Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

4.

«Քանդված օջախի» մեջ բոլորովին հակառակ Օսեփին, որպես նորա հակապատկերը, — հանդիսանում է մի այլ տիպ — «Լիպրոինց Մաթուսի վուրթի Փարսեղը»: Այդ անձնավորությունը մի հարազատ ծնունդ է մեր անկարգ, փչացած, հասարակական կազմակերպության: Սնվելով, զարգանալով անբարոյական շրջանի մեջ, ուր միշտ խաբում են, կողոպտում են, մի խոսքով, ամեն կեղտոտ միջոցներ գործ են դնում միայն արծաթ որսալու նպատակով, Փարսեղը կազմել է յուրյան մի ամբողջ գաղափար, թե աշխարհումս սուրբ բան չկա: Հիմնվելով այդ վարդապետության վերա, Փարսեղը յուրյան ներելի է կացուցանում բոլոր անարդար հնարները հարստանալու և նա հասնում է յուր նպատակին: Ծածկելով յուր կեղտոտ անցյալը ոսկու թիթեղի տակ, փինաչի Մաթուսի տղան հանդիսանում է որպես պատվավոր քաղաքացի, նա ստանում է վարկ և կշիռ, նորան պատվում են և երկրպագում են: Նորա առևտրական խանութը պատկերացնում է այն հիմնարկությունը, եթե կարելի է այդպես ասել, այն ըշկոլան, ուր պատրաստվում են այդպիսի Փարսեղներ, այդպիսի պատվավոր քաղաքացիք: Խաբեությունը, ստախոսությունը և խորամանկությունը` գլխավոր դասախոսության այդ ըշկոլայի ամբիոնից առարկայքն են, որք քարոզվում են: Փարսեղը գլխավոր պրոֆեսորի դերն է խաղում: Նորա աշակերտները հպատակում են նորան, որպես մի բարձր հեղինակության: Փարսեղը գովում է յուր մեծ աշակերտի` Դարչոյի, այդ պրիվատ դոցենտի առաջադիմությունը յուր ուսման մեջ և նախագուշակում է նորա բախտավոր ապագան, որին նա մի օր կհասներ այդ կեղտոտ ճանապարհներով: Փարսեղը նախատում է, մինչև անգամ ծեծում է, յուր դուքնի փոքրիկ աշակերտ անմեղ Միխոյին, նորա անընդունակության համար, որ նա չէր կարողանում կտավը ձգելով, և արշինի տակ սլլացնելով, օրինակի համար, տասը գազը` տասներկուսի տեղ ծախել: «Դուն մարթ չիս դառնա» — ասում է ուստան, խեղճ աշակերտի ականջներեն ձիգ տալով:

Աչքի առաջ ունենալով այդպիսի Փարսեղները, աչքի առաջ ունենալով նոցա առևտրական խանութները, ուր պատրաստվում են յուրյանց նման վաճառականներ, ինքնըստինքյան պարզվում է այն հարցը, թե ինչու մեր, հայերիս մեջ շատ փոքր են թվով օրինավոր և յուրյանց գործը խղճմտանքով վարող առևտրական մարդիքը: Հայտնի բան է, որ Օսեփները մի մասնավոր բացառություն են կազմում այդ փչացած դասի մեջ: Նոքա լինելով փոքր ի շատե յուրյանց խղճմտանքով կենդանի մարդիկ, չեն կարողանում ազատ մրցություն անել ամենայն խաբեբայությամբ զինավորված բազմության հետ, և նոքա ընկնում են: Ահա գլխավոր անբախտության պատճառը Օսեփի և նորա ընտանիքի:

5

Փարսեղը այն է յուր ընտանիքի մեջ, ինչ որ է յուր առևտրական խանութումը: Նա կամենում է այնպես «գլխիցը ռադ անել» յուր աղջիկըտան անպետք վաճառքը, որպես նորա ուշիմ աշակերտ Դարչոն «սաղացրեց» — փտած ապրանքը խեղճ սղնախեցու վերա ծախելով: Նա կամենում է և այդ առևտուրի մեջ մրցություն անել յուր հակառակորդի հետ: Այդ ձեռնարկության մեջ նորան գործակից է լինում յուր կինը` Քալին: Նոքա միասին խորհուրդ են անում խլել Օսեփի և նորա կնոջ Սալոմեի ձեռքից, նոցա աղջկա, Նատոյի նշանածը` Ալեքսանդր Մարմարովին: Աշխարհի ամեն բաների շինվելու և քանդվելու գլխավոր ուժը միայն փողի մեջ ճանաչող հայ վաճառականը ձեռք է առնում այդ զորավոր գործիքը: Նա խոստացել է տալ Մարմարովին 100 թուման ավելի, քան Օսեփի խոստացածը, այլև ամենայն խորամանկ հնարներով աշխատում է վերջինիս զրկել յուր նյութական միջոցներեն, կոտրել նորա վարկը առևտուրի մեջ, որպեսզի նա չկարողանա վճարել խոստացած արծաթը յուր փեսացուին: Հիշյալ դավադրությանց մեջ փոքր չէ օգնում Փարսեղին նորա աշակերտ Դարչոն, որը սկսում է սուտ լուրեր տարածել Օսեփի գործերի ավերված վիճակի մասին, և հրապարակավ պահանջել այն գումարը, որ Օսեփը պարտական էր յուր ուստային: Փարսեղը յուր կողմից ուրանում է Օսեփից որպես գրավ ստացած «չարչիի բարաթները» և գործը դատաստանին հասցնելով, Օսեփի դուքանը կնքել է տալիս: Օսեփը սնանկանում է: Եվ նորա աղջիկը` Նատոն, որպես հիշեցի, զրկվում է հիմար և միևնույն ժամանակ շահասեր Մարմարովի կինը լինելուց:

Իհարկե Օսեփի սնանկության գլխավոր պատճառը պետք է որոնել, ոչ միայն Փարսեղի չարանենգ դարանագործությանց մեջ, որ նա վերջինիս մի հարվածքովը գլորվեցավ դեպի անկումն, այլ նորա գործերի անհաստատ և փտած տրամադրության մեջ, որոնք շատ տարիների հասարակական և տնտեսական պայմանների հետևանքներ էին, որոնց ակամա կերպով ենթարկվել էր խեղճ Օսեփը:

6

Որպես երկրորդական տիպեր «Քանդված օջախի» մեջ հանդիսանում են Օսեփի` Գևոն, նորա մտերիմ բարեկամը, իսկ Փարսեղի կողմից` Գիժ Մոզին, նորա մերձավոր ազգականը: Գևոն երևում է մի թույլ բնավորություն, թեև բարի և խղճմտանքով մարդ: Նա յուր բարեկամի դժբախտությանը չէ կարողանում այլ բանով օգնել, միայն նորա սնանկանալու ժամանակ բավականանում է նորանով, որ չէ ցանկանում պահանջել նորանից այն գումարը, որը Օսեփը պարտական էր յուրյան: Իսկ Գիժ Մոզին չէ կարելի ասել, թե իսկական տիպ է, նորան կարելի է համարել մի երևակայական մարդ, որին ստեղծել է հեղինակի քանքարը, Փարսեղի բոլոր չարագործություններին և նորա կեղտոտություններին թարգման լինելու:

Իսկ ինչ որ վերաբերում է «Քանդված օջախի» բեմական նշանակությանը, պետք է ասել, որ նա հորինված է բավականին գեղարվեստական կերպով: Տիպերը հանդես են դուրս գալի խիստ հատկանիշ բնավորություններով. իսկ լեզուն, խոսքերը, արտահայտությունքը` հնչվում են ժողովրդի սրտի և հոգու խորքիցը: Ձանձրացնում է միայն մոնոլոգների երկարությունը, և էֆեկտը վերջանալու միջոցին խիստ սառն է, երբ այն տխուր դրամատիկական րոպեում, որ կործանվում է Օսեփի տնտեսական կյանքը, լոտոխաղ կնիկները նորից սկսում են վիճել յուրյանց անպատվության մասին, որ զրկվեցան յուրյանց զվարճությունից:

Վերջացնում եմ իմ նկատողությունները այդ խոսքերով. որ «Քանդված օջախը» է մի ցավալի ողբերգություն, որ պատկերացնում է մեր ժողովրդի քանդված դրության տխուր կործանվիլը, և նորա անկումը թե՛ բարոյապես և թե՛ նյութականապես

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ

«Արարատ» ամսագրի ներկա տարվա մայիսի տետրակումը կարդացի պ. Շերմազանյանի պատասխանը իմ Մշակի 7-րդ համարումը տպված հոդվածի դեմ:

Պարոնը շատ վրդովվում է, իբրև թե ես, հեռանալով պատմական փաստերից, պատասխանել եմ նորան հեգնորեն: Բավականին ուղիղ է նկատել նա: Չմտածելով, մի գրվածք, որ ստոր էր ամենայն կրիտիկայից, նորան հերքելու ամենահարմար զենքը կատակն է:

Իսկ պ. Շերմազանյանը յուր վերջին հոդվածում մի նոր առաջադիմություն ևս է արել, — նա, անցանելով պատմաբանական դաշտից, հասնում է անձնականության: Ի՞նչ փույթ, գուցե «էդ էլ մի նոր» կրիտիկա է:

Մի բան վաղուց մեք գիտեմք կյանքի մեջ, թե կատուն նեղի ընկած միջոցին սկսում է չանգռել մարդի ձեռքերը: Մի այլ բան դորա նման երբեմն հանդես է դուրս բերում գրականությունը, երբ թույլ մարդ են ծանր պոլեմիկայի մեջ, սկսում են հայհոյանք և լուտանքներ արձակել:

Մեր քաղաքում նույնպես մուրը շատ թանկ չէ ծախվում, եթե պետք լիներ նորա գործածությունը: Բայց ո՞վ ախորժակ ունի արատավորել յուր ձեռքերը:

Գրականության մեջ այս և այն անձի պսեոդոնիզմը մերկացնել կատարյալ անազնվություն է: Այդ պատճառավ, ոչ ոք իրավունք չէ տալիս պ. Շերմազանյանին ասել, թե Մելիքզադեն Րաֆֆին է, կամ Րաֆֆին Հակոբ Միրզայանն է և այլն: Որովհետև այդ անունները, ով ոք և լինեին նոքա, Եղիշեի, Փարպեցու և Ավարայրի դաշտի հետ ոչինչ կապ չունեն:

Բայց թե Մելիքզադեն էշի կամ ուղտի վերա հեծնելով է ճանապարհորդել այն կողմերը, և դորա համար նորա խոսքերի մեջ ճշտություն չկա, այդ շատ իրավացի է: Ինչ պետք է արած, երկրի սովորությունների դեմ մարտնչելը դժվար բան է: Երևելի Վամբերին ևս էշով անցավ Պարսկաստանը: Այդ բանը կարծես, թե արևելքի ճանապարհորդների ճակատագիրն է: Միայն շատ քչերին է հաջողվում հարստանալ, փողի և գյուղի տեր դառնալ, և նժույգ ձի նստած, Փառնա գյուղեն մի քանի ժամվա մեջ մինչև Խորվիրապ հասնել և լավ հետազոտել երկիրը...

