Րաֆֆի՝   Հարեմ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 Следующая Конец

Այժմ նստիր ձիուդ, — խոսեց ավազակապետը, ինքն հեծնելով մյուս ձիու վրա: Սևերի ամեն մինը առնենք մեր ձիու գավակը:

Նուտով հասան նրանք քաղաքադռներից մինին, որ փակ էր: Դռնապանր երկար ընդդիմանում էր չբաց անել, բայց Քերիմ-բեկը դնելով նրա ձեռքը մի քանի հատ ոսկի, նա հոժարացավ կեղծել յուր պարտավորությունը:

Նրանք բավականին հեռացել էին քաղաքից, երբ Մարջանը, որ նստած էր Քերիմ՜բեկի հեծած ձիու գավակին, հանկարծ ձայն արձակեց:

Արյո՞ւն է հոսում...

Ո՞րտեղից, — հարցրուց Քերիմ-բեկը շփոթվելով և ձեռքը տարավ դեպի մեջքը, տեսավ, հագուստը թաց էր եղած:

Ավազակապետը մոտեցավ հարցնելով` ի՞նչ է:

Ոչինչ, — պատասխանեց Քերիմ՜բեկը: — Ո՞ւնես քեզ հետ խանզարութ14 :

Ես առանց դրան չեմ լինում, — ասաց ավազակապետը,ձիուցը վայր իջավ:

Նա վառեց կծկած մոմպատը, որ գրպանումը ուներ և շուտով փաթաթեց Քերիմ՜բեկի վերքը:

Քաջը լա՛վ է դիպցրել, — ասաց ավազակապետը, — բայց անվնաս է:

Աղան էլ մի լավ գնդակ ուտեցրեց այն քաջին, — վրա բերեց Սայիդը:

Նրանք կրկին հեծան ձիաները և շարունակեցին ճանապարհդ դեպի Կամրոցի ավերակները: Արշալույսը դեռ նոր սկսել էր շառագունիլ, երբ նրանք հասան ամրոցին: Ավազակապետը գտավ յուր ընկերներին բոլորովին պատրաստ:

Ալմաստը, տեսնելով Քերիմ-բեկին, վազեց նրա առաջ: Նա ուրախացավ, երբ տեսավ Մարջանին և Սայիդին: Բայց թե խափշիկը և թե եթովպացին երկուսն էլ սկզբից չկարողացան ճանաչել յուրյանդ տիրուհին ծպտյալ հագուստով: Խափշիկը տվեց Ալմաստին մի գեղեցիկ արծաթյա արկղիկ, ասելով.

Ձեր աղախինը չմոռացավ յուր հետ բերել: Ալմաստը ուրախությամբ առեց արկղիկը:

Այդ ի՞նչ է, — հարցրուց Քերիմ-բեկը:

Իմ բոլոր հարստությունը, իմ գոհարեղենները: Քերիմ-բեկը ծիծաղելով առեց արկղիկը, դրեց յուր խուրջինը:

Մասլահաթի ժամանակ չէ, — լսելի եղավ ավազակապետի ձայնը, — գնանք, լուսանում է:

Քերիմ-բեկն յուր հետ բերած ձին տվեց Ալմաստին, երկու ձիաներ ևս որոշեցին Սայիդի և Մարջանի համար: Նրանք ճանապարհ ընկան դեպի յուրյանց բնիկ հայրենիքըդեպի Հայաստան...

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆ

Ա

Անցել էր երկու ամիս:

Մթին գիշեր էր: Կայծակը փսւյլատակում էր: Որոտը սարսափելի կերպով թնդեցնում էր սարերը և երկինքը անձրևում էր հեղեղի պես:

Արարատի լեռներում, մի ձորի մեջ, մի ահագին այր (մաղարա) վաղեմի ավանդությամբ նշանավոր էր որպես մենարան, ուր աշխարհի շշուկից հեռացած մի աբեղա հանձնել էր իրան աստծուն: Իսկ երբ ճգնավորների դարը անցավ՝ այդ քարանձավը շատ անգամ ծառայում էր հովիվներին որպես պատսպարան նրանց ոչխարներին սաստիկ մրրիկից: Բայց այն գիշերր նա յուր կամարների տակ ընդունել էր բոլորովին այլ տեսակ հյուրեր: Նրա մեջ մի քանի հատ փայտեր, միմյանց վրա դրված, վառվում էին: Խարույկի աղոտափայլ լուսով կարելի էր որոշել մի քանի երիտասարդներ, որոնք բոլորել էին կրակի շուրջը: Արևից այրված, ցրտից սևացած դեմքերը ցույց էին տալիս, որ այդ մարդիկը, երկար ժամանակ բացօթյա մնալով, ենթարկվել էին եղանակների խստություններին: Նրանց երեսների վրա նկարված էին համարձակ և հանդուգն որսորդների անձնավստահությունը, կամ որևիցե հանցանքի համար հասարակական կյանքից զրկված թափառական սրիկաների վայրենությունը:

Դրանք ավազակներ էին թվով մինչև քսան հոգի:

Նրանցից մի քանիսը իրանց անձրևից թրջված զենքերն էին ցամաքեցնում, մյուսները չիբուխ էին ծխում, ոմանք յափունջիները գւխներին քաշած քնել էին սառը գետնի վրա, իսկ շատերը կտրատելով մի կողմ ընկած ահագին վարազի փափուկ մսերից, շարում էին հրացանների սումբրաների վրա, խորովում և ուտում էին:

Քարանձավի մուտքի առջև կանգնած էին նրանց թամքած ձիաները և կրծոտում էին իրանց սանձերը: Ահագին ապառաժը, որ թեքված էր այրի վրա՝ պահպանում էր ձիաները անձրևից:

Դե՜, սատկի՜ր, դե՜ սատկի՜ր... — ձայն տվեց պառկածներից մինը քնի միջից:

Նա երազումն է, — խոսեց նստողներից մինը:

Կարծում է թուրքը դեռ կենդանի է, որի գլուխը էսօր թըռցրեց յուր սրով, — ավելացրեց մյուսը:

Ամա՜ խփե-ց նա՜ ... — ասաց մի այլը և ձեռքը մեկնեց յուր մոտի նստողին, խլեց շամփուրից խոզենու խորովածը և տաք-տաք կոխեց յուր բերանը:

Տո, քա՞նի ուտես, խոմ գել չե՞ս, — ասաց մյուսը, հետ քաշելով յուր շամփուրը:

Էդ ամենը խոմ քեզ չեն տալ, — պատասխանեց մյուսը ծիծաղելով:

Սույն միջոցին այրի խորքից լսելի եղավ խորին հառաչանք: Կրակի աղոտափայլ լուսով, որ հազիվ էր հասնում այնտեղ նշմարվում էր վայրենի կերպարանքով մի մարդ, որ կապված էր ձեռքերից և ոտքերից:

Լսելով հառաչանքը՝ ավազակներից մինը դարձավ դեպի այդ մարդը. — Մաշադի, — ասաց նա թուրքերեն լեզվով, — խոզի խորոված կո՞ւտե ս:

Մաշա դին ոչինչ չպատասխանեց, միայն լի բարկությամբ խորին կերպով հոգոց հանեց:

Նա չի ուտի, — ասաց մյուսը հեգնական ծիծաղով, — Մուհամմեը կխռովի:

Նա հայի միս կուտի, — կրկնեց մի այլը:

Մենք էլ նրա միսը վաղ առավոտյան կձգենք մեր ձորի գիլաներին... — հառաջ տարավ առաջին ավազակը:

Ի՞նչ լավ նախաճաշիկ կունենան:

Թուրք կալանավորը դարձյալ ոչինչ չպատասխանեց, կրկին արձակեց մի դառն հառաչանք:

Մինչ նրանք այդ զվարճության մեջ էին՝ հեռվից լսելի եղավ հրացանի ձայն, որի արձագանքը կրկնվեցավ այրի միջից:

Տղերք, Մեխակն է, — ասացին ավազակները միաձայն, և ամենի դեմքի վրա նկատվեցավ ուրախության նման մի բան:

Նրանցից մինը դուրս գնաց և արձակեց յուր ատրճանակը: Ձիաները ամենևին չխրտնևցան նրա ձայնից, որովհետև նրանց ականջները վաղուց սովորած էին այդպիսի թնդյունների...

