Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Ոչ սակավ ուշադրության արժանի է բեմական գրողների վիճակը: Նրանք գրում էին պիեսներ և միևնույն ժամանակ ստիպված էին պահպանել կամ մի կերպով հովանավորել դերասանների խմբին, որ նրանց ամբողջությունը չխանգարվեր, որպեսզի խաղացվեին իրանց ստեղծագործությունները: Այսպիսի մի աշխատություն հանձն էր առել Մոլիերը, բայց նա շահվում էր իր ձեռնարկությունից: Իսկ մեր հեղինակներն իրանց քսակից ծախսում էին, որ տեսնեն բեմի վրա իրանց նկարած տիպերին: Այդ բավական չէ, նրանք շատ անգամ ռեժիսյորի պաշտոն էին կատարում, տոմսակներ էին ծախում, մի խոսքով, ամեն հնարք գործ էին դնում, որ դերասանները շահվեն: Այդ բոլորն այժմ մեր աչքին խիստ հասարակ բաներ են երևում: Բայց կգան օրեր, երբ վերջապես հայոց բեմական գրողը կստանա հազարներ իր հեղինակության համար: Այն ժամանակ երկու անուններ միշտ անմոռաց կմնան հայոց թատրոնի ժամանակագրության մեջ, թե որպես հիմնողներ, թե որպես պիեսների ստեղծագործող տաղանդներ:

Նույն երևույթները, ինչ որ տեսանք լրագրության, գրականության և թատրոնի մեջ, կտեսնենք նաև դպրոցների վերաբերությամբ: Ռուսաստանի մեր բոլոր նշանավոր դպրոցները, սկսյալ Լազարյան, Ներսեսյան դպրոցներից, մինչև Էջմիածնի ճեմարանը և Ախալցխայի ծխական դպրոցները, հիմնված են կամ մասնավոր անձերի կտակներով, կամ ժողովրդի նվերներով: Դարձյալ զոհաբերություն, դարձյալ սիրողներ: Բայց այդ բոլոր նվիրված հազարավոր ռուբլիներն ինձ այնքան չեն գրավում, որքան գրավում է ինձ օրվա մեջ մի կամ երկու ժամ ձրի դասատվությունը մի երիտասարդի, որ զոհում է նա իր թանկ ժամանակից այս և այն օրիորդաց դպրոցի օգտին: Եթե մեր երիտասարդությունն ունի գովելի հատկություններ, ամենագլխավորներից մեկը այդ է: Տեսնում ես, մի երիտասարդ որևէ ծառայության մեջ, հազիվ քաշ է տալիս իր ապրուստը, կեսօրվա ժամը երկուսին դառնում է տուն, շուտով ճաշում է, և իսկույն վազ է տալիս այս և այն օրիորդաց դպրոցը ձրի դասատվություն անելու: Նա այնքան ճիշտ է, որ մի րոպե հետ չէ մնում իր դասից: Եվ այս տեսակ դպրոցները, որ հիմնվեցան և պահպանվում են երիտասարդների զոհաբերություններով, ամենածաղկյալ դպրոցներն են Թիֆլիսում: Մինչդեռ մյուսների մեջ, ուր վարժապետներին վճարում են, անճշտություններ, անկարգություններ շատ անգամ անպակաս են լինում: Առհասարակ խոսելով, վերջին տասը տարվա ընթացքում մեր երիտասարդությունն ուսման և կրթության վերաբերությամբ հրաշք գործեց: Դպրոցների կազմակերպության մեջ մտան նշանավոր փոփոխություններ: Մանկավարժական նոր ձևեր, նոր եղանակներ, նոր դասագրքեր մուտք գործեցին նրանց մեջ: Իհարկե, այդ բոլորը, որպես առաջին և երկրորդ քայլ, չէր կարող կատարյալ լինել, բայց խոստանում է մեծ ապագա:

Բոլոր այդ գործող երիտասարդությունը, թե լրագրության մեջ, թե գրականության մեջ, թե թատրոնի մեջ և թե դպրոցների մեջ, համարյա միևնույն անձինք են, որ կոչվում են ընդհանուր անունով ազգասերներ, թեև իրանց մեջ մի առանձին սեր չունեն: Դրանք բաժանված են զանազան խմբերի և կուսակցությունների, որոնց յուրաքանչյուրն ունի իր պարագլուխը: Այդ մեծ ցավ չէ, որովհետև այս տեսակ բաժանմունքները կարող են ծնեցնել եռանդ և բարի նախանձ: Բայց ցավալին այն է, որ գործիչների թիվը շատ փոքր է, թեև պետք է մտածել, որ մի բուռն, անձնանվեր երիտասարդներ կարող են կենդանացնել մի ամբողջ աշխարհ:

Ես պահեցի վերջի համար երիտասարդության մի քանի դասեր, որոնք կազմում են հիմնական կապիտալը մեր ժողովրդի ապագա բարօրության: Իմ խոսքը գործակատարների (պրիկազչիկների), արհեստավորների և մշակների մասին է:

Մի փոքրիկ հայացք ձգենք, թե ինչ վիճակի մեջ էր վաճառականությունը Թիֆլիսում 15-20 տարի առաջ: Վաճառականը որոնում էր մթին խորշեր իր ապրանքները ծախելու համար. խանութի նեղ լուսամուտները ծածկում էր նա թափանցիկ կտավով կամ փոքրիկ ապակիները ներկում էր կարմիր գույնով: Խավարի մեջ նրա կարծիքով ավելի լավ էր երևում ապրանքը և ավելի հեշտ կարելի էր խաբել «մուշտարուն»: Պարսկական ճաշակով շինված հին քարվանսարաները բոլորովին համապատասխանում էին վաճառականների այդ կարևորությանը: Հիմա էլ կարելի է տեսնել այն տեսակ խանութներ բաղնիքների կողմի քարվանսարաներում կամ հին բազազխանայում (темный ряд): Յուրաքանչյուր քարվանսարա, որպես կենտրոն մի խումբ վաճառականների, ուներ իր առանձին ուստաբաշին կամ թաջիր բաշին, այսինքն վաճառականների գլխավորին: Նա վճռում էր առևտրականների մեջ ծագած վեճերը, և թե պաշտոնական, թե բարոյական ազդեցություն ուներ նրանց վրա: Վճիռները լինում էին բերանացի, առանց որևիցե ատենագրության: Բայց առաջին վաճառականական դատարանի (коммерческий суд) բացվելուց հետո, որ տևեց միայն մի քանի տարի, թաջիրբաշիների ազդեցությունը թուլացավ, թեև մինչև այսօր հին վաճառականները մի առանձին ափսոսանքով են հիշում վաղեմի դրությունը, ասելով, թե այն ժամանակ ավելի լավ էր, գործերը շուտ էին վճռվում:

Բայց այն օրից, երբ հին քարվանսարաներն իրանց նշանակությունը կորցրին և փողոցների վրա հայտնվեցան եվրոպական ձևով մագազիններ, վաճառականների կյանքի մեջ մի նոր փոփոխություն առաջ եկավ: Ասիական դուքանը եվրոպական մագազին դառնալով, Թիֆլիսի վաճառականն էլ չուխան, արխալուղը և մորթե գդակը փոխեց, սյուրթուկ, ժիլետ հագավ, շլյապա կրեց, և սկսեց եվրոպացու նման առևտուր անել, թեև բուն գործողության մեջ չփոխվեցան վաղեմի ձևերը: Այսուամենայնիվ, դա մի մեծ քայլ էր դեպի առաջադիմություն: Թիֆլիսում մի ժամանակ մատով էին ցույց տալիս այն վաճառականին, որ մի անգամ ոտքը դուրս էր դրել Ռուսաստանի սահմանից: Իսկ այժմ Փարիզ, Մարսել, Վիեննա, Լայպցիկ, Լոնդոն, Մանչեստեր, Մոսկվա և Նիժնի-Նովգորոդ քաղաքներն այնքան սովորական են դարձել թիֆլիսեցու համար, որպես Մուշտեիդի այգին: Եվ այդ փոփոխությունները եղան զարմանալի արագությամբ, մի 10-15 տարվա ընթացքում:

Բայց հին սովորությունները, որպես հիշեցի, իսպառ չկորցրին իրանց հետքերը: Ես չեմ խոսում վաճառականների թեթև բարոյականության, անկանոն հաշվապահության և ուրիշ անկարգությունների մասին: Միայն կասեմ, ինչ որ վերաբերում է երիտասարդ գործակատարներին: Առհասարակ թիֆլիսեցի վաճառականը խիստ դժվարությամբ է ընդունում իր խանութում մի արդեն վարժված և պատրաստված գործակատարի (պրիկազչիկ), որ թողել էր իր ծառայությունը և ուրիշ տեղ էր որոնում: Այսպիսիներին շատ չեն հավատում. «Եթե լավ լիներ, իր խազեինը ձեռքից բաց չէր թողնի», մտածում են նրանք: Եվ այս պատճառով մեր առևտրական աշխարհում չկա գործակատարների մի առանձին դաս, որ ազատ լինեին իրանց գործունեության մեջ և ցանկացած մարդու մոտ ծառայություն ընդունեին: Համարյա բոլոր խանութներում դեռ պահպանվում է հին սովորությունը, վեր առնել փոքրիկ աշակերտներ, որոնք սովորելով, վերջը գործակատարներ են դառնում: Դժվար է նկարագրել, թե որքան տանջանքների պետք է համբերե ողորմելի աշակերտը և որքան տարիներ պետք է ձրի ծառայե, մինչև կարողանա գործակատարության աստիճանի հասնել: Դա մի ամբողջ կուրս է, որ նա պետք է անց կենա սարսափելի տոկունությամբ: Առհասարակ այսպես է լինում, աշակերտությունից նա դառնում է իր «խազեինի» գործակատարը, ռոճիկ է ստանում, հետո փոքրիկ գումարի տեր դառնալով, իր համար առանձին առևտուր է սկսում: Թիֆլիսի բոլոր նշանավոր վաճառականները սկսել են աշակերտությունից: Նրանք առաջ եղել են աղքատ աշակերտներ:

Խանութի աշակերտն ամբողջ օրը մեքենայի նման պտտվում է, մի րոպե հանգստություն չունի, նստել չէ կարող, ուտում է ոտքի վրա: Երբեմն նրան կտեսնեք խանութից դուրս, քաշված մի անկյունում, նիրհում է: Որքան քաղցր են հանգստության այն մի քանի րոպեները, որ նա գողանում է իր վարպետի զգույշ հսկողությունից: Ծանր ապտակը զարթեցնում է նրան, և նա արտասուքը սրբելով, կրկին ներս է վազում աշխատելու: Աշակերտն ավելի բախտավոր կլիներ, եթե չստիպեին կատարել, բացի խանութից, և «խազեինի» տան սպասավորությունները: Աղջիկ պարոնի ապսպրանքները սաստիկ հոգնեցնում են նրան: Կիրակի օրերը նա ազատ է: Այսօր գործում է իր համար: «Русский базар» կոչված տոնավաճառանոցում փոքրիկ աշակերտը ծախում է զանազան իրեղեններ: Նա ընկերացել է իր նման մի ուրիշ աշակերտի հետ, և տարվա ընթացքում խնայած կոպեկներով, որ գումարվել էր նրանց ստացած «շագիրդանաներից», կազմել են մի փոքրիկ կապիտալ: Սեղանի վրա դարսած է նրանց վաճառքըզանազան տեսակ սապոններ, սանրեր, թաշկինակներ, գուլպաներ, և ուրիշ այս տեսակ իրեղեններ: Աղմկալի ձայներով գնողներ են հրավիրում և վաճառում են: Այդ հիմքն է նրանց ապագա մեծ գործունեության:

Որպես խանութի մեջ ոտքի վրա սովորում է աշակերտն առևտուրի եղանակները, որպես ծանոթանում է ապրանքների հետ, այնպես էլ ոտքի վրա ծանոթանում է նա տառերի հետ և սովորում է գրել-կարդալ: Նրա վարժապետը լինում է իրանից մեծ աշակերտը: Տառերի գործածության մեջ, իհարկե, հետզհետե վարժվում է նա, բայց դարձյալ մնում է անգրագետ: Բացառություն պետք է համարել այն աշակերտները, որոնք որևիցե ծխական դպրոցում ավարտելուց հետո խանութ մտնեին: Մեծամասնության շկոլան լինում է խանութը. այստեղ ստանում են նրանք իրանց մտավոր և բարոյական կրթությունը, որ շատ նախանձելի չէ կարելի համարել: Մեծ բարերարություն կլիներ վաճառականական մանուկ սերնդին, եթե նրանց համար կկազմվեին առանձին լսարաններ, ուր շաբաթը մի կամ երկու անգամ հաճախելով, նրանք կսովորեին լեզուներ, և կվարժվեին գրագիտության մեջ:

Աշակերտը 10-12 տարեկան հասակում մտնելով մի խանութ, հազիվ թե 7 տարուց հետո դառնում է գործակատար: Երբ նրան ամեն կողմից հավատարիմ են գտնում, այնուհետև հանձնում են գործեր, և երբեմն ուրիշ քաղաքներ են ուղարկում ապրանքներ գնելու համար: Բայց հավատարմությունը վաճառականների կարծիքով պետք է ուրիշ մտքով հասկանալ: Այն գործակատարը հավատարիմ էր, որ կատարում էր իր «խազեինի» բոլոր պատվերները, թեև նրանք շատ հեռու լինեին բարոյական հատկություններից: Բայց ինչ որ հետաքրքրական է գործակատարների ձգտումների մեջ, դա է նրանց սաստիկ ցանկությունն ազատ լինել և իր համար առանձին գործ սկսել: Նրանք խիստ ուշ են ամուսնանում, սպասում են մինչև խանութի տեր դառնային, փող վաստակեին, որ լավ աղջկա հետ պսակվեին: Ուզում եմ ասել, որ հարուստ աղջիկ առնեին:

Գործակատարների կյանքը սաստիկ անվայելուչ կողմեր է ներկայացնում: Ցերեկը նրանք խանութից հեռանալ չեն կարող, առավոտյան ժամը ութից մինչև գիշերվա ժամը 12-ը զբաղված են մուշտարիներով: Կերակրվում են աղայի սեղանի փշրանքներով, որ բերել էին նրա համար տնից: Բայց մանուկ սիրտը զվարճություն է պահանջում, և գիշերը նրանք չգիտեն, թե ինչպես պետք էր անցկացնել: Գործակատարների կլուբը դեռ նոր է բացվել. դա կարող էր ազատել նրանց քաղաքի անարգ փողոցներում թափառելուց կամ Մուշտեիդի այգիում փողեր ծախսելուց: Կաֆե, ռեստորան. այսպիսի տեղեր չեն մտնում նրանք, որ աչքի չերևային, որ իրանց կեղծ համեստության վերաբերությամբ «խազեինի» մոտ իրանց վարկը չկոտրեին: Պտրում են մթին և անհայտ տեղեր, ուր կարելի էր ազատ կերպով քեֆ անել: Համարյա բոլոր փոքր ի շատե մեծ առևտրական տների գործակատարները ծածուկ սիրուհիներ են պահում, որոնց համար վարձում են առանձին սենյակներ, և նրանց ապրուստի համար նշանակում են ամսական ռոճիկ, երբեմն ավելի, քան թե իրանք էին ստանում: Որպես գործակատարները կողոպտում են իրանց «խազեիններին», այնպես էլ կողոպտում են նրանց ռուս կամ վրացի սիրուհիները:

Առհասարակ գործակատարների մտավոր զարգացման մակերևույթը խիստ ցած աստիճանի վրա է կանգնած: Ես մի քանիսներին միայն ճանաչում եմ, որ հետաքրքրվում էին գրականությամբ, լրագիր էին կարդում, և երբեմն գրում էին լրագրական հոդվածներ: Այսպիսիները նրանք են լինում, որ գոնե որևիցե դպրոցում եղել էին: Մնացածները, որպես սխալներով գրում են և խոսում են իրանց մայրենի լեզվով, այնպես էլ սխալներով գրում են ու խոսում են բոլոր լեզուներով, որ ծանոթ էին նրանց: Այնուամենայնիվ, այդ անուսներին պետք է փիլիսոփա համարել, իրանց «խազեինների» հետ համեմատելով, որոնք իրանց անունը հազիվ թե կարող են ստորագրել: Թիֆլիսի վաճառականների մեջ առաջ գործ էր ածվում վրաց լեզուն և գրագիտությունը, իսկ այժմ սովորական է դառնում ռուսաց լեզուն: Խիստ սակավ խանութներ կարելի է գտնել, որոնց մեջ հաշվապահությունը և գրագրությունները լինեին հայոց լեզվով: Դա Թիֆլիսի վաճառականների աններելի թերություններից մեկն է: Այժմյան գործակատարները, որ ապագայի վաճառականները պետք է լինեն, ամենևին հակումն չեն ցույց տալիս մայրենի լեզվի և գրության մտցնելուն առևտրական գործերի մեջ: Նրանք խոսում են մուշտարիների հետ այն լեզվով, ինչ ազգության որ պատկանում ենռուսի հետ` ռուսերեն, վրացու հետ` վրացերեն, և մինչև անգամ վայրենի օսի, լեզգու, չերքեզի և կոպիտ թարաքամայի հետ նրանց լեզուներով, բայց ոչ երբեք հայերեն: Գործակատարները երբեք չեն փոխում իրենց վարպետին, որի մոտ սկզբից աշակերտել էին, և այս պատճառով նրանց առևտրական գիտությունը մնում է միակողմանի: Ինչ տեսակ ապրանքներ էր ծախում վարպետը, նույն տեսակ ապրանքների խանութ է բաց անում իր համար և գործակատարը, եթե մի օր կհաջողվեր նրան առանձին առևտուր սկսել: Ոմանք նրանցից պսակվում են «խազեինի» աղջկա կամ մոտ ազգականի հետ, ոմանք վերջն ընկերանում են նրա հետ: Առհասարակ մեր վաճառականներն օգնում են իրանց հավատարիմ գործակատարներին, և ցանկանում են, որ նրանք փողի տեր լինեին: Բայց գործակատարն այս համակրությանն արժանանում է երկար տարիների դառն աշխատություններից հետո:

Դառնում եմ դեպի արհեստավորները:

Արհեստավորների դասը Թիֆլիսում դեռ պահպանել է իր կազմակերպության վաղեմի ձևերը: Բոլոր արհեստավորները, նայելով իրանց պարապմունքի տեսակին, բաժանված են զանազան դասակարգերի, որոնք ընդհանուր անունով կոչվում են «համքյար»99: Օրինակ, դերձակները, կոշկակարները, հյուսները, դարբինները, ոսկերիչները և այլն, առանձին առանձին «համքյարներ» են ներկայացնում: Յուրաքանչյուր «համքյար» ունի իր «ուստաբաշին», այսինքն` վարպետների գլխավորին, որին հարգում են, որի հեղինակությանը հնազանդում են, որի մի խոսքը վճռում է արհեստավորների մեջ պատահած վեճերը: Յուրաքանչյուր «համքյար» ունի այլև իր առանձին դրոշը, հանդիսավոր օրերում նրանք հավաքվում են այդ դրոշի ներքո և որոշվում են մյուս «համքյարներից» իրանց գլխարկների գույներով: Դրոշակների վրա նկարված է սովորաբար այս և այն սրբի պատկերը, որի պաշտպանությունը վայելում է «համքյարը»:

Թիֆլիսում «համքյարները» հիշյալ կազմակերպությունը պահպանել էին դեռևս 15-20 տարի առաջ: Բայց այն օրից, երբ արհեստավորների համար հիմնվեցավ առանձին դատարան (ремесленная управа) ուստաբաշիներն իրանց նշանակությունը կորցրին, և այժմ համքյարների համարյա անունն է մնացել:

Մեր արհեստավորները միևնույն կերպով են պատրաստվում, որպես մեր վաճառականները: Արհեստ սովորել ցանկացող տղան մանկությունից որպես աշակերտ մտնում է մի վարպետի մոտ, զանազանությունը նրա մեջն է միայն, որ վաճառականն իր աշակերտի համար ժամանակ չէ որոշում, իսկ արհեստավորն ընդունում է աշակերտին մի քանի տարվա պայմանով: Վարպետը միշտ աչքի առջև է ունենում մի հաշիվ. եթե աշակերտը, օրինակ, 3 տարվա մեջ կսովորի արհեստը, նա 7 տարվա պայմանով է ընդունում աշակերտին, որ սովորելուց հետո մի 4 տարի էլ իրան ձրի ծառայե որպես վարձատրություն: Արհեստավորներն իրանց աշակերտների հետ ավելի վատ են վարվում, քան թե վաճառականները: Եթե վաճառականը երկաթե արշինով է ծեծում, արհեստավորները ծեծում են ուրագով, ահագին մկրատով, մուրճով և այլն: Աշակերտի մտավոր զարգացումը մնում է խիստ սահմանափակ, միօրինակ մեքենական աշխատությունը զորացնում է մկնակները միայն, իսկ ուղեղով նա բթանում է, հիմարանում է և վերջապես ապուշ է դառնում: Հազիվ կարելի է գտնել արհեստավորների աշակերտների մեջ այնպիսիներին, որ գրել կարդալ գիտենային: Նրանք չեն սովորում կարդալ, որպես սովորում է վաճառականի աշակերտը, որովհետև մեր արհեստավորները դեռևս շատ պետք չեն զգում գրելու մեջ: Նրանք շատ բաղադրյալ առևտուր չունեն և հաշիվները պահում են իրանց գլխում: Այն արհեստավորները, որ եվրոպական ձևեր են ընդունել, պետք է բացառություն համարել: Նրանց խանութներում հաշիվներ պահվում են:

Աշակերտը արհեստը փոքր ի շատե սովորելուց հետո դառնում է «քյարգյար» (подмастер): Եթե նա պայմանը լրացնելով ցանկանում է շարունակել վարպետի մոտ իր աշխատությունը, ռոճիկ է ստանում: Բայց ըստ մեծի մասին թողնում են վարպետի խանութը և իրանց համար առանձին արհեստանոց են բաց անում: Հին ժամանակներում, այսինքն երբ «համքյարները» դեռ պահպանել էին իրանց օրենքները, ավանդությունները և սովորություններն, ամեն մի աշակերտ արհեստը սովորելուց հետո, առանց ձեռնադրության, իրավունք չուներ առանձին արհեստանոց բաց անել և իր համար գործ սկսել: Նա պետք է առաջ օրհնվեր և արհեստավորների կարգի մեջ մտներ: Այս ծեսը կատարվում էր սովորաբար հետևյալ կերպով: Նորընծա արհեստավորը ճաշ էր պատրաստում և հրավիրում էր «համքյարի» նշանավոր վարպետներին. այնտեղ գտնվում էր և «համքյարի» գլխավորը — «ուստաբաշին»: Ճաշելուց հետո նորավարտ արհեստավորը ներկայացնում էր վարպետների ժողովին իր մի ձեռագործը. երբ նա հավանություն էր գտնում, և երբ վարպետները վկայություն էին տալիս նրա հմտության մասին, այնուհետև վարպետների գլխավորը կատարում էր օրհնության կարգը: Եթե օրինակ, արհեստավորը պետք է դարբին լիներ, վարպետների գլխավորը վեր էր առնում մի մուրճ, օրհնում էր և տալիս էր նրա ձեռքը: Եվ նրանից մի քանի խոստումներ առնելով, որ չխաբե, սուտ չխոսի, որ հավատարիմ մնա «համքյարի» դրոշին և այլն, հետո նա կարդում էր արհեստավորի գլխին մի քանի ինքնաձև օրհնություններ և երեսին զարկում էր մի ապտակ: Դրանով օրհնությունը վերջանում էր և երիտասարդ արհեստավորը «ուստա» էր դառնում, և իրավունք էր ստանում այնուհետև «համքյարի» անդամ համարվել, և իր համար առանձին արհեստանոց բաց անել: Այդ ծեսը հիշեցնում է միջնադարյան ասպետներին, թե որպես նրանք օրհնվում էին և որպես այս ու այն ասպետական կարգի մեջ էին մտնում: Բայց արհեստավորների վերաբերությամբ այս տեսակ սովորությունները հետաքրքիր են և այն կողմից, որ ցույց են տալիս, թե մեր նախնիքը որքան մեծ նշանակություն են տվել արհեստին, և որքան հոգ են տարել նրան միշտ ծաղկյալ վիճակի մեջ պահելու համար: Այդ իհարկե իր ժամանակում ուներ իր նշանակությունը, իսկ այժմ պայմանները փոխվել են: Այսուամենայնիվ, դեռևս իրանց նահապետական դրությամբ մնացած արհեստավորների մեջ կարելի է և այսօր տեսնել վերոհիշյալ սովորությունները:

Առհասարակ խոսելով, արհեստավորների կյանքում նույն փոփոխությունն է նկատվում, ինչ որ տեսանք վաճառականների մեջ: Ով որ հետաքրքրությամբ ուշադրություն է դարձրել Հայկական բազար (Միջին փողոց) կոչված թաղում արհեստավորների վրա, անպատճառ տեսած կլինի, որ այստեղ արհեստավորների յուրաքանչյուր դասակարգը միմյանցից բաժանված, առանձին-առանձին խմբեր են կազմում, որ զետեղված էին զանազան շարք խանութների մեջ: Մի փողոցի վրա գործում են ոսկերիչները, մյուսի վրա` մուշտակակարները (ճոները), մի այլ տեղ` զինագործները, մի ուրիշ շարքում կոշկակարները և սառաջները, հետո պղնձագործները, դերձակները, հյուսները, և այլն: Դրանք զանազան «համքյարների» ներկայացուցիչներ են, որոնց ամեն մի խումբը կենտրոնանալով իր համարվեստների շրջանի մեջ, գործում են միասին, և ուրիշների հետ չեն խառնվում: Այդ քաստայական դրությունը ներկայացնում է արհեստավորների դասակարգության հին ձևը: Այստեղ արհեստը նախնական կերպով ավանդվում է սերնդից սերունդ, խիստ սակավ փոփոխություն միայն կրելով: Բայց երիտասարդ արհեստավորները, որոնք սովորել էին կամ եվրոպացու, կամ մի օտարականի մոտ, և կամ մի այլ երկրում կատարելագործել էին իրանց արհեստըայսպիսիները չեն մտնում վերոհիշյալ խմբերի մեջ, այլ հեռանալով նրանցից, առանձնանում են, և քաղաքի զանազան փողոցների վրա ահրեստանոցներ են բաց անում: Դրանք արհեստավորների նոր սերնդի ներկայացուցիչներն են, որ մեծ առաջադիմություն են խոստանում: Երիտասարդ արհեստավորները համարյա զուրկ են ամեն տեսակ զվարճություններից: Թիֆլիսում դեռևս չկան այնպիսի հյուրանոցներ և կաֆեներ, որ ժողովրդի միջին դասին մատչելի լինեին: Իսկ արհեստավորների կլուբն այն բարերար ազդեցությունը չունեցավ, որքան սպասվում էր: Համեստ և հասարակական կյանքին դեռ չընտելացած արհեստավորն ավելի շռայլություն սովորեց, երբ տան չորս պատերի մեջ փակված կնոջը հանկարծ դուրս բերելով, սկսեց հաճախել կլուբի, «վեչերները»: Այն ևս պետք չէ մոռանալ, որ կլուբում հաճախում են միայն հասակն առած արհեստավորները, ոչ թե երիտասարդությունը: Այդ վերջինների զվարճությունն այն է, որ երբեմն հավաքվում են միասին և գնում են Օրթաճալա քեֆ են անում, կամ կիրակի օրերը մտնում են մի գինետուն և մի չարեք գինի ոտքի վրա խմելով, դուրս են գալիս: Այսուամենայնիվ, երիտասարդ արհեստավորների բարոյականությունը համեմատաբար ավելի բարձր է, քան վաճառականների գործակատարներինը: Արհեստավորներն ավելի վաղ են ամուսնանում և շուտով ընտելանում են ընտանեկան կյանքին. չքավոր տնտեսությունը նրանց ժամանակ չէ տալիս հրապուրվելու ախտերով:

Վեր առնենք մշակ դասը:

Թիֆլիսի հայոց ժողովրդաբնակության մեջ իսկապես մշակ դաս չկա: Այն մշակները, որոնք փալանը ուսերին դրած լցնում են այդ քաղաքի հրապարակները, բոլորը գաղթականներ են Պարսկաստանից, Տաճկաստանից, կամ Հին-Նախիջևանի և Երևանի գավառներից այստեղ եկած: Չէ կարելի երևակայել մի ավելի տաժանական աշխատություն, քան թե այն, որ կատարում են այդ մշակները: Դրանք ընդհանուր անունով կոչվում են «համալներ»: Համալի վիճակը և բեռնակիր գրաստի վիճակը ոչնչով չեն տարբերվում միմյանցից, երկուսն էլ ծանրություններ են կրում: Թիֆլիսի քարվանսարաների, մաքսատան, երկաթուղու կայարանի, հրապարակների բոլոր համալները հայեր են: Օտարազգիները չնչին փոքրամասնություն են կազմում: Աշխատությունների տեսակները զանազան են. ոմանք բեռնակրություն են անում, տեղափոխում են ահագին, երբեմն 10-15-20 փութի ծանրությամբ հակեր և տակառներ: Հսկայի ուժ և մկնակների սաստիկ զորություն պետք է այս գործի համար, բայց հայ համալը տանում է փալանով ամրացրած մեջքի վրա իր բեռը որպես մի թեթև փետուրյա բարձ: Ոմանք, որ կազմվածքով ավելի թույլ են, կթոցների մեջ տներից աղբ են դուրս տանում և թափում են Կուր գետի մեջ, կամ ավելում են փողոցների անմաքրությունները: Ոմանք ջրկիրներ են, փոքրիկ թուլուխների մեջ, որ քաշ են տալիս ուսից, ջուր են բերում աղքատ ընտանիքների համար: Ոմանք բանում են տների շինվածքների վրա, խճուղիների և երկաթուղու վրա որպես հասարակ մշակներ, կամ աշխատում են աղյուսի գործարանների մեջ, և կամ քարափից քար են կտրում: Երկար կլիներ մի առ մի թվել այդ թշվառների անտանելի աշխատությունների զանազան տեսակները, որոնց կարող էր համբերել միայն այն անբախտը, որին դառն աղքատությունը ստիպել էր թողնել իր հայրենիքը, տունը, ընտանիքը, և պանդխտության մեջ հանձն առնել մի անասնական գործ:

Համեմատաբար ավելի երջանիկ են այն մշակները, որոնք խմբված են զանազան քարվանսարաներում: Յուրաքանչյուր քարվանսարայի մեջ մշակների խումբը կազմում է մի տեսակ միություն «օդաբաշիի»100 գլխավորության ներքո. դրանք ունեն իրանց ընդհանուր դրամարկղը (կասսան), որի մեջ ձգում է ամեն մեկն իր օրական վաստակը, ծախսում են այդ դրամարկղից, կերակրվում են միասին, և ամեն մի ամսի վերջը բաժանում են իրանց մեջ մնացորդը: Հիվանդ ընկերը չէ զրկվում իր բաժնից, եթե ամբողջ ամիսը աշխատած ևս չլիներ: Մի նոր մշակ ընդունվում է խմբի մեջ ամենի համաձայնությամբ: Բոլոր այս տեսակ հիմնարկությունների մեջ աշխատող մշակները մի տեսակ ապահովություն ունեն այն կողմից, որ առանց գործի չեն մնում, այլ փոխադարձապես օգնում են միմյանց: Մինչդեռ մյուս մշակները ստիպված են ամեն օր և ամեն րոպե գործ պտրել: Շատ անգամ ամբողջ ժամերով նրանք կանգնած են հրապարակների և փողոցների վրա, սպասում են մինչև մեկը կկանչեր և մի շալակ կհանձներ այս և այն տեղը հասցնելու համար:

Ամբողջ օրվա դառն չարչարանքներից հետո մշակներից շատերը աշխատում են գիշերից ևս օգուտ քաղել: Հանգստությունը զոհում են մի քանի կոպեկների: Ո՞ւմ չէ պատահել տեսնել, գիշերը փողոցներով անցնելիս, մագազինների դռանը, մերկ սալերի վրա, ձյունի և անձրևի տակ պառկած «հասասներին» (գիշերապահ): Դրանք ցերեկն աշխատող մշակներն են: Երբեմն նրանք այն աստիճան հոգնած և թմրած են լինում, որ գիշերվա քեֆից վերադարձող բուրժուան ոտքը կոխում է նրանց վրա և անց է կենում. թշվառները ոչինչ չեն զգում: Իսկ երբեմն կտեսնեք մեկին, փաթաթված սոլդատի քրքրված վերարկուի մեջ, դառն-մելամաղձական ձայնով երգում է: Քունը մոտ չէ գալիս կարոտ աչքերին, նա երգում է իր «յարին», որին դեռ նոր էր նշանել, երբ թողեց հայրենիքը. այժմ անցել էին մի քանի տարիներ, անբախտ մշակը դեռևս այնքան փող չէր վաստակել, որ վերադառնա, պարտքերը վճարե, հետո կարողանա պսակվել:

Ում պատահել է մտնել Սաղի կողմի քարվանսարաներից մեկի մեջ, ուր կանգնեցնում են ֆուրգոններ, կարող է փոքր ի շատե գաղափար ստանալ մշակների կյանքի մասին: Թիֆլիսի այդ մասը, ուր թափում են ամեն տեսակ անմաքրություններ, ուր գարշահոտությունը թմրեցնում է մարդուն, ուր խոզերը միայն աղտոտությունների մեջ բախտավոր են ապրում, Թիֆլիսի այդ դժոխքը մշակների գիշերային կացարանն է: Այնտեղ կարելի է գտնել փոքրիկ մթին սենյակներ, որ ամիսը 3-4 ռուբլով վարձով են տալիս. երբեմն 10-20 մշակներ վարձում են այդ սենյակներից մեկը: Ոչ մի կարասի չէ կարելի տեսնել այդ խոնավ և սառը գերեզմանների մեջ, ուր կարմիր աղյուսով ծածկված մերկ հատակի վրա, իրանց փալանները բարձի տեղ գլխների տակին դրած, գիշերը հանգստանում են մշակները ցերեկվա հոգնածությունից հետո: Ոմանք այնքան խնայող են լինում, որ սենյակներ չեն վարձում, այլ մտնում են այս և այն քաղաքացու տանը որպես դռնապան (дворник): Գիշերը հսկում են դռան վրա, իսկ ցերեկը գնում են իրանց գործին: Տանուտերն այնքան բարի է լինում, որ խեղճ մշակի աշխատության փոխարեն ձրի տալիս է նրան օթևանելու մի խորշ, դա լինում է ըստ մեծի մասին ներքնատան մի անպետք անկյունը:

Թիֆլիսի մշակների մեջ մի ավելի հետաքրքիր մաս ներկայացնում են թուլուղչիները (ջրկիրներ). դրանք կազմած ունեն մի տեսակ համայնք, որ ունի իր կանոնները և սովորությունները: Թիֆլիսի բոլոր թաղերը բաժանված են (թուլուղչիների կարգադրությամբ) զանազան մասերի, որոնց յուրաքանչյուրը մի թուլուղչու «մուշտարին» է. այսինքն բացի այն թուլուղչուց մի ուրիշն իրավունք չունի այն թաղեցոց ջուր տալու: Այդ իրավունքը վաճառվում է թուլուղչիների մեջ. օրինակ, մեկ թաղում հարյուր ընտանիքի ջուր էր տալիս մեկ թուլուղչի, նա իր դավթարի մեջ ունի տների ցուցակը, և նույն ցուցակով վաճառում է իր ջուր տալու իրավունքը մյուսին, ստանալով նրանից 500-1000 ռուբլի: Եվ այսպես ժողովուրդն անցնում է մի թուլուղչու ձեռքից մյուսին: Թուլուղչիներն իրանց մեջ կարգ պահպանելու համար, ընտրում են մեկին իրանց միջից որպես «ուստաբաշի» — գլխավոր, որը ճանաչված է լինում քաղաքական վարչությունից: Թիֆլիսի մշակների մեջ միայն թուլուղչիներն են, որ ազատ են հարկից, որովհետև, նայելով այն ծառայությանը, որ նրանք կատարում են հրդեհների ժամանակ` առանց որևիցե վարձատրության, քաղաքը նրանցից հարկ չէ պահանջում: Հենց որ մի տեղ հրդեհ է հայտնվում, քաղաքի ամեն ծայրերից թուլուղչիները թափվում են իսկույն: Զարմանալի է տեսնել, թե որպիսի անձնազոհությամբ այդ քաջերը նետվում են կրակի մեջ. ոչինչ նրանց չէ վախեցնում, ոչինչ նրանց չէ վհատեցնում:

Թուլուղչիները Պարսկաստանի Սալմաստ գավառից եկած կաթոլիկ և լուսավորչական հայեր են, նրանց մեջ գտնվում են և ասորիներ: Բոլոր մշակների մեջ դրանք են, որ պահպանում են մի կազմակերպված միություն, և այդ միությանն են պարտական, որ ունեն համեմատաբար ավելի լավ վիճակ: Կուկիայի Չուխուրեթ կոչված թաղում կարելի է տեսնել թուլուղչիների հյուրանոց, ուր նրանք ընթրիք են ուտում, խմում են և ծխում են պարսկական ղեյլան: Բացի թուլուղչիներից մնացած բոլոր մշակները մի տեղ չունեն հավաքվելու համար: Եթե, ինչպես վերևում նկատեցի, Թիֆլիսում չկան այնպիսի հյուրանոցներ, ուր արհեստավորները կարողանային էժան ճաշ ուտել, չէ կարելի երևակայել անգամ, որ այս տեսակ հիմնարկություններից օգուտ քաղեին մշակները: Այդ ողորմելիները կերակրվում են միայն ցամաք հացով, հրապարակի վրա գնում են մի հատ վրացու «պուրի» և այնպես կրծելով, ծանր շալակի տակ, շարունակում են իրանց գործը: Մշակը, որ գլուխը դնելու մի անկյուն չունի, ինչպե՞ս կարող է իր համար առանձին խոհանոց սարքել: Կիրակի օրերը միայն մի քանիսն ընկերանում են միասին, առնում են մի կտոր միս, և տալիս են փուրունչիին եփելու համար: Այդ աշխատող դասը, որ ավելի ուտելու պետք ունի, բոլորովին զուրկ է մնում զորացնող սննդից: Որևիցե զվարճությունից նույնպես զուրկ են մնում նրանք. երբեմն տոն օրերում մտնում են մի գինետուն և խմում են մի քանի բաժակ արաղ, ալքոհոլը միայն կարողանում է գրգռել մշակի բթացած և անզգայացած ջղերը:

Մի քանի խոսք մշակների մտավոր կյանքի մասին: Մեր մեջ կան ազգասերներ, որոնք երազում են Մուշի, Վանի և Զեյթունի վրա, բայց այստեղ, Թիֆլիսում, մշեցի և վանեցի հայի զավակներն իրանց աչքի առջև չեն տեսնում: Մեզանից դեռևս ոչ ոք չմտածեց հիմնել մշակների համար կիրակնօրյա դասախոսություններ և ծանոթացնել նրանց տնտեսական որևիցե հարցի հետ: Ախր այդ թշվառներն առանց պատճառի չէ որ թողել են իրանց հայրենիքն և այստեղ պանդխտության մեջ տարիներով մաշվում են: Պետք չէ՞ արդյոք քննել այն պատճառները, որ դուրս են քշում նրանց իրանց հայրենիքից, և ցույց տալ ապրուստի ուղիղ ճանապարհը: Մշակների մեջ կան մեծ թվով գրագետներ. այսպիսիներն ուրիշ երկրում օգուտ են քաղում կոպեկանոց լրագրներից, բայց այստեղ կարդալու ոչինչ չեն գտնում: Թողնենք մտավոր սնունդը: Թիֆլիսի հայ մշակները զուրկ են մնում և բարոյական և հոգևոր մխիթարությունից: Ոչ մի հայ քահանա չէ բաց անում մշակի խղճուկ օթևանի դուռը, որովհետև նրանից շահվելու ոչինչ չէ սպասում, բայց ինձ հայտնի են փաստեր, որ Պարսկաստանից այստեղ եղած փոքրաթիվ բողոքական մշակների համար` Ուրմիո ամերիկական առաքելության միսիոնարներն իրանց ծախսով ուղարկել են Թիֆլիս մի քարոզիչ քահանա, որ միշտ այստեղ է մնում, և թե հոգևորապես, թե բարոյապես մխիթարում է նրանց: Ամեն կիրակի հավաքում է նա իր փոքրիկ հոտը գերմանական կոլոնիայում մի հատկացրած տեղ, և քարոզ է կարդում: Այդ բավական չէ, քահանան իսկույն վազում է բժշկի մոտ, երբ մեկը հիվանդ էր, և խնամք է տանում նրա առողջության մասին, եթե աղքատ էր: Բայց մեր հայ մշակները հիվանդանում են և անտերությունից, ճանճերի նման ամեն տարի հարյուրներով մեռնում են, ոչ ոք նրանց վրա չէ մտածում: Այդ ողորմելիները մինչև անգամ չգիտեն, որ Թիֆլիսում կա այնպիսի տեղ, ուր բժիշկները ձրի են նայում հիվանդին (лечебница) և կա այնպիսի տեղ ևս, ուր հոգ են տանում աղքատներին ձրի կերակրելու և առողջացնելու համար (больница):

Կա մի ուրիշ կետ ևս, որ ոչ սակավ ուշադրության արժան է: Թիֆլիսում կարելի է հաշվել միջին թվով մինչև 5000 հայ մշակներ, որոնք օտար երկրներից են եկած101: Դրանք երբեմն մինչև տասն տարի շարունակ մնում են այստեղ, անդադար աշխատում են, փող են վաստակում, բայց չգիտեն, թե որտեղ պահեն իրանց դառն քրտինքի գինը: Մշակի գանձարանը կաշիից իր ձեռքով կարած փոքրիկ պայուսակն է, որ միշտ կարելի է տեսնել նրա կողքից քաշ ընկած: Բայց քիչ չէ պատահում, որ քնած ժամանակ նրա պայուսակը կտրում են, և մշակը զրկվում է իր գանձից, իր մի քանի տարվա դառն աշխատանքից: Ոմանք ծանոթանում են մի քաղաքացու հետ և փողերը նրան պահ են տալիս, առանց վեքսիլի և առանց թղթի. և խղճմտանքով քաղաքացին շատ անգամ կամ ուրանում է «կռոյի» հանձնած փողերը, և կամ վայրիվերո հաշիվներ է ցույց տալիս: Վերջապես այդ ողորմելիները չգիտեն, թե իրանց վաստակած փողերն ինչ միջոցով կարող են ապահով կերպով հասցնել իրանց հայրենիքը, իրանց կարոտ ընտանիքներին: Ըստ մեծի մասին այսպես են անում. մի քանի տարվա վաստակածը հավաքում են մի տեղ, փոխում են ռուսաց ոսկու հետ, և 40-50 հոգի միասին խմբվելով, դիմում են դեպի իրանց հայրենիքը: Տաճկաց և պարսից սահմանների վրա միշտ պատրաստ են ավազակների հրոսակներ մշակների քարավանը կողոպտելու համար: Այս տարի մի քանի անգամ կարդացինք լրագրների մեջ Ռուսաստանից Մուշ վերադարձող մշակների կողոպտվելը քրդերից: Ուրեմն Թիֆլիսի մշակները ոչ իրանց վաստակած փողը պահելու տեղ ունեն և ոչ հայրենիքը հասցնելու ապահով միջոցներ: Մի փոխատու խնայողական կասսա (ссудо-сберегательная касса) կարող էր ազատել նրանց վերոհիշյալ անբախտություններից, բայց այդ մասին մինչև այսօր ոչ ոք չմտածեց: Եթե հայ մշակների թիվը հաշվում ենք Թիֆլիսում 5000 հոգի, մի այսքան էլ, և գուցե ավելի, թուրքեր, ասորիներ և ուրիշ ազգերից կլինեն. և այս պատճառով հիշյալ հիմնարկությունը փողերի սակավ շրջաբերություն չէր ունենա, եթե կազմված ևս լիներ միմիայն մշակների համար: Այլևս չեմ խոսում օգտավետության մասին, թե մի այսպիսի հիմնարկություն որքան կարող էր նպաստել մշակների շահերին: Որովհետև փողը միշտ մշակի մոտ պահվելով, ոչ միայն կորցնում էր իր տոկոսը, այլ նա կարող է միանգամով կորչել, կամ շռայլաբար ծախսվել: Քիչ չէ պատահում, որ մշակը հանկարծ մոլության մեջ է ընկնում, և մի քանի օրվա մեջ ոչնչացնում է իր մի քանի տարվա վաստակածը:

Next page