Րաֆֆի՝   Հարեմ

Բայց ես չեմ գիտում նա որտեղ է բնակվում:

Այս գիշեր Մարջանին ես ցույց տվի նրա տունը, խափշիկը քեզ ուղղակի այնտեղ կբերե:

Շատ լավ, այսուհետև մեր տեսությունների համար կնշանակենք Սալոմեի տունը: Ես շատ ցանկանում եմ նրան տեսնել, ես չգիտեի, թե նա էլ գերի է առնված: Ա՛խ, ի՜նչքան կուրախանա Սալոմեն, երբ ինձ տեսնե:

Շատ կուրախանա, Ալմաստ, նա դեռ սիրում է քեզ, — հառաջ տարավ երիտասարդը: — Մարջանը կլինի մեր միջնորդը, երբ պետք էր տեսության ժամերը նշանակել, այդ խափշիկը շատ խելացի աղջիկ է երևում:

Միևնույն ժամանակ նա չափից դուրս հավատարիմ է:

Իսկ այդ եթովպացի պատանի՞ն:

Սաի՞դը, նա նույնպես հավատարիմ է ինձ:

Շատ լավ, մենք կարող ենք օգուտ քաղել դրանց հավատարմությունից: Այդ սևերը խիստ հարմար գործիք են լինում գաղտնի հարաբերություններում: Միևնույն ժամանակ նրանք խորամանկ են, որպես սատանա:

Սույն միջոցին նախասենյակից լսելի եղան զանազան ձայների սարսափելի հնչումներ: Կարծես թե գիշատող գազանների ահարկու մռնչյունները կազմում էին մի ընդհանուր վայրենի ներդաշնակություն:

Երիտասարդը ձեռքը տարավ դեպի դաշնակը:

Մի՜ վրդովիք, Մեխակ, դրանք խափշիկը և եթովպացին ներկայացնում են չար ոգիները:

Գրո՛ղը տանե նրանց, կատարյալ սատանաներ են, — ասաց երիտասարդը ծիծաղելով:

— «Կախարդը» սկսել է յուր գործողությունը...-պատասխանեց հեգնորեն Ջլեյնաբ՛խանումը:

Ի՛նչ ծիծաղելի դեր եմ խաղում ես:

Այդ ուղիղ է, դու վաղուց կախարդել ես իմ սիրտը... Ահարկու մռնչյունները կրկնվեցան:

Չար ոգիների պատերազմը սկսվեցավ, — ասաց ներքինապետ Հեյդարը, որը կանգնած հարեմխանայի դռանը լսում էր այդ ձայները: Նա զարհուրելով փախավ, փակվեցավ յուր սենյակում, սկսավ աղոթել և «բիսմուլլահ կարդալ»:

Սալման, լսի՜ր, ի՜նչ սարսափելի ձայներ են հանում դևերը, — ասաց վազելով պատանի շիրազցու մոտ Ֆերուզը. — փախչենք, սիրեկան, փախչենք այս տեղից:

Նրանք վազեցին դեպի յուրյանց սիրուհու սենյակը:

Մի րոպեում երկյուղը և սոսկումը տիրեց ամբողջ ամրոցի վրա: «Խե՛ղճ Զեյնաբ-խանում, — ասում էին հարեմներից շատերը, — հիմա դևերը կխեղդեն նրան...»:

— «Կախարդը նրա մոտ է, — պատասխանում էին մյուսները:

— «Ի՞նչ կարող է անել կախարդն այդքան դևերին, լսի՜ր, Հուրի, ի՜նչ շատ են նրանք:

— «Կախարդը կարողություն ունի հալածել բոլորին:

— «Խե՛ղճ Զեյնաբ-խանում, ի՜նչպես չէ տրաքում նրա սիրտը:

— «Ես այստեղ դողում եմ...-կրկնեց մի սևաչյա հարեմ:

— «Ձայները լռեցին, — խոսեց Հուրին:

Այդպես խոսում էին միմյանց մեջ հարեմները: Իսկ Զեյնաբ-խանումի սենյակում «կախարդն» յուր դյութական գործողության մեջն էր...

Գիշերն աննկատելի կերպով անցավ: Արշալույսը սկսել էր շառագունիլ, երբ «կախարդը» հեռացավ ամրոցից, առանց ոչ ոքին տեսանելի լինելու:

Սայիդը և Մարջանն, որոնք ամբողջ գիշերն անքուն էին մնացած, նոր գնացին հանգստանալու:

Ժ

Արեգակը բավականին բարձրացել էր հորիզոնի վրա: Վաղորդյան զեփյուռը փչում էր ջերմկուսական շնչով և ծառերի տերևները թրթռում էին, գրկախառնվում էին և պաչպչվում էին միմյանց հետ:

Մարջանը միայնակ դուրս եկավ յուր սենյակից, մոտեցավ ջրի ավազանին և լվացվում էր: Նույն ժամուն ծերունի Հեյդարը կատվի նման պտտում էր հարեմխանայի ամեն ծակումուտքը: Նա անցավ խափշիկի մոտից:

Ի՞նչպես է քո խանումի քեփը, — հարցրուց Մարջանից:

Հիմա մի քիչ լավ է: Երևում է, դևերը հեռանալու վրա են:

Հրամայո՞ւմ է արդյոք խանումը բաղնիքի պատրաստություն տեսնել, այսօր ջումա է:

Ո՜չ բարի Հեյդար, իմ խանումը չէ կարող յուր սենյակից դուրս գալ:

Ինչո՞ւ, — հարցրուց ներքինապետը, աչքերը լայն բացելով:

Կախարդը հրամայեց նրան քառասուն օր չիլա 3մտնել:

Ղ՞որդ:

Այո՜, քառասուն օր նա փակված կմնա յուր սենյակում և արևի երեսը չի տեսնի: Ադամորդու հետ պիտի չխոսի և ոչ ոքին յուր մոտ չընդունի:

