Րաֆֆի՝   Հուշագրություններ

Ջհանգիր-խանը վարում է մեծամեծ պաշտոններ, նա ընդհանուր Պարսկաստանի զինապետը և վառոդապետն է. նա, որպես հմուտ մեքենագետ և ճարտարապետ, առաջինը եղավ, որ Թեհրանում հիմնեց մի գործարան թնդանոթներ ձուլելու և զինվորների ասիական զենքերի ձևը եվրոպականի փոխեց: Բացի դրանից Ջհանգիր-խանը Շահի գաղտնի խորհրդարանի անդամ է, իսկ արքունիքում կատարում է գլխավոր սենեկապետի պաշտոն: Ջհանգիր-խանը ունի և զանազան գրական աշխատություններ պարսից լեզվով, որպես է նրա Տելեմաքի թարգմանությունը ֆրանսերենից: Իբրև պետական անձ նա խիստ գործունյա է և հանճարեղ, և իբրև մարդ ազնիվ է և բարի: Նա ունի մի եղբայր ևս Նարիման-խան անունով, որ մի Ժամանակ Աղեքսանդրիայի հյուպատոս էր պարսից կողմից, դա երևելի Տատյանների փեսան է և շատ անգամ պարսից մեծամեծ ծառայությանը մեջ մտած է:

***

Աղստաֆայից սկսած բնությունը հետզհետե կենդանանում է, չոր ու ցամաք լեռները, բլուրները և դաշտերը ծածկվում են թփերով ու մացառներով, և երբ ճանապարհորդը մտնում է Դիլիջան գետի հովտի մեջ, ամբողջ տարածությունը հովանավորված է թթենի ծառերով և դարևոր ընկուզենիներով: Այս տեսարանը միակերպ է մինչև հայոց Քարվանսարա գյուղը, իսկ այստեղից սկսվում է Դիլիջանի գեղեցիկ անտառը: Այնուհետև երևում են հայոց գյուղորայք: Խճուղին, ոլոր-մոլոր պտույտներ անելով, դնում է մի նեղ ձորի միջով և Դիլիջանի սրընթաց գետը չէ բաժանվում ճանապարհորդից: Տեսարանները հետզհետե փոխվում են, երևան հանելով նորանոր պատկերներ՝ նոր գեղեցկությամբ:

Հայոց գյուղորայքը թե իրանց դիրքով և թե շինությունների ձևերով շատ չեն զանազանվում թաթառների գյուղերից, որոնք մի մասնավոր նկարագիրը տեսավ ընթերցողը: — Դարձյալ գետնակոր խրճիթներ, դարձյալ մարդիկ ապրում են խլուրդների նման ստորերկրյա ծակերի և խորշերի մեջ: Բայց թաթառների այս տեսակ կեցությունը հասկանալի է, նա առաջ է եկած ավելի տեղական հանգամանքներից. նրանց բնակած տեղերում ծառ, փայտ կոչված բաներ չկան: Բայց բոլորովին աններելի է Դիլիջանի անտառներում գետնի տակում ապրիլ:

Այս կողմերի հայերը շատ նման են իրանց հարևան թաթառներին և հագուստի ձևերով ու գյուղական տնտեսությամբ: Երկրագործությամբ սակավ են պարապվում, որովհետև անտառներում ցանելու հողեր շատ քիչ ունեն: Այս հանգամանքը պետք է զարգացներ նրանց մեջ անասնապահությունը, որո համար տեղական հարմարություններ ունին. բայց դրա մեջ նույնպես ավելի առաջ չեն գնացած, անասուններ պահում են այնքան, որքան իրանց պետք է, այսինքն՝ թե բերքը և թե նույնիսկ անասունները այնքան չեն բազմացնում, որ վաճառքի նյութ դառնան:

Շատերն ունեն հին ձևով արաբաներ, եզ կամ գոմեշ լծած, որ բանեցնում են ծանրություններ փոխադրելիս: Բայց նրանք, որ անտառների խորքումն են բնակվում և հեռու են փոստային ճանապարհից, շատ աղքատության մեջ են ապրում:

Բայց տեղ-տեղ երևում են դուքաններ, համեմատաբար ավելի փառավոր շենքերով. հայ մանրավաճառը դարսել է նրանց մեջ ամեն տեսակ իրեղեններ և փող է որսում: Այս դուքաններում ամեն տեսակ բաներ ծախվում են, սկսյալ գինուց, արաղից, պանրից, սոխից, սխտորից, մինչև թեյ, շաքար, երեխայոց խաղալիքներ և զանազան տեսակ գործվածներ: Այնտեղ ցանկացողը կարող է նաև ճաշ և ընթրիք ստանալ: Ինձ պատահեց այսպիսի մի դուքանում փոքր-ինչ ճաշել: Անգութ դուքանչին այնպես անողորմ կերպով կողոպտեց ինձ, որ ես իսկույն մտաբերեցի Տենարդիեի պանդոկը «Թշվառների» մեջ...

