Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Նա հիմար չէ: Նա լեզվով գոնե ցույց է տալիս իր համակրությունը և հակակրությունը դեպի ամեն լավ և վատ գործ: Լիբերալի մոտ ազատամտություն է մսխում. հետադեմի մոտ վերջին աստիճանի պահպանողական է ձևանում. ազգասերի մոտ լաց է լինում Թուրքիայի հայերի վիճակի վրա. մի օտարականի մոտ ասում է, թե բոլոր հայերը «մաշենիկներ» են. հայր սրբի մոտ կղերական է ձևանում. մի ուրիշ տեղ պախարակում է ազգային եկեղեցին. խոսում է անձնական պատվի և ազնվության վրա, բայց պատահած տեղը լիզում է ազդեցություն ունեցող մի մարդու ոտները. — վերջապես դեպի ամեն կողմ թեքվում է, դեպի ամեն կողմ ծալվում է, մինչև կարողանում է մի պաշտոն ձեռք բերել: Այժմ հասավ ցանկալի նպատակին: Այնուհետև նա կտրվում է հասարակությունից և սկսում է իր նեղ շրջանի մեջ գործել: Նա, որ առաջ շողոքորթում էր ամբողջ հասարակությանը, այժմ սկսում է շողոքորթել իր պաշտոնակիցներին, իր մեծավորին, որ ոտքը նրա օգնության վրա դնելով, կարողանա բարձրանալ իր բռնած դիրքի աստիճանները:

Բայց որտեղի՞ց, ե՞րբ վարժվեցավ նա այդ տեսակ պրակտիկայի, այդ տեսակ գործնականության մեջ: Ընտանիքը տվեց նրան այդ դաստիարակությունը: Նույնը, ինչ որ գործում էր վաճառական հայրը, գործում է և բարձր ուսում ստացած որդին: Զանազանությունը միայն մեկ ձևի և կրթության աստիճանի մեջն է: Անկիրթ հայրն ավելի կոշտ-կոպիտ կերպով էր խաբում, իսկ կրթյալ որդին ավելի նրբացրել է խաբեությունը: Նա հարստահարում էր իր խանութի մեջ, իսկ դա հարստահարում է մի ուրիշ ասպարեզում: Գործողությունների բնավորությունը չէ փոխվում: Այս պայմանների մեջ հին և նոր սերունդը ձուլվում են միասին: Գտնվում են, այո՛, և ազնիվ անձնավորություններ, որոնք ավելի մաքուր ճանապարհով են դիմում իրանց բախտին, բայց ցավելով պետք է ասել, որ այդպիսիները բացառություն են համարվում:

Դառնանք դեպի մյուս տեսակ ուսանողները, որոնք հափշտակված էին բարձր գաղափարներով, որոնք պատրաստվել էին իրանց հասարակությանը և ազգին ծառայելու:

Գլուխը լցրած զանազան ծրագրներով, նա մտնում է կյանքի մեջ. ինչ բարի գործ ասես, որ չէ ցանկանում սկսելլրագիր, ամսագիր, գրքերի հրատարակություն և այլն: Ժողովրդին շատ բան պակաս է, պետք է լրացնել բոլորը, մտածում է նա: Հագնվում է հասարակ կերպով, խոսում է տաք և եռանդով. նրա թե լեզվի և թե ձևերի մեջ նշմարվում է պարզություն և անկեղծություն: Նա մոտենում է այս և այն գործող խմբին, որպես իր եղբայրակիցներին, քաջալերում է նրանց ասելով. «պետք է կրկնապատկել ուժերը, գործը դանդաղ է ընթանում, բայց ժամանակը չէ սպասում»: Խոսում է, վիճում է, տալիս է նոր խորհուրդներ, ստեղծում է նոր պլաններ: Անցնում են շաբաթներ, ամիսներ, տարիներ... նա դեռ մտածում է, նա դեռ խոսում է... Ցանկանում է մի հրաշք գործել և մի անգամով զարմացնել աշխարհը: Նա չէ սիրում փոքրից սկսել, իսկ մեծ բան գործելու համար չեն ներում հանգամանքները: Մոտենում է նա, օրինակ, մի խմբագրի, որ շաբաթը մի անգամ հազիվ կարողանում էր հրատարակել իր թերթը, «դրանով բան չի դառնա, ասում է նրան, պետք է ամեն օր հրատարակել, պետք է այս գրել, այն գրել»… Բայց ինքը մի տող անգամ չէ գրում: Անգործության մեջ եռանդը, ոգևորությունը թուլանում է, սրտի կրակը մարում է... Նա սկսում է զգալ իր դրության անտանելիությունը: Տեսնում է, երեկվա ընկերը, հիմար, իդիոտ և ոչինչ չսովորած ընկերը, այսօր սեփական կառք ունի, հազարներով եկամուտ է ստանում: Այդ փառքը հրապուրում է նրան: Նա թոթափում է իր առաջին հափշտակությունը և սթափվում է իր ազնիվ արբեցությունից... Ազգ, հայրենիք, հասարակություն, այս բաները փոքր առ փոքր անհետանում են նրա գլխից... Նրա աչքի առջև կերպավորվում է իր Եսը, որին առաջ մոռացել էր: «Չէ, մտածում է նա, պետք է առաջ իր անձը ապահովել, հետո ուրիշների վրա մտածել»: Հանկարծ առաջարկում են մեր ազգասերին մի պաշտոն, մի «յուղալի պատառ»: Նա այժմ ծառայության մեջ է, տարեկան մի քանի հազար եկամուտ ունի: Նա մեծ կրեդիտ է ստանում ամուսնության վերաբերությամբ. ամեն կողմից առաջարկում են հարուստ աղջիկներ: Պսակվում է: Այժմ աշխատում է իր կացությանը փառավոր շուք տալ. վարձում է ամենագեղեցիկ տան վերին հարկը, և զարդարում է սենյակները զանազան սնոտիքներով: Նա, որ առաջ դեմոկրատական պրինցիպների էր հետևում, և ինքը նույն ծագումից էր, այժմ ձևացնում է իրանից ազնվարյուն արիստոկրատ: Պատվիրում է սպասավորին իր սալոնի մեջ մուտք չտալ այն մաշված սյուրթուքով պարոններին, որոնց հետ առաջ իր ազգի առաջադիմության մասին երկար ու երկար մասլահաթներ էր անում: Երբ փողոցում հանդիպում է հին բարեկամին, երբ ցանկանում է արժանացնել նրան իր ուշադրությանը, արհամարհական ժպիտը երեսին հարցնում է. — «как идет ваша газета», և շուտով անցնում է, նեղվելով, մի գուցե տեսնեին իրան նրա հետ խոսելիս:

Չէ կարելի ասել, թե այս տեսակ տիպերի ոգևորությունը և բարի ցանկությունները հենց սկզբից անկեղծ չէին: Միայն բնավորության թուլությունը, համոզմունքի անհաստատությունը, տոկունության բացակայությունն առիթ է տալիս նրան շուտով փոխվել: Նրանք այն աստիճան տկար են լինում, որ չեն դիմանում կյանքի հակառակ հոսանքին, և սկսում են նրա ընթացքով գնալ: Այս տեսակ տիպերը նմանում են այն մետեորական երևույթներին, որ կոչվում է ասուպ, որը հանկարծ հայտնվում է մթնոլորտի մեջ, փայլում է, բոցավառվում է, և հետզհետե սառչելով, վերջապես հանգչում է և ընկնում է ցած...

Ես նկարեցի պատկերները երկու տարբեր տիպերի, որոնք հակառակ ճանապարհներով մոտենում են միմյանց, ձուլվում են, և կազմում են մի ամբողջություն: Այժմ համեմատենք այդ երկու տիպերը: Մեկը, որպես գործնական մարդ, հենց համալսարան մտած օրից իրան նպատակ է դնում այնքան սովորել, որ դիպլոմ ստանա, արտոնություններ ձեռք բերե, որ իր համար մի լավ ապագա պատրաստե: Նա բացի իր անձից, ուրիշի վիճակով չէ հետաքրքրվում: Այս տեսակ մարդուն, եթե չէ կարելի համակրել, գոնե կարելի չէ և պախարակել: Նա հավատարիմ է մնում իր ուխտին և նրա համեմատ գործում է: Իսկ մյուսը, որպես իդեալական մարդ, աշխատում է, սովորում է, և համալսարանից իրան նպատակ է դնում, որ կյանքի մեջ մտնելուց հետո, պետք է ծառայե այս և այն գաղափարի իրագործելուն, պետք է օգուտ բերե հասարակությանը և իր ազգին: Բայց վերջը բոլորը մոռանում է, բուրժուազանում է, և սկսում է մտածել իր փառքի, հանգստության և քսակի մասին: Այս տեսակ երիտասարդը բնավորությունից զուրկ, թույլ և զզվելի արարած է, որովհետև դավաճանում է իր ուխտին:

Ես ցույց տվեցի բարձր ուսում ստացած երիտասարդությունը որոշող երկու ընդհանուր գծերը: Բայց գտնվում են և հզոր բնավորություններ: Դրանք հերոսներ են, այսպիսիներին չէ կարելի չհարգել: Դրանք աշխատում են ձեռք բերել մի պաշտոն, մի գործ այն մտքով միայն, որ ապահովեն իրանց անձը, որ հարստանան, և այն հարստությունով կարողանան իրագործել իրանց ազգօգուտ նպատակները: «Եթե ես կունենամ տարեկան հինգ հազար ռուբլի ավելորդ եկամուտ, — ասում էր ինձ մի երիտասարդ, — այն ժամանակ կսկսեմ հայերեն մի ամսագիր հրատարակել»: Բայց հայերեն ամսագիր հրատարակել նշանակում է` տարեկան 3-4 հազար ռուբլի դեֆիցիտ ծածկել: Եվ նա կատարեց իր խոստմունքը, երբ պաշտոնի մեջ մտավ: Այդ ամենահիմնավոր ձևն է հասարակական գործունեության: Մեր ազգային գործերը պահանջում են մեծ զոհաբերություններ: Աղքատ և անապահով վիճակի մեջ գտնվող երիտասարդները հազիվ թե կարող էին մի նշանավոր գործ կատարել: Կամ պետք է ժառանգական հարստություն ունենալ, կամ պետք է մի կողմնակի պարապմունք գտնել, փող վաստակել, մի մասով ապրել, իսկ մնացածը ծախսել որևիցե հասարակական բարի նպատակի համար: Որովհետև մեզանում ազգային պարապմունքները ոչ միայն նյութական շահ չեն բերում, այլ պետք է մի բան էլ իր գրպանից ծախսել, որ գործը առաջ գնա: Այդ ես ցույց կտամ իր տեղում, երբ կխոսեմ Թիֆլիսի մեր գործիչների մասին: Այժմ տեսնենք ինչ է շինում երիտասարդությունը մյուս ասպարեզներում:

Ինչ որ նկատեցի իմ հետազոտության նախընթաց գլխում ուսանողների կյանքի և աշխատասիրության մասին, հայտնելով այն միտքը, թե գավառացիները գերազանցում են բուն թիֆլիսեցիներիցնույնը պետք է ասեմ և այժմ: Եթե կտեսնեք Թիֆլիսում մի երիտասարդ, որ հետաքրքրվում էր ազգային և հասարակական գործերով, որ իր աշխատության մի մասը նվիրում էր նրանցանպատճառ նա գավառից եկած պետք է լինի, կամ ինքը, կամ հայրը, կամ պապը: Բուն թիֆլիսեցին փչացած, այլանդակված և հրեշավոր արարած է, նրա համար հայ կամ հայի առաջադիմություն կոչված բանը ցնորք է: Նա ընկնում է միշտ երկու ծայրահեղությունների մեջ, կամ վազում է միայն «չինի» և փառքի ետևից, կամ համալսարանից վերադառնալով դարտակ գլխով և դարտակ սրտով, լինում է իր հոր հարստության ցեցը, և սկսում է շռայլաբար վատնել այն բոլորը, ինչ որ ողորմելի հայրը դիզել էր իր հոգու, մարմնի և պատվի գնով: Այդ վրացիացած ընտանիքների զավակները ոչ մի օրինավոր բան չեն արդյունաբերում: Գավառացի երիտասարդը թե բարոյապես և թե մտավորապես բարձր լինելով, հենց որ ընկնում է Թիֆլիսում, սկսում է հրաշքներ գործել: Թիֆլիսի հայոց նշանավոր խմբագիրները, վարժապետները, գրողները, բժիշկները, դատաստանական ծառայողները և մինչև անգամ խոշոր կապիտալիստները, բոլորը գավառացիներ են: Եթե կան մի քանի բուն թիֆլիսեցի գործիչներ, նրանց կարելի է մատներով համբարել:

Մի տասը տարի առաջ «չինովնիկությունը» և առհասարակ արքունական ծառայությունը Թիֆլիսի երիտասարդների համար իր ծաղկյալ մոդայի մեջն էր: Բայց այն օրից, երբ հիմնվեցան բանկեր, երբ երկաթուղու ծայրը հասավ այս քաղաքին, բարձր ուսում ստացած երիտասարդությունը սկսեց որոնել ազատ պարապմունքներ: Կարծես թե, ատենական տեղերի ճնշված օդը խեղդում լիներ նրանց: Այժմ մի յուրիստ բարվոք է համարում ազատ փաստաբանությունը կամ նոտարիուսի կանտորան, քան թե նահանգական դատարանում լինել դիվանի անդամ: Ֆինանսական ձեռնարկություններն ավելի հրապուրում են մեր երիտասարդներին. բանկերը լցված են նրանցով: Ռեալական կյանքի ռեալական ոգին բաց է արել նրանց առջև մի նոր ասպարեզ: Շատերը գնում են հողեր և անտառներ Թիֆլիսի շրջակայքում, կամ Վրաստանի կողմերում: Ոմանք կառավարում են այս և այն դրամատիրոջ կալվածները: Ոմանք աքցիաների հետ են խաղում: Իսկ շատերը, որոնք առաջ արհամարհում էին վաճառականությունը և կապալառությունը որպես ստոր պարապմունքներ, այժմ սկսել են նույն գործերով զբաղվել: Ագենտուրան և կոմիսիոներությունը նույնպես ոչ սակավ գրավում են մեր երիտասարդներին: Կան օրինակներ, որ համալսարանական երիտասարդը հիմնում է աղյուսի գործարան, կամ արտասահմանից բերել է տալիս տախտակներ սղոցելու մեքենաներ: Այս տեսակ ձեռնարկությունների մեջ, կամ առհասարակ առանձին պարապմունքներով զբաղվողները լինում են խիստ գործունյա, ուրախ, զվարթ, նյութապես ապահովված, և երբեք չեն կորցնում իրանց կենդանությունը: Մինչդեռ արքունական ծառայողները գործի միակերպության մեջ վաղօրոք ծերանում են, բթամտանում են և մահը երբեմն ավելի շուտ է հասնում, մինչև նրանք կստանային պենսիա կամ ստատսկի սովետնիկի չին:

Մեծ հաջողություն են գտնում Թիֆլիսում բժիշկները, մանավանդ նրանք, որ ռուսաց համալսարաններում ավարտելուց հետո մի կամ երկու տարի անց են կացնում արտասահմանում: Ոմանք քեֆի համար են գնում, իսկ ոմանք իսկապես մի բան սովորում են: Բայց ժողովուրդը միշտ նշանակություն է տալիս Գերմանիա կամ Ֆրանսիա տեսած բժշկին, որպես արտասահմանի ապրանքին: Ավելի դժբախտ են լինում այն ուսանողները, որոնք սովորել էին գյուղատնտեսական մասը` երկրագործություն, այգեգործություն, գինեգործություն և այլն: Իրանք կապիտալ չունենալով սովորած մասնագիտությունն իրացնելու համար, մնում են անգործ: Իսկ կալվածատերերը չեն հրավիրում նրանց, որովհետև կանոնավոր գյուղատնտեսությունը դեռ մուտք չէ գործել Կովկասում:

Ճշմարիտն ասած, շատ դժվարին է լրագրական հոդվածի մեջ ցույց տալ այն ընդարձակ աշխարհը, ուր զանազան ասպարեզներում գործում է մեր համալսարանական երիտասարդությունը: Ես պետք է նկատեմ միայն ընդհանուր գծերը: Այժմ մնում է մի քանի խոսք ասել այն երիտասարդների մասին, որոնք ավարտում են կամ կիսավարտ դուրս են գալիս զանազան գիմնազիաներից և միջնակարգ դպրոցներից, և համալսարան մտնելու միջոցներ չունենալով, մնում են Թիֆլիսում: Դրանք լինում են ըստ մեծի մասին աղքատների որդիներ և դպրոցի նստարանները թողնելուց հետո, ստիպված են աշխատել օրական հացի համար: Մեր վաճառականները նրանց չեն ընդունում գործակատարության մեջ, մտածում են, որ ուսյալներին չեն կարող հնազանդության մեջ պահել, որպես իրանց սովորությունն է: Ուրիշ ոչինչ չէ մնում նրանց, բացի արքունական ծառայությունից, բացի վարժապետությունից մանր դպրոցներում, կամ անգործ թափառելուց: Դրանք լինում են ավելի փառասերներ, քան համալսարանականները, ստոր պարապմունքների «լայաղ» չեն անում: Դեղին կոճակները և մունդիրը սաստիկ հրապուրում են նրանց:

Հիմա մտնենք մտավորական աշխարհը, տեսնենք, ինչ են շինում գրողները, ուսուցիչները, արտիստները, և առհասարակ այն երիտասարդությունը, որ ներկայացնում է Թիֆլիսի մեր ինտելիգենցիան:

Ես մի առանձին բավականություն եմ զգում, երբ այժմ պետք է նկարագրեմ կյանքն այն երիտասարդների, որոնք հանձն առնելով ամեն տեսակ զոհաբերություններ, որոնք համբերելով ամեն տեսակ հալածանքների, պատերազմում են արգելքների դեմ, գործում են, աշխատում են, թեև առանց խրախույս և մխիթարություն գտնելու ամբոխից, բայց դարձյալ լի հավատքով կրկնում են — «ապագան մեզ է պատկանում»: Այդ հույսը լցնում է նրանց սիրտը մի սրբազան հպարտությամբ, և իրանց աղքատության մեջ խիստ զզվանքով նայում են մոտից անցնող բուրժուային, որ փառավոր կառքի մեջ նստած, թնդացնում է Թիֆլիսի փողոցները:

Առանձին ուշադրության արժանի է այն երիտասարդությունը, որ պտտվում է այս և այն խմբագրատան շուրջը: Դրանք կազմում են տարբեր շրջաններ, որ որոշվում են իրանց հատուկ ավանդություններով: Ես ոչ մի լրագրի ուղղությունը, լավ կամ վատ կողմերը քննադատելու նպատակ չունեմ: Ես պիտի վեր առնեմ գործիչներին միայն:

Յուրաքանչյուր սերնդի համար թանկ է ժամանակի մի որոշ շրջանը: Ես երբեք մոռանալ չեմ կարող 72 թվականը, երբ սկսվեցավ հրատարակվել «Մշակ» լրագիրը: Ի՞նչ կյանք էր տիրում այն ժամանակ Թիֆլիսում, ի՞նչ դրության մեջ էր գավառների վիճակը: Ամեն տեղ տիրում էր մի տեսակ անշարժություն, մի տեսակ թմրություն, մի տեսակ մեռելություն: Հանկարծ, կարծես մի դյութական գավազանի հարվածքից, զարթեցավ կյանքը: Ոչ ոք չէր հավատում, թե այսպես կարող էր լինել: Հավատում էր միայն երիտասարդների մի փոքրիկ խումբ: Ես հիշում եմ այն գեղեցիկ տարիները, այն հրաշալի գիշերները, երբ այդ խումբը հավաքված խմբագրատան մեջ, կարդում էին, ծխում էին և վիճում էին: Մեզանից շատերը հագներին շապիկ չունեին, մտնում էին այնտեղ բոլորովին պատառոտած կոշիկներով, այսուամենայնիվ, մենք ամենքս էլ ֆատալիստի հուսով հավատում էինք, թե կտիրապետենք մի մեծ ապագայի:

Սկզբում այս լրագրի շուրջը խմբվեցավ համալսարանական դիպլոմավոր երիտասարդությունը: Բայց նրանք շուտով ցրվեցան. կարծես թե, գործը խորթ թվեցավ իրանց: Նրանք չհավատացին այս լրագրի ճակատագրին: Մնացին դիպլոմից զուրկ ինքնուսներսինքնակրթությամբ զարգացած մանկտինանաջողությունների տակ ճնշված, ամեն տեղից հալածված, բայց դարձյալ իր վեհությունը պահպանած մանկտին: Ահա այդ ուժերը իրանց ուսերի վրա բարձրացրին «Մշակի» դրոշակը:

Հին «Մեղուն» այն ժամանակ նմանվում էր մի մաշված և ջարդված սայլակի, որին ճռնչելով քաշ է տալիս մի ուժաթափ ձի: Սայլավարը բոլորովին հուսահատված, մոլորված, և կես ճանապարհի վրա կանգնած, մտածում էր. «հիմա դեպի ո՞ր կողմը քշեմ»: «Մշակից» բաժանված խումբն այս դրության մեջ գտավ մաշված սայլակը: Նրան նորոգեցին, կարկատեցին և սկսեցին միևնույն ճանապարհով առաջ քշել...

