Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Ս. Էջմիածնի տպարանը կարող էր նույն դերը խաղալ, ինչ որ արեցին վենետիկցիք, եթե նրա գործունեությունը չլիներ սահմանափակված և եթե վանքի միաբանությունը կազմված լիներ գիտնական աբեղաներից և նոքա յուրյանց նվիրած լինեին գրականության:

Բայց դժբախտաբար Ս. Էջմիածնա մամուլը Ճաշոցներով և սուրբ գրքերի հին մեկնություններով է զբաղված

* * *

Վերոհիշյալ հանգամանքներն աչքի առաջ ունելով, մեզ համար խիստ զգալի է լինում մի օրինավոր տպագրական ընկերության կարևորությունը:

Բայց թիֆլիսեցի հայը ոչ մի գործի միջամուխ չէ լինում, մինչև, նորա մեջ մի շոշափելի օգուտ չտեսնե: Հինգ աբասով առնել, տասն աբասով ծախել, այդ բաները նորան այնքան սովորական են, որ նա մի ուրիշ առևտրական հիմնարկության վերա չէ մտածում: Առհասարակ թիֆլիսեցի հայի գործունեությունը վաճառականական ասպարեզում դալարի գործունեություն է, — մի ձեռքից առնել, մյուս ձեռքին տալ. նա ինքը մի նյութ արդյունաբերելու ընդունակ չէ:

Ուրեմն խիստ դժվար է հասկացնել, թե վաճառականական սկիզբների վերա հիմնված մի տպագրական ընկերություն կարող էր տալ նրանց, եթե ոչ այն կողոպուտներն, որ անում են յուրյանց առևտուրից, այլ մի արդար և խղճմտանքով արդյունք: Իսկ դորանով մեր դրամատերները բավականանալ կարող չեն: Դարձյալ ստիպված ենք դիմել ուրիշ միջոցների:

* * *

«Մշակի» 45-րդ համարում տպված էր մի լուր, թե մեծապատիվ Օնանովի հորդորանքով հավաքում է մի գումար Ներսիսյան դպրոցի հոբելյանի տարեդարձը կատարելու համար: «Մշակը» յուր կողմից արել էր մի առաջարկություն, թե ավելի լավ կլիներ հոբելյանի հանդեսն որքան կարելի է համեստ կերպով կատարել և ավելորդ գումարն ընծայել դպրոցին, նորա տոկոսով մի աշակերտ արտասահմանում ուսանելու համար:

Այժմ լսում ենք, որ քանի օր առաջ մեծապատիվ Օնանովի հոգատարությամբ կազմվել է մի ժողով բժշկապետ Շահպարունյանցի տանը, ուր հավաքված են եղել Ներսեսյան դպրոցի հին աշակերտներից ոմանք, ստորագրել են մի նշանավոր գումար, որո տոկոսով մի աշակերտ պետք է ուսում առնե արտասահմանում հանուն հանգուցյալ Ալամդարյանի, որը նոցա վարժապետն է եղել: Արդարև, երախտագիտության մի գովելի արտահայտություն է այդ դեպի այն մարդու հիշատակը, որ նոցա մտավոր և բարոյական դաստիարակիչն է եղել:

Բայց հանդիսականներից մինը պարոն Ն. Տ. Շ., հայտնելով գրատպության այժմյան մեծ կարևորությունը, և նկարագրելով հեղինակների աննախանձելի դրությունը, նույն ժողովի մեջ արել է ուրիշ առաջարկություն, թե հավաքված գումարը փոխանակ գործ դնելու մի աշակերտ ուսում առնելու համար, ավելի օգտավետ կլիներ նույն գումարով կազմել մի դրամագլուխ, որո տոկոսով տպագրվեին զանազան գրքեր, և այդպիսով միջոց տրվեր հեղինակներին թե՛ ապրելու, և թե՛ եռանդով աշխատելու:

Որպես լսում ենք, պարոն Ն. Տ. Շ.-ի առաջարկությունն ընդունվել է ժողովի ընդհանուր համակրությամբ և նոքա վճռել են` բացի հանգուցյալ Ալամդարյանի անունով հավաքված նվիրատվությունները, կազմել մի տպագրական ընկերություն, ստորագրությամբ հավաքելով մի առանձին դրամագլուխ գրատպության գործին նպաստելու համար:

Հուսով ենք, որ մեծապատիվ Օնանովն ի թիվս յուր այլ բարեգործությանց կատարումն կտա և տպագրական ընկերության հաստատությանը, որը մեր կենսական ամենամեծ պահանջներից մեկն է, և այդպիսով կդյուրացնե գրքերի տարածվիլը մեր հասարակության մեջ:

Հիշյալ գումարի գործադրության կամ նորա ընկերության պայմանների մասին խոսելն ավելորդ է այժմ, միայն այսքանը պետք է ասել, որ դրամագլուխը պետք է հասնի այն քանակության, որ գոնյա տարեկան 1000 ռուբլի տոկոս բերե: Այն ժամանակ կարող էին տպագրվել ամեն մի տարի երեք գրքեր, մոտավորապես 300 երեսից բաղկացած, և յուրաքանչյուր գրքից 1200 օրինակ:

* * *

Բոլորովին անիրագործելի բան չէ մի այդպիսի տպագրական ընկերություն, զոհաբերության սկիզբների վերա հիմնված, այնպիսի անձանց կողմից, որ այժմ մտածում են այդ մասին: Մանավանդ, որքան մեզ հայտնի է, թեև նոքա անվերադառնալի կերպով ընծայելու են մի գումար, բայց նորա տոկոսի փոխարեն յուրաքանչյուրն միշտ և ժառանգաբար ստանալու է մի օրինակ ընկերության բոլոր հրատարակություններից:

Ներսիսյան դպրոցն ընծայել է մեր հասարակությանը, բացի յուրյանց հայրենի լեզվին հմուտ և ազգային ոգվով կրթված բազմաթիվ աշակերտներ, այլ նույն անձանց մեջ շատերը վայելում են բախտի առանձին բարիքները, — նոքա մեր քաղաքի հարստականների շարքումն են դասվում: Որպես լսում ենք, մեծապատիվ Օնանովի համախոհները, որք մտածում են տպագրական ընկերության մասին, նույն դասակարգի մարդիք են: Ուրեմն նրանց համար մի մեծ ծանրություն չէր լինի հոբելյանի առթիվ կազմել մի մշտական դրամագլուխ օգտավետ հրատարակությունների համար: Այդպիսով, մի կողմից հեղինակներին միջոց կտրվեր աշխատելու, մյուս կողմից թե՛ մեր դպրոցները և թե՛ հասարակությունը զրկված չէր մնա այն գրքերից, որոց մեծ կարոտություն ունի:

Եթե պարոն Ն. Տ. Շ...ի առաջարկությունը բոլորովին կիրագործվի, այն ժամանակ մենք պատրաստ ենք հրատարակել մի ամբողջ ծրագիր հիշյալ տպագրական հիմնարկության թե՛ կանոնների և թե՛ նորա վարչության ձևերի մասին:

ԹՈՒՐՔԻԱ

Փոքր Ասիո սովը տակավին սարսափելի կոտորածներ է անում, ձմեռվա վրա հասնելը մի երկրորդ դժբախտության պատճառ եղավ ժողովրդին, ճանապարհների հաղորդակցությունները դժվարացան և խեղճ սովատանջները զրկվեցան դրսից շուտափույթ կերպով պաշարներ ստանալուց: Ամեն կողմից բարեգործական օժանդակությունները դեռ շարունակվում են. նորին մեծ սուլթանը յուր սեփհական կայքից շնորհեց 20,000 լիրա, իսկ մայր թագուհին 5000 լիրա: Այդ նմանում է այն հայրերի ծնողական զգացմունքին, որոնք անգութ կերպով իրենց որդիներին ճնշում են, մաշում են քանի նրանք առողջ են, իսկ երբ հիվանդացան, սկսում են սիրել, երբ մեռան, մի քանի կաթիլ արտասուքով միայն մխիթարում են իրանց...

Փոխանակ ժողովրդի հարկերը թեթևացնելու, փոխանակ նրա տնտեսական դրությունը բարվոքելու, փոխանակ միջոց տալու երկրագործության ծաղկելուն, կառավարությունը յուր պարտքերի բացը ծածկելու համար մինչ այն աստիճան հարստահարում է նրանց, որ ժողովուրդը շատ չէ ցանում, որովհետև արդյունքը չէ կարողանում լրացնել այն հարկերը, որ պետք է վճարե կառավարությանը: Այստեղից հասկանալի է, թե ինչու սովը հաճախ կրկնվում է նույն երկրներում:

Նորոգ պատրիարքության ժամանակ վճռված ազգային խնդիրների կարգում անցավ և եկեղեցականների ընտրության հարցը: Կրոնական ժողովի նոր կանոնադրության համաձայն, հոգևորականներ լինելու արժանավորություն ունենալու համար, պետք է լինել` համեստ, բարոյական, կրթված սուրբ գրոց մեջ և ունենալ մի քիչ էլ ուսում, — այդ վերջինը ամենաերկրորդական տեղն է բռնում... Պատվական «Մասիսը» մինչև անգամ այդ ևս ավելորդ էր համարում, նա 1874 ամի յուր 1856 թերթի մեջ հայտնում է այն միտքը, թե ի՞նչ պետք է եկեղեցականների դրությունը բարվոքելու համար նոր կանոնադրություն, երբ մեր մայր Մաշտոցի մեջ ամեն բան գրված է... (՞) թե ամեն մի նոր վերանորոգություն եկեղեցականների վերաբերությամբ համարվելու է զեղծում հայաստանյայց եկեղեցվո դեմ և այլն:

Խավարասերնե՛ր, միշտ դեպի հինը, միշտ դեպի ետ, բայց ոչ երբեք մի քայլ առաջ...

Ազգային, փոքր ի շատե հասարակական նշանակություն ունեցող հարցերի կարգում կարելի է դասել և Կ. Պոլսի հայ գաղթականների խնդիրը, որոնք գավառներից թափվում են դեպի մայրաքաղաքը և տարիներով մնում են այնտեղ: Ազգ. ժողովը վճռեց ազդարարություն տալ ծխատեր քահանաներին և եկեղեցիների երեսփոխաններին, որ նրանք խրատեն և համոզեն պանդուխտներին չորս տարուց ավելի չմնալ Կ. Պոլսում, այլ դառնալ իրանց հայրենիքը: Մի՛շտ պալիատիվ միջոցներ և ոչ արմատական...

Փոխանակ քննելու այն պատճառները, որոնք ստիպեցնում են պանդուխտներին թողնել հայրենիքը, իրենց տունը, տեղը և ընտանիքը, և տասն-քսան տարիներով մաշվել օտարության մեջ, փոխանակ մտածելու այն միջոցների մասին, որոնք հնար տային գաղթողներին մնալ իրանց հայրենական հողի վերա և հաստատուն ապրուստ ունենալ. ժողովը յուր վճիռով տերտերներին և մղդսիներին է դիմում... Ահա ինչպես են օգուտ քաղում մեր զարգացած պոլսեցիք Սահմանադրության արտոնությունից...

