Րաֆֆի՝   Մինն այսպես, մյուսն այնպես

Այդ ոչինչ, մենք Հայրապետի հետ կկռվինք, դարձյալ շուտով կբարիշենք, — ասաց օրիորդը, տեղից վեր կենալով և մոտենալով իրան: — Հայրապետը լավ տղա է, հիմա կգնա հաց էլ կբերե, հոլանդական պանիր էլ կբերե, չի մոռանա և ծխախոտի մասին: Թույլ տո՛ւր, բաժակները ես կմաքրեմ, իսկ դու գնա, սիրելի Հայրապետ:

Չնայելով Հայրապետի սաստիկ հակակրությանը դեպի օտարոտի օրիորդը, որ նրան բոլորովին անտանելի էր, ընդհակառակն, այս անգամ բավական շողոքորթեցին նրան «լավ տղա» և «սիրելի» բառերը, և նա չայդանը սամովարին դնելուց հետո իսկույն վազեց դեպի փողոցը պահանջած ուտեստները գնելու համար, մանավանդ նա գիտեր, որ այն երեկո սպասում էին և ուրիշ հյուրերի:

Ծառայի հեռանալուց հետո օրիորդը մաքրեց բաժակները, և առանց սպասելու, որ թեյը յուր գույնը բոլորովին դուրս տար, մի բաժակ ածեց յուր համար, մյուսը՝պարոն Արուսյանի համար և, դնելով նրա գրասեղանի վրա, ինքն ևս նստեց նրա մոտ, ասելով.

Այժմ խոսենք, ուրիշ ի՞նչ ունեիր հարցնելու: Միայն կարճ կտրիր, որովհետև ես ժամանակ չունեմ երկար սպասելու:

Ահա ի՛նչ ունեի հարցնելու, — պատասխանեց երիտասարդը, ուրախ դեմք ընդունելով: — Առաջիկա շաբաթ երեկո հավաքվում եք ինձ մոտ՝ կարդալու պարոն Սիրաքի նոր վեպը: Դա արդեն վճռված է: Թե ովքե՞ր պետք է հավաքվեն, բոլորի անունները հայտնեցիր ինձ: Բայց մեկը մնաց ինձ համար անհայտ, արդյոք «նա» էլ լինելո՞ւ է:

Օրիորդը զարմացած կերպով նայեց երիտասարդի երեսին և փոքրինչ մտածելուց հետո պատասխանեց.

Ինչո՞ւ չէ, եթե ցանկանում ես, նրան էլ կբերենք մեզ հետ:

Ցանկանում եմ, Վարդուհի, իմ բոլոր բաղձանքներով ցանկանում եմ: Երիտասարդի անակնկալ ոգևորությունը նոր զարմանք պաաճառեց օրիորդին: Նկատելով, որ խոսակցությունը մի բավական լուրջ առարկայի էր վերաբերում, նա շտապով դատարկեց թեյի բաժակը և, մատով թափ տալով պապիրոսի ծայրին երկարացած մոխիրը Հայրապետի մեծ ջանքերով մաքրած հատակի վրա, սկսեց ագահությամբ ծխեր: Նա ծխում էր և անդադար թափ էր տալիս մոխիրը երբեմն հատակի վրա, երբեմն գրասեղանի վրա ածած թղթերի վրա, բոլորովին մոռանալով մոխրամանը, որ յուր մոտ դրած էր:

Ինչո՛ւ այդպես շփոթվեցար, Վարդուհի, — ծիծաղելով հարցրեց երիտասարդը:

Ասա՛ խնդրեմ, Ռուբեն, — հարցրեց նա վրդովված ձայնով, — ի՞նչ ես գտել այդ դատարկ, թեթևամիտ օրիորդի մեջ, որ նրան մոռանալ չես կարողանում:

Ուղիղն ասած, ես իննքս դեռևս չգիտեմ, թե ինչ եմ գտել նրա մեջ: Բայց նրանում կա մի բան, մի անբացատրելի, սքանչացնող բան, որ ինձ հանգստություն չէ տալիս:

Խոսակցությունը օրիորդ ԱղաՊարոնովի մասին էր:

Ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան, — շարունակեց երիտասարդը ավելի ոգևորությամբ, — ամեն անգամ, երբ անցնում է նա իմ պատշգամբի վրայով և, մի կողմնակի հայացք ձգելով դեպի իմ սենյակի լուսամուտը, գնում է յուր մորաքրոջը տեսնելու, կարծես իմ սիրտը յուր հետն է տանում:

Պարոն Արուսյանի բնակարանին կից սենյակներում յուր միակ դստեր հետ ապրում էր մի այրի կին, որը ԱղաՊարոնովի կնոջ քույրն էր: Իր երկու սենյակները պարոն Արուսյանը վարձել էր նրանից, որովհետև նրանց համար ավելորդ էին: Այդ այրին ամբողջ քաղաքում հայտնի էր թե՛ յուր ագահությամբ և թե յուր ժլատությամբ: Պարոն Արուսյանի ամսական 25 ռուբլի վճարր այնքան մեծ վարձ էր երկու փոքրիկ սենյակի համար, որ նա միշտ դողում էր յուր բնակչի վրա, մի գուցե կորցնե նրան: Իսկ պարոն Արուսյանը յուր կողմից միշտ պատրաստ էր գոհացնել իր տան տիկնոջր, որովհետև այդ բնակարանը նրան թե՛ դյուրություն և թե մի առանձին հաճություն էր պատճառում, երբ ամեն անգամ օրիորդ Անիչկան՝ ԱղաՊարոնովի դուստրը, նրա լուսամուտների առջևից անցնելով, գնում էր յուր մորաքրոջը կամ մորաքրոջ աղջկան տեսնելու: Օրիորդ Վարդուհին, ծխելով ձեռքի պապիրոսը, կամեցավ երկրորդը վառել, բայց թղթակապոցի մեջ պապիրոս չէր մնացել: Պարոն Արուսյանը բաց անելով գրասեղանի արկղիկը, դուրս բերավ մի թանկագին սիգար և աոաջարկեց նրան: Բայց նա հրաժարվեցավ, ասելով, որ գլուխը կցավացնե: Պ. Արուսյանը ինքը վառեց սիգարը:

Գիտե՞ս, Ռուբեն, — խոսեց օրիորդը յուր բնավորությանը բոլորովին հակառակ ծանրությամբ, — քո այդ ոգևորությունը, երիտասարդական այն դյուրաբորբոք, բայց թռուցիկ հրապույրներից մեկն է, որ մեզանից ամեն մեկին պատահել է: Բայց պատահել է այն ժամանակ, երբ մենք տասնյոթ կամ տասնութ տարեկան էինք, և մեր սրտի ու ուղեղի մեջ ոչինչ ներդաշնակություն չկար: Իսկ այժմ քո տարիքը բարձր են այդ թվերից...

Իզուր ես այդպես մտածում, Վարդուհի, — պատասխանեց պարոն Արուսյանը վշտացած ձայնով: — Իզուր ես կարծում, որ ես անձնատուր եղած լինեի ցնորամիտ հրապույրների: Օրիորդ Անիչկան, իրավ է, այժմ դատարկ և մինչև անգամ թեթևամիտ աղջիկ է, բայց հմուտ ձեռքի տակ կարող է ամենապատվական կին դառնալ: Ես նրան համարում եմ մի ընդունակ, բայց անմշակ նյութ, որից կարելի է ամենագեղեցիկ բան պատրաստել:

Լավ, ի՞նչն է ստիպում քեզ խակ տանձը առնել, այն հուսով, որ հարդի մեջ դնելով, կհասունանա:

Հենց այդ գործողությունը, հենց այդ փորձը: Դա ինձ մեծ բավականություն կպատճառե, որ զբաղված կլինիմ նրա կրթությունով:

Դու միթե մոռացե՛լ ես, Ռուբեն, որ այդ փորձը մենք արեցինք, բայց, ոչինչ դուրս չեկավ: Տվեցինք նրան զանազան գրքեր կարդալու, փոքր առ փոքր մտցրինք «մեր շրջանի» մեջ, բայց բոլորը անցավ ապարդյուն:

Օրիորդի հիշած «շրջանը« ոչ այլ ինչ էր, բայց միայն բարեկամուհիների մի փոքրիկ խումբ, որ զբաղված էին թարգմանություններով, երբեմն գրականական երեկոներ էին ունենում, ուր կարդում էին իրանց թարգմանությունները կամ ինքնուրույն գրվածքները:

Զեր շրջանը չէր կարող այն ազդեցությունը գործել նրա վրա, ինչ որ կարող եմ ես ունենալ, — պատասխանեց պարոն Արուսյանը: — Խնղիրը բոլորովին այլ է, երբ աշակերտը սիրում է ոչ թե ուսանելի առարկան, այլ ուսուցչին: Ուսուցչին սիրելով, նա կսկսեուիր դասը լավ սովորել, որպեսզի չվշտացնե նրան:

Դու կարծո՞ւմ ես, որ նա սիրում է քեզ:

Դրանում ոչինչ տարակույս չունիմ:

Եվ հավատո՞ւմ ես նրա սերին:

Բոլորովին:

Օրիորդը սկսեց ծիծաղել:

Ո՞ւմը չէ սիրել նա: Գուցե հենց այժմ, բացի քեղանից, մի քանիսին ևս սիրում է:

Նրա այդ իսկ թուլությունից պետք է օգուտ քաղել: Թե ո՞մն է սիրել նա, կամ այժմ, բացի ինձանից, ուրիշ ո՞վքեր են սիրում, ինձ անհայտ է: Բայց այդքանը գիտեմ, որին որ սիրելու լինի, անպատճառ անկեղծությամբ կսիրե:

Րոպեական անկեղծությամբ: Այն որ կոչվում է վայրկենական ինքնամոռացություն, կամ, ավելի ճիշտ, անցողական տարփանք:

Ինչպես կամենում ես՝ համարիր:

Օրիորդը դարձյալ սկսեց ծիծաղել:

Իսկ դու սիրո՞ւմ ես նրան:

Չեմ կարող ասել, թե սիրում եմ: Բայց այսքանը հաստատ է, որ զգում եմ դեպի նա մի տեսակ խորին կարեկցություն, որը զգում է մարդ, երբ տեսնում է մի թշվառական, որ կարոտ էր օգնության:

Գիտե՞ս, Ռուբեն, — նկատեց Վարդուհին ավելի լուրջ կերպով, — քո վարմունքը, եթե մի այլ անուն չտամ, կատարյալ դոնքիշոտություն է և վտանգավոր դոնքիշոտություն: Ի՞նչ միտք ունի յուր ամբողջ ապագան, յուր ամբողջ բախտը դնել մի փչացած աղջկա վրա և բոլորովին երիտասարդական հույսերով սպասել, թե նրանից կարելի է օրինավոր կին դարձնել:

Նա փչացած չէ, Վարդուհի, նա փշացած ընտանիքի դժբախտ արդյունք է: Այն ընտանիքի, որ դեռ ասիական ցեխի մեջ թավալվելով, ձգտում է ոչ միայն իբրև եվրոպացի ներկայանալ, այլևս որպես արիստոկրատ ձևանալ: Նա ոչ հայոց նահապետական ընտանիքի անմեղ դուստր է և ոչ ուսյալ ընտանիքի բարեկիրթ զավակ: Այն նոր խմորված և դեռ չպարզված գինու մրուր է: Ինչ որ կատարվումէ բնության մեջ, նույնը և կատարվում է մարդկային հասարակությունների մեջ, Վարդուհի: Մրրիկները, փոթորիկները, օղի խառնակությունները ըստ մեծի մասին տեղի են ունենում տարվա եղանակների փոփոխության միջոցներում: Մեր հասարակությունը մի այնպիսի փոխանցական դրության մեջ է, — ասիականից դեպի եվրոպականը: Եվ հենց այդ միջոցում տեղի են ունենում բարքերի ապականություններ, մանավանդ երբ փոխանցումը հաջորդաբար և կանոնավոր կերպով չի կատարվում, այլ հանկարծ, շուտափույթ թռիչքներով...