Երիտասարդության աշխատանքը սուրբ է ինձ համար, որովհետև նոր կյանքի և նոր զորության արտահայտություն է: Ես «Մեղուի» ուղղությունը քննադատելու նպատակ չունեմ. այստեղ նույնպես գործում են մանուկ ուժեր: Բայց պետք էր ի նկատի առնել այն մեծ վերանորոգիչի խրատը, թե «նոր գինին պետք է նոր տիկի մեջ ածել. եթե տիկը հին է, կպատռվի, և գինին վիթվելով, կոչնչանա...»:

Թե ինչ կյանք էր տիրում «Մեղուի» խմբագրատան մեջ` այդ մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև նրա շրջանի մեջ երբեք չեմ գտնվել: Բայց այսքանը հայտնի է, որ «Մեղուին» շրջապատում էր համալսարանական և ապրուստի կողմից փոքր ի շատե ապահովված երիտասարդությունը, որոնք չէին կրում կյանքի այն դաժանությունները, որոնց դեմ ստիպված էին պատերազմել «Մշակի» աշխատակիցները:

Եվ այսպես, համալսարանականները հեռանալով «Մշակից»` ասպարեզը մնաց ինքնուսներին: Այդ լրագրի խմբագիրը խիստ ճիշտ համեմատություն արեց, թե նա թողեց դպիրներին և փարիսեցիներին, և իրան շրջապատեց հասարակ ձկնորսներովժողովրդի չփչացած զավակներով: Բայց պետք էր ցույց տալ հասարակությանը, թե այդ դիպլոմից զուրկ ուժերով կարելի էր կազմել մի նոր շկոլա: Գործիչների առաջ դրած էին ահագին դժվարություններ ահագին պատրաստականությունների հետ: Հողը միանգամայն խոպանացած էր: Աշխատանքի բաժանություն չկար: Ուզում եմ ասել, չկային ուրիշ օրգաններ, որոնց յուրաքանչյուրը հանձն առնելով մշակության մի ճյուղը, սկսեին աշխատել: «Մեղուն» խիստ ծույլ գործակից էր, նոր բան արդյունաբերել չէր սիրում, իսկ «Արարատի», «Հայկական Աշխարհի» և «Դպրոցի» մասին խոսելն անգամ ավելորդ է: Բայց հասարակությունը մտավոր սնունդ էր պահանջում: Եվ այս պատճառով «Մշակը» ստիպված էր իր թերթերը բեռնավորել ամեն տեսակ նյութերով: Պուբլիցիստիկան և բելետրիստիկան ձեռք ձեռքի տված էին ընթանում: Վիպասանը նկարում էր պատկերներ ժողովրդի կյանքից, ցույց տալով նրա տգեղ այլանդակությունները: Տնտեսագետը հարվածում էր անխիղճ վաշխառուի և հարստահարիչ կապիտալիստի հարաբերությունները մշակ դասի հետ: Մորալիստը խորտակում էր այն սև նախապաշարմունքները, որ ծանրացած էին ամբոխի հոգու վրա, և մատուցանում էր բարոյական նոր սնունդ: Առողջ խոսքը բխում էր կենդանի աղբյուրից և տարածում էր դեպի ամեն կողմ նոր մտքեր: Կրիտիկական ոգին գործում էր իր անխնա անգթությամբ: Նա միանում էր հեղինակի կաբինետը, վաճառականի խանութը, արհեստավորի գործարանը, ծառայողի ատյանը, գյուղացու խրճիթը, մեծատան սալոնը, վարժապետի դպրոցը, կղերի մենարանըմի խոսքով, կյանքի բոլոր ծալքերում պտտվում էր նա, և խավարի միջից դուրս էր քաշում ինչ որ անարժան էր: Այդ բոլորը գործվում էր այն շկոլայի մեջ, որ հիմնեց «Մշակը», ուր երիտասարդությունը ուսանում էր և ուսուցանում էր:

Ես երբեք չեմ կարող մոռանալ այն աղմկալի ժողովները, որ կազմվում էին այդ լրագրի խմբագրատան մեջ մի քանի տարի առաջ: Եթե ես ունեցել եմ իմ կյանքում մի քանի ոսկի րոպեներդրանք պատկանում են այն ժամանակին: Ժողովների մեջ ոգևորված և բորբոքված վիճաբանությունները տևում էին շատ անգամ մինչև գիշերվա ժամի երկուսը: Փոքրիկ, բոլոր նյութական միջոցներից զուրկ, բայց բարոյապես հարուստ խումբը ծրագրում էր հսկայական պրոեքտներ: Այդ դոնքիշոտությունը, երևակայության այդ տենդագին բորբոքումը, թեև մասամբ ծիծաղելի էր, բայց գեղեցիկ էր, որպես մանուկի ժպիտը, որ արտահայտություն է նոր սկսվող կյանքի: Իդեաների խորին արբեցության մեջ, ամեն մի երիտասարդ մոռանում էր իր վիճակի դաժանությունը, և մտածում էր, վիճում էր հասարակաց բարօրության մասին: Կես-գիշերից հետո նիստը վերջանում էր: Խումբը ցրիվ էր գալիս բուլվարների վրա, երբ բոլոր հյուրանոցները փակված էին լինում: Բայց դարձյալ խուլ և անապատացած փողոցների մեջ շարունակվում էր ընդհատված վիճաբանությունը: Այն ժամին, երբ բախտավոր թիֆլիսեցին հանգստանում էր իր փառավոր քնարանի մեջ, մեր կիսամերկ շրջմոլիկները, Գոլովինսկի պրոսպեկտի սալերը դղրդելով, քննադատում էին մի նշանավոր հասարակական հարց: Ձյունը, անձրևը, սառը քամին չէր քշում նրանց դեպի իրանց ողորմելի բնակարանները, այլ ավելի զովացնում էր և ավելի կազդուրում էր տաքացած գլուխները: Նրանք բաժանվում էին միմյանցից, երբ զարկում էր առավոտյան զանգակը. այն ժամանակ գնում էին հանգստանալու, որ մյուս օրը նոր ուժով սկսեն աշխատել:

Եթե ընդունենք այն ընդհանուր պայմանը, թե յուրաքանչյուր 25 տարուց հետո ամեն մի երկրի երիտասարդությունը փոխվում է, այն ժամանակ 58 և 72 թվականները խորհրդավոր նշանակություն կստանան մեզ համար: Երկու որոշ ժամանակամիջոցներ ներկայացնում են երկու որոշ երիտասարդություն, մեկը իդեալական, մյուսը ռեալական: Առաջինը ծնունդ է «Հյուսիսափայլի», իսկ երկրորդը ծնունդ է «Մշակի»: Ես հիշում եմ երկու պերիոդներն ևս, որովհետև երկուսի մեջ էլ գործել եմ. «Հյուսիսափայլի» ժամանակ հայտնվեցան բանաստեղծներ, իսկ «Մշակի» ժամանակ պուբլիցիստներ: Բացառությունները շատ աննշան են: Եթե վեր առնենք մեր այժմյան փոքր ի շատե աչքի ընկնող, կամ մանր-մունր գրողներին, կտեսնենք, որ բոլորը «Հյուսիսափայլի» ժամանակից մնացորդներ են: Նոր տաղանդներ չհայտնվեցան: Եվ այս պատճառով, թեև լրագրությունը ծաղկեց «Մշակից» հետո, բայց գրականության դաշտը մնաց անապատ:

Հիշյալ երևույթի պատճառը կարելի է հեշտ կերպով բացատրել: Անհերքելի է, որ մեր մտավոր զարգացման և ռուսների մեջ կա մի ներքին կապ: 40-60 թվականները տվեցին Ռուսաստանին իր ամենաերևելի գրողներին: Նրանից հետո տիրեց թմրությունը: Նույնը պատահեց և մեզ հետ: Համարյա միևնույն ժամանակներում լույս տեսավ «Հյուսիսափայլը» և ներկայացրեց մի ամբողջ շարք գրողների: Իսկ նրանից հետո նոր քանքարներ չհայտնվեցան:

Երբ հսկաներ չեն հայտնվում, ասպարեզը մնում է գաճաճներին: Ծիծաղելի էր տեսնել, որ վերջին տարիներում յուրաքանչյուր համբակ ձգտում էր բանաստեղծ և մատենագիր լինել: Խիստ կրիտիկայի բացակայությունն ավելի լրացրեց այդ խենթերին: Չպատրաստված և անտաղանդ գրողներն ավելի անհամեստ և ավելի հանդուգն են լինում: Կարելի է իսկույն նկատել, թե որպես քիթը վեր քաշած և որպես հպարտությամբ Թիֆլիսի փողոցներով անցնում է մի իմաստակ, որի մի քանի նամակները տպվել էին այս և այն լրագրում, կամ հրատարակել էր մի հիմար բրոշյուր: Վիկտոր Հյուգոն իր փառքի բարձրության վրա ավելի համեստ է, քան թե այս տեսակ խենթերը: Առհասարակ ամեն ազգի մեջ սկզբում հայտնվում են խոշոր տաղանդներ և ձգում են իրանց ետևից բազմաթիվ հետևողների: Իսկ մեր մեջ մի Աբովյան հայտնվեցավ, որի գիրքը, թեև տենդենցիայով հարուստ, բայց լեզվի կողմից ճապաղ, և գեղարվեստական արժանավորություններից թույլ մի ստեղծագործություն է: Այդ հեղինակությունն ունեցավ մի քանի անշնորհք հետևողներ: Ես հարկ չեմ համարում ցույց տալ օրինակները:

Բայց պետք է արտաքին հանգամանքները նույնպես նպաստեին նոր գրողների հայտնվելուն: Առհասարակ գրականական երիտասարդությունն աղքատ է լինում: Քաղցածությունը, թեև մի կողմից զորություն է տալիս տաղանդին, բայց մյուս կողմից կարող է սպանել նրան: Ոչ բոլոր բնավորությունները լինում են տոկուն: Թեև պատահում են ճշմարիտ երկաթի բնավորություններ: Ես ճանաչում եմ մեկին, որ ամեն տարի գրում է մի կամ երկու վեպ և համառությամբ փակում է իր գրասեղանի արկղիկի մեջ: Բայց նա շատ անգամ օրական ծխելու պապիրոսի փող չունի: Մի օրինավոր ամսագիր կարող էր նպաստել նոր ծնվող ուժերի զարգանալուն: Եվ այս պատճառով «Փորձի» հրատարակությունը սկզբում ուրախությամբ ողջունվեցավ մեր ամենի կողմից, մանավանդ, որ այդ ամսագրի խմբագիրն առաջին օրինակը եղավ, որ սկսեց վարձատրել իր աշխատակիցներին: Բայց սպասված հույսը չպսակվեցավ: Որովհետև «Փորձի» խմբագրատան մեջ հավաքվեցան միևնույն հին ուժերըթարգմանիչները, կոմպիլատորները, արխիոլոգները, մաշված թեմաները նորից ծամծմող վիպասանները, ավերակների արձանագրություններ արտագրող և գերեզմանատների մեջ թափառող, բայց կենդանի մարդիկ չտեսնող ճանապարհորդները, իսկ ինքնուրույն բաներ գրողները, կենդանի նյութերի մասին գրողները խիստ սակավ մտան այդ ամսագրի խմբագրատան մեջ: Եվ այս է պատճառը, որ «Փորձը» ներկայացնում է կատարելապես Մասիսյանի խանութը, այսինքն` մի մագազին, ուր վաճառվում են գլխավորապես մաշված հնոտիներ մի քանի թարմ ապրանքների հետ: Կարծես թե, այս ամսագիրը մի ապսպրած (заказной) հրատարակություն լիներ, որի ուղղությանը, երևի, ինքը խմբագիրն էլ չէ հավատում...

