Րաֆֆի՝   Մինն այսպես, մյուսն այնպես

Կարմիր ատլասով պատած և թանկագին փայտից շինված, գեղաքանդակ կարասին աչք էր շլացնում: Ահագին հայելիները, հիանալի շրջանակների մեջ դրած, բարձրացել էին մինչև առաստաղը: Զանազան մեծամեծ ջահեր, զանազան տեսակ ղամբարներ, զանազան արծաթյա աշտանակներ այնպես խուռն կերպով լցրել էին ընդարձակ դահլիճը, որ, ո՛ր կողմ և նայում էիր, մի նոր և ավելի սիրուն զարդ էիր տեսնում: Բայց այդ բոլորը այնքան շինծու էր, այնքան արհեստական էր, որ գեղեցիկ գահլիճը, յուր ամբողջ պարագայքով, ոչ թե մի վայելուչ բնակարանի, այլ մի հարուստ մագազինի տպավորություն էր գործում: Ամեն զարդարանք կար, բայց ճաշակ չկար, կարգ չկար:

Երբ փող և ցանկություն կար, հեշտ էր ամեն ինչ բերել տալ Եվրոպայից, հեշտ էր ձեռք ածել հայտնի նկարիչների ամենաընտիր գործերը և նրանցով զարդարել սենյակների պատերը: Բայց այն, որ պատրաստի չէր վաճառվում բազարում, այն, որ դժվար էր ձեռք բերել փողով, — նրանից զուրկ էին ԱղաՊարոնովները: Բոլորովին աղքատ և գռեհիկ դրությունից, զանազան խարդախ ճանապարհներով, հանկարծ հարստության տեր դառնալով, նրանք չգիտեին, թե ի՛նչպես պետք էր ավելի պատշաճավոր կերպով վայելել հարստությունը: Նրանք հին կյանքը մոռացան, նորն էլ չսովորեցին: Սովորեցին միայն զանազան կապկորեն նմանողություններ, որ կեղծ, փչացած կրթության արդյունք էին:

Եռանկյունի մեծ դաշնամուրը, այդ ծառաների պատիժն ու պատուհասը, ստիպված էր շաբաթը մի քանի անգամ գաղթականության ենթարկվիլ: Անդադար տեղափոխվում էր դահլիճի մի կողմից դեպի մյուսը, և ամեն անգամ տիկինը նրան յուր տեղում անհարմար էր գտնում, որովհետև նա չգիտեր, թե ո՛ր առարկան ո՛ր տեղում պետք էր դնել:

Հյուրերը, սեղանատնից դուրս գալուց հետո, տարածվեցան ոմանք բազկաթոռների վրա, ոմանք դիվանների վրա, սկսեցին ծխել: Արկղիկների մեջ պատրաստ էր նրանց համար հավանյան սիգարների ամենաընտիր տեսակները: Ոմանք, խմբիկներ կազմելով, սկսեցին թուղթ խաղալ: Սերգեյ Եգորիչը, յուր հին սովորությամբ, սկսեց նարդի խաղալ յուր բարեկամներից մեկի հետ: Մի քանիսը շրջապատեցին նրանց և, զանազան նկատողություններ անելով, նայում էին խաղին: Ոմանք, այս և այն անկյունում նստած, խոսում էին կապալների կամ այլևայլ առևտրական ձեռնարկությունների մասին:

Դահլիճի մեջ այժմ ուրիշ ձայն չէր լսվում, բացի խաղացող հասարակության հաշիվների շշունջից և սպասավորների զգույշ ոտնաձայնից, որոնք, արծաթյա մատուցարանները ձեռքում, ելումուտ էին անում, բերելով հյուրերի համար սուրճ, շոկոլադ, պաղպաղակ, և ով ինչ ցանկանում էր:

Օրիորդ Անիչկան մնացել էր ոտքի վրա, չգիտեր ինչ անել: Մայրը խաղում էր: Նա մոտեցավ այն սեղանին, որի վրա դրված էին գեղեցիկ ընծաները, որ այն օր հյուրերը բերել էին յուր համար: Մի առանձին բերկրությամբ նայեց նրանց վրա և անցավ դահլիճի մյուս կողմը, սկսեց խաղալ կանաչագույն թութակի հետ, որ դրած էր մի բարձր, կոնաձև վանդակի մեջ: Այդ միջոցին մոտեցավ պարոն Դաբաղյանը:

Ա՜խ, ի՛նչ գեղեցիկ թռչուն է, — բացականչեց նա զարմացական ձայնով: — Խոսալ իմանո՞ւմ է:

Մի բառ միայն, — պատասխանեց օրիորդը:

Ապա խոսացրո՛ւ:

Օրիորդը դարձավ դեպի խելացի թռչունը, ասելով.

Нука, попка, скажи дуррак!

Թութակը, ուղիղ պարոն Դաբաղյանի երեսին նայելով, կրկընեց.

— «Дуррак»!

Ձեր թութակը խիստ անքաղաքավարի է, օրիորդ, — ասաց երիտասարդը, թաքցնելով յուր վիրավորանքը: — Բավական անախորժ բառ եք սովորացրել:

Մենք չենք սովորացրել, նա ինքն է սովորել, — պատասխանեց օրիորդը ծիծաղելով:

Երևի, այդ բառը ձեր տանը շատ է գործածվում:

Ինչո՞ւ... պատահում է...

Պարոն Դաբաղյանը խիստ անել դրության մեջ ընկավ. չգիտեր հեռանալ թե մնալ օրիորդի մոտ: Նրան ազատեց հյուրերից մեկի ձայնը, որ կոչեց.

