Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Ես այժմ դառնում եմ դեպի կնոջ աշխատությունը, թե ինչով է օգնում նա տղամարդին գյուղատնտեսական գործերում: Նորահարսի աշխատություններն ավելի թեթև են լինում, համեմատելով հասակ առած կնիկների աշխատության հետ: Պառավ սկեսուրները նրանց շատ չեն նեղացնում դրսի գործերով և ավելի բանեցնում են տնային տնտեսության մեջ: Այդ առաջ է գալիս մասամբ այն սովորությունից, որ մանկահասակ հարսին իսկույն դուրս թողնելը կարող էր վնասակար ազդեցություն ունենալ նրա վարքի վրա: Այսուամենայնիվ, կանանց աշխատություններն ամեն տեղ միևնույնը չեն, նրանք փոխվում են, նայելով տեղային պահանջներին: Այն գյուղերում, ուր բամբակի մշակություն կա, օրինակ, Երևանի նահանգում, կնիկները բոլորովին խեղդված են աշխատություններով, բամբակի մշակության մեծ մասը նրանց վրա է, «քաղհան» են անում, հավաքում են հասունացած կոզակները, մաքրում են բամբակը կեղևից և կորիզներից, նրանից թել են մանում և այլն: Այն գյուղերում, ուր այգեգործությունը զարգացած է, կնիկները դարձյալ շատ գործ ունեն. պտուղներ հավաքելը, չորացնելը, խաղողի քաղելը, բոլորը նրանց գործն է: Ագարակային բերքերի, պարտեզների, բանջարանոցների մշակությունը նույնպես կնոջ գործ է: Կինը չէ մասնակցում միայն մանգաղի, բահի և արորի գործածության մեջ: Տեղերի հարմարության համեմատ կնոջ աշխատությունն ավելի բարդվում է և բազմատեսակ է դառնում: Մեր գյուղացին ծույլ չէ և ոչ տգետ, նա չէ բավականանում գյուղատնտեսության մի ճյուղովն միայն, երբ հող ունի և տեղային պայմանները ներում են, նա ընդարձակում է իր տնտեսությունը, միևնույն ժամանակ նա երկրագործ է, ցանում է ցորյան, գարի, կտավհատ, քունջութ, կանեփ, գերչակ և այլն, և միևնույն ժամանակ այգեգործ է, գինեգործ է, անասնապահ է, — այդ բոլորը ավելացնում են կնոջ աշխատությունը: Գյուղերում, ուր վարում են կիսախաշնարածական և կիսաերկրագործական կյանք, կնոջ աշխատությունն ավելի բարդվում է. անասունների դարմանելը համարյա նրա վրա է մնում: Նրանք կթում են կաթը, յուղ և պանիր են պատրաստում. նրանք խուզում են ոչխարները, բուրդից թել մանում, և իրանց ամուսինների համար հագուստ պատրաստում: Մի քանի տեղերում կինն արհեստագործում է գեղեցիկ գորգեր, կապերտներ և շալեր, որ վաճառականության նյութ է դառնում: Մեծ տարբերություն կա լեռնային և տափարակային տեղերի մեջ կնոջ թե կյանքի ձևերի և թե պարապմունքի վերաբերությամբ: Լեռնային սարավանդների վրա կյանքը դեռ չէ փոխվել իր նախնական ձևերից. մարդը դեռ ավելի հովիվ է, քան հողագործ: Իսկ կինն ավելի մոտ է բնությանը: Այստեղ նա ապրում է կատարյալ նահապետական պարզության մեջ: Բայց դաշտային տեղերում, տափարակների վրա, կուլտուրայի ազդեցության ներքո, կնոջ աշխատությունը և կենցաղավարության եղանակը փոխվում են և ավելի բազմատեսակ են դառնում:

Առհասարակ խոսելով, գեղջկուհին շատ է գործում, բայց նա աշխատում է ոչ իբրև ստրկուհի, որին մտրակով վարում են դաշտը, այլ որպես ընտանիքի անդամ, որի հոգսերը նա բաժանում է: Նա գիտակցաբար է գործում, և այդ է, որ չէ հոգնեցնում նրան: Նա գիտե, որ ապրուստն աշխատություն է պահանջում, և չէ ցանկանում բոլորը ձգել տղամարդի վրա: Տնտեսության մեջ կնոջ և տղամարդի աշխատություններն այն աստիճան որոշված են, որ ամեն մինը ճանաչում է իր պարտավորությունը, և երբեք միմյանց չեն խանգարում, և ոչ հարստահարում: Կանայք ընտանեկան խիստ պայմանների մեջ մշակել են որոշ օրենքներ և կանոններ, որ պահպանվում են սրբությամբ: Եվ եթե մենք ունենք այսօր գյուղացիներ, որ 50 և 100 հազարների տեր են, այդ պետք է որոնել նրանց տոկուն և անընդհատ աշխատության մեջ: Մեր գյուղացին ամբողջ տարին գործում է, մինչև անգամ տիրոջ հանգստյան օրերը նա չէ պահում: Ձմեռը միայն կարողանում է նրան քշել տան ծածկի տակ, բայց այստեղ ևս անգործ չէ մնում: Այսպիսի շարժուն գործունեությունը նրան ետ է պահում շատ մոլություններից և անձնատուր չէ լինում արաղի և արբեցության: Խնայողությունը, ապագայի հոգսը, որպես ամեն հայ մարդու, նույնպես և գյուղացու տնտեսության հատկանիշն է: Բայց զարմանալի տարբերություն է տեսնվում Վրաստանի հայ գյուղացիների և նրանց մեջ, որ մի ժամանակ պարսից տիրապետության ներքո են եղել. առաջինների մեջ նշմարվում է վրացու ծուլությունը և անհոգությունը, թեև համեմատաբար դարձյալ բարձր են վրացուց:

Ճորտությունը խլում է գյուղացուց աշխատության եռանդը, նրա ինքնագործունեությունը, և միևնույն ժամանակ փչացնում ընտանիքի բարոյականությունը: Ճորտությունը պատրաստում է գյուղացուց անասուն իր կատարյալ նշանակությամբ: Այդ նշանները դեռ մնում են թե վրացի և թե ռուս գյուղացու վրա: Բայց հայը ոչ մի ազգի տիրապետության ժամանակ ճորտ չէ եղել, և այդ է պատճառը, որ նա համեմատաբար ավելի շատ է զարգացել ինքնագործունեության մեջ: Մեր գյուղացի կինը գիտե արհեստագործել մինչև անգամ տնտեսական այն անհրաժեշտ պիտույքները, որ ուրիշ երկրներում ստացվում են գործարաններից, օրինակ, պանիր մակարդել, սապոն պատրաստել, մոմ թափել, միս ապխտել, մեղուներ խնամել և այլն: Նա ծանոթ է մի քանի ներկերի հետ, որ ստանում են հանքերից, արմատներից և բույսերից: Նա ծանոթ է մի քանի բժշկական դեղերի և հնարների հետ, և հարկավորված ժամանակ ինքն է հոգ տանում զավակների հիվանդությանը: Բայց պետք չէ մոռանալ և այն, որ զանազան խուլ տեղերում, այսինքն ճանապարհների հաղորդակցությունից դուրս, տակավին հանդիպում են գյուղեր, որոնց մեջ կյանքը դեռ գտնվում է եթե չասենք իր նախնական վիճակի մեջ, բայց կրում է խորին նահապետական կերպարանք: Մարդիկ բնակվում են Քսենոփոնի նկարագրած գետնափորերի մեջ: Բայց դրանք այլևս գազաններ չեն. ուտում են հաց և մարմինները ծածկված են ըստ մեծի մասին իրանց ձեռքով արհեստագործած հագուստներով. շատերը նրանցից սեփականության տերեր են:

Այժմ ես դառնում եմ դեպի գեղջկուհու մտավոր զարգացումը: Ընթերցողը թող հիշե այս հետազոտության սկզբում դրած փոքրիկ նկարագիրը, որ պատկերացնում էր գյուղական ընտանիքի կազմակերպությունը: Կինը հպատակում է տղամարդին անպայման հնազանդությամբ, իսկ ընտանիքի բոլոր անդամները խոնարհվում են գերդաստանի երեցների առջև: Կնոջ դերը բոլորովին կրավորական է, իսկ տղամարդինըներգործական: Այդ դեպքում հասկանալի է, որ կինը չէր կարող ազդող լինել և փափկացնել տղամարդի բարքի կոշտությունը: Տղամարդը միշտ իրան բարձր է դնում կնկանից, և միշտ այն համոզմունքն ունի, թե «կնկա ծամը երկայն է, բայց խելքըկարճ»: Տղամարդը կատարյալ տեր է, իսկ կինը հպատակ: Այսուամենայնիվ, նա չէ ծեծում կնկան. — ծեծը և կռիվն առաջ են գալիս ավելի այն ժամանակ, երբ կինը իրան հավասար աստիճանի մեջ է դնում տղամարդի հետ: Ընտանիքի կազմակերպությունը, որ ենթարկում է կնոջն անպայման հնազանդության, որ խլում է նրանից ամեն ազատություն, որ ստիպեցնում է կուրորեն հետևել բոլոր ընդունված ծեսերին և սովորություններինմի այսպիսի խիստ միապետական կազմակերպությունը անկարելի է որ չհասցներ կնոջը միակողմանիության, անշարժության և վերջապեսբթամտության: Ավելացնենք աշխատությունը, անդադար և միակերպ աշխատությունը, որ շինում է կնկանից մի մեքենա, մի ողորմելի կրավորական էակ, — այն ժամանակ կպարզվի նրա մտավոր վիճակը: Ամեն մի կին իր մոր շարունակությունն է. նա անփոփոխ ավանդում է իր հաջորդին այն, ինչ որ ստացել էր մորից: Կնոջ խելքը և միտքը այսպիսի պայմաններում զարգանալ կարող չէ: Անընդհատ և դժնդակ աշխատությունը, բացի խելքից, չէր կարող չազդել գյուղացի կնոջ և մարմնական կազմվածքի վրա: Նա խիստ շուտով է կորցնում իր թարմությունը. դեռ երեսուն չհասած, նա արդեն պառավել է: Եվ ի՞նչն է ստիպում նրան պահպանել իր կանացիությունը. ամուսին այրը գործ է պահանջում և ոչ գեղեցկություն: Խիստ սակավ կարելի է տեսնել, որ մինչև անգամ բավական կարողություն ունեցող տան կինը լավ հագնված լիներ: Առհասարակ այն կինը, որ իրան մաքուր է պահում և լվացվում է, համարվում է կասկածավոր: Մինչև այսօր գյուղերում կոշիկներն ընդունված են որպես զարդ և ոչ ոտնամաններ: Մոտեցեք գյուղացի կնոջը, իսկույն ձեր քթին կխփե մի վատ հոտ: Ի՞նչից է այդ: Ամեն օր թոնիրը վառում են կերակուրի և հաց թխելու համար, ամեն օր ամբողջ տունը լցվում է աթարի կծու ծխով և մխով: Խեղճ կինն այդ ծուխի մեջ ապուխտ է դառնում: Հայ կնոջ աչքերը, որ բնությունից այնքան գեղեցիկ են, բոլորովին փչանում են ծխի և փոշու մեջ և դուք շատ սակավ կտեսնեք առողջ աչքեր: Ծանր աշխատության և ընտանիքի ճնշման ներքո, կինը բոլորովին կորցնում է իր ուրախությունը. նրա երեսին երբեք ծիծաղ չեք տեսնի. նա միշտ տխուր է: Նրա մեջ չկա բնավորության և այն զվարթությունը, որ հատուկ է մինչև անգամ վայրենիներին: Ով գործ է ունեցել գյուղացի կնոջ հետ, գիտե, որ նրա մեջ սիրտը մեռած է...