Ես ցույց տվեցի Թիֆլիսի մեր ինտելիգենցիային պատկանող երիտասարդության երեք զանազան խմբերը, որոնք շրջապատում են երեք հիմնարկությունների` «Մշակի», «Մեղուի» և «Փորձի» խմբագրատները: Դրանք ձևացնում են երեք տարբեր կուսակցություններ, որոնց դիտավորությունն իսկապես միևնույնն է, բայց զանազանությունը նրա մեջն է միայն, որ յուրաքանչյուրը այլ և այլ ճանապարհով, այլ և այլ ուղղությամբ է դիմում իր նպատակին: Իսկ ո՞ր ճանապարհն ավելի ուղիղ է, ո՞րն ավելի շուտ կհասցնեայդ ցույց կտա մերձավոր ապագան: Այսուամենայնիվ, այդ երեք խմբերը, լավ թե վատ, գործում են, աշխատում են, և այդ իսկ պատճառով հարգելի են:

Բայց կա մի ուրիշ խումբ ևս, որ հիշյալ երեք կուսակցություններից ոչ մեկին չէ պատկանում: Այդ խումբը ոչինչ չէ շինում, միայն մեջտեղում անգործ պտտվում է, խոսում է, բամբասում է, զևզեկություններ է անում և ինտրիգաներ է սարքում: Ում պատահել է կարդալ Ալֆոնս Դոդեի վերջին րոմանը, (Jacques), խիստ ճիշտ գաղափար կարող է ստանալ հիշյալ խմբի մասին: Այդ րոմանի մեջ կա մի տիպ Դարժանտոն անունով, որն իրան երևակայում է երևելի բանաստեղծ: Նրա գլխում լցված են հարյուրավոր գրքերի վերնագրներ, որոնց նա մի ժամանակ պետք է գրե: Միայն սպասում է իր մուզային, սպասում է ոգևորության: Այդ ոգևորությունը նրա կարծիքով կարող է տիրել իրան, երբ ինքը կբնակվի մի շքեղ տան մեջ, շրջապատված գեղեցիկ պարտեզով և ծաղիկներով, նազելի սիրուհու կողքին, և աչքի առջև կունենա բնության հրաշալի տեսարանները: Այդ բոլորը սարքում է նա, բայց մուզան դարձյալ չէ հայտնվում: Նրա իդեաները, նրա սյուժետները գողանում են: Լույս է տեսնում մի գիրք, մի հոդված, Դարժանտոնը բարկանում է, թե դա գրականական գողություն է, թե այն նյութն ինքը վաղուց գլխումը ուներ և մտածում էր գրել: Դարժանտոնը շրջապատել է իրան մի քանի անաջողակներով (неудачники), որոնք նույնպես մեծ կարծիք ունեն իրանց հանճարի վրա, և ճաշեր են ուտում բանաստեղծի մոտ, շողոքորթում են նրա տաղանդը, և վճռում են ամբողջ մարդկության ճակատագիրը: Վերջապես, Դարժանտոնը մտածում է մի թերթ հրատարակել և միանգամով ոչնչացնել Փարիզի բոլոր պարբերական հրատարակությունները: Նրա բարեկամ անաջողակները խոստանում են աշխատակցել և միլիոններ վաստակելու հաշիվ են տեսնում: Դարժանտոնը մի տեղից փող է գտնում և սկսում է հրատարակությունը: Խմբագրատան հիմնական դրամագլուխը մտնում է նրա անաջողակ աշխատակիցների քսակը, իսկ ինքը ստանում է երկու բաժանորդներ միայն, մեկն` իր սիրուհին, մյուսն` իր սիրուհու նախկին սիրողը: Դարժանտոնն այսքանը գոնե կատարեց, բայց Թիֆլիսի մեր Դարժանտոնները դեռ մտածում են...

Ամեն մի պերիոդ երիտասարդության կյանքի նշանավոր է լինում մի առանձին գործունեությամբ: Մեր գրական երիտասարդությունն այժմ զոհաբերության պերիոդի մեջն է գտնվում: Եվ այս պատճառով մեր բոլոր կրթողական հիմնարկությունները, որպես են` լրագիր, ամսագիր, թատրոն, դպրոց, և այլն, պահպանվում են զոհաբերություններով:

Խոսենք յուրաքանչյուրի մասին առանձին:

Մինչդեռ ուրիշ ազգերի մեջ լրագրապետները հարստանում են, և աշխատակիցներն ահագին փողեր են ստանում, մեր խմբագրները ոչ միայն չեն շահվում, այլ իրանց քսակից ամեն տարի մի քանի հազար ռուբլի վնաս են կրում: Այդ մեծ զոհաբերություն է: Ժողովուրդը չէ նպաստում գործին: Ամենահաջողված պարբերական հրատարակությունը հազիվ տարեկան 1000 բաժանորդ է ստանում, իսկ անաջողները` 3-4 հարյուր: Նույնը կարելի է ասել և գրքերի մասին: Ուրիշ ազգերի մեջ մի բանաստեղծ մի լավ րոման գրելով, իր ամբողջ կյանքն ապահովացնում է: Իսկ մեր մեջ բախտավոր պետք է համարել հեղինակին, եթե կարողանա տպագրության ծախսը դուրս բերել: Եվ այս պատճառով գրականական ասպարեզը մեր երիտասարդության համար մի փշոտ ասպարեզ է: Նրանց պետք է ժամանակի նահատակներ համարել: Ապագան կգնահատե նրանց, կամ կաստվածացնե, այդ ուրիշ խնդիր է, իսկ ներկան հաց է պահանջում: Իդեալական սերը ոչ ամեն ժամանակ կարող է օժանդակել գրողներին հարատևելու իրանց պարապմունքի մեջ, երբ որ այդ պարապմունքն ապրուստի միջոց չէ տալիս: Այդ պարագաները փոքր պատճառներ չեն, որ մեզանում գրողներ կամ իսպառ չեն հայտնվում, կամ եղածներն առաջադիմություն չեն գործում:

Մենք չէինք ունենա մեր այժմյան պարբերական հրատարակությունները, եթե նրանց խմբագրները նյութապես ապահովված անձինք չլինեին: Այդ մեծ բախտ է, որ հարուստները ձեռնարկում են այս տեսակ գործերի, և կարող են ամեն տարի մի քանի հազար ռուբլի զոհել իրանց գաղափարին: Բայց մինչև ե՞րբ: Ընդունում են, որ մի ժողովրդի մեջ, որպես մերն է, այս տեսակ ձեռնարկությունները սկզբում պետք է զոհաբերությամբ հիմնված լինեին: Բայց այդ անում է մի ընկերություն, և ոչ մասնավոր անձինք: Այդ կետից նայելով, մեր խմբագիրների աշխատությունը պետք է բոլորովին բացառական երևույթ համարել: Բավական չէ, որ նրանք զոհում են իրանց արծաթը, այլ զոհում են իրանց հանգստությունը, առողջությունը և վերջապես բախտը, գուցե ուրիշ ասպարեզներում նրանք ավելի երջանիկ կլինեին: Ես թեև շատ փոքր ծանոթ եմ մեր խմբագրների մասնավոր կյանքին, բայց դարձյալ գիտեմ, թե ինչ տաժանական աշխատություն են կրում նրանք, գործի մեծ մասն իրանց ձեռքով կատարելով: Խմբագիրը պետք է ինքն ուղղե գավառներից եկած թղթակցությունները և հոդվածները, պետք է շատ անգամ մինչև գիշերվա ժամի 3-ը տպարանում աշխատե, սրբագրե և տուն վերադառնալուց հետո պետք է դարձյալ չքնե, այլ նստած, պետք է մյուս համարի համար հոդվածներ պատրաստե: Առավոտյան 9 ժամին դարձյալ կարելի է տեսնել նրան գրասեղանի մոտ, հասցեներ է գրում, որ նոր դուրս եկած համարը փոստից հետ չմնա: Այդ բոլոր մտավոր և մեքենական աշխատությունները, որ սարսափելի կերպով մաշում են մարդու կյանքը, կատարում են մեր խմբագրները, առանց որևիցե նյութական շահ ունենալու, միայն բարոյապես վարձատրվելու հուսով, որից դարձյալ զրկում է նրանց հասարակությունը: Այլևս չեմ խոսում աշխատակիցների մասին, որոնց զոհաբերությունները նույնպես ոչ սակավ համակրության արժանի են:

Հիմա դառնանք դեպի արտիստական երիտասարդությունը, դեպի թատրոնը:

Ինձ պատահել է կարդալ Թիֆլիսի հայոց բեմի վերաբերությամբ մի թատրոնական ժամանակագրություն միայն, որքան հիշում եմ, նա գործողությունների պատմական մի հավաքածու էր, բայց ոչ երիտասարդ արտիստների կյանքի նկարագիր: Այսուամենայնիվ, այդ աշխատությունն ինձ վրա խիստ տխուր տպավորություն թողեց: Անհնարին է երևակայել, թե որքան դժվարությունների դեմ մաքառելով, մեր դերասանները կարողացել են պահպանել հայոց բեմը: Նրանք ստիպված էին պատերազմել ժողովրդի նախապաշարմունքի դեմ, որ դերասանի վրա նայում է որպես մի «օինբազի» վրա, և ոչ որպես կրթության սպասավորի վրա: Նրանք ստիպված էին պատերազմել քաղցածության դեմ, որովհետև այդ արհեստը հաց չէր տալիս: Եվ վերջապես ստիպված էին պատերազմել ուրիշ զանազան ճնշումների դեմ, որոնք մեծ խոչընդոտներ էին դնում գործի առաջադիմությանը: Այդ բոլոր զոհաբերությունների մեջ քաջալերում էր, ոգևորում էր նրանց բեմի գաղափարը: Ինչպես լրագրությունը կամ օրագրությունը սկսվեցավ և հաջողվեցավ միայն սիրողների ձեռքով, այնպես էլ հայոց բեմը պահպանվեցավ սիրողների ջանքերով: Դերասանական խումբ իսկապես մենք չենք ունեցել: Բայց ասելով սիրողներ, պետք չէ հասկանալ պատահական ներկայացնողներ, որոնք մի կամ երկու անգամ զվարճության համար բեմ էին դուրս եկել: Մեր սիրողները մի կազմակերպված խումբ էին և որոշվում էին հասարակ դերասանից նրանով միայն, որ վարձկաններ չէին, այլ բարոյապես համակրում էին բեմի արհեստին: Նրանց առաջնորդում էր բեմի կրթողական նշանակությունը և ոչ անձնական շահը, որ այնքան չնչին էր, մինչ հիշելն անգամ ավելորդ է: Եվ պետք էր երկաթի տոկունություն ունենալ մի այսպիսի գործ երկար տարիներ առաջ տանելու համար: Այս պատճառով, թեև հայտնվեցան տաղանդներ, բայց տվեցին և զոհեր...98

Следующая страница