Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Կրոնական երկպառակություններին ուժ տալը և նրանց միջոցով զանազան ցեղերի մեջ անմիաբանություն և անհաշտություն պահպանելը դա մի ժառանգական քաղաքագիտություն է, որ սեփականել է իրան մոնղոլական Թուրքիան Բյուզանդիայի գահի հետ: Միայն հայերի վերաբերությամբ չէ վարվում նա այդպես. նույն երևույթները կրկնվում են նեստորական և նեստորականությունից բաժանված ասորիների մեջ, քիլդանիների մեջ, մարոնիտների մեջ, հակուբիների մեջ, ղպտիների մեջ, և առհասարակ բոլոր քրիստոնյա ցեղերի մեջ: Ո՞վ չգիտե, թե ամեն տարի, սուրբ Հարության տոնի օրը Երուսաղեմում, սուրբ Հակոբա տաճարի մեջ ի՛նչ խայտառակ խռովություններ են պատահում հայոց, լատինական և հույն աբեղաների մեջ: Եվ չնայելով հայոց և հունաց պատրիարքարանների անդադար բողոքներին, մինչև այսօր Բ. Դուռը մի կարգ կամ սահման չդրեց նրանց մեջ, և նրանց յուրաքանչյուրի իրավունքները չորոշեց, որ աբեղաները ստիպված չլինեին ամեն տարի միմյանց գլուխը ջարդել:

Բ

Մենք բավական հեռացանք հարցից, երկար կանգնելով կրոնափոխության խնդրի վրա: Ցույց տալով, թե մեր և տաճկաստանցոց մեջ ոչինչ կապեր կամ հարաբերություններ չկան, և հայտնելով այն միտքը, թե մենք պարտավոր ենք օգնել նրանցգուցե ընթերցողը սպասում էր, թե մենք պետք է ցույց տանք որևիցե նոր կապեր, կամ մենք կասենք, թե ինչով և ինչ բանի մեջ կարող էինք օգնել նրանց: Դրանց և ոչ մեկը մեր հոդվածի նպատակը չէ: Մենք պետք է հետևենք հմուտ բժշկի եղանակին, որ առաջ հետազոտում է հիվանդի կազմվածքը, ուսումնասիրում է նրա ամբողջ կյանքը, քննում է նրա ցավերը, հասկանում է ցավերի առաջ բերող պատճառները, իսկ հետո մտածում է դարմանների մասին: Մենք, որպես սկզբում հայտնեցինք, դեռ ոչ բոլորովին ճանաչում ենք մեր տաճկաստանցի եղբայրներին, չգիտենք ինչ բանի կարոտ են նրանք, և նրանց դրությունն իր բոլոր կողմերով դեռ մեզ հայտնի չէ. ուրեմն ինչ որ գրենք, ինչ որ մտածենք նրանց մասին, բոլորը կլինեն թերի, միակողմանի և շատ անգամ անհիմն ենթադրություններ: Պետք է ունենալ ճիշտ տեղեկություններ: Պետք է մեզ հիմնվել խնդրի բարձր նշանակության վրա և հասկանալ, որպես հարկն է, նրանց պետքերը, և ուսումնասիրել նրանց կյանքի և կացության բոլոր էական գծերը, նրանց տնտեսական վիճակը, անցյալ և ներկա քաղաքական դրությունը և այլն: Բավական չեն միայն եղբայրական զգացմունքների արտահայտություններ կամ ազգասիրական դարտակ ցուցումներ, որ վերջանում են նրանով միայն, որ ողորմելի տաճկաստանցու համար օդեղեն ամրոցներ ենք ստեղծում, մինչդեռ նա իր գլուխը դնելու և հանգչելու տեղ չունի:

Մեր մեջ պետք է կազմվի փոխադարձ հասկացողություն: Մենք դեռ չունենք ոչ մի օրինավոր շարադրություն Տաճկական Հայաստանի մասին: Մի քանի հատ ու կտոր, չնչին, անիմաստ հոդվածներ ի՞նչ լույս կարող էին ձգել նրանց կյանքի վրա: Մեզ պետք են կատարյալ ժողովրդագրական (էտնոգրաֆիական) տեղեկություններ, հիմնված փաստերի վրա ոչ միայն հայերի կյանքն ուսումնասիրելու համար, այլ թուրքերի, քուրդերի, չերքեզների և բոլոր ցեղերի, որ այժմ Հայաստանում բնակված են: Մեզ պետք են կատարյալ աշխարհագրական տեղեկություններ Հայաստանի ազգաբնակության, արդյունաբերության, տեղագրության, ճանապարհների հաղորդակցության և նրա թե բնական և թե քաղաքական կյանքի մասին: Մեզ պետք են ճիշտ վիճակագրական և տնտեսագիտական տեղեկություններ հայոց ազգաբնակության մասին առանձնապես և օտար ցեղերի մասին ընդհանրապես: Մեզ պետք են մինչև անգամ գիտենալ Հայաստանում բնակվող ժողովրդների մեջ տիրող ոգին, նրանց բնավորությունները, ուղղությունը, ձգտումները, կրոնական և բարոյական զգացմունքները, մի խոսքով նրանց բոլոր մտավոր և հոգեբանական կողմը103:

Կ. Պոլսի հայոց մամուլը և նրանց գրականությունը չտվեցին մեզ վերոհիշյալ տեղեկություններից և ոչ մեկը, ոչ իրանք ցանկացան ունենալ. դրա մեջ պետք է որոնել նրանց անհաջողության ամենամեծ պատճառը: Թուրքիայի գրական մարդիկն այն աստիճան անզարգացած և մանրին մարդիկ են (թեև, պետք է խոստովանվել, որ մեր մեջ էլ չկան մեծ մարդիկ), որ մինչև անգամ չէին կարող մտածել, թե ինչ պետք է իրանց և ինչ բանի համար պետք է գրել: Տեղային սահմանափակ միջոցները չկարողացան ստեղծել զորավոր տաղանդներ զորավոր գործերի համար, և մնալով տկար, նրանք չկարողացան ծառայել ազգային գլխավոր պահանջներիննրա փրկությանը օտարի ճնշող ներգործությունից: Իսկ մեր մեջ, թեև չկան զորավոր տաղանդներ, բայց կան զարգացած մարդիկ, որոնք կարող են ավելի նպատակահարմար և հիմնավոր կերպով գործել, քան թե կ. պոլսեցիք:

Բայց կան և մարդիկ, որ այսպես են մտածում. «թողեք տաճկաստանցիներին հանգիստ մնալ, մի՜ պղտորեք նրանց միտքը, նրանք ավելի լավ են հասկանում իրանց գործը, մենք մեծ հույսեր ունենք նրանցից» և այլն: Երանի, թե գիտենայինք ինչ բանի վրա են հիմնված այդ հույսերը: Այս տեսակ խոսքերով կարելի է ամբողջ գրքեր գրել, միայն թե ցանկություն լիներ անիմաստ բառեր շարել: Եվ զարմանալին այն է, որ այդ պառավախոս իմաստակները համարձակվում են մի ամբողջ ընկած ժողովրդի «գեղեցիկ» ապագան նախագուշակել դարտակ հույսերով միայն, առանց նրան ճանաչելու, առանց նրա ներկա դրությունը հասկանալու: Դրանք նմանում են այն եղերամարք կոչված պառավներին, որ հրավիրվում են դիակների վրա երգ երգելու. նրանց համար միևնույն է, թե ո՜վ էր, ինչ տեսակ մարդ էր հանգուցյալը, կարող են նրան մինչև անգամ չճանաչել, կարող է նա բոլորովին ոչինչ մարդ լինել. բայց նրանք միշտ իրանց սովորական երգն են երգում, գովասանում են նրա չգործած սխրագործությունները, նրա առաքինությունները, գութ և ափսոսանք են շարժում, որովհետև դրա համար վարձ են ստանում:

Միշտ հույս և հույսայդ է իմաստակների խոսքը, թեև դարտակ հույսն առանց գործի ոչ մի նպատակի չէ հասցնում: Անշարժության այդ վարդապետները, ես հավատացած եմ, կցանկանային, որ ամբողջ մարդկությունը մումիաներ լինեին և երբեք չփոխվեին, փույթ չէ, եթե նրանց մեջ կյանք չէր լինի:

Ո՛չ, մենք պետք է խոսենք, պետք է մտածենք մեր տաճկաստանցի եղբայրների մասին, պետք է քննենք նրանց և բոլորը կրիտիկական խստությամբ քննենք: Քանի որ կատարելապես չենք ուսումնասիրել, քանի որ չունենք և չենք աշխատի ունենալ նրանց դրության մասին ճիշտ և մանրամասն տեղեկություններմեր բոլոր ջանքը, մեր բոլոր աշխատությունը նրանց օգնելու մասին ապարդյուն կլինի: Կանգնել հեռու, չմտնել գործի մեջ, չտեղեկանալ մի ժողովրդի իսկական պահանջները և միայն ստեղծել իր գլխում իդեալական ցնորքներայդ բոլորը հրապուրիչ բաներ են, բայց խաբուսիկ են: Կաբինետի երևակայություններն ինքն իրան ոչնչանում են, երբ զարկվում են իրականության հետ:

Կրկնում ենք, մեր և մեր տաճկաստանցի եղբայրների մեջ մինչև այսօր ոչ մի ամուր կապ չէ եղել և չկա: Պատճառները բացատրեցինք: Եվ ա՛յն ժամանակ կկազմվի մեր մեջ փոխադարձ հարաբերության կապ, երբ կլինի մտքի փոխանակություն, որին պետք է ծառայե իսկապես մամուլը և գրականությունը: Գրականական հաղորդակցությունը կունենար և այն օգուտը, որ կստեղծեր մեր մեջ ընդհանուր գրականական լեզու, և այդ ամենակարևոր մի գործ է, որովհետև բազմաբարբառությունը, թեև մի կողմից կազմում է լեզվի հարստություն, բայց մյուս կողմից թուլացնում է, անջատում է գրականության կրթողական ուժը և դժվարացնում է միևնույն ազգի մեջ տոհմային հարաբերությունները:

Տաճկաստանի մեր հայ եղբայրները կարոտ են օգնության, կարոտ են, որովհետև անկիրթ են, կարոտ են, որովհետև աղքատ են, — անկրթությունը և աղքատությունը երկուսն էլ մեծ արգելք են լինում ժողովրդի առաջադիմության: Ամեն հայի պարտքն է օգնել նրանց, իսկ մեծ պարտավորությունը հասնում է Ռուսաստանի հայերին: Մենք մեծ նշանակություն չենք տալիս այն մասնավոր նվիրատվություններին, որ լինում են Տաճկաստանի այս և այն ընկերության անունով, որովհետև չգիտենք, թե որքան այն ընկերությունների նշանակությունը նպատակահարմար էր, թեև չենք կարող ուրանալ և մեր ժողովրդի գովելի ջանքը, որ աշխատում է գոնյա այսքանով նպաստել մեր կարոտյալ եղբայրներին:

Բայց ցավալի է խոստովանվել, որ մեր տաճկաստանցի եղբայրների վերաբերությամբ այն օժանդակությունը, որ արեց և անում է մեր ժողովուրդը, այն աստիճան աննշան և անբավականացուցիչ պետք է համարել, որ մինչև անգամ հիշելու արժանավորություն չունի: Մեր հարուստները համարյա չմասնակցեցին, ժողովրդի այդ մասը, որի սրտի մեջ սառել է ազգային ամեն զգացմունք, որ իր քեֆի և փառքի համար ահագին գումարներ է վատնումհարուստները, խիստ մասնավոր բացառությամբ, Տաճկաստանի կարոտյալների համար ոչինչ չնվիրեցին: Մեր հոգևորականությունը, միայն իր շահերի և քսակի համար մտածող հոգևորականությունը, բոլորովին անտարբեր մնաց, և որպես սկզբում հայկական խնդիրը զարթնելու ժամանակ լռություն պահեց, այնպես էլ նյութապես օգնելու գործի մեջ նա սառնասիրտ համառությամբ պահպանեց իր անկարեկցությունը: Մեր արիստոկրատիան և այսպես անվանված չինովնիկ հասարակությունը ոչ սակավ սառնասիրտ գտնվեցան, քան հարուստ և հարստահարող վաճառականը և քան ամեն բարի ձգտումներ խեղդող հոգևորականությունը: Մի կետ, որ աչքի էր զարկում և որ ավելի մխիթարական էր, այն էր, որ Տաճկաստանի մեր կարոտյալ ազգայինների հառաչանքն արձագանք գտավ մեր ժողովրդի ստոր դասի մեջ. չքավոր գյուղացին, օրական աշխատանքով ապրող գործակատարը, փոքրիկ քաղաքների մանրավաճառները, և միշտ գրպանը դարտակ գիմնազիստը բաժանեցին իրանց սուղ միջոցներից մի փոքրիկ մասն այն եղբայրների համար, որ ավելի կարոտության մեջ էին, քան թե իրանք:

Ինչի՞ց առաջ եկած պետք է համարել մեր սառնասրտությունը դեպի մեր արենակից եղբայրները և ինչու՞ պետք է մենք այս աստիճան անկարեկից գտնվեինք: Մենք ուրիշ պատճառ չենք ճանաչում, բայց միայն այն, որ ինչպես ցույց տվեցինք մեր հոդվածի առաջին գլխում, մեր և տաճկաստանցիների մեջ հենց առաջուց չէ եղել և չկար որևիցե սերտ կապ. մենք կտրված էինք միմյանցից և անջատման վիճակի մեջ մեր փոխադարձ համազգացությունը սառել և իսպառ օտարացման էր հասել: Ծագեց ռուս-թուրքական վերջին պատերազմը, լսեցինք, կարդացինք մեր եղբայրների դառն թշվառությունները, և գտնվեցան դեռ ոչ բոլորովին մեռած սրտեր, որոնց գութը շարժեցավ, ոգևորվեցան, և մտածեցին օգնության ձեռք հասցնել: Բայց որովհետև այդ ոգևորությունը րոպեական էր և առաջ էր եկել իրերի ժամանակավոր երևույթներից, ուրեմն և չէր կարող լինել տևողական, չէր կարող լինել հիմնավոր, այլ շարժառիթ պատճառների անհետանալու հետ պիտի անհետանար և ոգևորությունը: Այսպես էլ եղավ և լինում է: Սկզբում մենք խիստ հաճախ կարդում էինք «Մշակի» թերթերի մեջ նվիրատվությունների ցուցակներ «Արարատյան ընկերության» համար, իսկ այժմ նվիրատվությունները հետզհետե նվազում են, և շատ չի անցնի, որ գուցե իսպառ կդադարեն:

Մի ժողովրդի ոգևորությունը պահպանելու համար դեպի մի բարի գործ պետք են ազդու միջոցներ և եռանդոտ աշխատություն, ոչ միայն նրա համար, որ դրդեն հասարակությանը նյութապես նպաստամատույց լինել գործին, այլ գլխավորապես նրա համար, որ հասկացնեն, թե նրանք կատարում են սրբազան պարտավորություն: «Մշակի» մեջ մի քանի անգամ հայտնվեցավ այն միտքը, թե պետք է մեր մեջ կազմվի մի հանձնաժողով, որ հոգ տանե տաճկաստանցոց համար նվիրատվություններ հավաքել տեղային նոր բացված դպրոցներին և առհասարակ կրթության տարածմանը նպաստելու նպատակով: Բոլորովին համակրելով հիշյալ միտքը, և կրկին դառնալով մեր վերևում հայտնած նկատողություններին, թե մեզ պետք են նախ և առաջ հիմնավոր տեղեկություններ և ճիշտ հետազոտություն մեր տաճկաստանցի եղբայրների դրության և նրանց պետքերի ու կարոտությունների մասինկավելացնենք, որ մի այսպիսի հանձնաժողովի նպատակը խիստ սահմանափակ կլիներ, եթե նա ուշադրություն դարձներ միայն նյութական օժանդակության վրա: Որովհետև նախ քան օգնելը պետք է հասկանալ, թե ինչ բանի մեջ նրանք ավելի կարոտություն ունեն, պետք է հասկանալ նրանց անհրաժեշտ պահանջները, մի խոսքով նրանց այն ցավերը, որ շուտափույթ դարմանելու կարոտ են: Իսկ այդ բոլորն ուրիշ կերպ կարող չէ լինել, բացի կատարելապես ծանոթանալուց նրանց վիճակի հետ: Բայց տեղեկությունները մեզ մոտ խիստ պակաս են:

Գուցե ոմանք կնկատեն, թե այդ մեր գործը չէ, մենք փողը կհավաքենք, կտանք նրանց ձեռքը, նրանք իրանց պետքերը շատ լավ են հասկանում, թող ինչ հիմնարկության համար ցանկանում են, գործ դնեն փողերը: Մենք մեզ սխալած կհամարեինք, եթե հայտնեինք այն միտքը, թե պետք է նրանց ձեռնարկությունների մեջ մենք ևս միջամտություն գործենք, կամ փող տալով, մեզ նրանց գլխին հոգաբարձու կանգնեցնենքայդ մտքերը հեռու են մեր նպատակից: Բայց չենք կարող թաքցնել և մեր կասկածանքը, թե մեր տաճկաստանցի եղբայրների գործող մասն այնպես հիմնավոր կերպով ուսումնասիրած լիներ ժողովրդի պետքերը, որպես հարկն է: Միայն ուսումնարան, միայն գիր-կարդալ, միայն այբբենով չէ կարելի մի ընկած ժողովուրդ վերականգնել, դրա համար պետք են ուրիշ զանազան հնարներ, որոնք կրթության հետ պետք է զուգընթացաբար առաջ գնային: Այլևս չենք խոսում այն բանի վրա, որ մեր տաճկաստանցի գործիչները, երեխայական ոգևորությամբ, միշտ սովոր են եղել մանր և մինչև անգամ չնչին գործերի համար մեծ աղմուկ բարձրացնել...

Մեր կարծիքով, պետք է սկսել մի հիմնավոր գործ, և փոխանակ ցրվելու, մասնավորացնելու ուժերը, հավաքել, կենտրոնացնել նրանց մի ամբողջության մեջ և խմբովին գործել: Դա ուրիշ կերպ լինել կարող չէր, բայց միայն, երբ Ռուսաստանի հայերից կկազմվեր մի հանձնաժողով գլխավորապես բարեգործական նպատակով` օգնելու մեր տաճկաստանցի եղբայրների կարոտություններին: Ահա այդ հանձնաժողովը կարող էր ձեռք բերել Տաճկաստանի մասին այն տեղեկությունները, որոնց մասին վերևում խոսեցինք: Նա կարող էր, գործին հմուտ ճանապարհորդներ ուղարկել Թուրքիայում հայերի դրությունն ուսումնասիրելու, և հրատարակել ոչ միայն հայերեն լեզվով, այլ զանազան լեզուներով, նա կարող էր մինչև այսօր հրատարակված հատ ու կտոր տեղեկությունները հավաքել, ամբողջացնել, և նույնպես առանձին գրքերով և թարգմանություններով հրատարակել: Մի այսպիսի հանձնաժողովը բացի նյութապես և բարոյապես օգնելուց, ուրիշ շատ օգնություններ էլ կարող էր անել, որոնց վրա հարկ չենք համարում խոսելայս էլ բավական է, որ նա կծանոթացներ Տաճկական Հայաստանի դրությունը ոչ միայն մեզ` Ռուսաստանի հայերին, այլ բոլոր լուսավոր աշխարհին: Այն ժամանակ մենք հաստատ կերպով կգիտենայինք, թե ինչ կարոտություն ունեն նրանք և ինչ բանի մեջ պետք է օգնել104:

Ժողովուրդների վիճակը հանկարծ չէ հեղափոխվում, մի օրվա մեջ չէ բարվոքվում, այլ նախապատրաստությունը սկսվում է գուցե դարերով առաջ, իսկ հարմար ժամանակ նրան իրագործում է: Տաճկաստանցիք նախապատրաստված չէին ժամանակից մեծ օգուտ քաղելու և այս պատճառով չհասան իրանց նպատակին, թեև ոմանք Բեռլինի վճռի 61-րդ հոդվածի մեջ ոսկու հանք են տեսնում: Այդ հանքը մեզ շատ չէ շլացնում: Այս և այն հոդվածը, մանավանդ, երբ նա ֆորմի համար գրված է լինում, մի ժողովրդի վերածնելության վերաբերությամբ այնքան նշանակություն ունի, որքան մեռած ռեցեպտը հիվանդի առողջության համար, երբ դեղերը չեն գործադրվում:

Մենք մեկ հանք ենք ճանաչում, որից կարելի է ստանալ ցանկացած ոսկին, եթե այդ հանքն անդադար և անընդհատ կերպով կբովագործվեր. դա կոչվում է նախապատրաստություն: Եվ Տաճկաստանի հայոց խնդիրը պետք է կայանա այսուհետև անդադար և անընդհատ նախապատրաստության գործի մեջ, որպեսզի նրանք կազմ և պատրաստ հանդիպեն այն մեծ օրվանը, երբ կրկին անգամ կզարկե ազատության ժամը: Իսկ այդ օրը կկրկնվի, և շատ անգամ կկրկնվիգուցե շատ հեռու չէ մեզանից

