Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Ընտանիքը և կյանքը դարերով մշակել են այնպիսի սովորություններ, որոնք երկաթի օրենքի զորություն են ստացել: Հեշտ չէ միանգամով նրանց խորտակել: Կնոջ դերը և տղամարդի դերը բոլորովին որոշված են: Կինն իշխում է տան վրա, չորս պատերի մեջ, և միանգամայն անձնատուր է լինում իր զավակներին, սպասավորներին և խոհանոցին: Տղամարդը գործում է դրսում: Կնոջ և տղամարդի գործունեությունն այն աստիճան բաժանված են միմյանցից, որ առաջինն ամենևին չգիտե, թե ինչ է շինում իր ամուսինը դրսում: Եվ այս պատճառով, նա ձգում է իրանից ամեն պատասխանատվություն տղամարդի գործերի հաջողության մասին: Քանի տղամարդն աշխատում է, վաստակում է, բերում է, միասին վայելում են: Իսկ երբ նա աղքատացավ, այնուհետև կինը լինում է նրա անբախտության անտրտունջ բաժանորդը: Կնոջ և տղամարդի մեջ ընկերական կապ չկա: Կա միայն կրոնիամուսնական կապ: Որպես գործով բաժանված են նրանք միմյանցից, այնպես էլ բաժանված են և հասարակական կյանքով: Ամուսին այրը, երբ պատահում է փողոցում իր կնոջը, երեսը շուռ է տալիս և անցնում է, կարծես չէ ճանաչում նրան: Երբ կնոջ գործունեությունը սահմանափակվում է ընտանեկան «օջախի» շուրջըահա՜ այս է, որ նրան փոքրացնում է և շինում է բոլորովին կրավորական էակ: Կինն այն ժամանակ միայն կմտներ իր մեծ դերի մեջ, և այն ժամանակ կդառնար քաղաքակրթող տարր, երբ կրոնի ամուսնական կապի հետ, նրա և տղամարդի մեջ կկազմվեր և ընկերական կապ, մինը մյուսին փոխադարձ համերաշխությամբ, կյանքի բոլոր պետքերի մեջ: Բայց քանի որ մենք կնոջ կրթությունը սկսում ենք նրանից, որ պատրաստում ենք նրան հանդես դուրս բերել, ցույց տալ աշխարհին որպես մի գեղեցիկ բան, միշտ սխալանքի մեջ կընկնենք: Կնոջ գործակցությունն իր տղամարդի հետ այն աստիճան կտրված է լինում, որ եթե ամուսին այրը հանկարծ մեռնում է, նրա որդիքը մնում են առանց մի պատառ հացի: Ահագին հարստությունը, երբ հուսալի ձեռքերում չէր գտնվում, մի քանի տարվա մեջ ոչնչանում է, կողոպտվում է: Կինը, որովհետև անտեղյակ է լինում ամուսնի գործերին, տգետ և անփորձ է լինում, այս պատճառով չէ կարողանում պահպանել նրա թողած ժառանգությունը: Այսպիսի օրինակներ շատ են եղել. բայց դեռևս չէ տեսնվել մի օրինակ, որ ամուսնի մեռնելուց հետո կինը շարունակեր նրա գործը, մահվան հետ և նրա ֆիրման ծածկվում է: Գյուղացի կինն այդ դեպքում ավելի բարձր է. մարդու մեռնելուց հետո նա շարունակում է երկրագործությունը և կերակրում է նրա թողած որբերին, որովհետև նա նույն գործին սկզբից ծանոթ էր, նրա մեջ աշխատել էր:

Մնում է ավելացնել մի քանի խոսք գավառական կնոջ մտավոր զարգացման մասին: Մի՛ մոռացեք, որ խոսքս բարձր դասի մասին է: Փակ կյաքի մեջ, ընտանեկան նեղ շրջանում նրա աշխարհայեցողությունը մնացել է չափազանց սահմանափակ: Տղամարդը մի կողմից իրավունք ունի, որ նրան ոչ ոքի ցույց չէ տալիս, իրան չխայտառակելու համար: Ես առիթ եմ ունեցել ծանոթանալ մի քանի գավառացի կնիկների հետ. ահա այն տպավորությունները, որ երբեք մոռանալ չեմ կարող: Մտնում ես, դիցուք թե, մի հարուստ վաճառականի տունը, աղան տանը չէ, քեզ ընդունում է կինը, երբ իմանում է, որ գործով ես եկել, և մանավանդ շատ անգամ քեզ տեսել էր իրանց տանը, փոքր-ինչ ընտելացել էր, ընտելացել էիր և դու: Քեզ հրավիրում են հյուրանոցը. դու նստում ես առանց տանտիկնոջ կողմից քեզ տեղ ցույց տալու, իսկ նա ոտքի վրա կանգնած է մնում: Պետք է դու մի քանի անգամ ասես, խնդրես նրան, որ նստե: Նա որոշում է միշտ քեզանից ցած նստել և հեռու: Եթե դու չխոսես, նա ամբողջ ժամերով, լուռ կնստի: Ստիպված ես զբաղեցնել տիկնոջը: Անկարելի է նրա հետ որևիցե խոսակցություն շարունակել, պետք է անդադար մի առարկայից թռչիլ դեպի մյուսը: Այսպիսով խոսակցությունը կընդունե հարց-պատասխանի ձև: Դու նրան միայն հարցեր կառաջարկես, նա կտա երկու բառով մի պատասխան և կլռե: Խոսել նա չգիտե, բառերը միշտ պակասում են նրա մոտ այն ժամանակ, երբ խոսում էր իրան ծանոթ ամենահասարակ մի առարկայի վրա: Նրա լեզվի բառարանն այնքան աղքատ է, որպես այդ լինում է երեխաների կամ վայրենիների մոտ: Երբ դու խոսում ես, նա միշտ ցած է նայում. նա իր երեսը չէ բարձրացնում և ինքը խոսելիս: Միշտ մատներով անգիտակցաբար խաղում է զգեստի որևիցե մասնի հետ: Երբ պատահմամբ նրա աչքերը հանդիպում են քո աչքերին, իսկույն թշերի վրա հայտնվում է վարդագույն ներկ: Փորձում ես պատմել նրան ծիծաղելի անեկդոտներ, նա երբեմն ժպտում է, բայց չէ ծիծաղում: Ոչինչ բանով նրան հետաքրքրել չես կարող: Երբ նա մենակ է քեզ հետ, կարծես, նեղվում է, և միշտ առիթ է որոնում դուրս փախչելու: Մի երրորդ անձն, թող թե նա փոքրիկ երեխա լիներ, որպես պաշտպան, կարող էր հանգստացնել նրան: Դեպքեր շատ են եղել, որ մի պատվավոր կին զոհ է գնացել իր ամոթխածությանը: Նա այնքան համարձակություն չէ ունեցել ընդդիմադրելու մի լրբի դոնժուանությանը: Դժվար կարելի է գտնել մի կին, որ իր զգացմունքը, թե՛ սերը, թե՛ տխրությունը և թե բարկությունը կարողանար արտահայտել լեզվով: Այսպիսի դեպքերում նա միայն գործ է ածում միավանկ ձայնարկություններ: (Դա անասունների զգացմունք արտահայտելու ձևն է): Եվ կամ լուռ արտասուքը լինում է նրա սրտի թարգմանը: Բայց արտասուքը բազմիմաստ նշանակություն ունի: Գավառացի կինը, որպես չէ նշանավորվում իր մտքի և խելքի առաձգականությամբ, այնպես էլ նա զուրկ է մարմնի դյուրաթեքությամբ, անդամների համարձակությամբ: Նա շարժվում է ամբողջ մարմնով, ինչպես մի արձան: Եվ արձանի նման սառն ու անարյուն է նա:

Գավառներում չեք տեսնի, որ կինը տղամարդի մոտ երգեր կամ նրա հետ պար բռներ: «Յալլիի» սովորությունը պահվել է մի քանի տեղերում միայն, առավելապես գյուղերում: Իսկ այն գավառական քաղաքներում, որպես են Նուխին, Բաքուն և Շամախին, ուր հայ կինը դեռ թուրք կնոջ հագուստ ունի, նա սեփականացրել է իրան բոլոր հարեմական սովորությունները: Կնիկները, որ պար են գալիս միայն հարսանիքների մեջ, առանձին հավաքվում են մի սենյակում, լուսամուտների վարագույրները իջեցնում են, իրանց մոտ են կանչում «սազանդարներին», ածել են տալիս, և պար են գալիս: Ոչ մի տղամարդի աչք նրանց վրա նայել չէ կարող: Իսկ հին ժամանակներում, որպես պատմում են, ածողներին ևս իրանց մոտ չէին թողնում, որովհետև տղամարդիկ էին, այլ նրանց կանգնեցնում էին դահլիճի մի առանձին մասնում, որ բաժանված էր պարահանդեսի տեղից վարագույրով. կնիկները միայն նվագարանի ձայնն էին լսում, բայց ածողներին չէին տեսնում: Դա կատարյալ մահմեդական սովորություն է:

Տարիների ընթացքի հետ, գավառական կինը, երբ հնանում է, երբ կորցնում է իր կանացիությունը, այն ժամանակ ստանում է մի տեսակ առնականություն, այն ժամանակ միայն մարդ է դառնում և խառնվում է մարդկային հասարակության մեջ: Նրան այդ հասակում կարելի է տեսնել, նրա հետ կարելի է խոսել: Նա այլևս կին չէ, այլ իրան կոչում է ամենի «մայրիկը»: Եվ այսպես, կինն այն ժամանակ միայն մտնում է իր հասարակական դերի մեջ, երբ պառավում է, ասել է թե երբ կրկին երեխայանում է: Կյանքի երկու ծայրերումտղայության և ծերության հասակումնա մատչելի է լինում. երկուսն էլ շատ նման են մեկմեկու: Գավառացի կնոջ ծերությունը, ինչպես առհասարակ նահապետական ընտանիքների մեջ, պատվավոր է լինում: Նրա ձեռքը համբուրվում է, և ամեն ոք դիմում է նրանից օրհնություն առնելու: Որդիները լսում են նրա խրատները, իսկ հարսներն ավելի հպատակում են նրա հեղինակությանը: Նրա մահն անկեղծ ցավ է պատճառում ազգականներին, իսկ թաղումը կատարվում է հանդեսով:

Ե

Վերջացնում եմ իմ հետազոտությունը մի քանի ընդհանուր նկատողություններով: Ես սկսեցի գյուղացի կնոջից և ապա անցա դեպի քաղաքացի կինը, նկարեցի նրա տիպերը գավառներում ընդհանրապես, իսկ Թիֆլիսում մասնավորապես: Զանց չարեցի նաև պատկերացնել կինը ժողովրդի յուրաքանչյուր դասակարգի մեջ առանձին կերպով: Հիշյալ հետազոտության մեջ, եթե հայ կնոջ նմանեցնենք մի ծառի, նա այսպիսի կերպարանք կստանահողը արգավանդ է, ծառի արմատն առողջ է, բունը` նույնպես, բունից բաժանված ճղները դարձյալ պահպանել են իրանց թարմությունը, իսկ ծառի վերին մասի ոստերընրա բարձր կատարը սկսել է գոսանալ, տերևները դեղնել են և մասամբ թափվել են, այնտեղ կենդանությունը վերջացել է: Դա մի հակաբնական երևույթ է: Ծառի հիվանդությունը սկսվել է գլխից: Եվ գուցե հատուկ է մեր ժողովրդին միայն, որպես արդարացնում է դրան հայկական առածը, թե «ձուկը գլխից կհոտի»: Պարզ խոսենք:

Կինը ժողովրդի ստոր դասի մեջ (որի ներկայացուցիչն է մեզանում գյուղացին) ցույց է տալիս կենդանություն. նա թեև ռամիկ է, տգետ է, նախապաշարմունքներով լի է, բայց ավելի աշխատասեր է, ավելի գործունյա է, և պահպանել է իր բարոյական մաքրությունը: Դա ծառի արմատն է: Կինը, ժողովրդի միջին դասում, փակվում է տան չորս պատերի մեջ, և իր գործունեությունը սահմանափակում է միայն տնային «օջախի» շուրջը. բարոյականությունը այստեղ ևս գտնվում է իր սրբության մեջ, բայց զարգացման մակերևույթը չէ բարձրանում: Դա ծառի բունն է: Կինը ժողովրդի բարձր դասի մեջ, գավառներում շատ չէ տարբերվում միջին դասից, և գրեթե միևնույն հատկություններն է կրում. բարոյականությունն այստեղ ևս պահպանվում է կնոջ բանտարկության մեջ: Դա ծառի ճյուղն է: Իսկ Թիֆլիսում, ժողովրդի բարձր դասակարգի մեջ, արդեն սկսվում է կնոջ բարոյական չքավորությունը: Ապականությունը տիրում է այնտեղ, և կինը գտնվում է իր գոսացած դրության մեջ: Դա ծառի կատարն է:

Նկատելի է և մի ուրիշ երևույթ: Կինը, սկսյալ ժողովրդի ստոր դասակարգից, որքան աստիճանաբար բարձրանում է, որքան նա ծանոթանում է աշխարհի հետ և որքան նա մոտենում է գիտության լույսին, այնքան ավելի անպիտանանում է, և այնքան ավելի սեփականացնում է իրան այնպիսի հատկություններ, որ բարոյական չեն: Թողյալ այդ, կինը ժողովրդի ստոր և միջին դասերի մեջ պահպանել է իր ցեղական առանձնությունները, հավատարիմ է մնացել իր ազգային անհատականությանը, խոսում է մայրենի լեզվով, հարգում է վաղեմի ավանդությունները, ավելի մոտ է և եկեղեցուն, և չէ հեռացել այն սովորություններից, որով ապրել են նրա մայրերը: Որի ընդհակառակն, կինը բարձր դասի մեջ (բացի գավառներից) արդեն սկսել է օտարանալ, չէ խոսում մայրենի լեզվով, հեռանում է եկեղեցուց, և զզվանքով է նայում ազգային ավանդությունների վրա: Այսպիսի տխուր երևույթները տեսնելուց հետո ի՞նչ ասենք. արդյոք կրթությունը վնասակա՞ր էր, թե կինն իր մեջ հիմք, ամրություն չուներ, և կրթության լույսը ու ջերմությունը նրան մոտեցրածին պես, նա լուծվեցավ, իո բաղադրությունը փոխեց: Ոչ այն և ոչ այս, կասեմ ես. պատճառները պետք է ուրիշ բանի մեջ որոնել...

Դրությունը բոլորովին հուսահատական չէ: Կանացի ամբոխը պահպանել է իր անարատությունը, իր կատարյալ մաքրության մեջ. դա, թեև անմշակ, բայց չափազանց արգավանդ հող է, որ հմուտ երկրագործի ձեռքում կարող է հրաշալի պտուղներ ընծայել: Փույթ չէ, եթե ամբոխի մակերևույթից բարձրացած առանձին մասերը ցույց են տալիս մի քանի փտության նշաններդրանք կամ ժամանակով կփոխվեն դեպի լավը, և կամ կտրվելով կհեռանան մարմնի ամբողջությունից... Բայց միևնույն ժամանակ ցավալի է տեսնել, որ ժողովրդի բարձր դասի մեջ, ուր կինը թե իր դիրքով և թե կրթությամբ նշանավոր տեղ էր բռնում, փոխանակ բարոյապես ներգործելու իրանից ցած աստիճանների վրա դրված իր սեռակից քույրերի վրանա ինքը դառնում է վատ օրինակ, նա ինքը տարածում է շռայլություն և բարքերի ապականություն:

Այլևս որտե՞ղ է մնում կնոջ բարձր, քաղաքակրթիչ նշանակությունը, ո՞ւր է նրա կենսագործող հեղինակությունը ոչ միայն ընտանեկան նեղ շրջանում, այլև ժամանակակից հասարակության վրա: Իմ կարծիքով հայ կինն այդ աստիճանին հասնել չէ կարող, քանի որ նա փակված կմնա տան պատերի մեջ: Մինչև այսօր, երբ կինն ասիական կյանքով էր ապրում, երբ հայը մահմեդականի հպատակ էր, մասամբ նպատակահարմար էր նրան արգելված պահել: Իսկ այժմ կյանքի պայմանները փոխվել են. պետք է բաց անել կանանոցի դռները: Մինչև այսօր կնոջ կրքերը զսպվում էին, նրա բարոյականությունը պահպանվում էր փակ կյանքի մեջ մի կողմից, տգիտության մեջ` մյուս կողմից: Կարո՞ղ է արդյոք միշտ շարունակվել այդ դրությունը: Այժմ պահպանել կնոջ բարոյականությունը կանանոցի բանտարկության մեջ նույնն է, որպես զսպել մի գազանի վայրենությունը երկաթի վանդակի մեջ: Դուրս հանեցեք նրան վանդակից, իսկույն գործ կդնե իր չարությունը: Եվ իմ հետազոտության մեջ շատ անգամ ցույց տվեցի, որ կինը հենց որ իր բանտարկված վիճակից ազատվում է, ընկնում է զանազան ախտերի մեջ: Ուրեմն ի՞նչ պետք է անել, երբ թե կանանոցը և թե դրսի աշխարհը միօրինակ վատ են ներգործում նրա վրամեկը բթամտացնում է, խլում է նրանից ամեն հոգեկան զորություն, իսկ մյուսը անբարոյական է դարձնում: Այդ հարցին ես շատ անգամ եմ պատասխանել իր տեղում, իմ հետազոտության մեջ, թե պետք է նախ քան կնոջն աշխարհ դուրս հանելը, նրան նախապատրաստել աշխարհի համար, և դրա մեջ պետք է լինի կնոջ կրթության բուն խորհուրդը: Գուցե կնկատեն, թե կինն աշխարհի համար պատրաստվում է, նրան ուսումնասիրում է, հենց աշխարհի մեջ ընկնելով: Ես կպատասխանեմ, այն ժամանակ նա պետք է անցկացնե ապականության մի պերիոդ և ինքն անց կենա զանազան ախտերի միջից, մինչև փորձվի, մինչև խելքը գլուխը գաԿնոջ ազատություն, կնոջ անկախություն (эманципация), կնոջ հավասարություն, դրանք շատ գեղեցիկ բառեր են, բայց դեռ լուսավոր ազգերի մեջ ևս կենսական անվճիռ հարցերի կարգումն են գտնվում:

Իմ հոդվածի նպատակից դուրս լինելով խոսել հիշյալ խնդրի վրա, կրկին դառնում եմ դեպի հայ կինը: Գուցե ընթերցողը նկատեց, որ հայ կինը ոչ մի դասակարգի մեջ չէ հայտնվում որպես հասարակական գործիչ, որպես ազդող տարր, և որպես քաղաքակրթության ղեկավար: Նրա շրջանը ներկայացնում է դատարկ կյանքի ամենատգեղ և ամենավատ օրինակները: Դեռևս նրա սալոնը չէ հանդիսացնում մի կենտրոն, ուր հավաքվելով հասարակական գործիչ ուժերը, կինն իր խելքով և քաղցրությամբ ոգևորեր նրանց, ներշնչելով նրանց մեջ եռանդ և վստահություն: Ես ճանաչում եմ երկու կանայք միայն Թիֆլիսում, որոնց սալոնները ծառայում էին որպես կենտրոն երիտասարդության: Մեկը վախճանված է (թո՜ղ օրհնյալ լինի նրա հիշատակը), իսկ մյուսը դեռ կենդանի է: Առաջինը կարելի է համարել որպես ջերմ խնամակալուհի մի ուսուցչական խմբի, որոնց ջանքով կենդանացրուց մի օրիորդական դպրոց: Այդ առաջին օրինակն էր, որ կինը հանդես դուրս եկավ իբրև պաշտպան կրթության գործի: Իսկ երկրորդը, որ ինքը պարապել էր գրականությամբ, որ գիտեր զանազան լեզուներ, աշխատում էր լինել միջին կապ մեր մանուկ ինտելիգենցիայի ցրված ուժերի մեջ: Բայց ցավալի է ասել, որ երիտասարդությունն այն աստիճան անպատրաստ գտնվեցավ, որ հարգելի տիկնոջ սալոնը շուտով փակվեցավ նրանց առջև:

Մեր զարգացած կանայք կարող են ունենալ միայն գրականական սալոններ, բայց մեր գրականությամբ պարապվող երիտասարդությունը դեռևս այն աստիճան անկիրթ է, որ հազիվ թե իր պատիվը հասկացող մի տիկին կցանկանար նրանց առջև բաց անել իր դռները: Կնոջ սալոնի ազդեցությունը գործող երիտասարդության վրա հազարավոր օրինակներով ապացուցված է լուսավոր ազգերի մեջ: Այնտեղ ոչ միայն ոգևորվում է բանաստեղծը, ոչ միայն կրթվում է վիպասանի ճաշակը, և ոչ միայն պարզվում են պուբլիցիստի հայացքները, այլ այնտեղից ոգի են առնում երևելի քաղաքական մարդիկը: Մեզանում գրողներն ապրում են առանձնացած խմբերով և տեսնվում են ավելի կաֆեներում: Եթե որևիցե կին ընդուներ այս և այն խումբը, դուրս կգար խիստ նեղ շրջան, և այն դեպքում նրա սալոնը կծառայեր որպես գործիք մի կուսակցության, որը մեր մեջ կազմվում է ոչ թե գաղափարի անունով, այլ շահասիրական ինտերեսներով:

Կինն իր նուրբ խելքով և հրապուրիչ բնավորությամբ կարող էր լինել մի լավ կապ գործող ուժերի մեջ: Նրա սալոնում կարող էին մշակվել և հասունանալ ամեն տեսակ հասարակական խնդիրներ: Եվ կինը կարող էր առաջնորդել և խրախույս տալ գործող անձնիքներին: Եվ դրանումն է բովանդակվում կնոջ բարձր նշանակությունը, երբ նա կմասնակցեր հասարակական կյանքին, իր ձեռքում որպես գործիք վարելով տղամարդին: Եվ ոչ միայն ժողովրդի բարձր դասի մեջ, այլ իջնելով դեպի ցած, նրա բոլոր ծալքերում, կինը կարող էր հայտնվել որպես ազդող ոգի, որպես ներգործող ուժ, թե խոշոր և թե մանր բաների մեջ: Ահա՛ դրանումն է նրա մեծ հասարակական կոչումը:

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Մտադրված լինելով նկարել մի փոքր ի շատե ամբողջ պատկեր մեր ժողովրդի կյանքից, ես հարկավոր եմ համարում «Հայ կինը» հոդվածից հետո հետազոտել հայ երիտասարդությունը: Եթե ընդունում ենք, թե երիտասարդությունը է այն թարմ ուժըայն մանուկ և աճող զորությունը, որից կախված է ժողովրդի առաջադիմությունը և հատկապես նրա ապագան, պետք է լավ ուսումնասիրենք այդ տարրը: Իմ հետազոտության մեջ ես հետևելու եմ միևնույն եղանակին, որպես էր «Հայ կինը», այսինքն անցնելով մասնավորից դեպի ընդհանուրը, և գյուղական ազգաբնակությունից բարձրանալով դեպի քաղաքացիները, ես կաշխատեմ ներկայացնել մեր երիտասարդությունը ժողովրդի ամեն մի դասակարգի մեջ առանձնապես: Ես պիտի վեր առնեմ Ռուսաստանի, և գլխավորապես Կովկասի հայ երիտասարդությունը:

Ա

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

Սկսում եմ ծնունդից:

Գյուղացի ծնողները միշտ ուրախությամբ են հանդիպում տղա մանուկի աշխարհ գալուն. ծնվում է նոր ուժ, ընտանիքի մեջ ավելանում են նոր աշխատող ձեռքեր: Եթե հայրը տանը չէր, եթե նա գործում էր դաշտում, բարեկամները վազում են նրա մոտ, «ավետիք» են տանում, և ականջներիցը բռնելով, «մուշտուլուղ»90 են պահանջում: Տերտերն իր մաշտոցով իսկույն դիմում է մոր մոտ, օրհնում է նրան և նորածնին, և «փարատում է» տունը: Պառավ կնիկները դնում են մոր անկողնի մոտ մի սուր կամ պողվատի կտորներ, որ չար ոգիները չվնասեին նրան: Կրոնը և սնահավատությունը միացած, գործ են դնում իրանց բոլոր զորությունը, որ պահպանվի նոր սկսվող կյանքը:

Երբ մայրը երկար ժամանակ տղա չէ բերում, դա համարվում է աստուծո մի առանձին պատիժը. ծնողները դիմում են սրբերի բարեխոսությանը, իսկ երբ այդ էլ չէ օգնում, դիմում են կախարդներին: Գյուղերում շատ անգամ կարելի է տեսնել տղաներ չկտրված երկար մազերով, որ աղջիկների նման հյուսած գիսակներ ունեին. դրանք ուխտյալ, կամ այս և այն տաճարին նվիրված մանուկներ են, որովհետև աշխարհ էին եկել սրբերի շնորհիվ: Ամեն մի սրբից շնորհված մանուկը համարվում է նրա «ղուլը» (ճորտ) և կրում է նույն սրբի անունը: Բայց պետք էր ճորտին թափել իր ճորտությունից, և այս մտքով նվիրված մանուկին մինչև յոթ տարի ուխտ են տանում բարերար սրբի տաճարը նրա տոնախմբության օրում, և ամեն անգամ տղայի փոխարեն զոհում են մի ոչխար: Երբ տարիների խորհրդավոր թիվը լրանում է, մանուկի մազերը կտրում են: Տղաների տաճարներին ընծայումը հայտնի է մեր պատմության մեջ նրա միֆական ժամանակներից, երբ Անուշավանը նվիրվեցավ Արմավիրի սոսիներին:

Երբ նորածինը տկար էր երևում, նրան եկեղեցի չեն տանում մկրտելու համար, այլ այդ խորհուրդը կատարում են տանը օջախի (թոնրի) մոտ, խմոր հունցելու տաշտի մեջ, և մկրտության ջրով սրսկում են ամբողջ տունը: Նրա վզից քաշ են տալիս մի փոքրիկ խաչ, իսկ գդակի վրա շատ անգամ կարելի է տեսնել կարած արծաթյա մահիկ (կիսալուսին), որ ազատ էր պահում նրա անձը չար աչքից և չար ոգիներից: Հուլունքներով զարդարած բազբանդները (բազկակապ), որ կապում են տղայի թևքերի վրա, նույնպես կախարդական նշանակություն ունեն: Գինտերը տղա մանուկների համար միևնույն զարդն են համարվում, որպես աղջիկների համար: Բայց գնտեր արևելքում կրում են կնիկները և ստրուկները միայն, — երկու արարածներ, որոնց վիճակը շատ չէ տարբերվում միմյանցից... Երեխան փոքր հասակից սկսում է տեսնել նյութական և շոշափելի առարկաների մեջ աներևույթ զորության ներկայությունը, մինչև արծաթյա մահիկից նա հասնում է ամենաբարձրյալի գաղափարին: Նրա կյանքի մեջ կատարվում է այն, ինչ որ կատարվում է ամբողջ մարդկության կյանքի մեջտղայության պերիոդի նյութապաշտությունից անցնել զարգացած պերիոդի ոգեպաշտությանը:

Երբ մանուկը դառնում է 3-4 տարեկան, երբ սկսում է խոսել, մտածել, վազվզել և փոքրիկ չարություններ գործել, այն ժամանակից սկսվում է նրա ընտանեկան դաստիարակությունը: Երկու գլխավոր ուժեր ներգործում են մանուկին չափի և պատշաճի մեջ պահելու համար, մեկը` ֆիզիքական կոպիտ ուժը` ծեծը, իսկ մյուսը` բարոյական ուժը, որ արտահայտվում է երկյուղի և խոստման մեջ: Պատիժ և խոստումահա՛ երկու գործիչներ, որ իշխում են մարդու բարոյականության վրա, սկսյալ երեխայությունից մինչև նրա մահը: Ծեծել, պատժել երեխային, որ չարություն չգործե, կամ խոստանալ նրան զանազան հրապուրիչ բաներ, որ իրան կարգին պահեդրանք գլխավոր միջոցներ են հոգատար ծնողների կողմից երեխային խրատելու համար: Բայց միևնույն միջոցները գործ են դրվում և ոգիների անուններով: Երկյուղ տալ երեխային դևի, չար սատանայի, ալքերի, խլվլիկի, մարդագայլի, դերվիշի և այլ սարսափելի անուններով, և միևնույն ժամանակ հրապուրել նրան աստուծո, հրեշտակների և սրբերի խոստումներովայդ բոլորն ավելի նուրբ միջոցներ են երեխային կրթելու համար: Այս տպավորությունները մնում են մանուկի մեջ մինչև նա իր հասակը առնում է, ծերանում է, և նրա հետ գերեզման են մտնում: Երեխան սովորում է վատ բան չգործել, ոչ թե նրա համար, որ վատը վատ է, այլ նրա համար, որ ծնողները կպատժեն նրան` կամ ծեծելով, և կամ զրկելով մի լավ բանից: Նրա ամբողջ կյանքում այդ մտքերն իշխում են նրա վրա: Նա սովորում է չար բան չգործել, ոչ թե նրա համար, որ իբրև մարդ, և իբրև մարդկային ընկերության անդամ պարտավոր էր բարի լինել, այլ վախենում է իշխանությունից` երկնքի և աշխարհի իշխանությունից, վախենում է այն տանջանքներից, որ սպառնում են այդ երկու իշխանությունները, և վախենում է զրկվել այն խոստումներից, որ արել էին նրան:

Դաստիարակության այդ բթացնող սպանիչ եղանակն այն հետևանքն է ունենում, որ ոչ միայն խլում է մանուկից նրա ինքնուրույն, ազատ զարգացումը, և ոչ միայն բարոյապես մեռցնում է նրան, այլ նա իր ամբողջ կյանքում մնում է երկչոտ, թուլասիրտ, խոնարհվող և գլուխը ծռող ամեն մի զորության առջև: Նա դառնում է մի բարոյական մեքենա, որ բարի է նրա համար միայն, որ վախենում է չպատժվել չար լինելուց: Իսկ երբ այդ վախը, այդ երկյուղն անհետանում են նրա սրտից, էլ ոչինչ չէ մնում նրան օրինավորության մեջ պահելու համար և նա դառնում է ամենասարսափելի անբարոյական:

Ինչ որ ավելի ցավալին է, դա է գյուղական մանուկների սաստիկ մահացությունը: Թեև այդ մասին չունենք վիճակագրական տեղեկություններ, բայց կարելի է ասել, որ նրանց մեծ մասը մեռնում են մոտավորապես դեռ հինգ տարեկանին չհասած, այնուհետև, որպես ինքը գյուղացին ասում է` «երեխան շապիկը պատռում է», այսինքն` աճում է, մեծանում է, և կարող է դիմանալ կյանքի խիստ պայմաններին: Երեխաների բազմաթիվ մահացության գլխավոր պատճառը պետք է որոնել նրանց վատ պահպանության մեջ: Մեր գյուղացիներն ավելի հոգ են տանում իրանց փոքրիկ անասուններին, քան թե որդիներին: Անասունների վիճակն իրանցից կախում ունի, բայց որդիների հոգսը թողնում են աստուծո վրա: Որպեսզի կարողանամ մի փոքրիկ գաղափար տալ, թե որպիսի շրջանի և պայմանների մեջ է սկսվում մանուկի կյանքը, հարկավոր եմ համարում մի քանի մանրամասնությունների մեջ մտնել: Երևակայեցեք ձեզ մի խոնավ և գետնափոր խրճիթ, առանց օդի և առանց լույսի, որ ինքնըստինքյան սպանիչ ազդեցություն ունի երեխայի դեռ տկար կազմվածքի վրա, որը տակավին չէր սորված կեցության վնասակար խստություններին: Մահճակալ կոչված կարասին բոլորովին անծանոթ բան է այս խրճիթներում. մի տախտակի կտոր անգամ չեք տեսնի, որ ձգած լիներ հատակի վրա. երեխան պառկում է սառն, խոնավ և մերկ գետնի վրա, փաթաթված ցնցոտիների մեջ: Չսորված մարդը կարող էր իսկույն ռևմատիզմ ստանալ: Ավելացրեք դրանց վրա վատ կերակրելը. սովորություն չէ երեխային սեղան նստեցնել: Նա ուտում է ոտքի վրա ինչ որ ձեռքն ընկնում է: Ավելացրեք վատ հագուստը, տարվա բոլոր եղանակներում կարելի է տեսնել նրան միևնույն հագուստով, որ հազիվ ծածկում է մարմինը: Այդ լինում է ոչ թե աղքատների մեջ միայն, այլ հարուստներն անգամ խիստ փոքր հոգ են տանում որդիներին լավ կերակրելու և եղանակների համեմատ հագցնելու մասին: Իսկ ինչ վերաբերում է կեղտոտության, այդ արդեն չափն անցնում է: Դրա մեջ մեղավոր են գլխավորապես մայրերը, որ իրանք էլ, քիչ է պատահում, որ ամեն առավոտ իրանց ձեռները և երեսները լվանային: Բայց երեխան ամբողջ օրը նրանց աչքի առջև թավալվում է ցեխերի մեջ, «վնաս չունի, թող ջանը պնդանա», ասում են, և ուշադրություն չեն դարձնում: Բայց կա և մի գլխավոր պատճառ, որ ավելի մեծ դեր է խաղում գյուղական երեխաների մահացության մեջ: Մեզանում ոչ մի գյուղ չեք գտնի, որ բժիշկ ունենար: Վիճակային բժիշկներն այցելություն են գործում մի գյուղ այն ժամանակ միայն, երբ պատահել էր մի սպանություն և պետք էր պաշտոնական քննություն անել: Նրանք հիվանդների հետ գործ չունեն: Պատահում է, որ գյուղացու երեխան հիվանդանում է. ծնողները նրա վրա ուշադրություն չեն դարձնում, և անմիջական օգնության չեն դիմում, քանի որ նա ոտքի վրա էր, բայց երբ ուժերը թուլացան, երբ պառկեց, այն ժամանակ միայն համարում են նրան հիվանդ: Սովորական միջոցները, որ գործ են դնում բժշկության մեջ, են ֆալչիների և գրբացների կախարդությունները, կամ մի քանի տնային դարմաններ, որ անխտիր ամեն հիվանդության համար բանեցնում են. այժմ հիվանդի բախտիցն էր կախված, թե որքան գործ դրած հնարները կօգնեին նրան: Ահա այսպիսի փորձությունների միջից է անցնում գյուղացի մանուկը. բայց երբ մի անգամ ազատվեցավ նա, երբ տարիքը առեց, այնուհետև նրա կազմվածքը կարողանում է պատերազմել սարսափելի խստությունների դեմ:

Ընտանիքի ճնշումն ամենափոքր հասակից պատրաստում է մանուկին լինել ճկուն, ծալվող և համբերող: Ամոթխածությունը, միամտությունը և մինչև խուլումունջության հասցրած լռությունը համարվում են նրա մեջ պարկեշտության նշաններ: Նա դառնում է դանդաղկոտ, աշխույժը և եռանդը խեղդվում են նրա մեջ, և դեռ չմանկացած, ծերանում է նա: Չեք տեսնի գյուղացի մանուկի մեջ այն մշտազվարճ կենդանությունն, այն ուրախ, մշտածիծաղ դեմքը, որ հատուկ է նրա հասակին. նա միշտ տխուր է, և միշտ, կարծես, մի բանի վրա մտածում է: Դանդաղկոտությունը տիրում է նրա ամբողջ գոյության վրա. նրա քայլերի, նրա ամեն մի շարժվածքի մեջ չէ նկատվում ոչ մի համարձակություն, և նա զուրկ է մնում այն սատանայական ճարպիկ չարաճճիությունից, որ տալիս է մանուկի բնավորությանն ավելի կենդանություն:

Ոչինչ այնպես չեն արգելում երեխային, որպես խաղը, մինչև անգամ ամենահամեստ խաղը: Խաղամոլ երեխան ոչ սակավ անգամ պատժվում է իր անմեղ զվարճությունների համար: Բայց մանկական բնավորությունը երբեմն ելք է գտնում խոտորվելու ծնողների խստությունից և իր պարապ ժամերը նվիրելու զանազան խաղերի: Ես մեջ կբերեմ մի քանի տեսակ խաղերի նկարագիրը, ցույց տալու համար, թե այդ խաղերը նոր հնարված չեն, այլ մնացել են հայերի հոյակապ անցյալից, երբ մեր նախնիքն մի առանձին հոգ էին տանում իրանց զավակներին կրթելու մարմնամարզական վարժությունների մեջ: Մուշտեկռիվն այն պատմական խաղերից մեկն է , երբ զենքերը տակավին կատարելագործված չէին, և մարդը ստիպված էր իր զորավոր բազուկները կրթելու, որ հարկադրված ժամանակում գործ դներ իր թշնամու դեմ: Երեխաները երկու խմբերի բաժանված, հարձակվում են միմյանց դեմ, և մուշտիների (բռունցքների) հարվածներով աշխատում են հետ մղել հակառակորդին, և երբ մի խումբը նահանջում էր մյուսին իր բռնած դիրքից, հաղթությունը տարած էր համարում:

Գոտելախտին նույն պատերազմական բնավորությունն ունի, որպես մուշտեկռիվը, այն զանազանությամբ միայն, որ մանուկները մուշտիների փոխարեն գործ են դնում իրանց գոտիներից ոլորած լախտերը:

Արթուրման (ոստնուլ) և վազը (վազ տալը) այն մարզությունների տեսակներիցն են, որոնց մեջ մի ժամանակ վարժվում էին և սպարտացոց մանուկները: Արթուրման կատարվում է թռչելով մի որոշյալ բարձրության վրայից. մանուկներից մեկը կռացած դիրք է ընդունում և բոլոր մնացածները նրա վրայից թռչում են. հետո բարձրությունը փոքր առ փոքր ավելանում է, այսինքն` կռացած մանուկը հետզհետե ուղիղ դիրք բռնելով, վերջը բոլորովին կանգնած ձև է տալիս իրան. այն ժամանակ թռչում են նրա գլխի վրայից: Բայց խաղի գլխավոր պայմանը նրա մեջն է, որ թռչելու միջոցին թռչողը չպիտի դիպչի այն առարկային, որի վրայից թռչում է:

Վազը կամ վազ տալն այն ձևով, որ կատարվում է մեր մանուկների մեջ, մի դժվարին վարժություն է թոքերը զարգացնելու և ոտներին արագաշարժություն տալու համար: Որոշվում է մի ասպարեզ, որի ծայրին դրած էր մի նշան, և մինչև նշանակած կետն ասպարեզի բոլոր տարածությունը, սաստիկ վազելով, պիտի անցնե մրցողն այն պայմանով, որ ամենևին շունչ չպիտի առնե. և որպեսզի մյուսներին հայտնի լինի, թե նա շունչ չէ առնում, պետք է վազելու միջոցին անընդհատ կերպով արձակե մի տեսակ ձայն: Մականախաղը (հոլ) խաղում էին մեր նախարարների որդիքն անգամ. երեխաները երկու խումբ բաժանված, յուրաքանչյուրն ունի ձեռքին բռնած մի երկայն փայտ (վարոց), որը կեռ ծայր ունի, և փայտի կեռ ծայրովն ամեն մեկն աշխատում է հափշտակել իր հակառակորդից նույնպես փայտից շինած մի գնդակ, որ ձգած է գետնի վրա, և այնպես, մինը մյուսից խլելով, գնդակը քշում են դեպի հակառակ կողմը, մինչև հասցնում են նշանակված տեղը: Այս խաղը հին ժամանակներում խաղում էին ձիու վրա նստած, և նույնպես մականներով, որ նշանակում է կեռ ծայր ունեցող փայտ կամ գավազան: Գնդախաղի տեսակները զանազան են, որոնցից նշանավոր է մազուն91. դա իսկապես բիլիարդի խաղն է, միայն դեռ իր նահապետական ձևի մեջ մնացած: Մազուի գնդակները շինված են լինում գունավոր գրանիտից, և ձեռքով գլորում են հարթ գետնի վրա, աշխատելով գնդակները միմյանց դիպցնել, և ձգել գետնի վրա փորած փոքրիկ փոսերի մեջ: Տուշը (չիլիկաջոխին) առաջին փորձն է նետաձգություն սովորելու: Փայտից շինված նետեր և աղեղներ մինչև այսօր գործ են ածում մեր երեխաները: Պարսաքարով (շուլդուր) նրանք խիստ ճարպիկ կերպով դիպցնում են նպատակին: Ջիրիդը92 դեռևս հիշեցնում է հին նիզակախաղը. զարգացած պատանիներն այդ խաղը խաղում են ձիու վրա նստած: Մնացած խաղերի մեջ նշանավոր են ճանը (վեգ) և դաման (շարուքար). վերջինը շախմատի խաղի նմանություն ունի և խաղում են ավելի զարգացած տղաները:

Следующая страница