Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Պողոս վարդապետն յուր պաշտպանությունը դեպի վերոհիշյալ ամենասոսկալի ավազակապետները գործ էր դնում ոչ միայն այնպիսի դեպքերում, երբ նոքա որևիցե չարագործություն էին անում օտարներին, այլև երբ հարստահարվածները լինեին նույնիսկ յուր ժողովուրդըհայերը: Անուրանալի է այն անցքն, երբ Մուքուրցվոց Մեհմեդ Ալի աղան Սաթմանից եկեղեցին կողոպտեց և պղծեց, երբ տարվում էր նա Պոլիս պատժվելու համար, կես ճանապարհից, այն է Կարինից, ետ դարձավ Պողոս հայր սուրբի պաշտպանությամբ:

Այլ փաստեր.

Պողոսի պաշտպանությունը վայելող Հեյդարանցի քրդերը Խժիշկ գյուղի եկեղեցին կկողոպտեն, հայր սուրբը գյուղացիներեն 6000 ղուրուշ ընծա հավաքելով կտա ավազակների գլխավորին և կողոպուտը ետ կգնե: Մի հայոց եկեղեցի պղծել տվող Մեհմետ Ալիին ազատելու համար Պողոսը կառավարության ատյանի մեջ վկայում է, թե չարագործն անչափահաս մանուկ լինելով, ազատ է պատժվելուց, մինչդեռ նա ահագին մորուք ուներ: Կոջայի աղան` Շերիֆը ճանապարհին մի խավենցի հայ կին է բռնաբարում, և ազատվում է հայր սուրբի օգնությամբ: Շատ անգամ ինքը հայր սուրբը այդպիսի անիրավությունների միջնորդ էր դառնում, որպես է այն դրամատիկական անցքը, երբ զորապետ Ֆերիկ փաշան Պողոսեն մի հայ կին է ուզում, նույն միջոցներում տըհերցի Պետրոսն յուր կնոջ ծեծած լինելով, հայր սուրբը լսում է և բերել տալով, փաշայի մոտ է ուղարկում:

Ի՞նչ էր պատճառն, որ Պողոս վարդապետը, կապեր ուներ այդպիսի եղեռնագործների հետ: Պատճառը շատ պարզ է: Երբ նոքա հափշտակում էին, հայր սուրբը մասն ուներ կողոպուտի մեջ: Երբ նոցա ցեղերի մեջ որևիցե մարդ կամենում էր վաճառականության առիթով կամ այլ գործով գնալ, յուր անձի և ապրանքի ապահովության համար ստիպված էր հայր սուրբից մի հանձնարարական թուղթ առնել այս կամ այն իշխանի վերա, իհարկե, միևնույն ժամանակ ընծայելով հայր սուրբի «աջահամբույրը»: Բացի դոցանից, այդ ավազակներից ամեն մինը, լինելով միևնույն ժամանակ մի ամբողջ ցեղի իշխան, նոքա միշտ պատրաստի գործիքներ էին հայր սուրբի ձեռքում յուր հակառակորդներին սարսափեցնելու համար, և երկրի մեջ ցանկացած խռովությունները հարուցանելու համար:

Օրինակի համար Տփխիսից Վանա երկու Անապատներին հատկացյալ մի կտակի մասին Պողոսի և Թոփուզյան հայր սուրբի մեջ անհամաձայնություն է բացվում: Քանի օրից Թոփուզյանի վանահայրությանը ներքո գտնվող Անապատի խոտի մարագները հրդեհվում են, վնասը հասնում է մինչև 30,000 ղուրուշի: Չարագործը հայտնվում է Պողոսի հավատարիմ քրդերից մինը:

Մի այդպիսի ճարպկություն, որով Պողոս վարդապետը կարողացավ հպատակեցնել յուրյան` թե՛ տեղային կառավարության ներկայացուցիչներին, և թե՛ թափառական ցեղերի զանազան իշխաններին, մենք վերաբերում ենք նորա ամենահնարագետ խորամանկությանը և հմուտ քաղաքականությանը: Արդարև, նա երևում է բարձր բնավորության տեր մարդերից մինը: Եթե նա յուր այդքան ազդեցությունը գործ դներ դեպի ժողովրդի բարօրությունն, անուրանալի է, որ Վասպուրականի հայերը կարող կլինեին շատ բարիքներ վայելել: Մենք չենք հերքում այն բանը, որ, Վասպուրականի նման նահանգում, ուր առաջնորդը ժողովրդի և՛ հոգևոր, և՛ մարմնավոր գլխավորի ներկայացուցիչն է, նորան մինչև անգամ հարկավոր է մյուս մանր ազգությանց իշխանների հետ կապեր ունենալ, կառավարության հարստահարությունների առաջն առնելու համար: Բայց երբ որ մի այդպիսի մարդն յուր ուժերը դեպի չարն է գործադրում, այդ ներելի չէ:

Բայց շուտով Պողոս վարդապետը անտանելի է դառնում ժողովրդին և սկսվում են անդադար և ձիգ բողոքներ դեպի Կ. Պոլսի Ազգ. Վարչությունը: Պատրիարքարանի 1860 թվից սկսած արձանագրություններից հանելով, տետրակի հեղինակը հիշում է հետևյալ հանցանքները. ա. Վանա Այգեստանի մեջ կասկածավոր կնոջ տունը հաճախելը. բ. Յուր սիրելի նժույգը գինիով արբեցնելը, և արհեստական կատաղությամբ վարժեցնելով, նորանով զվարճանալն. գ. Ավանցի Մանուկի կինն ամուսնի կենդանության ժամանակ ուրիշին հետ պսակել տալն. դ. Ռեիս (տանուտեր) Սինանին ծեծի տակ անողորմաբար կաշին քերթելը. ե. Տրլաշենցի քահանային մահու չափ գանակոծելը. զ. Սխկայեցի ռեիս Գրիգորին չարաչար ծեծելով աչքերը կուրացնելը. է. Հարություն ժամկոչին նույն վիճակի մեջ գցելը, Վարդավառի տոնախմբության օրում, Վարագա վանքի մեջ, Դրախտ անվանյալ պարտեզում, Ըրղատբաշի Հակովբի հարսին հետ ունեցած կոմեդիանթ. Մի փոքրիկ երեխայի գողության համար մորը ժամկոչին շալակն տալով չարաչար ծեծելը. ժ. Ժողովրդից անասելի բռնաբարությամբ փող հավաքելը տաճիկների համար զորանոցներ շինելու և այլն:

Վերոհիշյալ հանցանքները մանրամասնաբար բացատրելեն հետո, տետրակի հեղինակը մեջ է բերում մի քանի նշանավոր անձինքների նամակներն, ուղղած Պոլսի պատրիարքին, որոնք նույնպես երևան են հանում Պողոսի այլ մեղադրանքներն, որոնք մենք ավելորդ ենք համարում հիշել:

Ազգ. Վարչությունն, ուշադրություն դարձնելով ժողովրդի բողոքներին, Պողոս վարդապետին բերել է տալիս Կ. Պոլիս քննության համար, նորա տեղը նշանակելով Իգնատիոս եպիսկոպոսին: Իսկ Պողոսը Պոլսից փախչում է, կրկին վերադառնում է Վան, և յուր հին բարեկամները գլխին հավաքելով, հարձակվում է առաջնորդարանի վերա և արյունահեղությանց պատճառներ է տալիս: Այնուհետև նա սկսում է յուր հին դերը խաղալ: Անապատի վանքի հարստությունքը վատնում է զանազան անբարոյականների հետ, մինչև անգամ նույն վանքի վարագույրների հետքում Դերվիշ բեկին հետ չենկի (պար եկող պատանի է) խաղցնում: Եվ Կտուց Անապատի միաբան Ռափայել վ. Պողոսից չարաչար ծեծվելով, ոսկորները փշրվում է և մեռնում: Այնուհետև նա սկսում է վրեժխնդիր լինել այն անձանց, որք նորա մասին Պոլսում բողոքել էին: Դոցանից մինն էր Տ. Օհաննեսյան Կարապետը: Պողոս վ. գիշերով յուր երևելի քուրդ դերվիշին մի քանի ծառաների հետ ուղարկում է Տ. Օհաննեսյանի տունը, անկողնից քարշում են և ձեռքն, ոտքը կապած բերում են Պողոսի մոտ: Հայր սուրբն յուր զոհին պառկեցնում է, գլուխը Նազար անուն ծառային բռնել տալով, և ոտները ուրիշներին, յուր հաջի ռաճապով8 այնքան ծեծում է, մինչև երիտասարդի բերնեն արյուն է հոսում և շատ չէ տևում, որ մեռնում է:

Այնուհետև տետրակի մեջ նկարագրվում է Պողոսի մինչև հիսունի չափ սարսափելի բարբարոսություններն, որք արտահայտում են նորա գազանային, ցած և անբարոյական բնավորությունը: Մենք լռում ենք նոցա մասին, որովհետև չենք ուզում զզվեցնել ընթերցողին:

Նորից բողոքները թափվում են դեպի Պոլսի Ազգ. Վարչությունը: Քաղաքական ժողովը գործը գցում է Կրոնական ժողովին, վերջին այդ խնդիրն յուր վրա չէ առնում: Խրիմյանը ստիպված է լինում ինքնին գործի վճիռը տալ. Բարձ. Դռան հրամանով և յուր պատրիարքական թադիրով9 Պողոսին Վանից աքսորելով, Ուչ Քիլիսայի վանքն է ուղարկում: Այնտեղ Պողոսն անտանելի է դառնում, աքսորը դարձյալ Խրիմյանի հրամանով փոխվում է Կարին: Բայց Կարինում Պողոսը նույնպես հանգիստ չէ մնում, նորա հին բարեկամների, քրդերի զանազան իշխանների գաղտնի և հայտնի հարաբերությունները նորա հետ դարձյալ շարունակվում են: Պողոսը Կարինում դառնում է ոչ միայն անտանելի, այլև վտանգավոր: Այնտեղից բողոքում են Պոլսի Ազգ. Վարչությանը Պողոսի աքսորանքի տեղը փոխել: Ազգ. Վարչությունը մի քանի «պողոսյանների» միջնորդությամբ որոշում է` ներկա հունվարի 10-ին, որ Պողոսը Բարձ. Դռան հրամանով կրկին Վան երթա և մնա Անապատում, այն անապատում, որտեղից նա քանի տարի առաջ սպառազինյալ քուրդերով Վանա առաջնորդարանին վերա հարձակվեցավ և խեղճ Իգնատիոս եպիսկոպոսի գլխին այն սարսափելի դրաման խաղաց:

Պոլսի Ազգ. Վարչության մի այդպիսի որոշումը մեծ խռովություն է բարձրացնում Վասպուրականի մեջ: Ժողովուրդն ամենևին չէ ուզում այն մարդին կրկին յուր մեջ ունենալ, որից այնքան չարիքներ կրած էր: Բայց Ազգ. Վարչությունը բոլորովին անտես առնելով ժողովրդի բողոքը, մնում է հաստատ յուր որոշման վերա, որովհետև Պողոսին պաշտպանողները ժողովրդի մի քանի նշանավոր անձինքներն էին10:

Ինչո՞վ է վերջանում այդ խռովությունը: Ժողովրդի ներկայացուցիչները վերոհիշյալ տետրակը առաջարկելով Պոլսի Ազգ. Վարչությանը, երեսները դարձնում են այդպիսի խոսքերով` «Եթե Ազգ. Վարչությունը նորեն անփոփոխ պահե իր ըրած որոշումն, մեզ կմնա վերջինը համարել խոհեմություն... և դիմել բարձրագույն կառավարության ներկայացնելու մեր այս կենաց և մահու խնդիրը...: Ալ ազատ պիտի մնա մեր խիղճը, մեր պատիվն ալ»:

Մենք հուսով ենք, որ Պոլսի Ազգ. Վարչությունն այնքան խոհեմ կլինի, որ չի արհամարհի ժողովրդի ձայնին, որպես ճշմարտության ձայնին, ի նկատի ունելով այն սարսափելի հետևանքն, որ կարող է ծագել այդպիսի դեպքերից: Որովհետև երբ Ազգ. Վարչությունը, չհարգելով ժողովրդի բողոքները, նորանց առիթ կտա դիմել Բարձ. Դռանը, այսպիսով նա ինքը ճանապարհ կբաց անե հայերի դեմ դեպի տաճիկների դիվանատները դիմելու:

Այդ է կառավարության իսկական նպատակը: Երբ որ այդպիսի դեպքերը կկրկնվեն հաճախակի, կառավարությունը մի օր կասե. հայեր, մենք տվեցինք ձեզ սահմանադրություն և ազգային ինքնակառավարության իրավունքներ, բայց դուք անընդունակ եղաք վարելու, ուրեմն ետ տվեք: Արժե՞ արդյոք մի այդպիսի կորուստը զոհել մի քանի շահասեր «պողոսյանների» հաճույքին, որք Խրիմյանի անկումից հետո, աշխատում են Պողոսին այդ միջոցով կրկին Վանա առաջնորդության աթոռը նստեցնել

«ՔՆԱՐ ՄՇԵՑՎՈՑ ԵՎ ՎԱՆԵՑՎՈՑ» ԳՐՔՈՒՅԿԻ ԱՌԻԹՈՎ

Լույս տեսավ Ս. Էջմիածնի տպարանից հայր Արիստակես վ. Սեդրակյանի հրատարակությամբ մի գրքույկ, որ կոչվում է «Քնար մշեցվոց և վանեցվոց»: Այդ գրքույկը բաղկանում է 46 երեսից և պարունակում է մինչև 36 երգեր, որ ժողովել է հրատարակիչ հայրը Տարոնի և Վասպուրականի ժողովրդական երգերից:

Երգերը կարելի է բաժանել երկու մասն` կրոնական և լիրիկական: Առաջին մասին պատկանում են` «Ծննդյան երգ». «Ս. Կարապետն Գլակա վանքից», «Քարոզ խաչ», «Հոգի և մարմին»: Այդ երգերը, թեև զուրկ են դավանաբանական և պատմական ճշտություններից, այսուամենայնիվ, նոքա հետաքրքրական են նրանով, որ արտահայտում են գռեհիկ և անուս ժողովրդի հայացքը յուրյանց սրտին խիստ սուրբ եղած առարկաների վերա: Օրինակի համար, «Ծննդյան երգի» մեջ ժողովրդական ֆանտազիան չէ բավականանում նրանով, թե Մեսիայի ծնունդն եղավ անշուք փարախի անկյունում, հովիվների տնակի մեջ: Նա ընծայում է մարդկության նորածին փրկչին մի տուն, որո շինվածքը շաղախված էր աշնան գինիով, զարդարած էր գարնան ծաղիկներով. եկեղեցին ներկայացնում էր նորա թոնիրըսրբազան կրակարանըիսկ բոլորած լուսինը` կազմում էր այն թոնրի խուփը: Մի տուն, որո սյուները խնկենի ծառերից էին, առաստաղը` ծալ-ծալ ոսկուց. աղավնիք հարսների նման սպասավորում էին այնտեղ և մանիշակի փունջերով ավելում էին, մաքրում էին տունը և այլն:

Դորանից երևում է, թե որպիսի առասպելաբանական կերպարանք է ստանում կրոնքը, երբ նորա ծագումը կապված էր մի ազգի բանաստեղծության հետ:

«Սուրբ Կարապետն Գլակա վանից» այդ երգը, որ նվիրված է Մշու սուրբ Կարապետի վանքին, ցույց է տալիս այն խորին, մինչև մոլեռանդության հասած հավատքը ժողովրդի, որ ունի նա դեպի յուր պաշտած սրբարանը: Նա ամեն ինչ սպասում է նորանից. յուր կյանքի բոլոր պետքերի մատակարարը նորան է համարում: Նա տալիս է այդ վանքին «Մշու սուլթան» — Մուրադատուր» տիտղոսները, այն ջերմ հուսով, որ ամեն մուրադների, այսինքն` նպատակների և փափագների կատարողը նա է: Ահա մի այդպիսի հավատքն է, որ ձգում է հեռու աշխարհներից բազմաթիվ հայ ուխտավորների քարավանները դեպի այդ վանքը...: Բանաստեղծը չէ ընդունում Հովհաննեսին որպես Քրիստոսի մկրտիչ, նորա երեսուն տարեկան հասակում, այլ որպես կնքավոր նորա երեխայության ժամանակ: Այդպես էլ հավատում է ժողովուրդը: Իսկ ինչ որ վերաբերում է այն խոսքերին, — թե որպես սուրբ Կարապետ հաղթեց չար ոգիներին, որք չէին հեռանում նորա սրբարանից, և բանտարկեց նորանց մթին զնդանում, — այդ ավանդությունն այնքան հին է, որ գուցե հասնում է մինչև Լուսավորչի օրերը, երբ այդ վանքը հեթանոսական մեհյանից քրիստոնեական տաճարի վերափոխվեցավ, երբ Տրդատ Ամանոր չաստուծո տոնի փոխարեն հրամայեց կատարել սուրբ Կարապետի տոնախմբությունը: Սուրբ Կարապետի մարմինը Կայսարիից (Կեսարիայից) Տարոն բերվիլը, որպես ասվում է երգի մեջ, հիշում չեն մեր պատմագիրները: Թեև խորին կապ ունեն ժողովրդական ավանդությունները նորա պատմական անցյալի հետ:

«Քարոզ խաչ»: Այդ երգի մեջ նկարագրվում է մի ամբողջ առասպել, թե որպես խոտաղները (խոտարած մանկտին) դաշտում պոխի կոչված բույսից շինում են մի խաչ, զարդարում են նորան: Թե որպես նոցա աղոթքով երկնքից իջնում է նույն խաչի մեջ «սուրբ մասունք»: Գյուղացիք փառավոր հանդիսով այդ սրբությունը տանում են գյուղը: Նա ցերեկով հովանի էր լինում նոցա գյուղի վերա և պատսպարում էր արևի տոթից, իսկ գիշերով արեգակի նման լույս էր սփռում: Թե որպես չար գզիրի մատնությամբ այդ դեպքը լսում է մի քուրդ աղա, կամենում է խաչը յուր ամրոցը տանել, որ այնտեղ լուսավորե: Որո պատաճառով ինքը, յուր բոլոր գերդաստանի հետ, պատժվում են կատաղության ախտով և այլն: Այդ երգը, իբրև ծնունդ ժողովրդական սնահավատության, նշանավոր է նորանով, թե որպես ստեղծագործվում են հրաշքները:

«Հոգի և մարմին» երգի մեջ ընթերցողը տեսնում է ամբոխի հայացքը, որ նա ունի ներկա աշխարհի և առհասարակ կյանքի վերա: Երևակայելով մի փառավոր և խաղաղ ապագա գերեզմանի մյուս կողմում, մշեցին նայում է նյութական աշխարհին որպես անցավոր և փուչ բանի վերա, որո պետքերի մասին մտածելն անգամ մեղք էր: Այդպիսի ուղղությունը նկատելի է համարյա մեր բոլոր ռամկական երգերի մեջ, երբ նոքա հայտնում են որևիցե կարծիք ներկա և հանդերձյալ կյանքի մասին: Այդ վնասակար համոզմունքի ներշնչությունը ժողովրդի մեջ, մենք ուրիշ պատճառի չենք կարող ենթադրել, եթե ոչ այն բազմաթիվ վանքերի, ճգնավորների, և միայնակյաց աբեղաների ազդեցությունը, որոցմով շրջապատված են Մուշը և Վանը: Եվ այդ է պատճառը, որ Տարոնի և Վասպուրականի ժողովուրդը չափից դուրս ծույլ են դեպի աշխատությունը, նոքա բավականանում են այնքանով, որ կարող լինեին վարել յուրյանց աղքատիկ ապրուստը, այլ խոսքով, նոքա արհամարհում են մարմինը, մտածելով հոգու մասին, որ ուներ ավելի փառավոր և տևողական ապագա:

Լիրիկական երգերի մեծ մասը ջանիմաններ են. այդ անունը, որ պարսկերեն նշանակում է իմ հոգյակս, տալիս են մի տեսակ պարերգի, որ երգվում է զանազան խաղերի մեջ: Այդ խաղերը Վասպուրականի և Տարոնի կողմերում կոչվում են գովանդ, կամ գոնդ, իսկ Արարատա կողմերում յալլի: Խաղացողները երկու սեռից ևս, միմյանց ձեռքից բռնելով կազմում են բոլորակ շղթա, որ պար գալով զանազան պտույտներ և շրջաններ է գործում, իհարկե շարժմունքները հարմարեցնելով պարի եղանակին: Պարագլուխը (յալլի բաշին) սկսում է մի ջանիման, իսկ ամբողջ խորը կրկնում է երգի ամեն մի տան վերջին տողերը միայն: Այդ է պատճառը, որ ջանիմանների մեջ առաջին տողը կրկնվում է միշտ, օրինակ.

Ջանիման, ջանիման,
Դեհե զընկ զընկ, դեհե ջան,
Բաղնի ջան, Բաղնի և այլն:

Լիրիկական մնացյալ երգերի մեծ մասը, որպիսին են` «Մայրամ», «Լալուխան», «Խումար», «Չաշմիկ», «Խանգյուլ» — եթե կարելի է այդպես կոչել, դոքա ժողովրդական երգիծաբանություններ են, դեպի նույն անձինքը, որոց անունները հիշվում են այդ երգերի մեջ: Ամեն մի տարապայման երևույթ ժողովրդի մեջ, որ հարմար չէր նորա սովորությունների և կյանքի կանոններին, միշտ սաստիկ ազդեցություն ունի նորա սրտի և հոգու վերա: Մի պարզ, նահապետական մաքրությամբ ապրող ամբոխի մեջ մի կնոջ փոքր ի շատե տարապայման վարմունքը, ոչ միայն հարուցանում է ընդհանուրի զզվանքը, այլև յուր վերա է դարձնում նորա երգիչների պարսավը: Այդ է պատճառը, որ ժողովրդական երգերի մեջ, երբ նոքա վերաբերում էին որևիցե անձնականության, ըստ մեծի մասին չեն հիշվում հնարված անուններ, այլ իսկական անուններ, որք առնված էին կյանքից: Այդպես է և պ. Միանսարյանցի «Քնարի» մեջ տպված «Զուլոն»:

Լիրիկական երգերի մեջ հետաքրքրական է մի հարսանյաց երգ (տե՛ս եր. 16-ը), որը նվիրված է փեսայի մորը: Հեռանալով հայրենական օջախից, դեռահաս օրիորդը պիտի մտնե մի նոր շրջան, մի նոր ընտանեկան լծորդության մեջ: Նորան կանգնեցնում են այն տան շեմքի վերա, որո մեջ ընտրված էր նա լինել գերդաստանի անդամ: Այդ երգով հրավեր են կարդում փեսայի մորը, որ նա դուրս գա տնից և ընդունե յուր նորընծա հարսնացուն: Երգի մեջ կարդացվում է այդ խղճալի զոհի ճակատագիրը, նորա պաշտոնը, որ պետք է լիներ ամուսնի տան մեջ: Ահա երգի միտքը` «Դուրս արի, դե դուրս արի, թագավորի (փեսայի) մայր, դուրս արի, քեզ համար աղբյուրից ջուր բերող ենք բերել. քեզ համար դաշտը հաց տանող ենք բերել, քեզ համար ձավար ծեծող ենք բերել. քեզ համար հաց թխող ենք բերել, քեզ համար կերակուր եփող, տունը ավլող, աղախին ենք բերել» և այլն:

Դեռահաս աղջիկն առաջին օրից դառնում է մի կրավորական էակ պառավ կեսուրի անսահման իշխանության ներքո, նորա մեջ ճնշվում, խեղդվում են մարդկային ազատ զգացմունքները: Այդ երգը մասնավորապես երևան է հանում հայոց ընտանեկան կյանքի այն պատրիարքական միապետությունը, ուր գերդաստանի պետը իշխում է բոլոր մանուկ ուժերի վերա:

Մի այլ տեղ, որպես է եր. 22. ԺԲ երգի մեջ, մշեցին արտահայտում է յուր սիրո զգացմունքները: Նա երևակայում է յուր սիրուհին կանգնած աղբյուրի մոտ, որո դեմքը շողշողում էր արեգակի լուսով. այդ միակ տեղն է, ուր հաճախ կարելի էր տեսնել գյուղացի աղջիկներին: Գովում է նորա ժրությունը, որ երկու սափոր միասին շալակն առած, գալիս էր աղբյուրից ջուր տանելու: Նորա մեջքի նրբությունը նմանեցնում է յուր խենջարի բարակ կոթին, իսկ նորա կուրծքի սպիտակությունը` մածունի: Նորա ընթացքը նմանեցնում է ոչխարների շորոր տալով ճեմելուն: Եվ արդարև, ուրիշ ի՞նչ գեղեցիկ համեմատություն կարող էր գտնել մի խաշնարած ժողովրդի որդին, քան խենջարը, որ յուր անձի պաշտպանն է, քան մածունը, որ նորա սիրելի կերակուրն է, քան ոչխարը, որ նորա հարստությունն է: Բնության այլ գեղեցկությունները նորա համար զգալի չեն: Յուր նպատակին հասնելու համար, սիրած օրիորդն յուրյան կին ունենալու համար, հերոսը մտածում է գործ դնել երկու միջոցներ միայն, կամ փախցնել աղջկան յուր ալ նժույգով և կամ նորա հայրը, եթե հարյուր ուզելու լինի, փոխարենը հազար վճարել և առնել աղջկան: Փոխադարձ սերն այս հանգամանքում տեղիք չունի: Ծնողքների կամայականությունը ստիպում է սիրողներին այդպիսի միջոցների դիմել:

Դառնալով դեպի այդ երգերի գրականական նշանակությունը, մենք այդքանը կասենք, որքան այդպիսի ժողովրդական երգերը կազմված լինեին կոշտ-կոպիտ կերպով, որքան նոքա զուրկ լինեին արհեստական գեղեցկությունից, այսուամենայնիվ, նոքա դարձյալ նշանավոր են, որպես մի անզարգացած, դեռ յուր տղայության մեջ ապրող ժողովրդի երեխայական-անկեղծ թոթովանքը, որ բխում է նորա սրտից և նորա կյանքից:

Մի ազգի կամ մի ժողովրդի բարոյական և մտավոր պատկերն ավելի ճշտությամբ երևում է նորա բանաստեղծության մեջ. կամենում ես ճանաչել նորա հոգին, կարդա նորա երգերը:

Մշեցվոց և վանեցվոց երգերի մեջ ընթերցողը տեսնում է ոչ թե երևակայական էակներ, այլ մի կենդանի ժողովուրդ, թե որպես ապրում է նա, որպես մտածում է, զգում է, վերջապես որպես սիրում է նա: Այդ իսկ հատկանիշն է ժողովրդական երգերի:

Մինչև այսօր տպված աշըղ Շիրինի, Նիրանու, Ադամի և այլ դոցա նման երգերը չէ կարելի կոչել բուն ազգային կամ ժողովրդական: Նոքա որիշ բան չեն, եթե ոչ կուրորեն հետևողություն պարսից կամ թուրքաց մուխամմազների ձևերին: Բայց մշեցվոց և վանեցվոց երգերի մեջ կա ինքնուրույնություն, կա մի ժողովրդի հատկանիշ, բնավորություն:

Բացի մեր հիշածները, այդպիսի երգերը, որպես մի ժողովրդական բարբառի մաքուր օրինակ, ունեն և լեզվագիտական նշանակություն: Նոցա լեզուն, թեև չափից դուրս աղավաղված է, այսուամենայնիվ նորա մեջ դեռ պահպանված են մեր հին լեզվի մի քանի ձևերը. ընթերցողը հանդիպում է մինչև այսօր յուրյան անծանոթ բուն հայկական բառերի, որոնց նա ոչ մի գրքի մեջ չէ տեսել:

Դառնալով դեպի այդ գրքույկի հրատարակությունը, մենք չենք կարող չհամակրել հայր Արիստակես վ. Սեդրակյանի գովելի աշխատությանը. առավել այն պատճառով, որ նա յուր դասի մեջ մի նախանձելի օրինակ է, որ յուրյան նվիրել է այդպիսի աշխատությանը: Բայց միևնույն ժամանակ չենք կարող չնկատել, որ այդ գրքույկն ունի յուր թերություններն, այն կողմից, որ բոլոր անհասկանալի բառերի բացատրությունները դրած չեն, մանավանդ այն տողերը, ուր ամբողջ տողեր թուրքերեն կամ քուրդերեն են: Բացի դորանից ծանոթությունների մեջ տեղ-տեղ երևում են անճշտություններ: Որո ընդհակառակն, ոչ միայն հարկավոր էր դնել ամեն մի բառի բուն նշանակությունը, այլև անհասկանալի պարբերությունների և դարձվածների միտքը նույնպես պետք էր բացատրել:

ՀԱՍՈՒՆՅԱՆԸ ԵՎ ՅՈՒՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Համարյա 8 տարի է Կ. Պոլսի մեջ հուզվում է հասունյանների և հակահասունյանների խնդիրը, բայց տակավին յուր վերջնական լուծմանը հասած չէ: Այդ խիստ տխուր մի երևույթ է մեր հայ կաթոլիկների կյանքի մեջ, երբ լուսավոր աշխարհի ուշադրությունը դարձած է այն հարցի վերա, թե որքան բռնակալ պապականությունը վնասեց մարդկային առաջադիմության գործին, երբ ամեն մի ազգի մտածող մասը աշխատում է թոթափել իրենից Հռոմի շղթաները, և ահա Տաճկաստանում հանդիսանում է մի կուսակցություն, կնքված Հասունյանի անունով, որ կրկին մտնում է պապիայդ համաշխարհային հրեշիծանր լծի տակ:

Հասկանալի է մի հերձված որևիցե ժողովրդի մեջ, որ թոթափելով իրանից հնության փոշին, ձգտում էր դեպի ավելի պարզ, ավելի ազատ կրոնական գաղափարները: Բայց հասունյանների վարմունքը բոլորովին հակառակ երևույթ է ներկայացնում, մի երևույթ, որ քանի մի դարով պետք է ետ մղեր նոցա առաջադիմությունը և կրկին տաներ դեպի այն ստրկությունը, որ քարոզվում է հոգու փրկության անունով...

Մենք ավելորդ ենք համարում մտնել այդ հարցի դավանաբանական վիճմունքների մեջ. քննել նորան ազգային և հասարակական կետից: Երբ մի փոքր հեռու հայացք ենք ձգում դեպի մեր ազգի պատմական անցյալը, տեսնում ենք` կրոնափոխությունները հայերի մեջ եղած են ոչ այնքան հավատքի համոզմունքով, որքան քաղաքական նպատակներով: Հայը, նեղված տաճիկներից, պարսիկներից և այլ բարբարոս հարստահարողներից, չէ մտածել յուր սեփական ուժերից օգուտ քաղել, նա սովորած է եղել միշտ օտարներից օգնություն մուրալ, և նորան հասնելու համար զոհել է նա մինչև անգամ յուր գոյության ամենակենսական տարերքըյուր անկախ եկեղեցին և ազգայնությունը:

Հայերի կրոնական միության ձգտումը երբեմն Հռոմի և երբեմն Բյուզանդիոնի հետ` նոցա քաղաքական նպատակների արտահայտությունն էր:

Բայց ի՞նչ օգուտ շահեցին հայերն այդ ընթացքը բռնելով: — Ոչի՛նչ: Եվ այն ժամանակներում, երբ պապերի մի խոսքը վայր էր գլորում թագավորներին յուրյանց գահից և այն ժամանակներում, երբ նոցա հրամանով ամբողջ երկիրներ ողողվում էին պատերազմական արյունով, պապերի այն հզոր իշխանությունն ոչ միայն չկարողացավ ազատել հայերին թշնամիների սրից, այլ ավելի և ավելի գրգռեց թաթարների, տաճիկների և Եգիպտոսի ամիրապետների կատաղությունը, և Հայաստանը նոցա ավերմունքին զոհ դարձավ:

Այսքան դառն և արյունալից փորձերից հետո, արևմուտքից օգնություն հուսալու ցնորքը մինչև այսօր տաճկաստանցի հայերի երևակայության մեջ մեծ դեր է խաղում: Կապված լինել Հռոմի հետ և պապիայդ արդեն ուժից ընկած ճիվաղիօգնությամբ գրավել Ֆրանսիայի կոնսուլների և դեսպանների պաշտպանությունըդոքա գլխավոր շարժառիթներն էին, որք ստիպել են տաճկաստանցի հային ընդունել կաթոլիկությունը:

Չնայելով, որ այժմ Տաճկաստանի կառավարությունը այն չէ, ինչ որ էր սուլթան Մահմուդի ժամանակ, այսուամենայնիվ պապի որսորդները վաղուց ճանաչած էին հայերի մի այդպիսի թույլ կողմը և ամենայն կերպով աշխատեցին նրանից օգուտ քաղել: Եվ այդպիսով նոքա կտրեցին ազգի ամբողջությունից 150,000 հոգու հասնող մի հատված, որ կոչում է յուրյան կաթոլիկ և ֆրանգ անուններով և թուլացրին ազգի միության ուժերը:

Ընթերցողի ուշադրությունը դարձնելով «Մշակի» անցյալ և ներկա համարների բանասիրականի վերա, դառնանք կրկին դեպի հասունյանների և հակահասունյանների խնդիրը: Որպեսզի կարողանանք լավ ծանոթացնել այդ երկու կուսակցությանց նպատակների հետ, հարկավոր ենք համարում հիշել, որ մինչև 1865 թիվը, այսինքն` մինչև Կիլիկիայի վերջին կաթողիկոս Գրիգոր Պետրոս ութերորդի մահը, Տաճկաստանի մեջ հայ կաթոլիկների հոգևոր կառավարությունը երկու թեմերի էր բաժանված, այն է` Կիլիկիայի և Կոստանդնուպոլսի, որք ունեին յուրյանց առանձին կաթողիկոսները և պատրիարքները: Նոքա թեև պապի իրավասության ներքո էին գտանվում, բայց` դեռ բոլորովին զրկված չէին յուրյանց ազգային առանձնություններից: Նոքա պահպանել էին յուրյանց նախկին եկեղեցվո ծեսերը, ժամասացությունը և լեզուն: Ժողովուրդն ինքն էր ընտրում յուր կաթողիկոսները, պատրիարքները և ազգապետները, ներկայացնում էր պապի և Բարձր. Դռան հաստատությանը: Ժողովրդի ձեռքումն էր եկեղեցական կալվածների, դպրոցների, հիվանդանոցի և այլ ազգային հիմնարկությունների պահպանությունը: Մի խոսքով ժողովուրդն ուներ յուր հասարակական և եկեղեցական անկախ կառավարությունը, նա հպատակում էր պապին, ընդունելով նորան իբրև եկեղեցվո գլուխ միայն, բայց թույլ չտալով միջամտել յուրյանց ներքին գործերում:

Բայց Հռոմի քաղաքականությանը ընդդեմ էր հայ կաթոլիկների հիշյալ իրավունքների վայելումը, նա ամենայն ջանք գործ էր դնում խլել նրանցից յուրյանց առանձնաշնորհությունները և իսպառ հպատակեցնել Վատիկանի իշխանությանը: Յուր այդ նպատակին հասնելու համար պապը գործիք է ընտրում Հասունյան Անտոն վարդապետին, որ 1833 թվին պրոպագանդայի դպրոցում ավարտելով յուր ուսումը, ձեռնադրվում է քահանա և վերադառնում է յուր հայրենիքը` Կ. Պոլիս: Այն օրից այդ նենգավոր եկեղեցականի կյանքը ներկայացնում է մի անընդհատ շարք ինտրիգաների, խռովությունների և ապստամբությունների, որոնցմով նա անցնում է հոգևոր իշխանության ավելի բարձր և բարձր աստիճանները, և վերջապես 1867 թվին նշանակվում է կաթողիկոս և պատրիարք Կիլիկիայի և Կ. Պոլսի աթոռներին, միացնելով այդ երկու որոշ թեմերը յուր իշխանության ներքո:

Հասունյանն յուր վաղուց փափագած բաղձանքին յուրյան հասած էր համարում: Բայց Պիոս իններորդը էժան գնով չծախեց Հասունին յուր շնորհած իշխանությունը: Նա պետք է զոհեր հայ-կաթոլիկների դարերով պահպանված իրավունքները պապի կամայականությանը: Եվ այդպես եղավ: Պապի և Հասունյանի հետ հաստատած նոր կանոնադրության համաձայն հայ-կաթոլիկների բոլոր ժողովրդական առանձնաշնորհությունները ոչնչանում էին, և նոքա դառնում էին մի լոկ կրավորական մարմին, ենթարկված Հռոմի և նորա ներկայացուցիչների իշխանության ներքո:

Բայց բռնակալությունն այն ժամանակ միայն ավելի զգալի է լինում, երբ ուղղակի կերպով դիպչում է ժողովրդի իրավունքներին: Հակահասունյանների ապստամբությունը մի համարձակ, միևնույն ժամանակ հակակրական բողոք էր ընդդեմ Հռոմի քահանայապետի մի այդպիսի վարմունքին: Նոքա ճանաչեցին այն վաղեմի սխալը, թե արևմուտքից նորանց օգուտ չկա, թե նորանց պետք է գրավել տիրող պետության հովանավորությունը, հիմնվել յուրյանց սեպհական ուժերի վերա և պահպանել յուրյանց ազատությունը և ազգային իրավունքները: Բայց բոլորովին այլապես էր մտածում հակառակ կուսակցությունըհասունյանները: Նոքա բռնեցին պապի և նորա ներկայացուցիչ Հասունի կողմը: Ահա մի հետադեմ կուսակցություն, որ կույր մոլեռանդությամբ զոհում է անսխալական կիսաստվածին յուր ազատությունը, եկեղեցվո ժողովրդականությունը, որ աշխատում է ոչնչացնել յուր ազգային սրբությունները և ստրկանալ...:

Բայց որքան զզվելի է ստրկության գաղափարը, այնքան ժամանակ պատմագրության մեջ դատապարտելի կմնա Հասունի և Նորա կուսակիցների ազգանենգ վարմունքը

ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

Մեզանում գրականությամբ պարապվողներն ըստ մեծի մասին աղքատ մարդիք են: Եթե նրանցից մեկը հեղինակել, կամ թարգմանել էր որևիցե գիրք, տարիներով նորա աշխատությունը լույս չէ տեսնում, մնում է առանց տպագրվելու:

Ի՞նչ անե հեղինակը: Նորա աշխույժը սառչում է, նա հուսահատվում է և դադարում է աշխատելուց. տեսնելով, որ յուր պարապմունքը ոչ միայն հաց չէ տալիս նորան, այլև նա զրկվում է յուր գործունեության բարոյական բավականությունից:

Մի միջոց, որ շատ անգամ գործ է դրվում մեզանում գրքեր տպագրելու, այն է, որ հեղինակը կամ նորա բարեկամներից մեկը ստիպված են լինում բաժանորդագրության թերթը դռնե-դուռն ման ածել, դորան նորան խնդրել, որ մի քանի օրինակ ստորագրեն, արծաթը կանխիկ վճարելով: Եվ եթե հաջողվում է մի այդպիսի ձանձրալի ձեռնարկությունը, այնևս ոչ թե հեղինակի տաղանդը հարգելու և նորան խրախույս տալու համար է լինում, ոչ, այլ որպես ռամկորեն ասում են` «խաթրի համար»:

Թե հիշյալ միջոցներով գիրք տպագրելը որքան վիրավորում է հեղինակի անձնասիրությունը, այդ ինքնըստինքյան հասկանալի է. բայց ի՞նչ հնարներ պետք է գործ դրած նրանց այդ դժբախտություններից ազատելու համար:

* * *

Առհասարակ գրքերի պահանջը մեզանում այնքան զգալի է, որ այդ մասին երկար խոսելը բոլորովին ավելորդ է:

Մանկավարժական ժամանակակից խնդիրն արդեն զարթել է մեր մեջ, և մենք խիստ հաճախ լսում ենք` նոր մեթոդ, նոր եղանակ պետք է մտցնել դպրոցների մեջ. հին, փտած գրությունը պետք է ոչնչացնել և նոր համակարգությամբ կազմակերպել ուսումնարանների ձևը և այլն:

Բայց այդ վերանորոգություններին հարկավորած դասագրքերն ունե՞նք արդյոք: — Այդ մասին ո՛չ ոք չէ մտածում:

Գիտությունների և արհեստների դասավորությունը հայերենի լեզվով պետք է լինի, կրկնում են նույն ձայները, և երեխան երեխայությունից պետք է սովորի մտածել և խոսել ազգային լեզվով:

Իսկ այդ առարկաներին հարկավոր ձեռնարկներ ունե՞նք: — Դարձյալ ո՛չ ոք չէ մտածում:

Հարաժամ լսում ենք` ժողովրդի մեջ պետք է ընթերցանություն տարածել, դարուս լուսավոր գաղափարները պետք է նորա մեջ տարրացնել, արհեստների և գիտությունների հետ պետք է ծանոթացնել և հեռացնել պետք է նրանից վաղեմի նախապաշարմունքները, սովորեցնելով նորան ազատ և առողջ դատողություն:

Ահա այդպիսի հազար ու մեկ ցանկություններ լսվում են մեզանում: Բայց ո՞ր գրքերի միջոցով կարող ենք հասնել դորան: Պատասխանը կլինի` գրքեր չունենք:

* * *

Ինչո՞ւ չունենք:

Կոշկակարն յուր արհեստով ապրում է. հյուսն յուր արհեստով ընտանիք է պահում. իսկ գրքերի հեղինակն յուր գլուխն անգամ պահել չէ կարողանում: Նորա արդյունաբերությունը մի այնպիսի մթերք է, որ խիստ սակավ է գնահատվում: Չկա մի ձեռք, որ գնելով նորա աշխատության նյութը հաղորդեր ամբոխին:

Մեր հայ գրավաճառները մեծ մասամբ օտար ազգի գրքերի առևտուրով են պարապված: Նոքա խիստ հեռու են պահում յուրյանց այն մտքից, որ գնեին հայ հեղինակի աշխատությունը և յուրյանց ծախսով հրատարակելով տարածեին ամբոխի մեջ: Եվ եթե նրանցից մեկը հոժարվում է գնել մի աշխատություն, այն ևս այնպիսի պայմաններով, որ հեղինակի թղթի և մելանի արժեքը չէ դուրս բերում:

Իսկ առանձին մեկենասներն մեր մեջ հազվագյուտ բաներ են: Մեր հարուստները պատրաստ են հազարներով մսխել յուրյանց փառասիրության համար, իսկ մի հեղինակի միջոց տալ յուր աշխատությունը ի լույս ածելու, այդ նրանց համար մահ է:

* * *

Մասնավոր անձանց նվիրատվությամբ գիրք տպագրելը հաստատուն լինել չէ կարող, որովհետև զոհաբերությունը որքան գեղեցիկ բան է, այնքան և անտևողական է:

Ուրեմն, գրքերի տարածելը ժողովրդի մեջ ոչ թե մասնավոր մարդու գործ է, այլ մի կազմակերպված ընկերության գործ:

Թողնենք օտարազգիների մեջ զանազան ձևերով եղած տպագրական ընկերությունները, թողնենք Կ. Պոլսի մեջ նույն նպատակով կազմված մի քանի ընկերություններ, հիշենք միայն Վենետիկի և Վիեննայի հայ աբեղաների միաբանությունները: Նոքա ոչ միայն ազատեցին մեր հին մատենագրությունը Հայաստանում վանքերի խորշերում փտելուց, այլև ընծայեցին մեզ թվով շատ ինքնուրույն և թարգմանական հեղինակություններ: Նոքա մի կողմից տարածեցին մեր հասարակության մեջ ընթերցասիրություն, ծանոթացրին եվրոպական գիտությունների հետ, մյուս կողմից, հարստացրին յուրյանց վանքը:

Следующая страница