Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Մեղվաբուծությունը զարգացած է այն գյուղացիների մեջ միայն, որոնց գյուղերն գտնվում են լեռների ստորոտին կամ լեռնային բարձրավանդակի վրա:

Որպես երկրագործ ժողովուրդ, հայ գյուղացիք անասնապահությամբ շատ են պարապում. պահում են այնքան կովեր և գոմեշներ, որքան բավական է իրանց տնտեսական գործածության համարյուղ և մածուն ունենալու համար: Ավելորդ անասուններ պահել չեն էլ կարող այն գյուղացիք, որոնք դաշտաբնակներ են, որովհետև անմշակ հողերը շատ փոքր են անասուններին արածելու համար: Ոչխարներ չեն պահում, որովհետև խաշնարածության հետ կապակից է չվական կյանքը, այսինքն` տարվա տաք եղանակներին ոչխարներ սարը տանել և այնտեղ դարմանել մինչև ձմեռ. իսկ երկրագործ և միևնույն ժամանակ հաստատաբնակ հային դժվար է հեռանալ հողային պարապմունքից:

Այն հայ գյուղացիք, որոնք սարերի մոտ են, կամ լեռնային բարձրավանդակի վրա են բնակվում, պարապում են նաև խաշնարածությամբ, որովհետև նոցա շրջապատող բնությունը ընծայում է ճոխ արոտամարգեր ոչխարներ պահելու համար:

Խաշնարածների մեջ զարգացած է նաև բուրդից գործվածներ պատրաստելու արհեստը, որ ըստ մեծի մասին կատարվում է կանանց ձեռքով: Այս գործվածները թեև այնքան նուրբ և գեղեցիկ չեն, որպես պարսիկներինը, բայց հայտնի են իրենց ամրությամբ և գույների տոկունությամբ, որպիսին են զանազան տեսակի կարպետներ, թաղիքներ և ավելի բարակ գործվածներ, որոնցից գյուղացիք պատրաստում են վերարկուներ (աբա) և վարտիքներ (շալվար): Գորգեր շինել չեն կարողանում: Շալեղեն գործվածների հտամնացության գլխավոր պատճառը այն է, որ հայոց ոչխարների բուրդը և մազը նույն լավ հատկությունը չունեն, որպես պարսիկներինը, — կլիմայական աննպաստ պայմանների պատճառով:

Ամեն գյուղերում գտնվում են այնպիսի արհեստավորներ, որ այն գյուղին են պետք. գյուղացիք ունեն հյուսներ, որոնք շինում են երկրագործական գործիքներ` գութան, արոր, որպես և դռներ, լուսամուտներ և այլն: Գյուղերում կան որմնադիրներ, որոնք գլխավորապես շինում են նույնպես երկրագործական անոթներ, որպիսին են` խոփ, բահ, շղթա, բրիչ և այլն: Գյուղերում կան ջաղացպաններ, որ սրում են բթացած աղորիքը: Գյուղերում կա սափրիչ, որ միևնույն ժամանակ շատ անգամ բժշկի պաշտոն է կատարում: Ոսկերիչները, որ ավելի կանանց են ծառայում, գալիս են քաղաքներից և ժամանակավորապես մնում են, դրանց կարգումն են և կլեյկագործները:

* * *

Քաղաքներում հայերը համեմատաբար փոքր թվով են բնակվում, և եթե գտնվում են քաղաքներում հայեր, նրանք կամ առանձին և մահմեդականների հետ խառն թաղեր են կազմում քաղաքի պարիսպների մեջ, կամ բնակվում են քաղաքից դուրս առանձին արվարձաններում: Այդ այն պատճառով է, որ նախ մահմեդականները թույլ չեն տա քրիստոնյա հային իրենց մեջ բնակվելու և իրանց դրացիությամբ նրանց պղծելու, եթե թույլ ևս տային, հայերին ձեռնտու չէ ցրվել մահմեդականների մեջ և նրանց թաղերում բնակություն հաստատել, ուր ամեն րոպե կարող էր նրանց վտանգ սպասել: Այս պատճառով սրանք աշխատել են միշտ ամփոփ դիրք բռնել և միմյանց հետ սեղմված ապրել: Ամբողջ Պարսկաստանում Թեհրանում միայն հայերը ցրված են զանազան թաղերում և այդ այն պատճառով, որ Պարսկաստանի մայրաքաղաքը ավելի ներողամիտ է դեպի ոչ-մահմեդականները: Այստեղ հայերն ազատ են այն հալածանքներից, որ պատահում է ուրիշ քաղաքներում:

Քաղաքներում հայերը ըստ մեծի մասին պարապում են զանազան արհեստներով. այս արհեստների մեջ առաջին տեղն է բռնում ոսկերչությունը: Պարսից հարեմները և կանանց ճոխ զարդարանքը, ոսկու, արծաթի և թանկագին քարերի շռայլաբար գործածությունը միշտ առատ գործ են տալիս հայ ոսկերիչին: Թեև հրեաները նույնպես պարապում են այս արհեստով, բայց այս ազգի բնական խարդախությունը թույլ չէ տալիս հայերի հետ մրցություն անել: Հայերը գրաված լինելով պարսիկների երաշխավորությունը, ամենահին ժամանակներից շահի դռան զարգարբաշին (ոսկերչապետը) միշտ եղել է հայ, այժմ նույնպես հայ է: Նորա համար պալատում առանձին գործարան կա, ուր նա աշխատում է միմիայն արքունիքի համար: Այսպիսի արհեստավորները միշտ արժանացել են խանության աստիճանի և նոցա իրենց արհեստի արտոնությունը անցնում է որդուց-որդի:

Պարսից իշխանները շատերն ունեն տնային ոսկերիչ, որ ամբողջ տարի բանում են միմիայն այս և այն խանի կամ շահզադայի համար: Պարսիկները առհասարակ սիրում են նայել փայլուն և խայտաճամուկ իրերի վրա: Մտեք մի պարսիկ իշխանի կամ մինչև անգամ հասարակ հաջու հյուրանոցը, դուք կկարծեք թե դա հազվագյուտ իրեղենների մի խանութ է, ուր դասավորված են գույնզգույն չինական անոթների, հայելիների, արծաթե աշտանակների և ջահերի մի մեծ հավաքածու: Այստեղ դուք կտեսնեք քսան-երեսուն հատ արծաթե ղեյլաններ, մի քանի հատ արծաթե սամովար, նույն մետաղից շինված ափսեներ, թեյամաններ և շաքարամաններ, ոսկուց շինված սուրճի փոքրիկ ֆինջաններ (բաժակներ), — մի խոսքով ամբողջ սենյակը վառվում է ճենապակու և թանկագին մետաղների կարասիքով, և այդ բոլորի մեջ փոքր գործ չէ գտնում յուր համար հայ ոսկերիչը:

Պարսիկը, երբ ձեռքում փող ունի, գնում է այսպիսի բաներ, նրա համար մեծ պարծանք է եթե ասեն` «տասն հատ արծաթե սամովար ունի». այս պատճառավ նա յուր հարստությունը ի ցույց է դուրս բերում: Բայց երբ բախտը փոխվեցավ, նա սկսում է ծախել, գրավ դնել և սպառելԲախտի հեղաշրջության հետ անդադար պարսկի տունը լցվում է և դատարկվում է. և ամեն պարագային օգուտ է քաղում հայ ոսկերիչը. նա գնում է եղածը չնչին գնով, կամ նորն է շինում:

Ոսկերչությունից հետո արհեստների մեջ երկրորդ տեղն է բռնում հյուսնությունը: Ով որ փոքր ի շատե գաղափար ունի պարսիկների լուսամուտների մասին, կարող է հասկանալ, որ հյուսնությունը հայերի մեջ չափազանց զարգացած է, որ այնքան ճիշտ մաթեմատիկական համաչափությամբ դուրս են բերում իրանց ձեռագործը: Պարսից ճաշակը այս արհեստի մեջ նույնպես պահպանել է յուր հատկանի առանձնությունը. նա չի սիրում, որ արեգակի ճառագայթները իրանց բնական գույներով ներս ցոլան յուր սենյակի մեջ, անպատճառ ցանկանում է նրանց գույն տալ, որպես նա ներկում է յուր մորուքը և մատները: Պարսիկի այս պահանջը կատարում է հայ հյուսնը. նրա լուսամուտների փանջարաները կազմում է գույնզգույն ապակիների փոքրիկ բանվածներով, որոնք հորինում են զանազան նկարներ, և լույսը այս նկարների միջից անցնում է որպես գույնզգույն ծաղկի փունջերի միջից, և գեղեցիկ ֆանտաստիկական ճառագայթներ է արձակում սենյակի մեջ:

Հայ հյուսնը կամ ատաղձագործը պարապում է միայն նուրբ և բարակ գործվածքներով, իսկ փայտե կոշտ շինվածքները նա թողնում է մահմեդականներին: Վերջին ժամանակները պարսիկների տներում մուտք գտան նաև եվրոպական կարասիք. այս նորաձևությունը հայերի համար մի նոր գործ բացավ: Հայ արհեստավորը ավելի շուտ է սովորում այն, ինչ որ եվրոպական է. մինչդեռ պարսիկը չի ուզում փոխել ինչ որ սովորած է յուր պապերից. նույնը պատահեցավ և դերձակության մեջ: Երբ պարսիկները (ծառայողները) սկսան նեղ պանտալոն հագնել և իրանց հագուստները նմանեցնել եվրոպացիներին, հայ դերձակները միայն կարողացան նրանց ճաշակին հարմարեցնել մի նորաձև կիսաեվրոպական և կիսապարսկական հագուստ: Եվ այսօրվա օրս ամենալավ դերձակը, որ բանում է շահից սկսյալ մինչև ստոր աստիճանավորների համար` հայ է: Ամեն քաղաքներում հայ դերձակների խանութները բազմանալու վրա են և ավելի արդյունավոր է լինում այդ արհեստը, քանի որ հագուստի նորաձևությունը տարածվում է:

Դարբնության մեջ քաղաքներում հայերը ձեռք են առել զինագործությունը: Տերության զինվորական գործարանների (ջաբախանաների) հմուտ արհեստավորները հայեր են: Հայ զինագործները սովորաբար գնում են փոքրիկ քաղաքներ կամ մեծ գյուղեր և այնտեղ մնում են գործելու ժամանակավորապես: Նրանք գնում են մինչև անգամ զանազան ազատաշրջիկ ցեղերի մեջ, որպիսիք են քուրդերը, թալիշները, գելաքները և այլք և այս ավազակների համար զենք են պատրաստում, նրանց թաբունի հետ այստեղ և այնտեղ թափառելով: Զարմանալի է տեսնել մի ազգ, որ գիտե զենք շինելու արհեստը, բայց նրա գործածելը չգիտե...:

Հայերից կաշեգործներ չկան, որպես և կոշկակարներ, թամբ շինողներ: Կաշիե գործվածները այն տեսակ նյութերի կարգին են պատկանում, որ պարսիկ շարիաթի համեմատ կարող են պղծություն ընդունել. այս պատճառով պարսիկը կաշվեղեն հայից չէ գնում. թեև Եվրոպայից բերած կոշիկները պարսիկը առնում և հագնում է, բայց այս դեպքում նա չի ուզում մտաբերել, թե նրա պատրաստողը ինչ ազգից է...: Այնուամենայնիվ հայը կարող է կոշկակարի խանութ ունենալ, երբ նա բաց է անում հայոց թաղում և միայն հայերի համար է բանում: Այս առանձնական արհեստավորների կարգիցն են սափրիչները. պարսիկը իր մազերը հային կտրել չէ տալիս: Հայերից չկան քաղաքներում և ներկարարներ. պարսիկը յուր սենյակի պատերը հային ներկել չէ տալիս, եթե սա մի այդպիսի բան աներ, այն ժամանակ չէր կարող աղոթել այն սենյակում, որի պատերը պղծված են հայի ձեռքով: Այս արհեստը, նույնպես և նկարչությունը շատ առաջ է գնացած պարսիկների մեջ: Ոչ ոք այնպես գեղեցիկ չէ կարող նկարել սենյակի պատերը, որպես պարսիկը: Այստեղ մարդ տեսնում է պարսիկին իր երևակայության ճոխ ֆանտազիայով: Նրա պատերի վրա նկարված է յուր սիրելի ջեննաթը յուր հուրիներով և փերիներով, մշտականաչ արմավենիներ, սիրամարգներ, վարդի թփեր յուր գույնզգույն սոխակներով և թութակներով, կիսամերկ կանայք կամ ածում են կամ պար են գալիս. մի խոսքով ամեն հրաշալիք, որով միշտ հրապուրվում է արևելքը...:

Անձնատուր եղած երևակայական ցնորամտության, պարսիկ պարզությունը ուշադրություն չէ դարձնում իսկականի վրա. այս պատճառավ նրանց նկարների մեջ մարդ երբեք չէ տեսնում բնությունը: Այսպես է և պարսիկ բանաստեղծությունը, նրա մեջ ամենևին չկան բնության նկարագիրներ, նրա մեջ դուրս բերված անձնավորություններն անգամ մի տեսակ հրեշտակներ են, որ ապրում են բանաստեղծի երևակայության մեջ:

Քաղաքաբնակ հայերի գլխավոր պարապմունքներից մեկն է գինեգործությունը: Պարսիկներին որպես կրոնով արգելված է ոգելից ըմպելիքների գործածությունը, այնպես էլ արգելված է նոցա պատրաստելը: Այս պատճառով այդ արհեստը մնացել է հայերի սեփականությունը: Ամեն քաղաքներում հայ հասարակության ստոր մասը պարապում է գինեվաճառությամբ. թեև նրանց թույլ տված չէ ազատ և բացարձակ կերպով գինետներ բաց անել, բայց վաճառում են գաղտնի կերպով իրանց տներում:

Մինչև անգամ երկրի քրիստոնեաբնակ մասերում գինետները և գինեվաճառությունը կապված են զանազան անբարոյական գործողությունների հետ: Պարսիկ խմողը խմում է հարբելու չափ և այնուհետև գազան է դառնում...: Պարսկաստանում այս կերպով արգելված ըմպելիքի վերաբերմամբ զեղծումներ գործողները լինում են ըստ մեծի մասին ժողովրդի անբարոյական և սրիկա դասը, — ուրեմն հասկանալի է, թե ինչ տեսակ մարդիկ կլինեն հայ գինեվաճառի հաճախորդները: Պարսկաստանում պատահած սպանությունների, գողությունների մեծ մասը սկիզբ են առնում գինետներից: Ամենահանգիստ լոթին (սրիկան), որ գինետուն մտնելիս գառնուկի պես հեզ էր, դուրս է գալիս այնտեղից մերկացած դաշույնը ձեռին...: Այս պատճառավ կառավարությունը շատ անգամ կամեցել է արգելել հայերի մի այսպիսի պարապմունքը, բայց հնար չի եղել, հայերը միշտ իրանց արածը արել են, միշտ պատճառ են գտել ասելու. «թույլ տվեք մեզ ունենալու մսավաճառի, մրգավաճառի, խոհարարի և հացթուխի խանութներ, այն ժամանակ մենք կթողնենք գինեվաճառությունը. մի բանով պետք է մեզ ապրել»:

Պետք է ասել, որ հայ ժողովրդի մնացյալ մասը ամենևին գոհ չէ գինեվաճառներից, որովհետև քիչ չէ պատահում, որ նրանց վնասը կրում են իրանք կամ մարդիկ են սպանվում, կամ գողություններ են լինում, այլ ժամանակ մի ամբողջ անմեղ հասարակություն պատասխանատու է լինում գործածած չարիքին:

Պարսկաստանում այժմ խմողների թիվը ավելի շատ է, քան թե քրիստոնյաների մեջ: Արևելցիք սիրում են իրենց ուղեղը գրգռել ոգելից բաներով, այս պատճառավ հնարեցին ափիոն, բանգը և տեսակ-տեսակ մաղուներ. իսկ այդ բոլորի տեղը այժմ բռնում է արաղը (օղին): Պարսիկը սիրում է խմել թունդ ըմպելի, որ շուտ արբենա: Խմիչքների գործածությունը մտել է մինչև անգամ և հարեմներում. պարսիկ կինը ավելի հրապուրիչ է դառնում, երբ նա արբած է...: Հայ գինեվաճառները սովորել են պատրաստել նրանց համար քաղցր լիքեոններ. բացի դրանից նրանք սովորել են պատրաստել ուրիշ տեսակ եվրոպական ըմպելիներ, այժմ Թավրիզի մաստիկան յուր հատկությամբ պակաս չէ եվրոպականից: Պարսկաստանում խնձորից պատրաստված գինիները հիանալի են:

Պարսիկները իրանք էլ սովորել են գինի շինել. Շիրազի գինին առաջին տեղը կարող է բռնել բոլոր եվրոպական գինիների մեջ: Նա չի վաճառահանվում, միայն մասնավոր մարդիկ պատրաստել են տալիս և պարսիկ մեծամեծներին ընծա են ուղարկում:

Խոսելով արհեստների վերաբերմամբ, չէ կարելի չհիշել և այն, որ Պարսկաստանում տակավին պահպանվել է արհեստավորների որոշ-որոշ դասեր կազմելու սովորությունը, որի նմանը դեռևս կա Թիֆլիսում համքար անունով, այլև Անդրկովկասի ուրիշ քաղաքներում պարսիկներից մնացած: Բայց հայերը ամեն տեղ չեն մտնում պարսից համքարների մեջ. նրանք միշտ առանձին դասեր են կազմում և ունեն իրանց գլխավորը իրանց ազգից: Այդ գլխավորները, օրինակ, դերձակապետը (խայաթ-բաշին). ոսկերչապետը (զարգարաբաշին), կառավարության առջև իրանց դասի ներկայացուցիչն են, և նշանակվում են տեղական կառավարությունից: Դրանց ձեռքով է հավաքվում արհեստավորներից տուրքը, և դրանք են ներկայացնում կառավարությունը: Արհեստավորների գլխավորը պահպանում է և միաբանությունն յուր դասի մեջ, դատելով և վճռելով արհեստավորների մեջ պատահած վեճերը:

Հայերի գյուղական կառավարությունը: — Հայ գյուղերը լինեն դրանք արքունական թե մասնավոր կալվածատերերի սեփականություն` ունեն մի ռայիս (տանուտեր), որին ընտրում են իրանք գյուղացիք: Տանուտերը ունի մի օգնական, որ կոչվում է գզիր. այս վերջինը գյուղի սատանան է, ամեն ծակը կմտնե, ամեն բան կլրտեսե և ամենի մասին զեկուցում կտա տանուտերին: Տանուտերը գյուղի ծերակույտի գիտակցությամբ որոշում և բաժանում է հարկերը գյուղացոց վրա, հավաքում է տուրքը, ինքը ստացական է տալիս և ներկայացնում է ուր որ հարկն է: Տանուտերը է միևնույն ժամանակ գյուղի հաշտարար դատավորը. նա վճռում է գյուղացոց մեջ պատահած վեճերը և պատժում է ոչ ծանր հանցավորներին. իսկ մեծ հանցանքները դատում է կամ գյուղի տերը կամ տեղային կառավարությունը: Եթե տանուտերը լավ մարդ է` գյուղը միշտ շահում է նրա գործունեությունից և անկարգություններ շատ սակավ են պատահում: Բայց վատ տանուտերը մի վնասակար գործիք է կալվածատիրոջ ձեռքում, որ զոհում է գյուղացոց բարիքը կալվածատիրոջ շահերին: Թեև գյուղացիք իրանք են ընտրում տանուտեր, բայց վատ տանուտերին միշտ դժվարանում են փոխել, որովհետև նա վայելում է պաշտպանություն գյուղատիրոջ կողմից, որի շահերին միշտ կուրությամբ ծառայել է: Տանուտերը իր պաշտոնից հանվելուց հետոհասարակ գյուղացի է դառնում:

Գյուղերը դատարան չունեն, այսինքն` մի հատկացյալ տեղ, ուր հավաքվեին և խորհրդածեին: Խորհրդածությունները կատարվում են շատ անգամ հրապարակի վրա կամ այս ու այն աղայի դռան առջև: Շատ անգամ տանուտերը փողոցում ման գալու ժամանակ, կամ գինետան մեջ խմելու ժամանակ և կամ մի տան մեջ հյուր եղած ժամանակ վճիռներ է տալիս:

Քսան կամ երեսուն տարի առաջ դեռ կային մելիքներ, նրանք ժողովրդից չէին ընտրվում, այլ ժառանգական ազնվականներ էին, որոնց տոհմային հնությունը ուներ մի քանի հարյուր տարվա պատմություն: Մելիքը իշխում էր մի կամ մի քանի գյուղերի վրա, շատ անգամ մի ամբողջ մասի ազգաբնակության վրա: Նրա իշխանությունը ընդարձակ էր և միապետական: Մելիքները ունեն ֆարմաներ, շնորհված պարսից շահերից և ռոճիկ էին ստանում կառավարությունից: Ժողովուրդը հպատակվում էր մելիքին, որպես յուր նահապետին: Նա ուներ յուր ձեռքի տակ զինված մարդիք, որոնցով կռիվներ էր հայտնում թշնամիներին, արշավանքներ էր գործում, գերիներ և թալաններ բերում:

Մելիքները այն ժամանակներում փայլում էին իրանց իշխանությամբ, երբ ավատական խանությունները Պարսկաստանում դեռ իրանց բռնակալ միապետությունն էին վայելում: Իսկ Աղա-Մամուդ-խանից սկսյալ, այժմյան տիրող ղաջարյան ցեղի շահերի ժամանակ` ավատականությունը սկսեց փոքր առ փոքր թուլանալ, և վերջապես կորցնել յուր նշանակությունը, նրա հետ էլ մելիքները ընկան:

Մելիքների անկման մի երկրորդ պատճառն էլ Պարսկաստանի հայերի գաղթականությունն էր, երբ 1827 թվին քառասուն հազար հայեր անցան դեպի Նախիջևանի և Արարատի կողմերը: Պարսկաստանում մնացող հայերը թվով քիչանալովտկարացան և մելիքներն էլ զրկվեցան իրանց ուժերից: Մինչև գաղթականությունը Խոյ քաղաքի զարաբխանան (դրամ կտրելու տունը) և Սալմաստ գավառի մաքսատներըհայերի ձեռքումն էին32:

Մելիքների մեջ իրանց գերիշխանությամբ առաջին տեղը բռնում էին Ղարաբաղի մելիքները, որոնք օգտվելով երկրի լեռնային և անտառապատ բնությունից, շատ անգամ անկախ դրություն են պահպանել:

Ղարադաղը (Հին Փայտակարանը) գտնվում է Ղարաբաղի հանդեպ. այս հայկական երկու գավառները բաժանվում են Երասխ գետով, և մինչև անգամ հայոց թագավորության օրով երբեմն անկախ իշխանություններ են կազմել33:

Ղարադաղու մելիքները մեր դարու սկզբներում մտածում էին միանալ Ղարաբաղի մելիքների հետ և իրանցից թոթափել պարսկական լուծը. բայց հայոց անմիաբանությունը չթողեց գործը հաջողի:

Ղարադաղի մելիքները ընկան այն ժամանակ, երբ այդ երկիրը մտավ թաթարների մի բարբարոս ցեղ, որ կոչվում է չալաբյանցիք: Հայոց գյուղերը անցան նրանց խաների ձեռքը, և հայերը փոքր առ փոքր հպատակեցան նրանց: Չալաբյանցոց հարստահարությունները վերջին ժամանակներում այն աստիճան անգթության հասան, որ Ղարադաղի բնակիչերից շատերը գաղթեցին դեպի Ղարաբաղ, իսկ շատերը բնակություն հաստատեցին Թավրեզ քաղաքում:

Ղարադաղը հայտնի է յուր հանքերի հարստությամբ, այնտեղի պղնձի և երկաթի հանքերը, կարելի է ասել, իրանց նմանը շատ քիչ ունեն ամբողջ երկրագնդի վրա: Մինչև այսօր Ղարադաղի հայերը բովագործում են երկաթի հանքերը. նրանց մեծ մասը դարբիններ են: Շինում են պայտեր և տանելով զանազան քաղաքներ վաճառում են. դրանով են ապրում շատերը:

Ղարադաղի այն կողմերում, ուր իջնում է դեպի Երասխի ափերը, որ տեղացիք կոչում են իրանց բարբառով Արազքար, այսինքն` Արազի կամ Երասխի ափեր, — ավելի ցած դիրք ունենալով, պահպանում է տաք և խոնավ կլիմա: Այս տեղերում հին ժամանակներից սկսած, պահպանվել է թթենու մշակությունը և շերամապահությունը. իսկ այժմ այդ արհեստը ավելի զարգացած է տեղացի հայերի մեջ: Ղարադաղի մետաքսը յուր հատկությամբ միշտ բարձր տեղ է բռնում վաճառականության մեջ:

ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ

Նախ քան խոսելը Պարսկաստանի ներկա առևտրական գործունեության մասին, ավելորդ չեմ համարում մի համառոտակի հայացք ձգել նրա այն ժամանակվա դրության վրա, որ երեք քառորդ դարով միայն հեռու է մեզանից: Այն ժամանակվա Պարսկաստանի ամեն մի փոքրիկ գավառը, ամեն մի նահանգը, ձևացնում էին միմյանցից անկախ առանձին ավատական իշխանություններ, որոնք պատկանում էին զանազան խաներին, բեգերին և այլ կալվածատեր իշխաններին: Այդ փոքրիկ տերությունները միշտ թշնամական հարաբերությունների մեջ լինելով, կռիվը, արյունահեղությունը, կայքի հափշտակությունըանդադար և սովորական պատահարներ էին: Հայտնի բան է, մի այսպիսի ժամանակ, երբ բնակիչները թաքցնում էին իրանց կայքը, և մտածում էին միայն իրենց գլուխը պահպանելու մասին թշնամու սրից, անկարելի էր, և չէր կարող զարգանալ վաճառականությունը:

Երբ Աղա-Մամադ-խան ներքինին 1779 թվին տիրելով պարսիկ գահին, միևնույն ժամանակ նվաճեց ավատական իշխաններին իր միապետության զորության ներքո, նախնի սովորությունները փոքր-ինչ խաղաղվեցան, և նրա հաջորդների` Մամադ-շահի ու Ֆեթ-Ալի-շահի օրերով, ժողովուրդը կարողացավ անվախ ցուցաբերել յուր կայքը, և Շահ-Աբասի ժամանակ ծաղկած34 և նրանից հետո թառամած վաճառականությունը մի փոքր շունչ առավ, կենդանացավ:

Բայց տակավին նա ուներ խիստ նեղ շրջան, որովհետև Պարսկաստանի վաճառականությունըներքին էր, արտասահմանի հետ ոչ մի հարաբերություն չուներ: Դրա պատճառը պետք է որոնել գլխավորապես այն բանի մեջ, որ մահմեդական պարսկին մեղք էր համարվում ոտք դուրս դնել օտար հողի վրա, որտեղ նա ստիպված կլիներ պղծել` գյավուրների հետ հարաբերություն ունենալով, և շարիաթով արգելված նոցա կերակուրները ուտելով: Այդ համարձակ քայլը արեցին բնիկ հայերը: Եվրոպական ապրանքը առաջին անգամ նոքա մտցրին Պարսկաստան և Պարսկաստանի մթերքը առաջին անգամ նոքա արտածեցին արտասահման: Նոցա օրինակը հրապուրեց Եվրոպայի բախտախնդիրներին, երբ նոքա հասկացան, թե հայերը մի փոքրիկ գրչահատ դանակը մինչև քսան ռուբլի էին վաճառում միամիտ պարսիկներին և մի ձեռք անգլիական ֆենջան-նալբաքիով և մի քանի արշին Լեյպցիկի մահուդով գրավում էին գեղասեր խանի գյուղերը:

Այժմյան պարսից արքայի Նասր-Էդդին շահի թագավորության առաջին տարիներում հայտնվեցան Թավրիզ քաղաքում և մի քանի մեծ և հաստատ եվրոպական տներ: Այս երևույթը ստիպեց հայերին տեղի տալ եվրոպացիներին առևտրական ասպարեզը, որովհետև նոքա մեծ կապիտալիստներ չլինելով, և ապրանքը երկրորդ և երրորդ ձեռքից առնելով, — չէին կարող ազատ մրցում անել Եվրոպայի վաճառականական տների հետ, որոնք կազմակերպված էին մեծ ընկերություններից, և ապրանքները հանում էին ուղղակի աղբյուրներից: Այդ առևտրական տներից շատերը մինչև այսօր տևում են Թավրեզում: Նշանավոր են հետևյալ ընկերությունները` Րալլի, Սուվաջ-օղլի, և Հանհարթու Ցիկլեր` զվիցերական տունը:

Թաբրեզը Պարսկաստանի գլխավոր վաճառականական կենտրոնն է, ուր մտնում են մասամբ արտասահմանից ներմուծած ապրանքները, և որտեղ հավաքվելով դուրս են գալիս դեպի արտասահման` Պարսկաստանի ապրանքների մեծ մասը: Այստեղ պիտի խոսեմ գլխավորապես Թաբրիզ քաղաքի վաճառականության մասին:

Վաճառականների ապրանքը զետեղելու համար ծառայում են գլխավորապես քարվանսարաները, որոնց թիվը Թաբրիզում հասնում է մի քանի հարյուրի: Երկաթուղիներ չկան Պարսկաստանում: Ճանապարհների անկարգության պատճառով ուղևորվող ապրանքը բարձում են ձիերի, ջորիների, եզների, ավանակների և ուղտերի վրա: Վերջինը բանում է տարվա տաք35 և բարեխառն եղանակներում, իսկ առաջինները` միշտ: Քարավանները կազմվում են միատեսակ անասուններից, որոնք պատկանում են կամ մի մարդու, և կամ մի ընկերության, որ ունի յուր ներկայացուցիչը թե՛ առաջին և թե՛ երկրորդ դեպքում:

Քարավան-բաշին, այսինքն քարավանի գլխավորը միշտ պատասխանատու է կորած կամ պակասած ապրանքին, բացի թալաններից և բնության վտանգներից: Պետք է ասել, որ քարավանները վայելում են մեծ հավատք վաճառականների կողմից իրենց սովորական հավատարմությամբ, թեև նոքա ոչինչ երաշխավորություն չունեն այդ մասին:

Առևտուրը Թաբրիզում կատարվում է դալալների միջնորդությամբ, այդ պատճառով ամեն մի աչքի ընկնող առևտրական տուն ունի յուր սեփական դալալը, որ ստանում է մի հայտնի տոկոս: Դալալի հաշվեգիրը առնողի և ծախողի մեջ համարվում է որպես անհերքելի մի ապացույց:

Դրամական շրջաբերությունները կատարվում են սարաֆների միջնորդությամբ: Սարաֆները, որոնց կարելի է համարել փոքրիկ բանկիրներ, հաճախ ընդունում են վաճառականներից գումարներ, և հարկավոր ժամանակ փոխ են տալիս հայտնի տոկոսներով:

Սարաֆությունը կառավարությունից արտոնություն ստացած մի առանձին հիմնարկություն չէ. ամեն մի մարդ կարող է լինել սարաֆ, երբ կամ փող ունի, կամ վարկ: Այս պատճառով սարաֆը չունենալով բարձրագույն հրամանով հաստատված մի ծրագիր, կամ անակնկալ կերպով սնանկանում է և կամ, եթե վարում է յուր գործը նա անում է շատ կամայականություններմի օրվա մեջ քանիցս անգամ կուրսի բարձրանալը և կամ իջնելը կախված է սարաֆների շահասիրությունից:

Վաճառականների մեջ ծագած վեճերը վճռում են թաջիրբաշիների (վաճառականապետների) ձեռքով: Ամեն մի տերության հպատակները կամ ամեն մի ազգին և կրոնքին պատկանող վաճառականները ունեն իրեց թաջիրբաշիները: Իսկ եթե վեճը ծագում է զանազան տարբեր կողմերի մեջ, այն ժամանակ քննվում է քաղաքի Նաիբ-ուլ-Մաղարայի դատարանում, որտեղ մասնակցում են եվրոպական կոնսուլները իրենց հպատակների իրավունքները պաշտպանելու համար:

Վեճերը վճռվում են ըստ մեծի մասին իջլասներով (տրետեյսկի սուդով, — արբիտրաժ, միջնորդ դատարանով):

Պարսիկ բնածին հակումը դեպի շռայլությունը և շքեղությունը շատ կարճ ժամանակում մի սաստիկ զարկ տվեց եվրոպական արդյունաբերության տարածվելուն նոցա երկրում: Սպահանի զարբաբները և թավիշները, Ղազբին զանգանի մետաքսեղեն գործվածները, Բլուջերդի նահանգի և Գյուլփեքյանի բամբակեղենի գործվածները և չթերը խիստ կոշտ և կոպիտ երևացին եվրոպական գործվածների նրբության և գեղեցկության հանդեպ: Նրանք ընկան և մնացին ժողովրդի ստորին և աղքատ դասի գործածության առարկա:

Միակ մթերքը, որ մնաց անհաղթելի եվրոպացիներից, էին խալիները, որ փառավոր կերպով արվեստագործում է Խորասանը և շալերը: Պարսկաստանը ապրանք է ստանում հետևյալ եվրոպական գլխավոր քաղաքներից. Ֆրանսիայում` Մարսել և Փարիզ, Անգլիայում` Լոնդրա և Մանչեստր, Գերմանիայում` Լեյպցիք, Ավստրիայում` Վիեննա, Ռուսաստանում` Նիժնի-Նովգորոդ յարմարկան (տարեվաճառքը), Տաճկաստանում` Պոլիս, աստեղից գնում են միայն երկրորդական դասի վաճառականները:

Լոնդրայից բերում են ըստ մեծի մասին մահուդեղեն, չինեղեն և բյուրեղյա ամաններ, զենքեր, մանր գործածական իրեր: Մանչեստրը տալիս է մեծ քանակությամբ բամբակեղեն ապրանք, որպիսի են ամուր գործված և գույնը պահպանող չթեր և կտավներ: Մարսելը և Փարիզը տալիս են չթեղենի ավելի նուրբ և գեղեցիկ տեսակներ, թեև նոքա երկար չեն դիմանում և այլ գալանտերեական ապրանքներ և մետաքսեղեն զարբաբեղեն գեղեցիկ գործվածներ և բրդեղեն ապրանք: Լեյպցիգից բերում են մահուդի զանազան տեսակները: Վիեննան տալիս է գեղեցիկ ֆարֆորի (ճենապակու) ամաններ: Նիժնիի յարմարկայից բերում են նույնպես ֆարֆորի ամաններ, որոնք արհեստագործության ստորության պատճառով գործ են ածվում միջին կարգի ժողովրդի մեջ: Այստեղից ստացվում են նաև սամովարներ և երկաթ:

Պարսկաստանում գտնվող եվրոպացի վաճառականները այնքան հմուտ են իրենց գործին, և այնքան լավ հասկացել են ժողովրդի ճաշակը, որ իրենց ներմուծելի ապրանքները պատվիրում են եվրոպական գործարաններին արհեստագործելու պարսից պիտույքների և կենցաղի համաձայն:

Ամեն մի առևտրական տուն ունի յուր առանձին նկարիչը, որ նախշերի օրինակներով պատրաստում են եվրոպական գործարաններում ապրանքները և նրանց ձևերը, որը այնպես շուտ-շուտ փոխվում են և այնքան սրընթաց ընթացք են տալիս առևտրական առաջադիմության, որպես մոդայի փոփոխվելը Եվրոպայում: Ահա այդ պատճառավ եվրոպական ապրանքը այժմ դարձել է հասարակաց գործածության նյութ Պարսկաստանում:

Միակ տերությունը, որ ետ է մնացել այդ ասպարեզում, որ դեռևս չունի ոչ մի վաճառականական տուն ՊարսկաստանումՌուսաստանն է, որի ապրանքները իրենց ստոր հատկության և պարսից ճաշակին անհամապատասխան լինելու պատճառով երբեք չեն կարող մրցել եվրոպական մյուս տերությունների վաճառքների հետ: Եվ եթե Ռուսաստանում արտասահմանյան ապրանքները փոքր ի շատե տեղի են տալիս տեղային արդյունաբերության, գլխավոր պատճառն այն է, որ նրանց գները թանկանում են ծանր մաքսերով և դառնում են ամբոխի ստոր դասի համար անմատչելի, և դրանով ռուսաց ապրանքը օգուտ է քաղում, յուր էժանությամբ լրացնելու չունևորների պահանջը: Իսկ Պարսկաստանում այդպես չէ: Մաքսը այնտեղ նախ շատ թեթև է, երկրորդ մաքս վճարվում է ոչ թե մթերքի գնահատության չափով, այլ հակերի քանակության համարքով: Թե՛ կապված հակը լինի թանկագին մետաքսեղենից և թե՛ հասարակ կտավից միևնույն մաքսն է վճարվում: Հակերը, որպես են Եվրոպայում կապված երկաթե կապերով, այնպես էլ մտնում են վաճառականի ամբարը, առանց բացվելու, մաքսատան կնիքը չի դիպչում նրանց: Ուրեմն Պարսկաստանի մեջ Ռուսաստանի ապրանքը ո՞րպես կարող էր մրցություն անել մյուս եվրոպական ապրանքների հետ, որոնք անհամեմատ ավելի էժանագին են և ավելի լավ հատկություններով:

Ոչ մի երկրում հագուստը այնպես շուտ չէ մաշվում և այնպես շուտ չի փոխվում, որպես Պարսկաստանում: Թողյալ կանայքը, տղամարդիկ իսկ դեռևս չեն վարժված հագնել ամուր և դիմացկուն բրդեղեն գործվածներ:

Պարսկի հագուստը մեծ մասամբ բաղկացած է բարակ մետաքսեղեն նյութերից, չթեղեն և բրդեղեն գործվածները մեծ մասամբ ստոր կարգի ժողովրդի հագուստն է կազմում:

Պարսիկ կինը թեև դրսում ման է գալիս փաթաթված յուր չարշավի (սփածանելիի) մեջ, թեև նրա զարդարանքը ծածկված է այդ տղամարդերին ոխերիմ սավանի տակ, բայց նրա ամուսինը սիրում է հարեմի պատերի մեջ տեսնելու յուր կինը ամենաշքեղ կերպով զարդարված: Նրա հագուստը այնքան խայտաճամուկ և վառվռուն է, որպես արևելքի որդու վառ երևակայական բնավորությունը:

Ղորանով արգելված ոգելից ըմպելիքների չգործածելը սաստիկ զարկ տվեց թեյի և շաքարի տարածվելուն Պարսկաստանի մեջ: Նոքա եղան ընդհանուր գործածության նյութ, ոչ իբրև հասարակ ըմպելիներ ընտանիքի կենցաղավարության մեջ, այլ որպես հյուրասիրության գլխավոր առարկա: Պարսիկը պատվում է հյուրին շատ անգամ մինչև տասն բաժակ խիստ թունդ և շաքարով թանձրացրած թեյով:

Թեյը և շաքարը ստացվում են գլխավորապես Մարսելից, Լոնդրայից և Հոլանդիայից:

Հաշված է, որ բոլոր ապրանքները և վաճառականական մթերքը, որ դուրս է գնում Պարսկաստանից, հազիվ է հավասարակշռություն պահում միայն թեյի և շաքարի հետ: Մնացորդ ապրանքները, որ ներս են մտնում արտասահմանից, բոլորը փող են դուրս տանում: Ի նկատի առնելով այդ սարսափելի երևույթը, շատ հավանական է նախագուշակել այդ երկրի խիստ մոտավոր աղքատությունը և նրա թշվառ ապագան:

Պարսկաստանից արտասահման վաճառահանված գլխավոր մթերքը հետևյալներն են: — Հում բերքեր. աբրշում (մետաքս) ստացվում է Ռաշտից, Գիլանից և Մազանդարանից, կազմում է Պարսկաստանի գլխավոր հարստությունը և արտահանվում է մեծ մասամբ դեպի Ֆրանսիա: Բամբակ, նույնպես Մազանդարանից, Քաշանից և Ատրպատականի զանազան մասերից: Բուրդ և ոչխարի ու տավարի, գոմեշի կաշիներ, և մազոտ գազանների մորթիք, — ստացվում են ամեն տեղ, գլխավորապես խաշնարած ցեղերի մեջ, որպես են քուրդերը, շազազիները, դիլաքները և այլք, որոնք բնակվում են Տաճկաստանի սահմանակից երկրներում և Կասպից ծովի հարավային ափերի մոտ գտնված գավառներում:

Չոր մրգեղենի ամենաազնիվ տեսակները նույնպես ընդարձակ վաճառականության նյութ են կազմում, որոնք տարվում են Աստրախանից մեծ քանակությամբ դեպի Նիժնի: Խաղողի տեսակներից քիշմիշ, սաբղա, որոնք գլխավորապես բերքերն են Ուրմիո, Մարաղայի և Ուրմիո լճակը շրջապատող երկրների: Նշենու բոլոր տեսակները, որպես են փուստա, բադամ, փաշղ-բադամ և հասարակ նուշ: Դոցա հետ պետք է հաշվել և չորացած դեղձ, ծիրանի, շլորի և կեռասի չիրերը, որոնք պտղաբերվում են Ատրպատականի ամեն գավառներում:

Շիրազը և Քաշանը տալիս են մեծ քանակությամբ թամբաքու, որ տարվում է Տաճկաստան, և օսմանի երկրի բոլոր սրճարանների նարգիլեների ծխախոտը այդ երկրի բերքիցն է ստացվում:

Խինա (հինա) արևելքում մազեր և ձեռքեր ներկելու փոխինդստացվում է կենտրոնական Պարսկաստանից և բավական վաճառահանվում է: Իսկ թիրյաքը հազիվ է բավականանում օրենքով ոգելից ըմպելիքներից զրկված պարսիկներին այդ թույնով գրգռել իրենց ուղեղը:

Գիլանի անտառները տալիս են փայտի զանազան տեսակներ, որպես են շիմշատ, ընկուզենի, որ հասնում է հսկայական մեծության: Այդ անտառներում պտղաբերվում են լիմոնի, նարինջի և ապելսինի ամեն տեսակները և ձիթենի:

Քանի տարի առաջ ռուսաստանցի Կոկոռովները այնտեղ հիմնեցին ձիթենուց յուղ դուրս բերելու մի գործարան, բայց մի քանի տարուց հետո թողեցին նրան մեզ անհայտ պատճառներով:

Պարսկաստանի արվեստագործածության ավելի կատարելագործված իրերը խալիները և շալերն են: Խորասանը և Ֆալահանը տալիս են խալիների ամենալավ տեսակները. վերջինի գործը թեև ավելի նուրբ և գեղեցիկ է, բայց ամրության և գույների դիմացկունության կողմից, շատ ետ են մնում Խորասանի խալիներից:

Պարսկաստանի շալերը թեև ավելի դիմացկուն են, բայց մինչև այսօր չհասան այն կատարելության, որ ունենային Քաշմիրի և Լահորի շալերի նրբությունը, փափկությունը և գեղեցկությունը, այդ պատճառավ և արժողության մեջ շատ ետ են մնացել: Շալերի ամենալավ տեսակները գործվում են Մեշեդ քաղաքում:

Սինայի և Սակզի կողմերում գործում են շատ գեղեցիկ կապերտներ:

ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Ասում են... Պարսկաստանը ունի մոտ 70 ֆովջ (զորագունդ), ամեն մի ֆովջը բաղկացած է 800 զինվորից, ուրեմն ամբողջ զինվորների թիվը կազմում է 56.000: Յուրաքանչյուր զինվոր ստանում է տարեկան 5 թուման ռոճիկ. այսինքն` օրական 4 կոպեկ, այն ևս այն ժամանակ, երբ զինվորը գնում է մարտի. իսկ զինվորը տանը նստած ժամանակ ոչինչ չի ստանում:

Next page