Րաֆֆի՝   Հրապարակախոսություններ, հոդվածներ

Պարսկաստանը պատերազմներ չէ վարում. ուրեմն զինվորը կարող է միշտ տանը մնալ, և այս չորս կոպեկ թոշակից զրկվել: Միայն մի քաղաքական նպատակ առիթ է տալիս կառավարությանը զինվորը տեղափոխել մի նահանգից դեպի մյուսը. Ատրպատականից դեպի Արաղստան, Արաղստանից դեպի Խորասան, այնտեղից դեպի Սպահան և այլն: Դա կոչվում է սաֆար: Այդ ժամանակ միայն զինվորը իրավունք ունի ստանալու օրական 4 կոպեկ: Բայց դժբախտ կոպեկը սկսած միֆանջից (գնդապետ) մինչև վերջին դահ-բաշին (տասնապետ) հասնելը ձեռքից-ձեռք աստիճանաբար իջնելով, մնում է երկու կոպեկ, այդ վերջինը ստանում է զինվորը:

Բայց նա ինչո՞վ է ապրում:

Նա ապրում է...

Ճանապարհներում մրգավաճառների քարավաններ են անցնում: Սարվազը (զինվորը) պատրաստ է կողոպտել. նա անցնում է այգիների, բոստանների մոտից, հափշտակում է. ճանապարհի վրա հունձքի արտերը զրկվում են իրանց բերքից, և ճանապարհորդ-քարավանները չեն համարձակվում ուղի ելանել, երբ լսում են թե զինվորներ են անցնում: Սարվազը ուր և գնում է թողնում է իր հետևից ամայություն: Քաղաքներում ամեն հանցանքի մեջ բռնվող մարդ սարվազն է: Նա բռնվում է գողության մեջ, աղջիկների, կնիկների, տղաների բռնաբարության մեջ, արբեցողության մեջ և այլն:

Սարվազը մնում է անպատիժ, գնդապետը և մյուս մեծավորները պարտավորված են պաշտպանել սարվազին, եթե չպաշտպանեն նրան, նոքա չեն կարող նորա չորս կոպեկից երկուսը անուշ կերպով ճաշակել...:

Շահի գանձարանից դուրս են գալիս ամեն զինվորի համար այդ չորսական կոպեկները, և ամեն ֆովջի 800 հոգի սարվազի հաշվին: Արդյոք ունի՞ ամեն մի ֆովջ 800 հոգի սարվազ, կարող է ունենալ, պատասխանում ենք մենք, այդ դժվար բան չէ:

Ամեն մի գլխավոր քաղաք հասնելու ժամանակ, գնդապետը (սարթիբը) յուր ֆովջի համար պիտի տա, որ կոչվում է սան: Նա վարձում է փողոցում մի քանի համալներ, հագցնում է նրանց սարվազների պաշտոնազգեստը, կանգնեցնում է սարվազների շարքում, և նոցանով լրացնում է թիվը:

Չնայելով այսպիսի չնչին թոշակին, Պարսկաստանում շատերը ցանկանում են սարվազ դառնալ, եթե պարտադիր իսկ չէ ծառայությունը. պատճառը հասկանալի է. սարվազը որպես հիշեցինք վայելում է մի քանի կեղտոտ արտոնություններ: Ժողովրդի մեջ ամեն մի անբարոյական սրիկան միշտ պատրաստ է սարվազի ֆանողան վզին ձգել և ամեն տեսակ լրբություններ գործելու իրավունքը ստանալ: Նշանավոր մարդիկը ևս ցանկանում են իրենց որդիքը տալ սարվազներ լինելու այն նպատակով, որ նոքա ունենալով սարվազներ, մի կողմից, ազատվում են ուրիշ սարվազների հարստահարությունից, մյուս կողմից, նրանք կարողանում են ճնշել ուրիշներին:

Սարվազների համար չկա որոշ ժամանակ, թե քանի տարի պիտի ծառայեն: Նա յուր կյանքում մնում է միշտ սարվազ, եթե մի քանի տասնյակ թուման յուր գնդապետին չվճարե, իրան ազատելու համար:

Սարվազների համար զինվորական կրթություն չէ պահանջվում. սարվազը կարող է լինել ամեն մի մարդ, յուր հասակի ամեն մի աստիճանում և կարող է առանց նախապատրաստական մարզության վարել յուր պաշտոնը, փույթ չէ, թե նա չգիտե թե հրացանի գնդակը որտեղից են ձգում և փիստոնը որ կողմից դնում:

Սարվազին չի կարելի ճանաչել, քանի որ նա յուր տանն է. նա ման է գալիս ժողովրդի հասարակ հագուստով: Նա հագնում է յուր համազգեստը, երբ որևիցե քաղաքի ալակափուի բակում պիտի տար յուր սանը (համարը):

Առանց ծիծաղի չէ կարող մարդ նայել մի այսպիսի խառնիճաղանճ բազմության վրա. մինը կարճ, մյուսը երկար փափախով, մինը լաստիքով, մյուսը կոշիկով, մինը տրեխով, մյուսը քոշերով. և այլն:

Ես ներկա էի մի այսպիսի սանին, երբ սուլթանները (հիսնապետները) խնամքով աշխատում էին ուղիղ կերպով շարել սարվազները. հիսնապետը մի սարվազին ասաց. —

Ահմադ, ուղիղ կանգնիր:

Ինչո՞ւ ես միայն, — պատասխանեց Ահմեդը կոշտությամբ. — թող Հասանն էլ ուղիղ կանգնի, որ ես էլ կանգնեմ:

Տասնապետը ասում է մի այլ սարվազին.