Գաղթականության հարցը ամենագլխավոր տեղն է բռնում Տաճկաստանի հայերի վիճակի մեջ: Ամեն տարի հազարավոր երիտասարդներ Վանից, Մուշից, Բաղեշից, Կարինից և այլ գավառներից, դիմում են դեպի Կ. Պոլիս իրանց ընտանիքի համար ապրուստ շահելու: Այդ հոսանքը գնալով ավելի ընդարձակ քանակություն է ստանում, քանի նույն երկրներում ժողովրդի ապրուստի հնարները դժվարանում են: Ցավալին այն է, որ պանդուխտներից շատ քչերին է հաջողվում վերադառնալ յուր հայրենիքը. մեծ մասը կորչում են մայրաքաղաքի մեջ, թողելով հազարավոր անբախտ և անխնամ ընտանիքներ...

Չենք հիշում, թե որքա՞ն է վնասում գաղթականությունը մեր ազգի աճելությանը, իսկ ավելի զգալի կորուստ է այն, որ հայ ազգաբնակությունը հեռանում է յուր բնիկ կենտրոնից, որի վերա պետք է հաստատված լիներ նրա կյանքը և ապագան: Որ նա յուր հայրենական հողից ստանար յուր ծնունդը և ոչ մեծ քաղաքներում համալության աներ: Ահա գլխավոր խնդիրը, որո վերա պետք է ուշադրություն դարձներ Ազգ. ժողովը:

Վսեմափայլ Երեմյան բեյը շնորհեց մի նշանավոր գումար ազգային սնդուկի պարտքերը վճարելու համար: Բարեգործությունը միշտ գեղեցիկ բան է, այդ պատճառով էլ Պոլսի լրագրությունը ջերմ խնկարկություններ է անում: Մենք խորհուրդ կտայինք ուշադրություն դարձնել այն հարցի վերա, որ Ազգ. վարչությունը կանոնավորեր յուր անհաշիվ տնտեսությունը, որ մյուս անգամ նրա սնդուկը մի նոր Երեմյանի օգնության կարոտ չմնար:

Խրիմյանի բողոքը յուր վերա դրած ծանր զրպարտությանց մասին մնաց առանց հետևանքի: Խե՛ղճ հայրիկ, մխիթարեցեք ձեզ նրանով, որ այդպես է մի անզարգացած հասարակության մեջ գործիչների վախճանը... Շա՜տ ապրի Պոլսո լրագրությունը, նա մի մարդու գործունեությունը քննելու ընդունակություն չունի, իսկ նրան անձնապես մրոտելու վարժված է...

Կ. Պոլսի լրագրությունը բացարձակ հայտնում է, թե Խրիմյանին յուր աթոռից գլորելու համար, մի նշանավոր տեղից 25,000 ռուբլի ուղարկված է եղել, «կծողների» ատամները սրելու և նրանց բերնում լեզու դնելու համար: Որքան ուղիղ է այդ լուրը, մենք չգիտենք, միայն այսքանը կարող ենք ասել, որ մեր բարձր եկեղեցականների մեջ հիշյալ միջոցը նոր բան չէ. մի ժամանակ նրանք կաշառում էին պարսից շահերին, տաճկաց սուլթաններին և միմյանցից աթոռներ էին խլում, այժմ կաշառում էին գրական մամուլը...

Կրոնական ժողովի նախազգուշությունը, որ դարձած էր Կ. Պոլսի լրագրությանը, որ նրանք եկեղեցականներին վերաբերյալ տեղեկությանց մեջ համեստություն պահպանեն, նրանց անձնականությանը չդիպչեն և այլնայդ հռոմեական կուժը խեղճ «Ասիայի» գլխին կոտրվեցավ. լրագիրը դադարեցավ յուր գործունեությունից: Կրոնական ժողովը փոխանակ լրագրության ձայնը լռեցնելու, ավելի լավ կաներ հոգևորականներին ուղղել: Կեղտոտ գործը կմնա միշտ կեղտոտ, թեկուզ, գործողը աշխարհական լիներ, թեկուզ հոգևորական...

Սահմանադրության զանազան հոդվածները, որոնց ժողովրդի այժմյան պահանջներին անհամապատասխան լինելու մասին բողոքում էր Խրիմյանը, — այդ գլխավոր հարցը նույնպես ուշադրության առնված չէ: Իսկ ի՞նչ բաներով զբաղված է Կ. Պոլսի Ազգ. վարչությունը, ավելի ոչինչ չենք կարող հաղորդել, որովհետև մի շոշափելի բան չենք գտնում:

«ԳՐՈՑ ՈՒ ԲՐՈՑ ԿԱՄ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ»

Գրքույկի առիթով, տպված Կ. Պոլսում, 1874 ամի Գ. վ. Սրվանձտյանցի աշխատասիրությամբ

Կարդալով Խորենացու խոսքերը, որով նա մեղադրում է յուր նախորդների անհոգությունը, թե նրանք չթողեցին որևիցե հիշատակարան հայերի պատմական անցյալից, ընթերցողը բոլորովին իրավացի է գտնում ծերունի պատմագրի գանգատը: Բայց նույնիսկ Խորենացին չկարողացավ իրան ազատ պահել մի այդպիսի անհոգությունից, որի դեմ բողոքում է տասնիններորդ դարու սերունդը:

Խորենացին մեզ ավանդեց մեր նախնյաց պատմությունը, իսկ այդ ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ լոկ ազգահամար իշխող տների: Խոսվում է նրանց գործունեության մասին, երբ պատերազմ կա, երբ հաղթում են, կամ հաղթվում են: Իսկ թագավորի ներքին գործերի, նրա օրենսդրության և կառավարչական ձևերի մասին գտնում ենք խիստ աննշան տեղեկություններ: Պետությունը կազմող մարմինըամբոխըչէ մտնում նրա պատմության մեջ. ժողովրդի ընտանեկան և քաղաքական կյանքից մենք ոչինչ չենք գտնում:

Նույն մեթոդին հետևեցին մեր և մյուս պատմագիրները:

Թողյալ այդ, Խորենացին, — ակնարկելով յուր ժամանակի «գողթան, թվելյաց, ցցոց, վիպասանաց» երգերի մասին, հիշելով հին զրույցները և ավանդությունները, — տալիս է մեզ մի քանի կտորիկներ միայն այն թանկագին ժառանգությունից, որոնց ամբողջությունը կարող էր լույս գցել մեր ազգի խորին առասպելա-վիպական անցյալի վերա:

* * *

Արդյոք, մենք ևս նույն մեղադրանքներին չե՞նք ենթարկվելու, ինչով դատապարտում ենք մեր նախնիքներին, եթե զրկենք ապագա սերունդը գրականության այդ մասնից:

Մի այնպիսի անշարժ ազգ, որպես եղել է և է հայը, նրա կյանքի ձևերը շուտով չեն փոխվում: Մինչև այսօր պահպանել է նա յուր հին սովորությունները, մինչև այսօր նրա կյանքը լի է նախապաշարմունքներով:

«Գողթան երգիչների» բամբիռը դեռ ոչ բոլորովին լռել է Հայաստանում. աշուղները և այսօր հիշեցնում են հին վիպասաններին: Այդ կույր Հոմերոսները11 ժողովրդական բանաստեղծներ են: Աշուղը, ժողովրդի սիրելին, յուր սազն առած, թափառում է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երգում է ու հեքիաթներ է ասում: Աշուղը գրագետ մարդ չէ, բայց նա բերանացի գիտե ամբողջ վեպեր. նա հանպատրաստից հորինում է ամբողջ երգեր. նրա հոգու բխմունքը արտահայտություն է ժողովրդական ոգևորության:

Մտածո՞ւմ են արդյոք մեզանում հավաքել և գրի անցուցանել աշուղների, այդ կենդանի հնադարյանների մեջ պարունակված վեպերը և երգերը, որոնց նրանք մի օր իրենց հետ գերեզման կտանեն:

Բացի դրանից, մեր ժողովրդի մեջ մինչև այսօր իրանց սկզբնական պարզությամբ պահպանվել են` զանազան ավանդություններ, սնոտիապաշտություններ, առասպելներ, զրույցներ, երդումներ, անեծքներ, առածներ, առակներ, երգեր և այլ ծեսեր ու սովորություններ: — Դրանք այնպիսի խորին կապ ունեն մեր ամենահին անցյալի հետ, որ մասամբ կարող են լրացնել այն թերությունները, ինչ որ նկատվում են մեր պատմագրության մեջ:

Որպես բնագետը մի կենդանու քարացած ժանիքից կազմում է մի ամբողջ գաղափար նրա մարմնի կազմվածքի մասին, նրա ջրհեղեղյան գոյության մասին, այնպես և հետախույզ հնագետը մի ժողովրդական ավանդությունից կարող է եզրակացնել նույն ազգի անցյալ կյանքի այս և այն ձևերը:

Թողյալ այդ, ժողովրդական ավանդությունները, նրա առասպելները և զրույցները ծնունդ են ժողովրդի երևակայության, նրանց հավաքածուն նպաստում է նույն ազգի բանաստեղծությանը: Որովհետև մի ազգի բանաստեղծությունն այն ժամանակ միայն կենդանանում է և նույն ազգի բնավորության հատկանիշ կերպարանքն է ստանում, երբ նա ծագում է նրա ավանդություններից:

Մի կտորիկ ժողովրդական լեգենդայի վերա պոետը կարող է հիմնել յուր հոյակապ ստեղծագործության շինվածքը:

* * *

Դառնալով Գ. վ. Սրվանձայանցի գրքույկին, մենք գտնում ենք նրան մինը այն աշխատություններից, որ յուր պարունակությամբ բոլորովին համապատասխանում է մեր վերոհիշյալ մտքերին: Գրքույկը բաղկացած է 192 երեսից. առաջաբանից հետո հեղինակը խոսում է հայոց գավառական բարբառների մասին (առավելապես Տարոնի և Վասպուրականի նահանգների) և ցույց է տալիս օգտավետությունը ժողովրդական բառեր հավաքելու, այժմյան մեր գրականական լեզուն հարստացնելու համար:

Բոլորովին համակրելով հեղինակին, մենք ավելի կընդարձակենք նրա միտքը, ասելով, որ միանգամայն սխալ է դատողությունը այն պարոնների, որոնք պնդում են, թե մեր այժմյան կենդանի լեզուն պետք է կազմվի հին գրաբարից, և թե միմիայն գրաբարից պետք է առնենք այն ամեն բառերը, որոնք հարկավորվում են մեր այժմյան գրականության մեջ:

Այդ կարծիքը խաբեական է, այն պատճառով, որ մի հին, գործածությունից ընկած լեզվի մեջ չեն կարող գտնվել այն բոլոր բառերը, որոնցմով կարելի լիներ արտահայտել մեր ժամանակակից գաղափարները:

Մի ազգի լեզուն աճում է և զարգանում է ներդաշնակաբար նույն ազգի կյանքի և մտավոր զարգացման հետ: Որքան ընդարձակվում է նրա գիտությունը և արհեստը, այնքան ավելի առարկաների հետ ծանոթանում է նա և այնքան ավելի անուններ ու բառեր է հնարում: Այդ է պատճառը, որ վայրենի ազգերը հազար անգամ ավելի քիչ բառեր ունեն, քան թե քաղաքակրթված ազգերը:

Մեր գրաբար լեզուն ժողովրդի բերանով մեզ հասած կենդանի լեզուն չէ, որ նա կարողանար աճել, մշակվել և կատարելագործվել նրա կյանքի պայմանների հետ: Մեր գրաբար լեզուն մի քանի տասնյակ դարերով առաջ մեռած լեզուն է, որ հասել է մեզ դրված հին մատենագրության դագաղների մեջ: Ուրեմն նա արտահայտություն է այն ժամանակվա դրության, որպես մտածում էր և գործում էր հայը:

Թողյալ այդ, նույն գրքերը, որոնց միջոցով հասել է մեզ գրաբար լեզուն, չեն պարունակում նկարագրեր իրանց ժամանակի կենսական բոլոր երևույթների: Մեր հին մատենագրությունը կազմված է պատմական և կրոնական գրքերից, որոնց պարունակությունն այնքան միակողմանի և համանման է, որ միևնույն բառերին հանդիպում ես ամեն տեղ: Նրանց մեջ պակաս են, օրինակ, բառեր տնտեսական և ընտանեկան կյանքի, նրանց մեջ շատ չկան գիտնական, արվեստագործական և հոգու զգացմունքներ արտահայտող բառեր, որովհետև այդ առարկաների մասին խոսվում է կամ խիստ սակավ, կամ ամենևին ոչ:

Բառերի մի փոքր ընդարձակ հավաքածու տալիս է մեզ Աստվածաշնչի թարգմանությունը, որովհետև նրա պարունակությունն ավելի բազմակողմանի է:

Իսկ ժողովրդական լեզվի մեջ մեծ մասամբ կարելի է գտնել այն բառերը, ինչ որ պակասում են մեր հին գրքերից հավաքած բառարաններում: Մտի՛ր գյուղացու խրճիթը, նրա տնտեսական բոլոր կահ-կարասիքը նրա լեզվում ջոկ-ջոկ անուններ ունեն:

Գնա՛ երկրագործի մոտ, նա յուր գութանի և արորի բոլոր պարագաների անունները կասե քեզ. նա կասե քեզ ժամանակների անունները, երբ նա ցանում է, նա կասե քեզ այս և այն հատկություն ունեցող հողերի անունները: Ուզում ես ծառերի, թփերի, պտուղների անուններ գիտենալ, գնա՛ անտառների մեջ բնակվող շինականի մոտ, նա բոլորը կասե քեզ: Ուզում ես ծաղիկների և խոտերի հետ ծանոթանալ, հարցրու խաշնարած հայից, նա կասե քեզ` ոչ միայն յուր սարերի և դաշտերի բույսերի անունները, այլև նրանց բժշկական հատկությունները: Մի խոսքով, դու գյուղացի հայի լեզվի. մեջ կգտնես նրան շրջապատող բնության շատ առարկաների անունները և կլսես նրա կարծիքը յուրաքանչյուրի մասին:

* * *

Այնուհետև հեղինակը նկարագրում է մի շարք խիստ հետաքրքրական ավանդություններ, որոնց մեջ դեռ նշմարվում են հետքերը մեր հեթանոսական անցյալի: Ավանդություններից մի քանիսը ունեն դիցաբանական նշանակություն, այդպես է այն գեղեցիկ լեգենդը, որ պատմում են Մշու դաշտի բնակիչները Աստղիկի մասին: Թե Աստղիկը սովորություն ունի ամեն գիշեր Եփրատի12 մեջ լողանալու, թե հայոց կտրիճները կրակ են վառում Դաղոնաց լեռան վերա (դա հանգած վուլկան է), որ նրա մարմնի չքնաղությունը տեսնեն: Գեղեցիկ դիցուհին ամբողջ այն միջավայրը պատում է մշուշով (մառախուղով) և յուր մարմինը անտեսանելի է անում սիրաբորբոք տարփածուներից:

Այդ պատճառավ Մշու դաշտի հորիզոնը մշուշով պատած է և այդ մշուշից երկիրը կոչվեցավ Մուշ: Իսկ ժողովրդական երգը ասում է`

Մշու սարեր մշուշ է

Յուր հողն ու ջուրը անուշ է:

Առհասարակ, հեղինակի ասելով, Տարոնի և Վասպուրականի մեջ շատ նվիրական սարեր, բլուրներ և ժայռեր կապ ունեն Աստղիկի անվան հիշատակի հետ:

* * *

Լեզ կամ Հարալեզք, հայտնի են մեր պատմության մեջ, որպես լիզելով մեռած մարմինները կենդանացնողներ, վերջին անունը նրանք ստացան գուցե այն դեպքից հետո, երբ Շամիրամի աղերսանոք հրավիրվեցան լիզել պատերազմումը ընկած սիրելվո` Արայի վերքերը և կենդանացնել նրան: Որովհետև Արալեզք նշանակում է Արային լիզողներ: Երևում է, այդ աստվածների պաշտոնն էր խնամք տանել ավելի կռիվի դաշտումը ընկածներին, նրանց վերքերը բուժելու համար, — այդ իհարկե մի խրախույս էր դեպի պատերազմը:

Հայերը Լեզք անունով կուռք էին պաշտում այն բլուրի վերա, ուր այժմ դեռ մնում են Լեզքա ամրոցի ավերակները, որոնց քարերը պատած են բևեռագրերով: Հեղինակը ասում է` քանի տարի առաջ պղնձե արձաններ և այլ հնություններ գտնվեցան այնտեղ:

Նույն բլուրի վերա, ուր առաջ Լեզքերի մեհյանն էր, այժմ կանգնած է Ամենափրկչի մատուռը և Աշխարհամատրան կյուրակեին մեծ տոնախմբություն է լինում այնտեղ: Այդ իհարկե, կռապաշտությունից դեպի քրիստոնեություն անցած, մի հին սովորություն է:

Շամիրամի անունը նույնպես դեռ ոչ բոլորովին անհետացած է այն տեղերից, և այժմ Շամիրամ անունով մի գյուղ կա Գրգուռ լեռան մոտակայքում: Արտամիսու մոտ մի ահագին ժայռ կա, որ կոչվում է Ծամքար, որո մասին խոսվում է, թե Շամիրամ այն ժայռը յուր ծամերուն կապելով, պարսաքարի պես Վանա բերդից նետել է մինչև այնտեղ:

* * *

Տարոնը և Վասպուրականը, որպես այն ասպարեզը, ուր հանդիսացավ մեր Հայկ դյուցազնի պատերազմը Տիտանյան Նեբրովթի հետ, մինչև այսօր անթիվ հիշատակարաններով կապված են այդ հսկաների անունների հետ: Նեմրութա13 լերանը նայելով, մշեցի հայը ցույց է տալիս յուր որդուն «Բելի ուղտերի քարավանը14, նրա զորքերը, որոնք աստուծո հրամանով քար դարձան»: Նա ասում է` կռապաշտ թագավոր էր Բելը, իրան աստուծո տեղ դրեց և եկավ մեր թագավորի վերա կռիվ: Աստված պատժեց նրան, և մեր թագավորին զորություն տվավ, Բելին սպանեց: Նրա մարմինը վեր հանեց Նեմրութա սարի գագաթը, այնտեղ թոնիր փորեց, և դիակը մեջը կախելով, այրեց: Աստուծո հրամանով կրակը ջուր դարձավ և մոխիրը ջրի տակն անցավ, չլինի՞ թե նա երկրի վերա ցրիվ գա և աշխարհը ապականե:

Ով որ տեսնե Նեմրութա սարի դիրքը և նրա կաթսայաձև գագաթը, ուր կանգնած է փոքրիկ լճակ, կհամոզվի, թե որքան գեղեցիկ հարմարացրած է այդ ավանդությունը մեր պատմության առասպելական սկզբի հետ:

Խորենացին ասում է` «Հանյալ կախե ի լյառնե մի բարձր զմարմին Բելա ի տեսիլ կանանց և որդվոց»: Շատ կարելի է, որ Հայկը Բելի դիակը որպես յուր քաջության առարկան, յուր գերդաստանին ցույց տալեն հետո, հեթանոսական օրենքով այրեց նրան:

Շատ հավանական է տեղացիների կարծիքը, թե Նեմրութա գագաթի լճակի ջուրը, սարի տակովն անցնելով կազմում է Մեղրագետի ակը: Եվ արդարև, Նեմրութա սարից ոչ այնքան հեռու գետնի խորությունից շատրվանաձև դուրս է ժայթքում ջրի ահագին կիտվածք, որտեղից սկիզբն է առնում հիշյալ գետը և անցնում է Մշու դաշտի միջով:

Թե Բելը և Նեբրովթը նույն անուններն են համարվում, որպես մեր պատմության, նույնպես և ժողովրդական ասացվածքների մեջ, դրանում տարակույս չկա: Հայաստանի մյուս մասներում, օրինակ Ղարաբաղի և Ղարադաղի կողմերում, Բելի անունը առակ է դարձել. յուր հպարտություններով հիմարացած մարդուն հայը միշտ ասում է` «բելացել է», այսինքն` Բելի բնավորությունն է ստացել:

Հայկա անունը և հիշատակը նույնպես մոռացված չէ: Վասպուրականից, նրա քաջագործությունքը դեռ թողել են իրանց հետքերը: Այնտեղ է «Հայկա կամ Հայոց ձորը» — Բելի և մեր դյուցազնի պատերազմի դաշտը: Վանա քաղաքից դուրս մի արվարձան մինչև այսօր կոչվում է Հայկավան: Հայկա ձորի մեջն է Տըրշող գյուղը, ուր ժողովրդական ավանդությամբ արեգակի շողը անցավ Հայկի նետից ծակված Բելի զրահապատ կողքից: Նույն ձորի մեջն է և Հայկ անունով գյուղը:

* * *

Շատ հետաքրքրական են ավանդությունները օձերի և վիշապների մասին:

Պատմությունից մեզ հայտնի է, որ Երվանդյան Տիգրանի ժամանակ օձը և վիշապը հայկական դրոշակի նշանն էին, գուցե ի հիշատակ այն հաղթության, որ Տիգրանը գործեց «վիշապազանց» դեմ: Մինչև այսօր Տարոնի նահանգի արևելա-հարավային կողմում մնում են Օձ քաղաքի ավերակների հետքերը, ուր այժմ նույն անունով փոքրիկ գյուղ կա: Տարոնի պատմիչ Հովհանն եպիսկոպոսը վիշապ անունով քաղաք է հիշում նույն նահանգում Աշտիշատա մոտ:

Առհասարակ օձերի, մանավանդ վիշապների վերա նայում է հայը որպես գերբնական զորությունների վերա: Հեղինակն ասում է, թե մինչև այսօր Տարոնի և Վասպուրականի մեջ մի տեսակ օձեր համարվում են երկրի պաշտպաններ, և նրանց չարչարելը կամ սպանելը մեղք է համարվում: Այլև մասնավոր տներում իբր թե բնակվում են օձեր, որոնք նույն գերդաստանի պաշտպանն են, որոնց գոյության հետ կապակից է այն ընտանիքի բախտը, հաջողությունը, կամ անհաջողությունը: Հեղինակը հիշում է և մի առասպել, թե որպես մի տան պաշտպան օձը սպանվելով, ընտանիքը անբախտության է ենթարկվում:

Մինչև այսօր սովորություն կա, որ երեխաների գդակի վերա կարում են օձի կամ վիշապի ձև ունեցող արծաթյա բժժանքներ. իհարկե, այդ զարդարանքի համար չէ, այլ ունի մի դյութական նշանակություն15: Որպես Հայաստանի շատ տեղերում երեխաների գդակի վերա կարում են արծաթյա մահիկներ16, այսինքն` կիսալուսնի ձև ունեցող մի զարդ. նույնը հուլունքներով շարած, հարսները կապում են իրանց պարանոցին: Որպես երևում է, դրանք հին հեթանոսական սրբություններ են, որոնք ունեին նույն նշանակությունը, որպես խաչի գործածությունը քրիստոնեական աշխարհում:

Թե լուսինը պաշտվում էր հայերից որպես աստված, այդ մենք գիտենք, իսկ թե օձերը և վիշապները նույն արտոնությունն էին վայելում, այդ հարցը այնքան տարակուսական է, որ խորին քննությունների է կարոտ: Միայն կասենք, որ օձերը և վիշապները կախարդության մեջ մեծ դեր էին խաղում: Եվ այսօր օձի շապիկը հայը պահում է յուր ծոցում, տալով նրան թիլիսմանական նշանակություն:

Վիշապները իրանց հսկայական զորությամբ անկարելի բան է, որ նույն ազդեցությունը չունենային հայի սնահավատության վերա, որպես Եգիպտոսում և Հնդկաստանում: Առհասարակ հայը նայում է վիշապների վերա, որպես անմահ էակների վերա, իբր թե վիշապը հազար տարեկան դառնալեն հետո, հրեշտակները քաշում են նրան դեպի երկինքը, որ երկիրը չապականե: Այդպես է նայում հայը թաթառի, կամ դեպի երկինքը բարձրացող պտտվող մրրիկների սյուների վերա: Հիշյալ երևույթներին նա տալիս է մի խորհրդական նշանակություն, որպես թե վիշապներ էին քաշվում:

Վասպուրականի հայերը հավատում են, թե Վանա ծովակի խորքումը բնակվում է մի վիթխարի վիշապ, որի վերա պատմված հրաշալիքները հիշեցնում են Հոբա լևիաթանը:

Ավելի առասպելական բնավորություն ունի տեղային հայերի կարծիքը օձերի մասին, իբր թե նրանք մի կազմակերպված կառավարություն ունեն. թագավորը կրում է թանկագին գոհարներով զարդարած պսակ. նրա թագուհին բոցագույն գիսակներ ունի. թե նրանց ամրոցը գտնվում է Դազոնաց լեռան այրերի մեջ: Թագավորը յուր զորքերով կռվելու է գնում Դիարբեքիրի (Տիգրանակերտ) կողմերում բնակվող յուր հպատակ օձերի հետ, երբ նրանք ապստամբվում են, հաղթում է նրանց և դառնում է գերիներով և անհուն ավարով17 և այլն:

Այդ առասպելը չէ՞ հիշեցնում արդյոք մեր Երվանդյան Տիգրանի պատերազմը Աժդահակի և վիշապազանց հետ: 18

* * *

Հայաստանի լճերը, գետերը և աղբյուրները պահպանել են տակավին իրանց Ներյան կույսերը և հավերժահարսունքը: Մինչև այսօր պատմվում են զանազան զրույցներ «հրեղեն աղջիկների» մասին: Վանա գավառում հայոց հուրիաների19 սրսկապանն է Արջակա20 լճակը: Տարփավոր երիտասարդները իրանց պատրաստում են զանազան միջոցներով և գիշերը պառկում են նույն լճակի ափերու մոտ, որ «հրեղեն աղջիկները» ջրից դուրս գալու ժամանակ, հափշտակեն նրանց:

Նույն լճակում կան և «հրեղեն նժույգներ», որոնց բաշը հյուսում են հավերժահարսունքը իրանց քնքույշ մատներով և այլն:

Թե աստվածները և նրանց սերունդը ժողովրդի երևակայության ծնունդ են, դրանում տարակույս չունենք: Ամեն ազգի դիցաբանության մեջ երևում է նույն ազգի փիլիսոփայությունը, այլև նրա բնավորությունը և ճաշակը: Հույները սեպհականեցին իրանց աստվածներին մինչև անգամ իրանց ամենաանբարոյական հատկությունները:

Իսկ հայը, մի ժամանակ լուսինը պաշտող հայը, և այժմ նույն հատկություններն է գտնում նրա մեջ, որպես յուր կանանց մեջ: Հայ կինը ամոթխած է, նա ոչ ոքի հետ չէ խոսում, յուր գեղեցկությունը ծածկում է ամենից: Հայոց լուսինը, արեգակի նշանածը, այդ երկնային թագուհին, նույն բնավորությունն ունի: Նա յուր դեմքի չքնաղությունը քողարկել է ամպերից հյուսած նուրբ շղարշով, յուր նաժիշտներին (աստղերը) յուր հետն առած, ման է գալիս գիշերով, երբ նրա ամուսնացուն (արեգակը) քնած է: Նա յուր պարկեշտ ողջախոհական ամոթխածությամբ ամաչում է հանդիպել նրան, որպես հայ օրիորդը միշտ խույս է տալիս յուր ապագա ամուսնից, քանի դեռ նրա հետ պսակված չէ:

Իսկ արեգակը գիշերները մտնում է Վանա ծովակի մեջ հանգստանալու յուր ցերեկվա ուղևորությունից. երեկոյան նրա ննջարանը բաց է անում յուր ոսկեղեն դռները, վարդագույն-ծիրանի ամպերը իրանց նուրբ և թափանցիկ ծալքերով կազմում են նրա անկողնի վարագույրները, որ դրած է ծովակի հատակում սպիտակ փրփուրներից հյուսած մահճակալի վերա:

Առավոտյան, երբ զարթնում է արեգակը, լվացվում է նույն ծովակի ալիքների մեջ, և յուր գեղեցիկ դեմքի թացությունից, որպես մարգարիտներ ցողում է վաղորդյան շաղը ծաղիկների, խոտերի և դաշտերի վերա: Ահա, որպես բանաստեղծորեն է մտածում հայը յուր հին, բայց մինչև այսօր իրանց պաշտոնը ճշտությամբ կատարող, աստվածների մասին21

* * *

Պատմությունից հայտնի է, որ Տարոնը Հայաստանի այն նահանգներից մինն է, ուր ավելի ծաղկյալ դրության մեջ էր գտնվում կռապաշտությունը: Այստեղ էր Վահագնի մեհյանը, այստեղ Վահունիք կատարում էին նրա հանդիսավոր տոնախմբությունը: Այստեղ Լուսավորիչն ունեցավ այն սարսափելի պատերազմը քուրմերի հետ:

Այն ևս հայտնի է, որ Լուսավորիչ, քանդելով հին մեհյանները, նրանցից շատերը անմիջապես քրիստոնեական տաճարների վերափոխեց: Շատ հավանական է, որ իբրև պատրաստի նյութեր, շինվածքի համար գործ դրվեցան նույնիսկ մեհյանների քարերը: Այդ կարծիքին որպես ապացույց կարող է լինել այն, որ Վասպուրականի մեջ կան եկեղեցիներ և վանքեր, որոնց շինվածքի քարերից շատերը ամբողջապես պատած են բևեռագրերով: Այդպես են Վան քաղաքի սուրբ Առաքելոց եկեղեցվո տաճարի ներքին պատի քարերը, Վարագա վանքի տաճարի շենքին մեջ գործածված քարերը, Կարմրավորաց վանքինը և այլն: Երևում է, որ դրանք հին մեհյանների շինվածքի նյութեր են:

Եվ մի մեհյան, քրիստոնեական տաճարի վերափոխվելով, շուտով չէր կարող կորցնել յուր դարերով ժողովրդի սնահավատության հետ կապված ծեսերը և ավանդությունները: Այդ է պատճառը, որ Հայաստանի վանքերի տոնախմբությունների մեջ և մինչև այսօր տեսնվում են ճիշտ հեթանոսական արարողությունների շատ նշաններ, օրինակ, կախարդություններ, գուշակող աղջիկների մարգարեություններ, պարերգություններ, աշուղների, վիպասանների հանդեսներ և այլն:

Մշո դաշտի Կլակա կամ սուրբ Կարապետա հռչակավոր վանքը մինչև այսօր պահում է յուր հին, քրիստոնեական ժամանակներից մնացած, ոգիներից մինը: — Դա մի դևիկ է, որ իբր թե աներևութապես վանքի սպասավորությունն է անում: — Սուրբ Կարապետա «կաղ դևի» պատմությունն ամեն մշեցի գիտե: Երբ Լուսավորիչը բանտարկեց կռապաշտական մեհյանի բոլոր ոգիները, այն մինին խնայեց, որովհետև նա խոստացավ միշտ հավատարիմ մնալ վերանորոգված տաճարին, թեև նա այժմ իր նոր աստծուն էր պատկանում:

«Կաղ դևը» մինչև այսօր վանքի վառարանների մոխիրը շայակած, գետնի տակով տանում է դեպի Տիգրանակերտ և թափում է Փրեբաթման գյուղի մոտ, որից ահագին բլուր է ձևացել:

Ահա որպես է բացատրում այդ առասպելը ժողովրդական երգը.
Լուսավորիչը ժողվեց դիվան,
Լըցեց զընդան.
Կաղ դևն եկավ ասաց` յաման,
Զիս մի դըներ զընդան.
Ես կեղնեմ սուրբ Կարապետու փոշեհան.
Տանեմ, թափեմ Փրեբաթման.
Մինչ օր Քրիստոս գա դատաստան:

Դևերի մի ահագին խումբ ևս սուրբ Կոնոնոսի վանքումը կա, կարասներու մեջ լցրած, բերանները կնքած և գետնի տակը թաղած, ուր պետք է մնան մինչև վերջին դատաստանի օրը: Հոգվոց վանքը, որը Վասպուրականի մեջն է, նույնպես ունի Ղուդրաթ խաթուն22 անունով մի աղջիկ դև, որ նույնպես թոնիրների մոխիրները դուրս է ածում և շատ անգամ երևում է միաբաններին

* * *

Գ. վ. Սրվանձտյանցի ավանդությանց հավաքածուի մեջ մի քանիսը վերաբերում են ժողովրդի ընտանեկան և հասարակական կյանքին: Օրինակ, այն ժայռերը, որոնք Վանա մոտ կոչվում են հարսն ու փեսա, դրանք մի զույգ անբախտ ամուսիններ էին, որոնք պսակվեցան ընդդեմ իրանց ծնողաց կամքին: Աստված բարկացավ նրանց վերա և հարսանիքի միջոցին, թե հարսն ու փեսային, թե հանդիսականներին և թե երաժիշտներին բոլոր քար դարձուց:

Next page