Րաֆֆի՝   Հուշագրություններ

Ահա մի քանի խոնարհություն ցույց տվող արտասանություններ.

«Քեզ զոհ լինեմ» — «Քո ոտքերի հողը դառնամ» — «Հոգիս քեզ մատաղ» — «Թո՜ղ քո ոտքերի փոշին համբուրեմ» — «Թո՜ղ քեզնից չարը հեռացնելու պատարագ դառնամ»:

Հարգություն ցույց տվող արտասանություններ.

«Իմ աչքի լո՜ւյս» — «Իմ գլխի պսա՜կ» — «Իմ հույս և ապավեն» — «Իմ երկնային ա՜ստղ» — «Իմ բախտի առարկա» — «Իմ կյանքի նպատակ»: — Այս բոլորը պետք է որպես կոչականներ հասկանալ առանց «ով»ի:

Ստրուկի լեզուն միշտ այդպես է լինում:

Ստրուկի լեզուն ճոխ է փաղաքշանք և հաճոյականություն ցույց տվող բառերով. նա գիտե, թե որպես պետք է աղերսել, և որպես պետք է ցույց տալ յուր ամենացած խոնարհությունը: Ստրուկի լեզուն ճոխ է հառաչանքներով, այս պատճառով և միջարկություններն նրա բառարանի մեջ մեծ տեղ են բռնում: Միթե այսպես չէ և մեր լեզուն: Ո՞վ ունի այնքան ձայնարկություններ, սրտի ցավը և տխրությունը հայտնող բառեր, որպես հայը: Բառերն ինքնըստինքյան չեն ստեղծվում, բառերն ծագում են ժողովրդի կյանքից: Հայի կյանքն անցել է լացով և սուգով. այս պատճառով նա տրտմություն արտահայտող բառեր շատ ունի: Եթե չես հավատում իմ խոսքին, կարդա՜, ընկեր, մի անգամ Նարեկը, հայոց այդ եղերական սաղմոսը, և դու կհամոզվես...:

Հյուրերի գնալուց հետո ես մնացի իշխանի մոտ մենակ. նա այն գիշեր չուզեց շուտով կանանոցը մտնել, երևի, ինձ հետ խոսելու միտք ուներ: Խոսակցությունն սկզբում խիստ հասարակ բաների վերա էր: Իշխանն զարմանում էր, երբ ես ասում էի նրան, թե ինչու նա կանանոցում, յուր ընտանեկան շրջանի մեջ չէ ճաշում և ո՜չ այնտեղ ընթրիք ուտելու սովորություն ունի:

Ինչպե՞ս կարելի է այդ, պարոն բժշկապետ, կանանց հետ սեղան նստել. իմ մեծ որդին անգամ, որ ամուսնացած տղամարդ է, իրավունք չունի ինձ հետ ուտելու: Այն մարդիկը, որ այստեղ տեսար, մեր երկրի ամենանշանավոր ավագներն են, նրանց ես պետք է պատվեմ:

Բայց մարդուն ամենից մերձավորն է յուր ընտանիքն, — նկատեցի ես:

Այդ ուղիղ է, բայց ամեն մեկն յուր տեղը ունի:

Ընտանիքի գաղափարն մատչելի չէ մահմեդական մարդուն: Կինն նրա համար մի ստացվածք է, իսկ որդիքն նույն ստացքի արդյունքն են: Նա նայում է դրանց վերա այն աչքով, ինչ նայում է երկրագործն յուր հողի ու նրա արդյունաբերության վերա, որը կարող է նա փոփոխել, վաճառել և ամեն պիտույքի համար գործածել…:

Բայց իմ խոսակցությունն ընտանիքի մասին իշխանի մտքին բերավ յուր հիվանդ տիկինը, և նա հարցրուց իմ կարծիքը նրա առողջության մասին:

Երբ որ դուք դիմում եք բժշկի խորհրդին, պետք է չբարկանաք, իշխան, նրա խոսքերն կվշտացնեն ձեզ:

Լավ խոսքն մարգարիտ է, նա գետին չէ ձգվում, — պատասխանեց նա արևելյան առածով:

«Ճանաչողի մոտ», — ասացի մտքումս:

Ուրեմն բարեհաճեցեք լսել: Կամենո՞ւմ եք, որ չմեռնի ձեր տիկինը:

Ես դրա համար պահեցի ձեզ, որ նա առողջանա:

Հավատացեք անկեղծ խոսքին, իշխան, ես և աշխարհի բոլոր բժիշկները ոչ մի օգնություն անել չենք կարող: Մի ճար միայն կա. — դուք պետք է արձակե՜ք ձեր տիկինը, եթե ցանկանում եք, որ նա կենդանի մնա, և ձեր կրոնքն թույլ է տալիս այդ անել:

Արձակե՞լ նրան, — կրկնեց իշխանն զայրացած կերպով, — դա անկարելի է:

Ուրեմն նա կմեռնի:

Ինչո՞ւ, ինչո՞ւ իմ տան մեջ նա պետք է մեռնի. նա այստեղ ոսկու և գոհարների մեջ է ապրում, որտե՞ղ կարող է գտնել այս բախտը: Ես նրան ամեն բան տվել եմ:

Բայց նա կարոտ է մի բանի, որ դուք չեք տվել և չեք էլ կարող տալ:

Այն ի՞նչ է:

Այն սերն է:

Իշխանն սկսեց ծիծաղել, որպես թե լսում էր մի հիմար խոսք: Բայց նա յուր ընտանեկան բռնակալության մեջ դարձյալ ուներ յուր առանձին փիլիսոփայությունը, մի փիլիսոփայություն, որ ծագում էր տիրելու, իշխելու և կոպիտ զորության սկզբունքներից:

Ծաղիկներն ի՛նչ իրավունք ունին լույս և ջերմություն պահանջել արեգակից, — ասաց նա փոխաբերական կերպով. — դա կախված է նրա բազմախնամ ողորմությունից:

Ես կպատասխանեմ ձեզ, իշխան, նույնպես այլաբանական ձևով. ծաղիկներն իրավունք կունենային պահանջել, եթե տեսնեին, արեգակն խտրություն է դնում նրանց մեջ, եթե տեսնեին, նա հավասար կերպով չէ թափում յուր լույսը և ջերմությունը նրանց վերա: Բայց արեգակն, որպես աստված, անաչառ և անկեղծ է:

Իշխանն զգաց, որ յուր համեմատությունն ծուռն էր, իսկույն փոխեց խոսքը.

Իմ հարեմում կան ուրիշ շատ կնիկներ, և ավելի ազնիվ ու բարձր արյունից, քան ձեր այսօրվա տեսածը, նրանք բոլորն էլ գոհ են իրանց բախտից, և հնազանդվում են ինձ:

Այդ բավական չէ: Հնազանդվելու և սիրելու մեջ մեծ տարբերություն կա: Առյուծն նույնպես հնազանդվում է յուր զսպողին, բայց նրան երբեք չէ սիրում: Նա հնազանդվում է, որովհետև երկաթի վանդակի մեջ է պահված...:

Իշխանն լռեց:

Իմ պատասխանները բավական հանդուգն էին, բայց նա ավելի չէր բարկանում: Ես հավատացած էի, որ նա յուր կյանքում չէր լսած այսպիսի մերկ ճշմարտություններ, բայց համբերում էր, համբերում էր ամենևին բանի տեղ չդնելով իմ խոսքերը:

Ձեր խոսքերն զարմացնում են ինձ, պարոն բժշկապետ, — ասաց նա մի փոքր մեղմանալով: — Միթե այդպե՞ս են մտածում ֆրանգների երկրում:

Այո՜, այդպես: Մեր երկրում կնիկներն սիրում են և պահանջում են տղամարդից փոխադարձ սեր:

Դարձյալ սե՛ր, — ասաց նա գլուխը շարժելով: — Ի՞նչ է արդ սեր կոչված բանը, ես չեմ հասկանում: Ատրպատականի ամբողջ կես մասն ինձ է պատկանում, երկրի բոլոր հզորներն խոնարհվում են իմ կամքին, ամեն տեղ իմ «այոն» այո է, և «ոչն» ոչ: Բայց մի թույլ կին որպե՞ս կհամարձակվի հնազանդ չլինել յուր իշխանին: Ես նրան կսատկեցնեմ, ավազակի պես մորթել կտամ: Բայց արձակե՞լ, — ոչ երբեք:

Այդ դուք կարող եք: Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանաք, որ կնոջ վերաբերությամբ դուք իշխան չեք, այլ հասարակ մահկանացու և հավասար ամուսին:

Ես իմ ամուսնական պարտքը կատարում եմ, — պատասխանեց նա դարձյալ մեղմանալով: — Ես ավելի լավ եմ ճանաչում կինմարդու բնավորությունը. կինը նույնն է, ինչ որ երեխան, տուր նրա ձեռքը մի խաղալիք, նա արդեն գոհ է: Ես մինչև այսօր չեմ խնայել իմ հարեմից այն «խաղալիքները», որոնցով կնիկներն զվարճանալ սիրում են: Աշխարհի ամեն թանկագին զարդերն այնտեղ են մտնում և ուտելու բոլոր անուշեղեններն այնտեղ են սպառվում:

Այդ ուղիղ է, իշխան, բայց դուք մոռացել եք մի բան, որը բազարում չեն ծախում, այն բանն մուտք չէ գործում ձեր հարեմում:

Դարձյալ սե՞րը:

Այո՜, սերը

Որքա՛ն միամիտ եք, պարոն բժշկապետ:

Ես զարմանում էի, որպե՜ս ասիական բռնակալն թույլ էր տալիս մի օտար, անծանոթ մարդու մտնել յուր ընտանեկան գաղտնիքների մեջ: Բայց պետք է խոստովանել, որ պարսից ավագներն մեծ հարգանք ունին դեպի իմաստունները, և բժշկի վերա նույն աչքով են նայում: Այսուամենայնիվ, ես որոշեցի փոխել իմ խոսելու ձևը, և որպես ասում են, իշխանի «գլուխը յուղել»: Ասիայում մարդ շուտով ընտելանում է կեղծավորության, մի շրջանում, որ ամեն ինչ կե՜ղծ է, ուղղախոսն միշտ դատապարտված է:

Ձեզ, իշխան, աստված ստեղծել է ամենաբարձր փառավորության մեջ, շնորհել է ահագին զորություններ և դուք նրա ձեռքի ամենաբախտավոր արարածներից մեկն եք: Բայց աստված պահանջում է ձեզանից ողորմած լինել, որպես ինքն ողորմած է: Բարեհաճեցեք ընդունել իմ ամենախոնարհ խրատը, արձակեցեք այն կինը, եթե կամենում եք, որ նա չմեռնի:

Իշխանն ստեպ ծխում էր, բերանից մուխի ամպեր դուրս տալով: Նա լուռ էր: Ես առաջ տարա խոսքս.

