Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Երիտասարդությունն անց է կացնում իր օրերը կատարյալ դատարկության մեջ, եթե նա իր գործերով զբաղված չէր, ուրիշ մի զվարճություն չկա, որ պարապ ժամանակում զբաղեցներ նրան: Մի քանի քաղաքներում վերջին տարիներում միայն հայտնվեցան հասարակաց պարտեզներ, ուր ծառերը դեռ ստվեր չեն ձգում, և ճեմելիքները ծածկված են խոտերով: Խիստ սակավ երեկոներ կարելի է տեսնել այնտեղ մի ծառայող ռուս զբոսնում է իր կնոջ հետ. տեղացի կնիկները տան մեջ փակված են, նրանց դուրս չեն թողնում: Վաճառական և արհեստավոր մարդիկ չեք տեսնի այդ պարտեզներում, նրանք ամբողջ օրը զբաղված են իրանց գործերով, երեկոյան խանութները կկողպեն, կգնան-կմտնեն իրանց տունը, դռները կփակեն: Ժողովրդի այդ դասերն առողջության վրա չեն մտածում: Պարտեզներում կարելի է տեսնել երբեմն մի քանի ծառայողներ, և մանր աստիճանավորներ միայն, և երբեմն դպրոցների վարդապետներին, երբ մանավանդ ածվում էր զինվորական մուզիկա:

Կաֆեներ և հյուրանոցներ կամ բոլորովին չկան գավառական քաղաքներում, կամ եթե պատահում են այսպիսիները, նրանք ծառայում են անցուդարձ անող օտարականների համար միայն, երբ ցանկանում էին բավական թանկ գնով մի փոքր ի շատե մաքուր տեղ գտնել օթևանելու: Ասիական հին քարվանսարաները դեռ չեն կորցրել իրանց նշանակությունը. նրանք ծառայում են և՛ որպես մթերանոց ապրանքների, և՛ որպես հյուրանոց նույն ապրանքները կրող անասունների և վաճառականների: Վերջին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ այն քաղաքներում, որ ավելի մոտ էին կռվի դաշտին, որպես են` Երևանը, Ալեքսանդրապոլը, հայտնվեցան բազմաթիվ հյուրանոցներ, որոնք անմիջապես փակվեցան պատերազմը վերջանալուց հետո: Կաֆեն և հյուրանոցը դեռ ժողովրդի պահանջ չեն դարձել գավառներում. բնիկներից ոչ ոք այնտեղ չէ մտնում, չէ ճաշում. ամեն մարդ ունի իր խոհանոցը. իսկ մի քանի ծառայող ռուսներով հյուրանոց պահպանել անկարելի է: Պետք է ասած, որ նրանք էլ ենթարկվում են տեղային սովորություններին: Եվ այսպես, հիշյալ հիմնարկությունները կամ գոյություն չունեն, կամ եթե գտնվում են, երիտասարդությունը նրանց մեջ չէ խմբվում: Միայն Ալեքսանդրապոլում կարելի է տեսնել մի տեսակ կաֆեներ տաճկական ձևով, ուր կարելի է նարգիլե ծխել և փոքրիկ ֆինջաններով դառն սուրճ խմել: Այնտեղ հայտնվում է երբեմն մի թափառական երգիչ, ածում է թամբուրայի վրա և երգում է: Դա տաճկական սրճանոց է, որ բերել էին իրանց հետ այդ քաղաքի գաղթական բնակիչները Թուրքիայի Հայաստանից: Ուրիշ հիմնարկություններ ես չեմ ճանաչում, ուր կարելի լիներ հավաքվել, խոսակցել և ժամանակ անցկացնել, բացի գինետներից: Այդ անբարոյականացնող հիմնարկությունները մեծ դեր են խաղում գավառացիների կյանքի մեջ:

Վերջին տարիներում միայն մի քանի քաղաքներում հիմնվեցան կլուբներ, որոնք միացնում են իրանց մեջ և հյուրանոց, ուր կարելի է կերակուր գտնել, եթե մի ժամ առաջ կպատվիրեիր պատրաստել: Կլուբները դարձյալ բնիկների պահանջներից առաջ չեն եկել, նրանց հիմնողները կամ ինիսիատիվ տվողները եղել են ռուս և օտարազգի ծառայողները, որոնց պետք էր մի կենտրոն հավաքվելու համար: Բայց որովհետև միայն փոքրաթիվ ռուսներով կլուբները պահպանվել կարող չէին, այս պատճառով և հայ ծառայողներն իրանց ռուս մեծավորների «խաթրը չկոտրելու համար», հարկադրված անդամ են գրվել: Թե այսպես և թե այնպես, կլուբները, իրանց որոշյալ պայմանների պատճառով, հասարակաց հիմնարկություն չէ կարելի համարել, որովհետև նրանք մատչելի չեն այս և այն վիճակի մեջ գտնվող երիտասարդներին, եթե անդամակցություն ունենալու միջոցներ չունեին: Այս բոլորից կարելի է եզրակացնել, թե ինչ տեսակ հասարակություն է հավաքվում կլուբներումմիայն զինվորական և քաղաքական ծառայողներ, անգործ ազնվականներ, երբեմն վարժապետներ, բայց ոչ երբեք մի վաճառական կամ արհեստավոր մարդ: Այնտեղ հավաքվում են միմիայն թուղթ և բիլիարդ խաղալու համար: Թեև մի առանձին սենյակում ձևի համար գրասեղանի վրա ածած են մի քանի լրագրներ, բայց նրանց ոչ ոք չէ նայում: Թղթախաղը որպես ժանտախտ տարածված է գավառներում, մանավանդ այն հասարակության մեջ, որ համարվում է ընտրյալ, բարձր հասարակություն: Եվ այդ շատ բնական է, քանի որ ուրիշ զբաղմունք չկա. պետք է մի բանով սպանել ժամանակը: Բայց մեծ մասը ընտրել է թղթախաղը որպես ապրուստի միջոց: Կլուբներում շատ անգամ ամբողջ գիշերները լուսացնում են խաղալով: Շատ անգամ խաղում են առանց գրպանում մի կոպեկ փող ունենալուպարտքով միայն: Ամսական 15 ռուբլի ստացողը մեկ գիշերվա մեջ տանել է տալիս մի քանի հարյուրներ: Ո՞րտեղից պետք է վճարե: Աստված գիտե: Կլուբներում երբեմն լինում են պարահանդեսներ, ուր պարում են գլխավորապես ռուս կամ օտարազգի աստիճանավորների կանայքը, որոնք այնքան սակավ են թվով, որ հազիվ 10 կավալերին հասնում է մի դամա:

Գավառներում թատրոններ չկան. շատ-շատ ամեն տարի լինում է սիրողների մի կամ երկու ներկայացում բարեգործական նպատակով: Տոմսակները զոռով են ծախվում:

Հասարակաց գրադարան կամ ընթերցարաններ չկան: Ինձ պատահել է տեսնել մի քանի քաղաքներում բուն հայոց ընթերցարաններ, բայց երբեք չեմ տեսել, որ մի մարդ այնտեղ նստած կարդալիս լիներ: Եվ ի՞նչպես կարելի է այդ ողորմելի հիմնարկություններն ընթերցարաններ կոչել, ուր բացի մի քանի հնացած գրքերից, բացի երկու-երեք լրագրից կարդալու համար ուրիշ բան չես գտնի: Գրավաճառանոց ոչ մի քաղաքում չկա, եթե հարկավոր էր մի գիրք, պետք է բերել տալ Թիֆլիսից:

Կինը, որպես գյուղերում, այնպես էլ գավառական քաղաքներում բոլորովին աննշան դեր է խաղում երիտասարդների կյանքի մեջ: Կարելի է կարճապես ասել, որ նրանք բացի իրանց մայրերից և քույրերից ուրիշ կնոջ երես չեն տեսնում: Եղբայրը եղբոր կնոջ հետ խոսակցելու իրավունք չունի: Այստեղից հասկանալի է, որ օտար ընտանիքների մեջ մտնելիս, երիտասարդները միայն կարող են տղամարդերի հետ տեսնվել: Հարեմական դրությունը դեռ տիրում է ընտանիքի մեջ: Թողյալ այդ, երիտասարդները մուտք չունեն օտար ընտանիքների մեջ, եթե մերձավոր ազգական չլինեին: Գավառներում մի բարեկամի կամ ծանոթի տուն կարող ես մտնել այն ժամանակ միայն, երբ քեզ հյուր են կանչում: Գործի համար կարելի է տեսնվել փողոցում կամ բազարում, ուր կարող ես ուզած մարդիդ միշտ գտնել: Եթե մի երիտասարդ սկսում է հաճախել որևիցե տուն, իսկույն աչքի է զարկում. իսկույն կասկածանքով են նայում` «այստեղ մի բան կա», մտածում է ամեն մարդ: Չամուսնացած երիտասարդը վարում է կատարյալ ամուրի կյանք: Գավառներում բացարձակ ախտեր չկան: Խիստ սակավ է այն կնիկների թիվը, որ թեթև վարքի տեր լինեին: Մնում են «համբերատար տները», ուր չես գտնի երկու կամ երեք կին ամբողջ քաղաքի համար: Այստեղ մտնում է երիտասարդը մեծ երկյուղով, ամաչում է ոչ միայն ծնողներից, այլև մինչև անգամ իր մտերիմ ընկերներից: Հասարակությունը խիստ սուր աչքով է նայում դեպի այս տեսակ մոլությունները: Եթե պատահում է մի կին, որ փոքր ի շատե շեղված լիներ բարոյական ճանապարհից, անպատճառ նա եկած պիտի լիներ Թիֆլիսից: Այսպիսիները լինում են ըստ մեծի մասին եկվոր ռուս ծառայողների աղախինները, որ չեն ցանկանում հետևել տերերին` նրանց վերադարձի ժամանակ: Տեղային հայ կնիկները չեն մտնում հասարակաց տները. եթե պատահում է մեկին մեղանչել, այդ անում է նա ծածկաբար: Իսկ մահմեդական կնիկներին միշտ սպասում է մահ իրանց հավատակիցների կողմից, երբ ոչ մահմեդականների հետ հարաբերություն են ունենում: Կրոնական ֆանատիզմը մեծ վիհ է ձգել հաղորդակցությունների մեջ:

Վերջացնում եմ գավառացիների մասին, ձգելով մի թեթև հայացք նրանց հասարակական, ազգային և կրոնական հատկանիշների վրա:

Առհասարակ պետք է ասել, որ գավառներում դեռ նոր է սկսվել նոր սերունդի մաքառումը հնի դեմ: Հաջողությունը նորերի կողմն է. հները հետզհետե կորցնում են իրանց բռնած դիրքերը, որոնց վրա դարերով ամրացած, իշխում էին: Ժամանակը, կյանքի այժմյան պայմանները, որոնց մեջ անընդունակ են հները, և մտավոր զարգացումը նպաստում են նոր սերնդի հաղթությանը: Ոչ միայն ապագան դրանց է պատկանում, այլև ձեռք են ձգել և ներկայի մի մասը: Առաջ որդին հորից խորհուրդներ էր հարցնում, այժմ հայրը ստիպված է որդու հետ մասլահաթներ անել: Գործը, իրավ է, դանդաղ է ընթանում, բայց հաջողությունը մեծ ապագա է խոստանում:

Երիտասարդությունն այժմ աշխատում է իր տիրապետության ներքո առնել հասարակաց առաջադիմության երկու գլխավոր գործիչները` ընտանիքը և դպրոցը: Ընտանիքի մեջ նա ջանք է անում վերանորոգություններ մտցնել, իսկ դպրոցի հոգաբարձությունն իր ձեռքն առնել: Այդ անում է նա գուցե առանց նախատեսության, առանց սկզբից խորհած նպատակների, և միայն դրդվելով իր հասակին հատուկ զգացմունքներից, բայց հետևանքը բարի է: Ընտանիքի վերանորոգությունը սկսվում է կնոջ դրությունից. նոր պսակված երիտասարդն աշխատում է իր ամուսնին փոքր ի շատե ազատ վիճակի մեջ դնել. փոխում է նրա հագուստի հին ձևերը, ցանկանում է, որ նրա հետ վարվեին որպես մարդու հետ, և պատահած ժամանակ նրան չէ թաքցնում իր բարեկամներից: Օրինակները սակավ են, բայց այդ սակավ օրինակները բազմաթիվ հետևողներ են գտնում: Նույնը անում է երիտասարդը և իր քույրերի վերաբերությամբ: Երբեմն պատահում են ընդդիմադրություններ, ալևոր ծնողները հակառակում են, և երիտասարդը ստիպված է լինում թողնել իր հայրենական տունը և առանձին բնակվել:

Հասարակական գործերում բացի դպրոցից, երիտասարդությունը մի ուրիշ հող չունի: Բայց պետք է նկատել, որպես ընտանիքի մեջ դեռևս իր հեղինակությունը չի կորցրել ծերունի հայրը, այնպես էլ հասարակական գործերում դեռևս մեծ նշանակություն ունի աղան և աղայությունը: Դպրոցների հոգաբարձությունից խիստ դժվար է լինում հեռացնել այդ հիմար, տգետ և բոլորովին անգրագետ փառասերներին, որոնք բացի վնասից և խռովություններից, մի այլ օգուտ չեն բերում: Բայց երիտասարդությունը փոքր առ փոքր հաղթող է հանդիսանում և իր ձեռքն է ձգում դպրոցները:

Խոսելով դպրոցների հոգաբարձության վրա, ես չեմ կարող չհիշել վարժապետներին, որոնք ներկայացնում են գավառական քաղաքների մտավոր զորության գլխավոր մասը: Ամեն տեղ դպրոցների սաստիկ բազմացնելու և նոր դասատներ բացվելու համեմատ, պատրաստի վարժապետների թիվը շատ փոքր լինելով, յուրաքանչյուր բախտախնդիր, յուրաքանչյուր անուս տիրացուն մուտք է գտնում գավառական դպրոցներում: Թիֆլիսում անգործ թափառող անաջողակները վազում են դեպի գավառները և իրանց ձեռքն են առնում կրթության գործը: Հայտնի է, որ մարդիկ, որոնք իրանց գիտությամբ չէին կարող ասպարեզ բաց անել, միշտ դիմում են խարդախ և անազնիվ միջոցների: Դրանով կարելի է բացատրել, թե ինչու ինտրիգան և խռովությունները միշտ անպակաս են լինում գավառական դպրոցներից: Այստեղից հասկանալի է, թե ինչ բարոյական ազդեցություն կարող էր ունենալ վարժապետն իր աշակերտների վրա, որոնք ամեն օր լսում են նրա մասին շատ գայթակղական խոսքեր, նկատում են նրա մոլի վարքը, ականատես են լինում նրա կռիվներին իր ընկերների հետ: Վարժապետի բարոյականությունն ազդում է նույնիսկ ժողովրդի վրա, որ քննում է նրա յուրաքանչյուր քայլը, և որի վարմունքը չէր կարող անհայտ մնալ փոքրիկ քաղաքում, ուր բամբասանքը հասարակաց խոսակցության գլխավոր նյութն է կազմում:

Մի քանի խոսք գավառների մտավորապես զարգացած երիտասարդության մասին, որոնք ներկայացնում են, եթե այսպես կարելի է կոչել, գավառների ինտելիգենցիան: Բարձր ուսում ստացած համալսարանական երիտասարդությունը, որպես նկատեցի այս գլխի մեջ, իրան հեռու է պահում ազգային գործերից, նա ապրում է իր համար, հասարակությունը չէ հետաքրքրում նրան: Նրանք անպատվություն են համարում թղթակցել որևիցե հայոց լրագրին (պետք է խոստովանել, որ շնորհք էլ չունեն), աշխատակցել մի ամսագրի, կամ հրատարակել մի փոքրիկ գրքույկ: Ուսումը նրանց ոչինչ չէ արդյունաբերում: Բացառությունները խիստ մասնավոր են: Փոքր ի շատե կենդանություն երևում է ոչ մի բարձր դպրոցում չավարտած, ինքնուս երիտասարդների մեջ. դրանք են, որ ամեն բանի վրա գրում են, ամեն բանի վրա դատում են, շատ անգամ ծուռ և սխալ կերպով, բայց գրում են, քանի որ ուրիշ լավը չկա: Դրանք գործում են, որքան կարող է գործել մի մարդ, որ բնական խելք և սաստիկ եռանդ ունի, բայց մի նշանավոր բան արդյունաբերելու համար պակասում է նրան հիմնավոր գիտությունը:

Կրոնական զգացմունք ավելի վառ է պահված գավառներում: Երիտասարդությունը թեև չէ համակրում եկեղեցականին, բայց սիրում է իր եկեղեցին: Սնահավատությունը երիտասարդների մեջ կորցրել է իր նշանակությունը, նախապաշարմունքները չեն կաշկանդում նրան: Շատերի մեջ հայտնվում է բողոք դեպի եկեղեցական այս և այն ծիսապաշտությունը: Բայց դարձյալ նրանք հաճախում են հանդեսներին, որովհետև կարծում են, թե այդ բոլորը դեռևս հարկավոր են անզարգացած ժողովուրդն իր եկեղեցու հետ կապված և հայության մեջ հաստատուն պահելու համար: Ազգայնության գաղափարն ավելի զարգացած է գավառական երիտասարդության մեջ. նա հասնում է մինչև ազգասիրական մոլեռանդության: Բացի մի քանի սարսաղ ծառայողներից, բացի մի քանի մանր աստիճանավորներից, չեք գտնի մեկին, որ ամոթ համարեր հայերեն խոսելը: Որպես հայ հասարակության մեջ, այնպես էլ ընտանիքներում տիրապետում է մայրենի լեզուն: Բայց չեմ կարող չհիշել հայերի այն ընդհանուր մոլությունը, որ սովորական է դարձել և մեր գավառներում. տեսնում ես մի տեղ, մի ժողովի մեջ, մի խմբի մեջ տասն հայ, իսկ նրանց թվում մի օտարազգի, անպատճառ տասը հոգի հայերը կսկսեն մեկ օտարականի լեզվով խոսել, ինչ ազգից և լիներ նա: Չգիտեմ ե՞րբ պետք է հայն ազգային հպարտություն ունենա:

Գ

ՈՒՍԱՆՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Իսկապես մենք չունենք այն տարրը, որ հասկացվում է բառերովս ուսանող կամ ուսանողություն: Ասելով գերմանական ուսանողություն, ֆրանսիական ուսանողություն, մենք իսկույն ըմբռնում ենք մի միտք բոլորովին որոշ և կազմակերպված տիպերի մասին, որ հայտնի են իրանց գաղափարներով, ձգտումներով և հատկանիշ առանձնություններով: Բայց հայ ուսանող ասելով, մենք հասկանում ենք միայն բարձր ուսում ստացած երիտասարդ, որ սովորել էր այս և այն համալսարանումև ավելի ոչինչ: Այդ տարրը մեզանում մի որոշ ձև չէ ստացել. նա դեռ իր քաոսական դրության մեջն է գտնվում: Եվ շատ բնական է, որովհետև մի ազգ, որ սեպհական համալսարան չունի, և չի էլ կարող ունենալ իր հատուկ ուսանողությունը: Գիտությունն, արդարև համազգային սեպհականություն է, բայց ոգին, որ համալսարանի մթնոլորտը ներշնչում է ուսանողի մեջ և տալիս է նրա բնավորությանը մի որոշ գույնդա առանձնական նշանակություն ունի: Այդ պատճառով շատ դժվարին է ներկայացնել հայ ուսանողությունը որպես մի կազմակերպված մարմին և նկարել նրա պատկերն իր ամբողջական ձևի մեջ, քանի որ նրանք ուսանում են զանազան պետությունների զանազան համալսարաններում: Այսուամենայնիվ, ես կաշխատեմ իմ ընթերցողներին մոտավորապես ծանոթացնել այդ հասարակության հետ, որ համարվում է նոր սերնդի ներկայացուցիչը96:

Հայ ուսանողները սովորում են մեծ մասամբ Ռուսաստանի համալսարաններում և ընտրում են գլխավորապես Ս. Պետերբուրգի և Մոսկվայի համալսարանները, իսկ փոքր թվով դիմում են արտասահման` Գերմանիա, Ֆրանսիա և Զվիցերիա: Սկսենք առաջ Ռուսաստանի ուսանողների մասին:

Ես ի նկատի ունեմ երկու մայրաքաղաքների` այսինքն Ս. Պետերբուրգի և Մոսկվայի ուսանողներին: Հայ ընտանիքի մեջ սեղմված և փոքրիկ գավառական քաղաքներում դեռ աչքերը չբացված երիտասարդը հանկարծ ընկնում է մեծ աշխարհի ծովի մեջ: Ընկերները վարձում են նրա համար մի կահավորված սենյակ, և նա սկզբում, կարծես, վախենում է դրսի լույսից և պտտվում է իր համազգիների նեղ շրջանի մեջ: Բավական պատրաստված չլինելով կյանքի համար, նա իրան միշտ հեռու է պահում հասարակությունից, ռուս կամ օտարազգի ուսանողների հետ հարաբերություն չէ կազմում, նրանց ընտանիքների մեջ չէ մտնում, և հայ ընտանիքներից հազիվ է պատահում, որ իրանց մոտ ուսանողներ ընդունեին, եթե տանը հասած աղջիկ չունեին, որին դժվար էր մայրաքաղաքում «խարջել»: Երբեմն նա տեսնվում է հայ հասարակության հետ, երբ ազգասիրությունից դրդված, կիրակի կամ տոն օրերում հայոց եկեղեցի է գնում: Եվ այսպես բնականաբար կազմվում է հայ ուսանողների նեղ և սահմանափակ շրջանը, որ միշտ առանձնացած և անխառն է մնում օտար տարրերից: Ոմանք մեր ազգասերներից խիստ գոհացուցիչ են գտնում այդ դրությունը, մտածելով, թե այսպիսով հայ ուսանողները պահպանում են իրանց հայությունը և չեն օտարանում: Բայց իմ կարծիքով, կյանքի մեջ կուլ չգնալու համար պետք է մտնել նույնիսկ կյանքի մեջ, որպես ծովի մեջ չխեղդվելու համար պետք է անպատճառ ջրի մեջ մտնել և լողալ սովորել...

Այսպես առանձնացած կյանք վարելով, իրանց նեղ հայկական շրջանից չդուրս գալով, օտարազգի ուսանողներից և օտարազգի ընտանիքներից միշտ իրանց հեռու պահելով, հայ ուսանողները, թեև պահպանում են իրանց ցեղական հատկությունները, բայց միևնույն ժամանակ չեն փոխում իրանց բնավորությունը և իրանց վարքը, որ շատ կարոտ էին քաղաքակրթվելու: Բացի դրանից, նրանք մտավորապես ևս չեն զարգանում: Ուսանողն ավելի շատ բան սովորում է դրսի աշխարհից, քան թե համալսարանի ամբիոնից: Կյանքըահա՛ մարդու գլխավոր վարժապետը: Ով որ իրեն հեռու է պահում կյանքից, մնում է անկիրթ, անտաշ և վայրենի: Դրանով կարելի է բացատրել հայ ուսանողների նեղ աշխարհահայեցողությունը, որ միշտ սահմանափակված է մնում նախապաշարմունքների շրջանակի մեջ:

Ես հիշեցի հայկական ուսանողների, հայկական շրջան և այլն, բայց իսկապես այդ էլ չկա: Ի՞նչ շրջան կարող է կազմվել հայ ուսանողների մեջ, քանի որ նրանց մեջ ոչինչ կապ չկա, քանի որ ոչ մի ընդհանուր միտք և ոչ մի ընդհանուր նպատակ չէ միացնում նրանց: Նրանք միայն հայրենակցական և ազգակցական կապեր ունեն, և ավելի ոչինչ: Հայ ուսանողը երբեմն հայ ընկերի մոտ է գնում, նրա հետ տեսնվում է, նրա հետ ժամանակ է անցկացնում, որովհետև մի ուրիշին չէ ճանաչում: Իսկ նա իր ներքին կյանքի մեջ ևս բոլորովին առանձնացած է ապրում, առանց սերտ հարաբերություններ ունենալու նույնիսկ իր ազգայինների հետ: Կարճ ասեմ, նա իր բավականությունները, իր զվարճությունները և իր զարգացումը գտնում է իր սենյակի չորս պատերի մեջ: Բացառությունները խիստ աննշան են:

Կբերեմ մի քանի պատկերներ նրանց կյանքից:

Մտնում ես ուսանողի սենյակը, այնտեղ կտեսնես մի քանի աթոռներ, մահճակալ և գրասեղան, որի վրա մի թղթի կտոր անգամ չես գտնի գրելու համար: Թանաքամանի մեջ մի անգամ ածված մելանը վաղուց է ցամաքել: Գրքեր չես տեսնի: Գրասեղանի վրա դրած են մի քանի վիմագրությամբ տպված տետրակներ միայն` դրանք պրոֆեսորի լեկցիաների տետրակներն են, որոնց վրա մի թիզ փոշի է նստած, երևի ուսանողի ձեռքը վաղուց չէ դիպել նրանց: Սենյակի մեջ աչքի են ընկնում կանացի պաճուճանքներ, ժապավենի կտորներ, երկայն գուլպաներ և այլն: Դրանք ի՞նչ են շինում այնտեղ: Ուսանողը սիրուհու հետ է ապրում:

Եթե տեսնենք, թե ինչ տեսակ կնիկներ դեր են խաղում ուսանողների կյանքի մեջ, հասկանալի կլինի նրանց քաղաքակրթության աստիճանը: Մոսկվայում և Պետերբուրգում կա մի ամբողջ դաս աղջիկների, որոնք կոչվում են սպիտակեղենների կարուհիք (белошвейка). այդ ողորմելի արարածները մոդնի մագազինների գործավորներ են, որոնք երբ ձանձրանում են աշխատությունից, մտնում են ուսանողի մենարանը զվարճանալու համար: Մի կեղծ սեր կապում է ուսանողին այդ աղջիկների հետ, որոնք այնքան անգամ խաբված են երիտասարդներից, որ իրանք էլ այլևս չեն հավատում սերին: Ուսանողն անդադար փոխում է նրանց, որպես հնացած կոշիկներ: Բայց լինում են այնպիսի միամիտներ, որոնք խաբվելով երիտասարդի խոստմունքներից, իսկապես սիրում են նրան: Երիտասարդը տարիներով ապրում է նրա հետ, ավարտում է իր ուսումը և վերադառնում է իր հայրենիքը, իսկ սիրուհուն, որպես մի լաթի կտոր, ձգում է մի կողմ, առանց խղճահարվելու և առանց բնավ մտածելու, թե ում խնամակալությանն է թողնում իր սիրո պտուղներըԳնացող ընկերոջ սիրուհին մնում է մնացողին, և այսպես նա անցնում է ձեռքից ձեռք և երբեք չէ դուրս գալիս ուսանողների աշխարհից:

Իմ վերևի նկարագրությունը դեռ բավական ազնիվ ձևն է ուսանողների հարաբերության կանանց հետ: Բայց լինում են և այնպիսի փչացած բնավորություններ, որ հաճախում են և հասարակաց տները: Մեկն այս ասպարեզի հերոսներից ինձ պատմում էր, թե ինքն ամբողջ օրը քնում էր, իսկ գիշերը սկսում էր ամենաբարձր հասարակաց տնից, ուր կարելի էր գտնել պիանո, լավ նախաճաշիկ և նուրբ ըմպելիքներ, և առավոտյան վերջացնում էր այն ցած և կեղտոտ տներով, ուր բավական էր հինգ կոպեկ միայն ծախսել: — Ինչո՞ւ, — հարցրի ես: — Այնպես, այդ զվարճություն էր պատճառում ինձ, — պատասխանեց նա: Բայց պատահում են և այնպիսի անազնիվներ, որ գտնում են մի պառավ, բայց հարուստ այրի կին և ապրում են նրա հետ և նրա հաշվով:

Ուրիշ զվարճություններից, որ կարող էին կրթողական ազդեցություն ունենալ, զուրկ են հայ ուսանողները: Թատրոն հազիվ են գնում, թատրոնով հետաքրքրվում են այն ժամանակ միայն, երբ պետք էր տեսնել մի սիրուն պարուհի, կամ լսել մի հռչակավոր երգչուհու: Կաֆեներում ժամանակ չեն անցկացնում, այլ իրանց հայկական սովորությամբ հավաքվում են մի ընկերոջ սենյակը, «տնավարի» կերպով արաղ են խմում, ծխում են և թուղթ են խաղում. — արաղը և թղթախաղը, ահա գլխավոր պարապմունքները, որ զբաղեցնում են ուսանողներին: Այսպիսի շրջաններում, որոնք խաղալու փող չունեն, նստում են, կամ ապուշ կերպով նայում են խաղացողների գործողությանը, և կամ մի կողմ քաշված, խոսում են, վիճում են բոլորովին իրանց անծանոթ, բոլորովին չսովորած և չկարդացած առարկաների վրա: Հյուրանոց մտնում են միայն ճաշելու համար և անմիջապես դուրս են գալիս: Ուսանողը երբեմն ամբողջ ամիսներ ուտում է մի հյուրանոցում պարտքով. երբ պարտքը շատացավ և անկարող էր վճարել, փոխում է հյուրանոցը, գտնում է մի նորը, ուր նրան չեն ճանաչում և նոր կրեդիտ է բաց անում:

Հայ ուսանողներն առհասարակ փոքր են սովորում, ոչ թե այն պատճառով, որ նրանցից շատ ժամանակ է խլում արաղը, թղթախաղը և սիրուհին, ոչ, այլ ընդհանրապես ծույլ են: Խիստ սակավ է այն ուսանողների թիվը, որոնք ճշտությամբ հաճախում են դասախոսություններ լսելու. ոմանք գնում են շաբաթը մի անգամ, ոմանք ամիսը մի անգամ, իսկ ոմանք ամենևին չեն գնում: Մեծ մասը, համարյա 10-ից 8-ը լսում են դասախոսություններ իրավաբանական և բժշկական ֆակուլտետներում: Մի բան, որ ավելի հատկանիշ է Ռուսաստանի մեր ուսանողներին, այն է, որ նրանց չէ հրապուրում գիտության սերը, այլ ընտրում են այս և այն մասնագիտությունը որպես միջոց կյանքի մեջ ասպարեզ բացելու և ապագայում իրանց համար որևիցե դրություն հաստատելու: Ավելի պարզ ասած, նրանք սովորում են դիպլոմի համար: Բայց դիպլոմ ստանալու համար մեծ գիտություն, մեծ աշխատություն պետք չէ, բավական էր տարին մի քանի անգամ դասախոսություններ լսել, հետո սերտել մի քանի տետրակներ և քննություն տալ: Որպես համբակի սերտողությամբ լցնում է իր գլխում ուսանողը գիտության պաշարն այդ ողորմելի վիմագրական տետրակներից, այսպես էլ շուտով դուրս է թռչում նրա գլխից, երբ թողնում է համալսարանը: Բայց դիպլոմն իր զորությունը չէ կորցնում: Իսկ խոսքը բժիշկների մասին չէ, որոնցից պահանջվում է մի որոշ չափով գործնական աշխատություններ, բայց մնացյալ մասնագիտությունների մեջ գլխավորապես գործ է կատարում հիշողությունը, աշակերտի սերտողությունը, և ոչ թե գիտության յուրացնելը, կամ ուրիշ խոսքով` մարսելը: Եվ ի՞նչով կարող էր հարստացնել ուսանողն իր մտավոր պաշարը, երբ նա իր մասնագիտությանը վերաբերյալ ոչ մի ուրիշ գիրք չէ կարդում, այլևս չեմ խոսում այն զանցառության վրա, որ նա հետաքրքրվեր զանազան գիտություններով, որոնք իր մասնագիտության հետ կապ չունեին:

Ռուսաստանի հայ ուսանողը ոչինչով չէ զանազանվում հայ վաճառականից: Երևակայեցեք ձեզ մի թիֆլիսեցի, որ գնացել էր Մոսկվա. նա առնում է այն ապրանքները միայն, ինչ որ պետք էր իր կրպակի համար, ինչ որ ինքը ծախում էր, ինչ որ իր վաճառականության մասնաբաժինն էր կազմում. բայց ուրիշ ինչ էր վաճառվում առևտրական հրապարակի վրա, որոնցից դարձյալ կարելի էր շահվել, — նրանցով չէ հետաքրքրվում: Նույն կերպով վարվում է և հայ ուսանողը. նա բացի իր մասնագիտությունից ուրիշ գիտություններով չէ հետաքրքրվում: Այս է պատճառը, որ մեր ուսանողներից չեն հայտնվում զորավոր տաղանդներ կամ փոքր ի շատե գիտնականներ: Հայ ուսանողի ամբողջ գործունեությունը պայմանավորվում է մի հաշիվի մեջ, սկզբից նախագծած մի վաճառականական հաշիվի մեջ, որ հասցնում է նպատակին: Այս հաշիվից դուրս նա ուրիշ բան չէ ճանաչում: Գիտությանը վերաբերվում է նա բոլորովին նրա պաշտոնական կողմից: Նա հաշվել է, թե բժիշկ, փաստաբան, նոտար լինելու համար պետք է այսչափ գիտություն, որ կարողանա դիպլոմ ստանալ, և այն չափից չէ անց կենում:

Ուսանող մանկտին ամեն ազգի մեջ և ամեն ժամանակներում եղել է ազատության սիրահար, բռնության թշնամի, առաջադիմության առաջնորդ և լուսավորության առաքյալ: Նա պաշտպան է հանդիսացել նեղյալին և պահանջել է արդարություն մարդկանց հարաբերությունների մեջ: Նա ցանկացել է ընդհանուր մարդկային բարին, ցանկացել է, որ մարդն ապրեր հանգիստ, գոհ և հարստահարիչ ձեռքը չհափշտակեր նրա օրական հացը: Բայց հայ ուսանողը չափազանց եսական է. նա երբեք չէ հափշտակվում ընդհանուր մարդասիրական բարձր գաղափարներով: Նա մինչև անգամ չէ մտածում իր ազգի վրա, այլ մտածում է իր անձի մասին միայն: Իդեալ կոչված բանը նրա համար չկա. նա սաստիկ նյութապաշտ է:

Եվ ո՞րտեղից կարող էր նա հրապուրվել բարձր գաղափարներով, երբ գրքեր չէ կարդացել, ծանոթ է մի քանի հեղինակների անունների հետ, առանց նրանց գործերի հետ ծանոթ լինելու, լրագրության չէ հետևում. և ամենևին չէ հետաքրքրվում, թե ինչ է կատարվում իր շուրջը, կամ ի՞նչ են անում զանազան ազգեր զանազան երկրներում: Այս է պատճառը, որ հայ ուսանողի աշխարհայեցողության շրջանակը մնում է խիստ նեղ, և նա այնքան փոքր ծանոթ է ժողովուրդների պատմության և նրանց կենցաղավարության պայմանների հետ, որ իր զարգացումով շատ չէ զանազանվում մի հասարակ գիմնազիստից: Բայց գտնվում են և այնպիսի խենթեր, որոնք գրավվում են բուն ռուս ուսանողների մեջ բորբոքվող մի քանի նոր գաղափարներով, որպես անմիտ թիթեռը հափշտակվում է ճրագի լույսով և այրում է իր թևիկները...

Ավելորդ չէր լինի համեմատության համար հիշել մի քանի գծեր ռուս ուսանողների մասին:

Ռուս ուսանողները, իրավ է, նույնպես ծույլ են, ընտրած մասնագիտությանը չեն հետևում, վատ են սովորում, բայց նրանք ունեն մի առավելություն, որ զուրկ են հայ ուսանողները: Ռուս ուսանողները շատ կարդում են, եթե ոչ գիտնական գրքեր, գոնե տենդենցիայով գրված րոմաններ, կրիտիկաներ, փիլիսոփայություններ, հետևում են ժամանակակից մտքերի և շարժումների, և հետաքրքրվում են ժողովրդի ստոր դասի վիճակով, զբաղվում են քաղաքական մտքերով: Կա և մի ուրիշ բան, որ ռուս ուսանողների գլխավոր հատկանիշն է, և որով որոշվում են նրանք եվրոպական բոլոր ուսանողներից, այն է, որ ռուս ուսանողը խիստ բարձր կարծիք ունի կնոջ վրա: Նա կնոջ մեջ տեսնում է մի զորություն, որ մեծ դեր պիտի խաղա ժողովուրդների քաղաքակրթության մեջ, և ամեն ջանքով աշխատում է մշակել, զարգացնել այդ զորությունը: Այս պատճառով նա ոչ միայն մեծ նշանակություն է տալիս կնոջ դաստիարակությանը, այլ ինքն ընտանիքների մեջ մտնելով, միսիոնարի եռանդով աշխատում է առանձնապես ազդել, ներգործել կնոջ վրա, զարգացնել նրա միտքը և ծանոթացնել ժամանակի ոգու հետ: Այս է պատճառը, որ նա իրան հեռու չէ պահում ընտանիքներից: Տեսնում եք մի ուսանող որևիցե ընտանիքի մեջ ծանոթանում է մի մանկահասակ աղջկա հետ, հենց որ նկատեց նրա մեջ ընդունակության մի նշույլ, իսկույն կսկսե ինքնակոչ վարժապետի դեր կատարել: Նա այնքան շատ կարդացել է, այնքան բազմակողմանի հմտություններ ունի, որ աղջիկը երբեք նրանից չէ ձանձրանա: Ազդեցությունը սկսվում է անզգալի կերպով: Ուսանողը վազ կտա այս և այն գրատունը, կբերե նրա համար նոր գրքեր, ցույց կտա, թե այս ինչ ամսագրի մեջ մի հետաքրքիր հոդված է տպված, որ արժեր կարդալ, շատ անգամ ինքը կնստե, կկարդա նրա համար, կբացատրե, կվիճե նրա հետ, վերջապես այնքան կաշխատե, մինչև աղջկա միտքը բոլորովին կդարձնե ուսումնասիրության վրա: Եթե աղջիկը միջոցներ չուներ, նա իր վերջին կոպեկները կզոհե նրա համար զանազան ուսումնական պարագայք գնելով, և չի խնայի ոչ ժամանակ և ոչ աշխատություն նրան զարգացնելու համար: Պատահում է, որ աղջիկը բոլորովին անբախտանում է ուսանողի ազդեցության տակ, այսուամենայնիվ, նրանից պատրաստվում է մի էակ, որ հակառակ է ընթանում հասարակական նախապաշարմունքների դեմ: Ուսանողների ազդեցությունն է պատճառը, որ այժմ բազմաթիվ ռուս աղջիկներ եվրոպական զանազան ուսումնական հիմնարկությունների մեջ դասախոսություններ են լսում:

Բայց հայ ուսանողը կնոջ վրա բոլորովին ասիական կետից է նայում: Ապրելով իր հայրենակիցների նեղ շրջանում, և ուրիշ խմբերի մեջ չմտնելով, նա գոնե չէ ստանում այն արտաքին փայլը, որ տալիս է մարդուն մեծ աշխարհի քաղաքակրթությունը: Դրսից նա երևում է իր կոպտությամբ և անշնորհք դանդաղկոտությամբ, իսկ ներսից` խորին դատարկությամբ: Նա այնքան սակավ է կարդացել, այնքան սակավ ծանոթ է, թե ինչ է կատարվում իր շուրջը, որ անընդունակ է վարել որևիցե լուրջ և բաղադրյալ վիճաբանություն: Մի քանի սերտած և «մոդնի» ֆրազներից հետո նրա գիտության պաշարը սպառվում է և սկսում է դուրս տալ ծիծաղելի հիմարություններ:

Ես նկարագրեցի Ռուսաստանի հայ ուսանողներին, բոլորովին նրանց մթին կողմերը վեր առնելով, բայց անարդարություն կլիներ ասել, թե բոլորը ծույլ են, բոլորը ոչինչ չեն սովորում, բոլորն անբարոյական են և այլն: Կան և ճշմարիտ աշխատասեր ուսանողներ, բայց դժբախտաբար այսպիսիների թիվն այնքան փոքր է, որ պետք է բացառություն համարել: Դժվար է ճշտությամբ որոշել, թե մեր ժողովրդի ո՞ր դասակարգին են պատկանում լավ ուսանողները: Միայն մի երևույթ, որ ճշմարիտ է, այն է, որ գյուղացիները գերազանցում են գավառացիներից, գավառացիները թիֆլիսեցիներից, իսկ աղքատները` հարուստներից: Ինչի՞ց է այդ, արդյոք ընտանեկան կրթությունի՞ց, թե առանձին ֆիզիոլոգիական պատճառներից, ես պարզապես բացատրել չեմ կարող: Բայց հասկանալի են պատճառները, թե ինչու աղքատ երիտասարդներն ավելի հաջողակ ուսանողներ են լինում, քան թե հարուստները: Իսկ այն, որ գյուղացի և գավառացի երիտասարդները միշտ գերազանցում են բուն թիֆլիսեցիներից, ես այդ երևույթին մի ուրիշ պատճառ չեմ գտնում, բացի նրանից, որ գավառացիների և գյուղացիների ընտանեկան կրթությունն ավելի լավ պայմաններով է կատարվում. նրանք երեխայությունից սովորում են աշխատության, և որ ամենագլխավորն է, նրանք ունեն բարոյական հաստատուն հիմք, մինչդեռ թիֆլիսեցի երիտասարդը հենց ընտանիքից փչացած է դուրս գալիս թե բարոյապես և թե մտավորապես: Միևնույն կերպով կարելի է բացատրել և այն երևույթը, որ թիֆլիսեցի երիտասարդը Ռուսաստանի դպրոցներում բոլորովին օտարանում է, որովհետև հենց սկզբից անունով միայն հայ էր, չէր սովորել իր մայրենի լեզուն, չէր կրում իր ազգի ցեղական առանձնությունները: Բայց մի երևանցի, մի ղարաբաղցի և մի լոռեցի երիտասարդ, որ կրթվել էր բուն հայկական ընտանիքում, որ գիտեր իր մայրենի լեզուն, երբեք չէ օտարանում, այլ ընդհակառակն, ավելի հաստատվում է իր ազգայնության մեջ:

Next page