Շատերը դժգոհությամբ խոսում են. — «արևելյան խնդիրն այս անգամ էլ չվերջացավ...». — «ա՛խ, ե՞րբ պետք է վերջանա այդ արևելյան խնդիրը...»: Խիստ միամիտ խոսքեր են դրանք: Արևելյան խնդիրը Եվրոպայի կենսական խնդիրն է: Կյանքի խնդիրները չեն վերջանում, այլ ժամանակավորապես պայմանավորվում են: Ամբողջ հայոց ազգի մտածողների մեջ ես միայն մի մարդ եմ ճանաչում, որ իսկապես հասկացել էր, թե ինչ է նշանակում արևելյան խնդիր, և հասկացել էր այն ժամանակ, երբ այդ դիպլոմատիական տերմինը դեռ մեզանից շատերին ծանոթ չէր: Միթե արևելյան խնդիրը կարո՞ղ է վերջանալ. — ո՛չ, նա կմնա անվախճան, որքան ինքը արևելքը հավիտենական է: Դա մի պատմական խնդիր է և պիտի ձգվի ազգերի պատմության հետ: Մի ժամանակ արևելքից ազգերը հեղեղի հոսանքով թափվում էին Եվրոպան կողոպտելու համար: Այժմ դերերը փոխվել են: Այսուհետև Եվրոպայից պիտի հոսեն դեպի արևելք Ասիայի հարստություններից օգուտ քաղելու: Եվ ամեն մի հոսանք կհարուցանե մի նոր արևելյան խնդիր: Այսօր ռուսը և անգլիացին արևելքում շատ շահեր ունեն և մրցում են միմյանց հետ: Հետո կսկսե գերմանացին, ֆրանսիացին և մյուսները: Ամեն մի եվրոպական պետություն աճելով, սեղմվելով իր երկրի նեղ սահմանների մեջ, և սպառելով նրա հարստությունները, պետք է դիմե դեպի արևելք ապրուստ որոնելու: Եվ ամեն մի նոր արշավանք կամ գաղթականություն կհարուցանեն մի նոր արևելյան խնդիր: Եթե մինչև այսօր եվրոպական ազգերի հոսանքը դեպի արևելք թույլ էր գնում, այդ մասին պետք է շնորհակալ լինեն Ամերիկային, որի հայտնվելը մի քանի դար թուլացրուց եվրոպացիների հոսանքը դեպի Ասիա. իսկ այժմ Ամերիկան էլ լցվելու վրա է: — Ուրեմն արևելյան խնդիրը միշտ կա ու կմնա, և տաճկաստանցի հայը պետք է նախապատրաստվի օգուտ քաղել հարմար դեպքից, երբ մյուս անգամ կհուզվի նա:

Իսկ եթե նա միշտ անպատրաստ կմնա՞:

Այն ժամանակ դժբախտ Հայաստանըայդ Եվրոպայի և Ասիայի պատմական կամուրջըազգերի անցուդարձի ներքո կտրորվի և կոչնչանա...

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Մտադրված լինելով նկարել Տաճկաստանի հայոց ներկա դրության և նրանց մոտավոր անցյալի ճիշտ պատկերը, վերջին քաղաքական անցքերի տպավորության ներքո ես ձեռնարկեցի գրել իմ «Կայծեր» անունով վեպը: Այս աշխատությունը բովանդակում էր իր մեջ այն բոլոր սարսափելիքը, որոնց ենթարկված է Տաճկաստանի հայը: Վեպը բաղկանում է երկու առանձին հատորներից, որոնց յուրաքանչյուրը կունենա մոտավորապես 400 տպագրված երեսներ: Գործողությունների կենտրոնը Վասպուրականի նահանգն է. տիպերը հեղափոխական բնավորություն ունեն a la «Djalaledine»: Իսկ անցքը վեր է առնված Վասպուրականում երեք քառորդ դար առաջ կատարված հայերի մի շարժումից, որի տխուր հիշատակները մինչև այսօր պահված են տեղային ժողովրդի մեջ:

Ի նկատի ունելով այն երևույթը, որ այսօր Տաճկաստանի հայերի խնդիրը գրավում է մեր բոլոր համազգիների բարի ուշադրությունը, ես շտապեցի որքան կարելի է շուտով տպագրել հիշյալ աշխատությունը, համոզված լինելով, որ դրանով կարող եմ մի փոքրիկ լույս ձգել Թուրքիայի հայոց խնդրի լուծման վրա, որը գուցե դեռևս երկար ուսումնասիրության պետք ունի:

Բայց տպագրության ծախսերի դժվարությունն ինձ ստիպեց դիմել մեր պատվելի ընթերցող հասարակությանը, խնդրելով նրա համակրությունը մի այսպիսի ձեռնարկության մասին, որը բարեմիտ անձանց օժանդակությանը կարոտ է: Եվ հուսով եմ, որ իմ ակնկալությունն անպտուղ չի մնա, և բաժանորդագրությամբ լույս կտեսնի «Կայծերը»: Երկու հատորի բաժանորդագինն է միասին 3 ռուբլի. գրքերը կտպագրվեն մինը մյուսից անմիջապես հետո, և ստորագրությունների համեմատ կուղարկվեն պ. պ. բաժանորդներին:

Տպագրությունը կսկսվի անհապաղ այն ժամանակ, երբ բաժանորդներից գոյացած գումարը կլրացնե տպագրության ծախսը:

Ի՞ՆՉՈՎ ԵՆՔ ՄԽԻԹԱՐՎՈՒՄ

Կույրը մի տեսակ մխիթարություն է զգում, երբ հանդիպում է մի ուրիշ կույրին, մտածում է, որ ինքը մենակ չէ: Աղքատը նույնպես մխիթարվում է, երբ իրանից ավելի դժբախտին է տեսնում:

Բաժանված ախտը թեթևացնում է ախտավորի արատավորությունը: Բաժանված դժբախտությունը մխիթարում է թշվառին:

Ո՞վ չգիտե, որ սնանկացած վաճառականն ուրախանում է, երբ միևնույն անբախտությունը պատահում է և իր ընկերներին: Երկրագործը շատ չէ տխրում, երբ կարկուտը փչացնում է բոլոր գյուղացիների արտերը: Մինչև անգամ մահը, որ այնքան ցավալի է լինում, խոլերայի և ժանտախտի ժամանակ կորցնում է իր տխուր ազդեցությունը, որովհետև շատերն են մեռնում և վտանգը հասարակաց է դառնում:

Այդ ի՞նչից է, որ մարդ իր թերությունների, կորստի և անբախտությունների մխիթարությունը գտնում է ուրիշի թերությունների, կորստի և անբախտությունների մեջ: Եթե չասենք, թե դա բնական է, կարող ենք ասել, որ այդ այդպես է լինում:

Այսպիսի հասկացողություններ, այսպիսի մտածություններ ոչ միայն տեսնում ենք մասնավոր մարդու մասնավոր կյանքի մեջ, այլ մինչև անգամ ամբողջ ժողովուրդների և հասարակությունների կյանքի մեջ: Մի ժողովուրդ կամ մի հասարակություն իր վատ վարմունքն արդարացնում է մի ուրիշ ժողովրդի կամ հասարակության նույն տեսակ վարմունքով: Զարմանալի չէ, որ տգետ ամբոխն այսպես է դատում, բայց շատ անգամ ինտելիգենցիան նույն սխալանքի մեջ է ընկնում:

Ինձ շատ անգամ պատահել է վիճել այսպիսիների հետ. ես հիշում եմ մինչև անգամ մի քանի բանակռիվներ, որ լրագրության մեջ անցան: Խոսում ես, օրինակ, հայերի մի ընդհանուր մոլության կամ մի ընդհանուր թերության մասին. քո հակառակորդը իսկույն որոնում է և գտնում է երկրագնդի վրա մի քանի ազգություններ, որոնք նույնպիսի թերություններ ունեին, և դրանով արդարացնում է հայի վարմունքը, ասելով, թե հայը մենակ չէ, որ այսպես է գործում: Նա, կարծես, մի տեսակ մխիթարություն է զգում, երբ օտարների մեջ իր ազգի նմաններին է գտնում:

Այս տեսակ կարճամիտները զուրկ են լինում հիմնավոր ինքնաճանաչությունից: Նրանց հայացքները կյանքի թե ընդհանուր և թե մասնավոր երևույթների մասին ունենում են միշտ նեղ, սահմանափակ և միակողմանի բնավորություն:

Ուրիշների մոլություններով արդարացնել իր վատ վարմունքըահա՜ նրանց գլխավոր փաստը:

Ասում ես, օրինակ, հայ վաճառականը խաբեբա է: Օրհնած, պատասխանում են քեզ, դու նայիր հույներին, հրեաներին և կրթյալ անգլիացուն, հային, նրանց հետ համեմատելով, պետք է հրեշտակ համարել:

Բայց խաբեբայությունը խաբեբայություն է, ինչ չափով և ինչ ազգի մեջ գործվեր նա: Ուրիշի գողությունները մեր գողությունը չեն արդարացնում:

Ասում ես, մեր եկեղեցականները վատ են, ծույլ են, ժամանակի պահանջների համաձայն չեն գործում, ազգի արծաթը վատնում են, ոչ մի օրինավոր բան չեն արդյունաբերում և այլն: Իսկույն քո առջև գնում են կաթոլիկ կղերը, և սկսյալ եգիպտական քուրմերից մինչև Պիոս IX-ը, կարդում են եկեղեցականների վնասակար ազդեցությունը, դուրս բերելով այն եզրակացությունը, թե հայ կղերը համեմատաբար ավելի տանելի է: Բայց դրանով հայ կղերը չէ արդարանում:

Այսպես դատելով, կարելի է միշտ այն սխալ եզրակացությանը հասնել, թե ինչ որ մեր մեջ վատ է, անբարոյական է, անազնիվ է, վնասակար էներելի է, որովհետև օտարների մեջ ևս գտնում ենք միևնույն հատկություններ: Այսպես դատում էին և մինչև այսօր շարունակում են այսպես դատել այն փտած ազգասերները, որոնք հայի մեջ չեն ներում ոչ մի սև բիծ տեսնել:

Բայց մոռանում ենք մի բան: Մի՞թե օտար ազգերը գոհ են իրանց վիճակից, մի՞թե նրանց մեջ ևս ժողովրդի ընտիր և մտավորապես զարգացած մասը չէ բողոքում, չէ դատապարտում այս և այն հասարակական զզվելի երևույթները: Մոռանում ենք, որ օտար ազգերն իրանց թերությունների հետ ունեն և ահագին առավելություններ, որոնք պակասում են ողորմելի հային...

