Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Տան մեջ աղջիկը բավական համեստ է և գործունյա. նա հագնվում է հասարակ կերպով, գլխին ծածկում է մի թաշկինակ, կամ բոլորովին բաց է թողնում, աշխատում է խոհանոցում և չէ արհամարհում մինչև անգամ լվացք անել: Այսպես նա բավական սովորում է տնտեսություն: Մյուս ժամանակներում, կամ կարում է և կամ հյուսում է: Մոր դաստիարակությունը գլխավորապես կայանում է այն բանի մեջ, որ անընդհատ հսկում է նրա վրա: Բայց նա այնքան անփորձ չէ, որքան կարծվում է: Դպրոցում նա բավական բան է լսել և սովորել. հարևանի աղջիկներն ամեն գաղտնիք բացատրել են նրան: Նա միայն ձևանում է, թե ոչինչ չգիտե, և պահում է իրան, որովհետև համոզված է, թե «կոտրած ամանը գին չի ունենա», և պահպանում է իր անարատությունը, մինչև ամուսնությունը կշնորհեր նրան ազատություն: Շատ անգամ իրանք, մայրերը փչացնում են աղջկան, երբ նրա ներկայությամբ, ուրիշ կնիկների հետ բաց են անում ամենակեղտոտ բամբասանքներ այս և այն աղջկա վարքի մասին: Ամեն ինչ ներշնչում է նորհաս աղջկա մեջ պսակվելու սաստիկ ցանկություն, բայց նա ակամա թաքցնում է, սպասելով իր դառն ճակատագրին:

Մեծ դժվարություններ կան արհեստավորի և առհասարակ ժողովրդի միջին դասի համար լավ կերպով տնօրինելու աղջկա ապագան: Ծնողների դժգոհությունը չափը անցնում է: Հայրը հանդիմանում է աղջկան, թե իր համար պետք է կատարյալ չքավորություն պատճառե, իսկ մայրը պաշտպանում է աղջկան: Ամեն անգամ, ամեն մի նոր հագուստի գնելը մեծ աղմուկ է բարձրացնում ծնողների մեջ: Աղջիկը հասկանում է իր վիճակի անտանելիությունը և երբեմն մահը օգնության է կանչում: Մայրը, որպես կին, ավելի լավ է հասկանում կնոջ պահանջը. որոնում է արժանավոր փեսա, ցանկանում է, որ նա հարուստ լիներ, կամ գոնյա ապահովված դրություն ունենար: Հայրը ցանկանում է գցել առաջին հանդիպողի ձեռքը, միայն թե ինքն ազատվի: Ամենից ավելի շտապում են եղբայրները, եթե կային հասած եղբայրներ, որովհետև մտածում են, թե «քույրը նրանց բախտի վրա էր նստել, մինչև նրան գլխից ռադ չանեին, իրանք չէին կարող պսակվել»: Բայց մայրն ավելի փորձված է. նա աշխատում է ընտրությունների մեջ չսխալվել: Երբեմն գործի մեջ խառնվում է և սերը: Բայց նա ոչինչ հետևանք ունենալ չէ կարող, եթե մայրն ավելի գործնական կետից չէ արտահայտում դստեր հոգեկան զգացմունքը: Երբեմն գործը վերջանում է, բոլորովին հույս դնելով հաջողության վրա: Հայտնվում է մի անծանոթ, որի ով և ինչ տեղից լինելը հայտնի չէ, և խնդրում է աղջկա ձեռքը: Ծնողները օգուտ քաղելով այն հանգամանքից, որ դա փող չէ պահանջում, կամ պահանջում է շատ չնչին բան, իսկույն որսում են փեսային: Այսպիսի ընտրությունները երբեմն վերջանում են սկանդալով, երբ իմացվում է, թե նորափեսան մի քանի տեղերում պսակված է եղել

Թե այսպես և թե այնպես աղջիկը մարդու է գնում, ընտանիքի վրայից ծանր բեռը բարձվում է: Սակավ անգամ նա տանում է իր հետ հինգ հարյուր կամ հազար ռուբլի. երբեմն միայն հագուստներ և մի քանի կարասիք: Այդ չնչին գներով նա գնում է իր համար և չնչին փեսա: Հարսանիքի հանդեսից անմիջապես հետո փեսան շարունակում է իր գործը, դիմում է խանութը կամ արհեստանոցը: Եվ սկսվում է վշտալի կյանքը:

Մանկահասակ կինը երբեմն լինում է լավ տանտիկին, նայելով թե որպիսի մարդի էր հանդիպել նա: Սկզբում մայրը հաճախ այցելում է անփորձ աղջկա մոտ, խրատում է նրան իր նոր տնտեսության այս և այն կարգադրությունների մեջ: Հետո փոքր առ փոքր մոռանում է նրան և բոլորովին ձգում են իր կամքին: Այժմ մանկահասակ կինը թեև աղքատ է, բայց դարձյալ գոհ է, որովհետև ինքնագլուխ է: Սկեսուրը, եթե կենդանի է նա, չէ փոխարինում իր մորը, չէ նեղացնում նրան, երբեմն ինքն է ծեծում պառավին: Նրա տնտեսությունը լինում է իր մոր տնտեսության կրկնությունը. միևնույն փոքրիկ և նեղ սենյակը, միևնույն անհարմարությունները տիրում են և այստեղ: Ամուսին այրը բազարի մարդ է, առավոտյան մութին գնում է խանութը և գիշերվա մութին վերադառնում է տուն: Նա ճաշում է խանութում, առանց կնոջ վրա մտածելու, թե ինչ պիտի ուտե: Կյուրակե օրերը միայն խոհանոցի օջախներում կրակ է ձգվում. ամբողջ շաբաթ կինը անց է կացնում ցամաք հացով: Ոչինչ այնքան սարսափելի չէ լինում որպես թաքնված աղքատությունը, որը դրսից հրապուրիչ երևույթ ունի, բայց ներսից մաշում է ընտանիքի կյանքը:

Օրերն անցնում են օրերի հետևից, միատեսակ և անգործ կյանքը սկսում է ծանրանալ մանկահասակ կնոջ սրտի վրա: Տանը նա ոչինչ պարապմունք չունի, ոչինչ չէ զբաղեցնում նրան: Անգործության մեջ զարթնում են բոլոր ախտերը: Պետք է մի բանով զբաղվել և վերջապես զվարճանալ: Իր հոր տան մեջ մի կողմից երջանիկ էր. մայրը ման էր ածում նրան, ցույց էր տալիս աշխարհին: Մայրը նրա համար մի լավ ընկեր և բարեկամ էր: Այդ կարեկցությունները նա չէ գտնում իր տղամարդի մեջ: Սառնությունը առաջ է գալիս ինքն իրան: Միջին դասի մարդիկը սովորություն չունեն զբաղեցնել իրանց կնիկներին. դուք չեք տեսնի նրանց միասին փողոցում, կամ որևիցե զբոսանքի տեղում: Մանկահասակ սիրտն սնունդ է պահանջում: Սկզբում նա տանից դուրս է գալիս իր հարևան կնիկներից մեկի հետ. հետոմենակ: Այդ առաջին քայլն է, որ տանում է նրան դեպի մոլորություն: Ամուսին այրը տան մարդ չէ, նա չի էլ կարող գիտենալ, թե կինը ինչպես է անցկացնում իր օրը: Նա ամբողջապես խրված է իր բազարային գործերի մեջ, կնոջ վրա չէ մտածում: Կինը դառնում է խորամանկ և խիստ վարպետությամբ տանում է իր գործը: Նա գիտե մարդու որոշված ժամերը, երբ բազարից տուն է դառնում. և սկսում է կեղծավորել նրա առջև, խաբել նրան: Իհարկե, կինը չէր ընկնի այդ փորձանքների մեջ, եթե նրա կյանքի պայմաններն ուրիշ տեսակ կարգադրված լինեին: Նա մտավ ամուսնի տունը, որպես անմեղ և անարատ աղջիկ, բայց գտավ այնտեղ կատարյալ դատարկություն: Նրան գործ չտվեցին, նրան չզբաղեցրինաշխատությունը կարող էր փրկել նրան, բայց այդ չկար: Անգործ և արձակ կյանքի մեջ աճեցին զգայական ախտեր: Բայց կա ևս մի ուրիշ բան, որ դնում է կնոջը մոլորության ճանապարհի վրա: Սարսափելի հետևանքներ ունեն կյանքի ահագին պետքերը, երբ նրանց բավականություն տալու միջոցները սուղ էին: Կինն առաջին զոհն է դառնում աղքատության, որովհետև ավելի հակումն ունի դեպի պերճասիրություն և առհասարակ շռայլություն: Գավառացի կինը բախտավոր է այդ դեպքում. այնտեղ կյանքի պահանջները թեթև են. բացի դրանից, դեռևս տիրող արևելյան փակ կյանքի շնորհիվ կինը կարողանում է իր աղքատությունը թաքցնել տան չորս պատերի մեջ, նրան չեն տեսնում: Բայց այստեղ կյանքն ավելի արձակ է. կինը պետք է իրան ցույց տա աշխարհին, իսկ աշխարհը սիրում է նրան տեսնել միշտ զուգված, զարդարված: Ես վկա եմ եղել մի քանի թշվառ դեպքերի Թիֆլիսում, թե որպես կինը սկզբում բոլորովին անարատ և մաքուր վարքով, հանգամանքներից ստիպված, ընկել է ապականության մեջ: Նա ավելի բարեհաջող պայմաններում կարող էր պահպանել իր բարքի մաքրությունը: Մի անգամ ընկավ նա, այլևս իրան պահել չէ կարող, գլորվում է դեպի ցած և ցած. կյանքը ետևից մղում է նրան դեպի ամոթալի կործանումը, մինչև բոլորովին խրում է ցեխի մեջ: Նույն ցեխի մեջ և մեռնում է նա:

Անարդարություն կլիներ բոլորովին սև գծերով վերջացնել իմ նկարագիրը Թիֆլիսի միջին դասի կանանց մասին, ես պետք է ամբողջացնեմ իմ պատկերը, ձգելով նրա վրա մի քանի լուսավոր շուքեր:

Լինում են և բախտավոր ամուսնություններ: Մանկահասակ կինն իր հերթում դառնում է մայր: Եթե նրա առաջին ծնունդը աղջիկ էր, դա ավելի շուտով ներշնչում է նրա մեջ այն խելամտությունը, թե պետք էր մտածել երեխայի ապագայի մասին: Իր անցյալ վշտալի կյանքը թողել է նրա մեջ փորձերի մի ամբողջ շարք. նա գիտե, թե ինչ դժվարություններով ինքը կարողացավ պսակվել, կին դառնալ: Նույն դժվարությունները սպասում են և նորածին մանկան: Եվ այն օրից սկսում է տնօրինել իր զավակի օժիտը: Եթե նրա առաջին ծնունդը տղա էր, դարձյալ գիտե, որ նրա կրթությունը սակավ հոգսեր, սակավ ծախսեր չէ պահանջում. պետք է դպրոց տալ և մի բան սովորեցնել: Եվ այսպես, խնայողությունը ընտրում է նա որպես գլխավոր օրենք իր փոքրիկ տնտեսության մեջ: Նա այնքան խելացի է լինում և այնքան բարոյական ուժ է ունենում, որ բոլորովին «իր ձեռքն է առնում» տղամարդին: Երբեմն ետ է պահում նրան շռայլ կյանքից կամ խմելուց, թելադրում է «փող ետ գցել»: Իր հասարակական դրությունը, իհարկե, չէ ներում, որ ինքն էլ մի կողմից օգներ ամուսնին հարստանալու նպատակի մեջ և բազարումը նրան գործակից լիներ: Պատերազմելու համար ընդունված նախապաշարմունքների դեմ դեռ անզոր է նա: Բայց տան մեջ ամենայն եռանդով աշխատում է: Ամբողջ գիշերը նա անց է կացնում ասեղով, բացի մասնավոր կարերից, որ ընդունում է հարուստ տների տիկիններից, նա վեր է առնում կարելու հագուստներ և մոդային մագազիններիցբոլորը պատրաստում է տանը: Ոչ մի շորի կտոր անպետք չէ կորչում նրա ձեռքում. ամեն մի հնոտիք շուռ է տալիս, ձևը փոխում է, և վերջապես նրանից մի նոր հագուստ է պատրաստում իրա կամ երեխաների համար: Ափսո՜ս, որ ժրաջան կնիկների տնային աշխատությունների պրոգրաման շատ ընդարձակ չէ, — կարել, հյուսել, նախշելայսքանով վերջանում է նրանց գործունեությունը: Այսուամենայնիվ, ես տեսել եմ կնիկներ, որ կարելով մի ամբողջ ընտանիք էին պահում. տեսել եմ աղջիկներ, որ կարելով փող էին աշխատել, իրանց համար օժիտ պատրաստել, որ մարդու գնան: Ժրաջան կինն այնքան թեթևացնում է իր ամուսնի հոգսերը, որ նա չգիտե, թե ինչպես է առաջ գնում փոքրիկ տնտեսությունը. երեխաները միշտ մաքուր են և առողջ, և ամեն ինչ տան մեջ կարգին է: Ամենաանակնկալ հյուրեր պատահելիս, միշտ տանտիկինը պահած ունի առատ պաշար նրանց զարմացնելու համար: Տան մեջ ամեն բան կա, ոչինչ պակաս չէ, և գլխավորն այն է, որ մեծ մասը գնել է ու պատրաստել կինը: Երբ կինն իր նյութական օժանդակություններով օգնում է ընտանիքին, նրա բարոյական ազդեցությունն ավելի կշիռ է ստանում: Այն ժամանակ նա մտնում է իր ուղիղ դերի մեջ, դառնում է քաղաքակրթող տարր, եթե ոչ դրսի աշխարհի մեջ, գոնյա իր ներսի աշխարհումընտանիքի մեջ:

Կրկնում եմ, դպրոցը, միայն դպրոցը չէ կարող բարձրացնել ժողովրդի միջին դասի կնոջ նշանակությունը: Ապրուստն այստեղ կապված է ծանր կենսական անհրաժեշտությունների հետ, որ պահանջում են կնոջ գործակցությունը: Պետք է ընդունակ կացուցանել նրան գործելու, աշխատելու և իր ձեռքի վաստակով կերակրելու իր զավակները: Ես հեռու եմ պահում ինձ այն ծայրահեղություններից, որ կինը բժիշկ լիներ, գրող լիներ, կամ դատավոր լիներ, այլ ավելի կցանկանայի, որ նա մի լավ խանութպան կամ լավ տանտիկին լիներ: Ոչինչ այնպես ետ չէ պահում կնոջը կործանումից, որպես արդար և ջանասեր աշխատությունը: Քանի որ մենք կնայենք կնոջը, որպես մի հեշտասիրության առարկայի վրա, այնքան կստորացնենք նրա բարձր նշանակությունը: Կինը որպես բաժանում է իր ամուսնի սերը, այնպես էլ բաժանորդ պետք է լինի նրա աշխատությանը: Մեղավորը տղամարդն է, որ նրան գործ չէ հանձնում: Ո՞վ կարող է լինել այնքան հավատարիմ հաշվապահ կամ գործակատար մի մանրավաճառի խանութում, որպես իր կինը: Լավ կինը մի մեծ երաշխավորություն է առևտրական ֆիրմայի համար. ոչ ոք նրա նման չէ կարող գրավել և գոհացնել հաճախորդներին. այսքանս բավական է, որ տղամարդիկ այնքան շատախոս և ժլատ չեն լինում, երբ մի բան գնում են կնոջից: Ո՞վ կարող է այնպես լավ կառավարել մի կոշկակարի արհեստանոցը, որպես վարպետի կինը: Ես ճանաչում եմ մի կոշկակարի կնոջ միայն, որ իր ամուսնի հետ ապրում էր խանութում: Նա պատրաստում էր կոշիկների երեսները. կարի մեքենան բավական հեշտացրել էր նրա գործը: Առևտուրն ընթանում էր արագ և արդյունավոր կերպով, և խաղաղ ու բախտավոր ապրում էր փոքրիկ ընտանիքը: Մի՞թե կինը չէր կարող գործ գտնել իր դերձակ ամուսնի խանութում. կարն իսկապես կնոջ գործ է: Ի՞նչ անե կինը, երբ նրան անգործ ձգում են տանը և թող են տալիս անձնատուր լինել իր կրքերին: Տվեցեք նրան աշխատություն և նա չի ընկնի բարոյական փտության մեջ: Աշխատության մեջ միշտ թարմ և զվարթ կպահվի նրա սիրտը: Եթե Թիֆլիսում միջին դասի կինն անկման վիճակի մեջ է, ես գլխավոր պատճառը գտնում եմ նրա անգործության մեջ: Այդ դասը դեռ բոլորովին փչացած չէ, կարելի է բարձրացնել նրան, միայն պետք էր կնոջ համար պարապմունք գտնել: Ես գոնյա հասկանում եմ գավառներում այդ դասին վերաբերող կնոջ պարտավորությունը. այնտեղ նրա երեսին պարզ ասում են. «տե՛ս, քո աշխարհն այս տունն է, իսկ քո սահմանը, այս տան չորս պատերն. դու այս տան լավ կարասիներից մեկն ես, նիստ, կեր, խմիր, բայց ոտքդ տնից դուրս չպիտի դնես»: Այդ դրության մեջ կինը թեև բթամտանում է, անասնանում է, բայց դարձյալ մնում է կին իր նեղ նշանակությամբ: Բայց Թիֆլիսում կյանքը և նրա պահանջները բավական փոխվել են, նա հեռացել է արևելքից, բայց դեռ չէ մոտեցել արևմուտքին: Կինն այստեղ հագել է եվրոպացու հագուստը, բայց դեռ չէ ստացել նրա կրթությունը: Ես շատ հեռու չեմ գնում, թե ինչ է կատարվում Եվրոպայում, բայց առանց անուններ հիշելու ցույց կտամ մի քանի եվրոպացի կնիկներ Թիֆլիսում, որոնք առաջ ծամագործներ (парикмахерша) էին, քաղցրավենիք շինողներ էին, և մեկը մի հայ ընտանիքի դաստիարակուհի էր, իսկ այժմ հարստացել են, առևտրական մեծ տներ են բաց արել, գործարաններ ունեն:

Իմ հետազոտությունը վերջացնում եմ Թիֆլիսի և գավառական միջին դասի կանանց վերաբերյալ, մնում է մի քանի խոսք ավելացնել նրանց ծերության մասին: Որպես առհասարակ կնոջ վիճակը, այնպես էլ պառավների դրությունը համեմատաբար շատ տարբեր են գավառներում և Թիֆլիսում: Գավառներում, երբ կինը ծերանում է, որպես մի պատկառելի հնություն, ավելի հարգանքով են վարվում նրա հետ, մանավանդ, երբ նա երախտիք ուներ ընտանիքի վրա: Որդիքը աշխատում են չվիրավորել նրան, մանկահասակ հարսները խոնարհվում են նրա առջև: Գերդաստանի բոլոր անդամները ցանկանում են, որ նա օրհնությունը բերանումը մեռնի. նրա անեծքից վախենում են: Այդ հասակում պառավից գործ չեն պահանջում, այլ թույլ են տալիս առավոտ և երեկո եկեղեցի գնալ, իր հոգու և իր որդիների համար աղոթելու: Նրան չեն զրկում մասնավոր ծախսերից, որ պատկերների համար մոմ գներ և քահանայի սիրտը շահեր: (Առհասարակ մեր կանայքը սկսում են եկեղեցի հաճախել, երբ մոտենում են գերեզմանին. մանկահասակ կնիկներից չէ պահանջվում ջերմեռանդ լինել, ժամ գնալ, աղոթել): Թիֆլիսում, ընդհակառակն, կինը խիստ թշվառ ծերություն է ունենում: Որդիքը վարվում են նրա հետ անգութ կերպով, իսկ հարսները ծեծում են: Ես տեսել եմ մի քանի օրինակներ, որ որդիները պառավ մորը տնից արտաքսել են առանց պատառ հացի: Մայրը ստիպվել է դիմել դատաստանի և որդիներից ապրուստ պահանջել, որ քաղցած չմեռնի: Պետք է բավական բարեխիղճ համարել այն որդուն, որ հոժարել էր հանձնել պառավ մորը մի աղքատ ընտանիքում ամսական 15 ռուբլիով կերակրելու համար: Մի սարկավագի ընտանիքում պատահեց ինձ տեսնել մի այսպիսի պառավ, որի որդիների համար ասում էին, թե հարուստ են, երկու տներ ունեն: Պառավների այդ ցավալի վիճակն իմ կարծիքով առաջ է գալիս այն հանգամանքից, որ նրանք, իբրև հին սերունդի մնացորդներ, անտանելի են լինում ընտանիքի մեջ, որ արդեն փոխել էր իր նահապետական կերպարանքը: Նրանց կռիվը «մոդնի» հարսների հետ ծագում է գլխավորապես այդ հանգամանքից: Որդին բռնում է իր կնոջ կողմը և մորը արտաքսում է: Ծնողներն իրանց աղջիկը մարդու տալու ժամանակ միշտ հաշվի մեջ են դնում այն հարմարությունը, որ փեսան մայր չունի: «Մենակ տղա է, ասում են մայր չունի»: Ծնողներն այդ դեպքում ի նկատի ունեն,որ մայր չլինելու պատճառով իրանց աղջիկը կարող էր կատարելապես տիրել փեսայի տան վրա, իսկ հարսն իր կողմից ուրիշ հաշիվ ունի, որ ազատ կլինի, իր վրա հսկող չի լինի: Գավառներում, ընդհանրապես, ուրախ են լինում, երբ պառավ մայրը կար, մտածում են, որ նա խնամք կտաներ անփորձ հարսի վրա. և նրանք միշտ հաշտ են ապրում, որովհետև թե հինը և թե նորը շատ նման են լինում մեկմեկու: Բայց Թիֆլիսում ևս որքան անարգված լիներ պառավ մոր ծերությունը, և որքան հոժարությամբ հանդիպում են նրա մահվանը, այսուամենայնիվ, նրա թաղումը կատարվում է բավական հանդիսավոր կերպով. այն ժամանակ միայն ցույց են տալիս, թե պատվում են նրան: Այդ, իհարկե, առաջ է գալիս այն սովորությունից, որ մարդիկ եկեղեցական խորհուրդները գործ են դնում իրանց փառասիրությունը հագեցնելու համար:

Խոսենք Թիֆլիսի ունևոր ընտանիքի աղջկա մանկության վրա: Երկու տարեկան հասակում ծծմայրը նրան տանում է որևիցե հասարակական այգի ման ածելու: Եթե նա առաջին աղջիկ ծնունդն է, բախտավոր է լինում, սիրվում է, և հենց ծնած օրից վայելում է ճոխություն: Դեռ չորս տարեկան չեղած, մայրը նրան հագցնում է բոլորովին ֆանտաստիկական զգեստներ և տանում է կլուբը, երբ լինում է «ընտանեկան գիշեր» կամ երբ տալիս են մանկական բալ: Ամառը նրան տանում են Կոջոր կամ մի ուրիշ ամառանոց, ուր նրա քնքուշ դեմքը մի փոքր այրվում է արեգակի և արձակ օդի տակ: Աշունքին նա դառնում է տուն, բավական լցված:

Դեռ հինգ կամ վեց տարեկան չեղած, նա հայտնվում է իր մոր հյուրերի հասարակության մեջ, երբ նա տալիս էր «վեչեր», ուր կնիկները հավաքված, կամ լոտո են խաղում, կամ թուղթ: Մայրը զմայլվում է, տեսնելով, որ աղջիկը փոքրիկ ծառայություններ է անում հյուրերին. լոտոյի համար լոբի է բերում, կամ հավաքում է վեր թափված կարտերը: Ամբողջ ժամերով աղջիկը անքուն նստած, նայում է նրանց խաղին, և լսում է նրանց շատ անգամ անպատշաճ խոսակցությունները և ժպտում է: Դա էլ մի տեսակ կրթություն է, որ ստացվում է օրինակից: Մոր հասարակության մեջ երբեմն հայտնվում է մի երիտասարդ, որ բրդում է կոպիտ կատակներ. նա իրան ձևացնում է, թե սիրահարված է փոքրիկ աղջկա վրա և իրան կոչում է նրա ապագա փեսան:

Վերջապես հասնում է ուսման ժամանակը: Պետք է նկատել, որ Թիֆլիսի հարուստ ընտանիքներում սպասավորները և սպասուհիքը բոլորը օտարազգիներ են. ծառաները վրացի կամ իմերել, ծծմայրը օսեթուհի, իսկ վերջին ժամանակներում սովորության մեջ մտան և ռուս աղախինները: Երեխաների սկզբնական կրթությունը համարյա հանձնված է նրանց ձեռքը: Աղջիկը ծծմայրից սովորում է վրացերենը, իսկ ռուս աղախինը ուսուցել է նրան ռուսաց լեզուն: Մայրենի լեզվից նա մի բառ չգիտե, որովհետև այդ լեզվով ընտանիքի մեջ ոչ ոք չէ խոսում: Օտար լեզուների մեջ ունեցած պրակտիկան բավական հեշտացնում է նրան սովորել օտարազգի դպրոցներում: Հայոց ծխական դպրոցներն անպատշաճ են համարվում: Աղջկան տալիս են կամ պանսիոն բավական թանկ գնով, կամ իգական գիմնազիան: Սակավ է պատահում, որ տանը հրավիրեին վարժապետ:

Պանսիոնում թեթև կերպով սովորեցնում են աշակերտուհուն օտար լեզվով կարդալ և սխալներով գրել. փոքր-ինչ տեղեկություն են տալիս պատմությունից, աշխարհագրությունից և թվաբանությունից: Բնական գիտությունների հետ հազիվ թե ծանոթացնում են, իսկ կյանքի գործնական կողմերի հետ նա մնում է բոլորովին անծանոթ: Այն, որ սովորում է կյանքի համար, սահմանափակվում է մի քանի սալոնական սովորություններով, թե որպես պատշաճ է պահել իրան հասարակության մեջ, որպես գլուխ տալ և այլն: Ավելացնում են դրանց վրա պարը և պիանոյի վրա ածելը, որ միշտ ամաչում է նա օտարների մոտ ածելիս: Բայց ինչ որ գլխավորն է, դա է պանսիոնի մեջ տիրող ոգին և ուղղությունը, որ ներշնչում է նրա մեջ միայն թեթևամտություններ... Աղջիկը կորցնում է ինքնուրույնությունը և բնական նրա մեջ ոչինչ չէ մնում: Ամեն ինչ նրա մոտ կեղծ է լինում, թե ձայնը, թե խոսելու ձևը, թե աչքերի հայացքը և թե ժպիտը: Հիմնավոր նրա մեջ ոչինչ չկա. բոլորը դարդակ է, թե սիրտը և թե գլուխը: Եվ ուրիշ կերպ լինել կարող չէր, արևմտյան կրթությունը նա ստանում է երկրորդական ձեռքից...

Պանսիոնից առնում են «մոդնի» աղջկան, երբ մարդու տալու ժամանակը մոտենում է: Դպրոցի կրթությունը լրացնում է մայրը: Երևակայեցեք ձեզ մի մայր, որ հանկարծ արևելյան կյանքից արևմտյանի մեջ էր ընկելփակ ընտանիքից դեպի արձակ աշխարհ էր դուրս եկել: Տարբերությունն ահագին է: Կինը, որ պատրաստված չէ աշխարհի համար, որ ծանոթ չէ ժողովրդի հետ, որ չգիտե կյանքի արտաքին պայմանները, միշտ անզոր կլինի վտանգների դեմ: Դրանով պետք է բացատրել շատ մայրերի վարքը...

Ազատվելով պանսիոնից, աղջիկը բոլորովին մի կողմ է ձգում գրքերը, նա սիրում է նայել ավելի «մոդնի ժուռնալների» վրա: Բայց լինում են այնպիսիները, որ սկսում են կարդալ այն գրքերը, որ պանսիոնում արգելված էին: Նրանք դառնում են ավելի սանտիմենտալային և ավելի ցնորամիտ: Թերի ուսումը և անհիմն կրթությունը երբեմն առաջ են բերում տարապայման անձնավորություններ, այս պատճառով զարմանալի չէ տեսնել, որ մեր թերուսներից հայտնվում են երբեմն «նիհիլիստկաներ»: Ծայրահեղությունները շոշափում են միմյանց: Տգետ, սնահավատ, նախապաշարմունքներով լի խավար ընտանիքը տալիս է շատ անգամ ծայրահեղ ազատամիտներ, երբ կրթության լույսը մոտեցնում ես նրան: Բայց այսպիսիների թիվը մեր աղջիկների մեջ շատ փոքր է: Ես առիթ եմ ունեցել միայն մեկի հետ ծանոթ լինելու: Մինչև այսօր չեմ կարող երևակայել մի ուրիշ ողորմելի արարած, որ նրա նման մտավոր հիվանդության մեջ ընկած լիներ: Ես հարգում էի նրան, որովհետև նա ներկայանում էր որպես մի բողոք ընտանիքի հնացած նախապաշարմունքների դեմ, բայց ցավում էի, որ այնքան դարտակ էր:

Ընտանիքն ավելի է փչացնում անմեղ աղջկան, քան թե պանսիոնը: Ծնողների բարքերի կոպտությունը, վայրենությունը, կյանքի համարձակությունը, վատ օրինակահա՛ ընտանիքի այն պայմանները, որոնց մեջ կազմվում է աղջկա բնավորությունը սկսյալ նրա մանուկ հասակից: Աղջիկը հոր երեսը համարյա չէ տեսնում. նա առավոտյան դիմում է իր գործին, երբ բոլորը քնած էին. ամբողջ ցերեկը անց է կացնում խանութում կամ կանտորում: Երբ գիշերը խանութը կողպվում է, այնտեղից ուղղակի դիմում է կլուբը թուղթ խաղալու և վերադառնում է տուն այն ժամանակ, երբ բոլորը նույնպես քնած էին: Լինում են գիշերներ, որ նա չի էլ վերադառնում... Հայրը զվարճանում է դրսում, իսկ մայրը տանը «վեչերներ» է սարքում և լոտոն ու թղթախաղերը նրա սալոնից անպակաս են լինում: Աղջիկը սկսում է կամաց-կամաց մասնակցել մոր զվարճություններին, և եթե կին հյուրերի հետ հրավիրված էին տղամարդիկ (որ առանց նրանց չէ լինում), աղջիկը սկսում է ցույց տալ իր բոլոր շնորհքը` «կոկետություն» անել նրանց հետ, և զվարճախոսությունն ընդունում է վերին աստիճանի ցինիկյան կերպարանք:

Շռայլություն և բարքերի համարձակությունահա՛ երկու ախտեր, որ փտեցնում են մեր բարձր և հարուստ դասի ընտանիքի բարոյական հիմքը: Ես ուրիշ կերպով չեմ կարող բացատրել այդ երևույթների պատճառները. բայց միայն նրանով, որ Թիֆլիսի մեր բոլոր հարուստները, ինչպես ասում են, «նորաքսակ» մարդիկ են, այսինքն ժառանգությամբ չեն ստացել իրանց հարստությունը, այլ վաստակել են բախտի կամ հանգամանքների հաջողությամբ, և շատ անգամ անազնիվ միջոցներով: Աղքատությունից հանկարծ հարստության տեր են դարձել: Այսպիսի մարդիկ չէին կարող տնօրինել մի կանոնավոր տնտեսություն և մի վայելուչ ընտանեկան կյանք: Շռայլությունը միշտ կից է լինում հանկարծահաս հարստության հետ և այս պատճառով նա երկրորդ սերունդին չէ հասնում: Վայելուչ կյանքըլի ամեն բավականություններով, բայց միևնույն ժամանակ չափավոր սահմանի մեջկազմվում է այն ժամանակ, երբ հարստությունն անցնում է մի քանի սերունդ: Ես մի շատ հասարակ օրինակով կպարզեմ իմ միտքը, գցեցեք մի քաղցած հավ մի ցորենով լիքը ամբարի մեջ, ի՞նչ կտեսնեք. նա կսկսե ոչ այնքան ուտել, որքան քթութ անել և ոտներով ցորյանը ցրիվ տալ այս կողմ և այն կողմ: Նոր հարստացած աղքատն այդ հավի նման է լինում: Միևնույն օրինակով կարելի է բացատրել և կնոջ բարքի համարձակությունը: Կինը, արևելյան փակ կյանքի մեջ ճնշված կինը, որին հանկարծ տալիս են ազատություն (դա էլ մի տեսակ հարստություն է) չէ կարող օրինավոր կերպով գործադրել իր ազատությունը, չէ կարող վայելել նրան որպես հարկն է:

Բավական հեռացա նպատակից: Կրկին վերադառնալով դեպի գյուղական ընտանիքը, իմ նկարագիրը վերջացած կլինի: Կարդալով այս հետազոտությունն ինքնըստինքյան ծագում է հարց, արդյոք ի՞նչից առաջ եկավ կնոջ մի այսպիսի վիրավորական վիճակը, որ նա ձայն չունի ոչ ընտանիքի և ոչ հասարակության մեջ, որ նա պահվում է անմատչելի ծածկոցի տակ, որպես մի նյութ, որին արտաքին ատմոսֆերայի ազդեցությունը կարող էր փչացնել, որ նա իր անձի տերը չէ, այլ գործ են ածում նրան որպես մի սեփականություն, որ ուրիշին էր պատկանում, և վերջապես, որ նա իբրև մարդ զրկված է մարդկային ամեն իրավունքներից: Այդ հարցերի լուծումը շատ դժվար է, մանավանդ այն պատճառով, որ պատմությունը մեր հին ընտանեկան կյանքից ամենևին տեղեկություն չէ տալիս: Շատերը կարծում են, թե կնոջ այս դրությունը կազմվեցավ մահմեդական ազդեցության ներքո, ոմանք տղամարդի բռնասիրությունն են պատճառ բերում: Բայց իմ կարծիքով, հայ ընտանիքի կազմակերպությունը չէր կարող մի ուրիշ տեսակ վիճակ ստեղծել կնոջ համար, քան թե այն, որ այժմ կա: Նրա կացությունն այն աստիճան համապատասխանում է իր շրջանին, որ ստիպված ես մտածել, եթե այլ կերպ լիներ, անպատշաճ կլիներ: Երևակայեցեք ձեզ մի գյուղական ընտանիք, որ բաղկացած է քսան-երեսուն կամ ավելի անդամներից. մի քանի ամուսնացած եղբայրներ միասին են ապրում. նրանց որդիները նույնպես կնիկներ ունեն. տունը լցված է զանազան հասակի երեխաներով. հենց դա մի փոքրիկ պետություն է, ուր մարդիկ կապված են իրար հետ ընդհանուր շահերով: Մի այսպիսի ընտանիքի ամբողջությունը և ներդաշնակությունը պահպանելու համար, արևելյան հայացքով, շատ բնական էր, որ կնիկներին ձայն և իրավունք չտրվեր: Երկպառությունը եղբայրների մեջ միշտ ծագում է կնիկների անհամաձայնությունից: Կինը չափազանց բծախնդիր և նախանձոտ է: Տղամարդը մտածեց նրա բերանը փակել, որ ընտանիքի կապերը չքանդվեն: Կնոջ դրության մյուս մանրամասն ևս բնականաբար առաջ եկան միևնույն ընտանեկան պայմաններից, որ պահանջում են նրանից անպայման հնազանդություն: Իհարկե, կնոջ դրության վրա փոքր չազդեց և արտաքին աշխարհը. տիրող ազգերի բռնաբարությունները ստիպեցին քողի տակ պահել նրան: Մի արաբական խալիֆա ասում է. «Երկու բան պետք է ծածուկ պահեք օտարի աչքից, մեկը փողը, մյուսըկինը»: Այդ խրատը արևելքի պահանջն էր:

Կասեք, ի՞նչ հարկ կար, որ անպատճառ մի քանի եղբայրներ անբաժան ապրեին, երբ կարող էր յուրաքանչյուրը մի առանձին ընտանիք կազմել: Աշխատանքի բաժանումը պահանջում է հիմնել մի այսպիսի, եթե կարելի է ասել, ընտանեկան ասոցիացիա: Գյուղական ընտանիքն անպատճառ պետք է շատ աշխատող ձեռքեր ունենա իր բազմատեսակ գործերի համար: Ավելացրեք դրա վրա և այն հանգամանքը, որ մեր գյուղացին ապրել է միշտ բարբարոս և ավազակ ցեղերի բռնության ներքո. արտաքին ճնշումը ստիպում էր, որ մոտ ազգականները սեղմվեին միմյանց հետ և կազմեին մի մեծ ամբողջ, ոչ միայն ավելի աշխատող ձեռքեր ունենալու համար, այլ մի մեծ ուժ կազմելու համար, և կռվելով աշխատության արդյունքը հափշտակությունից ազատ պահելու համար: Դա նահապետական դրության պահանջն է: Մեր նախապապ Հայկի ընտանիքը բաղկացած էր 300 հոգուց:

Այժմ, որ ազատություն է տիրում և կյանքի պայմանները փոխվում են, նրա հետ էլ ընտանիքի կազմակերպությունը փոքր առ փոքր ուրիշ ձև է ստանում. գերդաստանի անդամների թիվը պակասում է, եղբայրները պսակվելուց հետո բաժանվում են: Եվ, այստեղից կնոջ վիճակը մասամբ կփոխվի: Ի՞նչու: Նրա համար, որ եթե նրանից պահանջում էին հնազանդություն, պահանջում էին լուռ լինել, դա գլխավորապես այն նպատակով էր, որ պահպանվի ընտանիքի ներդաշնակությունը, որ բաղկացած էր շատ անդամներից: Բայց եթե այր ու կին ու իրանց զավակները մի փոքրիկ ընտանիք են կազմում, այն ժամանակ տղամարդը նրա հետ շատ խիստ չի լինի, և ինքն իր շահերով միակ կնոջ հետ կապված լինելով, նրա վրա կնայի որպես իր ընկերի վրա, և նրան իրավունքներ ու ազատություն կտա: Եվ կինը, այսպիսով ընտանիքի մեջ փոխելով իր դրությունը, նրա հասարակական դրությունն էլ կփոխվի: Այս դատողությունները գուցե խորթ երևան, բայց պետք է խորամուխ լինել գյուղական գերդաստանի մեջ, այն ժամանակ կհամոզվի մարդ, թե այդ այդպես է: Որքան էլ սիրելու լիներ տղամարդն իր կնոջը, որքան էլ ցանկանալու լիներ նրան լավ և հանգիստ պահել, դարձյալ չէր կարող, որովհետև աշխատանքի բաժանումն ընտանիքի մեջ պահանջում է, որ բոլորը հավասար գործեին: Եթե ամուսինը մի փոքր խնայեր իր կնոջը, իսկույն կգրգռեր իր եղբոր կնոջ նախանձը. և դրանով եղբայրների մեջ համաձայնությունը կխանգարվեր: Բայց այդ պահել չէր կարող, եթե բոլոր ամուսնացած եղբայրները միասին չեն բնակվում:

Ընտանիքի նույնիսկ կազմակերպությունը պահանջում էր մտցնել գերդաստանի մեջ միապետական սիստեմա, հանձնելով իշխանությունն այն անձի ձեռքը, որ բոլորից երեցն էր հասակով և բարոյապես հեղինակություն ուներ: Իհարկե, կինը, որպես ֆիզիկապես մի թույլ արարած, պետք է երկրորդական տեղ բռներ այդ ընկերության մեջ, ուր պահանջվում է ավելի մարմնական ուժ: Իսկ կինն իր դրության այդ ձևի մեջ, թեև դարերով անցկացրուց շատ դժնդակ օրեր, բայց կարողացավ պահպանել իր բարքի մաքրությունը, և առանց փչացնելու հասցրուց իրան մեր ժամանակին: Այժմ ունենք ձեռքում մի անարատ և դեռ չձևակերպված տարր, որ սովորել է ընդունել ինչ որ լավ է, ինչ որ օգտավետ է, տո՛ւր նրան ուսում, և նա կլինի քաղաքակրթող տարր, որպես մինչև այսօր եղել է ընտանիքի բարոյական հիմքը և նրա աշխատությունները բաժանող անդամը: Մեծ բարերարություն արած կլինի կնոջ սեռին այն մարդը, որ լուսավորության կայծը կմտցնի ամենախուլ գյուղական խրճիթներում. այդ լույսը միայն կարող է նրան առաջնորդել և դուրս բերելով տնային փակ շրջանից, կանե նրան հասարակական ընկերության անդամ:

Next page