Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Ահա մի ազդու արտահայտություն ծնողական բռնակալության... Հորն ու մոր կամքը այնքան մեծ նշանակություն ունի որդիների ամուսնության մեջ, մինչ որևիցե ընդդիմադրություն զավակների կողմից կարող էր նրանց աստուծո պատժին ենթարկել... Հայոց ընտանեկան կյանքը, ուր որդիների կամքը ամուսնության մեջ ոչինչ կշիռ չունի, շատ բնական էր, որ ստեղծեր հիշյալ ավանդությունը:

Կալվածատերերի հարստահարություններն ևս չէին կարող չանցնել ժողովրդական ավանդությունների կարգում: Վանա հյուսիսային կողմում Դռլաշեն գյուղի մոտ են «շեղջա դար»23 կոչված հողաբլուրները: Դրանք մի հարուստ, բայց ագահ կալվածատիրոջ ցորենի կույտերն են, որ յուր անսահման ժլատության և խստասրտության պատճառով աստված հողային բլուրների փոխարկեց:

«Սուրբ թոնիրի»24 ավանդությունը պարունակում է յուր մեջ բոլոր զարհուրանքը խանդոտ ամուսնի: Գեղեցիկ տերտերակինը թոնրի մեջ հաց թխելու միջոցին, գալիս է նրա մոտ մի մուրացկան. տիկնոջ` կրակի տաքությունից շառագունած երեսը գրավում է մուրացկանի սիրտը: Նա հաց է խնդրում, տերտերակինը տալիս է. կերակուր և գինի է խնդրում, նույնպես տալիս է: Վերջապես մի համբույր է խնդրում: Տերտերակինը մտածում է` «Աղքատ թեմարզու (կարոտյալ) է, ի՞նչ կա, վարձք է...»: Համբույրն էլ տալիս է: Նույն վարկենին երեցը ներս է մտնում, տեսնում է կնոջ անպարկեշտությունը: Երեցկինը, որը ամոթից, որը երկյուղից, իրան քցում է թոնրի կրակի մեջ: Կատաղած տեր հայրը հետևում է նրան, որ բռնե և պատժե, ինքն էլ ընկնում է կրակի մեջ: Բայց աստուծո հրամանով թոնիրը դառնում է ավազան. կրակը փոխարկվում է ջուր, և տերտերակինը կերպարանափոխվում է մի ձուկ, որ մինչև այսօր լողում է նույն ավազանի մեջ, ոսկի օղը քթից անցուցած, որպես հավիտենական խրատ անհավատարիմ ամուսիններուն...25:

* * *

Հեղինակը հիշում է մի քանի ավանդություններ «ազնավորների» գերեզմանների մասին, որոնց շատերը ունեն հսկայական մեծություն: Նրանց համարում է զանազան ցեղապետների դամբարաններ, որովհետև ազնավոր նշանակում է տոհմ կամ ցեղ ունեցող: Եվ նկարագրում է, թե որպես այն գերեզմաններից շատերը դարձել են ուխտատեղիներ և այլն:

Հեթանոսական դարերում նշանավոր մարդիք, որոնք իրանց մտավոր կամ մարմնական զորություններով ավելի բարձր էին, քան հասարակ ամբոխը, համարվում էին դիցազունք և պաշտելի էին դառնում ժողովրդին: Նույն սնահավատությունը կրկնվել է մինչև այժմ անզարգացած ժողովուրդների մեջ: Քիչ չէ պատահում յուր քաջությամբ հռչակված մարդու, կամ մի կախարդի գերեզմանը երկրպագության առարկա է դառնում, տաքցոց, կամ այլ հիվանդություններ ունեցողները լվացվում են նրա վերա, բժշկություն հուսալով, և կանայք դյութական գործողություններ են կատարում այնտեղ: «Ազնավորների» գերեզմանները նույն նշանակությունն ունեն: Նրանք պատկանում են այնպիսի անձանց, որոնք գրաված են եղել ռամկի սնահավատությունը, որ տեսնում էր նրանց մեջ, իրան անմատչելի, մի գերբնական ուժ:

Մեր ասածին ապացույց է ավանդությունը, որ խոսվում է Մանազկերտի Բոստան խայայ, կամ Քարապարտեզ կոչված գյուղում «ազնավորի» գերեզմանի մասին: Նույն գյուղի մոտ ակոսաձև ճղճղած քարադաշտը, որ պարտեզի քարացած թումբերի նմանություն է բերում, դեռ ներկայացնում է այն դիրքը, որ կապ ունի ավանդության հետ: Ահա նրա վեպը` «Ազնավորը» հեռու տեղից հափշտակում է մի գեղեցիկ «հրեղեն աղջիկ», բերում է հիշյալ գյուղում, պալատ է շինում և բնակեցնում է նրա մեջ: Նրա անունը լինում է Շիրին: Բայց որքան աշխատում է նա, չէ կարողանում գրավել աղջկա սերը, Շիրինը միշտ անհնարին պայմաններ է առաջարկում «ազնավորին»: Օրինակ, որ նա այնտեղի քարադաշտը վարե, բոստան ցանե, վարունգ բուսեցնե. Շիրինը ուտելուց հետո, կսիրե նրան: Հսկա «ազնավորը» քսան լիդրանոց քարը ձեռին, երկար տանջվում է, մինչև քարերը փշրելով, պարտեզ է շինում և կատարում է Շիրինի բաղձանքը:

Խորամանկ աղջիկը մի նոր և ավելի դժվարին առաջարկություն է անում, թե նա ուզում է վարունգը հարիսայի հետ միասին ուտել. և խնդրում է «ազնավորից» գնալ Սիփան սարի դևերից մի աման հարիսա բերել:

Մինչև «ազնավորի» այնտեղ գնալը և մինչև հարիսան բերելը, Շիրինի բուն սիրականը` Ղովտ վրա է հասնում, աղջիկը նրա հետ միասին փախչում են պալատից:

«Ազնավորը» հուսահատվելով յուր սիրուհու նենգության վերա, թե որպես նա խաբեց աշխարհի ամենահզոր հսկային, յուր բահով ինքն իրան սպանում է. երիտասարդները նրան թաղում են և գյուղի կնանիքը նրա մասին երգ են հորինում:

Հայաստանում, ուրիշ տեղեր գտնված, ազնավորների գերեզմանները` հսկաների, կամ «օղուզների» գերեզմաններ են կոչվում: Նրանց շատերն իրանց հնությամբ հասնում են կռապաշտական ժամանակներին:

* * *

Նա խոսում է և «ցասման խաչերի» մասին, որոնք զանազան տեղերում, ըստ մեծի մասին բլուրների վերա տնկած, խաչաձև արձաններ են: Որպես կռապաշտության ժամանակ ժողովուրդը ամեն մի անբախտություն վերաբերում էր աստվածների բարկությանը և զոհերով աշխատում էր հաշտվել նրանց հետ, այնպես և քրիստոնեության ժամանակ հեռու չմնաց ժողովուրդը նույն նախապաշարմունքներից: Ամեն մի անբախտության վերա, օրինակ, սով, ժանտախտ, խոլերա, ցանքերի երաշտություն և այլն, — նայում է նա որպես աստուծո կամ նրա սրբերի պատուհասի վերա: Եվ այդպիսի դեպքերում նա զոհեր է մատուցանում, թափոր անում և «ցասման խաչեր» է կանգնում26:

Նա խոսում է և զանազան լեռների մեջ գտնվող բազմաթիվ այրերի և քարանձավների մասին, որոնց շատերի մեջ երևում են արհեստի հետքեր: Այդպիսի քարանձավները (տրոգլոդիտ) պատկանում են այն ժամանակներին, երբ մարդկությունը դեռ սովորած չէր յուր համար բնակարաններ շինել: Հայաստանում շատ են պատահում լեռների մեջ քարանձավներ: Նրանք դարձան միայնակյացների բնակարաններ, երբ քրիստոնեությունը հայոց մեջ տարածվելեն հետո, մտցրուց յուր հետ և ճգնավորական կյանքը:

* * *

Գ. վ. Սրվանձտյանցի գրքի մեջ հանդիպում են այնպիսի տեղերի անուններ, որոնք պատկանում են մինչ-ջրհեղեղյան ժամանակներին, օրինակ, Խնուսա դաշտի մեջ Հարամիկ գյուղին մոտ գտնված ծառերը, որոնց տեղացիք անվանում են «Կայենի ծառեր»: Պատմում են, թե Կայենը նույն ծառերը հռվանվո տակ հանգստանում էր յուր երկրագործական աշխատությունից: Այնտեղից ոչ այնքան հեռու մի բլուր կոչվում է «Կայենի գերեզման»: Նույն դաշտի մեջ կա մի սար, որ անվանվում է «Ղամեքա բերդ». Ղամեքա այն քաջ որսորդն էր, որ սպանեց անեծքով դատապարտված, թափառական Կայենին: Հիշյալ տեղերի մոտն է այժմյան Բինգյոլը. այդ գեղեցիկ հովիտը յուր հավերժական չքնաղությամբ բոլորովին համապատասխանում է բնակիչների ավանդություններին, որոնք համարում են նրան Ադամա դրախտը: Նրանք ցույց են տալիս առաջին քաղաքը, որ շինեց Կայենը և այն դաշտերը, ուր Աբելը արածացնում էր յուր հոտը: Այդ տեղերը խիստ կենդանի կերպով պատկերացնում են նախաստեղծ մարդերի բնագավառը:

Բացի վերոհիշյալ բիբլիական անունները Գ. վ. Սրվանձտյանցի գրքի մեջ տեսնում ենք և պատմական անուններ, որպիսիք են` Եփրատի ափի մոտ Ողկան բերդը, որ յուր հետ ունի դարևոր ժամանակների հիշատակներ. նա նշանավոր էր Տրդատի ժամանակ և Մամիկոնյանց օրերում: Գրգուռ լերան մեկ կողմն է Սեղանասարը, իսկ մյուս կողմն` Սեմ սարը, Նոյի որդվո հիշատակարանը: Այդ տեղերից շատ հեռու չէ Ցրոնք գյուղը, որի մասին պատմությունն ասում է` «Սեմի որդին Տարբան յուր տոհմակներով բնակվեցավ այնտեղ և այնտեղից ցրվեցան, որո համար և տեղի անունը մնաց Ցրոնք»:

Տեսնվում են և այլ բազմաթիվ պատմական անուններ, որոնք ավելորդ ենք համարում մի առ մի հիշել:

* * *

Այնուհետև հեղինակը նկարագրում է տեղային հարսանիքի ծեսերը, որ շատ նման է Հայաստանի մյուս կողմերում կատարվող հարսանիքների արարողությանը: Նկարագրում է Համբարձման տոնի օրիորդաց վիճակախաղը, որ նույնպես շատ չէ զանազանվում Արարատա կողմերի խաղերից: Հետո խոսում է Վարդավառի տոնախմբության մասին, թե որպես մարդիք ջուր են թափում միմյանց վերա, որպես աղավնի են թռցնում, և թե այդ բոլորն հիշատակ է ջրհեղեղին, Նոյի աղավնի թռցնելուն և այլն: Այդ սովորություններն ոչ միայն Հայաստանում, այլ ամեն տեղ կարելի է տեսնել, ուր հայերը գաղթած են: Առհասարակ հին ավանդությունները ընդհանրանում են մի ազգի մեջ և անցնում են մինչև անգամ նույն ազգին ցեղակցություն ունեցող օտար ազգերի մեջ: Որպես պարսիկների մեջ ևս տեսնում ենք միմյանց վերա ջուր թափելու և աղավնի թռցնելու սովորությունը, որովհետև մենք և պարսիկները միևնույն ցեղին ենք պատկանում:

Այդպես են և հեղինակի հիշած նվիրական ծառերը, որոնց ճյուղերի վերա ժողովուրդը իրանց հագուստի կտորներից կամ թելերից փաթաթում են, որ իրանց հիվանդությունը անցնի, կամ փոխադրեն ծառի վերա: Այդպիսի ծառերին Պարսկաստանում շատ տեղ կարելի է հանդիպել, որոնց միևնույն հուսով դիմում է ժողովուրդը: Սրբազան ծառեր ունեին հռովմայեցիք և գալլիական ցեղերը:

Հայոց «թուխ-մանուկները»27 նույնպես կան զանազան արևելյան ազգերի մեջ: Շատ հավանական է, որ Գ. վ. Սրվանձտյանցի կարծիքը ճիշտ լինի, թե նրանք զանազան ժամանակներում նահատակված, քրիստոնյա մարտիրոսների արյուն թափած տեղերը լինեն: Իսկ շատ անգամ ևս ժողովրդի սնահավատությունը ստեղծում է «թուխ-մանուկները». հանկարծ պառավին մինը այնինչ ավերակի մեջ երազում կամ առաչյոք լույս տեսավ, ալեզարդ և ճաճանչավոր գլխով մի ծերունի տեսավ, նա այդ տեսիլքը պատմում է ժողովրդին, և իսկույն նրանք ամենայն ջերմեռանդությամբ շարում են այնտեղ իրանց ճրագները և խունկեր են ծխում...

* * *

Մի քանի տեղերում Գ. վ. Սրվանձտյանցի գիրքը ունի աշխարհագրական նշանակություն: Նկարագրում է զանազան վանքեր, լեռներ, դաշտեր, բայց ուշադրություն չէ դարձնում ժողովրդի ներկա կյանքի վերա, նրա առնտին և արտաքին գործունեության վերա, թե ինչ պարապմունք ունեն, կամ ինչպես են ապրում: Բացի հայերից ավելորդ չէր լինի ուշադրություն դարձնել և ուրիշ ազգությունների վերա, որոնց հետ դրացություն ունեն հայերը, և տեղեկություն տալ նրանց միմյանց հետ հարաբերությանց մասին: Այո, շատ թանկագին են մեզ համար մի երկրի կամ ժողովրդի հնագիտական տեղեկությունները, բայց նույնքան օգտավետ է նրա ներկա կյանքի ուսումնասիրությունը:

Աշխարհագրական տեղեկությանց մեջ ուշադրության արժան է Սիփան լեռան նկարագրությունը, որը գտնվում է Վանա ծովակի մոտ և յուր գեղեցիկ հովիտներով խոտավետ արոտատեղիներ է բաշխում խաշնարածներին: Տեղային հայ բնակիչները մինչև այսօր պահել են այն հին ավանդությունը, թե Նոյի տապանը, Գրգուռ լեռան գագաթին քսվելով, տաշեց նրան` անցավ դեպի Սիփան, այնտեղ հանգչելու: Բայց Սիփանը, ավելի համեստ լինելով, չընդունեց նրան, ցույց տալով իրանից ավելի բարձր սարըհսկա Մասիսը:

Տեղացիք այսպես են երգում հիշյալ լեգենդը.
Նոյա տապանն եկավ ի Սիփան,
Ասաց`
Սիփան, ա՛ռ զիս, ա՛ռ զիս:
Սիփանն ասաց`
Գնա՛ ի Մասիս, գնա՛ ի Մասիս,
Որ մեծ է քան զիս, որ բարձր է քան զիս:

Տեղացիք հավատում են, թե Սիփան լեռան մեջ թաքնված է մի կախարդված քաղաք, որի մուտքը փակած է երկաթե դռներով, թե նա ունի յուր թագավորը և մեծ գետ է հոսում քաղաքի միջով և այլն: Առհասարակ Սիփանը տեղացի բնակչաց Օլիմպոսն է, որի հետ սերտ կապված է ժողովրդի սիրտը, որի մասին նրա երևակայությունը ստեղծել է շատ և շատ ավանդություններ, որք այնքան բանաստեղծական և վառուն են, որպես մի լեռնաբնակ ժողովրդի հոգին:

Խիստ ազդու է մի աղջկա երգ, որին մի պատանի փախցնելով, Սիփանա սարն է բերում: Մանկահասակ սիրահարները երեք օր մնում են այնտեղ, մի բան չեն գտնում ուտելու, նրանք ապրում են միայն սիրով: Վերջապես քաղցը ստիպեցնում է պատանուն որսալ մի եղնիկ, նրա հրացանի գնդակը դիպչում է, արյունը սկսում է հոսիլ, իսկ կիսաշունչ անասունը դեռ շարունակում է փախչել: Պատանին վազում է նրա հետքից և գլորվում է բարձր քարաժայռից դեպի ցածԱղջիկը այսպես է երգում նրա մահը, կշտամբելով միևնույն ժամանակ յուր սիրելվո խստասրտությունը.

