Րաֆֆի՝   Հուշագրություններ

Այդ բերդը ծառայում էր որպես պատսպարան թե պարսից՝ խաների, և թե Գանձակի մելիքների56 համար: Երբ 1790 թվին (՞) Շուշվա Իբրահիմ խանը, վրաց Գիորգի իշխանը, միացած լեզգիների հետ (՞՞) պաշարեցին այդ բերդը, նրա աշտարակներից չորսը հանձնված էր շատ հայ մելիքների պահպանությանը: Դրանցից մեկն էր մելիք Մեջլումը, մի քաջ, խորամանկ, միևնույն ժամանակ անբարիշտ մարդ: Մելիք Մեջլումը պաշարման ժամանակ նույնիսկ բերդում գնդակ ստացավ մի գաղտնի չարագործից57 և վիրավոր տարվեցավ իր վրանը, Ջավադ խանը մի ամբողջ շաբաթ նրա սպանված մարմինը պահեց, թե ճաշին և թե ընթրիքին նրա մոտ կերակուրներ էր ուղարկում իր խոհանոցից` ցույց տալու համար, թե մելիք Մեջլումը դեռ մեռած չէ, որպեսզի զորքը այդ քաջի մահը լսելով չվհատվի58: Երբ պաշարումը վերջացավ, թշնամուն հեռացրին, Ջավադ-խանը նրա մարմինը թաղել տվեց Գանձակի Ս. Հովհաննես մայր եկեղեցու աջակողմյան խորանում, Աղվանից Ներսես կաթողիկոսի (՞) գերեզմանի մոտ, թեև դա հակառակ էր հայ ժողովրդի կամքին:

Գանձակի բերդի շինության նյութերը, քար, աղյուս և այլն, որպես վերևում հիշեցի, աճուրդով վաճառում են, իսկ տեղը նույնպես վաճառում են բնակիչներին նոր շինություններ կառուցանելու համար: Այնտեղ շինված է ռուսաց փոքրիկ եկեղեցի, ամբարներ և այլն:

Բերդի ավերակները տեսնելուց հետո ես մտա հասարակաց այգին, որ շատ հեռու չէ այնտեղից: Բոլոր գավառական քաղաքներում, որքան պատահել է ինձ տեսնել հասարակաց այգիներ, Գանձակինը կարելի է ամենագեղեցիկը համարել: Այդ այգին տնկված է Վարանցովի փոխարքայության ժամանակներից և խիստ խնամքով պահպանված է: Այնտեղ կարելի է տեսնել, սկսյալ հնդկական մագնոլիայից մինչև տեղական ամենաընտիր տունկերը: Միակ գեղեցիկ բանը, որ գրավեց Գանձակում իմ ուշադրությունը, — այդ այգին էր: Պետք է ասած, որ գանձակեցիք առհասարակ այգեգործության մեջ շատ առաջ են գնացել: Նրանց խաղողը իր ընտիր հատկություններով ծանոթ է և թիֆլիսեցիներին:

Գանձակի մեջ մի այլ նշանավոր բան չլինելով տեսնելու համար, ես շտապում էի դուրս գալ: Հայոց դպրոցները ես չգնացի, մանավանդ ամառն էր, աշակերտները արձակված էին: Բացի դրանից, այնքան գրվել է հայոց դպրոցների մասին, որ կարդացողների զահլեն տարել են: Մնում էր ինձ տեսնել մի շարբաբի գործարան, որտեղ մետաքսից ղանազան տեսակ գործվածներ են պատրաստում: Այդ գործարանը թեև եվրոպական կատարելագործված մեքենաներ չուներ, թեև մեքենաները բոլորը պարսկական հին ձևն ունեին, այսուամենայնիվ պատրաստված կերպասները թե իրանց տոկունությամբ և թե գույների գեղեցկությամբ հիանալի էին: Այստեղ պատրաստվում էին՝ դարայի, ղանավուզ, կանանց գլխի չերղաթներ և այլ զանազան տեսակ մետաքսեղեն գործվածներ, որ բավական ծախվում են տեղացիների մեջ:

Նույն ավուր գիշերը ես գնացի կլուբ: Նրա բավական մեծ շինվածքը պատկանում է մի գերմանացու Ելենդորֆի կալոնիայից, որը Գանձակից շատ հեռու չէ. կլուբի շինվածքը գտնվում է քաղաքի կամրջի մոտ, որ շինված է Գանձակի կամրջի վրա: Կլուբում ես բազմություն չգտա, մի քանի ծառայողներ նստած թուղթ էին խաղում: Կլուբի դատարկությունը այն պատճառով չէր որ շատերը ամառանոց էին գնացել, ինձ ասում էին, որ հաճախորդների թիվը միշտ փոքր է լինում, այնտեղ գնում են միայն ռուս ծառայողները, տեղացի վաճառական կամ արհեստավոր դասը ոտք չէ կոխում այնտեղ, իսկ հայ ծառայողները գնում են նրանք միայն, որ առանձին սեր ունին թուղթ խաղալու: Այդ ողորմելի հիմնարկությունը պահպանվում է գլխավորապես նրանով, որ գյուղացի թուրք բեկերից յուրաքանչյուրից 20 ռուբլի առնելով, անդամ են գրել տալիս, որոնք քաղաքը տարին մի անգամ ոտք չեն կոխում:

Գանձակի հին քաղաքի տեղը ավերակ է այժմ, տների փլատակները դեռ երևում են: Այստեղ կա մահմեդականների մի ուխտատեղի, որ կոչվում է Գոգ-Իմամ: Դա առաջ պատկանելիս է եղել հայերին, և այնտեղ է Խոսրով նահատակի գերեզմանը:

Գանձակում մնացի երեք օր միայն. այնուհետև ձի վարձեցի, որ զարտուղի ճանապարհներով կարողանամ տեսնել իմ ցանկացած տեղերը:

Գ

Քարտեզով ճանապարհորդություն: — Ելենդորֆ: — Հաջի-քենդ կամ Հաջի-շեն: — Սյուլուկ գյուղ: — Գետաշեն: — Ղարաբուլաղ: — Թոդամ գյուղ: — Էրքեջ: — Ղարաչինար: — Աղջակալա: — Մելիք Բեգլարովների կալվածքները:

Ես Թիֆլիսից դուրս գալու ժամանակ վեր էի առել ինձ հետ Թիֆլիսի գլխավոր շտաբի պատրաստած Անդրկովկասի հինգ վերստանոց քարտեզներ: Երբ կամենում էի Գանձակը թողնել, Ելիզավետոպոլի գավառի քարտեզը դրի առջևս, կամենում էի մի մարշրուտ պատրաստել, որ նրա համեմատ սկսեի ճանապարհորդությունս: Նայում եմ, նայում եմ, իմ ցանկացած տեղերից և ոչ մեկը նշանակված է քարտեզի մեջ: Տեր աստված, մտածում եմ, այդ ինչ բան է, թուրքերի ամենաաննշան ձմեռոցները, որոնց մեջ տարվա երեք ամիսը միայն բնակություն է լինում, նշանակված են քարտեզի մեջ, բայց հայոց գյուղեր չկան: Բարեբախտաբար ինձ մոտ էր մի գանձակեցի պարոն, որին ես դարձա, խնդրելով, որ բացատրե այդ գաղտնիքը: Նա նույնպես նայեց քարտեզի վրա ոչինչ չկարողացավ ջոկել:

Ո՞ր գյուղն եք ուզում, — հարցրեց նա:

Օրինակ, ես ուզում եմ տեսնել Գետաշեն գյուղը: Նա որոնեց քարտեզի վրա և ասաց.

Ահա այդ Չայ-քենդը հայոց Գետաշենն է:

Հիմա հասկացա, քարտեզ պատրաստողները հայոց անունները թարգմանել են, չայթուրքերեն նշանակում է գետ, իսկ քենդ նշանակում է գյուղ, և այսպիսրվ Գետաշենը դարձրել են Չայ-քենդ՝ այսինքն՝ գետի գյուղ:

Ես նկատեցի, որ ոչ միայն հայոց գյուղերը, այլ մինչև անգամ հայոց վանքերը թուրքերեն անուններով էին նշանակված: Ուրեմն առաջ պետք էր նրանց թուրքերեն անունները սովորել, հետո օգուտ քաղել այդ քարտեզներից, որը մի մեծ դժվարություն էր ինձ համար: Բայց ի՞նչ նպատակ կար այսպես խառնաշփոթ բան շինել անուններիցես հասկանալ չկարողացա:

Ես մի կողմ դրեցի քարտեզները, և ավելի բարվոք համարեցի մի հմուտ առաջնորդ ինձ հետ վեր առնել, քան թե թուրքերեն անուններ սերտել:

Մի ամբողջ ժամ տևեց մինչև ես դուրս եկա Գանձակի այգիներից և բռնեցի այն ճանապարհը, որ տանում էր դեպի գերմանական Ելենդորֆ կոչված կալոնիան: Ցանկանում էի տեսնել, թե ինչպես է ապրում եվրոպացի գաղթականը Հայաստանում:

Թիֆլիսի գերմանական կալոնիան իր մաքրությամբ և գեղեցկությամբ ամենին հիացք էր պատճառում: Բայց պետք է ասած, որ Թիֆլիսի կալոնիան այժմ իսկապես քաղաքի մի մասն է կազմում. նա կորցրել է իր կալոնիայի հատուկ բնավորությունը: Բայց Ելենդորֆը կալոնիայի կատարյալ կերպարանք է կրում. այստեղ կարելի է տեսնել մի քաղաքակիրթ ժողովրդի տնտեսությունը: Փողոցները լայն, ընդարձակ և ուղիղ են. աջ և ձախ կողմից զարդարած են բարդի և չինարի ծառերով, որոնք հովանավորում են տների շարքը: Փողոցների երկու կողմից ևս, տների դռան առջևից ջրի վտակներ են վազում: Բոլոր տները միակերպ են, արխիտեկտուրայով չեն զանազանվում միմյանցից, բայց բավական պարզ, մաքուր և համեստ ճաշակով շինված, պատուհանները նայում են դեպի փողոցը, որոց միջում կարելի է տեսնել զանազան տեսած ծաղիկների բազարներ: Տների ետևի կողմում է ընդարձակ բակը, ամբարները, ախոռատունը և մի կանոնավոր տնտեսության համար հարկավոր եղած այլ շինվածքները59: Միևնույն տների շարքում դուք կտեսնեք կոպեկների ետևից ընկած հայ մանրավաճառի խանութը, որը հայտնի չէ որ ջհանդամից եկած, այստեղ ամբողջ օրը երդումներ է ուտում, ստախոսում է, որ կարողանա մի առարկա իր արժեքից կրկնապատիկ գնով վաճառեր: Ի՛նչ համեմատություն կա այդ խաբեբայի և այն հասարակության մեջ, որ գործ ունի բնության հետ, որ իր արդար վաստակը ստանում է աշխատանքով ու քրտինքով:

Այս կողմերում չկա մի ուրիշ աշխատասեր ժողովուրդ որպես Ելենդորֆի գերմանացիները: Կինը այստեղ ամեն գործում օգնում է տղամարդին: Նա հունձք է հնձում, խոտ է հնձում, կալ է կալսում, նայում է անասուններին: Քաղցր է նայել կնոջ վրա, հարդյա գդակը գլխին, մի կարճ դերյա հագած, թեթև բաշմակները ոտին, հնձում է: Աղջիկները, տղաները նույնպես ամենայն եռանդով մասնակցում են ծնողների եռանդոտ աշխատությանը:

Ելենդորֆի գաղթականները շվաբներ են, եկան այդ կողմերը բոլորովին մերկ և աղքատ: Մի ամբողջ տարի Գանձակի հայերը կերակրեցին նրանց, մինչև կառավարությունից տեղ ստացան իրանց համար բնակություն հաստատելու: Նրանք եկան կարծեմ 1828 թվին, և երեք տարի առաջ կատարեցին իրանց հիսունամյա հոբելյանը: Կես դարի ընթացքում նրանք կարողացան հարստանալ և իրանց համար կանոնավոր տնտեսություն ստեղծել: Կառավարությունը շնորհել էր նրանց այնպիսի արտոնություններ, որ կես դարը բավական էր այդ աշխատասեր ժողովրդին իր դրությունը ապահովելու համար: Նրանք ստացան ամենապատվական հողեր, այնքան, որքան ցանկանում էին: Գանձակի ջրի յոթը մասից վեցը տվեցին քաղաքի ամբողջ ժողովրդին իրանց այգիները և ցանքերը ոռոգելու համար, իսկ մի մասը ստացան Ելենդորֆի գաղթականները: Հիսուն տարի ազատ էին հարկերից և ամեն տեսակ տուրքերից, ունին իրանց առանձին ինքնավարությունը, իրանց մեջ եղած բոլոր վեճերը քննվում էին և վճռվում էին իրանցից ընտրված շուլցի ձեռքով: Տեղային իշխանությունը իրավունք չուներ շուլցի ընտրության կամ նրան փոխելու մեջ60:

Այդ բոլոր դյուրությունները կարող էին մի այլ հասարակության ծուլացնել, փչացնել, բայց նրանց միջոց տվեցին ինքնուրույն կերպով զարգանալու և կանոնավոր-բնական ճանապարհով առաջադիմելու: Այժմ նրանցից յուրաքանչյուրը ունի մի քանի այգիներ, ընդարձակ վարելահողեր, խոտ հնձելու մարգագետիններ, այլև աշխատում են գնել այգիներ Գանձակում, երբ աճուրդով վաճառվում են, կամ աղքատությունից ծախվում են:

Յուրաքանչյուր գերմանացի ամեն տարի վաճառում է մի քանի հազար ռուբլու գինի և այլ բերքեր:

Ելենդորֆի գաղթականները ունին մի գեղեցիկ եկեղեցի կարմրագույն քարերից շինված, նրա մոտ է դպրոցը, որի մեջ սովորում են երկու սեռի աշակերտները: Դպրոցի մոտ կա մի փոքրիկ կոկիկ տուն վարժապետի բնակության համար. դպրոցը ունի ընդարձակ պարտեզ երեխաների խաղալու համար: Տարենը երկու անգամ արձակուրդ է լինում մի քանի շաբաթներով, մեկր գարնան սկզբում ցանքի ժամանակ, մյուսը` ամառը հունձքի ժամանակ:

Ունին խնայողության կասսա, ունին բարեգործական կասսա աղքատներին գնելու համար, ունին հասարակաց շտեմարան, մի խոսքով, այն բոլոր հիմնարկությունները, որ միջոց են տալիս մարդուն ապահով կերպով ապրելու և կարոտությունից ազատ մնալու: Խնայողությունը, չափավոր և համեստ կյանքը այդ գաղթականների կենցաղավարության հիմնական կանոնն է: Նրանք իրանց հեռու են պահում ամեն տեսակ շռայլությունից: Մինչև վերջին տարիները նրանց կանայքը ծանոթ չէին մետաքսեղեն, կամ բրդեղեն հագուստների հետ, չնայելով, որ շատ հարուստ էին: Հասարակ չթեղեն հագուստով կառավարվում էին: Տղամարդիկ նույնպես չէին հագնում մահուդ կամ տրիկո: Պատմում են, որ նրանցից մեկը Թիֆլիսում գնել էր մի թանկագին մուշտակ: Իսկույն կալոնիստները ժողով կազմելով, արգելեցին նրան հագնել, որ իր օրինակով չգայթակղեցնի մյուսներին: Նա ստիպվեցավ իր մուշտակը վաճառել:

Ելենդորֆի գաղթականները իրանց օրինակով կարող էին լավ օրինակ տալ Գանձակի հայերին: Բայց մինչև այսօր հայերը դրանցից սովորեցին երկու բան միայն, այն է՝ ֆորգոն և տակառ շինել: Գանձակեցի թուրքերի բանեցրած բոլոր ֆորգոնները հայերն են շինում:

Ելենգորֆում ես մնացի կես ժամ միայն: Այստեղից պիտի գնայի Հաջի-քենդ, որը Գանձակի ծառայողների ամառանոցն է: Ճանապարհը հարթած էր, որովհետև մինչև հիշյալ գյուղը Գանձակից միշտ կառքեր և պոսաայի սայլակներ են գնում: Ելենդորֆից սկսյալ Գանձակի տափարակը վերջանում է և ճանապարհը բարձրանում է դեպի բլուրների զառիվերը, և լեռների վրայով պտույտներ գործելով, հասնում է մինչև Հաջի-քենդ: Ելենդորֆից այն կողմը բնությունը բոլորովին փոխվում է, կարծես մարդ մտնում է մի ուրիշ աշխարհ: Հետզհետե բլուրները ծածկվում են թփերով, և ապա սկսվում են անտառները: Ես հագած ունեի բարակ ամառային հագուստ, մինչև Ելենդորֆ հասնելս սաստիկ շոքում էի տոթից. իսկ այժմ սկսեցի մրսել և միևնույն օրը հարփուխ ստացա:

Հաջի-քենդը, ինչպես ասացի, Գանձակի ամառանոցն է. այնտեղ է անցկացնում ամառը գավառապետը իր բոլոր ծառայողներով, այնտեղ են լինում քաղաքի բոլոր պաշտոնատարները: Գանձակից մինչև այստեղ բերած է հեռագրական թեր Հաջի-քենդը այժմ բացի ամառանոց եկողներից ուրիշ բնակիչներ չունի: Բայց նա առաջ եղել է հայաբնակ գյուղ, մինչև այսօր մնացել է հայոց եկեղեցին, որ կիսով չափ ավերակ է: Գյուղից ոչ այնքան հեռու, անտառի մեջ երևում է հայոց գերեզմանատունը:

Հասնելով Հաջի-շեն, մի փոքր այս կողմ և այն կողմ ման գալով երկու ժամը լրացավ: Սաստիկ սոված էի, մտա հյուրանոցը մի բան ուտելու: Հյուրանոցի պահողը գերմանացի էր, ով դիտե որտեղից եկած. ահագին բարձրահասակ կինը, նստած պատշգամբի վրա նամակ էր գրում, ամուսին այրը պտտվում էր հյուրերի շուրջը, զանազան հանաքներ էր անում: Մտա սեղանատուն: Նրա շուրջը պատել էին տեղային բոլոր ծառայողները ամեն կոչման և ամեն աստիճանի, սպասում էին, որ ճաշ տան: Երևում էր, որ կերակուրների ցուցակ չկար, սպասավորը ներս մտավ և բերանացի հայտնեց, թե ինչ տեսակ կերակուրներ կան, և նրանց թվում հիշեց հայոց բորանին ու չիխիրթման: Այդ երկու անունները ընդհանուր ծիծաղ բարձրացրին, ռուսները սկսեցին հռհռար: Նրանց թվում գտնվող մի քանի հայ ծառայողներ ևս սկսեցին ծիծաղել իրանց պապերի բորանու և չիխիրթմայի վրա, երբ նկատեցին, որ իրանց ռուս պաշտոնակիցները ծիծաղում են: Բնավորության ցածությունը, — ստոր հաճոյամոլությունը երևում է առավելապես այսպիսի մանր բաների մեջ: Իմ դրությունն էլ ոչ սակավ ծիծաղելի էր. ազգային զգացմունքը շարժվեց ինձանում, ես բոլորի հակառակ պահանջեցի չիխիրթմա և բորանի: Դուրս եկավ, որ շատ լավ էին պատրաստված:

Ճաշի սեղանի վրա խոսակցության առարկան գուբերնատորի ջեյրանն էր:

Դուք տեսա՞ք գուբերնատորի համար բերած այն նոր ջեյրանը, — հարցնում է մեկը մյուսից:

Տեսա, ինչպես չէ, շատ զալումն է, — պատասխանում է մյուսը:

Երբ մոտենում է մարդուն, սկսում է առջևի ոտիկներով քանդել գետինը, — մեջ է մտնում երրորդը:

Չէ՜, առջևի ոտիկներով չէ քանդում, ետևի ոտներովն է քանդում և միևնույն ժամանակ պոչը շարժում է, — մի չորրորդը սկսում է ուղղել նրանց սխալը:

Ամբողջ կես ժամ տևեց վիճաբանությունը, արդյոք գուբերնատորի ջեյրանը մարդուն մոտենալու ժամանակ առջևի ոտներն է շարժում, թե ետևի: Ես ձանձրացա այդ դատարկախոսությունից, դուրս եկա սեղանատնից պատշգամբի վրա, այստեղ պահանջեցի կոֆե: Դրսից ես լսում էի միևնույն վիճաբանությունը, բայց հարցը դարձյալ մնաց անվճիռ:

Պատշգամբի վրա նստած ժամանակս հայ ծառայողներից մեկը մոտենում է և ինձ, առանց իրան ծանոթացնելու, ուղղակի ասում է.

Գիտե՞ք ինչ կա, հյուրանոցի տերը այդ տունը շինելու ժամանակ, ասում են, գտել է ահագին գանձ, հիմա նա շատ հարուստ է:

Ես հավատում եմ, այսպես թանկ-թանկ որ ծախում է նա իր կերակուրները, կարող է գանձ ունենալ, — եղավ իմ պատասխանը:

Չէ, փո՜ղ է գտել, փո՜ղ, կրկնեց անծանոթը, և դարձյալ չէր կարողանում ըմբռնել, որ իր տեղեկությունը միայն առասպել էր և ավելի ոչինչ:

Մինչև Հաջի-շեն ես եկա միայնակ, որովհետև ճանապարհը ուղիղ էր և հեռագրական թելի սյուները օգնում էին ինձ չմոլորվելու: Բայց հեռագրական թելը Հաջի-շենում վերջանում էր: Այստեղից ես պիտի գնայի Սյալուկ կամ Ազատ կոչված գյուղը: Ճանապարհը, որ տանում էր այնտեղ, մի նեղ շավիղ էր, որ պտտվում էր լեռների վրայով: Խիստ հեշտությամբ կարող էի մոլորվել, մանավանդ, որ տեղ-տեղ շավիղը կորչում էր թփերի մեջ: Իմ բախտից պատահեց մի գյուղացի, որ Հաջի-շենից գնում էր դեպի Սյուլուկ: Ես խնդրեցի, որ առաջնորդն ինձ, խոստանալով, որ նրան արաղի փող կտամ: Դուրս եկավ, որ գյուղացին, թեև հագուստից աղքատ էր երևում, բայց բավական բարեսիրտ և ունևոր մարդ էր: Ճանապարհի երկարությունը ձանձրալի չլինելու համար, ես սկսեցի նրա հետ հետևյալ խոսակցությունը.

