Րաֆֆի՝   Ջալալեդին

Հենց այն քանդվածն եմ ասում:

Ճանաչում եմ: Մի գիշեր այնտեղ թաք եմ կացել, երբ մի ձի էի գողացել: Լավ թաքնվելու տեղ է:

Սարհատը հետո ուրիշ հարց առաջարկեց:

Ի՞նչ տեսակ կենդանիների ձայնին նմանեցնել կարող ես:

Շատերի. շան նման հաչել գիտեմ, աքլորի նման խոսել գիտեմ, էշի նման կզռամ, գայլի նման կոռնամ, գառան նման կմռռամ, կատվի նման միա-ո՜ւ կանեմ, հոպոպի նման բի՛-բո՜ւ կանեմ, էլ ի՞նչ ես ուզում: Ուրիշ շատերն էլ գիտեմ:

Այդ վերջինը բավական է: Հիմա լսիր: Ուղիղ կգնաս դեպի այն քանդված մատուռը, որտեղ գողացած ձին թաքցրիր: Դեռ չհասած մատուռին մի բլուր կա...

Որի գլխին տնկած է մի ծակ քար, — ավելացրեց Մըստոն:

Այո՛: Այն ծակ քարի մոտ կկանգնես, երեք անգամ հոպոպի ձայն կհանես. քեզ կպատասխանեն նույն ձայնով: Հետո ձայնդ կփոխես. երկու անգամ բուի ձայնով կկանչես: Այն Ժամանակ քեզ մոտ կհայտնվի մի մարդ: Դու նրան կասես, դեռ արևը մայր չմտած պատրաստ լինեն Սախկալ-Թութան կիրճի մոտակայքում:

Կարելի է նա հարցրեց, թե քեզ ո՞վ ուղարկեց:

Իմ անունը կհայտնես:

Կարելի է, նա չհավատա:

Այս մատանին ցույց կտաս:

Սարհատը հանեց իր մատից մատանին և տվեց Մըստոյին:

Կարելի է նա հարցրեց, թե ի՞նչ գործի համար է:

Դու կպատմես այդ գերիները տանող քարավանի մասին բոլորը, ինչ որ տեսար, և կասես, թե քարավանը Սախկալ-Թութան կիրճի մեջ մտածին պես, պետք է նրա առաջը կտրենք, որ գերիները ու թալանը խլենք քրդերից:

Իմացա: Նրանք քանի՞ հոգի են:

Տասն և երկու:

Ո՞վքեր են:

Իմ ընկերները:

Տասն և երկու հոգին բավական է հիսունի դեմ Սախկալ-Թութան կիրճում, — նկատեց Մըստոն. — ես էլ նրանց հետ տասն և երեք կլինենք: Բայց 13 թիվը նաս14 է:

Ինձ էլ հաշվելու լինես, 14 հոգի կլինենք, — ասաց Սարհատը, — 14-ը նաս չէ:

Մեզանից չորս հոգի բավական է, որ կիրճի դուռը կտրե, էլ ինքը սատանան չէ կարող այնտեղից դուրս գալ, — նկատեց Մըստոն. — ինչ լավ տեղ ընտրեցիր, աղա, բայց դու ո՞ւր կմնաս:

Ես ծածուկ կհետևեմ քարավանին, մինչև կիրճին հասնելը: Բայց դու այն ասա՛, ոտքդ քեզ խո չի նեղացնի, մինչև Բիժինկերտ բավական հեռու է:

Ո՛չ, չի նեղացնի, անիծված գնդակը մսի միջովն է անցել, ոսկորին չի դիպել, մահլա՛մ եմ դրել ու պինդ կապել:

Վերքը քանի՞ օրվա է:

Երեք օրվա, այսպիսի վերքեր շատ է տեսել Մըստոն, վնաս չունի:

Դե՛հ, հիմա գնա:

Սարհատը և Մըստոն բաժանվեցան, մեկը սկսեց գնալ դեպի քանդված մատուռը, մյուսը սկսեց զարտուղի ճանապարհներով հետևել գերիվարներին:

Է

Սարհատի հետ բավական ծանոթ է ընթերցողը, հարկավոր է փոքր ինչ ծանոթանալ և նրա ընկերների հետ, որոնցից կազմված էր նրա հրոսակը: Չնայելով, որ Սարհատն էր պետը և գլխավորը իր խումբի, բայց բոլորին «եղբայր» էր կոչում, և իրավ, այս կոչմանը արժանի էին նրանք, միացած լինելով եղբայրական խիստ սերտ կապերով: Նրա խումբը հավաքված էր զանազան տեղերից զանազան ժամանակներում, որոնց թիվը տասն և երկուսից խիստ հազիվ էր անցնում: Նրանց մեջ կային սասունցիք, զեյթունցիք, շատաղցիք, դիարբեքիրցիք, նրանց մեջ կային՝ մի քահանա Խարբերդի քրդախոս հայերից և մի վարժապետ: Այս վերջինը Կ. Պոլսում բարեգործական նպատակով կազմված մի ընկերության անդամ էր, որ ուղարկվել էր Վանա կողմերի գյուղորայքում կրթություն տարածելու, բայց ռուս-թուրքական պատերազմի խռովությունների ժամանակ նա միացավ Սարհատի խումբի հետ, երբ քրդերը նրան իր գյուղական դպրոցի մեջ աշակերտների առջև սաստիկ ծեծեցին, և նրա սանիկներից մի քանիսը առևանգեցին, և մի քանի օրից հետո կրկին բաց թողեցին:

Սարհատի խումբը կազմված էր քուրդի կերպարանքով և գործում էր քուրդի անունով: «Հայ» անունից խորշում էր նա, ոչ թե այն պատճառով, որ այդ անունը ատելի էր նրան, այլ ընդհակառակն, սիրում էր նա հայությունը, — բայց այդ անունը անհամապատասխան էր գտնում թե՛ իր պաշտոնին և թե՛ նպատակներին: Իր թափառական կյանքում, թե՛ նա ինքը և թե՛ իր խումբը անդադար զարկվում էին քրդերի հետ, և անդադար որևիցե թշնամական հաշիվ էին վերջացնում այս և այն մահմեդական ցեղի հետ, բայց եթե ցույց տային, թե իրանք հայեր են, այն ժամանակ իրանց հակառակորդները կարող էին վրեժխնդիր լինել այն ողորմելի և անպաշտպան հայերից, որոնք գուցե Սարհատի գոյության մասին ամենևին տեղեկություն ևս չունեին:

Սարհատը իր խումբի հետ Դիարբեքիրի կողմերումն էր, երբ լսեց քուրդերի կատաղի շարժումը, երբ իմացավ Ջալալեդդինի սարսափելի դիտավորությունը և երբ հայտնի եղավ նրան Շեյխ Իբադուլլահի դժոխային խորհուրդը: Նա իսկույն յուրայիններով շտապեց դեպի Աղբակա կողմերը: Երկու ցանկություն նրան քաշեցին դեպի իր հայրենիքը, որին վաղուց մոռացել էր. առաջինը, Աղբակը քուրդերի արշավանքի գծի վրա գտնվելով, ավելի պետք է ենթարկվեր նրանց ասպատակություններին, մտածում էր իր հայրենակիցներին օգնության ձեռք հասցնել. երկրորդ, որ ավելի գլխավորն էր, այստեղ կար «մեկը», որին նվիրված էր իր բոլոր սրտով:

Սարհատի այն խոսքերը, որ նա արտահայտում էր իր հայրենիքի ավերակների վրա շրջելու ժամանակ, այն խոսքերը, որ նա այնքան անգութ կերպով դուրս թափեց հոր առջև նրա հոգեվարքի րոպեներում, — այս բոլորը հուսահատ սրտից դուրս բխած հառաչանքներն էին, այս բոլորը դամբանական ողբեր էին, որ նա կարդում էր իր հայրենիքի գերեզմանական անշարժության վրա: Նա զայրանում էր, նրա վրդովմունքը կատաղության և խելագարության էր հասցնում նրան, երբ տեսնում էր, որ իր հայրենիքը այն չէր, ինչ որ ինքը ցանկանում էր որ լիներ: Նա շատ լավ էր հասկանում իր վիճակի բոլոր վատթարությունը, նա ինքը սարսափում էր իր արյունոտ ձեռքերից, թեև այն ձեռքերը միշտ թշվառների պաշտպան են եղել, և երբեք չեն թափել մի անմեղ արյուն, բայց նրա անձնասիրությունը վիրավորվում էր, տեսնելով, որ ինքը իր բոլոր արժանավորություններով ստիպված էր լինել մի ավազակային հրոսակի գլխավոր, մինչդեռ կարող էր ամբողջ գունդերի հրամայել և իր հայրենիքը մաքրել ավազակներից...

Դեռ Աղբակ չհասած, նա իր ընկերներին առաջարկեց այնտեղ, պատվիրելով հարկավորած օգնությունը մատուցանել տեղային բնակիչներին, իսկ ինքը մենակ ուղևորվեցավ դեպի Վան քաղաքը: Այնտեղ նա ներկայացավ փաշային, և հայտնելով այն վտանգը, որ սպառնում է Աղբակա հայերին, խնդրեց, որ իրան թույլ տան՝ տեղային բնակիչներից կազմել մի գունդ՝ երկիրը քրդերի և բաշիբոզուկների ասպատակություններից պաշտպանելու համար: Բայց նրա խնդիրը չընդունվեցավ, նրան պատասխանեցին, թե «կառավարությունը ինքն ամեն խնամքներ գործ է դրել երկրի հանգստությունը պահպանելու համար»:

Նա ինքը շատ լավ էր հասկանում այս խոսքերի նշանակությունը և վերադարձավ Վանից առանց բավականություն ստանալու: Եվ այս էր պատճառը, որ մենք առաջին անգամ հանդիպեցինք նրան Խոշաբա ձորում, միայնակ Վանից դառնալիս, տխուր և հուսահատ:

Բայց նրա եռանդը դեռ բոլորովին չէր թուլացել: Երբ մտավ Աղբակ, կրկին փորձեց իրագործել իր նպատակը: Նա դիմեց մի քանի քահանաների, վարդապետների և տանուտերերի, աշխատում էր նրանց համոզել, թե պետք է զինվորել ժողովուրդը գալոց վտանգի առաջը առնելու համար: Ջալալեդդինը դեռ այն ժամանակ չէր սկսել իր արշավանքը, բայց ամեն տեղ սկսվել էին նկատելի լինել քրդերի բարբարոսությունները: Նա օրինակ էր բերում իրանց դրացի Ջոլամերիկի ասորիներին, որոնք զինվորված էին և ոչ մի քուրդ նրանց երկիրը ոտք կոխել չէր կարողանում, և ոչ ինքը կառավարությունը կարողացավ նրանց զինաթափ անել. որովհետև պատասխանում էին, թե մենք պետք է որ մեր գլուխը պահենք, երբ որ կառավարությունը մեզ պահպանելու շնորհք չունի: Նա այսպիսի շատ օրինակներ էր բերում, քաջալերական խրախույսներ էր տալիս, հորդորում էր և ուրիշ շատ բաներ էր ասում... Բայց քահանաները, վարդապետները և ժողովրդի իշխանները նրան հիմարի և խելագարի տեղ էին դնում...: Այս ավելի վշտացրեց նրան, քան թե փաշայի խաբեությունը, և այն ժամանակ նա ավելի համոզվեցավ, թե այդ ժողովուրդն ինքն է դատապարտել իրան մի ցած ստրկության, թե նա ինքն է պատրաստել իր համար մի այնպիսի թշվառ ներկա...