Մասնավորում եմ իմ խոսքը:

Մեզանից որի՞ հետ չէ պատահել աշակերտության ժամանակ տեսնել, երբ վարժապետը նկատել է մեր ընկերներից մեկի այս և այն անկարգությունը, ասելով. — Արշակ, անպիտան, ինչու ես չարություն անում: Արշակը իրան արդարացրել է, պատասխանելով. — վարժապետ, ես մենակ չէի, Արամն էլ էր այսպես անումԲայց Արամի անկարգությունն Արշակին չէ ազատում պատժից:

Նույն տպավորությունը գործեց, երբ կարդացի պ. Դադյանցի նամակըՄշակ» № 217»): Ես շատ ուրախ կլինեի և մեծ հոժարությամբ հետ կառնեի իմ խոսքը, եթե պարոնը իմ «Հայ երիտասարդության» մեջ նկարած Ռուսաստանի հայ ուսանողների պատկերը բոլորովին անճիշտ և աղավաղված կգտներ: Բայց նա աշխատում է արդարացնել հայ ուսանողների թերությունները, նրանով, որ դրանք ընդհանուր ուսանողության հատկանիշներ են, ո՛ր ազգության և պատկանեինռուս, լեհացի, գերմանացի, վրացի և այլն: Դարձյալ մտածության նույն ձևը, դարձյալ դատողության նույն եղանակը, որ մենք լսում ենք մեր ազգային և հասարակական ամեն մի տգեղ երևույթների վերաբերությամբ: Մենք մեղավոր չենք, որովհետև ուրիշներն էլ նույնն են գործում... մենք մեղավոր չենք, որովհետև մեր նմանները շատ կան... Արշակը մեղավոր չէ, որովհետև Արամն էլ անկարգություն է անում... Պ. Դադյանի նման ուսանողին, որի գրվածները խոստանում են լավ ապագա, աններելի է այսպես դատել:

Ճշմարիտ ասած, իմ նկարագրած պատկերներն առհասարակ հայ ուսանողների կյանքից ուրիշ ոչինչ չեն, բայց միայն զանազան ժամանակներում «Մշակի» մեջ տպված հատ ու կտոր հոդվածներից և նամակներից դուրս բերած մի ամբողջ նկարագիր, որ իմ գրչի տակ ավելի ամփոփ շրջանակի մեջ է դրված: Ես օգուտ եմ քաղել և այն վիճաբանություններից, որ ուսանողների վերաբերությամբ շատ անգամ տեղի են ունեցել այդ լրագրի խմբագրատան մեջ, իհարկե, ավելացնելով միևնույն ժամանակ և իմ սեպհական հայացքներն ու դիտողությունները:

Գուցե պ. Դադյանը այսօր տեսնում է իր աչքի առջև մի քանի իսկապես լավ ուսանողներ, որոնց ես էլ չեմ ուրացել, բայց «մի ծաղիկով գարուն չի լինի», — ասում է հայտնի առածը: Պետք է այն ևս նկատողության առնել, որ մի գրող, երբ կամենում է նկարել այս և այն հասարակության պատկերն իր բոլոր լավ և վատ կողմերով, նա չէ բավականանում միայն ներկա կամ առօրյա երեվույթներով, այլ հավաքում է մի որոշ պերիոդի, ժամանակի մի որոշ շրջանի մեջ հայտնած երևույթները, ամբողջացնում է, և նրանցից դուրս է բերում մի ընդհանուր նկարագիր: Նույնպես վարվում է և տնտեսագետը, մի քանի տասն տարվա ընթացքում կատարված փաստերից, մի քանի տասն տարվա ընթացքում հավաքած թվանշաններից դուրս է բերում միջին թիվ և նրա վրա հիմնում է իր կարծիքը: Այսպես վարվել եմ և ես իմ հետազոտությունների մեջ հայ երիտասարդության վերաբերությամբ: Ես վեր եմ առել մի ամբողջ սերունդ, որ գործում է և գործել է մի քանի տասն տարիների ընթացքում: Հասարակական տիզերը մի օրվա մեջ չեն ծնվում, նրանք ներկայացնում են մի որոշ ընդհանրության հատկանիշներ, որ հայտնվել և զարգացել էին ժամանակի մի որոշ շրջանի մեջ: Գուցե իմ նկարած ուսանողներից ոմանք դեռ չեն թողել համալսարանի նստարանները, գուցե ոմանք ավարտելով, այսօր պտտում են մեր աչքի առջև, և, ոմանք ծերանալով, թողել են կյանքի ասպարեզը: Ես միացրել եմ երկու ծայրերը մի բոլորակի ամբողջության մեջ: Բայց եթե ընթերցողը նրանում հրեշավոր տգեղություն է տեսնում, ո՞վ է մեղավոր:

«Հայ երիտասարդությունը» տպվելուց հետո «Մշակի» խմբագրատան մեջ ստացվեցան մասնավոր նամակներով մի քանի բողոքներ, ստացվեցան և շատ համակրական նամակներ: Մի քանի պարոններ մինչև անգամ խնդրում էին, որ հիշյալ աշխատությունն առանձին տետրակով հրատարակվի: Բայց պ. Դադյանի նամակի մեջ իմ ուշադրությունը գրավում է այն կետը, իբր թե, ես դուրս բերելով ուսանողությունը մի «հրեշային պատկերի» մեջ, դրանով անգիտակցաբար մտցնում եմ հակակրություն և մինչև անգամ թշնամություն հասարակության մեջ դեպի այն սերունդը, որի ուժերի վրա շատ և շատ հույսեր է դրել ազգը: Թող չվրդովվի պատվելի նամակագիրը, դրանով ուսանողությունը ամենևին չի վնասվի: Ինքնաճանաչությունը միշտ եղել է օգտավետ և կլինի: Հիմար կանվանեինք այն հիվանդին, որ թաքցնում է իր ցավերը: Երբ «Մշակը» սկսեց անողոք կերպով մտրակել եկեղեցականներին, գտնվեցան միամիտներ, որ ասում էին. — պարոններ, ի՞նչ եք շինում, դուք ձեր ձեռքով ձեր տունը քանդում եք. եկեղեցին մեր ազգի հիմքն է, հարձակվելով եկեղեցականների վրա, մերկացնելով նրանց այլանդակությունը, դուք դրանով կծնեցնեք հակակրություն և մինչև անգամ անհաշտություն ժողովրդի սրտում, և կբաց անեք նրա ու եկեղեցականների մեջ մի անդունդ, որը հետո դժվար կլինի միացնել, — դրանով կվնասվի մեր եկեղեցին: Բայց եկեղեցին ամենևին չվնասվեցավ և եկեղեցականները սկսեցին փոքր առ փոքր լավանալ:

Ում շատ է տված, նրանից շատ կպահանջվի: Ես և մեզանից ամեն մեկը, իհարկե, այնքան խիստ չէին լինի Ներսիսյան դպրոցում կամ որևիցե միջնակարգ ուսումնարանում ավարտած աշակերտի հետ, որովհետև նա գործում է ավելի, քան թե սովորել է:

Բայց համալսարանական բարձր ուսում ստացած երիտասարդին պետք է մտրակել ամենայն անգթությամբ, երբ նա չէ համապատասխանում ոչ իր կոչմանը և ոչ ստացած գիտությանը: Մեր լրագրությունը, մեր գրականությունը մեծ բարերարություն արած կլինի ազգին, երբ կսկսի քննադատել այդ փչացած և խարդախված սերունդը, որ մի նշույլ անգամ օրինավոր ապագայի չէ խոստանում: Ի՞նչ են տվել մեզ, ի՞նչ ծառայություն են մատուցել: Գնալ, ուսում առնել, դիպլոմ ստանալ, կյանքի մեջ բարձր դիրք բռնել, հարստանալ, փառավոր կերպով ապրելայս բաներից հազիվ թե հայոց ազգը կարող էր շահվել:

Պետք է ի նկատի ունենալ մի ուրիշ կետ ևս: Մեր ուսանողները ամեն տեղ, ամեն երկրում, օտարազգիների հետ համեմատելով, ամենաչնչին փոքրամասնություն են կազմում: Եթե, օրինակ, մի համալսարանում կային 10 հայ ուսանողներ, իսկ 100 ռուս ուսանողներ, և հայերից 8-ը վատ էին, իսկ ռուսներից 50-ը, դարձյալ համեմատաբար հայերից վատերի թիվը մեծ պրոցենտ է ներկայացնում: Բայց մեր նախնի ուսանողներն այսպես չէին, նրանք Աթենքի, Աղեքսանդրիայի դպրոցներում միշտ իրանց փոքրամասնությամբ գերազանցում էին մեծամասնությունից, որպես լավ ուսանողներ:

Պ. Դադյանի մի երկրորդ սխալն այն է, որ նա աշխատում է երևույթներն արդարացնել պատճառներով: Պատճառները միայն թեթևացնում են հանցանքը, բայց հազիվ թե արդարացնում են: Մի անբարոյական միշտ կհամարվի անբարոյական, թեև նրա մոլություններն առաջ եկած լինեին վատ դաստիարակությունից կամ կենսական այլ և այլ պահանջներից: Այնպես էլ գողը, ավազակը միշտ ճանաչվում է ավազակ, թեև նրանց վարմունքը կլիներ հետևանք տնտեսական կամ հասարակական այս և այն անկարգ կազմակերպության: Գողությունը փաստ է, պատճառով չեն արդարացնում նրան:

Հասկացողության այդ եղանակը, երբ միակողմանի կերպով է վերաբերվում դեպի հայտնվող երևույթները, միշտ սխալ եզրակացությունների է հասցնում: Իհարկե, ամեն երևույթ ունի իր արտադրիչ պատճառները: Որպես բնության, նույնպես և կյանքի մեջ ոչինչ բան ինքնագոհ չէ: Բայց պատճառները պետք չէ խառնել երևույթների հետ, որոնք միշտ պահպանում են իրանց բնավորությունը, լավ կամ վատ հատկությունները:

Եթե այս մեթոդին հետևեինք, այն ժամանակ ոչ մի բանի դեմ պետք չէր խոսել, ոչ մի անարդարության դեմ պետք չէր բողոքել, որովհետև և ոչ մեկը արտադրիչ պատճառ չէր լինելու: Բայց մեր մեջ կան շատերը, որոնք հետևում են մտածության այս եղանակին: Օրինակ, ասում ես, թե հայը ցած և ստրկական բնավորություն ունի, թե նա զուրկ է այն բանից, որ կոչվում է ազգային ազնիվ հպարտություն, թե նա պատվի և անձնասիրության զգացմունք չունի, թե նա չէ հետաքրքրվում որևիցե բարձր իդեայով և այլն: Հիմար անձնագովները հերքում են այս ճշմարտությունները, իսկ կարճատես խելացիները արդարացնում են: Վերջիններս սկսում են քննել պատճառները, և իսկույն դառնալով դեպի անցյալը, դեպի պատմությունը, պատասխանում են քեզ. — դու գիտես, եղբայր, թե այդ ազգը ինչ է կրել իր կյանքում, թշնամու սուրը միշտ նրա գլխից պակաս չէ եղել. բռնության լծի ճնշման տակ նա կորցրել է իր զգացմունքը դեպի գեղեցիկը և ազնիվը: Շատ լավ, պատճառը հասկացանք, դիցուք թե հայը մի այսպիսի թշվառ անցյալ է ունեցել, բայց ներկայումս պետք չէ՞ որ ուղղվի և վերադարձնե իր հին կորուստը:

Следующая страница