Պարոն Գալուստ, ես իմ կողմից վերջացնում եմ իմ բանակռիվը ձեզ հետ, գուցե պարոն Րաֆֆին ինքը կպատասխանե ձեզ, որովհետև, ես թեև մինչև այսօր համոզված էի, որ դուք լավ պատմաբան եք (՞), բայց չգիտեի...: Միայն բարեկամաբար խորհուրդ եմ տալիս ուշադրությամբ կարդալ ձեր առաջին և երկրորդ հոդվածները, եթե կա նոցա մեջը միտք, դուք կհամոզվիք, թե որքան հակառակում եք ինքներդ ձեզ:

Պարսից առածը ասում է. «ստախոսները հիշողություն չունեն»: Միևնույն հակասությունն է պատահում գրականության մեջ, երբ մարդ ամեն րոպե մի նոր խոսք է խոսում:

[ՊԱՏԱՍԽԱՆ «ՄԵՂՈՒԻՆ»]

26 «Մեղու»-ի ֆելիետոնում պ. Քաղքցին չգիտեմք ինչ իրավունքով վատ կարծիք է տարածում և դատապարտում է մի գիրք, որ տակավին տպագրության մամուլի տակ անգամ մտած չէ: Նա կոչում է մեր աշխատությունը «Փունջ անգույն ու անհոտ ծաղկանց» և այլն: Մեք հավաստի եմք, որ Բաղաամի հոգին մտել է պ. Քաղքցու մեջ. նա սկսել է գուշակություններ անել: Բայց ինչ որ վերաբերում է «Փունջի» «անգույն, անհոտ» լինելուն, մեք կրկնում եմք երևելի Սաադիի խոսքը. «ինչ մեղ ունի արեգակը, երբ կույր չղջիկը լույս ցերեկով չէ տեսնում նորա ճառագայթը»: Էնպես էլ «Փունջը» մեղավոր չէ, երբ մեր պ. Զոյիլի հոտառությունը, չար նախանձից գուլանալով, ոչինչ չէ զգում: Բայց ինչ որ վերաբերում է այն բանին, թե պ. Քաղքցին որքան է հասկանում և գիտե բանաստեղծությունը, այդ արդեն հայտնի է նորա վերջին զռլամա ֆելիետոնից, ուր ոտանավորներով է արտավիժում յուր ցնորաբանությունքը: «Ագռավը ուզեց կաքավի երիշ գնալ, իր երիշն էլ կորցրեց»: — Ասում է հայի առածը:

Կ. ՊՈԼՍԻ ՍՐ. ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ

Ֆրանսիական կրթության վայրիվերո ազդեցությունը հայտնվում է պոլսեցու կյանքի ամեն մի երևույթների մեջ, միայն այն զանազանությամբ, որ այնտեղ ամբոխի կուսակցությունները, նոցա շարժումները, խռովությունները և հեղափոխական ցույցերը մեծ մասամբ լինում են նպատակավոր, ծառայում են ընդհանուրի օգտին և նորա ազատությանը, իսկ Կ. Պոլսում` միայն մի քանի էֆենդի աղաների չար կրքերին:

Այդպիսի հանգամանքներում խառնիճաղանճ ամբոխը, բոլորովին անգիտակցաբար, առանց մի բան հասկանալու` թեքվում է երբեմն այս, երբեմն այն կուսակցության կողմը և շարժվում է նոցա պարագլուխների ձեռքում որպես մի կրավորական մեքենա:

Կ. Պոլսի վերջին պարբերական թերթերը զբաղված էին Սր. Պատրիարքի հրաժարման հարցով: Նախքան խոսելը այդ խնդրի մասին, մի թեթև հայացք ձգեմք Տաճկաստանի հայոց սահմանադրական վարչության կազմակերպության և նորա գործադրության ձևերի վերա: Սահմանադրությունը Կ. Պոլսի մեջ ունի զանազան ժողովներ` խառն, թաղական, կրոնական, քաղաքական և այլն, և ընդհանուր ազգային ժողով: Վերջինը, եթե կարելի է այդպես կոչել, հանդիսանում է որպես բարձր կենտրոնական կայարան, ընդհանուր տաճկաբնակ հայերի գործերին:

Երևակայեցեք, սահմանադրական վարչության գործադրությունը դեռ չէ անցել Բոսֆորից: Գավառները դեռ զուրկ են յուրյանց հատուկ ժողովները ունենալուց. նոցի գործերը` բոլորովին անմշակ և առանց տեղային դատարաններում քննվելու պետք է Կ. Պոլիս գան և այնտեղի ժողովների քննությանը ներկայանան: Արդյոք ի՞նչ փաստերով և ի՞նչ ապացույցներով Կ. Պոլսի ժողովները կարող էին քննել և յուրյանց վճռահատությունը տալ, օրինակի համար, Վանի, Մուշի, Պրուսայի մեջ պատահած մի անցքին: Գործը ձգվում է տարիներով, դատախազների և դատարանի կողմից բացվում են անընդհատ գրագրություններ, մինչև, որպես հաճախ պատահում է, դատախազներն անձամբ ստիպվում են Կ. Պոլիս դիմել և ամիսներով յուրյանց վիճմունքների վճռին սպասել:

Մի այդպիսի վարչության ձևը, ոչ միայն քաղաքակրթված պետություններում անկարելի է գտանել, այլև վայրենի ազգերի մեջ անգամ նորա օրինակը հազվագյուտ է: Որովհետև Կ. Պոլսի Քաղաքական ժողովը երբեք չէ կարող և անկարելի է, որ կարողանա Տաճկաստանի ավելի քան երեք միլիոն հայ ժողովրդի պետքերը հոգալ և նոցա պահանջմանցը լրացուցիչ բավականություն տալ, երբ որ նա, նույնիսկ Կ. Պոլսի մեջ պատահած գործերը քննելու և վճռելու անձեռնահաս է:

Հիշյալ հանգամանքները աչքի առջև ունենալով Սր. Պատրիարքը առաջարկում է քաղաքական ժողովին կազմել երկու մասնաժողովներ, մինը` տեղական գործոց համար, մյուսը` գավառական գործոց համար, որպեսզի նոքա թեթևցնեն տարիներով վեր թափված գործերը:

Այդ պատճառավ Սր. Պատրիարքը ներկայացնում է մի ծրագիր քաղաքական ժողովի քննությանը, որո մեջ բացատրում է նա, թե սահմանադրության արդի օրենքները և նոցա գործադրության ձևերը անհամապատասխան են հայ հասարակության ներկա պիտույքներին, և խնդրում է նորից վերաքննել սահմանադրությունը, լրացնել նորի թերությունքը և ընդհանուր թուրքաբնակ հայերի պահանջմանցը հարմարավոր կացուցանել:

Քաղաքական ժողովը ոչ միայն ուշադրություն չէ դարձնում Սր. Պատրիարքի մի այդպիսի առաջարկության վերա, այլ արժան էլ չէ տեսնում Ընդհանուր ժողովին ներկայացնել: Այստեղից ծագում են երկպառակության պատճառները Սր. Պատրիարքի և Քաղաքական ժողովի մեջ, որ հետզհետե ավելի ծանր հետևանքներին հասնելով, Խրիմյանը ստիպված է լինում թողուլ պատրիարքական աթոռը և յուր հրաժարականը տալ:

«Մասիսի» 1419 համարում կարդալով այդ հրաժարականի գրավոր պատճենը, որ մատուցել է Խրիմյանը երեսփոխանական ժողովին, — մի ցավալի տպավորություն է թողնում ընթերցողի վերա, թե ինչ անպիտան վիճակի մեջ է սահմանադրությունը Կ. Պոլսում, և որպիսի անզարգացած և չարանախանձ անձինքներից բաղկանում է նորա վարչությունը: Օրինակի համար, քաղաքական ժողովի անդամները հայտնում են, թե սահմանադրությունը ամենևին վերաքննության կամ փոփոխության կարոտություն չունի, և համարում են Խրիմյանին հակասահմանադրական, որ պահանջելով դոքա, մեղանչում էր սահմանադրության սրբազնությանը դեմ... Զարմանալի հետադեմ միտք, որ մեր դարում բոլորովին հիվանդոտ ուղեղների ցնորք համարելու է: Մի ժողովուրդ, որ կառավարվում է անփոփոխ օրենքներով, նա կմնա անփոփոխ անշարժության մեջ:

Այդ վեճերը քննելու համար կազմված երեսփոխանական ժողովը բոլորովին իրավացի է համարում Խրիմյանի հրաժարմանը առիթ եղող պատճառները, և նորա բացատրությունքը հարգելով, նորից հրավիրում է պատրիարքական աթոռը ընդունելու: Սրբազան հայրիկը ընդունում է այդ առաջարկությունը:

Վերջացնում ենք մեր խոսքը նորանով, որ Կ. Պոլսի սահմանադրությունը երբեք հասնել չէ կարող յուր նպատակին, քանի որ նա Կ. Պոլսի մեջ է միայն կենտրոնանում, քանի որ չեն աշխատելու նորան հանրային դրության վերածել և բոլոր տաճկաբնակ հայերի համար նրա գործադրությունը կարևոր կացուցանել:

ՓՈՍՏԱՅԻ ՀԱՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈԻԹՅՈԻՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՄԵՋ

Ամեն մի սահմանակից պետությունների մեջ փոստայի հարակցությունը է այն դյուրացուցիչ միջոցներեն մինը, որ հեշտացնում է առևտրական հարաբերությունները և մեծ զարկ է տալիս վաճառականության:

Կես դար հազիվ է անցել, որ Պարսկաստանը բացեց յուր շրջափակ չինեական պարսպները արտասահմանցիների դեմ և եվրոպացիք սկսան այնտեղ համարձակ և ապահով մուտք ունենալ: Այդ հարաբերությունը շատ փոքր ժամանակում այնպես արագ կերպով ընդարձակվեցավ, մինչ եվրոպական մեծամեծ պետությունները ունեցան Պարսկաստանի ամեն մի նշանավոր առևտրական քաղաքներում յուրյանց կոնսուլները և Թեհրանում` յուրյանց դեսպանները: Թաբրիզի, Ռեշտի և Թեհրանի մեջ հիմնվեցան մեծամեծ առևտրական տներ, և Եվրոպան սկսավ դուրս քարշել Պարսկաստանի հում բերքերը, և փոխադարձաբար յուր գործարանների արվեստագործությունը պարսից շռայլ գործածությանը նյութ դարձնել:

Չնայելով վաճառականության այդպիսի հսկայական քայլերին, նա յուր ընթացքի մեջ մեծ դժվարություններ է կրում և շատ արգելքների է հանդիպում դրամի փոխադրության և նամակների երթևեկության մեջ:

Ահա պատճառները. —

Պարսից կառավարությունը ինքը փոստայի օրինավոր հիմնարկություն չունի և հետևապես զուրկ է արտասահմանի հետ ուղղակի հաղորդակցություն ունենալուց: Այդ պատճառով մասնավոր անձինք միջնորդական դեր են խաղում: Այսինքն` եվրոպական կոնսուլները, — Ռուսաց, Ֆրանսիայի, Անգլիայի, Բելգիայի, Տաճկաստանի և այլն, — դոցա ամեն մինը ունեն յուրյանց առանձին սուրհանդակները (չափարներ), որք կատարում են թղթատարի պաշտոն:

Սուրհանդակների մի նշանակված քաղաքից դուրս գնալը կամ վերադառնալը` լինում է անորոշ ժամանակներով, իհարկե, այն ժամանակ միայն, երբ նոքա պետք է տանեին կոնսուլների պաշտոնական թղթերը: Վաճառականները ստիպված են լինում ենթարկվել այդ կամայականություններին և սպասել այնքան, մինչ որևիցե կոնսուլ յուր սուրհանդակը ճանապարհ կ՜դներ, որ նոքա ևս կարողանան յուրյանց նամակներր ուղարկել: Շատ անգամ նոքա այդ սուրհանդակների ձեռքով ուղարկում են յուրյանց արծաթը:

Մի այնպիսի երկիր, որպես Պարսկաստանն է, ուր ավազակությունը մի սովորական բան է, քիչ չէ պատահում, որ սուրհանդակները կողոպտվում են: Այդպիսի դեպքերում վաճառականը կորցնում է ոչ միայն յուր նամակները, այլև զրկվում է յուր արծաթից: Ոչ ոք պատասխանատու չէ լինում նորա կորստին, որովհետև սուրհանդակը մի պաշտոնական կամ պայմանավոր նշանակություն չունի: Պարսից կառավարությունը այդպիսի հանգամանքներում միշտ մնում է անտարբեր, որովհետև նորա և սուրհանդակատիրոջ մեջ որևիցե համերաշխություն տեղի չէ ունեցած:

Փոթի-թիֆլիսյան տրանզիտի ճանապարհը բացվելեն հետո, սուրհանդակների գնացքը` Թաբրիզից Էրզրում և այնտեղից Տրապիզոն` համարյա դադարեցավ: Ասպարեզը մնաց Ռուսաց սուրհանդակին: Այդ վերջինը, օրինակի համար առնենք մինը` Թաբրիզի ռուսաց կոնսուլը: Վաճառականները յուրյանց նամակները կամ արծաթը հանձնում են հյուպատոսարանին, կոնսուլը ճանապարհ է դնում մինչև Ջուլֆայի կարանթինը, այնտեղից հանձնվում ռուսաց փոստային և Պարսկաստան բերվելու նամակները դարձվում է Թաբրիզ: Մինչև անցյալ տարի վաճառականները ստիպված էին ուղարկվելու նամակների ամեն մի լոտ ծանրության համար վճարել երեք կռան (90 կոպեկ), իսկ ստացած նամակի համար մեկ կռան (30 կոպեկ): Իսկ այժմ ստացվում է ուղարկվելու նամակների մի լոտին երեք փանահբաթ (45 կոպ.), իսկ ստացած նամակին` մեկ կռան (30 կոպ.): Իսկ լրագրների ամեն մի նոմերի համար ստացվում է մին փանահբաթ (15 կոպ.) դարձյալ սարսափելի վճարներ:

Մինչև վերջին տարիները ռուսաց կոնսուլները թղթատարության սուրհանդականոցը տալիս էին վարձով մասնավոր անձինքների, որոնք պարտավորվում էին ամեն տարի մի մասնավոր գումար վճարել կոնսուլին, և մնացած օգուտները յուրյանց գրպանն էին դնում: Այժմ բոլորը անցել է կոնսուլի ձեռքը:

Ի նկատի ունելով այն սկիզբը, որ ոչ մի օրինավոր պետության մեջ փոստայի հիմնարկությունը չէ լինում մասնավորների շահավոր նպատակների համար, այլ նա ծառայում է ընդհանուրի օգտին, մեք բոլորովին վնասակար ենք տեսնում մի այդպիսի գործողությունը, երբ վաճառականի թղթերը և արծաթի ապահովությունը կախված կլինի մի սուրհանդակի կամայականությունից: Դորա հետևանքն այն է լինում, որ շատ անգամ (որպես հաճախ պատահել է), վաճառականը զրկվում է յուր փողերից, — բավական է միայն, որ սուրհանդակը ասե, թե կողոպտվեցա:

Այդպիսի դեպքերի առաջն առնելու համար, և վաճառականների թե՛ գրավոր և թե՛ դրամական հաղորդակցություններին դյուրություն տալու համար, խիստ անհրաժեշտ կարևորություն կա փոստայի հարակցության Ռուսաստանի և Պարսկաստանի մեջ:

Ամեն մի պետություն յուր սահմանի մեջ, ինքն յուր կառավարության ներքո ունի փոստայի համակարգություն: Այդ պատճառավ պատասխանատու է լինում կորուստներին, երբ նոքա ապահովված էին: Իսկ Պարսկաստանում, որպես մեր ընթերցողը տեսավ, այդպես չէ: Այնտեղ ոչ միայն կոնսուլները, և ինքը կառավարությունը5, այլ ամեն մի մասնավոր մարդ կարող է յուր հատուկ սուրհանդակը ունենալ:

Ինչո՞ւ չպետք է Պարսկաստանը անե միևնույնը, ինչ որ անում են մյուս տերությունները: Այսինքն արգելե սուրհանդակների նահապետական ձևը, հարթե ճանապարհները, փոստայի երթևեկության հարմարավոր կացուցանե, և Ռուսաստանի հետ հարակցության պայման կապե:

Ռուսաստանը վաղուց է, որ խիստ մոտ հարաբերություններ ունե Պարսկաստանի հետ. այդ հարաբերությունները օրըստօրե ավելի և ավելի ընդարձակ շրջան են ստանում: Փոստայի սերտ հարակցությունը այդ երկու պետությունների մեջ կարող է ավելի ևս ընդարձակել նոցա առևտրական հաղորդակցությունը, որպես սահմանակից և դրացի երկրների, և հետևապես մեծ օգուտ կհասցնե ուղեգնացության և ճանապարհների հաղորդակցության: Փոստաների առիթով հարթած ուղիները կդառնան միևնույն ժամանակ հաճախորդների և ապրանքների փոխադրության ուղիներ: Այն ժամանակ, թե՛ ռուսաց նավագնացությունը և թե՛ Փոթի-թիֆլիսյան երկաթուղին կհասնե յուրյանց նպատակին:

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Երբ հանդիպում ես մի հայ օրիորդի, որ Ժորժ-Սանդի կամ Տուրգենևի ռոմանը խտտած, դառնում է օտարազգի ընթերցարանից, հարցնում ես նորան` օրիորդ, ինչո՞ւ չեք կարդում հայերեն: Պատասխանը լինում է` կամ մի արհամարհական ժպիտ և կամ — «ի՞նչ կարդամ»:

Ի՞նչ կարդա, կրկնում ենք մենք, Նարե՞կ, Եղիշե՞ թե Խորենացի: Դոցա լեզուն այնքան հասկանալի է օրիորդին, որքան նոցա նյութը մատչելի է նորա սրտին: Դյումայից և Հյուգոյից պոլսեցոց թարգմանություննե՞րը կարդա օրիորդը. ո՛չ, նա ծանոթ է արդեն դոցա բնագրին, կամ կարդացել է թարգմանությունը մի օտար լեզվով:

Ի նկատի ունենալով այդպիսի երևույթներ, համոզվում ենք, որ մենք, հայերս ընթերցանության գրքեր չունենք էլ ինչո՞ւ ենք մեղադրում մեր մանուկ սերունդը, թե նոքա հեռու են պահում յուրյանց հայոց լեզվից և նորա գրականությունից:

Մի ազգ երբեք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը: Իսկ ընթերցասիրությունը ամբոխի մեջ տարածելու գլխավոր միջոցներից մինը բանաստեղծական և վիպական գրվածքներն են: Ի՞նչ գիրք կարող է լինել ժողովրդի սրտին և հոգուն այնքան մոտ, որքան մի վեպ, որը կախարդական հայելվո նման պատկերացնում է յուր մեջ նորա կյանքը, երևան է հանում հասարակական տիպեր` յուրյանց գեղեցիկ և այլանդակ նկարագիրներով: Վերջապես ի՞նչ ձայն կարող է լինել այնքան ազդու, քան թե մի երգ, որ հնչեցնում է ժողովրդին նորա ցավերը, նորա սրտի տխուր կամ ուրախ զգացմունքները:

Հայերն, իբրև արևելցիք յուրյանց տաք երևակայությամբ, որպես է նոցա շրջապատող բնությունը, սաստիկ հակումն ունեն դեպի վեպեր և դեպի ֆանտազիան առհասարակ: Տեսնում ենք, թե քանի ախորժանոք նոքա լսում են աշուղների «հեքիաթները» և որքան սիրով կարդում են «Պղնձե քաղաքի» հիմար առասպելները, կամ Խիկար իմաստունի խրատները: Աբովյանի «Վերք Հայաստանին» թեև նա գրված է մի գավառի ժողովրդական բարբառով, որ մատչելի չէր ընդհանրությանը, թեև յուր կրկնությունների ճոխությամբ մինչև անգամ ձանձրացնում է, այսուամենայնիվ` ամեն հայ սիրում է այդ գիրքը և կարդում է նորան: Ուրեմն, բոլորովին անտեղի է մտածել, թե հայերը ընթերցասեր չեն: Մեղավորքը մեր գրագետներն են, որ նորանց մտավոր սնունդ չեն մատակարարում:

Այդ շարժառիթներն էին, որք խրախուսեցին «Փունջի» հեղինակի վստահությունն յուր ավելի քան տասը տարվա աշխատությունները զանազան հատորներով ի լույս ընծայել: Թեև այդ մեր կողմից մի հանդգնություն էր, փույթ չէ, միշտ պատերազմողների առաջին շարքը ընկնում են: Եթե մի օր հայոց հողի վերա կծնվեին Գյոթեներ, Շիլլերներ և Շեքսպիրներ, թող նոքա մեզ նման անձնավստահների ավերակների վերա բարձրացնեն յուրյանց գեղեցիկ և հսկայական շինվածքը:

Հանճարներն և տաղանդներն ավելի զարգացած հասարակական կյանքի արտահայտություններ են: Թեև ես գրեցի հանգավոր տողեր, բայց, սիրելի ընթերցող, դու իմ չոր ու ցամաք և անտաշ երգերիս մեջ չես գտանելու ոչինչ բանաստեղծական: Նոքա զուրկ են այն գեղարվեստական վսեմությունից, որով մուզաների սիրելին ստեղծագործում է յուր հորինվածքը: Բայց ես ներկայացնում եմ քեզ մի ալբոմ, ուր դու կտեսնես զանազան այլանդակված պատկերներ` յուրյանց բարոյական և մտավոր տգեղություններով. — դոքա մեր հասարակական կյանքի տիպերն են: Իսկ իմ երգերն` արձագանք են դառն հառաչանքի...

Գուցե ոմանք կդատապարտեն մեր բացասական ուղղությունը, չնկատելով որևիցե ուրախալի երևույթ մեր ներկայացրած պատկերների մեջ: Բայց թող մեր անձնախաբեությունը չմոլորեցնե մեզ, մենք ուրախալի ոչինչ չունենք: Հազիվ նշմարվող լուսավոր կետերը հայոց մութ հորիզոնի վերա, գուցե հրապուրում են շատերի աչքերը, բայց նոքա խաբուսիկ լույսեր են, որք անհետանում են ընդհանուր խավարի մեջ...

«Փունջը» լույս կընծայվի տասը հատորով: Բացի առաջինից` մնացորդ ինը հատորներն կտպվին հետևյալ պարունակությամբ`

II Հատոր վիպասանություններ

ա. Անմեղ վաճառք

բ. Ուխտյալ միանձնուհի

գ. Տնային փեսա

դ. Հարեմ (առաջին մասն)

ե. Սառա (բանաստեղծություն)

III Հատոր վիպասանություններ

ա. Հարեմ (երկրորդ մասն և վերջ)

բ. Թաթոսներ

գ. Խաչագողի հիշատակարան

դ. Սպանդանոց

ե. Խորենացու ողբը (բանաստեղծություն)

IV Հատոր վիպասանություն

ա. Զահրումար (առաջին և երկրորդ մասն միասին)

V Հատոր ճանապարհորդական հիշատակարան

ա. Րաֆֆիի ուղևորությունը Պարսկաստանում6

բ. Ճանապարհորդություն Տաճկաստան (Վասպուրականի և Տարոնի նահանգներում)