Այն օրից, որ բաժանվել էր նա իր ընկերներից, նրանց մասին տեղեկություն չուներ, և չգիտեր, թե ո՞րտեղ մնացին կամ ի՞նչ շինեցին: Միայն այն օրը մի պայմանյալ օր էր, որ նրանք ամեն կողմից պետք է հավաքվեին «քանդված մատուռի» մոտակայքում, և ինքն այնտեղ գնալով, պետք է տեսնվեր իր ընկերների հետ: Բայց գերեվար քարավանի անակնկալ հանդիպումը նրան ստիպեց ուղարկել իր հավատարիմ Մըստոյին նրանց կանչելու Սախկալ-Թութան կիրճի մոտ, որտեղ գուցե կարողանային ազատել թշվառ գերիներին:

Մըստոյի ձեռնարկությունը անպտուղ չմնաց. նշանակած ժամում Սարհատի ամբողջ խումբը պատրաստ էր Սախկալ-Թութանի մոտ: Ինքը նույնպես հասավ այնտեղ: Տեսնելով իր ընկերներին, նա համբուրվեցավ բոլորի հետ, ասելով.

Ուրախ եմ, որ ամենիդ մարմնով առողջ եմ գտնում, թեև համոզված եմ, որ սրտով ձեզանից ամեն մեկը վիրավորված է, վշտացած է, տեսնելով այնքան ավերածներ և կոտորածներ, որ գործել է բարբարոս ձեռքը: Բայց այսօր մի գեղեցիկ դեպք առիթ կտա ձեզ գործ դնել ձեր քաջությունը, և դրա համար էլ կանչեցի ձեզ: Մենք 14 հոգով գործ պետք է ունենանք ավելի քան հիսուն հոգի վայրենի Հարտոշիների հետ:

Մըստոն բոլորը պատմել է մեզ, — պատասխանեց քահանան, որին այժմ կոչում էին Դալի-Բաբա15: — Այս խաչով (նա ցույց տվեց իր սուրը) Հարտոշիների գլխին մի լավ «պահպանիչ» կկարդամ:

Դեպքը, իրավ, գեղեցիկ է, այս կիրճի մեջ մի զվարճալի խաղ կունենանք Հարտոշիների հետ, — ասաց ոգևորված վարժապետը, որին այժմ կոչում էին Քիթաբ-Դալիսի16:

Հարտոշիների հետ լավ է գործ ունենալ նեղ ծակերում. այդ անիծվածները իրանը բերաններից էլ են կրակ փչում, — ասաց սասունցի Հարոն, որին կոչում էին Սասուն Այըսը, այսինքն՝ սասունի արջ:

Այդ դատարկախոսություններով ժամանակ ենք կորցնում, Հարտոշիները հեշտ ուտելու պատառ չեն... — նկատեց զեյթունցի Ներսոն, որին կոչում էին Զեյթուն-Քայասը, այսինքն՝ Զեյթունի Ժայռ:

Իրավ, ժամանակը թանկ է մեզ, — խոսեց Սարհատը, — մտածենք գործի վրա: Հարտոշիները ձեզ հայտնի են իրանց քաջությամբ, նրանց հետ երեխայի խաղ ունենալ անմտություն է: Մեզ կնպաստե միայն տեղը և դիրքը, և այս պատճառով ես ընտրեցի այս կիրճը: Ձեզանից ամեն մեկը թաքնված կլինի քարաժայռերի ետևում և այնքան կսպասե, մինչև ամբողջ քարավանը կլցվի կիրճի մեջ. այն ժամանակ դուք պետք է բաժանվեք երկու մասն, յոթ հոգի պետք է փակե կիրճի մուտքը, իսկ յոթ հոգի՝ նրա ելքը: Մենք 14 հոգի ենք: Ես կտամ հարձակողական նշանը բազեի ձայնով: Աշխատեցեք, որքան կարելի է, հեռու մնալ արյունհեղությունից: Խոսեցեք միշտ Ռավանգների բարբառով, որովհետև Ռավանգները Հարտոշիների հետ մի թշնամի ցեղ են. թող նրանք կարծեն, թե գործ ունեն Ռավանգների հետ: Եթե անձնատուր եղան պայմանների մասին կխոսեմ ես: Հարձակումները միշտ մի տեղից կամ մի կողմից չպետք է լինեն, շուտ-շուտ փոխեցեք ձեր դիրքը, որ թշնամին կարծե, թե բազմաթիվ եք: Փախչելու աշխատողներին իսկույն ծակեցեք, որ ուրիշ տեղ խաբար չտանեն:

Սախկալ-Թութանը այն սարսափելի կիրճերից մեկն էր, որի նմանը շատ անգամ հանդիպում է Հայաստանի լեռներում. նրա աջ և ձախ կողմերից սեպացած ժայռերը պարսպաձև բարձրանում էին, մեջտեղում թողնելով մի նեղ անցք, որի միջով քարավանը անցնելու համար հարկավոր էր, որ բոլոր գրաստները մինը մյուսի ետևից շարված լինեին, որովհետև մոտեմոտ գնալու համար բավական նեղ էր ճանապարհը:

Նրանք գտան քարավանը այս դրության մեջ շարված կիրճի մուտքից սկսյալ մինչև նրա ելքը: Հոգնած քարավանը խիստ դանդաղ էր ընթանում: Սարհատը գործն այնքան ետ ձգեց, մինչև արևը մտավ և բոլորովին մթնեց: Բայց լուսնյակ գիշեր էր: Այնուհետև նա, վեց հոգի իր հետ առնելով, կտրեց կիրճի ելքը. իսկ վեց հոգի Դալի-Բաբային հանձնելով, պատվիրեց կտրել կիրճի մուտքը: Քարավանը մնաց մեջտեղում նեղ փապարում լցված: Քարավանը նո՛ւյն դրության մեջ էր գտնվում, որպես թե ածած լիներ մի հսկայական խողովակի մեջ, որի երկու ծայրերը փակված էին:

Բազեի սուր և ձգական ձայնը հնչեց, որպես թե մոտենում է իր որսին: Զանազան տեղերից լսելի եղան հրացանների որոտմունքներ: Կիրճի մեջ սկսվեց մի աղմկալի իրարանցում և բարձրացավ խուլ դղրդյուն: Հարտոշիները կատաղած գազանների նման սկսեցին այս կողմը և այն կողմ վազվզել. բայց ամեն տեղ հանդիպում էին որոտացող կրակների: Առյուծը ընկած էր երկաթի վանդակի մեջ:

Քուրդը վտանգի րոպեներում ցույց է տալիս իր բնավորության բոլոր վսեմությունը: Նա վիշապ է դառնում և կամենում է լեռները, ժայռերը կլանել: Կիրճի ահագին պարսպաձև շղթաները ևս ոչինչ էին թվում կատաղած Հարտոշիի աչքին. նա վագրի նման մագլցում էր սեպացած ժայռերը, որ վեր բարձրանա և դեմառդեմ հանդիպի թշնամուն: Բայց բնությունը հաղթող էր հանդիսանում. վագրը սարսափելի բարձրությունից կրկին գահավիժվում էր, կրկին գլորվում էր ցած:

Կիրճի մեջ քրդերի կատաղի աղաղակը, գերիների լացն ու կոծը, աջ և ձախ որոտացող կրակների բոմբյունը, միախառնվելով, կազմում էին խիստ սոսկալի ներդաշնակություն: Կռիվը երկու կողմից ևս շարունակվում էր գազանային համառությամբ: Քրդերը վճռել էին մինչև վերջին շունչը ընդդիմանալ: Այն ժամանակ բազեի խորհրդական ձայնը նորից երեք անգամ հնչվեցավ, դա նշան էր, թե պետք չէ գթալ: Գնդակները կարկուտի արագությամբ սկսան թափվել կիրճի մեջ:

Պարզ-լուսնային գիշերը բավական նպաստում էր կռվին, և մեր քաջերը չէին վրիպում իրանց նետումներից և կարողանում էին նշան դնել քրդերին միայն և գերիներին չվնասել:

Մի ամբողջ ժամ ևս հուսահատական-հանդգնությամբ կռվելուց հետո, քրդերի միջից լսելի եղավ մի ձայն՝ «անձնատուր ենք լինում»: Այն ժամանակ Սարհատը բարձրացավ մի քարի վրա և սկսեց վերևից խոսել:

Ավելի լավ կլիներ, որ շուտ անձնատուր լինեիք, այն ժամանակ գոնե ձեր մեծ մասը կենդանի մնացած կլիներ. դուք ձեր համառությամբ շատերին կոտորել տվիք: Վնասը մեծ չէ. քաջերի ճակատագիրն է այդ. գովում եմ ձեր հանդգնությունը: Հիմա լսեցեք պայմանները. դուք ամենքդ կմնաք կիրճի մեջ. բայց ավարը և գերիները բաց կթողնեք իրանց գրաստներով: Մենք ձեզանից չենք խլի ձեր զենքերը և ձիերը. դրանք պետք են ձեզ. միայն կողոպուտից ոչինչ չպետք է պահեք ձեզ մոտ: Դուք կմնաք կիրճի մեջ և չեք շարժվի մինչև առավոտյան լուսաբացը. այն ժամանակ ազատ եք, որ կողմ կամենաք, գնացեք: Համաձա՞յն եք:

Համաձայն ենք, — լսելի եղավ կիրճի միջից:

Ուրեմն, բա՛ց թողեք գերիներին և ավարը:

Մի քանի ժամվա մեջ կիրճը դատարկվեցավ: Այնտեղ մնացին քսան հոգու չափ Հարտոշիներ միայն:

Դալի-Բաբա, — դարձավ Սարհատը դեպի քահանան, — քեզ հետ կվեր առնես չորս հոգի և կքշես քարավանը դեպի Սալմաստ. մինչև արևի դուրս գալը դուք կանցնեք Պարսկաստանի սահմանը, և Սալմաստում տեղային հայերի մոտ ողորմելիները ապահով կլինեն, որովհետև այնտեղ են փախել բոլոր աղբակեցիք, որոնք ազատվել են քրդերի ձեռքից: Սալմաստը պարսից երկիր է, այստեղ տաճկաց քրդերը մուտք գործել չեն կարող: Լսիր, ամենևին ցույց չպետք է տաս հայությունդ և գերիները չպետք է գիտենան, թե ով ազատեց նրանց: Պարսից սահմանից դու կդառնաս քո ընկերների հետ և մեզ կգտնես Իրցի-Ձորի մեջ, այն քարանձավում, որ քեզ ծանոթ է: Իսկ ես այդ անպիտաններին կպահեմ կիրճի մեջ, մինչև դուք բավական կհեռանաք, և արևը դեռ չծագած, բաց կթողնեմ:

Դալի-Բաբան համբերությունը հատած, պատասխանեց.

