Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 Next Last

Ասա դու նրան, թե հայոց ընտանիքը այս և այն թերությունն ունի, թե նրա կազմակերպության մեջ տիրում են շատ անկարգություններ, թե մանուկ սերունդը ճնշվում է հներից, թե ամուսնական լծակցությունը շատ անգամ անտանելի է դառնում և այլն: Քեզ կպատասխանեն. — թե դրանք մտել են մեր մեջ երկար տարիներով պարսիկների և մահմեդական ազգերի հետ դրացությունից: Դարձյալ պատճառներ: Բայց դրանք բավական չեն, որ մենք ներողամիտ լինեինք դեպի մեր ընտանեկան մոլորությունները: Ի՞նչ կասեինք այն բժշկին, որ հիվանդի ցավը քննելով, կասեր մեզ, թե դա մի վնասակար տենդ է, որ առաջ է եկել մրսելուց, և կդադարեր նրան դարմանելուց: Մրսելը պատճառ է, բայց տենդը հիվանդության փաստ է, որ կարոտ է բժշկության:

Վերջացնում եմ ձեզ հետ, պ. Դադյան, հասկանում եմ ուսանողի վրդովմունքը, երբ հարձակվում են նրա ընկերակիցների վրա: Ցավում եմ, որ ավելի պարզ խոսել չէի կարող, և այս պատճառով իմ հոդվածը ստացավ ավելի այլաբանական և ճիշտ ասած, ֆելետոնական ձև: Բայց եթե ես իմ կարծիքների մեջ ուսանողների վերաբերությամբ սխալված եմ, երանի թե այդպես լիներ

* * *

Պատմության վրա խոսք գալով, ես չեմ կարող չհիշել, որ վերջին ժամանակներում մեր պարբերական հրատարակությունների մեջ կրկին սկսեցին հունցել միանգամայն մոռացված երկրպառակության խմորը, կրկին բարձրացրին կրոնի և ազգության խնդիրը: Խոստանալով առաջիկա տարվա սկզբներում նվիրել այդ հարցին մի քանի պատմական հոդվածներ, այժմ բավականանում եմ միայն մասնավոր նկատողություններով:

Տաճկաստանի հայոց մամուլը երկար տարիներ զբաղվեցավ հիշյալ հարցով, և բացի թշնամություն սերմանելուց, բացի ազգային ամբողջության պատռվածքի ճեղքերը ավելի լայնացնելուց, ոչ մի օգտավետ հետևանքի չհասավ: Եվ այսօր, երբ ավելի կարևոր խնդիրների մասին խորհելիք ունենք, երբ Տաճկաստանի հայերի վերածնելության հարցը գրավում է մեր ամենի ուշադրությունը, մեր մեջ գտնվում են մարդիկ, որ սկսում են կրկին քըջըջել մարած մոխիրը, սկսում են կրկին բորբոքել դադարած վիճաբանությունների կրակը, հայտնելով այն հնացած, և լուսավոր ազգերի համար իր նշանակությունը կորցրած միտքը, թե կրոնը, այսինքն` եկեղեցին պետք է ճանաչել ազգության հիմք, և ով որ դուրս է գալիս այդ եկեղեցուց, նա կտրվում է ազգի ամբողջության հետ անդամակցությունից և այլն: Արդարև, մի հին և բոլորովին մաշված գաղափար, որ դարերի ընթացքում, Վատիկանի դարբնոցի մեջ, պապերի հզոր կռանի տակ ծեծվեցավ, կոփվեցավ և դարձյալ չկարողացավ եկեղեցու մեջ ի մի ձուլել ազգությունները:

Իսկ այժմ մի քանի ողորմելի գրիչներ աշխատում են նույնը իրագործել, ինչ որ Հռոմի ահեղ բազուկը չկարողացավ կատարել:

Մենք պատմություն ունենք, — ասում են մեզ, — մեր պատմությունը սովորեցնում է, որ լուսավորչական եկեղեցին պետք է լինի հայի պատսպարանը և ազգության հիմքը, այդ եկեղեցուց դուրս հայը չէ կարող հայ համարվել, նա կորած է: Եվ այդ հիման վրա, կաթոլիկ և բողոքական հայերը հայ չեն, նրանք, ո՛վ գիտե, թե ինչ են... Եվ այդ տիրացուական քարոզները մեզ կարդում են այն պարոնները, որոնք Չաքճյանի և Բերբերյանի դասագրքերից մի քանի գլուխներ սերտելով, երևակայում են, թե պատմություն գիտեն: Մենք այսպիսիներին խորհուրդ կտայինք մի փոքր ուսումնասիրել Բոկլը, եթե կամենում էին հասկանալ, թե ինչ կապ կա ազգերի պատմության մեջ:

Պետք է լայն հայացքով նայել առարկայի վրա. պատմությունը առաչյոք միրաժներ ունի, որոնք երբեմն ձգում են անհմուտ նայողին օպտիկական խաբեությունների մեջ: Նեղ, միակողմանի հայացքը պատմության վրա միշտ մոլորեցնում է մարդուն: Հայն աշխարհի ստեղծագործության մեջ մի առանձին արարած չէ, և չէ կարող լինել: Նա ազգերի պատմության մեջ բացառություն չէ կարող կազմել: Նա ենթարկված է եղել և պետք է ենթարկվի միևնույն պատմական օրենքներին, որոնցմով կառավարվել են մարդկությունը ներկայացնող ազգերը: Հայն առանձին պատմական օրենքներ ստեղծել չէ կարող: Պատմությունն ազգերի առջև մի որոշ շավիղ է գծելդա ընդհանուր մարդկության ուղին էինչ ազգ, որ ոտքը դուրս է դնում այն շավղից, մոլորվում է, կորչում է և ոչնչանում է...

Կրոնը որպես մարդկային զգացմունքի արտահայտություն, ժամանակների հետ միշտ փոփոխվել է և անվերջ կերպով կփոփոխվի: Մեր նախնիքը մի ժամանակ կռապաշտ էին, այժմ մենք քրիստոնյա ենք, իսկ դարերից հետո, ով գիտե, մեր ապագա սերունդը ինչ կրոն կստեղծե իր համար, գուցե ամենևին կրոն էլ չի ունենա: Ուրեմն, մի բան, որ տևողական չէ, որ միշտ հեղուկ վիճակի մեջ է գտնվում, որ զգացմունքից միայն կախում ունի, նա չէ կարող ազգության հաստատ հիմք լինել. գուցե մասնավորապես կնպաստե նրա գոյությանը, բայց պահպանել չէ կարող:

Պետք է փայտից շինած գլուխ ունենալ և այդ ամենապարզ ճշմարտությունները չհասկանալ: Բայց ի՞նչ օգուտ, հազար ու մեկ փաստեր բեր, միևնույն է, դարձյալ քեզ կպատասխանեն, թե հայոց ազգը պահպանվեցավ իր կրոնով, իր եկեղեցիներով: Եվ այդ խոսքերը կրկնվում են մի հոյակապ ազգի վերաբերությամբ, որի ողորմելի փշրանքներն են մնացել այսօր: Դուք գիտե՞ք, պարոններ, թե ո՞րքան էր առաջ հայերի թիվը, և այժմ որքան է մնացել: Ինչո՞ւ կորան նրանք, ինչո՞ւ կրոնը չկարողացավ պահպանել: Եթե հայերն ունեցել են մի փառավոր անցյալ, — դա եղել է նրա հեթանոսական դարերում և քրիստոնեությունն ընդունելուց հետո այդ ազգը սկսեց տկարանալ և քայքայվել:

Շատ հեշտ է վեր առնել պատմությունից մի քանի երևույթներ, և առանց նրանց իսկական պատճառները քննելու, սխալ եզրակացություններ դուրս բերել: Շատ հեշտ է մատի փաթաթան շինել Լեհաստանի հայ գաղթականությունը, ասելով, թե իրանց կրոնը փոխելու պատճառով կորան, ոչնչացան: Բայց պետք է բոլորովին կույր լինել, և չնկատել մեր պատմության մեջ այն ընդհանուր երևույթը, որ դեպի արևմուտք դիմող բոլոր հայ գաղթականությունները մեծ մասամբ ոչնչացան առանց իրանց կրոնը փոխելու անգամ: Եվ դրա պատճառը ոչ թե մի օտար ազգի եկեղեցուն հարելն էր, այլ այն ընդհանուր բնական օրենքը, որ հայ գաղթականները, արևմուտքում հանդիպելով իրանցից ավելի բարձր կուլտուրական ազգերի, չկարողացան նրանց հետ մրցություն անել, և կյանքի կռվի մեջ հաղթվեցան, և կլանվեցին իրանցից ավելի զորեղ ազգերից: Որի ընդհակառակն, դեպի հյուսիս և դեպի արևելք դիմող հայ գաղթականությունները պահպանվեցան, ոչ թե այն պատճառով, որ չփոխեցին իրենց կրոնը, այլ այն պատճառով, որ ապրում էին կուլտուրայով իրանցից ավելի ստոր ազգերի հետ և, գոյության կռվի մեջ կարողանում էին նրանց հետ մրցություն անել: Ուրեմն, եթե հայերից մնացել են մի քանի փշրանքներ, դրա համար պետք է շնորհակալ լինել ոչ թե լուսավորչական եկեղեցուն, այլ թուրքերին, թաթարներին, պարսիկներին և հնդիկներին: Եթե հայը լիներ ֆրանսիացու, գերմանացու և անգլիացու հպատակ, արդեն վաղուց կորած կլիներ և լուսավորչական եկեղեցին հազիվ թե կարող լիներ փրկել նրան:

Մենք միշտ ասել ենք և դարձյալ կկրկնենք, որ ազգության գաղափարը պայմանավորվում է ոչ թե կրոնով, այլ նրա ցեղական հատկություններով, որոնց մեջ առաջին տեղը բռնում է լեզուն, որ է և միշտ կլինի ազգի պահպանության հիմքը: Դա է, որ մշտական է, դա էլ անբաժանելի է մարդկությունից: Լեզուն թեև փոփոխվում է, բայց իր փոփոխության մեջ ավելի կյանք է ստանում, զարգանում է և կատարելագործվում է: Մի մարդ կարող է ոչ մի եկեղեցու չպատկանել և մինչև անգամ անկրոն լինել, բայց չէ կարող որևիցե լեզվով չխոսել: Խոսքը միշտ կմնա, որքան ապրում է մարդկությունը. նա հավիտենական է:

Հայը, թե կաթոլիկ լիներ նա, թե բողոքական, թե լուսավորչական և թե անկրոնդարձյալ հայ է. որովհետև միևնույն ցեղական հատկություններն ունի, միևնույն լեզվով է խոսում, միևնույն տոհմին է պատկանում: Մենք եկեղեցու տարբերության մեջ ազգային տարբերություններ չենք ճանաչում: Մենք չենք կարող ընդհանուր մարդկային կենցաղավարության պայմանների մեջ մեզ համար առանձին օրենքներ ստեղծել: Չկա մի ազգ երկրագնդի վրա, որի մեջ չլինեին զանազան աղանդներ, դավանություններ, եկեղեցիներ, բայց բոլորը միևնույն ազգին են պատկանում: Ամերիկայում մինչև անգամ մի ընտանիքի մեջ հայրը, մայրը, որդին, աղջիկը, — յուրաքանչյուրն առանձին եկեղեցիներում են աղոթք անում, բայց կրոնի տարբերությունը չէ վնասում նրանց ազգությանը:

Կրոնի երկպառակությունների խնդիրը մեջ գցել ուղիղ այն ժամանակ, երբ Տաճկաստանում պատրաստվում է հայերի համար մի ապագադա եղեռնագործությունից ավելի մեծ հանցանք է: Մենք այսպիսիներին ստոր ենք դասում Հասուններից, Նիկոլներից, Վասակներից և Մերուժաններից: Մենք հայտնում ենք մեր անկեղծ ցավը, որ վերջին ժամանակներում Կ. Պոլսի մեր հակահասունյան եղբայրներից մի խումբ, զանազան տխուր հանգամանքներից ստիպված, դիմեցին լուսավորչական եկեղեցու գիրկը: Մենք ավելի կհարգեինք նրանց, եթե կաթոլիկ եկեղեցու մեջ մնալով, կշարունակեին քարոզել հայություն և ազգայնություն: Մենք մի մեծ կորուստ ենք համարում, որ մեզ համակրողների մի խումբ դուրս եկավ հակառակ բանակից, որին խորամանկ Հռոմը թշնամական դիրքի մեջ է դրել իր համազգիների դեմ: Թող ուրախանան կարճամիտները, բայց մենք ոչ ոքի ուրախությանը կցորդ չենք լինում: Մի այսպիսի ուրախություն զգաց հայոց ազգն այն ժամանակ, երբ չորս նշանավոր եկեղեցականներ բաժանվեցան մխիթարյան միաբանությունից և վերադարձան լուսավորչական եկեղեցու գիրկը: Մեծ եղավ վնասը, որովհետև, մխիթարյանների միաբանությունը, որ այնքան շատ գործել էր հայության համար, որ մի լավ թարգման էր մեր ազգի և Եվրոպայի մեջայն օրից, երբ այդ չորս արժանավոր անձինքը հեռացանսկսեց հետզհետե թուլանալ և վերջապես դեպի հայոց ազգի շահերը անտարբեր լինել: Վաստակեցինք չորս մարդիկ, բայց կորցրինք մի ամբողջ միաբանություն:

Եթե այսօր կամ էգուց կզարկե Տաճկաստանի հայոց վերածնության ժամը, եթե Հայաստանին կտրվի որևիցե ինքնավարություն, այդ բախտին պետք է վիճակակից լինեն Թուրքիայի բոլոր հայերն առանց կրոնի խտրության: Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի մեջ հայերին խոստացված բարիքները միայն լուսավորչականներին չեն պատկանում, այլ վերաբերում են և կաթոլիկ և բողոքական հայերին: Այդ իսկ պատճառով կրոնի խնդիրները մի կողմ դրած, այժմ Թուրքիայի հայերն ազգայնության դրոշը պարզելով, պետք է ձեռք ձեռքի տված աշխատեն տնօրինել իրանց ապագա բախտը: Եվ հայության գործը Թուրքիայում այն ժամանակ միայն հաջողված կարելի է համարել, երբ ազգի անջատված մասները կմիանան, կկազմեն մի ամբողջություն, ոչ թե կրոնական կապերով, այլ ազգայնական անունով: Բավական է, որքան հայերն իրանց ճանաչել տվին որպես կրոնական համայնք, այսուհետև թող աշխատեն ճանաչվել որպես ազգ:

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 Next Last