VI Հատոր վիպասանություն

Սալբի (առաջին մասն)

VII Հատոր վիպասանություն

Սալբի (երկրորդ մասն)

VIII Հատոր վիպասանություն

Սալբի (երրորդ մասն և վերջ)

IX Հատոր վեպիկներ

ա. Գեղեցիկ Վարդիկ

բ. Սով

գ. Նազանի

դ. Անբախտ Հռիփսիմե

ե. Մի օրավար հող

Հիշյալ վեպիկները տպված են «Մշակ» լրագրի 1872-1873 տարվա համարներում «Մելիքզադե» ստորագրությամբ: Այդ իսկ հատորի մեջ կպարունակվին և Մելիքզադեի մյուս հոդվածներն, որք տպված են նույն լրագրի մեջ: Այլև զանազան ամսագրերում տված մեր աշխատությունները, որպես է` «Ախթամարա վանքը», «Հյուսիսափայլի» մեջ և այլն:

X Հատոր

ա. Ներսես Ե-րդի կենսագրությունը

բ. Խրիմյանի կենսագրությունը7:

«Փունջի» ամեն մի հատորը միևնույն դիրքը կունենա, ինչպես առաջինը: Եթե որևիցե պատճառով վերոհիշյալ աշխատություններից մինը չտպվի, այն ժամանակ հատորների պարունակությունը փոփոխություն կստանա:

Վերոհիշյալ նյութերն, որք պետք է կազմեն` բացի առաջինից` մնացյալ ինը հատորների պարունակությունը, բոլորը պատրաստ են, վերջացրած չէ միայն Ներսես Ե-րդի կենսագրությունը: Որովհետև մենք պատրաստում ենք հանգուցյալի ավելի ընդարձակ կենսագրությունը, սկսյալ նորա երեխայությունից մինչև նորա մահը, այդ պատճառավ այդ աշխատությունը մեր ցանկացածին պես լրացնելու համար` մենք կարոտ ենք ավելի մանրամասն և ճիշտ տեղեկությունների: Որո համար խնդրում ենք հանգուցյալի ծանոթներից հաղորդել մեզ նյութեր նորա կյանքի, գործունեության և հարաբերությանց մասին օտարների հետ: Տեղեկություններն որքան և աննշան լինեին դարձյալ մեզ համար թանկագին են, մենք կարող կլինեինք նոցանից օգուտ քաղել: Եթե որևիցե կոնդակ, նամակ հանգուցյալից, չկամեին նոցա իսկականը մեզ հաղորդել, բավական են միայն նոցա արտագրած պատճենները. մենք կվճարենք փոստայի և գրագրի ծախսը: Ներսեսի կենսագրության հետ զուգընթաց կնկարագրվին` նույն ժամանակի Էջմիածնա, մեր հոգևոր կառավարության և հայերի դրությունը, այլև Ռուսաց Պարսից հետ ունեցած պատերազմը և հայերի գաղթականությունը Պարսկաստանից և Տաճկաստանից դեպի Ռուսաստան: Մենք հուսով ենք, որ մեզ կօգնեն և այդ մեծ մարդի հավերժական հիշատակը անմոռաց կմնա պատմագրության մեջ:

ԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ

Ընծայելով պատվելի հասարակությանը «Փունջի» երկրորդ հատորը, մենք մասամբ հասած ենք համարում մեր նպատակին, տեսնելով, որ նորա առաջին հատորը սառն ընդունելություն չգտավ ընթերցողներից: Այլ ընդհակառակն, նա հարուց աղմուկ, գրգռեց հարցասիրություն, իսկ շատերի մեջ կրքեր և զզվանք...: Այդ բավական է մեզ, նշանակում է, որ նա ազդեց, նշանակում է, որ մեր ժողովրդի մեջ դեռ հանգած չեն կենդանի զգացմունքները...

Անտարբեր չմնաց և մեր լրագրությունը: «Մշակը» և «Մեղուն» յուրյանց կողմից ընծայեցին «Փունջին» մի քանի վայրիվերո խոսքեր: Ավելին սպասել չէր կարելի, երբ պակաս էր առողջ կրիտիկան կամ անաչառ քննադատությունը:

Գալով երկրորդ հատորի հրատարակությանը, այսքանը միայն կասենք, որ այս գրքի մեջ պարունակված վեպիկները մենք գրել ենք Թիֆլիսում 1872-1873 թվականներում: Թե որքան է հաջողվել երկու տարվա ընթացքում ըմբռնել մեզ անծանոթ մի երկրի հասարակական կյանքի մի քանի երևույթները, այդ թողնում ենք ընթերցողների դատողությանը: Բայց «Հարեմը», «Սառան» և «Ղույլուբանին» մեր Պարսկաստանում եղած ժամանակվա գրվածներիցն է, երբ արդեն վերադարձած էինք մեր հայրենիքը:

Մենք հարմար համարեցինք այդպիսի փոքրիկ վեպիկներով նախ զարգացնել կարդացողների ճաշակը և նոցա սերը դեպի մայրենի լեզվի ընթերցանությունը, մինչև նոքա պատրաստված կլինեին հետաքրքրվել ավելի ընդարձակ վիպասանական գրվածքներով, որոնց, եթե կհաջողվի մեզ, կմատուցանենք հետագա հատորներով:

Թող կույր վայրախոսներն ինչ որ ուզում են ասեն, մեր վստահությունը կմնա միևնույնը, ինչ որ էր առաջ: Դափնիք վայելելու ցանկությունից հեռու ենք մենք, բայց ուրախ ենք, որ հասարակական կրթության գանձանակի մեջ կարողանում ենք ձգել մի չնչին լումամեր ունեցածն այդ է:

«ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԵՐԱ»