Քաղաքներին մերձավոր գյուղերը, հարաբերություն ունենալով քաղաքացիների և համեմատաբար ավելի զարգացած հասարակության հետ, ցույց են տալիս մի քանի փոփոխության նշաններ: Քաղաքի մոլությունները ներս են սողում գյուղական համեստ խրճիթներում նորաձևությունների հետ: Թեյի գործածության հետ մտնում է և յուբկաների գործածությունը: Կնիկների երեսները կամաց-կամաց բացվում են, նրանց բերանի փականքը բացվում է: Հասկանալի է վտանգը, երբ կյանքի այլափոխությունը սկսվում է հագուստից և կերակուրներից: Այս տեսակ կանայք, որոնց կարելի է կոչել գյուղական մոդնի խանումներ, մի ծիծաղելի խառնուրդ են ներկայացնում. նրանք «ոչ հայի խունկ են, ոչ թուրքի ուզարլիկ»87: Խոսացրու նրան, կտեսնես, որ նա ոչնչով չէ տարբերվում մյուս գռեհիկներից, բացի մի քանի լրբություններից, որ չես տեսնի իր նախնական ձևի մեջ մնացած կնոջ մոտ:

Այս բոլորից հետո կա մի բան, որ մեծ ապագա է խոստանում: Գյուղացու ընտանեական կյանքն իր հաստատուն հիմունքներով և իր բարոյական զորությամբ մի շատ արգավանդ հող է կրթության գործի համար: Նրա մեջ կան անմշակ, բայց հարուստ ընդունակություններ: Ես ոչ մի ուրիշ պատճառ չեմ ճանաչում, որ պահպանեց հային իր աննախանձելի պատմության երեսից, — բայց միայն ընտանիքի բարոյական զորությունն իր որոշ առանձնություններով: Դարերի ստրկությունը և ճնշումը չէ քարացրել նրան այն աստիճան, որ անընդունակ լիներ մի նոր փոփոխության. այլ ընդհակառակն, կյանքի կռվի մրցությունը շինել է նրանից բավական գործնական մարդ: Նա չափազանց էլաստիկային և դյուրաթեք բնավորություն ունի: Այս պատճառով մենք չենք կարող ասել, թե ունենք գյուղական հասարակություն, այդ բառի ճիշտ նշանակությամբ: Մեր գյուղացին գիտե հանգամանքներից օգուտ քաղել, նա կյանքի պայմանների հետ այնպես շուտ հաշտվում է, և հարմարությանը նայելով, այնքան ճարպիկ կերպով փոխում է իր պարապմունքների ձևը, որ այսօր նա հողագործ է, մյուս օրը վաճառական է դառնում, հետո արհեստավոր և այլն: Եվ ամեն գործի մեջ նրան հետևում է կինը: Դուք կտեսնեք մեր գյուղացիներից ոչ միայն հարուստ վաճառականներ և արհեստավորներ, այլ ծառայողներ, աստիճանավորներ, բժիշկներ, վարդապետներ և պրոֆեսորներ: Մինչ հզոր պետությունները դժվարանում են պարտադիր ուսումը մտցնել իրանց գյուղացիների մեջ, մերոնք արդեն դպրոցներ ունեն, կամ մտածում են ունենալ: Մի առաջնորդող, մի օրինակ բավական է, որ նա հասկանա կրթության օգուտը: Բայց բոլորի վրա գործնական և շահի կետից է նայում: Օրինակ, տեսնում է, որ դրացու որդին մի վաճառականի մոտ ծառա մտնելով, վերջը գործակատար դարձավ և հարստացավ, — ինքն էլ է աշխատում որդուն վաճառականի հանձնել: Կամ մեկի որդին գավառական դպրոցում սովորելով, վերջը ծառայող դարձավ, ինքն էլ է նրա օրինակին հետևում: Մեր գյուղացի կինը կամ աղջիկը, ամենևին չեք տեսնի, որ քաղաք գնալով, աղախին դառնային. որբ և բոլորովին անտեր աղջիկները բացառություն են. — գնում են քաղաք տղաները միայն, այն ևս ոչ թե տներում սպասավորություն անելու համար, այլ վաճառականի կամ արհեստավորի մոտ մտնելու համար: Մեր գյուղացին բազմատեսակ ընդունակություններ ունի այդ նրա