Այդ շատ ծանր բան է, — ասաց ներքինապետը զարմանալով: — Այդ կատարյալ ճգնություն է:

Այդ քառասուն օրումը, — առաջ տարավ խափշիկը, — իմ խանումն յոթն անգամ ղորանը պետք է ծայրեիծայր կարդա և ամեն օր յոթն անդամ նամազ պետք է անի և միայն աղուհաց պիտի ուտի:

Կախարդը դարձյալ կգա՞ :

Շաբաթը մի անգամ: Նա դեռ այստեղ է:

Թո՜ղ աստված ողորմոլթյուն անի Զեյնաբ-խանումին ի սեր մեծ մարգարեին, — բարեմաղթեց ներքինապետը և մտավ մի այլ բակ:

Մարջանը դարձավ յուր տիկնոջ սենյակը, գտավ նրան բոլորովին չհանված պառկեք էր յուր մահճի վրա: Նա սովորական ողջույնը տալուց հետո, հարցրուց.

Իմ տիկինը երևի ամենևին չքնեց:

Ոչ «նրա» գնալուց հետո քունս չտարավ:

Ի՞նչի: Իմ տիկնոջ սրտիկը կարծեմ այժմ գո՞հ է:

— «Չափազանց ուրախությունը նույնպես անհանգիստ է անում մարդուն, որպես տրտմությունը»: Գիտե՞ս այդ առածը:

Այդ իրավ է, — պատասխանեց խափշիկը և պատմեց բոլորն, ինչ որ խոսացել էր քանի րոպե առաջ ներքինապետի հետ չիլայի մասին:

Տիկնոջ գիշերվա անքնությունից նվաղած աչքերը կրկին զվարթացան նոր հույսերով:

Սատանան ինքը չէր կարող մտածել այդ, Մարջան, դու կատարյալ մարգարեուհի ես:

Աղախնին այդ փաղաքշող խոսքերը խիստ ուրախություն պատճառեցին: Իսկ տիկինը փոխեց յուր խոսքը հարցնելով.

Քերիմ-բեկը քեզ ցույց տվեց մի տուն, այնպես չէ՞, Մարջան:

Հրամեր եք, Սալոմեի տունը:

Դու լավ հիշո՞ւմ ես այն տունը:

Աչքերս խփած կարող եմ գտնել:

Շատ լավ, — հառաջ տարավ Զեյնաբ-խանումը: — Ինձ կարո՞ղ ես այսօր այնտեղ տանել, որ ամրոցում ոչ ոք չհասկանա:

Խափշիկը փոքր-ինչ մտածելուց հետո պատասխանեց.

Կարող եմ:

Ի՞նչպես:

Շատ հեշտ կերպով: Ամրոցում ոչ ոք չգիտե, թե կախարդը հեռացել է: Ես առավոտյան ներքինապետին ասեցի, թե դեռ այստեղ է: Դուք կհագնեք կախարդի շորերը և այնպես դուրս կերթանք:

Մի՞թե նա շորերը այստեղ թողեց:

Եվ հարկավորություն չկար «նրան» կախարդի շորերը հագնելու: «Նա» գնաց լուսաբացից կես ժամ առաջ: Ամենքը քնած էին: Ես «նրան» դուրս տարա հարեմխանայի հետքի դռնով բաղնիքների բակը. դռնապանը մեռելի նման ընկած էր. ինքս դուռը բաց արի, «նա» հեռացավ: Դրանից հետո «կախարդի» դերը կկատարեք դուք:

Որպե՞ս:

Երևակայալ Զեյնաբխանումը, չ ի լ ա մտած` մինչև քառասուն օր փակված կմնա յուր սենյակումն, իսկ տիկինն որպես կախարդ գնալ և գալ կունենա նրա մոտ:

Հասկանում եմ... Մարջան, այդ գեղեցիկ միտք է:

Եթե իմ տիկինը հավան է այդ մտքին, — կրկնեց Մարջանը, — կարող ենք կատարել իսկույն:

Իսկ դու, Մարջան, կարծում ես կասկածելու այստեղ ոչի՞նչ չկա, — հարցրուց Զեյնար-խանումը երկբայությամբ:

Ամենևին: Իշխանը մի շաբաթով որսի է գնացած, կարելի է ավելի տևե: Հարեմներից ամեն մինը ձեզ նման մի «սրտացավ» ունի... նրանք յուրյանց զվարճությունների ետևից են ընկած: Իսկ ներքինապետն անդադար աղոթք է կարդում, որովհետև վախենում է ամրոցում գոյացած դևերն յուրյան չխեղդեն:

Զեյնաբ-խանումը բոլորովին համոզվեցավ խափշիկի խոսքերից: Նա հարցրուց. — ես կարող եմ մի քանի օր մնալ Սալոմեի տանը: Այդպես չէ՞, Մարջան:

Իմ տիկինը մինչև քառասուն օր ազատ է:

Ուրեմն դու կարգադրե Սայիդի հետ, որ նա հարկավոր զգուշությունները գործի դնե մինչև քո վերադառնալը:

Բայց պետք է առաջ հագցնել ձեզ:

Այդ ուղիղ է:

Աղախինր սկսավ կախարդի հագուստով զգեստավորել յուր տիկնոջը: Քանի րոպեից հետո Զեյնաբ-խանոլմը նայեց յուր վրա և ասաց.

Բաղդադի կախարդներն երբեք չեն ունեցել մի այդպիսի կերպարանք...