Թողնենք այդ փիլիսոփայությունները, — անհամբեր կերպով ընդհատեց օրիորդը, — դու բոլորովին վճռե՞լ ես, ինչ որ խոսում ես:

Բոլորովին: Ոչինչ չէ կարող խախտել իմ կամքը:

Շատ կսխալվիս:

Ինչո՞ւ, Վարդուհի: Եթե իմ նպատակին ևս չհասնեմ, դարձյալ մի բարի գործ կատարած կլինեմ: Նա մի զոհ է և թշվառ զոհ յուր անպիտան ծնողների ձեռքում: Նրա մեջ կան լավ ընդունակություններ և ազնիվ հակումներ: Նրան դեռ կարելի է ուղղել: Պետք է ազատել այդ զոհը: Դու իմ վարմունքը կամենում ես դոնքիշոտություն համարիր, կամենում ես մի արկածախնդիր ասպետի ցնորամիտ ձեռնարկություն համարիր, միևնույն է ինձ համար, բայց պետք է ազատել նրան:

Դու կարծում ես հե՞շտ է նրան խլել ծնողների ձեռքից: Ծնողները մտածում են, կա՛մ մի իշխան, թեկուզ աղքատ լիներ, կա՛ մ մի բարձր աստիճանավոր, ի՛նչ ազգից որ լիներ, և կամ մի բժիշկ փեսա ունենալ: Իսկ դու դրանցից և ոչ մեկը չես:

Ծնողներր ինչ որ մտածում են, թող դարձյալ իրանց մտածությունների մեջ մնան: Ինձ հարկավոր էր ստանալ միայն օրիորդի կամքը, և ես ստացել եմ արդեն:

Ճշմարի՞տ ես ասում:

Ես քեզանից մինչև այսօր ոչինչ չեմ թաքցրել, Վարդուհի, և մանավանդ այդ դեպքում ամենևին առիթ չունիմ ծածկամիտ լինելու:

Նա լինո՞ւմ է քեզ մոտ:

Լինում է: Մի անգամ անցավ իմ լուսամուտների առջևից, իբր թե գնում էր յուր մորաքրոջը և նրա աղջկան տեսնելու, մի այնպիսի ժամանակ, երբ ինքը շատ լավ գիտեր, որ նրանք տանը չեն: Լուսամուտները բաց էին, ես միայնակ նստած, ծխում էի և նայում էի դեպի դուրսը: Հայրապետը տանը չէր: Նա անցավ և ինձ տեսնելով, թեթև կերպով գլուխ տվեց ու ժպտաց: Մի քանի րոպեից հետո կրկին վերադարձավ և, կանգնելով լուսամուտի հանդեպ, հարցրեց, թե ո՞ւր է գնացել յուր մորաքույրը, որ դոները փակ են: Ես չգիտեի, թե ուր էր գնացել, բայց հանաքով ասացի, երևի շուտով կվերադառնա, եթե օրիորդը ցանկանում է մի փոքր սպասել նրան, ինքը շատ ուրախ կլինի, եթե կմտնե յուր մոտ: Նա ներս մտավ...

Այդ միջոցին ներս մտավ Հայրապետը, ծանրաբեռնված յուր գնած մթերքներով և ընդհատեց հետաքրքիր պատմությունը:

Ցտեսություն, — ասաց թախծալի ձայնով Վարդուհին և դուրս եկավ երիտասարդի սենյակից:

Օրիորդի տխրությունը զարմացրեց բարեսիրտ Հայրապետին, որը ապշած կերպով երկար նայում էր նրա ետևից և երևակայել անգամ չէր կարող, որ նա իր բերած ուտեստների վրա ուշադրություն չի դարձնի, մանավանդ որ ինքն էր պատվիրել:

Պարոն Արուսյանը նույնպես զգացվեցավ...

Միևնույն շաբաթ օրվա երեկոյան պահուն, երբ պարոն Արուսյանը և ԱղաՊարոնովը, միասին դուրս գալով քարվանսարայից, իսկույն բաժանվեցան միմյանցից, և երբ առաջինը ուղղակի դիմեց դեպի իր բնակարանը, ուր ինչո՞վ էր զբաղված, մեզ հայտնի է, վերջինը, ԱղաՊարոնովը, ընդհակառակն, գնաց զբոսնելու:

Երեկոն զով էր և լուսնային: Գալավինսկի պրոսպեկտը լցված էր խուռն, խայտաճամուկ բազմությամբ: Ոմանք ցիլինդրներով, ոմանք ֆուրաշկաներով, ոմանք փափախներով, ոմանք բաշլիկներով, ոմանք չալմաներով, ոմանք ֆեսերով, մի խոսքով որքան գլուխներ` այնքան և գլխարկներ, — մի բազմատարազ և բազմալեզու խառնուրդ, որ ներկայացնում էր կիսաասիական և կիսաեվրոպական քաղաքի գույնզգույն հասարակությունը:

Անասունների հասարակությունն ևս նույն բազմասեռ խառնուրդն էր ներկայացնում: Մրգավաճառների իշաները ամեն անգամ համառությամբ կտրում էին ճանապարհը: Ածխավաճառների ջորիները, առանց աջ ու ձախ նայելու, տրտինկ տալով, վազում էին դեպի իրանց գիշերային իջևանը: Դրանց թվում, փալանը ուսին, գլուխները քաշ գցած, գործից վերադառնում էին Հայաստանի հոգնած մշակները, որովհետև նրանց թույլ չէին տալիս բուլվարներով անցնել և իրանց հնամաշ փոշեպատ հագուստներով քսվել մաքուր հասարակության: Կարճահասակ թարաքաման, ահագին մոթալ փափախը գլխին, ետևից քաշ էր տալիս ուղտերի քարավանը: Անասունների դահիճ սայլապանը ձեռքի երկար վարոցով անխնա և առանց պատճառի գանակոծէլով լծած գոմեշներին և անդադար նրանց «հավատն» ու «հոգին» հայհոյելով, քշում էր իր ճռնչող սայլակը: Այդ հնադարյան սայլակների միջով անցնում էին սրարշավ կառքերը, կամ, սիգապանծ նժույգների վրա նստած, վերադառնում էին «Մուշտայիդի» զբոսանքից անվեհեր ամազոնուհիք և, շրջապատված երիտասարդ հեծյալներով, փոթորկի նման սլանում էին ընդարձակ փողոցով:

Բուլվարների վրա անցուդարձը անտանելի էր: Տղամարդիկ ու կանայք անդադար ընդհարվում էին, և միմյանց կողքը լավ տրորելուց հետո մխիթարում էին միմյանց «виноват» կամ «пардон» բացականչություններով: Շատերը ամենևին ներողություն չէին խնդրում: Նրանց ետևից լսվում էր «ишак»բացականչությունը: Մի քանի անգամ ԱղաՊարոնովի ականջներին զարկեց այդ խոսքը, բայց նա իրան խլության տվեց:

Նրան հանդիպեց կինը, աղջիկը, փոքրիկ երեխան, որ բռնել էր աղախնի ձեռքից և վերադառնում էին Ալեքսանդրյան այգիից:

Դո՞ւ ես, Մաշո, — հարցրեց կնոջից վրացերեն լեզվով: — Ո՞ւր եք գնում:

Տուն, — պատասխանեց կինը նույն լեզվովՇատ ման եկանք, բոլորովին հոգնեցանք:

Դե, գնացեք:

Նրանք, որպես օտար մարդիկ, բաժանվեցան միմյանցից: Սերգեյ Եգորիչը մինչև անգամ ուշադրություն չդարձրեց օրիորդ Անիչկայի վրա, որ այն երեկո դուրս էր եկել բոլորովին այլատարազ հագուստով: Աշխատեց շուտով ազատվիլ նրանցից: Նա յուր ընտանիքի հետ ման գալ չէր սիրում և բարկանում էր, երբ նրանք ուրիշների հետ էին ման գալիս:

Մայրը այն օր դուրս էր բերել օրիորդ Անիչկային փոքրռուսական հագուստով, որ այդ ժամանակ մի նորություն էր հայ վաճառականների շրջանում: Ռուսները հագցնում էին իրանց աղջիկներին պատրիոտի զգացմունքից դրդված, իսկ հայերը հագցրնում էին՝ նրանց նմանելու համար: Գուցե հիշյալ նկրտումները բոլորովին հայտնի չէին օրիորդ Անիչկայի նորասեր մորը, բայց, այնուամենայնիվ, այդ գույնզգույն և խայտաբղետ հագուստը, պետք է ասած, խիստ սազ էր գալիս օրիորդին: Նրա բարձր, նուրբ իրանը, այն պարզ և նախնական հագուստի մեջ, պատկերանում էր յուր վայելչագեղ կազմվածքի բոլոր հրապուրանքով: Այդ սլավոնական տարազը միայն երկու կտորից էր բաղկացած. նախշուն կապույտ և կարմիր թելերով ասեղնագործած պարեգոտից, որ իջնում էր մինչև ոտները, և նույնպես նախշուն երկար գոգնոցից, որ բռնել էր նրա առաջը: Մետաքսյա կարմիր գոտին գեղեցիկ հանգույցներով սեղմել էր մեջքը և յուր ծոպավոր ծայրերով քաշ էր ընկած կողքից: Գլխին, ընդհակառակն, դրած ուներ եվրոպական հարդից գլխարկ, մուգ գույնով, որի տակից հարուստ գիսակների միակ հյուսը, կապած ծիրանի և երկնագույն ժապավեններով, իջել էր թիկունքի վրա: Ուսերը սքողած թափանցիկ շղարշով, կիսով չափ բաց էին: Պարանոցը զարդարած էր մի քանի շարք խոշոր մարջաններով, որ հանգչում էին նույնպես կիսամերկ կուրծքի վրա: Այդ կարմիր հուլունքները, մարմարիոնի նման սպիտակ մարմնի վրա, խիստ հրապուրիչ տեսք էին ստացել: Պարեգոտի լայն, բայց կարճ թևքերի միջից երևան էին գալիս հոլանի բազուկները, որ, ապարանջանների փոխարեն, նույնպես զարդարված էին կարմիր հուլունքներով:

Նա լուռ գնում էր առչևից, և անդադար մի առանձին ուշադրությամբ նայում էր դեպի յուր ետևը, տեսնելու, արդյոք մայրը հետևում է իրան: Մայրը հետևում էր և, միևնույն ժամանակ, հիանում էր նրանով:

Մոր ետևից գալիս էր հաստաթշիկ և հաստաբազուկ ռուս աղախինը, որ նույնպես փոքրռուսական հագուստ ուներ: Լիքը պարանոցը զարդարված էր կեղծ մարգարիտներով, իսկ գլխի մոխրագույն մազերր հավաքել էր բացկապտագույն թաշկինակի մեջ: Նա ուժեղ ձեռքով քարշ էր տալիս Անիչկայի փոքրիկ եղբորը, որ ամեն րոպե համառությամբ կանգ էր առնում և նայում էր դեպի յուր շուրջը: Հայտնի չէ, թե ի՞նչ նպատակով այդ խեղճ երեխային փաթաթել էին մի այնպիսի այլանդակ հագուստի մեջ, որ ռուս կառապաններն էին միայն հագնում:

Նրանք գնում էին և երբեմն կանգ էին առնում, որովհետև ճանապարհին հանդիպած ծանոթների հետ պետք էր մի բան խոսել, մի բան ասել:

Կառքով անցնում էր բժիշկ Դաբաղյանը: Նրան կանչել էին մի մահամերձ հիվանդի օգնելու: Տեսնելով ԱղաՊարոնովներին, մոռացավ հիվանդին, կանգնեցրեց կառքը և ցած վազեց: Անիչկայի քնքուշ դեմքի վրա նշմարվեցան տհաճության խոժոռներ: Նա մոտեցավ և, շտապով մի քանի խոսք ասելով մորը, իսկույն դարձավ դեպի օրիորդը.

Այդ հագուստի մեջ դուք այնքան նազելի ե, Աննա Սերգեևնա, որ ես չկարողացա լոկ հարևանցի նայվածքով բավականանալ,. կամեցա ավելի մոտից նայել ձեզ վրա և հիանալ:

Բժշկի ջրալի հաճոյախոսությունը ավելի տհաճություն պատճառեց օրիորդին:

Ո՞ւր էիք գնում, — հարցրեց սառնությամբ, իբր թե չլսեց նրա խոսքերը:

Ինձ կանչեցին մի հիվանդի մոտ. խեղճը անհուսալի դրության մեջ է:

Եվ դուք այդպես ուշանո՞ւմ եք:

Միևնույն է: Իմ օգնությունը հազիվ կազատե նրան:

Ես էլ այդպես համոզված եմ..., — ասաց օրիորդը ծիծաղելով և երեսը շուռ տվեց:

Պարոն Դաբաղյանը այն ժամանակ միայն հասկացավ օրիորդի կծու ակնարկությունը, երբ նա կրկին նկատեց.

Ձեր կառքը հետևում է ձեզ, պարոն Դաբաղյան:

Ես կցանկանայի մի փոքր երկար ճանապարհ դնել ձեզ:

Այդ միջոցին, օրորվելով և ահագին հովանին գետնից քաշ տալով, նրանց դեմ ու դեմ գալիս էր Օրիորդ «Ցտեսությունը»: Նա կաղ չէր, բայց ման գալու ժամանակ այնպիսի տպավորություն էր գործում, կարծես երկու ոտից ևս կաղ լիներ: Նա գալիս էր պարոն Արուսյանի մոտից և ուրախ, մշտածիծաղ դեմքը այժմ ավելի մռայլված էր, քան թե առաջ: Տեսնելով օրիորդ ԱղաՊարոնովին, անփույթ կերպով մոտեցավ և ձեռքիցը բռնելով ասաց.

Անցնենք մի փոքր առաջ: Պարոն բժիշկը չի բարկանա, եթե նրան մի քանի րոպե միայնակ թողնես:

Պարոն բժիշկը մնաց խիստ հիմար դրության մեջ, երբ օրիորդը նրան թողնելով հեռացավ: Նա դարձավ դեպի մայրը.

Ցավում եմ, Մարիա Սեիգեևնա, որ ես չպիտի կարողանամ երկար վայելել ձեր ընկերությունը: Բժշկի պարտավորությունը ձեզ հայտնի է...

Հա՛, ասացիք, որ մի հիվանդի մոտ եք շտապում, — պատասխանեց տիկինը, ուրիշ խոսք չգտնելով:

Նա սեղմեց տիկնոջ ձեռքը և նստավ կառքը:

Մայրը այժմ միայն նկատեց, որ յուր Անիչկան չկար: Նա անցել էր բավական առաջ և բազմության միջից էր երևում:

Օրիորդ «Ցտեսությունը» և օրիորդ ԱղաՊարոնովը մի ժամանակ դասընկերներ էին և համարյա մանկությունից ճանաչում էին միմյանց: Ավարտելուց հետո՝ դպրոցական հավասարությունը, որ կապում էր նրանց, կորավ, և մեկի հարստությունը, մյուսի աղքատությունը բաժանեցին երկու ընկերուհիներին: Վերջին տարիներում կրկին մոտեցան նրանք, և չնայելով, որ օրիորդ «Ցտեսությունը» միշտ սովորություն ուներ խիստ դառն կերպով ծաղրել Անիչկայի ազնվապետական հակումները, այնուամենայնիվ, վերջինս ճանաչում էր նրա մեջ մի տեսակ հեղինակություն, որ իրան ևս անհասկանալի էր:

Գիտե՞ս ինչ կա, Անիչկա, — ասաց նա յուր սովորական շտապմունքով, — առաջիկա շաբաթ երեկո հավաքվելու ենք պարոն Արուսյանի մոտ...

Ո՞ւմ մոտ, — ուրախությամբ ընդհատեց Անիչկան, կարծես կրկին լսելու համար սիրելի անունը:

Պարոն Արուսյանի մոտ: Հավաքվում ենք կարդալու պարոն Սիրաքի նոր վեպը: Ինձ խնդրեցին, որ քեզ ևս հրավիրեմ մասնակցելու այդ երեկույթին:

Ո՞վ խնդրեց, ասա, սիրելի Վարդուհի, ո՞վ խնդրեց, — թախանձում էր Անիչկան, և փոքր էր մնում, որ փողոցում երեխայի նման գրկեր յուր ընկերուհու պարանոցը:

Չեմ ասի, — հրաժարվեցավ Վարդուհին: — Իզուր ես նեղացնում ինձ: Դու միայն այն ասա՛, կգա՞ս թե չէ:

Ամենայն ուրախությամբ, — պատասխանեց Անիչկան և իսկույն մտածութան մեջ ընկավ:

Պարոն Արուսյանի մոտ կարող էր նա միայնակ գնալ, ինչպես շատ անգամ գնացել էր: Բայց ծնողները տեղեկություն չունեին նրա այցելությունների մասին: Իսկ այժմ այնպես բացարձակ կերպով մասնակցել մի երեկույթի, որ լինելու էր ընտանիք չունեցող մի երիտասարդի մոտ, դա, իհարկե, հասնելու էր ծնողների ականջին: Ուրեմն ի՞նչպես հեշտացնել այս դժվարությունը: Ծնողների համաձայնությունը ստանալ անկարելի էր: Իսկ նրանցից գաղտնի գնալ` չէր կարող:

Գիտե՞ս ինչ կա, Վարդուհի, — ասաց նա բավական մտածելուց հետո: — Ես պարոն Արուսյանի մոտ երբեք չեմ եղել, թեև նա իմ մորաքրոջ տանն է բնակվում: Նրա հետ ծանոթ եմ միայն հեռվից: Փոքրինչ անհարմար կլիներ, եթէ առանց մորիցս թույլտվություն խնդրելու, ես մասնակցեի ձեր երեկույթին: Իսկ թույլատվություն, հավատացած եմ, որ նա չի տա: Պետք է մի հնար մտածել, որ ես չզրկվեի այգ ցանկալի երեկույթից:

Հնարը հեշտ է, — ասաց օրիորդ Վարդուհին, բոլորովին ցույց չտալով, թե իրան հայտնի են խորամանկ ընկերուհու գաղտնի հարաբերությունները պարոն Արուսյանի հետ: — Դու այն երեկո կգնաս մորաքրոջդ մոտ, իբր թե ոչինչ չգիտես: Իսկ ես կգամ մորաքրոջդ աղջկան հրավիրելու և որպես թե պատահմամբ քեզ այնտեղ կտեսնեմ: Մորաքրոջդ աղջիկը հաճախ լինում է պարոն Արուսյանի մոտ: Թե՛ ես և թե' նա քեզ էլ մեզ հետ քաշ կտանք, կտանենք: Իսկ մորաքույրդ ձայն չի հանի: Տեսնո՞ւմ ես, բանը շինվեցավ: Այսպես լավ չի՞ լինի:

Շատ լավ կլինի, — ասաց Անիչկան ուրախանալով:

Ուրեմն, ցտեսություն, — ասաց Վարդուհին և իսկույն բաժանվեցավ, երբ նկատեց, որ մայրը հասավ ետևից:

Ո՞վ էր այդ «էյբաժարը», — հարցրեց մայրը բավական զայրացած ձայնով:

Իմ ծանոթներից մեկն էր, — պատասխանեց Անիչկան, վշտանալով մոր արհամարհական նկատողությունից դեպի յուր ընկերուհին:

Դու բժշկին թողնում ես միայնակ և ընկնում ես մի գջլտվածի ետևի՞ց:

Բժիշկը միայնակ չմնաց, դու նրա մոտ էիր:

Մայրը ավելի զայրացավ:

Մինչև ե՞րբ դու այդպես անհասկացող պիտի լինիս և անքաղաքավարի, Անիչկա, — ասաց նա կշտամբական եղանակով: — Նա քեզ համար իջավ կառքից, ցանկանում էր քեզ հետ խոսել, երկար խոսել, բայց դու հանկարծ անհետացար:

Ես չկամեցա նրան երկար զբաղեցնել, որովհետև հիվանդի մոտ էր գնալու, — պատասխանեց Անիչկան:

Գլուխը քարը հիվանդին, շատ հարկավոր էր հիվանդը, — ասաց մայրը և խռովյալ երեսը շուռ տվեց:

Օրիորդը ոչինչ չպատասխանեց:

Եթե փողոցում չլիներ, գուցե այլ կերպ կվերջանար մոր և դստեր հակաճառությունը: Բայց մայրը համբերեց, թողնելով մի այլ ժամանակի յուր սրտի վրդովմունքը, իսկ աղջիկը լռեց՝ յուր մտքում անիծելով մոր խստությունները:

Մայրը վաղուց նկատել էր յուր դստեր սառնասրտությունը դեպի պարոն Դաբաղյանը և միշտ մի հարմար առիթ էր որոնում, որ այդ մասին խոսե նրա հետ: Առիթը ներկայացավ, բայց ափսոս որ փողոցում: Նրանք այնպես վրդովված կերպով, առանց մի բառ անգամ միմյանց հետ խոսելու, հասան մինչև տուն: Օրիորդը մատը սեղմեց էլեկտրական զանգակի վրա. մի քանի րոպեից հետո դուռը ինքնիրան բացվեցավ: Երբ բարձրացան պայծառ լուսավորված սանդուղքներով, վերևում, ժպիտը երեսին, հայտնվեցավ Փրիդոնը, և մի առանձին մտերմությամբ մոտեցավ յուր «աղջիկպարոնին»: Որպես շնորհալի սպասավոր, զեկուցում տվեց, թե այսինչ և այնինչաներից եկել էին, խնդրում էին «աղջիկպարոնին»: Մի տեղ Կատոն «վեչեր» ուներ, բեզիկ պիտի խաղային, մյուս տեղ նատոն «վեչեր» ուներ, ռամս պիտի խաղային: Տիկինը սկսեց մտածել, թե ո՞րի հրավերը ընըունե: Իսկ օրիորդը իսկույն առանձնացավ յուր սենյակը և երևակայությամբ կանխապես զվարճանում էր առաջիկա շաբաթ օրվա երեկույթով, որ լինելու էր պարոն Արուսյանի մոտ:

Բուլվարի վրա յուր կնոջը և զավակներին հանդիպելուց հետո Սերգեյ Եգորիչը շարունակեց առաջ գնալ: Նրան հանդիպեց Յակուլ Յակուլիչը:

Լավ եղավ, որ ռաստ եկանք, Սերգեյ Եգորիչ, — ասաց նա մոտենալով: — Ես հենց քեզ էի պտրում:

Սերգեյ Եգորիչը այն երեկո առհասարակ խույս էր տալիս մարզիկներից, իսկ այժմ ընկավ շատախոս Յակուլ Յակուլիլի ձեռքը, որից բավական դժվար էր ազատվել:

Ի՞նչ կա, — հարցրեց նա փոքր տհաճությամբ:

Կասեմ, այս կողմը գնանք, — հազիվ լսելի ձայնով քրթմնչաց նա և, բռնելով Սերգեյ Եգորիչի ձեռքից, քաշ տվեց դեպի Ալեքսանդրյան այգու կողմը:

Ծերունի բարեկամի ծածկամտությունը և նրա զգուշավոր ձևերը կարծել տվին Սերգեյ Եգորիչին, որ հարցը պետք է անպատճառ մի կարևոր առարկայի մասին լիներ, եթե ոչ, նա խոսք պահող մարդիկներից չէր:

Նրանք մտան Ալեքսանդրյան այգին: Բազմությունը այստեղ ևս լցրել էր բոլոր ճեմելիքները, որոնցից գլխավորները միայն լուսավորված էին լապտերներով: Մյուսներում տիրում էր խորին մթություն: Դիմեցին դեպի հեռավոր և մթին ծառուղիները: Բայց ո՛ր նստարանին ևս մոտենում էին, գտնում էին մի զույգ, ջերմ խորհրդավոր շշնջման մեջ: Վերջապես, այգու մի խռւլ անկյունում գտան մի ազատ նստարան, որ պատահմամբ դատարկ էր մնացել: Նստարանը նոր էր ներկված, և ներկը տակավին չէր չորացել: Բայց թե՛ Սերգէյ Եգորիչը և թե յուր հետաքրքիր բարեկամը այն աստիճան հափշտակված էին իրանց մտածություններով, որ առանց ուշադրություն դարձնելու նստեցին, բնավ չզգալով, որ թաթախվեցան կանաչագույն ձիթաներկի մեջ:

Ա՛յ, ինչի համար քեզ բերեցի այստեղ, — ասաց Յակուլ Յակուլիչը ծանր կերպով, — ուզում էի խնդրել, որ հավաքվեին, այն խեղճ Մակար Մակարիչի գործը կարգի դնեինք:

Մակար Մակարիչի անունը լսելուն պես՝ Սերգեյ Եգորիչը վրդովված կերպով տեղից վեր թռավ և, դառնալով դեպի յուր խոսակիցը, ասաց.

Թե աստված կսիրես, նրա անունը ինձ մոտ մի՛ տուր, ես լսել չեմ ուզում այն անպիտանի անունը:

Խեղճ է, Սերգեյ Եգորիչ, օղլուշաղի տեր է, ինչո՞ւ պարապ մնա: Երբ որ պարտատերներից կազատվի, էլի կգնա մի գործի կկպչի և մի կտոր հաց կաշխատե յուր երեխանց համար: Նրա երեխաներին խղճա, Սերգեյ Եգորիչ:

Խնդրում եմ, որ նրա անունը չտաս, թե չէ, ես կգնամ: — Նա կամենում էր հեռանալ, բայց ոտքերր հետը չէին գնում:

Յակուլ Յակուլիչը բռնեց նրա ձեռքից և, կրկին նստացնելով յուր տեղը, դարձյալ խորհրդավոր ձայնով շշնջաց.

Համբերություն ունեցիր, Սերգեյ Եգորիչ, ուրիշ բան կա...

Ինչ բան էլ որ լինի, ինձ համար միևնույն է, Յակուլ Յակուլիչ, — պատասխանեց նա մի առանձին ինքնահաճությամբ: — Դու գիտես, որ ես ճշմարտություն սիրող մարդ եմ, բայց նրա գործերի մեջ ճշմարտություն չեմ տեսնում, այդ է պատճառը, որ ինձ հեռու եմ պահում:

Օրհնած, հիմա ո՞ւմ գործերի մեջ ճշմարտություն կա, — նկատեց Յակուլ Յակուլիչը խորին համոզմունքով: — Ճշմարիտը միայն Հիսուս Քրիստոսն է, մեկ էլ մեր Մողնու սուրբ Գևորգը:

Ես խո չեմ կարող թաթախվել ցեխի մեջ, Յակուլ Յակուլիչ: Թող ուրիշները կարգի դնեն, ինչպես որ կամենում են:

Առանց քեզ բան գլուխ չի գա, ամենքը քեզ են մտիկ անում, Սերգեյ Եգորիչ:

Ինչ անեմ, որ ինձ են մտիկ անում, Յակուլ Յակուլիչ: Ես խո չեմ կարող հոգիս կորցնել: Նա յուր եղածչեղածը տակով է արել, հիմա ուզում է, մանեթին մի աբասի տալով, պարտքերից պրծնել: Դա ի՞նչ խղճմտանք է: Ես ումի՞ց կտրեմ՝ նրան տամ: Եթե նա խեղճ է, ուրիշները խեղճ չե՞ն: Եթե նա երեխաների տեր է, ուրիշները երեխա չունե՞ն: Ամեն մարդու մի կոպեկը յուր համար թանկ է:

Նա դարձյալ վեր կացավ, կամենում էր հեռանալ, բայց Յակուլ Յակուլիչը բռնեց նրա ձեռքից:

Ինձ մի՛ նեղացրու, Յակուլ Յակուլիչ, — ասում էր նա ձեռքը քաշ տալով: — Ես երդվել եմ, որ այդ կեղտոտ գործին չխառնվեմ:

Նայիր, ուրիշ բան եմ ասում, — թախանձում էր Յակուլ Յակուլիչը:

Սերգեյ Եգորիչը դարձյալ նստեց:

Խոսակցությունը մի սնանկացած վաճառականի մասին էր, որի մնացած կայքով մտածում էին բավականություն տալ պարտատերերին:

Յակուլ Յակուլիչը գլուխը խոնարհեցրեց դեպի ճշտություն սիրող և կեղտոտ գործերից իրան հեռու պահող մարդու ականջը և կամաց ասաց.