Անիծված լինեմ, եթե ես տերտեր ժամանակս մի այսպիսի երկար քարոզ եմ տվել: Օրհնած, ի՞նչ ես ծանր ու բարակ ամեն բան այսչափ բրդում. ես խո նոր չեմ սովորում իմ գործը:

— «Ուրիշի խրատը լսիր, և իմացածդ էլ քեզ պահի՛ր»,-ասել են մեր պապերը, — պատասխանեց Սարհատը ծիծաղելով: — Հիմա գնացե՛ք: Տեր ընդ ձեզ:

Քարավանը սկսեց շարժվել դեպի Սալմաստա կողմը ազատված մարդու բոլոր արագությամբ, որ դեռ նոր փախչում էր վտանգից: Գիշերային լռության մեջ լսելի էին լինում ջերմ օրհնություններ այն բազմաթիվ թշվառների բերաններից, որոնք արտասվալի աչքերով մերձենում էին դեպի իրանց ազատիչները...:

Մի քանի օրից հետո ամբողջ Աղբակա գավառում տարածվել էր մի այսպիսի լուր, թե Հարտոշիները բերելիս են եղել ահագին ավար և գերիների մեծ բազմություն Շատախի կողմերից, և թե Ռավանդները վրա են թափվել և Սախկալ-Թութանի կիրճում խլել են Հարտոշիներից թե՛ ավարը և թե՛ գերիները, բայց ո՛ւր են տարել, հայտնի չէ. Սարհատի և նրա խումբի մասին ոչինչ չէր խոսվում...: Քրդերի մեջ միմյանցից ավար և գերիներ խլելը այնքան սովորական էր, որ ոչ ոքին չզարմացրեց հիշյալ լուրը, և հայերի վրա կասկածել անգամ չէին կարող, որովհետև հային անընդունակ էին համարում այդ գործին: Իսկ Սարհատի խումբը իրան ձևացրել էր Ռավանդների կերպարանքով, որ Հարտոշիների հետ ցեղական թշնամություն ունեին:

Ը

Աղբակա ամբողջ գավառում ոչ մի հայ չէր մնացել. 24 գյուղեր բոլորովին ավերակ և դատարկ էին. բնակիչներին մասամբ կոտորել էին և մասամբ գերի էին տարել քրդերը, իսկ մնացածները փախել էին Պարսից սահմանակից Սալմաստ և Սոմայի գավառները, ապաստանելով տեղային հայերի մոտ: Արշավանքը այն աստիճան անակնկալ և հանկարծակի էր եղել, որ փախստականներն հազիվ կարողացել էին ազատել իրանց թշվառ գլուխը, իսկ տուն, տեղ, կայք և անասուն, բոլորը թողել էին թշնամուն:

Ջալալեդդինի արշավանքը նման էր մի սարսափելի հեղեղի, որ միանգամով չէր վերջանում, որ գալիս է, հետո ընդհատվում է, և կրկին կատաղի հեղեղը սաստկանում է նոր և նոր հորձանքներով: Նա սկզբում իր հետ ուներ հինգ հազար ձիավոր միայն, որոնցմով դուրս եկավ Աղբակից, դիմում էր դեպի Բայազեդ, որ կողմով և անց էր կենում, թողնում էր իր ետևից ավերակներ և ամայություն: Եվ այնուհետև, նրա արշավանքի ձայնը լսելով հեռավոր տեղերի քրդերը, խումբերով դուրս էին գալիս, և դիմում էին դեպի իրանց առաջնորդի բանակը: Այս վերջինները լրացնում էին, ինչ որ պակաս էր թողել Ջալալեդդինը: Հեղեղի հորձանքը այսպիսով կրկնվում էր, և միևնույն երկիրը մի քանի անգամ ենթարկվում էր ասպատակությունների:

Ջալալեդդինը, որպես շեյխ և զորավար, միայն էր, որ հանձն առեց քրդերի գլխավորությունը, առաջնորդելու նրանց դեպի պատերազմի դաշտը: Բայց քրդերին առավելապես գրգռող և նրանց կատաղությունը ոգևորող էր մի ուրիշ շեյխ, որն իր տեղից չէր շարժվել, որն ամբողջ Քուրդիստանի հոգևոր գլուխն էր համարվում, և ներգործում էր իր սրբազան թղթերով քրդերի գարայբեկիների, ղազիների և մուֆթիների վրա: Դա Շեյխ Իբադուլլահն էր: Այդ քրիստոնեության երդվյալ թշնամին թույլ էր տվել ամեն տեսակ անգթություններ և հրամայել էր ամենևին չխնայել...:

Պատերազմի ժամանակ որպես քրդերի, նույնպես և բոլոր մահմեդական ցեղերի սպառազինության պատճառը լինում է՝ կույր մոլեռանդությունը մի կողմից և կողոպուտի ու հափշտակության ծարավը, մյուս կողմից: Նրանց մեջ խաղ են առնում երկու կրքեր՝ հոգևոր և նյութական, առաջինը լցուցանում է նա ոչմահմեդականներին մորթելով, իսկ երկրորդին բավականություն է տալիս նրանց կայքը և հարստությունը հափշտակելով: Եվ այս պատճառով Ջալալեդդինի զորքը խիստ դանդաղ էր ընթանում. նա մի կողմից պետք է հնձեր, բայց իր հունձքը իր հետ տանել չէր կարող, — մյուս կողմից, հարկավոր էր հունձքը տանել, հասցնել իրանց բնակության տեղերը և նորից վերադառնալ ու միանալ բանակի հետ և շարունակել ընթացքը դեպի Բայազեդ: Այս էր նրա զորախումբի անդադար բաժանման և կրկին միավորության պատճառը: Ջալալեդդինը իր ճանապարհը մաքրելով էր առաջ ընթանում դեպի Բայազեդ:

Բայց չէր կարելի միանգամայն ուրանալ քրդերի մեջ ազնիվ մարդիկ. նրանց մեջ կային և այնպիսիներն, որոնք զուրկ չէին բարի զգացմունքներից, որոնք չէին մասնակցում վատ գործի: Այս տեսակ մարդերից մեկն էր Օմար աղան, իր հոտերով և երամակներով հարուստ քուրդը, որը մի փոքրիկ ցեղի գլխավորն էր: Նա չմասնակցեց Ջալալեդդինի արշավանքին: Եվ լսելով անգութ ծերունիի դիտավորությունը, նա հառաջագույն եկավ Բարդուղիմեոս առաքյալի վանքը և հայտնեց վանահայր Եղիազար վարդապետին, թե մի քանի օրից հետո ի՜նչ դառն վիճակ էր սպասում Աղբակա հայերին: Նա խորհուրդ տվեց վանահորը օգուտ քաղել վանքի անմատչելի ամրություններից, և այդ նվիրական բերդը ընտրել որպես մի պաշտպանողական դիրք, և այնտեղ հավաքելով շրջակա հայոց գյուղորայքի հարստությունները, — այնտեղից ընդդիմանալ թշնամուն: Օմար-աղան խոստացավ, ինքն էլ միանալ վանահոր հետ և իր խոստմունքը կատարեց գործով, որովհետև նա էլ երկյուղ ուներ Ջալալեդդինից, և նրա արշավանքին չմասնակցելու համար վախենում էր ենթարկվել շեյխի վրեժխնդրությանը: Եվ այս պատճառով իր տան հարստությունը նա հավաքեց վանքի մեջ, և իր մարդիկներով պատրաստ էր հարկավորած ժամանակ, միանալով հայերի հետ, ընդդիմանալ թշնամուն:

Եղիազար հայր սուրբը ընդունեց իր վաղեմի բարեկամի՝ Օմար-աղայի խորհուրդը, որի հավատարմության վրա կատարյալ վստահություն ուներ, և Բարդուղիմեոս առաքյալի վանքի շրջակա հայոց գյուղորայքի թե՛ բնակիչներին և թե՛ նրանց կայքը ու անասունները հավաքել տվեց վանքի մեջ:

Բարդուղիմեոս առաքյալի վանքը այն հնադարյան վանքերից մեկն էր, որ իր գոյությունը պահպանում էր Լուսավորչի ժամանակներից: Ամբողջ տասն և վեց դար, պատերազմելով բնության խստությունների և բարբարոս ձեռքերի դեմ, այդ վանքը կանգնած էր, որպես մի հսկայական հիշատակարան կրոնասեր հայի նախկին ճարտարապետության: Նա վկա է եղել բազմաթիվ եղեռնական անցքերի. նա տեսել էր կրակապաշտ պարսիկների, արաբների և մոնղոլների բոլոր անգթությունները: Նա իր հոյակապ կողքերի վրա կրում էր բազմաթիվ հիշատակարաններ, թե քանի՜-քանի՜ անգամ կործանված է եղել, և կրկին հայկական ջերմեռանդությունը նորոգել է նրան:

Այդ վանքը բավական ամուր դիրք ունի. նա կառուցված է մի բլուրի բարձրավանդակի վրա, որի գագաթը արհեստական բանվածքով ավելի ևս բարձրանալով, նրա վրա դրած է վանքի հիմնարկությունը: Բլուրի երեք կողմից շրջապատում է ահագին խորությամբ մի ձոր, որի միջով հոսում է Տիգրիսի վերին ճյուղերից մեկը, որ սովորաբար կոչվում է «Վանքի գետ»: Բլուրի չորրորդ կողմը միանում է մի լեռնային թևքի հետ, որի վրա դրած է մի հայոց գյուղ, որը վանքի սեփականությունը լինելով, կոչվում է «Վանքի գյուղ» և նա հարյուր քայլ հազիվ հեռու կլինի վանքից:

Վանքը պատած է պարիսպներով և աշտարակներով. նա ունի իր մեջ, բացի հոյակապ տաճարից, շատ խուցեր միաբանության համար և շատ ուրիշ ծածկոցներ վանքային տնտեսության մշակների և անասունների համար: Երբ որ Ջալալեդդինի արշավանքի ձայնը հասավ այս կողմերը, վանքի օթևանները լիքն էին Աղբակա բնակիչներով, իսկ նրանց թանկագին հարստությունները պահված էին տաճարի գաղտնի պահարաններում: Եվ «Վանքի գյուղում» հավաքել էին նրանց անասունները:

«Վանքի գետը», որ հոսում էր ձորի միջով, իր եզերքում թողնում էր բավական ընդարձակ և հարթ տարածություն, որ պատած էր խոտով, և ներկայացնում էր մի կանաչազարդ հովիտ, որ գարնան սկզբում վառվում էր դեղնագույն ծաղիկներով: Այս մարգագետինների վրա արածում էին վանքին պատկանող ձիաների երամակները:

Մի առավոտ սարսափելով նկատեցին, որ հիշյալ հովտի վրա, գետի ափերի մոտ, կազմված էին բազմաթիվ վրաններ: Քրդերի խաշնարածները իրավունք չունեին վանքի մոտ, նրա կալվածների վրա զետեղել իրանց չադրները. ուրեմն դրանք լինելու էին այն ինքնակոչ հյուրերը, որոնց սոսկալի երկյուղով սպասում էին վանականները: Ամենքը մեծ տագնապի մեջ ընկան: Ամեն կողմից ոչխարներ, կովեր և երկրագործական անասուններ սկսեցին քշել դեպի գյուղը: Տագնապը ավելի մեծացավ, երբ մի հովիվ լուր բերեց վանահորը, թե Ջալալեդդինը բազմաթիվ քրդերով իջևանել է վանքի մարգերի վրա:

Վանահայր Եղիազար վարդապետը մի վիթխարի մարդ էր: Թեև ծերացած, թեև նրա ականջները ծանր էին լսում, բայց անդադար գործ ունենալով քրդերի հետ, որպես ասում են, նա «կես-քուրդ» էր դարձել, այսինքն՝ աներկյուղ այրական սիրտ էր ստացել: Երբ լսեց հովիվի բերած լուրը, նա ամենևին չզգաց այն հուսահատական երկյուղը, որ տիրում է թուլասիրտ մարդերին վտանգի րոպեներում: Վանահայրը նույն միջոցում նստած էր իր փոքրիկ խուցի մեջ և նրա մոտ գտանվում էր մի քուրդ իշխան բավական համակրական դեմքով: Վերջինը Օմար-աղան էր: Երկուսն էլ դուրս գնացին, երբ լսեցին հովիվի խոսքերը: Նրանք դիմեցին դեպի վանքի արևելյան պարսպի կողմը, որտեղից երևում էր շեյխի բանակը: Թե՛ վանահայրը և թե՛ քուրդ ազնվականը, դիտակները ուղղելով դեպի բանակը, մի քանի րոպե շարունակ նայում էին:

Նա է, — ասաց Օմար-աղան վրդովված ձայնով. — ծերունի ավազակը բավական բազմություն է հավաքել իր շուրջը:

Ի՞նչ պետք է արած, — հարցրուց վանահայրը ոչ սակավ խռովությամբ:

Ուրիշ հնար չկա, — պատասխանեց քուրդը, այժմ ավելի սառն կերպով, — դուք պատվիրեցեք ժողովրդին հավաքվել վանքի պարիսպների մեջ, դռները փակել տվեք. վանքը բավական ամուր է պաշտպանվելու համար:

Ես էլ այսպես եմ մտածում, — պատասխանեց վարդապետը. — ես վանքի պահարաններում բավական հրացաններ և վառոդ ունեմ թաքցրած, զգուշության համար վաղուց պահում էի ինձ մոտ. հիմա հանել կտամ. պետք է բաժանել, որոնք նետելու շնորք ունեն, ես ճանաչում եմ շատերին մերիններից, որ այդ գործին ընդունակ են:

Իմ մարդիկներն էլ շուտով կգան, — ասաց քուրդը. — ժամանակ կորցնել պետք չէ, ինչ որ անելու եք, մի՛ ուշացնեք:

Վանահայրը հեռացավ հարկավորած պատրաստությունները կարգադրելու: Բայց Օմար-աղան դեռ կանգնած էր առաջվա տեղում և դիտակը ձեռին նայում էր: Քրդերի մեջ շատ աղանդներ կան. այդ մարդը պատկանում էր մի աղանդի, որ հակառակ էր շեյխի դավանությանը: Աղանդների տարբերությունը նույն ազդեցությունն ունի քրդերի վրա և նույն խտրություններն է ձգում նրանց մեջ, որպես ցեղական տարբերությունները, մանավանդ երբ հարաբերությունները կտրված են լինում թշնամական հանգամանքներով: Օմար-աղայի ցեղը այսպիսի պատճառներով բաժանված էր այն ցեղերից, որ հավաքվել էին շեյխի շուրջը:

Բայց վանահոր դիտավորությունը սաստիկ արգելքների հանդիպեցավ ժողովրդի կողմից. ոչ ոք չցանկացավ համաձայնվել նրա հետ: «Մեզ ամենիս կկոտորեն, — ասում էին նրանք, — ո՞ւմ վրա ենք ձեռք բարձրացնում. քրդի մի մազին դիպչել անկարելի է. մեզ կենդանի կայրեն, մեր որդիքը, մեր կանայքը կկոտորեն: Մենք նրանց չենք ընդդիմանա, թո՛ղ գան, ինչ որ ուզում են թո՛ղ տանեն, միայն մեզ և մեր որդիներին խնայեն...»:

Կգան, ձեր բոլոր ունեցածը կտանեն և ձեզ ու ձեր որդիներին չեն խնայի... — ասում էր վարդապետը արտասուքը աչքերում: — Ինձ ականջ դրե՛ք. մեր սուրբ վանքը կպահպանե մեզ. մեր հույսը թող նրա վրա դնենք...: Մեր մեջ շատ տղամարդեր կան... Օմար-աղան էլ մեզ հետ կլինի...:

Բայց ոչ ոք չէր ուզում լսել նրան:

— «Անկարելի բան է, — գոռում էր ամբոխը, — եթե դու ուզում ես մեզ փրկել, վեր առ քեզ հետ տերտերներին և տանուտերներին, գնա՛ շեյխի մոտ, նրա ոտները համբուրի՛ր, աղաչիր, պաղատիր, ասա՛, ինչ որ ուզում է, կտանք, միայն թե մեզ կենդանի թողնե...»:

Քաջասիրտ վարդապետը շատ խոսեց, երկար հորդորում էր և խրախուսում էր, բայց թուլասիրտ և ստրկացած ամբոխը չընդունեց նրա խորհուրդը: Վերջը նա ստիպված եղավ առնել իր հետ մի քանի ծերունիներ և քահանաներ ու դիմել շեյխի մոտ:

Այն ժամանակ Օմար-աղան մոտեցավ նրան, և ասաց այս խոսքերը.

Ես գիտեի, որ այսպես կլիներ... բայց դու զուր ես գնում, քեզ կբռնեն, կպահեն և գուցե կսպանեն...:

Պիտի գնամ, ճար չունեմ, թող սպանեն... — ասաց վշտացած վարդապետը: — Ժողովուրդը ինձ հանգիստ չէ թողնում...

Ինձ այսուհետև ավելորդ է այստեղ մնալ... — ասաց քուրդ ազնվականը:

Ես էլ խորհուրդ չէի տա մնալու համար, — պատասխանեց վանահայրը, — գնացեք, տեր ընդ ձեզ. միայն ընդունեցեք կատարել իմ վերջին խնդիրքը. առեք այդ բանալին, նույն պահարանի մեջ, ուր թաքցրել եմ ձեր կայքը, այնտեղ երկու արկղներում պահված են վանքի սրբությունները. տարեք ձեզ հետ, թող ավազակների ձեռքը չընկնին: Դուք միշտ այնքան հավատ եք ունեցել դեպի մեր վանքը, որ ոչ մի քրիստոնյա չէ ունեցել:

Կտանեմ, միամիտ կացեք, — պատասխանեց քուրդը: — Բայց դուք վեր առեք ձեզ հետ իմ մարդերից մեկը. նա հեռվից կհետևի ձեզ. և եթե ձեզ բռնելու կամ պահելու լինեն, նա ինձ իմացում կտա:

Վանահայրը համբուրվեցավ իր բարեկամի հետ և սկսեց դիմել շեյխի բանակը: Նա ամենևին հույս չուներ, թե կվերադառնա այնտեղից և մյուս անգամ կտեսնի իր բարեկամին:

Նույն միջոցում հասան Օմարի մարդիկը, բերելով իրանց հետ երեսունի չափ ավելորդ ձիաներ, և նա բարձել տվավ իրան պատկանող իրեղենները, որ քանի օր առաջ ապահովության համար բերել էր այնտեղ. նա չմոռացավ իր հետ վեր առնել և այլ երկու արկղներ, որոնց մասին խնդրել էր վանահայրը: Երբ նա բոլորովին պատրաստ էր, դռնապանը բացեց պարսպի գաղտնի դռները, և ազնիվ քուրդը խիստ տխուր սրտով համբուրեց տաճարի սուրբ սեղանը, և հեռացավ վանքից:

Վանահայր Եղիազար վարդապետը գնաց շեյխի բանակը, և այլևս չվերադարձավ այնտեղից...

Մի քանի ժամից հետո քրդերը խումբ-խումբ մտան նախ «Վանքի գյուղը», առաջ սկսեցին անասունները դուրս քշել, հետո տները դատարկեցին, և նրանց մեջ գտնված իրեղենները բառնալով գրաստների վրա, ճանապարհ դրին: Երբ գյուղի հետ իրանց հաշիվը վերջացրել էին, մտան վանքը. այնտեղ էր ամբարված շրջակայքի բոլոր հարստությունը, — սկսեցին դուրս կրել: Ողորմելի ժողովրդի լացն ու կոծը, նրանց դառն աղաղակները ամենևին չէին ազդում հափշտակիչների անգութ սրտերին... ամենափոքր ընդդիմադրությունը պատասխանվում էր սրով և ատրճանակով...:

Ահա՛ այս սարսափելի անցքը անցել էր, որ Սարհատի խումբը, Սախկալ-Թութանի քաջագործությունից հետո, մի գիշեր դիմեց դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքը:

Ի՞նչ էր որոնում թշվառ երիտասարդը այն կիսով չափ կործանված և դատարկված վանքի մեջ...:

Թ

Մութ գիշեր էր: Ամպամած երկնքի վրա ոչ մի աստղ չէր երևում. երկինքը ու գետինը, կարծես, միացած էին թանձր-սևաթուր զանգվածով: Ամեն ինչ լուռ էր. միայն գիշերային սառն քամին գուշակում էր մրրիկ և անձրև: Հեռավոր լեռների վրա կայծակը երբեմն փայլատակում էր, և որոտման խուլ ձայնը մանր դղրդյուններով տարածվում էր խավարի մեջ թաքնված սարերում:

Следующая страница