գլխավոր հատկանիշն է: Դրանից են առաջ գալիս այն երևույթները, որ տնտեսությունը և կյանքի եղանակները չափազանց տարբերվում են միմյանցից: Դա լավ նշան է: Տեսնում ես գյուղեր, ուր ամբողջ բնակիչները պարապում են վաճառականությունով, թեև այդ գյուղը ոչ կենտրոն է և ոչ վաճառականության հարմարություն ունի: Բայց ի՞նչպես եղավ: Գյուղացիներից մեկը վաճառականության մեջ բախտ գտավ, և բոլորը հետևեցին նրա օրինակին: Նրանք տարածվում են Ռուսաստանի և Եվրոպայի զանազան քաղաքներ, խոսում են զանազան լեզուներով, և երբեմն միայն վերադառնում են ցիլինդրներով և ոսկյա շղթաներով իրանց կարոտ մնացած ընտանիքը տեսնելու համար: Շատ անգամ 5-6-10 տարի է տևում նրանց պանդխտությունը և ողորմելի կինը համբերում է առանց տղամարդի, միշտ անարատ պահելով իր ամուսնական հավատարմությունը: Եվ նկատել եմ, կանայքը, որ դատապարտված են այդ վիճակին, ըստ մեծի մասին մեռնում են բարակացավով: Զոկերը կարող են այս դասակարգի օրինակ լինել: Կան գյուղեր, ուր բնակիչների մեծ մասը հյուսն, ոսկերիչ, որմնադիր և ուրիշ արհեստավորներ են, որոնց պարապմունքն իրանց տեղում գործադրություն չգտնելով, թափառում են քաղաքից քաղաք: Մինչև անգամ ամենաանբարոյական օրինակները մի ամբողջ գյուղի հասարակության մի կեղտոտ գործով են զբաղեցնում. «խաչագողները» հայտնի են արդեն... Այդ բոլորը կյանքի նշաններ են, բայց վատն այն է, որ գյուղացին, հենց որ փոքր ի շատե փող է ձեռք գցում, տեղափոխվում է դեպի քաղաքը: Գյուղական ասպարեզը նեղ է գտնում իր ընդարձակ գործունեության համար: Այն ժամանակ միայն գյուղացին իր կանոնավոր և նորմալ դրության մեջ կմտներ, երբ ճանապարհների հաղորդակցությունը կհեշտանա. գյուղատնտեսությունը նոր ձև կստանա, փոխելով իր նահապետական կերպարանքը:

Պետք չէ մոռանալ և դպրոցի անբարոյականացնող ազդեցությունը: Երևակայեցեք աղջկա դրությունը, որ նա մանկությունից փակված է եղել տան պատերի մեջ, որ նա երբեք տնից դուրս չէ եկել առանց մոր, որ նա մարդերից այնպես է վախում, որպես գայլերիցհանկարծ նրան մենակ դուրս են թողնում, որպես թռչունը վանդակից: Նրա ծնողները ծառա կամ աղախին չունեն, նա մենակ պետք է գնա դպրոցը, որ շատ անգամ հեռու է գտնվում: Արտաքին աշխարհըփողոցըայն աստիճան ավերված և անկարգ է, որ չէր կարող վնասակար ազդեցություն չանել նրա վրա, գավառական քաղաքներն ըստ մեծի մասին խառն լինելով մահմեդականների հետ, աղջիկը մինչև դպրոց հասնելը լսում է հազարավոր վատ խոսքեր թուրքի տղաներից (հայ տղերքն էլ նրանցից պակաս չեն): Սկզբում նա երկչոտ է լինում, ուշադրություն չէ դարձնում, անց է կենում: Հետո փոքր առ փոքր սիրտ է առնում, սկսում է պատասխանել... Այս հանգամանքներն ի նկատի ունելով, ես հասնում եմ այն ցավալի համոզմունքին, թե աղջիկը, որ դպրոցի երես չէ տեսնում, ավելի բախտավոր է, թեև նա մնում է տգետ, բայց պահում է իր բարոյականությունն անարատ: Այլևս չեմ ասում, թե թերի և աննպատակ ուսումը միշտ վնասակար է լինում: Բարեբախտաբար մեր գավառական քաղաքներում դեռ չկան կարելու արհեստանոցներ. Թիֆլիսում այժմ սովորության մեջ մտած կարուհիների մագազիններն ավելի մեծ թվով փչացնում են աղջիկներին...