Այն տեղի բանը դրստել եմ...

Ի՞նչ տեղ, — հարցրեց Սերգեյ Եգորիչը:

Այն տեղը, որի համար հազարներ էիր տալիս, բայց նա չէր տալիս: Հիմա քեզ է պատկանում, կարող ես բոլորովին ձրի ունենալ:

Ճշմարտասերը մտածության մեջ ընկավ:

Չէ՛, չէ՛, — պատասխանեց նա հրաժարվելով: — Թե ինձ սիրում էս, Յակոլլ Յակուլիչ, այսպիսի բան մի՛ ասա: Եթե տեղն ու տեղը ոսկի լինի, ինձ այլևս պետք չէ այն հողը:

Յակուլ Յակուլիչի առաջարկությունը, թեև արտաքուստ խռովություն պատճառեց ճշմարտասերին, բայց ներքուստ անսպասելի կերպով մեղմացրեց նրա համառությունը: Խնդիրը մի կտոր գետնի մասին էր, որ պատկանում էր սնանկացած Մակար Մակարիչին, և որը մտել էր Սերգեյ Եգորիչի մի ընդարձակ կալվածքի մեջ, ուր ցանկանում էր նա նոր շենք կառուցանել: Քանիցս Սերգեյ Եգորիչը բավական բարձր գին էր առաջարկել այդ մի կտոր գետինը գնելու համար, որպեսզի կարողանա ամբողջացնել յուր կալվածքը, բայց միշտ մերժում էր ստացել: Եվ այդ հողը ձեռք բերել չկարողանալու պատճառով, երկար ժամանակ նա յուր շենքը կառուցանել չէր կարողանում: Այժմ «մատաղը յուր ոտովն էր գալիս նրա դուռը»: Հողատերը ձրի էր առաջարկում յուր սեփականությունը: Պետք էր նրա դրությունից օգուտ քաղել: Բայց մի քանի դժվարություններ կային:

Լավ, — հարցրեց Սերգեյ Եգորիչը, — դիցուք թե Մակար Մակարիչը շատ կցանկանար յուր հողը ինձ տալ, բայց ի՞նչպես թույլ կտան նրա պարտատերները: Նրանք իսկույն օրենքով արգելքի ներքո կգնեն կամ գուցե արդեն դրած են:

Չեն դրած, — պատասխանեց Յակուլ Յակուլիչը գործագետ մարդու եղանակով:

Միևնույն է: Այդ հողը, որպես սնանկացած մարդու կայք, այժմ կհամարվի բոլոր պարտատերների սեփականություն, որ պետք է բաժանման ենթարկվի:

Բայց պարտատերներից ամենագլխավորը դու ես, Սերգեյ Եգորիչ:

Սերգեյ Եգորիչը զարմացած կերպով նայեց նրա երեսին, թեև մթության մեջ չկարողացավ նկատել այն խորհրդավոր ժպիտը, որ այդ միջոցին երևաց Յակուլ Յակուլիչի դեմքի վրա:

Չե՞ս հասկանում, պարտատերներից ամենագլխավորը դու ես, — կրկնեց նա:

Ի՞նչպես ես եմ: Նա ինձ ոչինչ պարտական չէ, — ասաց Սերգեյ Եգորիչը:

Պարտական կլինի..., — պատասխանեց ծերունի վարպետը, յուր շուրջը նայելով: — Ինձ Յակուլ Յակուլիչ կասեն, ես բոլորը մտածել եմ, քեզ համար մտածելու ոչինչ չեմ թողել...

Նա կրկին նայեց յուր շուրջը և հազիվ լսելի ձայնով շարունակեց.

Նա քեզ վեքսիլներ կտա, հասկանում ես, այնպես «задним числом»... Դու կլինիս պարտատերներից մեկը, և ամենամեծ պարտատերը... Մյուսները մանեթին մի աբասով դուքնի ապրանքը կտանեն, իսկ դու կվերցնես հողը... Լավ չե՞մ սարքել:

ԱղաՊարոնովը որքան և հեռու էր բարոյական սրբությունից, այնուամենայնիվ, նա բացարձակ կերպով կաշառք ընդունելու սովորություն չուներ: Ամեն գործի մեջ արտաքին ձևը նրա համար մեծ նշանակություն ուներ: Նա մտածեց խարդախությունը բարերարության կեղևի մեջ պատել: Այդ էր պատճառը, որ յուր համարմունքը յուր խոսակցի մոտ պահպանելու համար` պատասխանեց.

Եթե միլիոններ օգուտ ունենայի, ես այդ բանը չէի անի, Յակուլ Յակուլիչ, բայց այդ մարդու ընտանիքին լավություն անելու համար՝ ընդունում եմ քո խնդիրքը: Ես վերջը նրա հողի արժեքը դարձյալ իրան կտամ, որ ընտանիքը քաղցած չմնա: Դու գիտես, որ ես խղճմտանքով մարդ եմ:

Գիտեմ, Սերգեյ Եգորիչ, ո՞վ չգիտե, որ դու խղճմտանքով մարդ ես, — ասաց Յակուլ Յակուլիչը խորին համոզմունքով: — Թե դու նրա հողի արժեքը վերջը իրան կտաս կամ չես տա, դա քո բարի կամքիցն է կախված, բայց այսքան էլ բավական է, որ դու կազատես նրան յուր պարտատերների նեղությունից:

Следующая страница