Դիլիջանի անտառում ծառերի խուլ և ստվերախիտ հովանու տակ շատ անգամ տեսնվում են վրանների ամբողջ շարքեր, որոնց մեջ դարմանում են պատերազմի դաշտից բերած վիրավորները: Նույն վրանների մոտ տեսնվում են թարմ գերեզմանատներ, մի-մի սև խաշ միայն տնկած անշուք հողադամբարանի վերա: Ովքե՞ր են պառկած այն խաչերի տակ, ի՞նչ ազգից են, — հայտնի չէ. ոչ մի արձանագրություն չէ պահպանել նրանց հիշատակը... Հայտնի է միայն, որ կռվի դաշտից բերված զինվորներ են:

Ինձ պատահեց մի գյուղացի քահանա, որ յուր տիրացվի հետ դիմում էր դեպի վրանները: — Ու՞ր, տեր հայր, — հարցրի նրանից: — Այստեղ մի հայ տղա է մեռած, գնում եմ թաղեմ, — ասաց նա և հեռացավ:

Ես հետաքրքրվեցա մոտենալ վրաններին, բայց մեռելի մոտ չգնացի. ինձ գրավում էին կենդանիքը: Յուրաքանչյուր վրանում կազմված էր երկու մահճակալ ցամաք ոստերից հյուսած, որոնց վերա պառկած էին դեղնած, արյունաքամ եղած հիվանդներ: Այստեղ ու այնտեղ սպիտակ գլխարկներով պտտում էին մանկահասակ աղջիկներ, դրանք «գթության քույրեր» են:

Ինձ գրավեց մի երիտասարդ, որ դեռ ոչ բոլորովին առողջացած, մի ծառի տակ նստած էր վրաններից հեռու: Նա նստած էր միայնակ և տաքանում էր վաղորդյան արեգակի ճառագայթներով: Ես մոտեցա նրան, երբ ասացին, որ երիտասարդը հայ է: Նա յուր մաշված տկարության մեջ տակավին պահպանել էր այրական քաջազնությունը: Երիտասարդը ղարաբաղցի էր, մինը այն հայ կամավորներից, որ կոտորվեցան Բայազետի մոտ: Նա խնդրեց ինձանից ծխախոտ. ես շինեցի նրա համար մի սիգար, երբ նշմարեցի, որ ձեռքերը դողդոդում էին: Ինձ շատ հետաքրքրական էր լսել Բայազետի անցքը այն տղամարդից, որ նույն կռվի հերոսներից մեկն էր: Նա հաճեցավ պատմել:

Երբ Տեր-Ղուկասովն, — ասաց նաառաջ գնաց դեպի սուրբ Հովհաննեսի և Ալաշկերտի կողմերը, Բայազետը պահպանելու համար թողեց շատ փոքր զորք, — մի քանի հարյուր սալդատներ միայն և նույն թվով ձիավորներ, որ հավաքված էին հայ և թուրք կամավորներից: Եվ ավելի մեծ զորություն այնտեղ պահելու պետք չկար, քանի որ ոչ մի կողմից վտանգ չէինք սպասում: Թե հայ և թե թուրք կամավորները խառն էին միմյանց հետ, թուրք խաների գլխավորության ներքո:

Բայազետի հայերն, որ ամեն կողմից մեզ լուրեր էին բերում, շատ անգամ ասում էին, թե քուրդերի և բաշիբոզուկների մեծ բազմություն մի շեյխի44 առաջնորդությամբ գալիս են Բայազետի վերա և նրանք խնդրում էին, որ վաղօրոք իրանց թույլ տրվի հեռանալ Բայազետից: Ոչ ոք նրանց չէր լսում, և մանավանդ մի մարդ հավատացնում էր, թե բոլորը սուտ է, և ամենևին երկյուղ չկա: Այս մարդը մի կապալառուի գործակատար էր, որին հանձնված էր, որպես ասում էին, բավականին մեծ գումար գարի գնելու համար: Նա քաղաքի մեջ ազդեցություն ունեցող մարդերից մեկն էր: Թե ի՞նչ մտքով էր նա մեզ խաբում, ես չգիտեմ, միայն բայազետցի հայերը, երբ որ տեսան քուրդերը մոտենում են, իրանց իրեղենները թաքցրին հարևան թուրքերի տներում, այն մտքով, որ նրանց մոտ կարող էին ազատ պահել թշնամու հափշտակությունից: Այդ մի տեսակ պարտք էր, որ հայերը պահանջում էին նրանցից, որովհետև ռուսներն առաջին անգամ Բայազետ մտնելու ժամանակ թուրքերն էին իրանց կայքը թաքցրել հայերի տներում, մտածելով, որ գուցե կողոպտեն ռուսները:

Քրդերը և բաշի-բոզուկները եկան մոտ 20 հազար հոգի բազմությամբ, նրանց հետ միացած էին ավելի քիչ թվով կանոնավոր զորք: Բայազետը պաշարվեցավ: Մեր սալդատները և կամավորների մի փոքր մասը հազիվ կարողացան բերդը մտնել և այնտեղ պաշտպանվել: Մենք մնացինք բերդից դուրս, որովհետև ամենիս համար տեղ չկար... Բերդի մեջ մտնողների թվումն էր և այն մարդը, որ մեզ հավատացնում էր, թե քրդեր չեն գալու:

Քրդերը ոչ միայն տաճկաստանցիք էին, այլ նրանց հետ խառնվել էին նաև պարսկահպատակ քրդեր, և նրանք տեղային քրդերից, որոնք ընդունել էին ռուսաց հպատակություն: Այդ դեռ բավական չէ, թշնամու կողմն անցան և զիլանցի քրդերը, որոնք վադուց ռուսաց հպատակներ էին և բնակվում էին Արարատյան նահանգում: Այդ չարագործներն էին, որ կողոպտելով Ալաշկերտի գյուղորայքը, հափշտակեցին շատ կանայք և աղջիկներ, տարան Արագած լեռների վերա, և այնտեղ իրանց գազանական կիրքը կատարելեն հետո, բոլորին սպանեցին:

Մենք, հայ ձիավորներս, որպես ասացի, մեծ մասամբ բերդից դուրս մնացինք: Մեր մահը արդեն հասել էր. բայց վճռեցինք կռվիլ և այնպես մեռնել: Մերոնք լավ էին ընդդիմանում, քանի որ վառոդ և գնդակ ունեին, բայց երբ որ բոլորը սպառվեցավ, այնուհետև սկսեցին սրերով վրա տալ: Բայց մեր անբախտությունը նրանումն էր, որ մենք կոտորվում էինք երկու կողմիցթշնամուց և մեր ընկեր թուրքերից: Մեզանից ազատվեցան նրանք միայն, որ փախան, իսկ մնացածները բոլորն ընկան:

Այնուհետև քրդերը մտան քաղաքը: Սկսվեցավ սարսափելի կոտորածը: Բարբարոսի սուրը ոչ սեռի էր նայում և ոչ հասակի, պատահածը միակերպ մորթում էր: Քրդերի հետ խառնվեցան նաև տեղային թուրքերը: Այնպես որ, Բայազետի 400 տուն հայ բնակիչներից միայն 100 ընտանիք ազատվեցան դեպի Պարսկաստանի Մագու քաղաքը փախչելով45, իսկ մնացածը կամ սպանվեցան, կամ քրդերի ձեռքը գերի ընկան:

Բայազետի հայերը հարուստ էին, այս պատճառով հափշտակությանը և կողոպուտին ոչ թիվ կար և ոչ համար. ինչ կարողանում էին վեր էին առնում, որ չէին կարողանում՝ կրակ էին տալիս և այրում էին: Մի քանի օրվա մեջ այն գեղեցիկ քաղաքը ավերակ դարձավ:

Ես ընդհատեցի իմ խոսակցին, հարցնելով, թե ի՞նչ եղավ այն պարոնի գարին, որ հավատացնում էր, թե քրդերը չեն գալու:

Չգիտեմ, — ասաց նա, — միայն չար լեզուները այսպես էին պատմում, թե նա իսկապես գարի չուներ, միայն գնելու համար մեծ գումար ուներ յուր մոտ, որ առնելով բերդը քաշվեցավ: Ասում են, թե նա սիրով սպասում էր մի այսպիսի սարսափելի խռովության, որ յուր խազեիններին ասե, թե կողոպտվեցա...

Բայց ի՞նչ եղան բերդի մեջ մտնողները, — հարցրի ես:

Նրանք երկար մնացին այնտեղ, անտանելի տանջանքով համբերելով քաղցի և ծարավի, մինչև մի աբարանցի հայ տղա, որ լավ քրդերեն խոսել գիտեր, իրան քուրդ ձևացրուց և քրդերի բազմության միջից անցնելով, խաբար տարավ և այնուհետև Տեր Ղուկասովն եկավ նրանց ազատեց:

Այստեղ վիրավորը կտրեց յուր պատմությունը, ավելացնելով. — Շա՜տ բան կա ասելու, բայց լեզուս չէ բռնում որ ասեմ... այս տեղը, որ ծակեց գնդակը (նա ցույց տվեց յուր թիկունքը), թշնամու գնդակ չէր, այլ իմ ընկեր թուրքը զարկեց: Նա զարկեց այն ժամանակ, երբ ես իմ հրացանը ուղղեցի դեպի քրդերի առաջնորդ շեյխը, որ սպիտակ պատանը հագին առաջ էր ընկած և քաջալերում էր յուք կատաղի զինվորները...

Բ

Սևանա լիճը: — Աշոտ Երկաթ: — Հայ գաղթականներ: — Եզիդիներ: — Հայ գաղթականների վիճակը: — Ախտա գյուղը: — Տիրացուի խրճիթը: — Գաղթականի մահը: — Ծերունի ալաշկերտցին ու նրա խոսակցությունները: — Ինչպե՞ս են վարվում տեղացի հայերը գաղթականների հետ:

Դիլիջանի անտառը վերջանում է մալականների Սիմյոնովկա կոչված գաղթաշենքի մոտ, որից փոքր-ինչ հեռու ճանապարհից դուրս ընկած է հայոց Բոզիգյուղը: Այստեղից սկսյալ թեև սարերը ծառերից մերկանում են, բայց նրանց պարարտ սև հողը ծածկվում է ճոխ արոտներով, որոնք թավիշյա կանաչ պաստառների նման տարածվելով լեռների ալիքավոր բարձրավանդակի վերա, հետզհետե ներկայացնում են ավելի գեղեցիկ տեսարաններ:

Ճանապարհը բարձրանում է միշտ դեպի վեր ու վեր: Հանկարծ երևում է Սևանա լիճը յուր հիանալի գեղագրական եզերքով: Նա որպես պարզ-կապտագույն հայելի դրած է լեռնային շրջանակի մեջ, մի քանի հարյուր ֆուտ բարձր ծովային մակերևույթից: Երեկոյան ժամն էր, երբ հասա այստեղ: Հեռվից տեսնվում էին, թափանցիկ մառախուղի միջից դուրս ցցված, նոր Բայազետի սարերի ձյունապատ գագաթները: Արևի վերջալույսը ճառագայթելով նրանց վերա, ոսկեջրել էր ամպերը կարմիր-հրագույն բոցերով, որոնք միախառնվելով լճակի մանիշակագույն տարածության հետ, կազմում էին մի հիանալի տեսարան, որո նմանը գուցե միայն Զվիցերիայում կարելի է տեսնել:

Իմ սայլակը այժմ սկսեց լեռնային բարձրությունից դեպի ցած իջնել: Ներքևում, լճի ափերի մոտ, երևում էին հայոց Չիբուխլու գյուղի խրճիթները: Լեռներից ոչխարներին քշում էին դեպի գյուղը. մի տեղ կալ էին կալսում, մի տեղ հնձում էին. գյուղական կյանքը եփ էր գալիս յուր անխոնջ գործունեության մեջ: Երևում էր, որ այդ մարդիկը ծույլ չէին. բայց ինչո՞ւ այնքան աղքատ էին...