Ի՞նչ գործ ունեիք Հաջի-շենում:

Գնացել էի ղուփերնաթի մոտ, — ասաց նա մի առանձին կերպով:

Ի՞նչ գործ ունեիր ղուփերնաթի հետ:

Ղազախները մեր արտերը ուտացնում են:

Հետո ղուփերնաթը լսե՞ց քո գանգատը:

Ինձ չթողեցին նրա մոտ:

Քեզ ի՞նչ ասեցին:

Ոչինչ:

Հիմա ո՞ւր ես գնում:

Գնում եմ մեր տունը:

Քեզ ինչո՞ւ չթողեցին ղուփերնաթի մոտ:

Նա լռեց:

Բարձրանալով լեռան բարձրավանդակի վրա, ես տեսա նույն կազակների վրանները, որոնք իրանց ձիաներով տրորում էին գյուղացու արտերը, և որոնց վրա գանգատվելու էր գնացել նա:

Երեկոյան, դեռ արեր մայր չմտած, ես հասա Ազատ գյուղը: Այստեղ իջևանեցի մի երիտասարդ քահանայի մոտ, որ Գանձակից եկել էր ամառանոց: Արևը մայր մտավ, բայց դեռ բավական լույս էր, որովհետև լուսնկա գիշեր էր:

Գյուղացիները ցերեկվա աշխատությունից դադարելով, հավաքվել էին խրճիթների կտուրների վրա և բըբուզ նստած խոսում էին միմյանց հետ: Ես իմ հյուրընկալի հետ մոտեցանք մեկ խումբի: Խոսակցությունը դարձյալ կազակների վրա էր, որոնք գյուղացիների խոտի դեզերը և հունձքը ուտեցնում են իրանց ձիաներին և այլն:

Մի քանի րոպե լսելուց հետո ես այն եզրակացությանը հասա, որ կազակները իսկապես մեղավոր չեն: Նրանց տվել են իջևանելու համար մի տեղ, որ ծածկված է անտառով, իսկ մնացած բոլոր հողերը մշակված են: Հայտնի բան է խիտ անտառում անկարելի է ձիաներ արածացնել, նրանք իրանց ձիաները քաղցած չպահելու համար ստիպված են արածացնել մշակված դաշտերի վրա:

Գյուղացիների խոսակցությունից երևաց և մի ուրիշ բան: Հիշյալ կազակների իջևանելու համար տեղային իշխանությունից նշանակված է եղել մի այլ ամառանոց, ուր ընդարձակ արոտամարգեր կային նրանց ձիաների համար: Հետո զանազան անձինք այդ տեղերը պահել են իրանց ձիաների համար խոտ հնձել տալու, իսկ կազակներին քշել են այնտեղ որ արածացնեն գյուղացիների հունձքի արտերը: Այժմ ես հասկացա, թե ինչո՞ւ իմ առաջնորդին չէր հաջողվել յուր արտերն ազատել:

Ազատ գյուղում ես մնացի երկու ամբողջ օր, որովհետև այդ գյուղի մերձակայքում մի քանի նշանավոր տեղեր կային, պետք էր տեսնել:

Ազատ գյուղում պատահեց ինձ ծանոթանալ Կովկասյան ուսումնական շրջանի տեսչի օգնականի հետ: Նա մի հայ երիտասարդ էր, որ իր ընտանիքով եկել էր այդ գյուղը ամառը անցկացնելու համար: Որպես Կովկասյան ուսումնական շրջանի տեսչի օգնական, նրան հանձնված էր աշխատել թե Ելիզավետոպոլի, թե Նուխվա և թե Ղարաբաղի կողմերի հայաբնակ գյուղերում ռուսաց դպրոցներ բաց անել: Որովհետև այդ դպրոցները վերջին ժամանակներում բավական աղմուկներ բարձրացրին, ես հետաքրքրվեցա տեղեկանալ պատճառները:

Հետո առա ինձ հետ, որպես ուղեցույց, գյուղացիներից մեկին, իսկ որպես առաջնորդ Սարգիս Ջալալյանցի ճանապարհորդության երկու հատորները: Շուտով հայտնվեցավ, որ այդ գրքերը միևնույն տեսակ բաներ էին, որպես Թիֆլիսի շտաբի պատրաստած քարտեզները, միայն տարբերությունը նրանումն էր, որ քարտեզների մեջ բոլոր տեղերի անունները թուրքացնում են, բայց ճիշտ իրանց տեղումն են դնում, իսկ Ջալալյանը տեղերի անունները հայացնում է և ցանկացած տեղումն է դնում: Երևում է, լուսահոգին շատ տեղեր աչքով չի տեսել, գրել է ուրիշներից հարցնելով. թեև անդադար կրկնում է, թե հայրենյաց սուրբ հողը համբուրելով, արտասուք թափելով, անցա այստեղ, այնտեղ և այլն:

Սիով գնալ շատ դժվարին էր լեռների ելևէջների վրա, ես վճռեցի այնօր ոտքով ճանապարհորդել:

Ես կամենում էի տեսնել Գեոգգյոլ (կանաչ լիճ) կոչված փոքրիկ լիճը: Այդ լիճը կազմվել է Քյափազ սարի փլատակներից: Մինչև այսօր ժողովրդի հիշողության մեջ մնացել է դարևոր ավանդությունը, թե ինչպես երկրաշարժից հիշյալ սարի մի մասը քանդվեցավ և թափվելով ձորի մեջ, կտրեց գետի(՞) ընթացքը, որ նույն ձորով հոսում էր: Ջուրը հավաքվելով լճացավ, բայց դարձյալ ահագին ժայռերի տակից նա բուսնում է և շարունակում է իր ընթացքը:

Քյափազ սարի փլատակները, դիզելով ահագին քարաժայռեր միմյանց վրա, կազմել են բազմաթիվ խոռոչներ և այրեր, որոնք մեծ ծառայություն են արել բնակիչներին երկրի խռովյալ ժամանակներում: Այդ այրերի մեջ պատսպարվում էր հայ ժողովուրդը լեզգիների, պարսիկների և օսմանցիների արշավանքների ժամանակ: Այնտեղը, ուր գտնվում է Քյափազ լեռան քարակարկառը, կոչվում է Չինգիլ, այսինքն՝ չանկլ, որ նշանակում է անկարգ կերպով դիզված քարեր: Չնայելով, որ Քյափազ սարի մի մասը քանդվել է, բայց նա դարձյալ բարձրաբերձ հանդիսանում է իր շրջակա լեռների մեջ: Անտառներից մերկ է նա:

Վերադառնալով Քյափազ սարից, ես կրկին եկա Ազատ գյուղը, ուր իջևանել էի: Այդ գյուղը գտնվում է լեռան բարձրավանդակի վրա, նրա դեպի արևմտյան (՞) կողմը բարձրանում է Սարի-յալ կոչված սարը, որի գագաթի վրա կա մի հայոց մատուռ, որի մեջն է ս. Պանդալյոն բժշկի գերեզմանը: Նույն լեռան արևելյան կողմը, մի ձորի մեջ գտնվում է հայոց վանք, որի մեջն է Հերմոգինե քահանայի գերեզմանը:

Ազատ գյուղում երկու օր մնալով, իմ հյուրընկալ քահանայի հետ ձի վարձեցինք, և երրորդ ավուր առավոտյան պահուն սկսեցինք դիմել դեպի Գետաշեն գյուղը: Ճանապարհը ձգվում էր լեռների բարձրավանդակների վրայով, երբեմն իջնում էր խորին ձորերի մեջ: Կեսօր էր, երբ հասանք Գետաշեն հայաբնակ գյուղը:

Գետաշենը գտնվում էր մի փոքրիկ ձորի մեջ, որտեղից անցնում է Քյուրակ-չայի ճյուղերից մեկը: Ամբողջ ձորը, գետի աջ և ձախ կողմերում, լցված է գյուղացիների այդներով, որ նրան անտառի ձև են տալիս: Վայրենի ընկուզենիները դարևոր հասակ ունին:

Այդ գյուղում ես իջևանեցի Մելիք Մնացականովների տանը. մի հոյակապ, քարից շինված տուն, որ որոշվում էր մյուսներից իր մեծությամբ: Դա Գանձակի գավառի չորս մելիքներից մեկի տունն էր: Ես գտա այդ տոհմի ներկայացուցիչներից մեկին՝ Մնացական բեկին անկողնի մեջ: Մոտ հարյուրամյա ծերունին տկար էր, բայց հիշողությունը տակավին արթուն և դատողությունը առողջ: Խիստ հետաքրքրական էր խոսել այդ կենդանի հնության հետ հին անցքերի մասին: Նա պատմում էր բոլորը ինչպես մի Խորենացի: Երբ նա նկատեց, որ ասածները նշանակում եմ հիշատակարանիս մեջ, շատ ուրախացավ: «Գրեցեք, որդի, ասաց նա, թող հայոց նախնյաց գործքերը չկորչեն. նրանք շատ երևելի մարդիկ են էլել»: Հետո նա հարցրեց. «Հիմա ինչպե՞ս է հայոց ազգի գործը»: Ես պատմեցի նրան մի քանի բաներ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածից, ներսես պատրիարքի աշխատություններից և այլն: «Բա մեր կաթողիկոսը ի՞նչ է շինում», հարցրեց նա: — Ոչինչ, պատասխանեցի ես: Ծերունին խորին կերպով հոգվոց հանեց և լռեց:

Գետաշեն գյուղը ունի մի քարաշեն եկեղեցի և մի մատուռ, որ ուխտատեղի է. նա կոչվում է ս. Նշան: Եկեղեցին ես չգնացի, ինձ հետաքրքրում էր ուխտատեղին, որտեղ ես կամենում էի տեսնել մի հին գրչագիր ավետարան:

Երկար որոնելուց հետո գտան քահանային, որ եկավ մատուռի դուռը բաց արավ: Ճանապարհին իմ ուղեկից տեր Գ. Բ. պատմեց մի նոր պատահած61 անցք, որից ես հասկացա, թե ինչպես պետք էր վարվել այդ մատուռի մեջ: Ամենայն երկյուղածությամբ մոտեցա, երեսս խաչակնքելով համբուրեցի ս. Ավետարանը և այլ սրբությունները, որ կարգով շարած էին սեղանի վրա: Հետո խնդրեցի քահանային, եթե կարելի էր, ինձ ցույց տալ գրչագիր ավետարանը: Որովհետև մատուռի մեջ սաստիկ մութն էր, նա այնքան բարի եղավ, որ թույլ տվեց ավետարանը մատուռից դուրս հանել և բակումը նայել:

Ես տեսել եմ հայոց բազմաթիվ գրչագրեր, բայց առաջին անգամ պատահում էր ինձ տեսնել մի այսպիսի գեղեցիկ աշխատություն: Մագաղաթի նրբությունը, գրչի գեղեցկությունն ու կանոնավորությունը սքանչելի էր: Համարյա ամեն երեսների վրա կային հիանալի պատկերներ, որ ներկայացնում էին ավետարանի յուրաքանչյուր գլխի բովանդակությունը: Պատկերների նկարները, գույները, ոսկեզօծությունը, ցույց էին տալիս ժամանակի գեղարվեստի կատարելությունը: Կազմը ամբողջապես արծաթից էր. կազմի վրա դուրս էին փորված առաքյալների և այլ սրբերի պատկերները:

Բայց ես բախտավոր գտնվեցա, որ նույն ավետարանի վերջին թերթերի վրա գտա մի հիշատակարան, որ ինձ համար շատ թանկագին էր: Իմ ճանապարհորդության գլխավոր նպատակներից մեկը լինելով հայոց հին մելիքների մասին պատմական տեղեկություններ հավաքել, — այդ ավետարանի մեջ գտա Ջրաբերդի մելիքների ամբողջ տոհմագրությունը62:

Ահա ինչ դիպվածքով, հիշատակարանից երևում է, որ 1753 թ. Ջրաբերդի մահալի իշխան Մելիք Հաթամը ետ է գնել այդ ավետարանը պարսիկներից, որ նրանց ձեռքում գերի էր ընկած: Նրա առաջին արծաթ կազմը պարսիկները պոկած են եղել, մելիքը նորից արծաթով կազմել է տալիս և ընծայում Գետաշենի եկեղեցուն: Որպեսզի ապագա սերունդը այդ բարեգործության համար հիշե նրան իր աղոթքների մեջ, մելիքը ժամանակի սովորության համեմատ, իհարկե կրոնական մտքով, արձանագրում է հիշատակարանի մեջ իր նախնյաց, իր որդիների և թոռների անունները: Ահա այդքանը մի հաստատ փաստ է պատմագրի համար, գիտենալ, թե որ ժամանակումն էին ապրում այդ մարդիկը, ովքե՞ր էին նրանց նախնիքը, ովքե՞ր էին նրանց որդիքը, թոռները և այլն: Բացի դրանից, հիշատակարանի մեջ արձանագրվում է, թե ով էր ժամանակի կաթողիկոսը, առաջնորդը, երկրի տիրապետողը և այլն:

Մեր հին ձեռագրերի մեջ գտնված հիշատակարանները, համարյա բոլորը այդ ձևով են գրվում, և կարող են մատակարարել հնասերներին առատ պատմական նյութեր, եթե հավաքվեին: Գոնե Էջմիածնի ծույլ, պորտաբույծ վարդապետները այսքանը անեին: Հավաքեին իրանց ձեռքի տակ գտնված ահագին գրադարանի գրչագիր գրքերի հիշատակարանները և տպել տային իրանց տպարանում:

Ես ավելորդ եմ համարում յուրաքանչյուր գյուղի տնտեսության եղանակը, կեցության ձևերը, գյուղացիների վիճակը առանձին-առանձին նկարագրել, դա կձանձրացներ իմ ընթերցողներին, և ես անդադար կրկնությունների պիտի հանդիպեի: Այդ կողմերի գյուղացիների դրությունը և նրանց կենցաղավարության եղանակը այնքան նման է միմյանց, որ բոլորի մասին կարելի է գրել մի ընդհանուր տեսություն և այդ կգրեմ ես հետո:

Գետաշենցիների մասին այսքանը ավելորդ չեմ համարում հիշել, որ նրանք հայտնի են շրջակա գյուղացիների մեջ իրանց կռվասեր և խռովարար բնավորությամբ: Երբ գյուղական աշխատությունները դադարում են, հանգստի ժամանակ նրանք մի առանձին բավականություն են զգում, հավաքվել խրճիթների կտուրների վրա, ծխել և միմյանց ուշունցներ տալ: Երևանի նահանգի աշտարակցիները հայհոյանքը, ուշունցը իր կատարելությանն են հասցրեք, բայց գետաշենցու ուշունցը, թեև սյունեցու նման կոշտ է, կոպիտ է, բայց ազդու է:

Գետաշենից անցանք Կարաբուլաղ գյուղը, որ ընդամենը 2 ժամվա ճանապարհ է: Ամեն մի գյուղ հասնելիս կամ պետք է որոնել տանուտերի տունը, կամ քահանայի տունը: Ես ընտրեցի վերջինը, մտածելով, թե հունձքի, կալի ժամանակ է, տանուտերը զբաղված կլինի, բայց քահանան անգործ կլինի: Բայց իմ կարծիքը խաբեց ինձ: Քահանային մենք գտանք մեր քարաշեն քարվանսարայի մեջ: Այդ քարվանսարան մնացել է ամենահին ժամանակներից: Նրա շրջապարիսպը, դարվազան, ախոռատները քանդված են, և գյուղացիները քարերը տանելով գործ են ածել իրանց շինությունների համար: Այժմ ողջ մնացել են մի կարգ քարաշեն և կամարակապ սենյակներ, որ առաջ ծառայում էին որպես իջևան ճանապարհորդների համար63:

Քարվանսարան այժմ բոլորովին անտեր մնալով, գյուղի տեր Դ. քահանան սենյակներից մեկը ընտրել էր իր համար որպես արհեստանոց, այնտեղ տակառներ էր շինում, որոնք մեծ քանակությամբ գնում են շրջակա գյուղացիները: Քահանան վարպետի մոտ չէ սովորել, այլ իր սեփական վարժություններով փայտից այնպիսի իրեղեններ է շինում, որ ամենահմուտ արհեստավորի գործ կարելի է համարել: Ես տեսա նրա շինած մի փայտյա մատուցարան (պոդնոս), որը իր նրբությամբ և գեղեցկությամբ շատ հիանալի էր64: Քահանան բացի հյուսնությունից գիտեր և այգեգործություն անտառներից վայրենի պտղատու ծառեր բերելով, տնկել էր մի այգի և տունկերը պատվաստելով, այն աստիճան ազնվացել է, որ ամենաընտիր տեսակների հետ կարելի է համեմատել:

Առհասարակ այդ քահանան ինձ վրա շատ լավ տպավորություն գործեց, ես առաջին անգամ տեսնում էի աստուծո սեղանի պաշտոնաներից մեկին, որ իր ապրուստի հույսը չէր դրել միայն պսակից, մկրտությունից և թաղումից ստացած փողերի վրա, այլ ապրում էր արդար արհեստով և գյուղացու տնտեսությամբ: Նրա արհեստանոցի մոտ էր կալը, որտեղ նա կալսել էր տալիս իր մշակության բերքը:

Քահանայի արհեստանոցում ես գտա մի ուրիշ զարմանալի մարդ: Դրան կարելի է իր կյանքում պատահած արկածների համար և տեսած երկրների համար հայոց թափառական հրեա կոչել: Նա եղել է Թուրքիայում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, մի խոսքով, ամեն տեղ: Հնդկաստանում նա սովորել էր լեղակ մշակելոլ արհեստը: Կամենալով այդ արհեստը իր հայրենիքում ևս մտցնել, նա վերադառնալով Գանձակ, սկսեց փորձեր անել, փորձը հաջողվեցավ և իր արդյունաբերած լեղակը նա ցույց տվեց տեղային կառավարությանը, խնդրելով, որ իրան օգնեն, որ կանոնավոր մշակություն սկսե: Ոչ ոք նրա վրա ուշադրություն չդարձրեց, այժմ ծերությունից և աղքատությունից ստիպված, նա պատսպարան էր գտել Կարա-բուլաղի հին քարվանսարայի ավերակների մեջ, և տեր հոր արհեստանոցում նստած, կոշիկներ էր կարում, կոշիկների կաղապարներ էր շինում և օգնում էր տերտերին նրա հյուսնության գործում:

Կարա-բուլաղի եկեղեցին մտնելուց հետո և մի քանի գրքերի հիշատակարանները քննելուց հետո, ես պատրաստվեցա շարունակել իմ ճանապարհը: Այստեղ ես պիտի բաժանվեի տեր Գ. Բ.-յանցի հետ, որը Ազատ գյուղից բերել էր ինձ մինչև Կարա-բուլաղ:

Մի թուրքից ձի վարձելով, ճանապարհ ընկա: Ձիու տերը եկավ ինձ հետ ճանապարհը ցույց տալու համար: Հարցուփորձով հասկացա, որ իմ առաջնորդը թուրքի մի թափառական ցեղին էր պատկանում, և մեծ անզգուշություն էր իմ կողմից մի այսպիսի ավազակի հետ, միայնակ, լեռների վրա ճանապարհորդել: Նա փիադա էր, ասացի, որ առաջ գնա, իսկ ես ձիով կհետևեմ նրան: Այդ այն նպատակով էր, եթե թուրքը ինձ կողոպտելու փորձ անե, ես կարողանամ շուտով նկատել և պաշտպանվելու միջոց ունենամ: Իմ հետևից գալով, նա կարող էր մի ատրճանակի հարվածքով ինձ ցած գլորել, հետո կողոպտել: Բարեբախտաբար ոչինչ չպատահեց և ես Թոդան65 թուրքաբնակ գյուղից անցնելով, անվտանգ հասա հայոց Էրքեջ գյուղը, որ գտնվում է Բալայ-քյուրակ գետի մոտ:

Չկամենալով Էրքեջում երկար մնալ, շուտով կանչել տվի գյուղի քահանային, որ եկեղեցու դուռը բաց անե: Քահանան հայտնվեցավ, դա Կարա-բուլաղի արհեստավոր քահանայի հակապատկերն էր: Նա հոժարությամբ բաց արավ եկեղեցու դռները, կարծելով, թե ես ուխտավոր եմ և շուտով ավետարանը և մի կոտրած խաչ դրեց սեղանի վրա, որ ես համբուրեմ և նրան փող տամ: Բայց երբ նկատեց, որ ես հիշատետրը դուրս հանեցի ծոցիցս և սկսեցի մատիտով մի քանի նկատողություններ անել նրա վրա, քահանան սարսափեց, կարծելով, թե ես մի պաշտոնական անձն եմ և սատանան գիտե, ինչ նպատակով եկել եմ նրա եկեղեցին «գրելու»: Իմ բոլոր ջանքը, համոզելու նրան, որ նա այսպիսի կասկածներ չունենա, իզուր անցավ: Նա ոչինչ չկամեցավ ինձ ցույց տալ: Մտածելով, որ կարող է մի անախորժություն պատահել, ես թողեցի ու դուրս եկա եկեղեցուց, բայց ամենևին չմեղադրելով ողորմելի քահանային:

Следующая страница