Րաֆֆի՝   Հուշագրություններ

Մադրասեի հատակի ամբողջ մակերևույթը ծածկված է փոքրիկ և մեծ աշակերտներով, խառն ի խուռն նստոտած, որը մերկ գետնի վերա, որը փսիաթի վերա, իսկ ոմանք, որ հարուստ են` յուրյանց տանից բերած փոքրիկ կապերտի վերա:

Աշակերտներից ամեն մինը յուր առջև դրած ունի գիրքը ծնկների վերա, գլուխը կռացրել է դեպի ընթերցարանը և կարդում է բարձրաձայն, անդադար գլուխը դեպի ցած շարժելով: Աշակերտների աղաղակը միախառնվելով, հնչեցնում են խիստ անախորժ և աններդաշնակ ձայն:

Մի այդպիսի մադրասեի այցելության էի գնացել ես: Ինձ շատ զարմացրեց աշակերտների անդադար շարժումը: Ես մոտեցա մոլլային և հարցրի դրա պատճառը: Մոլլան խիստ զարմացած կերպով պատասխանեց.

Աշակերտները կարդում են սուրբ գրքեր և աստծու անունն ամեն անգամ արտասանելիս նրանք պարտավոր են երկրպագել:

Ես հասկացա, որ աշակերտների կարդացածը կամ ղորան պիտի լիներ և կամ այլ կրոնական գրքեր և ասացի մոլլային.

Դա շատ վնասակար է աշակերտների առողջությանը, որովհետև այդպես չոքած, մեջքը կռացրած դրության մեջ, գլխի անդադար դեպի ցած շարժումը կպատճառե արյան մակընթացություն դեպի ուղեղը, երեխայի աչքերը կլցվին արյունով և կպատճառեն գլխի պտույտ և աչքերի ցավ: Այլև մեջքը միշտ այդպես կռացած պահելով՝ մեջքի ողնաշարն ևս ծռվում է յուր ուղղությունից, այնպես որ երեխայքը ոչ միայն կլինին սապատող, այլև կուրծքի ոսկորները և մկնակները ճնշելով սիրտը և թոքերը` նրանք կստանան կուրծքի և սրտի ցավ:

Մի հեգնական ծիծաղ շարժեց իսլամի մանկավարժի թթված ռեխը, և նա պատասխանեց ինքնաբավական համոզմունքով.

Սուրբ գրքի ընթերցանությունը ո՜չ միայն այդպիսի ցավեր չէ պատճառում, այլ ընդհակառակն, նա փարատում է բոլոր ցավերը, ով որ կարդում էր նրան:

Այդ մոլեռանդություն է, — կտրեցի ես մոլլայի խոսքը. — ես բժիշկ եմ, ես ոչ մի երկրում չեմ տեսած այնքան աչքի ցավ, կուրծքի ցավ, մեջքի ցավ, որպես Պարսկաստանում: Այդ բոլորի մեծ մասը երեխան ստանում է, իմ կարծիքով, մադրասեներում: Այլև այն բազմաթիվ գեմորոյի (մայասիլի) և նիկրիսի հիվանդությունները նույնպես մադրասեների ծնունդ է, երեխաների գետնի վերա ծալապատիկ նստելուց:

Այդ բոլորը մարդկանց մեղքերիցն է, — ասաց մոլլան, — որովհետև նրանք չեն կարդում աստուծո գրքերը:

Ես նկատելով, որ մոլլայի համոզմունքը ավելի պինդ էր, քան թե նրա առաջ դրած քարը (որի վերա նույն րոպեին նա որոնում էր յուր…), թողեցի այդ խոսակցությունը և հետաքրքրվեցա տեղեկանալ նրա մանկավարժական մեթոդին:

Ես նկատեցի, որ մանկավարժությունը պարսիկների մեջ գտանվում էր ամենաթշվառ դրության մեջ. ոչ միայն դասատվության համար, այլ նույնիսկ ընթերցանության համար պարսից գրերն անմատչելի են:

Պարսիկները այժմ սեփական տառեր չունին, նրանք գործ են ածում արաբական տառեր, որի թե գրության ձևը և թե կարդալու դժվարությունը, ամբողջ տարիներով մաշում է խեղճ երեխաներին, մինչև որ նրանք կարողանում են հասարակ ընթերցանությունը սովորել:

Ես տեսա մի քանի երեխաներ, որ չորս տարի մադրասեի հասիրների վերա չոքած, սրբազան տառերին երկրպագություն էին տալիս և տակավին հասարակ ընթերցանությունը չգիտեին:

Այբբենարանը (ալիֆ-բեյը) վերջացնելուց հետո իսկույն երեխայի ձեռքը տալիս են ղորանը, որի ձայնավորի նշանները (զաբար, զիր, գուլ և այլն) դրված լինելով, իբր թե հեշտանում է ընթերցանությունը: Ղորանի վերա, որի միտքը ինքն մոլլան չէ կարող հասկանալ, երեխան տանջվում է ամբողջ տարիներ, մինչև նա փոքրիշատե ընթերցանության ընտելանում է. ապա տալիս են նրան պարսկերեն գրքեր (մեծ մասամբ հադիսների, այսինքն՝ կրոնական ավանդությունների գրքեր), որոնք բոլորն գրված են առանց ձայնավոր նշանների: Երեխան մի քանի տարի չարչարվելով հազիվ ուսանում է ընթերցանությունը, այն էլ գրության մի քանի ձևերով միայն, որովհետև գրության ձևերն այնքան շատ են, որ ամբողջ կյանքում պետք է սովորել76:

Մի խոսքով` ամբողջ տասն տարում երեխան հազիվ թե կարողանա սովորել գրության մի քանի ձևերն: Սա Պարսկաստանի մեջ լուսավորություն տարածելու գլխավոր արգելքներից մինն է:

Այդ հասկանալի է, որ արաբական գրության այդպիսի կրճատյալ ձևն առաջ է եկել գրության նյութերի չլինելուց: Ղորանի այեթներն առաջին անգամ գրվեցան ոչխարի թիակների վերա: Իսկ թղթի արվեստագործվելուց հետո պարսիկները դարձյալ չեն մտածում փոխել գրության ձևերն, կամ թե ընդունել մի այլ ազգի այբուբենը: Այդ մասին շատ հարմար է հայոց այբուբենը, որ բոլորովին կարող է համապատասխանել պարսից և թուրքերի լեզվի հնչումներին:

Պարսից գրության ձևերը ոչ միայն դժվարացնում են ընթերցանությունը, այլև տպագրությունը: Մինչև ցայժմ Պարսկաստանը չունի դեռ ոչ մի տպարան և նրանք վարվում են ձեռագիր գրքերով: Վիմագրությունը դեռ նոր է մտել նրանց մեջ: Չնայելով որ պարսից գրականությունը յուր հարստությամբ գերազանցում է շատ արևելյան և առհասարակ ասիական ազգերի գրականությունից:

Ամբողջ Պարսկաստանի մադրասեները ժողովրդական են, մոլլաների հսկողության տակ: Եվ այս մադրասեներից ոչ մինում չեք կարող գտնել, որ ուսուցանեին բացի պարսկերենից օտարազգի լեզուներ: Արաբերեն սովորում են միմիայն ընթերցանությունը` ղորանը կարդալու համար, բայց ոչ լեզուն: Արաբական լեզուն սովորում են մասնավորապես նրանք, որոնք պատրաստվում են մոլլա լինել:

Կառավարությունը յուր կողմից չունի հիմնած դեռ ոչ մի ուսումնարան: Ինձ ասացին, թե Շահը քանի տարի առաջ Թավրիզում հիմնեց ուսումնարան, որ կոչվում է մուալիմխանա, և մի ուսումնական Թեհրանում, ոչ կոչվում է յարըֆընշան: Նա հրավիրեց եվրոպացի ուսուցիչներ, եվրոպական լեզուներ և գիտություններ ուսուցանելու: Այդ ուսումնարաններում ընդունվում էին աշակերտներ և օտար ազգերից:

Բայց մուալիմխանաները տևում են մի քանի տարի միայն: Մոլլաների մոլի նախանձը խափանում է այդ օգտավետ հիմնարկությունները: Մուշտայիդի մինը (գլխավոր մոլլա) բարձրանում է ամբիոնի վերա և ժողովրդին տալիս է մի այսպիսի քարոզ. «Ձեր որդիքը այդ մուալիմխանաների մեջ ուսանելով ֆրանկների լեզուներ և գիտություն՝ հոգվով և մտքով կլինին ֆրանկներ և կզրկվեն իսլամի սրբազան լեզվից, արաբերենից: Եվ նրանք մեռանելու ժամանակ, երբ նենքիր մունքիրը77 կգան նրանցից հարցնելու նրանց ազգը և կրոնքը` նրանք չգիտենալով արաբերենը` կսկսեն ֆրանկի լեզվով պատասխանել: Եվ նենքիր մունքիրը նրանց ֆրանկներ կարծելով, կտանեն դժոխքը, որպես անհավատներ»:

Այդ մի քանի խոսքերը բավական էին հիմարացնելու կույր ժողովուրդը, որ նրանք այլևս չկամենան յուրյանց որդիքը մուալիմխանա ուղարկել: Դժբախտաբար սույն միջոցներում Թավրիզի մուալիմխանայի տան շինվածքի մի կույտը քանդվում է: Այդ դեպքը վերին զորության վերաբերելով՝ տարածվում է լուր, թե Մուհամմեդը չէ կամենում իսլամի մեջ ֆրանկների լեզու և գիտություն մտցնել: Եվ մուալիմխանաները թե Թավրիզում և թե Թեհրանում արգելվում են:

Պարսից գրականությունը հատկանում է յուր բանաստեղծական ոգվով. կարծես գործնական և իրողական մտածությունը երբեք չէ սովորել այդ ազգը: Արբեցած ղեյլանի ծխով, յուր ուղեղը բորբոքած աֆիոնի թմրությամբ, ցողուն շադրվանի մոտ, ողկուզիների հովանիների տակ, միշտ յուր կիսամերկ հարեմների քնքուշությամբ հրապուրված պարսիկը, արդարև, չէր կարող գործնական կերպով մտածող մարդ լինել, նա բնականապես լինում է երևակայող: Այդ պատճառով պարսիկների բանաստեղծությունը առավել երևակայական է, քան թե բնական: Բնությունը զգալի չէ պարսիկներին, ո՜չ միայն բանաստեղծության մեջ, այլև նկարչության գեղարվեստից մեջ:

Հաֆեզի երգերը հնչում են ավելի քաղցր, քան թե Շիրազի գեղեցկուհիների քամահը, բայց նրա հերոսուհիները ապրում են ավելի նրա գլխում, կամ հրճվում են արմավենի ծառերի տակ ճեննաթի հուրիների հետ:

Ֆիրդովսու հրաշալի գործը, «Շահնամեն», այդ անմահ արձանագրությունը ժողովրդական վիպասանության, թեև նա չունի Վալտեր-Սկոտի պատմական ճշտությունները, բայց նրա վիպասանական ճարտարությունը գերազանցվում է Հոմերոսի Եղիականից: Ֆիրդովսու հերոսները երևում են հսկայական զորությունով, նրանք ներկայացնում են տիտանական ուժեր, հերքուլյաններ, աջեմի փահլևաններ. իսկ մարդու հոգեկան հատկությունները, բարյաց ազնիվ մտապատկերներով պահպանված են նրանց մեջ ամենայն ճշտությամբ:

Մասնավիի հեղինակը յուր երգերի մեջ անձնատուր էր լինում առավելապես սոփեստականության. դա միակ գիրքն է, որ յուր սուր, միստիկական ոճով փշրում է իսլամի կրոնական մոլեռանդությունները: Մասնավին թեև չունի Վոլտերի սիստեման յուր փիլիսոփայության մեջ, այսուամենայնիվ նա կարող է առաջին ազատ հեղինակությունը համարվիլ, ընդդեմ իսլամի սնոտիապաշտությանց:

Սաադիի առակները առաջին տեղն են բռնում բարոյապատում գրվածքների մեջ: Նրա առակները չունին ոչ Եզովպոսի, ոչ Կռիլովի և ոչ Լաֆոնտենի առակների ձևերըանշունչ, անլեզու առարկաների խոսակցությամբ դուրս բերել բարոյականություն: Սաադիի առակները առնված են կենդանի տիպերից, այդ պատճառով նրանց ավելի հարմար է փոքրիկ վեպիկներ կոչել, քան թե առակներ: Նրա Գյուլիստանը և Բոստանը կարող են համարվել արևելյան կյանքի ճիշտ պատկերները:

Ղազանիի, ավելի նոր բանաստեղծի երգերը նշանավոր են յուրյանց երգիծական և պարսավաբանական ոճով, թեև նրանք զուրկ են Հեյնեի նուրբ սրախոսություններից:

Պարսկաստանը չունի թատրոններ և բեմական արհեստը նրանց մեջ դեռ անծանոթ է: Իմամների նահատակությունը մուհարլեմի ներկայացումների մեջ, փոխարինում են բեմական եղերերգությունը և օյինբազների ծիծաղաշարժ օյինները (ներկայացումներըհարսանիքներում` փոխարինում են կատակերգական պիեսները):

Պատմական գրվածքները, ըստ մեծի մասին, կրում են յուրյանց վերա պարսից հաճոյամոլ բառտուկի կեղծյալ կնիքը: Նրանց գրողները եղել են կամ թագավորներին ժամանակակից մարդիկ, և կամ նրանց խիստ մերձավորը: Այդ պատճառավ նրանք ավելի գովասանական են, քան թե պահպանում են պատմական ճշտությունները: Որպես Միրզա Մուստաֆա-խանը, Նադիր-Շահի քարտուղարը, գրեց նրա պատմությունը Թարիխ-Նադիր անունով:

Գիտնական և արհեստական գրքերը այնքան աննշան են, որքան որ ետ է մնացել Պարսկաստանը գիտության և արհեստի մեջ. դրանց փոխարեն պարսիկները խիստ հարուստ են արձակ և ոտանավոր վիպասանական և ռոմանական բանաստեղծություններով, որպիսի են Խամսեի-Նիզամին, Ղահրաման Նամեն և այլն:

Տիպերը այդ վիպասանությունների ստեղծված են գրողների երևակայությունից. քան թե բնությունից, նրանք որքան ծայրահեղ հրապուրիչ են, այնքան էլ մտացածին առասպելական են:

Պարսից գրականության մեջ առաջին դերն են խաղում Հադիսների գրքերը: Դրանք մի տեսակ ժողովածուներ են կրոնական ավանդությունների, որոնք համապատասխանում են քրիստոնյաների «վարք սրբոց» կոչեցյալ գրքերին, թեև Հադիսները յուրյանց առասպելներով գերազանցում են բոլոր դիցաբանական ասացվածքներից թե հունական և թե հռովմեական:

Այդ Հադիսների մեջ դուք կտեսնեք ուջիբնիչներ, որոնք, օվկիանոսի մեջ կանգնած, կետ ձուկը հանում են ջրից, և ձեռքով խորովում են արեգակի վերա և ուտում, դուք կտեսնեք մալայքաներ, ֆրուշտաներ (հրեշտակներ), որոնք երկնքով սլանալու ժամանակ, նրանց մի թևքը սահում է գետնից: Դուք կտեսնեք հուրիներ, որոնց դեմքը յոթանասուն արեգակի փայլողություն ունի, որոնց գլուխը արևելք, իսկ ոտքերը հասնում են արևմուտք...

Հադիսները գլխավոր մանկավարժական գրքերն են մադրասաների մեջ, որոնք այնքան խորին կերպով տպավորում են երեխայի թարմ ուղեղի մեջ մոլեռանդ սնահավատությունը, որ պարսիկը դառնում է երևակայական մարդ, և նա յուր կյանքում ընդունակ չէ ազատ մտածելու:

Չնայելով որ Ատրպատականը մեծ մասամբ բնակեցրած է զանազան թուրքի ցեղերով, որոնք խոսում են նույն ազգի լեզվով, բայց նրանք զուրկ են գրականությունից յուրյանց ազգային լեզվավ: Թուրքերը գրում են և կարդում են պարսից լեզվով: Միակ բանաստեղծը՝ Նաբութին երգեց յուր ոգելից տողերը հայրենի լեզվով: Թեև նա յուր երգերի մեջ հետևած է Հաֆեզին:

Բ

ՊԱՐՍԿԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐ

Մարդ այն ժամանակ միայն սկսում է մտածել յուր ազատության վերա` երբ ստրկության շղթաների ծանրությունը ավելի և ավելի զգալի է դառնում: Մարդ այն ժամանակ միայն սկսում է ազատ կերպով մտածել՝ երբ նրա համոզմունքները, կարծիքները բռնաբարվում են:

Ամեն երկրում, ամեն ազգի մեջ, ուր չկա կրոնքի և խղճի ազատություն` աղանդները և հերձվածները հայտնվում են ավելի շատ: Ասածիս ապացույց է Պարսկաստանը: Այստեղ Մուհամմեդի վարդապետությունը պահպանվում է թե հոգևոր և թե քաղաքական կառավարությունից ծայրահեղ խստությամբ: Մուհամմեդի վարդապետության և նրա շարիաթի դեմ որևիցե թերհավատություն հայտնողը համարվում է քյաֆար (անհավատ), և դատապարտվում է քարկոծ լինելու:

Այսուամենայնիվ Պարսկաստանի մեջ աղանդները խիստ շատ են և նրանք ավելանում են օրեցօր:

Երեսուն տարի առաջ Շեյխ Ահմուտ Բահրեյնցին, այդ համարձակ Լուտերը շիիդյան մուսուլմանների, քարոզեց մի այսպիսի վարդապետություն, թե կրոնքը չէ կարող հասնել յուր բարոյական նպատակին. երբ նա պայմանավորվում է արտաքին ծիսապաշտություններով և արարողություններով միայն: Կրոնքը պիտի ազդե մարդու հոգու և խղճի վերա. նա պիտի սրբե մարդու սիրտը` լինելու բարի դեպի աստված և սիրով դեպի նրա արարածները:

Այդ ասացվածի հիման վերա Շեյխ-Ահմուտը հերքեց շարիաթի օրենքները, որոնք նյութապաշտական արարողություններով հուսադրում էին հավատացողներին գտնել հոգու փրկությունը:

Նա ասաց, որ հոգու փրկությունը կարելի է գտնել միմիայն աստուծո հետ հաշտվելով: Եվ աստուծո հետ հաշտվելու համար այս և այն իմամը, այս և այն խալիֆան չեն կարող միջնորդ լինել, որովհետև նրանք մեզ նման կրքերի տեր մարդիկ են: Միջնորդը աստուծո և մարդկության մեջ պիտի լինի մի անձն, որ ծագում էր աստուծո գոյությունից:

Այդ միջնորդը ճանաչեց նա Աբու-Թալեբի որդի Ալիին, տալով նրան վալիուլլահ (աստուծո դեսպան) անունը:

Շեյխ-Ահմուդը չէր ուրանում Ալիի մեջ մարդկությունը և չէր ճանաչում նրան իբրև աստուծո անձներից մինը, այլ նա դավանեց նրան իբրև մի հայելի, որ ցոլացնում էր յուր մեջ աստվածությունը յուր ամբողջ բովանդակությամբ:

Շիիդյան աշխարհի մեջ մինչև այն օր Ալիի մասին երգված բազմաթիվ բանաստեղծական գովասանությունքը նրա գործած գերահրաշ սքանչելիքների մասին, որոնք այնքան խորին կերպով տպավորված էին ժողովրդի սրտի մեջ՝ առիթ տվին նրան համակրել Շեյխ-Ահմուդի նոր վարդապետությանը և նա շուտով ունեցավ հետևողներ և կազմեց յուրյան մի կուսակցություն, որ կոչվեցավ նրա անունով Շեյխի:

Շեյխիքը այնքան բազմացան, որ համարյա կես կիսեցին շիիդների մի մասը և կազմեցին, եթե կարելի է ասած, մի առանձին եկեղեցի և ունեցան առանձին մուշտայիդ:

Մնացորդ շիիդները, այսինքն՝ շարիաթի կանոնների հին կուսակիցները, շեյխներից որոշվելու համար, կոչվեցան մութաշառռի, որ նշանակում է շարիաթին հնազանդողներ:

Շեյխին, համեմատվելով մութաշառռիի հետ, ներկայանում է ազատ բողոքականություն ընդդեմ մոլեռանդ կաթոլիկության. վերջինը որքան կաշկանդված է շարիաթի նախապաշարմունքներով` այնքան էլ ազատ է առաջինը յուր հայացքների մեջ:

Մութաշառռիները չընդունեցին Շեյխ-Ահմուդի վարդապետությունը, հիմնվելով այն ավանդության վերա, թե իսլամի կրոնական վերանորոգությունը չէ կարող լինել հասարակ մարդու ձեռքով, այլ մի անձի ձեռքով, որ շառավիղում էր Մարգարեի արյունից, որին աստված նախասահմանել է դրա համար, և որին նա պիտի աշխարհն ուղարկե:

Այդ անձը, վերջին իմամըՄեհդին էր, որ և կոչվում է Սահաբի Զաման (ժամանակների տերը), որի գալստյանը շիաները սպասում են այնպիսի մի հույսով, որպես Իսրաելը սպասում է Մեսիային:

Շիմրի և Յազիդի սրից ազատվելով՝ այդ աներևութացած իմամը, Մեհդին, թողեց խիստ հրապուրողական հավատալիքներ յուր մասին, թե նա մի օր պիտի հայտնվի, և կբերե յուր հետ ղորանի այն երեք գլուխները, որ գողացավ Օսմանը, և կլրացնե աստուծո խոսքը, կբացատրե ղորանի մինչև այն օր անմեկնելի մնացած այաթների խորհուրդը, և կվերանորոգե Իսլամը, կտարածե նրան բոլոր աշխարհի վերա, և կթագավորե մինչև հավիտյան78:

Ամեն մի երևույթ, որի բնական պատճառները մնում էին Շիային անբացատրելի՝ գուշակել էին տալիս նրան Իմամի հայտնության մերձակա լինելը: Այդպիսի երևույթները շատ անգամ ձգում են Շիային ծիծաղելի սնահավատության մեջ. օրինակի համար, քսան տարի առաջ, Թավրիզ քաղաքում, Սահաբի-Զամանի անունով շինված մեչիտի դռան մեյդանում, մսավաճառը եզը մորթելու միջոցին, հանկարծ խեղճ անասունը դուրս է պրծնում, փախչում է և ուղղակի մտնում է Սահաբի-Զամանի մեչիտը, որ շատ մոտ է լինում սպանդարանին:

Որովհետև մեչիտը ծառայում էր այդ քաղաքում որպես ապաստանարան (բաստ), ուր ամեն մի պատսպարված հանցավորին չէր կարելի ստիպողական ձեռքով դուրս հանել, այդ պատճառով` մսավաճառը չէ համարձակվում դուրս բերել յուր զոհը:

Միայն նա տարածում է ժողովրդի մեջ շատ զարմանալի խոսքեր, թե երբ նա կամենում էր կտրել եզան վիզը, լսեց նրա բառաչմունքի մեջ որոշ ձայներով արտասանված Մեհդիի անունը, որից եզը խնդրում էր օգնություն, և նույն րոպեին եզան ոտնակապերը բացվեցան, և նա վազեց դեպի մեչիտը:

Այդ լուրը տարածվում է բոլոր քաղաքում, և Սահաբի-Զամանի մեչիտում ապաստանած եզը կատարելապես վայելում է եգիպտական ապիսի փառքը: Նրա ոտքերի տակ տարածվում են թանկագին խալիչաներ և կերակրում են քիշմիշով ու արմավով: Նրա ամեն մի մազերը բաժանվում են որպես սրբություն, և ամեն կողմից դիմում են դեպի նա ցավագարների ամբոխը:

Այդպիսի սնապաշտական դեպքերը պատահում էին շիիդյան աշխարհում խիստ շատ, մինչև 18... թվին հայտնվում է Սեիդ-Ալ-Մուհամմեդ Շիրազցին, մինը գլխավոր աշակերտներից Շեյխ-Ահմուդ բահրեյնցու:

Նա հայտնեց յուր մասին, թե ինքն էր վերջին ԻմամըՄեհդին, որը պիտի աշխարհ գար, և կոչեց յուրյան բաբ (դուռն) այն մտքով, որ այդ դռնով միայն կարելի էր մտնել Ամիրալ-Մոմնի (Ալիի) վիլայեթը, այսինքն նրա արքայության մեջ:

Բաբը ներկայացրեց յուրյան իբրև աշխարհային տեղապահ-Ալիի, աստուծո միջնորդի, որի մասին Շեյխ-Ահմուդը ոչ մի անձն չէր ցույց տվել:

Բաբը ունեցավ շատ հետևողներ, որոնք կոչվեցան բաբի: Խիստ կարճ ժամանակում նրա ուսմունքը տարածվեցավ Պարսկաստանի ամեն մի անկյունում, առավելապես Ղազվինում, Զանգանում և Թեհրանում:

Բաբիությունը, թեև երևցավ կրոնական կերպարանքով, հիմնված Շիաների փայլուն ավանդությունների վերա Ալիի և Մեհդիի մասին, բայց նրա գաղտնի նպատակը և ներքին կազմակերպությունը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ՝ կոմունայի համապատկերը:

Բաբը քարոզում էր ազատություն, հավասարություն, եղբայրություն: Նա հերքում էր սեփականության իրավունք ունենալ: Նա զինավորվում էր Իսլամի հոգևոր և մարմնավոր իշխանությունների դեմ:

Մի այդպիսի վարդապետություն, որքան համակրություն ստացավ ստրուկ, հաղթահարված ժողովրդի մեջ՝ այնքան էլ գրգռեց Շահի և մոլլաների բարկությունը, որոնք շուտով բարձրացրին բաբիների դեմ ամենասարսափելի հալածանքներ: Երևեցան նահատակներ և զոհերի թիվը օրըստօրե սկսեց բազմանալ79: Զանգանի կոտորածի բազմաթիվ նահատակները յուրյանց արյունով կնքեցին նորածին վարդապետությունը:

Ինքը բաբը բռնվում է, և առժամանակ Սալմաստա Զահրիի բերդումը պահվելով, Թավրիզում դատի է կոչվում, գլխավոր մոլլաներից կազմված մի ժողովրդի մեջ, Շեյխիների մուշտայիդը չէ ներկայանում ժողովքին: Եվ մութաշարիֆը դատապարտում է նրան մահվան պատժի: Եվ բաբը նույն քաղաքի Ալաղափուի բակումը, յուր երկու աշակերտների հետ հրացանազարկ է լինում:

Մինչև վերջին շունչը նա մնում է հաստատ յուր համոզմունքի վերա: Նա մեռնում է փառավոր մահվամբ. բայց բաբիությունը մնում է կենդանի նրա հետևողների մեջ:

Բացի բաբիությունը, Պարսկաստանում շատ է և այլ աղանդների թիվը: Բայց դրանց հետևողները այնքան ծածուկ են պահում յուրյանց վարդապետության իսկական խորհուրդը, որ շատ դժվար է նրանց մասին որոշակի տեղեկություն ստանալ: Պարսից գրականությունը անգամ չէ տալիս նրանց մասին պարզ տեղեկություններ: Եղած գրքերը գրված են կամ չափազանց կրքերով, և կամ ավելորդ զրպարտություններով:

Մի քանի տեղեկություններ, որոնք ես կարողացա հավաքել զանազան աղանդավորների ներկայացուցիչներից՝ հաղորդում եմ քեզ, թեև նրանք չեն այնքան լիակատար:

Պարսկաստանի բարձր իմաստություն ունեցող դասի մեջ տարածված է Սուֆի կոչված աղանդը: Դա մի տեսակ փիլիսոփայություն է, որ հիշեցնում է Հունաստանի սոփեստությունը: Սուֆիները հերքում են կրոնական վարդապետությունները, համարելով նրանց մարդու անհատական զարգացմանը վնասակար: Նրանք ներողամիտ են դեպի ամենայն ազգ, համարելով բոլորին յուրյանց եղբայրներ:

Սուֆիները հավատում են մի գերագույն էակի, որ տարածված է բոլոր առարկաների մեջ, թե երկնային, և թե երկրային: Նա յուր ստեղծագործող զորությամբ կյանք է տալիս նրանց, ձևափոխում է և կառավարում է: Ամենաչնչին ծաղկից սկսյալ, մինչև փոքրիկ զեռունը, կրում են յուրյանց մեջ նրա էությունից: Այդ պատճառով տիեզերքի մեջ ոչինչ բան պիղծ չէ: Այլ ամեն մի երևույթ և ուժ այն գերագույն էակի հայտնությունն է:

Մարդը, իբրև ստեղծագործված առարկաների մի մասը, նույնպես ունի յուր մեջ նույն գերագույն էությունից: Եվ մարդու բոլոր գործունեությունը պայմանավորվում են նույն էության զորությամբը: Ուրեմն նա պիտի լինի ազատ, և ոչինչ օրենքներ չպիտի սահմանափակեն նրա ձգտումները:

Դահրիները, որ նշանակում է ժամանակականք Սուֆիներին, բոլորովին հակառակ փիլիսոփայություն ունին: Նրանք չեն հավատում ոչինչ գերագույն էակի և համարում են տիեզերքն ժամանակի ծնունդ, — տարերքի ֆիզիկական և քիմիական միավորության արտադրություն: Նրանք հերքում են աստվածությունը և հոգու անմահությունը և մարդու կյանքը գտնում են միայն այս աշխարհում, քանի նա ապրում է, քանի նրա մարմնի շինվածքը խանգարվելով, չէ դարձել յուր բաղադրության տարերքին:

Դահրին ասում է, թե ամեն կենդանի մեր հողագնդի արարածն է: Նա յուր գոյությունը պահպանելու համար, բաժանորդ պիտի լինի երկրին, այդ հասարակաց սեղանին, նրանից յուր ապրուստը ճարելու համար: Զորեղ ձեռքով սեփականել յուրյան ավելի շատ հող, քան որ բավական է մի մարդու պիտույքներին՝ դա հասարակաց ընչի հափշտակություն է: Իսկ տիրել յուր նման մարդկանց վերա, և ճնշել նրանց իրավունքը, դա ծայրահեղ բռնակալություն է:

Պարսկաստանում կան և Վահտաթ-աղվճուդի կոչված աղանդավորները: Դրանք հավատում են մարդկանց մահից հետո հոգիների զանազան կենդանիների մեջ տեղափոխվելուն:

Պարսկաստանի մեջ մինչև այսօր գտնվում են հետևողներ հին զրադաշտական կրոնի: Նրանք կոչվում են Գաբր: Զենդավեստան դեռ կարդացվում է նրանց մեջ, որպես սուրբ գիրք:

Պարսիկների մեջ կա և մի տեսակ ծածուկ կրոնք, որի հետևողները յուրյանց կոչում են Դավուդի: Դրանք յուրյանց համարում են Դավիթ Մարգարեի աշակերտներ և կարդում են Սաղմոս, թեև նրանց ծեսերը և ավանդությունները շատ տարբեր են հրեաներից:

Մի քանի նոր մտքեր և փիլիսոփայություններ մտցրին Պարսկաստանում այն պարսիկ ուսանողները, որոնց Շահը հարյուր հիսուն հոգու չափ ուղարկեց Փարիզ կրթության համար: Այդ ուսանողներից թեև չծնվեց ոչ մի հանճար և ոչ մի տաղանդ` այսուամենայնիվ նրանք ձգեցին Պարսկաստանում մի փոքրիկ լույս եվրոպական կրթության և ճանապարհ բաց արին եվրոպական կրթությունը յուրյանց աշխարհում մտնելու:

Բայց մոտ է ժամանակը: Պարսկաստանը երկար չպիտի մնա յուր խավարի մեջ: Ծածուկ աղանդները արդեն ձգել են Իսլամի կազմվածքի մեջ զանազան կայծեր, կայծեր, որոնք մի ազատ քամու են կարոտ, որ հանկարծ բռնկեն և հրդեհեն նրա գոյությունը

Գ

ԴԵՐՎԻՇ

Պարսկաստանի մտավոր կյանքի մեջ մեծ դեր են խաղում նաև դերվիշները: Նրանք կոչվում են՝ և ֆագիր, զալանդար, որոնք նշանակում են խեղճեր:

Դերվիշին հեշտ է ճանաչել յուր արտաքին կերպարանքից անգամ: Դու տեսնում ես մի մարդ երկայն, չխուզած մազերով, որոնք կապված են կամ սև թելերից վարսակալով, կամ գլխին դրած ունի կարմիր և զանազան թալիսմանական գրվածքներով ասեղնագործած մի թագ: Նա հագած ունի միայն մի շապիկ սպիտակ կտավից, որ հասնում է մինչև նրա մերկ ոտքերը: Եվ մեջքը պնդել է նույնպես թալիսմանական տառերով զարդարած լայն գոտիով: Նա ձգած ունի յուր ուսին ընձու կամ առյուծի մորթի և մերկ բազուկից քարշ է տված հնդկաընկույզից շինած քաշկուլըյուր միակ ամանը, որ նա ման է ածում յուր հետ: Նա յուր ձեռքին ունի մի ահագին մահակ կոճղնավոր բամբուկի ծառից և կողքից քարշ է տված յուր եղջերափողը (նաֆիր): Պարսկաստանի բոլոր քաղաքներում դու հանդիպում ես այդպիսի մարդկանց, շատ անգամ բոլորովին մերկ, սփածանելիք միայն գոտիից մինչև սրունքները կապած, — այդ մարդիկը դերվիշներ են:

Դերվիշն ամեն մարդու բարեկամ է: Նա հանդիպելով քեզ, իսկույն յուր աջը դեպի ճակատն է տանում և ասում է. «Էյ վալլահ» կամ «յա՜ հու հակ»:

Դու կհանդիպես նրան, երբ ծանր քայլերով գնում է նա փողոցի ծածկված չարսիի միջով: Նա երգում է կամ Հաֆեզից, կամ Մասնավիից և կամ Ամիր-ուլ-Մոմնի հրաշքները: Նա բանաստեղծ է, նա երգում է սեր: Նրա ձայնը քաղցր մեղեդիներով հնչվում են չարսիի գմբեթահարկ կամարների տակ:

Խանութպանները սիրում են իրանց երգչին և նրանցից ամեն մինը ձգում է նրա քաշկուլի մեջ մի սև փող:

Դերվիշը յուր դովրանը (շրջանը) կատարելուց հետո, դուրս է գալիս բազարից, հավաքած փողերից վեր է առնում այնքան, որքան պետք է իրան նույն ավուր ապրուստի համար, իսկ մնացորդը բաժանում է նա իրանից ավելի խեղճերին: Երեկոյան դերվիշն աղքատ է և մի սև փող չունի:

Դերվիշը տուն, տեղ, ընտանիք և հայրենիքոչինչ չունի:

Նրա հայրենիքը բոլոր աշխարհն է, նրա ընտանիքըամբողջ մարդկությունը: Նա երգելով թափառում է երկրից երկիր և ամեն տեղ բաց է նրա առջև աստուծո սեղանը:

Այդ կիսամերկ, մոլորաշրջիկ թափառականները գտնում են արժանավոր ընդունելություն` թե՜ ամենահարուստ հաջիի տան մեջ և թե բարձրաստիճան խանի ապարանքում: Ամեն մարդ ցանկանում է լսել դերվիշի իմաստությունը և յուր խալիների վրա տեղ է տալիս նրան: Բայց դերվիշը փառասեր չէ, նա չէ սիրում շքեղ ապարանքներ, նա այցելություն է անում աղքատների խրճիթներին, նա անցուցանում է յուր գիշերը փողոցներում, փլատակված շինվածքներում: Նա քնում է ամեն տեղ, ուր օրը մթնում է նրա վրա: Դերվիշը Նովրուզի տոնից մի քանի ամիս առաջ յուր փոքրիկ վրանը կազմում է մի հարստի դռան հանդեպ: Նա պահանջում է նրանից նրա հարստության մի մասը, որ հափշտակել էր հասարակաց սեփականությունից: Հարուստն իրավունք չունի հեռացնել նրան յուր դռնից, մինչև չլրացնե նրա պահանջը (թալաբ): Անցնելով թալաբի նստած դերվիշների վրանների մոտից՝ մարդ իսկույն մտաբերում է Դիոգինեսը յուր կարասի մեջ նստած:

Դերվիշներից ոմանք արհեստավորներ են և ապրում են իրանց ձեռագործներով. կան նրանց մեջ բժիշկներ, քանդակագործներ, դեղարարներ, պատկերահաններ և գեղագիրներ, որոնց մի կտոր վայելչագրության օրինակը մեծ գին է բերում:

Նրանցից ոմանք անձնատուր են եղած էլեքսիրիմիջնադարյան փիլիսոփայական քարի՝ գյուտին և այրում են սնդիկ, ծծումբ, մկնդեղ և այլ հանքային մարմիններ` ոսկու սարեր գոյացնելու փափագով:

Պարսկաստանի քաղաքներում դերվիշների համար շինած են առանձին օթևաններ, որ կոչվում են թաքիա: Ես կգրեմ քեզ իմ այցելությունս այդ թաքիաներից մինին Շիրազ քաղաքում: Թաքիան ամֆիթատրոնի ձևով մի բաց շինվածք է, փոքրիկ քառանկյունի բակով, որ շրջապատված է զանազան միմյանցից բաժանված կրպակներով: Այդ կրպակների մեջ իջևանում են դերվիշները:

Ես ներս մտա այդ կրպակներից մինի մեջ, ուր ինձ ասացին, թե բնակվում է դերվիշների մուրշիդը, այսինքն՝ նրանց վարդապետը:

Ձմեռն էր: Կրպակի դուռը բացվելուն պես իմ գլուխս զարկեց խիստ անախորժ և կծու հոտ: Ես կարծում էի, թե մտնում եմ Իտալիայի շնական կոչված այրը: Այդ հոտը հավաքվել էր այնտեղ բռնգի, ափիոնի և զանազան արբեցուցիչ նյութերի ստեպ ծխելուց: Ես խնդրեցի բաց թողնել կրպակի դուռը՝ օդը փոքր-ինչ մաքրվելու համար:

Հյուրի պատիվը միշտ հարգելի է, — ասաց դերվիշներից մինը և բաց թողեց դուռը, թեև սաստիկ ցուրտ էր:

Նրանք թվով չորս էին: Ինքը մուրշիդը նստած էր ընծու մորթու վրա, իսկ մնացածներից ամեն մինը ձգած ուներ յուր տակին առյուծի, վագրի և զանազան գազանների մորթիք: Նրանցից մինը տվավ ինձ յուր մորթին, ես նույնպես նստեցի:

Այդ դերվիշներից ամեն մինը պատկանում էր առանձին ազգի, առանձին տիպերի: Մուրշիդը պարսիկ էր, միջին տարիքով. նա էր մի բարձրահասակ և ցամաք մարդ, արևից այրված երկար ճանապարհորդության մեջ: Նրա սևուկ դեմքը, թուխ, վառվռուն աչքերը բացատրում էին հանճար և զարհուրանք:

Մինը խափշիկ էր, մի երիտասարդ, բոլորովին մերկ, միայն սպիտակ կտավե վարտիքով, որ սև ընձու նման, պառկած մի անկյունում` խորին կերպով մրափում էր: Նրա սև կերպարանքը, միախառնվելով կրպակի մթության հետ, մնում էին աննշմարելի, միայն աչքերի սպիտակուցը և ճերմակ ատամները երբեմն փայլում էին խավարի մեջ, երբ նրա դեմքը ցնցվում էր սարսափելի ծիծաղով: Երևում էր, որ երիտասարդը, թմրած ափիոնի արբեցուցիչ զորությունից՝ հրապուրվում էր գեղեցիկ երազներով: .