Սևանա լիճը շրջապատող աշունքը շատ նման է գարունքի: Այստեղ բնությունը, կարծես, նորից աշխատում է վերադարձնել յուր մանկությունը ասելով, թե ես ծերանալ չեմ ուզում: Սար ու դաշտ և ձորեր բոլորը ծածկված են կանաչով: Ամառվա տոթերից խամրած ծաղիկները նորից կոկոն են արձակում, նորից բացվիլ են սկսում:

Մինչև մալականների Ելենովկա գաղթաշենքը ճանապարհը գնում է լճի եզերքով: Երբ տասն և հինգ վերստի չափ առաջանում ես, ջրի կապտագույն մակերևույթի վերա, եզերքին մոտ, երևում է մի մթին կետ, որ գալով ընդարձակվում է և կղզու ձև է ստանում: — Դա Սևանա անապատն է: Ահա երևում են կաթուղիկեի խաչազարդ գմբեթներ: Այստեղ հավաքված են աշխարհից հրաժարված աբեղաներ և ամբողջ տասն և հինգ դար նրանց սաղմոսների օրհներգությունքը բարձրանում են դեպի հավիտենականի աթոռը:

Սևանա լճի մոտից անցնելիս ես մտաբերում եմ մեր պատմական անցյալը, թե 5 դար առաջ այս լճի գեղեցիկ եզերքը պատկանում էին մեր պապերին: Այստեղ առաջին անգամ մեր Գեղամ Պապը հիմնեց յուր գաղթաշենքը և այս կանաչազարդ լեռների վերա արածում էին այն քաջ հովվի ոչխարները:

Այս մտածությունները ինձ քցել էին մի տեսակ երևակայական ցնորքների մեջ: Կարծես ինձ լսելի էին լինում ձիերի խրխինջ և ոտնաձայների որոտմունք. աղեղների ճայթյունը թնդացնում էր օդը, և նետերը կարկուտի նման թափվում էին: Սարերը և խորին ձորերը լիքն էին հրոսակների բազմությամբ, որոնք այնքան կատաղած էին, որ մի քանի րոպեում ուզում էին լափել, սպառել լիճը, կամ խորասույզ առնել այն փոքրիկ կղզին, որտեղից խաչեր էին փայլում: Բայց ահա կղզուց բաժանվեցան տասն նավակներ, նրանց յուրաքանչյուրի վերա կան տասնից պակաս տղամարդիկ, որոնք մի կողմից պատերազմում են ալիքների հետ և առաջ մղում նավակները, իսկ մյուս կողմից իրանց նետերով կռվում են վայրենի բազմության հետ, որ պատել է լճի ափերը: Յոթանասուն քաջեր դուրս թռան նավակներից: Նրանք կայծակի արագությամբ մտան թշնամու բազմության մեջ, ճեղքելով անցան անհայտացան հայոց լեռների մեջ: — Այս անգամն էլ հաղթեց Երկաթը (Աշոտը), — գոռաց արաբացոց բազմությունը և ցրվեցավ:

Ի՞նչ բանի նման էր Հայաստանը այս քաջի ժամանակ: Մի հսկայական, բայց խարխուլ շինվածքի էր նման, որ ամեն կողմից կրակը սկսել էր հրդեհել: Ամեն սիրտ կարող էր թուլանալ, ամեն կողմից տեսնելով հայրենիքի վտանգը. բայց Աշոտ Երկաթի սիրտը միշտ մնաց անվեհեր. նա յուր ամբողջ կյանքը անցուց արյունով և կոտորածով: Նա անդադար Հայոց երկրի մի ծայրից մյուսն էր թռչում, երբ վտանգի ձայն էր լսում, ամեն տեղ հասնում էր պահապան հրեշտակի նման:

Սևանա լիճը անցնելով, ավելի հաճախ պատահում են հայոց գյուղորայք, մանավանդ, երբ ուղևորը շեղվում է փոստային ճանապարհից կամ դեպի Նոր Բայազետի և կամ Դարաչիչակի (Ծաղկաձորի) կողմերը: Այստեղից սկսյալ հայոց նոր գաղթականներն սկսում են երևնալ: Խոսելով գաղթականների վերա, ես ավելորդ եմ համարում մի առ մի նկարագրել, թե որ գյուղում որքան են բնակվում, և կամ յուրաքանչյուր տեղում ինչ վիճակի մեջ են ապրում: Այս տեսակ մանր հետազոտությունն ավելի երկար ճանապարհորդության կարոտ էր, որ ես զանց արեցի, նկատելով, որ գաղթականների վիճակը, ուր և լինեին նոքա, շատ չէ տարբերվում, ամեն տեղ առանց զանազանության միևնույն թշվառ դրության մեջ ես գտնում նորանց: Այս պատճառավ ես պիտի բավականանամ տեսածներիս ընդհանուր տպավորությամբ:

Գաղթականները գլխավորապես ցրված են՝ Նոր Բայազետի (Գոգչայ), Դարաչիչակի (Ծաղկաձորի), Սարդարապատի, Սուրմալուի, Աբարանու և Շորագյալի գյուղորայքում: Նրանք գտանվում են նաև Վաղարշապատ, Ղամարլու և Դավալու գյուղերում: Հիշյալ վիճակներում նրանց զետեղվիլն ոչ այնքան տեղերի հարմարության համար է, որքան բնակիչներից հյուրասիրություն գտնելու համար. որովհետև այս վիճակների բնակիչները, որպիսին են՝ նոր-բայազետցիք, աբարանցիք և սուրմալուցիք՝ Տաճկաստանից եկած հին գաղթականներ են և միևնույն կողմերից, որտեղից եկած են այժմյան գաղթականները:

Այժմյան գաղթականները դուրս են եկած Ալաշկերտի (Վաղարշակերտ) վիճակից, Ղարաքիլիսայի վիճակից, Սուրբ Հովնաննու վանքի (Բագրևանդի) վիճակից, Հին Բայազետի քաղաքից և յուր շրջակա Չուխուր կոչված վիճակից, — ընդամենը մոտ 30 գյուղի բնակիչներ46: Գաղթականները խմբովին եկած են եղել Վաղարշապատ և այստեղից տարածվել են դեպի ամեն կողմեր, բայց նրանց մեջ հույն ոչ ոք չէ տեսել:

Հայ գաղթականների հետ եղել են 100 ընտանիքի չափ եզիդիներ: Եզիդիները թեև ազգավ քուրդ են, բայց մինչև այսօր պահպանած լինելով իրանց հին զրադաշտական աղանդը, հայերից ավելի հալածված են մահմեդական քուրդերից: Այդ հալածանքը սկսյալ վաղ ժամանակներից առիթ տվեց եզիդիներին խիստ սերտ կապերով միանալ իրանց դրացի հայերի հետ, որոնցից միշտ վայելած են սեր և պաշտպանություն: Տաճկական Հայաստանում կան շատ եզիդիներ, նրանք համարվում են այն երկրների պարիասներ, ամեն ազգերն խորշում են նրանցից, պիղծ և սատանայապաշտ են համարում: Միակ ազգը, որ գութ ունի նրանց վերա, հայն է: Հայերի համակրությունը դեպի այդ թշվառները այն աստիճանի հասած է, որ մի քանի տեղերում սկսեցին խնամություն անել նրանց հետ: Եվ մինչև անգամ մի հայ հոգևորական ծնեց մի գեղեցիկ միտք, քրիստոնեությունը և հայոց լեզուն տարածել նրանց մեջ և այդ քաջ ու պատերազմական տարրը միախառնել մեր մեջ: Առանց դրան ևս եզիդիներից շատերը հայերեն խոսել գիտեն, որովհետև տեղացի հայերի ծառաները և աղախինները մեծ մասամբ եզիդիներ են: Տաճկաստանի ժողովրդական ատյաններու եզիդիները չունին ներկայացուցիչներ, իրանց իրավունքները պաշտպանում է հայոց առաջնորդը :

Բայց եզիդիներն որքան և հալածված են եղել, դարձյալ ստրկացած չեն. նրանք տակավին պահպանել են իրանց մեդական քաջազնությունը և այն բոլոր սովորությունները, որ ունի մի քուրդ ավազակ ու միայն կրոնով զանազանվում են միմյանցից:

Որպես ամեն գործում միաբան են եղել, նույնպես և ներկա գաղթականության ժամանակ եզիդիները չբաժանվեցան հայերից. նրանց հետ ուղղակի եկան Ս. Էջմիածին, բայց նրանք ավելի խելացի գտնվեցան, քան հայերը, որովհետև զգալով Վաղարշապատի հուլիսյան տոթը, իսկույն քաշվեցան դեպի Արագած լեռան ստորոտները և զերծ մնացին հիվանդությունից: Այդ շուտափույթ տեղափոխությանը նպաստեցին նրանց վրանները, որովհետև իբրև խաշնարած և թափառաշրջիկ ժողովուրդ, իրանց շարժական տները իրանց հետ ունեին: Եզիդին առանց զարդի մի քայլ չէ փոխում: Պատմում են, թե Վաղարշապատում Ս. Էջմիածնա վանքը եզիդիների վերա նույն խնամքն էր տանում, որպես առհասարակ գաղթականների վերա:

Սևանա լճից անցնելով, թե Նոր Բայազետի և թե Դարաչիչակի գյուղորայքում ճանապարհորդը հանդիպում է հայ գաղթականների: Բայց ի՞նչ վիճակի մեջ են ապրում նրանք: — Այդ պետք է աչքով տեսնել, գրելուց և կարդալուց բան չէ կարելի հասկանալ: Եթե կարելի է գտնել մարդկային հասարակության մեջ մի բոլորովին թշվառացած ժողովուրդ, — դրանք հայոց նոր գաղթականներն են: Ահա մի օրինակ:

Շատ անգամ հանդիպում է մի տղամարդ, մի կին, մի աղջիկ, մի ծերունի մարդ, պատառոտած հագուստը հազիվ ծածկում է նրանց մարմնի մերկությունը, նրանք արևից այրված, սովից մաշված, կմախք են դարձած: Երեսներին գույն չկա. աչքներումը կենդանությունը վաղուց է հանգել: Խոսեցնում ես, նրանց ձայնը թույլ է և դողդոջուն, կարծես գերեզմանի խորքիցն է դուրս գալիս: Նրանց ընթացքը հաստատուն չէ. անզոր ոտների վերա ոլորվում են արբածի նման: Կատաղության նման մի բան ցնցվում է նրանց դեմքի վերա, — այդ հուսահատության վերջին սոսկումն է: Դու կարծում ես, այդ մարդիկը խելագարված են, երբ ուրվականի նման լուռ ու մունջ անցնում են քո մոտից: Իսկ շատ անգամ նրանց ցամաքած շրթունքների միջից լսում ես այսպիսի խոսքեր. — Ես տուն տեղ ունեի... իմ դուռս բաց էր աստուծո աղքատների համար... իսկ այժմ մի պատառ հացի կարոտ եմ...