Պարոն բժշկապետ, այստեղ համեցեք:

Պարոն Դաբաղյանը բժշկապետ չէր, հասարակ բժիշկ էր. այնուամենայնիվ, լսելով հաճոյական ձայնը, շտապեց դեպի նա:

Օրհնած, — ասաց Յակուլ Յակուլիչը, յուր մոտ նստացնելով երիտասարդին, — մի քիչ էլ պառավներին մարդու տեղ գրեցեք. ջահիլները կան ու կան, միշտ ձեզ համար են:

Իզուր եք այսպես մտածում, Յակուլ Յակուլիչ, — պատասխանեց երիտասարդը, աշխատելով ուրախ ձևանալ: — Ես, ընդհակառակն, փորձված և աշխարհ տեսած պառավների ամենաջերմ գնահատողներից մեկն եմ: Ինձ համար թանկագին է նրանց յուրաքանչյուր խոսքը:

Եթե այդպես է, շատ ապրես, որդի: Ծերի ցույց տված ճանապարհը ուղիղ դեպի մարդու սրտի ուզածը կտանե, ոչ մի անգամ չի մոլորեցնի:

Յակուլ Յակուլիչը ԱղաՊարոնովների տան ամենամոտ բարեկամներից մեկն էր: Նա մի սնանկացած վաճառական էր, որ այժմ ապրում էր յուր հին «նիսիաների» կորած փշրանքներով: Անիչկան, դեռ կանգնած, խաղում էր թութակի հետ:

Նա, պարոն Դարաղյանի ուշադրությունը դարձնելով օրիորդի վրա, ասաց.

Տեսնո՞ւմ ես, ի՜նչ շնորհալի աղջիկ է, աստված է վկա,սաղ քաղաքումը հատն ու կտորը չկա: Ուսումով ամենից բարձր է, խելքով ամենից բարձր է, սիրունությունով խո յուր նմանը չունի, կասես, հրեշտակ լինի: Մի գիտենաս, ի՛նչպես «խազյայկա» է. հիմա որ գնա «կուխնին», էն բանը կշինե, որ պալատի «պովարն» էլ չի կարող շինել: Մայրը միշտ ջիգրվում է, ասում է, որդի, կուխնին մի՛ գնա: Նա ասում է. չէ՛, պիտի գնամ, տեսնեմ ի՛նչպես են պատրաստում ամեն բան. ո՞վ է իմանում, աշխարքս փոփոխական է, կարելի է միշտ պովար չունենանք, որ մեզ համար կերակուր պատրաստե: Լսո՞ւմ ես, որքան խելացի է, նա սև օրվա բանն էլ է մտածում:

Պարոն Դաբաղյանը լսում էր և, միևնույն ժամանակ, մի առանձին տխրությամբ նայում էր Յակուլ Յակուլիչի գովասանած «շնորհալի» օրիորդի վրա, որը մի րոպե առաջ այնպես դառն կերպով վիրավորեց իրան: Այդ վիրավորանքը նա բոլորովին կատակի տեղ կնդուներ, եթե վերջին ժամանակներում չնկատեր նրա մեջ` ոչ միայն խորին սառնասրտություն, այլ խիստ զգալի արհամարհանք դեպի ինքը: Նա արդեն սկսել էր փոքր առ փոքր հավատալ այն տարածված լուրին, որ պտտում էր քաղաքում, իբր թե օրիորդը սիրահարված է մի շրջմոլիկ վրացի ափիցերի վրա, որը մի ժամանակ ծառայած է եղել գվարդիայում, իսկ անկարգության պատճառով հրաժարացրել էին: Այսուամենայնիվ, նա դարձավ դեպի ծերունի խորհրդատուն, ասելով.

Բոլորը ճշմարիտ է, Յակուլ Յակուլիչ, օրիորդ Անիչկան նրանից էլ շատ ու շատ ավել է, ինչ որ դու պատմում ես: Բայց ո՞վ է մեղավոր...

Մեղավորը հերն է, որդի: Նա եթե ականջ դրած լիներ, հիմա բանը վաղուց վերջացած կլիներ: Բայց դու էլ, որդի, պետք է քո «թամահը» մի քիչ պակասացնես: Համ լավ աղջիկ, համ շատ փող, երկուսը միասին չի լինի: Պետք է էնպես անել, «նա շիշ յանսն, նա քյաբաբ» (ոչ խորովածն այրվի և ոչ շամփուրը): Թուրքն անիծած է, բայց խոսքն օրհնած է: Եթե ինձ ականջ դնելու լինես, ես շուտով կվերջացնեմ, հենց էս շաբթումը կվերջացնեմ:

Մինչ այս անկյունում այս տեսակ խոսակցության մեջ էին, օրիորդ Անիչկան արդեն սկսել էր ձանձրանալ: Նրան ձանձրացրեց յուր սիրելի թութակը, նրան ձանձրացրին և յուր առիթով հավաքված հյուրերը, թողեց դահլիճը, դուրս եկավ պատշգամբի վրա, մի փոքր զովանալու, մի փոքր ազատ շունչ առնելու: Գլուխը սաստիկ բորբոքման մեջ էր, մանուկ սիրտը անհանգիստ կերպով բաբախում էր: Չգիտեր, թե ինչ է կատարվում յուր հետ: Մոտեցավ և, առանց ուշադրություն դարձնելու, Փարիզից նոր բերել տված թանկագին հագուստով` հենվեցավ պատշգամբի բաց վանդակապատի վրա: Մի առանձին ինքնամոռացությամբ նայում էր դեպի գեղեցիկ պարտեզը, որ բռնել էր բակի մեծ մասը: Ձյունը արդեն դադարել էր գալուց, սփռելով պարտեզի նախշուն ածուների վրա յուր թանձր սավանը: Մշտականաչ թուփերը` սպիտակ թախտի վրա՝ խիստ հիանալի տեսք էին ստացել: Վարդենիների թերբաց կոկոնները՝ մի առանձին տհաճությամբ ծռվել էին տերևների վրա նստած ձյունի ծանրության ներքո: Ժրաջան այգեպանը, երկար ավելը ձեռին զգուշությամբ սրբում էր աղյուսի մանրուքով ծածկված ճեմելիքները, որ խոնավությունից ավելի կարմիր գույն էին ստացել: Այդ բոլորը այնքան գրավիչ էր, այնքան սրտապարար էր, որ օրիորդը մինչև անգամ չմտածեց կրկնակոշիկները հագնել և այնպես յուր նուրբ, թեթև... վազ տվեց, սանդուղքներից ցած իջավ պարտեզը: Նա մի քանի պտույտ տվեց այն ճեմելիքներով, որ արդեն սրբված յէին, հետո ձեռքը տարավ դեպի մի խոշոր կոկոն, կտրեց և սկսեց մատներով բաց անել, առանց զգալու, որ կտրելու միջոցին մատը սաստիկ ծակվեցավ, և արյան վարդագույն կաթիլը ցայտեց վարդի դժգույն թերթիկների վրա: Այգեպանը հեռվից նայում էր նրա վրա և բարեսրտաբար ժպտում էր: Նա մի քանի անգամ զգուշացրեց, թե ճեմելիքները դեռ թաց են ու խոնավ: Բայց օրիորդը չսեց: Նա տխուր էր և հուզված: Նրա սրտում ինչոր ալեկոծվում էր: Այստեղ ևս չկարողացավ ցրվել յուր ամբոխմունքը: Կտրած վարդը խրեց բաբախող կուրծքի վրա և սկսեց դանդաղ ու մոլորված քայլերով դուրս գալ պարտեզից:

Կրկին բարձրանալով պատշգամբի վրա, նա անցավ խոհանոցի մոտով, որի լուսամուտները ներսի սաստիկ ջերմության պատճառով բաց էին արել: Ծառաները, սպասավորները, վերջացնելով իրանց գործը, անկարգ կերպով հրհռում էին, ծիծաղում էին, իրանք ևս նստել էին ճաշելու: Աղմուկը գրավեց օրիորդի ուշադրությունը, գլուխը ներս տարավ լուսամոլտից, սկսեց նայել: Ծառաների զվարճության առարկան մանկահասակ Փրիդոնն էր (Արտեմ Պետրովիչի հայթայթած սպասավորը), որ այդ միջոցին հանաքներ էր անում մի կարմրաթուշ ռուս աղախնի հետ, փորձում էին իրանց ուժերը և, երկուսն էլ ընկնելով խոհարարի մահճակալի վրա, խեղդում էին միմյանց: Օրիորդը երկար, մի առանձին հաճությամբ նայում էր վայրենի սիրո կատաղության վրա, մինչև լսելի եղավ մոր ձայնը.

Անիչկա, ո՞րտեղ ես դու, Անիչկա:

Օրիորդը թողեց զվարճալի լուսամուտը, մոտեցավ մորը:

Ո՞րտեղ էիր, — կրկնեց մայրը:

Ման էիր գալիս պատշգամբի վրա, — կարմրելով պատասխանեց օրիորդը: — Գլուխս չգիտեմ ինչու ցավում է...

Մոր աչքերը ընկան նրա կոշիկների և հագուստի վրա:

Այդ ՞՛նչ է, բոլորը աղտոտել ես, բոլորը ցեխոտել ես:

Ասում եմ, գլուխս ցավում է... պտտվում է... ո՞վ է, իմանում, ո՛րտեղ եմ քսվել...

Դա շատ անվայել է, Անիչկա, — ասաց մայրը փոքրինչ զայրացած ձայնով: — Դու պետք է չհեռանաս հյուրերից: Այնտեղ խնդրում են, որ մի բան ածես դաշնամուրի վրա, իսկ դու չկաս:

Օրիորդը ոչինչ չպատասխանեց:

Այժմ այդ հագուստով ի՞նչպես կհայտնվես դու հյուրերի մոտ:

Մի' բարկանար, սիրելի մայրիկ, — ասաց օրիորդը գրկելով մոր պարանոցը: — Ես իսկույն կփոխեմ հագուստս:

Օրիորդը վազեց յուր սենյակը, բայց հագուստը չփոխեց: Այնպես ընկավ թավիշյա դիվանի վրա և, ալչքերը բռնելով, սկսեց դառն կերպով հեկեկալ...

Դ

Քաղաքի Երևանյան հրապարակի վրա կանգնած էր մի քառակուսի մեծ շենք, որ կոչվում էր քարվանսարա: Նրա չորս կողմի գլխավոր մուտքերի աջ և ահյակ կողմերում հսկում էին միմի զույգ արույրյա սև արձաններ, որ ներկայացնում էին թևավոր առյուծներ արծվի գլխով: Թե ի՞նչ իմաստ ունեին այդ առասպելյալ գազանները, կամ ի՞նչ խորհրդով շենքի տերը դրել էր նրանց յուր քարվանսարայի մուտքերի մոտ, դժվար է բացատրել: Միայն առյուծը յուր ահարկու ճիրաններով և արծիվը յուր բաց արած անհագ բերանով այնպիսի սպառնական տպավորություն էին գործում, կարծես, զգուշացնելիս լինեին հաճախորդներին, ասելով. «ապա մի ներս մտեք, կտեսնեք, թե ի՛նչպես մեր եղբայրգիշակերները այնտեղ կկեղեքեն ձեզ»...