Ղասըմ, ոտքդ ուղիղ դիր:

Սուտ ասողի հոր գերեզմանը անիծած, եթե ուղիղ չէ, — պատասխանում է Ղասըմը...

Զինվորական հնազանդությունը (դիսցիպլինա) այդ աստիճանումն է պարսից զորքի մեջ:

Ինչ որ վերաբերում է համազգեստի ձևերին, դա կարող է ամենածիծաղելի տարազը դառնալ մասկարադ բալերում (դիմակահանդեսներում):

Բայց թե ինչպես են ընտրվում զինվորապետները, բավական է հիշել մի երևելի պատկերահանի մի ծիծաղելի կարիկատուրան: Նա նկարել է Մադուա Ալի խանի արու սերունդը, որոնք իրանց մոր արգանդից մինչև կեսը ծնված միջոցին հայտնվում էին սարթիբի (գնդապետի) էպոլետները ուսերին կրած, արևի և առյուծի շքանշանը շլինքիցը քարշ ընկած:

Զորապետի որդին դառնում է զորապետ, իշխում է յուր հոր ֆովջերին, եթե նրան այդ պաշտոնը ստանալու համար կնստեր մի քանի հարյուր թուման: Փողի շնորհիվ նա ոչ միայն կարող է դառնալ սուլթան, յավար, սարհանգ, սարթիբ, միրֆանջ, ամիրթուման և այլն, նույնիսկ ոչինչ չգործած նրան հեշտ է ստանալ փայլուն տիտղոսներ, որպես սուջայվուշ-մուլք (տերության քաջը) մասիրուլ-դովլա (տերության սուրը) կամ մուշարդ-դովլա:

Մի քանի տարի առաջ մի զորապետ Մավրի պատերազմում իր ֆովջերով գերի ընկավ թուրքմենների ձեռքը, կռվի դաշտից փախչելու ժամանակ: Նա հարուստ լինելով կարողացավ ազատել յուր անձը մի քանի հարյուր թումանով: Բայց Թեհրան գալուց շահից ստացավ սուջայվուշ-դովլա (տերության քաջը) տիտղոսը:

Սարթիբը (ժեներալը) ստանում է պարսից կառավարությունից 800 թուման ռոճիկ, ասել է 2300 ռուբլի ռուսաց փող: Այդ գումարը Սաֆարի ժամանակ նրա առավոտյան նախաճաշիկի փողը չի լինի: Նա ծախս է անում մի քանի հազար թուման. այսուամենայնիվ նա չէր հրաժարելու յուր ֆովջից, եթե այդ 800 թումանն էլ չտային և իրանից մի քանի հազար ևս պահանջեին:

Ինչո՞ւ:

Խիստ երկար կլիներ մանրամասնաբար գրել այն բոլոր եկամուտների մասին, որ նա շահում է յուր ձեռքում ֆովջ ունենալու միջոցով, բավական է հիշել, որ սարթիբը կալվածատեր է, գյուղեր ունի, ուրեմն և գյուղացի ռայաթներ (հպատակներ) ունի: Նա գտնվելով զինվորական պաշտոնի մեջ, կարողանում է յուր գյուղորայքը յուր կամքի ուզածին պես կառավարել. այսինքն` հարստահարել խեղճ շինականներին և ծծել նոցա կենսական ուժի մինչև վերջին կաթիլը:

Մի քանի գաղղիացի մոլաշրջիկ աստիճանավորներ, չգիտեմ ինչ դիպվածով Պարսկաստան գալով, և ռուսաց ապստամբած զորապետ Սամսոնն փոքր ի շատե մտցրին Պարսկաստանում զինվորական կրթության մի քանի հասարակ ձևեր:

Ես տեսա այդ ֆովջերից ամենակրթյալը, որ կոչվում է խասա ֆովջ (ընտիր գունդ). ինձ թվում էր, թե գյուղացի երեխայք հավաքված զինվորական խաղեր էին ներկայացնում:

Քսան տարի առաջ Նասր-Էդդին շահը կազմեց մի ֆովջ հայերից և ասորիներից: Աչքի առաջ ունենալով քրիստոնյաների հավատարմությունը, նա կամենում էր նոցանով շրջապատել յուր պալատը: Այդ գունդի բոլոր զորապետները գեներալից սկսած մինչև վերջին տասնապետը հայեր էին:

Զարմանալի բան, պարսից զինվորների անբարոյականությունները երևեցան և հայ զինվորների մեջ. նոքա սկսեցին նեղացնել ոչ միայն օտարազգիներին, այլև իրանց համազգիներին. մինչև հայ ժողովուրդը զզվեցավ և խնդրեց բարձրագույն կառավարությանը վերացնել զինվորագրությունը իրանց մեջից:

Սարվազը սաֆարում պարտավոր էր յուր հացը պատրաստի առնել բազարից, այդ պատճառով տերությունը չէ մտածում ունենալ զորքերի համար հացի ամբարներ:

Սարվազը ապրում է յուր տանը, այդ պատճառով տերությունը չէ մտածում շինել նոցա համար մարտկոցներ:

Գլխավոր քաղաքներում, որպիսին են Թեհրան, Թաբրեզ, որտեղ կան գիշերապահ զինվորներ, սարվազների համար շինված են մի տեսակ ասիական քարվանսարաների նման տներ, որոնք կոչվում են սարվազխանաներ: Մինչև այն աստիճան կեղտոտ, որ նկատված է, խոլերան Պարսկաստանում առաջին անգամ հայտնվում է սարվազխանաներում:

Մի քանի տարի առաջ կառավարությունը սարվազներին ոչինչ թոշակ չէր տալիս: Երբ սարվազը գնում էր սաֆար, նա ստանում էր հանդիպակաց քաղաքից կամ գյուղից շիլա և սուլսաթ, այսինքն` ուտելիք:

Ասել պետք չէ, որ առանց պատճառների ևս ժողովուրդը կողոպտող սարվազները մի այսպիսի առիթով որքան կչարչարեին խեղճ ժողովրդին, մինչև ամիր, նորա հիշատակը ի բարին եղիցե, վերացրուց այդ օրենքը, որ մնացել էր Պարսկաստանի բարբարոսական հնությունից:

Զինվորական երաժշտություն: ԵրաժշտությունԻ՞նչ գրեմ դրա մասին: Երևակայեցեք սոխակը, ագռավը, կատուն, ավանակը և այլ դոցա նման կենդանիներ հավաքված միասին կամենային երաժշտություն կազմել. նորանցից ամեն մինը առանց տակտի յուր ձայնին զոռ էր տալիս. որպիսի՛ ներդաշնակություն կդուրս գար. — ահա՛ քեզ զինվորական մուզիկան:

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Կրոնական շարժումներ մահմեդականների մեջ: — Ամերիկացի բողոքական միսիոնարներ: — Կաթոլիկ միսիոնարներ լազարիստների կարգից: — Հայոց հոգևոր կառավարութունը Պարսկաստանում և նորա անբավականացուցիչ ընթացքը: — Հայոց ազգային սահմանադրություն Պարսկաստանում: — Պարսկաստանի հայոց մտավոր շարժումը և Դավրեժի ազգային դպրոցը: — Ո՞րպես պետք է բարեկարգել Պարսկաստանում վիճակային հոգևոր կառավարությունը: — Դավրեժի ընթերցարանը:

Պարսկաստանում վերջին ժամանակներումս մահմեդականների մեջ հայտնվում են խիստ զգալի կրոնական շարժումներ, որոնք առաջ թաքնված էին հալածանքի երեսից: Երևան են գալիս զանազան աղանդներ, որոնք յուրյանց բազմաթիվ հետևողներ ունին: Այս կրոնական հերձվածները մի ազդու բողոք են իսլամի մոլեռանդության դեմ, որ ճնշում է կամքի և մտքի ամեն ազատ ձգտողություն36:

Քննելով այս աղանդների բնավորությունը և ոգին, սոցա մեծ մասը հայտնվում են որպես հերքողական: Բայց ո՞րտեղից է առաջ եկել հերքողական ուղղությունը դեռևս չզարգացած պարսիկների մեջ:

Դա ունի իր բնական պատճառները:

Մի կրոնք որքան հեռանում է ճշմարիտ աստվածապաշտությունից, մի կրոնքի մեջ որքան պակասում են բարոյական և հոգեկան սկզբունքները, այնքան նա դառնում է սնապաշտական և նորա բոլոր վարդապետությունները հիմնված են լինում արտաքին ծեսերի և արարողությանց վերա:

Մի այսպիսի կրոնքով ապրող մարդը, երբ հանկարծ զգում է յուր մոլորությունը, նա մի ծայրահեղությունից թռչում է դեպի մի այլ ծայրահեղություն, — ամենաստոր մոլեռանդությունից նա անցնում է անկրոնության և դառնում է անհավատ, հերքող:

Շատ բնական է, որ մարդու չափազանց խաբված դրությունը ծնեցնում է նորա մեջ կասկած և երկբայություն. բավական է, որ նա հասկանա, թե խաբված է յուր. կարծիքների մեջ, որ այնուհետև կորցնե յուր հավատարմությունը դեպի ամեն ճշմարտություն: Նա միայն հերքում է, փշրում է, ոչնչացնում է ամեն ինչ, որ հին է, բայց թե ինչ պետք է դնե նոցա տեղ, այդ ինքն էլ չգիտե:

Այստեղից հասկանալի է, թե ինչու ամեն մի պարսիկ աղանդավորից հարցնելու ժամանակ, նա չի կարողանում մի որոշ տեղեկություն տալ իր դավանանքի մասին: Նա միայն բողոքում է հնի դեմ, բայց ինքը մի կազմակերպված վարդապետություն չունի: Եվ այլ կերպ լինել կարող չէր, որովհետև աղանդներն յուրյանց սկզբնական դրության մեջ միշտ լինում են անմշակ. նորանք զարգանում են, կատարելագործվում են կյանքի և ժամանակի հետ:

Զարմանալին այն է, որ Պարսկաստանում հայտնված աղանդներից մի քանիսը բոլորովին նյութապաշտական են, հիմնված ավելի բնական ճշմարտությունների վերա: Դոցա հետևողները գտնվում են ժողովրդի ավելի զարգացած դասի մեջ:

Նյութապաշտությունը կամ այլ խոսքով բնապաշտությունը մարդու սկզբնական և վերջնական դավանությունն է: Նա իր տղայության մեջ, հրապուրվելով բնության ազդու երևույթներով, աստվածացնում է նորանց և պաշտում է որպես կույր հավատացող, իսկ յուր զարգացման աստիճանին հասնելով, պաշտում է նորանց որպես փիլիսոփա: Բայց ոգիներին կամ աներևույթ էակներին երկրպագություն տալը հիշյալ երկու ծայրերի միջասահմանն է:

Բայց մի աղանդ, որ ավելի ուժ և զորություն է ստացել, չնայելով այն հալածանքներին, որ մինչև անգամ ինկվիզիցիան չի ունեցել իր զոհերի վերա, — է բաբիների աղանդը: Նորա հետևողներն ամեն քաղաքներում բազմացել են և ժողովրդի ավելի մտածող և ընդունակ մասն են կազմում: Զանդիանի սարսափելի կոտորածից հետո` այս աղանդը առժամանակ լռեց և թաքուստի մեջ էր պահվում, բայց այս օրերում նա յուր դրոշը կրկին բարձրացրեց Դավրեժ քաղաքում:

Քաղաքի նշանավոր մեջիդներից մեկի դռան վերա, որտեղից իսլամի մեծ մուշտայիդը (հոգևոր գլուխը) ամեն օր անցնում էր նույն մեջիդում իր նամազը կատարելու, կպցրած էր մի հայտարարություն. նորա պարունակությունը խիստ վստահ և վճռական էր: Բաբիները հայտնում էին, թե յուրյանց աղանդի գլխավոր հեղինակը (մոլլա Մամադալի զանգիանցին, որին պարսիկները 22 տարի առաջ նահատակեցին Դավրեժ քաղաքում) այժմ կենդանի է. նա արդեն հարություն էր առած այն ժամանակ, երբ պարսիկները կարծում էին, թե սպանեցին նորան. թե նա գտնվում է այժմ Աքքա քաղաքում և այնտեղից ուղարկում է հավատացյալներին յուր հրահանգները. թե այժմ բարիների հասարակությունը պահանջում է, որ իրանք թույլտվություն ստանան ազատ և առանց արգելքի պաշտել յուրյանց կրոնքը, և այդ սպասում են իսլամի մեծ մուշտայիդից. իսկ հակառակ դեպքում ոչ միայն մուշտայիդի կյանքը ենթարկված կլինի մահվան, այլև իրանք արդեն պատրաստ ունին 10.000 զինյալ տղամարդիկ, որոնք յուրյանց սրով և արյունով պետք է գնեն բաբիության ազատությունը:

Այս հայտարարությունը բոլորովին սարսափի մեջ գցեց քաղաքը. մուշտայիդը մի քանի օր դադարեց մեջիդը գնալուց, այնուհետև նա դուրս էր գալիս շրջապատված զինյալ մարդկանցով: Բայց թե ինչո՞վ կվերջանա այս խռովությունը, դեռ հայտնի չէ:

Թե հալածանքը սաստկացնում է աղանդների աճելությունը, — դա մի պարզ ճշմարտություն է: Եվ առաքյալների օրերում, երբ հրեաները ամենայն խստությամբ հալածում էին նոցա քարոզությունները, մի ատյանի մեջ, որ հավաքված էր նորանց դատապարտելու համար, խիստ խելացի կերպով խոսեց հրեաների օրենսուսոյց Գամաղիելը. «Հեռու կացեք այդ մարդկանցից (առաքյալներից) և թողեք դորանց, պատճառը, որ եթե այդ խորհուրդը և այդ գործը մարդկանցից է, կքանդվի: Բայց թե որ աստծուց է, չեք կարող քանդել դորանց, գուցե աստուծո դեմ կռիվ անողներ կլինիք»:

Բայց ես ուրիշ կերպ կասեմ. — ամեն մի աղանդ, որ ծագում է մի ժողովրդի մեջ, եթե չի համապատասխանում նույն ժողովրդի կենսական պահանջներին, նա հիմք չունի, ինքն իրան կոչնչանա:

Բայց Պարսկաստանի մեջ աղանդների ոչնչանալը անհնարին է, որովհետև նորանք ժողովրդի բուն պահանջների արտահայտությունն են: Գուցե նորանք կկերպարանափոխվեն, բայց իրանց իսկությունը կորցնելու չեն:

* * *

Ոչ սակավ շարժումն է ձգել Պարսկաստանում քրիստոնեական քարոզությունը, որ մուտք է գործել ամերիկացի բողոքական առաքյալների ձեռքով: Նորանք համարյա թե Պարսկաստանի բոլոր նշանավոր քաղաքներում ունեն իրանց ծածուկ և հայտնի քարոզիչները, սկսյալ Դավրեժից մինչև Բենդիր-Բուշիր: Քանի օր առաջ այս տեղում գտնված նոցա ժողովարանը գնացի, նա գտանվում է ամենագեղեցիկ և հոյակապ տան մեջ հայոց թաղում: Ժողովարանի դահլիճը լիքն էր լսողներով երկու սեռից ևս. նոցա մեծ մասը մահմեդականներ էին, որոնց թվում կային մի քանի մոլլաներ և սեիդներ (իսլամի մարգարեի որդիներ), իսկ լսողների մնացյալ մասը կազմված էր հայերից և ուրիշ ազգություններից: Անգլիացի քարոզիչը ամբիոնի վրա խոսում էր իր քարոզը ամենին հասկանալի թուրքաց լեզվով. աղոթքները և երգերը մատուցանում էին դարձյալ նույն լեզվով:

Զարմանալի է, թե որպիսի խորին տպավորություն է անում մինչև անգամ անզգա սրտերի վերա լավ քարոզը: Ես սկզբում ուշադրությամբ էի լսում, բայց հետո համարյա դադարեցա լսելուց, թեև նա խիստ գեղեցիկ և քաղցր էր: Ես նույն միջոցին մտածում էի... բայց ի՞նչ էի մտածում... մտածում էի մեր եկեղեցու և մեր եկեղեցականների մասին...

