Րաֆֆի՝   Հուշագրություններ

Է՛յ, վա՛յ, Հուսեյնամ,
մեջլում Հուսեյնամ,
դար Քարբալլայյա
քուշտե շոտե
նուրուլ դու էյնամ:

(Վա՛յ, իմ Հուսեյն, թշվառ Հուսեյն, ո՜վ Քարբալայում նահատակված երկու աչքիս լույս):

Տեսնելով, որ դոքա վերջ չունեն, միշտ մինը մյուսի հետքից հայտնվում էին նոր և նոր խումբեր, որոց ամեն մինը ներկայացնում էր իմամների որդվոց նահատակության որևիցե անցքը, ես իջա կտուրից:

Այսօր ամենահարուստ հաջին, որո հինայով ներկած ոտքերը սովոր էին միայն կոխել խորասանի փափուկ գորգերը, բոբլիկ թափառում է փողոցներում, և մերկ կուրծքը կոծելով «Է՛յ, վայ Հուսեյն, է՛յ, վայ Հասան» է կոչում: Այսօր ամենաքնքուշ աչքերը մի շիայի, որք հազիվ դառնացած էին արտասուքի կաթիլներով, լաց է լինում և նոցա մի կաթիլ արտասուքը մարում է դժոխքումը այնքան կրակ, որքան չէին կարող հանգցնել օվկիանոսի ջրերը

Երեկոյան պահին ես դուրս եկա տանից: Փողոցներում կատաղի ամբոխի թափորը դադարել էր արդեն: Շուկաներում հազիվ երևում էին մահմեդականները: Նոքա հավաքված էին մեջիտներում, ողբալու համար, ուր մասնակցում են և կանայքը: Մի առանձին դաս մոլլաների, որք կոչվում են մասիյխուն, նոցա պաշտոնն է մուհարլեմի ամիսներում, կամ երբ կցանկանային, տխուրցավակցական խոսքերով երգել է նկարագրել իմամների նահատակության պատմությունը: Ամեն մի մեջիտում այդ մասիյխուններից մինը բարձրանում է ամբիոնի վերա, որո բոլորտիքը շրջապատված է նորա մանկահասակ երգիչ աշակերտներով: Նա խիստ ողբալի ձայնով սկսում է պատմել և լաց լինել, և երբեմն նորա աշակերտները ներդաշնակում են տխուր-սգավորական հնչումներով պարերդ: Մեչիտում հավաքված բազմությունը սկսում է ողբալ և արտասուք թափել:

Ես կանգնած, մի մեջիտի լուսամուտից նայում էի այդ հանդեսին: Ահա մասիյխունի խոսքերից մի քանիսը, որք հիշեցնում են գեթսեմանյան այգիի զոհը, որ հոժարակամ ընդունում էր տիրոջ հրեշտակի ձեռքից մահվան բաժակը:

«Երբ անիծված Յազիդի զորքերը պաշարել էին Ալիու որդվոց կուսակիցների փոքրիկ խումբը, երբ նոցա արդար արյունով սրբվում էր Քարբալայի հողը, երբ նզովյալ Շիմրի խենջարը շողում էր Հասանի և Հուսեյնի, այդ անմեզ զոհերի, գլխին, — իսկույն դղրդաց անդունդը, որոտաց երկինքը և գոռացին լերինք, — «ո՜վ Հուսեյն, թույլ տուր մեզ մեր կայծակներով, բոցերով և կրակով սատակեմք այդ չարագործներին». ձայն տվեցին նոքա: — «Հանգստացիր անդունդ, լսեցեք լերինք, և մի՜ խռովիր երկինք». Հուսեյնը պատասխանեց, ինձ պետք չէ ձեր կայծակը, բոցը և կրակը, զի ես տիեզերքի ստեղծվելեն առաջ ինքնակամ ընդունել եմ այդ անձնազոհությունը և ինչ որ գրված է հավիտենականի գրչով՝ պիտի կատարվի»:

Բայց վերոհիշյալ ժողովները, որ լինում են մեջիտներում, քաղաքի զանազան մարզիկների, կամ երևելի մոլլաների տներում գտան վում են առանձին տեղեր, որք կոչվում են թաքիա, այդ մի քառանկյունի շինվածք է, որ պարունակում է յուր մեջ բավականին տարածություն տափարակ տեղ, որո չորեքկողմի պատերի մեջ զուգահեռաբար բաժանված են փոքրիկ օթյակներ: Նոցա մեջ նստած են հանդիսականք: Իսկ շինության մեջտեդումը, բեմի նման մի քառանկյունի բարձրության վերա, ներկայացնում են իմամների նահատակության զանազան անցքերը, որ կոչվում է շարիհ (նմանություն): Դերասանների պաշտոն կատարում են նույնիսկ մասիյխունները: Թաքեան հռովմեական կոլիզեի նման մի բան է, որ հատուկ շինված է մուհարլեմի ամիսներում այդ կրոնական ողբերգությունքը ներկայացնելու համար: Նա չունի ոչ դեկորացիա և ոչ կուլիսներ: Այդ պատճառավ դերերի փոփոխությունքը բոլորը կատարվում են աչքի առջև: Բայց չնայելով նախնական այդպիսի պարզ ներկայացման ձևին, նա մինչ այն աստիճան ներգործում է հանդիսականաց սրտին, որ դերասանների ձայնի հետ միշտ միախառնվում է ժողովրդի լացը: Այդպիսի ողբերգական ներկայացումները կրկնվում են ամբողջ քառասուն օր մինչև մուհարլեմի տասներորդ օրը. նոցա ամեն մինը հարմարեցրած է որևիցե անցքին Ալիու սերնդի կյանքից: Թեև այդ ողբերգությունքը զուրկ են բեմական արհեստի արժանավորություններից, թեև նոքա շատ տեղերում հակառակում են պատմական ճշտություններին, այսուամենայնիվ, նոցա ջերմեռանդ-կրոնական բնավորությունը, նկարագրվելով խիստ վառ գույներով արևելյան երևակայության, ներշնչում է շիաների մեջ այն խորին առասպելաբանական մոլեռանդությունը, որով նոքա անգիտակցաբար միշտ կապված են մնում իսլամի ցնորքներին:

Այդ ներկայացումները, որպես հիշեցիմք, ունեն բոլորովին կրոնական նշանակություն: Նոքա չեն համարվում թատրոնական գործոդություններ:

Ամբողջ Պարսկաստանի մեջ չկա ոչ մի թատրոն: Եվ պարսից գրականությունը բոլորովին զուրկ է բեմական աշխատություններից: Այսուամենայնիվ չէ կարելի մտածել, թե Պարսկաստանը ամենևին չէ ունեցել բեմական ներկայացումներ:

Ամեն քաղաքներում կարելի է գտանել մի խումբ մոլաշրջիկների, որք կոչվում են օյինբազներ (ներկայացողներ): Այդ մարդիկներից շատերը միևնույն ժամանակ գիտեն երաժշտություն: Նոքա հարսանիքներում և զանազան խնջույքներում ներկայացնում են փոքրիկ ծիծաղաշարժ վոդևիլներ, որ կոչվում է օյին: Կատակը այդ օյինների մեջ շատ անգամ հասնում է խայտառակ և անբարոյական տեսարանների: Այդ ժողովրդական օյինները մնացորդ պետք է լինեն նախքան մահմեդականության ժամանակներից: Իսլամի հայտնվելեն հետո ամեն մի՝ ամբոխի մարմնավոր զվարճություն գրգռող խաղերը արգելվեցան: Այնուհետև թե՜ թատրոն, թե՜ երաժշտություն և թե՜ երգեր, բոլորն ընդունեցին կրոնական կերպարանք:

Խիստ ուշ երեկոյան ես դարձա իմ իջևանը: Այն գիշեր ինձ մոտ եկավ տանուտերս, մի բավականին հասկացող երիտասարդ հայ վաճառական: Մեր խոսակցությունը մեծ մասամբ եղավ նույն ավուր հանդեսների վերա, որոնցմով ես շատ հետաքրքրված էի: Նա ինձ պատմեց, թե մուհարլեմի ամսում, ժողովուրդը գրգռված լինելով վրեժխնգրության կրքերով, շատ անգամ ծագում են թաղական կուսակցությունների մեջ արյունահեղ կռիվներ, որք հասնում են կոտորման և մինը մյուսի կայքը թալանելուն: Այդպիսի կռիվները ավելի բորբոքվում են այն սնոտի հավատքով, թե սպանվածները նոցա մեջ, ուղղակի դրախտը կմտնեին: Գլխավոր, միմյանց հակառակ կուսակցությունները զանազան քաղաքներում, որոց մեջ մուհարլեմյան կռիվներ են պատահում, կոչվում են հեյդարի և նամաթի, թե ուսկից էին ծագել այդ կուսակցությունքը և թե ինչ նշանակություն ունեին նոքա, իմ տանուտերը չկարողացավ ճշտությամբ բացատրել ինձ:

Քրիստոնյաների, առհասարակ մահմեդականության չպատկանող ազգերի դրությունը մուհարլեմի ամսում, խիստ աննախանձելի է և մի անմեզ ծիծաղը, կամ արհամարհանքը նոցա կողմից դեպի մահմեդականների սնոտիապաշտությունը, կարող էր վճռել նոցա մահվան դատակնիքը: Այդ պատճառավ հայերը և հրեայք, այդպիսի օրերում խիստ զգույշ են, նոքա հազիվ են տանից դուրս գալիս:

Միակ օգուտը, որ ծագում է մուհարլեմյան սուգերի պատճառով, այն է, որ հարուստներից շատերը այդ օրերում տալիս են իմամխե րաթի կոչված հոգեհացը, և աղքատները կերակրվում են դորանով: Զանազան մեծամեծ տների որդիներից մանկահասակ պատանիներ, հագնված արաբական ձևով, փոքրիկ տկերը ուսից քարշ տված, արծաթի թասերով ջուր և շերբաթ են բաժանում բազմությանը այդպիսի հացկերույթների և, մանավանդ, թաքեաների մեջ. նոքա կոչվում են ապպասիներ, որք ներկայացնում են Ապպասին, որը Արաբիայի անապատումը զովացրուց իմամների ծարավը: Նոցա ծնողքը ուխտել են այդ պաշտոնը յուրյանց որդիներին, որ կատարում են քանի մի տարի:

ՆԱՄԱԿ ԻԴ

Իմ նախընթաց նամակիցս գիտես, որ ես արդեն Թաբրիզումն եմ: Ես բնակվում եմ հայոց թաղումը, որ կոչվում է Արմենիստան (Հայաստան): Դա մի առանձնացած թաղ է, որ բնակեցրած է, միայն հայերով: Պատճառը շատ պարզ է, հայը, երկյուղ կրելով քաղաքի մի այլ մասումը առանձնապես ապրելուց, ստիպված է եղել միշտ մոտենալ յուր ազգայիններին և այդպիսով հավաքվել են մի տեղ: Այդ երևույթը նկատվում է համարյա ամեն ասիական քաղաքներում:

Հայոց թաղումը բնակվում են եվրոպական պետությունների կոնսուլները և եվրոպացի վաճառականները:

Քաղաքից ոչ այնքան հեռու մի արվարձան Լեյլաբաթ անունով նույնպես բնակեցրած է հայերով: Թե քաղաքից դուրս, թե ներսումը հայոց բնակիչների թիվը կարելի է մինչև 500 տուն հաշվել: Գոցա մեծ մասը գաղթականներ են Պարսկաստանի զանազան քաղաքներից և գավառներից այստեղ հավաքված, առավելապես եկել են Ղարադաղի կողմերից, չալաբիան կոչված ավազակների հաղթահարություններից ազատվելու համար:

Թեև այդ մի շատ ցավալի երևույթ է, որ հայերը, ձգելով գյուղորայքը, կենտրոնանում են քաղաքներում, և այդպիսով թողնում են հողի մշակությունը, որ գլխավոր հիմքը է մարդու ապրուստի, այսուամենայնիվ, եթե խորը քննեմք այն բոլոր ստիպեցուցիչ պատճառները, չեմք կարող մեզադրել հային, թե նա սեր չունի դեպի երկրագործությունը: Պարսկաստանի գյուղորայքում հայր ոչ միայն յուր արյան քրտինքի վաստակը զոհում է գյուղատիրոջ շահերին, այլ շատ անգամ նա յուր գլխի տերն էլ չէ:

Թաբրիզի գաղթականների մեջ ղարադաղցիները, որք մեծ մասն են կազմում, ապացուցանում են այն ճշմարտությունը, թե հայը մինչ որ աստիճան ընդունակ, գործունյա և ճարպիկ ազգ է վաճառականական ասպարիզում: Ղարադաղցին եկել է այդ քաղաքը որպես մի գռեհիկ, որ քիչ բանով կարող էր զանազանվել յուր երկրի անտառների արջերից: Միակ հարստությունը, որ բերել է նա յուր հետ հայրենական տնից, եղել է յուր մաշված տրեխները, ճանապարհորդական փայտը և պարկը: Նա սկզբում լինում է ծառա մի եվրոպական, կամ այլ վաճառականի մոտ ամենաչնչին ռոճիկով: Նորա ժրությունը և հավատարմությունը բարձրացնում է նորան մինչև գործակատարի աստիճանը: Քանի տարուց հետո նա ստանում է մի մասը յուր աղայի աշխատանքից, հետո յուր համար անկախ առևտուր է անում: Եվ դու տեսնում ես, քսան տարի առաջ թշվառ, աղքատիկ խրճիթներում բնակվող ղարադաղցին այսօր փառավոր կյանք է վայելում եվրոպական կարասիքներով զարդարված գեղեցիկ տների մեջ, և սկսում է գնել չալաբիան բռնակալներից այն գյուղերը, որտեղ ինքը մի ժամանակ ստրուկ էր, որո հողը ջրում էր յուր արտասուքով...:

Մուհարլեմի խռովությունքը դադարել էին արդեն, ես կարող էի մի փոքր համարձակ պտտել քաղաքում: Եվ մի գեղեցիկ առավոտ, իմ տանտիրոջ հետ ձի նստելով, գնացիմք ման գալու:

Նեղ, ծուռումուռ շուկաները վերջ չունեին: Անծանոթ մարդը շատ հեշտությամբ կմոլորվեր ծածկված չարշիների և փողոցների լաբիրինթոսի մեջ: Տները արտաքուստ չէին ցուցանում ոչինչ գեղեցկություն, նոցա բոլոր շքեղությունը, գեղեցիկ սեռի հետ, փակված էր հարեմի պատերի մեջ: Այդ պատճառավ, այդ հսկա, լայնատարած քաղաքը պատկերացնում է մի տխուր, ասիական կերպարանք:

Կեղտոտությունը տիրում է ամեն տեղ: Մի բան խիստ շատ էր հետաքրքրում իմ ուշագրությունը, թե ինչու, համարյա բոլոր տներում, բակերի մակերևույթը մինչև տասը, քսան արշին խոր էր ընկած քուչաների հավասարությունից: Պատճառը խիստ պարզ էր, որովհետև քուչաները չեն ավելում, չեն մաքրում աղբից, ցեխից և փոշուց, կեղտոտությունքը մնալով միմյանց վերա պնդանում են, և քուչան հետզհետե բարձրանում է:

Քաղաքի մեջ, մեծ փողոցների վերա հանդիպում էին ինձ ահագին, լայնատարած գերեզմանատներ: Այդ ընդդեմ առողջապահական կանոններին երևույթը` իմ տանուտերը մեկնեց նորանով, թե պարսիկները յուրյանց մեռելները նորա համար թաղում են մեծ փողոցների վերա, որ անցուդարձ անողները նոցա հոգուն աղոթք կարդային: Ես մտածում էի, որ զրադաշտական Պարսկաստանը, Արամազդի և Արհմնի տիրապետության ժամանակ, ավելի խելոքությամբ էին վարվում մեռած դիակների հետ, քան թե Մուհամմեդի շիաները, որ յուրյանց մեռելները չեն էլ թադում հողի մեջ, այլ դնում են դատարկ փոսերում և երեսը միայն ծածկում են հողով: Որպեսզի ապականությունը բոլորովին չտիրե նորան, որովհետև մի օր նույն դիակր հանվելով պիտի տարվի Քարբալայի սուրբ հոդումը յուր վերջին հանգստությունը վայելելու: Գերեզմանները գտնվելով քաղաքի մեջ մեծ փողոցների վերա, միշտ ոտնակոխ են դառնում զանազան չորքոտանիներից, շատ անգամ ծակվում են, և իսկույն դուրս է փչում հոտած մարմինների արտայնչությունը:

Իսկ շատերը չեն էլ դնում փոսերի մեջ յուրյանց մեռելների դիակները, այն լեցնում են գերեզմանատների մոտ շինված մի հասարակաց ամբարում, որ կոչվում է դախմա, նորա լուսամուտներից միշտ դուրս է փչում թունավոր օդը:

Վերոհիշյալ երևույթները աչքի առջև ունենալով, փոքրիշատե մեկնվում է այն հարցը, թե ինչու Պարսկաստանի քաղաքների կյանքի հետ միշտ կապակից են լինում խոլերան և շատ անգամ ժանտախտը:

Խոլերայի տարածվելուն փոքր չեն նպաստում զինվորանոցները, որք շինված են համարյա քաղաքի սրտումը: Թաբրիզեցին երբեք չէ կարող հավատալ, թե քաղաքումը խոլերա կա, եթե զինվորանոցների մեջ չէին մեռնում սարվազները: Որովհետև խոլերան նախ և առաջ այստեղից է բարձրացնում յուր դրոշակր:

Թաբրիզը զուրկ է գետերից: Մի գետ Աջի-չայ անունով, յուր ջրի դառնահամ լինելու պատճառավ անպիտան է բնակիչների գործածությանը, նա ևս ամառը շատ անգամ չորանում է: Գործածության համար հարուստներըհեռու տեղերից, ստորերկրյա խողովակներով, բերած են քարհեզներ (ջրանցքներ) և նոցա ջուրը վաճառում են բնակիչների վերա: Ամեն մի թաբրիզեցին յուր տան ներքի հարկումը շինված ունի ստորերկրյա մի ամբար, որ կոչվում է աբամբար, այսինքն՝ ջրի ամբար: Այդ ջրամբարները հաղորդակցություն ունեն ջրանցքների հետ, և տարենը մի քանի անգամ լեցնվում են ջրով, որտեղից ամիսներով գործ են ածում տնեցիք: Այդ պատճառավ թաբրիզեցին երբեք թարմ ջուր չունի:

Մեր զբոսանքը տևեց մինչև կեսօր: Ճշմարիտն ասած, ոչինչ առանձին զվարճություն չբերեց ինձ: Ամեն տեղ՝ միևնույն ծուռումուռ փողոցները, ամեն տեղ միևնույն տները, բոլորը միանման, տխուր, մռայլոտ, և ամեն կողմից փակված, որպես ասիական անշարժ կյանքը

Միայն տեղ-տեղ հանդիպում են քեզ կոլոլված գունդեր. նոքա շարժվում են, նոքա առաջ են ընթանում: Նոքա նմանում են այն ուռած կապտագույն ամպերին, որք լողում են մթնոլորտի մեջ: Դու մոտենում ես: Խորհրդական սփածանելիքի ճեղքից հանկարծ կայծակին են տալիս մի զույգ կրակոտ աչքեր, սև, ախտաբորբոք աչքե՛ր... և իսկույն ծածկվում են...: Դու հասկանում ես, որ դոքա կանայք են: Խե՛ղճ կանայք, որքան ցավալի է ձեր վիճակը, տան մեջ ծածկված, դրսումը ծածկված... փա՛կ է ձեր կյանքը, թե բարոյապես և թե մտավորապես:

Իմ ուշադրությունը գրավեց միայն Գոյ-Մեչիտը, արաբացվոց մի հին մզկիթի փլատակները, ճշմարիտն ասած, պատիվ է բերում նա արևելյան ճարտարապետությանը, մոզաիկները, քանդակները, ղորանի արձանագրությամբահագին մարմարիոնից քարերը՝ անհամեմատ գեղեցիկ են: Մի այլ նշանավոր հնություն կարելի է համարել Արքը, դա մի հսկա մինարեթ է, վիթխարի կերպով դիմանալով դարերի հոսանքին, մինչև այսօր կարծես իշխում է ամբողջ քաղաքի շինությունների վերա:

Ես վերադարձա իմ կացարանը, կեսօրից բավականին անց էր: Մի բանով միայն ես գոհ էի, որ այն օրվա զբոսանքը ինձանում պատճառեց սաստիկ ախորժակ ճաշելու:

Ճաշին ինձ հետ սեղանակից եղան զանազան մարդիք, որք ներկայացուցիչներ էին զանազան երկրներից եկած գաղթականների: Ես նկատում էի, նոցանից ամեն մինը յուրյանց մեջ առանձնապես խոսում էին յուրյանց գավառական բարբառով, բայց երբ խոսակցությունը դառնում էր ընդհանուր, նոքա գործ էին ածում բավականին մշակված լեզու: Այդ բանը ինձ շատ ուրախացրուց. մտածելով, երբ կանցնի հին սերունդը, թաբրիզեցի հայերը կունենան ավելի մաքուր և նոր գրականությանը մոտ լեզու, քան այլ երկրներում բնակվող հայերը:

Նոքա ամենքը գիտեին գրել կարդալ և բոլոր ժամանակը խոսում էին ուսման, կրթության, ազգասիրության, վաճառականության, հոգևորականության վերա և երբեմն մեջ էին գցում կրոնական վիճմունքներ:

Երեկոյան պահուն տանուտերս ինձ ստիպեց յուր հետ գնալ եկեղեցի, ասելով, թե այն օր տոն էր: Ես ուրախությամբ հանձն առի և քանի րոպեից հետո մեք գտանվում էիմք եկեղեցվո մոտ: Նա բավականին հոյակապ շինվածք էր, բայց շատ հասարակ ճարտարապետության գործ: Նա չուներ զանգակատուն, որովհետև քրիստոնյա եկեղեցվո զանգահարությունը արգելված է մահմեդական աշխարհում: Ժամտան մղդսին, փայտյա մուրճը ձեռքին, սովորական ժամերում, ստիպված է բախել ժողովրդի դռները և հրավիրել նորանց աղոթելու: Այսուամենայնիվ եկեղեցին լիքն էր բազմությամբ: Երևում էր, կրոնական ջերմեռանդությունը դեռ խիստ վառ էր նոցա մեջ:

Ես կանգնեցա մի սյունի մոտ, ոչ հեռու այն տեղից, որ առանձնապես բաժանված էր կանանց համար: Հարեմական դրությունը մահմեդական Պարսկաստանի երևում է և աստուծո տաճարի մեջ: Կանայքը կանգնած էին տղամարդերին անտեսանելի, որոշված և չորեքկողմից փակված տեդում: Փոքրիկ դուռը, ուսկից քահանան մտնում էր նորանց խնկարկելու կամ գանձանակ հավաքելու, ծածկված էր վարագույրով: Նոքա դուրս են գալիս յուրյանը խորանից պատկերները համբուրելու այն միջոցին, երբ բոլոր տղամարդ ժամավորքը հեռացել էին արդեն:

Ճշմարիտն ասած, կանանց ղռվռոցը, նոցա քչփչոցը չթողեցին ինձ մի բան լսել ժամերգությունից, թեև առանց դորան էլ նկատելի էր, որ շատ անկարգ էր: Ամբողջ ժամանակը ես մտածում էի այն բանի վերա, թե ինչու հայ կանայք աստուծո տաճարի մեջ չէին պահպանում համեստության կանոնները, որո ընդհակառակն նոքա ընտանեկան կյանքի մեջ շատ համեստ, ամոթխած և լուռ են: Այդ երևույթը ես մեկնեցի հորանով, որ Պարսկաստանում հասարակական կյանքը խիստ սահմանափակված լինելով, կանայք հանդիպում են միմյանց միայն եկեղեցումը և այդ միակ հարաբերությունը առիթ է տալիս նորանց այնտեղ դուրս թափել յուրյանց սրտի բոլոր կրքերը: Նոցա բոլոր գանգատները, կռիվները, բամբասանքները, վճռվում են եկեղեցում:

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԹԻՖԼԻՍԻՑ
ՄԻՆՉԵՎ ԱԳՈՒԼԻՍ
ՊԱՐՈՆ ԽՄԲԱԳԻՐ

Դուք հանձնեցիք ինձ հետազոտել հայ գաղթականների վիճակը, որոնք ներկա ռուս-թուրքական պատերազմի միջոցում Տաճկաստանից անցան դեպի ռուսական Հայաստանը: Ձեր առաջարկությունը այնքան կարևոր էր, որքան և մոտ էր իմ սրտին: Բայց ցավում եմ, որ լիակատար բավականություն չի պիտի կարողանամ տալ Ձեր հարցասիրությանը: Դուք իմ ուղևորության մեջ կգտնեք այնքան միայն վերաբերող գաղթականների վիճակին, որքան կարող է հաղորդել մի ճանապարհորդ, որ բոլորովին առանձին պաշտոնով շտապում է գնալ մի օտար երկիր:

Արդարև, ներկա պատերազմիս միջոցում հայերի նոր գաղթականությունը, որպես մի պատմական իրողություն, ամենայն ուշադրության արժանի է: Բայց ափսո՛ս այդ մասին շատ փոքր գրվեցավ, շատ փո՛քր խոսվեցավ: Մենք լսեցինք միայն, որ 3000 հայ ընտանիք թողեցին իրանց հայրենիքը և անցան Արարատյան նահանգը, բայց թե հետո ի՞նչ եղան, ո՞ւր մնացին և ի՞նչ վիճակի մեջ են ապրում, — դրանց մասին խիստ աննշան տեղեկություններ ունինք:

Թիֆլիսից ես դուրս եկա փոստային կառքով, թեև ունեի արքունի անցագիր, բայց պատերազմի պատճառով զնվորական աստիճանավորների անցուդարձն այնքան հաճախ էր, որ անկարելի էր լինում յուրաքանչյուր իջևանում գտնել պատրաստի կառք և ձիեր: Ստիպված էի օրերով սպասել, մինչև հերթն ինձ հասներ, որ ճանապարհ ընկնեի: Այս համընթացությունը ինձ միջոց էր տալիս մասամբ կատարել Ձեր հանձնարարությունը, պարոն խմբագիր: Ես սկսում էի գրել իմ ուղևորության նկատողությունները, և շատ անգամ վարձում էի մի ձի, դուրս էի դալիս փոստային ճանապարհից, և սկսում էի թափառել մերձակա գյուղերում: Ուր և գնում էի, իմ առաջին աշխատությունը լինում էր որոնել ալաշկերտցիք. բայց նրանց գտնիլը շատ հեշտ էր, որովհետև ըստ մեծի մասին տարածված էին նույն գծի մերձակա գյուղորայքում, որոնց միջով անցնում էր իմ ճանապարհը:

Մի քանի տեղեր հեռավորության պատճառավ կամ հարմարություններ չգտնելով, ես գնալ չկարողացա, բայց որքան տեսա և գրեցի, այդ ևս բավական է մի փոքր գաղափար տալու, թե որպես է ապրում հայ գաղթականը...