Գաղթականները զետեղված են գյուղերում միայն, որ բնակեցրած են հայերով: Որպեսզի մարդ հասկանա, թե ի՞նչ դրության մեջ է նրանց կեցությունը, նախ պետք է փոքր-ինչ գաղափար ստանալ բնիկների գետնափոր խրճիթների մասին: Երևակայեցեք ձեզ մի կրիա տափակ նստած գետնի վերա, — այդ հայ գյուղացու խրճիթն է: Այդ կրիայի բլրաձև պատյանի տակ, հողը մեջ փորված, բաժանված են զանազան խուլ և մթին խորշեր, որոնց մեկի մեջ զետեղված է տնային պաշարը, մյուսի մեջ բնակվում են անասունները և շատ անգամ ընտանիքի հետ խառը կազմում են մի գերդաստան, երրորդի մեջ դարսած է տնային վառելիքը՝ աթար, կտըտուր և այլն, — և բոլոր շնչավորները մուտք ու ելք են, գործում միևնույն ծակից, որտեղից կրիան դուրս է հանում յուր գլուխը: Այդ կրիայի պատյանի մեջ այն մասը, որ հատկացրած է անասուններին, նրանից մի անկյուն որոշած է գաղթական հյուրի համար. Ավելի պարզ ասած, նա բնակվում է գոմի մեջ: Այս թշվառ բնակարանով նա դարձյալ կարող էր երջանիկ լինել, եթե միշտ նրա մեջ պատսպարվելու բախտ ունենար: Բայց ցուրտը սկսվել է այս կողմերում, մոտենում է ձմեռը, գյուղացոց գոմերը լցվում են անասուններով, և խեղճ գաղթականը ստիպված է տեղի տալ նոր հյուրերին և յուր համար մի ուրիշ ծակ որոնել...

Հասնելով Ախտա կոչված հայոց գյուղը, փոստային իջևանում տեղ չգտա գիշերելու, բոլոր սենյակները լցված էին անցորդներով: — Ինձ համար մի տեղ գտի՜ր, — դարձա հայ յամշչիկներից մեկին: — Կուզե՞ս, աղա, գնանք, այստեղ մոտ մալականի տներ կան, — ասաց նա ծոծրակը քորելով: — Ո՜չ, ինձ տար հայի տուն, — ասացի նրան:

Հայոց Ախտա գյուղը մալականների գաղթաշենքից բաժանվում էր մի փոքրիկ գետով, հարկավոր էր միայն կամուրջը անցնել, մյուս կողմում հայոց տներն էին: Այս գյուղը յուր մերձակա գյուղերի հետ համեմատելով, բոլորի Փարիզն է. թե յուր շինություններով և թե բնակիչների բարեկեցությամբ գերազանցում է ամենից, որովհետև գտանվում է մեծ ճանապարհի վերա:

Այստեղ կա՞ն ալաշկերտցիք, — հարցրի ձի քշողից դեպի գյուղը գնալու ժամանակ:

Կան, շատ կան, — պատասխանեց նա մի առանձին դժգոհությամբ:

Ուրեմն տար ինձ մի այնպիսի տուն, ուր լինեին ալաշկերտցիք:

Նրանց մոտ գնա՞լ, ի՞նչ կանես, աղա, բոլորը հիվանդ են, — ասաց նա զարմանալով:

Ես կամենում եմ հիվանդները տեսնել:

Որպես երևաց իմ ուղեցույցի խոսքերից, հայ գյուղացիք շատ կասկածանոք են նայում հիվանդ գաղթականների վերա, միգուցե իրանք ևս վարակվեին, թեև նրանց հիվանդությունները տարափոխիկ չեն: Այս պատճառով փոխանակ խնամելու նրանց, շատ անգամ հեռացնում են իրանցից:

Իմ վերջին խոսքերը լսելով, յամշչիկն հարցուց.

Դու բժի՞շկ ես:

Ես ոչինչ չպատասխանեցի, կրկին հրամայելով, որ ինձ տանե մի այնպիսի տուն, ուր կային շատ ալաշկերտիցք: Գիշերվա կեսից անց էր արդեն: Գյուղը մտնելով, շները մի ահագին աղմուկ բարձրացրին: Մենք թակեցինք մի քանի դռներ, բաց անող չեղավ. վերջապես մեկը հոժարվեցավ ընդունել ինձ, երբ խոստացվեցավ, թե նրա հյուրասիրությունը առանց վարձատրության չէ մնալու:

Պետք է ասած, որ մեծ ճանապարհների վերա գտնված հայ գյուղացիք մասամբ կորցրել են իրանց նահապետական հյուրասիրությունը, որ հատկանիշ է ամեն հայ մարդու: Եվ ցավալին այն է, որ նրանց մեջ մտել են զանազան վատ սովորություններ և մինչև անգամ անբարոյականություն: Եթե մնացել է հայերի մեջ ազգային բնավորության մաքրություն, այդ կարելի է տեսնել այն գյուղերում միայն, որոնք հեռու են մեծ ճանապարհներից, որոնք հաղորդակցություն չունեն օտարների հետ:

Բայց իմ բախտից իմ հյուրընկալն հայտնվեցավ մի բարի մարդ, նա կարդալ ևս գիտեր, հայրը քահանա է եղել, ինքն լավ տիրացու էր. մի քանի անգամ դիմել էր «հայր սուրբի» մոտ, որ նրա միջնորդությամբ յուր հանգուցյալ հոր կարգը ընդունե, բայց «հայր սուրբը» աչք էր դրել «կապույտ ձիուն», որին տիրացուն յուր ջուխտ որդու հետ չի փոխի: Այս պատճառավ նա մնացել էր զուրկ քահանայական աստիճանից...