Դա առաջին շենքն էր ամբողջ Թիֆլիսում, որ պահպանելով հին, ասիական անունը՝ «քարվանսարա», իբրև թե եվրոպական առևտրական տան ձև ստացավ և յուր մեջ հավաքեց այն վաճառականներին, որոնք նույնպես, պահպանելով ասիական բարքն ու վարքը, միայն իրանց արխալուղն և գաբան եվրոպական սերթուկի փոխեցին:

Այդ քարվանսարայի սրտումն էր կառուցված Մելպոմնեի սրբազան տաճարըԹիֆլիսի առաջին թատրոնը: Հայն ու վրացին, կովկասյան կոպիտ լեռնցին՝ առաջին անգամ այստեղ լսեցին իտալական օպերաներ, չհասկացան, բայց երկար խնդացին... Այստեղ թիֆլիսեցին տարիներով զվարճանում էր անհամեստ բալետներով, որը միմիայն հասկանալի էր նրան...

Մի տարօրինակ համակցություն` քարվանսարայի մեջ թատրոն: Քարվանսարայի գրկում սեղմված էր գեղարվեստի և հանճարի թագուհին, իսկ նրա շուրջը թագավորում էր վաճառականության խաբեբա աստվածըՀերմեսը: Մրցությունը զգալի էր: Վերջինը հաղթեց, և մի գիշեր կրակը լափեց ամբողջ թատրոնը: Նրա տեղը բռնեցին դարձյալ խանութներ:

Սույն քարվանսարայումն էր գտնմում և ԱղաՊարոնովի մեծափարթամ խանութը:

Յուր խանութի վերաբերությամբ մնացել էր նա նույն հին մարդը, նույն գծուծ «բազազը», յուր վաղեմի ավանդություններով: Օրը շաբաթ էր: Օրիորդ Անիչկայի փառավոր տոնախմբության երկրորդ օրը: Չնայելով, որ ԱղաՊարոնովի ամբողջ ընտանիքը՝ երեկվա շռայլ խրախճություններից հետո՝ բոլորովին հոգնած, թմրած և դեռ քնած էին, բայց Սերգեյ Եգորիչը, յուր մշտական սովորության համեմատ, առավոտյան շատ վաղ վեր կացավ և, չկամենալով ծառաներին անգամ անհանգստացնել, ինքը լվացվեցավ, հագնվեցավ և, առանց թեյ խմելու, տանից դուրս եկավ:

Նոր ծագած պայծառ արեգակը խոստանում էր ջերմ օր: Փողոցները բոլորովին սառած էին, միայն սալահատակների վրա կարելի էր առանց սայթաքելու քայլել: Դուրս գալով տնից, Սերգեյ Եգորիչը, յուր քրքրված մուշտակի մեջ կոլոլված և կանաչագույն (մի ժամանակ սև գույն ուներ) ջարդված ցիլինդրը ականջների վրա քաշած, սկսեց դիմել դեպի Գալավինսկի պրոսպեկտր: Նա ուղղակի յուր խանութը չգնաց, որովհետև քարվանսարան այդ ժամանակ բացված չէր լինի: Այլ յուր ամենօրյա սովորության համեմատ, մտածեց` փոքրինչ շրջագայել, մինչև քարվանսարան բաց կանեին: Նա գնում էր և, միևնույն միջոցին, խուզարկուի աչքերով դիտում էր, թե ո՞վ արդյոք խանութը բաց էր արել, և ո՞վ դեռ տանը քնած էր: Առաջիններին գովում էր, վերջիններին յուր սրտում հայհոյում էր: Նա գնում էր և, միևնույն միջոցին, բոլորից ողջույններ էր ստանում, և բոլորին ամենայն խոնարհությամբ ողջունում էր: Այդ մասին Սերգեյ Եգորիչը բավականին համեստ էր:

Այսպես անցավ նա ամբողջ Գալավինսկի պրոսպեկտը և կրկին վերադարձավ: Քամոյենց եկեղեցու մոտ հասնելու միջոցին՝ ներս մտավ, եկեղեցու դուռը համբուրեց, երեսը մի քանի անգամ խաչակնքեց և լռությամբ մի ինչոր աղոթք կարդաց: Ցրտի պատճառով եկեղեցում ոչ ոք չկար: Լսելի էր լինում միայն քահանայի և յուր միակ տիրացուի ձայնը: Իսկ կարճահասակ մղդսին՝ կծկվել էր մի անկյունում և բուրվառի համար պատրաստած ածուխների վրա տաքացնում էր սառած մատները: Սերգեյ Եգորիչը այսօր եկեղեցում մնաց մի քանի րոպե միայն և իսկույն դուրս եկավ: Բայց կիրակի և տոն օրերում, առանց պատարագ տեսնելու, նա հաց չէր ուտի:

Մտնելով քարվանսարան, նա յուր աշակերտների և գործակատարների ստվար խումբը յուր խանութի դռանը պատրաստ գտավ: Մոտեցավ, ուշադրությամբ նայեց մոմով կնքած ահագին կողպենքին, յուր ձեռքով լուծեց կնիքը և, ապա գրպանից հանելով բանալին, տվեց գլխավոր գործակատարին, որ դուռը բաց անե: Երբ յուր տաճարի դոները բացվեցան նրա առջև, նա դարձյալ երեսը մի քանի անգամ խաչակնքեց, մի ինչոր աղոթք կարդաց և ներս մտավ:

Այդ միջոցին սկսվեցավ գործակատարների և աշկերտների ժրաջան գործունեությունը: Մեկը հատակը սրսկում էր ջրով, մի ուրիշը ավելում էր, մյուսները տեղափոխում էին վաճառքները: Իսկ Սերգեչ Եգորիչը, մեջտեղում կանգնած փոշու ամպերի մեջ, յուր ջերմեռանդ աղոթքից հետո, նույն ջերմեռանդութչամբ հայհոյում էր, երբ որևէ անուշադրություն էր նկատում:

Վաճառքների խորհրդավոր տեղափոխությունը կատարվում էր համարյա ամեն առավոտ: Այդ մասին Սերգեչ Եգորիչը նույն նախապաշարմունքն ուներ, ինչ նախապաշարմունք որ ուներ յուր խանութի շեմքի վրա մեխած պայտի մասին: Վերջինը սրել էր նա, որ հաճախորդներ շատ լինի: Իսկ վաճառքները տեղափոխում էր, որ շուտ ծախվեն: Նրա կարծիքով, եթե անշարժության մեջ մնային, երբեք չէին ծախվի: Նրա սնահավատությունը՝ մի այլ կողմից՝ յուր նպատակահարմար նշանակությունն ուներ. վաճառքները, անդադար տեղափոխվելով, գոնե կազատվեին ցեցից, փոշուց և փտությունից:

Երբ ամեն ինչ կարգի դրվեցավ, Սերգեյ Եգորիչը գնաց նստեց դազգահի (ստոյկա) ետևում, իրանից անբաժան երկաթյա դրամարկղի մոտ, որպես մի քուրմ յուր ամբիոնի վրա: Այդ միջոցին աշկերտներից մեկը վազեց մերձակա դուքանը, որտեղ սովորաբար հավաքվում էին կառապաններն ու թուլուղչիները, և այնտեղից երկու թեյամաններ միմյանց վրա դրած, և մեկը թեյով լցրած, իսկ մյուսը տաք ջրով, բերեց և մի կտոր շաքարի հետ դրեց դազգահի վրա, յուր պարոնի մոտ: Նրա հայտնի բաժակը՝ տարիներ ի վեր խանութում միշտ պահվում էր: Յուր ձեռքով ածեց թեյը, որը պարզ ջրից զանազանվում էր միայն իր բացդեղին գույնով և, շաքարի փոքրիկ պատառը ատամներին քսելով, սկսեց մի առանձին ախորժակով խմել: Տանը առավոտյան թեյ խմելու սովորություն չուներ նա, որովհետև այնքան վաղ էր վեր կենում, որ ոչ մի ծառա հանձն չէր առնի զրկել իրան քնից և նրա համար թեյ պատրաստել. բացի դրանից, խանութի թեյը, ըստ վաղեմի սովորության, նրան ավելի ախորժելի էր:

Նրա թեյ խմելու միջոցին, թե՛ գործակատարները և թե աշկերտները, յուրաքանչյուրը յուր հատուկ տեղը բռնած ուներ: Աշկերտները, որսորդական փոքրիկ շների նման, խանութի դռանը կանգնած, հանգստություն չէին տալիս անցորդներին: «Այստեղ համեցե՜ք, պարոն, այստեղ համեցե՜ք, տիկին», աղաղակում էին և, ոմանց թևքիցը բռնելով, զոռով ներս էին տանում ու նետում էին գործակատարների ճանկը: Վերջինները, երդվելով և վաճառքների գերազանցությունը իրանց հատուկ լեզվով գովաբանելով, առաջ էին տանում իրանց գործը:

Օրը շաբաթ լինելով, «ղրստի» օր էր: Երկու դասակարգ սովորություն ունեին շաբաթ օրր իրանց ապառիկները հավաքելու` վաճառականները և մուրացկանները: Վերջինները խմբերով անցնում էին խանութների առջևից, և խղճալի ձայներով ողորմություն էին խնդրում: Սերգեյ Եգորիչը գթասիրտ մարդ էր: Նա ըստ յուր հին սովորության, մի ռուբլի (և ոչ ավելի) կանխապես մանրել էր ավել և հարյուր հատ կոպեկանոցներ դարձնելով, դիզել էր յուր մոտ, դազգահի վրա: Եվ ամեն անգամ, մի աղքատ անցնելիս, նա իր ձեռքով վեր էր առնում մի հատ կոպեկ, տալիս էր աշկերտին, որ հասցնե ըստ պատկանելույն: Այսպես, յուրաքանչյուր շաբաթ, հարյուր կոպեկներով թեթևացնում էր նա հարյուր թշվառների կարիքները:

Բայց պետք էր մտածել և յուր կարիքների մասին. «ղըստի» օր էր. ապառիկներ հավաքելու օր էր:

Նա նստած էր դրամարկղի մոտ և, յուր ամբողջ հոգով խորասուզվելով դավթարների մեջ, ուշադրությամբ նայում էր, թե ո՛վ ո՛րքան էր պարտական, և ումից ո՛րքան պետք էր ստանալ: (Նա հաշվապահի չէր հավատում, բոլոր հաշիվները ինքն էր պահում: ) Նրա քրքրված, յուղոտված ջհուդի դավթարների մեջ, բացի Սերգեյ Եդորիչից, եթե ինքը՝ ամենագետ սատանան, ևս ընկնելու լիներ, անպատճառ գլուխը կկոտրեր: Ոչինչ կարգ, ոչինչ կանոն չկար, բացի հաշիվների խառնափնթորությունից: (Խոսքը մեր մեջ մնա, նոր ձևով հաշվապահությունը բոլորովին անտանելի էր նրա համար: «Եթե հարկավոր լինի մի բան փոխել, մի բան դրստել, կամ մի թուղթ դուրս գջլել, այն ժամանակ ի՞նչ կանես», — մտածում էր նա: Նրա դավթարները մինչև անգամ երեսների թվահամարներ չունեին: ) Գրում էր նա վրաց խոշոր տառերով և վրաց լեզվով: Բայց երբեք վրաց լեզվով փող չէր համբարում, մտածելով, որ «բարաքաթ» չի ունենա, որովհետև վրացիք վատնող էին: Համբարում էր միաչն հայերեն և միշտ 13 թվին հասնելու ժամանակ երեսին խաչակնքում էր, որ չարը խափանվի: Գրելու ժամանակ զմելինն ավելի շատ գործ էր կատարում, քան թե փետուրյա գրիչը, որի գործածության սովորությունը դեռ պահպանել էր նա: Այդ էր պատճառը, որ նրա դավթարներում թերթ չկար, որ անդադար քերելուց մի քանի տեղ ծակված չլիներ:

Սերգեյ Եգորիչը ա՛յն խոշոր դրամատերերից մեկն էր, որ կարող էր, եթե ցանկանար, դուրս գալ յուր ողորմելի խանութից, և ավելի կանոնավոր ու ընդարձակ առևտրական ձեռնարկությունների մեջ մտնել: Բայց դրա համար պակասում էին նրան նույն ձեռնարկությունների պահանջած ընդարձակ հմտություններր: Բացի դրանից, նա կաշկանդված էր այն հին նախապաշարմունքով, թե «ինչ գնով որ հացի տեր ես դարձել, նույնը պետք է շարունակես»: Նրան դժվար էր բաժանվել յուր արշինից, ինչպես դժվար էր բաժանվել փետուրյա գրչից, թեև ամբողջ լուսավոր աշխարհը երկաթյա գրչով էր գրում:

Արտասահմանի հետ գործ չուներ նա և մանավանդ սաստիկ բարկանում էր, որ նրանք ռուսաց ռուբլին անխնա կերպով մկրատում են: Յուր վաճառքները ստանում էր Մոսկվայից և Ռուսաստանի այլևայլ քաղաքներից, թեև միշտ հավատացնում էր, որ «զագրանիցի» ապրանք է: Վաճառում էր ըստ մեծի մասին բրդեղեն և մետաքսյա գործվածքներ: Բանկային հիմնարկություններին չէր համակրում: «Դրանք դուրս գալուց հետո, ասում էր նա, հայքրիստոնյայի գործը խարաբ էլավ. քանի որ դրանք չկային, մենք փողը ավելի մեծ տոկոսներով շահով էինք տալիս»: Բայց Սերգեյ Եգորիչի տրտունջը բոլորովին անտեղի էր, գոնե իր վերաբերությամբ, որովհետև նա երդվել էր թե «ձեռքս կկտրեմ, բայց թումանը ամիսը երկու աբասուց պակաս չեմ տա» (40 տոկոսով): Երբեմն միայն փոքրինչ զիջումներ էր անում, երբ անշարժ կալվածքներ գրավ դնելով, նրանից փող էին առնում:

Առավոտից մինչև երեկո անբաժան էր խանութից: Մի շատ կարևոր գործ միայն կարող էր նրան դուրս կոչել իր դրամարկղի մոտից: Ամեն ինչ յուր ձեռքով էր կատարվում, ամեն ինչ յուր հսկողության ներքո էր, թեև ոչ մի խանութում այնքան գողություններ չէին լինում, որքան նրա խանութում:

Ճաշին տուն չէր գնում, այլ աշկերտներից մեկը տնից «բաժին» էր բերում: Նրանից ավելացածը ուտում էին աշկերտները, թեև ոչինչ չէր ավելանում: Տնից բերված ճաշը պետք է անպատճառ պարզ լիներ և սակավ: Հաց ու պանիր, երբեմն փոքրինչ ձըկնեղեն, մի տեսակ ջրալի կերակուր, փոքր ինչ կանաչեղեն, — այդքանը միայն: Գինու գործածության մեջ ավելի շռայլ էր. պետք է անպատճառ կես շիշ լիներ, այն ևս կարմիր: Խանութում «կատլետա», «ժարկո» և ուրիշ այս տեսակ եվրոպական կերակուրների գործածությունը անվայել էր համարում, որպես անվայել էր համարում «չանգալդանակով» ուտելը: Այստեղ ուտում էր մատներով, իսկ տանը արծաթյա «չանգալդան ակով»:

Իսկապես, Սերգեյ Եգորիչը սակավապետ մարդ էր: Նա յուր տանը սեղանի վրա՝ «կատլետը» և զանազան կերպով պատրաստված նուրբ «սուպերը» ուտում էր ոչ իբրև բնական պետք, այլ որպես սովորության ստիպողական պահանջ: Բարձր շրջաններին նմանվելու համար՝ պետք էր այնպես ուտել, նա էլ այնպես էր ուտում, ինչպես բարձր շրջաններին նմանվելու համար՝ պետք էր «ցիլինդր» կրել կամ օսլայած շապիկ հագնել, նա էլ հագնում էր: Թե՛ առաջինը, թե երկրորդը կատարում էր բոլորովին դժկամությամբ: Բայց մի մեղքից միշտ իրան ազատ պահեց, այն էր, որ երբեք ձեռնոցներ չկրեց և ֆրակ չհագավ: Հովանի գործ էր ածում միայն անձրևային օրերում, ձյունից և արեգակից չէր վախենում:

Իբրև գնահատիչ Սերգեյ Եգորիչի հատկությունների, ավելորդ չէր լինի հիշել մի դեպք: Թիֆլիսի ամառանոցներից մեկում կառուցանում էին նրա համար մի նոր շենք: (նա զանազան ամառանոներում տներ ուներ, որ վարձով էր տալիս: ) Գնացել էր նոր շենքը տեսնելու: Գործավորները մի ոչխար էին մորթել և «խաշլամա» էին արել: Նա նստեց բանվորների հետ կերավ յուր վաղուց չտեսած կերակուրը, իսկ ճաշը վերջանալուց հետո ասաց բանվորներին. — «քանի՜ տարի էր, որ այսպէս իշտահով հաց չէի կերել»:

Յուր խանութում ճաշելուց հետո` սովորություն ուներ փոքրինչ հանգստանալու: Ետևում, մի բոլորովին մթին խորշում կար դատարկ տեղ, ուր ածած էին խանութի ավելները, նավթի ամանը, ձեռքի լամպաները, սեղանի պարագայք և զանազան կոտրատված իրեղեններ, որ դժվար էր հասկանալ, թե ի՞նչ բանի պետք էին: Այդ փոշու և սարդի ոստայնի տակ ծածկված խառնափնթորության մեջ դրված էր մի հասարակ սեղան անգույն փայտից, իսկ նրա մոտ՝ մի տախտակ, որ երկար նստարանի ձև ուներ: Սերգեյ Եգորիչի տանից ստացված ճաշը դրած էր՝ առանց սփռոցի, մերկ սեղանի վրա: Բոլորովին հոգնած յուր շաբաթ օրվա պարապմունքներից, և մանավանդ շատ խոսելուց և շատ երդվելուց, ներս մտավ նա, բազմեցավ սեղանի մոտ, նստարանի վրա: Չնայելով որ ցերեկ էր, բայց այդ խորշում սաստիկ մութն էր: Աշկերտներից մեկը վառեց լամպան, դրեց նրա մոտ և ինքը հեռացավ: Նա սկսեց ուտել: Ուտում էր և, միևնույն ժամանակ, գրպանի թաշկինակով երբեմն բերանն էր սրբում, երբեմն քիթը և երբեմն աչքերը: Սխալմամբ ձկան հետ այնքան մանանեխ խառնեց, որ սաստիկ կծու դարձավ, բայց դարձյալ ուտում էր և աչքերի արտասուքը սրբում էր: Ուտում էր, որովհետև փող էր տված:

Երբ ճաշը վերջացավ, աշկերտը դարձյալ ներս մտավ, հավաքեց լիզած դանակները և մի կողմ դրեց, ձեռքով սրբելով սեղանի հրեսը և ոսկորները թափելով հատակի վրա, որ հետո ավելե: Այնուհետև սկսեց հարդարել յուր պարոնի անկողինը: Նույն տախտակի վրա, ուր նստում էր նա, տարածեց մի թոփ մահուդ, մի թոփ էլ բարձի փոխարեն դրեց գլխի տակին, և Սերգեյ Եգորիչը ձգվեցավ: Հետո խանութում վաճառվող բրդեղեն գործվածքներից մեկը իբրև վերմակ քաշեց նրա վրա և, լամպան հանգցնելով, դուրս գնաց: Սերգեյ Եգորիչը, որպես մի դատապարտյալ, սկսեց խռմփալ յուր խոնավ ու մթին նկուղի մեջ: Իսկ տանը, ի ցույց մարդկանց, դրված էին կարմիր ատլասով պատած դիվաններ և փափուկ մահճակալներ, մետաքսյա շքեղ վերմակներով...

Շաբաթ օրվա զբաղմունքները թույլ չտվին նրան երկար հանգստանալ: Աչքերը կարմրած, գլուխը բաց, կոճանները արձակ, միայն ներքին հագուստով, դուրս եկավ յուր որջից, և բազմության առջև, պպզեց խանութի դռան մոտ, սալահատակի վրա: Այդ միջոցին աշկերտներից մեկը սկսեց ջուր ածել նրա ձեռքերի վրա լվացվելու: (Ջուր ածելու ամանը անպատճառ պետք է խեցեղեն լիներ — «խելադա», — նրանով համ երեսն էր լվանում, համ ծարաված ժամանակ ջուր էր խմում: )

Լվացվելուց հետո հագնվեցավ, դարձյալ նստեց դազգահի ետևում, դրամարկղի մոտ, որ նրա սրբություն սրբությանցն էր ներկայացնում: Եվ իրավ, Սերգեյ Եգորիչը, իբրև հին վաճառական, դեռ պահպանել էր վաղեմի սովորութլոլնր՝ կրոնական արարողությունը խառնել խաբեության գործի հետ և յուր խանութին մի սրբարանի ձև տալ: Շաբաթ օրվա պատճառով, երեկոյան նրա խանութը ծխում էր խունկի և կնտրուկի հոտով: Մի անկյունում քաշ արած աստվածածնի պատկերը, որի փոքրիկ երեսը հազիվ երևում էր ոսկեզօծշրջանակի միջից, լուսավորված էր մի զույգ ճերմակ մոմով:

Գիշերը՝ նրա խանութը միակն էր, որ բոլորից ուշ փակվեցավ: Սերգեյ Եգորիչը յուր ձեռքով կողպեց, կնքեց, բանալին դրեց գրպանը և այնտեղից ուղիղ գնաց կլուբը:

Ե

ԱղաՊարոնովի րնդարձակ խանութին կից էր մի փոքրիկ կրպակ, որ յուր վրա էր դարձրել ամբողջ քարվանսարայի ուշադրությունը: Մինչդեռ բոլոր խանութներում կպցրած էին զանազան իմաստներով հայտագրեր «Без запроса», «Без торгу.», «В кредит

