Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Ես սկսեցի գեղջկուհու ծնունդից. պետք է վերջացնեմ նրա մահով: Այժմ մնում է խոսել նրա ծերության մասին: Գյուղացի կինը որքան հնանում է, այնքան անտիկային բնավորություն է ստանում. և որքան հիմարանում է, այնքան խելացի է համարվում: Տարիների բարդության հետ ավելանում է և նրա հեղինակությունը: Այդ հասակում որդիքն ավելի պատկառանքով են նայում նրան, հարսներն աշխատում են չվշտացնել: Ծերունի ծնողների թե անեծքը և թե օրհնությունը մեծ նշանակություն ունեն ռամկի մոտ: Պառավից աշխատություն չեն պահանջում, թողնում են, որ հանգստանա: Այդ հասակում նա գործում է ավելի եկեղեցում, քան թե տան մեջ: Նա նախապատրաստվում է գերեզմանի համար: Պառավի ջերմեռանդությունը հասնում է մինչև խելագարության. նա լինում է չափազանց սնահավատ: Մանկության օրերում և միջին հասակում նա ժամանակ չուներ մտածելու հոգու և երկնքի համար. կյանքն ավելի շատ էր պահանջում: Տարվա մեջ մի քանի անգամ եկեղեցի գնալով և հաղորդվելով, նա իր պարտքը վճարում էր: Այժմ հանգամանքները փոխվեցան: Այսուամենայնիվ տան մեջ դարձյալ նա հանգիստ չէ մնում. ոսկրացած ձեռները չեն սովորել անգործ մնալ: Նա է հսկում խոհանոցի վրա, բաժանում է կերակուրները, մառանի բալանիներն իր մոտ է պահում, և նրա դիտող աչքերը չեն թողնում մի բան իզուր կորչել: Պառավը որովհետև պառավելով կրկին երեխայանում է, այս պատճառով լինում է նա մի լավ ընկեր երեխաների համար, զբաղեցնում է նրանց, պահպանում է, օրոր է կարդում և երբեմն հեքիաթներ է ասում: Երեխաներն ընտանիքի մեջ չունեն մի ավելի մտերիմ բարեկամ, մի ավելի հզոր պաշտպան, որպես պառավ տատը: Սպառող կյանքը և նոր սկսվող կյանքը մոտենում են և գրկում են միմյանց: «Տան ծերը տան խեյր-բարաքյաթն (օրհնությունն) է», — ասում է ռամիկը և շատ ցավում է, երբ նա պակասում է տնից: Ամենաաղքատ գյուղացին աշխատում է պառավ մոր թաղումը հանդիսավոր կացուցանել, ոչինչ չպակսեցնելով ընդունված սովորություններից: Նա արժանավոր կերպով վարձատրում է քահանային, «հոգեհաց» է տալիս գյուղական հասարակությանը և «հոգեբաժին» է տալիս հոգևոր կառավարության գործակալին: Պառավի մահն ավելի թանկ է նստում, քան թե նրա մի քանի տասն տարիների կյանքը: Չեք գտնի մի գյուղացի, որ իր մոր գերեզմանը թողներ առանց տապանաքարի, որ ամեն տարի նրա շիրիմը օրհնել չտար, կամ քահանային փող չվճարեր «հոգվոց» կարդալու համար: Հայը առհասարակ հարգում է գերեզմանըերկնքի այդ նախագավիթը, բայց մի բան, որ արժանավոր կերպով չէ գնահատում, դա էկյանքը:

Գ

ՔԱՂԱՔԱՑՈՒՀԻՆ

Քաղաքում շատ բան փոխվում է: Իմ խոսքը գավառական քաղաքների մասին է:

Մեր գավառական քաղաքներում չկա արիստոկրատիա, չկա պրոլետարիատ և չունենք մշակ դաս, ինչ որ հասկացվում է Եվրոպայում այդ անունով: Մենք ունենք միայն վաճառականներ և արհեստավորներ, ունենք և ծառայողներ ու եկեղեցականներ, եթե վերջինները կարելի էր դասակարգ համարել: Ես սկսում եմ արհեստավորի կնոջից:

Փոքրիկ մանրավաճառները և արհեստավորները շատ նման են մեկմեկու, կնոջ դրությունը երկուսի ընտանիքում ևս միևնույն է: Մեր քաղաքներում հարյուրավոր արհեստավորների ընտանիքներ չեն ածած միմյանց վրա և միևնույն տան մեջ, այլ բոլորն առանձին տներ ունեն: Կյանքի պայմանները թույլ չեն տալիս, որ մի քանի ընտանիքներ մեկ բնակարանում ապրեին: Քաղաքացին իր տունը վարձով է տալիս այն ժամանակ, երբ իր համար ավելորդ էր, այսինքն, երբ մի քանի տներ ուներ: Կանանոցն ըստ մեծի մասին տների առանձին բաժնումն է գտնվում: Ընտանիքի անդամների թիվը համեմատաբար փոքր է լինում, քան թե գյուղերում: Այստեղ եղբայրները հենց որ պսակվեցան, խիստ սակավ է պատահում, որ միասին ապրեին:

Քաղաքացի արհեստավորն ավելի թշվառ է, քան գյուղացի երկրագործը: Կյանքի պետքերը շատ են, քան թե նրանց լցուցանելու միջոցները: Արհեստավորի հին, ասիական ձևով պատրաստած արդյունաբերությունը օրըստօրե գործածությունից ընկնելով, պատճառ է տալիս նրա դառն չքավորությանը: Ընտանիքի հայրը վաղ առավոտյան գնում է իր խանութը և վերադառնում է մութ գիշերով. նա տանում է իր հետ որդիներից, որը կարող էր իրան օգնել: Կինը չէ մասնակցում ամուսնի արհեստին և ոչ կարող է օգնել նրան: Այդ կարելի էր, եթե արհեստանոցը միևնույն տան մեջ լիներ, ուր նրանք բնակվում էին, բայց նա գտնվում է բազարում, և կնոջ համար բազար դուրս գալ անպատշաճ էր. շատ անգամ նա չգիտե, թե ամուսինը որտեղ է գործում, և երբեք չէ տեսել նրա արհեստանոցը: Եվ այսպես, արհեստավորն առավոտյան գնում է իր գործին, կինը մնում է տան մեջ մենակ: Նա ոչ սպասավոր ունի և ոչ աղախին. ինքն իր տան ծառայողն է, և եթե չուներ նա հասած աղջիկ, որ օգներ իրան, տնային գործերը բոլորն ինքն է կատարում: Պառավ սկեսուրը միայն հրամայող է, և շատ անգամ խանգարում է նրան իր անտեղի պահանջներով, քան թե օգնում է:

Աղջիկն այստեղ ևս ծնվում է միևնույն հանգամանքների մեջ, որպես գյուղերում, և եթե նկարագրեինք նրա որպես աշխարհ գալը և ընդունելությունը պետք է շատ բան նորից կրկնեինք: Մայրն ինքն է կերակրում նորածին աղջկան, ինքն է հոգ տանում նրա մաքրության վրա, որ սկզբում շատ խնամք է պահանջում: Միևնույն ժամանակ նա պետք է օջախը վառե, կերակուր պատրաստե, և ամուսնի համար դուքանը ճաշ ուղարկե: Փոքրիկ աղջիկը միշտ խանգարում է, այս պատճառով նրան շատ անգամ հենց օրորոցի մեջ ծեծում են, որ ձայնը կտրի, աղաղակ չբարձրացնե: Եվ երբեմն խմեցնում են կաթնով եփած խաշխաշ, որ քնե և չխանգարե մորը. թմրությունն և ապշությունն ափիոնի հետ փոքր հասակից մտնում է նրա ուղեղի մեջ:

Աղջկա վիճակը փոխվում է, երբ նա ազատվում է օրորոցից, երբ այլևս չէ կերակրվում մոր ստինքով, և երբ կարողանում է սողալ, կամ չորս թաթիկների վրա քաշ գալ, և կամ պատերը բռնելով ման գալ: Այժմ նա ինքն իրան կարող է կառավարել: Նա երբեմն դուրս է գալիս բակը և ամողջ օրը թավալվում է հողերի և ցեխերի մեջ: Մայրը մասամբ ուրախ է, որ նրա երեսը չէ տեսնում, և երբեմն գտնում է նրան դրսում քնած սառը գետնի վրա, կամ խրված ցեխի մեջ: Տան շեմքից ոտքը դուրս դնել և փողոցը գնալ նա չէ կարող, որովհետև դուռը միշտ կողպված է լինում. բայց բակը նրա խաղերի համար բավական ընդարձակ ասպարեզ է, մանավանդ երբ զարդարած է լինում պարտեզը, որը գավառական քաղաքներում ընտանիքների միակ մխիթարությունն է:

Դեռ հինգ տարեկան հասակը չհասած, մայրը ստիպեցնում է նրան կատարել այս և այն տնային գործը, օգնել իրան: Ամեն մի անուշադրություն հանդիպում է ծանր ապտակների: Այդ հասակում նրան թույլ են տալիս գնալ մերձավոր հարևանի տունը, երբ պետք էր մի բան փոխ առնել: Իսկ երբ դառնում է նա տասն կամ տասներկու տարեկան, այնուհետև տան դռները փակվում են նրա առջև: Խիստ հազիվ անգամ մոր հետ նա ազգականների մոտ է գնում: Գյուղացի աղջիկն այդ դեպքում ավելի բախտավոր է. նա ապրում է ավելի արձակ աշխարհում. և շատ անգամ, թեև ոչ առանց հսկողության, գնում է այգին, պարտեզը, դաշտը, սարը և շատ բան սովորում է բնությունից: Բայց արհեստավորի աղջկա աշխարհայեցողությունն իր չափազանց նեղ շրջանի մեջ մնում է խիստ սահմանափակ և միակողմանի: Փակված տան չորս պատերի խուլ առանձնության մեջ, փակվում է և նրա մտավոր զարգացումը: Թեև մայրն աշխատում է նրան մի բան սովորեցնել, բայց բոլոր նրա դաստիարակությունը բարոյական բնավորություն ունի, կրթող, զարգացուցիչ նրա մեջ ոչինչ չկա: Աղջիկը միշտ լսում է միևնույն խրատները, թե պետք է խոնարհ լինի, հնազանդ լինի, սակավ խոսե, ամենևին չծիծաղե, տղամարդերի երեսին չնայե, պառավ կնիկների ձեռքը համբուրե և այլն: Նրա միտքը, սիրտը և հոգին ճնշում են հին նախապաշարմունքների ներքո, և խլում են նրանից ամեն մի ազատ, ինքնուրույն զարգացում: Նա դառնում է մտավորապես իդիոտ, բայց բարոյապեսհրեշտակ:

Աղջկանց դպրոցներ գավառական քաղաքներում չկան, կամ եղածները դեռ մատչելի չեն ժողովրդի աղքատ դասին: Թողյալ այդ, ստոր դասը դեռ նայում է դպրոցին որպես մի անբարոյականացնող հիմնարկություն: Այդ կարծիքը ստեղծել է ռամկի մտքում նույն ինքը դպրոցը: Եվ եթե հաջողվում է արհեստավորի աղջկան դպրոց մտնել, ընտանիքի բռնակալությունը շարունակում է դպրոցը: Վարժապետը և վարժուհին վարվում են նրա հետ նույնպես կոշտ-կոպիտ կերպով, և երբեմն ապտակներով, որպես տանը վարվում էր մայրը կամ հայրը: Ծնողներից նա չտեսավ որևիցե զարգացնող և կատարելագործող օրինակ, իսկ չոր ու ցամաք ուսումը չէ տալիս սնունդ ոչ նրա մտքին և ոչ հոգուն: Աղջիկը տարիներով երթևեկում է դպրոցը կատարյալ տգիտության մեջ, և վնասակարն այն է, որ թերի և անկարող ուսումը, արգելք դնելով բնական զարգացմանը, շինում է նրանից բթամիտ:

Բայց մայրը, ինչ վարքի տեր և լիներ նա, դարձյալ աշխատում է աղջկա սանձը իր ձեռքում պահել: Ոչինչ օրինակ այնքան կորստաբեր լինել կարող չէ, քան թե այն, որ մարդ խրատում է ուրիշին այն առաքինությունները, որ ինքը չէ կատարում: Այստեղից առաջ է գալիս մոր և աղջկա մեջ հարաբերությունների մի կեղծ խարդավանք, որով մինը մյուսին խաբում է: Բայց աղջիկն ավելի վարպետ է լինում:

Դպրոցից դուրս բերելեն հետո, աշխատում են աղջկան շուտով մարդու տալ: Օժիտի քանակությունն առաջուց հրապարակվում է, թե քանի հազար է. նրա համեմատ որոնում են փեսա: Մայրը սկսում է այնուհետև աղջկան ցույց տալ աշխարհին, այցելություններ են անում, տանում է նրան բալ, թատրոն, «կրուժոկ» և դրանց նման տեղեր: Աղջիկը միշտ իրան նեղված է գտնում անկիրթ, անտաշ մոր մոտ, որ ամեն տեղ հետևում է նրան, որպես մի սև ստվեր, բայց թաքցնում է իր տհաճությունը: Հայրն ամենևին չէ խառնվում գործի մեջ. նա իրան հեռու է պահում: Դուք չեք տեսնի հարուստ հայրերից մեկին, որ իր աղջկա հետ ման գալիս լիներ փողոցում: Այս դեպքում հայը պահպանել է իր ասիականությունն այլևս կնոջ վերաբերությամբ:

Ամուսնությունները լինում են ըստ մեծի մասին հավասարը հավասարի հետ (նյութական կարողության կողմից): Առաջ գերադասում էին աստիճանը, «մունդիրը», բայց հիմա աստիճանավորին բանի տեղ չեն դնում, եթե փող չունի կամ որևիցե բարձր դիրք բռնած չէ: Մի ժամանակ էլ մոդայի մեջ մտան օտարազգի փեսաները, բայց հիմա նրանք էլ կորցրել են իրանց վարկը, որովհետև համարյա բոլոր ամուսնություններն օտարազգիների հետ անբախտ եղան: Փեսան աղջկա բերած փողը կերավ և նրան քաղցած թողեց: Ծնողները սկսեցին ափսոսալ ոչ թե աղջկան, որ մի անպիտանի ձեռքում մաշվում էր, այլ իրանց տված փողին: Եվ այսպես, ամուսնության մեջ գլխավոր դերը խաղում է հաշիվը և ամուսնական կապը դառնում է փողը: Ամենևին չեք տեսնի, որ մի աղջիկ, մի քանի տասն հազար օժիտով, պսակվեր մի գեղեցիկ և առողջ երիտասարդի հետ, որ միայն ուսում ուներ, բայց փող կամ պաշտոն չուներ: Եվ ընդհակառակը, շատ կտեսնեք այնպիսի փեսաներ, որ ամուսին լինելու ընդունակությունը կորցրել էին, որ կյանքը սպառել էին վատ կացության մեջ, բայց պսակվում են աղջիկներից ամենագեղեցիկի հետ, որովհետև փող ունեն: Սերն ամենևին դեր չունի այս դասի ամուսնության մեջ. և եթե հայտնվում է նա, առաջ է բերում այնպիսի մի րոման, որ ոչ մի գրիչը հարգող րոմանիստ չէր ցանկանա նկարել նրան: Շատ ցավալի է լինում աղջկա դրությունը, երբ նա միայն փողով պետք է իր համար ամուսին գտներ: Այդ դեպքում նրա անձնական արժանավորությունները բոլորովին իրանց նշանակությունը կորցնում են: Գուցե նա գեղեցիկ էր, գուցե խելացի էր, և կարող էր լավ կին լինել, բայց փեսաները նրա մոտով անցնում են կարծես արհամարհելով: Նա մնում է որպես մի անվաճառ ապրանք, որ խանութպանի լեզվով կոչվում է «փասմանդա»89: Տարիների հետ նրա բնավորությունը փոխվում է: Կապիկը որքան պառավում է, այնքան չարանում է: Պառավ աղջիկը սեփականացնում է մաղձոտ բնավորություն: Նա դառնում է և նախանձոտ, մանավանդ երբ տեսնում է, որ վատերը փողով մարդիկ են գնում: Մի հարստից, որ կաղ աղջիկ ուներ, հարցրին. «ի՞նչպես պետք է մարդու տաս աղջիկդ»: Նա պատասխանեց. «Հիսուն հազար ռուբլի կդնեմ ոտքերի տակը, երկուսն էլ կդրստվին»:

Վերջապես աղջիկը մարդի է գնում: Կին լինելուց հետո սկսվում է նոր կյանք: Առաջին ամիսներից հետո անցնում է ամուսնական սիրո առաջին ջերմությունը: Այնուհետև սառնությունն աննկատելի կերպով մեջ է մտնում: Այր և կնոջ հարաբերությունները պաշտոնական ձև են ընդունում: Դեպքերն առաջ են բերում սոսկալի պայթյումը: Հետո սկսվում է ընտանեական դժոխքը: Եվ այդ ծագում է խիստ բնական կերպով: Ամուսին այրն ունի իր պարապմունքը, իր արտաքին բարեկամները և բարեկամուհիքը. նա ունի իր առանձին զվարճությունները, գնում է կլուբ և ուրիշ այսպիսի տեղեր: Նա այնքան զբաղված է լինում իրմով, որ համարյա մոռանում է, թե կին ունի: Կինն էլ իր կողմից պետք է իր համար կյանք տնօրինե: Այս բանի մեջ նրան առաջնորդում է մոր օրինակը: Նա անում է այն, ինչ որ տեսել ու սովորել է մորից: Այցելություններ է անում, զբոսանքի է գնում, տանը երեկույթներ է սարքում, թրև է գալիս մագազիններում, զբաղվում է ավելի իր պչրանքներով, քան թե զավակներով, իսկ տնտեսությունը մնում է ավազակ ծառաների և աղախինների կամքին: Ամառն անց է կացնում ամառանոցում, իսկ ձմեռը սկսվում է միևնույն կյանքը: Տարիներն անցնում են միմյանց ետևից, միօրինակ և աննպատակ զվարճությունները սաստիկ հոգնեցնում են նրան: Այլևս ի՞նչ անե. ամեն բան փորձել, ամեն բան մաշել է նա: Վերջին տարիներում սովորության մեջ մտավ արտասահմանը. կնիկները սկսեցին ձգել ամուսիններին և հեռու օտարության մեջ թաքցնել իրանց ամոթը: Այս բոլորի մեջ ես մեղադրում եմ տղամարդին, նա ինքն է առիթ տալիս նրան վատ լինելու:

Պատահում են բախտավոր ամուսնություններ: Տղամարդը զբաղվում է իր գործերով, աշխատում է ընդարձակել իր ասպարեզը: Կինը կառավարում է տունը և նրանից դարձնում է մի փոքրիկ դրախտ: Երկուսն էլ օգնում են միմյանց. մեկը, որպես դրսի մարդ, մյուսը, որպես ներսի մարդ: Կյանքը սահում է իր խաղաղ ընթացքով և լի ամեն վայելչություններով: Զավակները թռվռում են ծնողների բոլորտիքը մաքուր, առողջ, որպես հրեշտակներ: Ամեն ինչ դրվում է կարգի և օրինակության ներքո: Ամուսնական ներդաշնակությունը լինում է հիմքն ընտանիքի բարօրության, իսկ բարոյականությունընրա մեջ տիրող ոգին:

Մինչև այստեղ ինչ որ խոսեցի Թիֆլիսի հարուստ կամ բարձր անվանված դասի մասին, վերաբերում էր խոշոր վաճառականներին, նշանավոր կապալառուներին, բանկիրներին, կալվածատերերին, բախտախնդիր սպեկուլյատորներին, և առհասարակ այն հասարակությանը, որ մեծ կարողության հետ ունի և մեծամեծ մոլություններ: Մնում է մի քանի խոսք ասել աստիճանավորների կնիկների մասին: Այստեղ ընտանեկան կյանքը գտնվում է իր այլափոխության տագնապի մեջ. դեռևս անձև և անկերպարան է նա: Ոչինչ այնքան անշնորհք և անարգ չէ լինում, որպես մի կացություն, որ ոչ այս է և ոչ այն: Օտարացումը գտնվում է իր տգետ այլանդակության մեջ: Ընտանիքը խլվելով մայրենի բնական հողից, դեռևս հաստատ հիմք չէ ձգել օտար հողի վրա: Նա տատանվում է որպես մի ծառ, որ արմատ չունի: Դրանից հետևում է նրա գոսացումը: Եթե ավելացնենք և «չինովնիկության» ոգին, որ մտնում է ընտանիքի մեջ, շատ հասկանալի կլինի նրա դրությունը: Այդ հասարակության մեջ չքավորությունը կապված է լինում մեծ ծախսերի և շռայլության հետ, որոնք պատճառ են տալիս անբարոյական ձեռնարկությունների նրանց լցուցանելու համար: Արդարև, այստեղ տղամարդը դեռևս բոլորովին չի կորցրել իր ասիական կատաղի խանդը, որ հոժարվեր կնոջը բարեկամացնել իր մեծավորի հետ, իր ասպարեզը լայնացնելու համար. բայց ուրիշ ցածությունների դեմ նա անզոր է: Այստեղ նույնպես կնոջ բարքերի աստիճանը վերաբերական է. կան մաքուրներ և կան անմաքուրներ: Աղջկան փոքր հասակից կրթում են, տաշում են, կոկում են, աշխատելով տալ նրան այն փայլը ավելի «бонтон» լինելու համար: Նա դառնում է մի «մոդնի կուկլա» որն ոչ սիրտ ունի և ոչ միտք: Գիտե, արդարև, վարվել, գիտե ծեքծեքվել, գիտե կաչաղակի նման շատախոսել, բայց չգիտե մտածել: Նրա ամբողջ գոյության մեջ տիրում է դատարկություն: Ծնողներն իրանք են տնօրինում նրա ամուսնական բախտը: Կին լինելուց հետո, ամուսնից շուտով ձանձրանում է, որովհետև նրա սիրտը չէ սովորել երկար սիրել մեկին: Եվ առաջ է գալիս մի ծիծաղելի վեպ:

Այսուամենայնիվ, այս հասարակության մեջ կան ծնողներ, որոնք դեռ պահպանել են իրանց հայկական խելքը և սովորությունները, և որոնք խնայողությամբ շինել են լավ կարողություն, և սնուցանում են լավ աղջիկներ: Այս կարգի մարդկանց վերաբերում են գավառներից Թիֆլիս տեղափոխված և դեռ չփչացած ընտանիքները, և մասամբ տոհմային ազնվականները: Դրանք ապրում են այն աստիճան պարզ, համեստ, հասարակ, և միևնույն ժամանակ վայելուչ կյանքով, որը չեք տեսնի նոր հարստացած վաճառականների մեջ: Վերջիններն իրանց հարստության հետ ունեն մի տեսակ ցուցամոլություն, որով աշխատում են միշտ աչքի ընկնել: Նորելուկներն առհասարակ քիթը բարձր են պահում: Բայց հին և հիմնավոր ընտանիքների մեջ, որոնց սովորաբար կոչում են «օջախի որդիք», օրինավորությունը, պատշաճավորությունն ավանդվել է սերունդից սերունդ տոհմային գերազանցության հետ: Աղջկա ուսումն այստեղ նույնպես ստացվում է միևնույն աղբյուրներից, ուր սովորում են հարուստ վաճառականների աղջիկները: Բայց որովհետև աղջիկն ընտանիքի մեջ սկզբից փչացած չէ, դպրոցն իր ավերիչ ներգործությամբ շատ չէ ազդում նրա վրա: Ավարտելուց հետո դպրոցի թերությունները լրացնում են տանը, հրավիրելով տնային վարժապետ մայրենի լեզվի համար, այլև օտարերկրյա լեզուների համար, որպես են ֆրանսերենը և գերմաներենը, հրավիրում են և մուզիկայի վարժապետ: Այս տեսակ կրթություն ստացած աղջիկը, թեև այնքան ինքնակամ չէ լինում, որ իր համար փեսա ընտրեր, և պսակվում է ծնողների համաձայնությամբ, բայց միշտ լավ կին է լինում: Նրանք երբեմն մարդի են գնում առանց օժիտի, եթե ծնողները հարուստ չէին: Դա մի շատ ուրախալի երևույթ է, որ աղջկա անձնական արժանավորությունը գնահատվում է: Նրանց վրա պսակվում են այնպիսի ուսումնական երիտասարդներ, որոնք թեև փող չունեն, բայց հարուստ ապագայի հույս ունեն: Դրանց մեջ կարելի է տեսնել բախտավոր ամուսնության բոլոր վսեմությունը:

Թիֆլիսի հարուստ դասի մեջ կնոջ ծերությունն այնքան ցավալի չէ լինում: Պառավի տարիների հետ մոռացվում է և նրա անցյալը. նա դառնում է ավելի բարեպաշտ և սկսում է հաճախել եկեղեցիները: Տան մեջ նրա վրա նայում են, որպես մի հին կարասիի վրա, որ երկար ծառայելով, մի տեսակ նվիրականություն էր ստացել, որին չեն կամենում դեն գցել, բայց չեն էլ ցանկանում, որ շատ աչքի երևար: Նրան պահում են որպես մի հնոտիք: Ցանկալի մահն օգնության է հասնում պառավին: Դատարկ կյանքից նա անցնում է դեպի գերեզմանի դատարկությունը: Որդիները նրա թաղումը կատարում են հանդեսով և մոտ ազգականները սև են հագնում:

Դ

Այժմ դառնում եմ դեպի գավառները:

Գավառներում ինքնըստինքյան հասկանալի է, որ կյանքի պայմանները փոխվում են: Մեծ տարբերություն կա Թիֆլիսի բարձր դասի և գավառական քաղաքների նույն դասին պատկանող կնիկների մեջ: Ընտանիքը շատ չէ հեռացել նահապետականությունից և դեռևս գտնվում է իր արևելյան կազմակերպության մեջ: Աղջկան մեծացնում են ավելի սաստիկ հսկողությունների ներքո: Ես պետք է շատ բան նորից կրկնեի, եթե մանրամասնությունների մեջ մտնեի, որովհետև կյանքը և կնոջ դրությունն այստեղ ավելի չէ տարբերվում թե բարձր և թե միջին դասի մեջ, որի մասին խոսեցի իմ հետազոտության նախընթաց գլուխներում: Զանազանությունը միայն նրանումն է, որ մեկն ապրում է ապահով վիճակի մեջ, իսկ մյուսն իր վշտալի կացության հետ կրում է և աղքատության դառնությունը:

Գավառներում պանսիոն կամ որևիցե բարձր ուսումնական հիմնարկություն չկա: Եթե հրավիրում են տնային վարժապետ, դասատվության ժամանակ աշակերտուհու մայրն ուսուցչի կողքին նստած է լինում: Իսկ եթե նրան ուղարկում են ծխական դպրոց, առանց սպասավորի չէ գնում: Բայց մեծ մասամբ աղջկան մեծացնում են առանց ուսում տալու, կատարյալ տգիտության մեջ: Եվ տգիտությունը լինում է նրա անմեղության գլխավոր պայմանը: Նա չէ ստանում և աշխարհային կրթություն. նրան ոչ մի տեղ չեն տանում, օտարներին ցույց չեն տալիս և միշտ հեռու են պահում տղամարդի հասարակությունից: Նա մնում է դանդաղկոտ, ամոթխած, երկչոտ և լի ամեն նախապաշարմունքներով:

Ծնողները տալիս են աղջկան իրանց ընտրած փեսային, և օժիտի սովորությունը շատ ծանր չլինելով, փեսա գտնելը միշտ հեշտ է լինում: Եթե հայրը հարուստ էր, կամ ազդեցություն ունեցող մեկն էր, ամեն երիտասարդ ցանկանում է նրան փեսա դառնալ, կողմնակի կերպով նրանից օգուտ քաղելու համար: Մեր մեջ վաղուց հարց է բարձրացել, թե աղջկան թույլ չեն տալիս ազատ կամքով իր ամուսնական վիճակը տնօրինելու: Մի՞թե նա կամք ունի: Նրան այն աստիճան միամիտ, անփորձ և կյանքի հետ անծանոթ են մեծացրել, որ եթե նրան իր կամքին թողնեին, առաջին պատահած շարլատանը կարող էր խաբել և անբախտացնել նրան: Ծնողները գոնյա ճանաչում են աշխարհը և գիտեն նրա պահանջները, աշխատում են իրանց զավակին մի հուսալի և ապահով մարդու ձեռքը տալ: Այնուհետև աղջիկը, որպես եղել էր իր հոր և մոր խոնարհ զավակը, այնպես էլ դառնում է իր տղամարդի հնազանդ և հլու ամուսինը: Խիստ հազիվ դեպքեր առաջ են բերում անհամաձայնություն, և ամուսնական անհավատարմությունը նույնպես հազվագյուտ երևույթ է գավառներում:

Կին լինելուց հետո նա իսպառ կորցնում է իր ազատությունը: Նրան պահում են փակված, տան չորս պատերի մեջ և ոչ ոքի ցույց չեն տալիս: Նա իրավունք չունի բացի իր տղամարդից մի օտարի հետ ոչ տեսնվելու և ոչ խոսելու: Նա տեսնվում է և խոսում է, այն ևս խիստ սակավ անգամ, միայն իր ամենամերձավոր ազգականների հետ, որպես են հայրը, մայրը, քույրը, եղբայրը և այլն: Նա չէ խոսում և իր ամուսնի հոր, նրա եղբոր և նրա ազգականների հետ արական սեռից: Բացի ընտանեկան նեղ շրջանից, արտաքին աշխարհում կինը տեղ չունի գավառների մեջ: Թատրոն, բալ, «կրուժոկ» և մինչև անգամ ամենահասարակ զվարճության տեղեր չկան: Հասարակաց այգիները տղամարդերի համար են: Կինը զրկված է բոլոր արտաքին վայելչություններից: Նա իրավունք չունի այլև իր ներքին շրջանի մեջ, ընտանեկան «օջախում» մի ուրախ օր անցկացնել: «Վեչերներ» տալ չէ կարող: Եվ եթե լինում են երբեմն հրավերներ, այն ևս ամենամերձավոր բարեկամների կնիկներն են կանչվում. ոչ մի տղամարդ նրանց «մեջլիսի» մեջ մասնակցել չէ կարող, և մինչև անգամ տանտիկնոջ ամուսին այրն այն օրն իր տունը չէ մտնում, երբ տանը կին հյուրեր կային: Սակավ է պչրանքը, սակավ է զարդարանքը: Փակված տան մեջ ո՞ւմը պետք է իրան ցույց տա կինը: Եվ այդ հեռու է պահում նրան շռայլությունից: Չկա դատարկաշրջիկ կյանք, որ սարսափելի կերպով տանում է կնոջը դեպի մոլորություն: նա ապրում է որպես մի ողորմելի միայնակյաց, և ճգնում է տնային լռության մեջ: Խիստ հազիվ անգամ նա երկչոտ դեմքով լուսամուտից նայում է դեպի փողոցը, երբ պատահել էր մի օտարոտի աղմուկ: Այս պայմանների մեջ, թեև գավառացի կինն իր նազելությամբ չէ քաղցրացնում տղամարդի սիրտը, թեև նա առհասարակ զուրկ է լինում այն հրապուրիչ հատկությունից, որ կոչվում է կանացիություն, բայց տնտեսության մեջ, իբրև անխոնջ տանտիկին, նա հրաշալի է: Եվ այդքանն է պահանջում նրանից տղամարդը:

Պատահում են և օտարոտի երևույթներ: Տեսնում ես մի վաճառական, որ եղել էր Թիֆլիսում, Մոսկվայում, կամ իր գործերով ընկել էր արտասահման: Տեղային կնիկները նրա մեջ առաջ են բերում մի տեսակ ազատամտություն: «Ինչո՞ւ իմ կինս էլ դրանց նման չպիտի լինի», մտածում է վաճառականը: Նա կարծում է, թե բավական էր, որ կինն այնպես հագնվեր, որպես մի ֆրանսուհի, և իսկույն նրա նման կլիներ: Ապսպրում է հագուստներ վերջին մոդայի ձևով և վերադառնում է տուն: Կինը հագնելու եղանակն անգամ չգիտե. մարդը օգնում է նրան, որքան իրան հայտնի է: Եվ հանկարծ «մոդնի կապիկը» սկսում է հայտնվել փողոցներում, մտնում է զանազան շրջանների մեջ: Նա ինքը շատ գոհ չէ իր այլափոխությունից. նեղվում է, կարմրում է, քրտնում է, և կարծում է, թե ամբողջ աշխարհը ծիծաղում է իր վրա: Բայց ի՞նչ անե. մարդը ցանկանում է, որ նա քաղաքակրթված կին լիներ: Դա կատարյալ տանջանք է: Ով որ տեսել էր մոդնի մագազիններում դրած «մանեկենը», որ գործ են ածում զգեստներ չափելու և փորձելու համար, կարող է մի ճիշտ նմանություն գտնել դրա և մեր գավառացի «մոդնի» տիկնոջ մեջ, որն այնքան է հասկանում իր նոր հանդերձի գործածությունը, որքան հասկանում է փայտից շինած «մանեկենը»: Ես նախապաշարմունքով չեմ նայում երևույթի վրա: Ես սիրում եմ կնոջ «կրացիան», սիրում եմ նրա նազելությունը: Բայց չեմ կարող չվրդովվել, երբ կնոջն անփորձ, անպատրաստ բաց են թողնում դեպի աշխարհ: Այսպիսի կինն առաջին զոհն է դառնում կյանքի հանդուգն այլափոխության: Ես կարող եմ մատներով համբարել շատ օրինակներ, բայց ի՞նչ հարկավոր է. կենցաղավարության ընդհանուր օրենքները սաստիկ պատժում են, երբ կինը նրանց դեմ զեղծումներ է գործում: Մի մարդ, երբ երկար ժամանակ պահվել էր մութ սենյակում, երբ հանկարծ նրան դուրս են թողնում լույսի մեջ, նրա աչքերը լավ չեն տեսնում, շլանում են, և նա ընկնում է: Նույնը պատահում է տան մեջ փակված կնոջ հետ:

Գավառներում աստիճանավորի կամ կառավարության պաշտոնյայի ընտանիքը բավական տարբերվում է հարուստ վաճառականի և կալվածատերի ընտանիքից: Այստեղ աշխատում են կյանքին տալ, որքան կարելի է, եվրոպական ձև: Ծառայող հայրը ինչ որ տեսել էր իր ռուս մեծավորի տանը, նույնը աշխատում է մտցնել և իր ընտանիքի մեջ: Աղջկան, եթե հոր կարողությունը ներում է, ուղարկում են Թիֆլիս որևէ պանսիոնում սովորելու համար: Նա վերադառնում է, իր հետ բերելով Թիֆլիսի մոլությունները: Հայրը խոսում է նրա հետ ռուսերեն, իսկ մայրը ներողամտությամբ է նայում իր դստեր թեթևամտությունների վրա, կարծելով, թե «ուսյալ» օրիորդն այնպես պետք է լինի: Բարեկամներիցս մեկը, որ ֆրանսերեն լեզվի վարժապետ էր, պատմում էր, թե ինքն առիթ ունեցավ ծանոթանալ մի օրիորդի հետ, որ բնակվում էր մի փոքրիկ գյուղաքաղաքում, որովհետև այնտեղից էր: Օրիորդի հայրը տերության ծառայության մեջ այնքան վարպետ էր գտնվել, որ դիզել էր բավական փող, և կարողացել էր աղջկան Թիֆլիս ուղարկել, ուր նա ուսում էր ստացել: Բարեկամս խոստովանվում էր, թե օրիորդը չէր սիրում նրան, բայց ուներ դեպի նա մի առանձին համակրություն այն պատճառով միայն, որ երիտասարդը խոսում էր ֆրանսերեն և երկար ժամանակ ապրել էր Փարիզում: Նա հավատացնում էր, թե ինքը Փարիզի ամենացած «գրիզետկաների» մեջ չէ տեսել մի աղջիկ, որ նրա նման արձակ վարքի տեր լիներ: Օրիորդն աշխատում էր ազատամիտ ձևանալ և հեռու ամեն նախապաշարմունքներից և իր ազատամտությունը ցույց էր տալիս նրանով, որ շատ անգամ ընդունում էր երիտասարդին իր քնարանում, և ինքը մահճակալի վրա պառկած, ոտները հենարանի վրա ցցած, խոսում էր նրա հետ Վոլթերի և Ռուսոյի վրա, որոնց մտքերի հետ ամենևին ծանոթ չէր: Ահա այսպես փչացնելով աղջկան, գցում են գավառական համեստ քաղաքը: Գալիս է ժամանակը, որ պետք է մարդու տալ: Մի վաճառական տղա, թեև հարուստ, անարժան է համարվում «ուսյալ» և «կրթյալ» օրիորդին ամուսին լինելու: (Խոսքը մեր մեջը մնա, վաճառականն ամենևին չէ էլ ցանկանա նրա ամուսին լինել): Տալիս են «մունդիր» ունեցող մարդու: Որովհետև այսպիսիների թիվը շատ սակավ է, ուրեմն ընտրության մեջ խիստ չեն վարվում. գցում են առաջին պատահողի ձեռքը: Կին լինելուց հետո «ուսյալը» շրջապատում է իրան քաղաքի ծառայողներով, ինչ ազգից և լինեին նրանքհայ, թուրք, ռուս և այլն: Բոլորը հավաքվում են նրա սալոնում և թուղթ են խաղում: Ուրիշ զվարճություն չկա: Եթե ամուսին այրը լավ խաղացող է, կամ գիտե վարպետությամբ կարտերը «շինել», լավ օգուտ է քաղում իր կնոջ «ֆիրմայից», ամեն գիշեր կողոպտելով իր հյուրերին: Ես մի գիշեր առիթ եմ ունեցել գավառում պատահել մի այսպիսի ընտանիքում. ոչինչ շրջան այնքան զզվելի չէր կարող լինել, քան թե այն: Ինձ վրա նայում էին որպես մի տխմարի վրա, որովհետև խաղալ չգիտեի: Բայց դատարկ կյանքը շուտով ձանձրացնում է մեր «ուսյալին»: Գավառական փոքրիկ քաղաքը խիստ նեղ է գտնում իր ասպարեզի և բավականությունների համար: Այս պատճառով երբեմն գնում է Թիֆլիս իր հին բարեկամների և բարեկամուհիների հետ տեսնվելու համար: Եվ ամեն անգամին ապսպրում է իր համար նոր զգեստներ, որովհետև իր քաղաքում դերձակը «մոդայի» հետ ծանոթ չէր: Եվ ամեն անգամ վերադառնում է մի նոր շքով:

Բայց այսպիսիներին պետք է բացառություն համարել, որովհետև նրանց թիվը շատ փոքր է:

Ինքնըստինքյան հասկանալի է, որ իմ վերևում նկարած տիպը Թիֆլիսի պտուղ է, որտեղից կեղծ կրթությունը, որպես պղտոր աղբյուրից հոսում է դեպի գավառները: Բայց առհասարակ գավառացի կինը չունի այն համարձակությունները: Այստեղ կինը, որքան էլ հարուստ, որքան էլ բարձր տան հարսն լիներ, ապրում է փակված կյանքի մեջ, և շատ վախենում է բամբասանքից: Մեծ քաղաքներում ոչ ոք ուշադրություն չէ դարձնում, թե ինչ է գործում նրա դրացին, բայց գավառական փոքրիկ քաղաքում կնոջ ամեն մի սխալ քայլը գրգռում է ընդհանուր հետաքրքրություն: Նա իսկույն դառնում է մեղադրանքի առարկա, երբ նկատում են նրա մոտ որևիցե տարապայման վարմունք: Նրանք կսկսեն մատով ցույց տալ, նրա մասին կշարադրեն զանազան պատմություններ, և պատահած ժամանակ, կհանդիմանեն տղամարդին, թե քո կինն անառակ է: Այս պատճառով գավառացի կինը չէ համարձակվում ոտքը դուրս դնել ընդհանուր սովորությունից: Շատ էլ ցանկանար, ո՞վ կթողներ: Նկատված է, եթե տղամարդը, հետևելով մեծ քաղաքների օրինակին, կամենում է կնոջը փոքր-ինչ ազատություն տալ, նրան աշխարհ դուրս բերել, ընտանիքի մեջ ծագում է մի մեծ փոթորիկ, եթե նրա մեջ կային դեռ պառավ մայր և ծերունի հայր: Հին և նոր սերնդի կռիվը դեռ չէ վերջացել: Եվ եթե գերեզմանը կծածկեր այդ հներին, նախապաշարմունքը և վաղեմի սովորությունը դարձյալ ընդ երկար կպահեին կնոջն իր կաշկանդյալ վիճակի մեջ: Ես ճանաչում եմ շատ գավառացի վաճառականներ, որոնք գործով իրանց կնիկների հետ բնակվում են Թիֆլիսում: Այստեղ նա ման է ածում իր կինը, տանում է զանազան զվարճության տեղեր, և տանը նրան չէ թաքցնում իր հյուրերից: Բայց եթե միևնույն մարդուն իր բարեկամը կպատահի գավառում, նա կնոջն այլևս ցույց չի տա: Ինչու եմ օրինակ բերում վաճառականին: Բարձր ուսում ստացած երիտասարդը, որ նույնպես ուսյալ կին ուներ, գավառը վերադառնալիս, ենթարկվում է միևնույն ընտանեկան պայմաններին, եթե չէր ցանկանում հասարակաց բամբասանքի առարկա դառնալ:

Следующая страница