Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Գավառացի և գյուղացի ուսանողները լինում են կամ բոլորովին աղքատ, կամ փոքր միջոցներ ունեցող երիտասարդներ: Անկարելի է նկարագրել, թե որպիսի դժվարությունների դեմ պատերազմելով, աղքատ ուսանողը կարողանում է ավարտել իր ուսումը: Նրա տոկունությունը, եռանդը, անձնազոհությունը հասնում է կատարյալ նահատակության: Երևակայեցեք կյանքի բոլոր դաժանությունը Մոսկվայի կամ Պետերբուրգի նման քաղաքներում, ուր փոքր ի շատե համեստ ապրուստը պահանջում է ամսական գոնե 30 ռուբլի, իսկ նա կառավարվում է 10 կամ 15 ռուբլիով: Եվ այդ ողորմելի գումարը նա պիտի ձեռք բերե ահագին դժվարություններով: Ես ճանաչում եմ մի քանի խեղճ ուսանողներ, որոնք ամառվա արձակուրդների ժամանակ գալիս էին Թիֆլիս դասեր գտնելու, կամ պարապելու մի հարստի երեխաների հետ ամառանոցում, և այսպիսով փող էին վաստակում, և կրկին վերադառնում էին Մոսկվա կամ Պետերբուրգ շարունակելու իրանց ուսումը: Եվ այսպիսիները լինում են ամենալավ ավարտողներն իրանց մասնագիտությունից:

Ցույց տալով հայ ուսանողների թույլ և զորավոր կողմերը, ավելորդ չէր լինի ասել մի քանի խոսք ևս նրանց ընդհանուր գաղափարների մասին:

Միանգամայն անարդար կլիներ ասել, թե բոլոր հայ ուսանողների ձգտումները միայն առանձնական և նյութական նպատակ ունեն, թե նրանց մեջ չկային բարի երիտասարդներ ազնիվ ցանկություններով: Կան շատ ուսանողներ, որոնք հափշտակվում են եթե ոչ ընդհանուր մարդասիրական գաղափարներով, գոնե նեղ ազգասիրական բաղձանքներով: Նրանք հավաքվում են միասին, ծխում են, վիճում են և տնօրինում են իրենց «սիրելի ազգի» համար մի լավ ապագա: Սկսում են սովորել հալոց լեզուն, ծանոթանալ նրա գրականության հետ և ուսումնասիրել նրա պետքերը, և լի բարի ցանկություններով վերադառնում են իրանց հայրենիքը գործելու համար: Մենք մյուս անգամ կտեսնվենք այդ պարոնների հետ կյանքի մեջ, թե ո՛ր աստիճան նրանք հավատարիմ են մնում իրանց ուխտին: Այժմ վերջացնում եմ իմ նկարագիրը Մոսկվայի և Ս. Պետերբուրգի ուսանողների մասին, ավելացնելով մի քանի խոսք նրանց ժողովների վերաբերությամբ:

Վաղուց է, որ Մոսկվայի և Ս. Պետերբուրգի ուսանողներն ունեն մի տեսակ ժողովներ, կազմել են մի տեսակ եղբայրություն, բոլորովին բարեգործական նպատակով: Նրանք ունեն առանձին կասսա, որի մեջ հավաքվում են ուսանողների նվերներն իրանց չքավոր ընկերներին օգնելու համար: Մի համակրական գործ, որ կատարել են հայ ուսանողներըայդ է: Բայց ցավալի է տեսնել, այն ուսանողները, որ մի ժամանակ վայելել էին հիշյալ կասսաների օժանդակությունը, ավարտելուց և կյանքի մեջ մտնելուց հետո բոլորովին մոռանում են անցյալը: Ինձ պատահել է լսել շատ տրտունջներ, թե այսինչ ուսանողն այսքան հարյուր ռուբլի պարտ է մնացել ուսանողական կասսային, իսկ վերադարձնելու մասին չէ մտածում, թեև այժմ տարեկան մի քանի հազար ռուբլի եկամուտ ունի: Ինձ հայտնի են մինչև անգամ այդ ապերախտների անուններն97

Հայ ուսանողները բացի Ռուսաստանի երկու մայրաքաղաքների համալսարաններից փոքր թվով դիմում են Օդեսա, Կիև, Կազան և Դորպատ: Դրանք չեն զանազանվում առանձին հատկանիշներով, բայց նույնը չէ կարելի ասել Դորպատի ուսանողների մասին: Դորպատի համալսարանը, եթե չեմ սխալվում, առաջինը եղավ, որ քաշեց դեպի ինքը հայ ուսանողներին, և ճանապարհը դեպի այդ ռուս-գերմանական քաղաքը բաց արեց Աբովյանցը. նրան հետևեցին շատերը, իսկ այժմ համարյա թե դադարել են Դորպատ գնալուց: Դորպատի համալսարանը տվեց մեզ երկու նշանավոր մարդիկ` Աբովյանցին և Նազարյանցին: Բայց պետք չէ մոռանալ և այն, որ առհասարակ Դորպատի ուսանողներն ունեն մի առանձին հատկանիշ գույն, որով որոշվում են ռուսաց մյուս համալսարանների հայ ուսանողներից: Մի տեսակ ծածկամտություն, մի տեսակ քրմական ֆանատիկոսություն, մի տեսակ կույր համառություն տիրում է նրանց ամբողջ մտավոր կարողության վրա: Նրանք փոքր ի շատե կարդացել են և առանց համոզմունքի մարդիկ չեն, բայց իրանց համոզմունքների մեջ այն աստիճան կամակոր են, որ դա պահում է նրանց միշտ քարացած անշարժության մեջ: Այդ պատճառով զարմանալի չէ տեսնել, որ Դորպատից ավարտողները մեր ազգային, հասարակական և եկեղեցական խնդիրների վերաբերությամբ համարյա բոլորն էլ պահպանողականներ են: Ինչ որ ավելի աչքի է զարկում, այդ է նրանց թթու ազգասիրությունը, որ չեն թաքցնում երևան հանել, երբ այդ ցուցամոլությունը չէր պահանջում նրանցից որևիցե աշխատություն կամ զոհ:

Դառնում եմ դեպի արտասահմանյան ուսանողները:

Ռուսաստանի սահմաններից դուրս հայ ուսանողները դիմում են մեծ մասամբ Գերմանիա, իսկ մասնավորապես Ֆրանսիա և Զվիցերիա: Սկսենք Գերմանիայից:

Հայ ուսանողը դիմում է Գերմանիայի այս և այն համալսարանական քաղաքն առանց մի բառ գերմաներեն գիտենալու: Նա վարձում է մի ընտանիքի մեջ բնակություն, ուր վեց ամսից հետո սովորում է եթե ոչ վարժ խոսել, բայց հասկանում է լսածը: Տարին չլրացած, նա համարձակ կարող է հաճախել իր ընտրած մասնագիտությունից դասախոսություններ լսելու: Սկզբից քննություն տալ չէ պահանջվում, բավական է, որ ուսանողը հայտնում է համալսարանի վարչությանն իր ցանկությունը մտնել ուսանողների թվում, հետո նրա անունը գրվում է վարչության գրքի մեջ (матрикулярная книга): Գերմանական համալսարանն ազատ հիմնարկություն է. նրա կազմակերպության մեջ չեն տիրում այն պաշտոնական խիստ ձևերը, որ կարելի է բացատրել բառովս արքունականություն (казенщина): Ուսանողին տված է կատարյալ ազատություն թե առարկայի և թե պրոֆեսորի ընտրության մեջ. նշանակված կուրսեր և քննություններ չկան. ուսանողը ինքն է տնօրինում իր ժամանակը, որի ընթացքում նա մտադիր է սովորել: Եթե հանգամանքները չեն ներում, նա կարող է ընդհատել իր ուսումը և ամիսներից կամ տարիներից հետո կրկին շարունակել: Շատ անգամ միևնույն ուսանողն իր ընտրած առարկայից լսում է զանազան պրոֆեսորների մոտ, զանազան քաղաքներում. այստեղից առաջ է գալիս ուսանողների գաղթականություն մի համալսարանական քաղաքից դեպի մյուսըԲեռլին, Լայպցիգ, Մյունխեն, Հայդելբերգ, Իենա և այլն: Այդ նպաստում է ուսանողին ծանոթանալ զանազան գիտնականների հայացքների հետ իր ընտրած առարկայի վերաբերությամբ: Լսելով զանազան պրոֆեսորներին, զանազան համալսարաններում, ուսանողը կարող է վերջապես ընտրել մեկը և այն համալսարանում քննություն տալ. այդ մասին արգելք չկա, բավական է, որ նա ցույց տար իր թղթերը, թե այս ինչ պրոֆեսորների մոտ այսքան ժամանակ լսել է: Շատ անգամ պատահում է, որ մի ուսանող, բացի իր ընտրած մասնագիտությունից, լսում է և մի քանի ուրիշ առարկաներ. պատմաբանը կամ ֆիլոլոգը միևնույն ժամանակ հաճախում է լսել մի նշանավոր նատուրալիստին, կամ նատուրալիստը գնում է լսելու մի երևելի փիլիսոփային: Եվ այսպես, ամեն մի լսող կարող է ազատ կերպով ուսումնասիրել իր ընտրած արհեստի բոլոր հայտնի ավտորիտետներին:

Պրոֆեսորի հարաբերություններն ուսանողի հետ ընտանեկան բնավորություն ունեն: Նա չէ վարվում որպես մի զորապետ իր սոլդատների հետ: Նրա տունը մատչելի է ամեն մի ուսանողին, որ դիմում էր նրա մոտ որևիցե խորհրդի համար: Այս է պատճառը, որ գերմանական պրոֆեսորը, գերմանական համալսարանը չէ վախեցնում ուսանողներին,. և ոչ մի ազգի մեջ պրոֆեսորն այնքան հարգված և այնքան սիրված չէ իր լսողներից, որպես Գերմանիայում: Նկատված է, որ պրոֆեսորներն ավելի մեծ ուշադրություն դարձնում են օտարազգի ուսանողներին, քան թե բուն գերմանացի ուսանողների վրա, որոնք գիտեն իրանց գործը և շատ կարոտ չեն նրանց խնամատարությանը:

Համալսարանական պարապմունքները լինում են գլխավորապես դասախոսություններ, որ լսում են ուսանողները, վճարելով մի նշանակված վարձ իրանց պրոֆեսորին, այլև մասնավոր հետազոտություններ և փորձեր լաբորատորիաներում պրոֆեսորի աջակցությամբ, և վերջապես սեմինարիաներ, որ կատարվում են ուսանողների վարժության համար: Սեմինարիաները որոշվում են նրանով, որ պրոֆեսորը տալիս է իր լսողներին մի հարց նրանց մասնագիտության վերաբերությամբ մշակելու համար, ուսանողները պատրաստում են և նրանցից մեկը բարձրանում է ամբիոնի վրա և խոսում է: Պրոֆեսորն այդ միջոցին նստած է լինում մյուս ուսանողների շարքում, լսում է և նշանակում է իր նկատողությունները և միևնույնը անում են և մյուս ուսանողները: Հետո յուրաքանչյուրն իր կողմից հարցեր է առաջարկում և ամենքին պետք է պատասխանե դասախոսը:

Գերմանական համալսարաններում ամեն ինչ առաջնորդում է ուսանողին դեպի արհեստի և գիտության խորին ուսումնասիրությունը: Չմոռանանք պրոֆեսորի զանազան զբոսանքները և քննական հետազոտությունները (экскурсия) իր լսողների հետ: Ուսանողը հույս չէ դնում պրոֆեսորի լիտոգրաֆիական տետրակների վրա, որպես լինում է այդ Ռուսաստանում, որ նա ամբողջ տարին անգործ մնա, և հետո շտապով թութակի նման սերտե քննության համար, և այնուհետև շուտով մոռանա: Ամեն մի ուսանող զգում է գիտության սաստիկ պահանջը, և նրա բոլոր շրջապատը, ուր չես գտնի մի անգործ մարդ, հարկադրում է նրան աշխատել և անդադար աշխատել: Առանց գիտության դժվար է ապրել այնտեղ, ուր յուրաքանչյուր ոք ունի մի նշանավոր պաշար գիտության. մրցությունը սաստիկ է:

Գերմանական ուսանողը չէ բավականանում նրանով, ինչ որ սովորում է համալսարանի ամբիոնից. նա կարդում է համարյա բոլոր նշանավոր հեղինակությունները, որ վերաբերում էին իր առարկային: Այդ բավական չէ, նա հաճախում է զանազան ուսումնական հիմնարկությունների մեջ: Դիցուք թե մի ուսանող ընտրել էր իր մասնագիտության համար քաղաքական տնտեսությունը. միևնույն ժամանակ նա անդամ է դառնում զանազան ժողովների և զանազան ընկերությունների, որպես են` աշխարհագրական, բժշկական, երաժշտական, հնագիտական, և այլն: Միևնույն ժամանակ կարելի է տեսնել նրան մի գրատան մեջ քրքրում է հին ձեռագիրներ, ուսումնասիրում է մի անծանոթ արևելյան լեզու, կամ թանգարանի մեջ քննում է հին դրամներ և կամ հետաքրքրվում է զանազան հազվագյուտ բաներով: Այս բոլոր աշխատություններից հետո, նա ժամանակ է գտնում պարապելու մարմնամարզությամբ, վարժվելու զինավարժության մեջ, կամ զվարճանալու որսորդությունով: Օրերը, ժամերը, րոպեները նրա մոտ այնպես հաշված են, որ նա ամեն ժամանակի համար զբաղմունք ունի: Եվ այս է պատճառը, որ գերմանական ուսանողն ունի չափից դուրս բազմակողմանի հմտություններ: Ամբողջ օրն աշխատելով մի բան սովորել, նա դարձյալ իրան հետ չէ պահում սովորական զվարճություններից. նրան կտեսնես մի հյուրանոցում, շրջապատված իր ընկերներով, գարեջուր է խմում, խոսում է, դատում է և վիճում է: Մի բան, որ չէ հետաքրքրում գերմանական ուսանողին, այդ է` զբաղվել պոլիտիկայով: Նա քաղաքական պրոպագանդիստ չէ, բայց հասարակական գործիչ է: Նա սիրում է երկու բան. գիտություն և գարեջուր:

Կինը մի առանձին դեր չէ խաղում գերմանական ուսանողի կյանքի մեջ: Նա ոչ թույլ է տալիս իրան ֆրանսիական ուսանողի նման գրիզետների հետ բուլվարները չափչփել, և ոչ ռուսական ուսանողի նման սիրուհու հետ է ապրում: Նա իր կրքերի մեջ չափավոր է և համեստ, բացարձակ ախտերով չէ հրապուրվում: Այս է պատճառը, որ գերմանական ուսանողն ամեն մի պատվավոր ընտանիքի մեջ մուտք ունի. նրանից չեն վախենում: Կնոջ վրա նայում է նա որպես մի քնքուշ առարկայի վրա, որին եթե զորավոր գործերի մեջ գցեիր, կարող էր շուտով կոտրվել, և այս պատճառով, ռուսական ուսանողի նման նա կնոջը չէ ընտրում որպես պրոպագանդայի գործիք: Նա համարում է կնոջը մի գեղեցիկ արարած, որով կարելի է զբաղվել առանց ձանձրանալու, որով կարելի էր զվարճանալ առանց տխրելուայսքանը միայն: Կինը նրան խելքից չէ հանում, բայց երբ սիրում է, սիրում է միայն ամուսնանալու համար:

Ուսանողական կազմակերպությունն ամեն գերմանական համալսարանում բաժանվում է երկու որոշ մասերի, մեկը` գունավորներ, որոնցից կազմված են զանազան առանձին խմբեր (корпорация), որոնք տարբերվում են իրանց գլխարկների և կուրծքի ժապավենների գույներով, իսկ երկրորդը, հասարակ ուսանողները, որոնք չեն համարում իրանց հիշյալ խմբերի կամ կորպորացիաների անդամ:

Գունավոր ուսանողների յուրաքանչյուր խումբը կամ կորպորացիան ունի իր առանձին դրոշը, նշանաբանը, օրդենները, սովորությունները, ծեսերը և վերջապես պրինցիպները: Մեկը, օրինակ, ներկայացուցիչ է ազնվապետական սկզբունքի, մյուսը ռամկապետական է, երրորդը գիտնական նպատակների է ծառայում, չորրորդը հասարակական տենդենցիաներ ունի և այլն: Յուրաքանչյուր խումբն ունի իր առանձին ավանդական օրենքները կամ վարչության ստատուտները, որ կազմվել են պատմականաբար վաղեմի ժամանակներից և պահպանվում են ամենայն սրբությամբ: Ուսանողը, որ մեղանչում է իր խմբի օրենքների դեմ, պատժվում է խմբի վարչությունից: Երևակայեցեք ձեզ մի ուսանող իր կորպորացիայի պաշտոնական վենգերկայով. սև թավիշից, գունավոր գլխարկով, ժապավենով անցկացրած ուսի տակով, և հպարտ կուրծքը ծածկված օրդեններով, այստեղ կան խաչեր, աստղեր, այստեղ կան զանազան տեսակ նշաններ և զարդեր, բոլորը էժանագին մետալներից, բայց ամենի մեջտեղում, գունավոր լայն ժապավենի վրա, փայլում է գարեջրի բաժակի մեծ պատկերը, որպես բարձր նշան, որ նվիրած է նրան, գարեջրական թագավորությունից (Biersctaat): Ամեն մի կորպորացիա ունի իր առանձին ժողովները և խնջույքները, որոնց մեջ սովորական ծեսերով կատարվում է գարեջուր խմելու ուրախությունը: Խմելու պայմանները չափազանց բաղադրյալ են, որ պետք էր առաջուց սովորած լինել, ինչպես օրինակ, սալամանդրա կոչված ձևը: Ուսանողական երգերը և ճառերն մի առանձին կենդանություն են տալիս այս տեսակ խնջույքներին: Գարեջուրը, որ ուսանողների զվարճության ոգին է, շատ անգամ գործ է դրվում որպես սրբություն: Օրինակ, խիստ ծիծաղելի է այն ծեսը, որպես է գարեջրով մկրտելը մի ուսանողի, որ նոր մտնում է որևիցե կորպորացիայի մեջ: Բացի սովորական ժողովներից և խնջույքներից, կատարվում են և հանդիսավոր օվացիաներ և դեմոնստրացիաներ: Տեսնում ես, գունավորների զանազան խմբեր, զարդարված իրանց համազգեստով և օրդեններով, ձեռներին բռնած դրոշակներ և ջահեր, գիշերային պահուն, երգելով անցնում են փողոցների միջով, կանգնում են մի սիրված պրոֆեսորի տան առջև և արտահայտում են նրան իրանց հարգանքը: Երբեմն այսպիսի դեմոնստրացիաներ կատարվում են, որպես արտահայտություն զանազան հասարակական ցույցերի, երբ կատարվում էր մի անարդարություն օրենքի կողմից: Ուսանողներն այդ ժամանակ սաստիկ վրդովվում են, հուզվում են և խմբերով հրապարակ են դուրս գալիս, իրանց բողոքը հայտնելով զանազան ցույցերով: Ժողովուրդը միշտ իր ձայնը խառնում է ուսանողների ոգևորված երգերին և նրանց ազնիվ բարկության ձայնին:

Գունավոր ուսանողները, որ առհասարակ նշանավոր են իրանց քաջությամբ, համարձակությամբ և անձնասիրությամբ, միշտ պատրաստ են վրեժխնդիր լինել մի ամենաչնչին վիրավորանքի համար պատվի դեմ:

Այս պատճառով մենամարտությունը նրանց մեջ այնքան սովորական է, որպես մի գավաթ գարեջուր խմելը: Եվ շատ անգամ կարելի է տեսնել երեսը բոլորովին սպիներով այլանդակված ուսանողներ, որ ստացել էին զանազան մենամարտությունների մեջ: Բայց նույն ուսանողը, երբ իր զարհուրելի դեմքով կանգնում է ամբիոնի վրա և կարդում է մի ոգևորված ճառ, այն ժամանակ առանց հիացմունքի չէ կարելի չլսել նրան: Նա որպես հաջողակ է զենք բանեցնելու մեջ, այնքան էլ ընդունակ է ընդհանուր մարդկային բարձր գաղափարներ արտահայտելու: Այսուամենայնիվ, գունավոր ուսանողներին հասարակ ուսանողների հետ համեմատելով, առաջիններն այնքան նշանավոր չեն լինում իրանց աշխատասիրությամբ: Քաջությունը մենամարտության մեջ և զորությունը գարեջուր խմելումահա՛ երկու առարկաներ, որոնցով պարծենում են նրանք: Եթե գերմանական ուսանողների մեջ կան տոկուն աշխատողներ և ճշմարտապես գիտության հետևողներդրանք են հասարակ ուսանողները, որոնք ոչ մի կորպորացիայի չեն պատկանում:

Պետք է նկատել, որ այլ և այլ կորպորացիաներ, որոնք իրանց սովորություններով և պաշտոնական ձևերով այժմ քաստայական բնավորություն են ստացել, ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ Գերմանիայի միջնադարյան ասպետության զանազան ուխտերի և կարգերի մի նմանություն, որ անցել է ուսանողական կյանքի մեջ: Այժմ այդ մաշված սովորությունները հնանալու և մոդայից ընկնելու վիճակին են հասել: Եվ որպես հակակշռություն գունավորների ժողովների, վերջին ժամանակներում կազմվել են ուսանողական ընդհանուր ժողովներ ավելի լայն և ընդարձակ նպատակներով և ժամանակակից սկզբունքների վրա: Այդ ժողովներին մասնակցում են հասարակ ուսանողները և երբեմն նրանց մեջ լինում են պրոֆեսորներ:

Բայց մի բան, որ պետք է նկատողության առնել, այն է, մինչդեռ մի ուրիշ պետության մեջ չորս-հինգ ուսանող մի տեղ հավաքվելիս, մի ժողով կազմելիս, միշտ կառավարությունը կասկածանքով է նայում նրանց վրադրա ընդհակառակն, գերմանական ուսանողներին տրված է այնքան ընդարձակ ազատություն, որ նրանք կարողանում են վերև հիշած կորպորացիաների նման առանձին առանձին խմբեր կամ ժողովներ կազմել, ամենևին նրանցից չեն վախենում: Գերմանական ուսանողն իր հայրենիքի հավատարիմ զավակն է: Եվ այդ ցույց տվեց նա վերջին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ: Նա թողեց համալսարանը և անցավ կռվի դաշտի վրա:

Մինչև այստեղ ինչ որ խոսվեցավ, վերաբերում է բուն գերմանացի ուսանողներին, հիմա տեսնենք, ի՞նչ են անում այնտեղ հայ ուսանողները:

Հայ ուսանողները ոչ մի կորպորացիայի մեջ չեն մտնում. նրանք պատկանում են հասարակ ուսանողների թվին: Բայց որպես հասարակ ուսանող ևս, հայերը չունեն այն բազմակողմանի պարապմունքները, որոնցով, բացի իր մասնագիտությունից, զբաղված է լինում բուն գերմանական ուսանողը: Օրինակ, հայ ուսանողը ոչ մի ուսումնական ժողովի և ընկերության մեջ չէ մտնում. ոչ մի ուրիշ բան, որպես են մուզիկա, մարմնամարզություն և այլն, չէ սովորում, և որպես Մոսկվայում կամ Պետերբուրգում, այստեղ էլ նույնպես դուրս չէ գալիս իր հայ ընկերների նեղ շրջանից: Ես մի քանի գերմանական հայ ուսանողներ միայն ճանաչում եմ, որոնց կարելի է բացառություն համարել: Իսկ մնացածները ճանաչում են միայն համալսարանի շինությունը, իրանց պրոֆեսորին և իրանք ընտրած առարկան, ուրիշ ոչինչով չեն հետաքրքրվում, թե ինչ է կատարվում իրանց չորս կողմում: Շատ շատ եթե մեկն այնքան աշխատասեր էր, բացի իր ընտրած մասնագիտությունից, կլսե դասախոսություններ մի քանի ուրիշ առարկաներից ևս, որոնք կապ ունեին իր մասնագիտության հետ: Ամեն ինչ նա սպասում է համալսարանից, իսկ դրսի ուսումնական շրջաններից օգուտ չէ քաղում: Երբեմն լրագրներ կկարդա, կամ գրքեր կվեր առնի մի գրադարանից: Բայց պետք է խոստովանվել, որ գերմանական հայ ուսանողները դարձյալ գերազանցում են Ռուսաստանի հայ ուսանողներից, թե իրանց աշխատասիրությամբ և թե իրանց վարքով. դրանք գոնե համեստ են. ինչ որ սովորել են, սովորել են հիմնավոր կերպով: Բայց Ռուսաստանի հայ ուսանողը շատ առարկաներ է սովորում առանց լավ մարսելու, և շուտով էլ մոռանում է: Բացի դրանից, զանազանությունը մեծ է: Ռուսաստանի հայ ուսանողը, որպես իր տեղում նկատեցինք, սովորում է ոչ թե գիտության համար, այլ դիպլոմ ստանալու համար, որ պաշտոնի մեջ այս և այն արտոնությունը կարողանա ձեռք բերել, և այս պատճառով նա վեր է առնում գիտությունից այնքան միայն, որ կարող է հասցնել նպատակին: Իսկ գերմանական հայ ուսանողի վրա ազդում է շրջապատը, նա իրան նվիրում է միմիայն գիտությանուսանում է ուսման համար, առանց որևիցե արտոնություն աչքի առջև ունենալու: Գիտության առաքելությունըահա՛ նրա գլխավոր նպատակը: Նա ծառայում է մի դրոշի, որի նշանաբանն էր` գիտությունը միայն: Եվ այսպիսով շատերը մեր երիտասարդներից նշանավոր եղան ոչ միայն հաջող քննություն տալով, բայց նույնիսկ Գերմանիայում պրոֆեսորի կամ պրիվատ դոցենտի ամբիոն ստանալով: Թեև գտնվեցան այնպիսիները, որ վերադարձան մեզ մոտ առանց քննություն տալու, դարձյալ զանց չառնելով իրանց այցատոմսակի վրա տպել տալ դոքթոր տիտղոսը

Չիմ կարող չհիշել, որ ոմանք մեր ուսանողներից վատ համարում թողեցին Գերմանիայում, ոչ միայն իրանց վերաբերությամբ, այլ իրանց վարքով մրոտեցին մինչև անգամ հայ անունը, որ այնքան փոքր ծանոթ է Եվրոպայում: Խաբել, պարտքով ուտել, խմել և փողը չվճարելայդ արել են ոչ միայն ուսանողները, որ զուրկ են եղել նյութական միջոցներից, այլ նրանք, որ ստանում էին ծնողներից մեծ փողեր: Այլևս չեմ խոսում այն բանի վրա, որ ամեն մի հասարակ վաճառականի որդին կամ գռեհիկ գյուղացին իրան ներկայացնում էր իբրև հայոց մի երևելի ազնվական տոհմից: Այս տեսակ խաբեբաներից մեկի համար պատմում էին, թե իրան կոչում էր իշխան Արարատա...

