Րաֆֆի՝   Մինն այսպես, մյուսն այնպես

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 Следующая Конец

Մի ծառա, որ այնքան լրբություն ունի, որ սիրահարվում է յուր տիկնոջ վրա և միևնույն ժամանակ սիրում է նրա աղջկան, — ես չեմ խմի մի այդպիսի անզգամի կենացը:

Սերգեյ Եգորիչը մտաբերեց յուր կնոջը և ծառային:

Ինչո՞վ է մեղավոր ծառան, — պատասխանեց օրիորդը, — երբ տիկինը ինքն է սովորեցնում նրան այդ լրբությունը: Վերջապես, այս քաղաքում մի բոլորովին բացառիկ երևույթ չէ, որ օրիորդները իրանց առաջին սիրահարությունը սկսում են ծառաներից, իսկ տիկինները զվարճանում են իրանց ծառաներով, կարծելով, թե դրանք ավելի խորհրդապահ կլինեն, կամ նրանց ասածին ոչ ոք չի հավատա:

Այդ դու ո՞րտեղից գիտես:

Գիտեմ: Շատ փաստեր գիտեմ: Կամենո՞ւմ ես, մի ըստ միոջե կպատմեմ, թե ի՞նչ պաշտոն են կատարում այն առողջ իմերել ծառաները, մանավանդ հայ վաճառականների տներում, ուր ես դժբախտություն եմ ունեցել մուտք գործել:

Մի՛ պատմիր, այդ մասին լսել անգամ չեմ կամենում, — ասաց Սերզեյ Եգորիչը, երեսը շուռ տալով:

Օրիորդը ուշադրություն չդարձրեց:

Նրանցից մեկն էլ ձեր տանը կա, — նկատեց նա:

Դու կարծո՞ւմ ես, իմ կի՞նը, իմ աղջի՞կը..., — գոչեց Սերզեյ Եգորիչը, առանց խոսքը ավարտելու:

Ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ...

Սերգեյ Եգորիչը ձեռքը տարավ դեպի բորբոքվող ճակատը և մի քանի րոպե մնաց լռության մեջ:

Ոչ ոք այնպես պարզ և այնպես հանդուգն կերպով համարձակություն չունի տղամարդի երեսին զարկելու նրա ընտանեկան կեղտերը, որպես սիրուհին: Դրանով նա կարծես կամենում է վրեժխնդիր լինել, կամենում է թեթևացնել այն հանցանքը, որ գործում է և ինքը: Եվ այդ դեպքում, տղամարդը ոչ ոքի առջև այնպես զինաթափ չի լինում պաշտպանելու յուր ընտանեկան պատիվը, որպես սիրուհու առջև, որովհետև ինքը ևս նույն մեղքի մեջն է գտնվում, որով դատապարտում են յուր կնոջը կամ աղջկան:

Ինչո՞ւ ես վրդովվում, Սերգեյ Եգորիչ, — հարցրեց օրիորդը: — Կինը առանց սիրո չէ կարող ապրել. դա նրա կենսական ամենամեծ պիտույքն է: Երբ նա իր ամուսնուց բավականություն չէ գտնում, աշխատում է մուրալ օտարներից:

Ինչպես դու, — ընդհատեց Սերգեյ Եգորիչը:

Այո՛, ինչպես ես, — պատասխանեց օրիորդը դառնացած կերպով: — Բայց զանազանությունր նրանումն է, որ ես երբեք ամուսին չեմ ունեցել և այժմ չունիմ:

Սիրեկաններ ունեցե՞լ ես:

Ունեցել եմ: Բայց ինձ հետ չէ կարելի համեմատել ոչ քո կնոջը և ոչ նրա ամբողջ դասակարգը: Նրանց դիրքը, նրանց կոչումը զանազան խոչընդոտներ են հարուցանում նրանց առջև: Իսկ աշխարհային կարգերը դնում են նրանց անխուսափելի դժվարությունների մեջ: Իբրև բարձր շրջանի տանտիկիններ, ստիպված են` հավասարների առջև իրանց բարձր պահել: Կամենում եմ ասել` բարոյական երևալ: Եվ կամաակամա ընկնում են ծառաների գիրկը:

Ինչո՞ւ անպատճառ ծառաների գիրկը: Եթե մի կին կամենում է անբարոյական լինել, կարող է ավելի լավին ընտրել:

Նրա համար, սիրելի Սերգեյ Եգորիչ, որ փոքրիշատե ընտիր մարդկանց սերը գրավելու համար որոշ զարգացում, որոշ կրթություն է հարկավոր, որից զուրկ են ձեր կանայք: Բացի դրանից, ընտիր մարդկանց առջև ձեր դռները միշտ փակ են: Դուք եվրոպական, այլ խոսքով, լուսավոր աշխարհի կենցաղավարության մեջ պահպանում եք մի տեսակ հարեմական դրություն և ձեր կանայքը պահպանում եք ծառաների հսկողության ներքո, ինչպես հին աշխարհը պահում էր ներքինիների հսկողության ներքո: Բայց ներքինու և իմերել ծառայի մեջ մեծ զանազանություն կա: — Հիմա կխմե՞ս այդ բախտավոր ծառայի կենացը: — Նա ձեռքը կրկին մեկնեց դեպի վիճաբանության առարկա եղող պատկերը:

Չե՛մ խմի, — պատասխանեց Սերգեյ Եգորիչը նախկին համառությամբ:

Լավ, այդ թողնենք, — ասաց օրիորդը զարմանանալով, թե ինչու յուր առաջարկությունը այնպես զայրացրեց Սերգեյ Եգորիչին: — Սկսենք մնացյալները:

Նրանք խմեցին բոլոր մերկ և կիսամերկ կանանց կենացները, մինչև հասան մեկին, որ հայտնի չէր, թե ի՞նչ հիմարությամբ պանդոկատերը դրել էր մյուսների կարգում:

Տեսնո՞ւմ ես այդ պատկերը, Սերգեյ Եգորիչ, դա ընկած և վերստին կանգնած կնոջ պատկերն է: Մի ժամանակ նրա սիրտը լցված էր յոթ դևերով, իսկ այժմ հրեշտակներն ամենայն քնքշությամբ թևապարում են նրան: Տխո՜ւր է նա, և որպես մի անմխիթար սգավոր, հերարձակ գլուխը խոնարհած, ողբում է, ցավալի մահը այն էակի, որ, յուր աստվածային ձեռքը մեկնելով, դուրս քաշեց նրան ընկած դրությունից և կանգնեցրեց կնոջ ամենաբարձր արժանավորության վրա: Խմենք այդ սիրելի կնոջ կենացը, որի օրինակը պետք է խրատական լինի մեզ` բոլոր ընկածներիս:

Ո՞վ էր նա, — հարցրեց Սերգեյ Եգորիչը բոլորովին սառնությամբ:

Մարիամ Մագթաղենացին:

Հա՛, Մարիամ Մարթալացի՜ն, — կրկնեց Սերգեյ Եգորիչը մի այնպիսի ձայնով, որ կարծես իրանց լվացարար Մարիամի մասին լիներ խոսքը:

Ոչ, Մարիամ Մագթաղենացին, — ուղղեց օրիորդը Սերգեյ Եգորիչի սխալը:

Սերգեյ Եգորիչը արտասանեց դարձյալ նույն ձևով:

Լսի՛ր, Սերգեյ Եգորիչ, մի ժամանակ, երբ ես դաստիարակ էի, վարժուհի էի, այն երանելի ժամանակներում, մի անգամ ինձ հրավիրեցին իբրև քննիչի օգնական մի օրիորդական դպրոցում, որ գտնվում էր քաղաքիս ամենաաղքատ թաղերից մեկում և պահպանվում էր բարեգործական օժանդակություններով: Այնտեղ իշխում էր մի վարժուհի, որի մասին պատմում Էին, թե զարմանալի ընդունակություն ունի աշակերտուհիների համար միշտ նորանոր պատիժներ հնարելու: Մի անգամ մի փոքրիկ աղջկա երեսին մեղր էր քսել տվել և, թևքերը կապելով, կանգնեցրել էր դասատան մեջայնքան ժամանակ, մինչև ճանճերը հավաքվելով բոլորովին լիզել էին մեղրը խեղճ դատապարտյալի երեսից: Դու երկու սխալ գործեցիր, նախ չիմացար, թե ո՞վ էր Նապոլեոն առաջինը, իսկ այժմ չես իմանում, թե ով էր Մարիամ Մագթաղենացին: Առաջին սխալը կներեմ քեզ, բայց, իբրև քրիստոնյա, պետք է գիտենաս, թե ո՛վ էր Մարիամ Մագթաղենացին: Դու ինձ այն ասա, դոլուբաշին ու՞նի իրավունք ամեն տեսակ պատիժներ տալու:

Ունի:

Ես քեզ կտամ այն հիմար վարժուհու պատիժներից մեկը, այստեղ մեղր չկա, բայց մի ուրիշ բան կքսեմ ես քո երեսին:

Սեղանի վրա դրած էր մի պնակով մածուն: Սերգեյ Եգորիչը առանց մածունի ոչ ճաշ կուտեր և ոչ ընթրիք: Օրիորդր վեր առեց մածունը և քսեց նրա երեսին: Սերգեյ Եգորիչին խիստ ախորժելի թվեցավ օրիորդի կատակը:

Այստեղ ճանճեր չկան, — ասաց նա, — հիմա ո՞վ պետք է լիզի այդ մածունը:

Ես, — պատասխանեց օրիորդը:

Սերգեյ Եգորիչը ուրախացավ:

Օրիորդը վեր առեց անձեռոցիկը և սրբեց նրա երեսը:

Երկուսն էլ արդեն հարբած էին, երկուսն էլ գտնվում էին հոգու այն տրամադրության մեջ, երբ խելքըը այլևս չէ իշխում կրքերին: Նրանք խմել էին փոքրիկ սենյակի համարյա բոլոր առարկանների կենացը, սկսյալ պատկերներից, մութաքաներից մինչև...