Քառորդ ժամից հետո լսելի եղան ձիերի ոտնաձայներ և հինգ հոգի իջան այրի մուտքի առջև: Նրանք յուրյանց յափունջիները ձգեցին քրտնած ձիերի վրա, երկաթե ոտնակապերով բխովեցին նրանց և ներս մտան:

Բարով, Մեխակ ջան, ողջույն, տեր-հայր, — լսելի եղավ ամենի բերանից:

Քանի անգամ ասել եմ ինձ այդպես չկանչեք, — խոսեց եկվորներից այն, որին «տեր-հայր» էին ասում և մոտեցավ կրակին, սկսավ ձեռքերը տաքացնել:

Նա մի տղամարդ էր միջահասակ, հաստ ու պինդ կազմվածքով, լայն թիկունքով և մինչև աչքերը մազով պատած երեսով:

Քո օծյալ աջին մատաղ, — պատասխանեց ավազակներից մինը լի ջերմեռանդությամբ, — նրա շնորհն է մեզ պահում:

Ես այս րոպեին ձեր ընկերն եմ, երբ խաչի տեղ սուր եմ կրում, — պատասխանեց քահանան, և չնայելով այն պատկառանքին, որ ընկերները ցույց էին տալիս նրան:

Հրացանը մի կողմ դրեց և նստեց կրակի մոտ: Մեխակը շատ էր փոխվել, դեմքը բոլորովին այրվել մուգ գույն էր ստացել, ձեռքերը կոշտացել էին, և երեսի մազերը, որ առաջ ածելում էր, թանձրացել և խիտ մորուք էին կազմել: Թեհրանի թիրմա շալերից և գույնզգույն, նուրբ աբրշումի գործվածքներից հագուստների նշանն անգամ չէր երևում նրա վրա: Թարաքամի ահագին փափախը, լեզգու մոխրագույն շալից չերքեզկան, մինչև վիզը կոճկած սև ղադաքի արխալուղը, բարձր վզերով, երկաթի կրունկներով, ոտքերին սեղմված Երևանի լափչիքը՝ տալիս էին նրա վայելուչ հասակին մի կերպարանք, որ սկզբից ծնեցնում էր նայողի մեջ այն միտքը, թե այդ տղամարդը կամ ավազակ էր, կամ փախստական մաքսախույս: Նրա կովկասյան զենքերը ավելի ահեղ ձև էին տալիս այդ քաջազնական հասակին: Մեջքը սեղմված էր արծաթի քամարով, որի առջևից քարշ էր ընկած խենջարը, ձախ կողմից յորդան (սուր), աջ կողմից լայնաբերան ղարաբինան: Ատրճանակները վառոդի և գնդակների պահարանները, ամեն մինը յուր պատշաճավոր տեղը ունեին բռնած:

Նրա ընկերները թե՜ հագուստի ձևերով, և թե՜ զենքերի պարագաներով շատ չէին որոշվում յուրյանց հրոսակի գլխավորից, — դա Մեխակն էր:

Տղե՜րք, ես գայլի նման քաղցած եմ, ի՞նչ ունիք ուտելու, — հարցրուց նա մոտենալով կրակին:

Ընկերները ցույց տվեցին ղաբանի վրա:

Հաց չունե՞ք:

Մի քիչ ալյուր կգտնվի, — ասաց մինը և վեր կացավ տեղից, սկսավ պտռել յուր խուրջինը:

Դե՜, քո հոգուն մատաղ, թե կարենաս մի քիչ հաց թխել, — ասաց Մեխակը և նստեց տերտերի մոտ:

Նա առավ պղնձե թասը, դուրս տարավ և դրեց անձրևի տակ. քանի րոպեից հետո թասը մինչև կեսը լցվավ ջրով: Հետո գտնված ալյուրը նրա մեջ ածելով, խմոր շինեց, և ապա կրակը հետ քաշելով նա կտրեց խմորից բոլորակ բաղարջների նման և ձգեց տաքացած հատակի վրա:

Ընթրիքից հետո բոլորը պառկեցան քնելու, միայն երկու հոգի մնացին արթուն, նրանք այրի դռանը նստած հսկում էին ձիաներին15:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 Следующая Конец