Իհարկե, վերև հիշած տխուր նկատողությունները պետք է բացառական երևույթներ համարել, որ ավելի հետևանք են ընտանեկան վատ դաստիարակության, որը չէ փոխում հայի զավակը, երբ նա ընկնում է մի նոր և ավելի քաղաքակրթված աշխարհի մեջ: Բայց առհասարակ խոսելով, գերմանական աշխարհը, գերմանական կրթությունը, գերմանական ուսումը շատ նպատակահարմար է մեզ հայերիս համար, որ ունենք բավական նմանություն գերմանացիների հետ, թե բնավորության, թե տոկունության, թե տնտեսական խնայող, հաշվող չափավորության կողմից: Հայն ասիական գերմանացի է: Ինչ որ պակաս է մեզ, կարող ենք ստանալ նրանցից: Մեր նախնիքը Քսենոֆոնի օրերում գարեջուր էին խմում, իսկ գերմանացին խմում է այսօր: Մեր մեջ նմանություններ կան, ամեն կողմից նայելով:

Նկատողության պետք է առնել մի ուրիշ պայման ևս, այն է` գերմանական համալսարանի ազդեցությունն օտարազգի երիտասարդների վրա: Նա վերադարձնում է ամեն ազգին իր որդուն, ավելի կատարելագործված, ավելի զարգացած, ոչինչ չխլելով նրա ցեղական հատկություններից, այլ ընդհակառակն, ավելի ամրապնդելով, ավելի հաստատելով: Նա չինացուն տալիս է լավ չինացի, ճապոնացուն` ճապոնացի, հայաստանցուն` հայ: Բոլորը մկրտվում են միևնույն համալսարանական տաճարի մեջ գիտության, իմաստության լույսով, բայց յուրաքանչյուր ազգի որդին կրում է իր ցեղական դրոշմը: Շատ ժամանակ չէ անցել, մի խնջույքի մեջ, որ ուսանողները տալիս էին ի պատիվ իրանց պրոֆեսորի, երբ առաջարկվեցավ յուրաքանչյուրին իր ազգի լեզվով մի փոքրիկ ճառ կարդալ, և երբ հերթը հասավ մի հայ ուսանողի, նա հայտնեց, թե չգիտե հայերեն. ամեն կողմից ծանր հանդիմանություն ստացավ: Եվ նա այնուհետև սկսեց սովորել իր ազգի լեզուն, որովհետև նրանից խոստմունք առեցին, որ մյուս տարվա խնջույքի ժամանակ անպատճառ պետք է կատարե իր ընկերների ցանկությունը:

Պետք չէ մոռանալ և այն, որ գերմանական և առհասարակ արտասահմանյան դիպլոմները որևիցե արտոնություն չտալով ուսանողին Ռուսաստանում, նրանք վերադառնալուց հետո ստիպված են լինում ընտրել ազատ պարապմունքներ: Եվ այսօր ուրախալի է տեսնել, որ նրանց մեծ մասն ազգային գործիչներ են: Մեր դպրոցների նշանավոր վարժապետները, տեսուչները, մեր այժմյան խմբագիրները, բոլորը գերմանական համալսարանների պտուղներ են:

Դառնանք դեպի ֆրանսիական ուսանողները:

Ֆրանսիայում հայ ուսանողներն ընտրում են միայն Փարիզը: Ես գոնե, բացի մի բժշկից, չեմ ճանաչում ուրիշ ուսանողներ, որոնք Ֆրանսիայում մի բան սովորած լինեին: Բայց ճանաչում եմ շատ թերուսներ, որոնք երկար տարիներ Ֆրանսիայի մայրաքաղաքում թափառելեն հետո, առանց մի հիմնավոր գիտություն սովորելու, վերադարձել են հայրենիքը, բերելով իրանց հետ միայն ֆրանսիական արտաքին փայլը, որ աչքի է զարկում կապկության բոլոր միմոսություններով: Երևում է, Փարիզըայդ գիտության, հեղափոխության, մարսելիեզի և շռայլության մայրաքաղաքըիր գրիզետներով և կաֆեշանտաններով բոլորովին կախարդում է, խելքից հանում է միամիտ հայ ուսանողին, երբ ընկնում է այդ համաշխարհական Բաբելոնի մեջ: Փարիզը միջին կետ չունի. նա միշտ պատրաստում է ծայրահեղ մարդիկ, կամ խոշոր հասարակական գործիչներ, կամ երևելի հանճարներ, և կամ շրջմոլիկ, աննպատակ շարլատաններ:

Փարիզում Լատինական թաղը պատմական նշանակություն է ստացել որպես ուսանողների բնակարան: Նրա խուլ փողոցներով ոչ մի պատվավոր կին իրան թույլ չի տա անց կենալ գիշերվա 9 ժամից հետո, վախենալով, մի՛ գուցե հանդիպե ուսանողների անպատկառ մի խմբի: Փարիզի ուսանողներն առհասարակ սակավ են պարապում, խիստ փոքր է այն աշխատավորների թիվը, որոնք ամիսը մի անգամ հաճախում են դասախոսություն լսելու: Նրանք ավելի շատ սովորում են այն տարերքից, որոնցմով տոգորված է Փարիզի մթնոլորտը: Զվարճությունները չափից դուրս շատ և բազմատեսակ են: Կան բալեր, թատրոններ, ռեստորաններ, կաֆեներ և այլն: Բայց մանավանդ կնիկները նրանցից շատ ժամանակ են խլում: Մեծ մասն ապրում է սիրուհու հետ: Մի ամբողջ դաս աղջիկների, որոնք կոչվում են Լատինական թաղի կանայք, խիստ հետաքրքիր դեր են խաղում ուսանողների կյանքի մեջ: Դրանք հասարակ գործավոր աղջիկներ են, որոնք բանում են զանազան հիմնարկությունների մեջ, և ուսանողների սենյակներում ուրախություն ու հանգստություն են գտնում, երբ աշխատանքը ձանձրացնում էր նրանց: Այդ մշտազվարթ, անհոգ և դարտակամիտ արարածներն երբեք դուրս չեն գալիս ուսանողների աշխարհից, և անդադար անցնում են մեկ ձեռքից մյուսը:

Ինչ որ ավելի հատկանիշ է ֆրանսիական ուսանողներինդա է նրանց արտաքին փայլը: Փարիզը սաստիկ հղկում է և կոկում է նրանց: Նրանք գերմանական ուսանողի նման անտաշ, անշնորհք և դանդաղկոտ չեն, որոնց բոլոր արժանավորությունները թաքնված են դրսի սառն և ցամաք կեղևի տակ: Փարիզի ուսանողը կատարյալ աշխարհային մարդ է իր բազմակողմանի ձևերի մեջ: Նա խոսում է, դատում է ամեն բանի վրա, մինչև անգամ այն բաների վրա, որ ինքը չգիտե: Նրա խելքը սաստիկ ճկուն է, դեպի ամեն կողմ ոլորվում է: Նա վարում է խիստ բաղադրյալ վիճաբանություններ, և կարկտի նման թափում է խոշոր ֆրազներ: Այդ նրանից է, որ նա կարդում է մեծ հեղինակների գրքերը, րոմանները, կարդում է լրագրներ, գնում է թատրոն, ծանոթ է ամեն բանի հետ, ինչ որ կատարվում է նրա չորս կողմում: Նա թեև հիմնավոր գիտություն չունի, թեև խորին կրթություն չէ ստանում, բայց շուտով հափշտակվում է իդեաներով:

Ինչ որ վերաբերում է ընդհանուր գաղափարներին, մեծ մասը ազատամիտ և առաջադիմականներ են, և պատկանում են հասարակապետական կուսակցության: Այդ բավական չէ, շատերը նրանցից երազում են համաշխարհային հասարակապետություն, երազում են ազգերի եղբայրություն, և չքավորության վախճան: Ազատության և արդարության իդեաները սաստիկ արբեցնում են նրանց: Այսուամենայնիվ, ֆրանսիական ուսանողը պրոպագանդիստի ոգի չունի, որ մտներ ընտանիքների մեջ, որ մտներ ամբոխի մեջ, և առանց աղմուկի տարածեր իր մտքերը: Նա իր նեղ, ուսանողական շրջանից դուրս չէ գալիս: Օրինավոր ընտանիքներում մինչև անգամ նրան չեն ընդունում: Բայց երբ պատահում է մի ժողովրդական շարժում, երբ ծագում է մի քաղաքական հեղափոխություն, ուսանողները խլրտում են, զարթնում են որպես քնած առյուծ, և առաջինն են լինում, որ թնդեցնում են փողոցները մարսելիեզներով, փշրում են բռնակալների արձանները և թռչում են բարիկադների վրա: Ով որ փոքր ի շատե ծանոթ է ֆրանսիական պատմությանը, գիտե, թե որպիսի մեծ դեր խաղացին ուսանողները 1830 և 1848 թվականներում, և մանավանդ Կոմունայի ժամանակ:

Չէ կարելի ասել, թե բոլոր ուսանողները Ֆրանսիայում հետևում են հասարակապետական կարծիքների: Տակավին կղերը և մանավանդ եզվիտները մեծ ջանք են գործ դնում, որ իրանց մտքերն անցկացնեն երիտասարդության մեջ. և այս պատճառով, նրանք սաստիկ եռանդով ձգտում են իրանց ձեռքը ձգել ուսումը և կրթությունը: Եվ կարողացան հաջողացնել, Ֆրանսիայի զանազան գավառներում պահպանելով բավական ծաղկած դպրոցներ, և նույնիսկ Փարիզում բաց անելով մի քանի ուսումնական հիմնարկություններ, այլև մի կաթոլիկական համալսարան: Այդ հիմնարկությունների ուսանողները ոչինչ կապ չունեն իրանց հասարակապետական ընկերների հետ, և ներկայացնում են սաստիկ ռեակցիա: Բայց մի բան, որ ուրախալի է, այն է, որ այժմ Ֆրանսիայի ամենաբարձր մտածողներն աշխատում են սահմանափակել կղերի իրավունքները կրթության գործի մեջ:

Հայ ուսանողն, ընկնելով Փարիզի քաոսի մեջ, բոլորովին իր գլուխը կորցնում է: Անթիվ կուսակցություններ, անթիվ կարծիքներ, և անթիվ ձգտումներնա չգիտե, թե որին պետք է հետևել: Վերջապես ավելի զորեղ հոսանքը նրան իր հետն է տանում: Նա մոռանում է իր անձը, մոռանում է իր երկիրը, մոռանում է, թե ինչ ազգի որդի է ինքը: Նա էլ միտքը չէ բերում, թե իր եղբայրները ինչ դրության մեջ են ապրում Տաճկաստանում, Պարսկաստանում, Ռուսաստանում և Հնդկաստանումսկսում է երազել ընդհանուր եղբայրության վրա: Նա դառնում է կոսմոպոլիտ և ուրանում է իր հայությունը: Որպես վերևում հիշեցի, մենք չունենք շատ թվով ֆրանսիական ուսանողներ, իսկ այդ երևույթը նշմարվում է Կ. Պոլսի երիտասարդների մեջ, որոնք դժբախտություն էին ունեցել մի քանի տարի Փարիզում թափառելու: Զարմանալին այն է, որ Փարիզի ուսանողն իր ընդհանուր կոսմոպոլիտական հայացքներով հանդերձ, դարձյալ մնում է ֆրանսիացի. նա առաջ սիրում է իր ազգը, իր հայրենիքը և ավելորդը միայն տալիս է օտարներին: Բայց հայ ուսանողը մոռանում է բոլորը... Սրտի և մտքի դատարկության մեջ միշտ տեղ են գտնում հիմար ցնորքներ...

Ես վերջացրի իմ նկարագիրը Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի հայ ուսանողների մասին. հիմա տեսնենք, ինչ են շինում նրանք, երբ վերադառնում են իրանց հայրենիքը և մտնում են կյանքի մեջ:

Դ

ԹԻՖԼԻՍԸ ՈՐՊԵՍ ԿԵՆՏՐՈՆ

Թիֆլիսն իր այժմյան դրությունով ներկայացնում է մի կենտրոն, ուր հանդիպում ենք մեր երիտասարդության բազմատեսակ տիպերին: Այստեղ են գտնվում մեր մտավոր զորության ներկայացուցիչներըմեր ինտելիգենցիան, այստեղ է գործում մեր մամուլը, այստեղ են խմբվում գավառներից մեր նշանավոր ուժերը, և վերջապես այստեղ մեր խոշոր և մանր դրամատերները հրաշք են գործում առևտրական հրապարակի վրա:

Իմ հետազոտության մեջ ես անձնավորություններ չպիտի շոշափեմ. ես կվեր առնեմ առանձին առանձին խմբեր միայն, որոնք պատկանում են այս և այն դասակարգին և գործում են մի որոշ ասպարեզի վրա: Բայց ինչ պետք է արած, որ մեր շրջանն այն աստիճան նեղ է, որ ամեն մի խմբի վրա խոսելիս, ընթերցողը կամա-ակամա պիտի երևակայե որևիցե անձնավորություն:

Սկսում եմ համալսարանականներից:

Ավարտելով իր ուսումը որևիցե համալսարանում, կամ կիսավարտ, երիտասարդը գրքերը ծալում մի կողմ է դնում, ապսպրում է հմուտ դերձակներից մեկին մի քանի ձեռք հագուստ, գնում է ցիլինդր և պենսնե, ջոկում է ձեռնոցների համեմատ գույները, թողնում է ծնոտի վրա մի պուրակ մազ, և այս բոլոր պատրաստություններով վերադառնում է իր հայրենիքը, ուր նրան սպասում են հայր, մայր, բարեկամներ և վերջապես ազգը: Արտաքին կերպարանքը վատ չէ, ներկայացնում է ուսյալ մարդու բոլոր ընդունված ձևերը, իսկ ներքինը զգուշությամբ թաքցնում է: Նա քիչ է խոսում, չէ մտնում ծանր վիճաբանությունների մեջ և միշտ աշխատում է ցույց տալ, թե «արհամարհում է»: Բայց պատահած տեղը, երբ իր ատամների հարմար մարդ է գտնում, լավ գզգզում է, այլևս նրա սոֆիզմներին և ճոռոմաբանությանը չափ չկա:

Դա այն տեսակ տիպերիցն է, որ հենց սկզբից ուսման և գիտության վրա նայում էր որպես միջոցի վրա, որ իրան լավ ապագա պատրաստե, որ սովորում էր դիպլոմի և արտոնության համար:

Մտնելով կյանքի և հասարակության մեջ, հանգամանքները, կարիքը, նպատակին հասնելու պահանջները սաստիկ զարգացնում են նրա ուշիմությունը: Նա դառնում է մի ճարպիկ որսորդ: Նա իսկույն հասկանում է, թե որ կողմիցն է փչում քամին և նրա համեմատ պարզում է իր նավի առագաստները կյանքի ծովի մեջ: Համոզմունք ասած բանը չկա նրա մեջ: Հանգամանքներից օգուտ քաղելահա՛ նրա գլխավոր համոզմունքը: Եվ այդ է, որ շինում է նրան մի տեսակ քամելեոն, մի տեսակ առասպելական էակ, որ անդադար փոփոխվում է թե կարծիքների և թե գործողությունների մեջ, որը ինչ առարկայի և մոտենում է, իսկույն նրա գույնը և ձևն է ընդունում: Անհաստատակամությունը նրա գլխավոր հատկանիշն է: Բայց մի գիծ, որ մնում է նրա մեջ անփոփոխայդ է շահամոլությունը, որի համար զոհում է ամեն ինչ, որքան և սուրբ լիներ:

Next page