Եվ ոչ Սուլեյմանն յուր բոլոր զորությամբ... — Կցեց խափշիկը:

Մարջանը դուրս գնաց նախասենյակը Սայիդին հարկավորված պատվերները տալու: Նախ և առաջ համառոտ կերպով պատմեց յուր առավոտյան խոսակցությունր ներքինապետի հետ: Հետո հայտնեց յուր նոր կարգադրությունը Զեյնաբ-խանումի մասին:

Հիմա ականջ դի՜ր, Սայիդ:

Սայիդի ականջները քո խոնարհ ծառաներն են, — պատասխանեց եթովպացին:

Այդ նախասենյակումը կանգնած կմնաս որպես քարե արձան:

Կանգնեցա, — պատասխանեց Սայիդը և ձգվեց փայտի պես:

Թո՜ղ հանաքը: Լսի՜ր, ոչ ոքին չես թողնի խանումիդ սենյակը մտնի:

Ճանճն էլ չի համարձակվի մտնել:

Շատ լավ: Ես այս րոպեիս տանում եմ «կախարդին» ճանապարհ դնելու: Մի՜ մոռացիր, որ նրա չարսավի տակ ծածկված է մեր տիրուհին:

Հասկանում եմ...: Հետո՞:

Ես կվերադառնամ կես ժամից հետո:

Այդ գեղեցիկ բան է: Կնշանակե դու և ես կլինենք այդ փառավոր դահլիճի տերը և տիրուհին:

Խափշիկը ժպտեցավ:

Որչափ կամենում ես ուրախացիր, Սայիդ: Խանումը մի քանի օրով բացակա կլինի ամրոցից:

Իսկ առայժմ ավելորդ չէր լինի մի բան:

Ի՞նչ բան:

Իմ սիրուհին մի թեթև վարձատրություն աներ այդ բոլոր հրամանների փոխարեն:

Մարջանը մոտեցրեց Սայիդի շրթունքին յուր կոկ, շագանակի կեղևի գունով թշերը:

Քանի րոպեից հետո երկու դիմակավորված կանայք, ծածկված չարսավներով, դուրս գնացին ամրոցից:

Կախա՛րդը... — լսելի եղան մի քանի ձայներ, — գնում է Մարջանի հետ:

ԺԱ

Քաղաքի խուլ և խեղդված թաղերից մեկի անկյունում կեցած էր մենավոր տուն, որ ագռավի բույնի նման տխրությամբ նայում էր խոր խրամատի վրա, որով շրջապատած էր ամբողջ քազաքը: Գիշերվա մթության մեջ ոչ ոք չէ համարձակվի մոտենալ այդ փոքրիկ տնակին, որն արտաքուստ թեև կրում էր ողորմելի կերպարանք, այսուամենայնիվ միշտ սարսափ էր ձգում յուր շրջակայքի վրա:

Այդ տնակն ոչ սակավ անգամ եղած էր տեսարան զարհուրելի չարագործությունների...

Նա բաղկացած էր մի քանի սենյակներից, որոնք ոլոր-մոլոր մուտքերով բացվում էին միմյանց մեջ: Այդ սենյակներից մեկի մեջ միայնակ նստած էր մանկահասակ կին: Նեղ բակի չինարի ծառերին փաթաթված խաղողենիները հովանավորում էին նրա լուսամոլտները նույն ժամուն արևի այրող ճառագայթներից:

Կինը տխուր-հուսահատական ձայնով նանիկ էր կարդում յուր մանուկին, որը, մոր կրծքին կպած, անհագ կերպով ծծում էր յուր սնունդը նրա ստինքից, և երբեմն ժպտելով յուր լուսափայլ աչքերը դարձնում էր մոր երեսին, կարծես նրանցով աշխատում էր ցույց տալ, թե նա արդեն գո՜հ էր յուր վիճակից: Բայց ո՛րքան հույս և կյանք էր տեսնում այն պարզ և անմեղ աչիկներում քնքուշ մայրը...

Այդ կինն յուր միջին հասակումն էր՝ լղարիկ և ցամաք կազմվածքով: Բայց նրա վշտահար դեմքը կրում էր յուր վրա տխրության բոլոր գծերը: Նրա նշաձև սևորակ աչքերը՝ խիտ թերթերունքներով, որոնց մեջ կար այնքան կյանք և կիրք, նվաղած էին: Երևում էր, որ նրանք շատ անգամ վկա էին եղել ցավալի տեսարանների, և արտասուքը խիստ հազիվ ցամաքել էր նրանց միջից...

Դռան թխկոցը խլեց մոր ուշադրությունր յուր սիրելի մանուկից: Նա դրեց տղան օրորոցի մեջ: Երեխայի փոքրիկ մատիկները սկսան զբաղվել յուր օթյակի դաստակից քարշ ընկած խաղալիքների հետ: Մայրը վազեց դեպի դուռը: Աստված տար, որ «նա »լիներ, ասաց յուր մտքի մեջ:

Ո՞վ եք, — հարցրուց ներսից:

Աստծո հյուրեր, — լսելի եղավ դրսից:

Դուռը բացվեցավ: Տանտիրուհու առջև հայտնվեցան երկու դիմակավորված կանայք: Նրանցից մեկի արտաքին օտարոտի կերպարանքն յուր վրա դարձրուց նրա ուշադրությունը: Նա նմանում էր բոշա մուրացկանի, որ կարծես եկել է մի բան խնդրելու: Այդ միտքն առիթ տվեց տանտիկնոջը հանել յուր գրպանից մի քանի սև փող, որն առաջարկելով բոշային, ասաց.

Ա՜Ռ այդ արծաթը, ավելին աստված տա:

Մենք չենք եկել ողորմություն խնդրելու, — ասաց բոշային նմանող կինը. միայն թե կարելի է մի քանի րոպե մեզ հանգստություն շնորհեցեք ձեր տան ծածկի տակ, մինչև տոթը կանցներ,մենք հեռու ճանապարհից ենք գալիս:

Հրամեցեք, — ասաց տանտիկինը, ներս հրավիրելով:

Հյուրերը ներս մտան: Դուռը կրկին կողպվեցավ: Նրանք անցան սենյակը, բայց եկվորներից և ոչ մինը տակավին չէր բարձրացրել երեսից դիմակը:

Այստեղ դուք մինակ ե՞ք, — հարցրուց բոշային նմանող կինը:

Այստեղ ես եմ և իմ տղան, իսկ մյուս սենյակում պառկած է մի հիվանդ:

Մի հիվա՞նդ, — կրկնեց եկվորը: Նա արգելք չէ՞ կարող լինել մեզ:

Նա վիրավորված է, շարժվել անգամ անկարելի է նրան: Եկվորները բարձրացրին դիմակները: Երկու պատկեր, մինը` գեղեցիկ որպես բոլորված լուսնյակ, մյուսը՝ սևուկ բոված ղահվեի գունով, երևան եղան տանտիկնոջ աչքին: Նրա հիացմունքն ավելի սաստկացավ, երբ նրանք ձգեցին յուրյանց հնոտի չարսավները: Գեղեցիկ կինը զուգված էր բոլոր այն շքեղություններով, սրով արևելքը գիտե զարդարել յուր սիրո առարկաները:

Րոպեական ապշությունից հետո, շփոթված տանտիկինը՝ գեղեցկուհու վրա ընկավ, գրկեց նրան, «Ալմաստ» անունը թռավ նրա բերնից, և թուլացած, անմռունչ մնաց յուր հյուրի կուրծքի վրա...:

Դա Զեյնաբ-խանումն էր, իսկ նրա ընկերուհին՝ Մարջանը:

Դու ճանաչեցիր ինձ, Սալոմե, — ասաց նա, չթողնելով յուր վաղեմի բարեկամին գրկիցը:

Իմ աչքերը պետք է կույր լինեին, որ չճանաչեին քեզ, Ալմաստ: Ա՛խ, աստված, ի՜նչպես մենք կրկին տեսանք մեկ-մեկու:

Երկար երկու ընկերուհիներն, որպես մի զույգ հարազատ քույրեր, չէին դադարում միմյանց գրկելուց, միմյանց համբուրելուց և մեկ՜մեկու վրա նայելուց: Ուրախության բորբոքումը թաց արեց երկուսի էլ աչքերը արտասուքով:

Մարջանը լռությամբ նայում էր այդ հոգեշարժ տեսարանին: Երբ նրանք բաժանվեցան, նա մոտեցավ յուր տիկնոջը, հարցնելով.

Ձեր աղախինն այժմ կարո՞ղ է գնալ:

Գնա՜, Մարջան, — պատասխանեց Զեյնաբ-խանումր, — անցի՜ր «նրա» մոտ, ասա՜, որ ես այստեղ եմ: Հետո ամրոցը կերթաս, այնտեղ քո գործը դու ինքդ լավ ես իմանում...

Խափշիկը գլուխ տալով կամենում էր հեռանալ, երբ Սալոմեն հարցրուց.

Դա քո աղախի՞նն է, Մարջա՜ն ի՛նչ գեղեցիկ անուն է:

Իմ հավատարիմն է, ճանաչի՜ր, Սալոմե, այսուհետև դրա հետ գործ շատ կունենաս:

Եկ համբուրեմ քեզ, դու իմ ընկերուհուս բարեկամն ես, — ասաց Սալոմեն գրկելով Մարջանին: — Թո՜ղ չգնա այդպես շուտ, — դարձավ նա դեպի Զեյնաբ-խանումը, — մի փոքր սառը միրգ ուտե, սիրտր հովացնե, արեգակն այրում է դրսումը:

Կուշանա, Սալոմե, — պատասխանեց աղախնի տիրուհին:

Թող խմե գոնյա մի փոքր ցուրտ շերբեթ:

Սալոմեն դուրս եկավ սենյակից, քանի րոպեից հետո նա դարձավ մի մեծ գավաթ ձեռքին, որ լիքն էր շաքարով և նարնջի ջրով շինած ըմպելիքով: Գավաթի մակերևույթի վրա լող էր տալիս մի կտոր սառուց:

Խափշիկը ծծեց գավաթը մինչև հատակը և շնորհակալություն անելով հեռացավ:

Հիմա նստենք, իմ սիրեկան, — դարձավ Սալոմեն դեպի յուր հյուրը: — Նստենք ու խոսենք: Ա՛խ, ի՜նչքան խոսելու բաներ ունենք...

Շա՛տ... որքան ասես, շա՛տ... — պատասխանեց Զեյնաբ-խանումը տխրալի ձայնով: Բայց միևնույն րոպեին նրա աչքն ընկավ օրորոցին: — Այդ քո երեխա՞ն է, ի՜նչ սիրուն երեխա է, շատ նման է քեզ, Սալոմե:

Եվ նա մոտեցավ, սկսավ համբուրել տղեկի լիքը թշերը:

Դու դեռ երեխա չունե՞ս, Ալմաստ:

Չունեմ, Սալոմե, և չէի ցանկանա ունենալ:

Ինչո՞ւ:

Մենք ախա՜ր քրիստոնյա ենք, Սալոմե, բայց մեր որդիքն այստեղ պարսիկներ կծնվեին:

Այդ ուղիղ է, իմ սիրեկան, — պատասխանեց Սալոմեն հոգոց հանելով: — Դե՜ նստի՜ր, Ալմաստ, ինչո՞ւ չես նստում, դու ինձ անհանգիստ ես երևում:

Ես սպասում եմ Քերիմ-բեկին:

Ինչո՞ւ չես ասում Մեխակին: Միթե նա գալո՞ւ է այստեղ:

Գալու է: Մարջանը գնաց նրան իմացում տա:

Երկու վաղեմի ընկերուհիները նստեցին միմյանց մոտ մի խալիչայի վրա, որ փռած էր լուսամուտի հանդեպ, որ բացված էր դեպի կանաչազարդ բակը:

Դու ի՞նչպես գտար Մեխակին, Ալմաստ ջան, — հարցրուց Սալոմեն, — ա՛խ, ես որքան ուրախ եմ, որ դուք էլի ռաստ եկաք մեկ-մեկու:

Նա ինձ գտավ, Սալոմե ջան, — պատասխանեց Զեյնաբ-խանումը:

Եվ տիկինը պատմեց՝ ամառանոցի այգու դեպքից սկսած մինչև «կախարդի» երևալն ամրոցում: Մարջանի այդ խորամանկությունը մինչև այն աստիճան շարժեց Սալոմեի ծիծաղն, որ նրա աչքերը բոլորովին թաց ելան արտասուքով:

Էդ լա՜վ բան եք սարքի... — ընդհատեց նա յուր ընկերուհու պատմությունը:

Ի՜նչ անենք, Սալոմե ջան, «կատվի բերանն երբ մսին չէ հասնում, սկսում է գողություն աներ: »

Էդ լա՛վ է, շատ լա՛վ եք մոգոնի… — կրկնեց Սալոմեն, չդադարելով ծիծաղելուց: — Ա՜խ, ես մոռացա քեզ համար ղեյլան պատրաստել, — խոսքը փոխեց նա վեր թռչելով նստած տեղիցը:

Նա անցավ նախասենյակը:

«Խե՛ղճ Սալոմե, ասաց Զեյնաբ-խանումն յուր մտքի մեջ, ո՛րքան փոխվել է նա... ո՛րքան մաշվել է նա»:

Սալոմեն ներս բերավ զեյլանը, տվեց յուր հյուրին: Նրանք սկսեցին ծխեր

Հիմա էս ղեյլանով ու էս շորերով, Ալմաստ ջան, ես ու դու Թիֆլիսում նստած ըլեինք ձեր դռանը՝ Տափի-թաղում, ա՛խ, ի՜նչքան կծիծաղեին մեր թաղի աղջիկները:

Էլ չենք տեսնի ո՜չ Թիֆլիսը և ոչ Սոլոլակը, Սալոմե ջան...: Մի՞տդ է գալիս, որ կիրակիները գնում էինք խեվումը բուրթի (գնդակ) էիսք խաղում: Ո՞ւր է էն օրերը...: Կեկելի աղջիկը՝ Սոփոն, հիշո՞ւմ ես, Սալոմե, ի՜նչ լավ էր խաղում էն ծամ կտրածը:

Հայրենիքի հիշողությունները ցավալի տպավորություն ունեցան երկու գերիների վրա ևս: Եվ նրանք երկուսն էլ չկարողացան զսպել յուրյանց արտասուքը:

Իմ մասին բոլորը լսած կլինես Քերիմ-բեկից, պատմիր, Սալոմե ջան, դու ի՜նչպես ընկար այստեղ:

Լավ է, որ չիմանաս, Ալմաստ ջան:

Չէ՞ քո հուգուն մատաղ, ես ուզում եմ գիտենալ:

Սալոմեն սկսեց պատմել:

Երբ Մահմադ-խանի սարվազները լցվածն մեր քաղաքը, հերս տանը չէր, նա գնացել էր Կախեթ՝ գինի բերելու: Տան մեջ մնացել էինք ես, մերս, մեկ էլ իմ աղբեր Սոսիկոն: Միտդ գալի՞ս է, Ալմաստ, էն պստիկ երեխեն, որ ջեր ծիծ էր ծծում: Հանկարծ ողջ քաղաքը ծուխի մեջ կորավ, լաց ու շիվանը բարձրացավ և ամեն կողմից խաբար դուրս եկավ, թե քաղաքը թալանում են, աղջիկները ու ջեհիլ տղերքը գերի են տանում: Մայրս ինձ թաքցրուց մեր սարդափումն ու ինքը նստավ դռանը: Մեկ էլ տեսանք երկու պարսիկ մտան մեր բակը: Մորս լեզուն կապվեցավ: Նրանք սկսան մեր տունը կողոպտել, ինչ լավ բան որ գտան՝ արծաթեղեն, պղնձեղեն՝ ամենը լցրին իրանց խուրջիններում: Հետո մորս սկսեցին տանջել, թե պահած փող կունենա, հանե տա: Խեղճ մայրս աղաչում էր, լաց էր լինում, բոլոր սուրբերի անունով երդում էր ուտում, թե փող չունի: Նրանք չէին հավատում: Հետո Սոսիկոյին խլեցին մորս գրկիցը: «Տես, էդ երեխիդ կմորթենք, թե փողերի տեղը ցույց չտաս»: Մերս էլի սկսեց աղաչել, որ երեխին ձեռք չտան: «Աստված է վկա, ասում էր, մենք աղքատ ենք, փող չունենք»: — «Դու խաբում ես, անզգամ, գոռաց մինը, տե՜ս»: Ու էդ խոսքի հետ Սոսիկոյին զարկեց գետինը: Խեղճ երեխի գլուխը դիպավ քարին, մի ծպտուն էլ չհանեց, հոգին տվավ: Մայրս հենց էս որ տեսավ, ուշքից գնաց, վեր ընկավ: Անողորմները տեսան նրա մատների մատանիներն, ուզեցին հանել, բայց դժվար էին դուրս գալիս: Նրանցից մինը խանչարը հանեց և մատները կտրեց: Ա՛խ, ինչպիսի սարսափով էդ բոլորը տեսնում էի ես սարղավւի պատուհանիցը... Զեյնաբ-խանումր խորին տխրությամբ լսում էր այդ բոլորը, սրտի կրակիցը կարծես ցամաքել էին աչքերի արտասուքը: Սալոմեի պատմությունը հիշեցնում էր նրան այն անբախտ դեպքն, որին ինքն էլ վիճակակից էր: Նա ընդհատեց նրա խոսքը, հարցնելով.