Փոքրիկ սենյակում օդը այժմ ավելի խեղդուկ էր: Լուսամուտներ չկային: Պետք էր միայն դուռը բաց անել, փոքրինչ թարմ օդ ներս թողնելու: Բայց դուռը բաց թողնել նրանք չէին ցանկանում: Օրիորդի դեմքը թ՛ խմելուց և թե սենյակի տաքությունից բոլորովին շառագունել էր: Սերգեյ Եգորիչը այժմ մի առանձին կարոտությամբ էր նայում նրա վրա:

Պատի ժամացույցը զարկեց երկուսը: Ստորերկրյա հյուրանոցը այդ պահուն գտնվում էր յուր խորին, սանդարամետական ուրախության մեջ: Ամեն կողմից լսվում էր մի խուլ դղրդյուն, որ նման էր կատաղի արբշռոտության: Ամենուրեք տիրում էր մի խորհրդավոր իրարանցում, որ ծածկվում էր մթին խորշերում: Մարդիկ ուրվականների նման հայտնվում էին խավար նրբանցքներում և դարձյալ անհայտանում էին: Բոլոր օթյակները բռնված էին, և բոլորի դռները ներսից կողպված էին: Նրանք կիսով չափ բացվում էին այն ժամանակ, երբ սպասավորները զգուշությամբ մոտենում էին և կամաց բախում էին: Այդ միջոցին միայն վարագույրի ետևից հայտնվում էր մի ձեռք և ներսից ընդունում էր սպասավորի բերած նոր ըմպելիքը կամ ուտելիքը:

Սերգեյ Եգորիչը կուշտ ուտելուց և կուշտ խմելուց հետո մի առանձին բավականությամբ ձեռքը քսեց կոճակներից արձակ փորին, կարծես փորձելու համար՝ արդյոք այլևս տեղ մնացե՞լ էր լցնելու, և ապա հեռացավ սեղանից, ձգվեցավ թախտի վրա: Օրիորդը նույնպես հեռացավ սեղանից, նստեց կողքին: Մի քանի րոպե լուռ նայում էր նրա երեսին, և նրա թախծալի աչքերում կարդացվում էին հետևյալ տխուր խոկումները. «Ո՜րտեղից ո՛րտեղ... ես ո՞ւր, և այդ ամեն զգացմունքներից զուրկ ծերուկն ո՛ւր... գա ի՞նչ իմ զույգն է»...

Օրիորդը իսպառ փչացած չէր: Նրա մեջ դեռ մնացել էին շատ մաքուր և շատ անարատ կայծեր, բայց թաղված խորտակված սրտի մոխրի մեջ: Մի շունչ, մի հրաբորբոք շունչ բավական էր կրկին վառելու նրանց: Եվ դա կարող էր լինել անկեղծ սիրո բարերար շունչը, որին կարոտ էր նա: Բայց ամենքը խաբեցին, ամենքը դավաճանեցին նրան: Ամեն ոք յուր սիրո խոստումներով մի ուժգին աքացի տվեց նրան, մինչև գլորվեցավ տիղմի մեջ, անբարոյականության անդունդը: Այժմ նույն անդունդի մեջ էր գտնվում, մի ստորերկրյա կասկածավոր հյուրանոցի օթյակում, մի զզվելի վաճառականի կողքին, որի բոլոր արժանավորությունը բովանդակվում էր յուր ծանր քսակում: Վաճառական էր նա՝ այդ բառի լիակատար նշանակությամբ: Նա ամեն ինչ սովոր էր գնել փողով, մինչև անգամ գեղեցիկ կնոջ սերը:

Օրիորդը մտածեց կատակներ անել նրա հետ և, թևքով հենվելով արձակ կուրծքի վրա, սկսեց յուր քնքուշ մատներով խաղալ նրա գլխի կարճ խուզած, ալեխառն մազերի հետ:

Ծերացա՜ր, Սերգեյ Եգորիչ, ծերացար դու, — անդադար կրկնում էր նա, փայփայելով յուր Կրեսոսի ճակատն ու գլուխը: — Ե՞րբ պետք է վերադառնա քո մանկությունը:

Մազերս թող չսխալեցնեն քեզ, Սոֆիա Իվանովնա, — պատասխանում էր Սերգեյ Եգորիչը: — Ես դեռ չեմ ծերացել, սիրտս բոլորովին թարմ է մնացել, իսկ հոգիս՝ լի սիրով քեզ համար, միայն քեզ համար, Սոֆիա Իվանովնա:

Օրիորդի դեմքի վրա երևաց մի երկբայական ժպիտ:

Ճշմարի՞տ ես ասում, միայն ի՞նձ համար, — հարցրեց նա, ավելի պինդ կերպով շոշափելով յուր պառավ հերոսի բորբոքված երեսը, որ շատ խմելուց բոլորովին աղյուսի գույն էր ստացել:

Թ՛ող որդիքս մեռնեն, թո՛ղ աստված ինձ տասը պատիժ տա, եթե սուտ լինիմ խոսում:

Այս երդումների միջոցին Սերգեյ Եգորիչը ձեռքը մեկնեց և օրիորդի գեղեցիկ գլուխը մոտեցնելով յուր շրթունքներին, համբուրեց և մի ինչոր խոսք փսփսաց նրա ականջին:

Այդ չե կարելի, Սերգեյ Եգորիչ, — ասաց օրիորդը, աշխատելով հեռանալ նրա մոտից:

Ինչո՞ւ չէ կարելի, — թախանձում էր Սերգեյ Եգորիչը, — պինդ կերպով բռնած ունենալով նրա ձեռքից:

Անամո՜թ մարդ...

Սերգեյ Եգորիչը ամոթից թե խղճի մի այլ խայթից մնաց ապշած, քարացած՝ դրության մեջ, յուր թախտի վրա:

Օրիորդը շտապով հագնվեցավ և, բազուկներից դուրս հանելով այն գիշեր ընծա ստացած թանկագին ապարանջանները, նետեց «բարի» և «սիրելի» մարդու երեսին, և ապա կողպված դռները բաց անելով, դուրս փախավ:

Սերգեյ Եգորիչը դեռ գտնվում էր սաստիկ խռովության մեջ: Մոռանալով սերթուկը հագնել, միայն ծածկեց ցիլինդրը, և այնպես կիսամերկ, ժիլետի կոճակներն արձակ, վազեց անակնկալ փախստականի ետևից: Բայց արդեն ուշ էր: Հեռվից, Երևանյան հրապարակի վրա, լսվում էր նրա սուր ձայնը` «ֆայտո՜ն»...

Սերգեյ Եգորիչը չլսեց այդ ձայնը և յուր արբած դրության մեջ` դեռ այնքան տիրապետում էր իրան, որ մտածեց, որպեսզի իրան չտեսնեն, մի այլ ճանապարհով հետամուտ լինի փախստականին: Նա շտապեց անցնել հյուրանոցի այն կողմով, որ կոչվում էր «ետևի մուտք»: Այդ կողմումն էր խոհանոցը: Այդ կողմում թափված էին թե՛ խոհանոցի լափը և թե արբած բազմության ապականությունները: Բայց Սերգեյ Եգորիչը ոչինչ չէր զգում, ոչինչ չէր նկատում, միայն վազում էր: Այդ տեսակ տեղերը սովորաբար վատ լուսավորված են լինում, իսկ այդ միջոցին, գիշերից բավական անցած լինելով, միակ լապտերը բոլորովին մարած էր: Մի անկյունում, պատի մոտ, դրած էին հասասների ավելները, որ կապել էին երկար ձողերի գլխին: Առավոտյան նրանցով պետք է մաքրեին տիրող ապականությունը: Մթության մեջ Սերգեյ Եգորիչի ոտքը դիպավ ավելների խուրձինը և երեսի վրա ցած գլորվեցավ: Գլուխը սաստիկ զարկվեցավ սալահատակին, իսկ ցիլինդրը գլխից թռչելով ընկավ ապականությունների մեջ: Մի քանի րոպե մնաց նա ուշակորույս անշարժության մեջ: Հետո սկսեց թավալվիլ, անկարող լինելով կրկին վեր բարձրանալ: Երկար տանջվում էր նա, եր՛կար թավալվում էր, և միևնույն ժամանակ պատվավոր վաճառականի երեսը լողում էր մի թանձր հեղուկի մեջ, որ լճացած էր սալահատակի վրա: Դա ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ, արբեցողներից. մեկի փսխունքը, որ ներկված էր կախեթու կարմիր գինով:

Նրա հառաչանքը արթնացրեց պատի մոտ քնած հասասին, որ խարխափելով մոտեցավ և վեր բարձրացրեց լընկածին;

Հասասը ճանաչեց նրան:

Այդ դո՞ւ ես, աղա, — ասաց նա և զարմացած կերպով սկսեց նայել քարվանսարայի ամենանշանավոր մարդու վրա:

(Անավարտ)

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 Следующая Конец