ՐԱՖՖԻ

Ա

Առաջին տպավորությունները Թիֆլիսից դուրս գալուց հետո: — Կուր գետը և նորա բողոքը: — Թաթառներ և նրանց կենցաղավարությունը: — Ջհանգիր-խան: — Հայոց գյուղորայք և Դիլիջանի անտառը: — Վիրավորյալներ պատերազմի դաշտից: — Ղարաբաղցի հայ կամավորի պատմությունը:

Երբ ես Թիֆլիսից դուրս եկա, եղանակը պարզ էր: Չնայելով, որ սեպտեմբերի կեսը անցել էր, տոթը տակավին անտանելի էր: Իմ ճանապարհորդական սայլակը սրընթաց կերպով վազում էր կոկած խճուղու վերա, որի հետ զուգահեռաբար ձգվում էին հեռագրական թելեր, մինը արույրի, մյուսը փայտե ձողերի վերա պնդացրած: Երևակայում էի, թե գտանվում եմ մի եվրոպական աշխարհում: Այս տպավորությունը երկար չէ տևում, մին էլ տեսնում ես, անցավ ավանակների մի քարավան, մարդիկ նրանց վերա նստած, անդադար շարժում են իրանց ոտները, ծակծկում են նրանց վզերը ձեռքներումը բռնած իրանով, որ ուշիմ կենդանիքը առաջ գնան: Ահա անցնում են մի քանի թաթառներ եզների վերա նստած. սանձի փոխարեն մի պարան կապած է նրանց եղջյուրներից, ծեծելով առաջ են մդում ողորմելի գրաստները: Հանկարծ քո ուշադրությունը գրավում են զանգակների խուլ-ներդաշնակավոր ձայներ, նայում ես, մի շարք ուղտեր չափավոր քայլերով ընթանում են ճանապարհի երկարությամբ, թուրք ուղտապանը նրանց վերա նստած, օրորում է և ինքնաբավական հաճությամբ ծխում է յուր կարճլիկ չիբուխը: Այդ էլ անցավ: Ահա գալիս են արաբաներ, գոմեշներով լծած, և նրանցծանր անիվների ճռճռոցը ահագին աղմուկ է բարձրացնում: Դու կարծում ես, նրանք շինված են գուցե այն ժամանակներում, երբ երկաթի գործածությունը տակավին ծանոթ չէր մարդկանց. մի մեխ անգամ նրանց վերա չկա. բոլորը շինված է փայտից, հին կոշտ կոպիտ ձևով: Արաբաների վերա կապերտից կազմված են վրանաձև խուղեր, սրոց մեջ երևում են կանացի կերպարանքներ, երեխաներ, մի քանի հավեր ոտներով կապած վրանի ձողերին և կթոցներում դարսած զանազան իրեղեններ: — Դա թափառաշրջիկ խաշնարածների մի ուրդ է, որ վերադառնում է արոտատեղերից: Եվ հանկարծ այդ հնադարյան խառնուրդի միջով սլանում է մի փառավոր կառք, որ տանում է յուր մեջ մի օրիորդ վերջին մոդայի ձևով հագնված, և մի տղամարդ կողքին նստած...

Ինչե՛ր չեն գալիս ու չեն գնում քո մտքի մեջ, երբ նայում ես այդ խառնիճաղանջ բազմությանը: Դու տեսնում ես մարդկային քաղաքակրթությունը յուր զանազան ելևէջների վերա, սկսյալ խորին նահապետական օրերից մինչև մեր օրերը: Դու տեսնում ես զանազան երեսներ, զանազան հագուստներ, լսում ես զանազան բարբառներ:

Թիֆլիսից դուրս գալով, որքան գնում է մարդ, համարյա անապատների միջով է անցնում: Լեռները, բլուրները, դաշտերը մերկ և այրված են բոլորն: Միայն ձախ կողմում հեռվից հետևում է ճանապարհորդին Կուր գետր, որ յուր ծառազարդ եզերքով ձգվում է որպես գեղեցիկ ժապավեն: Նա ձգվում է զուգահեռաբար փոստային ճանապարհի հետ, իսկ տեղ-տեղ թաքնվում է բլուրների հետքում և կրկին երևան է գալիս, կարծես քեզ ասելու համար այս խոսքերը. տե՜ս, որքա՜ն գեղեցիկն են իմ եզերքը... Բայց մարդիկ ծույլ են, ինձանից օգուտ քաղել չեն գիտում, որ նրանց դաշտերն էլ գեղազարդեմ...

Մինչև Աղստաֆա բնությունը միակերպ մեռած է: Տեղ-տեղ երևում են հողակույտեր: Այդ հողակույտերը շատ նման են այն շինվածքներին, երբ խլուրդները իրանց ստորերկրյա բնակարաններից հողը դուրս փորելով, իրանց բույների վերա բլրակներ են կազմում: — Իսկ այդ հողակույտերի ներքո մարդիկ են բնակվում գետնափոր խրճիթներում: — Դրանք թուրքի գյուղեր են: Թիֆլիսից մինչև Քարվանսարա կոչված հայոց գյուղը անդադար հանդիպում են այսպիսի բնակարաններ. անծանոթ մարդր երբեք չէ կարող կարծել, թե նրանք պատկանում են մարդկանց, թե նրանց մեջ կարող էին ապրել կենդանի արարածներ: Այդ գետնափոր խրճիթները մի տեսակ գերեզմաններ են, այն զանազանությամբ միայն, որ նրանց մեջ կարելի էր շունչ քաշել:

Ինձ պատահել է ամառը ևս անցնել այս գյուղերի միջով, մի մարդ, մի անասուն անգամ չէ երևում, բոլոր խրճիթներն դատարկ են: Այն ժամանակ նրանք գնացած են լինում հեռավոր լեռների վերա իրանց անասունների համար արոտ որոնելու: Իսկ այդ անգամ, երբ ես անցա, սեպտեմբերը մոտենում էր յուր վախճանին և խաշնարածները արդեն վերադարձել էին յայլաղից (արոտատեղերից): Եվ շատ անգամ տեսնում ես, յուր խրճիթի բլրակի վերա կանգնած է մի տղամարդ, կռացած յուր երկայն մահակի վերա: Մի ահագին խենջար քարշ է ընկած յուր գոտուց և լայնաբերան կախած է կողքից: Նրա այրական դեմքը քաջազնական է, և ավազակային աչքերում կարդացվում են այս խոսքերը. — Եթե դու գիշերով անցնեիր, իմ հաշիվը կվերջացնեի քեզ հետ...