Ինչու մինակ ելավ որսի,
Ինչու զարկավ եղնիկին.
Գուցե նա ալ սիրական մուներ
Այս վայրերուն մեջ մեզ պես:
Ահա սիրո աստվածը արդար
Ու վաղահաս ըրավ յուր դատաստանը

Երգը վերջանում է հետագա խոսքերով.

Թե «Ինքը նրա համար ելավ սարը, նրա համար... և նրա հետ պիտի մեռնի...»

Վերջին խոսքերի հետ աղջիկն էլ իրան գահավիժում է ժայռի բարձրությունից

* * *

Առհասարակ խոսելով Գ. վ. Սրվանձտյանցի գրքույկի մասին, թեև նա անկապ կերպով գրված է, թեև նա շատ անգամ մի մտքից մյուսն է թռչում, այսուամենայնիվ, մենք համարում ենք նրան մի օգտավետ աշխատություն, որ ընծայում է հնագիտական առատ և անմշակ նյութեր: Ցանկայի կլիներ, Հայաստանի ամեն մի գավառի ժողովրդական ավանդությունները այդպես հավաքվեին28. հուսով ենք, հայր Սրվանձտյանցի գրքույկը օրինակ և խրախույս կտա շատերին:

Գրքույկը պարունակում է յուր մեջ և մի ամբողջ վեպիկ այս անունով` «Սասունցի Դավիթ, կամ Մհերի դուռ»: Վեպը պատկանում է մեր Սկայորդվո ժամանակներին և մի բանաստեղծական նկարագրություն է Ասորոց Սենեքերիմ թագավորի որդիներիԱդրամելիքի և Սանասարիգաղթականությանը դեպի Հայաստան: Սույն վիպասանությունը, թեև ավանդությամբ մինչև մեր ժամանակը անցնելով, շատ տեղերում աղճատվել է, բայց դարձյալ պահպանում է յուր խորին առասպելապատմական հնությունը: Մենք խոստանում ենք, առանձին հոդվածով ներկայացնել մի քննադատություն հիշյալ վիպասանության մասին:

«ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ»

Կոմեդիա երեք արարվածով և հինգ պատկերով, հեղինակություն պ. Գ. Սունդուկյանցի

Թիֆլիսի ամառային թատրոնում մայիսի 16-ին ներկայացրին պ. Սունդուկյանցի «Էլի մեկ զոհ» կոմեդիան:

Այս կոմեդիայի մեջ հանդես են գալիս երեք ընտանիքներ, որոնք պատկանում են ժողովրդի զանազան դասակարգերին` Սուրաթովի ընտանիքը, որ է չքավոր ազնվական, Բրիլիանտովի ընտանիքը, որ է շատ հարուստ վաճառական և Թորոսի որդի Սարգսի ընտանիքը, որ ստոր ծագումից և աղքատությունից միջակ հարստության հասած վաճառական է: Տիպերը, որ դուրս են բերած յուրաքանչյուր ընտանիքի մեջ, են հին և նոր սերունդի ներկայացուցիչներ:

Հին սերունդի հերոսներն են Սարգիսը և Սալոմեն, իսկ նոր սերունդի հերոսներըՄիքայելը և Անանին: Մնացյալ տիպերը համարյա թե կորչում են դրանց ստվերի տակ:

Քննենք յուրաքանչյուր տիպերն առանձին:

Միքայելը Սարգսի որդին է, մի ուսումնական երիտասարդ, որ սիրահարված է Սուրաթովի աղջկա` Անանու վերա. վերջինը նույնպես ուսում ստացած օրիորդ է և երկուսն ուխտել են միմյանց սեր, որ պետք է պսակվեր ամուսնական կապով: Անանին և Միքայելը սիրում են միմյանց ջերմ և անկեղծ սրտով, սիրում են, որպես կսիրե կրթված և զարգացած մարդը, որ հասկանում է նրա բարձր և վսեմ նշանակությունը:

Բայց Անանին չքավոր ծնողաց դուստր է. նրա հայրը` Յագոր Սիմոնիչը, մի հին աստիճանավոր, պահում է ընտանիքը մասնավոր ռոճիկով, որ կախված է յուր մեծավորի կամայականությունից. մի անզգուշություն, մի անհաճո վարմունք մեծավորի դեմ, բավական էր զրկել Յագոր Սիմոնիչի ընտանիքը օրական հացից: Ուրեմն, Անանին փող, բաժինք, օժիտ, ոչինչ չունի, միակ կապիտալը, որ նա նվիրելու է փեսային, է նրա սերը և յուր մաքուր սիրտը: Իսկ Միքայելը գոհ է միայն դրանով: Նա չէ ցանկանում պսակվել փողի վերա. նա որոնում է կյանքի ընկեր, հավատարիմ ամուսին, և նրա գտածըԱնանին է:

Սովրած լինելով ազնիվ և տոկուն աշխատության, Միքայելը և Անանին չեն համարում փողը որպես կենդանի կապիտալ, որպես միակ միջոցը մարդկային ապրուստի: Նրանք նայում են փողի վերա, որպես մի անտևողական առարկայի վերա, որ այսօր կա, իսկ էգուց կարող էր անհետանալ: Փողը Միքայելի և Անանու համար հարստություն չէ: Հարստություն համարում են նրանք իրանց ձեռքի վաստակը, որ արդյունաբերվում էր եռանդոտ ջանքերով և սեփական քրտինքով: Աշխատությունը համարում են նրանք ապրուստի հաստատուն աղբյուր, որ նույնքան տևողական է ու բեղմնավոր, որքան մարդը սովոր և ընդունակ է գործելու: Ամուսնական կապը, դարբնած ոսկու շղթաներով, համարում են նրանք խիստ թույլ և դյուրին կերպով խորտակելի:

Այսպես չեն մտածում հին սերունդի հերոսները` ՍարգիսըՄիքայելի հայրը և ՍալոմենԱնանու մայրը:

Սարգիսը և Սալոմեն, համարում են փողը ոչ միայն իբրև միջոց մարդկային ապրուստի, այլ իբրև միակ նպատակ կյանքի: Փողը Սարգսի և Սալոմեի համար մի աստվածություն է, որ բովանդակում է յուր մեջ բոլոր հրաշալի զորությունները և միակ գործիչ ուժը մարդկային կենցաղավարության մեջ:

Ամեն գործողություն, որքան բարբարոսական լիներ նա, ամեն գործողություն, որքան թաթախված լիներ անբարոյականության կեղտերի մեջ, որքան ներկված լիներ նա արյունով և արտասուքով, — սուրբ է Սարգսի և Սալոմեի համար, երբ նա ուներ շահասիրական նպատակներ: Փողի սնդուկը մաքրության ավազան է Սարգսի և Սալոմեի համար, ուր սրբագործվում է մարդը յուր բոլոր կեղտոտություններից: Փողն այն կախարդական զգեստն է, որ ծածկում է պատվի քողով մարդու անազնվությունը, նրա անբարոյականությունը, նրա հիմարությունները, մի խոսքով ամեն ինչ, որ կարող էր բիծ դնել օրինավոր մարդու վերա:

Փողը բովանդակում է յուր մեջ ամեն ինչ: Ով որ փող ունե, ամեն ինչ ունե. — ահա Սարգսի և Սալոմեի վարդապետությունը:

Սարգիսը և Սալոմեն հայերի մեջ ճիշտ կատարելատիպ են: Մեկը, որպես գերդաստանի հայր, մյուսը որպես գերդաստանի մայր, նրանք պարունակում են իրանց անձնավորության մեջ մարմնացած հարստահարությունը յուր բոլոր սարսափելի կերպարանքներով:

Սարգիսը և Սալոմեն փչացած հասարակության հարազատ զավակներն են:

Ինչպե՞ս է ծնում հասարակությունը այդպիսի հրեշավոր որդիք:

Սարգիսը վաճառական է: Նրա արհեստի բնավորությունն ունի այն հատկությունները, ինչ որ ուներ մի ժամանակ վաճառականության աստվածըՀերմեսը, որ պաշտվում էր Հունաստանի տաճարներում: Հերմեսը միևնույն ժամանակ և վաճառականության, և ավազակության, և խաբեբայության աստվածն էր: Վաճառականը քաղաքավարի ավազակ է, իսկ նրա զենքըհարստահարությունը և խաբեությունը:

Որքան հասարակությունը զարգացման ստոր աստիճանի վերա է կանգնած, որքան նրա մեջ տարածված չէ կրթությունը, այնքան հաճախ վաճառականությունը միանում է խաբեության և ավազակության հետ, այնքան ավելի զորություն է ստանում հարստահարությունը:

Սարգիսը վաճառական է:

Ամեն առարկայի վերա նայում է նա, որպես առևտրական մթերքի վերա: Նրա ընտանիքը յուր համար նույնպես մթերք է, որպես յուր խանութում դարսած ապրանքները: Երկուսի հետ ևս վարվում է նա միօրինակ կերպով: Յուր ապրանքների ծախելում Սարգիսը գործ է դնում ամեն միջոցներ, որքան կարելի է, ճարպիկ կերպով կողոպտել գնողին: Ստախոսությունը, խորամանկությունը և անխիղճ հարստահարությունը նրա գլխավոր զենքերն են. նույնը նա չէ խնայում և յուր ընտանիքի վերաբերությամբ:

Սարգիսն այն մարդերիցն է, որ ամեն առարկայի վերա նայում է շահասիրական կետից. ոչ մի գործողություն նրան չէ գրավում, երբ նա կապված չէր նյութական օգուտների հետ: Բարոյական բավականություն նրա համար չկա: Սարգիսը նյութապաշտ է:

Մի այսպիսի մարդը չէր կարող համբերել յուր որդու` Միքայելի ամուսնությանը աղքատ Անանու հետ, որ «փող ու բաժինք» չուներ: Սարգիսը պետք է օգուտ քաղեր որդու ամուսնությունից. իսկ նա պսակվում էր առանց փողի: Ահա երկպառության պատճառը, որ հարուցանում է անբավականություն հոր և որդու մեջ:

Սալոմեն նույն է յուր դստեր` Անանու վերաբերությամբ, ինչ որ Սարգիսը Միքայելի վերաբերությամբ: Մեկը հարստահարող հայր է, մյուսը հարստահարող մայր: Երկու բռնակալ ծնողքներ ճնշում են իրանց որդիների կամքը և ազատությունը: Երկուսն էլ ունեն իրանց առանձին նպատակները: Սարգիսը աշխատում է յուր որդու Միքայելի համար նրա սիրած Անանու փոխարեն հարուստ աղջիկ բերել, իսկ Սալոմեն աշխատում է Անանուն զրկել յուր Միքայելից և հարուստ փեսայի տալ: Որդիքը ընդդիմանում են ծնողաց կամքին և պաշտպանում են իրանց ընտրածը:

Խորտակել գերդաստանի հոր և գերդաստանի մոր իշխանությունը, ոչնչացնել նրանց ամենահին դարերից ժառանգած իրավունքը, չէր կարող անցնել առանց պատերազմի, հին և նոր սերունդի մեջ: Այդպես էլ եղավ:

Որը՞ կհաղթե:

Պետք է կշռել հակառակ կողմերի ուժերը:

Սարգիսը և Սալոմեն, իբրև հին և փորձված զինվորներ, համարձակ կռվողներ են: Նրանց բոլոր պատերազմական տնօրինությունները` յուր խորամանկություններով, յուր նենգությունով և յուր արյունով` նրանց մոտ նախապատրաստված են: Ընտանեկան պատերազմի մեջ նրանք կռվում են ոչ իբրև ազնիվ և մեծահոգի հերոսներ, այլ իբրև քուրմ կամ մարգարե: Մարգարեն պատերազմում է ուղղության և ճշմարտության անունով: Նա յուր քարոզները առաջնորդում է սրով: Բայց պատահած ժամանակ նա գիտե նենգել, գիտե խաբել: Երբ իրան թույլ է զգում, նա գիտե կեղծավորել: Երբ երկրային զենքերն անզոր մնացին, երկյուղ է գցում հակառակորդի վերա երկնքի սպառնալիքներով, անեծքներով: Իսկ երբ հաղթեց, նա անգութ է որպես գազան յուր զոհի վերաբերությամբ:

Այդպես են վարվում Սարգիսը և Սալոմեն իրանց կռիվի մեջ նոր սերունդի դեմ:

Սարգիսը և Սալոմեն, որպես ընտանիքի պատրիարքներ, որպես ծնողքներ, քաղցր խրատներ են կարդում, երբ որդին ցույց է տալիս սաստիկ ընդդիմադրություն: Նրանք ճնշում են, ոտնակոխ են անում որդուն, երբ նա խոնարհվում է: Մայրական-հայրական գութը, անեծքը, արտասուքը և սպառնալիքը խառնում են միմյանց, ազդելու որդու մեջ խոնարհություն և պատկառանք դեպի ծնողաց եսը:

Ինչպե՞ս են վարվում նոր սերունդի ներկայացուցիչները իրանց կռիվի մեջ հների դեմ:

Նրանք պարզ և անկեղծ կռվողներ են, նրանք դեռ վարժված չեն պատերազմական նենգությունների մեջ: Միքայելի և Անանու կռիվը ծնողաց դեմ` ստրուկների կռիվ է իրանց տիրոջ դեմ, որոնք հաշտվում են, երբ տերը դադարում է բռնաբարել: Միքայելը և Անանին տիրելու կամ իշխելու նպատակ չունեն. նրանք խնդրում են ազատություն: Իսկ Սարգիսը և Սալոմեն ձգտում են տիրելու և իշխելու: Նրանք բռնակալներ են:

Որպես նոր, որպես դեռ յուր սաղմական դրության մեջ, Միքայելի և Անանու բոլոր հոգեկան ուժերը, բոլոր ձգտողությունները դեպի բարին և դեպի ճշմարտությունը, դեռ գտնվում են իրանց գոյության խառն, երերյալ և տկար վիճակի մեջ: Նրանք դեռ չեն ստացել հասուն, կատարելագործված ձև ու կերպարանք: Միքայելը և Անանին ունեն համոզմունք, իսկ նա վճռական չէ. նրանք ունեն բարի ցանկություններ, ազնիվ նպատակներ, բայց որպիսի՞ ուղղություն տան իրանց ընթացքին, որ հասնեն նրանց, իրանք չգիտեն: Եվ նրանց խոսակցությունը, և նրանց դարձվածները, և նրանց ձայնը մինչև անգամ արտահայտություն է սրտի և հոգու անհաստատ տրամադրության:

Ընդհակառակն, Սարգսի և Սալոմեի մեջ ամեն ինչ վճռված է նախքան նրա գործադրությունը: Նրանց մեջ կա կամքի հաստատություն, նրանք ունեն երկաթի պնդությամբ համոզմունքներ, և նրանց գործադրության մեջ ոչ միայն համարձակ են, այլ հանդուգն են և աներկյուղ: Սարգսի և Սալոմեի խոսքերն ուժ ունեն, հնչում են ինքնահավան կերպով, արտաշնչում են հեգնության, արհամարհանքի և երգիծանության բոլոր զորությամբ: Նրանց բերանից թափվում են ամբողջ հեղեղներ ազդու և ներգործող մոնոլոգների, որոնք բխում են սրտի խորքից: Իսկ Միքայելը և Անանին, կարծես, վախում են իրանց խոսքերից, կարծես, իրանք էլ երկբայության մեջ են նրա մասին, որ խոսում են, նրա մասին, որ գործում են:

Սարգիսը և Սալոմեն հանդիսանում են որպես հաղթողներ: Թե՛ Սարգիսը և թե՛ Սալոմեն իրանց նպատակների իրագործումը գտնում են մեկ տան մեջ, — դա է Ստեփան Դանիելիչ Բրիլիանտովի, ամենահարուստ, միլիոնատեր վաճառականի ընտանիքը: Այնտեղ կան մի օրիորդ և մի պատանիՆատոն և Վանոն, մեկը Բրիլիանտովի աղջիկն է, մյուսը` տղան, մեկին ուզում են Միքայելի համար կին բերել, մյուսին Անանու համար ամուսին առնել:

Բրիլիանտովը նույնպես վաճառական է, և որպես հայ վաճառական, ամենակեղտոտ ճանապարհներով բարձրացած յուր ոսկու ամբարդակի վերա: Նա զանազանվում է Սարգիսից նորանով, որ հազարավոր խեղճերի արյունով և արտասուքով դիզած յուր հարստությունը ներկել է ազնվության ներկով, և բարձր կանգնած է յուր փառքի զենիթի վերա:

Թե ի՞նչ միջոցներով էր հարստացել Բրիլիանտովը, դա երրորդական բան էր Սարգսի և Սալոմեի համար. միայն նրանք գոհ էին նրանով, որ իրանց որդիքըՄիքայելը և Անանինկարող են բախտավորություն գտնել Բրիլիանտովի ոսկիների մեջ, մեկը` նրա փեսա դառնալով, մյուսը` նրա հարսը լինելով:

Նատոն և ՎանոնՄիքայելի և Անանու նշանակված ամուսնացուքընույնպես պատկանում են նոր սերնդին, այսպիսի տիպերն երիտասարդության մեջ բազմություն են կազմում: Նրանք թեթևամիտ և փչացած արարածներ են: Նատոն և Վանոն ստացել են վայրիվերո կրթություն, կուրորեն հետևում են նոր ձևերին և սովորություններին, կոտրատում են հայերենի հետ խառն հատուկոտոր ռուսերեն և ֆրանսերեն բառեր: Նրանց խոսակցության առարկան է` մոդան, զանազան զվարճության տեղերը, պարահանդեսները և այն անկյունիկները, որոնք թափ են տալիս մարդու քսակից առատ արծաթ, բավականություն տալով նրա անբարոյական հաճույքներին... Վանոյի մտերիմ բարեկամը և խորհրդակիցն է Օսեփը` յուր խորամանկ սպասավորը, որ ծածուկ Վանոյի սիրուհի Կարոլինին նամակներ է տանում ու բերում: Իսկ Նատոյի մտերիմը, սատանան գիտե թե ո՞վ...

Այսպիսի որդիքը, ինչպես Վանոն և Նատոն, Բրիլիանտովի նման հարուստների տան ցեցն են, աստուծո պատիժն են, Բրիլիանտովները, որոնք չեն մտածում որդիների օրինավոր կրթության մասին, որոնք իրանց խելքը և միտքը տված են միայն փող դիզելու, նույն փողը բաց է անում որդիների դեմ շռայլության և անբարոյականության լայն ուղին: Ահա գլխավոր պատճառը, որ հայ մեծատունների մեջ հարստությունը չէ անցնում մինչև մի քանի սերունդներ: Ինչ որ յուր անազնվությամբ դիզել էր ժլատ հայրը, յուր շռայլությամբ ոչնչացնում է անբարոյական որդին:

Վանոն և Նատոն այս տեսակ որդիներից էին և խիստ հավատարիմ իրանց կոչմանը, և դրանց հետ պետք է կապվեր Անանու և Միքայելի կյանքը...

Անանին ստիպված է լինում թողնել Միքայելին և ընդունել յուր մոր Սալոմեի առաջարկությունը, թեթևամիտ Վանոյի կին դառնալով: Միքայելը այնքան ընդունակություն չէ ունենում ազատելու թշվառ զոհը...

Դրանով վերջանում է նրանց պատերազմը ծնողքների դեմ, դրանով է քանդվում կապը, որ պետք է զուգեր երկու սիրողներինԱնանուն և Միքայելին:

Պիեսայի մեջ մնացյալ տիպերն աննշան են: Բարբարեն` Սարգսի ամուսինը, մի բարեսիրտ կին է. նա սիրում է յուր որդուն` Միքայելին, պաշտպանում է նրան, համակրում է նրա ցանկությունները, բայց շարժված ավելի մայրական գութից, քան գիտակցական համոզմունքից: Բարբարեն ստրկացած հայ կնոջ տիպն է, որ յուր բողոքը ամուսնի բռնակալության դեմ կարող է հայտնել միայն լուռ արտասուքներով:

Յագոր Սիմոնիչ ՍուրաթովըՍալոմեի այրը` Անանու հայրը, հին աստիճանավոր է, որ որպես ծառայող, նա սովորել է դրսում կույր հնազանդությամբ թեքվել յուր մեծավորի առջև, իսկ տանը կնոջ «կոշիկների տակ»: Յագոր Սիմոնիչը նույնպես բարի մարդ է, բայց որպես ծառայող նա խոնարհվում է այնտեղ, որտեղ ուժ է տեսնում: Ահա պատճառը, որ Սալոմեն տիրում է նրա վերա: Նա իբրև հայր լավ սիրտ ունի, հասկանում է յուր դստեր` Անանու, անբախտությունը, Վանոյի կին դառնալով, ճանաչում է Միքայելի արժանավորությունները, գիտե, որ յուր աղջիկը Միքայելի ամուսինը դառնալով, կարող էր ավելի երջանիկ լինել, քան Բրիլիանտովի ոսկիների մեջ. բայց այնքան քաջություն չունի ընդդիմանալ յուր կնոջ կամքին, մանավանդ հակառակ կողմում ուժ է տեսնումհարստություննրա առջև ևս պետք է թեքվի հին ծառայողը...