Երբ աղջիկը դառնում է 14-15 տարեկան, ծնողները մտածում են նրան մարդու տալ: Օժիտի սովորությունը սկսված լինելով գավառական քաղաքներում, որքան ընդհանրանում է նա, այնքան ավելի ծանրանում է աղջկա վիճակը աղքատ ընտանիքի վրա: Աշխատում են շուտ ազատվել այդ բեռնից: Այս պատճառով, աղջկա մահը շատ անգամ հանդիպում է ծնողների ներքին հոժարությանը, որ թեթևացնում է նրանց մի մեծ հոգսից: Գյուղացիները բախտավոր են այդ մասին. այնտեղ փեսայի հորից փող են ստանում: Վատն այն է, որ աղջկան թույլ չեն տալիս ինքն իր ապագան տնօրինելու. նա գուցե կգտներ մեկին, կընկներ նրա գիրկը, և առանց ծնողներին ծախսեր պատճառելու, կպսակվեր նրա հետ: Այս պայմանում ևս հոր և մոր կամքը գերակշռություն ունի. նրանք պետք է տնօրինեն աղջկա բախտը, նրանք պետք է գտնեն իրանց հավանած և սրտի ուզած մի փեսա: Բայց աղջկան «իրանց սրտի ուզած» մարդուն տալու համար փող պետք է. առհասարակ արհեստավորները փող չեն ունենում: Նրանք կամ պետք է պարտք անեն օժիտ պատրաստելու համար, կամ պետք է աղջկան գցեն առաջին հանդիպող անպիտանի ձեռքը, եթե նա սակավ փող էր պահանջում: Ըստ մեծի մասին պատահում է վերջինը: Սերն ամենևին դեր չէ խաղում արհեստավորների ամուսնության մեջ. և ո՞րտեղ կարելի էր սիրել, երբ աղջիկները տղաների հետ բնավ չեն տեսնվում: Չարսավների սովորությունը դեռ ոչ բոլորովին վերացել է գավառական քաղաքներից. աղջիկը տնից դուրս է գալիս ոտքից ցգլուխ ծածկված սպիտակ սփածանելիների մեջ: Արհեստավորի աղջիկը տալիս են արհեստավորի տղային. շատ անգամ նա պսակվում է իր հոր աշկերտի հետ, եթե այդ վերջինը դուր էր եկել իր վարպետին, կամ խոստանում էր լավ ապագա: Խիստ սակավ է պատահում, որ նա պսակվեր մանր վաճառականի հետ: Աղջիկը տեսնում է իր փեսային այն օրը, երբ նրան տարել էին եկեղեցի պսակելու, այնտեղ միայն քահանան ձևի համար հարցնում է նրա հոժարությունը, արդյոք սիրո՞ւմ էր իր փեսային, արդյոք համաձա՞յն էր կին լինելու... Աղջիկը ոչինչ չէ պատասխանում, միայն հավանական շարժում է անում գլխով: Բայց եթե նա չգիտեր այդ, կամ առաջուց չէին սովորեցրել, մի կին ետևից նրա գլուխը ձեռքով դեպի ցած է խոնարհեցնում, որ նշանակում է «այո՛»... «համաձայն եմ»:

Կին լինելուց հետո նրա վիճակն ավելի վատթարանում է. նա միանգամայն կորցնում է և այն փոքրիկ ազատությունը, որ վայելում էր առաջ: Գավառական քաղաքներում, ավելի ժողովրդի ստոր և միջին դասերի մեջ, կնոջ պահպանությունը դեռ կրում է իր վրա շատ հարեմական առանձնություններ. նրա վրա ավելի խիստ են հսկում, քան թե գյուղերում, ուր տնտեսական աշխատությունները շատ անգամ նրան տունից դուրս են կոչում արտը, այգին, կամ դաշտում բանելու, որտեղ նա գոնյա արձակ աշխարհ է տեսնում: Բայց այստեղ կնոջ աշխարհը փակված է տան պատերի մեջ, և ոչ ոքի հետ հարաբերություն չունի: Նա ապրում է բանտի մեջ, կամ ավելի փափուկ լեզվով խոսելով, որպես մի ծաղիկ թառամում է ապակյա գրվանի ներքո, առանց լույսի և առանց օդի: Եվ իրավ, դուք չեք տեսնի մի կին արհեստավորների մեջ, որ երեսին գույն ունենար, նա միշտ դեղնած է լինում, շրթունքները ցամաքած, որպես տենդոտ, և աչքերը մարած: Հասարակաց զբոսանքի և զվարճության տեղերը, եթե կային այսպիսիները գավառական քաղաքներում, դեռ մատչելի չեն ժողովրդի աղքատ դասին. արհեստավորն իր կնոջը բաց չէ թողնում հաճախել այնպիսի տեղեր, որոնք իր կարծիքով անառակների համար են: Կինը մաշվում է տան մեջ. նրա մեծ զվարճությունն այն է, որ երբեմն նստում է լուսամուտի առջև և նայում է փողոցի անցուդարձին. բայց փողոցի վրա բաց արած լուսամուտներ բոլոր տները չունեն: Նա տեսնվում է խիստ հազիվ անգամ մերձավոր ազգականների հետ. կյանքը շատ առանձնացած է, որովհետև բարեկամների հետ հարաբերություն պահպանելը պահանջում է ծախսեր, պետք է մի բանով գոհացնել հյուրերին:

Ընտանիքի կազմակերպությունը և նրա սովորությունները համարյա նույնն են, որպես գյուղերում, միայն այստեղ ավելի որոշ ձև են ստացել: Նույնպես գերդաստանի հայրը բարձր հեղինակություն ունի, նույնպես կինը ստորադրվում է իր տղամարդին ամենայն հնազանդությամբ, նույնպես օտար տղամարդի հետ չէ խոսում նա և ոչ երևում է մի ուրիշ մարդու աչքին: Իր ամուսնի հետ տեսնվում է նա միայն գիշերով, երբ վերադառնում է նա խանութից բոլորովին հոգնած և շուտով պառկում է հանգստանալու: Մի բան կարող էր նրան մոլորեցնել ուղիղ ճանապարհից, այն է, տարածվող շռայլությունը, որ սկսել է մուտք գործել և արհեստավորի համեստ խրճիթում: Բայց շահվել ուրիշից իր պաճուճանքի և զարդարանքի համար նա չէ կարող, որովհետև մի ավելորդ բան նրա վրա, որ ամուսնի գնածը չէր, իսկույն կարող էր նկատելի լինել մարդու աչքին: Գավառական քաղաքներում յուրաքանչյուր ընտանիքի առանձին տուն ունենալը, և մի ամբողջ տան մեջ միմիայն մեկ ընտանիքի բնակվելը բավական պահպանում է կնոջ բարոյականությունը: Առհասարակ նկատված է, կինը ավելի շուտ է փչանում այն ժամանակ, երբ բազմաթիվ ընտանիքներ ածած են միմյանց վրա միևնույն տան մեջ, և շատ սեղմված կերպով բնակվում են զանազան կացարաններում: Մեր գավառներում անկարելի է տեսնել, որ երկու ընտանիք միևնույն տան մեջ բնակվեին. ընտանեկան պայմանները չեն ներում մի այսպիսի խառնակություն: Դա ունեցավ իր օգուտն այն կողմից, որ ամեն մարդ, որքան էլ աղքատ լիներ նա, աշխատեց առանձին տուն ունենալ: Այդ մասին պետք է շնորհակալ լինել պարսիկներից, թե չէ շուտով կկազմվեր մեր մեջ անտուն, անտեղ պրոլետարիատ:

Եթե արհեստավորների կնիկների մեջ կարելի էր գտնել մեկին, որ մեղանչեր ամուսնական հավատարմության դեմ, կարող եմ հաստատ ասել, որ հանցավորը տղամարդ ամուսինն է: Նա կամ արբեցող է, կամ չափազանց ծույլ և անպիտան. օրվա վաստակը գիշերը վատնում է գինեվաճառի մոտ, թողնում է կնոջը տանը քաղցած, և ամենևին չէ մտածում կիսամերկ երեխաների վրա: Նա շաբաթներով տան երես չէ տեսնում. ո՞րտեղ է անցկացնում, հայտնի չէ, և երբեմն հարբած տուն է դառնում, կարծես նրա համար միայն, որ կնոջը մի լավ ծեծե: Երբեմն զավակները վկա են լինում սարսափելի տեսարանների իրանց ծնողների մեջ, և այստեղից դրվում է նրանց փչանալու սկիզբը: Բայց չկա մի ավելի երջանիկ, մի ավելի խաղաղ շրջան, որպես աշխատասեր և արդար արհեստավորի ընտանիքը. - ժրաջան կինը տան և երեխաների հոգսն է քաշում, պահում է նրանց մաքուր և առողջ, մարդը գործում է արհեստանոցում, նրանք ապրում են գոհ և անվրդով կյանքով. խնայողությունը իրանց տնտեսության գլխավոր օրենքն է, մտածում են զավակների վրա և ետ են գցում փոքրիկ գումար սև օրվա ապրուստի համար:

Բայց լինում են ցավալի դեպքեր: Կինը, բացի տնային տնտեսությունից, որ արհեստավորի ընտանիքում այնքան ծանր չէ, ուրիշ ոչինչով չէ օգնում տղամարդին, այսինքն, նա չէ սովորել որևիցե բան, որ կարողանար ինքն ևս ազատ կերպով փող վաստակել: Ընդունված սովորությունները և հասարակական կյանքի պայմանները թույլ չեն տվել նրան ընտանեկան օջախից դուրս մի ուրիշ գործով զբաղվելու: Ընտանիքի գլխավոր աշխատողը, նրա ապրուստը հայթայթողը մնում է տղամարդը: Քանի որ նա կենդանի է, կինը բախտավոր է, նա աշխատում է, և ընտանիքը պահում է: Իսկ երբ տղամարդը մեռավ, առանց թողնելու որևիցե կարողություն, այն ժամանակ կինը իր ապրուստը շարունակելու համար ունի մի ճանապարհ միայն, կամաց-կամաց դիմել դեպի մահ: Ըստ մեծի մասին այդ պատահում է... Աղքատությունը սարսափելի զոհեր է տանում:

Արհեստավորի կնոջ վիճակը բարձրացնելու համար և նրա ապրուստն ապահովելու համար այնքան պետք չէ ուսումը, որը ոչինչով նրան հաց տալ չէ կարող, որքան պետք է սովորեցնել մի արհեստ, որ նրանով ապրել կարողանար: Այդ միայն կարող է բարձրացնել կնոջ վիճակը և նրան հավասար աստիճանի վրա դնել տղամարդի հետ: Երբ կինը ազատ պարապմունք ունի, երբ նա էլ իր կողմից օգնում է ընտանիքին, այսպիսով նա կախում չի ունենա տղամարդից, և կգցե իր վզից նրա բռնության կոպիտ լուծը: Տղամարդն էլ իր կողմից կունենա դեպի նա, բացի սերից, մի առանձին պատիվ, երբ կգտնի նրա մեջ մի լավ աշխատակից: Այսպիսի կինը միշտ ազատ կմնա այն ախտից, որի մեջ գցում է նրան աղքատությունն ամուսնի մահից հետո. նա կարող կլինի արդար և ազնիվ կերպով հայթայթել իր հացը: Բացի դրանից, երբ կինը մի բան գիտե, երբ նա ունի իր մեջ կենդանի կապիտալ, այն ժամանակ նա կարոտություն չի ունենա մեռած կապիտալովօժիտով իր համար փեսա գնել. ամեն մարդ կցանկանա իր վիճակը մի այնպիսի ընկերուհու հետ կապել: Բայց արհեստավորի կնոջն իր այժմյան վշտալի դրությունից ազատելու համար, նախ և առաջ պետք է փոխել հասարակական հիմար նախապաշարմունքները, և պետք է նրան դուրս քաշել ընտանիքի փակված շրջանից:

Բ.

Մինչև այստեղ ինչ որ խոսվեցավ արհեստավորների մասին, վերաբերում էր գավառներին միայն, բայց չէ կարելի մի քանի խոսք չասել և Թիֆլիսի արհեստավորների կանանց մասին, ուր կյանքը և նրա պահանջները բոլորովին տարբերվում են, ուր կինն այն չէ, ինչ որ է գավառներում:

Թիֆլիսը, որպես Կովկասի քաղաքակրթության կենտրոն, միևնույն ժամանակ է և մոլության կենտրոն, այստեղ դարբնվում են ամեն տեսակ ախտեր և տարածվում են դեպի գավառները: Այդ փոքրիկ քաղաքը ներկայացնում է մի ամբողջ Բաբելոն, ուր Եվրոպան, Ասիան և Կովկասն իր վայրենիներովբոլորը զետեղված միասին, ներկայացնում են մի զարմանալի խառնափնթորություն: Տիպերի բազմատեսակությունն առաջ է բերում բնավորությունների և սովորությունների անթիվ տարբերություններ, որոնց հետազոտելը չափազանց դժվարին է: Ընտանիքի նահապետական կազմակերպությունը քայքայված է: Ոչինչ ավելի վնասակար չէ կարող լինել, քան թե այն, երբ հանկարծ քանդվում են դարերով հաստատված և կյանքի մեջ մտած սովորությունները, և առանց փոխարինվելու նոր և ավելի բարոյական հիմունքներով, նրանց տեղը դրվում է կատարյալ համարձակություն: — Այդ կրիզիսի մեջն է գտնվում Թիֆլիսի հայ կնոջ վիճակը: Ընտանիքի փակված շրջանից հանկարծ նրան բաց են թողնում դեպի լայն աշխարհ, առանց նախապես աշխարհի հետ վարվելու պետքերը նրան սովորեցնելու: Խիստ հեշտ է լինում որսալ այն թռչուններին, որ երկար ժամանակ վանդակի մեջ էին պահվել...

Այդ կարճ, բայց ընդհանուր նկատողությունից հետո ես անցնում եմ դեպի արհեստավորի կինը:

Արհեստավորի կյանքի մեջ նկատվում է երկու տեսակ մրցություն. մեկը, նրա ասիական արհեստի մրցությունը եվրոպականի հետ, մյուսը, նահապետական կյանքի մեջ սնված նրա կնոջ մրցությունը նոր սովորությունների հետ: Երկուսն էլ, որպես փտած հնոտիք, ընկնելու և անհետանալու վրա են. նորը տիրապետում է:

Արհեստավորներին, մանրավաճառներին, առևտրական գործակատարներին, մանր աստիճանավորներին, և զանազան ատենական տեղերի ստոր ծառայողներին կարելի է զետեղել մի դասակարգության ներքո և կոչել միջին դաս88: Կնոջ դրությունն ամենի մոտ, աննշան տարբերություններով, միևնույն է: Բայց ես գլխավորապես ի նկատի ունեմ արհեստավորներին և մանրավաճառներին: Բարքերի մաքրությունը վերաբերական է. կան մաքուրներ և կան անմաքուրներ. պետք է խոստովանել, որ վերջինների թիվը առավելություն է կազմում. և վատն այն է, որ հետզհետե աճելու վրա է: Արհեստավորները և մանրավաճառները Թիֆլիսում, իրանց գավառացի համարվեստների նման սեփական տներ չունեն. այստեղ ըստ մեծի մասին բնակվում են վարձով. ամենաբախտավորը երկու սենյակ ունի: Ամուսին այրը գործում է առանձին, բազարումը, իր խանութի մեջ: Կինը մենակ մնում է տանը: Աղջիկը ծնվում է նեղ սենյակում, որ զրկված է թե օդից և թե լույսից: Ծնողները միշտ վրդովմունքով են հանդիպում նրա աշխարհ գալուն, որ բերում է իր հետ հոգսերի մի ահագին ծանրություն: Փոքրիկ գերդաստանը, որ հազիվհազ քարշ է տալիս իր տնտեսությունը, պետք է սնուցանե նրան, հսկե նրա վրա, մի բան սովորեցնե, և վերջապես մարդու տա: Դա ամենից դժվարն է: Եթե մայրը բավական առողջ է, ինքն է ծիծ տալիս փոքրիկին, իսկ եթե կաթ չունի, կերակրում են այծի կաթով: Միջոցները չեն ներում ծծմայր վարձել: Նեղ և խեղդված սենյակում, ուր ամեն ինչ խառնված է մինը մյուսի հետ, մանուկը մեծանում է ամեն կեղտոտության մեջ: Գյուղերում երեխան ավելի բախտավոր է, չի նեղվում, այլ արձակ օդի մեջ բավական լայն ասպարեզ ունի: Այստեղ բնակարանը, որ ընդամենը երկու քայլ լայնություն ունի, դառնում է կատարյալ լվացքի փոս. պետք է լողացնել մանուկին, ամեն օր տասն անգամ փոխել նրա շորերը: Երբ աղջիկը դառնում է երկու-երեք տարեկան, իսկույն դուրս է փախչում իր բանտից. փողոցն ավելի է հրապուրում նրան, այնտեղ կարող է ազատ շունչ քաշել: Մայրն ուրախ է լինում նրա բացակայությամբ, որ տան կարգը չէ խանգարում, չէ կոտրում: Իսկ դրսում ի՞նչ է անումգլուխը քարին:

Երբ աղջիկը դառնում է վեց, յոթը տարեկան, մայրը թույլ է տալիս վազել իրանց փողոցի փուրունջու մոտ, երբ պետք էր հաց գնել, կամ միս տալ խորովելու. նրան ուղարկում են և մերձավոր մանրավաճառի մոտ, երբ պետք էր շաքար գնել: Երբեմն նրան թույլ են տալիս նստել փողոցի բաց դռան շեմքի վրա և նայել անցուդարձին, այդ ավելի զվարճացնում է. տանը չափազանց նեղ է և տխուր: Եվ այսպես, նրա առաջին դաստիարակությունը սկսվում է փողոցից:

Եթե տունը մոտ էր եկեղեցուն, և այնտեղ գտնվում էր ծխական դպրոց, մայրը ուղարկում է աղջկան կարդալու, երբ ժամանակը հասնում է: Բարձր դպրոցներում տալու միջոցներ չկան: Առանց աղախնի և առանց ծառայի նա կարողանում է ամեն օր հաճախել դպրոց, որովհետև բավական վարժված է փողոցին: Դպրոցում սովորեցնում են նրան ամեն բանից շատ փոքր, որ ասել է, ոչինչ չեն սովորացնում: Այդ ոչինչ. մայրն ունի իր առանձին փառասիրությունը. նա ուսման վրա շատ էլ ուշադրություն չէ դարձնում. բավական է միայն, որ իր աղջկան տեսնում է դպրոցական համազգեստի մեջ, կրում է գրքերով լի պայուսակ, խառնում է իր մայրենի լեզվի հետ օտարազգի բառեր, և ավարտելուց հետո, որպես ուսյալ և լուսավորված, իրավունք կունենա փոխանակ «թավսակրավիի» իր գլխին ծածկել «շլյապա»:

Ես վեր առեցի խիստ մասնավոր օրինակ, արհեստավորների կամ մանրավաճառների աղջիկների մեծ մասը դպրոցի երես չեն տեսնում, այլ մեծանում են առանց մի բան սովորելու: Նրանց կարելի է ճանաչել գլխի ծածկոցներից, թե որն է կրում շլյապա և որը թավսակրավի: Թե այսպես և թե այնպես, տարբերությունը միայն հագուստի մեջն է, բայց կրթությունով մինը մյուսից չէ որոշվում:

Ահա աղջիկը տասնվեց և տասնյոթն տարեկան է: Այդ շատ վտանգավոր մի հասակ է: Նրա վրա հսկում է և մտածում է մայրը միայն. հայրը ուշադրություն չէ դարձնում, և կարելի է ասել, որ թշնամաբար է նայում նրա վրա, որպես մի գող, որ վաղ թե ուշ պետք է նրա տունը կողոպտեր: Աղջիկը դեռ բավական ամոթխած է և երկչոտ. պետք է «բացել» նրան, աշխարհ մտցնել: Մայրը առաջնորդում է: Սկզբում նրան թույլ են տալիս կտուրի վրա, իր հասակակիցների հետ, ածել, «լեզզեվար» պար գալ և «տաշի» խփել: Հետո մայրը տանում է իր հետ ուր և գնում է, երբեմն բարեկամների մոտ, երբեմն բազարը, երբ պետք է մի նոր հագուստ գնել: Լինում են և որոշված այցելություններ. օրինակ, շաբաթ երեկոները գնալ Բեթղեհեմ համբուրելու, այս և այն եկեղեցու տոնախմբությանը (օբա) ներկա գտնվել և այլն: Դրանք մի տեսակ աշխարհահանդեսներ են, ուր աղջիկները դրվում են ցույցի համար: Երբեմն դուրս են բերում նրան հասարակաց զբոսարանի այգին, բայց թատրոն չեն տանում: Շատ ծիծաղելի մի հակապատկեր է ներկայանում, երբ տեսնում ես մորը, շատ անգամ փաթաթված սպիտակ «ղադիփի» մեջ, ման է ածում վերջին մոդայի ձևով հագնված աղջկան: Ցամաք փայտը նեցուկ են տվել դալար տունկին, որ չծռվի:

Следующая страница