Այս կողմերում թաթառները գլխավորապես տարածված են Ղազախի, Բորչալուի և Շամշադինի գյուղորայքում, և նրանք տվել են մեզ ամենաընտիր ավազակներ, որպիսի են Քոռ-Ջամալը, Իսմայելը, Դաշի-Դամուրը և այլն: Եվ ամեն տարի Մեքքայի փոխարեն բազմաթիվ ուխտավորներ ճանապարհ են գցում դեպի Սիբիրիա...

Այս կողմերի թաթառները կրոնքով պատկանում են սուննի աղանդին. մի քանի գյուղեր միայն ունին մոլլաներ, որոնց գործն է` ծնածը թլփատել, մեռածը թաղել և քեբինը (ամուսնությունը) հաստատել: Վարժարանը նրանց մեջ աներևակայելի բան է. շատ գյուղեր մեջիտ ևս չունեն: Այդ պատճառավ ժողովուրդը զուրկ է մնացել մինչև անգամ մահմեդական կրոնի բարոյական ազդեցությունից է բավականանում է կույր մոլեռանդությամբ միայն, իրան մահմեդական և աստուծո արքայության ժառանգորդ համարելով, իսկ ոչ-մահմեդականներինդժոխքի որդիք:

Աշխատության մեջ շատ ծույլ են այս կողմերի թաթառները, ցանում են այնքան միայն, որքան իրանց պետք է և գլխավոր պարապմունքը նվիրած են խաշնարածության: Տղամարդիկ որևիցե արհեստով չեն պարապվում. կանայք միայն խուզում են իրանց ոչխարների բուրդը, թել են մանում և կապերտներ են գործում: Նրանց կապերտներն թեև այնքան նուրբ չեն, բայց նշանավոր են իրանց տոկունությամբ: Թաթառները գնում են զանազան արհեստագործական արդյունաբերություններ Թիֆլիսում, այնտեղ վաճառելով իրանց անասունները և մասնավորապես ալյուր: Այն ագարակային բերքերը, որ ստացվում են Թիֆլիսում Սողանլուխի կողմերից, այստեղ Պարսկաստանից եկած թուրքերի աշխատության արդյունքն է. տեղացիք դեռ անընդունակ են երկրագործության այս ճյուղի մեջ:

Մի իջևանում ոչինչ չգտա ուտելու և ստիպված եղա գնալ մերձակա թուրքի գյուղ մի բան գնելու: Իսկույն մի խումբ գայլանման շներ թափվեցան իմ վերա: Ինձ պաշտպանեց մի կին, որ իսկույն դուրս թռավ գետնափոր խրճիթի ծակից: Կինը ամեն ժողովրդի մեջ ավելի փափուկ սիրտ ունի: Նա շատ ցավեցավ տեսնելով, որ իմ սյսւլտոյի փեշը ճղած է:

Հաց ունի՞ս, — հարցրի նրանից:

Այս րոպեիս կպատրաստեմ, — ասաց նա:

Ուրիշ ի՞նչ ունիս:

Կաթ, մածուն, ձու կգտնվի:

Նա հրավիրեց ինձ նստել յուր խրճիթի դռանը գտնված հողաթամբի վերա, մինչև ինքը կպատրաստեր ինձ համար ուտելիք: Ես սիրով հանձն առա նրա հրավերը, մտածելով, որ փոստային իջևանում պատրաստի ձիեր չկային, հարկավոր էր մի քանի ժամ սպասել: Իսկույն հավաքվեցան իմ շուրջը մի քանի կիսամերկ երեխաներ ահագին փափախներով (գլխարկ) և սկսեցին հետաքրքրությամբ նայել ժամացույցիս շղթայի վերա, կոշիկներիս վերա, նկատողություններ անելով և խնդալով: Դրանք տանտիկնոջ որղիքն էին: Հազիվ թե մի ամենափառավոր պալատ յուր բոլոր կենսական հարմարությամբ կարող է ծնել այնպիսի առողջ և պնդակազմ երեխաներ, որպես էին այն բոբլիկ լամուկները: Երեխայք սիրելի են միշտ, ինչ ազգից և լինեին նրանք: Ես սկսեցի հանաքներ անել նրանց հետ: Մայրը ուրախանում էր, երբ տեսնում էր, որ յուր զավակները սիրվում են: Նա իսկույն կրակ վառեց օջախի մեջ, դրեց նրա վերա երկաթե կասկարան և նրա վերա նույնպես երկաթե մի լայն սինի (սաջ). այնուհետև իսկույն խմոր հունցեց և նրանից կլորիկ բաղարջներ շինելով, ձգեց սինու վերա: Այգ գործողությունը կատարվում էր զարմանալի արագությամբ: Մի քանի րոպեի մեջ նոր թխած հացր արդեն պատրաստ էր:

Ես բոլոր ժամանակը լուռ նայում էի ժիր տանտիկնոջ վերա: Նա շատ հասակավոր չէր, երեսուն տարեկան հազիվ կլիներ, բայց յուր նուրբ և ջլուտ կազմվածքով եղջերվի նման դյուրաշարժ էր: Հագուստը խիստ պարզ էր յուր ինքնուրույն ձևով: Կարմիր շիլայի շապիկը հասնում էր մինչև ոտները, որի կուրծքը սկսյալ պարանոցեն մինչև գոտին ուներ լայն բացված օձիք, եզերավորած արծաթի դահեկաններով, պարանոցը, բազուկները և սրունքները զարդարած էին գույնզգույն հուլունքներով: Շիլայի շապկի վերա հագած ուներ կարճլիկ կուրտիկ, նույնպես զարդարած դահեկաններով: Գլխի պաճուճանքը ավելի փառավոր էր. նա բաղկանում էր գույնզգույն թաշկինակներից, որ կազմում էին գագաթի վերա մի կոնաձև բարձրություն և իրանց դրոշակներով թափվում էին թիկունքի վերա: Ամեն մեկ շարժվելիս, նա ամբողջ մարմնով զնգզնգում էր. այդ ձայնը պատճառում էր նրա մեջ մի առանձին բերկրություն, որ ավելի նման էր կանացի ցուցամոլության:

Այս կողմերի թաթառների կանայքը, չնայելով մահմեդական կրոնի դրած խիստ արգելքներին, իրանց երեսը չեն ծածկում, տղա մարդից չեն թաքնվում, այլ արձակ համարձակ խոսում են: Այդ պետք է վերաբերել նրանց ազատ կյանքին, որովհետև որպես խաշնարած մի ցեղ, զերծ են մնացել փակված կյանքից: Բայց ինձ երևաց, որ տանտիկինը ուրախ չէր, մի ներքին տխրություն երևում էր դեմքի վերա: Նա շատ սակավ էր խոսում:

Ես խիստ ախորժանոք կերա պատրաստած ճաշը. երբ առաջարկեցի փող, նա չընդունեց, ասելով.

Ափսո՜ս որ մարդս տանը չէ, և մեր ոչխարները դեռ չեն դարձել դաշտից, մենք քեզ համար մի գառ կմորթեինք և օրերով մեր տանը կպահեինք:

Այսքանով ես դարձյալ շնորհակալ եմ. բայց դուք ընդունեցեք արծաթը, — ասացի ես:

Մենք սովորություն չունինք, — պատասխանեց նա. — եթե դու ուզում ես մեզ մի լավություն անել, մի թուղթ գրիր:

Ի՞նչ թուղթ:

Գրիր, որ եղբորս թողնեն բանտից:

Մի՞թե նա բռնված է և ի՞նչ բանի համար:

Տիկինը փոխանակ պատասխանելու, սկսեց գանգատվիլ ժամանակի վատության վերա, ասելով.

Վա՜տ ժամանակներ են, պարոն, մի բանի ձեռք չես կարողանում դիպցնել, իսկույն բռնում են ու ծակն են կոխում... էլ ինչո՞վ պետք է ապրել, տուն ու տեղ պահել... բայց այսպես չէր առաջ...

Ես հասկացա, որ ավազակուհու ինձանից պահանջածը մի խնդիրք գրել էր, որով նա հույս ուներ, թե յուր եղբայրը կազավի բանտից: Բայց դժբախտաբար ես ոչ փաստաբան էի և ոչ խնդիրք գրող, որ կարողանայի ազատել մի քրեական հանցավոր:

Ես իմ շնորհակալությունը հայտնելով հեռացա, երբ իջևանից իմացում տվին, թե ձիերը պատրաստ են:

Փոստային իջևանների սայլապաններն այս կողմերում ըստ մեծի մասին հայեր են: Ես եկա, սայլակը տակավին լծած չէր դեռ նոր օծում էին անիվները և ձիերը դուրս քաշում ախոռից: Ավելի քան տասը մարդիկ և ինքն ստարոստան զբաղված էին այս գործով. մի հարայ-հրոց էին բարձրացրել, որ աստված ազատե. մինը ձիու վերա էր բարկանում, մյուսը սանձերը և սայլի թոկերն էր այս կողմ և այն կողմ քաշքշում, երրորդը քաղաքավարի հայհոյանքներ էր թափում բերնից. մի խոսքով՝ շունը տիրոջը չէր ճանաչում: Մի ամբողջ ժամ տևեց այդ բաբելոնյան խառնակությունը, տակավին սայլակը պատրաստ չէր: Ահա հայի ամեն գործ այսպես է կատարվում, մտածում էի ես. խոսում են ու խոսում, բայց չեն շինում: Այդ խիստ հատկանիշ է մեր բնավորությանը:

Մութը պատել էր, երբ ճանապարհ ընկա, թեև գիշերով այս կողմերում շատ վտանգավոր է ուղևորությունը, բայց ի՜նչ պետք է արած...

Գիշերից բավական անցել էր, երբ հասա Աղստաֆայի իջևանը, այստեղ ես ծանոթացա նորին պայծառափայլության՝ Ջհանգիր-խանի հետ, որ դառնում էր Եվրոպայից, Պարսկաստան էր գնում: Նորին պայծառափայլությունն երևելի Սուլեյման-խանի որդին է, որ յուր ժամանակին Պարսկաստանի առաջնակարգ պետական անձինքներից մեկն էր. նա երկար ժամանակ վարեց ամբողջ Շիրազի և Սպահանի նահանգների փոխարքայությունը և յուր հավատարիմ ծառայության փոխարեն ստացավ տիտղոս` մոհտամիդ-դովլա (պետության հավատարիմ): Նա ազգավ հայ էր և մինը այն ազնվականներից, որ Աղա-Մամատ-խանը Թիֆլիսից տարավ Թեհրան: Իսկ որդին՝ Ջհանգիր-խանը, այժմ Դռան մոտ նույն նշանակությունն ունի, որպես յուր արժանահիշատակ հայրը: Նա յուր անշահասեր և հավատարիմ ծառայությամբ արժանացած է միրփանջի (գեներալ-ինֆանտերիայի) աստիճանի:

Следующая страница