Տիրացուն չափահաս մարդ էր. նա յուր ռամկային խոսակցության մեջ երբեմն տեղի և անտեղի գրաբար բառեր ևս խառնում էր: Նրա ընտանիքը քնած էին, երբ ներս մտանք. բոլորը միևնույն վերմակի տակ: Տիրացուն մոտեցավ անկողնին, ոտքով բըզեց քնողներից մեկին և իսկույն վեր բարձրացավ կինը: Երևի նա շատ գոհ չէր որ յուր քունը խանգարեցին, բայց տղամարդի կամքին ընդդիմանալ նույնպես անկարող էր: Նա մրթմրթալով քաշվեցավ դեպի խրճիթի մթին անկյունը և սկսավ հագնվիլ:

Ի՞նչ եք կամենում, որ ձեզ համար պատրաստեն, — հարցրեց տանուտերը:

Ոչինչ, — միայն ինձ տարեք այն գաղթականների մոտ, որ ձեր տանն են, — պատասխանեցի ես:

Նրանք գոմումն են, — ասաց տանուտերը:

Միևնույն է, ես այնտեղ էլ կմտնեմ,

Բայց ձեզ համար հավից-ճվից թող մի բան պատրաստեն:

Հարկավոր չէ, դուք ինձ ցույց տվեք գոմի դուռը:

Մտնելով այս խրճիթների մեջ, այցելուն կարող է մի պարզ գաղափար կազմել, թե ինչ բան էր հունական լաբիրինթոսը: Տիրացուն յուղային ճրագը ձեռին, իմ առջևս ընկած, առաջնորդում էր: Ես մի քանի ոլոր-մոլոր պտույտներ գործեցի, մի քանի ծակերից մտա և դուրս եկա, վերջապես գոմի դուռը բացվեցավ: Լույս ցերեկով պետք է այնաեղ ճրագ վառել, որ աչքդ բան տեսնի: Իսկ այժմ, որ գիշեր էր, ճրագի փոխարեն վառվում էր մի փայտի կտոր, որ ավելի ծուխ էր արձակում, քան թե լույս: Խոնավ և խեղդված այրի նման մի բան էր այդ գոմ կոչվածը: Կենդանիների անմաքրությունը նրա հատակի վերա ամբարվելով, ամբողջ գոմի մեջ կազմել էր թանձր ճահճանման մի խառնուրդ, ուր և ոտքդ դնես, խրվելու ես մինչև ծնկներդ: Գոմի մի անկյունը փոքր-ինչ մաքրած էր: Մաքրած էր ասելով, պետք է հասկանալ, որ ճահիճը այնտեղ բավական պնդացել էր և ցամաք էր: Նրա վերա խառն և անկանոն կերպով տարածված էին մի քանի քրքրված ցնցոտիներ, որոնց տակից լսելի էին լինում խուլ հառաչանքի ձայներ: Դրանք հիվանդներ էին: «Ա՛խ, մեռա… » կոչում էր մեկը. «Մի փոքր ջուր... այրվեցա...» կոչում էր մյուսը: Իսկ երրորդը ձայն չէր հանում: Նա սառն էր և անշարժ: Դա մի մանկահասակ աղջիկ էր: Նրա մոտ նստած էր սգավոր մայրը և ապշած կերպով նայում էր դիակի վերա: Նա նստած էր լաց լինելու համար, բայց լացել չէր կարողանում: Որովհետև արտասուքն էլ առողջություն է պահանջում, բայց խղճալին ինքն էլ հիվանդ էր, այնքան ուժ չէր մնացել նրա մեջ, որ գոնյա փակեր սիրուն դստեր շիջած աչքերը...

Խե՛ղճ աղջիկ, մեռած է, — ասաց տիրացուն: — Սրբության էլ չհասավ...

Նույն միջոցին ախոռների միջից բարձրացան մի քանի գլուխներ: Դրանք նույնպես գաղթականներ էին, որոնք պառկել էին գոմի այն մասում, ուր անասունների համար դարման են ածում ուտելու: Դրանք նստած տեղից նայեցան դիակի և մոր վերա և ոչինչ չխոսեցին: Անընդհատ դժբախտությունը մեռցնում է մարդկային զգացմունքը և մի տեսակ սառնասրտություն է բերում: Մահը նրանց համար մի հասարակ բան էր դարձել: Մահվան մեջ նրանք որոնում էին հանգստությունը:

Իրավն ասեմ, ես չկարողացա ինձ երկար պահել և շուտով դուրս եկա գոմից: Մտնելով տիրացուի հյուրանոցը, խնդրեցի նրան գաղթականներից մեկին, որ ավելի գործի խելամուտ էր, մեզ մոտ կանչել: Նա կանչեց մի ծերունի, որ Ալաշկերտի գյուղերից մեկի տանուտերն է եղել և յուր հայրենիքում հարուստ համարված մի պարոն: Իսկ այժմ նրա հագին շապիկ անգամ չկար: Նա նոր էր եկել Ալաշկերտից, այսինքն Տեր-Ղուկասովի գաղթեցնելուց հետո: Ես հարցրի, թե ի՞նչը ստիպեց նրանց թողնել իրանց հայրենիքը: Նա պատասխանեց.