Բա՜, դու ի՞նչպես ընկար նրանց ձեռքում:

Հետո նրանց աչքն ընկավ սարդափի դռանը: «էստեղ մի բան կըլնի թաքցրած», ասացին մեկ-մեկու: Սարդափի դուռր կոտրելն ու ներս մտնելն մեկ րոպեի գործ եղավ: «Ա՛յ, ղանջըղ, տես ո՜րտեղ է մտել», ասացին ու ինձ դուրս քաշեցին: Ես ոչինչ չհասկացա, թե ինչ պատահեց ինձ հետ, ո՜ւր տարան ինձ, բայց հենց որ ուշքի եկա, տեսա, որ ես կապված եմ մի էշի վրա և գտնվում եմ գերիների ահագին քարավանի մեջ: Հիմա էլ մարմինս սարսռում է, մազերս փուշ-փուշ են դառնում, երբ միտս եմ բերում էն ցավալի րոպեն: Ես տեսա, սիրուն աղջիկներն ու տղերքը, որ ղոշունի (զորքի) աստիճանավորներին էին պատկանում, կապված էին ուղտերի և ձիաների վրա, բայց հասարակ սարվազների գերիները բոբլիկ ոտքով, ամեն մի զինվոր թոկը նրանց թևքերիցը կապած, քարշ էր տալիս յուր ետևից: Բայց իրանց չորքոտանիների վրա նրանք բարձել էին այն թալանը, որ կողոպտել էին մեր քաղաքից: Գերիների լացը, սուգը, նրանց ողորմելի աղաղակը, սարվազների անգութ շալլախի (մտրակի) ձայնն, այդ բոլորը խառնվում էին գրաստների հարա-հրոցի հետ:

Բայց ի՞նչպես ես չտեսա քեզ, Սալոմե:

Դու շատ բան չտեսար, սիրելի Ալմաստ, դու բախտավոր էիր մեզանից: Քեզ տանում էին մի ջորու վրա կապած քաջաֆեի (պատգարակի) մեջ: Որովհետև դու գնդապետի գերին էիր:

Մին էլ մենք անցանք հետևակ զորքից մի քանի օրով առաջ:

Էդպես է, իմ սիրեկան, — հառաջ տարավ Սալոմեն յուր պատմությունը: — Երբ գիշերը վրա հասավ (էդ առաջին գիշերն էր, որ մենք դուրս էինք եկել քաղաքից), ղոշունը իջևանեց մեկ նեղ դաշտի մեջ, որ մոտ էր Քռի ափին ու մեկ կողմը սարեր կային: Ի՛նչ սարսափելի գիշեր էր այն...: Երբ մութը պատեց, երբ զինվորների կրակները վառվեցան, ամեն ձորի միջից, ամեն քարի տակից, ամեն թուփի միջից լսվում էին ողորմելի ձայներ: Դրանք անմեղ կույսերի մրմունջներն էին, որոնց անողորմ գազանները բաժանում էին իրանց մեջ: Հերթը հասավ ինձ: Դու հիշո՞ւմ ես, Ալմաստ, որ ես ասեցի, թե ինձ գերի անողներն երկու հոգի էին, նրանց մեջ վեճ բացվեցավ իմ մասին ու վճռեցին իմ վրա վիճակ ձգել: Վիճակը դուրս եկավ նրան, որ սպանեց Սոսիկոյին ու մորս մատները կտրեց: Ա՛խ, որքան ատում էի ես այդ գազանին: Բայց էն մյուսն, որ ավելի բարեսիրտ էր երևում, չբավականացավ վիճակով: Նրանց մեջ սկսվեց կռիվը: Խենջարները շողացին, իմ ատելին գլորվեցավ գետին: Ես մնացի զոհ մեկէլին: Դա իմ այժմյան ամուսինն է, սիրելի Ալմաստ:

Քո այժմյան ամուս ի՞նը, — կրկնեց Զեյնաբ-խանումը շփոթվելով:

Այո՜, — պատասխանեց Սալոմեն տխուր ձայնով:

Ի՞նչով է պարապվում:

Նա ավազակ է:

Զեյնաբ-խանումր սոսկաց, նրա ամբողջ մարմնի մեջ դող ընկավ:

Ավազա՛կ...անբա՜խտ Սալոմե, ուրեմն դու ավազակի կի՞ն ես, և ես այս րոպեիս ավազակի՞ տան մեջն եմ...

Սալոմեն սկսեց հանգստացնել նրան ասելով.

Մի՜ վախիր, Ալմաստ ջան, այդ տնակն, ոի միշտ վառոդի հոտ է փչում, ավելի ապահով է քան մեծ մուշտեիղի ապարանքը, որ միշտ ղորանի ձայնն է լսվում:

Բայց դու ասացիր նա ավազակ է:

Այո, ավազակ է: Նա սպանում է, կողոպտում է, նա այս րոպեիս էլ գնացել է յուր որսն որսալու: Բայց երբեք նա աղքատի հացը չէ խլել և խեղճի աչքերից արտասուք չէ քամել:

Եվ դու սիրո՞ւմ ես նրան:

Սիրում եմ, Ալմաստ ջան, որովհետև նա իմ աչքի առջև մորթեց այն գազանին, որ սպանեց իմ եղբայրը և կտրեց մորս մատները:

Զեյնաբ-խանումը տակավին մտատանջության մեջ էր: Նա երևակայել անգամ չէր կարողանում, թե մի ավազակ կարող էր լավ հատկություններ ունենալ: Իսկ Սալոմեն բոլորովին դուրս բերավ նրան այդ երկբայությունից:

Նա յուրյան ապաստանած կնկան քույր է կոչում, Ալմաստ ջան, իսկ յուր ձեռքր բռնող թշնամունեղբայր: Նա յուր սուրը և ձեռքը չէ խնայում օգնել նրանց, ովքեր ապավինում են նրան:

Այդ խոսքերի միջոցին մերձակա սենյակից լսելի եղավ. — «ջո՜ւր, այրվում եմ»...

Խեղճը ծարավ է, — ասաց Սալոմեն և վազեց դուրս: Երբ նա դարձավ, Զեյնաբ-խանումը հարցրուց.