никому» հիսուն կոպեկ արժեք ունեցող առարկան մի ռուբլի գնահատելու, վերջը, երկար բազար անելուց հետո, պակասացնում էին, — ընդհակառակն, հիշյալ կրպակը, ներկայացնում էր մի տարօրինակ երևույթ: Առաջին անգամ, երբ բացվեցավ նա, նրա ճակատին խոշոր սև տառերով կարդացվեցավ մի այսպիսի հայտագիր. «Без օбмана» (առանց խաբեության): Մինչև այնօր օրինակը չտեսնված հայտագրի բովանդակությունը գրգռեց մյուս վաճառականների, մանավանդ ԱղաՊարոնովի, բարկությունը, իսկ հաճախորդների՝ հետաքրքրությունը: Ամեն ոք ցանկանում էր այնտեղ մտնել, գոնե փորձելու համար, արդյոք կարո՞ղ է լինել մի վաճառական, որ չխաբեր: Դա, իհարկե, մի ծաղր էր կրպակատիրոջ կողմից, և նա շուտով վեր առեց յուր չարագուշակ հայտագիրը:

Նրան կոչում էին Ռուբեն Արուսյան, մի նրբակազմ երիտասարդ, թեթև սև մորուքով և նույնպես սև, գանգուր մազերով: Բոլորովին նիհար և գունաթափ դեմքը յուր խոշոր, մելամաղձոտ աչքերով մի առանձին մշտահոգ արտահայտություն էին տալիս նրա թափանցող հայացքին: Յուր խանութում ավելի ուրիշ գործերով էր զբաղված նա, քան թե առևտրով: Խանութը փոքր էր, և վաճառքների քանակությունը սակավ, միայն բազմատեսակ: Առևտուրը անում էին երկու գործակատարները: Մինչդեռ մյուս վաճառականների աշկերտները, խանութների դռանը կանգնած, անցորդներին հանգստություն չէին տալիս և ուժով ներս էին քաշում, այստեղ, ընդհակառակն, ամեն ոք յուր տեղում նստած, այն ժամանակ միայն վեր էին կենում, երբ գնողը ներս էր մտնում: Երդում կամ գովասանքներ չկային: Երբեմն մեծ դժվարությամբ արտասանվում էին այդ խոսքերը միայն. «եթե տանեք, պարոն, գոհ կմնաք»:

Պարոն Արուսյանը բնիկ թիֆլիսեցի չէր: Բոլորովին աղքատ ծնողների զավակ, պատանեկության հասակում եկավ նա գավառական մի փոքրիկ քաղաքից որևէ պարապմունք գտնելու: Յուր ծանոթներից մեկի միջնորդությամբ մտավ մի եվրոպացի վաճառականի մոտ, ուր սովորեց ֆրանսերեն և բավական վարժվեցավ առևտրական ձեռնարկությունների մեջ: Հետո նույն վաճառականի գործերով քանիցս անգամ ուղևորվեցավ դեպի արտասահման, տեսավ Փարիզը, Մարսելը, եղավ Լոնդոնում, Մանչեստրում և ծանոթացավ զանազան եվրոպական առևտրական քաղաքների հետ:

Նա ոչ մի դպրոցում կանոնավոր ուսում չէր ստացել: Բայց ինքնակրթությամբ այն աստիճան զարգացած էր, որ մի քանի լեզուներով ոչ միայն վարժ խոսում էր, այլև գրում էր ու կարդում էր: Ֆրանսիացու գործերի մեջ մի չափավոր դրամագլուխ ձեռք բերելով, սկսեց յուր համար անկախ վաճառականություն անել:

Նրա փոքրիկ խանութը կից էր ԱղաՊարոնովի բազմահարուստ խանութին, որ բաղկացած էր մի քանի բաժանմունքներից, և յուրաքանչյուրը լի էր զանազան տեսակ վաճառքներով: Շատ հասկանալի է, որ պարոն Արուսյանը յուր նվազ միջոցներով չէր կարող զգալի մրցություն անել ԱղաՊարոնովի հետ, բայց, այնուամենայնիվ, երիտասարդ վաճառականի դրացիությունը բոլորովին անտանելի էր դարձել մեր Կրեսոսին: Նա մի քանի անգամ ակնարկել էր քարվանսարայի տիրոջր, որ, կամ միանգամայն արտաքսե նրան, կամ հեռացնե, և յուր շենքի մի այլ կողմում խանութ տա: Բայց շենքի տերը միշտ միևնույն զգուշավոր պատասխանն էր տալիս, թե «չարժե նրա հետ ընկնել, կլյաուզնի մարդ է, կգնա կազեթներում, ո՛վ գիտե, ի՛նչ կգրե»... Կազեթից երկուսն լ վախենում էին:

Պարոն Արուսյանը, իրավ է, ծանոթ էր հայոց թերթերի խմբագիրների հետ և երբեմն վաճառականների կյանքից հոդվածներ կամ փոքրիկ պատկերներ էր տալիս, բայց նա ամենևին «կլյաուզնի» մարդ չէր, այլ ընդհակառակն, շատ ազնիվ երիտասարդ էր: Բայց ի՞նչ արած, որ ԱղաՊարոնովի աչքի փուշն էր դարձել: Նրա դրացությունը վնասակար էր համարում ԱղաՊարոնովը մի քանի պատճառներով. նախ՝ մտածում էր, որ յուր աշկերտներն ու գործակատարները լրբանում են, երես են առնում, երբ տեսնում են, որ նա յուր գործակատարների հետ խիստ քաղաքավարի կերպով է վարվում, իսկ ինքը չէ կարողանում ոչ ծեծել և ոչ հայհոյել իրաններին: Բացի դրանից, նրա խանութի կարգերը, սովորություններն անգամ, բարկացնում էին նրան, որովհետև ԱղաՊարոնովի կարծիքով, «դուզ խոսքի ոտը կոտրած է լինում, շատ առաջ չէ գնում», իսկ առանց ստախոսության, առանց երդման, անկարելի է առևտուր անել:

Следующая страница