Ի՜նչ ըսեմ, աղբար, աստված առաջ մըր խելք ձեռքեն առեց, ապա մըր տուն մըր ձեռքով ավրեցինք... էլ ըսկի չիմացանք, թե ի՜նչ ըրինք... թորկինք (թողեցինք) մըր կանաչ արոտներ, մըր պաղ-պաղ աղբյուրներ... անտեր թորկինք մըր տուն ու տեղ... ա՛խ... թորկինք մրը պապերու գերեզման... մրը լուսաթաթախ վանքեր, ուխտատեղեր... մրը սուրբ Կարապետու մարմառ գերեզման... մըր սուրբ Հովհանու զորավոր վանք... ծառա եղնեմ ընոնց շնողքին ու խրաշքին... Օրթա մարդ քոռ կերթեր, սաղ ետ կու դառնար... խիվանդ կերթեր, առողջ կի գար...: Համա՜ ամեն բան փարձեցինք, քոռ-քոռան (կույր-ըզկուրյան) էկանք էսա էրկիր...: Ասին մըզի, որ հայ-քրիստոնի էրկիր է. մրը սև օրին բալքի լուս ու ճար եղնի: Ամա, աղբեր ջան, խող քաշինք վըր մըր գլխին...: Եկանք, ընկանք մըջ բաբելնական (բաբելական) կրակին: Քու բարի աչքով կտեսնես մեր խեղճ հալ (վիճակ)...: Ամա էս չէինք, ինչ որ կտեսնեք, մընք լե (մենք ևս) մըզի գորա ունեինք տուն, տեղ, արտ, գութան, լծու գըմշանք, կթու մատակներ, լուծքով եզներ, կթու կովեր, հարուրով օչխարներ, աղեկ գառներ, հավեր ու ճիվեր... վերջ` ինչ գլուխդ ցավցունեմ, աստված հրմեն բան բոլ-բոլ տվեր էր, ըսկի բանի լե պակասություն չունեինք. սև հավու կաթն էլ օրթա ըսեի, մըր ամենուս տանը կեղներ: Էդ հրմեն, ինչ որ ըսի, ըղորդ է, աստծու մեկ անուն. — էդ հըմեն թորկեցինք, առանք խըտ մըզի հարուր գլուխներով տավար, օչխար, փախուցինք անօրեն քրդու ձեռքեն, ամա, ընոնցեն ավելի անռահմների ձեռքը ձգեցինք...

Այս խոսքերը այնքան զգացմունքով էր պատմում ողորմելի ալաշկերտցին, որ չէր կարելի առանց ցավակցության լսել նրան: Արտասուքը կաթիլ-կաթիլ գլորվում էր ճերմակ մորուքի վերա, կարծես յուր խոսքերի հետ սրտիցն էր բխում: Երբ նա մի փոքր հանգստացավ, ես հարցրի.

Ուրեմն դուք գոհ չե՞ք ձեր գալու վերա:

Ընչո՞ւ վրա գոհ եղնենք, ախպար, մըջ էս հալին էլ մարդ գո՞հ կեղնի...: Տան տեր էինք, մըկա մըզ տուն չըն թորկի, որ սըթրինք: Հացի տեր էինք, օր հարուր մարդ մըր դռան հաց կուտեր, կերթար: Մըկա մըզ ողորմություն տվող չկա. թե փշուր լե հաց տան, էն էլ խազար թուք ու մուրով...:

Ուրեմն եթե հնար լինի, կրկին կդառնա՞ք դեպի ձեր հայրենիքը:

Ախ, ինչպե՞ս չէ, մըր էրկրի պես էրկիր կա՞... մըր մամլաքաթ արքայություն է. մեռնիմ ընոր հողին ու ջրին... Երնե՛կ մըր հոգին աստված էնա տեղ առներ, էս սև օրերնի չը տեսնինք...: Ա՛խ, աղբեր ջան, մրը էրկրի հողեր ջավահիր է. մեկին հիսուն, վաթսուն, մեկին հարուր պտուղ կուտա: Մըր ջրեր անմահական են. մեռած մարդ որ խմե, կը սաղնա: Աստված լե գինա, սուտ չէ: Ամա, էսա տեղ ի՞նչ կա. մըր ճրժեր, մըր պըժերհըմեն կոտորվեցան: Մնացած լե դռնե դուռ ընկած, էլի (հասարակության) ումուդի (հուսով) կապրին: Շատ լե՝ դարդու հիվանդ վեր թափած են, անտեր, անտիրական, տկլոր, անհաց, անջուր կմեռնին...:

Այդ իրավ է, — ընդհատեցի ես նրան. — բայց գուցե ձեր մեջ կային այնպիսիները, որ չէին ցանկանալ մյուս անգամ վերադառնալ, այլ կուզեին այստեղ մնալ:

Չէ, խելքդ չըկտրե, աղբեր, — պատասխանեց նա գլուխը խորհրդական կերպով շարժելով. — խելքդ չկտրե, որ մեկն էլ է մոռցած էղնի իր վաթանը. էնոնց մարմիննի, ըղորդ է, էստեղ ի, ամա ուրանց խոգիք էնտեղն ի...: Հըմենու էլ ջանին հասիր ի, դանակ ոսկրին առիր ի...: Տա աստված, որ ռուսի թուր կտրուկ էղնի. մընք էլի կերթանք մըր վաթան, մըր խորոտիկ մամլաքաթ...

Следующая страница