Ես որպես բժիշկ քննում եմ մարդերի մարմինը, սիրտը և հոգին, դրանք երեքն էլ սերտ կապ ունին միմյանց հետ: Մեկի տկարությունն խանգարում է մյուսի առողջությունը: Ես այսօր քննելով ձեր տիկնոջը, գտա, որ նրա հիվանդությունը բոլորովին հոգեկան է. նա յուր սիրտը տված է եղել ուրիշին, նախքան ձեր կանանոցը մտնելը...:

Այդ ես գիտեմ... — պատասխանեց նա խորհրդական կերպով: — Բայց կանանոցը մտնելեն հետո նրա հաշիվները դրսի աշխարհի հետ վերջացան...:

Լսեցեք, իշխան: Կանանոցի բարձր պարիսպներն, երկաթի ահագին դռները, ներքինիների և ստրուկների աչալուրջ հսկողությունը, — դրանց և ոչ մեկն կարող են փակել սրտի ճանապարհը. նա թռչում է ամեն տեղ, ուր և ցանկանում է, նա մտքից արագ է և կայծակից զորեղ...:

Բայց ո՞վ կարող էր աշխարհում Ատրպատականի իշխանից ավելի գրավել նրա սիրտը:

Այդ ես չգիտեմ: Սերն աստիճանների մեջ խտրություն չէ գնում: Բայց կա և ուրիշ բնական պատճառ:

Ո՞րպիսի:

Դուք անցել եք սիրելու և սիրվելու ժամանակից. ձեր հասակը պետք է յոթանասունից ավել լինի: Բայց տիկինը դեռ մանուկ է:

Երբ հասակի վերա խոսք եղավ, իշխանն, կարծես, մոռացավ մեր առաջին խոսակցությունը, և դարձավ դեպի ինձ այս հարցմունքով.

Դուք, պարոն բժշկապետ, կարո՞ղ եք ինձ համար պատրաստել «կենաց ջուրը» և տալ ինձ այնպիսի մաջուններ, որ մանկացնեին իմ ծերությունը:

Իմ բժշկարանում այսպիսի դարմաններ չկան:

Դուք կեղծում եք, պարոն բժշկապետ, որ թանկ ծախեք ձեր վաճառքը, բայց ես կտամ, որքան կցանկանաք:

Ես խաբելու սովորություն չունիմ:

Մի դերվիշ խոստացավ ինձ համար պատրաստել «կենաց ջուրը». ամբողջ վեց ամիս նա իմ տանն էր. ես բերել տվի նրա պատրաստության համար ամեն ինչ, թեև նրանք շատ թանկագին էին, — մաքուր ոսկի, անծակ մարգարիտ, անտաշ ալմաստ և այլն: — Նա պատրաստեց, բայց իմ թշնամիներս հասկացան այդ բանը, դերվիշին կաշառեցին, և նա մի օր անհայտացավ:

Ձեր մաքուր ոսկին, մարգարիտը և ալմաստն, երևի, ավելի պետք էին դերվիշին, քան «կենաց ջուրը» ձեզ համար:

Ոչ. նա խաբեբա մարդ չէր:

Պարսկաստանում սակավ չէ այն մարդերի թիվը, որոնք իրանց համար արհեստ են շինել խաբել միամիտներին այլևայլ երևակայական խոստումներով: Տեսնում ես, մեկի համար խոսվում է, թե այնպիսի սուրմա (ծարիր) կարող է պատրաստել, եթե մարդ յուր աչքերը նրանով դեղե, կարող է աներևութանալ, և ուրիշներն նրան տեսնել չեն կարող: Մյուսն մի կախարդական գոտի կարող է պատրաստել, եթե մեջքիդ կապես, կարող ես մի րոպեում աշխարհի մեկ ծայրիցը մինչև մյուսն թռչիլ: Մեկ երրորդն էլեքսիր պատրաստելու գաղտնիքը գիտե, որի մի կաթիլը կարող է հասարակ մետաղների ամբողջ լեռները զուտ ոսկի դարձնել: Այդ տեսակ մարդիկ գտանվում են առավելապես դերվիշների մեջ: Տեսնում ես, մի կիսամերկ, խելագար դերվիշի մասին, որ յուր ուղեղի զորությունը մաշել է աֆիոն ուտելով և բանգ19 ծխելով, խոսվում է այնպիսի առասպելական գիտություններ, որ արաբացոց «Հազար ու մեկ գիշերների» մեջ անգամ չէ կարելի գտնել: Բայց այդ մարդիկը որքան և հիմար լինեին, դարձյալ գիտեին, թե որպես պետք է վարվել միամիտների հետ: Նրանք իրանց մասին երբեք չեն ասում, թե այս կամ այն բանը գիտեն, և իրանց գիտության գաղտնիքը պահում են ամենայն խստությամբ:

Ինձ շատ անգամ պատահել է տեսնել Պարսկաստանում, մի մեծ իշխանի սեղանի գլխին լուռումունջ նստած է մի մարդ, մաշված հագուստով և մաշված դեմքով: Ամենքն հարգում են նրան և վարվում են նրա հետ շատ քաղաքավարի կերպով: Այդ մարդն տարիներով, ամիսներով այնտեղ ուտում է, խմում է, պառկում է: Տանուտերն նպատակ ունի դուրս քաշել նրանից գաղտնի գիտությունը, բայց նա պետք է այնքան աշխատի հաճոյանալ մեր իմաստունին, որ կարողանա կատարելապես գրավել նրա վստահությունը յուր հավատարմության մասին: Դա արժում է նրան բավական ծախսեր: Վերջապես, իմաստունն խոստանում է նրան մի բան տալ: Բայց այս բանը պատրաստելու համար այս և այն նյութերն պետք են, որոնք կամ շատ թանկագին են լինում և կամ բոլորովին հազվագյուտ: Օրինակ, կախարդական ծարիրը պատրաստելու համար հարկավոր է մի արմատ, որն միայն Տիբեթի լեռներումն է բուսնում, ո՞վ կգնա, ո՞վ կբերե այն արմատը, եթե ոչ ինքն դերվիշը, որ միայն ճանաչում է նրան: Ուրեմն պետք է հոգալ ճանապարհի ծախսը, որ գնա և բերե: Դերվիշը կգնա, էլ չի վերադառնա...:

Պարսկաստանում շատերի ամբողջ հարստությունն զոհվում է այս տեսակ խաբեբաների հնարագիտություններին. զարմանալին այն է, որ իրանք պարսիկներն արդարացնում են նրանց վարմունքը, որպես իմ հյուրասեր իշխանն արդարացնում էր դերվիշին, ասելով, թե յուր թշնամիներն եղան պատճառը, որ ինքը չկարողացավ խմել «կենաց ջուրը»:

Մեր գիշերային խոսակցությունն իշխանի հետ անցավ համարյա ապարդյուն. ես նկատեցի, նա մինչև անգամ ձանձրացավ, և ինձ բարի գիշեր մաղթելով, ինքն գնաց կանանոցը:

Գալով ինձ համար նշանակված կացարանը, ես տեսա, մեր Մեսրոպն այնտեղ նստած, մի մարդու հետ տաք-տաք խոսում էր: Նրանք խոսում էին հայերեն լեզվով: Ես զարմացա, իշխանի ապարանքի մեջ հայ մարդն ի՞նչ գործ ուներ: Բայց նա ինձ տեսնելով, իսկույն հեռացավ:

Ո՞վ էր դա, Մեսրոպ:

Դա հայ է եղել, աղա, բայց վաղուց թուրքացած է, իշխանի սարայդարն (դռնապանապետ):

Ինչպե՞ս մարդ է:

Լավ մարդ է, աղա, նա ասում էր, թե մեր օրենքը, մեր պատարագը և մեր մեռոնը դեռ սիրում է:

Դու հավատո՞ւմ ես:

Հավատում եմ, աղա, նա այս խոսքերը ասելու ժամանակ լաց էր լինում:

Կանչի՜ր նրան:

Դռնապանապետն եկավ, խոնարհությամբ գլուխ տվեց և կանգնեց:

Նստի՜ր:

Այսպես էլ լավ է, աղա, — պատասխանեց նա, կրկին գլուխ տալով:

Ես գտա Մեսրոպի ասածը բոլորովին ուղիղ դռնապանապետի մասին. նա շատ բարի մարդ էր: Նրա հասակն արդեն անցել էր հիսունից, բայց որպես երկաթից ձուլած կազմվածքն դեռ բավական առույգ էր: Նրա կյանքի հետ կից էր մի ամբողջ եղերական պատմություն, որը չեր կարելի առանց սարսափելու լսել, թե ի՞նչ արկածներ առիթ էին տվել ողորմելի մարդուն ընդունել մահմեդականությունը: Բայց նա հոգով միշտ մնացել էր քրիստոնյա, թեև ծածուկ:

Բայց ինձ տանջում էր այն միտքն, արդյոք ծերունին գիտե՞ր մի բան հիվանդ տիկնոջ մասին: Նա պատմեց, թե տիկինն ազգով հայ է և Ս. գավառի մելիք Թ.-ի աղջիկն է: Նրա հայրն մի բռնակալ մելիք էր, և խիստ վատ էր վարվում ժողովրդի հետ. նա ամեն հնարներ գործ էր դնում պարսիկ իշխանին հաճոյանալու, որպեսզի ավելի անիրավաբար կարողանա հարստահարել յուր ձեռքի տակն գտնված հայերին: Այսպիսով կռիվն և հակառակությունն ժողովրդի և մելիքի մեջ անվերջ շարունակվում էր: Երկու կողմերն ևս իրանց ունեցածի մեծ մասը տուժեցին, պարսիկ իշխանին կաշառքներ և տուգանքներ տալով, որպեսզի մինը մյուսին վրեժխնդիր լինի: Մելիքն բոլորովին աղքատացավ: Բայց չարության կիրքն նրա մեջ դեռ չէր հանգչել. նա պարսիկ իշխանին յուր կողմն գրավելու համար` ընծայեց նրան յուր մի հատիկ գեղեցիկ աղջիկը, որ արդեն նշանված էր մի հայ երիտասարդի համար: Փեսան, երբ որ լսում է, թե յուր սիրուհին պետք է տարվի իշխանի կանանոցը, մի քանի ընկերներով գալիս է և ճանապարհր կտրում է, որ ազատե նրան: Բայց նույն իսկ աղջկա հոր մատնությամբ բռնվում է նա և քաղաքի հրապարակում գլխատվում է...:

Այն օրից, — ասաց ծերունին, — երբ խեղճ աղջիկն լսեց յուր փեսացուի ցավալի մահը, այն օրից խելքը թռցրուց, և այն օրից հիվանդ է նա...:

Այս պատմությունն խիստ դա՛ռն տպավորություն ունեցավ իմ վերա. ես մտածում էի, բավական չէ՜ պարսիկ իշխանները մեր ժողովուրդը հալում, մաշում են. նույնիսկ հայերն մեկ մեկու միս են ուտում, մեկ մեկու տուն են քանդում... Եթե լավ քննենք մեր պատմությունը, մեր տխուր անցյալը՝ կտեսնենք, որ մեր բոլոր թշվառությանց պատճառն եղել ենք մենք՝ ինքներս:

Յուր պատմության միջոցին, ես նկատեցի, ծերունին նույնպես չկարողացավ սառնասիրտ մնալ, նրա աչքերն լցվեցան արտասուքով, նա հազիվ կարողացավ արտասանել վերջին խոսքերը. «Խե ՛ղճ աղջիկ, կմեռնի նա...»:

Երբ մի փոքր հանգստացավ նա, հարցրուց.