Մյուսն աղվան էր, մի փոքրիկ մարդ, կարճլիկ հասակով, թավ, սև սաթի նման մազերով, գորշ դեմքով և նեղ, պսպղուն աչքերով:

Իսկ չորրորդը հնդիկ էր, լերկ պղնձագույն դեմքով և երկայն, փափուկ մազերով:

Կրպակի մեջտեղում դրած էր մանղալ շիկացրած ածուխներով. նրանք բոլորել էին նրա շուրջը:

Ի՞նչ բան բերեց ձեզ, տեր իմ, խեղճերի կացարանը. — հարցրեց ինձանից մուրշիդը:

Ես էլ ձեզ նման դերվիշ եմ, — ասացի նրան. — և թափառում եմ երկրե երկիր. ինձ ցանկալի էր հարցասիրել իմ համավիճակների կյանքը:

Էյ վուլլահ, — ձայն տվավ մուրշիդը, — ուրեմն մենք եղբայր ենք: — Եվ ձեռքը իմ ձեռքին տալով, հետո դեպի բերանը և ճակատը տարավ:

Ի՞նչ ազգից ես, — հարցրեց նա ինձանից:

Ազգով հայ եմ, — պատասխանեցի ես:

Իսկ կրոնքո՞վ:

Քրիստոնյա:

Վերջին խոսքերը շարժեցին մուրշիդի ուռած շրթունքները հեգնական ծիծաղով, և նա ասաց.

Դուք խոստովանվեցաք, թե դերվիշ եք, բայց դերվիշները ազգ ու կրոնք չունեն:

Ես զգացի սխալմունքը իմ խոսքի մեջ և պատասխանեցի.

Մենք այդ տեսակ դերվիշներ ենք:

Բայց քրիստոնյաների կրոնքի վարդապետը, Մեսիան, կատարյալ դերվիշ էր, նա պատկանում էր ահլիմուհաբեթներին (սիրո ժողովրդին կամ սիրո նպատակին). նա ատում էր հարստությունը, նա բարեկամ էր աղաքատներին և սրբում էր նեղացածների արտասուքը:

Այո՜, նա քարոզում էր սեր, նա աշխատում էր բառնալ ստրուկի ծանր լուծը, — ասացի ես:

Իսկ նրա հաջորդները, ձեր խալիֆաները (եկեղեցականները) չեղան իրանց վարդապետին արժանավոր աշակերտներ: Նրանք սիրեցին աշխարհը և նրա փառքերը և ամենայն սրբություն զոհեցին իրանց կրքերին...

Մեր խոսակցությունն ընդհատեց խափշիկը, որ պառկած էր կրպակի անկյունում, մի երգով, որ նա հանկարծ եղանակեց քնի մեջ:

Այս գիշեր բանգը շատ ներգործեց մեր եղբոր վրա, — ասաց մուրշիդը: — Նա տակավին հրապուրվում է երազներով:

Իսկ հնդիկը նույն միջոցին հանեց յուր մախաղից (ջուլբենդ) մի երկայն կտոր աֆիոն, կտրատեց և ափի մեջ լցնելով, բերանը ձգեց և բոլորը միանգամից կուլ տվավ: Ես զարմացա. աֆիոնի ամեն մի կտորը բավական էր թունավորելու ամենաառողջ տղամարդուն, բայց նա կերավ նրանց որպես շաքար, առանց մի զզվանք զգալու:

Իսկ մուրշիդը վառեց յուր դդմասրվակից շինված փոքրիկ ղեյլանը, և մի կտոր բանգ նրա գլխին դնելով, սկսավ ծխել: Մյուսները նույնպես սկսեցին աֆիոն ուտել և ծխել: Եվ մի քանի րոպեից հետո փոքրիկ սենյակը դարձյալ լցվեց խեղդող ծխով:

Բանգի և աֆիոնի արբեցուցիչ զորությունն սկսավ յուր ներգործությունն անել: Դերվիշները հետզհետե զվարթանում էին և ոգևորվում: Նրանք ինձ ևս առաջարկեցին ծխել իրանց ղեյլանից, բայց ես հրաժարվեցա, ասելով, թե սովոր չեմ, և վառեցի իմ սիգարը:

Մեր խոսակցությունը տևեց երկար: Ես նկատեցի, որ այդ դերվիշները պատկանում էին մի վարդապետության, որ կոչվում էր ահլ-հագիգաթ, որ նշանակում է ճշմարտության հետևողներ:

Դրանք ոչինչ ճշմարտություն չեն ընդունում, եթե նա իրանց հայտնված չէ որևիցե գերբնական զորությունից: Դրան հասնելու համար նրանք պիտի անցնեն հետևյալ երկու աստիճանները. առաջին` սեր (մուհաբաթ), որի վրա դնում են ամենայն բարոյականության հիմքը, երկրորդ թարիկաթ (ծեսեր), երբ տեսակ-տեսակ սարսափելի ճգնություններով մարդն աշխատում է մեռցնել յուր մեջ ամենայն մարմնականություն (ջամբեի հեյվանաթ) և մաքրվել, սրբվել և բոլորովին հոգիանալ (ջամբեի րուհանյաթ), այն ժամանակ ինքնուրույն հասնում է հագիգաթին, այսինքն` ճշմարտությանը:

Следующая страница