Ո՞վ է նա:

Ամուսնիս ընկերներից մինն, ողորմելին սաստիկ վերք է ստացած գլխից և կուրծքիցը:

Դռան ձայն լսվեց: Սալոմեն գնաց բաց արավ: Հայտնվեցավ Քերիմ-բեկը:

ԺԲ

Նույն ավուր երեկոյան պահուն, երբ արեգակը տակավին յուր վերջին ճառագայթները խաղացնում էր Դեմավենդի գագաթի վրա, Շահ-Աբդուլաիզմի դերվազեից ներս մտան մի խումբ հրացաններով և նիզակներով զինվորված ձիավորներ: Լղարիկ բարակները, լայնականջյա գամփռները, փոքրիկ կատվանման թուլաները, հոգնած լեզուները քարշ գցած, վազ էին տալիս նրանց առջև: Բազեները, որոնք անհոգ կերպով նստած էին ձիավորների ձեռքի վրա, ցույց էին տալիս, թե այդ հեծելախումբը դառնում էր որսորդությոլնից: Եվ հիրավի, զանազան թռչուններով լիքը արյունոտ տոպրակները և մի եղջերու, որ բեռնած էր ջորու վրա, հաստատում էր այդ կարծիքը: Փոշին թանձր սյուներով բարձրանում էր այն փողոցներից, որտեղից անցնում էին նրանք: Նստած մարդիկը կանգնում էին և նրանց գլուխ էին տալիս: Անցորդը հետ էր քաշվում, կանգնեցնում էր յուր գրաստը և ճանապարհ էր բաց անում, իսկ կանայքը թաքնվում էին անկյուններում:

Դա Զեյնաբ-խանումի ամուսինն էր յուր ծառաներով: Նա մի մարդ էր մոտ հիսուն տարեկան, հաստլիկ, հինայով ներկած երկայն մորուքով և ահեղ կերպարանքով: Իշխանը բռնած էր նույն ժամանակ շահի դռանը մի մեծ պաշտոնակալի տեղ:

Նա հասավ յուր ամրոցն, երբ ճրագները վառվել էին արդեն, իսկույն վայր իջավ ձիուց և սանձը հանձնեց դռան պահապաններից մինին, որոնք խումբով վազեցին նրա առջև: Նրա նժույգը պատած էր սապոնի նման փրփրած քրտինքի մեջ, սկսան ման ածել նրան մինչև հովանա: Իշխանը ներս մտավ յուր դիվանխանան: Մանկահասակ պատանյակներն, անմազ թշերով, պատեցին նրա շուրջը, մինը սկսավ յուր տիրոջ կոշիկները դուրս քաշել, մյուսը նրա զենքերն էր արձակում, երրորդը լագանաֆտաֆ են դրավ նրա առջև, որ լվացվի: Երբ նա մաքրեց յուրյան ճանապարհի փոշուց, իսկույն մատուցին վարդաջուր, նա սրսկեց յուր փառավոր մորուքը, օծվեցավ և անուշահոտվեցավ: Նույն րոպեին պատրաստ էր նրա առջև ոսկյա գլխով զարդարած ղեյլանը, որից սառը ջուրը կաթկթում էր:

Այնուհետև մինը մյուսի ետևից ներկայացան իշխանի դրանիկները՝ նրա ֆերաշբ աշին, նազիրը, միախոռը, նայիբը և այլն: Նրանց ամենի մինի դեմքի վրա նկարված էր երկյուղ և ստրկական խոնարհություն: Նրանք, խորին կերպով գլուխ խոնարհեցնելով, երկրպագություն էին տալիս և ամեն մինը զեկուցում էր անում յուր գործավարության մասին իշխանի բացակայության ժամանակ: Իշխանը մի քանիսին գովեց, մի քանիսին բարկացավ և հայհոյեց ու այնպես արձակեց բոլորին:

Ամենից վերջը հայտնվեցավ ծերունի ներքինապետը, երբ նրա տերը միայնակ ծխում էր:

Ի՞նչ ունես ասելու, Հեյդար, — դարձավ դեպի նա իշխանը: Ծերունին կրկնեց երկրպագությունը, պատասխանելով.

Թո՜ղ ողջ լինի իմ տերը և աստված նրան երկար կյանք պարգևե, թող նրա փառքն արեգակից վերև բարձրանա:

Ի՞նչպես է իմ հարեմխանան:

Ձեր աղախինները բոլորն առողջ են և աղոթարար յուրյանց տիրոջ թանկագին կենաց համար:

Իշխանն ընդունեց ինքնաբավական կերպարանք, բայց Հեյդարի դեմքի վրա նկատում էր նա կասկածավոր մի երևույթ, որը ձերունին աշխատում էր թաքցնել:

Առանձին ոչի՜նչ չէ՞ պատահել, — հարցրուց նա:

Ձեր մեծության հովանավորության շնորհն, երբ յուր աղախիններից պակասում է, անկարելի է, որ մի չարիք չհանդիպե, տե՜ր իմ:

Իշխանի դեմքն այլայլվեցավ:

Ի՞նչ կա, շուտ ասա՜, ծերուկ, — կոչեց նա մի փոքր բարկացոտ ձայնով:

Ներքինապետն, որ բոլոր մարմնով դողում էր և հազիվ էր կարողանում յուրյան ոտքի վրա պահել, ասաց.

Հարեմներից մինր տանջվում է ջիններից:

Հանուն գթած և ողորմած ալլահի…: Նզո՛վք շեյթանին... — բացականչեց իշխանը սարսափելով: — Այդ ո՞րն է, — անհամբերությամբ հարցրուց նա:

Գուրջիստանցի խանումը, տեր իմ:

Զեյնաբը: Նրա տե՜ղն է..պատասխանեց իշխանը լի բարկությամբ: — Այդ կամակոր գյավուրի աղջիկը մի անգամ ևս յուր կյանքումն նամազ չէ արել: Նրա տե՛ղն է, թո՜ղ այժմ յուր անհավատության վարձը ստանա... թո՜ղ ջինները տանջեն նրան...

