Րաֆֆի՝   Հուշագրություններ

Հայրենասիրությունը այն աստիճան տիրած էր ծերունու սրտին, որ նա խոսում էր նորա վերա որպես մի սուրբ և նվիրական առարկայի վրա: — Դա ամեն մի ալաշկերտցու զգացմունքն է, որքան պատահել է ինձ տեսնել նրանց: Էլ ի՞նչը կարող է պահել նրանց մեր երկրում:

Մեր խոսակցության միջոցին ես նկատեցի, որ մի քանի ուրիշ գաղթականներ ևս գոմից դուրս գալով, նստած էին խրճիթի դռան շեմքի մոտ և մեզ լսում էին: Նրանք շատ համակրությամբ էին վերաբերվում դեպի իրանց հայրենակցի խոսքերը և շարժում էին գլուխները: Դժգոհ էր միայն մեր տանուտերը՝ կարդացվոր տիրացուն,.նա երբեմն բարկությամբ ընդմիջում էր, հայտնելով, թե այդ մարդիկը հիմարներ են, թե նրանք իրանց բախտը չեն ճանաչում, և թե քուրդի ու թուրքի սուրը վերադասում են Քրիստոսի խաչից, Ես էլ առժամանակ մեր տիրացուին հետևելով, ասացի.

Բայց եթե ձեր երկիրը կրկին երթալու լինիք, քրդերը ձեզ կկոտորեն, կթալան են:

Նա բավական սրտդողած կերպով պատասխանեց.

Աղբեր ջան, ըստոնք դարտակ խոսքեր են. մըր էրկրի քրդեր, աստված լե գինա, որ մըզի խետ աղբոր պես են. մընք ընոնց տուն` ընոնք մըր տուն՝ կերթայինք կուգայինք: Էն քրդեր օրթա դուք լսեր իք, ընոնք մըր էրկրի քրդեր չէին. աստված ընոնց քոքը կտրա...

Ասենք թե քրդերը ձեզ հետ վատ չվարվին, բայց օսմանցին յուր խիստ հարկերով ձեզ դարձյալ կկողոպտե:

Օսմանլին մըզնե ի՞նչ կառնե: Բոլ-բոլ կցանեինք, բոլ-բոլ կհնձեինք, էն ա կուգեր մըզնե մեկ տասնորդ կառներ, կերթեր: Մըր էրկիր ազատ, մըր տավարներ ազատ, ուր ուզեինք, ընտեղ կարածացնեինք: Ուր ուզեինք, ինչ ճամփով ուզեինք, կերթեինք. մըր դեմ կտրող չը կեր:

Ես կամեցա փոքր-ինչ մխիթարել ծերունուն, ասելով.

Հիմա պատերազմի ժամանակ է, ամեն մարդ խառնված է պատերազմի գործերով, դուք եթե մի քիչ համբերեք, գուցե այստեղ էլ ձեզ համար լավ կլինի:

Հա՜, բալքի լավ եղնի, թե որ սաղ մնացինք, — պատասխանեց նա փոքր-ինչ հեգնական ձևով: — Էս օրը, ինչ մենք կքաշենք, ճանճերի նման պիտի կոտորվենք, շուտով թմենքս էլ պիտի չմնանք...

Այսպես միշտ չի մնալու ձեր դրությունը, — կրկնեցի ես: — Այժմ Ռուսաստանի բոլոր հայաբնակ քաղաքներում ձեզ համար փող է հավաքվում և ձեզ ամեն կերպով կօգնեն ու կխնամեն:

Նա պատասխանեց մի խորհրդավոր ժողովրդական առածով.

Է՛հ. չուր խնձորն ի գա, հիվանդը հոգին կտա: — Չուր ջուրի առուն ջուր գա, գորտի աչքեր դուրս կգա: ... Էտա մըր բան է մկա...

Այս միջոցին դռան շեմքի վերա նստող գաղթականներիցը մեկը մոտեցավ իմ խոսակցին և ասաց.

Է՜լի վեր, աղբեր Մկրե, էլի վեր, էրթանք մըր մեռել պառտըկինք, էն սեֆիլ աղջկա դարդը քաշենք...: Աստված սաբըբու տուն քանդա...:

Ծերունին վեր բարձրացավ և լուռ, գլուխը քաշ տալով, հեռացավ: Նա գնաց յուր ընկերների հետ ամփոփելու այն խղճալի հանգուցելո մարմինը, որ քանի րոպե առաջ ես տեսած էի:

Այս մասնավոր խոսակցությունից ընթերցողը կարող է եզրակացնել թե ի՞նչ է մտածում այժմ ալաշկերտցին: Ամեն տեղ, ուր և մարդ հանդիպում է նրանց, լսում է այսպիսի խոսքեր: Նրանք գոհ չեն իրանց վիճակից և գոհ լինել չէին կարող, երբ այնպիսի դառն դրության մեջ են: Համարյա բոլորը ցանկանում են վերադառնալ դեպի իրանց հայրենիքը:

Նրանք զոհեցին տուն, տեղ, կալվածք, հարստություն, կյանք և ամեն ինչ, որ ունին, բայց փոխարենը ոչինչ մխիթարություն չգտան: Մեր մարդասերները և բարերարները դեռ մտածում են օգնել նրանց, տեղեկություններ են հավաքում, ծրագրեր են սարքում և թշվառ պանդուխտների ապագան են վճռում: Իսկ այդ բոլորի մասին շատ ճիշտ նկատեց ծերունի ալաշկերտցին, թե «մինչև առուն ջուր գա, գորտը հոգին կտա»: Ուրեմն փոխանակ հագուստներ պատրաստելու, ավելի լավ կլինի պատաններ պատրաստվեր, որովհետև մեռնողների թիվը ավելի շատ է լինում, քան մնացողներինը:

Իմ հյուրընկալ տիրացուի գոմը և այն սարսափելի տեսարանը մի բացառություն չէ գաղթականների կյանքի մեջ: Բայց ցավալին այն է, որ ոմանք` կեղտոտ շահամոլներ, աշխատում են գաղթականների կյանքը ավելի բավականացուցիչ գույներով նկարել, քան ինչ որ է: Նպատակը հայտնի է...:

Տիրացուի գոմը մի փոքրիկ պատկեր է գաղթականների կյանքից:

Ուր և մտնում ես, քո աչքի առջև հանդիսանում է այդպիսի և դրա նման մի տեսարան: Չէ կարելի գտնել մի ընտանիք, որի մեջ հիվանդներ չլինեին և խիստ սակավ է այն ընտանիքների թիվը, որ յուր գերդաստանի անդամներից մինը, երկուսը կորցրած չլիներ: Շատ ընտանիքներ ամբողջովին սպառված են: Երբեմն տեսնում ես նրանց մի քանի ընտանիքներ միասին, լցված են գյուղացոց մարագներում, որոնք ծածկ անգամ չունին, իսկ երբեմն բաց օդի մեջ, այս և այն պատի տակ ընկած:

Որպես իրանք գաղթականները պատմում էին, հայ գյուղացիք սկզբում լավ էին վարվում նրանց հետ, ամեն տեսակ հոգս էին տանում, հաց և հագուստ էին տալիս, և հարկավորված ժամանակ վարձով բանեցնում էին իրանց մշակության դաշտերում: Բայց վերջապես ձանձրանում են ինքնակոչ հյուրեն և գյուղացիք սկսում են սառիլԵվ իրավ, դժվար է մի ամբողջ կողոպտված և աղքատացած ժողովուրդ միշտ ձրի կերակրել, մանավանդ այժմյան պատերազմական ժամանակում, երբ բոլոր կենսական պիտույքները չափազանց թանկացել են: Այս պատճառավ գաղթականներն մի տեղում են կենում, նրանք անդադար թափառում չեն մի գյուղից մյուս գյուղը և նոր բարերարներ են որոնում: Շատ տեղ նրանց չեն ընդունում և մինչև անգամ չեն թողնում գյուղը մտնել: Օրինակ, աշտարակեցիք վերջին օրերում գաղթականներին թույլ չէին տված իրանց գյուղը մտնել:

Գյուղացոց այս տեսակ անգթությունը առաջ է գալիս ոչ թե նրանց անհյուրասիրությունից, այլ այն երկյուղից, որ չեն կամենում ծանրաբեռնել իրանց հասարակությունը նոր բնակիչներով, մտածելով, որ եթե գաղթականներին իրանց գյուղերում տեղ տային, այն ժամանակ իրանց կեցությունը կնեղանար և հետևապես կդժվարանար իրանց ապրուստի միջոցներն: Առանց գաղթականների, առանց նոր դրացիներ ընդունելու ևս, հայոց գյուղերն այնքան խիտ են բնակեցված, որ գյուղացին շատ փոքր հող ունի թե բնակության և թե երկրագործության համար:

Գ

Վաղարշապատ: — Ս. Էջմիածնա բարեգործական հոգատարությունը գաղթականներու մասին: — Ուչքիլիսայի Հովհաննես վարդապետը: — Գաղթականների վիճակը Վաղարշապատում: — Հաքիմ-բաշին և յուր բժշկական հրաշագործությունները:

Իմ ճանապարհորդության միջոցում ես անցա նախ Նոր Բայազետի մի քանի գյուղեր, այստեղ ձմեռն արդեն սկսվել է, և գաղթականներն տակավին մի ապահով պատսպարան չունին: Բնիկներն այն աստիճան աղքատ են, որ հազիվ կարողանում են իրանց կիսամերկ որդիքը պահել, ո՞ւր մնաց օտարների համար հոգալ: Այսուամենայնիվ, նորբայազետցիք Հին Բայազետից եկած գաղթականներ լինելով, մինչև այսօր խնամք էին տանում իրանց վաղեմի հայրենակիցների վերա, իսկ այժմ սկսել են փոքր-ինչ սառիլ: Այնուհետև անցա ես Դարաչիչակի կողմերը, այնտեղ ավելի վատ վիճակի մեջ գտա. նրանց մեծ մասը ճանապարհների վերա կանգնած ողորմություն են խնդրում: Երևան քաղաքում գաղթականներ շատ փոքր են թվով, մի քանի անձինք միայն, որոնք այս և այն տնում ծառայություն են անում, ամբողջ ընտանիքներ համարյա չկան: Երևանի մոտակա գյուղերում նույնպես փոքր են թվով, օդի վատության պատճառով նրանք հեռացան այստեղից նոր Բայազետի և Դարալիչակի լեռնոտ բարձրավանդակների վերա:

Երևանից ես գնացի Վաղարշապատ և իջևանեցի Ս. Էջմիածնա Ղազարապատ կոչված հյուրանոցում: Վաղարշապատը այն կենտրոնն է, ուր առաջին անգամ խմբովին հավաքվեցան բոլոր գաղթականներն և այստեղից տարածվեցան դեպի զանազան կողմեր: Ուրեմն այստեղից ավելի լավ կարելի էր հարցասիրել նրանց դրությունը: Ղազարապատում ես գտա Ուչքիլիսայի Հովհաննես վարդապետին, որ գաղթականների հետ եկած էր, և ինքն Հին Բայազետի վիճակի առաջնորդ եղած էր: Նրա հետ էին Առաքել և Գրիգոր վարդապետներն, որոնք նույն վանքի միաբաններ են: Հովհաննես վարդապետը մի ճարպիկ, փորձառու և խոհական մարդ է. նա ինքն ականատես է եղած այն բոլոր թշվառություններին, որոնք պատճառ տվեցին խեղճ գաղթականներին թողնել իրանց հայրենիքը: Առանց արտասուքի նա չէ կարողանում պատմել անցքերի զարհուրանքը, որոնցով լի են նրա նկարագրությունները...: Շատ անգամ նա լռում է, կարծես մի սարսափ ծանրացած է նրա սրտի վերա և չէ կարող ամեն ինչ պարզաբար արտահայտել: Ես երկար և շատ երկար խոսեցի այդ անբախտ կրոնավորի հետ, և նույն լռությունը ստիպված եմ պահպանել և ես...:

Գաղթականները, թողնելով իրանց հայրենիքըմի հայրական տուն, ուր նրանք կարող էին հանգստություն և ապահովություն գտանել, էր Ս. Էջմիածինը: Այս պատճառով նրանք խմբովին դիմեցին դեպի ամենայն հայոց Մայր Աթոռը: Ս. Էջմիածնու վանքը չխնայեց ամեն բան յուր տարանջատյալ որդիներին խնամք տանելու. ամեն օր հազարավոր թշվառներ կերակրվում էին վանքի սեղանից: Նա յուր հացով և հագուստով պահպանեց բոլորին, մինչև ուրիշ տեղերում նրանց պատսպարելու տնօրինություն եղավ: Մայր Աթոռի այս մարդասիրական առաքինությունը ամենայն գովության արժանի է:

Ես Վաղարշապատ գնացած օրը այնտեղ տակավին մնացած էին շատ ընտանիքներ, որոնց մի մասը բնակվում էր վանքի պարիսպների մեջ, իսկ մյուս մասը բաժանված էր Վաղարշապատի տներում: Բոլորը կերակրվում էին վանքի խոհարանից: Այստեղի գաղթականները, որ համեմատաբար ավելի խնամված և ավելի ապահով են, քան մյուս տեղերինը, դարձյալ մի ցավալի տպավորություն են թողնում տեսնողի վերա: Նկարագրելով դրանց վիճակը, ընթերցողը կարող է ավելի ճիշտ գաղափար ստանալ այն Ս. Էջմիածնուց հեռավոր անբախտների վերա, որոնք բոլորովին զուրկ են հոգատարությունից: Ղազարապատում, ուր իջևանել էի ես, բնակվում էին մի քանի ալաշկերտցի ընտանիքներ: Իմ առաջին այցելությունը եղավ այդ թշվառների մոտ: Ինձ հետ էր իմ ուղեկիցը Դորպատի համալսարանի ուսանող պարոն Կ. Է...յանցը և մի բժիշկ, որ հոգ էր տանում տեղային գաղթականներին: Ուխտավորների համար հին ձևով շինված կացարանների ստորահարկում զետեղված էին նրանք: Ես մտա խուցերից մեկի մեջ: Դա մի նեղ և խոնավ խորշ էր, որ ավելի նման էր քարանձավի, որի նմանը կարելի էր տեսնել միայն լեռների մեջ: Վանական կյանքը ստեղծում է այսպիսի խորշեր յուր աբեղաների կեցության համար: Խուցի աղյուսով ծածկված մերկ հատակի վերա նստած էր մի օրիորդ հասուն հասակով: Նրա դեմքը նիհար էր և գունատ. տխրությունը ազատ կերպով արտափայլում էր սևորակ աչքերի մեջ: Նա նստած էր մի քրքրված վերմակի մոտ, որի մեջ հեկեկում էր մի տասներկու տարեկան տղա: Ես վեր բարձրացրի վերմակը. հիվանդը բոլորովին մերկ պառկած էր կապերտի կտորի վերա:

Դա ո՞վ է, — հարցրի օրիորդից:

Եղբայրս է, — պատասխանեց նա հոգվոց հանելով:

Դու հայր, մայր չունե՞ս, — կրկնեցի իմ հարցը:

Բոլորը մեռան... — ասաց նա, տխուր ձայնով:

Այս պատասխանը այնքան սրտաշարժ էր և զարհուրելի, որպես ինքը մահը:

Դե՜ղ տուր, դե՜ղ, եղբայրս մեռնում է, — դարձավ նա դեպի բժիշկը:

Բժիշկը ոչինչ չպատասխանեց, միայն շարժեց ուսերը:

Ինձ ասեցին, թե օրիորդը նշանված է:

Բայց նշանածդ ո՞ւր է, — հարցրի ես:

Երկու կաթիլ արտասուք միայն եղան խղճալու պատասխանը: Նշանածն էլ մեռած էր...:

Սրտիս կսկիծը չթողեց ինձ երկար մնալ այնտեղ, իսկույն դուրս եկա: Հետո հարցրի բժշկից, թե ինչո՞ւ նա հոգ չէր տանում հիվանդին, որովհետև օրիորդի խոսքերից երևաց, որ նա դժգոհ էր դեպի բժշկի վարմունքը:

Նա կմեռնի, — պատասխանեց բժիշկը սառնասրտոթյամբ. — լուծողականս վերջացել էր, ես փսխողական տվի, այն ևս չօգնեց... այժմ կփորձեմ և քինա, տեսնենք ինչ կլինի:

Որպես երևաց, բժշկի ամբողջ դեղարանը բաղկացած էր երեք դեղերիցլուծողականից, փսխողականից և քինայից: Երեքից որը դժբախտաբար սպառվում էր, նրա փոխարեն պատրաստ էր տալ մյուսը, առանց ուշադիր լինելու հիվանդության որպիսությանը: Ես կնճռեցա բարկությունից:

Երեք դեղով մի՞թե կարելի է բժշկություն անել, — հարցրի նրանից:

Է՛հ, պարոն, գեղ տեղ է, էդ էլ շատ է... — պատասխանեց նա անխորհուրդ կերպով գլուխը շարժելով:

Այնուհետև Ղազարապատում մի քանի խուցեր ևս մտնելով, ամեն տեղ հանդիսանում էր նույն տեսարանը, ամեն տեղ հիվանդներ պակաս չէին: Ինձ բոլորովին զարմացնում էր այդ իրողությունը, թե ի՞նչ էր պատճառը, որ մարդիկ առողջ և պինդ կազմվածքով, այնպես տկարացած և նվաղած էին մեծ մասը: Դրա վերա կխոսենք հետո: Գնանք առաջ:

Ղազարապատից դուրս գալով, ես դիմեցի դեպի գյուղը, այսինքն՝ Վաղարշապատ: Ինձ հետ էր իմ ուղեկիցը, մեզանից չբաժանվեցան և պարոն բժիշկը: Այստեղ նույնպես գաղթականները մեծ մասամբ բնակվում են գյուղացոց գոմերում: Գոմերը, ամեն մարդ գիտե, որ շինված են անասունների համար. եթե այդ անբան կենդանիներից հարցնելու լինեինք՝ գո՞հ են իրանց բնակարաններից, անշուշտ կստանայինք մի այսպիսի պատասխան. «Ո՜չ, պարոն, գոհ չենք. մեր բնակարանի առաստաղը մաղի նման ծակծկված է, այնպես որ անձրևը և սառը քամին հեշտությամբ ներս են վազում: Գետնի սալահատակը չափազանց ցավեցնում էր մեր կողքերը և վատն այն է, որ մեր տերը շատ ծույլ է, նա չէ մաքրում հատակը. այդ պատճառավ մենք պառկում ենք, համարյա թե, ժահահոտ աղբերի մեջ...»: Այդ դժբախտ արարածներին այժմ ընկերացել է հայ գաղթականը. — մարդիկ, որ գուցե մի ժամանակ փափուկ օթոցների վերա էին պառկում...

Վաղարշապատում շատ տներ ես մտա և դուրս եկա, ամեն տեղ տեսնում ես միևնույն ցավալի դրությունը: Շատ խրճիթներում մի քանի ընտանիքներ ածված են միասին կամ գոմերում և կամ խրճիթների այն մասերում, որոնք բնակության համար չեն շինված, որպիսի են փայտանոցը, դարմնոցը և այլն: Ամեն տեղ լսում ես միևնույն խոսքը՝ օգնեցե՜ք, ի սեր աստուծո, մեռնում է որդիսքույրսմայրս... եղբայրս...

Մի տան մեջ ես տեսա մի բանի հիվանդներ ընկած միմյանց մոտ. առողջները նստած քշում էին նրանց ճանճերը: Իմ հետաքրքրությունը շարժեցին թղթի մի քանի փոքրիկ փաթոթներ, որ դրված էին հիվանդների մոտ: Ես բաց արի փաթոթները, նրանց մեջ գրած էին զանազան բժշկական փոշիներ:

Դրանք որտեղի՞ց են, — հարցրի ես:

Այն ակնոցավոր փոքրիկ մարդը տվավ, — պատասխանեց մի պառավ:

Չօգնեցի՞ն, — հարցրի ես:

Բոլորիցն էլ փորձեցի, բայց շահ չտեսա, — ասաց պառավը հուսահատությամբ:

Որպես Վաղարշապատում, նույնպես և բոլոր գյուղերում, ուր ցրված էին գաղթականները, իրավ է, դեղարաններ չկան և այդ մահին Թիֆլիսի մասնաժողովի տնօրինությունը վատ չէ կարելի համարել, որ դեղեր է ուղարկում, բայց վատությունը նրանց գործադրության մեջն է:

Բժիշկը, որ ինձ հետ ման էր գալիս, վանքի կողմից կարգված էր հիվանդներին հոգ տանելու: Նրան կոչում էին հեքիմբաշի (բժշկապետ): Ճանապարհին ունեցանք նրա հետ մի այսպիսի խոսակցություն:

Այս գյուղի բոլոր հիվանդների հոգատարությունը ձե՞զ է հանձնված, պարոն բժշկապետ:

Ոչ միայն այս գյուղի, այլ մինչև անգամ ամենահեռավոր գյուղերինը, — պատասխանեց նա մի փոքր հպարտությամբ:

Ուրեմն դուք ամեն տեղ գնո՞ւմ եք:

Ոչ, այդ դժվար է, — ասաց նա կակազելով:

Ուրեմն ինչպե՞ս եք բժշկում:

Ահա այսպես. շատ անգամ իրանք հիվանդներն են գալիս, շատ անգամ ազգականներն են գալիս, պատմում են ցավի հանգամանքները, ես էլ նրա համեմատ դեղ եմ տալիս:

Ես նկատեցի, որ պարոն բժշկապետի և «ակնոցավոր մարդու» բժշկության եղանակը իրանց ձևերով շատ չէին տարբերվում և ասացի.

