Րաֆֆի՝   Հուշագրություններ

Մի առանձին հաճություն պատճառեց այդ ուրախ և խաղաղ գերդաստանին իմ երևույթը, և նոքա յուրյանց սովորական քաղցրախոսությամբ սկսան բարովել իմ գալուստը: Եվ բոլորը մի կողմ քաշվեցան տեղ տալով ինձ նստել նոր վառած թոնրի մոտ:

Գերդաստանի գլխավորը դարձավ դեպի ինձ հարցնելով, թե ինչ կամեի ես պատրաստել տալ ընթրիքի համար: Նորան ասացի ոչինչ հարկավոր չէր, որովհետև ես ամեն ինչ ունեի ինձ հետ: Եվ արդարև, Պարսկաստանում ճանապարհորդելու համար կամ պետք է Վամբերիի նման դերվիշ լինել և ուտել ուրիշի սեղանից և կամ ման ածել յուր հետ ամբողջ խոհանոց և ամեն տեսակ պաշարեղեն, որ սոված չմնաս:

Թոնրի տաքությունը ինձ մի առանձին հաճություն պատճառեց, և ես ախորժանոք նայում էի թափառական ցեղի գիշերային պարապմունքին: Տղամարդիքը նստած մաղեր էին գործում ձիու պոչի մազերից, կանայքը սև սաթի ուլունքներ և այլ զարդեր էին շինում, մի պատանի սովորեցնում էր անվարժ կապիկին պար գալ, մյուսները ածում էին քամանի (ջութակի) և տափի վերա և մի քանիսը հմայում էին: Վերջիններից մոտեցավ դեպի ինձ մի սևաչյա աղջիկ:

Կամենո՞ւմ ես քեզ համար գուշակեմ, — ասաց նա ինձ ժպտալով:

Մանկահասակ աղջկա հրապուրիչ դեմքը շարժեց իմ հարցասիրությունը, և ես հարցրի.

Մի՞թե դու մարգարեուհի ես:

Այո՜, ես ոգիների հետ հաղորդակցություն ունեմ, նոքա տվել են ինձ ֆալ բաց անելու (գուշակելու) շնորհքը, ես կարող եմ գիտենալ մարդերի բախտը, նոցա գլխի գալիքը, և կարդում եմ մարդերի ճակատագիրը:

Ուրեմն գուշակիր ինձ համար:

Մանուկ աղջիկը նստեց ինձ մոտ և առեց իմ աջ ձեռքը յուր քնքուշ ափի մեջ: Մի էլեկտրական հոսանք վազեց բոլոր երակներում: Նա սկսավ հետազոտել իմ ձեռքի գծերը, նորա աչքերը վառվեցան, նա գունաթափվեցավ, քանի րոպեից հետո աչքերը խփեց և կարծես թե ուշագնացության մեջ ընկավ: Նա սկսավ ասել այդպիսի կցկտուր խոսքեր.

Դու հեռու աշխարհներից գալիս ես... անցար շատ ծովեր և լեռներ... քեզ շատ վտանգներ հանդիպեցան... բայց աստված ազատեց քեզ... Հեռու, ծովերի այն կողմը, ես տեսնում եմ մի աղջիկ... նա գեղեցիկ է, որպես անտառի եղջերուն... նորա աչքերը թաց են եղած արտասուքով... նա քեզ համար լաց է լինում. դու խոստացար նորան... դու խաբեցիր նորան... բայց նա չէ դադարել քեզ սիրելուց...:

Վերջին խոսքերը վառեցին իմ սրտի մեջ արդեն մարած կայծերը մի վաղեմի զգացմունքի...

Մարգարեուհին շարունակեց.

Դեռևս երկար պիտի թափառես դու... անբախտությունը միշտ ընկեր կլինի քեզ... դու փշոտ ճանապարհներով պիտի ընթանաս... բայց շուշանների հոտ պիտի առնես...:

Բավական է, — ասացի ես:

Բայց գուշակող աղջիկը ոչինչ չհասկացավ: Նորա պառավ մայրը տեսնելով, որ վերջին խոսքերը ծանր տպավորություն ունեցան ինձ վերա, կարդաց աղջկա գլխին արաբական լեզվով մի քանի խոսքեր, և նա իսկույն սթափվեցավ: Ես բաշխեցի նորան մի քանի արծաթ, նա առեց և շնորհակալությամբ հեռացավ:

Չնայելով, թե որքան ծիծաղելի էր ինձ սնահավատությունը, այնուամենայնիվ ես ընկղմված էի խորին հոգեբանական վրդովմունքի մեջ: Հանկարծ խրճիթի դռները ետ գնացին, ներս մտավ մի գեղեցիկ հագնված պատանի, մինչև թիկունքը թափված գիսակով և սիրուն դեմքով: Նորա հետ կային և երկու տղամարդիք երաժշտական գործիքներով:

Դա իմ թոռս է, — ասաց ալևոր ցիգանը, ցուցանելով պատանու վերա: — Իսկ դոքա իմ որդիքս են, — ցույց տվեց նա տղամարդերին:

Որտեղի՞ց են գալիս, — հարցրի ես:

Գնացել էին փող աշխատելու:

Եվ որդիքը տվեցին յուրյանց ծերունի հորը որքան արծաթ որ այն օրը վաստակել էին պատանիին պար ածելով, և պատմեցին, թե որտեղ են եղել և ինչ են արել:

Ցիգանների այդպիսի թափառական պար եկող պատանիքը կոչվում են մութրուֆներ, կամ մոյիդաներ: Ամեն մի ղարաչի ծնողքը բախտավոր են համարում յուրյանց, երբ ունեին գեղեցիկ որդի, մանավանդ երբ նա ուներ անուշ ձայն: Մանկությունից կրթում են նորան պար գալու զանազան եղանակների մեջ: Ծնողաց համար թե որդին և թե նոցա պար եկող կապիկը միևնույն նշանակությունը ունեն: Երկուսին էլ միօրինակ ման են ածում քաղաքից քաղաք, երկրից երկիր և փող հավաքում: Այդ պատվավաճառ ցեղը արծաթի համար թույլ է տալիս ամեն կերպ վարվել պար եկող մոյիդաների հետ, որ առավելապես առիթ է տալիս արևելքի ազգերի անբարոյականությանը, որք յուրյանց խնջույքների մեջ գլխավոր զվարճությունը գտանում են մոյիդաներ պար ածելում:

Ղարաչիները Պարսկաստանու ըստ մեծի մասին չունին հաստատ բնակություն, նոքա թափառում են երկրե երկիր: Հետաքրքրական է տեսնել նոցա քոչը. այսինքն՝ գաղթելը մի տեղից ուրիշ տեղ: Դու տեսնում ես մի ահագին խառնիճաղանջ բազմություն, որ կազմված էր ամենատեսակ անասուններից, — կանայքը և ավանակները տանում են ամենայն ծանրությունքը: Առաջինները կրում են կուրծքի վերա ծծի երեխան, և շալակած ունեն կռնակին նորանից մեծը, որ ոտքով չէր կարող գնալ: Ավանակների վերա բարձած են սև մազե վրանիկներ յուրյանց պարագաներով, մազեր, որք են նոցա արվեստագործության միակ ապրանքը: Բեռան վերա խեղկատակորեն նստած է մի կապիկ, կարծես ծիծաղում է հետևակ կանանց վերա, որ ինքը ավելի երջանիկ էր, քան թե նոքա: Տղամարդիքը տանում են յուրյանց ուսին ավելորդ ծանրությունքը ավանակների:

Ղարաչիների լղար, ջղային կազմվածքը, ամրացած թափառական կյանքի մեջ, առիթ է տալիս նորանց արշավել Ասիայի մի ծայրից դեպի մյուսը: Ղարաչին շատ ուրախ է և անհոգ, պատահած տեղը նա անպատիվ է և խաբեբա:

Նոցա կանայքը կախարդներ են. ունեն թուխ դեմքեր, սև, փայլուն աչքեր, նուրբ, ուղղաձիգ հասակ, հրապուրիչ և վավաշոտ բնավորություն: Պատահում է, ճանապարհին գնալու միջոցին, ղարաչի կնկան ծնել յուր հղությունը: Նա լուռ առանձնանում է մի ժայռի տակ ու քանի րոպեից հետ յուր նորամանուկը կուրծքին սեղմած, վազ է տալիս, հասանում է քոչին:

Ինձ հետաքրքրական է տեսնել մոյիդաներու պարելու եղանակը: Գերդաստանի ծերունին շուտով կատարեց իմ բաղձանքը, հրամայելով յուր որդիներին պար ածել խաղացող թոռնիկը: Նոքա կազմեցին երաժշտական մի կոնցերտ, քամանի (ջութակի), տայերայի և սրնգի վերա, եղանակելով մի թեթև երգ: Մանուկ մոյիդան, հագնելով յուր մետաքսեղեն կերպասից պատրաստված գույնզգույն քամարչինը (որ կաքավող աղջիկների յուբկաների նման մի բան էր), սկսավ ձեռքի մատների վերա զնգզնգացնել զանգերը թեքթեքվել, թռչկոտել, պտտվել ու երգել: Նորա պարի ամբողջ բնավորությունը որոշվում է զանազան հրապուրիչ ձևերի մեջ, որք շարժում էին կիրք, ախտեր և հրճվանք...

Վերջացնելով յուր պար գալը, մոյիդան փաղաքշաբար մոտեցավ ինձ և կամենում էր գլուխը դնել իմ գրկում: Այդ նորա սովորությունն է պարի վերջում, երբ նոքա նաև թույլ են տալիս շատերին յուրյանց համբուրել:

Մի այդպիսի հաճոյամոլությունը խիստ անախորժ տպավորություն ունեցավ ինձ վերա, մանավանդ, երբ մոյիդան վշտացավ, թե ինչու ես էլ չհամբուրեցի նորան:

Հարեմային փակված դրությունը մահմեդական Պարսկաստանի մինչև այսօր թույլ չէ տվել պար եկող աղջիկներին տղամարդերին հանդես դուրս գալ: Այդ պատճառով պարսիկները զուրկ են գեղեցիկ սեռի հրապարակական պարողներից: Այդ պակասությունը լցուցանում են միայն մոյիդաները:

Սինայի և Սակղի կողմերը անցնելու ժամանակ ես հանդիպեցա միայն մի ցեղի, որ կոչվում էր Սուզմանի, որոց կյանքը տարբերվում էր ղարաչիներից այն զանազանությամբ միայն, որ Սուզմանիները` փոխանակ պատանյակներին պար էին ածում յուրյանց մանկահասակ աղջիկները:

Ինձ պատմեցին, Թեհրանից հեռու, Քեաղզազի կողմերում, ապրում են հայ բոշաներ, որոց կյանքի ձևերը խիստ նման են ղարաչիներին: Նոքա քրիստոնյաներ են, խոսում են հայերեն, և յուրյանց կոչում են լուսավորչական: Բայց դեռևս Թեհրան չհասած դոցա մասին ստույգ ոչինչ չեմ կարող գրել քեզ:

Ղարաչի գերդաստանի մեջ գիշերը ես անցուցի բավականին զվարճությամբ և հանգիստ: Առավոտյան, երբ ես պատրաստված էի ճանապարհ ընկնել, մոտեցավ ինձ սիրուն Լեյլին, մանուկ մարգարեուհի աղջիկը, որ այն գիշեր գուշակում էր ինձ համար:

Նա տվեց ինձ մի թուղթ կարած մետաքսյա կանաչ կերպասի մեջ:

Առ այդ ծրարը, — ասաց նա քնքշությամբ. — և կապիր թևքիդ, դա ազատ կպահե քեզ ամեն վտանգներեն քո ուղևորության մեջ:

Ի՞նչ է այդ, — հարցրի ես:

Թիլիսմ է, — պատասխանեց սիրուն օրիորդը:

Ես նշմարեցի նորա աչքերում արտասուքի կաթիլներ, և չկամենալով դիպչել նորա քնքուշ զգացմունքին, առեցի նորա ձեռքեն կախարդական ծրարը:

Մնացիր բարյավ, Լեյլի, — ասացի նորան:

Գնա բարյավ, դու մանուկ երիտասարդ, թո՜ղ աստված քեզ հետ լինի, ուր որ լինես, չմոռանաս Լեյլիին...:

ՆԱՄԱԿ ԻԱ

Հունվար ամիսն էր: Ծննդյան ցրտերը սարսափելի մրրիկներով էին անցնում: Եղանակի խռովության պատճառավ ամբողջ երկու շաբաթ ես արգելվեցա մի փոքրիկ քրդաբնակ գյուղում, կերակրվում էի մածնով, կաթով ու կորյակ հացով, և տանջվում էի տզերից, որք առանց խտրություն դնելու, թե անասունների և թե նոցա տերերի արյունը անխնայաբար ծծում են: Մի բան միայն ինձ զվարճացնում էր իմ տխուրբանաստեղծական խրճիթի մեջ, այն էր, որ իմ հյուրընկալ քրդուհին գիշերները ինձ զբաղեցնում էր յուր հեքիաթներով, և նորա տղամարդը շատ անգամ պարծանքով պատմում էր յուր քաջություններից ու ավազակություններից:

Զավոյի ծնողքը, — մի անգամ ասաց նա, ցույց տալով յուր կնոջ վերա, — չէին ուզում յուրյանց աղքիկը տալ ինձ կնության, թեև իմ հայրս տալիս էր նոցա դստեր փոխարեն որպես բաշլըդ (գլխագին) մի ընտիր մատակ ձի ազնիվ ցեղից և քսան գլուխ սպիտակ ոչխար: Նոքա ասում էին իմ հորը, թե քո որդին ծույլ է և երկչոտ, թե նա անարժան է մեր աղջկան ամուսին կոչվելու: Բայց երբ ճանապարհորդները սկսեցին զարհուրել ինձանից, երբ իմ բերած թալաններից (կողոպուտ) սկսան կերակրվել մեր ցեղի աղքատները, երբ իմ մզրախը (նիզակը) սկսավ շուտ-շուտ ներկվել ոսոխներիս արյունով, — իմ անունը անմահացավ: Մեր ցեղի աղջիկները տարփանքով մտածում էին իմ մասին: Այն ժամանակ գեղեցիկ Զավոն ինքը թռավ իմ սիրուն նժույգի մեջքի վերա, և ես նորան փախցրի մեր վրանը: Նորա ծնողքը ուրախությամբ օրհնեցին մեր ամուսնությունը...

Եվ դու պարծենում ես այդպիսի քաջություններով, — հարցրի ես:

Վկա են իմ պապերի ոսկերքը, որ ես սուտ չեմ պարծենում, և վկա են այդ նշանները, որ դրած են իմ ճակատի վերա, — պատասխանեց ծերունի ավազակը, ցույց տալով երեսի վերա մի քանի խորն ընկած սպիներ:

Մի գեղեցիկ առավոտ խոստանում էր փառավոր օր: Ես շարունակեցի իմ ուղևորությունը: Մեր ճանապարհը ձգվում էր Սուլտուզի դաշտերի միջով: Այդ մի փոքրիկ նահանգ է Ուրմիից դեպի հարավ, որ նշանավոր է յուր ցորենի բերքով և խոտավետ արոտամարգերով: Նա ունի անասնապահության ամեն հարմարությունքը: Սուլտուզը մեծ մասամբ բնակեցրած է ղաարափափախ կոչված թուրքերի մի ցեղով, որ գաղթել են այստեղ անդրկովկասյան գավառներից: Դոքա կազմում են Ատրպատականի հեծելազորի քաջ և նշանավոր մասը: Մի քանի գյուղորայքում ցրված բնակվում են այլ և հայեր և ասորիներ, թշվառ մտավոր և նյութական աղքատության մեջ:

Ինձ հետ ուղեկից էր մի պարսիկ մոլլա: Այդ մոլեռանդը յուր գիտությամբ և ուսմունքով պատկանում էր իսլամի հոգևորականության բարձր դասին: Ամբողջ օրը նորա ցամաքած շրթունքը շարժվում էր, և նա մունջ աղոթքներ էր կարդում:

Հիանալի առավոտ էր:

Վաղորդյան արշալույսը վառվում էր բյուրավոր գույներով: Արևի առաջին ճառագայթները հյուսել էին ձյունապատ սարերի գագաթների վերա ոսկյա-վարդագույն պսակներ: Բնությունը սքանչելի տեսարան էր ներկայացնում:

Ես զարմանում էի մոլլայի սառնասրտության վերա դեպի յուրյան շրջապատող հիանալի բնությունը: Երևում էր, որ պարսիկը չէր հրապուրվում նորա գեղեցկություններով:

Երբ ես կամեցա նորա ուշադրությունը գրավել, նա պատասխանեց.

