ են տալիս մենակ տնից դուրս գալ և գյուղական երեխաների հետ խաղալ փոշիների և ցեխերի մեջ: Փույթ չէ, եթե ամբողջ օրը նա չէր վերադառնա, նրան մինչև անգամ մոռանում են, և ուրախ են, որ տանը մոր գործերը չէր խանգարում: Իսկ 4-5 տարեկան հասակում նրան արգելում են տղաների հետ խաղալ: Գյուղերում շատ անգամ պատահում են բոլորովին մերկ երեխաներ, որ թափառում են փողոցներում արեգակի այրող ճառագայթների ներքո, կամ թավալվում են ճահիճների ու մորուտների (лужа) մեջ. բայց նրանց թվում հազիվ թե կարելի է մի աղջիկ տեսնել նույն դրության մեջ: Սեռական խտրությունները, սկսյալ մանկությունից, սովորեցնում են փոքրիկ աղջիկներին տղաների մոտ արձակ չլինել: Ո՞վ չէ տեսել Թիֆլիսում, Սաղի վրա, մալականի աղջիկները և կնիկները, տղամարդերի հետ խառն, բազմության աչքի առջև, լողանում են Կուր գետի մեջ: Բայց մեր գյուղերում անկարելի է տեսնել, որ մինչև անգամ 4-5 տարեկան աղջիկներն իրանց հասակակից տղաների հետ լողանային առվակների մեջ: Աղջիկները լողանում են իրանց սեռակիցների հետ և ընտրում են առհասարակ ծածուկ տեղեր, կամ երբ մութը բավական պատել էր երկրի վրա: Տղաները, թեև ավելի սիրվում են ծնողներից, բայց միշտ կտեսնեք նրանց կիսամերկ, կեղտոտ և պատառոտած շորերով: Բայց աղջիկը, չնայելով իր ստոր նշանակությանը, համեմատաբար ավելի մաքուր հագնված է լինում, նրա վրա մերկություն չէ նշմարվում. այս դեպքում ծնողները նրան չեն զրկում:

Աղջիկն արդեն յոթ-ութ տարեկան է. հասել է ժամանակը, որ պետք է մի բան սովորի: Դժբախտաբար մեր գյուղերում դեռ չկան աղջկանց դպրոցներ և եղածներն այնքան փոքրաթիվ են, որ պետք է բացառություն համարել: Նրանց ուղարկում են շատ գյուղերում մի տեսակ կանանց մոտ, որ կոչվում են «ուստա» (վարպետ), որոնք վարժուհու պաշտոն են կատարում: Վարժուհու մոտ օրվա մեծ մասը աշակերտուհիները զբաղված են լինում նրա տնային գործերով. դա մի կողմից վարժեցնում է նրանց տնտեսության մեջ: Երբ գործերը վերջացել էին, վարպետուհին նստեցնում է նրանց իր բոլորտիքը և սովորեցնում է կարել, հյուսել և ուրիշ ձեռագործություններ: Կարդալ նրա մոտ չեն սովորում, որովհետև խիստ հազիվ է պատահում, որ այդ տեսակ վարժուհիները գրագետ լինեին: Վարպետուհին և դաստիարակի պաշտոն է կատարում, ծեծում է և պատժում է իր սանիկներին, երբ նկատում է մի անկարգություն: Ամեն մի այսպիսի վարժուհու մոտ հավաքված են լինում հնգից մինչև տասն կամ ավելի աշակերտուհիներ, որոնց ծնողներից ստանում է նա իբրև վարձ տոն օրերում զանազան ընծաներ: Այստեղ աղջիկը պատրաստում է այն բոլոր հագուստները և ուրիշ ձեռագործները, որ պսակվելու ժամանակ պետք է օժիտը կազմեին: Եվ այս պատճառով վարժուհին ստանում է առանձին պարգև փեսայի կողմից, երբ հարսանիքի ժամանակ նորահարսի ձեռագործները հանդեսի էին տրվում և կնիկներից հավանություն էին գտնում: Վարժուհիները լինում են ըստ մեծի մասին փորձված և հասակ առած կանայք. նրանք շատ անգամ գործելու միջոցին իրանց սանիկների ուշադրությունը զբաղեցնում են հեքիաթներով, առակներով և առածներով. իսկ երբեմն բացատրում են աշակերտուհիներին զբաղեցնող երևույթները, կամ մեկնում են երազներ: Այս շկոլայից նրանց գլուխները լեցվում են անթիվ նախապաշարմունքներով: Աղջիկները երթևեկում են վարժուհու մոտ մինչև իրանց մարդի գնալը: Պատահում է, որ աղջիկներին վարժուհու մոտ չեն ուղարկում. նրանք սովորում են տանը կամ մոր և կամ հարսներից մեկի դաստիարակության ներքո և կամ ոչինչ չեն սովորում:

Չէ կարելի մի քանի խոսք չասել գյուղական օրիորդաց դպրոցների մասին. նրանց երկու տեսակի կարելի է բաժանել. մեկը շատ չէ զանազանվում մեր վերոհիշյալ վարպետուհու դպրոցից, մի կին, որ հազիվ գիտե գրել-կարդալ, հավաքում է իր մոտ աղջիկներ և սկսում է ուսում տալ. նրանք նստած են լինում հատակի վրա, նույնպես շարված վարժուհու բոլորտիքը, կամ խոսում են, կամ կարդում են: Մյուսը, որ կոչում ենք կանոնավոր դպրոց, ուր աշակերտուհիները երկար նստարանների վրա են սովորում, կավիճով են գրում, ուր վարժուհին միայն հսկող է, իսկ դաս են տալիս վարժապետներըայսպիսի դպրոցներ մի քանի գյուղերում միայն կարելի է գտնել: Առհասարակ գյուղացին նայում է դպրոցին որպես մի անբարոյականացնող հիմնարկության վրա: Այս կարծիքին պատճառ է տվել նախ ընտանեական փակ կյանքը, որ չէ ներում հասակ առած աղջկան հրապարակ հանել, երկրորդ, դպրոցում սովորած աղջկա անմիաբանությունն ընտանիքի նահապետական պայմանների հետ, իսկ երրորդ, դպրոցների վատ կազմակերպությունը և մասամբ վարժապետների գայթակղեցուցիչ վարքը: Ոչինչ այնպես չէ կոտրում մի լավ հիմնարկության նշանակությունը ռամկի աչքում, որպես նրա մեջ գործողների չար օրինակը: Գյուղացին իր աղջիկը տալիս է դպրոցը շատ փոքր հասակում, այսինքն այն հասակում, որ նրան կարելի է ամեն մարդու մոտ թողնել: Բայց հենց որ աղջկա կուրծքը բարձրանում է, նա 12-13 տարեկան է դառնում, իսկույն դուրս է բերում, ամենևին չնայելով թե ոչինչ չէ սովորել: Նա սովորում է, իրավ, մասնավոր գրել կարդալ, որը հոր տունը դառնալուց հետո անգործածությունից համարյա մոռանում է: Խիստ սակավ են այն դպրոցները, ուր ուսուցանում են հաշվել, աշխարհագրություն և քրիստոնեական վարդապետություն: Մեր գյուղական դպրոցների անբավականացուցիչ վիճակը գլխավորապես այն բանի մեջ պետք է որոնել, որ թե աշակերտները և թե աշակերտուհիքը երկար չեն մնում դպրոցում: Վերջիններին, այսինքն աշակերտուհիներին շուտ դուրս տանելու պատճառը հայտնի է, բայց տղաներինը բոլորովին այլ է, ծնողքը կամենում են օգուտ քաղել նրանց աշխատությունից իրանց գյուղատնտեսական գործերում, և այս պատճառով տարվա այն եղանակներում, երբ դաշտումը աշխատություն կա, մանուկներին չեն թողնում դպրոցում: Նա սովորում է գլխավորապես ձմեռը, և տարվա մնացած ժամանակում սովորածը մոռանում է:

Աղջիկից շատ գործ չէ պահանջում գյուղացին, միայն մտածում է շուտ մարդու տալ: Եթե դպրոցը նպատակահարմար լիներ, գյուղացին կցանկանար, որ իր զավակն այնտեղ պահվեր մինչև պսակվելը: Նա կթողներ աղջկան դպրոցում, որպես մինչև մարդու գնալը թողնում է վերև հիշած վարպետուհու մոտ, և բնավ կասկած չէր ունենա, թե իր զավակը կփչանա այնտեղ: Բայց ինչ պետք է արած, որ աղջկանց դպրոցները նպատակահարմար լինեին: Իմ կարծիքով կրթության գործի մեջ պետք է ի նկատի ունենալ ժողովրդի սովորությունները, քանի որ ժողովուրդը դեռ անպատշաճ է համարում իր աղջկա վիճակը տղամարդ-վարժապետի ձեռքը հանձնել, քանի որ այս վերջինն այնքան անընդունակ է, որ իր ազնվությամբ չէ կարողանում ռամկի վստահությունը շահել. մնում է մի հնար գյուղացի աղջիկներին դպրոցի հետ կապելու, այն է, որ փոխանակ տղամարդերի, կանայք լինեին նրանց ուսուցիչները: Ես այդ փորձով գիտեմ, որ կանանց մոտ գյուղացի աղջիկներն ավելի լավ են սովորում և ավելի ազատ են զգում իրանց, մինչդեռ տղամարդերի մոտ սեղմված են և անհամարձակ, մանավանդ կոշտ-կոպիտ մեր «խալֆաների» մոտ, որ պատժական քանոնը ձեռքից չեն գցում, չնայելով, որ քնքուշ սեռի հետ գործ ունեն: Ես դեռ մի օրիորդաց դպրոց եմ ճանաչում, ուր նախակրթարանի մեջ միայն աղջիկները տղաների հետ խառն են սովորում, բայց բարձր դասարաններում բաժանվում են: Ցանկալի կլիներ, որ բոլոր գյուղական դպրոցներում աղջիկները և տղաները միասին սովորեին. դա երկու օգուտ կունենար առաջինը, որ ժողովուրդը փոխանակ երկու դպրոցների կպահեր մեկը միայն և ազատ կմնար ավելորդ ծախսերից, իսկ երկրորդը, աղջիկները և տղաները միասին սովորելով, կընտելանային միմյանց, այսպիսով կկազմվեր նրանց մեջ քույր-եղբայրությունը, կլինեին մեկ ընտանիքի-դպրոցի զավակներ, և դա միայն կարող է փշրել մեր մեջ տիրող հին նախապաշարմունքի կապանքը, որ աղջկանից պատրաստում է կանանոցի գերի և խլում է նրանց տղամարդի հասարակությունից: Եվ այս տեսակ խառն երկսեռ դպրոցներն ավելի լավ կլիներ, որ կանանց ձեռքը հանձնվեին: Մեր գյուղերում բարոյականության դեմ ամենևին վտանգ չէ կարելի սպասել դպրոցների հիշյալ կազմակերպությունից, որովհետև թե՛ աշակերտները և թե՛ աշակերտուհիները շատ փոքրիկներ են լինում, բացի դրանից, գյուղական երեխաներն ավելի անմեղ և համեստ են լինում, քան թե քաղաքացիները:

Խոսենք այն ժամանակի մասին, երբ ծնողքը փոքրիկ աղջկան դուրս են տանում դպրոցից, կամ վերև հիշած վարժապետուհու տնից: Դա նրա հասակի փոթորկային ժամանակն է: Աղջիկն այժմ 13-14 տարեկան է: Այդ տարիներում հասունանում է նա և մենակ տնից դուրս չեն թողնում: Նա գնում է այգին, պարտեզը, դաշտը մոր հետ միասին, կամ տան հարսներից մեկի հետ: Միշտ երկու հսկող աչքեր անպակաս են նրա մոտից: Նա գնում է աղբյուրից ջուր բերելու հարևանների աղջիկների հետ. մի քանիսը միայն հավաքվում են և խումբ են կազմում, դրա համար որոշված են վաղ առավոտյան և երեկոյան պահերը, երբ փողոցները դատարկ էին մարդիկներից: Հսկողությունը թեև կատարվում է խստությամբ, բայց աղջիկը չէ նեղանում, և ոչ կարող է երևակայել, թե դա անվայելուչ էր: Նա այնպես համոզված է, թե այլ կերպ լինել անկարելի էր, թե իր հասակում անպատշաճ էր աղջկան մինակ տնից դուրս գալ կամ հեռու տեղ գնալ, և անտրտունջ խոնարհվում է սովորության առջև: Աղջիկը միշտ իրան այն դալար ծառի դրության մեջ է զգում, որ առանց նեցուկի իսկույն ցած կընկնի:

Բայց կան գյուղեր, ուր համեմատաբար արձակ է կյանքը, այսուամենայնիվ չենք տեսնի հասակ առած աղջկան մինակ դաշտումը, բացառությունները շատ աննշան են:

Իսկ ինչ որ վերաբերում է ընտանեական կրթությանը, նա միանգամայն պայմանավորվում է աղջկա ապագայի հետնրանց նախապատրաստում են մի կրավորական էակ, որպիսին պետք էր մի նահապետական գերդաստանի անդամ լինելու համար: Հնազանդությունը, լռությունը, ամոթխածությունը և պարկեշտությունը նրա վարքի անպայման օրենքներն են: Նա տնեցիների հետ շատ սակավ է խոսում, իսկ օտարների հետ ամենևին չէ խոսում: «Այնքան լավ աղջիկ է, որ միսը կտրես, ձայն չի հանի» — դա ամենամեծ գովասանքն է նրա բարքի մասին: Բոլորովին չինեյական տպավորություն է գործում, երբ հանդիպում ես գյուղացի աղջկան մինակ կամ մոր հետ փողոցում գնալիս, նա աչքերը գցած ունի դեպի գետին, մարդի երեսին ուղիղ չէ նայում, այլ մի կողմ է քաշվում, կանգնում է, խորին կերպով գլուխ է տալիս, և սպասում է մինչև տղամարդն անցնի: Փույթ չէ, եթե նա անծանոթ մարդ լիներ: Այսպես վարվում են և ամենափոքրիկները և հասակավոր կնիկները: Մի գյուղում ինձ պատմեցին, թե աղջիկներն ու կնիկներն առաջ ավելի համեստ էին, երբ փողոցում տղամարդիկ հանդիպում էին, բացի գլուխ տալը, մոտենում էին և նրա ձեռքը համբուրում էին: Այդ արդեն չափից դուրս է, որ մեր պարտավորությունը նրանք կատարեին:

Աղջիկից շատ սակավ են պահանջում դրսի գործերը, նա ավելի աշխատում է տնային տնտեսության մեջ, կամ որպես ասում են, պտտվում է «օջախի» չորս կողմը: Այդ բանի մեջ նա հլու սպասուհի է. նրան միայն հրամայում են «այս բե՛ր» և «այն տա՛ր». իսկ միջամտություն գործել կերակուրների պատրաստության մեջ, նա չէ կարող, այդ իրավունքը պատկանում է հասակավոր կնիկներին: Գյուղական խոհանոցի ցուցակը բավական ընդարձակ է, քան թե առհասարակ լինում է գյուղերում. բոլոր ուտիսվա կերակուրներն ունեն իրանց համապատասխանող պասվա կերակուրները: Կանոնավոր տնտեսությունը բավական զարգացած է մեր գյուղերում, և գյուղացին, երբ կարողությունը ներում է, երբեք իր ընտանիքը կամ իր հյուրերին չէ զրկում ճոխ սեղանից, թեև նա միշտ մնում է խնայող: Տնտեսությունից շատ բան է սովորում աղջիկն ընտանիքի մեջ նկատողական կերպով, և երբեմն նրան թույլ են տալիս պրակտիկաներ անել: Եթե նա եղել է դպրոցում, հոր տունը դառնալուց հետո գրքերը ծալում է և մի կողմ է դնում, բայց կարը, ձևը, հյուսելը նա շարունակում է ավելի եռանդով:

Ես դառնում եմ դեպի բարոյականությունը: Երբ աղջկա հասակը տասնից անցնում է, նա սկսում է իր վրա մտածել, երբ տնից դուրս է գալիս` մազերը սանրված են լինում, աչքերը սուրմայած, նա բավական մաքուր հագնված և լվացված է լինում: Բայց անձնատուր լինել կրքերի, նա երբեք չէ կարող: Կյանքը սաստիկ անազատ է: Աղջիկը կամ միշտ տանն է լինում, կամ եթե թույլ են տալիս դուրս գալ, նա առանց հսկողության չէ: Այսպիսի պայմաններում, հասկանալի է, որ նա միջոց չի ունենա տղաների հետ արձակ հարաբերություններ ունենալ: Ուրիշ ազգերի գյուղերում այսպես չէ. օրինակ, ռուսների մեջ հասակ առած աղջիկները կատարում են շատ դաշտային գործեր. նրանք գնում են խոտհունձ, գնում են արտը խուրձեր հավաքելու, անտառում մինակ սունկ են հավաքում, արածացնում են կովեր և հորթեր, և արձակ դաշտերի կամ անտառների թաքստյան խուլ տեղերում միշտ հանդիպում են տղաների:

Մեր գյուղերում այսպես չէ: Ընտանեական խիստ պայմաններն աղջկան երկաթի վանդակի մեջ են պահում: Նա սիրո վրա մտածելու ոչ ժամանակ ունի և ոչ կարող է: Թեև հասակը և բնազդումը շատ բան ուսուցել են նրան, բայց նա խեղդում է իր կրքերը սրտի մեջ: Լինում են խիստ հազիվ դեպքեր, որ աղջիկը զոհ է դառնում կրքերի, և եթե նա մայր էր, իր նախատինքը թաքցնում է ինքնասպանությամբ: Իրան թունավորելը կամ խեղդամահ լինելը հասակ առած աղջիկների մեջ պատահում է երբեմն:

Կյանքի պայմանները չեն մոտեցնում տղաներին և աղջիկներին մեկ-մեկու հետ: Մեր գյուղերում չէ կարելի տեսնել, որ հասակ առած աղջիկներ խառն տղաների հետ խաղային փողոցներում կամ հրապարակների վրա, և կամ նստած միասին, գյուղական սովորության համեմատ, խոսակցեին տան դռների առջև: Աղջիկները միշտ խաղում են իրանց սեռակիցների հետ, այն ևս ծածուկ տեղերում, հեռու տղամարդի աչքից: Եկեղեցին, որ պիտի միացներ նրանց, ենթարկվում է ընտանիքի սովորության պայմաններին, տղամարդերի և կանանց տեղերը որոշված են: Թողյալ այդ, եկեղեցին հաճախում են պառավները միայն, իսկ աղջիկները և մանկահասակ կիները գյուղերում եկեղեցին գնում են տարվա մեջ մի քանի անգամ միայն, այսինքն` զատկին, երբ պետք էր հաղորդվել: Ուրիշ հասարակական հանդեսներ չկան: Երկու դեպքում միայն աղջիկները և տղաները կարող են տեսնել միմյանց, մեկը հարսանիքներում, մյուսը, եկեղեցիների տոնախմբության, կամ ուխտագնացությունների ժամանակ: Երկուսն էլ շատ նման են միմյանց` թե հարսանիքը և թե եկեղեցու տոնախմբությունը: Ածում են, երգում են, պար են գալիսկյանքը փոքր-ինչ արձակ շրջանակի մեջ է մտնում: Բայց այդ դեպքերում ևս աղջիկը դարձյալ ազատ չէ. նա կարող է պար բռնել, երգել միայն իր ազգականների կամ մերձավոր բարեկամների հետ: Աղջիկն այն ազատությունն է վայելում միայն, որ դեռ կին չդարձած, նրա երեսը չէ ծածկվում քողով, նրա աչքերը բաց են, կարող է նայել մեկի վրա, և կարող են ուրիշները տեսնել նրա դեմքը: Այդ հնար է տալիս տղային գողանալ նրա դեմքից մի ծածուկ հայացք, մի ժպիտ... և իսկույն կազմվում է լուռ սիրահարությունը, թեև խիստ սակավ է պատահում, որ նրանք այնուհետև բախտ ունենային մյուս անգամ հանդիպել միմյանց, կամ պսակվել:

Վեպերում կարելի է տեսնել մեր գյուղական աղջիկների սիրահարությունները, բայց կյանքի մեջ դա սակավ է պատահում: Եվ եթե լինում են դեպքեր, գործը վերջանում է առևանգությունով, այսինքն տղայի` աղջկան հոր տնից գողանալով, և առանց ծնողների կամքի, պսակվելով: Այսպիսի հանգամանքներում ժողովրդական րոմանտիզմը խիստ խստությամբ է վերաբերվում դեպի սերը. — սիրահարների վարքը կծու պարսավներով երգվում է ժողովրդի բերանում:

Գյուղերում ամուսնությունները կատարվում են հաշիվներով: Պսակվողների բախտը կարգադրում են ծնողները, որպես ցանկանում են: Աղջկա և տղայի զգացմունքը տեղիք չունի գործի մեջ: Պսակները լինում են միշտ հավասարը հավասարի հետ (կարողության կողմից) և ավելի աղջկա ծնողքը աշխատում են, որ իրանց զավակը մեծ տան հարս լինի: Այսուամենայնիվ, այդ ցանկությունը մնում է լուռ, ամոթ կհամարվեր, եթե աղջկա ընտանիքի կողմից առաջարկություն լիներ: Բանակցությունն սկսվում է փեսայի հոր կողմից զանազան պատգամավորների միջոցով, և աղջկա հայրը մինչև համաձայնելը իրանից բավական խնդրել է տալիս: Ամուսնությունները կատարվում են առհասարակ մինչև 15 տարեկան հասակը: Գյուղերում հազիվ կարելի է տեսնել 18-20 տարեկան աղջիկներ, և եթե կային այսպիսիներ, անպատճառ նրանք խուլ ու մունջեր են, կամ խելագարներ: Առհասարակ գյուղացին աղջկան երկար չէ պահում, աշխատում է շուտ ազատվել նրանից, որ իրան շատ զբաղեցնում է: «Աղջիկը այն տեսակ պտուղ է, որ հասնելու ժամանակ փչանում է», — ասում է գյուղական առածը:

Որովհետև ամուսնությունները միշտ հաշիվներով են լինում, այս պատճառով շատ անգամ պատահում են խիստ տարապայման պսակներ: Օրինակ, աղջկա հայրը մի «լավ» փեսա չկորցնելու համար իր 5-6 տարեկան երեխան տալիս է մի չափահաս մարդու, կամ ընդհակառակն, իր 15 տարեկան աղջիկը ամուսնացնում է մի 4 տարեկան տղայի հետ: Եվ մեր գյուղական քահանաները միշտ պատրաստ են մի քանի աբասով այսպիսի պսակներ անել: Երբեմն նշանում են աղջկան, երբ նա դեռ օրորոցումն էր, դա կոչվում է, թուրքերեն բառով «բեշիկքասմա»` այսինքն օրորոցում կտրած կամ վերջացրած: Դուք չեք զարմանա, եթե ասեմ, որ երբեմն աղջկան նշանում են, երբ նա մոր արգանդից դեռ լույս աշխարհ չէր մտել: Փեսայի հայրը ուխտ է դնում աղջկա հոր հետ, ասելով «եթե քո կինը աղջիկ ծնե, նա պետք է իմ որդու հարսը լինի»: Շատ անգամ երկու ընտանիքների մեջ հին տոհմային թշնամությունները վերջանում են միմյանց աղջիկ տալով կամ առնելով84: Երբ աղջիկն այսպիսի նյութական հաշիվների առարկա է դառնում, շատ հասկանալի է, թե նա որպիսի բախտի կհանդիպի, կամ ինչ կլինի նրա դրությունը ամուսնությունից հետո: Ես ինքս վկա եմ եղել մի եղեռնագործության, որ կատարվեցավ մի գյուղում. մի հասակ առած աղջիկ տվել էին մի փոքրիկ տղայի, որ մի հարուստ տան միակ ժառանգն էր: Աղջիկը մի գիշեր անկողնի մեջ խեղդում է նրան: Բժիշկները քննելով աղջկան, գտան նրա մեջ խելագարության նշաններ, որ առաջ էին եկել սեռական բորբոքումից ուղեղի վրա:

Աղջիկներն առհասարակ վաղ են մարդու գնում և այդ գլխավորապես պահպանում է նրանց բարքի ապականությունից: Օժիտի սովորությունը դեռ մտած չլինելով մեր գյուղերում, բավական հեշտացնում է ծնողներին կատարել իրանց ցանկությունր, աղջիկներին շուտով ամուսնացնելու: Շատ տեղերում դեռ մնացել է այն հին սովորությունը, որ աղջկա հայրը փոխանակ ինքը տալու, ստանում է փեսայի հորից փող կամ ուրիշ մթերք: Դրա մեջ շատերը տեսնում են մի բարբարոսական առևտուր, իբր թե հայրը վաճառում է իր զավակը: Բայց այդպես չէ: Փեսայի հորից ստացածը ծախսում է աղջկա հայրը, գնում է զանազան հագուստներ և կարասիք, որը իր հետն է տանում նորահարսը դարձյալ փեսայի տունը: Աղջկա հայրը ոչինչ չէ շահում, գուցե մի բան էլ ավելի իր քսակից է դնում: Առհասարակ ամուսնությունը, որպես մի նշանավոր պայման ընկերական կյանքի, արտահայտվում է մեր ռամկի մեջ այնպիսի ձևերով, որ ցույց են տալիս նրա խորին հասարակական նշանակությունը: Ժողովուրդը համարում է նրան ընդհանուրի գործ, և այդ դեպքում երևան է գալիս մինը մյուսին օգնելու փոխադարձ համերաշխությունը: Ես կպարզեմ այդ ավելի որոշ կերպով: Գյուղական հարսանիքները կատարվում են ձմեռը, երբ գինին հասունանում է, երբ գյուղացիք անգործ են և կարող են ազատ կերպով զվարճանալ: Հարսանիքները հին սովորության համեմատ տևում են յոթն օր յոթը գիշեր. այժմ թեև թեթևացել են, բայց դարձյալ ծանր են, առավելապես աղքատների համար: Մի քանի օր գյուղի ամբողջ հասարակությունն ուտում, խմում և քեֆ է անում հարսանիքի տանը: Հարսանիքի հանդիսակատարությունը կապված է բազմաթիվ ծեսերի և արարողությունների հետ: Ամոթ է համարվում, եթե մեկը հետ կմնար հասարակաց սովորությունից: Եվ սովորության հետևելը կարող էր պատճառել կատարյալ չքավորություն, եթե հասարակությունը չօգներ: Եվ ահա ի՛նչ է լինում. աղջկա հայրը, որպես հիշեցի, այնքան ստանում է փեսայի հորից, որ համարյա ծածկում է իր ծախսերը, իսկ փեսայի հայրը ստանում է նվերներ ըստ մեծի մասին փողով իր դրացիներից, որ ընծայվում են հարսի անունով: Դրանով նա ազատվում է հարսանիքի ծախսերից և այսպիսով մի զույգ պսակվում են հասարակության փողով, թեև փողը ստացվում է կողմնակի կերպով:

Կին լինելուց հետո աղջիկն իր ազատությունը բոլորովին կորցնում է: Հոր տանը թեև նույնպես ճնշված էր, բայց դարձյալ ուրախ էր, որովհետև յուրայինների մոտ էր գտնվում: Այժմ ընկել է նա մի անծանոթ շրջանի մեջ, ուր ամեն ինչ նրան օտար է: Նույնիսկ փեսային նա նոր է տեսնում և տեսնում է միայն գիշերով: Հոր տան ճնշումներն այստեղ ավելի բարդվում և բաղադրյալ են դառնում: Այնտեղ նա իրավունք չուներ միայն օտարների հետ խոսելու, իսկ այստեղ չէ կարող ոչ ոքի հետ խոսել: Իր փեսայի հետ նա խոսում է գաղտնի, երբ մի երրորդ անձն ներկա չէր, իսկ ընտանիքի մյուս անդամների հետ (բացի երեխաներից) խոսում է պոնտոմիմայով: Հոր տանը նրա երեսը բաց էր, կարող էր ազատ նայել դեպի աստուծո աշխարհը, իսկ այստեղ նրա դեմքը ծածկված է թանձր կարմիր քողով, ոչ ոքի ցույց տալ չէ կարող, մինչև անգամ իր փեսային, եթե նրա մոտ մի օտար մարդ կար: Կնոջ համար ասել` «երեսը բացված կին է», գյուղացու լեզվում միևնույն նշանակությունն ունի, որպես ասել` լիրբ է, անզգամ է: Կնոջ այս «չխոսկանությունը»85, այդ փորձությունը հին սովորությունների համեմատ շարունակվում էր յոթը տարի, երբ այդ շրջանն անցնում էր, հասակավոր կնիկները հավաքվում էին և հանդիսավոր կերպով նրա «քողը փոխում էին», այսինքն կարմիր քողի փոխարեն ձգում էին նրա երեսի վրա սպիտակը, և այն օրից նա արտոնություն էր ստանում երեսը կիսով չափով բաց անել, և ընտանիքի մի քանի անդամների հետ խոսել, բայց ոչ սկեսուրի և սկեսրարի հետ: Այժմ հիշյալ պաշտոնական ձևերը շատ տեղերում չեն կատարվում, այլ երբ կինը մի քանի զավակների մայր է դառնում, երբ նա իր մանկությունը անց է կացնում, այն ժամանակ կարմիր քողի փոխարեն սպիտակն է կրում, բերանը փոքր առ փոքր բաց է լինում, և կարողանում է իր դեմքը, եթե ոչ օտարներին, գոնյա իր մերձավոր բարեկամներին ցույց տալ: Կարճ ասած, կինը այն ժամանակ միայն հասարակության անդամ է դառնում (իր նեղ մտքով), երբ պառավում է:

Խոսելով հարսանիքի միայն տնտեսական կողմերի վրա, ես մոռացա մի բան: Առհասարակ գյուղական հարսանիքն այնքան հետաքրքիր խորհուրդներ ունի, որ պետք է նրա մասին մի փոքր մանրամասն խոսել, բայց դա իմ հետազոտության նպատակից դուրս լինելով, ես չեմ կարող լռել այն բանի մասին, որ վերաբերում է կին լինող աղջկա բարոյականությանը:

Ես կրկին վերադառնում եմ այն ժամանակին, երբ աղջիկը կին է դառնում: Հարսի մորը փոխարինում է սկեսուրը: Անձինքը փոխվում են, բայց դերերը մնում են միևնույնը: Սկեսուրը մայր է դառնում, այն զանազանությամբ միայն, որ նրա մեջ մայրական գութը բոլորովին բացակա է գտնվում: Դա ավելի խիստ է, ավելի պահանջող է և ավելի դիտող է: Ամբողջ օրը նա մրթմրթում է, նրան գոհացնել անփորձ հարսը երբեք չէ կարող: Պառավները դյուրագրգիռ են լինում, և նա միշտ բարկանում է: Ոսկրների հետ նրա մեջ քարացել է և սիրտը: Առավոտից մինչև կեսգիշեր հարսը պտտվում է սկեսրոջ շուրջը, նրա զանազան հրամանները կատարելով: Նա չէ կարող մի նշան անգամ ցույց տալ հոգնելու կամ դժգոհության: Ամբողջ օրը նա անց է կացնում ոտքի վրա, իսկ գիշերն իր անկողինն է մտնում, երբ ընտանիքի բոլոր անդամները քնած էին. նա պետք է ամենի տեղերը պատրաստե, ամենին հանգստացնե: Վաղ առավոտյան նա ոտքի վրա է, երբ բոլորը դեռ քնած էին: Սկեսուրը զարթնելով, անպատշաճ է, որ նրան անկողնի մեջ տեսնե: Նա այն աստիճան համբերող է լինում, որ շատ անգամ բավական ծանր հիվանդություններ տանում է ոտքի վրա, առանց պառկելու: Նա ոչ ոքին չէ հայտնում իր տկարության մասին, գուցե գիտե ամուսին այրը, բայց նա նույնպես լռում է: Հիվանդության պատճառով չգործելը` գյուղացի կնոջ մասին համարվում է ծուլության նշան: Ամուսին այրը չէ կարող պաշտպան հանդիսանալ կնոջ տանջանքները թեթևացնելու համար: Եվ մի՞թե նա կարող է հասկանալ, թե նրա կրածները տանջանք է. — այդ զգացմունքը չէ տված գյուղացի մարդուն. նա վարվում է կնոջ հետ նույն անգթությամբ, որպես իր վարող եզան կամ գոմեշի հետ:

Ամուսնության առաջին տարիներում հարսի գործունեությունն ավելի սահմանափակվում է տնային տնտեսության նեղ շրջանում, նրան խիստ սակավ են դուրս թողնում: Եթե նա այգին, պարտեզը կամ դաշտն է գնում, պառավ սկեսուրը կամ մեծ հարսներից մեկն իր հետն են լինում: Այսպիսի հանգամանքներում հասկանալի է մանկահասակ հարսի բարոյականությունը: Այս ասելով ես նպատակ չունեմ պաշտպանել այն միտքը, թե հարեմական դրությունը կարող էր բարոյականություն պահպանել: Բայց միևնույն ժամանակ պետք է նկատել, որ սիրահարությունների համար բավական ժամանակ և ազատություն հարկավոր է, որոնցից զուրկ է գյուղացի կինը: Հոգնած և միշտ աշխատող մարմինը հեշտասիրություն չէ զգում86: Գյուղերում կինն այնքան սեղմված է, որ ոչինչ ծածուկ չէ մնում: Կնոջ մի համարձակ նայվածքը, մի բառը օտար տղամարդի հետ, իսկույն բամբասանքի առարկա է դառնում: Ամուսնական անհավատարմությունը խիստ հազվագյուտ է գյուղերում, և եթե լինում են օրինակներ, պատժվում են մահով. խանդոտ տղամարդը ծածուկ կամ հայտնի սպանում է նրան, և հասարակաց կարծիքն արդարացնում է այդ եղեռնագործությունը: Իսկ եթե ամուսինը համբերում է կնոջ անառակությունը, նրա ընտանիքը դուրս է ձգվում գյուղական հասարակությունից: Դրանք զետեղվում են քաղաքներում: Պետք է հիշել և այն, որ գյուղացի կինը սիրել չգիտե. նա միշտ երկու ծայրերի վրա է կանգնում, կամ լինում է հասարակաց կին, կամ իր ամուսնի կինըսիրականներ պահելու նա ոչ շնորհք և ոչ հարմարություն ունի: Նրա հարաբերություններն իր տղամարդի հետ նույնպես չէ կարելի ասել, թե սիրային բնավորություն ունեն. — որպես նրա ձեռքերը կոշտացել են աշխատության մեջ, այնպես էլ սիրտը կորցրել է իր զգայականությունը: Դուք չեք տեսնի գյուղացի կնկան, որ նա մինչև անգամ իր շատ մերձավոր բարեկամուհիների մոտ խոսեր ամուսնի վրա: Երբ նրա մասին խոսք է բացվում, կինը համարձակություն չունի նրա անունն անգամ բացարձակ կերպով արտասանելու, այլ միշտ գործ է ածում «նա» դերանունը, կամ այսպիսի խոսք «Ստեփանի հայրը», դրանով հասկանում են, որ իր մարդուն է ակնարկում, որովհետև Ստեփանը նրա որդին է:

Բայց պետք է նկատել և այն, որ բարքերի մաքրությունն առավելապես պահպանվում է այն գյուղերում, որոնք հեռու են քաղաքներից և որոնք մեծ ճանապարհների վրա դրված չեն: Օտար ազգերը մտցրին մեր գյուղերում և օտար մոլություններ, որոնք առաջ ծանոթ չէին: Այն օրից, որ գյուղերում հայտնվեցան գինեվաճառի դուքանները, անբարոյականության ժանտախտը տարածվել սկսեց, թեև ոչ ոք չէ տեսել, որ գյուղացի կինը մտներ դուքանը խմելու համար, կամ արբած ընկած լիներ փողոցում: Բայց դուքանները քաշում են դեպի գյուղերը այնպիսի օտար և խորթ հասարակություն, որոնցից մեր կանայք լավ բան սովորել չէին կարող... Եվ այդ անբարոյականացնող հիմնարկությունները լինում են միայն մեծ ճանապարհների վրա եղած գյուղերում:

Ես եղել եմ Պարսկաստանում և Տաճկաստանում, այնտեղի գյուղացի հայ կանայք համեմատաբար ավելի բարոյական են, քան թե այստեղինները: Ի՞նչով մեկնել այս երևույթը: Իմ կարծիքով ուրիշ պատճառ չկա, քան թե այն, որ այնտեղ հայը կարողանում է պահպանել ընտանեկան մաքրությունն իր վաղեմի սրբության մեջ, թեև լինում են մահմեդականների կողմից առևանգություններ, բռնաբարություններ, բայց այդ դեպքերն ավելի առիթ են տալիս պահպանելու կնոջ անմատչելիությունը: Բռնությունն առաջ է բերում ինքնապահպանություն, իսկ վտանգավոր է այն ազատությունը, որ իր հետ բերում է բարքերի ապականություն: Այստեղ այդ կրիզիսի մեջն է գտնվում հասարակությունը:

Next page