Խմբագրությունը ստացավ անհայտ հեղինակից վերոհիշյալ վերնագրով մի տետրակ, տպված Կ. Պոլսում 1874 ամի 15 հունվարի, որ բաղկանում է 77 երեսից: Այդ տետրակը հետաքրքրական է նորանով, որ, մի կողմից տալիս է բավականին ճիշտ տեղեկություններ Վասպուրականի ազգաբնակությանց և նոցա դրության մասին, մյուս կողմից` ցույց է տալիս Կ. Պոլսի Ազգ. Սահմանադրության անխնամ և թույլ ազդեցությունը տեղային հայերի վիճակը բարվոքելու համար, այլև` հայոց հոգևոր առաջնորդի հարաբերությունները թե՛ յուր ժողովրդի և թե՛ օտարազգիների հետ:

Վասպուրականի նահանգը յուր Վան քաղաքով ունի 180 հազարի չափ հայ բնակիչ, 40-ից ավելի վանքեր, հարյուրավոր եկեղեցիներ և բազմաթիվ թե՛ կուսակրոն և թե՛ աշխարհային հոգևորականներ: Այդ բոլորի վերա իշխում է վիճակային հոգ. առաջնորդը: Քրդերն, ասորիներն ու եզըդիք բնակիչների շատ փոքր և աննշան մասն են կազմում, վարում են թափառաշրջիկ կյանք և պարապվում են մեծ մասամբ անասնապահությամբ: Երկրի արհեստը, վաճառականությունն և երկրագործությունը կենտրոնացած է հայերի ձեռքում:

Վաղեմի սովորությամբ հայոց առաջնորդն, ոչ միայն ընդարձակ իրավունքներով իշխում է յուր վիճակի հոգևոր կառավարության վերա, այլև քաղաքական կառավարության կողմից նա համարվում է որպես ներկայացուցիչ ազգի և միջամտություն է անում նորա ամեն մի դատաստանական գործերում: Այդ իրավունքն առաջնորդի տարածվում է` բացի հայերից` և մյուս մանր ազգերի վերա, որպես են` ասորիները, քրդերն, եզըդիներն և այլն: Առաջնորդն է նշանակում վանքերի վանահայրերը, եկեղեցիների ծխական քահանաները, նա հոգում է նոցա եկամուտների վերա: Առաջնորդն է նշանակում գյուղերի ռեիսները (տանուտերերը) և ամեն մի թե՛ քրեական և թե՛ քաղաքական գործերի համար, նախ դիմում են հայոց առաջնորդարանը, իսկ եթե այնտեղ դատը չէ վճռում, ապա փաշային: Իսկ փաշային մեջլիսում ազգի կողմից նախագահում է դարձյալ առաջնորդը:

Մի այդպիսի պաշտոնը վարում էր երկար տարիներով Պողոս վարդապետը: Այդ վարդապետի վարմունքը միանգամայն ներկայացնում է մի տխուր երևույթ` այդ հոգևորականը բարձր իշխանության հասած, փոխանակ գործ դներ իր իրավունքը դեպի բարին, գործադրում է դեպի չարը: Պողոս վարդապետը հանդիսանում է այն հմուտ որսորդներից մինն, որ շատ լավ ուղղել գիտե յուր զենքը նպատակին դիպցնելու համար: Նա կշռել էր յուր ուժը, նա գիտեր, որ յուր ժողովուրդը Բարձ. Դռան առջև ձայների ավելի մեծ բազմություն էր կազմում: Կառավարության ամեն մի պաշտոնակալը` փաշան, գայմագամը, ղադին, մեմուրը, զափթիան` ստիպված էին հնազանդել Պողոս վարդապետին, և նորա հաճույքին համեմատ վարվել, որովհետև հակառակ ընթացքում` նոքա զրկված կլինեին յուրյանց տեղերեն: Բավական էր հայր սուրբի մի խոսքը, իսկույն պատրաստ էր ժողովրդից մի հանրագրություն, հազարավոր ստորագրություններով, փաշայի կամ գայմագամի դեմ:

Այդպիսի միջոցներով ենթարկելով յուր ազդեցությանը կառավարության պաշտոնակալները, Պողոս վարդապետը հասնում է այն իրավունքին, որ կարողանում է տիրել և մանր ազգությունների, որպես են քրդերի իշխանների վերա: Յուզբաշի Ալի աղան, Զազա Էոմերը, Շեմսկի Տրպոն, Պաշկալայի Քոռ Էոմերը, բոլորը հպատակում են նորան: Նորտուզա Տրպազ աղան, որ Հոգվոց վանքը թալնեց. Շատախու Գյուլ-Մեհմեդը, որ տեղային եկեղեցիները կողոպտեց և յուր անասունների գոմեր դարձրուց, Մոգաց երկրի Ավդալ բեկը, որ Նեթոյի պես նշանավոր հային սպանեց, Դեվրիշ բեյը` այն հազարավոր հայերի արյունը թափող խան-Մահմուդի եղբայրըև Մուքուրցվոց Մեհմետ-Ալի աղան, որ Սաթմանից եկեղեցին պղծեց` բոլորը Պողոս վարդապետի ամենահավատարիմ բարեկամներն են դառնում: Եզըդիներու աղաները` Չաթոն և Սատոն, Հայտարանցոց բազմաթիվ ցեղապետները, նոցա գլխավորը` Ալի աղան, որք Տաճկաստանից կողոպտելով անցնում են Պարսկաստան, և այնտեղից կողոպտելով պատսպարվում են Տաճկաստանում` այդ բոլոր չարագործները, — գաղտնի կապեր են կցում Պողոս հայր սուրբի հետ և նորանից կախումն ունեն: Ինչո՞ւ: Որովհետև Պողոս հայր սուրբը փաշային շատ մոտ մի անձն է, եթե այդ ավազակապետներից մինը մեղադրվում էր որևիցե հանցանքի մեջ, միշտ կարող էր նորա միջնորդությունից օգուտ քաղել և ազատվել:

Next page