Ասացե՜ք, պարոն բժշկապետ, կապրի՞ նա:

Կապրի, եթե հարեմից դուրս գա:

Ես կազատեմ նրան, — պատասխանեց ծերունին հանկարծ ոգևորվելով, — այս ալևոր գլուխս դրել եմ նրա ուղուրին: Ես հազար անգամ փախած կլինեի այս դժոխքից, բայց մնացել եմ նրա համար միայն, որ ազատեմ նրան: Եվ իմ ցամաքած մարմնի մեջ մնացել է այնքան ուժ, որ կարողանամ կատարել բաղձանքս...:

Դա մի բարի և քաջազնական գործ է, — պատասխանեցի նրան:

Ա՛խ, եթե գիտենայիր, պարոն բժշկապետ, որքա՛ն տանջվում է նա... որքա ՛ն արտասուք թափել են նրա աչքերը... Անիծվի՜ նրա հայրն...:

Նա դեռ կենդանի՞ է:

Ոչ, շան հիշատակ եղավ...:

Ծերունի դռնապանը ուրիշ շատ բաներ խոսեց ինձ տիկնոջ մասին, և ես բոլորովին համոզվեցա, թե այդ բարեսիրտ մարդն կարող էր նրան ազատել: Եվ որովհետև գիշերից բավական անցել էր, նա ինձ թողեց հանգստանալ, և ինքն հեռացավ:

Լսելով ծերունու պատմությունը, ես զգացի, թե որքան անզգույշ վարվեցա իմ խոսակցության մեջ իշխանի հետ նրա տիկնոջ արձակման մասին, բայց ի՞նչ պետք էր անել, արդեն անցել էր: Բայց այնուհետև էլ չխոսեցի տիկնոջ արձակման մասին, միայն գործ էի դնում այլ հնարներ, որքան կարելի է թեթևացնելու նրա կյանքին սպառնացող հիվանդությունը: Իսկ արձակումը, ավելի լավ է ասել, տիկնոջ ազատությունը ես թողեցի դռնապանապետին, հավատացած լինելով, որ բարեսիրտ ծերունին կկատարե յուր դիտավորությունը.

Ես պատրաստվում էի քանի օրից հետո թողնել Խոյ քաղաքը, այս պատճառով առնելով ինձ հետ Մեսրոպին, ես գնացի բազար՝ գնելու մի քանի բաներ, այլև դիտելու տեղային վաճառականությունը: Ճանապարհին սկսեց անձրևել, ես մոռացա վեր առնել հովանիս, և մինչև հասնելս ծածկված չարշիների տակ, ոտքից գլուխ թրջվեցա:

Չարչիները լիքն էին բազմությամբ. որովհետև բացարձակ հրապարակներից մարդիկ հավաքվել էին նրանց ծածկած կամարների տակ չթրջվելու համար: Շատ անտանելի էր որևիցե շարժողություն գործել այն խառնիճաղանջ ամբոխի մեջ, ուր մարդիկ բեռնած ավանակներն, շներն, և ամեն տեսակ անասուն խառնվել էին միմյանց, որովհետև անցուդարձը կապվել էր, չարշիի մեջ մտնողն չէր ուզում դուրս գալ և անձրևի տակ ընկնել: Չնայելով այն բաբելոնյան խառնակությանը, ես էլ ուրախ էի, որ մասամբ ազատվեցա անձրևից, բայց չէի մտածում, որ մի նոր անախորժության հանդիպելու եմ:

Հավաքված ամբոխի միջով անցուդարձն էր խիստ նեղ և դժվարին: Բայց ես համարձակ և անփույթ կերպով գնում էի, որովհետև իմ եվրոպական հագուստն առիթ էր տալիս խուժանին ինձ ճանապարհ տալ: Բազմությունն հետաքրքրությամբ նայում էր ինձ վերա, որպես մի հրեշի կամ նորատեսիլ կենդանու վերա:

Դրսում տակավին կայծակը փայլատակում էր և լսելի էին լինում որոտմունքի զարհուրելի ձայներ: Որքա՛ն ազդում է բնության արհավիրքն արևելքցու վերա: Ես տեսնում էի, թե որպե՜ս խանութպաններն, ծալապատիկ նստած իրանց փոքրիկ կրպակներում, կծկվել էին և աղոթքներ էին փնթփնթում: Նրանք նայում էին ինձ վերա խիստ նենգավոր աչքերով, որպես խլուրդները նայում են իրանց բույների ծակերից: Ի՞նչ էր, որ նրանց այնպես բարկացնում էր:

Հանկարծ լսեցի գոռաց մի ձայն՝ «ա ՛յ, անհավատ քաֆուր»: Ետ նայեցի, տեսա, թուրքերն հավաքված, ծեծում էին Մեսրոպին: Ծեծողների գլխավորն էր մի սեիդ: Ես հարձակվեցա նրա վերա, և մի քանի անգամ զարկեցի ձեռքիս գավազանով: Բայց տեսա, իսկույն հավաքվեցավ թուրքերի ավելի մեծ բազմություն, և անտարակույս, ինձ ևս խառնելու էին խեղճ Մեսրոպի հետ, եթե մի մոլլա զգուշացրած չլիներ կատաղի ամբոխին, ասելով «բան չունե՜ք, մի՜ դիպչեք, կոնսուլ է այդ անհավատը»:

Ես դուրս եկա չարշիից, իսկույն գնացի շահզադեի մոտ և հայտնեցի բազարի անցքը: Իշխանը շատ բարկացավ և հրամայեց սեիդին, որպես անկարգության գլխավորին, բանտ դնել:

Նույն ավուր գիշերը շահզադան ինձ իմացում տվեց, թե քաղաքի բոլոր սեիդներն (մարգարեի որդիքն) ապստամբած, կամենում են կոտրել բանտի դռներն, և բռնությամբ դուրս տանել իրանց եղբայրը: Ես տեսա, որ իշխանն անզոր էր նրանց հարձակման դեմը առնելու, որովհետև սեիդը անսխալական է և ոչ մի աշխարհային ձեռք չէ կարող նրան պատժի ենթարկել: Եվ մտածելով, թե իշխանի պատվին պակասություն կբերեր մի այսպիսի բռնությունը սեիդների կողմից, ես խորհուրդ տվի նրան, արձակել կալանավորին, այնպես ձևացնելով, իբր թե ես խնդրել էի, որ ներվի նրա պատիժը:

Իշխանը շատ նեղացավ, որ չկարողացավ պատժել ինձ վշտացնողին: Ընթրիքի սեղանի ժամանակ նա ասաց.

Սեիդներն, իբրև մեր մարգարեի սերունդ, ունին մահմեդականների մեջ ծանրակշիռ հարգ և համարում, և մենք շատ անգամ դժվարանում ենք պատժել նրանց որևիցե անկարգության համար, կասկածելով, մի գուցե շարժենք ռամկի կատաղությունը:

Բայց այսպեսով սեիդներն ավելի կլրբանան, — պատասխանեցի ես:

Իմ պատասխանը խիստ էր, որպես երևաց, իշխանին դյուր չեկավ. սեիդի մասին ասել «լրբանալ», դա կարող էր քրեական հանցանք համարվի, բայց իշխանը զանցառության տալով, ասաց.

Սեիդին բոլորովին մեղավոր համարել չէ կարելի, որովհետև ձեր ծառան, անձրևից թրջված, անզգուշությամբ դիպել էր սեիդի հագուստին և պղծել էր նրան:

Մինչև այս խոսքը լսելս, ես չէի հասկանում խեղճ Մեսրոպի ծեծվելու պատճառը, այժմ պարզվեցավ, մանավանդ երբ իշխանն ավելացրուց.

Անձրևային օրերում անկարելի է հայերին թրջված մանգալ բազարներում և քսվիլ մուսուլմաններին:

Խե՛ղճ հայ, որքա՛ն վա՜տ ես դու, — մտածում էի եսմահմեդականը, որպես իմ աչքով տեսա, բազարում քսվում էր թրջված ավանակներին, շներին, և նրանցից չէր պղծվում, իսկ դու ավելի ստոր ես համարվում, քան այդ անասունները…:

Իշխանի խոսքն ինձ վերա վատ տպավորություն գործեց:

Ուրեմն հայը Պարսկաստանում ունի՞ հնդկական պարիասի նշանակություն, — հարցրի ես:

Շահզադան չհասկացավ իմ ասածը, միայն հայտնեց.

Մեր մոլլաներն այդ խտրությունը դրած են քրիստոնյաների և մուսուլմանների մեջ:

Միտ դնելով այս պայմանին, ուրեմն դուք պիտի գարշի՞ք բոլոր ուտելեղեններից և ըմպելիքից, որ դուրս են գալիս քրիստոնյաների ձեռքից:

Այո՜, — պատասխանեց իշխանը պինդ համոզմունքով. — մենք պիղծ ենք համարում բոլորը, ինչ որ արդյունաբերում է քրիստոնյայի ձեռքը:

Այժմ, սիրելի ընկեր, կարող ես հասկանալ Պարսկաստանի մեջ բնակվող ոչ միայն հայերի, այլ բոլոր քրիստոնյա ազգերի խղճության և աղքատության բուն պատճառը: Մի ազգ, որի ապրուստի գլխավոր աղբյուրներն էին՝ երկրագործություն և խաշնարածություն, իբրև մի պիղծ բան, չէ կարող վաճառել յուր աշխատության հում բերքերը: Այս խտրությունը Տաճկաստանի սուննիների մեջ չկա. դա կա միայն Պարսկաստանի մոլեռանդ շիիդների մեջ, թեև երկուսն էլ մահմեդական աղանդին են պատկանում: Շիիդը ավելի աններողամիտ և մոլեռանդ է, քան սուննին:

ՆԱՄԱԿ Դ

Իշխանի որդու և կնոջ հիվանդության պատճառով ես ստիպվեցա Խոյ քաղաքում մնալ ամբողջ մի շաբաթ: Բայց վերջին անախորժությունից հետո, որին առիթ տվեց անպիտան սեիդը, ես կայարանս փոխել էի քաղաքին մոտիկ արվարձանում, ուր բնակվում էին 40 տան չափ հայ ժողովուրդ: Բայց քաղաքում, այսինքն բերդի մեջ, ամենևին հայ բնակիչներ չկային, գուցե քաղաքը չպղծելու համար…:

Ես կենում էի հայոց արվարձանի եկեղեցու զավթում: Գիշերները ինձ մոտ հավաքվում էին հայոց քահանան, նրանց տանուտերն և ժողովրդի ծերերն: Խղճալի ժողովուրդ...: Նրանք ուրախանում էին ինձնով, տեսնելով, որ ես հայ եմ, և ինձ այնքան պատվում էր քաղաքի իշխանը, որ մինչև անգամ թույլ էր տալիս նստել յուր մոտ, ճաշել իր հետ...: Նրանք զարմանում էին, միթե հայը կարո՛ղ էր այսպես լինել...:

Եվ նրանցից շատերն կարծում էին, որ ես կամ անգլիացի եմ, կամ ֆրանսիացի: Ես նրանց ասեցի, ոչ թե եվրոպական հագուստը պատիվ է շահում Ասիայի ազգերից, այլ Եվրոպայի ուսումը և կրթությունը տիրում է խավար ազգերի վերա: Եվ երկար նրանց խոսում էի լուսավորության օգուտների մասին: Ես շատ ուրախանում էի, որ նրանք համակրում էին իմ խոսքերին, ասելով. «Այո՜, ուսումը մեծ բան է, աղա, սրանից առաջ, երբ օտար աշխարհներից մենք ստանում էինք մեր պանդուխտներից մի նամակ, ամբողջ ամիսներով մեր նամակը մնում էր առանց կարդացվելու. գյուղից գյուղ ման էինք ածում, տերտերներն էլ չէին կարողանում կարդալ: Այժմ, փառք աստծո, մեր որդիքն կարդալ գրել իմանում են»:

Եվ իրավ, նրանք ունեին եկեղեցու բակում փոքրիկ վարժարան, ուր երեխայքը սովորում էին մայրենի լեզվով գրել-կարդալ, և ասեցին, թե մի քանի հայաբնակ գյուղեր նույնպես ունին փոքրիկ դպրոցներ, բայց եկեղեցի և քահանա գտնվում էին բոլոր հայոց գյուղորայքում:

Ես տեղեկացա, թե ամբողջ Խոյա գավառում կային մինչև 700 տուն հայ ժողովուրդ: Նրանք պարապում են անասնապահությամբ, տարվա երեք եղանակներում՝ երկրագործությունով, բայց ձմեռն՝ ջուլհակությունով: Կնիկները մանում են բամբակից մանածը և տղամարդիքն գործում են կտավներ: Քաղաքի արվարձանում բնակվող հայերն գիտեն մի քանի արհեստներ, որպիսիք են՝ հյուսնություն, ոսկերչություն և զինագործություն, և բոլորն ըստ մեծի մասին աշխատասեր մարդիկ են:

Բայց խոյեցի հայերից չկան այնպիսիները, որոնք պարապում լինեին վաճառականությամբ. դա երևաց ինձ մեղանչել էր հայկական այժմյան բնավորության դեմ, որովհետև ամեն քաղաքում, ուր ես տեսել եմ հայեր, ըստ մեծի մասին եղել են վաճառականներ: Բայց այս երևույթը Խոյում ուներ յուր առանձին պատճառները, նախ, հայերն շատ աղքատ են, երկրորդ, եթե հարուստ ևս լինեին, նրանք թուրքերի երկյուղից չէին կարող իրանց հարստությունը երևան հանել. բայց վաճառականությունը պահանջում է այդ: Ինձ ցույց տվեցին մի հայ, ասելով, թե դա հարուստ մեկն է, բայց նա յուր արտաքին կերպարանքով ամենևին չէր որոշվում աղքատներից: Երբ հարցուցի, թե ինչո՞ւ նա այնպես վատ հագնված է, ինչո՞ւ նա ևս խրճիթի մեջ է բնակվում: Ինձ պատասխանեցին «նորա համար, որ թուրքերը եթե գիտենան նա փող ունի, մի գիշեր գլուխը կկտրեն և բոլորը կկողոպտեն»: Սարսափելի մի դրություն է այդ, երբ մարդ ունի, բայց չէ կարող վայելել: Ակամա աղքատ ձևանալ հեռու է մարդու փառասիրությունից:

Ես հարցրի, թե ինչ օգուտ նրանք կարող էին շահել իրանց արդյունաբերությունից, քանի որ մահմեդականներից պիղծ համարվելով, չէին կարող վաճառքի նյութ դառնալ:

Քահանան պատասխանեց, — Այդ մասին պետք է շնորհակալ լինել Մահմադ մարգարեից, որ մեր ձեռքից դուրս եկած ուտելիքները մուսուլմաններին հառամ (արգելված) է արած, բայց եթե հալալ (ուտելու թույլ տրված) լինեին, բոլորը ուժով կխլեին մեզանից և կուտեին: Դու կարծում ես, փողո ՞վ կառնեին...:

Օրինակի համար, — ավելացուց քահանան, — այս կողմերում, որպես սահմանագլուխ, տերությունը միշտ զորք ունի: Զինվորների համար զորանոցներ չլինելու պատճառով նրանց բաժանում են թուրքերի տներում կերակրվելու, բայց հայերի հացը նրանց պիղծ համարվելով, հայերն ազատ են մնում այդ ծանրությունից:

Է՛հ, տերտեր ջան, ծառա լինեմ սուրբ աջիդ, — քահանայի խոսքը կտրեց ծերերից մեկը. — «էշը թեև մատաղ չի լինի, բայց էշի գինը մատաղ կլինի»: Թուրքի սարվազներն, արդարև, մեր հացը չեն ուտում, բայց հացի գինը մեզանից առնում են...:

Ծերունու խոսքն ինձ ավելի հասկանալի եղավ, երբ պատմեցին, թե պարսից զորքերն արշավանքներ գործելու միջոցին կառավարությունից պաշար չեն ստանում, այլ նրանք ուտելիքն հավաքվում է ժողովրդից, որ կողմով և անցնելու լիներ զորքն: Դա կոչվում է սուլսար: Բայց հայերից ստացվում է զուտ արծաթ:

Բայց երբ խոսք բացվեցավ Մեսրոպի բազարում ծեծվելու մասին, քահանան պատմեց, թե քանի օր առաջ թուրքեր մեռնելու չափ ծեծել էին մի հայի: Ծեծելու պատճառն այն էր, որ հայը հագած ուներ թուրքի ձևով հագուստներ, և մի հաջի հանդիպելով նրան, մահմեդական է համարում և սալամ (բարև) է տալիս: Բայց հետո հասկանալով յուր սխալմունքը, հաջին մտածում է, թե մեծ մեղք գործեց աստուծո դեմ, որ մարգարեի շրթունքեն դուրս եկած բարևը20 նա տվեց մի անհավատի: Այս պատճառով նա սկսում է կատաղաբար ծեծել հային, թե ինչո՞ւ նրա հագուստը սխալմունքի մեջ գցեց իրան:

Ես բոլորովին զարմացա պարսկական մինչ այս աստիճան մոլեռանդության վերա, և ասեցի քահանային. — Ուրեմն այստեղ հայերն միշտ կարող են սխալեցնել մահմեդականներին և այսպիսի ծեծեր ուտել, որովհետև նրանց հագուստի ձևերն շատ նման են թուրքերի և պարսիկների հագուստին:

Երևի, դուք չեք նկատել, պարոն, — պատասխանեց քահանան, — հայերն միշտ հագնում են մի տեսակ նշանավոր ղաբա, որ յուր ձևերով և գույնովն բոլորովին որոշվում է պարսիկների հագածից, դա նրա համար է, որ մահմեդականներն ճանաչեն և հարկավոր միջոցներում խորշին նրանցից: Այսպես էլ հրեաներն հագնում են իրանց բոլորովին նոր հագուստի վերա մի տեսակ հին և անճոռնի լաբադա, որպեսզի մի կողմից իրանց հագուստի նորությունը ծածկեն, մյուս կողմից, ցույց տան, թե հրեաներ են: Բացի ղրանից հայերը չեն կարող դեղին, կարմիր, կանաչ, մի խոսքով, վառ գույներով հողաթափներ հագնել կամ իրանց մորուքները սրբազան խինայով ներկել. դրանք մահմեդականներին են սեփական: Այնպես էլ հրեաները չեն կարող ականջի հետևից թող տալ թուրքերի նման բիրչկա (ճալվեր), այլ ականջի առջևից միայն, որն առաջին նայվածքից իսկույն ցույց է տալիս նրանց իսրայելացի լինելը. որպես և հայերի քաքուլի մեջտեղը (այսինքն գագաթի վերա) միշտ սափրած է լինում, նորանով ևս որոշվում են թուրքերից:

Խղճալի՛ ժողովուրդ... — կրկնեցի ես:

Այսպես էլ թողնեն լավ է, — ավելացուց քահանան տխուր ձայնով, — մեզ պետք չէ թուրքի խինան և ոչ նրա կարմիր հողաթափները, միայն թե մեր երեխերքի հացը ձեռքներիցը չխլեին:

Այս բոլորի մեջ, ինչ որ պատմում էին տերտերը և ժողովրդի ծերունիքն, արտահայտվում էր ոչ միայն մահմեդականների խավարասեր բնավորությունը և նրանց աններողամտությունը դեպի այլակրոններըայլ մի մեծ տնտեսական հարված, որին ենթարկվում էին ոչ-մահմեդական ազգերը: Նրանք համարյա կտրված էին հասարակության ընդհանուր հարաբերություններից, նրանց անձը և աշխատության պտուղը ոչինչ գին չունեին, որովհետև պիղծ էին համարվում: Այստեղից հառաջ էր գալիս հայ ժողովրդի դառն աղքատությունը: Թողյալ այդ, երկրագործը և յուր ընտանիքի համար վարելու, ցանելու գործի մեջ շահ չուներ. որովհետև կալվածատիրոջ հողերի ծանր վարձատրության պատճառով և կառավարության անթվելի հարկերի պատճառով, երկրագործը ոչ միայն չէ կարողանում ավելացնել մի բան վաճառքի համար, այլ դժվարությամբ լցուցանում է յուր ծախսերը: Ուր մնաց այն, որ կառավարության թուլությունից օգուտ քաղելով, շատ անգամ թուրքերն ավազակաբար կողոպտում են հայերի մշակության բերքերը, այնպես, որ խեղճ երկրագործը հունձքի արտերից հավաքում է կալի մեջ ցորենի խուրձերը առանց հասկերի, նրանց գլուխները կտրած են լինում, և յուր այգին շատ անգամ նա միայն ճռաքաղ է անում, իսկ հասուն ողկույզներն գողերի բաժին են դառնում:

Следующая страница