Ես հիշեցի, որ քանի օր առաջ քաղաքի հայոց եկեղեցու քահանաները բողոքել էին սրբազան առաջնորդի մոտ, որպեսզի եկեղեցուն կից ընթերցարանը կիրակի օրերը փակվի, որովհետև ժողովուրդը ընթերցարան գնալով, էլ ժամ չէր գալիս, և քահանաները զրկվում էին յուրյանց շահերից... Նորին սրբազանությունը շատ խելացի կարգադրություն արեց, հրամայեց, որ ընթերցարանը բացվի` եկեղեցու մեջ պատարագն ավարտվելուց հետո... Բայց ցավալին այն է, որ դորանով ևս եկեղեցի գնացողների թիվը չբազմացավ...

Ինչո՞ւ: — Քահանաները պատասխանում են, թե ժողովուրդն անհավատ է դարձել, կրոնքը և ջերմեռանդությունը նոցա մեջ սառել է... Այս խոսքերը լսվում են ամեն տեղ, ամեն հայ քահանայի բերանից... Բայց ճշմարի՞տ են նրանք:

Ո՛չ: Մեր ժողովուրդը անհավատ չէ և ոչ սառել է նորա մեջ կրոնական ջերմեռանդությունը, բայց թե նորան չի գրավում յուր մայրենի եկեղեցին, դա ունի յուր առանձին պատճառները: Վեր առնենք երկու հիմնարկություն` մինը եկեղեցին, մյուսը ընթերցարանը, երկուսն էլ մրցություն են անում միմյանց հետ, երկուսի մեջ նույնպես լինում են ընթերցանություններ, բայց մինը տալիս է կենդանի խոսք և մտավոր սնունդ, մյուսը հնչեցնում է գրաբար անհասկանալի և մեռյալ ձայներ միայն... ընթերցարանը հաղթող է հանդիսանում, որովհետև ժողովուրդը նորան հասկանում է և նորանով գրավվում...

Աստվածների տաճարները զանազան ժամանակներում զանազան կերպերով գրավում էին ժողովրդի սիրտը: Կար ժամանակ (և այժմ Հնդկաստանում նույնն է), երբ մի արձան բազմաթիվ գլուխներով և բազմաթիվ ձեռքերով, որի պարանոցի վերա գալարվել էին վիշապներ, կամ գցած էր մի մանյակ` շարած մարդիկների կառափներով, որը մի ձեռքով բռնել էր փոքրիկ երեխայի ոտներից և մինչև նորա կեսը կուլ էր տալիս. — այսպիսի աստվածներն յուրյանց հրեշավոր այլանդակությամբ սարսափ էին գցում ռամկի վերա և հետևապես զարթեցնում էին նորա մեջ հարգանք և մոլեռանդություն դեպի յուրյանց սրբարանը: Բայց երբ որ մարդիկների ճաշակը նրբացավ, երբ նրանք սկսեցին սիրել գեղեցիկը և վսեմը, այն ժամանակ աստվածներն ևս փոխեցին յուրյանց կերպարանքը, նորանք սկսեցին երևալ տաճարների մեջ ավելի գեղեցիկ և վայելուչ կերպով: Հռոմի և Աթենքի գեղարվեստն ստեղծեց աստվածների ամենաընտիր օրինակներ, և այնուհետև ամբոխը գրավվում էր յուր տաճարների շքեղությամբ, իր աստվածների գեղեցկությամբ:

Քրիստոնեությունն աշխարհ եկավ. նա յուր դրոշի վերա գրած ուներ այս խոսքերը. «աստված հոգի է և նորա երկրպագողներն էլ պետք է որ հոգով և ճշմարտությամբ երկրպագություն տան»: Բայց քրիստոնեությունը իր պարզությամբ, յուր բոլոր հոգեկան զորությամբ երկար ժամանակ չկարողացավ դարձնել ժողովուրդը դեպի ճշմարիտ աստվածապաշտություն, այն որ մարդու սրտի և հոգու մեջ յուր հիմքն ունի: Որովհետև ժողովուրդը վաղուց արդեն սովորած էր յուր աստվածը յուր աչքի առջև տեսնել, յուր շրթունքներով և ձեռքերով շոշափել և նորա նյութական մարմինը պաշտել...

Հռոմի եկեղեցին, կռապաշտության այդ վաղեմի վարպետը, սկսյալ Կռոնոսի ժամանակներից, ժողովրդի նյութապաշտության կույր օժանդակ դարձավ, և իր տաճարները զարդարեց այն բոլոր շքեղություններով, որ կարող էր ազդել արտաքին զգայանքների վերա, որ կարող են հրապուրել նորա անհավատությունը խայտաճամուկ երևույթներով միայն:

Բայց ժողովուրդը միշտ միակերպ չի մտածում, նորա ճաշակը կրթվում է, նորա միտքը զարգանում է, և հետևապես նորա պահանջմունքները փոխվում են: Նա կրոնքի միջից սկսում է դուրս ձգել այն, որ նյութական է, և որոնում է հոգևորը, այն, որ բարոյական ուժ ունի, այն որ մաքրում և ազնվացնում է բնավորությունը: — Դա աստծո կենդանի խոսքն է. ինչ եկեղեցում նա չի լսում, ժողովուրդը հետզհետե դադարում է այնտեղ մուտք գործելուց... Եվ ի՛նչ եկեղեցի աշխատում է միայն ծեսերի և արարողությունների զորությամբ պահել ժողովուրդը, նա հիմք չունի:

Այժմ ես հասկանում եմ, թե ինչու այս հայերն յուրյանց մայրենի եկեղեցին թողած հավաքվել են այստեղ. — ես կրկին դառնում եմ դեպի բողոքականների ժողովարանը:

Քարոզը վերջացավ մի կարճ մաղթանքով, երգվեցավ մի թեթև երգ, և այնուհետև բազմությունն սկսավ ցրվիլ: Բայց ոմանք մնացին, երևում էր, որ դորանք եկել էին լոկ հետաքրքրության և մանավանդ վիճելու համար. վերջիններս մահմեդականներ էին: Վիճաբանության առարկան սկզբում Քրիստոսի աստվածության մասին էր: Մստեր Ստեյն, ամերիկացի քահանան, թեև երևում էր բավական հմուտ աստվածաբանության մեջ, բայց պարսից և թուրքաց լեզուները լավ չտիրապետելու համար` դժվարանում էր պատասխանել: Նույն միջոցում մի ծերունի մոլլա, որ հեռվից նորան լուռ լսում էր, մոտեցավ վիճողներին և պահանջեց մի պարսկերեն աստվածաշունչ: Այնուհետև դառնալով դեպի միսիոնարը, նա խնդրեց, որ թույլ տա յուր փոխարեն պատասխանել: Միսիոնարը հաճեցավ, վիճաբանությունը տևեց երկար և անդադար փոփոխվում էր մի խնդրից մյուսը: Բոլորը ինչ որ կարողացա եզրակացնել մոլլայի խոսելուց, այն էր, որ իսլամի այս ծերունի կրոնավորը երկար ժամանակ և խիստ հաստատուն կերպով ուսումնասիրել էր Աստվածաշունչը, նորա փաստերը և բերած ապացույցները անկեղծ էին և պինդ համոզմունքից առաջ եկած: Մոլլային կամակից էին և մի քանի ուրիշ պարսիկ դպիրներ, որոնց թվում կար և մի սեիդ իսլամի մարգարեի սերունդից: Նրանք գործ էին ածում երկու զենք քրիստոնեությունը պաշտպանելու համար, մինը` աստվածաշունչ գիրքը, մյուսը` մահմեդականության փտած կազմակերպության ցուցմունքը:

Շատ վտանգավոր բան է, երբ մի կրոնքի ընդդեմ զինվորվում են այն անձինքը, որ իրանք նույն կրոնքի վարդապետներ են. որովհետև նորանք գիտեն և ծանոթ են յուրյանց կրոնքի թույլ կողմերին, ուստի հեշտությամբ կարող են խորտակել նորան: Եվ այսպես քրիստոնեությունը գտանելով յուրյան հետևողներ մոլլաների մեջ, սպառնում է մեծ վտանգ իսլամին, որ յուր հիմքը պաշտպանում է միայն ժողովրդի մոլեռանդության մեջ: Այսպես էլ եղավ և քրիստոնեության մեջ. հռովմեական վանքերի ցեխից դուրս եկան այն մարդիկը, որոնք Հռոմի սարսափելի թշնամիքը դարձան. բողոքականությունը նորանց արդյունքն է:

Հետևյալ օրը ես բողոքականների երկսեռ դպրոցը մտա, ուր խառն սովորում էին աղջիկներ և տղաներ. նորանց թվում գտա մի քանի աշակերտներ և աշակերտուհիք թուրքերից, իսկ մնացյալները հայեր էին: Առաջին քաղցր տպավորությունը, որ գործում է այցելուի վերա, է ամերիկական մանկավարժության կանոնավոր կազմակերպությունը, մանավանդ մի այնպիսի երկրում, ուր բնիկների երեխաները դեռ սովորում են ժամատների բակերում, տիրացուների ձեռքով, կամ մզկիթների խուցերում տգետ մոլլաների ձեռքով:

Վարժուհին, որ կոչվում էր միս Ջուիդ, խիստ պարզ կերպով խոսում էր հայերեն և թուրքերեն. նա գիտեր այդ երկու լեզուների դպրությունը այնքան, որ կարողանում էր նույն լեզուներով ավանդգել աշակերտներին ուսանելի առարկայք: Թեև աշակերտուհիքը նույն միջոցին պարապված էին ձեռագործներով և աշակերտները գեղագրությամբ, բայց վարժուհին ցանկացավ, որ ես տեսնեի, թե որքան առաջ էին գնացած նորանք հայերենի մեջ: Եղավ մի փոքրիկ հարցաքննություն: Ճշմարիտն ասած, ես բոլորը գտա գոհացուցիչ, չնայելով, որ երեխայք շատ փոքր էին և նորանցից շատերը երկար ժամանակ չէր, որ մտել էին դպրոցը:

Այնուհետև վարժուհին հայտնեց, թե ինքը շատ ցանկանում է ունենալ հայոց աշխարհաբար լեզվի քերականություն` աշակերտներին մայրենի լեզուն կանոնավոր կերպով ուսուցանելու համար, և դիմում էր իմ խորհուրդին, որ նորան մի որևիցե ձեռնարկ առաջարկեմ: Ես ամաչեցի ասել, թե մեր աշխարհաբարը դեռ բոլորովին մշակված չէ, և մենք աշխարհաբարի կանոնավոր քերականություն չունինք, և առաջարկեցի պ. Պալասանյանի քերականությունը: Նա իսկույն նշանակեց յուր հիշողության տետրակի մեջ:

Ամո՛թ մեզ համար. ամերիկացուհին մտածում է հայի որդուն կանոնավոր կերպով ուսուցանել յուր մայրենի լեզուն, բայց աշխարհաբարի քերականությունը դեռ բուն հայկական դպրոցներում մուտք գործած չէ