Մենք քննեցինք պ. Սունդուկյանցի կոմեդիայի միայն տիպերը, իսկ նրա բովանդակությանը մանրամասնաբար չդիպանք:

Իսկ ինչ վերաբերում է պիեսայի արհեստական նշանակությանը, մենք այսքան կասենք` «Էլի մեկ զոհը» թեև լրացրած գործ չէ, թեև նա չէ հասցնում գործողությունները իրանց վերջնական կետին, այսուամենայնիվ, հեղինակը ցույց է տվել յուր տաղանդը, որ իրան հանդիսականին մտածել է տալիս կոմեդիայի վախճանը, երևակայել այն, ինչ որ նա պետք է տեսներ բեմի վրա:

Որպես պ. Սունդուկյանցի մյուս պիեսներում և «Էլի մեկ զոհի» մեջ ավելի ճիշտ և գեղագրական կերպով նկարված է հին սերունդը, մանավանդ վաճառական դասը: Նոր սերունդի մեջ Վանոն և Նատոն երևում են իրանց իսկական պատկերներով, նրանք կատարելատիպ են թեթևամիտ երիտասարդության:

Բայց Միքայելը և Անանին նոր պատերազմողներ են, նրանք պետք է ընկնեին, որովհետև կանգնած էին կռվողների առաջին շարքում: Իսկ նրանց դիակների վերայից կանցնեն նոր հերոսներ, որոնք առաջ կտանեն հաղթության դրոշակը...

ՆԱՄԱԿ ԴԱՎՐԵԺԻՑ

Հուլիսի 5-ին

Շատ տարիներ չեն անցել, որ Դավրեժի հայերը մի քանի անգամ ենթարկված են եղել սարսափելի հալածանքների. մահմեդականներն ընդհանուր ապստամբությամբ հարձակվել են հայոց թաղերի վերա, քանդել են տներ, կողոպտել, թալանել են նրանց կայքը, բարբարոսությունը հասել է մինչև արյունահեղության և վերջացել սպանություններով: Այսպիսի չարագործությանց շարժառիթն եղել է միշտ մի հնարավոր ամբաստանություն հայերի վերա, որ դիպչում էր մահմեդականների կրոնական կամ ազգային առանձնահատկություններին, և գրգռելով մոլեռանդ ամբոխի կատաղությունը, առիթ է տվել նրանց վրեժխնդրությանը:

Այս օրերում Դավրեժի հայերին սպառնում է մի այնպիսի վտանգ, այս օրերում, երբ ամեն կողմից լսելի է լինում թանզիմաթի (օրենսդրության) ձայնը, նրա ներմուծանելը Պարսկաստանի մեջ: Այս օրերում, երբ Բարձր. Կառավարությունը աշխատում է խաղաղություն տարածել, ապահովել ժողովրդի դրությունը, և առանց խտրություն դնելու կրոնի և ազգության, հավասարություն հաստատել:

Ամբողջ մահմեդական բազմությունը գտնվում է կատաղի խռովության մեջ. նրա վրեժխնդրությունը հասել է մինչև այն աստիճանի, որ ամեն րոպե պատրաստ է հարձակվել հայերի վերա, ոչնչացնել և իսպառ բնաջինջ անել նրանց: Հայերի երկյուղը և հուսահատությունը անցել է սահմանից. նրանք արդեն սկսել են իրանց կայքը թաքցնել ապահով տեղերում և մեծ տագնապի մեջ սպասում են զարհուրելի ճգնաժամին:

Տեղային կառավարությունը ամեն միջոցներ գործ է դրել խռովությունը հանգստացնելու, նա արդեն բաժանել է զինվորներին պաշտոններ, որ վտանգի ժամանակ պաշտպանեն հայերին մահմեդականների հարձակմունքից, և հրամայել է թաղապետներին (ղալաբեգիներին), որ նրանցից յուրաքանչյուրն զսպե յուր թաղում գտնված խռովարարների չարությունը: Որովհետև այսպիսի դեպքերում ավելի մեծ ազդեցություն ունեն մոլլաները, այս պատճառավ քաղաքիս մեծ մուշտայիդը յուր կողմից ամեն ջանք է գործում դնում ապստամբության առաջն առնելու:

Ի՞նչ է այս բոլոր հուզմունքի պատճառը:

Չորս ամիս առաջ կորել է մի թուրք աղջիկ

Ահա անցքի մանրամասնությունքը:

Մի թուրք ընտանիք ընդունում է յուր մեջ մի մանկահասակ որբ աղջիկ, որը գյուղից բերվելով, հանձնվում է նույն տանը իբրև աղախին: Աղջիկը, որպես լսվում է, շատ պարկեշտ վարքի տեր չէ լինում և մի օր անհետանում է այնտեղից: Ասում են, նա սիրահարվելով քաղաքումս գտնված ձեռնածուներից (ֆոկուսնիկներից) մեկի վրա, նրա հետ գնում է օտար երկիր: Բայց մահմեդական ձեռնածուի փոխարեն ամբաստանվում է մի հայ երիտասարդ, թե նա առևանգել է աղջկան, մեղանչել է կույս օրիորդի պատվի դեմ, և կամենալով ծածկել յուր հանցանքը, խեղդել է նրան ու ձգել մի հորի մեջ և այլն:

Երիտասարդը անմիջապես կալանավորվում է և ոստիկանության կողմից սկսում են խուզարկություններ անել հայերի տներում աղջկա դիակը գտնելու համար: Իհարկե ոչինչ չեն գտնում և երիտասարդի վերա ոչ մի հանցանք չէ հաստատվում: Բայց մահմեդականների հալածասիրությունը դրանով գոհ չէ մնում, նա կամենում է վրեժխնդիր լինել. նա պատիվ է պահանջում...

Next page