Այդ ինչպե՞ս կարելի է, ռամիկը շատ անգամ չէ հասկաում հիվանդությունը և ձեզ կարող են սխալեցնել:

Ո՜չ, ես այդ բանի մեջ բավական զգույշ եմ, — ասաց նա ինքնաբավական վստահությամբ, — և միշտ տալիս եմ այնպիսի դեղեր, որ կարող էին օգնել:

Ուրեմն դուք գործ եք դնում Հոլովիեի դեղահատները

Ըշտա, աղբար, գյուղ տեղ է, ի՞նչ պիտի ընենք, պետք է կերպով մը յոլա տանինք:

Պարոն բժշկապետի վերջին խոսքերից երևաց, որ նա վանեցի է: Հետո ուրիշներից տեղեկացանք, որ նա յուր հայրենիքում եղել է դեղագործի ծառա, իսկ պատերազմի պատճառով Ռուսաստան գալով, Ս. Էջմիածնում դարձել է «հեքիմբաշի»...:

Ս. Գայանյան վանքի մոտ այժմ կազմվել է մի նոր և ընդարձակ գերեզմանատուն գաղթականներից: Ս. Հովհաննու վանքի (Ուչքիլիսեի) վանահայր և միևնույն ժամանակ գաղթականների առաջնորդ Հովհաննես վարդապետը ցույց տվեց ինձ մի ցավալի հաշիվ, որից երևում էր, թե մինչև այսօր գաղթականներից վախճանվողների թիվը հասնում է մոտ հազար հինգ հարյուրի:

Ինձ պատմեցին, թե Վաղարշապատի բժիշկ Բ. Նավասարդյանը, քանի որ այստեղ էր, մեծ եռանդով էր հոգ տանում հիվանդներին, բայց նրա Թիֆլիս գնալուց հետո խղճալի գաղթականները բոլորովին անխնամ մնացին:

Գուցե ընթերցողը կնկատե, որ ես իմ գրվածքիս մեջ ավելի ուշադրություն եմ դարձնում հիվանդների վերա, չնայելով, որ գաղթականներից առողջները կարոտ են ուրիշ շատ կենսական պիտույքների, որպիսի են հացը, հագուստը, հարմար բնակարանը և այլն: Բայց այդ բաների մեջ պետք է որոնել հիվանդության բուն պատճառը:

Եթե մտաբերենք բոլոր անտանելի փորձանքները, որոնց միջով անցան ողորմելի գաղթականները, շատ հեշտ կլինի բացատրել բազմաթիվ հիվանդությունների և մահվան պատճառը: Գաղթականներն իրանց երկրում բնակվում էին Եփրատի հովասուն հովիտների մեջ, Նպատ լեռան սառն բարձրավանդակների վերա: Հանկարծ հուլիս ամսում ընկնում են Երևանյան նահանգի գեհենի մեջ: Տոթը մի կողմից, ճանապարհի անտանելի հոգնածությունը և երկյուղը մյուս կողմից, ավելացնենք դրանց վերա քաղցը, ծարավը, բնակարանների անհարմարությունը, վատ կերակրվիլը, — շատ հասկանալի է, որ նրանք չէին կարող առողջություն պահպանել, եթե երկաթի կազմվածք ևս ունենային:

Մուրացկանը ստիպված է ուտել, ինչ որ տալիս են նրան: Իսկ սովատանջը ուտում է, ինչ որ հանդիպում է նրան: Ես Վաղարշապատի փողոցներում տեսա գաղթականներից շատերին, երբ գտնում էին փոշիների մեջ ընկած սեխի կամ ձմերուկի կեղևներ, իսկույն իրանց շուրջն էին նայում, երբ նկատում էին տեսնող չկա, վեր էին առնում այն կեղևները, փոշին սրբում էին իրանց հագուստի դրոշակներով և սկսում էին ուտել: Որովհետև քաղցած էին, պետք էր մի բանով սնունդ ստանալ...

1827 թվին Պարսկաստանից դեպի Արարատյան նահանգը գաղթող հայերի հետ նույնը պատահեց. մեծ մասը կոտորվեցան հիվանդությունից: Բայց նրանք ավելի բախտավոր էին, քան ալաշկերտցիք, նրանք սրի և հրի միջով չանցան, նրանց ճանապարհորդությունը ավելի հանգիստ էր, և մի նոր երկիր գալով, իսկույն բնակության տեղ ստացան: Բայց ալաշկերտցիք ամբողջ օրեր սոված և ծարավ անցուցին, թշնամու հրացանները անդադար գոռում էին նրանց վերա, մինչև հասան ռուսաց սահմանը, իսկ գալով այստեղ, անտեղ ու անտեր մնացին: Ես տեսա մի տղա, որի ձեռքի մեջ դեռ մնացել էր գնդակի վերքը, որ նա ստացել էր ճանապարհում:

Ես երկար ման գալ չկարողացա Վաղարշապատում, ամեն տեղ տեսնում էի մերկություն և հիվանդություն, ամեն տեղ ողորմություն էին խնդրում: Ասում են մեզ համար փող է հավաքված, ո՞ւր է», — հարցնում էին մեզ, կարծելով, թե ես կամ ընկերս որևիցե մասնաժողովի անդամներ ենք: Իրավն ասած, թե իմ և թե ընկերիս քսակները պարպվեցան: Խիստ անտանելի մի դրություն է, երբ մարդ տեսնում է թշվառություն, ցանկանում է օգնել և չէ կարողանում...:

Դ

Իմ ժողովը Ղազարապատում: — Թուրքաց գործ դրած միջոցները գաղթականները դարձնելու: — Լավ է նրանց դարձնել իրանց հայրենիքը: — Աբարանցոց մարդասիրական վարմունքը: — Երիտասարդ ալաշկերտցու պատմությանը: — Իմ դատողությունները: — Խելագարված կինը:

Երեկոյան ես վերադարձա վանքը բոլորովին հոգնած և խիստ վատ տրամադրության մեջ: Շատ ապրի հայր Փեշտալմալջյանը, վանքի հյուրընկալը, որ պատրաստել էր տված մի փառավոր ընթրիք ուտիսվա կերակուրներից: Այն գիշեր ինձ մոտ հավաքվեցան մի քանի ալաշկերտցիք և նրանց առաջնորդ՝ Սուրբ Հովհաննու վանքի վանահայր Հովհաննես վարդապետը: Նրանք տեսնելով, որ ես հետաքրքրվում եմ գաղթականների վիճակով, հոժարությամբ պատմում էին, ինչ որ ես հարցնում էի: Գիշերի մեծ մասը մենք անցուցինք նրանց վերա խոսելով:

Ինձ մոտ եղող ալաշկերտցիքը հասարակ մարդիկ չէին, այլ գաղթականների առաջավոր անձինքներից էին, որոնք գյուղերից եկել էին իրանց վանահոր՝ Հովհաննես վարդապետի մոտ ինչ-ինչ խնդիրների մասին խորհելու, նրանցից երկուսը քահանա էին:

Նրանք պատմում էին, թե տաճկաց կառավարությունը մեծ կորուստ համարեց յուր երկրին, զրկվելով հայերի նման օգտավետ, աշխատասեր ժողովրդից և թե նա տակավին հույս ունի, որ հայերը կվերադառնան. այս մտքով նա հրամայեց, որ նրանց տները անվնաս և ամբողջ պահվին: Եվ որովհետև գաղթականները իրանց ցանքերը թողել էին առանց քաղելու, տեղային կառավարությունը կարգադրեց, որ ցանքերը հանձնվին մահմեդականներին կամ այնտեղ մնացած հայերին այն պայմանով, որ նրանք հնձեն, կալսեն և մաքուր ցորյանը լեցնեն առանձին ամբարներում, որպեսզի, եթե նրանց տերերն վերադառնալու լինեն, ուտելու հաց ունենան: Իսկ տեղացիք, որ այս աշխատությունը հանձն առան, ստանալու էին բերքի մի փոքրիկ մասը, որպես վարձատրություն: Պատմում էին, իբր թե գաղթականներից ոմանք, վերադառնալով իրանց հայրենիքը, արդեն ստացան իրանց թողած հունձքերի պատրաստի բերքը և որպես թե կառավարությունը շնորհեց նրան և այն տասանորդը, որ ինքն պետք է վեր առներ երկրագործական արդյունքներից: Գուցե տաճկաց կառավարությունը դրանցով կամեցել է հրապուրել գաղթականնեին և վերադարձնել իրանց տեղերը. չկամենալով յուր երկի մի ամենալավ մասը զուրկ կացուցանել մի աշխատավոր ժողովրդից, որպիսին էին հայերը: Այլև պատմում էին, թե մի քանի երևելի քուրդեր պատժվեցան իրանց գործած անգթությանց և հարստահարությունների մասին, մի քանիսը կախաղան հանվեցան. և շեյխ-Ջալալեդդինին հրամայվեցավ, որ յուր բարբարոս ասպատակները վեր առնի գնա յուր տեղը, այլևս պատերազմին չմասնակցե:

Ինքը Հովհաննես վարդապետը՝ գաղթականների առաջնորդը, շատ գեղեցիկ միտք էր հայտնում. նա ասում էր, եթե աստված տա, ռուսը մյուս անգամ գրավե այն երկրները, ավելի լավ է, որ գաղթականներին վերադարձնե իրանց տեղերը. եթե այսպես մնալու լինեն, նրանց մեծ մասը կոչնչանա և մնացյալները կցրվին դեպի զանազան կողմեր: Նա ասում էր, թե ինքն որպես գաղթականների առաջնորդ, ավելի լավ գիտե յուր ժողովրդի ցանկությունը. որ նրանք ռուսական Հայաստանում մնալու նպատակ չունեն:

Մենք Հովհաննես հայր սուրբի կարծիքը բաժանում ենք ավելի գործնական կետից ըմբռնելով այս խնդիրը: Որպես ճիշտ աղբյուրներից տեղեկացանք, տաճկաց կառավարությունը միտք ունի հայերի թողած երկրները բնակեցնել աբխազներով, որ նա տարավ Սուխումի կողմերից: Եթե այդ այդպես լինի, այն ժամանակ Ռուսաստանը կունենա նոր և բարբարոս դրացիներ և յուր սահմանագլուխները միշտ ազատ չեն մնալու նրանց ասպատակություններից: Ուրեմն ավելի լավ կլիներ, որ աբխազների տեղը բռնեին նույնիսկ խաղաղասեր հայերն, որ այնտեղից բերված են: Իսկ եթե աբխազներ ևս չբերվեին հայերից դատարկված երկրնեում, քրդերն կան ու կանդրանք աբխազներից պակաս չեն իրանց բարբարոսություններով:

Ես սարսափելով լսեցի մի քանի տխուր ճշմարտություններ ալաշկերտցիներից, թե որպիսի համակրություն ցույց տվեցին դեպի իրանց տարանջատյալ եղբայրներն՝ տեղացի հայերը: Պատերազմի ժամանակ կարծես ամեն մարդ անգութ է դառնում: Եղբայրը եղբոր վերա անգամ չէ խղճում: Օրինակ, պատմում էին այսպիսի բան, երբ ալաշկերտցիք կամեցել են գաղթել, մեծ մասն ճանապարհի սայլ կամ արաբա չեն ունեցել, որ իրանց տնային շարժական կայքը վեր առնեին: Նույն ժամանակ աբարանցի հայերից շատերն իրանց արաբաներով գնացած են եղել այն կողմերում ռուսաց բանակը պաշար կրելու: Դրանք օգուտ են քաղում ընդհանուր խռովությունից և գաղթականների շուտափույթ ու հանկարծական չվելուց և որպես բեռնակիրներ դիմում են գաղթականներին, որ օգնության ձեռք հասցնեն և նրանց շարժական իրեղենները վերցնեն իրանց արաբաների վերա: Ալաշկերտցիք շատ սիրով են ընդունում նրանց ազգասիրական եռանդը, որպես հայերի, հավատում են իրանց կայքը աբարանցի արաբաչիներին և այնքան ժամանակ չեն ունենում, որ ճանաչեն, թե նրանք ովքեր և ինչ տեսակ մարդիկ են: Մոտ քառասուն արաբաչի առնում են տեղացիների տնային իրեղենները իրանց սայլերի վերա, բայց փոխանակ բերելու և կրկին իրանց տերերին հանձնելու, նրանք անհետանում են…: Այժմ շատ ալաշկերտցիք աբարանի գյուղորայքում իրանց կայքն են որոնում և ցավալին այն է, որ չգիտեն, թև ումից պահանջեն, որովհետև մի այնպիսի սարսափելի րոպեում նրանք հանձնեցին իրանց հարստությունը օտարին, որ նրան ճանաչելու կամ մի գրավական առնելու ժամանակ չունեցան…:

Այլև պատմում էին, թե այժմ այս և այն հայ պարոնի հոտերի մեջ արածում են գաղթականների ոչխարները, տավարները, նրանց գոմեշները, թե ինչ հրաշքով հայտնվեցան ողորմելի գաղթականի չորքոտանիքն օտարի հոտերի մեջ, — այդ մի գաղտնիք է, որ գուցե հետո կհայտնվի, բայց այսքանը ճիշտ է, որ գաղթականներն կորցրին իրանց անասունների մեծ մասը... Ո՞վ տարավ, ինչպե՞ս եղավ, այդ մենք չգիտենք:

Եվ իրավ, մարդ առանց զարմանալու մտածել չէ կարողանում, երբ նկատում է գաղթականների ողորմելի չքավորությունը: Մի՞թե այդ անբախտները իրանց հայրենիքում այսպես աղքատ են եղել. մի՞թե նրանք ոչինչ չեն ունեցել: Ի՞նչ եղավ նրանց կայքը, որտե՞ղ կորցրին իրանց հարստությունը, որ այժմ հագներին հագուստ չունին, ոտներին տրեխ, հողաթափ անգամ չկա. գիշերները մի ծածկոց չունին պառկելու, քրքրված ցնցոտիների մեջ են քնում: Հայտնի բան է, այդ մարդիկը իրանց երկրում օդի մեջ չէին բնակվում, դրանք էլ ունեին տուն տեղ, կայք և կարասիք: Բոլորն նրանք չթողեցին և փախան, մնացածն ի՞նչ եղավ: Վերջապես որտե՞ղ կորցրին իրենց անասունները, որ շինական մարդու գլխավոր հարստությունն է. անասունների համար արաբաներ պետք չէին, նրանք իրանց ոտներով կարող էին հետևել իրանց տերերին: — Այդ հարցերը այնքան փափուկ են, որ մենք ցանկություն չունինք այժմ դիպչել նրանց, թողնելով գուցե ժամանակը որևիցե կերպով կպարզե

Այսքանը միայն կասենք, որ գաղթականների մեծ մասը վերջին աստիճանի աղքատության մեջ է, բացի իրանց կիսամերկ մարմիններից ուրիշ ոչինչ չունեն: Թվով շատ քիչ են այնպիսիքը, որ ունեն մի ավանակ, մի քանի կովեր կամ եզներ և կամ մի քանի հատ ոչխար: Մինչև այսօր վերջինները կարողանում էին պահել անասուններ, որովհետև կերակրելու համար շատ պահանջ չկար, արածացնում էին արձակ դաշտերում: Բայց երբ ձմեռը եկավ, պահել ևս չեն կարող, նախ՝ տեղ չեն ունենալ, երկրորդ՝ ձմեռվա պաշար պետք է նրանց, իսկ պաշարը, օրինակ, խոտի սայլը այս կողմերում, կամ ուր որ գաղթականներ կան, արժե 20-ից մինչև 50 ռուբլի: Որտեղի՞ց նա կարող է տանել այս գումարը, երբ մի կով պահելու համար ամենափոքրը պետք է մի սայլ խոտ ունենալ: Եվ ի՞նչ հաշիվ, 2030 մանեթ տալ խոտի մի կով պահելու համար, որ յուր կերածի կես արժեքը չունի: Պատերազմի պատճառով չորքոտանիների ճարակը չափազանց թանկացել է: Ուրեմն, գաղթականներն իրանց ունեցած անասունները նույնպես կոտորելու են սովից, եթե վաղօրոք վաճառելու հոգ չտանեն: Մեր կարծիքով լավ էր վաճառել բոլորը, փողը գոնյա կմնար իրանց քսակում, մանավանդ այժմ մորթելու անասունները լավ գին ունեն, միսը ամեն տեղ թանկ է:

Ես Հովհաննես վարդապետին նույնը ասացի, թե գաղթականները, քանի որ իրանց գլուխը պահել չեն կարողանում, ուր մնաց, որ ձմեռը անասուններ կարողանային պահել և խորհուրդ տվեցի նա վաճառել տա: Նա պատասխանեց, թե ամեն բան կորցրած ալաշկերտցուն շատ դժվար է համոզել, որ նա վաճառե յուր անասունը, որ միակ բանն է մնացել նրա հարստությունից, թե նա ավելի լավ կհամարե, անասունը յուր աչքի առջև մեռնի, քան օտարի ձեռքը տա, որովհետև ալաշկերտցին նույնքան սիրում է յուր չորքոտանիքը, որքան յուր որդիքը:

Գիշերից բավական անցել էր, երբ վարդապետը յուր հայրենակիցների հետ հեռացան: Բայց նրանցից մեկը մնաց, ես նկատեցի, որ նա ասելու բաներ ունի և խնդրեցի նստել: Այդ մարդը մի բարձրահասակ հսկա էր ջլուտ և զորեղ կազմվածքով, նա բոլոր ժամանակը լուռ էր և տխուր, երբ մյուսները խոսում էին, բայց երբ որ միայնակ մնաց, լեզուն բացվեցավ: Որքա՛ն վշտեր, որքա՛ն գաղտնիքներ թաքնված էին այն ծածկամիտ տղամարդի մեջ...

Նկատելով, որ նա բավական խելացիգլուխ մարդ է, խնդրեցի, մանրամասն պատմել, թե ինչ շարժառիթներից ստիպված նրանք թողեցին իրանց հայրենիքը: Նա խիստ դժվարությամբ հանձն առավ պատմել, և ես կհաղորդեմ իմ ընթերցողին այնքան, որքան կարող եմ հաղորդել:

Մեր երկիրը վատ չէր, — ասաց նա, — հողը ընդարձակ էր, իսկ ջուրը՝ առատ. ցանում էինք, որքան կամենում էինք և վարում էինք, որքան կարող էինք: Մենք մեր հողի տերն էինք: Մեր սարերն խոտավետ էին, իսկ մեր անասունները՝ կուշտ ու պարարտ: Մեր հարևան քրդերը չէին վնասում մեզ. մենք սիրով էինք ապրում միմյանց հետ և նրանց քիրվա (կնքավոր) էինք կոչում: Պատահում էր, որ լինում էին ավազակություններ, օրինակ, մի խումբ քրդեր ուրիշ երկրից գալով, կողոպտում էին որպես մեր, նույնպես և իրանց ազգակիցների անասունները, խտրություն չէին դնում: Մենք էլ նույնպես էինք վարվում նրանց հետ: Այդ մեր երկրի սովորությունն է:

Կառավարությունը նույնպես վատ չէր մեզ հետ. հարկերը թեթև էին: Երբեմն մուլթեզիմներն անգթություն էին անում, բայց երբ նրանց վերա գանգատ էր լինում, մեզանից անիրավացի առածը կրկին մեզ ետ էին դարձնում: Մեր առաջնորդները մեջլիսներում շեյխերի ու ղազիների հետ հավասար ձայն ունեին. եթե մեզ զրկողություն էր լինում, մեր ձայնը հասնում էր մինչև սուլթանի պալատը: Եվ քիչ էր պատահում, որ մեր խոսքը չլսեին, որովհետև հայի խոսքը ավելի ընդունակ էր, քան թուրքինը, և կառավարիչ փաշաները գիտեին, որ հայը մահմեդականի վերա սուտ խոսելու սովորություն չունի: Այսպես, ամեն կերպով լավ էին անցնում մեր օրերը:

Բայց երբ ռուսը սկսեց տիրել մեր երկիրը, աստված է վկա, մենք դատ ուրախացանք, ինչպես որ լինի, մտածում էինք, նա էլ խաչապաշտ է, մենք էլ, նա էլ մեզ հետ սուրբ ավազանի եղբայր է: Ռուսը, ասում էինք, ավելի լավ կլինի, քան թուրքը: Այս պատճառավ մենք ամեն տեղ խաչով, խաչվառով, քահանաներով և ավետարանով էինք գնում նրանց զորքի առաջը: Մահմեդականները երբ այս տեսնում էին, մեզ վերա բարկանում էին, կարծում էին, թե մենք ենք կանչել ռուսներին, թե նրանք մեզ համար են գալիս: Աստված է վկա, որ մենք այդ բանում մեզավոր չէինք: Բայց ի՞նչ անես, մահմեդականները սկսեցին մեզ հետ թշնամանալ: — Ռուսը ձեր քեռին է, գյավուրներ, ասում էին նրանք, դուք մեր երկիրը մատնում եք մեր թշնամուն...

Եվ իրավ, մենք շատ աշխատեցինք... բայց մեր բախտից ռուսը մեր երկրում երկար չմնաց: Հանկարծ լսեցինք, թե Տեր-Ղուկասովն թողնում է տիրած երկրները:

Լա՜վ, դուք ինչո՞ւ եկաք նրա հետ, — ընդմիջեցի նրա պատմությունը:

Մեզ ասեցին, թե ինչ հայեր մնում են այն երկրներում, բոլորին թուրքերն կոտորում են: Որքան ուղիղ էր այդ լուրը, մենք չգիտեինք, բայց այդպես ասեցին մեզ. մենք հավատացինք և սաստիկ երկյուղի մեջ ընկանք: Էլ չուզեցինք այնուհետև մնալ այն երկրում, ուր սպասում էր մեզ թուրքի սուրը, հայրենիքը մեր աչքից ընկավ...

Следующая страница