Չմոռանանք ասել, որ քանի օրից հետո ես ընդունեցի մի քանի խոշոր բամբասանքներ, թե ինչո՞ւ ես մտել էի ֆարմասոնների ժողովարանը, — այստեղ այդպես են կոչում բողոքական քարոզիչներին: — Ողորմելի՛ մարդիկ, դեռ չգիտեն, թե ի՛նչ նշանակություն ունի մտնել թշնամու բանակը և նրա ուժերը կշռել... Այս կեղծավորները, ճշմարիտ է, հայոց եկեղեցու փոշիները յուրյանց ծնրադրությամբ լկստում են, բայց եթե գիտենային թե Հայկի և Արամի ոսկերքը կարող էին մի քանի կոպեկի շահ բերել, միշտ պատրաստ են նորանց գերեզմաններից հանել ու վաճառել

* * *

Այսքան խոսելով բողոքական միսիոնարների մասին, չի կարելի և մի քանի խոսք չասել կաթոլիկ կղերի մասին, որոնք հայտնվել են Պարսկաստանում, որպես լույս և ճշմարտություն տարածողներ: Եվրոպայում անարգված և յուր համարումը կորցրած այդ սևախումբ հասարակությունն այժմ որոնում է յուր զոհերը միամիտ արևելքում: Նորանք գործում են այստեղ այն, ինչ որ մի քանի դար առաջ անում էին Եվրոպայում: Որպեսզի ավելի շոշափելի կերպով նկարագրվի դորանց գործունեությունը, իբրև օրինակ ես վեր կառնեմ մի գյուղ, ուր անցյալ ամառ Սալմաստա կողմերում ճանապարհորդությանս ժամանակ առիթ ունեցա գտանվելու: Այս գյուղը կոչվում է Խոսրովիա. դա ունի մինչև 300 տուն բնակիչներ, ուր բացի մի քանի հայ լուսավորչական ընտանիքներից մնացյալը, բոլորը կաթոլիկներ են:

Չի կարելի մի ուրիշ տեղում ավելի բացարձակ կերպով նկատել կաթոլիկ կղերի բթամտացնող, ստրկացնող և կենդանի մարդկանցից դիակներ պատրաստող ազդեցությունը, որպես հիշյալ գյուղում: Թե որպիսի զենք է գործ դնում հռովմեական կղերը տիրելու իր ժողովրդի սրտի, մտքի և բոլոր զգացմունքների վերա, դա արդեն հայտնի է, դա կրոնական խայտաճամուկ թելերով պատրաստված ուռկանն է, որով որսում է նա յուր զոհերը: Բայց այստեղ գործ է դրվում մի ուրիշ և ավելի սարսափելի զենք, որ բոլորովին ստրկացնում է ժողովրդին կղերի ձեռքում: Այս վերջինը կարոտ է բացատրության:

Զարմանալի է, թե որպես կաթոլիկ կղերը գիտե օգուտ քաղել զանազան հանգամանքներից, երկրի դրությունից, ժողովրդի վիճակից և այլն: Խոսրովիա գյուղը, որի մասին է մեր խոսքը, Սալմաստա այն գյուղերից մեկն է, ուր ամենասարսափելի կերպով աճել է վաշխառուների հարստահարությունը: Կաթոլիկ կղերը հիշելով այն առածը, թե «պարտականը պարտատիրոջ գերին է», մտածեց օգուտ քաղել և այն ստրկացնող միջոցից, որի մեջ կային և նյութական շահեր:

Խոսրովացին միշտ փողի կարոտություն ունի: Հասկանալի է, թե ինչ կլինի մի ժողովրդի վիճակը, երբ նա գործում է և վաստակում է միմիայն յուր եկեղեցու և նորա պաշտոնյաների պիտույքները լցուցանելու համար: Մի գյուղի մեջ, որպես Խոսրովիան է, կան երկու վանքեր, մեկը կուսանանց, մյուսը աբեղաների. երկուսն էլ լիքն են միաբաններով: Ժողովուրդն աղքատ է, այսուամենայնիվ նա պետք է լցուցանե այն պարտավորությունները, որ դնում է նորա վերա եկեղեցին: Բայց նա ունի ուրիշ պարտավորություններ ևս, նա պետք է հոգա յուր ընտանիքի ապրուստը, նա պետք է վճարե դիվանի տուրքը և այս տուրքը նույնպես ծանր է և անտանելի, որպես եկեղեցունը: Որտեղի՞ց պետք է տա. նորա երկրագործական վաստակը չէ լրացնում այս բոլոր ծախսերը, մնում է մի ճար միայնպարտք անել: Նա սկսում է մահմեդականներից պարտքեր անել խիստ ծանր տոկոսներով, յուր այգին, տունը, պարտեզը գրավ է դնում: Նա անդադար պարտամուրհակները փոփոխում է, տոկոսը տոկոսի վերա բարդվում է. իսկ պարտքերը հատուցանելու ոչինչ հնար չկա: Ի՞նչ պետք է անի նա:

Գյուղացոց պարտքերը հասնում են մինչև մի քանի հարյուր, հազար ռուբլու: Այն ժամանակ միայն ժողովուրդը հասկանում է յուր կործանումը և սկսում է բողոքել: Դառն աղքատության ստիպմունքն ավելի զորավոր է լինում, քան կրոնական զգացմունքը, և ժողովուրդը սկսում է կղերի դեմ սպառնալ. «Եթե դուք մեր պարտքերի մասին մի հոգացողություն չանեք, մենք պատրաստ ենք ընդունել բողոքականություն, և բողոքականների առաքելական ընկերությունը կվճարե մեր պարտքերը»: Աբեղաները նրանց հանգստացնում են. «Դուք անհոգ կացեք, մենք մարդիկ կուղարկենք դեպի աշխարհի զանազան կողմերը, փող կհավաքեն, կբերեն, ձեր պարտքերը կտանք»:

Ժողովուրդն այս հույսով «անհոգ» է մնումնա սկսում է ավելի պարտքեր անել, յուրյան ավելի զվարճության տալ, որովհետև մի քանի ամսից հետո, առանց յուր աշխատության, նորա պարտքերը վճարվելու են...

