Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Ամուսնությունից հետո երիտասարդի վիճակը փոխվում է ընտանիքի մեջ. հայրը նրա հետ այլևս խստությամբ չէ վարվում, իսկ մայրը հարգում է: Նա այժմ այր է և ոչ տղա: Նրա խոսքերը, նրա կարծիքները բանի տեղ են դնում, և նա սկսում է ձայն տալ ընտանեկան խորհուրդների մեջ: Բայց աստիճանը հարաբերությունների մեջ չէ փոխվում, մնում է միևնույնը: Խորհուրդների մեջ գերակշռում է ավելի հասակավորի կարծիքը: Եթե նոր ամուսնացածը կրտսեր որդի էր, խոնարհվում է երեց եղբորը, իսկ երեց եղբայրը` հորը: Ընտանիքի գլխավորությունը պատկանում է նրան: Հոր մահից հետո նրա տեղը բռնում է անդրանիկ որդին: Որպես կրտսեր եղբայրը հնազանդվում է երեց եղբորը, այնպես էլ կրտսեր եղբոր կինը պետք է հնազանդվի երեց եղբոր կնոջը: Ինձ շատ է պատահել տեսնել գյուղերում, երբ երեց եղբայրն իր հյուրի հետ սեղան էր նստել, կրտսեր եղբայրը ոտքի վրա ծառայում էր նրանց: Փոքր եղբայրն այն աստիճան պատկառում է և հարգում է մեծ եղբորը, որ աստիճան հարգում է և իր հորը: Նրա ներկայությամբ չէ ծխում, գինի կամ արաղ չէ խմում, թեև մեծ եղբայրը գիտե բոլորը, և առհասարակ մատների միջից է նայում իրանից փոքրի այս տեսակ համեստությունների վրա:

Հոր կենդանության ժամանակ որդիների մեջ բաժանում լինել կարող չէ. եթե նրանցից մեկն անհնազանդ էր գտնվում և խանգարում էր ընտանեկան կարգերի ներդաշնակությունն, արտաքսվում է ժառանգությունից զրկված: Հոր մահից հետո եղբայրները երկար շարունակում են դարձյալ միասին ապրել, մինչև նրանք ևս ունենում են որդիներ, որոնց ամուսնացնում են և թոռների տեր են լինում: Տունը լցվում է ահագին բազմությամբ, գերդաստանը ստվարանում է և ընտանիքի կազմակերպությունն ավելի բաղադրյալ ձև է ստանում: Երբ հին սերունդն անցնում է, մնում են ջահիլներն, այդ ժամանակ առաջ է գալիս բաժանմունքը. հանկարծ մեկ մասնատված գերդաստանից կազմվում են 5-6 ընտանիքներ: Բայց նկատողության արժանի է այն, որ գյուղացի հայրերը չափազանց հեռատես են լինում և իրանց կենդանության ժամանակ կարգադրում են այն բոլորը, ինչ որ պետք էր որդիների ապագա տնտեսության և ապրուստի համար: Օրինակ, մեկ հայր ուներ երեք որդի, գիտեր, որ իր մահից հետո, վաղ թե ուշ, նրանք կբաժանվեն, նա աշխատում է շինել յուրաքանչյուրի համար մի առանձին խրճիթ, և եթե իր միջոցները չէին ներում այդ անել, նա գոնե տալիս է իր տան շինությանն այնպիսի ձև, որ կարելի լիներ երեք հավասար մասերի բաժանել, որ հետո երեք որդիների համար հարմար բնակարաններ լինեին: Գյուղերում սովորաբար լսվում է` այն ինչ աղայի յոթը ջրաղացները, յոթը օրավար հողը, յոթը այգիները, յոթը հոտ ոչխարները և այլն. իսկույն կարելի էր եզրակացնել, թե նա ունեցել է յոթը որդի, և ամեն մեկի համար առաջուց տնօրինել է միևնույն կայքերը, որ եղբայրներից յուրաքանչյուրը հավասար չափով ստանար հոր ժառանգությունից իր բաժինը: Բայց եթե հայրն այնքան աղքատ էր, որ իր կենդանության ժամանակ չկարողացավ տնօրինել որդիների համար մի ապահով ապագա, նրանից հետո որդիներն այնքան ժամանակ միմյանց հետ անբաժան ապրում են, միասին աշխատում են, մինչև կարողանում են վաստակել այնքան, որ բավական կլիներ յուրաքանչյուրի կանոնավոր տնտեսության համար, եթե հարկավոր կլիներ բաժանվել միմյանցից:

Այսքանը բավական համարելով երիտասարդների ընտանեկան հարաբերությունների մասին, այժմ դառնում եմ դեպի նրանց հասարակական գործունեությունը:

Այն գյուղերում, ուր նահապետական սովորությունները դեռ տիրում են կյանքի մեջ, երիտասարդությունը չէ մասնակցում հասարակական գործերում: Որպես ընտանիքի մեջ, այնպես էլ հասարակական գործերի մեջ ձայն ունեն աղսախկալները (սպիտակ մորուք ունեցողները) միայն: Օրինակ, պետք էր հարկերը բաժանել ծուխերի կամ կայքերի վրա, պետք էր ջրերին հերթ նշանակել, եկեղեցու երեսփոխանի հաշիվը տեսնել, կամ պետք էր այս և այն հանցավորին պատժել, մի խոսքով բոլոր գյուղական գործերի համար հավաքվում են «սպիտակամորուքները», ժողով են կազմում, խոսում են, դատում են և վճռում են: Բայց նույն օրից, երբ գյուղերում հիմնվեցան կանոնավոր շինական դատարաններ, երբ նրանց տրվեցան որոշյալ օրենքներ, և երբ կանցելարիական ֆորմալիստությունը մերժեց սպիտակամորուքների բերանացի դատավճիռներըայն օրից ծերերի դարն անցավ և ասպարեզը մնաց երիտասարդներին: Որովհետև շինական դատարաններում մասնակցելու համար պետք է փոքր ի շատե գրագետ լինել, պետք է փոքր ի շատե ծանոթ լինել օրենքների հետ, և վերջապես պետք է կանոնավոր խոսել գիտենալ, բայց դրանցից զուրկ են ծերունիները: Ես առիթ եմ ունեցել մի քանի անգամ ներկա լինել շինական դատարաններում ժողովների վիճաբանություններին. նախագահում է տանուտերը, խոսել ցանկացողները ձայն են խնդրում, միմյանց չեն խանգարում, չեն ընդմիջում, վերջապես տեսնում ես մարդիկ, որ հասկանում են իրանց պետքերը, և վիճաբանությունների մեջ տիրում է ավելի առողջ դատողությունը, թեև պարզ և համեստ կերպով, և ոչ սոփեստական պերճախոսությունը, որ շատ անգամ կարելի է նկատել մեր քաղաքների դումաների մեջ:

Այսուամենայնիվ, հին սերունդը դեռ ոչ բոլորովին կորցրել է իր նշանակությունը: Երբ պատահում են գյուղում զանազան հրավերքներ, օրինակ, երբ կնունքաճաշ են տալիս, երբ մի հանգուցյալի համար հոգեհաց են տալիս, երբ մի տան մեջ նավասարդին հարիսա էին եփել, կամ ղավուրմայի համար մորթած ոչխարներից խաշ էին պատրաստելմիշտ հրավիրում են ծերունիներին, իսկ երիտասարդներին չեն կանչում: Եթե հրավերքներում պատահում են երիտասարդներ, նրանք ծերերի հետ սեղան նստելու համարձակություն չունեն, այլ նրանց պատվելու համար ոտքի վրա սպասավորություն են անում: Երիտասարդներն իրանց զվարճությունը գտնում են իրանց շրջանի մեջ. հավաքվում են միասին, գնում են գյուղից դուրս, առանձնանում են մի այգու կամ մի ձորի մեջ և այնտեղ քեֆ են անում, բայց տանը հյուրեր հրավիրելու իրավունք չունեն, քանի որ դեռ կենդանի էր ծերունի հայրը: Հայրերն առհասարակ չեն ներում որդու անձնիշխանությունն ընտանիքի մեջ, իսկ դրսումը, եթե մի լավ բան անում է նա, չեն արգելում, որովհետև որդու փառքը, որդու ստացած գովասանությունները դարձյալ իրանց են վերաբերում: Այս է պատճառը, որ նրանք երբեմն անում են այն մեծ զիջողությունը, երիտասարդ որդիներին թույլ տալով իրանց հաճույքների համեմատ վարվել:

Անցնում եմ դեպի գյուղական երիտասարդության մտավոր, հոգեկան և առհասարակ կուլտուրական առանձնությունները:

Տեղագրական և կլիմայական պայմանները Հայաստանում, ավելի քան թե ուրիշ տեղ, արտահայտում են իրանց ազդեցությունը ժողովրդի մտավոր, հոգեկան և առհասարակ կուլտուրական առանձնությունների վրա: Այս կետից նայելով մեր գյուղական ազգաբնակությունը կարելի է երկու որոշ խմբերի բաժանել` լեռնաբնակներ և դաշտաբնակներ: Խոսենք յուրաքանչյուրի մասին առանձին:

Լեռնաբնակները, թե հովիտների մեջ, թե ձորերում, թե բարձրավանդակների վրա և թե անտառներում, դեռ ապրում են գետնափոր խրճիթների մեջ, որոնք ավելի գազանների որջի են նման, քան թե մարդկային բնակության: Խրճիթը բաժանված է երկու մասերի, մեկի մեջ կենում են անասունները, մյուսի մեջ տերերը: Մշտավառ խարույկըտնային օջախըհարաժամ ծխում է բնակարանի կենտրոնում, որ սփռում է իր շուրջը լույս և ջերմություն: Գլխավոր պարապմունքն անասնապահությունն է: Անասունը մատակարարում է նրանց ամեն ինչ, որ պետք էր ապրուստի համար` կերակուր, հագուստ և վառելիք: Հագուստի համար գործվածներ պատրաստում են կնիկները բուրդից և իր բնական գույնով, որ շատ տեղերում բավական նրբության է հասցրած: Մսակերությունը սովորական եղած չէ, կերակրվում են անասունների կաթով, մածնով, յուղով, պանրով և բանջարեղեններով միայն: Ձմեռը բավական երկարատև լինելով, իսկ տարվա մյուս եղանակները ցուրտ, այս պատճառով երկրագործությունը զարգացած չէ. մշակում են ցորյան, գարի և հաճար միայն: Մշակության համար մեծ աշխատություն պետք չէ, որ զարգացներ մեծ հմտություններ. թեթև արորով փոքր-ինչ խրխրում են լեռների հողով պատած կուրծքը, ցանում են և թողնում են բնության կամքին. անձրևը ինքը ջրում է, և արեգակի անզոր ճառագայթները բուսցնում են: Շատ անգամ վաղահաս ձմեռը ձյունով ծածկում է դեռ չհասունացած հունձքը, և գյուղացին ուտելու հաց չունի: Կյանքը նահապետական է: Մարդը դեռ չէ տաշվել, չէ կոկվել. դեռ պահպանել է իր նախնական կոշտությունը` թե լեզվի, թե մտածության և թե կենցաղավարության մեջ: Կյանքի պահանջները խիստ սակավ են, մարդը բավականանում է փոքրով, և չափավոր կարիքը չէ ստիպում շատ մտածել: Գոհությունը վիճակից տիրում է կյանքի վրա անշարժության հետ միասին:

Երիտասարդությունը լեռնաբնակների մեջ նշանավոր է իր տիպական հատկանիշներով: Նա, որպես բնության ազատ զավակ, դաշտեցիների նման ցած, խորամանկ և տափակ բնավորություն չունի: Լեռնցի երիտասարդությունը նույնպես պարզամիտ, նույնպես կոշտ-կոպիտ, նույնպես անխորտակելի և նույնպես վայրենի է, որպես ինքը լեռը: Նա ծանոթ է զենքերի հետ, որսում է անասուններ, պատերազմում է գազանների հետ, և հարկավորված դեպքում, չէ խնայում իր զենքը գործ դնել և իր նման մարդերի դեմ: Մեր բոլոր նշանավոր ավազակները, որոնց քաջագործությունները հերոսության են հասնում, լեռնցիներ են եղել: Հայոց անկախությունը մինչև մեր մոտ ժամանակները պահպանվեցավ Ղարաբաղի լեռներում: Դավիթ-բեկը, մեր 18-րդ դարու հերոսը, նույն տեղացի էր: Նշանավորն այն է, որ այդ քաջ և կազմվածքով, հոգով, ուղեղով առողջ և զորավոր երիտասարդներից առաջ են գալիս երևելի մարդիկ, երբ դեպքերը գցել էին մեկին կրթության ճանապարհի վրա, և նա համալսարանական բարձր ուսում էր ստացել:

Խոսենք դաշտաբնակների մասին:

Բոլորովին հակառակ պատկեր են ներկայացնում դաշտաբնակները: Նրանք գետնափոր խրճիթներում չեն ապրում, բնակվում են կավաշեն կամ քարաշեն տներում, որոնք բավական բարձր են գետնի մակերևույթից: Անասունների ախոռատունը միացած չէ տերերի բնակարանի հետ: Ուտում են մսեղեն կերակուրներ և հագնում են գունավոր գործվածքներ, որ արդյունաբերվում է ոչ թե իրանց կնիկների աշխատասեր ձեռքով, այլ եվրոպական ֆաբրիկաների շոգիով: Բնավորությամբ, որպես հիշեցի, նման են իրանց բնակած դաշտերի տափարակությանընույնպես ցած, նույնպես հարթած և նույնպես տափակ են, բայց կրթությամբ և խելքով` բարձր են, քան թե լեռնաբնակները: Զենք չեն սիրում, վառոդից վախենում են, երկաթը գործ են ածում միայն բահի, մանգաղի և խոփի համար: Երկաթով պատերազմում են հողի հետ: Դաշտեցիքը չտվեցին մեզ ոչ մի ավազակ և ոչ էլ մի քաջ մարդ, միայն հասցրին բարեսիրտ երկրագործներ և խորամանկ վաճառականներ: Գյուղատնտեսական մշակությունների մեջ աշխատության գլխավոր ծանրությունը բառնում է իր վրա երիտասարդությունը: Ալևոր հորը, հասակն առած եղբորը շատ չեն բանեցնում, խնայում են որպես խնայում են երկրագործական ծերացած անասուններին: Հասկանալի է, որ դաշտային տափարակ երկրների վրա, ուր հողն արգավանդ է, ուր ջուրն առատ է, ուր բավական տաք է լինում, ուր ձմեռը երկարատև չէ, գյուղատնտեսական պարապմունքներն ավելի բաղադրյալ ձև են ստանում: Այս է պատճառը, որ մեր դաշտաբնակների ձեռքում երկրագործությունն իր բոլոր ճյուղերի մեջ բավական ծաղկած և զարգացած վիճակի է հասել: Գյուղացին մշակում է ընդեղենների և հացահատիկների բոլոր տեսակները, մշակում է զանազան ագարակային բանջարեղեններ և սեխանոցի պտուղներ: Ջրավետ տեղերում բրնձի մշակությունը կատարելագործության է հասցրած: Բայց բամբակի և մետաքսի մշակությունը գյուղական հարստության ամենամեծ մասն է կազմում: Այգեգործությունը նույնպես ծաղկած վիճակի է հասցրած, մրգեղենների ամեն տեսակները հիանալի են. խաղողը որքան ազնվացրած է, այնքան գինին շատ տեղերում դեռ կատարելագործված չէ: Անասնապահությամբ չեն պարապում, որովհետև երկիրը մշակված լինելով, արոտատեղիներ չկան: Պատահում են այնքան անասուններ, որքան պետք է իրանց վարուցանքի և տնտեսության համար:

Այժմ ինքնըստինքյան հասկանալի է, որ մեր դաշտաբնակ գյուղացիները թե կրթությունով, թե մտավոր զարգացումով և թե նյութական կարողությունով գերազանցում են լեռնաբնակներից, բայց չունեն այս վերջինների ոչ բարքի մաքրությունը, ոչ հոգու ազնվությունը, ոչ մարմնի առողջությունը և ոչ սրտի քաջությունը: Մի սաստիկ բաղձանք հարստանալու և խիստ շուտ հարստանալու թուլացնում է նրանց մեջ բարոյական կողմերը և ամեն ինչ զոհում է ագահության: Նրանք բավական չեն իրանց վիճակով և միշտ բողոքում են, թե սակավ ունեն: Բայց մի փոքր հարստացան թե չէ, թողնում են գյուղը և տեղափոխվում են դեպի քաղաքը: Այնտեղ այլևս չես կարող ճանաչել մեր գյուղացուն: Բայց պետք չէ մոռանալ, որ այս դեպքում մեծ պատճառ է տալիս հողերի անձկությունը: Մեր գյուղերում հողը բնակիչների թվի համեմատ այնքան սահմանափակ է, որ չէ բավականացնում նրանց ընդարձակ գործունեությանը: Շատերն այժմ սկսել են գնել կալվածատեր խաների, բեգերի և վրաց ազնվականների հողերը, որոնք խաղաթղթի և շռայլության մեջ սպառում են իրանց հարստությունը, և կալվածներն անցնում են մի ժամանակ նրանցից ճնշված հայ գյուղացու ձեռքը: Ամեն տեղ նշմարվում է մի տեսակ ձգտում դեպի նյութական հարստություն, որ առհասարակ հայի դարևոր հատկանիշն է եղել:

Ես սկսեցի գյուղացի մարդու երեխայությունից, կվերջացնեմ մի քանի խոսքով նրա ծերության մասին: Երբ հասնում է խորին ծերության, գյուղացի հայրը շատ չէ խառնվում ընտանեկան և տնտեսական գործերի մեջ, նա թողնում է, որ «ջահիլները» անեն, որպես խելքները կտրում է: Երբեմն բարի խրատներ և խորհուրդներ է տալիս, բայց պահանջումներ չէ անում: Այդ հասակում նա հաճախ խոսում է տերտերի հետ, մոտենում է եկեղեցուն և առավոտ ու երեկո ժամից հետ չէ մնում: Տան մեջ նրա վրա նայում են որպես մի հյուրի վրա, որ եթե երկար մնալու լիներ, կարող էր ձանձրացնել: Բայց նա դարձյալ չէ հրաժարվում իր հեղինակությունից, գոնե ազդելով բարոյական կողմից: Գերդաստանի մեջ հարգանք է վայելում, և գյուղի մեջ համարվում է պատկառելի անձնավորություն: Եթե ծերունին փոքր ի շատե կարողության տեր մարդ էր, նա ընդունվում է որպես հասարակության հայր: Երբ նա նստած էր իր տան դռան մոտ «տեր ողորմյա» էր քաշում և սառած անդամները ջերմացնում էր արեգակի ճառագայթներով, գյուղացի կնիկները չեն համարձակվում այն կողմով անց կենալ, որ նրանց չտեսնե ծերունին: Երբ նա նկատում է մանուկներին դրսումը որևիցե անկարգություն անելիս, ում զավակները որ լինեին նրանք, իրան իրավունք է համարում մոտենալ, հանդիմանել և երբեմն ականջներից բռնել ու ձիգ տալ: Փողոցով անցնելիս, նստած երիտասարդները ոտքի են կանգնում նրա առջև: Նրա աջը համբուրվում է, որպես քահանայի ձեռք. ամեն ոք նրան «ափի» կամ «պապի» է կոչում և ցանկանում է լսել նրա խորհուրդները:

Մեր ալևորներն իսկապես այնքան հիմար են լինում, որպես առհասարակ լինում է շատ ազգերի մեջ ծերացած մարդը: Կյանքի մեջ այնքան տանջվել է նա, այնքան մաքառել է դժվարությունների դեմ, որ նրա մտածությունները դարձել են մի տեսակ ճշմարտություններ, որ հետևանք էին դառն փորձերի: Այս հատկություններն ավելի երևում են այն ալևորների մեջ, որ մնացել են պարսկական տիրապետության ժամանակներից: Ես առիթ եմ ունեցել մեծ բավականությամբ խոսակցել շատ գյուղացի ալևորների հետ, որոնք բոլորովին անգրագետ մարդիկ են եղել: Նրանց հայացքները կյանքի պայմանների վրա այն աստիճան ուղիղ են լինում, որ բոլորովին զարմանք են պատճառում: Մի պարզ առածով, մի խորհրդավոր առակով, մի կարճ նախադասությամբ նրանք այնքան խորին միտք են հայտնում, որ հազիվ թե մի փիլիսոփա կարող էր բացատրել իր բոլոր մթին ֆրազների ուժով: Առողջ դատողություն - ահա հատկանիշը մեր գյուղական ծերունիների մտավոր կարողության, իհարկե այն առարկաների վերաբերությամբ, որ ծանոթ էր նրանց:

Համարյա բոլոր գյուղացի հայրերը մեռնում են առանց կտակ թողնելու, իսկ այդ ժառանգներին խռովություն չէ պատճառում: Վաղեմի սովորություններ ընդունված են որպես օրենք. ամեն մեկը ստանում է իր բաժինը:

Բ

ԳԱՎԱՌԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ95

Կյանքը մեր գավառական քաղաքներում շատ նման է միմյանց, բավական է վերցնել մի քաղաքի երիտասարդությունը, և մյուսների մասին կստանանք համանման տեղեկություն:

Այստեղ ավելի պարզ կերպով աչքի է զարկում այն սթափումը, որ նշմարեցինք գյուղերում: Ամեն ինչ մի անհայտ խթանով ձգտում է դեպի նորը, դեպի ավելի վայելուչը: Տարակույս չկա, որ ամեն մի փոփոխություն կյանքի մեջ, որ ինքնուրույնաբար չէ ծագում նույնիսկ կյանքի փոքր առ փոքր և հաջորդաբար քաղաքակրթվելուց, այլ միանգամով ընդունում է ամեն ինչ դրսից և օրինակիցմի այսպիսի կապկությունը շատ անգամ կարող է ձգել և ծուռ ճանապարհի վրա: Այդ դեպքում քաղաքների վիճակի մեջ մեծ դեր է խաղում Թիֆլիսը:

Միայն մի քանի գավառական քաղաքներ ունեն արքունի գիմնազիաներ, մյուսները պրոգիմնազիաներ, իսկ մեծ մասը տարրական միջնակարգ դպրոցներ: Բացի հիշյալներից, համարյա բոլոր քաղաքներում հայերն ունեն իրանց ազգային կամ թեմական կամ ծխական դպրոցները: Վերջինները լցված են լուսավորչական հայերով միայն, օտարազգիներ, կաթոլիկ կամ բողոքական հայեր չեն ընդունվում: Արքունական դպրոցների մեջ նույնպես հայ աշակերտների թիվը մեծամասնություն է կազմում, կարելի է մոտավորապես ասել, որ 10 ուսանողից 9-ը հայ է: Բայց պետք է գիտենալ, որ ռուսական Հայաստանի քաղաքներից շատերի մեջ, որպես են` Հին-Նախիջևանը, Օրդուբադը, Շուշին, Գանձակ, Շամախի, Նուխի, Բաքու, Դերբենդ, մահմեդականները, եթե մեծամասնություն չեն կազմում, գոնե թվով հայերից շատ պակաս չեն, այսուամենայնիվ նրանց զավակները դպրոցների մեջ ամենաչնչին տեղն են բռնում: Կրոնական մոլեռանդությունն առաջնակարգ դեր է խաղում այստեղ: Զարմանալին այն չէ, որ դպրոցները լցված են ըստ մեծի մասին հայ աշակերտներով, այլ այն, թե որպես այդ ողորմելի հիմնարկություններից դուրս են գալիս նշանավոր մարդիկ, որ սովորել էին միայն ռուսերեն գրել, կարդալ և սխալներով խոսել: Ես ճանաչում եմ նահանգական դատարանի նախագահ, հաշտարար դատավորներ, նոտարիուսներ, և այլ բարձր պաշտոնավարներ, որոնք բացի գավառական միջնակարգ դպրոցներից, մի այլ տեղ չեն սովորել: Հասկանալի է, որ դրանք իրանց առաջադիմությունով պարտական են ոչ թե դպրոցներին, այլ իրանց սեփական աշխատությանը, որ սկսելով ստոր ծառայություններից, և գործնականապես վարժվելով, զարգանալով, վերջապես ծերության հասակում հասել են բարձր պաշտոնների:

Դժվար է որոշել, թե ո՛ր դասակարգի մանուկները հաճախում են արքունական և ո՛րը բուն ազգային դպրոցները, բայց այսքանը հայտնի է, որ արքունական դպրոցները մտնում են գլխավորապես որդիները մանր աստիճանավորների, որոնց ծնողները միջոց չունեին նրանց Թիֆլիս ուղարկելու, որ պահանջում է մեծ ծախսեր: Իսկ մեր թեմական և ծխական դպրոցները մտնում են որդիները վաճառականների և արհեստավորների, որոնք շատ պետք ունեն ռուսաց լեզվի մեջ, և կամենում են շարունակել իրանց հորերի պարապմունքները: Բայց լինում են և այնպիսիները, որոնց թիվը փոքր չէ, որոնք ազգային վարժարաններում պատրաստվելով, մտնում են արքունական դպրոցները:

Բոլոր աշակերտները բնակվում են իրանց ծնողների հետ և բացի հոր տնից և ուսումնարանից մի ուրիշ տեղ չեն ճանաչում, շատ-շատ կարելի է տեսնել նրանց հասարակաց այգում, խումբով նստած իշոտիքի վրա, անշարժ նայում են զբոսնողներին: Մինչև անգամ մերձակա գյուղերից եկած աշակերտները չեն վարձում առանձին սենյակներ բնակության համար, այլ կենում են մի բարեկամի կամ ծանոթի ընտանիքի մեջ: Ծնողները վճարում են, գյուղից ուղարկելով յուղ, պանիր, ալյուր և այլն: Շատ գյուղացի աշակերտներ, որոնց ծնողները բոլորովին աղքատ են, վճարում են իրանց ծառայությամբ: Դա մի զարմանալի միջոց է ուսում առնելու, որով հայտնվում է այն սաստիկ ծարավը, որ քաշում է մեր մանուկներին դեպի դպրոցը: Գյուղից եկած աշակերտը մտնում է մի ընտանիքի մեջ որպես ծառա, առավոտյան վաղ վեր է կենում, տնային գործերը կատարում է, հետո գնում է վարժատուն, այնտեղ մնում է մինչև ճաշ, և վերադառնալով, կրկին շարունակում է իր տնային ծառայությունները. ե՞րբ է պատրաստում նա իր դասերըդա մի հրաշք է, միայն գոհ է, որ նրան տալիս են մի կտոր հաց, հագցնում են տան հնոտիքներով, թեև պատահած ժամանակը սաստիկ ծեծում են, եթե գտնում են որևիցե զանցառություն իր պարտավորությունների մեջ: Այսպես է սկսում գյուղացի աղքատ ուսանողը, և պատերազմելով ահագին դժվարությունների հետ, հասնում է մինչև համալսարան:

Գավառներում ծնողները սաստիկ խիստ են դեպի ուսանող աշակերտը, նրան պահում են զգույշ հսկողության ներքո, որպես մի աղջիկ, և դրսումը կորցրած ամեն մի ավելորդ րոպեի համար հաշիվ են պահանջում: Միջոց ունեցող հայրերը որդուն առանց սպասավորի դպրոց չեն ուղարկում, և նա երեխայությունից սովորում է այն բանին, որ միշտ մեկը պետք է առաջնորդեր նրան կյանքի մեջ: Այսպես, բարոյականության հետ պահպանվում է և աշակերտի անծանոթությունն աշխարհի հետ: Ամենահարուստ աղայի որդին գրպանում չունի մի կոպեկ ծախսելու համար, և այդ, հոր կարծիքով, կպահեր նրան շռայլությունից, բայց որդին երբեմն խարջելու փող է գտնում... Ո՞րտեղից. աստված գիտե

Գավառական քաղաքներում նշմարվում է նույնը, ինչ որ տեսանք գյուղերում, այսինքն, թե մանուկների և թե ծնողների մեջ մի սաստիկ բաղձանք դեպի բարձրը և դեպի ավելի կատարյալը: Ավարտելով տեղային տարրական դպրոցում, աշակերտն աշխատում է դիմել Թիֆլիս, ինչ հնարքով և լիներ, մտնել այնտեղի գիմնազիաներից մեկի մեջ, և հետո Մոսկվայում կամ Պետերբուրգում համալսարանական բարձր ուսում ստանալ: Բայց ոչ բոլոր ծնողներն ունեն այնքան նյութական միջոցներ, որ կարողանային հոգալ որդու ծախսերը. այն ժամանակ ապրուստի հոգսն ընկնում է որդու վրա: Ես ծանոթ եմ եղել Թիֆլիսում մի քանի գավառացի աղքատ գիմնազիստների հետ, որոնց աշխատությունները և անձնազրկությունը կատարյալ հերոսության են հասնում: Բնակվում են մի քանի հոգի միասին մի խոնավ և նեղ սենյակում, առանց սպասավորի, կերակրվում են օրը մի անգամ ամենաէժանագին հյուրանոցում, շատ անգամ ամբողջ օրեր անց են կացնում մի կտոր երշիկ ուտելով. բայց դարձյալ միշտ կտեսնեք նրանց ուրախ և գոհունակ դեմքով: Գիմնազիայից տուն դառնալով, նրանք շտապով ճաշում են, հետո տարածվում են քաղաքի մեջ, ընտանիքներում կամ մասնավոր դպրոցներում դասեր տալու: Շատ անգամ նրանց աշակերտները մեկը մյուսից կես վերստ կամ ավելի հեռավորության վրա են գտնվում, բայց այդ հոգ չէ, միայն թե դասեր լինեին: Ամբողջ ճաշից հետո պտտելով քաղաքի մեկ ծայրից մինչև մյուսը, վերադառնում են տուն ուշ-գիշերային պահուն, բոլորովին ուժաթափ: Մի կամ երկու գավաթ թեյը սև հացով կազդուրում է նրանց, այնուհետև սկսում են պատրաստել իրանց սեփական դասերը: Ամառային արձակուրդները մեծ հունձք են ընծայում գավառացի աղքատ գիմնազիստներին: Նրանք պատրաստում են զանազան դպրոցների այս և այն դասատունը մտնելու համար աշակերտներ և փող են ստանում: Այսպես մի կողմից իրանց ապրուստը հայթայթելով, մի կողմից իրանք սովորելով, մյուս կողմից ուրիշներին սոսովորեցնելով, աղքատ գիմնազիստները շարունակում են իրանց ուսումը: Միևնույն ժամանակ նրանք չեն զրկում իրանց մի քանի բավականություններից, որպես են` երբեմն թատրոն գնալ, տեսնել մի լավ պիեսա, լսել մի նշանավոր երաժշտի, հասարակաց գրադարանից գիրք վեր առնել, կամ ընկերությամբ վճարելով, ստանալ մի լրագիր, ամսագիր և այլն: Լինում են և այնպիսի երախտավորներ, որ իրանց վաստակած փողի ավելորդով օգնում են ընկերներին, կամ ուղարկում են իրանց չքավոր ծնողներին, որոնց թողել էին հայրենիքում: Հայտնի բան է, որ միջոց ունեցող գիմնազիստները, որոնք ստանում են ծնողներից ամսական 50-60 ռուբլի, բոլորովին տարբեր պայմանների մեջ են սովորում: Լավ կահավորված սենյակ, լավ ճաշ, զանազան տեսակ զվարճությունները և զբոսանքները նրանցից շատ ժամանակ են խլում, և այս պատճառով նրանք լինում են ավելի թույլ ուսանողներ, քան թե իրանց աղքատ հայրենակիցները:

Ես դառնում եմ դեպի այն աշակերտները, որոնք ուսանելու համար Թիֆլիս կամ ուրիշ քաղաքներ չեն գնում, այլ ավարտելով գավառական միջնակարգ դպրոցներում, մնում են այնտեղ և գործում են իրանց հայրենիքում:

Մեր ժամանակից 20-30 տարի առաջ, և կարելի է ասել այն օրից, երբ ռուսները տիրապետեցին Կովկասը, հայ երիտասարդության առջև բացվեցավ մի ընդարձակ ասպարեզ: Նոր տիրապետողներն անծանոթ լինելով երկրին և տեղային պայմաններին, և որ ավելի կարևորն է, իրանցից պատրաստի մարդիկ չունենալով, որ գիտենային զանազան ցեղերի լեզուները, կարոտ էին տեղային գործիչների` նոր կառավարության բոլոր հիմնարկությունների մեջ: Հայերի մեջ գտան ընդունակ գործիչներ: Փոքր ի շատե ռուսերեն խոսող երիտասարդը, փոքր ի շատե ռուսերեն գրել-կարդալ իմացողը ստացավ տեղ, պաշտոն և ծառայություն: Դատարանները, պոլիցիաները, գանձատները, պոստերը և մաքսատները լցվեցան հայերով: Ժամանակի սաստիկ պահանջը խտրություն չէր դնում ոչ անձերի և ոչ ընդունակությունների մեջ, բավական էր, որ գործը «յոլա էին տանում»: Այսպես շատերը հարստացան, շատերը բարձր աստիճանի հասան:

Բայց հետզհետե պահանջը պակսելով, կառավարության հիմնարկություններն ավելի կանոնավոր ձև ստանալով, ծառայել ցանկացողներից պահանջվեցավ մի որոշ չափով գիտություն: Այժմ կարելի է հասկանալ, թե գավառական դպրոցներից դուրս բերած ողորմելի գիտության համեմատ ստացած պաշտոնն ինչ կլինի: Համարյա բոլոր ավարտողները սկսում են գրագրությունից կամ ստոր պաշտոններից: Սարսափելի բան է ամբողջ կյանքում, թեքված լինել գրասեղանի վրա, գրել և միշտ գրել: Մարդը դառնում է կատարյալ մեքենա, երբ աշխատում է ձեռքը միայն, իսկ գլուխը մնում է անգործ: Այստեղից հասկանալի է այն իդիոտության հասած բթամտությունը մեր ծառայողների, որ իսկույն աչքի է զարկում, երբ նրանց հետ խոսում ես: Մշտապես թեքված լինելով գրասեղանի վրա, նրա իրանը նույնպես ծալված դիրք է ստանումայդ ներգործությունն անցնում է սրտի, հոգու և ամբողջ բնավորության վրա: Նրա մեջ ուղիղ ոչինչ չէ մնում: Սաստիկ դյուրաթեք է լինում նա. ամեն հողմից շարժվում է և ամեն ճնշման ներքո խոնարհվում է: Այդ հատկությունները նպաստում են նրա առաջադիմությանը, և քիչ է պատահում, որ ծերության հասակում դառնում է ստոլնաչալնիկի օգնական, կամ մի ավելի բարձր պաշտոն է ձեռք գցում:

Դատաստանական բարենորոգումներից հետո` ռուսերեն խոսել և գրել-կարդալ իմացող երիտասարդների համար բացվեցավ մի նոր ասպարեզ ևս, ավելի ազատ և ավելի շահավետ: Բոլորը վարակվեցան փաստաբանության ախտով և սկսեցին սերտել օրենքների ստատուտներ: Շատերն առանց ամենափոքր տեղեկություն ունենալու իրավաբանությունից, ընդունում էին մեծ-մեծ գործեր: Դրանք ավելի թարգմաններ էին իրանց հավատարմատարների կողմից, քան թե փաստաբաններ: Ժողովուրդը չգիտեր դատարանի լեզուն, ստիպված էր խոսող վարձել: Բայց այս տեսակ անկիրթ, անուս փաստաբանների հաջողությունը մի քանի տարի միայն տևեց, երբ սկսեցին նրանցից պահանջել մի որոշ չափով գիտություն և վկայական: Մեծ մասը զրկվեցավ իր պարապմունքից և ասպարեզը մնաց բարձր ուսում ստացածներին:

Գավառական դպրոցներում ավարտող երիտասարդներից ոչ բոլորը մտնում են արքունական ծառայությունների մեջ: Ստոր պաշտոնով, չնչին ռոճիկ ստանալով, դժվար է ամբողջ ընտանիք պահել: Նրանք տեսնում են, որ վաղեմի ժամանակների շահերը չեն մնացել, և ինչպես ասում են` «խերը դուրս է եկել»: Իսկ զինվորական ծառայության մեջ մտնողները բոլորովին աննշան թիվ են կազմում: Շատերը սկսում են վաճառականություն անել, ձեռք են զարկում կապալների, կամ ազգային դպրոցներում վարժապետություն են անում: Սակավ է և այսպիսիների թիվը, որ քահանա դառնային, կամ մտնեին մի վանքի մեջ վարդապետ լինելու համար: Առհասարակ պետք է ասել, որ գավառական դպրոցների պտուղները խիստ փոքր առաջադիմություն են գործում կյանքի մեջ: Այժմ օրըստօրե սահմանափակվում է այն բախտավորների ասպարեզը, որոնք շատ փոքր գիտությամբ, կամ ոչինչ գիտություն չունենալով, կարողանում էին առաջ գնալ: Ես չեմ խոսում մի քանի անհատների մասին, որոնք ինքնակրթությամբ և բնական խելքով իրանց համար ճանապարհ են բաց անում առաջ գնալու:

Այժմ խոսենք գավառացի ուսանողների մասին, որոնք դիմում են Մոսկվա, Պետերբուրգ, արտասահման, և համալսարանական բարձր ուսում ստանալով, վերադառնում են դեպի իրանց հայրենիքը:

Գավառացի ուսանողները գլխավորապես ավարտում են իրավաբանական և բժշկական ֆակուլտետներում. երկու մասնագիտություններ, որոնց մասին այժմ մեծ պահանջ կա: Վերադառնալով իրանց հայրենիքը, փոքրիկ քաղաքի տժգույն և տխուր կյանքը կարծես շուտով ձանձրացնում է նրանց. մի քանի ամիսներ որպես հյուր մնում են ծնողների մոտ, հետո գնում են Թիֆլիս, ուր կյանքն ավելի վայելուչ պայմանների մեջ է դրված, ուր ասպարեզը լայն է, ուր վերջապես կարող են մի հարուստ աղջկա հետ պսակվել: Կարծես նրանք այնքան մեծ և խոշոր մարդիկ լինեին, որ փոքրիկ քաղաքներում չեն զետեղվում: Խիստ սակավներին միայն պատահում է մնալ գավառներում, բայց նրանք ևս իրանց կնիկները բերում են Թիֆլիսից, հայրենիքում իրանց զույգը չեն գտնում: Իրավաբանները կամ պարապում են փաստաբանությունով, կամ նահանգական դատարանի անդամի պաշտոն են վարում, կամ բաց են անում նոտարիուսի կանտորա և կամ հաշտարար դատավոր են դառնում որևիցե փոքրիկ քաղաքում: Բժիշկները չեն պարապում ազատ պրակտիկայով, այլ արքունական պաշտոնի մեջ են վարում իրանց ծառայությունը:

Բայց ինչ որ ավելի աչքի է զարկում, այն է, որ այդ բարձր ուսում ստացած երիտասարդները գավառներում շուտով ենթարկվում են շրջանին, այն աստիճան փոխում են իրանց գույնը, որ չես կարող ճանաչել, թե մի ժամանակ դրանք ուսանողներ են եղել: Ես մի քանիսներին միայն ճանաչում եմ, որոնք իսկապես չեն կորցրել իրանց արժանավորությունները, գործում են, աշխատում են, և ցույց են տալիս կենդանության նշույլներ: Բայց մեծ մասն այն աստիճան վայրենացել և բթամտացել են, որ կարծես թե, ապրում են մի առանձնացած կղզու մեջ, որը բոլորովին կտրված էր ուսումնական աշխարհից: Ոչինչ չեն կարդում, ոչ մի ժամանակակից հարցով չեն հետաքրքրվում, ուտում են, խմում են, քնում են, հաստանում են, և պատահած ժամանակ արհամարհանքով ժպտում են, երբ խոսում ես նրանց հետ մի ազգային կամ հասարակական խնդրի վրա, կարծես, կամենալով ասել, թե «մենք ամեն բան փորձեցինք, այստեղ ոչինչ չէ կարելի շինել»: Մեր դպրոցները, մեր եկեղեցին, մեր նոր լեզուն, մեր լրագրությունը, մեր նոր ծաղկող գրականությունն այն աստիճան բարկացնում են նրանց, որ մինչև անգամ ասել են տալիս, թե «խենթացել եք, ո՞ւմ համար եք աշխատում, ո՞ւմ համար եք գրում, եթե մեզ համար է, մենք ամեն բան գիտենք, իսկ եթե ամբոխի համար է, նա չէ կարդում»: Անցնում են տարիներ, բարձր ուսում ստացած երիտասարդն ալևորվում է, պառավում է, բայց դարձյալ նա իրան երևակայում է նոր մտքի, նոր գաղափարների ներկայացուցիչ, չնայելով, որ նրա շուրջը ամեն ինչ փոխվել էր, իսկ ինքն անշարժ, անփոփոխ մնացել էր իր տեղում, առաջադիմության մի քայլ անգամ չանելով:

Կհաղորդեմ մի քանի գծեր առհասարակ գավառական երիտասարդության կյանքից:

Հասարակական կյանքը գավառական քաղաքներում, եթե չասեմ բոլորովին քարացած է, բայց և չէ արտահայտում այն կենդանությունը, որ կարելի է տեսնել փոքր ի շատե զարգացած հասարակության մեջ: Գավառները դեռ չեն թոթափել իրանցից հին պարսկական փոշին, ասիականությունը դեռ տիրում է իր բոլոր այլանդակ ձևերի մեջ: Ամեն մարդ իր տխրությունը և իր զվարճություններն անց է կացնում իր տան չորս պատերի մեջ: Նա իր զգացմունքները չէ բաժանում հասարակության հետ: Ամեն մարդ իր շահերի համար է աշխատում, իսկ հասարակաց շահերի վրա չէ մտածում: Այստեղից ինքնըստինքյան առաջ է գալիս անհատների առանձնությունը, և մի ընդհանուր կապ չէ ամբողջացնում նրանց այն միության մեջ, որ կոչվում է հասարակական կյանք: Այս բանին փոքր արգելք չէ լինում և այն, որ հասարակությունը կազմված է տարբեր ցեղերից, որոնք բոլորովին բաժանված են միմյանցից թե լեզվով, թե կրոնով, թե սովորություններով և թե իրանց շահերով:

Next page