Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Խաղերի տեսակներն այնքան զանազան են հայ մանուկների մոտ, որ առանձին ուսումնասիրության արժանի են, բայց ես մի փոքրիկ գաղափար տալու համար բավականանում եմ այդքանով միայն: Պետք է նկատել, որ ինչպես վերևում հիշեցի, ծնողները սաստիկ արգելում են խաղը, և եթե մանուկները ժամանակ են գտնում խաղալու, դա կատարվում է որպես կոնտրաբանդա: Գյուղացին այնքան պետք ունի օգնականի, որ ամենափոքր հասակից սովորեցնում է իր մանուկին աշխատության, որ նա գնահատե ժամանակը և հեռու մնա դատարկությունից: Պետք է օգուտ քաղել փոքրիկ ուժից, և աշխատությունների ծանրությունը համեմատաբար աճում է նրա տարիների հետ: 5-6 տարեկան հասակում նրան սովորեցնում են կատարել տնային թեթև ծառայություններ. 8-10 տարեկան հասակում նրան կարելի է տեսնել կալի մեջ, նստած կամնասայլի վրա, քշում է եզները: 12 տարեկան հասակում նա արածացնում է հորթերը, գառները կամ նստած լծան վրա, օգնում է իր հորը գութանը վարելիս. իսկ 15 տարեկան հասակում նա իր ձեռքն է առնում բահը և մանգաղը: Ոչինչ այնքան չէ կարող զարմացնել ժողովրդի ստոր դասի վիճակով հետաքրքրվողներին, որպես գյուղացի մանուկի աշխատասիրությունը: Նա ամբողջ տարին անգործ չէ մնում, տարվա ամեն մի եղանակում նրա հասակի և ուժի համեմատ գործեր կան: Տղայությունից սնվելով և աճելով խիստ պայմանների մեջ, նա հեռու է մնում փափկությունից և թուլացնող քնքշություններից. անձրևը, կարկուտը, ձյունը, ամառվա տոթը, ձմեռվա ցուրտը միօրինակ այրում են նրան, թրծում են, մխում են և տալիս են նրա կազմվածքին ուժ և երկաթի ամրություն: Ամեն պայմանները պատրաստում են նրան վշտալի կյանքին դիմանալու համար:

Ֆիզիքական կրթության հետ լծորդաբար տարվում է մանուկի և բարոյական կրթությունը, որ պայմանավորվում է գլխավորապես խոնարհության, համբերության և միամտության մեջ: Ամենափոքր հասակից նա գիտե, թե պետք էր տերտերի աջը համբուրել, հասակավոր մարդերին գլուխ տալ և պառավ տատին ու ծերունի պապին չբարկացնել: Նա գիտե, թե տանը հյուր եկած ժամանակ պետք էր սեղանի մոտ սպասավորել, կամ ձեռքերը սրտին դրած և կանգնած սպասել հոր հրամաններին, մինչև հյուրերը ուտեին, խմեին, հետո նրանց ձեռքերի վրա պետք էր ջուր ածել, որ նրանք լվացվեին և այլն: Ընտանիքի մեջ ամենի առջև խոնարհվում է նա բացի իր քույրերից: Ծնողների գործ դրած խտրությունն աղջիկ զավակի և տղա մանուկի մեջ շատ վաղ զգալ է տալիս վերջինին իր գերազանցությունը. նա սկսում է բռնանալ քրոջ վրա և երբեմն ծեծել նրան: Ծեծելով քրոջը, նա սովորում է ծեծել և իր կնոջը: Տղամարդի բռնակալությունը տկար սեռի վրա սկսվում է երեխայությունից:

Գյուղացի մանուկը խիստ փոքր հասակից անձնատուր է լինում ցնորամտության: Նախապաշարմունքներով և սնահավատությամբ լի ընտանիքն ազդում է նրա մեջ ֆանտազիայի սաստիկ զարգանալուն: Ամեն մի հասարակ երևույթ բացատրվում է նրան առասպելական առեղծվածներով: Երազը, կայծակը, ամպի որոտը, ցոլացող աստղը, արեգակի և լուսնի խավարումը, թաթառը, և մինչև անգամ կատվի մռնչյունը, բուի կռնչյունը նրա համար ունեն խորհրդավոր և գերբնական նշանակություններ: Պառավ մամիկի հրաշալի հեքիաթները վառում են, բորբոքում են նրա երևակայությունը շարժական դրախտների, կաթնի աղբյուրների, խոսող տունկերի, յոթն գլխանի դիվերի93, վիշապների, հուրիների և փերիների պատմություններով: Ես բախտ եմ ունեցել երկու տարի մի մեծ գյուղում վարժապետ լինելու. շարադրության առաջին դասերը ես տալիս էի, որ աշակերտները և աշակերտուհիները գրեին իրանց լսած առածները և առակները. երբ մի փոքր զարգանում էին, ես գրել էի տալիս իրանց գիտցած հեքիաթները: Որքա՛ն շատ հեքիաթներ իմանում էին նրանք: Ամենահմուտ վիպասանը չէր կարող այնպես պարզ, այնպես բնական խոսքերով շարադրել մի հեքիաթ, որպես գրում է մանուկը. նրա տղա հասակին խիստ հատուկ է մարդկության տղայամտության ստեղծագործությունը:

Եվ զարմանալի չէ տեսնել, որ բացի կլիմայական պայմաններից, կան և ուրիշ շարժառիթներ, որոնք նպաստում են մանուկի շուտ հասունությանը: 15-16 տարեկան հասակում նրա մեջ արդեն զարթնում են կրքերը. սիրուն աղջիկ տեսնելիս նրա սիրտը բաբախում է, և սկսում է իր ընկերների հետ գաղտնի խոսել կնիկների վրա: Բայց ընտանեկան խիստ օրենքները, գյուղացի կնիկների անմատչելիությունը դեռևս երկար պահում են նրա նոր բորբոքվող սիրտը մանկական անմեղ ողջախոհության մեջ:

Կյանքը ոչ բոլորովին զուրկ է մեր գյուղացի մանուկների համար հոգեկան և մտավոր սնունդից, որ մատակարարում է նրան ժողովրդական բանաստեղծությունը, որ դեռևս պահպանված է իր մաքուր, լուսապայծառ պարզության մեջ: Գողթանի հին երգիչներին, հայոց հին վիպասաններին այժմ փոխարինում են աշղները: Նա իր սազով շրջում է գյուղից գյուղ, երգում է և վեպեր է պատմում: Գյուղերում շատ անգամ կարելի է տեսնել աշղին, ամառային լուսնկա գիշերների պահուն, հրապարակի վրա, արձակ, աստղալից երկնքի տակ, սազը ձեռին, խորին ոգևորության մեջ երգում է, ածում է և պատմում է մի վեպ լի հերոսական և սիրահարական արկածներով: Գյուղացիները նրա շուրջը հավաքված, նստել են մերկ գետնի վրա և ուշադրությամբ լսում են սիրելի երգչին:

Գյուղական կյանքում շատ բաներ նպաստում են մանուկներին, որ նրանք չլինեին անզգա, անսիրտ, դարտակ և զուրկ մարդկային ազնիվ կրքերից: Ամեն գյուղերում գտնվում են մի տեսակ տեղեր, որ ուրիշ խոսքով կարելի է կոչել գյուղական կլուբներ, իսկ գյուղացիներն անվանում են օդա94: Օդան ախոռատան մի բաժանված մասն է, որ ունի իր մեջ վառարան, հատակը ծածկված է հարդով, որի վրա սփռված են հասիրներ (փսիաթ) և որը ձմեռը խիստ տաք է լինում անասունների շնչառությունից և խիստ հարմար ժողովարան է գյուղացիների համար: Ամենամաքուր օդա ունենում են գյուղի տանուտերը կամ փոքր ի շատե կարողություն ունեցող գյուղացիները: Բայց գլխավոր կենտրոն լինում է տանուտերի օդան. այստեղ հավաքվում են գյուղացիները և անց են կացնում ձմեռվա երկար գիշերները: Այստեղ լինում են ամեն տեսակ խոսակցություններ, դատում են իրանց հասարակական գործերի վրա, պատմում են իրանց կյանքում պատահած զանազան արկածներ, կատակներ և սրախոսություններ են անում, առակներ և առածներ են ասում, և երբեմն գյուղական տերտերը կամ տիրացուն իրանց խելքին զոռ են տալիս և սկսում են խոսել սրբերի, հրեշտակների, սատանաների, դժոխքի, արքայության վերջին դատաստանի մասին այնպիսի առասպելական ավանդություններ, որ ոչ մեկ գրքի մեջ չեք գտնի: Մանուկ սերունդը, թեև չէ մասնակցում ծերունիների զրույցներին, բայց հավաքված նրանց շուրջը, լսում է նրանց իմաստալից խոսակցությունները:

Օդաներն ավելի կյանք են ստանում, երբ այնտեղ հայտնվում են աշղները: Այդ կույր Հոմերոսները, որ մի ժամանակ իրանց երգերով զմայլեցնում էին մեր թագավորների և նախարարների պալատները, այժմ զվարճացնում են գյուղացու ձմեռային օդան: Աշուղը գիտե հարյուրավոր բերանացի վեպեր, որոնք դեռ ոչ թղթի վրա են գրվել և ոչ տպագրության մամուլի տակ են ճնշվել: Նրա վեպերը երգախառն են լինում, և որպես արևելյան բորբոքված ֆանտազիայի ծնունդ, բովանդակում են իրանց մեջ սեր և հրաշալի արկածներ: Նա միանգամ սկսած վեպը հազիվ կարողանում է վերջացնել մի քանի գիշերվա մեջ: Գյուղացի մանուկները գտնում են աշղի վեպերի մեջ այն կենսատու աղբյուրը, որ կազդուրում է նրանց ոգին, ազնվացնում է սիրտը, և վառում է նրանց զգացմունքները մի սրբազան ջերմությամբ: Գյուղացի մանուկն այնքան անգամ լսել է աշղի վեպերը, որ մեծ մասն ինքն էլ գիտե: Նա գիտե արկածախնդիր Քյորօղլիի արշավանքները, գիտե Քարամի և Ասլիի սիրահարությունները, Աշղ Ղարիբի և Շահսանամի վառված սերը, Լեյլիի և Մաջնումի անձնազոհությունները. Շահ Սմայիլի քաջագործությունները, Ֆարհադի անբախտ սերըհարյուրավոր այսպիսի րոմաններ գիտե նա: Այժմյան աշղների երգերը մի բերանացի հավաքածու են իրանցից առաջ եղած երգիչների, և ամեն մի երգ կրում է իր վերջում հեղինակի անունը և այս պատճառով ամեն մի երգ զանազանվում է իր բնավորությամբ. մի մասը քնարերգություն (լիրիկա) է, մի մասը փիլիսոփայական և ըստ մեծի մասին միստիքական հայեցվածներ է բովանդակում, մի մասը խրատական կամ բարոյագիտական բնավորություն ունի, իսկ պարսավաբանական, հեգնական, ծաղրական երգերը կրում են իրանց մեջ թեև կոշտ, բայց խիստ կենդանի սրամտություններ, թե որպես կծել և կատակել գիտե արևելքցին: Այս բոլորն ազդում են մանուկների սրտի վրա և թողնում են նրանց մեջ անջնջելի տպավորություններ: Աշղն ավելի մեծ պաշտոն է կատարում ժողովրդի ստոր դասի կրթության, մտավոր և բարոյական ուղղության մեջ, քան թե տերտերը, որի չոր ու ցամաք քարոզները միայն սառցնում են, քարացնում են սրտերը:

Զարմանալի է, թե ո՛րպիսի եռանդով մեր գյուղացիներն աշխատում են, որ իրանց զավակներն ուսում ստանային: Մի անբացատրելի զորություն մղում է նրանց դեպի այդ ցանկությունը: Մեզ մոտ գյուղ չեք գտնի, որ եկեղեցուն կից մի փոքրիկ դպրոց չունենար, և ուր որ այդ չկար, մանուկները հավաքվում են գյուղի քահանայի կամ տիրացուի մոտ: Տարվա երեք եղանակներումգարունը, ամառը և աշունըմանուկները զբաղված են լինում գյուղատնտեսական գործերով, և ժամանակ չեն գտնում դպրոց գնալու, իսկ ձմեռը նրանք ավելի ազատ են տնտեսական հոգսերից և սկսում են սովորել: Բայց կան այնպիսի գյուղեր, որոնց թիվը սակավ չէ, որ ունեն կանոնավոր դպրոցներ, որոնց մեջ մանուկները սովորում են ամբողջ տարին, բացի ամառվա երկու տաք ամիսներից: Մեր գյուղացիները, մանավանդ վերջին տասն տարվա ընթացքում, այն աստիճան հասկացել են ուսման կարևորությունը, որ ամեն զոհաբերություն հանձն են առնում, որ որքան կարելի է, իրանց դպրոցները կանոնավոր վիճակի մեջ դնեին: Շատերը, որոնց նյութական դրությունը ներում է, չեն բավականանում գյուղական դպրոցներով և ուղարկում են իրանց զավակներին մերձավոր քաղաքները, կամ Թիֆլիս, Մոսկվա, Ս. Պետերբուրգ և մինչև անգամ արտասահման, բարձր, համալսարանական կրթություն ստանալու: Եվ մեր գյուղացիներից կարելի է տեսնել բազմաթիվ բժիշկներ, իրավաբաններ, տնտեսագետներ, գիտության ամեն մեկ ճյուղի մեջ ավարտածներ, և մինչև անգամ պրոֆեսորներ և բարձրաստիճան եկեղեցականներ: Առհասարակ խոսելով, պետք է ասած, որ մեր գյուղացին բոլորովին ազատ է այն նախապաշարմունքից, թե որդին պետք է լինի հոր կյանքի շարունակությունը, և բնավ չպիտի շեղվեր այն ճանապարհից, որով ապրել էին նրա պապերը: Նա, կարծես, բնազդումով զգում է իր վիճակի դաժանությունը և ցանկանում է որդու համար մի ավելի լավ վիճակ: Այդ վիճակը նրա կարծիքով կարելի է գտնել միմիայն ուսման և կրթության մեջ: Վերջին աղքատն անգամ այսպես է մտածում: Ինձ շատ է պատահել, երբ ցանկացել եմ գյուղացի մանուկներից սպասավոր վարձել, տեսնում ես, մի հեռու և անհայտ գյուղից հայրը բերում է իր որդին, երբ հարցնում ես, թե ո՞րքան պետք է վճարել, նա պատասխանում է. «աղա, ոչինչ չեմ ուզում, թող ձրի ծառայե, միայն դուք սովորեցրեք որդուս գրել և կարդալ»:

Խոսելով առհասարակ գյուղական մանուկների կրթության վրա, ես ստիպված եմ փոքր-ինչ շեղվել իմ հետազոտության նպատակից և ցույց տալ, թե ինչ են դուրս բերում մանուկները գյուղական բազմաթիվ դպրոցներից: Եթե ընդունում ենք, թե ուսումը և կրթությունը պետք է համապատասխանե յուրաքանչյուր դասի իրական պահանջներին, և պետք է լրացնե այն, ինչ որ պակաս է նրանայս կետից նայելով, մեր գյուղական դպրոցները բոլորովին ապարդյուն և մինչև անգամ վնասակար կգտնենք: Գյուղացին գործ ունի հողի և անասունների հետ: Արդյոք դպրոցը տալի՞ս է նրա որդուն փոքր-ինչ տեղեկություն, թե՜ որպես պետք էր խնամել անասուններին, որ նրանք աճեին, բազմանային և ազնվացնեին իրանց ցեղը: Արդյոք դպրոցը ծանոթացնո՞ւմ է նրա որդուն հողի որպիսության հետ և բույսերի լավ մշակելու պայմանների հետ: Դրանցից ոչ մեկը չէ անում դպրոցը: Նա սովորեցնում է մանուկներին գրել, կարդալ, հաշվել, կրոն և այլն, որոնց մեջ մեծ պետք չունի գյուղացու զավակը: Այբուբենը սոված փորին հաց չէ տալիս: Ինքնըստինքյան հասկանալի է, որ իմ խոսքը կանոնավոր գյուղատնտեսական դպրոցների մասին չէ, որ շատ ցանկալի էր, եթե մի խումբ գյուղերի կենտրոնում գոնե մի հատ գտնվեր, ես խոսում եմ գյուղատնտեսական բոլորովին մասնավոր և տարրական հմտությունների մասին, որ ամենահասարակ վարժապետը կարող էր քաղել զանազան գրքերից և հաղորդեր իր աշակերտներին: Գուցե ինձ կնկատեն, թե մենք այսպիսի վարժապետներ չունենք: Մենք իսկապես ոչ մի առարկայի համար պատրաստված գյուղական վարժապետներ չունենք, նրանք իրանք իրանց պատրաստում են, իսկ եթե կպահանջվի նրանցից կարող են սովորել և շատ բան գյուղատնտեսության մասին: Այն ևս պետք է ի նկատի ունենալ, որ մեր գյուղերում վճարում են վարժապետին ավելի շատ, քան թե մի վարժապետ ստանում է, օրինակ, Գերմանիայի մի գյուղում: Ուրեմն կարելի է լավ ընտրություն անել ուսուցիչների մեջ:

Այլ է, եթե գյուղական դպրոցներն այն աստիճան զարգացնեին մանուկներին, որ նրանք ավարտելուց հետո կարողանային ամեն գրքեր կարդալ, հասկանալ. կարողանային ինքնակրթությամբ իրանց տնտեսության վերաբերությամբ հմտություններ ստանալ: Այդ անել անկարող են նրանք, որովհետև դպրոցներից խիստ փոքր գիտություն են դուրս բերում: Բայց այդ փոքր գիտությունն ավելի խանգարում է նրանց օրինավոր գյուղացիներ լինել, քան թե նպաստում է: Կիսակատար և թերի կրթությունը միշտ հպարտացնում է ուսանողներին: Մանուկները մի բան սովորելով, լավ ևս է ասել` ոչինչ չսովորելով, սկսում են այնուհետև արհամարհանքով նայել իրանց ծնողների պարապմունքի վրա. նրանք դառնում են մի տեսակ թշվառ արարածներ, որ կորցնում են իրանց հակումը դեպի ծնողների ապրուստի ավանդական եղանակը, և մի նոր ձև, մի նոր եղանակ էլ չեն սովորում, և այսպիսով մնում են «ավարա»` այսինքն` մոլորվածոչ այս և ոչ այն: Գյուղը սկսում է անտանելի լինել նրանց, և միակ ելքը, որ գտնում են իրանց դժվար դրությունից դուրս գալու համար, այն է, որ դիմում են դեպի օտար երկրներ նոր ապրուստ գտնելու: Ահա ինչով է բացատրվում գյուղացի մանուկների սաստիկ գաղթականությունը դեպի քաղաքները: Այս դեպքում մեծ ազդեցություն է գործում օրինակը: Այս ինչ գյուղացու որդին, ուսում ստանալով, դարձավ աստիճանավոր, բժիշկ, վարժապետ, բարձրաստիճան եկեղեցական, կամ հարուստ վաճառականմյուսներն աշխատում են, որ իրանք էլ միևնույն բախտավորությանը հասնեին: Այստեղից առաջ է գալիս գյուղացի մանուկների սաստիկ հոսանքը դեպի մերձավոր և հեռավոր քաղաքները: Մի գաղտնի և մանուկի համար անհասկանալի դրություն քաշում է նրան դեպի քաղաքը. նա դիմում է այնտեղ լի անորոշ հույսերով, ինքնավստահ, և միանգամայն հանձնված իր բախտին: Տարակույս չկա, որ այսպիսի անփորձ և անմեղ բախտախնդիրներից ոմանք անտարբերությունից, ոմանք խնամակալ չունենալով, ընկնում են քաղաքների մոլորությունների մեջ և դառնում են թշվառ արարածներ, բայց մեծ մասը հասնում են իրանց նպատակին:

Գալով քաղաքը, գյուղացի մանուկն անպատճառ ունի մի նպատակ: Եթե ցանկանում է նա վաճառական դառնալ, մտնում է մի վաճառականի մոտ որպես «դուքնի աշակերտ». նա ոչինչ վարձ չէ պահանջում, միայն թե տային նրան հաց և հագուստ: Երբեմն մինչև տասն տարի անտանելի նեղությունների համբերելով, վերջապես նա փոքրիկ գումարի տեր է դառնում և սկսում է իր համար մի առանձին առևտուր անել: Նա բացի սովորելուց առևտրական եղանակները, միևնույն ժամանակ ստանում է վարպետից նրա բարոյականության լավ կամ վատ հատկություններ: Միևնույն կերպով են սկսում իրանց ասպարեզը և այն մանուկները, որոնք ցանկանում են որևիցե արհեստ սովորել. աշկերտությունից անհնարին նեղությամբ հասնում են վարպետության: Քաղաքների թե վաճառականները, թե արհեստավորները մեծ հոժարությամբ ընդունում են իրանց մոտ գյուղացի մանուկներին, որովհետև նրանք հավատարիմ են լինում, չեն գողանում, և շուտ սովորելով, օգուտ են տալիս իրանց վարպետներին:

Որպես հայ աղջիկներից չէ կարելի գտնել աղախիններ, այնպես էլ հայ մանուկներից չէ կարելի գտնել տան սպասավորներ: Բացառությունները խիստ աննշան են: Եթե հայ մանուկը մտնում է մեկի մոտ ծառայելու, անպատճառ նպատակ ունի մի բան սովորել, որ կազատեր նրան ստոր պարապմունքից:

Ոչ սակավ հետաքրքրության արժանի է, թե որպիսի եռանդով, որպիսի անձնվիրությամբ և առանց բնավ միջոցների գյուղացի մանուկը քաղաքում աշխատում է ուսում ստանալ: Դա մի կատարյալ նահատակություն է, որի մասին կխոսեմ իր տեղում, երբ կնկարագրվի առհասարակ մեր ուսանողների դրությունը:

Գյուղացի մանուկների սաստիկ հոսանքը դեպի քաղաքները զրկում է գյուղական ժողովրդին իր թարմ ուժերից և թուլացնում է նրա աճելությունը: Մանուկը քաղաքում սովորելով որևիցե արհեստ, կամ վաճառականություն, և կամ ուսումնական դառնալով, այլևս սովորելով քաղաքի կյանքին և հեշտություններին, այլևս չի վերադառնում իր հայրենական տունը, որովհետև իր արհեստը, իր գիտությունը գյուղում գործադրություն չեն գտնում: Նա բնակություն է հաստատում քաղաքում, այնտեղ ամուսնանում է, և այնտեղ էլ ապրում է մինչև իր կյանքի վերջը: Երբեմն միայն գնում է տեսնելու իր ծնողներին և ազգականներին, և եթե իր դրությունը ներում էր, ծնողներին, քույրերին, եղբայրներին իր մոտ է բերել տալիս, և այսպես գյուղական հասարակությունը զրկվում է մի ծուխից: Բայց որքան այդպիսի ծուխեր են մարում ամեն տարի:

Գյուղական մանկտու սաստիկ հոսանքը դեպի քաղաքները, թեև, որպես հիշեցի, մի կողմից զրկում է գյուղացուն իր թարմ ուժերից, բայց մյուս կողմից մտցնում է գյուղերի մեջ նոր կյանք, նոր քաղաքակրթված տարր: Քիչ չէ պատահում, այն երիտասարդները, որոնք քաղաքներում զարգացել էին, աչքները բացվել էին, և հասկացել էին կյանքի նպատակը ու պահանջները, կրկին վերադառնում են գյուղը, հորդորում են իրանց հայրենակիցներին կրթության գործի մեջ, դպրոցներ հիմնել տալով, և նրանց հասարակական կյանքի և տնտեսության մեջ նոր ձևեր, նոր բարվոքումներ մտցնելով: Օրինակներ շատ են եղել, որ մի գյուղացի պատանի, մանկության հասակում քաղաքը գնալով, այնտեղ մնալով և հարստանալով, դարձյալ չէ մոռացել իր ծնված տեղը, և հայրենասիրական զգացմունքից դրդված, կամ բոլորովին իր ծախսով, կամ օժանդակություններ հավաքելով, հիմնել է իր հայրենի գյուղում մի դպրոց, և կամ օգնել է իր հայրենակիցներին այս և այն տնտեսական գործի մեջ: Այսպիսով գյուղացիները դուրս են գալիս իրանց անշարժությունից և իրանցից բաժանված ուժերն առաջնորդում են նրանց դեպի առաջադիմություն:

Գյուղացի մանկտին չափազանց առաձգական և դյուրաթեք բնավորություն ունի. նա շատ չէ ենթարկվում պապերից մնացած ավանդական սովորություններին ոչ միայն կյանքի մեջ, բայց և պարապմունքների մեջ: Նրա մոտ չէ կարելի տեսնել այն քաստայական ջոկությունը, որ պահում է գյուղացուն իր անփոփոխ, անշարժ և քարացած միակերպության մեջ: Բավական էր մի օրինակ, բավական էր, որ հանգամանքները նպաստեին նրան, նա արդեն փոխում է իր կացության ձևերը: Այս է պատճառը, որ մենք չունենք գյուղական ազգաբնակություն իր նեղ նշանակությամբ վեր առած: Տեսնում ես, նա պարապում է հողի մշակությամբ, այգեպանությամբ, անասնապահությամբ և այլն, իսկ միևնույն ժամանակ վաճառականություն է անում, մտնում է արքունական կապալների մեջ, և հենց որ փողի տեր դարձավ, էլ չես ճանաչի երեկվա կոշտ, գռեհիկ գյուղացուն, նա ոտքից գլուխ փոխվում է, և ցույց է տալիս բոլոր ձևերը փոքր ի շատե կրթված քաղաքացու: Ես կբերեմ մի համեմատություն: Վեր առնենք օրինակի համար ռուս մուժիկին, նա որքան էլ հարստանա, մինչև անգամ միլիոնի տեր դառնա, դարձյալ կմնա նույն մուժիկը, դարձյալ կտեսնես նրան ահագին մորուքով, ուղիղ կտրած երկայն մազերով, կարմիր չթեղեն շապիկով, մինչև ծնկները վեր քաշած կոպիտ կոշիկներով, և ուսերի վրա ձգած տուլուփով. թե քաղաքում և թե գյուղում նա միևնույն հագուստն է կրում, միևնույն ռամկական լեզվով է խոսում, և միևնույն կերպով թեքվում է, մինչև գետին խոնարհվում է և գլուխ է տալիս, երբ գործ ուներ մի դեղին կոճակավոր մունդիրի հետ: Հարստությունը և միջոցները չեն փոխում նրան. բնակվում է սովորական խրճիթի մեջ, ուտում է իր «ըշչին» փայտե ամանի մեջ, փայտե գդալով, խմում է արաղ և «կըվաս», հաստացնում է փորը, օրըստօրե բթանում է, հիմարանում է: Բայց մեր նորահաս գյուղացին այսպես չէ: Նյութական միջոցների համեմատ նա փոխում է և ապրուստի ու կացության ձևերը: Ես տեսել եմ գյուղացի երիտասարդներ ցիլինդրով, գունավոր նուրբ ձեռնոցներով, օսլայած սպիտակ շապիկներով, հագնված որպես մի փարիզյան ֆրանտ, մատին դրած ունի բրիլիանտ մատանի, ոսկի ժամացույցով, խոսում է զանազան լեզուներով, լրագրեր է կարդում, եղել է եվրոպական զանազան քաղաքներում, դատում է պոլիտիկայի վրա, բնակվում է ճաշակով կահավորված տան մեջ, որի լուսամուտները զարդարած են գույնզգույն ծաղիկների թաղարներով: Իհարկե, բացառությունը մեծ է, մանավանդ այն գյուղերի վերաբերությամբ, որ հեռու են քաղաքներից և մեծ ճանապարհներից, որ ընկած են խուլ անտառների, անմատչելի լեռների և անհայտ ձորերի մեջ:

Անցնում եմ դեպի այն երիտասարդությունը, որ գյուղից դուրս չէ եկել, քաղաք չէ տեսել, որ դեռ պահպանել է իր պապերի ընտանեկան և ավանդական հատկանիշները:

Բարոյականությունը մանուկ սերնդի մեջ պահպանելու համար գյուղացի ծնողներն աշխատում են շուտով ամուսնացնել իրանց որդիներին: 15-16 տարեկան հասակում նրանք արդեն կնոջ տեր են, իսկ դեռ քսան տարեկան չեղած, զավակներ ունեն: Սովորած լինելով ամեն պետքերի մեջ ընդունել ծնողների հաճությունը, և՛ կնոջ ընտրության մեջ պատանին խոնարհվում է նրանց կամքին: Նա իր սրտից չէ հարցնում` արդյոք սիրո՞ւմ է աղջկան թե ոչ, և կամա-ակամա հաշտվում է անհրաժեշտության հետ: Եվ ի՞նչով կարող էր նա հասկանալ կնոջ լավ կամ վատ հատկությունները, քանի որ նա երբեք կնոջ հասարակության մեջ չէր գտնվել, չէր փորձել, և չգիտեր, թե ինչպես է լինում կնոջ սերը: Պսակեցին նրան մի աղջկա հետ, լավ թե վատ, միևնույն է նրա համարայս է, որ կամտածում է նա, նրանով գոհանում է և նրա մեջ գտնում է իր բավականությունները: Եթե հայրը գնել էր մի նոր եզ, որդին շուտով կարող էր հասկանալ, թե որքան այդ անասունը կարող էր հարմարվել գործին, որովհետև շատ այդպիսիները փորձել էր նա, բայց կնոջ հետ գործ չէր ունեցել, կինը նրա համար մի անծանոթ առարկա էր:

Կինն առհասարակ խիստ աննշան դեր է խաղում գյուղական երիտասարդության վիճակի մեջ: Նա ապրում է փակված տան չորս պատերի մեջ և պահպանվում է սաստիկ հսկողության ներքո: Եվ եթե պատահում է, որ նա տնից դուրս է գալիս, հարևանի տղան իրավունք չունի մոտենալ նրան կամ խոսել նրա հետ: Եվ ի՞նչ հաճություն կարող էր գտնել երիտասարդությունը կանանց հասարակության մեջ, երբ նրանցից կտրված էր, և երբ ամբողջ գյուղի մեջ չէր կարելի գտնել մի կամ երկու կին, որ թեթև վարքի տեր լինեին: Ես ականատես եմ եղել մի ծիծաղելի հանդեսի, թե որպիսի խայտառակությամբ գյուղական հասարակությունից արտաքսում էին մի կնոջ: Նրան նստեցրել էին էշի վրա դեպի հակառակ կողմը, այսինքն երեսը դարձրած դեպի գավակը, և նոխտայի (երասանակ) փոխարեն ձեռքումը բռնել էին տվել էշի ագին: Կնոջ գլուխը բոլորովին բաց էր և առանց ծածկոցի, ծամերը սափրել էին, իսկ երեսը սևացրած էր մուրով: Մի մարդ քաշում էր էշի նոխտան, իսկ երկու մարդիկ առջևն ընկած, մեկը թմբուկ էր ածում, իսկ մյուսը` զուռնա: Բազմությունն աղաղակներով և կատակներով ճանապարհ էր դնում ողորմելի հանցավորին դեպի գյուղից դուրս:

Պետք է նկատել, որ բարոյականությունը պահպանելու համար գործ դրված այսպիսի խիստ միջոցներն այժմ օրըստօրե թուլանալու վրա են: Բարքերի ապականությունը, որպես ժանտախտ, սկսել է վարակել գյուղական մաքուր պահված ժողովուրդը: Այս ախտից զերծ մնացել են այն գյուղերը միայն, որոնք առանձնացած են և քաղաքների հետ հաղորդակցություն չունեն և որոնք սալդաթի կամ աֆիցերի երես դեռ չեն տեսել:

Պատահում է ավելի զգայուն բնավորություն, որ իսկապես սիրում է, սիրում է մի աղջկա, որին տեսել էր, որի հետ գուցե ունեցել էր մի քանի գաղտնի խոսակցություններ: Բայց որդիների սերը երբեք չէ մտնում ամուսնական հաշիվների մեջ, որոնք միանգամայն կախված են ծնողների կամքից: Որպես որդին չէ կարող ուտել այն կերակուրը, որից ինքը ախորժում է, այլ պետք է ուտե այն, որ մայրը նրա համար պատրաստում է, որպես որդին չէ կարող հագնել այն հագուստը, որ ինքը ցանկանում է, այլ պետք է հագնե այն, որ հայրը նրա համար գնում էայնպես էլ պատանին չէ կարող կին ունենալ այն աղջկան, որին ինքը սիրում է, այլ նրան, որին ծնողներն ընտրում են: Այս պարագաներիս մեջ խիստ հատկանիշ է այն պսակը, որ տեղի էր ունեցել մի գյուղում. քահանան հարցնում է պատանուց, ցույց տալով նորահարսի վրա, թե «տե՞ր ես, սիրո՞ւմ ես»: «Հայրս գիտե, տերտեր, նրանից հարցրու», — պատասխանում է պատանին:

Առհասարակ սերը գյուղացի պատանիների և աղջիկների մեջ լոկ բանաստեղծական ֆանտազիա է, որ վերջին տարիներում նյութ դարձավ մի քանի անշնորհք և անհամ վեպիկների, բայց կյանքի մեջ նա չկա: Վեր առեք մեր բոլոր ժողովրդական երգերը և աշղների վեպերը, նրանց մեջ չեք գտնի իսկական սեր իր հոգեբանական ճշգրիտ կողմերով: Բանաստեղծը խորին հիացմունքով գովում է կնոջ թուխ մազերը, կարմիր թշերը, սևորակ աչքերը, չինարի պես ձգված հասակը, մարգարտի նման ճերմակ ատամները, և այլն, մի խոսքով, նա հափշտակված է կնոջ արտաքին գեղեցկություններով միայն, բայց նրա հոգու և սրտի մեջ ոչինչ չէ տեսնում, նրա բնավորության, բարքի և վարքի մեջ ոչինչ գրավիչ բան չէ նկատում: Դա շատ բնական է: Ի՞նչպես կարող էր սիրողը թափանցել կնոջ սրտի և հոգու մեջ, երբ նրա հետ հարաբերություն չէր ունեցել, նրա բերնից մի բառ անգամ չէր լսել: Իսկ հարաբերությունները մեր գյուղերում տղաների և աղջիկների մեջ միանգամայն կտրված են: Տղային գրավում է աղջկա արտաքին ֆիգուրան միայն, երբ հեռվից հեռու տեսնում է նրան, ինչպես շատ մարդ կարող է հափշտակվել մի գեղեցիկ արձանի արտաքին կերպարանքով, բայց հոգին և սիրտը քննել չէ կարող, որովհետև նա սիրտ չունի, որովհետև նրա լեզուն չէ խոսում: Բայց հոգու արտահայտություններն արտաքին կերպարանքի վրա տեսնելու համար պետք է ունենալ բավական կրթված ճաշակ և նուրբ դիտողություն, որոնցից զուրկ է գյուղացին:

Տարվա երեք եղանակներումգարունը, ամառը և աշունըգյուղացին այնքան զբաղված է իր մշակություններով, որ ամենևին ժամանակ չունի իր սրտի հետ խոսելու. այն ժամանակ գործում են նրա ֆիզիքական ուժերը միայն, իսկ հոգին մնում է անգործ: Բայց ձմեռը մի փոքր հանգստանում է նա, և դատարկության մեջ զարթնում են զգայական կրքերը: Ձմեռը կատարվում են գյուղական հարսանիքները, որ մոտեցնում են տղամարդերին կնիկների հետ: Գյուղական հարսանիքն ամբողջ գյուղի հարսանիքն է. վերջին աղքատը մասնակցում է այդ ընդհանուր ուրախությանը, կերակրվում է նրա սեղանից և խմում է նրա գինին: Գյուղական հարսանիքը մի մեծ մխիթարություն է, մանավանդ ջահիլ աղջիկների և պատանիների համար, որոնք շատ զուրկ են մնում ուրախալի հանդեսներից: Հարսանիքը, նայելով փեսայի հոր կարողությանը, տևում է մի քանի օրեր. առհասարակ երեք օրից պակաս չէ լինում: Ցերեկներն անց են կացնում ուտելով և խմելով, իսկ գիշերները` նվագարաններ ածելով, պար գալով և երգելով: Ձեռնաբռնուկ խաղը (յալլի) այն բարերար խաղերից մեկն է, որ առիթ է տալիս տղամարդերին շոշափել մի կնոջ ձեռք: Բայց այստեղ ևս հայկական պարկեշտությունը դրել է իր խիստ սահմանները: Պարի մեջ տղամարդն իրավունք չունի բռնել մի օտար կնոջ ձեռքը, նա անպատճառ պետք է ընտրե իր մոտ ազգականներից, կամ իր քրոջը, կամ մորաքրոջը և այլն: Ամուսնավոր կնիկները բոլորը դիմակավորված են լինում, այսինքն` երեսները ծածկված է լինում թանձր և անթափանցելի քողով, ոչինչ չէ կարելի տեսնել: Բայց ազապ աղջիկների երեսները բաց են լինում: Կին և տղամարդ, աղջիկ և պատանի միմյանց ձեռքից բռնած, կազմում են մի երկար շղթա, որ զանազան ուղղությամբ պտտվում է ընդարձակ տան մեջ: Սազանդարների ածելու եղանակով շարժվում են պարողները, լուռ ու մունջ կերպով, կարծես, կատարվում է մի բալետ իր խորհրդավոր պոնտոմիմայով: Այն գյուղերում, ուր ժողովուրդը դեռևս գտնվում է նահապետական պարզության մեջ, տղամարդերի հարաբերությունը կնոջ հետ ավելի արձակ է, և հարսանիքների մեջ կամ զանազան տոնական հանդեսներում պարերը և խաղերն ավելի զվարճալի կերպարանք են ստանում:

Հարսանիքի ժամանակ հայկական ավանդությունները երևան են գալիս իրանց նախնական պարզ կերպարանքով. հետաքրքիր աչքը կարող է տեսնել նրանց մեջ ժողովրդական հանճարի շատ ստեղծագործությունները, որ այժմ կորչելու, անհետանալու վրա են: Եթե ունեցել ենք մենք մի ժամանակ թատերական ներկայացումներ, եթե մեր նախնիքներն ևս զվարճացել են իրանց Էսքիլեսների, Սոֆոկլեսների և Էվրիպիդեսների արարչություններովայժմ նրանցից ոչինչ չէ մնացել, այժմ նրանց նշույլները միայն մնացել են գյուղական ժողովրդի մեջ, որ հայտնվում են զանազան հանդեսներում: Հարսանիքի համար ընտրում են առհասարակ ընդարձակ տներ, որ բավական լիներ բազմության համար: Եթե հարսանիքատիրոջ բնակարանը փոքր էր, դրացին տալիս է նրան իր տունը: Ամեն գիշեր սովորական կերուխումը, ուրախությունները և պարերը վերջանալեն հետո, լինում են մի տեսակ թատերական ներկայացումներ, որ ռամկի լեզվով կոչվում է օյին (խաղ): Դերասանների պաշտոն կատարում են գլխավորապես սազանդարները (նվագածուներ): Ներկայացնում են ժողովրդի կյանքից առած ծիծաղաշարժ պատկերներ, երբեմն առանց բովանդակության և երբեմն իրանց տգեղությամբ անցնում են բարոյականության չափը: Բայց այդ կոշտ, կոպիտ և անմշակ վոդըվիլները սաստիկ ազդում են մանուկ սրտերի վրա: Մանկտին նրանց մեջ տեսնում է այն գաղտնիքները, որոնք իր համար առաջ անորոշ էին, անբացատրելի էին:

Վերջապես պատանին ամուսնանում է: Հարսանիքի ուրախությունները շուտով անցնում են, որպես թե ոչինչ չէր պատահել և մյուս օրը նորափեսան սկսում է իր սովորական պարապմունքը: Կրկին սկսվում է տաժանական կյանքը: Երկու նորապսակ ամուսինների հարաբերությունները հենց առաջին օրից խիստ օտարոտի ձև են ստանում: Գյուղացու ընտանեկան պայմաններին անծանոթ մարդը, տեսնելով նրանց, կկարծե, թե նրանք խռովել են, կամ միմյանց հետ անհաշտ են ապրում: Դրսումը միասին չեն հայտնվում, իսկ տան մեջ միմյանց հետ չեն խոսում: Հարսն իր քողը չէ բարձրացնում և երեսը չէ ցույց տալիս փեսային, եթե այնտեղ ներկա էր ընտանիքի անդամներից մեկը: Միասին չեն ճաշում, ընթրիք չեն ուտում. որդին ուտում է հոր հետ, իսկ հարսը` սկեսրոջ հետ: Գյուղերում կանանց սեռի սեղանը տղամարդերից բաժանված է: Այսպես անցնում են տարիներ և շատ տարիներ. հարսը տեսնվում է իր ամուսնի հետ կամ գաղտնի, կամ գիշերը, երբ բոլորը քնած էին:

Next page