Այդ բոլորը աստծո փառքն է: Թո՜ղ օրհնյալ լինի նորա մեծ զորությունը:

Ես սկսեցի բացատրել մոլլային մի քանի մտքեր տիեզերքի կազմվածքի, արևի, լուսնի և մեր մոլորակի մասին: Երբ վերջացրի նորանով, որ երկրագունդը դարձյալ մի աստղ է, որ ունի յուր շրջանը, ընթացքը, մոլլան դևոտեցավ:

Երկիրը մի անշարժ մարմին է, որ դրած է գետնի տակի եզան մեջքի վերա, — կտրեց նա իմ խոսքը:

Որպե՞ս, — հարցրի ես:

Անդունդը հուր է, հրո վերա ջուր. ջրի մեջ կենում է ահագին ձուկն, որո մեջքի վերա կանգնած է եզը. նորա մեջքի վերա դրած է երկիրը. իսկ երկրի վերա դրած է բյուրեղային կամարակապ երկինքը. նորա վերա զանազան աստիճաններով բարձրանում են մինչև յոթն երկինքներ ապա աստուծո հրաշալի աթոռը:

Եվ ավելացրուց, թե մեր մարգարեն (Մուհամմեդը) յուր բուրակի33 վերա նստած, բարձրացավ մինչև յոթերորդ երկինքր, իսկ Մեսիան համբարձավ մինչև չորրորդ երկինքը: Դորանով նա կամում էր ցույց տալ իսլամի կրոնքի հիմնադրի մեծությունը Քրիստոսից:

Ես չուզեցի քրքրել այդ կրոնական խնդիրը, միայն աշխատում էի ապացուցանել մոլլայի կարծիքի սխալմունքը երկրագնդի մի եզան մեջքի վերա կանգնած լինելու մասին:

Նա պատասխանեց, — Այդ անհերքելի ճշմարտություն է: Եվ երբ այն եզան մի մազը շարժվում է, այնտեղ պատճառում է երկրաշարժ: Բայց ֆրանկների (եվրոպացվոց) ուսումը դեռևս չէ հասել այն կատարելությանը, որ կարողանար հասկանալ դորանք:

Չնայելով, թե որքան ծիծաղելի էին իսլամի իմաստունի դատողությունքը, այնուամենայնիվ ես ախորժանոք լսում էի նորան, այնպես որ մինչև իջևան հասնելը ես ամենևին չզգացի ճանապարհի ծանրությունը:

Այն օր մենք գիշերեցինք մի թուրքի չորքոտանիների փարախից բաժանված մի տեղում, որ կոչվում էր սաքքու: Չնայելով այդ անասնական օթևանի չափազանց կեղտոտությանը, մենք մի բանով միայն գոհ էիմք, որ բավականին տաքացած էր տավարների շնչով, թեև նորա օդը խեղդելու չափ ծանրացած էր:

Մյուս առավոտը իմ ուղեկիցս հայտնեց, թե նա չկամեր այն օր շարունակել ճանապարհը:

Ի՞նչ պատճառավ, — հարցրի ես, — մի թե քեզ քաղցր է այդ անասնական բնակարանը:

Առավոտյան երբ վերջացրի նամազս, — պատասխանեց նա, — ես պատրաստվում էի ճանապարհ ընկնել, հանկարծ սաբր եկավ:

Ի՞նչ կնշանակե սաբր եկավ:

Ես մի անգամ փռշտացի, դորան ասում են սաբր, որ պարսից լեզվով նշանակում է համբերություն: Դա աստուծո ձայնն է, որ հայտնվում է մեզ պահապան հրեշտակի միջնորդությամբ. նա զգուշացնում է մեզ հրաժարվել այն նպատակից, որ պատրաստվում ենք գործել:

Դորա համար էլ դու չե՞ս կամենում ճանապարհ ընկնել:

Չեմ կարող մինչև ջահթ չգա:

Ի՞նչ է նշանակում ջահթ:

Երբ մի մարդ երկու կամ երեք անգամ փռշտում է, դորան ասում են ջահթ, այդ նշանակում է պարսից լեզվով փույթ կամ ջանք: Այդ մի բարի նախագուշակություն է, որով ամեն մարդ պիտի շտապի շուտով գործել այն, ինչ բանի վերա որ մտածում էր34:

Ուրեմն դու այնքան պիտի սպասես, որ նորից աստուծո ձայնը լսես մի կամ երկու անգամ փռշտալով:

Ստիպված եմ, — պատասխանեց մոլլան խորհրդական ձայնով: — Մանավանդ որ ես առավոտյան իսթիխարա35 արեցի իմ թազբեհի36 վերա և չար գուշակեց:

Քո թազբեհը երբեք չէ՞ խաբում քեզ, նորանի՞ց էլ աստուծո ձայնի պատգամն է լսվում:

Անտարակույս, որովհետև նորա հատիկները շինված են քարբալայի սուրբ հողից37:

Ես չգիտեի, թե ինչ վճռել: Հավաստի էի, որ մոլլային չէի կարող դուրս բերել յուր նախապաշարմունքներից: Եվ մեզ տանող չարվադարն նույնպես համաձայն էր նորա հետ:

Ես երկար պետք է մնայի այդ անորոշ դրության մեջ, եթե տանտիրոջ երեխան, որ կանգնած նայում էր մեզ վերա, բարեբախտաբար մի քանի անգամ չփռշտար:

Ահա՜ քեզ ջահթ, մոլլա, — կոչեցի ես. — դե շտապիր ճանապարհ ընկնեմք. աստուծո ձայնն է այդ. մանավանդ մի անմեղ արարածի բերանից է լսվում:

Մոլլան, թեև ակամայից, այսուամենայնիվ հոժարեցավ շարունակել ճանապարհորդությունը: Եվ ես ուրախ էի, որ պիտի ազատվեմ մեր իջևանի ժահահոտությունից:

Նույն գիշերը եկած ձյունը ձգել էր դաշտերի երեսին յուր երկու թզաչափ թանձր վերմակը: Վաղ առավոտյան ճանապարհ ընկած քարավանի հետքերը խորին կերպով գծել էին ճանապարհի վրա մի նեղ շավիղ, որո միջով ընթանում էին մեր գրաստները մինը մյուսի հետքից շարված:

Բայց եղանակը գնալով պղտորվում էր, և թանձր մառախուղը թույլ չէր տալիս նշմարել փոքր-ինչ բացակա հեռուն: Վաղորդյան մեղմիկ քամին սկսեց հետզհետե սաստկանալ: Եվ երբ մեք բավականին հեռացած էիմք գյուղից, բարձրացավ սաստիկ մրրիկ: Նորեկ ձյունի հոսանքը, որ գոռալով ու ֆշֆշալով տեղափոխվում էր այս ու այն կողմ, բոլորովին ծածկեց ճանապարհի հազիվ նշմարվող շավիղը:

Քանի ժամից հետո մեր չարվադարը սարսափելով հայտնեց, թե մեք մոլորված էիմք ուղիղ ճանապարհից և խորհուրդ տվավ բաց թողուլ յուր փիշանդի38 գլուխը, ասելով, թե այդպիսի դեպքերում ձիաները ավելի ընդունակ են գտանել ճանապարհը, քան թե մարդիկ:

Մոլլայի վրդովմունքը սահման չուներ. նա պնդում էր յուր առավոտյան նախագուշակությունները. նա հանդիմանում էր ինձ, որ մենք քրիստոնյայքս դեռ շատ հեռու ենք մնացել ճշմարիտ գիտությունից:

Ես ոչինչ չպատասխանեցի նորան. միայն առաջարկեցի խմել մի բաժակ կոնյակ, եթե նա չկամեր սառչիլ ցրտից:

Ահա այդպիսի պիղծ ըմպելիքների գործածությունը զրկում է ձեզ քրիստոնյաներիդ աստուծո թե ողորմությունից և թե իմաստությունից: — Ասաց նա անախորժ զգացմունքով և յուր բերանը ձգեց ափիոնի մի մեծ կտոր, որ տաքանա:

Ամբողջ օրը մեք թափառում էիմք դաշտերի, սարերի և ձորերի մեջ, չգտանելով որևիցե բնակություն:

Օրը տարաժամում էր:

Մեր դրությունը սարսափելի էր համարվում, երբ մտածում էիմք, թե այն գիշեր պետք է մնամք դրսումը բացօթյա: Մանավանդ, երբ որ տեսամք այստեղ և այնտեղ ձյունի մեջ սառած մի քանի մարդիք:

Մոլլայի սառած շրթունքը դարձյալ շարժվում էին: Նա ափիոնի արբեցության մեջ յուր աղոթքներեն էր կարդում:

Բայց մեր Մեսրոպը, որ դեռ չէր կորուսել յուր վստահությունը ինձ խրախույս տալու, հիմնվելով յուր հին փորձերի վերա, արձակեց հրացանը:

Մերձակա տեղից լսելի եղավ մի այլ հրացանի ձայն:

Մեք ազատված եմք, — ուրախությամբ կոչեց քաջ զեյթունցին և դիմեց դեպի այն կողմը, ուսկից լսելի եղավ հրացանի ձայնը:

Քառորդ ժամ գնալուց հետո մեք լսեցիմք և շան հաչալու ձայն, որից կարելի էր գուշակել, թե արդեն հասել էիմք բնակության: Թեև այդ կարծիքը սխալ էր, բայց մեք դարձյալ ուրախ էիմք, որ գտամք մի փոքրիկ այր (մաղարա), ուր հավաքված էին Սուլդուզի իշխանի՝ Հասան-խանի որդվո որսորդները: Նոքա մեզ համար շուտով կրակ վառեցին և միս խորովեցին, կերամք, տաքացամք և այն գիշեր այնտեղ մնացիմք մինչև անցավ մրրիկը:

ՆԱՄԱԿ ԻԲ

Մոլլայի ուղեկցությունը վերջապես եղավ անտանելի, ես թողելով նորան ընկերացա մի փոքրիկ քարվանի հետ, որո մեծ մասը կազմում էին հրեաներ: Իսրաելի հալածական որդիքը ավելի բարեմտությամբ վարվում էին ինձ հետ, քան թե մահմեդականության մոլեռանդ ներկայացուցիչը: Ի՞նչ էր դորա պատճառը: Տիրապետողիճնշող ազգի հալածանքը եղբայրացնում է ստորադրյալ ազգերը, որքան և նոքա թշնամական հարաբերությանց մեջ լինեին: Պարսկաստանում գրեաների և քրիստոնյաների վիճակը շատ նման է, և նոքա զգում են միմյանց:

Հասնելով Սովուխ-Բուլախ քաղաքը, արդեն հայտնվեցավ իմ մեջ տաքցոց. այդ տկարությունը վերջին փոթորիկի միջոցին սաստիկ մրսելու հետևանքն էր: Եվ եթե ես փոխանակ տանջվելու սառն և կեղտոտ քարվանսարաների իջևաններում, գտա այդ քաղաքում մի հարմար օթևան տաք քուրսու մոտ, փափուկ օթոցի վերա, դորանով ես պարտական եմ իմ ուղեկից հրեա խախամին (քահանա), որ կարեկցելով իմ տկարությանը, առաջարկեց ինձ յուր տունը: Հրեա քահանայի առատասրտությունը հիշեցնում էր ինձ Աբրահամի հյուրասիրությունը: Նա ուներ երկու կանայք, որք ամենայն մտերմությամբ նստում էին ինձ մոտ, կիսով չափ ծածկվելով քուրսու վերմակի տակ: Այդ Սիոնի դստրիկների հագուստը և զարդարանքը հիշեցնում էր ինձ Եզեկիելի տողերը. «Եվ քեզ զարդարելով զարդարեցի, և ձեռքերուդ վերա ապարանջաններ դրի, ու գլխանոցիդ վերա մանյակ դրի: Եվ քո քիթդ օղակ, ականջներդ՝ գնդեր, ու գլուխդ պարծանաց պսակ դրի, և դուն ոսկիով ու արծաթով զարդրվեցար»:

Այդ տեսակ զարդարանքները երևում են այս կողմերում, ոչ միայն իսրաելուհիների մեջ, այլև քուրդ, հայ և ասորի կանանց մեջ: Քթից օղակ անցկացնելը ես առաջին անգամ տեսա Ատրապատականի հայոց գեղեցիկ սեռի մեջ, երևում է այդ սովորությունը նոքա հրեաներից պետք է ժառանգած լինեն: Իսկ սրունքների վերա հուլունք կապելը, կամ ապարանջան կցելը հանդիպում են վայրի ցեղերի մեջ միայն: Այդ սովորությունը Պարսկաստանի ստորին դասի հայ կանանց մեջ պետք է ժամանակի խորին հնությունից մնացած լինի:

Իմ հյուրընկալը, որպես հիշեցի, քահանա էր: Նա ուներ յուր տանում քինիշթա (սինագոգա): Ամեն շաբաթ օր այստեղ հավաքվում էին հրեա ժողովուրդը աղոթելու, կարդացվող էր հին կտակարանը, որ գրված էր մագաղաթի վերա: Նա ուներ կես արշին լայնությամբ երկար կերպասի ձև, որո ընթերցանությունը վերջանալեն հետո, կլորում էին, փաթաթում էին և խնամքով դնում էին մի արկղի մեջ: Այդ ամենահին ձևը պետք է լինի Աստվածաշնչի գրչագրի պահպանության:

Լոնտրայում և Եվրոպիո զանազան քաղաքներում տպագրված հատորները հին կտակարանի, ոչ միայն ընդունելություն չեն գտած այս կողմերի սինագոգաներում, այլ նոցա ընթերցանությունը անգամ մեղք է համարվում: Առանձին դպիրների արհեստն է այս կողմերում պատրաստել մագաղաթ և գրել սուրբ գիրքը, որ թանկ գնով ծախում են նոքա յուրյանց մանրավաճառությամբ, և պահպանել են յուրյանց լեզուն, թեև նա բավականին աղավաղված է հեռնալով հին եբրայական բարբառից: Նոցա տղամարդիկը մեծ մասամբ գիտեն գրել կարդալ: Նոքա զենք չեն կրում: Միակ զենքը, որին սպասում են՝ է ոսկի թուրը, որո գտնելու հետ անմիջապես կապակից է Մեսիայի հայտնվիլը: Այդ ավանդությունը տիրում է այս կողմերի բոլոր հրեաների մեջ: Այդ սնահավատությունից օգուտ քաղելով, պարսիկները կամ թուրքերը, պատմում են, շատ անգամ գաղտնի գցել են մի հրեայի տնում որևիցե թուր և իսկույն հայտնվել է նոցա մեջ հուզմունք և խռովություն: Այդ կատակը առիթ տվեց ինձ մի օր հարցնել իմ հյուրընկալից:

Ինչո ՞ւ դուք էլ քուրդերի նման զենք չեք կրում, որ պաշտպանեք ձեր անձը նոցա հարստահարություններից:

Երբ կհայտնվի Մեսիան, — ասաց նա, — այժմյան ազգերի ամենազորեղ թագավորները կբռնեն մի իսրայելացի գռեհիկի փեշքեն և ողորմություն կխնդրեն:

Այս կողմերումս էլ, որպես մի ժամանակ Եվրոպայում, դեռևս տևում են այն սարսափելի հալածանքները հրեաների դեմ, և կողոպտում են նոցա տները, պատճառ բռնելով, թե նոքա գողանում էին երեխաներ: Այդպիսի հանգամանքներում հրեան ոչ միայն յուր կայքի, այլև յուր գլխի տերը չէ:

Սովուխ-Բուլախը բնակեցրած է մեծ մասամբ քրդերի զանազան ցեղերով, որք ունեն հաստատ բնակություն: Նոքա կառավարվում են յուրյանց բեկերով, որոց ամեն մի տունը ժամանակի խորին հնությունից ժառանգաբար տիրում է առանձին ցեղի վերա և համարվում է նորա նահապետը: Այժմ դոքա թեև բոլորովին հպատակած են Պարսից տիրությանը, բայց դեռևս պահպանում են միջնադարյան ասպետների ազնվապետական հատկությունքը: Նոքա տիրում են յուրյանց ժողովրդի թե կյանքի և թե կայքի վերա: Այստեղի քրդերը բավականին գեղեցիկ դեմք ունեն և քաղցրահնչյուն բարբառ: Նախնական զենքերընիզակ, վահան, թուր, դաշույն, սաղավարտ և զրահդեռ պահպանվել են նոցա մեջ ամենայն սրբությամբ: Սպանությունը, արյան վրեժխնդրությունը մի առանձին զվարճություն է համարվում նոցա համար: Քուրդերը չունեն գրականություն, գրում են արաբացվոց տառերով և պարսից լեզվով: Ժողովրդի մեջ դեռ չէ մտած դպրությունը նա սեփական է տակավին շեյխերին և բեկերին: Քուրդերի կանայքը (առավելապես ստորին դասի մեջ) դեռ չեն ընդունել պարսից ծածկապահության սովորությունը: Նոքա երևում են տղամարդերին բաց երեսներով:

Սովուխ-Բուլախը ունի մինչև 1000 տուն բնակիչ: Չնայելով նորա փոքրությանը, նա համարվում է Քրդստանի վաճառականության կենտրոնը: Հայ բնակիչների թիվր այստեղ շատ փոքր է: Վաճառականության գլխավոր ուժը գտանվում է այլ քաղաքներից այստեղ եկած հայերի ձեռքում: Բայց ցավալի է խոստովանել, որ նոցա մեծ մասը փոխանակ միջնորդ լինելու Մուսուլի և Բաղդատի առևտրական հարաբերություններին Սովուխ-Բուլախի հետ, փոխանակ անկիրթ քրդերին վաճառականության հավատարիմ օրինակ դառնալու, — պարապվում են վաշխառությամբ, աններելի անգթություններով հարստահարելով քուրդ բեկերին և ծանր-ծանր տոկոսների փոխարեն տիրելով այդ միամիտների կալվածքները և նոցա արդյունաբերությունքը:

Երեք օր միայն մնացի այս քաղաքում, և բոլորելով Ուրմիո լճակի հարավ-արևելյան եզերքը, ես անցա Բինաբ, Միանդաբ, Մարաղա, Դոխարզան և Գունեյստան կոչված մահալները: Դոքա զանազան գավառիկներ են, որք ունեն յուրյանց փոքրիկ գյուղաքաղաքները: Ինձ պատմում էին, թե այդ երկրները տարվա մնացորդ եղանակներում կատարյալ դրախտ են: Խաղողենին պտղաբերվում է այստեղ ամենայն շքեղությամբ: Մարաղայի քիշմիշը և սաբզան կարելի է որթի բերքի ամենաազնիվ տեսակներից մինը համարել: Նա վաճառահանվում է մեծ մասամբ դեպի Ռուսաստան: Չնայելով բնության հարստություններին, ժողովուրդը թշվառ աղքատության մեջ է ապրում: Հիշյալ երկրները բնակեցրած են մեծ մասամբ թուրքերով: Մարազայում, Սովուխ-Բուլախում առաջին անգամ ես հանդիպեցա հայ ազգաբնակության, որք յուրյանց մայրենի լեզուն չգիտեին և խոսում էին տաճկերեն: Նոցա քահանայքը ոչինչ կերպով չէին որոշվում հասարակ գռեհիկից:

Վերոհիշյալ երկրները յուրյանց ջրերի պակասության պատճառավ շատ տեղեր կարող էին բոլորովին անապատ դառնալ, բայց կյանքի և ապրուստի հոգսերով ծանրաբեռնված ժողովրդի աշխատասեր ձեռքերը կարողացել է այն չոր ու ցամաք ավազոտ դաշտերի միջից, գետնի տակով ծակելով, արվեստական խողովակների միջոցով, ջուր դուրս բերել, որ կոչվում են քարհեզ: Իհարկե, քարհեզների շինությունը աղքատ գյուղացու գործ չէ, նոքա սեփականություն են դրամատերերի, որք ջուրը րոպեներով ծախում են գյուղացիներին, որք ողորմելի աղքատության մեջ են: Թեև տեղ-տեղ հանդիպում են հարուստներ, բայց դոքա նմանում են այն հսկա և հրեշավոր ծառերին, որք խորին արմատ ձգելով դետնի մեջ, և երկրի բոլոր ուժը և սնունդը ծծելով, չափազանց հաստացել են, և ընդարձակ ստվերախիտ ճյուղեր արձակելով, միևնույն ժամանակ ճնշում են, խեղդում են փոքրիկ ծառերը յուրյանց հովանվո տակ:

Ամբողջ երկու շաբաթ տևեց իմ ճանապարհորդությունը Բինաբի, Միանտարի, Մարաղայի, Դոխարղանի և Գունեյստանի միջով: Անցանելով Մայանի անապատը և Աջի գետը, — Այդ Թաբրիզն է, — ասաց առաջնորդը, ձեռքը մեկնելով դեպի արևելք:

Զուբեյդա-Խաթունի քաղաքը39 դեռ մրափում էր վաղորդյան մառախուղի տակ, որ թափանցիկ եթերական փոշիի նման նստած էր նորա վերա: Արշալույսը դեռ նոր էր սկսել շառագունիլ: Հսկայական Արքը40 նկարվում էր հեռվից երկնքի մանիշակագույն կապուտակության մեջ:

Մեր գրաստները ընթանում էին դողդոջուն և դանդաղ քայլերով. նոցա մաշված պայտերը (նալ) սլլվում էին սառած գետնի վերա:

Խորասուզված տխուր մտածությանց մեջ, անցյալի հիշատակներով և ներկայի թշվառություններով, ես իմ ամբոշխմունքը ցրվելու համար սկսեցի մի այդպիսի խոսակցություն իմ Սանշո Պանսայի հետ:

Մեսրոպ, տեսնո՞ւմ ես այդ սարերը, նոցա հետքումն է Մարանդը, ուր դրած է Նոյի կնոջ գերեզմանը, տեսնո՞ւմ ես այդ մեծ քաղաքը, ուր շուտով կհասնեմք մեք, ասում են դա շինված է եղել մեր հայ պապերից:

Մեր խոսակցությունը ընդհատեցին մի քանի ձեռքը ոտքը գոսացած բորոտներ, որք դուրս գալով քարհեզի խողովակներից ողորմություն էին խնդրում: Այդ թշվառների այլանդակված կերպարանքը զզվանք էր բերում: Արևելքում այդպիսի հիվանդները միշտ արտաքսված են ժողովրդյան բնակությունից, որպեսզի մյուսները չվարակվեն նոցա ախտով41:

ՆԱՄԱԿ ԻԳ

Մուհարլեմ ամսի տասներորդ օրն էր, երբ ես հասա Թաբրիզ քաղաքը: Շիիտյան աշխարհը ողբում էր նահատակված իմամների սուգը: Դուքան, բազար փակված էր, քրիստոնյայք երկյուղից տանից դուրս չէին գալիս, մուսուլմանները հագնված էին սևերով, մզկիթների ամպիոնները ծածկված էին սև պաստառներով, նոցա կտուրների վերա փողփողում էին նույնպես սև դրոշակներ, որոց զլխին ցցված էր Ալիու սպիտակ թիթեղյա աջը:

Ջարդված ճանապարհի հոգնածությունից, առավոտյան ես զարթեցա խիստ ուշ: Տասներկու ժամն էր, երբ Մեսրոպը թեյ ներս բերավ: Հանկարծ փողոցեն լսելի եղան ծանրտխրական հնչումներ շեփորի, թմբուկների, որոց հետ միախառնվելով ճիչ, աղաղակ, լաց, հարայ-հրոց, որոտում էին սարսափելի բարբարոսական ներդաշնակությամբ:

Այս ձայները դուրս կոչեցին իմ տանտիկնոջ աղջիկներին, որոնք վազելով դեպի կտուրը բարձրացան, որ այնտեղից թամաշա անեն:

Ի՞նչ խաբար է, — հարցրի ես Մեսրոպհն:

Չգիտեմ, աղա, — ասաց նա զարմացական կերպով, — կարծես թե բոլոր թուրքերը կատաղած են այսօր:

Հետաքրքրությունը ինձ նույնպես դեպի կտուրը տարավ, ուր դրացիներից հավաքվել էին մի մեծ բազմություն և նայում էին դեպի փողոցը, որտեղից անց էր կենում կրոնպկան ոգևորությամբ խռոված ամբոխը:

Փողոցի ընդհանուր երկարությամբ ձգված էր կատաղի ամբոխի շղթան, բոլորն էլ մերկ, գլխաբաց, բոբիկ ոտքով, ծածկված պատանքի նման սպիտակ կտավով և ամեն մինը բռնած ուներ ձեռքումը բաց սուր: Զարհուրելի տեսարան էր: Նոքա, վիրավորված երեսներով ու գլուխներով, արյունաշաղախ և այլանդակված, առաջ էին ընթանում միաձայն գռռալով.

Էյ, տադ Շիմր ալիննան,
Ֆարյադ, Շիմր ալիննան:

(Բողո՛ք Շիմրի ձեռքից, աղաղակ Շիմրի ձեռքից)42:

Նոցա առջև հարկանվում էին թմբուկներ, հնչվում էին շեփորներ և տանում էին մի քանի գեղեցիկ երիվարներ զարդարված շալերով և նախնական զենքերով: Մինը կրում էր սև դրոշակ, որո գլխին ցցած էր Ալիու արծաթյա աջը: Երիվարների վերա նստած էին շատվոր մանուկ երեխաներ, սև հագնված, արյունաշաղախ, որք երկու ձեռքով անդադար ցրվում էին յուրյանց գլխին հարդ, որ քարշ էր տված նոցա կշտեն քսակով: Դոքա իմամների գերի ընկած երեխայքն էին:

Սարսափելին այն էր, որ այդ մոլեգնյալ ամբոխի թվում գտանվում էին մի քանի մանկահասակ պատանիներ, որոնք նույնպես կտրատել էին յուրյանց գլուխը և արյուն էր հոսում:

Մի եվրոպացի կին յուր ամուսնի հետ կանգնած, նայում էր այդ արյունաշաղախ բազմությանը, իսկույն սիրտը թուլացավ, նվաղեցավ և վայր ընկավ:

Այդ խումբը անցավ: Նորան հետևեց մի այլ խումբ կատաղիների: Դոքա նույնպես մերկ էին, և փոխանակ սրերի, ունեին յուրյանց ձեռքին շղթաներ, որով անդադար մտրակում էին յուրյանց մերկ կուրծքը և մեջքը, որոց կաշին կապտել և սևացել էր չարաչար շղթայակոծ լինելեն: Նոքա միաձայն գոռում էին «չախսե՛յ, վախսե՛յ, Հասան, Հուսե՛յն, Ալի՛, Մադաթ»: Դոցա առջևով մի քանի մարդիք փայտյա խոների վերա, յուրյանց գլխին դրած տանում էին Հասանի և Հուսեյնի արյունով ներկված դիակները:

Դոքա նույնպես անցան: Հետևեցին մի այլ խումբ: Նրանք թեև բոլորովին մերկ չէին, բայց գալիս էին բոբլիկ ոտքով և գլխաբաց, երկու ձեռքով անդադար զարկելով յուրյանց մերկ կուրծքին, որոց բախմունքեն թնդում է օդը: Նոքա տանում էին յուրյանց առջև մի խոնի վերա դրած նահատակված առյուծի43 դիակը, որը օգնության Հասավ իմամի որդիքը կոտորելու ժամանակ, և միաձայն գոռում էին.

«Է՛յ, շիր, բիր գալ եթիշ հարայա, գոր նա թուֆան դյուշուբ քարբալայյա» (ով առյուծ, դե՜ ե՜կ, հասիր օգնության, տե՜ս ինչ մրրիկ է բարձրացել Քարբալայի մեջ):

Դոքա նույնպես անցան: Հայտնվեցավ մի այլ խումբ, բաղկացած այս քաղաքում ծառայող արաղցի (պարսիկ) ֆերրաշներից: Նոցանից ամեն մինը ուսին ձգած ուներ մի շալ և ձեռքով բախում էին երկու տախտակներ, որոնք հատուկ դորա համար շինված էին: Նոքա անցնում էին եղանակելով մի այդպիսի ողբ.

Следующая страница