Եվ իրավ, շատ ժամանակ չէ, որ վանքի միաբանության կողմից երեք խումբ մուրացկաններ ճանապարհ են ընկնում դեպի աշխարհի զանազան կողմերը. մեկը գնում է դեպի Հնդկաստան, մյուսը դեպի Ամերիկա, իսկ երրորդը դեպի Եվրոպայի կաթոլիկ երկրները: Նորանք յուրյանց ձեռքում ունենում են թղթեր, վկայականներ միաբանության կողմից ստացած, որոնց մեջ ամենասարսափելի գույներով նկարագրված է լինում Պարսկաստանի կաթոլիկ եկեղեցու թշվառությունները, նոցա նյութական չքավորությունը, որ առաջ է եկել պարսիկների և նոցա կառավարության հարստահարությունից (ինչո՞ւ ո՛չ իրանց` աբեղաների հարստահարությունից…):

Ողորմություն հավաքողների խումբերը վերադառնում են. որքա՞ն փող են բերում, հայտնի չէ, միայն կղերն սկսում են այնուհետև գյուղացոց պարտքերը տալ:

Բայց որպե՞ս:

Կղերն սկսում են մի կողմից գնել գյուղացոց կալվածները, որ զանազան վաշխառուների մոտ գրավ դրվելով` տիրացել էին, և այսպիսով վանքի միաբանությունը գյուղի ամենաընտիր արտերը և այգիները գցում է յուր ձեռքը: Մյուս կողմից նա գյուղացիներին փողը տոկոսով է տալիս և նորա մնացյալ կալվածները յուր մոտ գրավ է դնում, և այսպիսով ժողովուրդն յուրյան պարտական անելով, բոլորովին ստրկացնում է

Գյուղացիք սարսափում են. «այդ ի՞նչ էր, որ դուք մեզ հետ արեցիք» — գոռում են նորանք, — «Փողը եկեղեցու անունով է հավաքված, մենք չենք կարող աստծո գանձանակը վատնել» — պատասխանում են աբեղաները:

Ինձ պատահեց աբեղաների մեկից հարցնել, թե դուք ինչո՞ւ խլեցիք գյուղացիների կալվածները: Նա խիստ մարդասիրական կերպով պատասխանեց: — «Մենք ինքներս մշակելով այդ հողերը, աշխատում ենք գյուղացիներին երկրագործության կատարելագործված օրինակներ ցույց տալ»: Լավ միտք է, եթե այդպես լիներ: Բայց կղերը այստեղ մշակում է յուր հողերը թշվառ գյուղացիների քրտինքով, որոնք առաջ նույն հողերի տերերն էին. կղերը այս դեպքում մի հարստահարող կալվածատեր է և ավելի ոչինչ:

Եվ շատ բնական է, որ այսպես լիներ. այժմ հռոմեական միաբանություններն, որոնք դեպի արևելք եկած են, որպես քարոզիչներ, Եվրոպայից ավելի նպաստ չեն ստանում, նորանք ստիպված են այդպիսի խարդախ միջոցների դիմել, որովհետև մեջտեղում հացի խնդիր կա37:

Հռոմեական աբեղաներն այստեղ խառնվում են յուրյանց ժողովրդի և դատաստանական գործերին. նրանք ժողովրդի կողմից ուղղակի հարաբերություն ունեն դիվանի հետ: Օրինակ, երբ որ գյուղացին դիվանին պետք է հարկ վճարե, բայց փող չունի, հարկը աբեղաներն են տալիս և գյուղացիներից պարտամուրհակ առնում: Նորանք գործում են և ուրիշ առաքինական գործեր. օրինակ, երբ որ մի կնոջ ամուսինը գնացել է օտար աշխարհ բախտ որոնելու (տղամարդիկ մեծ մասամբ պանդխտության մեջ են ապրում), և կինը երկար ժամանակ ամուսնից ծախսելու արծաթ չէ ստանում, կղերը նրան փող է տալիս, իհարկե տոկոսով և ամուսնից փող եկած ժամանակ ետ է ստանում: Երևակայեցեք մի կնոջ վիճակ, որ հանձնած կլինի կաթոլիկ աբեղայի հոգաբարձությանը

Ես ասացի, թե աբեղաները խառնվում են գյուղացոց և դատաստանական գործերում. որպեսզի ճիշտ գաղափար տամ, թե որպիսի իրավաբանական ճշմարտություններով են վճռվում նոցա մեջ վեճերը, ես կհիշեմ մի դատ: Երկու կաթոլիկներ կռվում են միմյանց հետ և սաստիկ ծեծվում են: Կռիվը ծագում է նորանից, որ մինը հայհոյանք է տալիս մյուսի վաղուց մեռած հորը, իսկ երկրորդը փոխադարձաբար հայհոյում է առաջինի հորը, որ նույնպես մեռած էր: Մեռելներին հայհոյելը Պարսկաստանում ավելի մեծ հանցանք է համարվում, քան կենդանիներին, բայց բանը նորանումն է, որ մեկի հայրը վախճանվել է, որպես ուղղափառ կաթոլիկ, մյուսի հայրը որպես հերետիկոս-նեստորական: Կաթոլիկի որդին արդարանում է, որովհետև նա մեղք չէ գործել մի հերետիկոս հայհոյելով, իսկ հերետիկոսի որդին դատապարտվում է, որովհետև նա իրավունք չուներ չար խոսիլ մի ուղղափառ հանգուցելո դեմ:

Next page