Ձեր ծառան հրավիրեց մի պառավ կին, տեր իմ, — հառաջ տարավ ծերուհին երկչոտ ձայնով: — Նա զորավոր կախարդներից մինն է, նա իշխում է ոգիների վրա: Կախարդը մեծ մասամբ հալածեց ջիններին, այժմ խանում ր փոքր-ինչ հանգիստ է:

Իշխանի վրդովմունքը մի փոքր հանդարտեց:

Գնա՜, Հեյդար, դու ասա Զեյնաբին ես ուզում եմ նրան տեսնել, — հրամայեց նա:

Դժբախտաբար ձեր աղախինը չէ կարող վայելել յուր տիրոջ մի այդպիսի շնորհը:

Ինչո՞ւ:

Կախարդը հրամայել է նրան յուր սենյակումը փակված մնալ, մինչև քառասուն օր չիլ ա մտնել և ադամորդու երեսը չտեսնել: Այդ քառասուն օրումը խանումն յոթն անգամ ղորանը պետք է ծայրեիծայր կարդա և ամեն օր յոթն անգամ նամազանե, մինչև չար ոգիները բոլորովին հեռանան նրանից:

Ուրեմն ես չե՞մ կարող տեսնել նրան:

Վտանգավոր է մտնել նրա մոտ, տե՜ր իմ:

Սույն միջոցին Զեյնաբ-խանումի բակից լսելի եղան զանազան սարսափելի ձայներ:

Լսեցեք, տեր իմ, լսեցե՜ք, ահա ջինները սկսեցին յուրյանց դիվական հարսանիքը:

Իշխանի երեսի գույնը թռավ: Նա յուր մատներով սկսեց անհանգիստ կերպով յուր «տերողորմյայի» հատիկները դարձնել և ալլահի ու մարգարեի անունները կարդալ:

Ձայները լռեցին, միայն երբեմն լսելի էր լինում սուրձգական ճլվլոց:

Նույն ժամուն մանկահասակ սպասավորներից մինն իմացում տվավ, թե մի քանի խաներ և բեկեր ուզում էին ներկայանալ: Իշխանը հրամայեց, որ գան:

Դու կարող ես գնալ, Հեյդար, — դարձավ նա դեպի ծերունին, — միայն Բագիմ-խանումին հայտնիր, որ այս գիշեր նրա մոտ կլինեմ:

Ներքինապետը կրկին երկար կյանք և առողջություն բարեմաղթեց յուր տիրոջը և գլուխ տալով հեռացավ: Իշխանի դահլիճը մտան խաները և բեկերն, որոնք կառավարության մեծամեծ պաշտոններ էին վարում և միևնույն ժամանակ ունեին բարեկամական հարաբերություններ նրա հետ:

ԺԳ

Գիշերը խիստ մութն էր:

Ներքինապետը գոհությամբ և ուրախ դուրս եկավ յուր տիրոջ դահլիճից: Նա իսկույն դիմեց դեպի Բագիմ-խանումի կացարանը: Նքան հանդիպեց մալայեցի Ֆերուզը, որ միայնակ բակումը ման էր գալիս:

Ո՞ւր, Հեյդար-ամու, — հարցրուց աղջիկը:

Խանումիդ մոտ:

Աղախինը րոպեական շփոթությունից հետո պատասխանեց.

Նա քնած է:

Դե՜, գնա Ֆերուզ, շուտ զարթեցրու խանումին, ասա՜, որ իշխանն այս գիշեր նրա մոտ կլինի:

Շատ լավ, — պատասխանեց մալայոլհին և հեռացավ: Նա գտավ Սալմանին յուր տիկնոջ նախասենյակում:

Սալման, քո հոգուն մատաղ, շուտ վազիր խանումի մոտ, ասա նրան...

Ի՞նչ ասեմ:

Ասա՜, իշխանը դարձել է որսից, Հեյդարը հայտնեց: որ այս գիշեր մեր խանումի մոտ կլինի:

Դու ի՞նչ ասեցիր Հեյղարին:

Ես խաբեցի նրան, ասեցի խանումը քնած է:

Ի՞նչ սատանա ես, Ֆերուզ:

Սո ՜ւս կաց, գնա , մի՜ ուշացիր:

Սալմանն յուր հողաթափները պնդացրեց և սկսեց ուղղվել դեպի ճանապարհ:

Գիտե՞ս որտեղ է նա, — հարցրուց Ֆերուզը:

Գիտեմ, — պատասխանեց պատանին:

Դե՜, վազի ր:

Ծտի պես կթռչեմ:

Եվ իրավ, քառորդ ժամից հետո թեթև պատանին կանգնեց փոքրիկ տնակի հանդեպ, սկսավ զարկել մուրճը:

Ո՞վ ես, — հարց արին ներսից:

Ես եմ, — ձայն տվեց պատանին և իսկույն ներս ընդունվեցավ:

Այդ տնակի մեջ յուր մի հատիկ սպասավորի հետ բնակվում էր Միրզա-Շաֆի անունով մի տղամարդ: Նա եկած էր այս քաղաքը Հաֆեզի հայրենիքից: Լի վառվռուն երևակայությամբ շիրազցի երիտասարդն յուր ժամանակի երգիծաբան բանաստեղծներից մինն էր: Նա, բացի նրանից, որ զանազան երգերի կտորներ գրելով, նվիրում էր պարսից մեծամեծներին և նրանցից ընծաներ էր ստանում, այլև գրպանից փողը պակասած միջոցներում, շատ անգամ մի քաշքուլ քարշ էր տալիս թևքից, սկսում էր փողոցներում երգել և դերվիշի նման յուր օրական ապրուստը հավաքել: Միրզա-Շաֆին հիանալի ձայն ուներ: Նրա կրակոտ երգերից մինն էր, որ Բագիմ-խանումը լսելուց հետո հարեմխանայի խորքից ձգեց գեղեցիկ իշխանուհու սիրտը դեպի մանկահասակ բանաստեղծը: Եվ այնուհետև հարեմական տարփածուն շաբաթը մի քանի անգամ յուր գաղտնի այցելությունները նվիրում էր Միրզա-Շաֆիի մենավոր բնակարանին:

Следующая страница